Գանդալֆը էլֆերից ցածրահասակ էր, բայց սպիտակ մորուքը, արծաթավուն մազերը, լայն թիկունքն ու ազնվազարմ կեցվածքը նրան թագավորական տեսք էին տալիս, իսկ ձյունաթույր հոնքերի տակից նայող աչքերը ժամանակի ընթացքում հանգած ածուխներ էին հիշեցնում, որոնք ցանկացած պահի կարող էին բռնկվել կուրացուցիչ, եթե ոչ մոխրացնող կրակով:
Գլորֆինդելը՝ հզոր, բարձրահասակ ու բարեկազմ, ոսկոհուր ոսկեհուր վարսերով, թվում էր պատանի, սակայն խաղաղ իմաստնությամբ ներհուն, իսկ աչքերը ճառագում էին վճռական խիզախությամբ:
Էլրոնդի դեմքից տարիքը չէր կռահվում. նա երևի շատ ավելի երիտասարդ կերևար, եթե դեմքին գրված չլիներ անհամար՝ և՛ ուրախ, և՛ տխուր իրադարձությունների փորձը: Նրա ալեհեր մազերի վրա առկայծում էր արծաթե թագը, իսկ խաժ, ասես պայծառ աղջամուղջ, աչքերում ցոլցլում էին անորսալի, պսպղուն կայծեր: Նա տեսքով իմաստուն էր, ինչպես հնամյա տիրակալ և հզոր, ինչպես հասուն, փորձված ռազմիկ: Եվ այդպես էլ կար, նա զորական-տիրակալ էր, Ազատքի այդ իսկական տերը:
— Մեզ մոտ բազում իրադարձություններ են տեղի ունեցել,— պատասխանեց Գլոինը,— և՛ լավ, և՛ վատ: Բայց լավը, պատկերացրեք, այնուամենայնիվ ավելի շատ է. մինչև այժմ մշտապես մեր բախտը բերել է: Թեպետ մենք էլ, հասկանալի է, զգում ենք չարագուշակ ամպի սև շունչը, որ կախվել է ողջ Միջերկրի վրա: Եթե ուզում ես, մեր մասին ավելի մանրամասն կպատմեմ քեզ: Բայց հենց հոգնես, իսկույն ընդհատիր ինձ: Թզուկին, ասում են, չես զսպի, երբ խոսում է իր դարբնոցից:
Եվ Գլոինը մանրամասն սկսեց պատմել թզուկների Սարամիջի Թագավորության ճակատագրի մասին: Նա ուշադիր ու զգայուն ունկնդրի էր հանդիպել. Ֆրոդոն նրան չընդհատեց, ցույց չտվեց, որ հոգնել է, ոչ մի անգամ խոսելու փորձ չարեց, չնայած արդեն քառորդ ժամ հետո դադարեց լսածի իմաստը հասկանալ՝ խճճվելով տարօրինակ շատ երկրների ու անունների մեջ, որոնց մասին կյանքում չէր լսել: Նրան ուրախացրեց Դաինի մասին լուրը, որն առաջվա պես կառավարում էր Սարամիջի Թագավորությունը: Նա երկու հարյուր հիսունմեկ տարեկան էր, համընդհանուր հարգանք ու սեր էր վայելում, իսկ թզուկների հարստությունը մշտապես բազմապատկվում էր: Նրա արշավանքի տասը մասնակիցներից յոթը, որ կռվել էին Հինգ Զորաց ճակատամարտում, ապրում էին Սարամիջի Թագավորությունում: Դրանք էին Դվալինը, Գլոինը, Դորին, Նորին, Բիֆուրը, Բոֆուրը և գիրուկ Բոմբուրը: Բոմբուրն այժմ այնքան է չաղացել, որ չի կարող բազմոցից տեղափոխվել սեղանի մոտ՝ ճաշկերույթից առաջ վեց երիտասարդ թզուկ գրկում են նրան ու տանում սեղանի մոտ:
— Իսկ ի՞նչ է պատահել մնացած երեքին՝ Օինին, Օրիին և Բալինին,— հարցրեց Ֆրոդոն:
— Նահատակվեցին,— Գլոինի դեմքը մռայլվեց: — Բայց այդ մասին չեմ ուզում հիշել: Բերեք որևէ ուրախ բանի մասին խոսենք... — Եվ Գլոինն սկսեց նկարագրել արհեստները, որոնցով իրավացիորեն հպարտանում են թզուկները,— մենք հազվագյուտ ոսկեձեռիկ վարպետներ ունենք, բայց մեր զինագործները զիջում են հներին: Շատ հին գաղտնիքներ կորել են: Թզուկների պատրաստած զենքուզրահը մինչև հիմա փառաբանվում է ողջ Միջերկրում, սակայն մինչև վիշապի լեռը գրավելը թզուկների վահաններն ու օղազրահներն ավելի ամուր էին ստացվում, իսկ թրերն ու դաշույններն՝ ավելի սուր, քան հիմա: Իսկ այ հողի պարգևների հանույթի ու շինարարության մեջ մեր նախնիներին գերազանցել ենք: Այ որ տեսնեիր մեր ջրանքներն ու գունավոր սալիկներով սալարկված ճանապարհները, քարե ծառերով թունել-փողոցները, որ բացել ենք Մենավոր Լեռան ընդերքում, կամ պահակակետերն ու դիտաշտարակները, որ կանգնեցրել ենք նրա լանջերին... Այն ժամանակ ակնառու կհամոզվեիր, որ Սարամիջի Թագավորությունում ժամանակն իզուր չեն վատնել:
— Ես անպայման կայցելեմ ձեզ... Եթե ինձ հաջողվի,— խոստացավ Ֆրոդոն: — Պատկերացնում եմ, ինչպես կզարմանար Բիլբոն, եթե տեսներ այդ բոլոր փոփոխությունները...
— Երևի նրան շատ էիր սիրում,— ասաց Գլոինը և, Ֆրոդոյին նայելով, չարաճճիորեն ժպտաց:
— Ա՜յն էլ ինչպես,— կրակոտ բացականչեց հոբիթը: — Ախ նույնիսկ մեկ վայրկյան նրան տեսնելու համար աշխարհի բոլոր հրաշքները կտայի...
Մինչդեռ ճաշկերույթն ավարտին էր մոտենում: Էլրոնդն ու Արվենը սեղանից վեր կենալով, ուղղվեցին դեպի Խրախճանքի դահլիճի ելքը, իսկ հյուրերը բարեպաշտորեն հետևեցին նրանց: Նրանք անցան լայնարձակ միջանցքը և տանտերերի հետևից մտան հաջորդ դահլիճը, որը լուսավորված էր հուրհրատող բուխարու լույսով: Ֆրոդոն նայեց շուրջն ու մոտեցավ Գանդալֆին:
— Էլֆերն այս դահլիճն անվանում են Բուխարու դահլիճ,— ցածր ասաց նրան հրաշագործը: — Այժմ դու բազմաթիվ երգեր ու հետաքրքիր պատմություններ կլսես... Եթե չքնես՝ այստեղ տիրող մթնոլորտը լավ օրոր է ասում: Այստեղ բուխարիկում կրակը միշտ վառ են պահում, այն և՛ տաքացնում է, և՛ լուսավորում է դահլիճը, բայց սովորական օրերին դահլիճը մշտապես դատարկ է, շատ քչերն են գալիս՝ հանգստանալու և լռության մեջ խորհելու համար:
Երբ Էլրոնդը գրավեց իր սովորական տեղը, էլֆ գուսաններն սկսեցին երգել ու վին հնչեցնել: Դահլիճն աստիճանաբար լցվեց հյուրերով, և Ֆրոդոն, ուրախ-ուրախ շուրջը նայելով, տեսնում էր զարմանալիորեն իրարից տարբեր, բայց միատեսակ ուրախ ու աշխույժ դեմքեր, որոնց վրա ոսկեգույն արտացոլվում էր հսկայական բուխարիկում պարող վառ կրակը: Բուխարու կողքի փորագրանախշ սյան մոտ Ֆրոդոն մի միայնակ կերպարանք նկատեց և կարեկցանքով մտածեց, որ հիվանդ է տեսնում. նա նստած էր գլուխը կրծքին կախած, այնպես որ դեմքը չէր երևում, իսկ կողքը դրված էր մի ջրի գավաթ և մի կտոր կծած հաց: Խեղճ, չի կարողացել գնալ խրախճանքի,— մտածեց Ֆրոդոն... — բայց մի՞թե այստեղ հիվանդանում են...
Շուտով երգասացների վիները լռեցին, իսկ Էլրոնդը վեր կացավ ու մոտեցավ բուխարուն:
— Արթնացիր, իմ փոքրիկ բարեկամ,— ասաց նա: Ապա շրջվեց դեպի Ֆրոդոն ու ավելացրեց. — Պատրաստվիր: Ինձ թվում է մոտենում է պահը, որի մասին վաղուց ես երազում:
Նա, ով նստած էր բուխարու մոտ, շարժվեց ու գլուխը բարձրացնելով, նայեց հյուրերին:
— Բիլբո՜,— ուրախ գոռաց Ֆրոդոն:
— Բարև, փոքրի՜կս,— արձագանքեց Բիլբոն: — Ես գիտեի, որ դու կկարողանաս հասնել Ռիվենդել: Այսօրվա տոնը քեզ է նվիրված, և դու լիովին վաստակել ես այդ պատիվը: Հուսով եմ, ճաշը քեզ դու՞ր եկավ:
— Իհարկե դուր եկավ... — բացականչեց Ֆրոդոն: — Բայց ասա՛, իսկ դու ինչու՞ չեկար... Եվ ինչու՞ մինչև հիմա ես քեզ չեմ տեսել...
— Որովհետև դու քնած էիր,— պատասխանեց Բիլբոն: — Իսկ ես ամեն օր այցելում էի քեզ ու Սամի հետ նստում մահճակալիդ մոտ: Ինչ վերաբերվում է տոնին, ապա ես վերջին ժամանակներս հազվադեպ եմ մասնակցում քեֆերին՝ ես բազում ավելի կարևոր գործեր ունեմ:
— Իսկ ի՞նչ ես անում...
— Նստում ու խորհում եմ: Դա արտակարգ կարևոր գործ է: Ես վաղուց եմ նկատել, որ Բուխարու դահլիճը աշխարհի ամենալավագույն տեղն է խոհերի համար... Եթե որևէ մեկը քեզ դրանից չի կտրում,— ավելացրեց նա Էլրոնդին խեթ նայելով, և նրա աչքերը բոլորովին էլ քնկոտ չէին: — «Արթնացիր...»: Ես քնած չէի, հարգելի Էլրոնդ: Դուք չափազանց արագ վերջացրիք խնջույքն ու կտրեցիք ինձ իմ կարևորագույն խոհերից: Երբ դուք եկաք, ես երգ էի հորինում և լարված մտածում էի վերջին տողերը՝ դրանք չգիտես ինչու, չեն համընկնում: Իսկ հիմա, հավանաբար, էլ երբեք չեն համընկնի: Էլֆերն այնպիսի հրաշալի երգեր ունեն, որ սեփական երգերիս մասին մոռանում եմ: Ինձ մի հույս է մնացել՝ Դունադանի օգնությունը: Ի դեպ, ու՞ր է նա...
— Մենք անպայման նրան կգտնենք,— ժպտալով հոբիթին, խոստացավ Էլրոնդը: — Դուք կառանձնանաք որևէ տեղ, մի անկյունում, ու դու կավարտես քո կարևոր խոհերը, իսկ հետո մեզ համար նոր երգ կերգես, որպեսզի կարողանանք համեմատել մեր երգերի հետ:
Ֆրոդոն նստեց իր ավագ ընկերոջ մոտ, իսկ նրանց կողքին տեղավորվեց Սամը: Սկսեցին աշխուժորեն զրուցել՝ ուշադրություն չդարձնելով տոնական աղմուկին ու էլֆերի զարմանալիորեն մեղեդիկ երգերին: Բայց Բիլբոն քիչ նորություններ ուներ: Նա Հոբիթստանից դուրս էր եկել ու գնացել ուր աչքը կտրեր, և պարզվել էր, որ աչքը հենց Ազատք է բերել նրան, ու նա ցանկացել էր ապրել էլֆերի մոտ:
— Ես այստեղ հասա առանց արկածի,— պատմում էր նա,— և մի քիչ հանգստանալուց հետո ճանապարհվեցի իմ բարեկամ թզուկների մոտ: Դա իմ վերջին ճանապարհորդությունն էր: Ծերուկ Բալինը չկար, ու ես զղջացի, որ եկել եմ թզուկների մոտ: Ինձ նորից ձգեց Ազատքը և, վերադառնալով, հաստատվեցի այստեղ: