Changes

…Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ

Ավելացվել է 39 502 բայտ, 13:46, 3 Հուլիսի 2015
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մակույկում |հեղինակ = [[Ջերոմ Սելինջեր]] |թարգմանիչ = Կ․ Ա․ Սիմոնյան (ռուսերեն...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Մակույկում
|հեղինակ = [[Ջերոմ Սելինջեր]]
|թարգմանիչ = Կ․ Ա․ Սիմոնյան (ռուսերենից)
|աղբյուր = [[«…Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ»]]
}}

Երբ հեռախոսի զանգը լսվեց, ալեհեր տղամարդը ոչ այնքան հարգանքով հարցրեց երիտասարդ կնոջը․ արդյոք վերցնի՞ լսափողը, թե՞ դա նրա համար տհաճ կլինի։ Կինը կարծես հեռվից լսեց նրան եւ լույսի տակ մի աչքը կկոցելով շրջվեց․ ստվերում լայն բացված մյուս աչքը այն աստիճան մուգ երկնագույն էր, որ մանիշակագույն էր թվում։

— Աստվա՜ծ իմ,— ասաց կինը։— Չգիտեմ։ Իսկ ինչո՞ւ պիտի ինձ համար տհաճ լինի։

Ալեհերը պատասխանեց, որ իր կարծիքով լսափողը վերցնել կամ չվերցնելը միեւնույն է, եւ ձախ ձեռքով արմունկից վեր սեղմեց կնոջ տաք թեւը, որին նա հենվել էր։ Աջը պարզեց հեռախոսին։ Որպեսզի լսափողը ոչ թե շոշափելով գտնի, այլ վերցնի միանգամից, տղամարդը պետք է փոքր֊ինչ տեղից բարձրանար․ եւ նրա ծոծրակը դիպավ լուսամփոփի եզրին։ Այդ պահին նրա ալեհեր, գրեթե ամբողջովին ճերմակ մազերը հատկապես նպաստավոր լուսավորվեցին։ Նրա քունքերի եւ ծոծրակի մազերը հարկ եղածի չափ կարճ էին, իսկ մնացած տեղերում՝ ավելի երկար, քան ընդունված է․ եւ դա թերեւս նրան խիստ «արիստոկրատիկ» տես էր տալիս։

— Այո՞,— հյութեղ ձայնով ասաց նա, լսափողը վերցնելով։

Երիտասարդ կինը աչքերը չէր հեռացնում նրանից։ Այդ աչքերում ոչ տագնապ կար եւ ոչ էլ մտահոգություն։ Պարզապես դրանք լայն էին բացված եւ պարզ երեւում էր, թե որքան մեծ եւ մուգ֊երկնագույն են այդ աչքերը։

Լսափողում հնչեց ինչ֊որ տղամարդու խուլ, միաժամանակ բավականին տարօրինակ, գրեթե անպարկեշտության աստիճան գրգռված ձայնը։

— Լի՞։ Արթնացրի՞ քեզ։

Ալեհերը թռուցիկ մի հայացք նետեց կնոջ վրա։

— Այդ ո՞վ է խոսում,— հարցրեց նա։— Դո՞ւ ես, Արթուր։

— Ես եմ, ես։ Արթնացրի՞ քեզ։

— Ոչ, ոչ։ Պառկած կարդում էի։ Բա՞ն է պատահել։

— Իսկապես քեզ չարթնացրի՞։ Ազնիվ խո՞սք։

— Դե ոչ,, ասացի,— պատասխանեց ալեհերը։— Ճիշտն ասած, արդեն վարժվել եմ մի չորս ժամ քնելուն…

— Գիտե՞ս ինչու եմ զանգահարել, Լի՛։ Դու պատահաբար չե՞ս տեսել, թե ե՞րբ է մեկնել Ջոաննան։ Դու պատահաբար չե՞ս տեսել, նա հո Էլլենբոգենների հետ չի՞ մեկնել։

Ալեհերը կրկին նայեց դեպի ձախ, բայց այս անգամ ոչ թե կնոջը, որը հիմա երիտասարդ ու երկնագույն աչքերով իռլանդացի֊ոստիկանի պես հայացքը չէր հեռացնում իրենից, այլ նրա գլխից վեր մի ինչ֊որ տեղ։

— Ոչ, Արթուր, չեմ տեսել,— ասաց տղամարդը, զննելով սենյակի չլուսավորված հեռավոր անկյունը, այնտեղ, ուր պատը միանում էր առաստաղին։— Բայց մի՞թե նա քեզ հետ չի մեկնել։

— Ո՛չ, գրողը տանի։ Ո՛չ։ Ուրեմն, դու չե՞ս տեսել, թե երբ է նա մեկնել։

— Ասացի՝ ո՛չ, ճիշտն ասած, չեմ տեսել։ Հասկանո՞ւմ ես, Արթուր, ճիշտն ասած, ես այսօր ամբողջ երեկո ոչ մի բան էլ չեմ տեսել։ Հազիվ էի շեմքից ներս անցել, երբ այդ ապուշը օձիքս բռնեց․ չգիտեմ, ֆրանսիացի՞ր էր, թե ավստրիացի, միայն սատանան կկարողանա դրանց ջոկել իրարից։ Այդ քոսոտ օտարերկրացիները միայն առիթ են որոնում իրավաբանից ձրի խորհուրդներ կորզելու։ Իսկ ի՞նչ է պատահել։ Ջոաննան անհետացե՞լ է։

— Ախ, գրողը տանի։ Ո՞վ գիտե։ Ես չգիտեմ։ Ախր դու շատ լավ գիտես, թե նա ինչ պտուղ է։ Մի քիչ լակելուց հետո տեղում նստել չի կարողանում։ Ես ոչինչ չգիտեմ։ Գուցե նա պարզապես…

— Իսկ Էլլենբոգեններին զանգահարե՞լ ես,— հարցրեց ալեհերը։

— Զանգապա
եք եմ։ Դե չեի վերադարձել։ Չգիտեմ։ Գրողը տանի, ես համոզված էլ չեմ, որ նրանց հետ մեկնած լինի։ Միայն մի բան գիտեմ։ Միայն մի բան, սատանան տանի։ Գլուխս պատեպատ չեմ տալու։ Բավական է։ Այս անգամ հաստատ վճռել եմ։ Հինգ տարի՜։ Գրողը տանի։

— Լսի՛ր, Արթուր, իզուր ես այդպես հուզվում,— ասաց ալեհերը։— Նախ, Էլլենբոգեններին ճանաչում եմ, նրանք, ըստ երեւույթին, բոլորով մի տաքսի են վերցրել եւ մեկ֊երկու ժամով քշել դեպի Գրինչ Վիլլեջ։ Շատ հնարավոր է, որ նրանք երեքն էլ…

— Ինձ թվում է, որ Ջոաննան այնտեղ, խոհանոցում ինչ֊որ մի շան որդու է մշակում։ Այդպիսի զգացում ունեմ։ Լակում է թե չէ, միշտ խոհանոց է վազում եւ կախվում մի ինչ֊որ շան որդու վզից։ Չէ՛, արդեն բավական է։ Աստծով եմ երդվում, որ այս անգամ վճիռկ վճիռ է։ Հի՜նգ տարի, գրողը ինձ տանի…

— Դու որտեղի՞ց ես խոսում,— հարցրեց ալեհերը։— Տնի՞ց։

— Այո, այո։ Տնից։ Իմ տո՜ւնը։ Երջանկության մենաստա՜նը։ Օ՛խ, սատանա։

— Լսի՛ր, այդպես մի հուզվիր… Ի՞նչ է, դու խմա՞ծ ես։

— Չգիտեմ։ Որտեղի՞ց իմանամ, գրողը տանի։

— Դե լավ, սպասի՛ր, գիտե՞ս ինչ… Գիտե՞ս ինչ, դու հանգիստ եղիր։ Դու միայն հանգիստ եղիր,— ասաց ալեհերը։— Տեր աստված, դու ախր ճանաչում ես Էլենբոգեններին։ Ավելի շուտ, նրանք բոլորն էլ պարզապես ուշացած կլինեն վերջին գնացքից։ Ավելի շուտ, նրանք երեքով էլ ուր֊որ է իրենց հարբածի կատակներով կխուժեն քո տունը եւ…

— Նրանք արդեն իրենց տանն են։

— Որտեղի՞ց գիտես։

— Նրանց դայակից։ Ես ու այդ աղջիկը հույժ հաճելի, աշխարհիկ զրույց ունեցանք։ Ես ու այդ աղջիկը սրտակից բարեկամներ ենք, գրողը տանի։ Մեզ ջրով էլ չես բաժանի։

— Դե, լա՛վ։ Լա՛վ։ Ի՞նչ կա որ։ Գուցե ինքդ քեզ հավաքես ու հանգստանա՞ս,— ասաց ալեհերը։— Երեւի նրանք երեքով ուր֊որ է կհայտնվեն։ Հավատա ինձ։ Դու ախր գիտես Լեոնային։ Դե ես չգիտեմ, թե դա ինչ սատանայական բան է, բայց երբ ընկնում են Նյու֊Յորք, նրանց անմիջապես հաղթահարում է այդ դիվային ուրախությունը, կարծես առնվազն խենթացած լինեն։ Ախր դու էլ լաւ գիտես։

— Այո՛, այո՛։ Գիտե՛մ։ Գիտե՛մ… Է՜հ, ես ոչինչ էլ չգիտեմ։

— Դե, իհարկե, գիտե՛ս։ Հապա, պատկերացրու, թե ոնց է պատահել։ Այդ երկուսը, երեւի, ուղղակի զոռով են քարշ տվել Ջոաննային…

— Լսի՛ր։ Ծնված օրից նրան ոչ ոք երբեք որեւէ տեղ զոռով քարշ չի տվել։ Եվ իզուր աչքերիս թոզ մի փչի, թե նրան որեւէ մեկը քարշ է տվել…

— Քո աչքերին ոչ ոք էլ թոզ չի փչում,— հանգիստ ասաց ալեհերը։

— Գիտե՛մ, գիտե՛մ։ Ների՛ր։ Ախ, սատանա։ Խելքս թռցնում եմ։ Դու ճի՞շտ ես ասում, ես քեզ չարթնացրի՞։ Ազնիվ խո՞սք։

— Եթե դու ինձ արթնացրած լինեիր, ես կասեի,— պատասխանեց ալեհերը։ Նա ցրվածությունից բաց թողեց կնոջ ձեռքը։— Ա՛յ, թե ինչ եմ ասում, Արթուր։ Գուցե լսես իմ խորհուրդը։— Ազատ ձեռքով նա բռնեց լսափողի հաղորդալարը։— Ես քեզ լուրջ բան եմ ասում։ Ուզո՞ւմ ես գործնական խորհուրդ լսել։

— Այո՜֊ո՛։ Չգիտե՛մ։ Օ՛խ, սատանա, ես քեզ խանգարում եմ քնել։ Եվ ախր ինչու պարզապես իմ կոկորդը չեմ…

— Ինձ լսիր,— ասաց ալեհերը։— Առաջին հերթին, լուրջ բան եմ ասում, անկողին մտիր ու հանգստացիր։ Որպեսզի լավ քնես, մի գավաթ որեւէ թունդ բան կոնծիր, հետո լավ ծածկվիր…

— Մի գավա՜թ։ Ինչ է, կատակո՞ւմ ես։ Ախր ես, գրողը տանի, այս վերջին երկու ժամում, երեվի, լիտրից ավելի լակած լինեմ։ Մի գավա՜թ։

— Դե, լա՛վ, լա՛վ։ Ուրեմն անկողին մտիր,— ասաց ալեհերը։— Եվ հանգստացիր, լսո՞ւմ ես։ Ինքդ ասա, ի՞նչ օգուտ, որ այդպես նստել ու տանջվում ես։

— Այո, հասկանում եմ։ Ես չէի էլ հուզվի, աստված վկա, բայց ախր նրան վստահել չի կարելի։ Ա՛յ, երդվում եմ քեզ։ Երդվում եմ, որ չի կարելի վստահել։ Բավական է աչքդ թեքես, եւ… Է՜հ, ի՞նչ ասեմ… անիծված լինի, ես կխելագարվեմ։ Իսկ դու գիտե՞ս, թե ինչով եմ զբաղված։ Գիտե՞ս, թե ինչով եմ զբաղված։ Ամոթ է, իհարկե, եթե ասեմ, թե ես, գրողը տանի, ինչով եմ զբաղվում ամեն երեկո, երբ տուն եմ գալիս։ Ասե՞մ։

— Լսիր, Արթուր, այդ ամենը մի…

— Մի րոպե համբերիր։ Ես քեզ հիմա կասեմ, թող անիծվեն այդ բոլոր… Ստիպված եմ լինում օձիքս բռնելու, որպեսզի տանը եղած պատի բոլոր պահարանները չնայեմ․ երդվում եմ։ Ամեն երեկո, երբ տուն եմ գալիս, դու չգիտես, թե ինչպես եմ տագնապում, որ բոլոր անկյուններում ամեն տեսակի շան որդիների ոհմակ թաքնված լինի։ Ինչ֊որ լիֆտյորներ։ Ցրիչներ։ Ոստիկաններ…

— Դե լա՛վ, լա՛վ, Արթուր։ Փորձիր մի քիչ հանգստանալ։ Քանի անգամ կրկնում եմ արդեն, Արթուր․ ախր հենց այստեղ էլ դու քո ամենամեծ սխալն ես կատարում։ Հասկանո՞ւմ ես քո արածը։ Ասե՞մ։ Դու կարծես դիտավորյալ, լուրջ բան եմ ասում, կարծես դիտավորյալ ես ինքդ քեզ տանջում։ Ըստ էության, դու ես Ջոաննային ներշնչում… — Նա խոսխը կիսատ թողեց,— քո բախտը բերել է, որ նա տղամարդ աղջիկ է։ Լուրջ բան եմ ասում։ Իսկ քո կարծիքով, նա այնքան անճաշակ է եւ կամ, գրո՛ղը տանի, այնքան անխելք, որ այդպիսի բաներով…

— Խե՜լք։ Կատակո՞ւմ ես։ Գրո՛ղը տանի, նրան խելք որտեղի՞ց։ Նա պարզապես անասուն է։

Ալեհերի ռունգերը լայնացան․ կարծես նրան օդը չբավականացրեց։

— Մենք բոլորս էլ անասուններ ենք,— ասաց նա,— մեր էությամբ բոլորս էլ անասուններ ենք։

— Ի՞նչ… Ես բնավ էլ անասուն չեմ։ Ես, գուցե, հիմար եմ, բթամիտ, քսաներորդ դարի ապուշային ծնունդ, բայց ոչ անասուն։ Այդ մեկը չասես։ Ես անասուն չեմ։

— Լսի՛ր, Արթուր։ Այդպես մենք ոչ մի բանի…

— Խելքի՜ց է խոսում։ Աստված իմ, իմանայիր, թե ինչ ծիծաղելի է այդ։ Իսկ ինքն իրեն բարձր կուլտուրայի տեր կին է երեւակայում։ Այ, թե ինչն է ծիծաղելին, կոմիկականը։ Թերթում կարդում է միայն թատերական նորությունները, մինչեւ աչքերը կուրացնելը հեռուստացույց է դիտում, եւ կարծում է, թե այդքանով բարձր կուլտուրայի տեր կին է։ Գիտե՞ս, թե ով է իմ կինը։ <i>Ամենամեծ դերասանուհի՜ն, գրո՜ղը, հոգեբա՜նը</i> եւ ընդհանրապես, ամբողջ Նյու֊Յորքում միակ հանճարը, որն իրեն դեռ այժմ չի դրսեւորել, որը չի հայտնաբերվել, չի ընդունվել։ Իսկ դու չգիտեի՞ր։ Գրողի ծոցը, այս ամենը այնքան ծիծաղելի է, որ մարդ քիչ է մնում կոկորդը կտրի… Կոլումբիական հանրամատչելի կուրսերից ելած մադամ Բովա՜րի։ Մադամ…

— Ո՞վ,— ձանձրույթով հարցրեց ալեհերը։

— Հեռուստատեսությամբ դասախոսություններ լսող մադամ Բովարին։ Աստվա՛ծ իմ, թե իմանայի՜ր ինչպես է…

— Դե լա՛վ, լա՛վ։ Հասկացի՛ր, այս կերպ մենք ոչ մի բանի չենք հանգի,— ասաց ալեհերը։ Նա շրջվեց դեպի կինը եւ երկու մատը մոտեցնելով շուրթերին, նշան արեց, թե ծխել է ուզում։— Ամենից առաջ,— ասաց նա դառնալով դեպի լսափողը,— սատանան տանի, դու խելոք մարդ ես, բայց մի գրոշի տակտ չունես։— Նա կռացավ, որպեսզի կինը կարողանա ձեռքը հասցնել ծխախոտին։— Լուրջ բան եմ ասում։ Դա արտահայտվում է քո անձնական կյանքում, արտահայտվում է նաեւ քո…

— Խելքի՜ց ես խոսում։ Թյո՛ւ, քիչ է մնում մեռնեմ։ Ողորմա՜ծ աստված։ Իսկ դու գոնե մի անգամ լսած կա՞ս, թե նա ինչպես է պատմում որեւէ մեկի մասին, որեւէ մի տղամարդու մասին։ Այ, թե որ ազատ ժամանակ ունենաս, իմ խաթեր համար, խնդրիր նրան, որ նկարագրի իր ծանոթներից մեկն ու մեկին։ Աչքով ընկած ամեն մի տղամարդու մասին նա նույն բանն է ասում․ «շատ դուրեկան է», որը կարող է լինել սովորական ճարպագունդ, անխե՛լք, պառա՛վ…

— Արթուր, ո՞ւմ են պետք այդ ամենը,— անմիջապես ընդհատեց նրան ալեհերը։— Ո՞ւմ են պետք։— Կնոջ ձեռքից նա վերցրեց վառած սիգարեթը։ Կինը նույնպես ծխեց։— Հա՜, ի դեպ,— ասաց նա, քթանցքներից ծուխը բաց թողնելով,— իսկ այսօր ինչպե՞ս վերջացան քո գործերը։

— Ի՞նչ։

— Այսօր ինչպե՞ս վերջացան գործերդ։ Շահեցի՞ր։

— Թու, սատանա։ Չգիտեմ։ Զզվելի պատմություն է։ Արդեն պատրաստվում էի եզրափակման խոսք ասել եւ հանկարծ այդ Լիսբերգը, հայցվորի փաստաբանը, չգիտեմ որտեղից մեջտեղ բերեց այդ հիմար աղախնին․ եւ որպես իրեղեն ապացույց՝ սավանների մի ամբողջ կույտ, իսկ սավանները ամբողջովին ծածկված էին փայտոջիլների հետքերով։ Բը՜ռռռ…

— Իսկ ինչպե՞ս վերջացավ։ Տանո՞ւլ տվեցիր,— հարցրեց ալեհերը, նորից ներս քաշելով դառը ծուխը։

— Իսկ դու գիտե՞ս, թե այսօր ով էր դատում։ Այդ պառավ Վիտտորիոն։ Չեմ հասկանում, թե պատճառն ի՞նչ է, որ ատամ ունի իմ դեմ։ Բերանս էլ չհասցրեցի բանալ, եւ նա արդեն հարձակվեց վրաս։ Այդպիսիների հետ լեզու չես գտնի․ ոչ մի փաստարկում չի ընդունում։ Չլսված բան է։

Ալեհերը գլուխը շրջեց եւ նայեց, թե կինն ինչով է զբաղված։ Կինը փոքրիկ սեղանից վերցրեց մոխրամանը եւ դրեց իր եւ տղամարդու միջեւ։

— Ուրեմն, տանուլ տվեցիր, հա՞,— հարցրեց նա։

— Այո՛, ասացի։ Ես էլ հենց պատմել էի ուզում։ Ոչ մի շանս չունեի այդ խճճված պատմության մեջ։ Քո կարծիքով շեֆը պատեպա՞տ կընկնի։ Ես, իհարկե, թքել եմ, բայց , համենայն դեպս, քո կարծիքով… Նա շա՞տ կկատաղի։

Ալեհերը ձախ ձեռքով մոխիրը թափ տվեց մոխրամանի եզրին։

— Չեմ կարծում, թե նա պատեպատ ընկնի, Արթուր,— ասաց նա հանգիստ ձայնով։— Բայց որ չի ուրախանա, դա էլ փաստ է։ Գիտե՞ս, թե ինչքան ժամանակ է, որ մենք կարգի ենք բերում այդ երեք անիծյալ հյուրանոցները։ Այս պատմությունը դեռեւս ծերուկ Շենլին է սկսել…

— Գիտե՛մ։ Գիտե՛մ։ Շեֆն արդեն մի հիսուն անգամ ինձ պատմել է։ Ծնված օրից ավելի հետաքրքիր բան չեմ լսել։ Ինչ էի ասում․ ես տանուլ տվեցի այդ զզվելի գործը։ Այդ փսիխոպատը, սատանա Վիտտորիոն հենց սկզբից էլ սկսեց թունավորել ինձ․ անասունի տեղ էր դրել։ Հետո այդ անխելք, այդ հիմար աղախինը մեջտեղ բերեց փայտօջիլոտ սավանները…

— Ոչ ոք էլ չի ասում, թե դա քո մեղքն է, Արթուր,— ասաց ալեհերը։— Դու իմ կարծիքն ուզեցիր իմանալ, թե շեֆը շա՞տ կկատաղի։ Դե՛, ես էլ առանց թաքցնելու ասացի…

— Գիտե՛մ, գիտե՛մ… Ոչինչ էլ չգիտեմ։ Գրո՛ղը տանի։ Ծայրահեղ դեպքում կվերադառնամ զինվորական ծառայության։ Այդ մասին քեզ ասե՞լ եմ։

Ալեհերը կրկին շրջվեց դեպի կինը, գուցե այն միտումով, որ նա տեսնի, թե ինչպիսի համբերատարությամբ, գրեթե ստոիկի պես ականջը կախ լսում է այդ ամենը։ Կինը անզգուշաբար շրջել էր մոխրամանը եւ հիմա հապճեպ հավաքում էր մոխիրն ու ծխախոտի մնացորդները․ նա իր աչքերը վեր հառեց մի վայրկյան ավելի ուշ, քան պետք էր։

— Ո՛չ, Արթուր, դու ինձ այդ մասին ոչինչ չես ասել,— ասաց ալեհերը լսափողի մեջ։

— Այո, ես կարող եմ վերադառնալ բանակ։ Դեռ ինքս էլ չգիտեմ։ Պարզ է, որ այդ բանին ես չեմ տենչում, եւ նման քայլ կկատարեմ, եթե ուրիշ ելք չունեցա։ Բայց գուցե եւ դրա հարկը լինի։ Չգիտե՛մ։ Ծայրահեղ դեպքում հնարավոր կլինի աշխարհում ամեն բան մոռանալ։ Եթե ինձ նորից արեւադարձային սաղավարտ տան եւ մեծկեկ գրասեղան, ու մեկ էլ մոսկիտացանց, գուցե, դա այնքան էլ վատ չի…

— Գիտե՞ս ինչ, սիրելիս, ես շատ կուզեի մի փոքր գամերդ քաշել,— ասաց ալեհերը։— Դու ախր, որքան գիտեմ, հիմար տղա չես, բայց ամեն տեսակի մանկական տխմարություններ ես դուրս տալիս։ Անկեղծ եմ ասում, բարեկամաբար։ Ինչ֊որ դատարկ բան հոգս ես դարձնում, հետո այնքան ուռացնում, որ հետո էլ ոչինչ չես կարող…

— Ես պետք է նրանից հեռանամ։ Հասկանալի՞ է։ Դեռ անցյալ տարի ամռանը պետք է հաշիվներս փակեի․ այն ժամանակ կարգին աղմուկ բարձրացավ․ դու լսե՞լ ես այդ մասին։ Մենք իրար չենք համապատասխանում, այս է։ Մենք բնավ էլ իրար չենք սազում։ Գիտե՞ս, նրան ինչ է հարկավոր։ Նրան պետք է մի մարմնեղ շան որդի, որ ընդհանրապես հետը չխոսի էլ։ Այդպիսի մեկը կկարողանա կոտրել նրա ոչխարային եղջյուրները։ Երբեմն էլ, գիտե՞ս, ոչ երկրային երանություն կպարգեւի եւ հանգիստ խղճով կգնա թերթի ընթերցումը շարունակելու։ Սատանան տանի, ա՛յ թե ինչ է նրան հարկավոր։ Իսկ ես նրա համար չափից դուրս թույլ մարդ եմ։ Ես այդ գիտեի դեռ այն ժամանակ էլ, երբ դեռ չէինք ամուսնացել։ Աստծով եմ երդվում, որ գիտեի։ Իսկ դու շատ խորամանկն ես, գրողը տանի․ այնպես էլ չամուսնացար։ Բայց հասկանո՞ւմ ես, նախքան ամուսնանալը մարդկանց երբեմն այսպիսի պատրանքներ են պարուրում․ ա՛յ, կտեսնեք, թե ինչպիսի ընտանեկան կյանք կունենամ։ Իսկ ես արդեն ձեռք եմ քաշել դրանից։ Ձեռք եմ քաշել ամեն տեսակի պատրանքներից եւ կանխազգացումներից, սատանան տանի։ Ես թույլ մարդ եմ։

— Թույլ չես։ Միայն պետք է մի քիչ ուղեղդ շարժես,— ասաց ալեհերը եւ երիտասարդ կնոջից վերցրեց կպցրած սիգարեթը։

— Իհարկե, ես թույլ մարդ եմ։ Իհարկե, թույլ եմ։ Ա՛խ, գրողի տարած, ես ինքս գիտեմ՝ թույլ մարդ եմ, թե ոչ։ Թե որ թույլ մարդ չլինեի, քո կարծիքով, միթե՞ կհանդուրժեի որ բոլորը այսպես… Է՜հհ, ի՛նչ ասեմ… Տեր աստված, այս գիշեր ես եզ քնել չեմ թողնում։ Լսափողն էլ չես կախում, սատանի ծնունդ։ Լուրջ բան եմ ասում։ Լսափողը կախիր եւ վե՛րջ։

— Ես բնավ էլ միտք չունեմ լսափողը կախելու, Արթուր։ Ես կուզենայի օգնել քեզ, եթե դա մարդկային ուժից վեր չէ,— ասաց ալեհերը։— Իսկապես, դու ինքդ քեզ…

— Նա չի հարգում ինձ։ Տեր աստված, ախր նա ինձ չի էլ սիրում։ Ըստ էության, վերջին հաշվով, ես էլ նրան այլեւս չեմ սիրում։ Չգիտեմ։ Եվ սիրում եմ, եւ չեմ սիրում։ Ամեն տեսակ լինում է։ Մեկ այսպես, մեկ այնպես։ Գրողի ծո՛ցը։ Ամեն անգամ, երբ վերջնականապես վճռում եմ այս ամենին վերջ տալ, հանկարծ չգիտեմ ինչու, պարզվում է, որ մեն ինչ֊որ տեղ ճաշի ենք հրավիրված ու ես պետք է նրա հետ ինչ֊որ տեղ հանդիպեմ, ու նա հայտնվում է այդ անիծյալ ճերմակ ձեռնոցները հագած, եւ էլի չգիտեմ, թե ինչ… Չգիտե՛մ։ Կամ ես սկսում եմ վերհիշել, ե մենք ինչպես առաջին անգամ մեկնեցինք Նյու֊Հեյվեն՝ պրինստոնյան մրցություններին։ Եվ հենց նոր էինք քաղաքից դուրս եկել, ավտոդողը ծակվեց, իսկ ցուրտն անտանելի էր, եւ մինչ ես այդ երիցս անիծյալ դողն էի փչում, նա ինձ լուսավորում էր գրպանի լապտերով… հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ուզում ասել։ Չգիտե՛մ։ Կամ հիշում եմ… գրողը տանի, նույնիսկ անհարմար է… հիշում եմ այն դատարկ բանաստեղծությունը, որը նվիրել էի նրան մեր ծանոթության հենց առաջին օրերին։ «Վարդի մեղմ բույրով, եւ կարծես ձյունե, եւ այդ շուրթերը, աչքերը կանաչ…»։ Գրողը տանի, նույնիսկ անհարմար է… Այս տողերը ինձ միշտ նրան են հիշեցնում։ Նրա աչքերը կանաչ չեն… Նրա աչքերը նման են այդ անիծյալ ծովախեցիններին, ե՛ս դրանց… Բայց միեւնույն է, դա ինձ հիշեցնում է… չգիտեմ։ Ի՞նչ օգուտ այս շատախոսությունից։ Ես գժվում եմ։ Ինչո՞ւ լսափողը չես կախում։ Լո՛ւրջ…

Ալեհերը հազաց։

— Ես բնավ էլ չեմ ուզում լսափողը կախել, Արթուր։ Միայն թե…

— Մի անգամ նա ինձ համար կոստյում գնեց։ Ի՛ր փողերով։ Քեզ չե՞մ պատմել։

— Ո՛չ, ես…

— Վեր կացել գնացել էր Թրիպլեր է, ի՛նչ է, նրա մոտ եւ ինձ համար կոստյում գնել։ Ի՛նքը, առանց ինձ ասելու։ Գրողը տանի․ ուզում եմ ասել, նրա մեջ ինչ֊որ լավ բան կա։ Զարմանալին այն է, որ կոստյումը ճիշտ վրայովս էր։ Անհրաժեշտ էր միայն տաբատը փոքր֊ինչ նեղացնել եւ մի քիչ էլ կարճացնել։ Գրո՛ղը տանի, ուզում եմ ասել, որ նա ինչ֊որ լավ գծեր ունի։

Ալեհերը մի րոպե էլ ականջ դրեց։ Հետո կտրուկ շրջվեց դեպի կինը։ միայն հայացքով անցավ նրա վրայով, բայց կինն անմիջապես հասկացավ, թե ինչ է կատարվում հաղորդալարի մյուս ծայրին։

— Դե լավ, Արթուր։ Լսի՛ր, դրանով գործին չես օգնի,— ասաց նա լսափողի մեջ։— Չե՛ս օգնի։ Լուրջ եմ ասում։ Դե՛, լսիր։ Սրտանց եմ ասում։ Խելո՛ք եղիր։ Հանվիր ու անկողին մտիր, լա․վ։ Եվ հանգստացիր։ Ջոաննան երեւի մի քանի րոպե հետո կհայտնվի։ Դու հո չե՞ս ուզում, որ նա քեզ այդ վիճակում տեսնի, ճի՞շտ է։ Եվ նրա հետ, երեւի, կխուժեն նաեւ այդ գրողի տարած Էլլենբոգենները։ Դու հո չե՞ս ուզում, որ նրանք քեզ այդ վիճակում տեսնեն, ճի՞շտ է։— Նա լռեց․ լսում էր։— Արթուր, դու լսո՞ւմ ես ինձ։

— Աստված իմ, ամբողջ գիշեր չեմ թողնելու որ քնես։ Ինչ էլ որ անեմ, ես…

— Դու ինձ բնավ չես խանգարում,— ասաց ալեհերը։— Այդ մասին մտահոգվելու կարիք չկա։ Ես արդեն ասացի, որ օրվա մեջ չորս ժամ եմ քնում։ Բայց ես շատ կուզենայի օգնել քեզ, բարեկամս, եթե միայն դա մարդկային ուժից վեր չէ։— Լռեց։— Արթուր, դու լսո՞ւմ ես։

— Ըհը՛։ Լսում եմ։ Ի՞նչ էի ուզում ասել։ Միեւնույն է, թույլ չեմ տալիս, որ քնես։ Կարելի՞ է անցնեմ քեզ մոտ մի֊մի բաժակ խմենք։ Դեմ չե՞ս։

Ալեհերը ազատ ձեռքի ափով սղալեց գլուխը։

— Հենց հիմա՞,— հարցրեց նա։

— Ասում եմ՝ հիմա։ Այսինքն, եթե դու դեմ չես։ Միայն մի րոպեով։ Ուղղակի ուզում եմ մի որեւէ տեղ գնալ, նստել… չգիտեմ։ Կարելի՞ է։

— Այո՛, ինչո՞ւ չէ։ Միայն թե, Արթուր, կարծում եմ, որ չարժե,— ասաց ալեհերը եւ ձեռքն իջեցրեց։— Այսինքն, ինձ միայն կուրախացնես, եթե գաս, բայց հավատացնում եմ քեզ, հիմա դու պետք է քեզ բուռդ հավաքես ու հանգստանաս, եւ սպասես Ջոաննային։ Հավատացնում եմ։ Հենց որ նա գա, դու պետք է տանը սպասելիս լինես նրան։ Միթե՞ ճիշտ չեմ ասում։

— Այո՜֊․։ Չգիտեմ։ Ազնիվ խոսք, չգիտեմ։

— Իսկ ես գիտեմ․ կարող ես հավատալ ինձ,— ասաց ալեհերը։— Լսի՛ր, ախր ինչո՞ւ անկողին չես մտնում, մի քիչ հանգստանում, իսկ հետո, եթե սիրտդ ուզի, նորից զանգ տուր ինձ։ Այսինքն, եթե ինձ հետ խոսելու ցանկություն ունենաս։ Եվ իզուր մի հուզվիր։ Ամենագլխավորը դա է։ Լսո՞ւմ ես։ Դե՛, ասա, համաձա՞յն ես։

— Լա՛վ։

Ալեհերը մի րոպե եւս ականջ դրեց, հետո լսափողը դրեց լծակին։

— Նա ի՞նչ ասաց,— նույն պահին հարցրեց կինը։

Ալեհերը մոխրամանից ընտրեց կիսատ թողած մնացորդների հետ խառնված սիգարեթը։ Ներս քաշեց ծուխը, ապա ասաց․

— Նա ուզում էր այստեղ գալ ու խմել։

— Տե՛ր աստված։ Իսկ դու ի՞նչ ասացիր։

— Ինքդ լսեցիր,— ասաց ալեհերը, նայելով կնոջը։— Ինքդ լսեցիր։ Մի՞թե չլսերից, թե ինչ պատասխանեցի,— նա տրորեց սիգարեթը։

— Դու հրաշալի պահեցիր քեզ։ Ուղղակի հոյակապ էր,— ասաց կինը, աչքը չհեռացնելով նրանից։— Աստվա՜ծ իմ, ինչ սարսափելի, ինչ նողկալին եմ։

— Այո՜֊ո՜,— ասաց ալեհերը,— դրությունը այնքան էլ մխիթարական չէ։ Հիրավի, չգիտեմ, արդյո՞ք այդքան հրաշալի էի։

— Ո՛չ, դու հրաշալի էիր։ Հրաշալի էիր,— ասաց կինը։— Իսկ ինձ վրա մի այնպիսի թուլություն իջավ։ Սարսափելի մի թուլություն։ Տես։

Ալեհերը նայեց նրան։

— Այո՛, իսկապես, դրությունը անելանելի է,— ասաց նա։— Այսինքն այն աստիճան անհավանական, որ նույնիսկ…

— Ներիր, սիրելիս, մի րոպե,— վրա բերեց կինը եւ թեքվեց դեպի նա։— Ինձ թվաց, թե վառվում ես,— արագ, թեթեւ շարժումներով նա ինչ֊որ բան թոթափեց տղամարդու թեւքից։— Ո՛չ, ոչի՛նչ։ Մոխիր էր։ Աստված իմ, ի՜նչ տականքն եմ ես։

— Այո՛, դրությունը ծանր է։ Նա, երեւի լիակատար…

Լսվեց հեռախոսի զանգը։



— Հե՛րն էլ անիծած,— հայհոյեց ալեհերը, բայց եւ անմիջապես վերցրեց լսափողը։— Այո՞։

— Լի՛։ Քեզ չարթնացրի՞։

— Ո՛չ։ Ո՛չ։

— Լսի՛ր, ես կարծում եմ, որ քեզ համար հետաքրքիր կլինի։ Հենց այս րոպեին ներս ընկավ Ջոաննան։

— Ի՜նչ,— հարցրեց ալեհերը եւ ձախ ձեռքով պատնեշեց աչքերը, չնայած լապտերը լուսավորում էր ոչ թե նրա դեմքը, այլ ծոծրակը։

— Ըհը՛։ Հենց նոր ներս ընկավ։ Քեզ հետ խոսելուց դեռ տասը վայրկյան էլ չէր անցել։ Դրա համար էլ որոշեցի զանգահարել քեզ, քանի դեռ նա զուգարանում է։ Լսիր, Լի՛, սրտանց շնորհակալ եմ։ Լուրջ եմ ասում։ Դու գիտես, թե բանն ինչումն է։ Ես քեզ չարթնացրի, չէ՞։

— Ո՛չ։ Ո՛չ։ Ես հենց նոր… ո՛չ, ո)չ,— ասաց ալեհերը, ձեռքը չհեռացնելով աչքերից ու հազաց։

— Տեսնո՞ւմ ես։ Երեւի այսպես է ստացվել, Լեոնան մի լավ խմելուց հետո հիստերիայի մեջ է ընկել, եւ Բոբը Ջոաննային խնդրել է իրենց հետ որեւէ տեղ գնալ ու խմել, մինչեւ որ հալից ընկնեն։ Իմ խելքը չի կտրում դու ավելի լավ կիմանաս։ Այս ամենը չափազանց բարդ բաներ են ինձ համար։ Բայց, ահա, նա արդեն տանն է։ Իհարկե, հիմար բան է։ Ազնիվ խոսք, այս ամենի պատճառը անիծյալ Նյու֊Յորքն է։ Իսկ ես կարծում եմ, որ եթե ամեն բան խաղաղվի, գուցե մի տուն կվարձենք Քոննեքթիքութի կողմերում։ Պարտադիր չէ, որ շատ հեռու լինի, բայց մի այնպիսի տեղ, ուր հնարավոր լինի մարդավարի ապրել, գրողը տանի։ Հասկանո՞ւմ ես, նա յուրահատուկ կիրք ունի ծաղիկների, թփերի եւ այդ կարգի բաների նկատմամբ։ Եթե իր պարտեզն ունենա, երեւի ուրախությունից խելքը կթռցնի։ Դու ինձ հասկանո՞ւմ ես։ Ախր, Նյու֊Յորքում մեր բոլոր ծանոթները, իհարկե, բացի քեզնից, փսիխոպատներ են, հասկանո՞ւմ ես։ Դրանից խելոք մարդն էլ կգժվի վաղ, թե ուշ։ Դու ինձ հասկանո՞ւմ ես։

Ալեհերը համառորեն լռում էր։ Ափի պատնեշի տակ նրա աչքերը փակ էին։

— Մի խոսքով, ուզում եմ այսօր այս մասին խորհրդակցել։ Կամ գուցե վաղն առավոտյա՞ն։ Նրա խելքը դեռ գլուխը չի եկել։ Հասկանո՞ւմ ես, ըստ էության, նա հրաշալի աղջիկ է, եւ, քանի որ ամեն բան հարթելու առիթը կա, հիմարություն կլինի, եթե չփորձենք։ Հա՛, ի դեպ, միաժամանակ ես կփորձեմ հարթել նաեւ փայտոջիլների հետ կապված այդ զզվելի պատմությունը։ Արդեն մտածել եմ։ Հետաքրքիր է, Լի՛, քո կարծիքով ինչպե՞ս է, եթե ուղղակի շեֆի մոտ գնամ եւ խոսեմ հետը, գուցե ես…

— Ներիր ինձ, Արթուր, եթե դեմ չես, ես…

— Միայն թե մտքովդ չանցնի, թե ես զանգահարում եմ, որովհետեւ անհանգստացած եմ իմ այդ հիմար ծառայությամբ եւ կամ նման մի բանով։ Ամենեւին։ Ըստ էության դա ինձ շատ քիչ է անհանգստացնում, գրո՛ղը տանի։ Պարզապես մտածեցի, որ եթե հնարավոր լինի կաշվից դուրս չգալ, բայց այնուամենայնիվ հանգստացնել շեֆին, ուրեմն հիմար կլինեմ…

— Լսի՛ր, Արթուր,— ընդհատեց ալեհերը, ձեռքը հեռացնելով դեմքից,— հանկարծ գլուխս ահավոր ցավ բռնեց։ Սատանան գիտե, թե ինչից։ Դու ինձ կներե՞ս, եթե հիմա վերջ տանք։ Առավոտյան կզրուցենք, լա՞վ։— Նա մի րոպե էլ ականջ կախեց, եւ ապա դրեց լսափողը։



Կինն անմիջապես ինչ֊որ բան սկսեց ասել, բայց նա չպատասխանեց։ Մոխրամանից վերցրեց կնոջ սիգարեթի մնացորդը եւ այն է, տանում էր դեպի շուրթերը, բայց ցած նետեց։ Կինն ուզեց օգնել նրան սիգարեթը գտնելու— մեկ էլ տեսար մի բան վառվեց— բայց նա ասաց, որ ի սեր բոլոր սրբերի, իր տեղը վեր ընկնի։ Եվ կինը թողեց նրա ձեռքը։
Վստահելի
593
edits