Changes
/* Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին */
Գալադոնում ցողի կաթիլի պես իրար հետևից անցնում էին խաղաղ, լուսավոր օրերը, և շուտով Պահապանները դրանց թիվը կորցրին: Երբեմն արևելքից մի ամպ էր գալիս, անձրև թափում, բայց դրանից հետո ամեն ինչ ավելի էր թարմանում: Օր-օրի եղանակը տաքանում էր, թափանցիկ օդը լցվում էր գարնյանային ջերմությամբ, սակայն անտառային մեղմ լռության մեջ դեռևս զգացվում էր ձմռան շունչը: Պահապանները զբոսնում էին Գալադոնի շրջակայքում, կուշտ ուտում էին և շատ քնում, բայց կյանքը նրանց ձանձրալի չէր թվում՝ ճանապարհից հոգնած լինելով, նրանք հանգստանալուց բացի ուրիշ ոչինչ չէին ուզում:
Տիրակալները հյուրերին էլ չէին կանչում, իսկ բերդում ապրող մյուս էլֆերը համընդհանուր լեզուն գրեթե չգիտեին: Հալդիրրը Հալդիրը նրանց բարի ճանապարհ ցանկանալով, նորից մեկնեց արևմտյան սահման՝ այժմ արդեն այնտեղ ուժեղ ջոկատ էր կանգնած: Լեգոլասը մշտապես կորչում էր ազգակիցների մոտ, հազվադեպ էր գիշերում վրանում, միայն ճաշելու էր գալիս:
Թարմ վերքի պես ցավագին վիշտը, որ Պահապաններին թույլ չէր տալիս խոսել Գանդալֆի մասին, աստիճանաբար փոխվեց երախտալից թախծի, և այժմ նրանք հաճախ էին հիշում նրան: Երբեմն նրանց ականջին էին հասնում էլֆական քաղցրալուր երգերը, և նրանք լսում էին իրենց զոհված ընկերոջ անունը՝ գալադրիմները նույնպես ողբում էին հրաշագործին: «Ա Միթրանդիր է սերվերեն»,— թախծալի երգում էին Գալադոնի բնակիչները. նրանք, ինչպես Լեգոլասն ասաց Պահապաններին, Գանդալֆին անվանում էին Արծաթափայլ Ճամփորդ: Բայց նա հրաժարվում էր թարգմանել՝ պատճառաբանելով, որ դեռ վիշտը թարմ է և վաղ է այդ մասին երգել:
Ֆրոդոն առաջինը փորձեց իր վիշտը ներդնել բառերի մեջ: Նա հազվադեպ էր համարձակվում երգ կամ բանաստեղծություն հորինել, բայց լսելով Լորիենի էլֆերի երգերը, իր համար անսպասելի Գենդալֆի մասին մի երգ հնարեց: Բայց, երբ փորձեց երգել Սեմի համար, երգի գեղեցկությունից քիչ բան մնաց՝ չորացած տերևների մի փունջ, ուրիշ ոչինչ:
... Մի անգամ խաղաղ, զով մթնշաղին Ֆրոդոն ու Սեմը զբոսնում էին շատրվանի մոտի պուրակում: Երկուսն էլ իրենց տեղը չէին գտնում: Հացենիների տխուր շրշոցը լսելով՝ Ֆրոդոն սրտի խորքում զգում էր, որ Լորիենից բաժանման պահը մոտենում է:
— Ի՞նչ ես մտածում էլֆերի մասին, Սամ,— շրշացող լռությունն ընդհատեց Ֆրոդոն: — Ես քեզ արդեն հարցրել եմ, բայց այդ ժամանակից հետո մենք ավելի մոտիկից ենք ճանաչել նրանց: Ի՞նչ ես մտեածում նրանց մասին հիմա...
— Դե ախր, նրանք, էդ էլֆերը շատ տարբեր են,— պատասխանեց Սամը,— իզուր էլ ազգակից են: Էլֆը, դա, իհարկե, մեկ բառ է՝ էլֆ... Ֆրոդոյին ու Ձայնից էլ ոչ մեկի հետ չես շփոթի... Իսկ որ նայում ես, մեկը մյուսին նման չեն: Այ, վերցրեք թեկուզ էստեղացիներին, մերը՝ Լեգոլասը, ախր բոլորովին ուրիշ է: Սրանք սերտաճել են էս անտառի հետ, հասկանու՞մ եք: Ու կապված են էս տեղի հետ ավելի շատ, քան հոբիթները՝ Հոբիթստանին: Թե նրանք են էս երկիրը էսպես փոխել, թե անտառն է նրանց իրեն հարմարացրել, էդ ձեզ ասել չեմ կարող, բայց իրեն երկիրն իրեն համար այն է, ինչ պետք է: Կարելի է մտածել՝ էստեղ ոչինչ չի կատարվում, ոչինչ չի փոխվում: Նրանք ախր ոչ մի փոփոխություն չեն ուզում, էստեղ որ ուզես էլ, ոչինչ չես փոխի: Նրանց մոտ նույնիսկ վաղը չի լինում, առավոտյան արթնանում ես՝ նորից այսօր է... Եթե հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում: Եթե սա կախարդանք է, ապա լավ թաքցրած է, որովհետև հրաշքներ էլ ոչ մի անգամ չեմ տեսել... — Ախր այստեղ ամեն քայլափոխի զգում ես դա,— Սամինընդհատելով, բացականչեց Ֆրոդոն: — Զգալն՝ զգում ես, բայց տեսնելը՝ չես տեսնում,— համառորեն առարկեց Սամը: — Այ, Գանդալֆը իսկապես էլ հրաշագործ էր, հիշու՞մ եք, թե ինչ գույնզգույն կրակներ էր սարքում: Ամբողջ երկինքն էր վառվում, հավկուրն էլ կտեսներ... Ափսոս, որ տիրակալները մեզ էլ չեն կանչում: Որովհետև, կարծում եմ, նրանղ տիրուհին կարող է իսկական հրաշք ցույց տալ... Կուզեի տեսնել... Երևի դուք էլ հաճույքով կնայեիք, չէ՞, պարոն Ֆրոդո: — Ոչ, ասաց Ֆրոդոն: — Այստեղ առանց դրան էլ լավ է: Իսկ Գանդալֆին ես կարոտում եմ ոչ նրա հրավառությունների պատճառով: — Էդպես է, իհարկե,— համաձայնեց Սամը: — Եվ դուք մի կարծեք, թե ես նրան փնովում եմ: Ուղղակի շատ եմ ուզում իսկական հրաշքներ տեսնել, հին հեքիաթների նման: Իսկ որ նայեք, էս երկիրը նույնիսկ Ազատքից է լավը: Ախր էստեղ ապրում ես ոնց որ տանը, կարծես թե տոներին հյուր ես եկել, թե հասկանում եք ինչի մասին եմ խոսում: Ինձ էստեղից զոռով էլ չես քշի, բայց ինչ-որ բան կարծես հուշում է. եթե չենք փոշմանել, ուրեմն ճանապարհ ընկնելու ժամանակն է: Որովհետև, ինչպես իմ ծերուկը կասեր, Էստեղ պուպուզ, էնտեղ պուպուզով գործդ առաջ չի գնա: Ոչ, ինչքան ես հասկանում եմ, էստեղի էլֆերը մեր ճամփորդության մեջ օգնական չեն, նույնիսկ իրենց օրհնյալ հրաշագործությամբ: Նրանք իսկական հրաշագործի մոտ ի՜նչ են որ... Ճանապարհին առանց Գանդալֆի դեռ շատ լաց կլինենք... — Երևի,— հառաչեց Ֆրոդոն: — Եվ այնուամենայնիվ ես կարծում եմ, որ էլֆերի տիրուհին կցանկանա մեզ հրաժեշտի ողջերթ մաղթել: Հազիվ էր Ֆրոդոն վերջին խոսքերն արտասանել, երբ նրանց դիմաց դուրս եկավ Լորիենի տիրուհին՝ բարձրահասակ, բարեկազմ, վեհ ու գեղատես: Նա հոբիթներին տարավ իր հետևից դեպի Քարաս Գալադոնի հարավային լանջը: Շրջանցելով բարձր կանաչ ցանկապատը՝ նրանք հայտնվեցին մի ոչ մեծ պարտեզում: Այստեղ ծառեր չէին աճում, և գլխավերևում բացվում էր մաքուր երկինքը: Ծագեց իրիկնային աստղը՝ ճերմակ լույս սփռելով անտառի վրա: Տիրուհու հետևից հոբիթները երկար սանդուղքով իջան մի խորունկ կիրճ, որի հատակին քչքչում էր արծաթափայլ առվակը՝ այն նույնը, որը սկիզբ էր առնում շատրվանից: Առվակի ափին, հայելու պես ողորկ մակերեսով լճախորշի մոտ հոբիթները սպիտակ մարմարից ցածր պատվանդանի վրա մի արծաթե թաս տեսան: Թասի մոտ ոսկե սափոր էր դրված: Տիրուհին կռացավ, սափորը վերցրեց ու լճակից ջուր լցրեց թասի մեջ: Հետո թեթևակի փչեց ջրին, սպասեց, մինչև ջրի մակերեի կնճռոտությունն անցավ, և ասաց. — Ձեր առջև Լորիենի տիրուհու հայելին է: Ես ձեզ այստեղ բերեցի, որ եթե ձեր վճռականությունը բավականացնի, նայեք առորյա տեսանելիի սահմաններից այն կողմ: Փոքրիկ կիրճում բարձրահասակ ու գեղակազմ Գալադրիելը, ինչպես թվաց հուզված հոբիթներին, թույլ շողեր էր ճառագում: