Changes
Ապուշը
,/* IV */
=== IV ===
Եպանչինի երեք աղջիկն էլ առողջ, ծաղկափթիթ, բարձրահասակ օրիորդներ էին, զարմանալի ուսերով, փարթամ կրծքով, գրեթե տղամարդու ձեռքերի պես ուժեղ ձեռքերով, և իհարկե, իրենց ուժի ու առողջության հետևանքով, սիրում էին երբեմն լավ ուտել, որը բնավ չէին էլ ուզում թաքցնել։ Նրանց մայրիկը՝ տիկին Լիզավետա Պրոկոֆևնան, երբեմն խեթ էր նայում նրանց անսքող ախորժակին, բայց քանի, որ նրա որոշ կարծիքներ, չնայած արտաքին ողջ հարգալիրությանը, որով ընդունում էին աղջիկները, ըստ էության վաղուց արդեն կորցրել էին նախնական և անվիճելի հեղինակությունր նրանց աչքին, և նույնիսկ այն աստիճան, որ բոլոր երեք աղջիկների ստեղծված համերաշխ կոնկլավը շատ հաճախ սկսել էր գերակշռել, ուստի գեներալի կինն էլ, սեփական արժանապատվությունը բարձր պահելու համար, ավելի հարմար համարեց չվիճել ու զիջել։ Ճիշտ է, բնավորությունը շատ հաճախ չէր լսում և չէր ենթարկվում խոհեմության վճիռներին․ Լիզավետա Պրոկոֆևնան տարեցտարի դառնում էր ավելի քմահաճ ու անհամբեր. դարձել էր նույնիսկ մի քիչ տարօրինակ, բայց քանի որ նրա ձեռքի տակ, համենայն դեպս, մնում էր չափազանց հնազանդ և վարժեցրած ամուսինը, ապա ավելորդն ու կուտակվածը սովորաբար թափվում էր նրա գլխին, և ապա ընտանիքում նորից վերականգնվում էր ներդաշնակությունը և ամեն ինչ ընթանում էր ավելի քան լավ։
Ասենք, գեներալի տիկինն էլ ախորժակը չէր կորցնում, և սովորաբար, ժամը մեկի կեսին աղջիկների հետ մասնակցում էր առատ նախաճաշին, որ համարյա թե ճաշի էր նմանվում։ Օրիորդները մեկական գավաթ սուրճ խմում էին դեռ ավելի վաղ, ուղիղ ժամը տասին, անկողնում, արթնանալու պահին։ Նրանք մեկընդմիշտ սիրել ու այդ կարգն էին հաստատել։ Իսկ ժամը մեկի կեսին սեղան էր բացվում մայրիկի սենյակների մոտի փոքրիկ սեղանատանը, և այդ ընտանեկան ու մտերմիկ նախաճաշին երբեմն հայտնվում էր նաև գեներալն ինքը, եթե ժամանակը ներում էր. բացի թեյից, սուրճից, պանրից, մեղրից, կարագից, տիկնոջ սիրած հատուկ յուղաբլիթից, կոտլետից և այլ բաներից, մատուցվում էր նաև թանձր, տաք մսաջուր։ Այն առավոտ, երբ սկսվեց մեր պատմությունը, ամբողջ ընտանիքը հավաքվել էր սեղանատանը, սպասելով գեներալին, որը խոստացել էր գալ մեկի կեսին։ Եթե նա գեթ մի րոպե ուշանար, նրա հետևից անմիջապես մարդ կուղարկեին. բայց նա ներկայացավ ճշտապահորեն. մոտենալով կնոջը նրան ողջունելու և ձեռքը համբուրելու, այս անգամ գեներալը նրա դեմքին նկատեց ինչ֊որ չափազանց առանձկահատուկ մի բան։ Ու թեև նա դեռ նախորդ օրը նախազգում էր, որ այսօր հենց այդպես էլ լինելու է մի «անեկդոտի» կապակցությամբ (ինչպես ինքն էր արտահայտվում ըստ իր սովորության) և, երեկ արդեն քնելիս, դրա համար անհանգստանում էր, բայց և այնպես հիմա նորից երկչոտեց. աղջիկները մոտեցան նրա հետ համբուրվելու, սրանք թեև չէին բարկանում հոր վրա, բայց և այնպես այստեղ էլ կարծես ինչ֊որ առանձնահատուկ բան կար։ Ճիշտ է, որոշ հանգամանքների պատճառով, գեներալը ավելորդ կասկածամիտ էր դարձել, բայց քանի որ նա փորձառու և ճարպիկ հայր և ամուսին էր, ապա իսկույն իր միջոցները ձեռք առավ։
Թերևս այնքան էլ չենք վնասի մեր պատմության ցայտունությանը, եթե այստեղ կանգ առնենք և դիմենք մի քանի պարզաբանումների օգնությանը, որպեսզի ուղղակի և ճշգրիտ նկարագրենք այն հարաբերություններն ու հանգամանքները, որոնցում գտնում ենք գեներալ Եպանչինի ընտանիքը մեր պատմության սկզբին։ Մենք նոր արդեն ասացինք, որ գեներալը թեև այնքան էլ կրթված մարդ չէր, այլ ընդհակառակը, ինչպես ինքն էր իր մասին արտահայտվում, «ինքնուս մարդ էր», բայց վարձված ամուսին և ճարպիկ հայր էր։ Ի միջի այլոց, նա սիստեմ էր ընդունել աղջիկներին չշտապեցնել ամուսնանալու, այսինքն՝ «հոգիներին չչոքել» և չափից ավելի չանհանգստացնել նրանց երջանկության համար իր ծնողական սիրո տանջանքներով, ինչպես ակամա և բնականորեն շատ հաճախ տեղի է ունենում նույնիսկ ամենախելացի ընտանիքներում, որտեղ կուտակվում են հասունացած աղջիկներ։ Նա նույնիսկ հասել էր այն բանին, որ Լիզավետա Պրոկոֆևնային էլ հակել էր իր սիստեմին, թեև դա առհասարակ դժվար բան էր, նրա համար դժվար, որ նաև անբնական էր, բայց գեներալի փաստարկումները չափազանց նշանակալից էին, հիմնվում էին շոշափելի փաստերի վրա։ Եվ ամբողջովին իրենց կամքին և իրենց վճիռներին թողնված հարսնացուներն էլ, չէ՞ որ, բնականաբար, ստիպված կլինեն վերջ ի վերջո խելքի գալ, և այն ժամանակ գործը կթեժանա, որովհետև գործի կանցնեն սիրով, քմահաճույքներն ու ավելորդ բծախնդրությունը մի կողմ թողած, ծնողներին կմնար միայն ավելի արթուն և որքան կարելի է աննկատելի հետևել, որպեսզի տեղի չունենա որևէ տարօրինակ ընտրություն կամ անբնական շեղում, և ապա, հարմար րոպեն որսալով, միանգամից բոլոր ուժերով օգնել և ամբողջ ազդեցությամբ ուղղություն տալ գործին։ Վերջապես, հենց լոկ այն, որ, օրինակ, տարեցտարի նրանց կարողությունն ու հասարակական դիրքն աճում էր երկրաչափական պրոգրեսիայով. հետևաբար, որքան ավելի էր անցնում ժամանակը, այնքան ավելի էին շահում աղջիկները, նույնիսկ որպես հարսնացուներ։ Բայց այդ բոլոր անհերքելի փաստերի կողքին հայտնվեց ևս մի փաստ. հանկարծ և համարյա բոլորովին անսպասելի (ինչպես որ միշտ լինում է դա) բոլորեց ու անցավ ավագ աղջկա Ալեքսանդրայի քսանհինգ տարին։ Գրեթե հենց այդ նույն ժամանակ Աֆանասի Իվանովիչ Տոցկին, բարձրաշխարհիկ մի մարդ, բարձր կապերի ու արտակարգ հարստության տեր, նորից դրսևորեց ամուսնանալու իր վաղեմի ցանկությունը։ Դա հիսունհինգին մոտ մի մարդ էր, նրբակիրթ բնավորությամբ և արտասովոր նուրբ ճաշակով։ Նա ուզում էր հաչող ամուսնանալ, նա գեղեցկության արտակարգ գնահատող էր։ Քանի որ մի որոշ ժամանակից ի վեր գեներալ Եպանչինի հետ արտասովոր մտերմություն էր հաստատել, որն առանձնապես ուժեղացել էր մի քանի ֆինանսական ձեռնարկներում ունեցած փոխադարձ մասնակցության շնորհիվ, ուստի հայտնել էր գեներալին, այսպես ասած, ընկերական խորհուրդ և ղեկավարություն խնդրելով՝ արդյոք հնարավո՞ր է, թե ոչ իր ամուսնության մտադրությունը նրա աղջիկներից մեկի հետ։ Գեներալ Եպանչինի ընտանեկան կյանքի խաղաղ և հրաշալի ընթացքի մեջ հասունանում էր ակնհայտ հեղաշրջում։
Ընտանիքում անվիճելի գեղեցկուհին, ինչպես արդեն ասվել է, կրտսերն էր՝ Ագլայան։ Բայց նույնիսկ Տոցկին ինքը, արտակարգ եսասեր մի մարդ, հասկացավ, որ ինքն այդտեղ չպետք է որոնի իր բախտը, և որ Ագլայան նրա համար չի նախանշված։ Միգուցե քույրերի փոքր-ինչ կույր սերը և չափից դուրս ջերմ բարեկամությունը չափազանցնում էին գործը, բայց իրենց մեջ ամենայն անկեղծությամբ որոշել էին, որ Ագլայայի ճակատագիրը պետք է լինի ոչ թե ուղղակի ճակատագիր, այլ երկրային դրախտի հնարավոր իդեալ։ Ագլայայի ապագա ամուսինը պետք է լիներ բոլոր կատարելությունների ու հաջողությունների տերը, չխոսելով արդեն հարըստության մասին։ Քույրերը նույնիսկ իրենց մեջ որոշել էին, և մի տեսակ՝ առանց հատուկ ավելորդ խոսքերի, որ եթե պետք լինի, իրենք զոհաբերություն անեն Ագլայայի օգտին. Ագլայայի համար նախատեսված էր մի հսկայական և արտասովոր օժիտ։ Ծնողները գիտեին երկու ավագ քույրերի համաձայնության մասին, ուստի երբ Տոցկին խորհուրդ խնդրեց, նրանք գրեթե նույնիսկ կասկած չունեին, որ ավագ քույրերից մեկը հավանաբար չի մերժի պսակել իրենց ցանկությունները, մանավանդ որ Աֆանասի Իվանովիչը չէր կարող դժվարանալ օժիտի հարցում։ Իսկ Տոցկու առաջարկը գեներալն ինքը, իրեն հատուկ կյանքի իմացությամբ, անմիջապես գնահատեց շատ բարձր։ Քանի որ Տոցկին ինքն էլ, որոշ հատուկ հանգամանքների պատճառով, իր քայլերում առայժմ չափազանց մեծ զգուշություն էր պահպանում և դեռ միայն շոշափում էր գործը, ապա ծնողներն էլ աղջիկներին այդ գործը ներկայացրին միայն որպես ամենահեռավոր ենթադրություն։ Ի պատասխան դրա, ծնողները նրանցից ստացել էին, նույնպես թեև ոչ բոլորովին որոշակի, բայց համենայն դեպս հանգստացուցիչ հայտարարություն, որ ավագը՝ Ալեքսանդրան, թերևս չմերժի․ նա թեև հաստատուն բնավորության տեր, բայց բարի, խելամիտ և չափազանց վարվեցող էր. կարող էր Տոցկուն մարդու գնալ նույնիսկ սիրով, և եթե խոսք տար, ապա ազնվությամբ կկատարեր իր խոսքը։ Արտաքին փայլը նա չէր սիրում, ոչ միայն չէր սպառնում գլխացավանք պատճառել ու կտրուկ հեղաշրջում առաջացնել, այլ նույնիսկ կարող էր քաղցրացնել և հանդարտեցնել կյանքը։ Նա շատ գեղեցիկ էր, թեև ոչ այնքան էֆեկտավոր։ Ավելի լավ ի՜նչ կարող էր լինել Տոցկու համար։
Եվ, սակայն, գործը շարունակում էր ընթանալ դեռ խարխափումով։ Փոխադարձաբար ու բարեկամաբար, Տոցկու և գեներալի միջև համաձայնություն էր կայացած առժամանակ խուսափել ամեն մի ձևական և անդառնալի քայլից։ Նույնիսկ ծնողները դեռ չէին սկսում աղջիկների հետ խոսել բոլորովին բացահայտ, կարծես նույնիսկ աններդաշնակություն էր սկսվում. գեներալի տիկինը, ընտանիքի մայրը, չգիտես ինչու, դժգոհ էր դառնում, իսկ դա շատ կարևոր էր։ Այստեղ ամեն ինչին խանգարող մի հանգամանք կար, մի դժվարին ու անհանգստացուցիչ դեպք, որի պատճառով ամբողջ գործը կարող էր անդառնալիորեն խափանվել։
Այդ դժվարին և գլխացավանք պատճառող «դեպքը» (ինչպես Տոցկին ինքն էր արտահայտվում) սկսվել էր դեռ շատ վաղուց, մոտ մի տասնութ տարի առաջ։ Կենտրոնական նահանգներից մեկում, Աֆանասի Իվանովիչի ամենահարուստ կալվածքներից մեկի կողքին թշվառ կացության մեջ ապրում էր մի մանր և շատ աղքատ կալվածատեր։ Նա հայտնի էր իր անընդհատ և անեկդոտային անհաջողություններով. մի պաշտոնաթող սպա ազնվական լավ տոհմից սերած, և այդ տեսակետից նույնիսկ ավելի լավ, քան Տոցկին, ոմն Ֆիլիպ Ալեքսանդրովիչ Բարաշկով։ Ամբողջովին պարտքերի մեջ թաղվելով և ունեցածը գրավ դնելով, նա արդեն կարողացել էր, վերջապես, տաժանելի, գրեթե գեղջկական աշխատանքի շնորհիվ իր փոքրիկ տնտեսությունը մի կերպ բավարար սարքել։ Նվազագույն հաջողության դեպքում նա քաջալերվում էր։ Քաջալերված ու պայծառ հույսերով նա մի քանի օրով մեկնեց իր գավառական քաղաքը, որպեսզի տեսնվի և, եթե հնարավոր եղավ, վերջնականապես համաձայնության գա իր մի՝ ամենագլխավոր, պարտատիրոջ հետ։ Քաղաք գալու երրորդ օրը նրա գյուղակից ձի հեծած հայտնվեց նրա տանուտերը, այրված այտով ու խանձված մորուքով, և ազդարարեց նրան, որ «կալվածքը այրվել է» երեկ, ուղիղ կեսօրին, ըստ որում «բարեհաճեց այրվել նաև տիկինը, իսկ մանկիկները ողջ մնացին»։
Նույնիսկ «ճակատագրի հարվածներից նախշված» Բարաշկովը չկարողացավ դիմանալ այդ սյուրպրիզին. նա խելագարվեց և մի ամիս հետո մեռավ տենդի մեջ։ Այրված կալվածքը, ցիրուցան եղած գեղջուկներով հանդերձ ծախեցին պարտքերի դիմաց. իսկ երկու փոքրիկ աղջիկների՝ Բարաշկովի վեց և ութ տարեկան երեխաների, խնամքն ու դաստիարակությունը մեծահոգաբար իր վրա վերցրեց Աֆանասի Իվանովիչ Տոցկին։ Նրանք սկսեցին դաստիարակվել Աֆանասի Իվանովիչի կառավարչի՝ մի պաշտոնաթող և բազմանդամ ընտանիքի տեր աստիճանավորի, ընդսմին գերմանացու, երեխաների հետ։ Շուտով մնաց միայն մի աղջիկը, Նաստասյան, փոքրը մեռավ կապույտ հազից, իսկ Տոցկին շատով բոլորովին մոռացավ նրանց երկուսին էլ, ապրելով արտասահմանում։ Մոտ հինգ տարի անց, մի անգամ, այդ կողմերով անցնելիս մտածեց մտնել իր կալվածքը և հանկարծ իր գյուղական տանը, իր գերմանացու ընտանիքում նկատեց մի սքանչելի երեխա, աշխույժ, անուշիկ, խելացի և արտասովոր գեղեցկություն խոստացող մոտ տասներկու տարեկան մի աղջիկ․ այդ տեսակետից Աֆանասի Իվանովիչը անսխալ գիտակ էր։ Այդ անգամ նա կալվածքում մնաց ընդամենը մի քանի օր, բայց հասցրեց կարգագրություն անել. աղջկա դաստիարակության մեջ զգալի փոփոխություն տեղի ունեցավ. հրավիրվեց մի հարգարժան ու տարեց դաստիարակչուհի, աղջիկների ընտիր դաստիարակության մեջ փորձված, կրթված մի շվեյցարուհի, որը բացի ֆրանսերենից, ավանդում էր նաև զանազան գիտություններ։ Նա բնակություն հաստատեց գյուղական տանը և փոքրիկ Նաստասիայի դաստիարակությունը արտակարգ չափեր ընդունեց։ Ուղիղ երեք տարի անց ավարտվեց այդ դաստիարակությունը. դաստիարակչուհին մեկնեց, իսկ Նաստյայի հետևից եկավ մի տիկին, նույնպես ինչ֊որ կալվածատիրուհի և նույնպես իր կալվածքով Տոցկու հարևանուհին, բայց արդեն մի այլ, հեռավոր նահանգում, և Նաստյային վերցրեց իր հետ, համաձայն Աֆանասի Իվանովիչի հրահանգի և լիազորության։ Այդ ոչ մեծ կալվածքում կար թեև ոչ մեծ, բայց նոր կառուցած փայտաշեն տուն, դա կահավորված էր առանձնահատուկ նրբաճաշակ, և գյուղակն էլ, կարծես դիտավորյալ, կոչվում էր Օտրադնոյե։ Կալվածատիրուհին Նաստյային բերեց ուղիղ այդ խաղաղ տնակը, և քանի որ նա ինքը, անզավակ այրի, ապրում էր այդտեղից ընդամենը մի վերստ հեռու, ապա ինքն էլ բնակություն հաստատեց Նաստյայի հետ։ Նաստյայի կողքին հայտնվեց պառավ մառանապետուհին և մի ջահել փորձված աղախին։ Տանը գտնվեցին երաժշտական գործիքներ, աղջկական նուրբ-ընտիր գրադարան. պատկերներ, էստամպներ, մատիտներ, վրձիններ, ներկեր, մի զարմանալի լևրետկա, իսկ երկու շաբաթ հետո շնորհ բերեց նաև ինքը՝ Աֆանասի Իվանովիչը... այն ժամանակվանից նա առանձնապես սիրեց իր այդ տափաստանային խուլ գյուղակը, ամեն ամառ գալիս էր, հյուր էր մնում երկու, նույնիսկ երեք ամիս, և այդպես անցավ բավական երկար ժամանակ, մոտ չորս տարի, հանդարտ ու երջանիկ, ճաշակով ու նրբագեղ։
Այնպես պատահեց, որ մի անգամ ձմռան սկզբին Աֆանասի Իվանովիչի՝ Օտրադնոյե կատարած այցելությունից մի չորս ամիս անց, ուր այս անգամ նա եկել էր ընդամենը երկու շաբաթով միայն, լուր տարածվեց, կամ ավելի լավ է ասել՝ մի անգամ Նաստասյա Ֆիլիպովնային լուր հասավ, որ Աֆանասի Իվանովիչը Պետերբուրգում ամուսնանում է մի գեղեցկուհու, մի հարուստ ու տոհմիկ անձնավորության հետ․ մի խոսքով հուսալի ու փայլուն ընտրություն է կատարում։ Այդ լուրը հետո ոչ բոլոր մանրամասնություններով ճիշտ դուրս եկավ. հարսանիքն այն ժամանակ էլ դեռ միայն նախագծվում էր և դեռևս շատ անորոշ էր, բայց համենայն դեպս Նաստասյա Ֆիլիպովնայի ճակատագրի մեջ այդ ժամանակվանից տեղի ունեցավ արտակարգ հեղաշրջում։ Նա հանկարծ ցուցաբերեց արտասովոր վճռականություն և դրսևորեց ամենաանսպասելի բնավորություն։ Առանց երկար մտածելու, նա թողեց իր գյուղական տնակը և հանկարծ հայտնվեց Պետերբուրգում, ուղղակի Տոցկու մոտ, մեն-մենակ։ Սա զարմացավ, սկսեց խոսել, բայց հանկարծ, գրեթե առաջին իսկ բառից պարզվեց, որ բոլորովին պետք էր փոխել ոճը, ձայնի դիապազոնը, հաճելի և նրբակիրթ խոսակցությունների առաջվա թեմաները, որոնք մինչև այժմ գործածվում էին այնպիսի հաջողությամբ, տրամաբանությունը, ամեն, ամեն, ամեն ինչ։ Տոցկու առաջ նստած էր միանգամայն մի այլ կին, որը բոլորովին նման չէր նրան, որին նա ճանաչում էր մինչև այժմ և որին ընդամենը հուլիս ամսին թողել էր Օտրադնոյե գյուղակում։
Նախ և առաջ պարզվեց, որ այդ նոր կինը չափազանց շատ բան գիտեր ու հասկանում էր այնքան շատ, որ զարմանալ կարելի էր, թե նա որտեղի՞ց կարող էր ձեռք բերել այդպիսի տեղեկություններ, իր մեջ մշակել այդպիսի ճշգրիտ հասկացողություններ։ (Մի՞թե իր օրիորդական գրադարանից)։ Դեռ ավելին, նա նույնիսկ իրավաբանորեն չափազանց շատ բան էր հասկանում և դրականորեն գիտեր եթե ոչ բարձր հասարակությունը, ապա համենայն դեպս այն, թե ինչպես են որոշ գործեր ընթանում հասարակության մեջ, երկրորդ դա բոլորովին այն բնավորությունը չէր, ինչպես առաջ, այսինքն՝ ոչ թե ինչ֊որ երկչոտ, պանսիոնավարի անորոշ, երբեմն իր յուրօրինակ աշխուժությամբ ու միամտությամբ շատ հմայիչ, երբեմն թախծոտ ու մտախոհ, զարմացած, անվստահ, լացող ու անհանգիստ մի էակ։
Ոչ. այստեղ նրա առաջ քրքջում ու ամենաթունալի սարկազմներով նրան խայթում էր մի արտասովոր ու անսպասելի էակ, որը նրան ուղղակի հայանում էր, որ ինքը երբեք իր սրտում դեպի նա ոչինչ չի ունեցել բացի ամենախոր արհամարհանքից, սրտախառնուքի հասնող արհամարհանքից, որը վրա է հասել առաջին զարմանքից անմիջապես հետո։ Այդ նոր կինը հայտարարեց, որ իր համար բառիս բուն իմաստով միևնույն կլինի, եթե Տոցկին հենց հիմա և ում հետ ուզի՝ ամուսնանա, բայց, որ ինքը եկել է թույլ չտալու նրան այդ ամուսնությունը և թույլ չի տա չարությունից մղված, լոկ այն պատճառով, որ ինքը այդպես է ուզում, և որ, հետևաբար, այդպես էլ պետք է լինի՝ «դե, թեկուզ նրա համար, որ մի կուշտ ծիծաղեմ քեզ վրա, որովհետև հիմա ես էլ, վերջապես, ուզում եմ ծիծաղել»։
Համենայն դեպս այդպես էր արտահայտվում նա. թերևս նա չարտահայտեց այն ամենը, ինչ կար մտքում։ Բայց մինչ նոր Նաստասյա Ֆիլիպովնան քրքջում էր և շարադրում այդ ամենը, Աֆանասի Իվանովիչն իր համար մտմտում էր այդ գործը և, ըստ հնարավորին, կարգի էր բերում իր փոքր-ինչ ցաք ու ցրիվ մտքերը։ Այդ մտմտուքը քիչ ժամանակ չտևեց. նա խորամուխ էր լինում, վերջնական վճիռ էր կայացնում գրեթե երկու շաբաթ, բայց երկու շաբաթ հետո նրա վճիռն ընդունված էր։ Բանն այն է, որ այդ ժամանակ Աֆանասի Իվանովիչի տարիքն արդեն հիսունին մոտ էր և նա վերին աստիճանի պատկառելի ու հաստատուն դիրքի մարդ էր։ Նա արդեն շատ վաղուց հաստատվել էր բարձր հասարակության մեջ ամենաամուր հիմքերի վրա։ Իրեն, իր անդորրն ու բարեհարմարությունը սիրում ու գնահատում էր աշխարհում ամենից ավելի, ինչպես և հարկ էր վերին աստիճանի կանոնավոր մարդուն։ Ոչ մի նվազագույն խախտում, ոչ մի նվազագույն տատանում չէր կարող թույլ տրվել այն կարգ ու կանոնի մեջ, որը հաստատվել էր ամբողջ կյանքով և այդպիսի սքանչելի ձև ընդունել։ Մյուս կողմից, փորձառությունն ու իրերի նկատմամբ խոր հայացքը շատ շուտով և զարմանալի ճիշտ թելադրեցին Տոցկուն, որ նա հիմա գործ ունի բոլորովին արտակարգ էակի հետ, որ դա հենց այնպիսի էակ է, որը ոչ միայն սպառնում է, այլև անպայման կանի, և գլխավորը, վճռականապես ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, առավել ես, որ վճռականապես ոչ մի բան թանկ չի գնահատում հասարակության մեջ, այնպես որ նրան նույնիսկ գայթակղեցնելն անհնար է։ Ըստ երևույթին այստեղ մի ուրիշ բան կար, ենթադրվում էր ինչ֊որ հոգեկան ու զգացմունքային խառնուչք, ինչ֊որ վիպական զայրույթի նման մի բան՝ աստված գիտի ում վրա և ինչի համար, չափից բոլորովին դուրս թռած անկշտում արհամարհանքի ինչ֊որ զգացմունք, մի խոսքով, ինչ֊որ վերին աստիճանի ծիծաղելի և կարգին հասարակության մեջ անթույլատրելի մի բան, որին հանդիպելն ամեն մի կարգին մարդու համար իսկական աստծու պատիժ է։ Հասկանալի է, Տոցկու հարստությամբ ու կապերով կարելի էր անմիջապես մի որևէ փոքրիկ ու միանգամայն անմեղ չարագործություն անել տհաճությունից ազատվելու համար։ Մյուս կողմից, ակներև էր, որ Նաստասյա Ֆիլիպովնան ինքն էլ, ասենք, օրինակ, թեկուզ իրավաբանական իմաստով ի վիճակի չէր գրեթե ոչ մի վնասակար բան անելու, նույնիսկ նշանակալից սկանդալ էլ չէր կարող անել, որովհետև միշտ այնքան հեշտ կարելի էր նրան սահմանափակել։ Բայց այդ բոլորը այն դեպքում միայն, եթե Նաստասյա Ֆիլիպովնան որոշեր գործել, ինչպես բոլորը, և ինչպես առհասարակ նման դեպքերում գործում են, այսինքն՝ առանց խիստ արտառոց ձևով չափից դուրս թռչելու։ Բայց հենց այստեղ էր, որ Տոցկուն պետք եկավ իր ճիշտ հայացքը, նա կարողացավ կռահել, որ Նաստասյա Ֆիլիպովնան ինքն էլ շատ լավ հասկանում է, թե որքան անվնաս է ինքը իրավաբանական իմաստով, բայց որ բոլորովին այլ բան կա նրա մտքում և... փայլատակող աչքերում։ Ոչ մի բան թանկ չգնահատելով, իսկ ամենից առավել իրեն (պետք էր շատ խելք և խորաթափանցություն ունենալ այդ րոպեին գլխի ընկնելու համար, որ Նաստասյա Ֆիլիպովնան վաղուց արդեն դադարել էր ինքն իրեն թանկ գնահատելուց և որպեսզի Տոցկին, այդ սկեպտիկն ու բարձրաշխարհիկ ցինիկը, հավատար այդ զգացմունքի լրջությանը), Նաստասյա Ֆիլիպովնան ի վիճակի էր կործանելու իրեն՝ անվերադարձ ու այլանդակ ձևով, Սիբիրով ու տաժանակրությամբ, միայն թե ծաղրեր այն մարդուն, որի նկատմամբ նա այդպիսի անմարդկային նողկանք էր զգում։ Աֆանասի Իվանովիչը երբեք չէր թաքցնում, որ մի քիչ վախկոտ էր կամ, ավելի լավ է ասել, վերին աստիճանի պահպանողական։ Եթե նա գիտենար, օրինակ, որ իրեն կսպանեն պսակադրության ժամանակ կամ դրա նման մի բան կպատահի, որևէ արտասովոր անվայելուչ, ծիծաղելի և հասարակության մեջ չընդունված բան, ապա նա, իհարկե, կվախենար, բայց ընդսմին ոչ այնքան նրանից, որ իրեն կսպանեն ու արյունալի վերք կհասցնեն կամ հրապարակորեն կթքեն երեսին և այլն, և այլն, այլ նրանից, որ դա նրա հետ կկատարվեր այդպիսի անբնական ու տհաճ ձևով։ Բայց չէ՞ որ Նաստասյա Ֆիլիպովնան հենց այդ էր նախատեսում, թեպետև դեռ լռում էր այդ մասին. Տոցկին գիտեր, որ Նաստասյա Ֆիլիպովնան վերին աստիճանի հասկանում էր նրան և ուսումնասիրել էր, և հետևաբար գիտեր, թե ինչով հարվածի նրան։ Իսկ քանի որ հարսանիքը իրոք դեռ միայն մտադրություն էր, ապա Աֆանասի Իվանովիչը հնազանդվեց և զիջեց Նաստասյա Ֆիլիպովնային։
Նրա որոշմանն օգնեց մի հանգամանք ևս. դժվար էր պատկերացնել, թե այդ նոր Նաստասյա Ֆիլիպովնան դեմքով որ աստիճանի նման չէր նախկինին։ Առաջ նա լոկ շատ սիրունիկ աղջնակ էր, իսկ հիմա... Տոցկին երկար ժամանակ չէր կարողանում ներել իրեն, որ չորս տարի նայում էր ու ինչպես հարկն է չէր տեսել։ Ճիշտ է, մեծ նշանակություն ունի և այն, երբ երկուստեք, ներքնապես ու անակնկալ, հեղաշրջում է կատարվում։ Ասենք, նա մտաբերում էր առաջ էլ ակնթարթներ, երբ երբեմն տարօրինակ մտքեր էին անցնում նրա գլխով, երբ նայում էր, օրինակ, այդ աչքերին, կարծես թե նրանց մեջ նախազգացվում էր ինչ-որ խորունկ ու խորհրդավոր խավար։ Այդ հայացքն այնպես էր նայում, կարծես թե հանելուկ էր առաջադրում։ Վերջին երկու տարին նա հաճախ էր զարմանում Նաստասյա Ֆիլիպովնայի դեմքի գույնի փոփոխությանը. նա սարսափելի գունատվում էր և, տարօրինակ բան, նույնիսկ գեղեցկանում էր դրանից։ Տոցկին, որն ինչպես և իրենց կյանքում շատ թրև եկած բոլոր ջենտլմենները, սկզբում արհամարհանքով էր նայում, թե որքան էժան նրա ձեռքն ընկավ այդ չապրած հոգին, վերջին ժամանակներս մի քիչ սկսեց կասկածել իր հայացքին։ Բոլոր դեպքերում, դեռ անցյալ գարնանը նա որոշել էր շուտով շատ լավ և մեծ գույքով ամուսնացնել Նաստասյա Ֆիլիպովնային մի ուրիշ նահանգում ծառայող որևէ խելամիտ և օրինավոր պարոնի հետ։ (Օ, ի՜նչ սարսափելի և ինչպե՜ս չար ծիծաղում էր հիմա Նաստասյա Ֆիլիպովնան դրա վրա)։ Բայց հիմա Աֆանասի Իվանովիչը նորությամբ հրապուրված, նույնիսկ մտածեց, որ կարող էր նորից շահագործել այդ կնոջը։ Նա որոշեց Նաստասյա Ֆիլիպովնային տեղավորել Պետերբուրգում և շրջապատել շքեղ բարեհարմարությամբ։ Կամ մեկը, կամ մյուսը, Նաստասյա Ֆիլիպովնայով նույնիսկ կարելի էր պարծենալ, նույնիսկ մի քիչ սնափառություն անել որոշ շրջանակում։ Պետք է ասել, որ Աֆանասի Իվանիչը շատ թանկ էր գնահատում իր այդ կարգի փառքը։
Արդեն անցել էր պետերբուրգյան կյանքի հինգ տարի, և, հասկանալի է, այդ ժամանակամիջոցում շատ բան էր որոշակի դարձել․ Աֆանասի Իվանովիչի դրությունն անմխիթարական էր. ամենից վատն այն էր, որ մի անգամ վախենալով, հետո արդեն ոչ մի կերպ չէր կարող հանգստանալ։ Նա վախենում էր — և նույնիսկ ինքն էլ չգիտեր, թե ինչից,— ուղղակի վախենում էր Նաստասյա Ֆիլիպովնայից։ Մի որոշ ժամանակ, առաջին երկու տարին, նա սկսեց կասկածել, թե Նաստասյա Ֆիլիպովնան ինքն է ուզում նրա հետ ամուսնանալ, բայց լռում է անսովոր սնափառությունից և համառորեն սպասում է նրա առաջարկին։ Այդպիսի հավակնությունը տարօրինակ կլիներ. Աֆանասի Իվանովիչը խոժոռվում և ծանր մտածմունքների մեջ էր ընկնում։ Մեծ և (այդպես է մարդկային սիրտը) փոքր֊ինչ տհաճ զարմանքով, նա հանկարծ մի առիթով համոզվեց, որ եթե ինքը նույնիսկ առաջարկություն աներ, ապա այդ առաջարկը չէին ընդունի։ Երկար ժամանակ նա այդ չէր հասկանում։ Նրան հնարավոր թվաց միայն մի բացատրություն, որ «վիրավորված և ֆանտաստիկ կնոջ» հպարտությունը արդեն այնպիսի մոլեգնության է հասնում, որ նրան ավելի հաճելի է մի անգամ ցույց տալ իր արհամարհանքը մերժումով, քան մեկընդմիշտ որոշակի դարձնել իր վիճակը և անհասանելի փառքի տիրանալ։ Ամենավատն այն էր, որ գերազանցությունը շատ մեծ չափով Նաստասյա Ֆիլիպովնայի կողմն էր։ Շահը, նույնիսկ շատ մեծ շահը, նույնպես չէր գայթակղեցնում նրան և թեպետ ընդունեց իրեն առաջարկված բարեհարմարությունը, բայց ապրում էր շատ համեստ և այդ հինգ տարվա ընթացքում ոչինչ չկուտակեց։ Աֆանասի Իվանովիչը ռիսկ արեց դիմելու շատ խորամանկ միջոցի, որպեսզի փշրի իր կապանքները, աննկատելի ու վարպետորեն նա սկսեց գայթակղեցնել Նաստասյա Ֆիլիպովնային ճարպիկ օգնության միջոցով, այլևայլ ամենաիդեալական գայթակղություններով, բայց մարմնացյալ իդեալները՝ իշխաններ, հուսարներ, դեսպանությունների քարտուղարներ, բանաստեղծներ, վիպասաններ, նույնիսկ սոցիալիստներ, ոչ մի բան Նաստասյա Ֆիլիպովնայի վրա ոչ մի տպավորություն չգործեց, կարծես նրա սրտի փոխարեն քար էր դրած, իսկ զգացմունքները չորացել, մեռել էին մեկընդմիշտ։ Նա մեծ մասամբ ապրում էր մեկուսացած, կարդում էր, նույնիսկ սովորում էր, սիրում էր երաժշտությունը. ծանոթություններ քիչ ուներ, նա շարունակ հարաբերություններ էր պահպանում ինչ֊որ խեղճ ու ծիծաղեքի չինովնիկների կանանց հետ, ճանաչում էր ինչ֊որ երկու դերասանուհու, ինչ֊որ պառավների, շատ էր սիրում մի հարգարժան ուսուցչի բազմանդամ ընտանիքը, և այդ ընտանիքում նրան էլ շատ էին սիրում և բավականությամբ ընդունում էին։ Բավական հաճախ նրա մոտ երեկոյան հավաքվում էին հինգ֊վեց հոգի ծանոթներ, ոչ ավելի։ Տոցկին գալիս էր շատ հաճախ և կանոնավոր։ Վերջերս ոչ առանց դժվարության Նաստասյա Ֆիլիպովնայի հետ ծանոթացել էր գեներալ Եպանչինը։ Միևնույն ժամանակ բոլորովին հեշտ և առանց որևէ ջանքի նրա հետ ծանոթացել էր նաև մի երիտասարդ չինովնիկ, Ֆերդիշչենկո ազգանունով, մի շատ անվայելուչ ու լկտի խեղկատակ, զվարթ մարդու հավակնությամբ ու խմող։ Ծանոթ էր մի երիտասարդ ու տարօրինակ մարդ, Պտիցին ազգանունով, համեստ, ճշտապահ ու օսլայած, որ ծագում էր աղքատ միջավայրից և դարձել էր վաշխառու։ Ծանոթացել էր, վերջապես, նաև Գավրիլա Արդալիոնովիչը․․․ վերջացավ նրանով, որ Նաստասյա Ֆիլիպովնայի մասին տարօրինակ համբավ հաստատվեց. նրա գեղեցկության մասին գիտեին բոլորը, բայց այդքան միայն, ոչ ոք չէր կարող ոչնչով պարծենալ, ոչ ոք չէր կարող ոչ մի բան պատմել։ Այդպիսի համբավը, նրա կրթությունը, նուրբ նիստուկացը, սրամտությունը, այս ամենը Աֆանասի Իվանովիչին վերջնականապես դրդեցին հաստատ կանգ առնել որոշ ծրագրի վրա։ Հենց այստեղ էլ սկսվում է այն պահը, որին այնքան գործոն ու արտակարգ մասնակցություն ունեցավ այս պատմության մեջ ինքը՝ գեներալ Եպանչինը։
Երբ Տոցկին այնպես սիրալիր դիմեց նրան, ընկերական խորհուրդ հարցնելով նրա աղջիկներից մեկի նկատմամբ, ապա հենց տեղնուտեղը, ամենաազնիվ ձևով լիակատար ու անկեղծ խոստովանություն արավ։ Նա հայտնեց, որ իր ազատությունն ստանալու համար վճռել է արդեն ''ոչ մի միջոցի'' առաջ կանգ չառնել, որ չէր հանգստանա, եթե նույնիսկ Նաստասյա Ֆիլիպովնան ինքը նրան հայտարարեր, թե այսուհետև նրան բոլորովին հանգիստ կթողնի, որ նրա համար միայն խոսքերը քիչ են, որ նրան հարկավոր են ամենալիակատար երաշխիքներ։ Պայմանավորվեցին և որոշեցին միասնաբար գործել։ Որոշել էին նախ և առաջ փորձել ամենամեղմ միջոցները և շոշափել, այսպես ասած, միայն «սրտի ազնիվ լարերը»։ Երկուսն էլ եկան Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ, և Տոցկին ուղղակի սկսեց նրանից, որ բացատրեց իր դրության անտանելի սարսափը. նա իրեն մեղադրեց ամեն ինչում. անկեղծորեն ասաց, որ չի կարող զղջալ իր առաջվա արարքի համար, որովհետև ինքն անուղղելի հեշտասեր է և անզոր է իշխելու իրեն, բայց որ հիմա ուզում է ամուսնանալ և որ այդ վերին աստիճանի վայելուչ և բարձրաշխարհիկ ամուսնության ողջ ճակատագիրը նրա ձեռքին է․ մի խոսքով, որ ինքը ամեն ինչ սպասում է նրա ազնիվ սրտից։ Ապա սկսեց խոսել գեներալ Եպանչինը որպես հայր և խոսում էր խելացի, տեղին, խուսափելով սրտառուչ խոսքերից, հիշատակեց միայն, որ լիովին ընդունում է Նաստասյա Ֆիլիպովնայի իրավունքը՝ որոշելու Աֆանասի Իվանովիչի բախտը, ճարպկորեն ցուցամոլեց սեփական հլությամբ, ցույց տալով, որ իր աղջկա, գուցե նաև մյուս աղջիկների բախտը հիմա կախված է Նաստասյա Ֆիլիպովնայի վճռից։ Նաստասյա Ֆիլիպովնայի այն հարցին, թե՝ «իրենից ի՞նչ են ուզում»,— Տոցկին առաջվա պես, միանգամայն անսքող շիտակությամբ խոստովանեց նրան, որ ինքը այնքան վախեցած է դեռևս հինգ տարի առաջ, որ նույնիսկ հիմա չի կարող լիովին հանգստանալ, մինչև որ Նաստասյա Ֆիլիպովնան ինքը չամուսնանա որևէ մեկի հետ։ Նա անմիջապես ավելացրեց, որ այդ խնդիրքը, իհարկե, անհեթեթություն կլիներ նրա կողմից, եթե ինքը դրա համար որոշ հիմքեր չունենար։ Նա շատ լավ նկատել և հաստատ իմացել է, որ ամենահարգարժան ընտանիքում ապրող շատ լավ ծագումով մի երիտասարդ, այսինքն՝ Գավրիլա Արդալիոնովիչ Իվոլգինը, որին Նաստասյա Ֆիլիպովնան ճանաչում և ընդունում է իր մոտ, արդեն վաղուց սիրում է նրան զգացմունքի ամբողջ ուժով և, իհարկե, կյանքի կեսը կտար նրա համակրանքը շահելու լոկ հույսի համար։ Այդ բանը խոստովանել է նրան՝ Աֆանասի Իվանովիչին Գավրիլա Արդալիոնովիչն ինքը, և արդեն վաղուց, մտերմաբար ու երիտասարդական անկեղծ սրտով, և որ այդ մասին արդեն վաղուց գիտի նաև երիտասարդին բարերարած Իվան Ֆյոդորովիչը։ Եվ վերջապես, եթե միայն նա, Աֆանասի Իվանովիչը, չի սխալվում, երիտասարդի սերը արդեն վաղուց հայտնի է իդեն՝ Նաստասյա Ֆիլիպովնային, և Տոցկուն նույնիսկ թվացել է, որ Նաստասյա Ֆիլիպովնան ներողամտությամբ է նայում այդ սիրուն։ Իհարկե, այդ մասին խոսելը ամենից ավելի դժվար է Տոցկու համար։ Բայց եթե Նաստասյա Ֆիլիպովնան նրա՝ Տոցկու մեջ բացի եսասիրությունից ու սեփական վիճակը կարդավորելու ցանկությունից ուզենար տեսնել գեթ մի փոքր բարիքի ցանկություն նաև նրան՝ Նաստասյա Ֆիլիպովնային, ապա կհասկանար, որ Տոցկու համար վաղուց տարօրինակ և նույնիսկ ծանր է Նաստասյա Ֆիլիպովնայի միայնությունը, որ այստեղ լոկ անորոշ խավար է տիրում, լիակատար անհավատություն կյանքի նորոգման նկատմամբ, որն այնպես հիանալի կարող էր հարություն առնել սիրո և ընտանիքի մեջ և այսպիսով նոր նպատակ ստանալ. որ այստեղ առկա է ընդունակությունների, թերևս փայլուն ընդունակությունների կործանում, կամավոր հիացում սեփական թախիծով, մի խոսքով, նույնիսկ որոշ ռոմանտիզմ, որ արժանի չէ Նաստասյա Ֆիլիպովնայի ոչ առողջ մտքին, ոչ ազնիվ սրտին։ Մի անգամ ևս կրկնելով, որ իր համար խոսելն ավելի դժվար է, քան մյուսների համար, նա եզրափակեց, որ չի կարող հրաժարվել այն հույսից, որ Նաստասյա Ֆիլիպովնան արհամարհանքով չի պատասխանի նրան, եթե նա իր անկեղծ ցանկությունը հայտնի Նաստասյա Ֆիլիպովնայի ապագա վիճակն ապահովելու և նրան առաջարկի յոթանասունհինգ հազար ռուբլու գումար։ Նա պարզաբանելով ավելացրեց, որ միևնույն է, այդ գումարն արդեն իր կտակի մեջ նշանակված է նրան. մի խոսքով, որ սա բնավ էլ որևէ փոխհատուցում չէ․․․ և որ, վերջապես, ինչո՞ւ հնարավոր չհամարել և չներել գեթ որևէ բանով խիղճը թեթևացնելու նրա մարդկային ցանկությանը և այլն, և այլն, այն ամենը, ինչ ասվում է նման դեպքերում այդ թեմայի շուրջը։ Աֆանասի Իվանովիչը խոսում էր երկար ու պերճախոս, ավելացնելով, այսպես ասած, հարևանցի, մի շատ հետաքրքիր տեղեկություն, որ այդ յոթանասունհինգ հազարի մասին նա ծպտուն հանեց հիմա առաջին անգամ և որ դրա մասին չգիտեր նույնիսկ Իվան Ֆյոդորովիչն ինքը, որ ահա այստեղ նստած է. մի խոսքով ոչ ոք չգիտի։
Նաստասյա Ֆիլիպովնայի պատասխանը զարմացրեց երկու բարեկամներին։
Նրա մեջ ոչ միայն չէր նկատվում առաջվա ծաղրի, առաջվա թշնամանքի, առաջվա քրքիջի ամենաչնչին հետքն անգամ, որի լոկ հիշողությունից մինչև հիմա սարսուռ էր անցնում Տոցկու մարմնով, այլ, ընդհակառակը, Նաստասյա Ֆիլիպովնան կարծես ուրախացավ, որ վերջապես որևէ մեկի հետ կարող է անկեղծ ու բարեկամաբար խոսել։ Նա խոստովանեց, որ ինքն էլ վաղուց ուզում էր բարեկամական խորհուրդ հարցնել, որ խանգարում էր միայն հպարտությունը, բայց որ հիմա, երբ սառույցը կոտրված է, ոչինչ չէր կարող դրանից լավ լինել։ Սկզբում թախծոտ ժպիտով, ապա զվարթ ու աշխույժ ծիծաղելով, նա խոստովանեց, որ համենայն դեպս առաջվա փոթորիկը չէր կարող լինել, որ նա վաղուց արդեն մասամբ փոխել է իրերի նկատմամբ իր հայացքը, և որ թեպետ սրտով չի փոխվել, բայց և այնպես ստիպված է եղել շատ բան ընդունել որպես կատարված փաստ. արվածն արված է, անցածն անցած, այնպես որ նրա համար նույնիսկ տարօրինակ է, որ Աֆանասի Իվանովիչը դեռ շարունակում է այդպես վախեցած լինել։ Այստեղ նա դիմեց Իվան Ֆյոդորովիչին և ամենախոր հարգանքի արտահայտությամբ հայտնեց, որ ինքը վաղուց արդեն շատ բան է լսել նրա աղջիկների մասին, և վաղուց արդեն վարժվել է խորապես ու անկեղծորեն հարգել նրանց։ Լոկ այն միտքը, թե ինքը գեթ որևէ բանով կարող է օգտակար լինել նրանց, թվում է, իր համար երջանկություն և հպարտություն կլիներ։ Այդ ճիշտ է, որ իր համար հիմա շատ ծանր ու տխուր է, շատ տխուր. Աֆանասի Իվանովիչը կռահել է նրա երազանքները. նա կուզենար վերածնվել եթե ոչ սիրո, գոնե ընտանիքի միջոցով, գիտակցելով նրա նպատակը, բայց որ Գավրիլա Արդալիոնովիչի մասին գրեթե ոչինչ չի կարող ասել։ Կարծես ճիշտ է, որ նա սիրում է նրան, զգում է, որ ինքն էլ կկարողանա նրան սիրել, եթե կարողանար հավատալ կապվածության հաստատությանը. բայց նա, եթե անգամ անկեղծ է, շատ ջահել է․ այստեղ դժվար է որոշել։ Հրեն, ի դեպ, ամենից ավելի դուր է գալիս այն, որ նա աշխատում է, չարչարվում և մենակ սատար լինում ամբողջ ընտանիքին։ Նա լսել է, որ Եվոլգինը եռանդուն, հպարտ մարդ է, որ ուզում է կարիերա ստեղծել, ուզում է ճանապարհ հարթել։ Լսել է նաև, որ Նինա Ալեքսանդրովնա Եվոլգինան՝ Գավրիլա Արդալիոնովիչի մայրը, հիանալի և վերին աստիճանի հարգարժան կին է, որ նրա քույրը՝ Վարվառա Արդալիոնովնան, հրաշալի և եռանդուն աղջիկ է. նրա մասին շատ է լսել Պտիցինից։ Լսել է, որ նրանք արիաբար տանում են իրենց դժբախտությունները. ինքը շատ կուզենար ծանոթանալ նրանց հետ, բայց դեռ հարց է, նրանք իրեն սրտաբաց կընդունե՞ն իրենց ընտանիքը։ Առհասարակ նա հակառակ ոչինչ չի ասում այդ ամուսնության հնարավորությանը, բայց այդ մասին դեռ շատ պետք է մտածել։ Կուզենար, որ իրեն չշտապեցնեն։ Ինչ վերաբերում է յոթանասունհինգ հազարին, ապա իզուր էր Աֆանասի Իվանովիչն այդպես դժվարանում ասել դրա մասին։ Ինքն էլ հասկանում է դրամի արժեքը և, իհարկե, կվերցնի։ Նա շնորհակալ է Աֆանասի Իվանովիչին նրբանկատության համար, նրա համար, որ նույնիսկ գեներալին չի ասել այդ մասին, ուր մնաց Գավրիլա Արդալիոնովիչին, և սակայն, ինչո՞ւ նա էլ վաղօրոք չիմանա դրա մասին։ Մտնելով նրանց ընտանիքը, նա պատճառ չունի այդ փողից ամաչելու։ Բոլոր դեպքերում նա ոչ ոքից մտադիր չէ ոչ մի բանի համար ներողություն խնդրելու և ուզում է, որ այդ գիտենան։ Նա Գավրիլա Արդալիոնովիչին մարդու չի գնա մինչև չհամոզվի, որ ոչ նա, ոչ ընտանիքը որևէ թաքնված միտք չունեն իր վերաբերյալ։ Համենայն դեպս, ինքը ոչ մի բանում իրեն մեղավոր չի համարում, և ավելի լավ է, թող Գավրիլա Արդալիոնովիչն իմանա, թե ինչ հիմունքներով է ինքը այս հինգ տարին ապրել Պետերբուրգում, ինչ հարաբերությունների մեջ է Աֆանասի Իվանովիչի հետ և արդյոք շա՞տ փող է կուտակել։ Վերջապես եթե ինքը հիմա ընդունում է դրամագլուխը, ապա բոլորովին ոչ որպես վարձատրություն իր կուսական անարգանքի, որում ինքը մեղավոր չէ, այլ ուղղակի որպես հատուցում աղավաղված ճակատագրի համար։
Ի վերջո նա նույնիսկ այնպես բորբոքվեց ու գրգռվեց այդ բոլորը շարադրելիս (որը, ի դեպ, այնքան բնական էր), որ գեներալ Եպանչինը շատ գոհ էր և գործը ավարտված էր համարում, բայց մի անգամ արդեն վախեցած Տոցկին հիմա էլ լրիվ չհավատաց, և երկար ժամանակ վախենում էր, թե արդյոք այստեղ էլ ծաղիկների մեջ օձ չի՞ թաքնված։ Սակայն բանակցություններն սկսվեցին. այն կետը, որի վրա հիմնված էր երկու բարեկամների ամբողջ մանևրը, այն է՝ Նաստասյա Ֆիլիպովնայի՝ Գանյայով հրապուրվելու հնարավորությունը, սկսեց սակավ առ սակավ պարզվել և արդարանալ, այնպես որ նույնիսկ Տոցկին սկսում էր երբեմն հավատալ հաջողության հնարավորությանը։ Այդ ընթացքում Նաստասյա Ֆիլիպովնան բացատրվեց Գանյայի հետ, խոսքեր շատ քիչ ասվեցին, կարծես Նաստասյա Ֆիլիպովնայի ողջախոհությունը վիրավորվում էր դրանից։ Սակայն նա հնարավոր էր համարում և Գանյային թույլատրում էր սիրել, բայց հաստատապես հայտարարեց, որ ոչնչով չի ուզում իրեն նեղել. որ նա մինչև բուն հարսանիքը (եթե հարսանիքը լինի) «ոչ» ասելու իրավունք է վերապահում իրեն, թեկուզև ամենավերջին ժամին. ճիշտ նույնպիսի իրավունք է տալիս նաև Գանյային։ Շուտով Գանյան հաճկատար դեպքի շնորհիվ հաստատ իմացավ, որ իր ամբողջ ընտանիքի անբարյացակամությունը այդ ամուսնության և անձամբ Նաստասյա Ֆիլիպովնայի նկատմամբ, որ երևում էր ընտանեկան տեսարաններից, արդեն բավական մանրամասնորեն հայտնի է Նաստասյա Ֆիլիպովնային. նա ինքն այդ մասին խոսք չէր բացում Գանյայի մոտ, բայց վերջինս ամեն օր սպասում էր դրան։ Ասենք, էլի շատ բան կարելի էր պատմել այն բոլոր պատմություններից ու հանգամանքներից, որոնք պարզվեցին այդ խնամախոսության ու բանակցությունների առիթով. բայց մենք առանց այն էլ առաջ վազեցինք, առավել ևս, որ որոշ հանգամանքներ հանդես էին գալիս դեռևս խիստ անորոշ լուրերի ձևով։ Օրինակ, իբրև թե Տոցկին չգիտես որտեղից իմացել էր, որ Նաստասյա Ֆիլիպովնան ինչ֊որ անորոշ և գաղտնի հարաբերություններ է ստեղծել Եպանչինա օրիորդների հետ. բոլորովին անհավատալի լուր։ Դրա փոխարեն մի ուրիշ լուրի նա հավատում էր և վախենում ինչպես կոշմարից․ համարյա հաստատ իմացել էր, որ Նաստասյա Ֆիլիպովնան իբր շատ լավ գիտի, որ Գանյան ամուսնանում է միայն փողի համար, որ Գանյայի հոգին սև է, ագահ, անհամբեր, նախանձոտ և անընդգրկելի, անհամեմատելի ինքնասեր, որ չնայած Գանյան առաջ իրոք կրքոտ կերպով աշխատում էր հաղթանակ տանել Նաստասյա Ֆիլիպովնայի նկատմամբ, բայց երբ երկու բարեկամները որոշեցին հօգուտ իրենց շահագործել երկու կողմից սկսվող այդ կիրքը և Գանյային գնել՝ Նաստասյա Ֆիլիպովնային վաճառելով նրան որպես սեփական կին, ապա Գանյան ատեց նրան ինչպես իր կոշմարը։ Իբրև թե նրա հոգում տարօրինակ ձևով միացան կիրքն ու ատելությունը ու թեև տանջալից տատանումներից հետո նա վերջապես տվեց «գարշելի կնոջ» հետ ամուսնանալու իր համաձայնությունը, բայց հոգու խորքում երդվեց դրա համար հետո վրեժ լուծել նրանից և, «հոգին հանել», ինչպես, իբրև թե, արտահայտվել էր ինքը։ Այդ ամենը Նաստասյա Ֆիլիպովնան իբրև թե գիտեր և թաքուն ինչ-որ բան էր պատրաստում։ Տոցկին արդեն այն աստիճան էր վախեցել, որ նույնիսկ դադարեց Եպանչինին հայտնել իր անհանգստությունների մասին. բայց լինում էին ակնթարթներ, որ նա, իբրև թույլ մարդ, կրկին վճռականապես քաջալերվում էր և արագ հարություն առնում հոգով, օրինակ, նա չափազանց սրտապնդվեց, երբ Նաստասյա Ֆիլիպովնան, վերջապես, խոսք տվեց երկու բարեկամներին, որ իր ծննդյան օրը, երեկոյան, կասի վերջին խոսքը։ Բայց ամենատարօրինակ և ամենաանհավատալի լուրը, որ վերաբերում էր հարգելի Իվան Ֆյոդորովիչին իրեն, ավա՜ղ, ավելի ու ավելի ճիշտ էր դուրս գալիս։
Այստեղ աոաջին հայացքից ամեն ինչ թվում էր զուտ անհեթեթություն։ Դժվար էր հավատալ, որ իբր Իվան Ֆյոդորովիչը, օր հարգարժան ծերության, իր գերազանց խելքով և կյանքի լիակատար ճանաչմամբ և այլն, և այլն, ինքը գայթակղվեց Նաստասյա Ֆիլիպովնայով, բայց իբրև թե այնպես, իբրև թե այն աստիճան, որ այդ քմահաճույքը գրեթե նման էր սիրո։ Դժվար է պատկերացնել, թե տվյալ դեպքում նա ինչի վրա էր հույսը դրել, գուցե և նույնիսկ հենց Գանյայի աջակցության։ Տոցկին համենայն դեպս դրա նման մի բան էր կասկածում, կասկածում էր գեներալի և Գանյայի փոխադարձ ըմբռնման վրա հիմնված ինչ֊որ համարյա անխոս պայմանագրի գոյությանը։ Ասենք, հայտնի է, որ կրքով շատ տարված մարդը, մանավանդ եթե նա տարիքն առած է, բոլորովին կուրանում է և պատրաստ է հույս տածել այնտեղ, որտեղ դա բոլորովին չկա. դեռ ավելին, խելքը կորցնում է և գործում է փոքր երեխայի պես, թեկուզև խելքի ծով լինի։ Հայտնի էր, որ Նաստասյա Ֆիլիպովնայի ծննդյան օրվա համար գեներալը իր կողմից նվեր էր պատրաստել՝ հսկայական գումար արժող մի զարմանալի մարգարիտ, թեև գիտեր, որ Նաստասյա Ֆիլիպովնան անշահասեր կին է։ Նաստասյա Ֆիլիպովնայի ծննդյան տոնի նախօրեին նա կարծես տենդի մեջ լիներ, թեպետև ճարպկորեն թաքցնում էր այդ։ Հենց այդ մարգարտի մասին է, որ իմացել էր գեներալի տիկին Եպանչինան։ Ճիշտ է, Ելիզավետա Պրոկոֆևնան արդեն շատ վաղուց սկսել էր զգալ իր ամուսնու թեթևսոլիկությունը, նույնիսկ մասամբ վարժվել էր դրան. բայց չէ՞ որ անհնար էր բաց թողնել այդպիսի դեպքը, մարգարտի մասին տարածված լուրը չափազանց հետաքրքրում էր նրան։ Գեներալը ժամանակին նկատել էր այդ. դեռ նախօրեին որոշ խոսքեր ասվել էին. նա սպասում էր, որ լինելու է հիմնավոր բացատրություն և վախենում էր դրանից։ Ահա թե ինչու այն առավոտ, որից սկսեցինք մեր պատմությունը, սաստիկ չէր ուզում գնալ ընտանիքի ընդերքը՝ նախաճաշելու։ Դեռ նախքան իշխանի հայտնվելը, նա որոշել էր պատճառ բռնել գործերը և խուսափել։ Խուսափել՝ գեներալի համար երբեմն նշանակում էր ուղղակի փախչել։ Նա ուզում էր գոնե մի օր և, գլխավորը, այսօրվա երեկոն շահել առանց տհաճությունների։ Եվ հանկարծ այդպես տեղին հայտնվեց իշխանը։ «Կարծես աստված ուղարկեց»,— մտածեց գեներալը, մտնելով կնոջ մոտ։
=== V ===