Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 22 815 բայտ, 16:37, 28 Մայիսի 2015
/* Գլուխ XLIX */
― Հնարավոր է, ― պատասխանեց եկեղեցականը, ― սակայն երդվում եմ իմ հոգևոր կոչումով, չեմ հիշում, որ տեսած լինեմ։ Սակայն ենթադրենք, թե այնտեղ է․ այդ չի նշանակի, որ դրանից ես հարկադրված եմ հավատ ընծայելու բոլոր այդ Ամադիսների և այլ անհամար ասպետների պատմություններին, որոնց մասին մեզ պատմում են, ոչ էլ դուք, ձերդ ողորմածություն, որպես հարգելի, ողջամիտ և այնքան բարձր հատկություններով օժտված մի մարդ, չպետք է ճշմարտության տեղ դնեք բոլոր այդ ցնդաբանությունները, որոնցով լի են ասպետական այդ անմիտ վեպերը։
 
 
==Գլուխ L==
 
Սրամիտ վեճի մասին, որ ունեցան դոն Կիխոտն ու եկեղեցականը, և ուրիշ անցքերի մասին
 
 
Շա՜տ բարի, ― վերսկսեց դոն Կիխոտը, ― գրքերը, որ թագավորների թույլտվությամբ են տպագրված և հավանությամբ այն մարդկանց, որոնց քննության ենթակա են, գրքեր, որ հավասարապես լավ ընդունելություն են գտնում մեծ ու փոքրերի կողմից, հարուստ ու աղքատների, ռամիկների և ազնվականների, կրթվածների և տգետների, վերջապես բոլոր մարդկանց կողմից, ինչ դասի ու կարողության տեր էլ լինեն, բոլորն էլ սո՞ւտ են, անգամ եթե նրանց մեջ ճշմարտության երևույթը՝ մատնանշված են՝ հայրը, մայրը, ազգականները, ծննդավայրը, և հերոսի տարիքը, օր֊օրի ետևից, կետ առ կետ, պատմված են որևէ մեկ կամ մի քանի հերոսների սխրագործությունները և նկարագրված տեղերը, որտեղ այս ամենը տեղի է ունեցել։ Լռեցեք, ձերդ ողորմածություն, սրբապղծությամբ մի՛ զբաղվեք և հավատ ընծայեք իմ խորհուրդին, որին պիտի հետևի յուրաքանչյուր խելացի մարդ, վերստին կարդացեք այդ գրքերը և դուք կտեսնեք, թե նրանք ձեզ ի՜նչ հաճույք կպատճառեն։ Խոստովանեցեք, կա՞ աշխարհիս երեսին ավելի մեծ հաճույք, քան երբ, այսպես ասած, ձեր աչքի առջև բացվում է եռման ու բլթբթլացող կուպրի մի մեծ լիճ, որի մեջ լողում ու վխտում են անհամար օձեր, իժեր, մողեսները և բազում այլ մոլեգին ու սոսկալի սողուններ, և նրա մեջտեղից հանկարծ աղիողորմ ձայն է հնչում․ «Ով էլ լինես դու, ով ասպետ, որ նայում ես այս ահարկու լճին, ― եթե կամենաս վայելել նրա սև ջրերի մեջ թաքնված գանձերը, դրսևորիր քո հզոր սրտի արիությունը և թռի՛ր սև ու հրավառ հեղուկի մեջտեղը, և դու կարժանանաս տեսնելու հուր֊հրաշքները, որ պարփակված են յոթ հավերժահարսի յոթ դղյակներում, որ այս լճի տակին են»։ Ասպետը լսեց թե չէ այս ահասաստ խոսքերը, այլևս ոչ մի բան չի խորհում։ Նա չի մտածում, թե ի՞նչ վտանգի է ենթարկվում, առանց իր ծանր զրահը հանելու համար ժամակորույս լինելու, ապավինելով Աստծուն և իր տիկնոջը, նա նետվում է եռման լճի մեջտեղը։ Նա չգիտե և չի հասկանում, թե որտեղ է և տեսնում է շուրջը ծաղկափթիթ դաշտ, որին չի կարող համեմատվել Ելիսիոնը։ Եվ թվում է նրան, թե երկինքն այստեղ ավելի թափանցիկ է, արևն ավելի պայծառ, և նրա աչքի առջև փռվում է խաղաղ մի պուրակ։ Ծառերի տերևներն այնպես են փայլում, որ նրանց կանաչն ակնապարար է, իսկ անթիվ երփներանգ, հյուսված ճղների վրա ոստոստող թռչնիկների քաղցր դայլայլիկն ու անլուր գեղգեղանքը՝ լսողության ուրախություն։ Նա գտնում է մի վտակ, որի պաղպաջուն կոհակները, որպես հեղուկացած բյուրեղ, հոսում են մանր ավազի և ճերմակ քարերի վրայով։ Քարն ու ավազը, ասես բարակ մաղած ոսկի և հստակ ադամանդներ լինեն։ Նա տեսնում է արհեստական մի շատրվան՝ կերտված գույնզգույն հասպիսից ու հղկած մարմարից։ Տեսնում մի ուրիշը, գյուղական ոճով՝ մանր խեցիներից և ոստրեների ճերմակ ու դեղին տնակներից շարված։ Միջամեջ, անկարգ, փայլուն բյուրեղի կտորներն են դրված և կեղծ զմրուխտներ, և թվում է, որ այս բազմապիսի կերտվածքով արվեստը, ընդօրինակելով բնությունը, հաղթում է նրան։ Սակայն, ահա, հանկարծակի նրա առջև բացվում է ամրացրած մի դղյակ կամ շքեղ պալատ։ Պատերը հաստ ոսկուց են, տանիքները՝ ալմաստից, դարպասը՝ հակինթից։ Եվ այնքան ճարտար է կառուցված, որ արվեստն ավելի թանկարժեք է, քան ալմաստը, յաղութն ու մարգարիտը, որոնցից նա կերտված է։ Այս ամենը տեսնելուց հետո էլ ի՞նչ կամենաս տեսնել, բայց եթե ոչ դղյակից դուրս եկող աղջիկների երկար շարան՝ այնքան նրբագեղ ու շքեղ զուգված, որ եթե ես հիմա նրանց նկարագրելու լինեի, ինչպես անում են վեպերում, խոսքս երբեք չէի ավարտի։ Եվ ահա այդ աղջիկների տիրուհին բռնում է եռման ջրի մեջ խիզախ թռած ասպետի ձեռքից, անխոս տանում է նրան փարթամ դղյակը կամ պալատը և, հրամայելով, որ նա շորերը հանի և մնա մորեմերկ, լվանում է նրան գաղջ ջրով, անուշահոտ յուղերով օծում, նրբագույն հյուսվածքից անուշաբյուր շապիկ հագցնում։ Իսկ այդ միջոցին մոտենում է մի ուրիշ աղջիկ, գցում է նրա ուսերին մի վերնարկ, որ ամենաքիչը ամբողջ մի քաղաք արժե, գուցե և ավելի։ Վերջապես նրան տանում են մի այլ դահլիճ, որտեղ զարմանալի ճոխ սեղան է գցած։ Նրա ձեռքերին ամբրայի և անուշահոտ ծաղիկների բույր ունեցող ջուր են ածում։ Նրան նստեցնում են փղոսկրյա գահի վրա, նրան սպասարկում են բոլոր աղջիկները՝ պահպանելով զարմանալի լռություն։ Նրա համար այնպիսի բազմազան կերակուրներ են բերում և այնքան համով պատրաստած, որ նա չգիտե, թե ձեռքը որին մեկնի։ Նրա ուտելու միջոցին երկնային երաժշտությունն է հիացնում նրա զգացմունքը։ Նա չի իմանում, թե որտեղ են երգում ու նվագում։ Ճաշն ավարտված է, սեղանը հավաքած, ասպետը հանգստանում է՝ ընկողմանած բազկաթոռի վրա և, թերևս, մաքրում է, ըստ սովորականին, ատամները, և ահա հանկարծ դռնից դահլիճ է մտնում մի այլ աղջիկ, մնացածներից ավելի գեղեցիկ, նստում է նրա կողքին և սկսում պատմել, թե ինչ դղյակ է սա, ինչու է ինքը կախարդված մնացել նրա մեջ և շատ ուրիշ բաներ, այնպես որ ասպետը մնում է զարմացած, իսկ այդ պատմության ընթերցողը՝ հիացած։ Ես չեմ կամենում խոսքս երկարացնել, որովհետև ասածներիցս արդեն դժվար չէ հետևցնել, որ թափառական ասպետների մասին գրած վեպերից յուրաքանչյուրը և յուրաքանչյուր կտոր նրանցից պետք է զարմացնի և հիացնի յուրաքանչյուր ընթերցողի։ Այսպիսով, հավատացեք ինձ, ձերդ ողորմածություն, և, ինչպես ես արդեն ասացի, վերստին կարդացեք այդ գրքերը՝ եթե դուք մելամաղձոտ լինեք՝ կցրվեք, եթե վատ տրամադրության մեջ՝ կանցնի։ Գալով ինձ՝ կարող եմ ասել, որ այն օրից, ինչ թափառական ասպետ դառա, ես արի եմ, քաղաքավարի, առատաձեռն, կիրթ, վեհանձն, սիրալիր, խիզախ, տոկուն։ Ես կարող եմ կրել և՛ արհավիրք, և՛ գերություն, և՛ կախարդանք։ Եվ թեպետ ինձ վերջերս վանդակի մեջ են գցել, իբրև խելագարի, այնուհանդերձ, ես հույս ունեմ, որ իմ հզոր բազկի օգնությամբ ամենակարճ ժամանակի ընթացքում, եթե միայն երկինքը բարեհաճ լինի և բախտը նպաստավորի, ես որևէ երկրի թագավոր կդառնամ և այն ժամանակ կկարողանամ ցույց տալ, թե կրծքումս որքա՜ն կարեկցություն ու առատաձեռնություն է թաքնված, որովհետև, հավատացեք իմ պատվին, սինյոր, մարդը, անգամ եթե նա այդ հատկության տեր լինի գերագույն աստիճանի, իսկ կարեկցությունը, որ բարի ցանկությունից դենը չի անցնում, մեռած է, ինչպես մեռած է հավատը առանց գործի։ Ահա թե ինչու ես կկամենայի, որ բախտը շուտով կայսր դառնալու հնարավորություն առաքեր ինձ։ Ես ցույց կտայի, թե ի՜նչ սրտի տեր եմ ես և բարեգործություն կանեի իմ բարեկամներին, մանավանդ այս խեղճին՝ իմ զինակիր Սանչո Պանսային, որին ես համարում եմ աշխարհիս լավագույն մարդը։ Ես վաղուց արդեն խոստացել եմ կոմսություն շնորհել նրան և ես շատ ուզում եմ այդ արած լինել, թեև երկյուղ եմ կրում, որ նա չկարողանա կառավարել։
 
Այս վերջին խոսքերը լսեց Սանչոն և ասաց իր տիրոջը․
 
― Աշխատեցեք, ձերդ ողորմածություն սինյոր դոն Կիխոտ, նվիրել ինձ կոմսությունը, որ դուք քանիցս ինձ խոստացել եք և որ ես այնքան անհամբեր սպասում եմ, իսկ ես խոսք եմ տալիս ձեզ, որ կառավարելու ճարը կգտնեմ, իսկ եթե չգտա, լսած կամ, որ աշխարհիս երեսին կան այնպիսի մարդիկ, որ ավատատերեից վարձակալությամբ վերցնում են նրանց կալվածները և դրա համար տարեկան որոշ գումար վճարում, վարձակալները կառավարում են, իսկ ավատատերերը՝ նստում ձեռները ծալած, ծախսում եկամուտն ու աշխարհիս երեսին ոչ մի բանի համար չեն հոգում։ Ես էլ այդպես կանեմ առանց բազար անելու ես գործերից կազատվեմ, վայելելով եկամուտը, որպես դուքս։ Թո՛ղ ուրիշներն ինչ ուզում են անեն։
 
Քո ասածը, Սանչո եղբայր, ― ասաց եկեղեցականը, ― ճիշտ է միայն եկամուտի նկատմամբ, սակայն չէ՞ որ յուրաքանչյուր ավատատեր իր կալվածներում ինքն է պարտավոր դատավարություն անելու և այստեղ ահա պետք է հմտության և խոհեմության տեր լինել, իսկ գլխավորը՝ ձգտել արդարամիտ լինելու։ Եթե սկզբից ևեթ այդ ձգտումը չեղավ, ապա մեջտեղն ու վախճանն էլ ծուռումուռ դուրս կգա, որովհետև Աստված օգնում է պարզամիտների բարի ցանկություններին ի պատասխան իմաստունների չար իղձերը։
 
― Այդ փիլիսոփայությունից ես գլուխ չեմ հանում, ― պատասխանեց Սանչոն։ ― Գիտեմ միայն, որ կոմսությունը թե ձեռքս ընկնի՝ կառավարել ես կկարողանամ։ Ես նույնքան հոգի ունեմ, որքան ուրիշը և մարմին՝ ուրիշներից էլ ավելի, այնպես որ ես իմ տիրությունը թագավորներից վատ չեմ կառավարի։ Կառավարելուց էլ՝ կանեմ ինչ որ քեֆս տա։ Քեֆիս տվածն անելով ՝ քեֆ կանեմ։ Քեֆ անելով՝ ամեն բանից գոհ կլինեմ։ Իսկ որ պակաս տեղ չունենամ ― ուրեմն պրածվ֊գնաց։ Թող շուտով տերությունը գա և Աստուծով ցտեսություն, ինչպես ասել է մի կույր մյուսին։
 
― Այդ քո փիլիսոփայությունն էլ վատ չէ, Սանչո, բայց և այնպես կոմսության մասին դեռ շատ բան կարելի է ասել։
 
Դոն Կիխոտը առարկեց եկեղեցականին․
 
― Չգիտեմ, թե էլ ինչ կարելի է ասել այդ առիթով։ Ես առաջնորդվում եմ մեծն Ամադիս Գաղղիացու օրինակով, որն իր զինակրին կարգեց Ֆիրմե կղզու կոմս։ Այդպես էլ ես, առանց խղճի խայթի կարող եմ Սանչո Պանսային կոմս դարձնել, չէ՞ որ նա լավագույն զինակիրն է, որ երբևիցե ունեցել են թափառական ասպետները։
 
Եկեղեցականը մնացել էր զարմացած, թե ինչ բանական անհեթեթություններ է ասում դոն Կիխոտը, թե ինչպե՜ս ճարտար վերարտադրեց նա լճի ասպետի արկածը, թե ի՜նչ խոր տպավորություն պիտի արած լիներ նրա վրա կարդացած գրքերի մտացածին ստությունները և վերջապես պակաս չէր զարմացել նա Սանչոյի դյուրահավատությունից՝ այնքան սաստի՛կ էր նա փափագում կոմսության հասնել, որ իր բարեկամը խոստացել էր նրան։
 
Այդ միջոցին վերադարձան եկեղեցականի ծառաները, որ գնացել էին պանդոկ պաշար բերող ջորու ետևից, խալիչա փռեցին կանաչ խոտի վրա, ծառերի ստվերի տակ և ողջ հասարակությունը հացի նստեց այս վայրում, որպեսզի, ինչպես արդեն ասացի, սայլապանը չփախցնի եզներն արածեցնելու հարմար առիթը։ Հաց ուտելու միջոցին հանկարծ նրանք լսեցին սաստիկ աղմուկ և զանգակի ձայն, որ գալիս էր մոտակա մացառների և խիտ թփերի ետևից, և նույն վայրկյանին թավուտից դուրս թռավ սիրուն մի այծիկ, վրան սև, ճերմակ ու շեկ բծեր։ Նրա ետևից եկավ մի այծարած, որ ձայն տալով ու ըստ իր սովորության խոսելով աշխատում էր նրան կանգնեցնել և վերադարձնել հոտը։ Խուսափուկ այծը երկչոտ ու վեհերոտ վազեց մարդկանց վրա, ասես օգնություն հայցելով և նրանց առջև կանգ առավ։ Այծարածը վրա հասավ, բռնեց նրա եղջույրներից և, ասես թե նա ունակ լիներ խոսակցելու և ըմբռնելու, ասաց նրան․
 
― Ա՜խ, վայրի, վայրի, Բծավոր, Բծավոր, ինչո՞ւ ես այս վերջին օրերս չարաճճիացել։ Ինչ գայլեր են քեզ վախեցրել, աղջիկս։ Չե՞ս ասի ինձ, թե ինչ է եղել, սիրունիկս։ Էլ ի՞նչ կարող է լինել՝ էգ ես և չես կարող հանգիստ մնալ։ Անիծվի քո խասիաթը և բոլոր նրանցը, որոնց դու ընդօրինակում ես։ Դարձիր, վերադարձիր, բարեկամուհիս։ Գոհ էլ չլինես, առնվազն ապահով ես փարախում և քո ընկերակիցների հետ։ Եթե դու, որ պետք է հսկես նրանց և առաջնորդես, այսպես, առանց առաջնորդ ու ճամփա ման գալու լինես, ի՞նչ պիտի ապա անեն նրանք։
 
Բոլոր ունկնդիրները զվարճացան այծարածի խոսքերից և առավելապես եկեղեցականը, որ ասաց․
 
― Ձեր արևը, եղբայր, հանգստացեք մի քիչ և մի՛ք շտապի այդքան արագ այդ այծին վերադարձնել հոտը։ Չէ՞ որ դուք ասացիք, թե նա էգ է, ուրեմն հետևելու է իր բնական բնազդին, ինչքան էլ դուք խանգարելու լինեք։ Մի կտոր բան վերցրեք, խմեցեք մի գավաթ, ձեր զայրույթը կմեղմանա, այդ միջոցին այծն էլ կհանգստանա։
 
Այդ ասելն ու դանակի ծայրով նրան նապաստակի ողնաշարի մի պաղ կտոր տալը մեկ եղավ։ Այծարածը վերցրեց և շնորհակալություն հայտնեց, ապա խմեց, հանգստացավ և վերջապես ասաց․
 
― Ես չէի կամենա, որ ձերդ ողորմածությունները, լսելով այս խոսակցությունն այս այծի հետ, ինձ հիմարի տեղ դնեք, որովհետև ասածս խոսքերի մեջ, ճշմարտապես, գաղտնի իմաստ կա։ Ես թեպետ ռամիկ եմ, բայց ոչ այնքան, որ չհասկանամ, թե ինչպես պետք է վարվել մարդկանց, ինչպես՝ անասունների հետ։
 
― Շատ լավ հավատում եմ, ― պատասխանեց քահանան, որովհետև փորձով գիտեմ, որ լեռները գիտուններ են սնում, իսկ հովիվների վրանները փիլիսոփաներ պարփակում։
 
― Առնվազն, սինյոր, ― պատասխանեց այծարածը, ― նրանց մեջ փորձառու մարդիկ են ապաստանում։ Որպեսզի դուք հավատ ընծայեք և ձեռքով շոշափած լինեիք այդ ճշմարտությունը, ես կխնդրեի ձեզնից, սինյորներ, շնորհել ինձ մի կարճ միջոց ուշադրություն, եթե երկյուղ չկրեի ձանձրացնել ձեզ և անկոչ մեջ ընկնել։ Ես ձեզ կպատմեի մի ճշմարտապատում պատմություն, որ կհաստատեր իմ ասածը և այն, ինչ որ ասաց այս սինյորը (նա ցույց տվեց քահանային):
 
Դրան պատասխանեց դոն Կիխոտը․
 
― Ըստ երևույթին այդ պատմությունը պետք է ասպետական արկածի հեռավոր նմանություն ունենա, ես մեծ հաճույքով կլսեմ, եղբայր, և նույնը կանեն բոլոր այն սինյորները, որովհետև նրանք շատ խելացի են և սիրահար հետաքրքրական նորությունների, որ զարմացնում, զվարճացնում ու զվարթացնում են հոգին։ Անտարակույս, ձեր պատմությունն էլ այդպիսին է լինելու։ Դե, սկսեցեք, բարեկամս, մենք բոլորս լսում ենք ձեզ։
 
― Բացի ինձնից, ― մեջ ընկավ Սանչոն։ Ես կերթամ վտակի մոտ, հետս կտանեմ այս կարկանդակը և կուտեմ, որ երեք օր կուշտ լինեմ, որովհետև իմ տեր դոն Կիխոտը քանիցս ասել է ինձ, թե թափառական ասպետի զինակիրը առիթը եղած միջոցին պետք է ուտի, ինչքան փորը տեղավորի, որովհետև հաճախ պատահում է մտնել այնքան թավ ու դժվար անցանելի անտառ, որ վեց օրվա ընթացքում ելք չի գտնում, այնպես որ, եթե նա կուշտ չէ կամ պայուսակը լիքը չէ պաշարով, ապա կարող է ընդմիշտ մնալ այնտեղ, ինչպես շատ անգամ պատահել է, մումիա դառած։
 
― Ճիշտ ես ասում, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Գնա, ուր որ կամենաս և կեր, որքան կարողանաս։ Ես արդեն կշտացել եմ և հոգուս է սնունդ հարկավոր, որ և կընդունեմ ունկնդրելով այս բարի մարդու պատմությունը։
 
― Մենք բոլորս էլ նույնը կանենք, ― ասաց եկեղեցականը և խնդրեց այծարածից, որ շուտ սկսի խոստացածը։
 
Այծարածը ձեռքը խփեց այծի մեջքին, որին նա բռնած էր եղջույրից, ասելով․
 
― Նստի՛ր կողքիս, Բծավոր, մենք հոտ վերադառնալու համար ժամանակ դեռ ունենք։
 
Այծը կարծես հասկացավ նրան։ Տեսնելով, որ նա նստեց, ինքն էլ հանգիստ պառկեց նրա կողքին և սկսեց նայել նրան, ասես թե ուզում էր դրանով ասած լինել, թե ուշի֊ոշիով լսելու է նրա ասելիքը։ Այծարածն իր պատմությունը սկսեց այսպես․
Ադմին, Վստահելի
1876
edits