Changes
Աղա-Մամադ-խանի արշավանքը մեծ հարված տվեց ռուսաց արևելյան շահերին։ Ռուսները աշխատում էին իրանց ազդեցությունը տարածել Անդրկովկասի ոչ միայն քրիստոնյաների, այլև մահմեդականների վրա։ Բայց Աղա-Մամադ-խանը բոլորովին վայր ձգեց նրանց վարկը։ Դեռ 1783 թվին, Եկատերինայի թագավորության հենց առաջին տարում, իշխան Պոտյոմկինի աշխատությամբ, Վրաստանն ընդունեց իր վրա Ռուսաստանի գերիշխանությունը և մտավ նրա հովանավորության ներքո։ Հասկանայի է, թե ռուսները որքան պիտի կորցնեին իրանց համարումը, որ չկարողացան պաշտպանել իրանց հոգաբարձության ներքո առած երկիրը, որին շատ բան էին խոստացել։
Իրանց համարումը վերականգնելու համար ռուսները ստիպված էին սկսել մի նոր արշավանք պարսիկների դեմ։ 1796, 19 փետրվարի գրված հրովարտակով հրամայվեցավ կոմս գեներալ Վ. Ա. Զnւբովին, որ Անդրկովկասի քրիստոնյաներին օգնության հասնե<ref>'''...հրամայվեցավ կոմս գեներալ Վ. Ա. Զուբովին, որ Անդրկովկասի քրիստոնյաներին օգնության հասնե։'''— Վալերիան Ալեքսանդրովիչ Զուբովը (1771—1804) եղել է հետևակային գեներալ։ 1795 թվականին Եկատերինա երկրորդ կայսրուհին Զուբովին է վստահում 35 հազարանոց կորպուսի գլխավոր հրամանատարությունը, որը նախատեսված էր Պարսկաստանի դեմ ռազմական գործողություններ ծավալելու համար։ Կայսրուհու հրամանով 1796 թվականի ապրիլին սկսելով արշավանքը Պարսկաստանի դեմ Զուբովը գրավում է Դերբենդը, ապա Բաքվի, Շիրվանի, Շաքիի, Գանձակի խանությունները և մտնում է Մուղանի դաշտավայրը՝ սպառնալիք ստեղծելով Թեհրանի համար։ Եկատերինայի մահվանից հետո, 1797 թվականին, Զուբովը ստիպված է լինում հրաժարական տալ զինվորական ծառայությունից։— '''Խմբ.'''</ref>։ Նույն հրովարտակի մեջ, ի թիվս այլոց, հիշված էր, որ Ռուսաստանը զենք է բարձրացնում հանուն ճնշյալ ազգերի ազատության։
Ռուսաստանի հայոց Հովսեփ արքեպիսկոպոսը, որպես երևում է նրա՝ Հերակլ իշխանին գրած մխիթարական, նամակներից, սաստիկ հուսահատված և վշտացած էր Աղա-Մամադ-խանի բարբարոսություններից և Թիֆլիսի ավերակ դառնալուց։ Բայց ռուսաց զորքերի նոր արշավանքը պարսիկների դեմ նրան կրկին սիրտ և հոգի տվեց, կրկին կենդանացրեց նրա հույսերը հայրենիքի ազատության մասին։
Հովսեփ արքեպիսկոպոսը հրավիրվեցավ ռուսաց կառավարությունից, որ անձամբ մասնակցե արշավանքին։ Ծերացած, ուժից ընկած արքեպիսկոպոսը պատրաստ էր ամեն տեսակ զոհողություններ, ամեն տեսակ նեղություններ հանձն առնել, միայն թե ռուսաց սուրը հաջողություն գտներ, այն սուրը, որ պիտի պատերազմեր Անդրկովկասի քրիստոնյաների ազատության և նրանց մի խաղաղ կյանք տալու համար։
1796, մարտ ամսում, Ղզլարում արքեպիսկոպոսը տեսնվեցավ կոմս Զուբովի հետ արշավանքի մասին խորհրդակցելու և զանազան նախապատրաստություններ կարգադրելու համար։ Այդտեղից արքեպիսկոպոսը գաղտնի նամակներ գրեց հայոց մելիքներին, ավետում էր նրանց ռուսաց զորքերի գալուստը, հորդորում էր պատրաստվել, թե զենքով և թե պաշարներով ռուսներին օգնելու համար։ Բացի արքեպիսկոպոսի մասնավոր նամակներից, լույս ընծայվեցավ կայսրուհու հրովարտակի բովանդակության մտքով մի շրջաբերական հրավերք, որ ուղղված էր Անդրկովկասի և Պարսկաստանի բնակիչներին։ Արքեպիսկոպոսը այդ շրջաբերականի թարգմանությունը Հաշտարխանում տպել սովեց և մի քանի հազար օրինակ տարածեց հայերի մեջ։<ref>'''Արքեպիսկոպոսը այդ շրջաբերականի թարգմանությունը Հաշտարխանում տպագրել տվեց և մի քանի հազար օրինակ տարածեց հայերի մեջ։'''— Գրքույկը, որի մասին խոսում է Րաֆֆին, կրում է հետևյալ վերնագիրը. «Խօսք ասացեալ ի Յովսեփայ պսակազգեաց ս. արքեպիսկոպոսի հիւսիսային կողմանս եղեալ ամենայնի ազգիս Հայոց, ի 1796 թուոյ՝ ապրիլի 5 ի Ղզլար... ի ներկայութեան բարձր գերազանցութեան... Իվան Վասիլիչ Գուդովիչին», Աստրախան «ի տպ. Նորին սրբազնությանն» (Արղությանց) 1796, 9 էջ։— '''Խմբ.'''</ref>
Նույն տարվա գարունքին ռուսաց զորքը Ղզլարից ճանապարհ ընկավ։
Զուբովը մոտեցավ Դերբենդին (մայիս ամսում), տեղային Ֆաթալի-խանի որդի Շըխալի-խանը ընդդիմացավ նրան, պատրաստվում էր պատերազմելու։ Բայց Դերբենդի հայ բնակիչները քաղաքը մատնեցին Զուբովի ձեռքը, բացի դրանից, բռնեցին Շըխալի-խանին, նույնպես մատնեցին Զուբովի ձեռքը։ Ռուսները համարյա առանց պատերազմի, հայերի աջակցությամբ, տիրեցին Դերբենդին։
Զուբովը Դերբենդից անցավ Ղուբա, իր հետ տանելով Շըխալի-խանին։ Ղուբան նույնպես առանց արյունի գրավվեցավ։ Այստեղ մի օր ձիարշավի հանդես կատարելու ժամանակ, որին հանդիսատես էր ինքը Զուբովը, Շըխալի-խանը մտրակելով իր նժույգին ասպարեզից դուրս եկավ, փախավ դեպի Պարսկաստան. ոչ ոք չկարողացավ բռնել նրան։ Բայց Բաքվի մեջ նրան կալանավորեցին, երբ այդ քաղաքը առանց պատերազմի անձնատուր եղավ ռուսներին։
Նույն թվի հուլիս ամսում Զուբովը մոտեցավ Շամախի քաղաքին։ Տեղային Մուստաֆա-խանը պատրաստվել էր պատերազմելու։ Բայց Հովսեփ արքեպիսկոպոսն առաջուց անձամբ գնաց նրա մոտ, աշխատեց համոզելու, որ ընդդիմադրությունն ապարդյուն կլիներ, ավելի լավ էր առանց արյունահեղության ընդունել ռուսաց հպատակությունը։ Մուստաֆա-խանը համաձայնվեցավ ընդունել արքեպիսկոպոսի առաջարկությունը։ Բայց երբ նրանից մի հուսալի պատանդ պահանջեցինք նա դրժեց իր խոստմունքին և դիմեց Շուշի բերդի Իբրահիմ-խանին, որ միանա նրա հետ, և երկուսը միասին պատերազմեն ռուսաց դեմ։ Այդ ժամանակ (օգոստոս ամսում) արքեպիսկոպոսը կրկին ուղարկվեցավ Մուստաֆա-խանի մոտ, և տեսնվեցավ նրա հետ սուրբ Ստեփաննոսի վանքում։ Այս անգամին արքեպիսկոպոսին կատարելապես հաջողվեցավ կատարել իր միջնորդության խորհուրդը, և Շամախին նրա աշխատությամբ առանց արյունահեղության անցավ ռուսների ձեռքը։
Վերոհիշյալ քաղաքները դյուրությամբ գրավելուց հետո, ձմեռն անվտանգ անցկացնելու համար, Զուբովը անցավ Մուղանի անապատը և ձմեռեց Սալիանում։
Հետևյալ տարվա գարունքին Զուբովը դիմեց դեպի Գանձակ։
Մելիք-Աբովը այդ ժամանակ գտնվում էր Գանձակում, տեղային Ջավադ-խանի մոտ։ Մինչև ռուսաց զորքերի հասնելը, Մելիք-Աբովը Հովսեփ արքեպիսկոպոսի խորհրդով կարողացավ համոզել Զավադ-խանին, որ առանց պատերազմի անձնատուր լինի ռուսներին։ Ջավադ-խանը պատրաստեց իր սեփական պալատը և հարգանքով ընդունեց թե կոմս Զուբովին և թե Հովսեփ արքեպիսկոպոսին իր քաղաքում։
Այդ ժամանակ Ջավադ-խանը ընծայեց նորին սրբազանությանը Կենաց փայտի մի մասը, որ Հաղբատա վանքից բերված էր Թիֆլիս և այդ քաղաքի ավարառության ժամանակ ընկել էր պարսից զինվորների ձեռքը, որոնցից գնել էր խանը։
Այդ միջոցներում Շուշի բերդի Իբրահիմ-խանը տեսնելով, որ հայերը միասիրտ և միահոգի կերպով միացած են ռուսների հետ, տեսնելով, որ մյուս գավառների մահմեդական խաները հնազանդվեցան, ինքն ևս անճար մնալով, իր որդի Աբդուլ-Ֆաթիհ-խանին ուղարկեց կոմս Զուբովի մոտ և հայտնեց իր հպատակությունը։ Կոմսը սիրով ընդունեց նրա որդուն և հարգանքով ճանապարհ դրեց, ուղարկելով նրա ձեռքով ընծաներ Իբրահիմ-խանին, այլև մի թանկագին գավազան Շուշի բերդի մահմեդական հոգևորականների գլխավոր մոլլա Փանահին։
Կոմսի բարեկամական ցույցերը դեպի Շուշի բերդի բեռնակալը բավական խախտեցին Ղարաբաղի հայոց մելիքների հավատը դեպի ռուսները։ Նրանք բոլորովին ուրիշ բան էին սպասում. նրանք հույս ունեին, որ Իբրահիմ-խանի իշխանությունը կոչնչացնեն և Ղարաբաղում կրկին կհաստատեն մելիքների վաղեմի իշխանությունը։ Դրա համար էլ մելիքները ամեն զոհողություն հանձն առին ռուսների տիրապետությունը հեշտացնելու համար։ Բայց Հովսեփ արքեպիսկոպոսը դարձյալ հանգստացնում էր նրանց, ասելով, թե դա քաղաքագիտականն առժամանակյա խաղ է միայն, թե Իբրահիմ-խանը երկար չի մնա իր տեղում, և թե մելիքները դարձյալ տեր կլինեն Ղարաբաղին, ինչպես միշտ եղել են և այլն։
Գուցե արքեպիսկոպոսի հույսերը երագներ չէին, գուցե այդ բոլորը կկատարվեր, բայց երևում է, որ ինքը նախախնամությունը վճռել էր պատժել հայերին իրանց մեղքերի համար...
Հանկարծ հասավ Եկատերինա կայսրուհու մահվան բոթը (1796, 6 նոյեմ.)։ Եվ մինչդեռ կոմս Զուբովը պատրաստվում էր կատարելու իր արշավանքի այլ խորհուրդները, հրաման ստացավ վերադառնալ Ռուսաստան։ Նրա հետ ռուսաց զորքերը թողեցին Անդրկովկասը (1797, գարունքին)։
Այդ անակնկալ դժբախտությունից հետո, հասկանալի է Հովսեփ արքեպիսկոպոսի անմխիթար սրտի դառնությունը։ Նրա ողորմած կայսրուհին վախճանվեցավ։ Նրա բոլոր բարձր գաղափարները, որոնցով ոգևորված առաջնորդում էր նա ռուսաց զորքերին, նրա բոլոր պլանները հայրենիքի ազատության մասին, միանգամայն խորտակվեցան։
Նա անմխիթար, հուսահատ սրտով ինքն ևս վերադարձավ Ռուսաստան։
===XXXII===
Ռուսաց զորքերի հանկարծ հեռանալը բոլորովին այլ կերպով էին բացատրում Անդրկովկասի մահմեդականները։ Արդեն Պարսկաստանից լսվում էր, որ Աղա-Մամադ-խանը պատրաստվում էր մի նոր արշավանք գործել դեպի Անդրկովկաս։ Այդ պատճառով ռուսների հեռանալը վերաբերում էին նրանց վախենալուն, նրանց երկչոտությանը, իբր թե շահի գալուստը լսածին պես, սկսեցին փախչել։ Թեև ալդ ենթադրությունը պարծենկոտ մահմեդականների երևակայության ցնորքն էր միայն, այսուամենայնիվ ռուսաց հեռանալը մեծ հարված տվեց անդրկովկասյան քրիստոնյաներին, առավելապես հայերին։
Մենք տեսանք, թե ո՛րպիսի եռանդով, թե ո՛րքան անձնազոհությամբ աշխատում էին հայերը ռուսաց հաղթությունները հեշտացնելու համար։ Բոլոր գավառների տիրապետող խաները, համարյա առանց պատերազմի, անձնատուր եղան։ Ինչո՞ւ, որովհետև ժողովուրդը խաների դեմ էր և ռուսների բարեկամ։ Իսկ ժողովուրդը բաղկացած էր ըստ մեծի մասին հայերից։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ խաները և առհասարակ մահմեդական ամբոխը, ռուսների հեռանալուց հետո, պիտի սկսեին իրանց բոլոր վրեժխնդրության թույնը թափել հայերի վրա։
Մենք տեսանք, որ Ղուբայի և Դերբենդի հայ բնակիչները իրանք բաց արին այդ քաղաքների դոները ռուսաց զորքերի առջև և տեղային Շխալի-խանին բռնելով, մատնեցին կոմս Զուբովի ձեռքը։ Իհարկե, ռուսաց զորքերի հեռանալուց հետո նույն հայերը այլևս չէին կարող մնալ իրանց տեղերում, նրանք թշնամացան մահմեդականների հետ. նրանք դավաճան հայտնվեցան խանի աչքում։ Եվ այդ էր պատճառը, որ Դերբենդի ու Ղուբայի հայերը համարյա բոլորը գաղթեցին ռուսաց զորքերի հետ և գնացին Ռուսաստան։ Դրանցից ավելի քան հազար ընտանիք կոմս Զուբովը բնակեցրեց Ղզլարի գավառում։
Շամախու Մուստաֆա-խանը, նույնպես վիրավորված իր քաղաքի հայերից, նրանց դեպի ռուսները ունեցած համակրության մասին, սկսեց հալածել նրանց։ Նա սպանել տվեց Հովհաննես վարդապետին, որ գրգռում էր հայերին խանի դեմ՝ հօգուտ ռուսների։
Իբրահիմ-խանը, միայն լուռ մնաց, պահելով իր սրտում Ղարաբաղում գտնված մելիքների վերաբերությամբ սաստիկ ոխակալություն։ Նա խորամանկ, միևնույն ժամանակ իր գործը հասկացող մարդ էր. նա մելիքների մեջ դեռևս շատ պետքեր ուներ, միակողմից լսվում էր Աղա-Մամադ-խանի նոր արշավանքի ձայնը դեպի Ղարաբաղ, մյուս կողմից, նա մտադիր էր վրեժխնդիր լինել Մելիք-Մեջլումին, որը, Աղա-Մամադ-խանի հետ միանալով, պաշարեց նրա բերդը՝ Շուշին։
===XXXIII===
Վրաց Հերակլ իշխանը չէր մոռացել Թիֆլիսի ավերումը Մելիք-Մեջլումի և Ջավադ-խանի ձեռքով։ Շուշի բերդի Իբրահիմ-խանը նույնպես չէր մոռացել, որ հիշյալ երկու անձինքը, առաջնորդելով Աղա-Մամադ-խանին, պաշարեցին իր բերդը և ահագին վնասներ պատճառեցին։ Ուստի, երկուսն էլ միաբանվելով, կամեցան իրանց այդ ոխերում թշնամիներից վրեժխնդիր լինել։
Համարյա կոմս Զուբովի Դերբենդը տիրելուց մի ամիս հետո (1796, ապրիլ ամսում) Հերակլը վրացի և վարձված լեզգի զորքերով, այլև իր հետ վեր առնելով Թիֆլիսում գտնված ռուսաց զորքերի մի մասը, իսկ Իբրահիմ-խանը Ղարաբաղի հայ և թուրք զորքերով պաշարեցին Գանձակի բերդը։ Նրանց օգնության հասավ և Ավարիայի Օմար-խանը։
Իբրահիմ-խանի զորախմբի մեջ գտնվում էր Մելիք-Ռուստամը, բացի նրանից, Ղարաբաղի մյուս մելիքներից ոչ ոք չմասնակցեց խանի արշավանքին։ Այդ փոփոխամիտը, որպես տեսանք XXVII գլխում, իր կնոջ պատճառով թշնամացավ խանի հետ, բայց Մելիք-Մեջլումի դեմ պատերազմելու համար կրկին հաշտվեցավ։ Նա վաղեմի թշնամություն ուներ Մելիք-Մեջլումի հետ, որովհետև այդ վերջինը, որպես ցույց տվինք XXVI գլխում, մի դավադրության համար հրացանի բռնել տվեց Մելիք-Ռուստամի եղբորը և փեսային:
Գանձակի բերդի մեջ իր զորքերով գտնվում էր Մելիք-Մեջլումը, տեղային Ջավադ-խանի մտերիմ բարեկամը։ Բացի նրանից, Գանձակի հայ մելիքները իրանց մարդիկներով նույնպես բերդի մեջն էին, պաշտպանում էին նրան։ Բերդի ութն աշտարակներից չորսը հայերի պաշտպանության ներքո էր, իսկ մնացածը պաշտպանում էր ինքը Ջավադ-խանը։
Պաշարումը տևեց երկար, ավելի քան չորս ամիս։ Ռուս, թուրք, վրացի և լեզգի զորքերը ահագին քանակությամբ շրջապատվել էին բերդը և անդադար հարձակումներ էին գործում, բայց պաշարվածները քաջությամբ պատասխանում էին նրանց։ Վերջը Հերակլ իշխանը անճարացած մի գաղտնի պատգամավորություն ուղարկեց Ջավադ-խանի մոտ, հայտնելու նրան, եթե Մելիք-Մեջլումին իր ձեռքը կտա, դրանով ամեն ինչ կվերջանա։
Ջավադ-խանը խիստ արհամարհանքով, պատասխանեց, ասելով, թե մի այդպիսի վարմունք միայն իրան Հերակլին կվայելե, իսկ ինքը չէ կարող իր բարեկամին և դաշնակցին մատնել թշնպմու ձեռքը։ Այդ խոսքերով Ջավադ-խանը կամեցավ հիշեցնել վրաց իշխանին նրա անազնիվ վարմունքը Մելիք-Մեջշլումի վերաբերությամբ, երբ նա Թիֆլիսում կամենում էր կալանավորել իր հյուրին և մատնել Իբրահիմ-խանի ձեռքը, որի համար սաստիկ պատժվեցավ, Թիֆլիսը ավերակ դարձավ...
Այդ պատասխանից հետո Հերակլը և Իբրահիմ-խանը սաստկացրին իրանց հարձակումները։ Երկու կողմից ևս սարսափելի կռիվներ էին լինում, բայց բերդի գրավելը օրըստօրե անհնարին էր դառնում։ Թշնամին սկսեց ավարի առնել, ավերակ դարձնել Գանձակի շրջակա գյուղերը։
Կռիվների մեջ առանձին հերոսությամբ հանդիսացան Մելիք-Մեջլումի երկու քաջերը՝ Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) և Թյուլի-Արզումանը. առաջինը լեզգիների դեմ, իսկ երկրորդը վրացիների դեմ։ Այդ երկուսը իրանց խումբերով շատ անգամ դուրս էին գալիս պաշարված բերդից և կայծակի նման նետվելով թշնամու բանակի վրա, սարսափելի կոտորածներ գործելով, հետ էին դառնում։ Բայց երկու քաջերն ևս իրանց հանդուգն հարձակումների զոհը դարձան. Թյուլի-Արզումանը գնդակի հարվածք ստացավ Գանձակի այգեստանի մեջ տեղի ունեցած կռվում, իսկ Դալի-Մահրասան, որպես նկարագրեցինք XII գլխում, սպանվեցավ Գանձակի գերեզմանատան մեջ։ Այդ քաջերի կորուստը Մելիք-Մեջլումին սաստիկ ցավ պատճառեց։
Երեք ամիս անցավ, բայց բերդը դեռ աներկյուղ պաշտպանվում էր։ Այդ միջոցներում մի ծերունի, որ չնայած գլխի ալևոր մազերին դեռ պահպանել էր մարմնի ժրությունը և սրտի աշխույժը, թշնամու բանակից բաժանվելով, աննկատելի կերպով մտավ բերդի մեջ։ Նա մոտեցավ այն աշտարակներից մեկին, որ գտնվում էին հայերի պաշտպանության ներքո։ Այդ ծերունու ներկայությունը, կարծես, մի դյութական զորությամբ ազդեց աշտարակի հայ պահակների վրա, որոնց թիվը մի քանի հարյուր հոգի էր, և գիշերը բոլորն էլ ապստամբվեցան, աշխատում էին բաց անել թշնամու առջև բերդի դռները։ Մեչիք-Մեջլումը այդ լսելով թողեց իր բռնած դիրքը, շտապեց զսպելու ապստամբությունը։ Գիշերային խռովության մեջ նա գնդակի հարվածք ստացավ. նրան վիրավորված տարան Ջավադ-խանի պալատը։ Ծերունին բռնվեցավ։ Ո՞վ էր այդ չարագործը։
Դա Իսրայել կաթողիկոսի հայր Ապրես-աղան էր։ Նորա օծյալ որդին դավաճանություն գործեց Ղարաբաղի բոլոր հայ մելիքների դեմ և նրանց թղթերը բռնելով, մատնեց Իբրահիմ-խանին, և Ղարաբաղին կործանման պատճառը դարձավ։ Այժմ ծերունի հայրը նույն եղեռնագործության դերը կատարեց։ Նրա փեսան<ref>Ապրես-աղայի աղջիկը՝ Վարդ-խաթունը, Մելի-Ռուստամի կինն էր։</ref>, Մելիք-Ռուստամը, թշնամու բանակի մեջն էր, կամեցավ նրան և Իբրահիմ-խանին մի մեծ ծառայություն անել։
Նույն գիշերվա առավոտյան պահուն Ջավադ-խանը Ապրես-աղայի գլուխը կտրել տվեց և որպես ընծա ուղարկեց թշնամու բանակը նրա փեսա Մելիք-Ռուստամին։ Իսկ ապստամբներից շատերը նույնպես պատժվեցան։
Մեքիք-Մեջլումը, այդ վիրավոր առյուծը, խնամվում էր Ջավադ-խանի պալատում։ Երրորդ օրում նա վախճանվեցավ։ Բայց Ջավադ-խանը երկու ամբողջ շաբաթ նրա մարմինը պահեց իր տան մեջ, բժիշկը գնում-գալիս էր, իր ժամանակին նրա սենյակը ընթրիք և ճաշ էին տանում, և ամեն օր Ջավադ-խանը ուրախությամբ հայտնում էր հայոց զորքերին, թե շուտով Մելիք-Մեջլումը բոլորովին առողջացած դուրս կգա։ Դրանով խանը կամենում էր պահպանել հայոց զորքերի եռանդը, որպեսզի իրանց իշխանի մահը լսելով չվհատվեն, մինչև ինքը թշնամու հետ գործը վերջացնե։
Գանձակի բերդի պաշարման չորրորդ ամիսը լրանալու մոտ էր, երբ Ջավադ-խանը, առանց որևիցե զիջում անելու, հաշտվեցավ իր թշնամիների հետ։ Իբրահիմ-խանը հեռացավ դեպի Ղարաբաղ, Հերակլը գնաց Թիֆլիս, իսկ Օմար-խանը՝ դեպի Դաղստան։ Մելիք-Մեջլումի մահը իմացան նրանք այն ժամանակ միայն, երբ հաշտությանն պայմանները արդեն կնքված էին։
Չնայելով, որ Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո Մելիք-Մեջլումը փոքր-ինչ կորցրել էր իր համարումը հայ հասարակության աչքում, բայց Ջավադ-խանը, հարգելով իր հանգուցյալ բարեկամի հիշատակը, ուշադրություն չդարձրեց հայերի դժգոհության վրա և նրա մարմինը հանդիսավոր կերպով թաղել տվեց Գանձակի մայր եկեղեցու տաճարի աջակողմյան խորանի մեջ։ Նույն եկեղեցու գավթում ամփոփվ֊եցան Ղալի-Մահրասայի (Ավագ վարդապետի) և Թյուլի-Արզումանի մարմինները։
Ջավադ-խանը իր հոգաբարձության ներքո առեց Մելիք-Մեջլումի միակ որդի Մելիք-Աթամ II։
Նրա հայրը, դեռ Թիֆլիսում եղած ժամանակ, նշանադրել էր իր որդու համար տեղացի երևելի ազնվական Յասսեի<ref>Այդ Յասսեն չգիտենք Թիֆլիսի հայոց որ ազնվականների տոլմից էր։</ref>կրտսեր աղջկան, գեղեցիկ Ռեհանին։ Երբ Մելիք-Մեջլումի մահից հետո Ջավադ-խանը հարսնախոսներ ուղարկեց Թիֆլիս Ռեհանին բերելու, նրա հայրը փոխանակ գեղեցիկ Ռեհանին տալու, տվեց երեց քրոջը, Թամարին, որը բավականին տգեղ էր։ Այդ դժբախտ ամուսնության պատճառով, Մելիք-Աթամ II, երկար չապրեց, նա մեռավ երիտասարդական հասակում, թողնելով մի աղջիկ միայն Սըհար-նազ անունով։
Իսկ Թամարը թեև շատ գեղեցիկ չէր, բայց խելացի և ճարպիկ կին էր։ Ամուսնի մահից հետո նա երկար կարողացավ կառավարել Մելիք-Իսրայելյանների թողած մեծ ժառանգությունը և նրանց հպատակներին, որ այն ժամանակ գտնվում էին Գանձակի գավառում։ Հետո իր աղջկան, Սըհար-նազին, կնության տալով նախիջևանցի Ասրի-բեկի որդի Սայի-բեկին, տիկին Թամարը ընտրեց նրան իբրև տնային փեսա, և Մելիք-Իսբայելյանների ժառանգությունը անցավ այդ Սայի-բեկի ձեռքը, որը սկսեց այնուհետև կրել իր կնոջ տոհմանունը։
===XXXIV===
Մելիք-Մեջլումի մահը զրկեց Ջավադ-խանին լավ դաշնակցից, իսկ Ղարաբաղը զրկվհցավ իր քաջ հայրենասերից։ Նա իր հետ գերեզման տարավ ավելի ընդարձակ և հիմնավոր ծրագիրը Ղարաբաղի մելիքությունների վերականգնման մասին, որը բոլորովին տարբերվում էր մյուս մելիքների և Հովսեփ արքեպիսկոպոսի գաղափարներից։ Երբ մի անգամ նրա նիզակակից Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) համարձակվեցավ հանդիմանել նրան Թիֆլիսի ավերակ դարձնելու պատճառով, երիտասարդ մելիքը դառնացած կերպով պատասխանեց նրան. «բավական խաբվեցանք... մինչև երբ պետք է երազներով հրապուրվենք... մեր բարերարները մեզ կռվեցնում են իրանց թշնամիների հետ, իսկ իրանք մեջտեղից շահվում են... Մենք ավելի հաստատ պատճառներ ունենք հավատալու պարսից շահերին, քան թե ուրիշներին։ Շահ-Աբասը հաստատեց Ղարաբաղի մելիքություններ, Նադիրը վերահաստատեց, իսկ Աղա-Մամադ-շահը խոստացել է ինձ ավելի, քան թե իր նախորդները<ref>Մի հին ձեռագրի մեջ կարդում ենք, որ Աղա-Մամեդ-խանը խոստացել էր Մելիք-Մեջլումին, ոչ միայն Իբրահիմ-խանին ոչնչացնելով բարձրացնել Ղարաբաղի մելիքությունները, այլն պիտի հանձներ նրան և Վրաստանի կառավարությունը։</ref>...»։
Ինչ էլ որ լիներ Աղա-Մամադ-խանի խոստմունքը, Մելիք-Մեջլումը այժմ նրանից օգուտ քաղել չէր կարող։ Նրա թշնամիները՝ Իբրահիմ-խանը և Հերակլ իշխանը, ավելի լավ էին հասկանում այդ բոլորը, և այդ էր պատճառը, որ մինչև Աղա-Մամադ-խանի կրկին վերադարձը, աշխատեցին Մելիք-Մեջլումին ոչնչացնելու։
Հերաթի և Ղանդահարի ապստամբությունները զսպելով, Աղա-Մամաղ-խանը վայելում էր իր հաղթությունների փառքը իր նոր աթոռանիստ Թեհրան քաղաքում, երբ Գանձակի Ջավաղ-խանից նամակ ստացավ Անդրկովկասում պատահած անցքերի մասին։ Նամակագիրը տեղեկացնում էր նրան կոմս Զուբովի արշավանքների և խաների ռուսաց հպատակությունը ընդունելու մասին, հետո Կոմս Զուբովի անակնկալ վերադարձի մասին դեպի Ռուսաստան, տեղեկացնում էր Հերակլ իշխանի միաբանության մասին Իբրահիմ-խանի հետ, և իր բերդի, Գանձակի, պաշարման մասին հիշյալ երկու դաշնակիցներից, և վերջապես Մելիք-Մեջլումի սպանման մասին, որը շատ սիրելի էր շահին։ Այդ բոլորը լսելով, Աղա-Մամադ-խանը 1797 թվի ամառը կատարեց մի նոր արշավանք դեպի Անդրկովկաս։
Դեռ նա Երասխ գետից չէր անցած, Իբրահիմ-խանը տեսնելով, որ չէր կարող ընդդիմադրել պարսից ահագին զորությանը և մանավանդ հույս չունենալով, որ հայոց մելիքները այս անգամ ևս կօգնեն իրան Աղա-Մամադ-խանի դեմ, վեր առեց իր ընտանիքը և, գիշերով թողնելով Շուշի բերդը, փախավ Բալաքան իր աներ Օմար-խանի մոտ։
Այդ ժամանակ հայոց մելիքները նույնպես մեծ երկյուղի մեջ ընկան։ Նրանք դեռ Աղա-Մամադ-խանի առաջին արշավանքի ժամանակ մերժել էին շահի հրավերքը, որով կոչում էր նրանց ընդունել Պարսկաստանի հովանավորությունը, խոստանալով ոչնչացնել Իբրահիմ-խանին և վերահաստատել Ղարաբաղում մելիքների վաղեմի իշխանությունը։ Բայց մելիքները այնքան անխոհեմ գտնվեցան, որ բռնեցին Իբրահիմ-խանի կողմը և, որպես տեսանք XXIX գլխում, սկսեցին իրանց բոլոր ուժերով պաշտպանել նրան և Շուշի բերդը շահի ահագին զորության դեմ։ Իսկ այժմ ի՞նչ պիտի անեին, երբ նույն շահը ավելի մեծ պատրաստությամբ հարձակվեցավ Ղարաբաղի վրա։
Մելիքների զորքը իրանց ժողովուրդն էր, իսկ ժողովուրդը սկսել էր ցրիվ գալ, ոչ այնքան Աղա-Մամադ-խանի երկյուղից, որքան մի նոր և ավելի անգութ թշնամուց, որը այդ միջոցներում վրա հասավ։— Դա էր Ղարաբաղի սարսափելի սովը, որին հետևեց ժանտախտը։
Մենք հետո ցույց կտանք, թե սովը և ժանտախտը, խառնվելով քաղաքական տագնապների հետ, որպիսի կործանիչ ներգործություն ունեցան Ղարաբաղի հայ իշխանությունների վրա, իսկ այժմ այդքանը կասենք, որ մելիքները, որքան էլ ցանկանային, չէին կարող դեմ դնել Աղա-Մամադ-խանին, որովհետև նրանց ժողովուրդը այդ ժամանակ միայն հացի, համար էր մտածում և վազում էր դեպի այն կողմը, ուր կարող էր հաց գտնել։
Դեռ Աղա-Մամադ-խանը չհասած Շուշի բերդին, Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը գնաց Վրաստանի կողմը, իսկ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը կամենում էր գնալ Թիֆլիս, բայց ճանապարհին պատահեց Աղա-Մամադ-խանի խումբերին և, նրանց հետ կռիվ ունենալով, գլխից վերք ստացավ։ Նրան վիրավոր բերին Աղա-Մամադ-խանի մոտ, երբ նա արդեն բանակ էր դրած Ասկերանի ավերակների մոտ, Շուշի բերդից մի քանի մղոն հեռավորության վրա։
Քսան հազար թուման տուգանքը հազիվ կարողացավ ազատել Մելիք-Ջումշուդի գլուխը շահի դահիճների ձեռքից։ Նրա տունը կողոպտելուց և կայքը հափշտակելուց հետո շահը նրան ներում շնորհեց։
Մելիք-Ջումշուդն անձամբ առաջնորդեց նրան, տարավ Շուշի բերդը, որը առանց ընդդիմության իր դռները բաց արեց ներքինի թագավորի առջև։ Հայոց հոգևորականությունը հանդեսով դուրս եկավ նրանց առջևը և տարավ Իբրահիմ-խանի պալատը։
Այդ հանդիսի ժամանակ շահի մանկահասակ սենեկապետներից մեկի, որ կոչվում Էր Սաֆարալի-բեկ, ուշադրությունը գրավեց սուրբ Աստվածածնի պատկերը, ոսկեզօծ շրջանակի վրա, որ կրում էր իր կուրծքի վրա մանուկ Հիսուսին։ Նա հարցրեց՝ ո՞ւմ պատկերն է այդ, երբ պատասխանեցին, մոտեցավ և համբուրեց։ Նույն րոպեում նրա աչքերում երևացին մի քանի կաթիլ արտասուքներ, իսկ այդ մի քանի կաթիլները պատճառ եղան շատ արյան կաթիլների...
Աղա-Մամադ-խանը մնաց Շուշի բերդում 25 օր։ Այդ ժամանակ համեցավ նա պատժել այն բոլոր հայ և թուրք ավագներին, որոնք իրան ընդդիմություն էին գործել Շուշի բերդի աոաջին պաշարման ժամանակ և որոնք Իբրահիմ-խանի կուսակիցներ էին։ Դրանց թվումն էին՝ Մելիք-Ռուստամը, Մելիք-Միրզախանյան Մելիք-Ալլահվերդին և մի քանի հայ հոգևորականներ, յուզբաշիներ և տանուտերներ։ Դրանց թվումն էին Իբրահիմ-խանի եղբոր որդի Մամադ-բեկը և մի քանի ուրիշ բեկեր։ Ամենքն էլ բանտարկված էին։
Մի գիշեր, որի առավոտը բանտարկյալներին պիտի դուրս բերեին հրապարակի վրա գլխատելու համար, շահի մոտ մտավ մեր վերև հիշած սենեկապետը՝ պատանի Սաֆարալի-բեկը։ Նա այնքան սիրելի էր շահին, որ համարձակվեցավ նրա ոտները համբուրելով աղաչել, որ ներումն շնորհե այն դատապարտյալներին, որոնց մյուս օրը պիտի գլխատեին։ Երբ շահից մերժում ստացավ, նա սկսեց խնդրել, որ գոնե խնայե հայերին։ Վերջին խնդիրքը սաստիկ բորբոքեց շահի բարկությունը, և նա ասեց հետևյալ խոսքերը. «կարմիր արյունով ցողելով «սև այգին»<ref>Ղարաբաղ թուրքաց լեզվով նշանակում է սև այգի։</ref>, ես նրան վարդի գույն պիտի տամ... առավոտյան այն բոլոր դավաճանների գլուխներից հրապարակի վրա մի աշտարակ պիտի կազմել տամ, իսկ քո գլուխը, Սաֆարալի-բեկ, այդ աշտարակի գագաթի վրա պիտի դնեմ...»։
Պատանին սարսափած դուրս եկավ շահի սենյակից։
Նրան ծանոթ էր իր թագավորի խստասրտությունը, նա գիտեր, ինչ որ ասեց նա, անպատճառ կկատարե։ Հղացավ մի չար խորհուրդ...
Նույն գիշերը պալատում տեսնվեցավ նա շահի մի այլ սենեկապետի հետ, որ իրան խիստ մտերիմ էր։ Այդ վերջինը կոչվում է Աբաս-բեկ։ Դեռ առավոտյան լույսը չբացված, երկուսն էլ մտան շահի քնարանը։ Աբաս-բեկը այնքան սրտի արիություն չունենալով, երկյուղից ուշաթափ եղավ և ընկավ քնարանի հատակի վրա։ Շահը խորին քնի մեջ էր. նրա թանկագին մահճի չորս կողմերում, ոսկյա աշտանակների վրա, դեռ վառվում էին ճրագները։ Սաֆարալի-բեկը մոտեցավ ու խենջարի մի քանի հարվածներով վերջացրեց գործը...
Առավոտյան ամբողջ բերդի մեջ շշուկ տարածվեցավ, թե Աղա-Մամադ-խանը սպանված է։ Բայց ոչ ոք չէր հավատում, մինչև նույն Սաֆարալի-բեկը, թագավորի կտրած գլուխը իր ձեռքին բռնած, դուրս եկավ պալատից, բերեց և ձգեց հրապարակի վրա։ Այդ միջոցին բերդի հայ և թուրք բնակիչները թափվեցան պալատի վրա, սկսեցին կողոպտել շահի գանձերը։
Պարսից զորքերը անմիջապես թողեցին բերդը և փախան դեպի Պարսկաստան։ Սադղ-խան շաղաղին, որը Աղա-Մամադ-խանի նշանավոր զորապետներից էր, հազիվ կարողացավ երկու արքայասպաններից մեկին միայն՝ Աբաս-բեկին, կալանավորել և իր հետ տարավ Պարսկաստան, իսկ Սաֆարալի-բեկը թաքնվեցավ։
Մեզ համար շատ պարզ չէ այդ արքայասպանի ի՞նչ ազգից կամ ո՞վ լինելը, միայն մի ձեռագիր պատմության մեջ, որը գրված է Ղարաբաղի վանքերից մեկում, կարդում ենք, որ Սաֆարալի-բեկը ազգով հայ էր, մանկության հասակում իբրև գերի տարված էր Պարսկաստան և այնտեղ բռնի մահմեդականություն էին ընդունել տվել։ Բայց նրա սրտում դեռ բոլորովին չէին հանգած հայության և քրիստոնեական կրոնի կայծերը, որոնք իսկույն բորբոքվել սկսան, երբ նա Շուշի բերդը մտնելու ժամանակ տեսավ հայոց եկեղեցական հանդեսը և համբուրեց սուրբ աստվածածնի պատկերը<ref>Մեր ծանոթության մեջ հարկավոր ենք համարում դնել մի քանի քաղվածքներ հիշյալ ձեռագիր պատմությունից. «Բայց նա (Աղա-Մամադ-խանը) զօրոքն եկն մտանել ի բերդաքաղաքն Շուշի։ Հայք վասն երկիւղի ելին ընդ առաջ նորա դասուք քահանայից, խաչիւ և խաչվառաւ և ամենայն զարդուք։ Իբրև ետես զխումբս հայոց մեծ բռնաւորն, զկայ առեալ անդ ի տեղի, և եհարց ի մերձակայ նախարարաց իւրանոց. թե արդյոք ո՞յք են դոքա, զի այդպես հրաշափառ զգեստուք և զարդուք գան ընդ առաջ մեր։ Եվ որք հմուտք էին և տեղեակք իրանց գործելոց, ետուն զարժանն պատասխանի, թէ ի հայս կան հնական սովորութիւնք այսպիսիք, գնալ ընդ առաջ թագաւորաց ի մեծաբանս և ի պատիվ երեսաց նոցա, առ շարժել ի գթածութիւն և ի խնամս վասն ողորմելի ազգին իւրեանց։ Առ այս պատասխան սիրայորդոր բանիւք մխիթաթեաց և քաջալերեաց զազգս մեր տառապեալ, բայց վերին երեսօք, զի գազեիլ նենգութիւնն ծրարեալ պահէր ծածկաբար ի մտի իւրում։<br>Մինչ խօսեր բռնաւորն ընդ ազգիս մերոյ իշխանաց, ընդ իւր ունելով պատանեակ մի մտերիմ, և ամենայն ինչ ի ձեռս նորա էր. ի ձեռաց նորա կերակրւեր։ Պատանին էր յազգիս հայոց, ի վաղուց գերեալ և տարեալ ընծաեալ էին, նմա։ Ետիս ի նմին ժամու զպատկեր Տիրամօրն, որ ուներ ի գիրկս զմանկացելն Յիսուս, կարի իմն գեղեցկազարդ և ոսկեզօծ նկարեալ։ Եհարց պատանին, թէ պատկերս այս որո՞յ է. նոքա չծանեան, զի անդ հիշեաց զտառապանս ազգի մերոյ...»<br>Հետո մանրամասնաբար նկարագրում է այն շարժառիթները, որ դրդեցին պատանուն սպանելու թագավորին։</ref>...
Չնայելով, որ Աղա-Մամադ-խանի սպանման, լուրը տարածվեցավ ամեն տեղ, բայց Իբրահիմ-խանը տակավին չէր համարձակվում Բալաքանից վերադառնալ Շուշի բերդը։ Նրա բացակայությունից օգուտ քաղելով, բերդին սկսեց տիրել Իբրահիմ-խանի եղբորորդի Մամադ-բեկը։
Այդ Մամադ-բեկը առաջարկեց հայոց Մելիք-Ռուստամին միանալ իր հետ, հակառակել Իբրահիմ-խանին, պայման դնելով, որ Ղարաբաղի հայերի գլխավորը ինքը, Մելիք-Ռուտամը, կլինի, իսկ թուրքերի գլխավորը Մամադ-բեկը։
Հայերը ըստ մեծի մասին, տիրասեր են դեպի օտարները,իսկ անհավատարիմ դեպի իրանց հարազատ ազգայինները,— այդ իսկ պատճառով Մելիք-Ռուստամը մերժեց Մամադ-բեկի առաջարկությունը և չկամեցավ անհավատարիմ լինել Իբրահիմ-խանին, որը այնքան չարիքներ էր հասցրել Ղարաբաղի հայ ժողովրդին։
Մելիքը նամակով հայտնեց Իբրահիմ-խանին բոլոր անցքերը, խոստացավ նրան իր օգնությունը, փութացնելով, որ առանց ժամանակ կորցնելու վերադառնա Բալաքանից և կրկին ձեռքն առնե Շուշի բերդի իշխանությունը։ Իբրահիմ-խանը ինքը չվստահացավ գալ և ուղարկեց իր որդի Մեհտի-խանին։ Մելիք-Ռուստամը կես ճանապարհի վրա իր ձիավորների խումբերով հանդիպեց Մեհտի-խանին և նրան գիշերով մտցնելով Շուշի բերդը՝ ուղղակի տարավ նրա հոր պալատը, որի մեջ այդ ժամանակ բնակվում էր Մամադ-բեկը։
Մամադ-բեկը, իրան արդեն բերդի տերը համարելով, ընդունեց Մեհտի-խանին իբրև մի հյուր։ Բայց Մելիք-Ռուստամը, առանց ժամանակ կորցնելու, հայերից պահապաններ դրեց նրա տան վրա, և կալանավորեց Մամաղ-բեկին։
Այդ միևնույն Մելիք-Ռուստամը, որը նույն տարվա մեջ Իբրահիմ-խանին առաջնորդելով՝ պաշարեց Գանձակի բերդը և Մելիք-Մեջլումին սպանել տվեց,— այժմ նույն մարդը, Մամադ-բեկին կալանավորելով, և Իբրահիմ-խանի որդուն պաշտպանելով, կրկին հաստատեց Ղարաբաղի բռնակալների իշխանությունը, մի այնպիսի ճգնաժամի ժամանակ, որ խիստ հարմար միջոցներ կային ոչնչացնելու նրանց...
Երբ ամեն ինչ խաղաղացած էր Շուշի բերդում, Իբիահիմ-խանը վերադարձավ Բալաքանից։ Մամադ-բեկը այդ ժամանակ բանտից փախավ, գնաց Շամախու Մուստաֆա-խանի մոտ։ Այնտեղից, երկու աչքերը կուրացրած, կրկին հետ բերեցին փախստականին։
Ավելորդ չէր լինի մի երկու խոսք ասել, թե ի՞նչ եղավ արքայասպան Սաֆարալի-բեկը։
Աղա-Մամադ-խանի սպանումից հետո պարսից գահը ժառանգեց Ֆաթալի-շահը։
Իբրահիմ-խանը, ցույց տալու համար, թե սպանությունը կատարվել է ոչ միայն առանց իր կամքի, այլ հակառակ իր կամքի, վատությամբ կալանավորեց նրան և ուղարկեց Պարսկաստան։ Այստեղ մեջ ենք բերում աշխարհաբար թարգմանությունը այն տողերի, ար քաղում ենք վերոհիշյալ անտիպ պատմությունից։
«Բռնելով ողորմելի պատանու ձեռքից, տվեցին մարդախանձ և գիշատիչ գազանների ձեռքը։ Այդ կատաղիները կանչեցին նույն ժամում մի պայտառ<ref>Պայտառ նշ. պայտ կամ նալ շինող։</ref> արհեստավոր, պատվիրեցին նրան կտրել և կազմել մի նոր օրինակով պայտ, որ վշտակիր պատանու ոտների չափին համեմատ լիներ։ Նա փութաց անմիջապես կատարելու նրանց պատվերը։ Հետո նրա ոտները մերկացնելով, և ամեն կողմից երկաթե կապանքներով պնդացնելով, դրեցին մահացու պայտերը նրա ոտների տակ, և սրածայր մեխելով գամեցին։ Առվակի նման վազում էր հորդահոս արյունը տանջվողի վերքերից և ներկում էր այն տեղը։ Հետո շղթաներով կապեցին նրա ձեռքերը, ոտները, նաև պարանոցը, և վեր առնելով, տարան Տավրեժ քաղաքը։ Այնտեղ կանգնացրին նրան ատյանում դատավորի առջև և բազմատեսակ հարցաքննություններից հետո մահվան դատապարտեցին, հրամայելով, որ չարաչար կերպով տանջեն նրան, և անդամ-անդամ կտրատեն, հետո թողնեն գազաններին ու թռչուններին ուտելու համար։ Դատավորի հրամանի համեմատ, արյունարբու դահիճները խստագույն չարչարանքներով տանում էին նրան կատարման տեղը։ Այղ միջոցին մահապարտը բաց արեց իր բերանը, սկսեց անարգել Մուհամեդի աղանդը և խոստովանվեց թե իսկապես ինքը հավատում էր քրիստոնյաների կրոնին։ Երբ որ լսեցին նրա հայհոյությունները, կատաղի գազանների նման հարձակվեցան նրա վրա, և ամեն մարդ իր սրի ծայրը ներկում էր նրա արյունով։ Այսպես տանջելով հասցրին նրան մահապարտների տեղը, քաղաքից դուրս։ Այնտեղ, անտանելի չարչարանքներ տալով, մաս-մաս կտրատեցին նրա մարմինը և թողեցին այնտեղ, որ արքունի հրամանի համեմատ թռչունների ու գազանների կերակուր դառնա։
Որովհետև հայերը վաղուց գիտեին նրա քրիստոնյայի զավակ լինելու, նաև Քրիստոսի հավատալը, այդ պատճառով մեծ աղաչանքով խնդրում էին, որ նահատակի մարմինը տան իրանց թաղելու համար։ Ասեցին նախարարները. թույլ տվեցեք, որ հայերը իրանց անարգ օրենքի համեմատ թաղեն։ Որովհետև ավելի վատթար էին համարում հայոց թաղումը, քան գազանների կերակուր լինելը։»
Շարունակության մեջ նկարագրված է, թե ինչպես գիշերը լույս ծագեց նրա գերեզմանից և այլն։
Բայց ինչ որ ճշմարիտ է, այն է, որ այդ սենեկապետը առանձին համակրություն ուներ դեպի հայերը, նա Մելիք-Մեջլումի լավ բարեկամն էր, և մելիքը նրա միջնորդությամբ էր ազդում Աղա-Մամադ-շահի վրա։
===XXXV===
Մենք համարյա մոռացության տվեցինք, թե ի՞նչ եղավ Տիզակի իշխան Մելիք-Ավանյան Մելիք-Բախտամը, որը իբրև քաղաքական հանցավոր աքսորված էր Պարսկաստանի Արդավիլ բերդում (տե՛ս գլ. XXI)։
Այն օրից անցել էր ամբողջ տասն տարի, այդ հերոսը դեռ մաշվում էր հեռավոր բանտարկության մեջ։
Երբ Աղա-Մամադ-խանը վերջին անգամ արշավանք գործեց դեպի Ղարաբաղի կողմերը և Շուշի բերդում սպանվեցավ (1797), նա գալու
ժամանակ անցավ Արդավիլի բերդաքաղաքով։ Այստեղ գտնվում է այն երևելի մեչիդը, որի մեջ զետեղված են Շեյխ-Սեֆիի և մյուս Սեֆեվի թագավորների շիրիմները։ Պարսից նոր թագավորների սովորության համեմատ, Աղա-Մամադ-խանը, որպես ուխտավոր, այցելություն գործեց արքաների գերեզմաններին։ Այդ ծեսը կատարելուց հետո նա պետք է այցելություն գործեր բերդի բանտարկյալների մոտ, ում որ արժան էր, ներումն շնորհելու համար։
Այդ բերդում պահվում էին նշանավոր քաղաքական, հանցավորները միայն։ Աղա-Մամադ-խանը նրանց շատերին ներումն շնորհեց, որոնց թվում և Մելիք-Բախտամին, մանավանդ երբ իմացավ, որ նա Մելիք-Ավան-խանի թոռն է, և նրա նախնիքը Պարսկաստանին մեծ ծառայություններ են արել։
Շահը առաջարկեց Մելիք-Բախտամին իր հետ գնալ Ղարաբաղ և այնտեղ վարել իր հայրենի իշխանությունը։ Իսկ մելիքը թեև քաջ, պատերազմական մարդ էր, բայց ուներ և իր կրոնական մոլեռանդությունները։ Երկար տարիներ պարսկական աքսորանքի մեջ ապրելով, զուրկ եկեղեցուց, զուրկ պահեցողությունից, այդ համարում էր նա մի մեծ հանցանք կրոնի և եկեղեցու դեմ։ Այդ պատճառով, փոխանակ Աղա-Մամադ-խանի զորքերի հետ իր հայրենիքը գնալու, նա ուղղակի դիմեց Էջմիածին իր մեղքերը քավելու համար։
Էջմիածնից վերադարձավ նա Ղարաբաղ այն ժամանակ, երբ Աղա-Մամադ-խանը Շուշի բերդում, սպանված էր և Իբրահիմ-խանը ավելի մեծ վստահությամբ վարում էր տեղային իշխանությունը։
Մելիքը գտավ իր հայրենիքը թշվառ վիճակի մեջ, սովը սարսափելի կոտորածներ էր անում, և ժողովրդի մեծ մասը ցրիվ էր եկած։ Իսկ ինքը ավելի անբախտ գտնվեցավ։ Իբրահիմ-խանը, լսելով նրա գալուստը, սկսեց բարեկամական կեղծ ցույցերով հրապուրել նրան, մինչև իր սեղանի վրա կարողացավ թունավորել նրան<ref>Նրա գերեզմանի արձանագրության մեջ պահպանված է նենգավար խանի ցած դավաճանության հիշատակը. «Յասմ տապանի հանգչի մարմին՝ քաջ և արի Մելիք-Բախտամին. սա էր որդի Մեղիք-Աթամին. մահ և վախճան պատմեն սորին '''մահադեղով''' Իբրահիմ-խանին. և որք հանդիպիք ի տապան սորին, միով բանիւ ողորմի ասէք ամեն։</ref>։
Տիզակի տիրապետողների իշխանությունը ամենավտանգավորն էր Իբրահիմ-խանի համար։ Նրանք, Պարսկաստանին ավելի մոտ լինելով, ուղղակի հարաբերություններ ունեին պարսից բարձր Դռան հետ։ Մելիք-Բախտամի ազատություն գտնելը Արդավիլի բանտից Աղա-Մամադ-խանի շնորհիվ, և վերջինի սպանվելը Շուշի բերդում, շատ հասկանալի է, որ ավելի կսաստկացներ Իբրահիմ-խանի երկյուղը։ Տիզակի տիրապետողներից, և այդ պատճառով, Մելիք-Բախտամին տմարդությամբ ոչնչացնելուց հետո, սկսեց նա որոգայթներ լարել նրա ժառանգների համար։
Մելիք-Ռախտամին հաջորդեց որդին՝ Մելիք-Աբասը։
Մեր ձեռքում գտնված մի ձեռագիր պատմությունից քաղում ենք հետևյալը Մելիք-Աբասի հատկանիշների մասին.
«Նրանց (Մելիք-Ավանյանների) ազգի և սերունդների մեջ տակավին չէր ծնված, արդարև, մի այնպիսի տղամարդ պարթևական, հսկայազոր կերպարանքով և ահագնակերպ հասակով։ Իր քաջագործություններով սկսեց հետզհետե նվաճել նա ոչ միայն իր բոլոր հայրենիքը, այլ մահմեդականների ազգը։ Այդ պատճառով տարածվելով սփռվեցավ նրա քաջության և անաչառ դատաստանների համբավը, որով պատժում էր հանցավորներին և վնասակար անձինքներին։ Առանց արծաթասիրության և կաշառքի էր կատարում նա իր դատավճիռները, մահապարտներին պատժում էր առանց խնայելու՝ շատերին կախում էր մեծ ճանապարհների վրա կախաղաններից, և շատերին տալիս էր իր ծառաների ձեռքը, որ սրախողխող անեն հասարակության և ավազակ մարդիկների աչքերի առջև, որպեսզի ոչ ոք այնուհետև չվստահանա նույն չարությունները գործելու։ Արդարև, սարսափելով դողում էր ամբողջ գավառը նրանից։ Նրա քաջագործությունների համբավը շատ, վաղ հասել էր մեծ բռնավորի (Իբրահիմ-խանի) ականջներին... Բայց նա իր սրտի ոխը ծածկած ուներ, չէր կամենում հանկարծ հայտնել մեր նախարարներին (Մելիք-Աբասին), որովհետև նրա նպատակը այն էր, որ դարձնի նրան հայկական դավանությունից մահմեդական դենին...»։
Հետո երկար խոսվում է այն միջոցների մասին, որ Իբրահիմ-խանը գործ դրեց իշխանի հավատքը խախտելու համար։
Իբրահիմ-խանը, արդարև, այժմ փոխել էր իր քաղաքականության եղանակը հայոց մելիքների վերաբերությամբ։ Նա տեսնում էր, որ դավադրությունը, սպանությունը, թույնը և այլ որոգայթները նրանց կյանքի դեմ չեն հասցնում իր ցանկացած նպատակին։ Սպանված հոր փոխարեն իշխում էր որդին, կամ նրա տոհմակիցներից մեկը։ Վերջ ի վերջո համոզվեցավ, որ փոխանակ թույնի, ավելի լավ էր նրանց ընդունել տա մահմեդական կրոնը։ Կրոնը փոխելով նրանք ավելի հեշտությամբ կոչնչանային և կխառնվեին թուրքերի հետ։
Առաջին փորձը կատարեց նա Մելիք-Աբասի վրա, բայց նրա բոլոր խորամանկությունները փշրվեցան, առաքինի իշխանի հաստատամտության առջև։ Իբրահիմ-խանը մինչև անգամ աշխատեց հրապուրել նրան իրա աղջիկների գեղեցկությամբ, բայց երբ նկատեց, որ նրա հավատքը խախտելու հնար չկա՝ կրկին ձեռք առեց սպանության հնարները...
Մի անգամ Մելիք-Աբասը անձամբ գնացել էր Ցոր գյուղը մի քրեական գործ քննելու համար. գիշերը ստիպվեցավ մնալ և հյուրասիրվեցավ տեղային ավագ քահանայի տանը։ Գիշերը նույն տան վրա հարձակվեցան մի խումբ ձիավորներ, որ պատրաստված էին Իբրահիմ-խանից։ Նրանք գտան մելիքին քնած և անպատրաստ վիճակի մեջ։ Սրերի տակ կոտրատեցին նրան
Սպանվածի մարմինը բերվեցավ իր Տող բերդը։ Նույն ժամում, երբ եկեղեցու մեջ պատարագ էր մատուցվում և պատրաստվում էին թաղման հանդեսը կատարելու, Իբրահիմ-խանի հրամանով կատարվեցավ մի այլ չարագործություն։ Հանկարծ եկեղեցում ներս մտան խանի զինված մարդիկը, աշխատում էին հափշտակել հանգուցյալի մարմինը, ասելով, թե նա կենդանության ժամանակ խոստովանվել էր մահմեդական կրոնը, իրավունք չէ նրան քրիստոնեական ծերերով թաղել։ Զայրացած ժողովուրդը մի կողմից, հանգուցյալի բարեկամները մյուս կողմից, հարձակվեցան խանի մարդիկների վրա, նրանցից շատերին կոտորեցին, ջարդեցին, տեղի ունեցան բավական մեծ թվով սպանություններ։ Խանի մնացած մարդիկը փախչելով, իրանց ջարդվելու մասին լուր տարան Շուշի բերդը։ Այս անգամ զայրացած խանը զորքեր ուղարկեց, բայց մինչև զորքերի հասնելը թաղման խորհուրդը կատարված էր։
Նրանք կամեցան գերեզմանից դուրս հանել հանգուցյալի մարմինը։ Այդ հանդգնությունը պատճառ տվեց մի ավելի սարսափելի կռիվի հայերի և թուրքերի մեջ։ Բայց որովհետև հայերը անտպատրաստ էին և չէին պասում մինչև այս աստիճան բռնություն խանի կողմից, այս պատճառով հաղթվեցան։ Հանգուցյալի մարմինը դուրս հանեցին իր տոհմային գերեզմանատնից<ref>Մելիք-Ավանյաննհրի տոհմային գերեզմանատունը գտնվում է Տող բերդի եկեղեցու գավթում։</ref> և տարան մահմեդականների գերեզմանատան մաջ թաղեցին։
Ի՞նչ նպատակ կար այդ բարբարոսության մեջ։ Այն, որ հետո Իբրահիմ-խանը առիթ ունենա ասելու հանգուցյալի ժառանգներին, թե ձեր հայրը մահմեդական էր և մահմեդականության մեջ մեռավ, դուք ևu պետք է ընդունեք նույն կրոնը։ Այդպես էլ եղավ։ Այնուհետև խանը, կալանավորելով Մելիք-Ավանյանների արդեն բավական ուժից ընկած ժառանգներին, սկսեց բացարձակ կերպով կրոնական հալածանքի ենթարկել նրանց։
Այդ միջոցներում Ղարաբաղում սովը և ժանտախտը սարսափելի կոտորածներ էին անում։ Գյուղերը հետզհետե դատարկվում էին, ժողովուրդը գաղթում էր։ Այդ ժամանակն էր, որ հանգուցյալ Մելիք-Աբասի որդի Մելիք-Ղահրամանը (որ և կոչվում էր Բաղր-բեկ) Տիզակի ժողովրդի մի մասը իր հետ առնելով գաղթեց դեպի Վրաստան։
Մելիք-Ավանյան Բաղդադ-բեկը (Մելիք-Եսայու որդին<ref>Տե՛ս X, XI և հետևյալ գլուխներում։</ref>) մնաց Իբրահիմ-խանի բանտում։ Երկար չարչարանքներ կրելուց հետո ստիպվեցավ նա իր երկու որդիների հետ, որոնք կոչվում էին Ասլան և Վահան, ընդունել մահմեդականություն։ Դրանց իշխանությունը կարճատև եղավ, որովհետև Բաղդադ-բեկը մի հակառակության համար խեղդամահ եղավ նույն Իբրահիմ-խանի ձեռքով։ Իսկ նրա որդի Ասլանը, կամենալով կրկին վերադառնալ դեպի քրիստոնեական կրոնը, նույն խանի մահադեղով սպանվեցավ։ Վահանի վախճանը մեզ հայտնի չէ։
Եվ այսպես, Մելիք-Ավանյանների, Տիզակի հզոր տիրապետողների, համարյա ամբողջ սերունդը կամ մահադեղով կամ սպանությունով ոչնչացավ Իբրահիմ-խանի ձեռքով։ Եվ չմոռանանք, որ այդ նշանավոր տոհմի աոաջին ներկայացուցիչն էր այն մեծ մարդը, որը Պետրոս Մեծի հետ թղթակցություններ ուներ, որը փառավոր ընդունելություն գտավ Աննա Իվանովնա և Ելիզավետա Պետրովնա կայսրուհիների պալատում, որը ռուսաց կառավարությունից ստացավ գեներալի աստիճան, իսկ Ննադիր-շահից՝ խանության աստիճան։— Դա գեներալ Մելիք-Ավան֊խանն էր, որի կատարած մեծագործությունների հետ ծանոթացանք մեր պատմության սկզբի գլուխներում։
Մելիք-Ավանյանների տոհմի վերջին ներկայացուցիչների մի ճյուղը մահմեդական դարձավ, մյուսը մնաց քրիստոնյա։ Նրանց ընդարձակ կալվածներին, Շուշի բերդի խաների օգնությամբ, տիրեցին մահմեդական ժառանգները, իսկ քրիստոնյա մնացածները զրկվեցան ժառանգությունից<ref>Տող բերդում, Մելիք-Ավան-խանի պալատում այժմ բնակվում է մի Ֆարհադ-բեկ անունով թուրք ազնվական, որը պարծանքով հիշում է, թե ինքը Մելիք-Ավանյանների նշանավոր տոհմի ժառանգներիցն է։ Եվ իրավ, նա Բադղադ-բեկի թոռը և Մելիք-Ասլանի որդին է։ Իսկ Մելիք-Ավանյանների քրիստոնյա մնացած ժառանգները այժմ թշվառ աղքատության մեջ բնակվում են նույն Տող բերդում, թեև ազնվականներ են համարվում։</ref>։ Այդ տոհմի մի այլ ճյուղը, որպես էին՝ իշխան Մելիքովները, իշխան Սումբատովները, Հայրապետյանները, Ռուսաստանում մեծ-մեծ պաշտոնների մեջ մտան, փայլեցին, իսկ հետո ի՞նչ եղան,— մեզ հայտնի չէ։
===XXXVI===
'''Սովը, ժանտախտը և Ղարաբաղի գաղթականությունը'''
1795 թվից մինչև 1798 թվի սկիզբը պարբերաբար կատարվեցան մի քանի, մինը մյուսից ավելի կորստաբեր, ավելի փոթորկալի արշավանքներ։ Ղարաբաղը և նրա շրջակա գավառներն անընդհատ պատերազմների, ասպատակության և արյան ասպարեզ դարձան։ Աղա-Մամադ-խանի առաջին արշավանքից հետո տեղի ունեցավ կոմս Զուբովի արշավանքը, հետո Գանձակի պաշարումը, հետո Աղա-Մամադ-խանի երկրորդ արշավանքը։ Այդ արյունահեղ կռիվների ժամանակ, որ տևեցին ամբողջ երեք տարի, շինականների կյանքը այն աստիճան անապահով դրության մեջ էր, որ չկարողացան ոչ իր ժամանակին ցանել և ոչ իր ժամանակին հնձել։ Եվ երբ տեղի ունեցավ 1797 թվի սարսափելի երաշտությունը, որ ցամաքացրեց բոլոր բուսականությունը, այդ ժամանակ եղած ցանքերն էլ իսպառ ոչնչացան։
Կարծես, ինքը բնությունը միաբանվել էր մարդկային գազանությունների հետ Ղարաբաղը բոլորովին ամայի և անապատ դարձնելու համար։ Մարդիկ սպառեցին բոլորը, ինչ որ կարելի էր ուտել, հետո անասունների նման սկսեցին կերակրվել խոտերով և արմատներով։ Դա այն զարհուրելի սովերից մեկն էր, որոնց սարսափելի նկարագրությունները մեծ տեղ են բոնում Հայաստանի պատմության մեջ լանկթեմուրների և այլ այսպիսի մարդկային հրեշների կատաղի արշավանքներից հետո։
Անկարգ, անսովոր սնունդի պատճառով երկրները ծածակվեցան դիակներով։ Սովից հետո տեղի ունեցավ 1798 թվի ժանտախտը, որը լրացրեց ժողովրդի դժբախտության պակասը։
60 հազար տուն հայ բնակիչներ ունեցող Ղարաբաղը համարյա թե դատարկվեցավ։ Այդ ժամանակ տեղի ունեցա Սյունյաց աշխարհի մեծ գաղթականությունը։ Սարսափած ժողովուրդը սկսվեց ցրիվ գալ, սկսեց թողնել հայրենիքը և հեռանալ դեպի Տաճկաստան, դեպի Պարսկաստան, դեպի Ռուսաստան և դեպի Վրաստան։
Թե ի՞նչ եղան Տաճկաստան, Պարսկաստան և Ռուսաստան գաղթողները,— մենք նրանց մասին խիստ փոքր տեղեկություններ ունենք, բացի դրանից, մեր պատմության նպատակից դուրս է նրանց վրա խոսելը. կխոսենք Վրաստանի գաղթականների մասին։
Ղարաբաղի հայոց գաղթականությունը գլխավոր պատճառը դարձավ Ղարաբաղի հայկական իշխանությունների կործանման։ Փանահ-խանը, Իբրահիմ-խանը և այլ դրանց նմանները այնքան չվնասեցին հայոց մելիքություններին, որքան վնասեցին իրանք մելիքները, երբ, թողնելով հայրենի հողը, սկսեցին իրանց ժողովրդի հետ օտար հողի վրա ապահովություն որոնել։ Կտրվելով հայրենի աշխարհից, նրանք զրկվեցան ամեն բանից...
Թեև Ղարաբաղի մելիքները այն նախատեսությունն ունեին, որ ամեն անգամ, երբ հայրենիքում կյանքը անտանելի էր դառնում, երբ ստիպված էին լինում գաղթել մի օտար երկիր, նրանք միշտ պահանջել են թե իրանց համար և թե իրանց ժողովրդի համար առանձին արտոնություններ։ Բայց այդ արտոնական կացությունը մի օտար հողի վրա չէր կարող կատարելապես լրացնել այն կորուստը, որ նրանք պիտի կրեին հայրենիքը թողնելով։
1798 թվի հունվար ամսում վախճանվեցավ վրաց Հերակլ իշխանը, նրան հաջորդեց որդին՝ Գիորգի XII։
Հերակլի մահից հետո իշխանական ընտանիքի թե տղամարդերի և թե կանանց մեջ ծագեցան անհաշտ կռիվներ և անվերջանալի երկպառակություններ։ Ռուսաստանի Հովսեփ արքեպիսկոպոսը, որը վրաց իշխանական գերդաստանի մտերիմ բարեկամներից մեկն էր, շատ աշխատեց միաբանությունը և խաղաղությունը նրանց մեջ վերականգնելու համար։ Բայց նրա բոլոր ջանքերը ցանկացած արդյունքը չունեցան։ Արքեպիսկոպոսը այդ երկպառակությունները վնասակար էր համարում Վրաստանի համար։
1797 և 1798 թվականներում, այսինքն՝ սովի և ժանտախտի ամենասաստիկ ժամանակներում, Վրաստանում խմբվեցավ Ղարաբաղի հայերի ահագին բազմություն։ Այդ միախմբումը հայերի և վրացիների Հովսեփ արքեպիսկոպոսն ավելի նպաստավոր էր համարում իր նպատակների իրագործմանը։ Բայց այդ բոլորը շատ ուշ էր արդեն։ Եթե հարգելի արքեպիսկոպոսը իր անչափ եռանդի և հայրենասիրության հետ փոքր-ինչ լուրջ քաղաքագիտություն ունենար, կարելի է այն սխալանքների մեջ չընկներ, որոնց հանդիպեց նա իր ամբողջ քաղաքական գործունեության ասպարեզում։ Նա սաստիկ շուտ հափշտակվող և հեշտ խաբվող մարդ էր...
Եկատերինա II վախճանվելուց և Պողոս I կայսրի գահակալությունից հետո ռուսաց կառավարության քաղաքական հայացքը Անդրկովկասի քրիստոնյաների վերաբերությամբ բոլորովին փոխվեցավ։ Այժմ ոչ ոք չէր մտածում իրագործելու Պետրոս Մեծի և Եկատերինա II ունեցած նպատակները արևելքի քրիստոնյաների մասին։ Այժմ Վրաստանն ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի ռուսական նահանգ։
Այդ էր պատճառը, երբ Ղարաբաղի հայոց երկու իշխանները, Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը և Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը, կամեցան Վրաստանում հաստատ գաղթարաններ հիմնել, նրանք վշտացած Հերակլ իշխանի և նրա հաջորդ Գիորգիի վարմունքից, այլևս չկամեցան վերջինի հետ բանակցություններ ունենալ, ուղղակի դիմեցին Ս. Պետերբուրգ Պողոս I կայսրի մոտ։
Վրաստան գաղթած Ղարաբաղի հայերը սկզբում խիստ անմարդասիրաբար ընդունվեցան վրացիների կողմից։ Սովից, տանջված, աղքատ եկան նրանք այդ երկիրը, շատերը վրացիների դռները ընկած մուրացկանություն էին անում։Վրաց իշխանները ստիպում, էին նրանց, որ ճորտ գրվեն, որպեսզի փոխարենը կերակրեն նրանց։ Ողորմելիները մի կտոր հացի համար վաճառում էին իրանց զավակներին և ստրկության էին մատնում<ref>Վրաստանում մինչև վերջին ժամանակները գտնված հայ ճորտերի մեծ մասն այս տեսակ հանգամանքների զոհ պետք է համարել։</ref>։ Վրաց ազնվականների այդ անողորմ վարմունքն էր գլխավոր պատճառը, որ ստիպեց հայոց մելիքներին Ս. Պետերբուրգ դիմել։
Հայոց մելիքները իրանց հպատակների հետ<ref>Վրաստան գաղթեցին գլխավորապես Գյուլիստան և Վարանդա գավառների ժողովուրդը, այսինքն՝ Մելիք-Բեգլարյանների և Մելիք-Շահնազարյաններոի հպատակները։ Մելիք-Մեջլումի հպատակները (որը արդեն մեռած էր) մնացին Գանձակի գավառում Ջավաղ-խանի հովանավորության ներքո։ Իսկ Խաչենի և Տիզակի, ժողովուրդը մասամբ մնացին իրանց տեղերում, մասամբ գաղթեցին ուրիշ երկրներ և մասամբ եկան Վրաստան, խառնվեցան վերոհիշյալ երկու մելիքների ժողովրդի հետ։</ref> գաղթել էին մի երկիր, ուր այդ ժամանակ տիրում էր ճորտությունը։ Բայց հայ ժողովուրդը սովորած չէր ճորտության։ Թե Հայաստանի անկախության ժամանակ, թե պարսից և թե օսմանցիների տիրապետության ժամանակներում հայ գյուղացին վայելում էր կատարյալ ազատություն։ Մելիքները ցանկանում էին, որ իրանց ժողովուրդը պահպաներ իր վաղեմի ազատությունը, իսկ իրանք վայելեին նույն իրավունքները, որ միշտ ունեին իրանց հպատակների վերաբերությամբ։ Նրանք պահանջում էին, որ Վրաստանի սահմաններում, որը այդ ժամանակ գտնվում էր ռուսաց հովանավորության ներքո, տային նրանց ազատ հողեր, որպես մշտական սեփականություն, և այդ հողերի վրա նրանք հիմնեին իրանց գաղթարանները և բնակվեին իրանց վաղեմի օրենքներով ու սովորություններով։
Այդ նպատակներով Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը<ref>Մելիք-Ֆրեյդունը Մելիք-Աբովի եղբոր՝ Մելիք-Բեգլար II որդին էր (տե՛ս գլ. XVI)։</ref> և Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը գնացին Ս. Պետերբուրգ<ref>Մելիքների սվիտայի մեջ գտնվում էր և պատանի Ռոստոմը, որը Մելիք-Շահնազարի ջորեպանի որդին էր։ Նրա հորը կոչում էին Մեհրաբենց Գյուքի։ Դեռ 14 տարեկան հասակում Ռոստոմը Ղարաբաղից փախչելով գնաց Աստրախան, այնտեղ մի պոլկովոյ մարկիտանտի մոտ աշակերտ դարձավ։ Այդ պարապմունքը միջոց տվեց նրան սովորելու ռուսաց լեզուն։ Երբ մելիքները Աստրախանից անցնում էին Ս. Պետերբուրգ գնալու, պատանի Ռոստոմը խառնվեցավ նրանց սվիտայի հետ, որը բավական բազմաթիվ էր։ Նրան վեր առին, մտածելով, թե ճանապարհին հարկավոր կլինի, որպես ռուսաց լեզվի թարգման։ Ս. Պետերբուրգը այն աստիճան գրավեց պատանի Ռոստոմին, որ նա այլևս վերադառնալ չցանկացավ։ Մելիք-Ջումշուդը իր հոր ջորեպանի որդուն ազնվականության թուղթ շնորհեց, և նրա խնդրելով պատանի Ռոստոմը մտավ զինվորական դպրոց։ Եվ այդ պատանին էր, որ վերջը դարձավ հռչակավոր իշխան գեներալ Մադաթովը, որը այնքան նշանավոր գործեր կատարեց, ռուսաց, տաճկական, ֆրանսիական և պարսկական արշավանքների ժամանակ։</ref> անձամբ աղերսամատույց լինելու կայսրի մոտ իրանց պահանջների մասին։
Մելիքները Ս. Պետերբուրգում արժանավոր ընդունելություն գտան։ Պողոս I կայսրի 1799 թ. 2 հունիսի բարձրագույն հրովարտակով հրամայվեցավ տալ մելիքներին Ղազախի գավառը բնակության համար և պահպանել իրանց հպատակների վերաբերությամբ միևնույն իրավունքները, որ նրանք վայելում էին իրանց հայրենիքում։ Այդ հրովարտակը գրվեցավ Վարանդայի իշխան Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյանի և Գյուլիստանի իշխան Մելիք-Ֆրեյդուն Մելիք-Բեգլարյանի անունով։ Նույն մելիքներին շնորհվեցան գերազանցության մեդալներ (медали отличия) և նշանակվեցավ մշտական թոշակ. Մելիք-Ջումշուդի համար տարեկան 1400 ռ., նրա որդու համար տարեկան 600 ռ., իսկ Մելիք-Ֆրեյդունի համար 1000 ռ.։
Հիշյալ բարձրագույն հրովարտակի մտքի համեմատ կայսրը նույն թվով առանձին հրովարտակ ուղղեց վրաց իշխան Գիորգիին, բացի դրանից, նույն թվի ապրիլի 16-ից առանձին բարձրագույն հրահանգով հրամայվեցավ ստատսկի սովետնիկ Կովալենսկուն (որը այդ ժամանակ նշանակված էր Վրաստանի մինիստր) հետևյալը.
«Հայոց մելիքները՝ Ջումշուդ և Ֆրեյդուն, որոնք գտնվում են այստեղ (Ս. Պետերբուրգ) և մյուսները, որոնք մնացել են Վրաստանում և Պարսկաստանում (Ղարաբաղում) իրանց այլ հայրենակիցների հետ, դիմեցին նորին կայսերական մեծության հովանավորության ներքո և ստացան ամենաողորմած թույլտվություն բնակվելու Վրաստանում, այն պայմանով, որ թագավորը (վրաց Գիորգի XII) պետք է տա նրանց հողեր բնակության համար թե իրանց հպատակների հետ և թե Պարսկաստանի այն բնակիչների հետ, որոնք կարող կլինեն հետո դուրս դալ այնտեղից։ Թագավոր կայսրը, ցանկանալով, որ մի այսպիսի քրիստոնյա ժողովուրդը, որքան կարելի է, ծաղկեր Վրաստանում, հենց նույն իսկ երկրի օգուտների համար,— դուք (Կովալենսկին) պետք է աշխատեք, որ թագավորը (Գիորգին) հողերի այնպիսի զիջումներ աներ, որ մելիքների համար ամենաշահավետ պայմաններով լիներ, և որովհետև մի այսպիսի հասարակություն չէ կարող բնակության հաստատ հիմք ունենալ և ընդարձակել իր հառաջադիմությունը, մինչև որ պահպանված չլինեն '''նրա սովորությունները և կառավարության ձևերը''', որոնք հին ժամանակներից հատուկ են եղել նրան,— այդ պատճառով և ցանկալի կլիներ, որ նա (հայոց հասարակությունը) ոչ այլ տեսակ կախումն ունենար Վրաստանից, բայց միայն '''վասալների''' տեսակով, վճարելով այնուամենայնիվ թեթև հարկ թագավորին և բաժանելով նրա հետ այն ամենը, ինչ որ հարկավոր կլինի թե ծախքերի վերաբերությամբ, և թե մարդիկների գործակցությամբ երկրի պաշտպանության դեպքերում»։
Վրաստանն այդ ժամանակ այն աստիճան խռովյալ դրության մեջ էր, որ իշխան Գիորգին խիստ նպաստավոր համարեց հայոց մելիքների և նրանց հպատակների ահագին բազմությամբ վրաց հողի վրա բնակություն հաստատելը։ Մելիքները կարող էին նրան զորավոր դաշնակիցներ լինել։ Կովկասյան լեռնաբնակների հարձակումները մի կողմից, վրաց իշխանական գերդաստանի անդամների երկպառակությունները մյուս կողմից, երկիրը անդադար ալեկոծության մեջ էին պահում։ Գիորգիի եղբայրները, նրա ազգականները ամեն օր նորանոր խռովություններ էին հարուցանում։ Եղբայրներից մեկը, իշխանազն Ալեքսանդրը, հակված էր պարսիկների կողմը և գործում էր հակառակ ռուսների և հակառակ իր եղբորը։
Այդ հանգամանքներն էին պատճառը, որ մելիքների պահանջը կատարվեցավ։ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջամշուդը uտացավ Գիորգի իշխանից Հոռիի գավառը իր սահմաններով և Բորչալուի մի մասը, որոնց մեջ նա իր հպատակների հետ բնակություն հաստատեց։ Իսկ Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը ստացավ Բորչալուի մնացած մասը և Աղջա-Կալան։ Իսկ Մելիք-Աբովը (Մելիք-Ֆրեյդունի հորեղբայրը) ստացավ Բոլնիսը իր սահմաններով։ Այնուհետև մելիքները ձեռք բերեցին և ուրիշ հողեր, այն չափով, ինչ չափով որ հետզհետե ավելանում էր նրանց հպատակների թիվը։
===XXXVII===
Երբ Ղարաբաղի հայ ժողովրդի մի մասը իրանց մելիքների հետ զետեղվեցան Վրաստանում, այդ ժամանակ Ղարաբաղի երեք կաթողիկոսները գտնվում էին զանազան տեղերում։ Նրանցից երկուսը մնացին Ղարաբաղում. Իսրայել կաթողիկոսը նստած էր Ամարասա վանքում, իսկ փոքր Սիմոն կաթողիկոսը՝ Երիցմանկանց վանքում։ Երրորդը՝ Հասան-Ջալալյան Սարգիս կաթողիկոսը, գտնվում էր Ղարաբաղի սահմաններից դրսում, Գանձակ քաղաքում (տե՛ս գլ. XVII)։
Բայց մի ճակատագրական դժբախտությամբ, կարծես, անխուսափելի էր դարձել, որ Ղարաբաղի մելիքները ուր և գնային, պետք էր, որ մի եկեղեցական կռիվ չար դևի նման հետևեր նրանց։
Հենց նույն տարվա մեջ, երբ մելիքները իրանց ժողովրդի հետ գաղթեցին Վրաստան, Հասան-Ջալալյան Սարգիս կաթողիկոսը, իր եղբորորդի Բաղդասարի հետ (որը արդեն վարդապետ էր ձեռնադրված) և իր այլ ազգականների ու մերձավորների հետ Գանձակից տեղափոխվեցան Թիֆլիս (1798, 25 մարտի)։ Հերակլ իշխանը սիրով ընդունեց կաթողիկոսին և մեռնելուց առաջ հանձնեց իր ժառանգ Գիորգիին, որը ավելի հարգանք ցույց տվեց իր վեհափառ հյուրին։
Թիֆլիսում այդ ժամանակ, որպես Վրաստանի հայոց առաջնորդ, Էջմիածնի բարձր հոգևոր իշխանության կողմից նստած էր Հովհաննես արքեպիսկոպոս պոլսեցին, որը հայտնի էր «գեղարդակիր» մականունով։ Դա խիստ գործունյա և բնավորության տեր մի եկեղեցական էր և մեծ ազդեցություն ուներ Էջմիածնի վրա։
Սարգիս կաթողիկոսի Թիֆլիսում բնակություն հաստատելը, իհարկե, շատ հաճելի չէր կարող լինել «գեղարդակրին», մանավանդ, երբ նկատում էր նա իշխան Գիորգիի համակրությունը դեպի կաթողիկոսը և վերջինի ձգտումները Վրաստանում այդ ժամանակ զետեղված ղարաբաղցի գաղթականների հովիվը լինելու։
Պետք է ասած, որ ղարաբաղցի գաղթականների ցանկությունն էլ հենց այդ էր։ Այդ ժողովուրդը սովորած էր Էջմիածնից անկախ իր առանձին հոգևոր կառավարությունն ունենալ, որպես էր բազմադարյան Աղվանից կաթողիկոսությունը։ Իսկ Սարգիսը այդ կաթողիկոսության ներկայացուցիչներից մեկն էր։
Ղարաբաղի հայերը մի ժամանակ Գանձակի գավառում զետեղվելով, նույն Սարգսին իրանց համար կաթողիկոս օծել տվին։ Այժմ Վրաստան գաղթելով, դարձյալ ցանկանում էին ունենալ իրանց առանձին
հոգևոր իշխանությունը, անկախ Էջմիածնից, նույն Սարգսի հովվության ներքո։
Իշխան Գեորգիի հարաբերություններն այդ ժամանակ Էջմիածնի հետ լարված լինելով, նպաստում էր ղարաբաղցոց ցանկության իրագործելուն<ref>Իշխան Գիորգիի հարաբերությունների Էջմիածնի հետ լարված լինելու պատճառները, թեև ինքնըստինքյան շատ հասարակ բաներ էին, բայց կրոնականն կետից նայելով, մեծ նշանակություն ունեին։ Ղարաբաղում ժանտախտ հայտնվելու ժամանակ, ժողովուրդը տեղափոխվեցավ Վրաստան, այդ սարսափելի ախտը տարավ իր հետ։ Այդ ժամանակ վրաց Գիորգի իշխանը դիմեց Էջմիածին, խնդրելով Ղուկաս կաթողիկոսից, որ ուղարկեն Թիֆլիս Գեղարդը, որը Էջմիածնի հրաշագործ սրբություններից մեկն է և հռչակված է որպես փարատող վարակիչ հիվանդությունների։ Ղուկաս կաթողիկոսը չկատարեց իշխանի խնդիրքը, նախ այն պատճառով, որ ժանտախտը Վաղարշապատում էլ հայտնվել էր և սուրբ Գեղարդի օգնությանը իրանք ավելի կարոտություն ունեին, իսկ երկրորդ պատճառն այն էր, որ վստահություն չուներ վրաց իշխանի վրա, թե կարող էր հիշյալ սրբությունը Վրաստանից կրկին հետ ստանալ։<br>Երբ Գիորգին սկսեց ավելի և ավելի թախանձել, կաթողիկոսը ստիպված եղավ հիշյալ «գեղարդակիր» Հովհաննես արքեպիսկոպոսի ձեռքով ուղարկել։ Բայց սրբությունը Թիֆլիս հասնելուց և հանդիսավոր թափորներ կատարելուց հետո կալանավորվեցավ։ Էջմիածնից քանիցս անգամ խնդրեցին հետ ուղարկել, բայց վրաց իշխանը, միշտ զանազան պատճառներ բերելով, խաբում էր։ Վերջը Հովհաննես արքեպիսկոպոսը Մելիք-Աբովի օգնությամբ մի գիշեր վեր առեց սրբությունը և մի քանի ձիավորների հետ ծածուկ փախավ Էջմիածին։ Գուցե այդ դեպքի պատճառով նա ստացավ «գեղարդակիր» մականունը։</ref>։
Այդ բոլորը, հայտնի բան է, պիտի հակառակեին «գեղարդակրի», որպես Վրաստանի, հայոց առաջնորդի, շահերին մի կողմից, իսկ Էջմիածնի իրավասությանը մյուս կողմից։ Այդ էր պատճառը, երբ իշխան Գիորգին առաջարկեց Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսին, խնդրելով, որ Սարգիս կաթողիկոսը Ղարաբաղի գաղթականների առաջնորդ նշանակվի, Ղուկասը բացարձակապես մերժեց իշխանի խնդիրքը, և այդ առիթ տվեց երկար դժգոհությունների վրաց իշխանի և Էջմիածնի մեջ։
Գիորգին Ղուկասի համառությունից վշտացած հայտնեց, եթե իր խնդիրքը չկատարվի, ինքը այնուհետև կարգելե, որ Էջմիածնից ոչ մի հոգևորական իրավունք չունենա Վրաստանի սահմաններից անցկենալու և տեղային հայերից հոգևոր տուրք հավաքելու։
Ղուկաս կաթողիկոսը տեսնելով, որ դրանով Վրաստանի հայերը բոլորովին պիտի կտրվեն Էջմիածնից, սպիպվեցավ զիջումն անել։ Նա խոստացավ, թե իշխանի ցանկությունը կկատարե, միայն պետք Սարգիս կաթողիկոսը անձամբ գնա Էջմիածին, իր խոնարհությունը հայտնելու և իր պաշտոնը ստանալու համար։
Սարգիս կաթողիկոսը իր եղբորորդի Բաղդասար վարդապետի հետ գնացին Էջմիածին։ Թեև այնտեղ խիստ սառն ընդունելություն գտան, այսուամենայնիվ, Ղուկաս կաթողիկոսը վրաց իշխանի հետ ունեցած վիճաբանություններին վերջ տալու համար Սարգսին կարգեց Հաղպատու վանքի վանահայր և միևնույն ժամանակ Ղարաբաղի գաղթականների առաջնորդ։ Նույնը հաստատեց իշխան Գիորգին իր երկու հրովարտակներով, որոնցից մեկը ուղղած էր Ղարաբաղի գաղթականների հասարակությանը, իսկ մյուսը՝ իրան Սարգսին։
Բայց Էջմիածնում Սարգսից խոստումն առին, որ նա իրավունք չունենա կաթողիկոսական կնիք կամ տիտղոս գործածելու, այլ պետք է կրե արքեպիսկոպոսի աստիճան և գործածե առաջնորդական կնիք։ Թեև Սարգիսը պահպանեց այդ պայմանները, այնուամենայնիվ, նրա հակառակությունները Թիֆլիսի Էջմիածնական ներկայացուցիչների հետ իսպառ չվերջացան։
Սարգսի գործը հազիվ թե փոքր-ինչ կարգի էր դրված, Ղարաբաղից հայտնվեցավ մի նոր կաթողիկես։ Դա էր Երիցմանկանց վանքի փոքր Սիմոն կաթողիկոսը, որը, Իբրահիմ-խանից նեղվելով, փախավ Թիֆլիս։
Բայց այս անգամ Թիֆլիսի Էջմիածնականները նրա հետ ցերեմոնիա չարեցին։ «Շահագեդան» Հովհաննես վարդապետի<ref>Մեզ հայտնի չէ Հովհաննես վարդապետի ով լինելը, կամ ինչո՞ւ էր կրում նա «շահագեդան» մականունը, որ նշանակում է շահի մոտ գնացող։ Միայն այսքանը հայտնի է, որ նա Եփրեմ կաթողիկոսի ժամանակներում Էջմիածնում դեր խաղացող միաբաններից մեկն էր։</ref> քթախոտի տուփը ձեռնածուի արկղիկի նման երկու խորշեր ուներ. մեկից ինքն էր քաշում, մյուսից առաջարկում էր այն անձինքներին, որոնց հարկավոր էր ուղարկել ոգիների աշխարհը։ Սիմոն կաթողիկոսին վիճակվեցավ վերջին խորշի մեջ ածած քթախոտով կազդուրել իր պնչերը։ Նա թունավորվեցավ և թողեց Թիֆլիսը, գնաց Գանձակ։ Մինչև այնտեղ չհասած, կաթողիկոսի մորուքի և գլխի մազերը թափվեցան և Գանձակում վախճանվեցավ։ Դա Երիցմանկանց վանքի վերջին կաթողիկոսն էր։
===XXXVIII===
Մեր պատմության նախընթաց գլուխներից մեկում, Ղարաբաղի մինը մյուսին հակաթոռ, բազմաթիվ կաթողիկոսների առիթով նկատեցինք, թե դարերի ընթացքում, ամեն անգամ, երբ ծագել են բուն ազգային կամ ժողովրդական ամենակարևոր խնդիրներ, միևնույն ժամանակ սատանան մեջ է ձգել մի որևիցե եկեղեցական կռիվ, երկպառակություն։ Դա թեև շատ տխուր է, բայց փաստ է։
Ռուսները արդեն տիրել էին Վրաստանին և պետք է տիրեին ամբողջ Անդրկովկասին։ Հայերի համար սկսվում էր մի նոր կյանք. պարսկական բռնապետությունը քայքայվում էր և տեղի էր տալիս քրիստոնյա պետության կառավարությանը։ Հայոց մելիքները աշխատում էին պահպանել իրանց վաղեմի իրավունքները այդ նոր պետության հովանավորության ներքո։ Ժողովրդի կյանքը գտնվում էր փոխանցական տագնապի մեջ, հազար ու մեկ կարիքներ կային, հազար ու մեկ հարցեր պիտի վճռվեին,— հենց այդ ժամանակներում Էջմիածնում սկսվեցան կաթողիկոսական կռիվները, որ զբաղեցրին հայոց մտքերը այնքան ժամանակ, մինչև ռուսները բոլորովին հաստատվեցան Անդրկովկասում։
1799, 27 դեկտեմբերի վախճանվեցավ Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսը։ Հայրապետական աթոռը ժառանգելու համար հայտնվեցան բազմաթիվ նախանձորդներ, որոնք մինը մյուսին տեղի տալով, կռվի դաշտի վրա մնացին հինգը։ Դրանք էին՝ Ռուսաստանի արքեպիսկոպոս Հովսեփը, Կ. Պոլսի պատրիարք Դանիելը, Աստրախանի եպիսկոպոս Եփրեմը և էնագետցի Դավիթ եպիսկոպոսը, որը սաստիկ խորամանկ մարդ էր և միջոցների ընտրության մեջ ամենևին խտրություն դնել չգիտեր, իսկ հինգերորդն էր թիֆլիսեցի «բոկոտն» (բոբլիկ) կոչված Ստեփան արքեպիսկոպոսը<ref>Համարյա այդ ժամանակից սկսվեցան Դավթի և Դանիելի կռիվները, որոնք Էջմիածնի վերջին կաթողիկոսների պատմության մեջ խիստ տխուր, միևնույն ժամանակ բավական ընդարձակ տեղ են բռնում։</ref>։
Ռուսաց կառավարության նպատակն այն էր, որ Էջմիածնի հայրապետական աթոռի վրա նստեր մի մարդ, որը նշանավոր ծառայություններ էր մատուցել Ռուսաստանին, մանավանդ նրա արևելյան պատերազմների ժամանակ թե պարսիկների և թե օսմանցիների հետ։ Դա էր մեզ նախածանոթ Արղության Հովսեփ արքեպիսկոպոuը։ Այդ գործունյա, եռանդոտ եկեղեցականը դեդևս պետք էր ռուսաց տիրապետություններն առաջ տանելու համար։ Պարսիկների հետ գործը տակավին վերջացած չէր. Երևանյան նահանգը և ուրիշ շատ խանություններ դեռ մահմեդականների ձեռքումն էին։
Ինքը Հովսեփ արքեպիսկոպոսը վաղուց ձգտում էր այդ նպատակին, որ ընդհանուր հայոց կաթողիկոսը դառնա, և նրա մի այդպիսի փառասիրական ձգտումը սաստիկ վայր ձգեց նրա համարումը մտածող Հայերի աչքում, երբ նա, իր ավելի ընդարձակ և ավելի ազգօգուտ գաղափարները չթողնելով, սկսեց հետևել նեղ, եսական շահերին...
Թեև նա Էջմիածնում և հայ հասարակության մեջ բազմաթիվ հակառակորդներ, ուներ, բայց ռուսաց կառավարության և օսմանցոց Բ. Դռան հաճությունը ստացած, Ռուսաստանից ճանապարհ ընկավ դեպի Անդրկովկաս, որ գնա Էջմիածին հայրապետական օծումն ընդունելու համար։ Արքեպիսկոպոսի վարմունքը, որ բոլորովին հակառակ էր հայոց վաղեմի ընտրողական կարգերին, շատ կարելի է, որ մեծ խռովությունների պատճառ տար, եթե ճակատագիրը այլ կերպ չտնօրիներ։ 1801 թ. փետրվարի 10-ին փառավոր հանդեսով մտավ նա Թիֆլիս։ Նա գտավ իր բարեկամ վրաց Գիորգի իշխանին արդեն դրած դագաղի մեջ<ref>Գիորգին վախճանվեցավ 1800 թ. դեկտեմբեր ամսում։</ref>։ Իշխանի մահը արքեպիսկոպոսին սաստիկ տխրություն պատճառեց։ Նրա հետ մեռան սրբազանի սրտի խիստ խորին բաղձանքները...
Իշխանի դագաղը դեռ դրված էր Սիոնի մայր եկեղեցում, երբ 1801 փետրվարի 16-ին, նույն եկեղեցում կատարվեցավ Վրաստանի Ռուսաստանի հետ միավորության տnնախմբությունը և կարդացվեցավ Պողոս I կայսրի հրովարտակեր, որ ավետում էր այդ. միավորությունը։
Այդ ժամանակ Թիֆլիսում գտնվում էր գեներալ-մայոր Լազրևը, որ կարգված էր իբրև Վրաստանի զինվորական իշխանության ներկայացուցիչ։
Կայսրի հրովարտակի ընթերցումից երեք օր հետո կատարվեցավ իշխան Գիորգիի թաղման հանդեսը, որին ներկա էր ինքը Հովսեփ արքեպիսկոպոսը։ Գիորգիի թաղման հետ վրաց իշխանությունը վերջացավ։
Այդ թաղումից հետո ինքը Հովսեփ արքեպիսկոպոսն անկողին մտավ և կարճատև հիվանդությունից հետո վախճանվեցավ, առանց Էջմիածինը տեսնելու, առանց կաթողիկոսական օծումն ընդունելու։ Նրա հետ մեռան և հայոց մելիքների մնացած հույսերը...
Նույն տարվա մեջ (1801, 12 մարտի) վախճանվեցավ Պողոս I կայսրը, և ռուսաց գահի վրա նստեց Ալեքսանդր I։
Գիորգիի մահից հետո ավելի սաստիկ կերպով հուզվեցավ երկպառոակոէթյունը վրաց իշխանազն ժառանգների մեջ։ Գտնվեցան նրանց մեջ այնպիսիները, որ սկսեցին բողոք հայտնել Վրաստանի Ռուսաստանի հետ միավորության մասին, սկսեցին գրգռել կովկասյան լեռնաբնակներին և պարսիկներին ռուսների դեմ<ref>Այդ ժամանակ տեղի ունեցավ Ավարիայի Օմար-խանի երկրորդ արշավանքը Վրաստանի վրա։</ref>։
Այդ բողոքողներից ամենանշանավորը և ամենահաստատամիտն էր հանգուցյալ Գիորգիի եղբայր Ալեքսանդրը։<ref>'''Այդ բողոքներից ամենանշանավորը և ամենահաստատամիտն էր հանգուցյալ Գիորգիի եղբայր Ալեքսանդրը։'''— Արքայազն Ալեքսանդրի կյանքի հանգամանքներին լինելով լավատեղյակ՝ Րաֆֆին դեռևս 1872 թվականին հոդված է գրել նրա մասին ու հրատարակել «Մշակ» լրագրում, (տե՛ս նաև Րաֆֆի, «Երկերի ժողովածու», հ. 9, Ե., 1958, էջ 82)։— '''Խմբ.'''</ref> Նրա գործողությունները բավական մեծ տեղ են բռնում այդ ժամանակի պատմության մեջ, բայց մենք համառոտ կերպով մեջ կբերենք այնքանը միայն, որ վերաբերություն ուներ հայոց մելիքների հետ։
Վրաստան գաղթած հայոց մելիքներից ավելի ուժ և նշանակություն ստացավ Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը։ Նա որպես քաջ և պատերազմասեր էր Ղարաբաղում, նույնը եղավ և Վրաստանում։ Բացի Ղարաբաղից իր հետ բերած հպատակներից, նա իր իշխանության ներքո հետզհետե հավաքում էր և այն գաղթականներին, որոնք, Հայաստանի զանազան կողմերից փախչելով, Վրաստանում ապաստան էին գտնում։ Այսպիսով, նա այնքան բազմացրեց իր ժողովրդի թիվը, որ կարող էր ամեն անգամ մի քանի հազար ձիավորներ կռիվի դաշտ դուրս բերել։ Դրանով չբավականանալով, Մելիք-Աբովը աշխատում էր 1000 հայ ընտանիքներ Ախալցխայի վիճակից (որը այդ ժամանակ օսմանցոց իշխանության ներքո էր գտնվում) տեղափոխել Վրաստան իր կալվածների վրա։ Այդ մտքով նա իր ձիավորների խումբերով անդադար արշավանքներ էր գործում, անցնում էր Տաճկաստանի սահմաններից և ամեն անգամ ահագին ավարով հետ էր դառնում։ Շատ անգամ նրա ասպատակները հասնում էին մինչև Էրզրումի պարիսպների մոտ։ Եվ որովհետև այդ բոլորը այն ժամանակ սովորական իրերի կարգում էր, այդ պատճառով Մելիք-Աբովի վստահություններին սահման չէր դրվում։
Մելիք-Աբովն այնքան նշանակություն ստացավ իր քաջ ձիավորների խումբերով, որ երկրի մեջ վաճառականական հարաբերությունները ապահով դրության մեջ պահելու համար և ճանապարհների վրա կարավանների երթևեկությունը ավազակների հարձակումներից անվտանգ պահպանելու համար, հանձնվեցավ նրան '''քարվան-բաշխության''' պաշտոնը։ Այդ պաշտոնի նշանակությունն այն էր, որ նա պիտի պահեր ճանապարհների վրա պահականոցների նրա ձիավորները պետք է ուղեկցեին կարավաններին մի իջևանից մինչև մյուսը, որ վտանգ չպատահեր։ Այդ հսկողության համար Մելիք-Աբովի մարդիկը յուրաքանչյուր բեռնից հարկ էին ստանում 1 ռուբլի, հօգուտ մելիքի, որի տարեկան գումարը հասնում էր 500 թումանի<ref>500 թումանը մոտավորապես հավասար է 1500 ռուբլու։ Եթե յուրաքանչյուր բեռնից ստացվում էր 1 ռուբլ., այդ հաշվով ամբողջ տարվա մեջ Վրաստան մտնող և դուրս եկող մթերքների քանակությունը պետք է համարել 1500 բեռ։ Դա ցույց է տալիս երկրի այն ժամանակվա վաճառականության ամենաստոր աստիճանի վրա կանգնած լինելը։</ref>, որպես խոստովանվում է Մելիք-Աբովը իր նամակներից մեկի մեջ։
Այդ բոլորը նկատելով, վրաց իշխանազն Ալեքսանդրը տեսնում էր Մելիք-Աբովի մեջ մի լավ օգնական իր նպատակները իրագործելու համար։ Դեռ Գիորգիի կենդանության ժամանակներում նա թափառում էր երբեմն Դաղստանի լեռնաբնակների մեջ, երբեմն Ղազախի և Շամշադինի թարաքամաների մեջ և երբեմն Երևանի կողմերում և ամեն տեղ գրգռում էր մահմեդականներին ռուսների և իր եղբոր՝ Գիորգիի դեմ։
Նա շատ անգամ, թե ժամակներով և թե առանձին պատվիրակներ ուղարկելով, դիմում էր Մելիք-Աբովին, առաջարկում էր միանալ իր հետ և ռուսների հակառակ գործել։ Թեև Մելիք-Աբովը, հավատարիմ մնալով այն երդմանը, որ տվել էր ռուսաց կառավարությանը, ամեն անգամ մերժում էր իշխանազն Ալեքսանդրի առաջարկությունները, այսուամենայնիվ, Թիֆլիսի ռուս աստիճանավորները, կասկածելով նրա վրա, Մելիք-Աբովին կալանավորեցին։ Նա մի քանի ամիս մնաց բանտում, մինչև Վրաստանի համար նշանակված մինիստր Կովալենսկին Թիֆլիս գալով (1800) արձակեց նրան։
Մելիք-Արովը ուներ երեք որդի՝ Ռոստոմ-բեկ, Սայի-բեկ և Մանաս-բեկ։ Դրանցից իր քաջությամբ նշանավոր եղավ Ռոստոմ-բեկը։
===XXXIX===
1804 թվին ռուսաց զորքերը իշխան Ցիցիանովի հրամանատարության ներքո մոտեցան Երևանի պարիսպներին, բանակ դրեցին Էջմիածնի մոտ։ Միևնույն ժամանակ պարսկական բազմաթիվ զորքեր, պարսից թագաժառանգ Աբաս-Միրզայի անձնական հրամանատարության ներքո, շտապեցին Երևանը ազատելու և Ցիցիանովի արշավանքների առաջն առնելու։ Պարսից զորապետների թվում գտնվում էր վրաց իշխանազն Ալեքսանդրը մի քանի վրաց ազնվականների հետ։ Դրանք իրանց հետ առնելով մի քանի գունդ պարսկական հեծելազորներ, և միանալով Ղազախի ու Շամշադինի թարաքամաների հետ, և մի կողմից էլ ապստամբեցնելով լեզգիներին, բոլորովին կտրեցին Վրաստանի հաղորդակցությունը Ցիցիանովի բանակի հետ, որը գտնվում էր Երևանի պարիսպների մոտ։
Ցիցիանովը, որ կամենում էր պաշարել Երևանը, ինքը պաշարման դրության մեջ մնաց։ Պարսիկները ամեն կողմից շրջապատեցին նրան։ Այդ ժամանակ պակասեց Ցիցիանովի զորքերի պաշարը։ Թեև Էջմիածնի վանքը իր հացի ամբարներից մեծ օգնություն մատակարարեց, բայց Տիցանովը կարոտություն ուներ և ռազմամթերքի. վառոդը սպառվելու վրա էր. նրան պետք էին ավելի շատ թվով թնդանոթներ։
Այդ միջոցին Մելիք-Աբովի որդի Ռոստոմ-բեկը, իր սեփական հեծելազորների խումբով, այլև իր հետ առնելով,500 ռուսաց զինվորներ, երկու անգամ զարմանալի քաջությամբ անցավ պարսիկնքերի միջից և Ցիցիանովի բանակին Թիֆլիսից վառոդ, թնդանոթներ և այլ ռազմամթերք հասցրեց։
Երբ նա այդ նպատակով պիտի կատարեր իր երրորդ արշավանքը Փամբակի ձորում, Ղուրսալու գյուղի մոտ պատահեց պարսից զորքերի։ Նրանց թիվը 800 հոգի էր, գտնվում էին Փիր-Կուլի-խան անունով մեկի գլխավորության ներքո։ Այդ միջոցին պարսից զորքերի հետ միացավ վրաց իշխանազն Ալեքսանդրը 3000 ձիավորներով։ Չնայելով պարսից ուժերի անհամեմատ գերազանցությանը, նրանք ամբողջ երեք օր կանգնած մնացին և չէին վստահանում կռիվ սկսել Ռոստոմ-բեկի փոքրաթիվ խումբի հետ։ Երբ վերջապես սկսվեցավ կռիվը, Ռոստոմ-բեկն՝ ընկած ռուսաց զորքերի առջևը, երկար քաջությամբ պատերազմում էր։ Հանկարծ նրա ձին գնդակահար լինելով, ցած գլորվեցավ։ Ռոստոմ-բեկը նստեց մի այլ ձիու վրա և կրկին նետվեցավ կռիվի մեջ։ Չնայելով, որ նա արդեն երկու վերք էր ստացել, բայց տակավին շարունակում էր կռվել։ Երբ երրորդ վերքը ստացավ աջ ձեռքի վրա, այդ ժամանակ արյունաշաղախ ցած ընկավ։ Նրա ընկնելուց հետո պարսիկները մայոր Մոնտրեզորին սպանեցին և ռուսաց բոլոր զինվորներին կոտորեցին։
Ռոստոմ-բեկին տարան պարսից թագաժառանգի՝ Աբաս-Միրզայի բանակը։
Վրաց իշխանազն Ալեքսանդրը լավ ծանոթ էր Ռոստոմ-բեկի հետ, ճանաչում էր և նրա հորը՝ Մելիք-Աբովին, որը, ինչպես ցույց տվին նախընթաց գլխում, մերժեց Ալեքսանդրի առաջարկությունները, երբ նա խնդրում էր միանալ իր հետ, ռուսների հակառակ գործելու համար։ Այժմ համառ մելիքի ավելի ևս համառ որդին, առաջնորդելով ռուսաց զինվորներին, ընկավ թշնամու ձեռքը։ Ալեքսանդրը կամեցավ հոր վրեժը առնել որդուց։ Եվ առաջուց տեղյակ լինելով, թե պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան ո՛ր աստիճան ատելություն ունի դեպի Ղարաբաղի մելիքները, որոնք Աղա-Մամադ-խանի սպանման պատճառը դարձան Շուշի բերդում,— այդ մտածությամբ, իբրև մի լավ առարկա Աբաս-Միրզայի վրեժխնդրությանը բավականություն տալու,— Ալեքսանդրը ուղարկեց Ռոստոմ-բեկին Աբաս-Միրզայի մոտ։
Պարսից թագաժառանգը իսկույն սպանել չտվեց նրան, այլ շղթայակապ ուղարկեց Թավրիզ, հրամայելով, որ այնտեղ բանտարկեն և խնամք տանեն նրա վերքերը բժշկելու համար։
Այդ հերոսը երեք ամիս բանտարկված մնաց Թավրիզում։ Միևնույն բանտում կալանավորված էր այդ ժամանակ Էջմիածնի ռուսաց կուսակից Դանիել կաթողիկոսը։<ref>'''Այդ հերոսը երեք ամիս բանտարկված մնաց Թավրզում։ Միևնույն բանտում կալանավորված էր այդ ժամանակ Էջմիածնի, ռուսաց կուսակից Դանիել կաթողիկոսը։'''— Լեոն հենվելով «Փորձում» հրատարակված վավերագրերի վրա, այն միտքն է հայտնում, որ Դանիել կաթողիկոսը բանտարկված է եղել ո՛չ թե Թավրիզի, այլ Մարաղայի բանտում (տե՛ս Լեո, «Վե՞պ, թե՞ պատմություն», Շուշի 1887, էջ 90—91)։— '''Խմբ.'''</ref> Այդ վերջինը հետո թավրիզեցի Օհանես-աղայի երաշխավորությամբ ազատվեցավ։ Բայց Ռոստոմ-բեկը մնաց բանտում այնքան ժամանակ, մինչև Աբաս-Միրզան ռուսներից հաղթված և բարկացած վերադարձավ Թավրիզ։ Նա իսկույն տվեց քաջին դահիճների ձեռքը և հրամայեց գլխատել նրան։ Թավրիզի հայերը մեծ սուգով նրա մարմինը թաղեցին իրանց եկեղեցու բակում գտնված գերեզմանատնում և սովորեցրին իրանց զավակներին երգել մի երգ, որը ինքը երիտասարդը գրել էր բանտում եղած ժամանակ։<ref>'''...մարմինը թաղեցին իրենց եկեղեցու բակում գտնված գերեզմանատնում, և սովորեցրին իրենց զավակներին երգել մի երգ, որը ինքը երիտասարդը գրել էր բանտում եղած ժամանակ։'''— Րաֆֆու մեջ բերած Ռոստոմ բեկի՝ «Մունետիկն ի ձայն բարձր աղաղակե» սկսվածքով երգը առաջին անգամ տպագրվել է «Բազմավեպ» ամսագրում Գալուստ Շիրմազանյանի ուղարկած նյութերի հիման վրա (տե՛u «Բազմավեպ» 1847, № 3, էջ 40)։ Այնահետև այս երգը տեղ է գտել նաև Ոսկան Հովհաննիսյանի «Նոր քնար Հայաստանի» երգարանում (տե՛ս Մոսկվա, 1858, տետրակ Դ, էջ 110—111)։ Ինչպես «Բազմավեպում», այնպես էլ «Նոր քնար Հայաստանի» երգարանում, այդ երգի հեղինակությունը, ի տարբերություն Րաֆֆու, վերագրված է Դանիել կաթողիկոսին. այն դեպքում, երբ նա բանտարկված լինելով Մարաղայի բանտում (տե՛ս նախորդ ծանոթագրությունը), չէր կարող տեղեկություն ունենալ երգում արծարծվող խնդիրների հետ։ Այս երգը «Տաղ ի Ռոստոմ-Բեգ» վերնագրով տեղ է գտել նաև Մ. Միանսարյան «Քնար Հայկական» ժողովածուի մեջ, սակայն առանց հեղինակության (տե՛ս Ս. Պետերբուրգ, 1868, էջ 505)։— '''Խմբ.'''</ref> Երևում է, Ղարաբաղի հերոսը որքան հաջողակ էր զենք գործ ածելու մեջ, նույնքան հմուտ էր և բանաստեղծության մեջ։ Այժմ այդ երգը բոլորովին մոռացված է։ Վաղեմի տխուր հիշողությունները կրկին զարթեցնելու համար մենք կդնենք նրա ամբողջ օրինակը.
<poem>
Մունետիկն ի ձայն բարձր աղաղակէ,
Ժանտ դահիճն սուր ի ձեռին անյագ սրէ,
Վազեր հանգոյն զիմ կենաց թել կտրել խնդրէ,
Ի կախաղան և կամ ի սպանդ,— ո՞ւր զիս տանէ,
Քաղաքս համայն մահմեդական, աստ խուռն գան, զիմ մահ սգան,
Դառնագին լան զիս Աբովեան՝ քաջ ախոյեան։
Մի՞թէ չիք ոք աստ քրիստոնեայ, զիս փրկեսցէ
Յայս ամեհի և մահագոյժ վայրագ դահճէ։
Ընդէ՞ր զանմեղ արիւն թափել, յէ՞ր ցանկայ,
Նուիրական զենման իմոյ լերուք վկայ։
Սէր հայրենեաց ի թշնամեաց ձեռս մատնեաց,— ուրախ մեռայց,
Եվ դասեցայց ընդ դիցազանց իմոց նախնեաց։
Փշրանք մնացեալ իմ սիրելի հայոց ազգի,
Որք գտանիք ի ձեռս պարսից յայս քաղաքի,
Մի՛ մոռասջիք պատմել և զայս յորդւոց յորդի,
Թէ քաշն Ռոստոմ վասն հայրենեաց ի սպանդ վարի։
Թէպէտ ցաւիմ զի չմեռանիմ ի մարտ ընդդեմ թշնամեաց իմ,
Այլ յօժարիմ, զի զոհ լինիմ այսպես վսեմ։
Այս քաջ բազուկք յարեաց պարսից հսկայ հզօրս
Տապաստ արկին ի բազում նուագս հարիւրաւորս.
Ավա՜ղ, կնատ անգութ դահճի եղէ ես որս,
Պատմեսջի՛ք զայս վեհ դիւցացին՝ զառամեալ հօրս.
Քաջ նահատակ որդիդ միակ ի ձեռս վայրագ պարսից էանկ,
Իւր յաղթանակ մահ դժնդակ էառ պսակ։
Մեծդ յարեաց, արքայորդիդ Աբաս Միրզա,
Սուր ի ձեռին դահիճն հէգ առ ընթեր կայ,
Զիս թշնամիս քոյոյ ազգի պատրաստ ի մահ
Զիա՞րդ կամիս սպանանել՝ շու՛տ հրամայեա՛։
Միայն սգամ, զի կապեալ կամ. թե միւս անգամ հրացան, սուր իմ
Ի ձեռս ունիմ,— զբազուկս իմ ձեզ ցուցանեմ...
</poem>
Սիրելի որդո աղետալի վախճանից հետո, նրա ալևոր հայրը, Մելիք-Աբովը, երկար չապրեց։ Ծերունի հերոսի վերջին օրերը անցան ցավերով և տրտմությամբ...
Ահա ինչ է գրում նա Ս. Պետերբուրգ իր 1807 թ. նոյեմբերի 23-ի նամակի<ref>Այդ նամակի հայերեն բնագիրը մեր ձեռքում չունենալով, թարգմանված է ռուսերենից, որ տպված էր պ. Երիցյանի «Кавказская старина» ամսագրի համար 2, դեկտեմբեր ամսի 1872 թվի տետրակում։</ref> մեջ աղա Մինաս Լազարյանին, որին, Հովսեփ արքեպիսկոպոսի վախճանվելուց հետո, ստեպ դիմում էին Ղարաբաղի մելիքները, իրանց զանազան վշտերը հայտնելով.
«Իմ մատուցած մեծ ծառայությունները Ռուսաստանի սուրբ գահին և Շուշիում իմ ցույց տված քաջագործությունները, դեռ Զուբով զորավարի ժամանակից,— բոլորին հայտնի են։ Կարելի է որ ձեզ ևս անհայտ չէ, թե որպես հալածական արինք և ցրվեցինք երկրի երեսին Աղա-Մամադ-խանի ահարկու զորախումբը։ Այս պատճառով Հերակլ թագավորը, կամենալով մեզ (Ղարաբաղի մելիքներին) իրան օգնական ունենալ, երդումներով և թղթերով հավատացրեց մեզ, որ գայինք նրա մոտ, բնակվեինք նրա տերության մեջ և համարվեինք հավասար նրա առաջնակարգ թավադների ու կնյազների հետ։ Մենք եկանք։ Իր խոստման համեմատ թագավորը տվեց մեզ Բոլնիսը, իսկ իր պալատում մեզ տեղ նշանակեց իր բոլոր ավագներից բարձր։ Մեր մի այսպիսի դրությունը տևեց Հերակլի և Գիորգիի թագավորության ընթացքում։ Իսկ այժմ մենք զրկված ենք թե հողից, թե կալվածներից և թե հարգանքից. որովհետև ամենքը նեղացնում են մեզ, աշխատում են խլել մեզանից Բոլնիսը և պահանջում են տասներորդ մասը մեր հունձքերից։ Այդ բոլորը այն աստիճան անախորժ է մեզ, որ մենք այսուհետև ամենևին ցանկություն չունենք այլևս բնակվել այստեղ (Բոլնիսում)։ Երբ որ ես շինություններով և բնակիչներով ծաղկեցրի այդ գավառը, մաքրեցի նրան բոլոր թշնամիներից և վայրենիներից, ապա այնուհետև միայն հայտնվեցան զանազան տերեր, որոնցից մեկը տեր է կանգնում ջրանցքներին, մյուսը աշխատում է սեփականացնել իրան լեռները, երրորդը՝ հողը... Այդ բոլորից հետո, եթե Բոլնիսի բոլոր քարերը ոսկի դառնալու լինեն, այն ժամանակ ևս, հրաժարվելով կհրաժարվենք այդ երկրից։ Ոչ փող մնաց մեր քսակներում և ոչ համբերություն... մեր օրերը անց ենք կացնում ատենական տեղերի դռներում և ոչ մի տեղից օգնություն չենք գտնում...
Այդ բոլորի առիթով ես մատուցի հանուն կայսրի ամենախոնարհաբար խնդիր, որպեսզի ամենաողորմածաբար թույլատրվեր մեզ մեր ժողովրդի հետ տեղափոխվել մեր հայրենիքը՝ Ղարաբաղ, ապրելու և բնակություն հաստատելու այնտեղ։ Բոլորը, ինչ որ ես թղթի վրա խոստացել եմ ամենաողորմած Թագավորին, միևնույնը այժմյանից երդումով եմ կատարել հօգուտ արքունի գանձարանի։
Ո՛րքան մեծ է եղել իմ ծառայությունը իմ ամենաողորմած Թագավորին,— այդ մասին դեռ չգիտե բարձր կառավարությունը։ Այլևս ի՞նչ է մնում ինձ անել։ Ունեի ես անդրանիկ որդի — Ռոստոմ-բեկը, իմ ծերության զավակը և իմ նախնյաց ժառանգը և նրան ես զոհ բերեցի իմ ամենաողորմած և ինքնակալ Կայսրին... Ինչ որ ես գործել եմ և ինչ որ այժմ կատարում եմ, դրանից ավելին ոչ ոք կարող չէ անել։
Ես ունեմ մի կաթիլ արյուն, և այն ամեն րոպե պատրաստ է թափվելու իմ Թագավորի անվան համար։ Դրանից ավելի էլ ի՞նչ կարող եմ անել ես։
Իսկապես երևում է մի բան միայն, այն է, որ ես հայ եմ, և այդ պատճառով բոլոր գլխավոր հրամանատարները և զորավարները չարանում են ինձ վրա, իմ կատարած հաղթությունների և քաջագործությունների համար։ Իմ գործողությունների մասին նրանք չեն կամենում տեղեկություններ տալ ուր որ հարկն է, որովհետև ցանկանում են, nր ես հուսահատվեմ և տխրությունից մեռնեմ անհայտության մեջ։ Աստուծո օգնությամբը այդ չի լինի։ Մինչև գերեզման չմտնեմ, տխրությունը և հուսահատությունը չեն կարող վհատեցնել ինձ։ Ընդհակառակն, ես և այսուհետև նպատակ ունեմ կատարելու այնպիսի հաղթություններ, որ զարմացնեին բոլորին։ Իսկ գերեզման կմտնեմ իմ քաջագործությունների և արիությունների ժամանակ, երբեք չեմ մեռնի տկարների ու հիվանդների նման, որոնք հոգի են տալիս անկողնի մեջ»։
Հետո մի առ մի թվելով իր կատարած ծառայությունները Ռուսաստանին, ծերունի հերոսը ավելացնում է.
«Ես շատ անգամ խնդրել եմ կոմսին (Գուդովիչին), որ թույլ տա մեզ, Մելիք-Ջումշուդի նման տեղափոխվել մեր հայրենիքը՝ Ղարաբաղ։ Բայց նա չհոժարվեցավ, պատասխանելով, որ եթե մենք թողնելու լինենք այդ երկիրը (Վրաստանը), այն ժամանակ Բոլնիսը կոչնչանա, իսկ ախալցխացիները, լեզգիները և այլ վայրենիներն ու ավազակները կոչնչացնեն Թիֆլիսի շրջակա գյուղերը։ Բայց երբ որ մենք ասում ենք. որովհետև Հերակլ թագավորը շնորհել է մեզ Բոլնիսը իր բոլոր հողերով, ջրերով, անտառներով և այլ պատկանելիքներով,— ուրեմն խնդիրում ենք ձեզ, որ այդ բոլորը հաստատեք մեր անունով։ Այն ժամանակ կոմսը մեր պահանջներին պատասխանում է, ասելով, ես չեմ կարող ուրիշների կալվածները տալ ձեզ, և դրա նման խոսքեր։ Ես չեմ կամենում ձանձրացնել ձեզ բոլոր մանրամասնություններով...»։
Վերջացնում է նամակը, խնդրելով Լազարյանի միջնորդությունը Կայսրի մոտ, իր առաջարկած մի քանի պահանջների մասին, որոնց մեջ դառնացած ծերունին առանձին կերպով շեշտում է, որ թույլ տրվի իրան իր հպատակների հետ վերադառնալ Ղարաբաղ։
Մեր ընթերցողներին հայտնի է, որ Պողոս I կայսրի բարձրագույն հրովարտակի համեմատ, վրաց Գիորգի իշխանը իր առանձին հրովարտակներով Բոլնիսի գավառը շնորհեց Մելիք-Աբովին, իսկ Լոռիի գավառը շնորհեց Մելիք-Ջումշուդին, որոնց մեջ նրանք առանձին արտոնություններով գաղթականություն էին հիմնել դեռ Հերակլ իշխանի օրերում (տե՛ս գլ. XXXVI)։ Մելիք-Ջումշուդը, որպես հետո կտեսնենք, նկատելով Գիորգիի մահից հետո Վրաստանում տեղի ունեցած անախորժ հանգամանքները, և մելիքների հարաբերությունների տեղային ռուս պաշտոնակալների հետ աննպաստ կերպարանք ստանալը, վշտացավ, և վաճառելով Լոռին ռուսաց կառավարությանը, իր հպատակների հետ վերադարձավ Ղարաբաղ։ Նույնը, նույն հանգամանքների պատճառով, կամենում էր անել Մելիք-Աբովը։ Բայց նրան արգելում էին, որովհետև վրացիները այժմ մելիքների մեջ շատ պետքեր չունեին...
Որքան էլ մեծ լիներ Մելիք-Աբովի ցանկությունը իր հայրենիքը տեսնելու, իր ժողովրդի հետ իր նախահարց հողի վրա ապրելու, այսուամենայնիվ, իր բաղձանքին հասնել չկարողացավ նա։
Հետզհետե նրա հարաբերությունները վրաց ազնվականների հետ, Բnլնիuի և այլ կալվածական խնդիրների պատճառով, ավելի և ավելի թշնամական կերպարանք ստացան։ Եվ որպես պատմում են, մի հրավերքի մեջ, Թիֆլիսում, թունավորված լոբին կարճատև հիվանդությունից հետո նրան գերեզման տարավ (1808) նույն հրավերքի մեջ թունավորվելով մեռավ նրա քարտուղարը՝ Միրզա-Իսաբախշը։
Մելիք-Աբովի մահից հետո հաջորդության մասին երկպառակություններ ծագեցան Մելիք-Բեգլարյանների տոհմի մեջ։ Հանգուցյալի անդրանիկ որդին՝ Ռոստոմ-բեկը, որը մելիքների սովորությամբ պետք է հաջորդեր նրան, որպես տեսանք, Թավրիզում մահվան դատապարտվեցավ։ Նրա մյուս երկու որդիները՝ Մանաս-բեկը Սայի-բեկը, դեռ բավական երիտասարդ էին։ Տոհմի մեջ նշանավոր մնում էր հանգուցյալի եղբորորդի<ref>Մելիք-Ֆրեյդունը Մելիք-Բեգլար II-ի որդին էր։</ref> Ֆրեյդունը, որը շատ խելացի և քաջ տղամարդ էր, և դեռ Մելիք-Աբովի կենդանության ժամանակ հայտնի էր իր արժանավորություններով։ Նա Ղարաբաղի մելիքների կողմից Ս. Պետերբուրգ ուղարկված (1799) պատգամավորներից մեկն էր, որը ներկայացավ Պողոս I կայսրին և արժանացավ նրա ամենաողորմած շնորհներին (տե՛ս գլ. XXXVI)։
Ամենի ցանկությունն այն էր, որ Մելիք-Աբովի հաջորդը լինի Ֆրեյդունը, և նա ընտրվեցավ, բայց նրա իշխանությունը կարճատև եղավ։ Նա գրգռեց իր եղբոր՝ Սամի նախանձը, որը սաստիկ կատաղի մարդ էր։ Մի անգամ տաք վիճաբանության ժամանակ Սամը հարձակվեցավ Ֆրեյդունի վրա և խենջարով այնպիսի սաստիկ զարկավ նրա գլխին, որ սպանեց հարազատ եղբորր (1808)։ Այդ ցավալի անցքից հետո եղբայրասպանը ատելի դարձավ իր տոհմի մեջ և չհասավ այն փառքին, որին ձգտում էր։ Մելիք-Ֆրեյդունի<ref>Մելիք-Ֆրեյդունը թողեց վեց որդի՝ Մելիք-Հովսեփ, Շամիրխան, Դավիթ, որ տեղափոխվեցավ Հնդկաստան, Թալիշ, Թեյմուրազ և Բեգլար։</ref> փոխարեն հաջորդ ընտրվեցավ հանգուցյալ Մելիք-Աբովի որդի Մանաս-բեկը։
Այդ վերջինի ժամանակներում մելիքների նշանակությունը Վրաստանում բավական ընկավ։ Հակառակ Պողոս I Կայսրի բարձրագույն շնորհված արտոնությունների, հակառակ այն իրավունքների, որ նրանք վայելում էին Հերակլ և Գիորգի իշխանների օրերից,— այժմ սկսեցին փոքր առ փոքր սահմանափակել նրանց իրավունքները, իսկ հետո աշխատում էին իսպառ ոչնչացնել։
Այդ բոլորի պատճառը էր այն ժամանակվա ռուս կառավարիչների կամայականությունը, որի դեմ սաստիկ բողոքում էին մելիքները, շատ անգամ դիմելով ռուսաց բարձր կառավարությանը։ Երբ Մելիք-Աբովի և Մելիք-Ֆրեյդունի մահից հետո Մանաս-բեկը դիմեց գլխավոր հրամանատար գեներալ Տորմասովին, խնդրելով, որ հաստատեն իրան ժառանգական տիրապետողի իրավունքներով Բոլնիսի բնակիչների վրա, նրան բոլորովին մերժեցին, պատասխանելով, թե ոչ Բոլնիսը և ոչ այդ գավառի բնակիչները ոչ ոքին չեն պատկանում, բացի թագավորից։ Եվ մինչև անգամ հրամայվեցավ կալանավորել Մանաս-բեկին, պահել Թիֆլիսում խիստ հսկողության ներքո, որ նա Բոլնիսի բնակիչների մեջ այլևս վրդովմունք չհարուցանե։
Հայտնի է, որ Բոլնիսը բնակեցրած էր ղարաբաղցի գաղթականներով, որոնք Մելիք-Բեգլարյանների հպատակներն էին և տեղափոխված էին նրանց հայրենի Գյուլիստան գավառից։ Այն ևս հայտնի է, որ Բոլնիսը շնորհվեցավ որպես մշտական սեփականություն Մելիք-Բեգլարյաններին իրանց հպատակների հետ բնակվելու համար։ Վրաստանում այդ ժամանակ տիրում էր ճորտատիրության իրավունքը։ Թեև մելիքները Վրաստան գաղթելով չկամեցան իրանց հպատակների վերաբերությամբ ընդունել ճորտության իրավունքներ, այսուամենայնիվ, նրանք պահպանեցին տիրապետողի և հպատակի իրավունքները, այն ձևերի մեջ, որպես վաղուց սովորական էին Ղարաբաղում։ Երբ այդ իրավունքներից ևս կամենում էին զրկել նրանց, այնուհետև ուրիշ ոչինչ չէր մնում, բայց միայն թողնել Վրաստանը և կրկին տեղափոխվել Ղարաբաղ։
Այդ էր պատճառը, որ Մելիք-Բեգլարյանների ժառանգները և նրանց հպատակները, երկու վերջին նշանավոր իշխողների, Մելիք-Աբովի և Մելիք-Ֆրեյդունի մահից հետո սկսեցին հետզհետե թողնել Վրաստանը և տեղափոխվել Ղարաբաղ<ref>Մելիք-Բեգլարյանների տոհմը Ղարաբաղի մյուս տիրապետող մելիքների մեջ կարելի է առաջինը համարել, որ կարողացավ պահպանել մինչև վերջին ժամանակները իր հայրենի ժառանգության եթե ոչ ամբողջը, այլ նրա մեծ մասը։ Այժմ Գյուլիստանի գավառում այդ տոհմի ներկայացուցիչների ձեռքում մնացել են 18 գյուղեր, որ գտնվում են ավելի քան հարյուր հազար դեսյատին հողի տարածության վրա։ Գյուղերը բոլորը հայաբնակ են, մեկը միայն բնակեցրած է մալականներով։</ref>։ Նրանք մնացին Վրաստանում մոտավորապես տասներկու տարի (1797—1809)։ Մելիք-Բեգլարյանների բացակայության ժամանակում նրանց գյուղերը, կալվածները, մի խոսքով, ամբողջ Գյուլիստանի գավառը, որ այդ տոհմի հայրենական ժառանգությանն էր, անցել էր Իբրահիմ-խանի ձեռքը։ Բայց Մելիք-Բեգլարյանները կրկին հետ խլեցին խանից բոլորը և իրանց հայրենի երկրի տերը դարձան<ref>Ժողովրդի ամենափոքր մասը միայն մնաց Վրաստանում, որը գաղթեց 1812 թվին դարձյալ դեպի Ղարաբաղ։</ref>։
===XL===
Ղարաբաղի հայոց գաղթականությունը Վրասաանում<ref>Թեև մենք անդադար գործ ենք ածում Վրաստան բառը, բայց այն գավառները, որպես էին Բոլնիսը, Լոռին, Բորչալուն, որ տվել էին հայ գաղթականներին բնակության համար, իսկապես հայկական կավառներ էին։</ref> բախտավոր լինել չկարողացավ։ Դրա պատճառները այնքան մթին են, որ այժմ անհարմար կլիներ ամբողջությամբ երևան հանել։ Թե մելիքները և թե նրանց ժողովուրդը շատ դժբախտությունների հանդիպեցան։ Ժանտախտը, որի պատճառով նրանք ցիրուցան եղան և եկան Վրաստան, այստեղ ևս հայտնվելով, շատ զոհեր տարավ։
Մելիքներից ավելի խելացի գտնվեցավ Մելիք-Շահնազարյան Մեիիք-Ջումշուդը։ Հերակլի և Գիորգիի մահից հետո, զզվելով տեղային անախորժ հանգամանքներից, կամեցավ Լոռին վաճառել և կրկին տեղափոխվել Ղարաբաղ, իր հայրենի երկիրը՝ Վարանդա։
Նույն ժամանակվա Վրաստանի լեռնային մասի կառավարիչ կոմս Մուսին-Պուշկինը օգտավետ համարեց գնել Մելիք-Ջումշուդից Լոռին, գնահատելով այդ երկիրը 6000 ռուբլով։ Դրա հակառակ, նույն ժամանակվա գլխավոր հրամանատար իշխան Ցիցիանովը (վրացի) զանազան պատճառներ բերելով, կամենում էր ցույց տալ, որ Լոռին Մելիք-Ջումշուդի սեփականությունը չէ, և վաճառելու իրավունք չունի։ Բայց Ս. Պետերբուրգում արդեն գիտեին իշխան Ցիցիանովի անհամակրությունը դեպի հայոց մելիքները, որը արտահայտել էր նա շատ դեպքերի մեջ<ref>Նույն կոմս Մուսին-Պուշկինը իր 1802 ամի 9 սեպտեմբերի առաջադրությամբ խնդրեց թագավոր կայսրից պարգևատրել Մելիք-Ջումշուդին նրա ռուսաց կառավարությանը ցույց տված ծառայությունների համար ոսկյա թրով։ Իսկ իշ. Ցիցիանովը դրա հակառակ իր 1804 թվի 20 հունվարի զեկուցումով հաղորդեց, որ մի այդպիսի պարգևատրություն հայոց մելիքին կարող էր վիրավորել վրաց իշխաններին, և ամեն մի համեմատություն հայ իշխանների վրաց իշխանների հետ, վերջինների համար վիրավորական պետք է համարել։<br>Իր 1804 30 դեկտեմբերի հաղորդագրության մեջ, ի թիվս այլոց, գրում է իշ. Ցիցիանովը թագավորին. «Իբրահիմ-խանը (Շուշի բերդի) ուներ մինչև 60 000 տուն միայն Ղարաբաղի հայեր, որոնք կառավարվում էին հինգ նշանավոր մելիքներով, որոնցից ոմանք, որպես ես մտածում եմ, '''հիմարաբար''' իրանց ծագումը դուրս են բերում հին Հայաստանի թագավորներից...»</ref>։ Այդ էր պատճառը, որ իշխանի կարծիքներին Ս. Պետերբուրգում չհամաձայնվեցան, և ֆինանսական մինիստրի 1805 թ. 22 մայիսի կարգադրությամբ իրավունք տրվեցավ Մելիք-Ջոլմշուդին Լոռին վաճառելու, և տեղային կառավարությանը հրամայվեցավ կալվածագիրը հաստատելու։
Իհարկե, եթե մի քանի տարի ևս ուշացնելու լիներ Մելիք-Ջումշուդը, նա ամեն բանից կզրկվեր, որպես Մելիք-Աբովի ժառանգները զրկվեցան Բոլնիսից։ Բայց Լոռին վաճառելուց հետո նույն տարվա մեջ (1805) Մելիք-Ջումշուդը թողեց Վրաստանը և իր հպատակների հետ տեղափոխվեցավ Ղարաբաղ, իր հայրենի գավառը՝ Վարանդա։
Այդ քաջ, միևնույն ժամանակ խելացի պատերազմողը շատ նպաստեց ռուսաց տիրապետության տարածվելուն Անդրկովկասում։ Դեռ 1803 թվի դեկտեմբեր ամսում, երբ իշ. Ցիցիանովը պաշարեց Գանձակը, Մելիք-Ջումշուդը իր սեփական ձիավորներից կազմված հայկական գունդով կանգնած էր այդ բերդի պարիսպների մոտ։ Նրա զորքերի թվում գտնվում էին Թիֆլիսի հայոց առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոսը և Ներսես վարդապետը, որը վերջը հայոց անմոռանալի Ներսես Ե-րդ կաթողիկոսը դարձավ։ Այդ եռանդոտ եկեղեցականը, իր հայրենիքը պարսից լծից ազատելու համար, մասնակցում էր իշ. Ցիցիանովի աշխատանքներին, որպես Երկայնաբազուկ-Արղության Հովսեփ արքեպիսկոպոսը մի ժամանակ մասնակցում էր կոմս Զուբովի արշավանքներին։ Բերդի պաշարումը երկար տևեց։ Ջավադ-խանը, որը արդեն ծանոթ է մեր ընթերցողներին, քաջությամբ պաշտպանվում էր։ Վերջը, 1804 3 հունվարի, ռուսաց և հայոց զորքերը, սաստիկ հարձակում գործելով, պարսպի մի մասը խորտակում են և ներս են մտնում։ Բերդի մեջ մի քանի ժամ շարունակվում էր կռիվը և կոտորածը, որը դադարեց այն ժամանակ, երբ Ջավադ-խանը սուրը ձեռքում իր որդիների հետ ընկան։
Այնուհետև Մելիք-Ջումշուդը մյուս մելիքների հետ իրանց զորքերով մասնակցեցին իշ. Ցիցանովի շիրվանյան և երևանյան արշավանքներին, և ոչ սակավ ծառայություններ ցույց տվին։
Մելիք-Ջումշուդի խորհրդով և աշխատությամբ Գանձակի բերդը գրավելուց հետո Շուշի բերդի Իբրահիմ-խանը, Ղարաբաղի մելիքների վաղեմի թշնամին, բոլորովին առանց պատերազմի ընդունեց ռուսաց հպատակությունը (1805)։
Իսկ երբ մի քանի ամսից հետո (1806, 8 փետ.) իշ. Ցիցիանովը սպանվեցավ Բաքվի Հուսեին-Կուլի-խանի դավադրությամբ<ref>Իշխան Ցիցիանովի սպանման մանրամասները հայտնի են Անդրկովկասի պատմության մեջ, բայց մեզ, հայերիս համար, հետաքրքիր է այն, որ Բաքվի ամբողջ հայ հասարակությունը պետք է ռուսաց գլխավոր հրամանատարի վիճակին ենթարկվեր, եթե մի բարեսիրտ պարսիկ չազատեր նրանց։ Դեռ Ցիցիանովը Բաքվին չհասած, տեղային հայերը ցույց տվին ռուսներին սաստիկ համակրություն և աջակցություն այդ բերդը տիրելու համար։ Բացի դրանից, մի հայ, որ ավելի մոտ էր Հուսեին-Կուլի-խանին և տեղյակ նրա չար դիտավորություններին, իր գաղտնի նամակով առաջուց իմացում տվեց իշխանին, որ զգուշանա, որովհետև նրա դեմ դավադրություն կա։ Իշ. Ցիցիանովը նրա նախազգուշության վրա ուշադրություն չդարձրեց և պատժվեցավ։ Այնուհետև խանը կամեցավ պատժել Բաքվի ամբողջ հայ հասարակությանը, նրանց ռուսներին ցույց տված համակրության համար։ նա խորհրդակցեց քաղաքի մահմեդականների նշանավորների հետ և ստացավ նրանց հավանությունը բոլոր հայերին կոտորելու։ Այդ մտքով խանը հրամայեց հայերին հավաքեցին եկեղեցիների մեջ։ Բայց մի պարսիկ հաջի, որը խոհեմ և բարեսիրտ մարդ էր, շտապում է խանի մոտ և, ցույց տալով նրա բարբարոսության վատ հետևանքները, կարողանում է ամոքել նրա բարկությունը և ազատում է հայերի կյանքը։ Այնուհետև Բաքվի հայերը միշտ մեծ հարգանքով և երախտագիտությամբ են վերաբերվել դեպի այդ մարդու տունը։</ref>, այդ քաղաքը ներս մտնելու միջոցին,— նույն ժամանակ, հենց որ ռուսաց զորքերի գլխավոր հրամանատարի մահվան լուրը տարածվեցավ, Անդրկովկասի ամբողջ մահմեդական ժողովրդաբնակությունը մեծ հուզմունքի մեջ ընկավ, համարյա ամեն տեղ սկսեցին ապստամբական ցույցեր անել։
Այդ Ժամանակ պարսից զորքերը գտնվում էին Երասխ գետի աջ ափերի վրա, պարսից թագաժառանգ Աբաս-Միրզայի անձնական հրամանատարության ներքո։
Նույն ժամանակ Շուշի բերդի Իբրահիմ-խանը, չնայելով, որ մի քանի ամիս առաջ հպատակության երդում էր ավել ռուսաց կառավարությանը, հենց որ լսեց իշ. Ցիցիանովի մահը, կրկին դավաճանեց իր երդմանը։ Նա գաղտնի կերպով ուղարկեց իր եղբայր Մամադ-Հասան-աղային Աբաս-Միրզայի մոտ և, հայտնելով նրան երկրի թափուր դրությունը ռուսաց դիրքերից, այլև մահմեդականների կատաղությունը ռուսների դեմ, հրավիրեց նրան փութով անցնել Երասխը, խոստանալով, թե ինքն էլ կմիանա պարսից զորքերի հետ և կառաջնորդե նրանց ռուսներին ջարդելու։
Աբաս-Միրզան զորքերի ահագին բազմությամբ անցավ Երասխը և մոտեցավ Շուշի բերդին։ Այնտեղ գտնվում էին մի քանի հարյուր ռուս սալդատներ միայն, փոքրաթիվ կոզակների հետ, պոդպոլկովնիկ Լիսանևիչի հրամանի ներքո, որը հայտնի էր տեղացիներին անունովս ղալի-մայոր, որ նշանակում է գիժ մայոր։
Աբաս-Միրզայի բանակը արդեն դրած էր Շոշի գյուղի<ref>Շոշի համաբնակ գյուղը գտնվում էր մոտավորապես երեք վերստ հեռավորության վրա Շուշի բերդից։</ref> մոտ գտնված լեռան բարձրավանդակի վրա և այնտեղից պատրաստելում էր ռմբակոծել Շուշի բերդը։ Այդ միջոցին Իբրահիմ-խանը, իր հետ առնելով իր ընտանիքը, որ բաղկացած էր 24 հոգուց, գիշերով ծածուկ դուրս եկավ բերդից և կամենում էր դիմել դեպի Աբաս-Միրզայի բանակը։ Ոչ ոք չկարողացավ նկատել այդ, բացի Մելիք-Ջումշուդից, որին առաջուց հայտնի էին խանի դիտավորությունները։ Մելիք-Ջումշուդն այդ ժամանակ իր հեծելախմբով գտնվում էր բերդի մեջ։ Նա անմիջապես իմացում տվեց պոդպոլկովնիկ Լիսանևիչին և, երկուսը միասին, վեր առնելով իրանց հետ մի խումբ ձիավորներ, փութով հետամուտ եղան Իբրահիմ-խանին։ Նրան բռնեցին կես ճանապարհի վրա։ Խնայեցին կնիկներին և երեխաներին միայն, իսկ Իբրահիմ-խանին և նրա հետ եղող բոլոր ազգականներին կոտորեցին<ref>Իբրահիմ-խանի որդի Մեհտի-խանը հիվանդության պատճառով չկարողացավ հետևել հորը, մնաց Շուշի բերդում և այսպիսով ազատվեցավ կոտորածից։ Ռուսները հետո դրան նշանակեցին Իբրահիմ-խանի տեղը։</ref> (1806, մայիս ամսում)։
Ղարաբաղի հայոց իշխանությունների կործանողը uպանվեցավ։ Մելիք-Ջումշուդը առեց ոչ միայն իր, այլ բոլոր մելիքների վրեժը Իբրահիմ-խանից։ Նրա հայրը՝ Մելիք-Շահնազարը, բարձրացրեց այդ գազանին, և բոլոր ղարաբաղցիների անեծքի ու նախատինքի առարկան դարձավ։ Իսկ անպիտան հոր պիտանի որդին քավեց հոր մեղքերը... Բայց, արդեն շատ ուշ էր... Իբրահիմ-խանի մահը չէր կարող բժշկել այն վերքերը, որ ստացել էին Ղարաբաղի մելիքները Շուշի բերդի խաներից...
Այս բոլոր ծառայությունների համար Մելիք-Ջումշուդը ստացավ պոլկովնիկի աստիճան։
Ահա ինչ է գրում Մելիք-Ջումշուդը իր 1806 ամի 2 դեկտեմբերի նամակի մեջ Ս. Պետերբուրգ աղա Մինաս Լազարյանին.
«Թեև դրանից առաջ մի քանի անգամ պատասխանել եմ ձեր նամակներին, բայց որովհետև չգիտեմ, արդյոք հասնո՞ւմ են նրանք ձեր ձեռքը, այղ պատճառով հարկավոր եմ համարում նորից պատասխանել ձեր բոլոր հարցերին։
Նախ, դուք դժգոհ եք այն մասին, թե ինչո՞ւ մեր (մելիքների) անունները չեն հիշվում վրաց կնյազների անունների թվում, որոնք նշանավոր են գտնվել զանազան կռիվներում։
Այդ առարկայի մասին թեև ես ինքս վշտացած եմ, բայց դարձյալ կասեմ, որ մենք՝ '''Խամսայի''' մելիքներս, ավելի, քան թե նրանք (վրաց իշխանները) գերազանցել ենք պատերազմների մեջ և պետք է արժանի լինենք ավելի բարձր պարգևների ու շնորհների,— բայց հանգուցյալ իշխան Ցիցիանովի սրտում արմատացած ատելությունը դեպի հայոց ժողովուրդը (թեև Վրաստանում ծնված հայերին նա վրացիներ էր համարում) թույլ չէր տալիս նրան հասցնել ի տեղեկություն ամենաողորմած Թագավորի մեր կատարած ամենադժվարին ծառայությունները և այն քաջությունները, որ մենք ցույց տվինք Գանձակի գրավման ժամանակ, այլև Շիրվանի ու Երևանի արշավանքների միջոցներում։ Այնտեղ իշխանը (Ցիցիանովը) տեսնելով ինձ իմ գեղեցիկ կերպով կազմակերպած զորքերի հետ, որ ծառայում էին ռուսաց կառավարությանը առանց որևէ շահի (ձրի, առանց ռոճիկ ստանալու), խոստացավ աղերսամատույց լինել ինձ համար Կայսրից '''դրոշակ''' բերել տալու, որը, կարելի է, ես կստանայի, եթե չպատահեր իշխանի հետ մի այնպիսի դժբախտություն (Բաքվի մեջ սպանվելը)։
Իշխան Ցիցիանովի մահից հետո ես գտնվելով այստեղ (Թիֆլիսում) և տեղյակ լինելով պարսիկների բոլոր չար դիտավորություններին,— և որպեսզի կարելի լինի հաստատել Ռուսաստանի տիրապետությունը Ղարաբաղի նոր գրաված երկրի վրա,— գրավոր կերպով բացատրեցի իմ մի քանի խորհրդածությունները գեներալ-մայոր Նեսվետաևին, իսկ ես ինքս անձամբ գնացի Շուշի բերդը և միացա ռուսաց զորքերի հետ։
Երբ որ պարսիկները լսեցին իշխան Ցիցիանովի մահվան լուրը, իսկույն Բաբա-խանի<ref>Բաբա-խան կամ Բաբա-խան-շահ կոչում էին պարսից Ֆաթալի շահին։</ref> որդի Աբաս-Միրզայի առաջնորդությամբ նրանց բազմաթիվ զորքերը թափվեցան Ղարաբաղի վրա, և միանալով տեղային թաթառների հետ, կամենում էին կոտորել ռուսաց ամբողջ զորքերը և այն բոլոր հայերին, որ գտնվում էին բերդում (Շուշում)։ Այդ մտքի հետ համաձայն էր և Շուշիի տիրապետող Իբրահիմ-խանը և այդ պատճառով էլ ստացավ իր արժանավոր պատիժը (սպանվեցավ)։
Միևնույն ժամանակ գեներալ-մայոր Նեսվետաևին հաճո թվեցան իմ գրավոր առաջարկությունները, և նա իմ խորհրդով ուղարկեց տրոիցկի զորագունդը՝ Ղարաբաղ, հօգնություն այնտեղ գտնված ռուսաց զորքերի։ Հիշյալ զորագունդը, Գանձակից անցկենալու միջոցին, առեց իր հետ պոլկովնիկ Կարյագինին նրա զորքերի հետ, և շտապեց մեզ մոտ (Շուշի) օգնություն հասնելու։ Բայց դեռ ճանապարհի վրա գտնված ժամանակ նրանք գրեցին ինձ, օր իմ ձիավորների խումբով դուրս գամ նրանց առաջ։ Թողնելով իմ զորքերից բավականաչափ թվով բերդի (Շուշիի) պահպանության համար, ես վեր առի իմ ձիավորների մի մասը և գնացի միացա նրանց հետ, իսկ երեք օրից հետո մենք ամենքս միասին կռվում էինք և Ամենաբարձրյալի օգնությամբ կատարելապես հաղթեցինք մեր թշնամիներին (պարսիկներին) և նրանց հալածեցինք մի այնպիսի արագությամբ, որ (Աբաս-Միրզայի) 20 000-ի չափ հեծելազորքը սարսափելի երկյուղով անցավ Երասխի մյուս կողմը։
Գեներալ-մայոր Նեբոլսինը, միևնույն տրոիցկի զորագունդի շեֆը, և պոլկովնիկ Կարյագինը, եգերյան զորագունդի շեֆը, տեսան ինձ կռվելու ժամանակ, տեսան իմ և իմ զորքերի քաջությունները, վերջապես տեսան իմ հավատարմությունը, որովհետև հացի պակասության ժամանակ ես մատակարարեցի պաշար ռուսաց զորքերին և ցույց տվի նրանց բազմաթիվ ծառայություններ, այդ բոլորը խիստ հաճելի թվեցան նրանց, և այդ պատճառով, հաղորդագրելով իմ մատուցած բոլոր ծառայությունների մասին, նրանք խնդրեցին գեներալ-մայոր Նեսվետաևից, որ նա հասցնե ի տեղեկություն մեր ամենաողորամած Թագավորին։ Բայց դժբախտաբար, և ինձ անհայտ պատճառներով, նա (Նեսվետաևը) չներկայացրեց։
Իսկ երբ որ ես եկա այստեղ (Թիֆլիս), այն ժամանակ խնդիր մատուցի նորին պայծառափայլության կոմս Ի. Վ. Գուդովիչին, որը, հույս ունեմ, այն սիրո համար, որ ունի դեպի ձեզ և դեպի մեր ժողովուրդը (որին նա խնամք է ցույց տալիս), կվարձատրե ինձ այն ամենի համար, ինչ որ ես մինչև այսօր կատարել եմ, իհարկե, ևս զրկված չեմ լինի այդ դեպքում Ամենաբարձրալի օգնությունից և ձեր ողորմածությունից։
Երկրորդ, դուք գրում եք, թե ինչո՞ւ մենք չենք կազմակերպում կանոնավոր զորագունդեր։ Դուք հավատացած եղեք, օր մենք հեշտությամբ կարող էինք անել այդ, և այն ևս առանց ուրիշի օգնության, եթե մենք այժմ տեր լինեինք մեր առաջվա հարստության և ժողովրդին, որը, սովի և ժանտախտի պատճառով, ցրիվ եկավ դեպի Շիրվան և Վրաստան։ Իմ հայրը (Մելիք-Շահնազարը) և մեր նախնիքը միշտ պահվում էին իրանց մոտ այնպիսի զորագունդեր, որոնց կազմակերպելը դուք ինձանից պահանջում էք։ Բայց այն ժամանակ նրանք տիրում էին ամբողջ Ղարաբաղի վրա, և բոլոր հայերն ու թուրքերը նրանց հպատակներն էին։ Ուրեմն. եթե դուք ցանկանում եք, որ հայոց ժողովուրդը ազատվեր բարբարոսների (թաթառների) բռնակալությունից,— եթե ցանկանում եք, որ բոլորը (գաղթածները) կրկին վերադառնային դեպի իրանց հայրենիքը, պահպանեին կանոնավոր զորագունդեր և լավ ծառայություններ մատուցանեին մեր ամենաողորմած Թագավորին,— պետք է որ դուք միջնորդեք, 1-ին, որ հրամայեին մեր ցրիվ եկած ամբողջ ժողովրդին, որոնք գտնվում են Շիրվանում և Վրաստանում, որ նրանք կրկին վերադառնային իրանց հայրենիքը (Ղարաբաղ)։ 2-րդ, որ նրանք ազատ լինեին բոլոր հարկերից և տուրքերից երեք տարի ժամանակով։ Իսկ 3-րդը այն է, որ մեր հայերը չլինեին թուրքերի իշխանության ներքո, որովհետև դրանք չեն կարող միշտ հավատարիմ մնալ մեր քրիստոսապսակ Թագավորի կառավարությանը<ref>Ռուսները Ղարաբաղի մելիքների ջանքերով տիրելով Ղարաբաղին, նույն մելիքների վաղեմի թշնամի Իբրահիմ-խանին թողեցին որպես այդ երկրի գլխավոր կառավարիչ։ Իբրահիմ-խանը դավաճանեց ռուսներին և սպանվեցավ։ Նրա տեղը նշանակեցին դավաճանի մեծ որդի Մեհտի-խանին, ավելի ընդարձակ իրավունքներով. դա ևս ավելի մեծ դավաճանություն գործեց. 1822 թվին Ղարաբաղից փախավ Պարսկաստան և, պարսից զորքերի հետ վերադառնալով, սկսեց պատերազմել ռուսների հետ։ Անհասկանալի է, թե նույն ժամանակվա ռուսաց պաշտոնակալները ի՞նչ էին գտնում այդ նենգավոր խաների մեջ, որ նրանց գերադասում էին հայոց մելիքներից, որոնք ամենայն զոհաբերությամբ անձնատուր էին եղած Ռուսաստանին։</ref>, այլ, ընդհակառակն, աշխատում են օրըստօրե ուժաթափ անել հայոց ժողովուրդը, որպեսզի դյուրությամբ կարողանան կատարել իրանց լար դիտավորությունները։ 4-րդ, որ նշանակեին մեզ համար մի գումար, որով մենք կարողանայինք պատրաստել հարկավոր եղած զենքերը այն զորագունդերի համար, որ պետք է կազմակերպել, որպեսզի միշտ առանց որևիցե պակասության պատրաստ լինեին պատերազմ գնալու ռուսաց զորքերի հետ։
Եթե մեր ամենաողորմած Թագավորը ցույց կտա մեզ այսպիսի գթածություն, այն ժամանակ դրանով Նա իրականապես կվերանորոգե հայերի ուժերը և կհարկադրե նրանց ամեն կողմից դիմել Նորին Կայսերական Մեծության քաղցր հովանավորության ներքո։
Ես հարկավոր չեմ համարում այդ մասին երկար ձանձրացնել ձեզ իմ խնդիրքներով, որովհետև դուք հազար անգամ ավելի, քան թե ես, աշխատում եք հայոց ժողովրդի ծաղկելու համար, և գիշեր ու ցերեկ չեք դադարում այդ մասին հոգ տանելուց։ Դրա համար ես հուսով եմ, որ առանց իմ խնդրելու, դուք եռանդով կաշխատեք այդ գործի ի կատար ածելու համար, որով կթողնեք ձեզանից հետո հավիտենական հիշատակ, ձեր մի այսպիսի բարեգործության համար...»։
Ստորագրված է Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյան<ref>Թե այս նամակը և թե հետևյալը, որից քաղվածքներ ենք անում, թարգմանված են պ. Երիցյանի («Кавказская старина» ամսագրի № 2, 1872 թվի տետրակից։</ref>.
1806 թվին, Ղարաբաղի տիրապետող հինգ մելիքները<ref>Այդ նամակին ստորագրել են 1. '''Վարանդայի''' տիրապետող պոդպոլկովնիկ Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյան։ 2. '''Ջրաբերդի''' տիրապետող Մելիք-Արամ Մելիք-Մեջլումյան։ 3. '''Գյուլիստանի''' տիրապետող Մելիք-Բաղիր (հանգուցյալ Մելիք-Ֆրեյդունի եղբայրը) և Մելիք-Աբով Մելիք-Բեգլարյան։ 4. '''Խաչենի''' տիրապետող Մելիք-Ալլահվերդի Մելիք-Միրզախանյան։ 5. '''Տիզակի''' տիրապետող Մելիք-Ղահրաման Նելիք-Ավանյան։</ref>, բոլորը միասին, համարյա միևնույն բովանդակությամբ նամակ են գրում աղա Մինաս Լազարյանին Ս. Պետերբուրգ։ Այդ նամակի մեջ մելիքները դարձյալ արտահայտում են միևնույն գանգատները, թե նրանց մատուցած ծառայությունները ոչ միայն չեն գնահատվում, այլ մինչև անգամ հարկավոր չեն համարում հաղորդել ի տեղեկություն թագավոր կայսրի և այլն։
«Դուք (Լազարյանը) ասում եք, թե ափսոսում եք և միանգամայն զարմանում եք, որ մեր անունները և մեր մատուցած ծառայությունները ոչ մի տեղ չեն հիշատակվում, և թե մեր աշխատությունները իզուր կորչում են։ Այդ հարցին մենք պատասխանում ենք, թե ահա հենց դրա մեջն է կայանում մեր ցավն ու դժբախտությունը. Որովհետև մենք մինչև մեր արյան վերջին կաթիլը չենք խնայում մեր անձը ռուսաց հայրենիքի համար և միշտ աշխատում ենք, որ մեր ամեն հավատարիմ հպատակության զգացմունքները հասնեին մինչև նորին Կայսերական մեծության ամևնեողորմած գահը, բայց ի՜նչ օգուտ, որ այդ բոլորը մնում է ծածկված վարագույրի տակ...»։
Հետո իրանց նամակում ի միջի այլոց մելիքները խնդրում են. 1-ին, որ թույլ տրվի նրանց հավաքել իրանց զանազան երկրներում ցրիվ եկած ժողովուրդը Ղարաբաղում, իրանց՝ մելիքների կառավարության ներքո. 2-րդ, որ նրանք ազատ լինեին խանի իշխանությունից և նրանց ժողովուրդը բաժանված լիներ թուրքերից, և խանի փոխարեն նշանակված լիներ մի ռուս աստիճանավոր, 3-րդ, որ մելիքներին տրվեր, որպես առաջուց խոստացել էին նրանց, նույնպիսի ամենաողորմած արտոնություններ, որպիսին վայելում էր Նախիջևան քաղաքը (Դոնի վրա), այսինքն, նրանց օրենքները և դատարանները հիմնված լինեին իրանց երկրի վաղեմի սովորությունների և ավանդությունների վրա։ Եվ եթե նրանց այսպիսի արտոնություն կտային, մելիքները խոստանում էին կազմել ավելի կանոնավոր զորքեր, օգնելու համար ռուսներին ամեն դեպքերում։ Բացի դրանից, խոստանում էին, որպես հարկ վճարել ռուսաց կառավարությանը յուրաքանչյուր տարի 4000 չետվերտ հաց և 4000 ոսկի փող։
Այդ նամակից երևում է, որ մելիքներն այժմ իրանց պահանջները բավական չափավորել էին, նրանք այլևս չէին մտածում Ղարաբաղի վաղեմի հայկական իշխանությունները վերականգնելու մասին, այլ պահանջում էին մի տեսակ ինքնավարություն, ռուսաց հովանավորության ներքո, խոստանում էին պահպանել իրանց երկիրը իրանց զորքերով, ամեն տարի վճարելով մի որոշյալ քանակությամբ հարկ։
Մելիքների զորության թուլանալու գլխավոր պատճառը պետք է որոնել նրանց հպատակների գաղթականության մեջ։ Սովը, ժանտախտը և զանազան քաղաքական հանգամանքներ նրանց ցիրուցան արեցին դեպի ամեն կողմեր։ Ամեն տեղ նրանց արեցին փայլուն խոստմունքներ և ամեն տեղ նրանք խաբվեցան իրանց հույսերի մեջ։
Կրկին ի մի վայր գումարել այդ ժողովուրդը, հայրենի հողի վրա, նրանց ոչ միայն թույլ չէին տալիս, այլ մինչև անգամ արգելում էին։ Այդ քաջ ժողովուրդն ավելի հարկավոր էին համարում այն երկրների պահպանության համար, ուր որ զետեղված էին։ Թեև Ղարաբաղի գաղթականների մի մասը Վրաստանից տեղափոխվեցավ իր հայրենիքը, բայց դարձյալ դեռ բավական թվով մնացել էին այնտեղ։ Շամախու գավառը գաղթողներից, դեռ ոչ ոք չէր վերադարձել։
Ամենակորստաբերն այն էր, որ գաղթականության պատճառով, Ղարաբաղի հայ ժողովրդի բացակայության ժամանակ, նրանց երկրները, գյուղերը, հողերը մնացին անտեր, դատարկ։ Այդ դեպքից օգուտ քաղելով, Շուշի բերդի Իբրահիմ-խանը և նրա հաջորդ Մեհտի-խանը գրավեցին մելիքների երկրները և բնակեցրին մահմեդականներով։ Երբ Ղարաբաղի գաղթականների մի մասը կրկին վերադարձավ իր հայրենիքը, մելիքներին մեծ ջանք էր հարկավոր, որ կարողանային խաներից հետ խլել իրանց գյուղերն ու հողերը և, նոր բնակեցրած մահմեդականներին հեռացնելով, նրանց տեղը հաստատեին երկրի վաղեմի բնակիչներին՝ հայերին։ Ռուսաց նոր տիրապետությունն այդ ժամանակ դեռ այն աստիճան օրորվող դրության մեջ էր, որ ռուսները ոչ միայն ժամանակ չունեին, այլ մինչև անգամ հարկավոր չէին համարում մելիքների և խաների կալվածական վեճերի մեջ մտնել, և այդ էր պատճառը, որ մելիքներից շատերը կորցրին իրանց ընդարձակ կալվածները, կամ ձեռք բերեցին նրանց մի մասը միայն։ Ինչպես ասում են, խաների «խաթրին» այդ ժամանակ չէին ուզում դիպչել, իսկ հավատարիմ, քրիստոնյա մելիքներին շողոքորթելու հարկ չկար։