Changes

Պահապանները

Ավելացվել է 6561 բայտ, 13:19, 6 Հունվարի 2016
/* Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին */
Տիրուհին հանկարծակի զրնգուն ծիծաղեց:
— Ուրեմն իմաստուն եմ, անվախ և արդարամիտ,— շարունակելով ծիծաղել, կրկնեց նա: — Գուցե և այդպես է, բայց դու զարմանալի խորաթափանց ես դառնում, Պահապան... Երբ դու առաջին անգամ ներկայացար ինձ, ես քեզ փորձության ենթարկեցի՝ ահա և դու վրեժ լուծեցիր ինձանից դրա համար: Ինչու՞ թաքցնել, շատ անգամ եմ մտածել, թե ինչպես կվարվեմ, եթե պատահականության կամքով Թշնամու Մատանին ինձ մոտ հայտնվի և ահա հիմա կարող եմ այն ստանալ... Չարը անդադար չար է ծնում, անկախ նրանից թե ով է այն բերել աշխարհ: Գուցե ես մեծագույն բարի՞ք կգործեմ քեզ վստահված Մատանուն տիրանալով... Առավել ևս, որ այն ինձ կհասնի առանց բռնության, և ես Սև Տիրակալուհի չեմ դառնա՝ դու ինքդ քո կամքով առաջարկեցիր: Ես կլինեմ հրաշագեղ ու զարհուրելի, ինչպես առավոտն ու գիշերը, արդար, ինչպես ծովն ու արևը, և ձյունը լեռնագագաթների, ահարկու, ինչպես փոթորիկն ու կայծակը... Ես ավելի զորեղ կդառնամ, քան աշխարհի հիմքն է: Բոլորը կսիրեն ինձ հուսահատ սիրով ու կփոշիանան իմ ոտքերի առաջ:
Նա ձախ ձեռքը պարզեց առ երկինք, և Նեինայի քարը ակնթարթորեն բռնկվեց, ու Ֆրոդոն վախեցած ընկրկեց, որովհետև տեսավ նույն այն տիրակալուհուն, որի մասին հենց հիմա լսում էր՝ շլացուցիչ, գեղատեսիլ, զարմանահրաշ և ահարկու: Բայց նա կրկին քնքուշ ծիծաղեց ու ձեռքն իջեցրեց. քարը խամրեց, և Ֆրոդոն թեթևացած հասկացավ, որ իր առջև կրկին կանգնած է էլֆերի տիրուհին՝ բարձրահասակ, նրբանուրբ, գեղահրաշ, սպիտակ հագուստով ու նուրբ, հանգիստ ձայնով:
— Ես անցա փորձությունը,— ասաց նա: — Ես կգնամ ծովից այն կողմ ու կմնամ Գալադրիել:
 
Երկարատև լռությունից հետո տիրուհին ասաց.
 
— Գնանք: Վաղը դուք մեկնելու եք Լորիենից, քանզի ընտրությունը կատարված է և ժամանակն անցնում է:
 
— Բայց քանի դեռ չենք հեռացել, ես ուզում եմ մի հարց տալ,— ասաց նրան Ֆրոդոն,— որը չեմ տվել Գանդալֆին: Միշտ ուզում էի հարցնել, բայց չէի համարձակվում, իսկ հետո նա զոհվեց Մորիայի քարանձավներում: Ինձ վստահված է գլխավոր Մոգական Մատանին, հապա ինչու ես չեմ տեսնում մյուս Մատանիների պահապաններին: Ինչու՞ չեմ կարդում նրանց գաղտնի մտքերը:
 
— Դու ուղղակի չես փորձել տեսնել և իմանալ,— պատասխանեց տիրուհին,— և միայն երեք անգամ ես Մատանին հագել մատիդ: Բայց և չփորձես... Դա անխուսափելիորեն քեզ կկործանի: Մի՞թե Գանդալֆը չի ասել քեզ, որ ցանկացած Մատանու ուժը կախված է նրա Պահապանի հզորությունից: Եթե դու տնօրինես Մատանին, չդառնալով իսկապես հզոր և իմաստուն, ապա վաղ թե ուշ համընդհանուր Թշնամին քեզ կենթարկի իր կամքին, և դու, ինքդ էլ չնկատելով, կսկսես կատարել նրա բոլոր հրամանները: Հիշիր, դու ընդամենը Պահապան ես, այլ ոչ թե տեր: Քեզ Մատանին վստահված է ոչ թե տիրելու, այլ պահպանելու համար: Երեք անգամ Մատանին հագել ես մատիդ... Ասա, սակայն, արդյոք քո՞ կամքով... Եվ այնուամենայնիվ շատ խորաթափանց ես դարձել... Դու կարողացար կարդալ իմ մտքերը, իսկ իմաստուններից քչերը կարող են դրանով պարծենալ: Դու տեսար Աչքը նրա, ով պահում է Յոթն ու Ինը: Դու ճանաչեցիր Նեինան իմ մատին... Ասա, նկատե՞լ էիր իմ Մատանին,— հարցրեց տիրուհին Սամին:
 
— Ի՞նչ մատանի,— հարցին հարցով պատասխանեց Սամը: — Անկեղծ ասած, իսկի չհասկացա էլ, թե ինչ մասին եք խոսում: Դու ձեռքով ցույց տվեցիր գշերաստղը, և այն շատ պայծառ քեզ լուսավորեց: Բայց դե որ ինքդ թույլ տվեցիր ինձ խոսել, տիրուհի, ապա ես էլ իմ տիրոջ հետ միասին խնդրում եմ, վերցրու նրանից այդ Թշնամու Մատանին... Ախր որ այն քեզ անցներ, էլ ոչ ոք չէր համարձակվի քեզ չլսել... Դու էլ հո կարգուկանոն կգցեիր այս աշխարհում: Չարագործները չէին քանդի Պարկուտը և իմ ծերուկին փողոց չէին գցի: Պատասխան կտային իրենց արածի համար:
 
— Այո,— պատասխան կտային,— մտածկոտ հաստատեց Գալադրիելը: — Բայց հետո... Լավ, այդ մասին չխոսենք. Մատանին մնում է Ֆրոդոյի մոտ: Գնանք, ձեզ սպասում է Լորիենի տերը:
 
=== Գլուխ ութերորդ. Հրաժեշտ Լորիենին ===
 
Երեկոյան Սելեբորնը Ջոկատին կրկին հրավիրեց իր մոտ: Բոլոր Պահապանները հավաքվեցին դահլիճում: Ողջունելուց հետո Սելեբորնը ասաց.
 
— Պահապանների ջոկատի ելույթի ժամն է: Ձեր առջև նորից ընտրություն է:
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits