Changes

Պահապանները

Ավելացվել է 8358 բայտ, 17:27, 13 Դեկտեմբերի 2015
/* Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն */
Արագորնը ծակող թփուտներից դուրս եկավ մի փոքրիկ բացատ, որը պատված էր կապույտ հապալասով ու ստվերված բրգաձև սոճիներով: Այստեղ կարճատև հանգիստ առան: Արևն սկսում էր թեքվել դեպի արևմուտք, իսկ նրանք միայն մի քանի լիգ էին հեռացել, և օրքերը առանց դժվարության կարող էին հասնել նրանց: Մինչ Պահապանները ցախ էին հավաքում, խարույկ վառում ու ջուր եփում, Արագորնը զննեց հոբիթների վերքերը: Սամի վերքը թեև խոր չէր, բայց, չգիտես ինչու, մինչև հիմա արյունահոսում էր, և Արագորնը անհանգստությամբ խոնարհվեց Սամի վրա: Սակայն զննումն ակնհայտորեն ուրախացրեց նրան:
— Բախտդ բերել է, ասան նա Սամին: — Շատերն ավելի լուրջ են հատուցել իրենց սպանած առաջին օրքի համար: Դու մաքուր դաշույնով ես վիրավորվել: Իսկ օրքեր հաճախ յաթաղաններին ուժեղ թույներ են քսում: Այս վերքն արագ կբուժենք: — Արագորնը խառնշտեց ուսապարկըև մի բուռ չոր տերև հանեց: — Բալասանի տերևներ են,— բացատրեց նա,— ես դրանք քաղել եմ Զավերտ սարի մոտերքից: Չոր վիճակում դրանք ավելի թույլ են ներգործում, քան՝ թարմ, բայց քո վերքըւ, կարծում եմ, կբուժեն: Սրանք դիր եռացրած ջրի մեջ, իսկ երբ կսառչի՝ վերքը լվա և զգուշությամբ չորացրու: Դե, հիմա քո հերթն է, Ֆրոդո:  — Ես արդեն լավ եմ,— հայտարարեց հոբիթը, Արագորնին թույլ չտալով արձակել թիկնոցի կոճակները: — Ես ուղղակի հոգնել եմ և շատ սոված եմ՝ հանգիստն ու սնունդն ինձ լրիվ կբուժեն: — Մուրճի ու զնդանի արանքում գտնվելը կատակ բան չէ,— ծիծաղեց Արագորնը և լրջանալով ավելացրեց. — Բա որ կողոսկրերդ կոտրված լինեն... Ոչ, խնդրեմ, մի դիմադրիր զննելուն... — Նա խնամքով Ֆրոդոյի վրայից հանեց թիկնոցը, վերնաշապիկը... ու տարակուսանքով մռայլվեց, իսկ հետո քրքջաց: Օղազրահն արծաթաջրի պես առկայծում էր արևի տակ: Արագորնը հանեց այն, թեթև թափ տվեց ու թանկագին քարերը ծիածանի գույներով շողշողացին, իսկ զրահի նուրբ օղերի խշխշոցն ամառվա անձրևի աղմուկ հիշեցրեց: — Մի նայե՛ք, բարեկամնե՜ր,— ասաց Արագորնը,— մեր Ֆրոդոյի թանկագին մորթուն: Եթե Միջերկրի որսորդներն իմանային, որ հոբիթներն այսպիսի թանկագին մորթիներ ունեն, նրանք խմբերով կհոսեին Հոբիթստան... — Եվ Միջերկրի հմուտ որսորդների նետերը հոբիթներին բնավ վնաս չէին տա,— օղազրահը դիտելով, նկատեց Ջիմլին: — Ախր այս զրահաշապիկը միթրիլից է... Միթրիլից... Իսկ այսպիսի հոյակապ աշխատանք, խոստովանում եմ, երբեք չեմ տեսել ու նույնիսկ չեմ իմացել, որ այդպիսի բան հնարավոր է: Այս օղազրահի մասին չէ՞ր խոսում Գանդալֆը: Այն ժամանակ նա, ըստ իս, թերագնահատեց սա: — Հիմա եմ հասկանում,— միջամտեց Մերին,— թե ինչու էիր ամբողջ օրը նստում Բիլբոյի կողքը: Պարզվում է, որ նա քեզ զինում էր ճանապարհի համար: Ա՜յ թե հիանալի ծերուկ է... Հարմար առիթով պետք է նրան ասել, որ իր նվերը Ֆրոդոյին փրկեց մահից: Այնտեղ, որտեղ նիզակը խփել էր օղազրահին, միթրիլի օղակը ճնշելով զրահի աստառը (նուրբ, ձգվող կաշվից շապիկ), կապտավուն դաջվել էր Ֆրոդոյի կրծքին: Բայց օղազրահը չէր պատռվել, և սահած նիզակը հոբիթին շպրտել էր մի կողմ ու թիթեռի պես, թիկնոցով մեխել պատին: Իսկ Ֆրոդոյի մեծ ու ուռած կապտուկ կար: Մինչ մյուսներն ուտելիք էին պատրաստում, Արագորնը բալասանից եփուկ պատրաստեց ու դրանով լվաց հոբիթի բոլոր կապտուկները: Բուժիչ սպեղանու սուր հոտը կախվեց քամիներից պաշտպանված բացատի վրա, և շուտով Պահապաններն ուրախությամբ զգացին, որ իրենց հոգնածությունն արագորեն անցնում է: Սամի վերքը արյունահոսելուց դադարեց, իսկ Ֆրոդոն զգաց, որ կարող է շնչել, սակայն նիզակի հարվածի կապտուկը երկար ժամանակ չէր ներծծվում ու ցավում էր: Արագորնը դրա վրա փափուկ վիրակապ դրեց, որ Ֆրոդոն կարողանա օղազրահը հագնել: — Երբ դու օղազրահը հագած ես,— ասաց նա հոբիթին,— ես ինձ ավելի հանգիստ եմ զգում: Հագի՛ր և մինչև արշավի վերջը չհանես, մանավանդ որ դա զարմանալի թեթև է: Օղազրահդ կարող ես հանել բարեկամներիդ մոտ, այնտեղ, որտեղ Թշնամին անզոր է... Բայց, ցավոք, այդպիսի վայրեր մեր ճանապարհին քիչ կհանդիպեն: Կազդուրվելով, Պահապանները խարույկը հանգցրին, օջախը ծածկեցին սոճու ճյուղերով, որ իրեն դադարի տեղի հետքերը կորցնեն և Արագորնի հետևից դուրս եկան ճանապարհ: Մոտավորապես մեկ ժամ հետո Մշուշապատ լեռնաշղթան Ճամփորդներից ծածկեց մայր մտնող արևը, և սարերին մութ ստվերներ ընկան: Առափնյա հովիտներով գետից սողալով վեր ձգվեցին մշուշի սպիտակավուն ծվենները: Արևելքում իրիկնային մոխրագույն աղջամուղջն աստիճանաբար պարուրում էր լայնարձակ հարթավայրը՝ քայլող Պահապաններին խաբուսիկ կերպով մոտիկ ցույց տալով հեռավոր մթին, սև անտառը: Այժմ, երբ Սամն ու Ֆրոդոն իրենց առույգ էին զգում, Ջոկատը կարող էր բավականին արագ շարժվել, և ճամփորդները քայլեցին ևս երեք ժամ՝ միայն մի կարճաաթև դադար տալով: Դաշտավայրը պարուրել էր գիշերային մութը: Երկնքում փայլում էին աստղերը, սակայն լուսինը դեռ դուրս չէր եկել: Ֆրոդոն ու Ջիմլին գիշերվան ականջ դնելով, քայլում էին վերջից: Ամեն ինչ խաղաղ էր: Վերջապես Ջիմլին խզեց լռությունը: — Հետապնդում չեմ լսում կամ ես կաղնու քոթուկի պես խուլ եմ: Գուցե օրքերը հարձակվեցին մեզ վրա, որ Մորիայից դուրս վռնդեն, իսկ մեր արշավի, Համիշխանության Մատանու մասին նրանք ոչինչ էլ չգիտեն, դե՛հ, չեն էլ ուզում իմանալ: Երբ նրանք ուզում են վրեժ լուծել, երկար ժամանակ հետապնդում են թշնամուն: Ֆրոդոն Ջարդողը հանեց պատյանից և բարձրացրեց գլխից վեր՝ շեղբը չէր լուսավորվում: Բայց հոբիթը քայլեր էր լսում... Այն պահից, ինչ ճամփորդներին ծածկել էր գիշերը, նա բոբիկ ոտքերի քստքստոց էր լսում, որը երբեմն քամին խլացնում էր: Թե՞ նրան միայն թվում էր... Դե, ո՛չ, նա լսում էր, ա՜յ հիմա էլ... Կտրուկ շուռ եկավ, հետ նայեց ու նրան թվաց, որ ճանապարհի վերևում երկու լուսատու կետեր են լողում: Նա սևեռուն նայեց ու ոչինչ չտեսավ:  — Հոգնե՞լ ես,— հոգատարությամբ հարցրեց Ջիմլին: — Բանը դա չէ,— պատասխանեց Ֆրոդոն: — Իմ կարծիքով, մեկը մեր հետևից գաղտագողի գալիս է: Ես համարյա ամբողջ ժամանակ քայլեր եմ լսում: Իսկ հիմա ահա երկու առկայծող կրակ տեսա՝ աչքեր են և ուրիշ ոչինչ... — Ֆրոդոն լռեց: Ջիմլին հետ նայեց ու ականջ դրեց:
Վստահելի
1342
edits