Changes
/* II։ Շարունակությունը */
=== II։ Շարունակությունը ===
Բժիշկները հիվանդասենյակներում շրջում էին առավոտյան. ժամը տասնմեկին մոտ հայտնվում էին բոլորով, ուղեկցելով գլխավոր բժշկին, իսկ նրանցից մեկուկես ժամ առաջ, հիվանդասենյակ էր գալիս մեր օրդինատորը։ Այն ժամանակ մեր օրդինատորը երիտասարդ, բժիշկ էր, բանիմաց, սիրալիր, բարեհամբույր, ում շատ էին սիրում կալանավորները և նրա մեջ միայն մի թերություն գտնում՝ «չափից ավելի է խոնարհ»։ Իսկապես էլ, նա մի տեսակ սակավախոս էր, նույնիսկ կարծես քաշվում էր մեզնից, համարյա կարմրում էր, դեղաչափը փոխում հիվանդների առաջին իսկ խնդրանքով և թվում էր պատրաստ է դեղեր նշանակել հենց հիվանդների խնդրանքով։ Իմիջիայլոց, փառավոր երիտասարդ էր։ Հարկ է ընդունել, որ Ռուսիայում հասարակ ժողովրդի սերն ու հարգանքն են վայելում շատ բժիշկներ և դա, որքան նկատել եմ, կատարյալ ճշմարտություն է։ Գիտեմ, որ խոսքերս պարադոքս կթվան, հատկապես նկատի առնելով ռուս հասարակ ժողովրդի համընդհանուր անվստահությունը բժշկության և անդրծովյան դեղերի հանդեպ։ Իրականում, հասարակ մարդը տարիներ շարունակ տառապելով ամենածանր հիվանդությամբ, կբուժվի հեքիմ կնոջ մոտ կամ իր տնական, ժողովրդական դեղերով (դրանք երբեք չպետք է արհամարհել), քան կգնա բժշկի կամ հոսպիտալում կպառկի։ Սակայն դրանից բացի, այդտեղ մի կարևոր, արտակարգ հանգամանք կա, որ ամենևին կապ չունի բժշկության հետ, այն է՝ հասարակ մարդկանց համընդհանուր անվստահությունն ամենայն ինչի նկատմամբ, ինչ կրում է վարչականի, պաշտոնականի կնիքը։ Դրանից էլ բացի, ժողովուրդը վախեցած և կանխակալ է հոսպիտալների դեմ՝ զանազան վախեր ունի, ասեկոսեներ, հաճախ անհեթեթ, սակայն երբեմն էլ՝ հիմնավոր։ Իսկ գլխավորն այն է, որ նրան վախեցնում են հոսպիտալի գերմանական կարգերը, հիվանդության ամբողջ ընթացքում օտար մարդկանց ներկայությունը, խստություններն ուտելիքի խնդրում, պատմությունները բուժակների և բժիշկների հետևեողական խստության, դիակները կտրատելու և փորփրելու մասին և այլն։ Ինչպես դատում է ժողովուրդը, ընդսմին, պարոններն են բուժելու, քանզի ամեն դեպքում, պարոններ են բժիշկները։ Բայց բժիշկների հետ ավելի սերտ ծանոթանալուց հետո (թեև ոչ առանց բացառության, սակայն մեծ մասամբ) բոլոր այդ վախերը չքանում են շատ շուտով, ինչ, կարծում եմ, ուղղակիորեն պատիվ է բերում մեր բժիշկներին, գերազանցապես երիտասարդներին։ Մեծ մասը նրանցից կարողանում է վաստակել հասարակ մարդկանց հարգանքը և անգամ սերը։ Ծայրահեղ դեպքում, ես գրում եմ այն մասին, ինչ ինքս եմ տեսել ու կրել բազմիցս, շատ տեղերում, և հիմքեր չունեմ կարծելու, թե այլ վայրերում չափից ավելի շատ վարվում են ուրիշ կերպ։ Հարկավ, որոշ տեղերում բժիշկները կաշառք են վերցնում, մեծապես օգտվում իրենց հիվանդներից, համարյա քամահրում հիվանդներին, անգամ իսպառ մոռանում բժշկությունը։ Դեռևս դա կա, բայց ես խոսում եմ մեծամասնության մասին կամ ավելի լավ է ասել, այն ոգու, այն ուղղվածության մասին, որն իրականացվում է հիմա, մեր օրերում, բժշկության մեջ։ Իսկ նրանք՝ ուխտադրուժները, ոչխարի հոտին խառնված գայլերը, մինչ էլ ներկայացնեն ի արդարացումն իրենց, ինչպես էլ արդարանան, օրինակ ասենք, ''միջավայրով'', որն իր հերթին կլլել է իրենց, մշտապես անիրավացի կլինեն, հատկապես եթե ընդսմին կորցրել են նաև մարդասիրությունը։ Իսկ մարդասիրությունը, գուրգուրանքը, եղբայրական կարեկցանքը հիվանդի հանդեպ, երբեմն ավելի են պետք բոլոր դեղամիջոցներից։ Ժամանակն է, որ դադարենք անտարբերությամբ տրտնջալ միջավայրից, իբր դա կլլել է մեզ։ Ընդունենք, թե ճշմարիտ է, շատ բան կլլում է մեզնից, և հաճախ ոմն խորամանկ և գործը հասկացող խարդախ, միջավայրի ներգործությամբ թաքցնում և արդարացնում է իր ոչ թե մեկ թուլությունը, հաճախ էլ պարզապես ստորությունը, հատկապես եթե կարողանում է սիրուն-սիրուն խոսել կամ գրել։ Ի դեպ, դարձյալ շեղվեցի նյութից, ուզում էի ասել սոսկ, որ հասարակ ժողովուրդն անվստահ և թշնամաբար է տրամադրված առավելապես բժշկական վարչակազմի և ոչ բժիշկների նկատմամբ։ Իմանալով, ինչպիսիք են նրանք իրականում, նա շուտով կորցնում է իր շատ նախապաշարմունքները։ Մեր բուժարանների մնացյալ իրավիճակը մինչև հիմա շատ հարցերում իր կանոններով չի համապատասխանում հասարակ ժողովրդի ոգուն, մինչև հիմա թշնամական է մեր հասարակ ժողովրդի սովորույթներին և ի վիճակի չէ ձեռք բերել ժողովրդյան լիակատար վստահությունը և հարգանքը։ Համենայն դեպս, ինձ այդպես է թվում՝ սեփական որոշ տպավորություններից։
Մեր օրդինատորը սովորաբար կանգ էր առնում յուրաքանչյուր հիվանդի մոտ, լրջորեն և արտակարգ ուշադրությամբ զննում և հարցուփորձ էր անում նրան, դեղեր և չափաբաժիններ նշանակում։ Երբեմն ինքն էլ էր նկատում, որ հիվանդը ոչ մի հիվանդություն էլ չունի, բայց քանի որ նա եկել էր աշխատանքից դադար առնելու կամ պառկելու ներքնակի վրա՝ չոր տախտակի փոխարեն, և վերջապես, այնուամենայնիվ, տաք սենյակում, այլ ոչ խոնավ կորդեգարդիայում, ուր նեղվածքի մեջ էին պահվում գունատ և հյուծված մեղադրյալների հոծ խմբեր (մեզ մոտ՝ Ռուսիայում, մեղադրյայները համարյա միշտ գունատ են ու հյուծված՝ հատկանիշ, որ նրանց պահում են և հոգեվիճակն էլ միշտ ավելի ծանր է, քան դատապարտվածներինը), ապա մեր օրդինատորը հանգիստ գրանցում էր մի որևէ febris catashalis և թողնում պառկելու երբեմն մի ամբողջ շաբաթ։ Այդ febris catashalis-ի վրա մեզ մոտ ծիծաղում էին։ Շատ լավ գիտեին, որ դա մեզանում ընդունված, բժշկի և հիվանդի փոխադարձ համաձայնությամբ, մի տեսակ բանաձևում է սարքովի հիվանդության նշման համար, «պահեստի աչքխոթողներ», ինչպես «թարգմանում» էին կալանավորներն այդ «febris catashalis»-ը։ Երբեմն հիվանդը չարաշահում էր բժշկի բարեսրտությունը և շարունակում պառկել այնքան ժամանակ, մինչև ուժով կվռնդեին նրան։ Այդ ժամանակ պետք էր տեսնել մեր օրդինատորին․ կարծես երկնչում էր, կարծես ամաչում էր ուղղակի ասել հիվանդին, որ առողջանա և շուտով խնդրի դուրս գրել իրեն, թեև կատարյալ իրավունք ուներ առանց դեսուդենի, առանց ամեն կարգի խոսակցությունների և համոզելու, նրա հիվանդաթերթիկի վրա գրելով sanatest։ Սկզբում նա ակնարկում էր հիվանդին, հետո յուրօրինակ հորդորում. «Ժամանակը չէ՞, արդյոք, չէ որ արդեն համարյա առողջ ես, հիվանդասենյակում էլ նեղվածք է» և այլն, և այլն, այնքան ժամանակ, մինչև հիվանդի խիղճը կտանջեր և վերջապես ինքը կխնդրեր դուրս գրվել։ Ավագ բժիշկը, չնայած թե մարդասեր էր, թե ազնիվ (նրան նույնպես շատ էին սիրում հիվանդները), սակայն անհամեմատ ավելի խիստ էր, օրդինատորից ավելի վճռական, առանձին դեպքերում նույնիսկ դաժան խստություն էր դրսևորում, և դրա համար նրան հատկապես էին հարգում։ Նա հայտնվում էր հոսպիտալի բոլոր բժիշկների ուղեկցությամբ, օրդինատորից հետո, նույնպես զննում յուրաքանչյուրին առանձին, հատկապես կանգ առնում ծանր հիվանդների մոտ, միշտ կարողանում էր ասել բարի, քաջալերիչ, հաճախ նույնիսկ սրտալի խոսք և ընգհանրապես լավ տպավորություն էր թողնում։ «Պահեստի աչքխոթոցներով» եկածներին երբեք չէր մերժում ու ետ չէր ուղարկում, բայց եթե հիվանդն ինքն էր համառում, ապա հեշտ ու հանգիստ դուրս էր գրում, «Է՛, ինչ, եղբայր, պառկեցիր բավական ժամանակ հանգստացար, գնա, նամուսն էլ է լավ բան»։ Սովորաբար համառում էին կամ աշխատանքից ծուլացողները հատկապես ամռան աշխատանքային ամիսներին, կամ էլ ամբաստանյալներից նրանք, ովքեր պատիժ էին սպասում։ Հիշում եմ, այդպիսի մեկի նկատմամբ գործադրեցին հատուկ խստություն, անգամ դաժանություն, որպեսզի հարկադրեն դուրս գրվել։ Եկել էր աչքի հիվանդությամբ, աչքերը կարմրել էին, բողոքում էր սաստիկ, ծակող ցավերից։ Նրան սկսեցին բուժել ճանճասպեղանիով, տզրուկներով, քայքայող ինչ֊որ հեղուկի ցայտքերով և այլն, սակայն հիվանդությունն, այդուհանդերձ, չէր անցնում, աչքերը չէին մաքրվում։ Կամաց-կամաց կռահեցին բժիշկները, որ հիվանդությունը սարքովի է. բորբոքումը մշտապես մեծ չէր, ոչ վատանում էր, ոչ էլ բուժվում, շարունակ նույն վիճակն էր՝ դեպքը կասկածելի էր։ Վաղուց արդեն բոլոր կալանավորները գիտեին, որ ձևացնում է, խաբում է մարդկանց, թեև ինքը չէր խոստովանում։ Երիտասարդ էր, նույնիսկ գեղեցկատես, բայց մի տեսակ անդուր տպավորություն էր թողնում բոլորիս վրա՝ գաղտնապահ, կասկածամիտ, խոժոռված, ոչ մեկի հետ չէր խոսում, նայում էր հոնքերի տակից, թաքնվում բոլորից, ասես կասկածելով բոլորին։ Հիշում եմ, ոմանց մտքով անցնում էր, թե մի փորձանք չբերի։ Զինվոր էր եղել, մեծ գողություններ արել, մերկացվել ու դատապարտվել հազար մահակածեծի և կալանավորական վաշտ ուղարկվելու։ Պատժի պահը հեռացնելու համար, ինչպես նշել եմ վերը, կալանավորները երբեմն դիմում են սարսափելի հնարների. պատժի նախօրեին դանակով կխփի ղեկավարությունից որևէ մեկին, կամ կալանավոր իր եղբորը, նրան նորովի կդատեն, և պատժումը կհետաձգվի ես երկու ամսով, ուստի նպատակին հասել է։ Հոգը չէ, որ երկու ամիս անց իրեն պատժելու են երկու, երեք անգամ ավելի խիստ, միայն թե հիմա հեռացնի այդ գաժան պահը թեկուզ մի քանի օրով, իսկ հետո ինչ ուզում է, թող լինի՝ երբեմն այնքան ուժեղ է լինում այդ թշվառականների հոգեկան ահավոր անկումը։ Մեզ մոտ արդեն փսփսում էին իրար մեջ, որ զգուշանան նրանից, գուցեև մեկնումեկին գիշերով կդանակահարի։ Իմիջիայլոց, այդպես խոսում էին միմիայն, իսկ նախազգուշական առանձին միջոցներ չէին ձեռնարկում անգամ նրանք, ում պառկելատեղը նրա կողքին էր։ Իմիջիայլոց, տեսնում էին, որ գիշերները նա տրորում է աչքերը պատի ծեփով, էլի ինչ-որ բանով, որպեսզի առավոտյան աչքերը կարմրած լինեն.։ Ի վերջո, գլխավոր բժիշկը սպառնաց նրան կտավաքողով։ Աչքի տևական հիվանդության ժամանակ, որը ձգվում է երկար և երբ բժշկական բոլոր միջոցները փորձված են տեսողությունը փրկելու համար, բժիշկները դիմում են ուժեղ և տանջալի միջոցի. հիվանդին կտավաքող են նշանակում, ճիշտ ինչպես ձիուն։ Բայց թշվառականն այդտեղ էլ չհամաձայնեց ապաքինվել։ Ի՜նչ համառ բնավորություն էր, կամ չափից ավելի վախկոտ, չէ որ ծակծկումը թեև մահակածեծ չէր, բայց էլի շատ էր տանջալի։ Հիվանդի վզի ետևում մաշկը ձգում են ձեռքով, ինչքան հնարավոր է, բռի մեջ հավաքված մաշկը ծակծկում են դանակով, որից լայն ու երկայնակի վերք է գոյանում ծոծրակով մեկ, և այդ վերքի մեջ մտցնում բավականաչափ լայն, համարյա մատնաչափ կտավի շերտ։ Հետո ամեն օր, որոշակի ժամի, այդ շերտը քաշքշում են վերքի մեջ, այնպես, որ կարծես նորից են կտրատում, որպեսզի վերքն ընդմիշտ թարախակալի և չսպիանա։ Խեղճն ահավոր այդ տանջանքին էլ դիմացավ համառորեն, մի քանի օր և վերջապես համաձայնեց գուրս գրվել։ Աչքերը մեկ օրում կատարելապես ապաքինվեցին, և հենց սպիացավ ծոծրակը, նրան ուղարկեցին աբվախտ, որպեսզի վաղն ևեթ ելնի հազար մահակածեծի։
Անշուշտ, դժվարին է պահը՝ պատժից առաջ, դժվարին այն աստիճան, որ գուցեև մեղք եմ անում հոգուս, այդ վախը կոչելով փոքրոգություն և վախկոտություն։ Ուրեմն, դժվար է, երբ ենթարկվում են կրկնակի, եռակի պատիժների, միայն թե հիմաի կատար չածվի։ Ի դեպ, հիշատակել եմ նաև նրանց մասին, ովքեր իրենք էին խնդրում շուտափույթ դուրսգրում, դեռևս առաջին հարվածներից չսպիացած մեջքով, որպեսզի մյուս հարվածներն էլ կրեն և վերջնականապես ելնեն դատի տակից, իսկ ենթադատ մնալն աբվախտում, հարկավ, բոլորի համար անհամեմատ ավելի վատ է տաժանակրությունից։ Սակայն խառնվածքների տարբերությունից զատ, ոմանց վճռականության և աներկյուղության մեջ մեծ դեր է խաղում ծեծի և պատժի հանդեպ արմատացած սովորույթը։ Բազմիցս գանահարվածը մի տեսակ ամրանում է հոգով և մեջքով և, ի վերջո, պատիժը դիտելով քմծիծաղով, համարյա ինչպես թեթևակի անհարմարություն, այլևս չի վախենում դրանից։ Ընդհանուր առմամբ ասած, ճշմարտացի է։ Մեր կալանավորներից մեկը՝ հատուկ բաժանմունքից, մկրտված կալմիկ Ալեքսանդրը կամ Ալեքսանդրան, ինչպես կոչում էին մեզ մոտ նրան, տարօրինակ մեկն էր, քիչումիչ խարդախ, աներկյուղ և միաժամանակ շատ բարեհոգի, պատմում էր ինձ, թե ինչպես է կրել և դիմադել իր չորս հազարին, պատմում էր ծիծաղելով ու կատակելով, բայց տեղնուտեղը երդվեց շատ լրջորեն, որ դեռևս վաղ, քնքշաբարո մանկուց եթե հասակ առած չլիներ մտրակի տակ, որից տառացիորեն ամբողջ կյանքում չչքացան մեջքի վրայի սպիներն իր հորդայում, ապա ոչ մի դեպքում չէր դիմանա այդ չորս հազարին։ Պատմելիս կարծես օրհնում էր այդ դաստիարակությունը մտրակի տակ։ «Ամեն բանի համար ինձ ծեծում էին, Ալեքսանդր Պետրովիչ,— մի անգամ ասաց նա, նստած իմ մահճակալին, իրիկնամուտին, լույսերը մարելուց առաջ,— եղած֊չեղածի, ինչի համար ասես, տասնհինգ տարի, վրա֊վրա, հենց այն օրից, ինչ ինձ հիշում եմ, օրական մի քանի անգամ, չէր խփում մենակ նա, ով չէր ուզում։ Այնպես որ վերջում արդեն լրիվ վարժվել էի»։ Ինչպես էր գնացել զինվորության, չեմ հիշում, չգիտեմ, ի դեպ գուցեև պատմել է՝ մշտապես փախչող էր ու թափառական։ Միայն հիշում եմ նրա պատմածը, թե ինչպես ահավոր վախեցավ, երբ դատապարտեցին չորս հազար մահակածեծի՝ պետին սպանելու համար։ «Գիտեի, որ ինձ դատելու են շատ խիստ և որ կարող է, մահակի տակից բաց չթողնեն, ու չնայած մտրակին վարժված էի, բայց ախր, չորս հազար մահակը կատակ բան չի, ավելացրած, որ ամբողջ ղեկավարությունը չարացած էր։ Գիտեի, հաստատ գիտեի, որ անպատիժ չի մնա, չդիմացա՝ կարող է մահակի տակից բաց չեն թողնի։ Սկզբում փորձ արեցի մկրտվել, մտածեցի՝ վայ թե ներեն, ու չնայած մերոնք էլ էին ասում, որ դրանից բան դուրս չի գա, չեն ներելու, բայց մտածեցի՝ ամեն դեպքում փորձեմ, ամեն դեպքում նրանք կխղճան ծեծել մկրտվածին։ Իսկականից էլ ինձ մկրտեցին և սուրբ մկրտությանը Ալեքսանդր անունը տվեցին, բայց դե, մահակները մնացին մահակ։ Գոնե մեկը ներեին, նույնիսկ վիրավորական էր։ Ինքս ինձ մտածեցի, դե լավ, սպասեք, բոլորիդ իսկականից եմ խաբելու։ Ու ինչ եք կարծում, Ալեքսանդր Պետրովիչ, խաբեցի։ Ես անասելի լավ կարենում էի մեռած ձևացնել, այսինքն, ոչ թե որ լրիվ մեռած, այլ որ հրես-հրես, շունչս կփչեմ։ Ինձ տարան, առաջին հազարին էին տանում՝ լավ դաղում էր, ես էլ՝ գոռում։ Տարան երկրորդին, ըհը՜, մտածեցի, վերջս գալիս է, խելքս լրիվ ցնդեցրել են, ոտքերս չեն պահում, ու շրը՜մփ՝ գետնին, աչքերս քարացան, երեսս կապույտ, շունչ չկա, բերանս փրփուր է կապել։ Մոտեցավ բուժակը, ասաց՝ հիմա կմեռնի։ Ինձ տարան հոսպիտալ, ու ես տեղնուտեղը կենդանացա։ Ուրեմն, հետո ինձ երկու անգամ էլ տարան, և արդեն չարացած էին վրաս, շատ էին չարացած, իսկ ես երկու անգամ էլ խաբեցի։ Երրորդ հազարից մենակ մեկը կերա, մեռած ձևացա, իսկ հենց եկավ չորրորդը, ամեն մահակը երեքի տեղ կլիներ՝ էնքան ցավոտ էին խփում։ Կատաղած էին վրաս։ Էդ վերջին ոչուփուչ հազարը (ես դրա...) լրիվ արժեր առաջին երեքին, ու որ չմեռա վերջից առաջ (մնացել էր ընդամենը երկու հարյուր մահակ), տեղնուտեղը կմեռցնեին ծեծելով, բայց ինձ չկորցրի. նորից խաբեցի ու նորից մեռած ձևացա, էլի հավատացին։ Ախր, ո՞նց չհավատային, բժիշկն էր հավատում, էնպես որ վերջին երկու հարյուրի վրա, ու չնայած հետո ամբողջ ուժով էին խփում, էնպես որ ուրիշ անգամ երկու հազարը հեշտ էր երևում, բայց չէ, քեզ ասեմ, չմեռցրին, բայց ինչի՞ չմեռցրին։ Էլի որ փոքրուց մտրակի տակ էի մեծացել։ Դրանից էլ էսօր ողջ ու առողջ եմ։ Օ՜հ, հո չեն ծեծել, հո ծեծ չեն տվել ինձ կյանքում»,— ավելացրեց նա պատմության վերջում, տրտում մտորումների մեջ կարծես ջանալով վերհիշել ու թվարկել, թե քանի անգամ են իրեն ծեծել։ «Չէ,― ավելացրեց նա, մի պահ լռելուց հետո,— հաշվել չի լինի, ինչքան են ծեծել, մեկ էլ՝ ի՜նչ հաշվես։ Հաշիվ֊համրանք չկա»։ Նայեց ինձ ու ծիծաղեց, այնքան բարեհոգի, որ չկարողացա չժպտալ նրան ի պատասխան։ «Գիտեք ինչ, Ալեքսանդր Պետրովիչ, ախր հիմա էլ, թե գիշերն երազ տեսա, անպայման ինձ ծեծելիս կլինեն, ուրիշ երազ չի գալիս»։ Իսկապես, գիշերները նա հաճախ էր գոռում և գոռում կոկորդով մեկ, այնպես որ կալանավորները հաճախ արթնացնում էին՝ բոթրթելով. «Ինչ ես գոռում, գրողի տարած»։ Պնդակազմ մեկն էր, ոչ բարձրահասակ, վտվտիկ ու զվարթ, քառասունհինգ տարեկան կլիներ, բոլորի հետ հաշտ ապրում էր, ու թեև շատ էր սիրում գողանալ և շատ հաճախ էլ ծեծվում դրա համար, բայց դե, մեզ մոտ ո՞վ չէր գողանում և ծեծ չէր ուտում դրա համար։
Մի բան էլ ավելացնեմ․ միշտ զարմանում էի անսովոր այն բարեհոգությամբ, որով պատմում էին բոլոր ծեծվածներն այն մասին, թե ինչպես են մահակածեծ արվել և նրանց մասին, ովքեր ծեծել են։ Հաճախ չարացածության կամ ատելության նշույլ իսկ չէր լինում այդպիսի պատմության մեջ, ինչից տակնուվրա էր լինում սիրտս և սկսում սաստիկ զարկել։ Իսկ նրանք պատմում էին ու ծիծաղում երեխաների պես։ Ահա, ասենք, Մ․֊ցկին, պատմում էր իր պատժի մասին, նա ազնվականներից չէր և հինգ հարյուրը ստացել էր։ Այդ մասին իմացել էի ուրիշներից և ինքս հարցրի․ ճի՞շտ է արդյոք դա և ինչպե՞ս է եղել։ Նա պատասխանեց մի տեսակ կարճ, ասես ներքին ցավով, ճիշտ կարծես ջանալով՝ չնայել ինձ, և դեմքը կարմրատակեց։ Քիչ անց նայեց, և աչքերի մեջ ցոլաց ատելության կրակը, իսկ շրթունքը դողաց զայրույթից։ Զգացի, որ նա երբեք չի կարող մոռանալ իր անցյալի այդ էջը։ Սակայն մերոնք, համարյա բոլորը (չեմ երաշխավորում, թե բացառություններ չլինեն) դրան նայում էին միանգամայն ուրիշ կերպ։ Երբեմն մտածում էի՝ չի կարող պաաահել, որ նրանք լիովին մեղավոր համարեն իրենց և պատժի արժանի, հատկապես եթե մեղք գործած լինեն ոչ յուրայինների, այլ ղեկավարության դեմ։ Մեծամասնությունն ամենևին չէր մեղադրում իրեն։ Ասել եմ արդեն, որ խղճի խայթ չեմ նկատել, անգամ այն դեպքերում, երբ հանցանքը գործվել էր իրենց իսկ շրջապատի դեմ։ Ղեկավարության դեմ հանցանքների մասին խոսել իսկ չարժե։ Երբեմն ինձ թվում էր, որ վերջին դեպքում առկա է յուրովի առանձնահատուկ, այսպես ասած, ինչ-որ գործնական, ավելի լավ է, փաստական հայացք խնդրո հանդեպ։ Հաշվի էր առնվում ճակատագիրը, փաստի անդիմագրավելիությունը և ոչ ինչ-ինչ կերպ մտածված, այլ հենց այնպես, չգիտակցված, ինչպես որևիցե հավատ։ Օրինակ, կալանավորը թեև մշտապես հակված է իրեն իրավացի զգալ՝ ղեկավարության դեմ գործած հանցանքներում, այնպես որ հարցն ինքնին նրա համար աներևակայելի էր, բայց և այնպես գործնականորեն գիտակցում էր, որ ղեկավարությունն իր հանցանքին միանգամայն ուրիշ հայացքով է նայում, ուրեմնև ինքը պիտի պատժվի, և դրանով քվիտ են։ Պայքարն այստեղ երկկողմանի է։ Ընդ որում, հանցագործը գիտե և չի կասկածում, որ ինքն արդարացված է իր հարազատ միջավայրի դատով, իր իսկ հասարակ ժողովրդի, ինչը հանցագործը դարձյալ գիտե, երբեք վերջնականապես չի դատապարտի իրեն, իսկ մեծ մասին լիովին կարդարացնի, միայն թե մեղքն ուղղված չլինի յուրայինների, եղբայրների, իր իսկ հասարակ ժողովրդի դեմ։ Խիղճը հանգիստ է, իսկ խղճով նա ամուր է և բարոյապես չի ճնշվում, իսկ դա գլխավորն է։ Նա կարծես զգում է, որ հենվելու տեղ ունի, ուստիև ոչ թե ատում է, այլ իր հետ կատարվածն ընդունում որպես անխուսափելի փաստ, որը ոչ իրենով է սկսվել, ոչ էլ իրենով է վերջանալու և դեռ երկար-երկար շարունակվելու է, մեկընդմիշտ հաստատված, կրավորական, սակայն համառ պայքարում։ Այդ ո՞ր զինվորն է անձամբ ատում թուրքին, երբ պատերազմում է նրա դեմ, իսկ չէ որ այդ թուրքը սպանում, խոցում, կրակում է իր վրա։ Իմիջիայլոց, ոչ բոլոր պատմություններն էին բացարձակորեն սառնասիրտ ու անտարբեր։ Օրինակ, պորուչիկ Ժերեբյատնիկովի մասին պատմում էին զայրույթի որոշ երանգով նույնիսկ, ընդ որում՝ ոչ շատ։ Այդ պորուչիկ Ժերեբյատնիկովի հետ ծանոթացել էի դեռևս առաջին անգամ հիվանդանոցում պառկելիս, հարկավ, կալանավորների պատմածներից։ Հետո մի անգամ տեսա անձամբ, երբ ժամապահ էր կանգնած։ Երեսունի մատույցներում, բարձրահասակ, գեր, ճարպոտ, վարդագույն, կախկխված այտերով, ճերմակ ատամներով և նոզդրևյան որոտնաձայն ծիծաղ ունեցող մեկն էր։ Դեմքից էր երևում, որ աշխարհիս ամենաչմտածող արարածն է։ Այնչափ շատ էր սիրում ծեծել և գանահարել, երբ մեկ-մեկ պատժող էին կարգում։ Շտապեմ ավելացնել, որ պորուչիկ Ժերեբյատնիկովին այն ժամանակ էլ էին նայում որպես մի այլանդակի՝ իր իսկ յուրայինների մեջ, այդպես էին նայում նաև կալանավորները։ Նրանից բացի, ուրիշ կատարածուներ էլ կային, անշուշտ հնում, այն ոչ ուշ անցյալում, որի մասին «թարմ է պատումը, բայց դժվար հավատալի», նրանց, ովքեր սիրում էին գործն անել եռանդագին ու ջանադիր։ Սակայն մեծ մասամբ դա արվում էր պարզունակ և առանց առանձին հափշտակության։ Իսկ պորուչիկր կատարողական գործում նման էր մի նրբաքիմք գաստրոնոմի։ Նա սիրում, կրքոտաբար էր սիրում կատարածուական արվեստը և սիրում էր լոկ հանուն արվեստի։ Նա վայելում էր դա, ըմբոշխնում, ինչպես հռոմեական կայսրության ժամանակների՝ վայելքներից հղփացած, խունացած պատրիկ, ինքն իր համար մոգոնում էր զանազան նրբաքիմք, հակաբնական բաներ, որպեսզի փոքր-ինչ գրգռի և խտուտ տա իր ճարպախեղդ հոգին։ Ահա, կալանավորին բերում են պատժելու, Ժերեբյատնիկովը կատարածուն է։ Հաստ մահակներով զինված մարդկանց երկարուկ շարքին նետած մի հայացք արդեն ոգեշնչում է նրան։ Ինքնաբավ անցնում է շարքի առջևով ու խստիվ հաստատում, որ յուրաքանչյուրն իր գործն անի ջանադրաբար, խղճմտանքով, թե չէ... Բայց ջահել զինվորներն էլ գիտեն, ինչ ասել է այդ ''թե չէ''-ն։ Բայց ահա բերում են հենց իրեն՝ կալանավորին, և եթե նա դեռևս ծանոթ չէ Ժերեբյատնիկովին, եթե դեռևս չի լսել նրա մասին՝ գաղտնիքներով հանդերձ, ապա այսպիսի մի թատրոն է սարքում կատարածուն։ (Անշուշտ, նրա հարյուրավոր օյիններից մեկը, պորուչիկն անսպառ հորինող էր)։ Յուրաքանչյուր կալանավոր այն պահին, երբ մերկացնում են իրեն, իսկ ձեռքերր կապում հրացանների խզակոթերին, որոնցով ենթասպաներն արդեն քաշեքաշ տանում են ամբողջ կանաչ փողոցով, յուրաքանչյուր կալանավոր, հետևելով ընդհանուր սովորույթին, այդ պահին սկսում էր արտասվախառը, աղերսական ձայնով աղաչել կատարածուին, որ ավելի թեթև պատժի և պատիժը չսաստկացնի ավելորդ խստությամբ. «Ձերդ ազնվություն,— բղավում է թշվառականը,— ողորմացեք, հարազատ հոր պես, էնպես արեք, որ հազար տարի ձեզ համար աղոթք անեմ Աստծուն, մի սպանեք, ողորմած եղեք»։ Ժերեբյատնիկովն էլ հենց դրան է սպասում։ Անմիջապես դադարեցնում է ընթացքր և նույնպես սրտառուչ տեսքով խոսակցություն սկսում կալանավորի հետ.
― Բարեկամս,― ասում է նա,— ախր ես ի՞նչ անեմ քեզ հետ։ Ես չեմ պատժողը, այլ օրենքը։
― Ձերդ ազնվություն, ամեն բան ձեր ձեռին է, ողորմած եղեք։
― Իսկ դու կարծում ես, չե՞մ խղճում քեզ։ Կարծում ես, ինձ համար դուրեկա՞ն կլինի նայելը, թե ինչպես են ծեծում Ախր, ես էլ եմ մարդ։ Քո կարծիքով, մա՞րդ եմ, թե չէ։
― Բա ոնց, ձերդ ազնվություն, հայտնի բան է. դուք ծնող, մենք զավակ։ Հարազատ հոր տեղ եղեք,— բղավում է կալանավորը, սկսելով արդեն հուսալ։
― Հա, բարեկամս, ինքդ դատի, խելք հո ունես, որ դատես, ախր ինքս էլ գիտեմ, որ մարդու պես պիտի նայեմ քեզ մեղավորիդ, ներողամտությամբ և ողորմածությամբ։
― Լրիվ ճիշտ բան ասիք, ձերդ ազնվություն, լրիվ։
― Հա, ողորմածությամբ նայել, ինչքան էլ մեղավոր եղար։ Բայց ախր էստեղ ես չեմ, օրենքն է։ Ախր, ես Աստծուն եմ ծառայում ու հայրենիքին, ախր ես ծանր մեղք կգործեմ, եթե թուլացնեմ օրենքը, մտածիր էդ մասին։
― Ձերդ ազնվություն...
― Դե, էլ ի՛նչ։ Էդպես էլ թող լինի քեզ համար։ Գիտեմ, որ մեղք եմ գործում, բայց թող լինի․․․ Էս անգամ քեզ կներեմ, թեթև կպատժեմ։ Լավ, իսկ որ դրանով հենց քեզ վնաս տա՞մ։ Հրես, քեզ ներեմ, թեթև պատժեմ, դու էլ հուսով լինես, որ մյուս անգամ էլ էդպես կլինի, բռնես ու նոր հանցանք գործես, էն ժամանա՞կ ինչ։ Ախր, հոգուս մեղք արած կլինեմ...
― Ձերդ ազնվություն, բարեկամ-թշնամուս կարգելեմ։ Այ, ոնց որ երկնքի տիրակալի գահի առաջ...
― Էհ, դե լավ, լավ։ Բայց ինձ կերդվե՞ս, որ սրանից հետո քեզ լավ ես պահելու։
― Աստված ինձ քարացնի, որ էն աշխարհում էլ...
― Երդում մի կեր, մեղք է։ Ես քո խոսքին էլ կհավատամ, խոսք տալի՞ս ես։
― Ձերգ ազնվություն։
― Ուրեմն, լսիր, կներեմ քեզ՝ քո որբի արցունքների համար, ո՞րբ ես։
― Որբ եմ, ձերդ ազնվություն, մեն֊մենակ, ոչ հեր, ոչ մեր...
― Լավ, ուրեմն, քո որբի արցունքների համար, բայց տես հա, վերջին անգամ լինի... տարեք,— ավելացնում է այնպիսի մի գթասիրտ ձայնով, որ կալանավորն արդեն չգիտե, թե ինչ աղոթքներով դիմի Աստծուն՝ այդքան բարեգութ մարդու համար։ Բայց ահա, շարժվեց ահեղաշունչ թափորը, քաշեքաշ տարան, դղրդաց թմբուկը, առաջին մահակները թափ առան... «Քշի՜ դրան,— կոկորդով մեկ գոռում է Ժերեբյատնիկովը։— Դաղի՛ դրան։ Խփի՛, խփի,՛։ Վառի՛։ Էլի հասցրու, էլի։ Ավելի պինդ որբին։ Ավելի պինդ խարդախին։ Ճկռացրու դրան, ճկռացրու»։ Եվ զինվորները զարկում են ամբողջ թափով, պեծեր են թռչում խեղճի աչքերից, նա սկսում է բղավել, իսկ Ժերեբյատնիկովր վազում է ետևից, շարքի միջով ու քրքջում, քրքջում է, խեղդվում ծիծաղից, ձեռքերով սեղմում է կողերը ծիծաղից, չի կարողանում շտկվել, այնպես որ վերջում նույնիսկ խղճալ կարելի է նրան՝ բարեսիրտ մարդուն։ Եվ հո՜ ուրախ չէ, հո՜ չի ծիծաղում, միայն թե մեկ-մեկ կտրվում է նրա զրնգուն, առողջ, որոտնալից ծիծաղը, և նորից է լսվում. « Խփի, խփի դրան։ Դաղի խաբեբային, դաղի որբուկին...»։
Ահա, նաև ինչպիսի տարբերակներ էր մոգոնում. բերում են պատժելու, կալանավորը նորից սկսում է աղաչել։ Այս անգամ Ժերեբյատնիկովը չի կոտրատվում, ծաղրածուություն չի անում, այլ սկսում է անկեղծանալ.
― Գիտես ինչ կա, սիրելիս,— ասում է նա,— քեզ պատժելու եմ, ինչպես պետքն է, քանի որ դրան արժես։ Բայց գուցեև քեզ համար ահա թե ինչ կանեմ, չեմ կապի խզակոթերին։ Մենակդ կանցնես, բայց նոր ձևով. ինչքան ուժ ունես, կվազես լրիվ շարքի միջով։ Չնայած բոլոր մահակները կխփեն, բայց ախր կարճ կտևի, ի՞նչ ես կարծում։ Կուզե՞ս փորձել։
Կալանավորը լսում է տարակուսանքով, անվստահությամբ և միտք է անում. «Ինչ կա որ,— մտածում է ինքն իրեն,— վայ թե իսկականից էլ ավելի թեթև լինի, ամբողջ ուժով կվազեմ, էնպես որ չարչարանքն էլ հինգ անգամ կարճ կտևի, վայ թե մահակները լրիվ չկպչեն»։
― Լավ, ձերդ ազնվություն, համաձայն եմ։
― Է, ես էլ եմ համաձայն, դե հուպ տուր։ Տեսեք հա, փուստ չտաք,— բղավում է զինվորներին, ի դեպ, նախապես իմանալով, որ ոչ մի մահակ չի վրիպելու մեղավոր մեջքից, վրիպած զինվորն էլ է շատ լավ իմանում, թե ինչի կենթարկվի։ Կալանավորն ամբողջ ուժով սկսում է վազել «կանաչ փողոցով», բայց իհարկե, տասնհինգ շարք էլ չանցած, կայծակի պես, թմբկազարկի նման, միանգամից հանկարծակի իջնում են մահակները մեջքին, և խեղճը ճչալով ընկնում է, ինչպես գնդակից խոցված։ «Չէ, ձերդ ազնվություն, ավելի լավ է օրենքով»,— ասում է նա, դանդաղ ելնելով գետնից, գունատ ու վախեցած, իսկ Ժերեբյատնիկովը, որ նախապես գիտեր կատակը և թե ինչ կլինի հետո, քրքջում է, խեղդվում է ծիծաղից։ Սակայն ես չեմ նկարագրի նրա այդ բոլոր զվարճանքները և այն ամենն, ինչ պատմում էին նրա մասին։
Քիչ ուրիշ կերպ, մեկ ուրիշ երանգով ու ոգով, մեզ մոտ պատմում էին պորուչիկ Սմեկալովի՝ մեր բանտում պետի պաշտոնակատարի մասին, նախքան մեր պլաց֊մայորի նշանակումն այդ պաշտոնին։ Ժերեբյատնիկովի մասին թեև պատմում էին բավականին անտարբեր, առանց հատուկ չարության, բայց և այնպես չէին հիանում նրա քաջագործություններով, չէին գովում, այլ ըստ երևույթին խորշում։ Սակայն պորուչիկ Սմեկալովի մասին հիշում էին ուրախությամբ և հաճույքով։ Բանն այն է, որ նա ծեծելու ինչ-որ առանձնահատուկ սիրահար չէր, զուտ ժերեբյատնիկովյան տարրեր չուներ իր մեջ։ Բայց և այնպես ամենևին էլ դեմ չէր ձաղկելուն, իսկ բանն այն է հենց, որ նրա մտրակները մեզ մոտ հիշվում էին մի տեսակ քաղցր սիրով՝ այնքան էր կարողանում այդ մարդը հաճոյանալ կալանավորներին։ Իսկ ինչո՞վ։ Ինչպե՞ս էր վաստակել այդպիսի հռչակ։ Ճիչտ է, մեր ժողովուրդը, ինչպես գուցեև ամբողջ ռուս ժողովուրդը, պատրաստ է մոռանալ համակ տանջանքները մի հատիկ սիրալիր խոսքով։ Խոսում եմ այս մասին որպես փաստ, այս անգամ չքննելով դա ոչ մեկ, ոչ մյուս կողմից։ Դժվար չէր հաճոյանալ այդ ժողովրդին և հռչակ ձեռք բերել։ Սակայն պորուչիկ Սմեկալովը ձեռք էր բերել ''առանձնահատուկ'' համբավ, այնպես որ նույնիսկ այն մասին, թե ինչպես էր ձաղկում, հիշվում էր համարյա թե խանդաղատանքով։ «Հորից էլ լավ էր»,— մեկ-մեկ կասեին կալանավորները, անգամ հոգոց կհանեին, հուշերով համեմատելով իրենց նախկին ժամանակավոր պետ Սմեկալովին, ներկայիս պլաց-մայորի հետ։ «Հոդի մարդ էր»։ Հասարակ մարդ էր, գուցեև նույնիսկ յուրովի բարեսիրտ։ Սակայն պատահում է, որ պետը լինում է ոչ միայն բարեսիրտ, այլ նույնիսկ մեծահոգի մարդ, և ի՞նչ. բոլորը չեն սիրում նրան, մեկ էլ տեսար՝ պարզապես ծիծաղում են վրան։ Բանն այն է, որ Սմեկալովը կարողանում էր մի տեսակ այնպես անել, որ մեզ մոտ բոլորն ընդունում էին նրան որպես յուրայինի, իսկ դա մեծ հմտություն է, ավելի ճիշտ կլինի ասել՝ բնածին ընդունակություն, ինչը մտածելու տեղիք չի տալիս անգամ ունեցողներին։ Տարօրինակ բան, այդպիսի անձանցից լինում են նաև միանգամայն ոչ բարի մարդիկ, այնինչ երբեմն ձեռք են բերում մեծ համբավ։ Չեն զզվում, չեն խորշում ենթակա ժողովրդից՝ ահա թե ինչն է պատճառը, կարծում եմ։ Նրանց մեջ պարոնորդի-փափկասուններ չկան, նշույլն իսկ չկա, այլ կա մի տեսակ հստակ ռամկական բույր, ի բնե տրված նրանց, և Տեր իմ, ի՜նչ զգայուն է ժողովուրդն այդ բույրի հանդեպ։ Ինչե՜ր չի տա այդ բույրի սիրույն։ Ամենաբարեսիրտ մարդուն անգամ պատաստ է փոխարինել ամենախստաբարո մարդով, եթե վերջինս իրենց սեփական քաթանե շապկի հոտն ունի։ Էլ ի՞նչ, եթե այդ քաթանեհոտ մարդը, դրանից բացի, իսկապես բարեսիրտ է, թեկուզև յուրովի։ Այլևս անգին մարդ է։ Պորուչիկ Սմեկալովը, ինչպես արդեն ասել եմ, մեկ֊մեկ էլ ցավոտ էր պատժում, բայց կարողանում էր այնպես անել, որ նրա վրա ոչ միայն չէին չարանում, այլ նույնիսկ հակառակը, և հիմա, իմ ժամանակ, երբ արդեն վաղուց ամեն ինչ անցել էր, ծիծաղով ու հաճույքով էին հիշում նրա օյինների մասին՝ ձաղկելիս։ Իմիջիայլոց, շատ օյիններ չուներ՝ գեղարվեստական երևակայությունը չէր բավականացնում ճշմարիտն ասած, եղած֊չեղածը մի հատիկ էր, որով նա մի լրիվ տարի յոլա էր գնացել մեզ մոտ։ Բայց գուցեև սիրելի էր հենց նրանով, որ միակն էր։ Պարզունակություն շատ կար դրա մեջ։ Օրինակ, կբերեին մեղավոր կալանավորին, Սմեկալովն ինքը կներկայանար պատժավայր, կգար քմծիծաղելով, կատակով ինչ֊որ բանի մասին հենց տեղում հարցուփորձ կաներ մեղավորին՝ կողմնակի բաներից, նրա անձնական, տնային, կալանավորական գործերից, և ամենևին ոչ ինչ-ինչ նպատակով, ոչ որևէ խաղ խաղալու, այլ հենց այնպես՝ ''որովհետև ինքն իսկապես ուզում էր իմանալ այդ գործերի մասին''։ Կբերեին ճիպոտները, Սմեկալովի համար աթոռ։ Կնստեր, անգամ ծխափողը կվառեր։ Երկարուկ մի ծխափող ուներ։ Կալանավորը կսկսեր աղաչել... «Դե չէ, եղբայր, պառկիր... ի՞նչ արած»... կասեր Սմեկալովը, կալանավորը կտնքար ու կպառկեր։ «Ասա տեսնեմ, սիրելիս, մի որևէ ոտանավոր գիտե՞ս անգիր»։— «Ոնց չէ, ձերդ ազնվություն, կնքված մարդիկ ենք, փոքրուց սովորել ենք»։— «Դե, ուրեմն ասա»։ Եվ կալանավորը գիտե, ինչ է ասելու, նախապես գիտե, ինչ է լինելու իր արտասանելիս, որովհետև մի երեսուն անգամ արդեն դա կրկնվել է ուրիշների հետ։ Սմեկալովն ինքն էլ գիտե, որ կալանավորն էլ գիտե դա, որ պառկած զոհի վրա ճիպոտները բարձրացրած զինվորներն անգամ այդ կատակի մասին նույնպես վաղուց արդեն լսած կան, այդուհանդերձ, կրկնում է նորից՝ այնքան է դուրն եկել մեկընդմիշտ, թերևս հենց այն պատճառով, որ ինքն էր հորինել, դրական ինքնասիրությունից։ Կալանավորը սկսում է, ճիպոտակիր զինվորները սպասում են, իսկ Սմեկալովը նույնիսկ կկռանար տեղում, ձեռքը կբարձրացներ, կդադարեր ծխել, կսպասեր հայտնի բառին։ Հանրահայտ աղոթքի առաջին տողից հետո, կալանավորը վերջապես կհասներ «''յերկինս ես''» բառերին։ Հենց դա էլ պետք էր։ «Սպասի,— կբղավեր բորբոքված պորուչիկը և վայրկենապես, ոգեշունչ շարժումով, դիմելով ճիպոտը բարձրացրած մարդուն, կգոռար։— Դու էլ նրան կշրմփացնես»։
Ու կխեղդվեր ծիծաղից։ Շուրջը կանգնած զինվորներն էլ քթի տակ կխնդային, կխնդմնդար խփողը, համարյա թե կժպտար նաև ծեծվողը, չնայած որ ճիպոտը «կշրմփացնես» բառի հետ արդեն կսուլեր օդում՝ վայրկյան անց ածելու պես ձաղկելու իր մեղավոր մարմինը։ Եվ կուրախանար Սմեկալովը, հենց այն պատճառով կուրախանար, որ ինչ լավ է հորինել ու ինքն է գրել՝ «յերկինս ես» և «կշրմփացնես», ի դեպ, հանգն էլ է բռնում։ Եվ Սմեկալովը կգնար պատժավայրից միանգամայն գոհ իրենից, ասենք, ճիպոտահարվածն էլ էր գնում համարյա թե գոհ իրենից ու Սմեկալովից, և մեկ էլ տեսար, կես ժամ անց արդեն կպատմեր բանտում, թե ինչպես նոր, երեսունմեկերորդ անգամ, կրկնվել էր նախկինում արդեն երեսուն անգամ կրկնված կատակը։ «Հոգի մարդ է, մի խոսքով, ուրախություն սիրող»։
Նույնիսկ երբեմն մի տեսակ մանիլովականությամբ էին հնչում հիշողությունները անչափ բարեսիրտ պորուչիկի մասին։
― Ուրեմս, տղերք, մեկ֊մեկ կպատահեր,— կպատմեր որևէ կալանավոր ու դեմքով մեկ կժպտար հիշողություններից,— դու գնում ես, իսկ նա արդեն նստած է իր պատուհանի տակ, խալաթով, թեյ է խմում, ծխում։ Գդակս կհանեի։— Էդ ո՞ւր ես գնում, Ակսյոնով։
― Գործի, Միխայիլ Վասիլյիչ, ամենից առաջ արհեստանոց է պետք,— քթի տակ կծիծաղեր... Այսինքս, հոգի մարդ էր։ Խոսք չկա՝ հոդի մարդ։
― Ու էլ չենք տեսնի էդպիսին,— կավելացներ լսողներից մեկը։
=== III։ Շարունակությունը ===
=== IV։ Ակուլկայի ամուսինը (պատմվածք) ===