Changes
/* 1. Հոբիթների մասին */
Այստեղ էլ սկիզբ է առնում Հոբիթստանի տարեգրությունը, քանզի Բրենդիդուիմի անցումը (հոբիթներն այդպես անվանեցին գետը) համարվում է հոբիթական տարեգրության առաջին տարին: Արևմտյան հոբինթները միանգամից սիրեցին այդ նոր երկիրը և վերջնականապես հաստատվեցին այնտեղ: Շուտով նրանց մասին բոլորովին մոռացան և նրանց մասին հիշատակումները կորան մարդկանց ու էլֆերի տարեգրություններից: Թեև նրանք համարվում էին թագավորի հպատակներ, բայց հոբիթների առաջնորդներն իրավունք ունեին ինքնուրույն որոշումներ կայացնել, իսկ դրսում կատարվող ոչ մի բանի հետ մեջ նրանք քիթները չէին խոթում: Ճիշտ է, Անգմարյան կախարդ-արքայի դեմ վերջին ճակատամարտի ժամանակ հոբիթները Ֆորնոսթ թագավորին օգնության ուղարկեցին նետաձիգների մի ոչ մեծ ջոկատ, բայց այդ մասին մարդկանց տարեգրությունները լռում են: Այդ ճակատամարտում հյուսիսային թագավորությունը պարտվեց, և այդ ժամանակվանից սկսած հոբիթները դարձան իրենց հողերի լիարժեք տերերը: Նրանք իրենց համար հոբիթ-թան (նահանգապետ) ընտրեցին, որպեսզի վերջինս ներկայացնի նախկին թագավորի իշխանությունը:
Մի ամբողջ հազարամյակ պատերամները շրջանցում էին Հոբիթստանը և, հաղթահարելով (Հ.Տ.) 37թ. տարածված Սև Մահվան ժանտախտը, հոբիթներն անհոգ ապրում ու բազմանում էին, մինչև որ վրա հասավ Երկարատև Ձմեռը, որին փոոխարինեց սարսափելի սովը: Հազարավոր հոբիթներ մահացան սովից, բայց մեր պատմության օրերին նույնիսկ Սովի Տարիները (1158-1160) վաղուց արդեն հեռավոր անցյալ էին դարձել, և հոբիթները կրկին սովորել էին առատության: Նրանց երկրամասը հարուստ էր և բերրի, ու թեև մինչև հոբիթների գալը այն երկար ժամանակ լքված էր, բայց առաջներում այդտեղի հողերը փառավորապես մշակվել էին. այստեղ էին գտնվել հյուսիսային թագավորության խաղողի այգիները, ֆերմաները, վարելահողերը:
Մի բան, որ հոբիթների մեջ չկար՝ դա ռազմասիրությունն էր, իրար հետ նրանք երբեք չէին կռվում։ Իհարկե, ժամանակին ստիպված եղան իրենք իրենց պաշտպան կանգնել, ինչպես և լինում է մեր աշխարհում։ Բայց Բիլբոյի օրոք դա արդեն անհիշելի անցյալ էր։ Վերջին ճակատամարտը, որ տեղի էր ունեցել Հոբիթստանի տարածքում (և իդեպ, միակը), վաղուց ջնջվել էր նույնիսկ ամենածերերի հիշողությունից: Դա Կանաչ-դաշտի ճակատամարտն էր (Հ.Տ.) 1147թ., երբ Բանդոբրաս Տուկը գլխովին ջախճախեց Հոբիթստան ներխուժած օրքերին: Նույնիսկ կլիման էր մեղմացել, այնպես որ անգամ հյուսիսային գայլերի ձմեռային հարձակումները տատի հեքիաթ էին դարձել։Այդ պատճառով էլ, թեև Հոբիթստանում որոշ քանակությամբ զենք էր պահպանվում, օգտագործում էր հիմնականում դեկորատիվ նպատակներով՝ կախքւմ էին պատերից կամ բուխարու վերևը կամ էլ ընդհանրապես հանձնում էին Միշել Գետնափորիկի թանգարան: Այդ թանգարանը կոչվում էր Մեթհոմ-ամբար, քանզի յուրաքանչյուր չպետքական իր, որն ափսոսում էին դեն նետել, անվանում էին մեթհոմ: Հոբիթների տներում բավական անակությամբ այդպիսի մեթհոմներ էին կուտակվել, և շատ նվերներ, որ ձեռքից ձեռք էին անցնում, այդ նույն հատկությունն ունեին:
Սակայն կուշտ ու անվրդով կյանքը, չգիտես ինչու, բնավ էլ փափկասուն չէր դարձրել այդ պստիկներին։ Ահաբեկել, առավել ևս ընկճել հոբիթին, այնքան էլ հեշտ բան չէր։ Թերևս, հենց դրա համար էլ նրանք սիրում էին երկրային բարիքները, որ որովհետև կարողանում էին շատ հանգիստ ապրել առանց դրանց էլ։ Փորձանքներին, զրկանքներին, աղետներին ու վատ եղանակին ավելի լավ էին դիմանում, քան կարելի էր սպասել նայելով նրանց տռուզ փորերին ու կլորիկ երեսներին։ Անսովոր լինելով կռվելու, որսորդությունը չընդունելով, նրանք բոլորովին էլ իրենց չէին կորցնում վտանգի դեպքում և այդքան էլ խորթացած չէին զենք բանեցնելուն։ Սուր աչքն ու ամուր ձեռքը նրանց դիպուկ նետաձիգներ էին դարձրել ու ոչ միայն նետաձիգներ։ Եթե պատահում էր, որ հոբիթն արդեն կռացել էր քար վերցնելու, ապա ամեն գազան գիտեր, որ, գլխապատառ ծլկելուց բացի, իրեն ուրիշ ոչինչ չի մնում անելու։ Ըստ ավանդության, ինչ-որ ժամանակ բոլոր հոբիթներն իրենց համար բներ էին փորում՝ նրանք հիմա էլ համարում են, որ գետնի տակ ապրելն ամենից հարմարավետն է, բայց ժամանակի ընթացքում ստիպված եղան այլ բնակարանների ևս վարժվել : ճիշտը որ ասենք, Բիլբոյի օրոք հին ձևով ապրում էին միայն ամենահարուստ ու ամենաաղքատ հոբիթները։ Աղքատները ծվարում էին խղճուկ գետնախուցերում, իսկական բներում՝ առանց պատուհան կամ մեկ պատուհանով։ Իսկ նրանք, որ ովքեր ունևոր էին, հին սովորույթը հարգելով՝ իրենց համար ստորգետնյա պալատներ էին կառուցում։ Բոլոր հողերը չէ, որ հարմար էին այդպիսի պալատներ (կամ սմիալներ, ինչպես դրանց կոչում էին հոբիթները) փորելու համար, և հարթավայրերում հոբիթներն սկսեցին վերգետնյա տներ կառուցել նույնիսկ : Նույնիսկ բլրաշատ տեղերում և հին գյուղերում , ինչպիսիք էին Հոբիթոնն ու Տուկբորոն, դե Հոբիթստանի գլխավոր քաղաքում՝ Միշել Գետնափորիկում էլ, որ ճերմակ բլուրներում է, փայտե, աղյուսե ու քարե շինություններ հայտնվեցին։Այդպիսի տներ որպես կանոն նախընտրում էին դարբինները, ջաղացպանները, ձիապանները, թոկագործները և այլ արհեստավորներ. իմիջայլոց, նույնիսկ բույներում ապրող հոբիթներն էլ, սովորության համաձայն, վերգետնյա փայտե որևէ շինություն էին կառուցում: Ասում են, առաջինը ֆերմաներ և ամբարներ սկսել են կառուցել Բրենդիդուիմի մոտակայքի ճահճահողերում: Այնտեղի հոբիթները բավականին խոշորամարմին էին ու մեծ ոտքեր ունեին և խոնավ, թաց օրերին թզուկների մաշիկներ էին հագնում: Դե, ինչպես արդեն հասկացաք, նրանց երակներում ստրուսների արյուն էր հոսում, որի մասին վկայում էին կզակներին աճած խիտ մազափնջերը: Բրդոտների և ճերմակիկների դեմքերը բացարձակապես մազազուրկ էին: Եվ իսկապես, Ճահճահողերում ու Նապաստակի բլուրներում ապրող հոբիթները Հոբիթստան էին եկել ամենավերջինները: Նրանց լեզվի մեջ, իմիջայլոց, բազմաթիվ տարօրիակ անուններ ու խճճված բառեր էին պահպանվել, որոնք Հոբիթստանում ուրիշ ոչ մի տեղ չէին գործածվում: Շատ հնարավոր է, որ հոբիթները կառուցել սովորել են դունադաններից, թեև չի բացառվում, որ կարող էին սովորած լինել անմիջապես էլֆերից՝ մարդկանց ուսուցիչներից: Չէ որ այդ ժամանակներում առաջնածինները դեռ չէին լքել Միջերկիրը և ապրում էին արևմուտքում՝ Արծաթափայլ նավահանգստի մոտակայքում և ոչ միայն այնտեղ, այլ նաև Հոբիթստանին շատ մոտ վայրերում: Այդ մասին վկայում էին երեք էլֆական աշտարակները, որ գտնվում էին Ամրոցալեռներում՝ արևմտյան սահմանամերձ ճահճուտների այն կողմ: Պարզ, լուսնկա գիշերներին դրանք կարելի էր տեսնել հեռվից: Դրանցից ամենաբարձրը և ամենահեռուն միայնակ վեր էր խոյանում կանաչ սարի գլխին: Հոբիթստանի արևմտյան նահանգի բնակիչները պատմում էին, որ այդ աշտարակի գլխից ծովը երևում է, բայց, որքանով որ հայտնի է, դրա գագաթին երբեք ոչ մի հոբիթ չի եղել:
=== 2. Ծխելու խոտի մասին ===