Changes

Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով

Ավելացվել է 320 բայտ, 16:38, 21 Ապրիլի 2016
Առաջին՝ մեգաթերիումի «Megaherium» երեք գլխամաս և այլ ոսկրներ, որոնց ահռելի մեծությունը ցույց է տալիս, որ այդ կենդանին հսկա է եղել։ Երկրորդ՝ մեգալոնիքս (Megalonyx) — մի մեծ կենդանի, որը մոտիկ է առաջինին։ Երրորդ՝ սցելիդոթերիում (Scelidotherium), որը նույնպես մոտիկ է նախորդ երկուսին, և որից ես ձեռք բերի գրեթե մի լրիվ կմախք։ Նա պետք է ռնգեղջյուրի չափ մեծ կենդանի եղած լինի։ Իր գլխի կազմությամբ, ըստ մր. Օուենի, նա ամենից մոտիկ է կապյան մրջնակերին, իսկ մի շարք այլ կողմերով մոտիկ է զրահակիրներին։ Չորրորդ՝ միլոդոն (Mylodon Darwinii), նկարագրվածներին շատ մոտիկ մի սեռ, բայց ծավալով փոքր։ Հինգերորդ՝ մի այլ հսկա թերատամ չորքոտանի։ Վեցերորդ՝ մի մեծ կենդանի, որը որպես վահան ունի ոսկրյա պատյան՝ խորշերով, և որը շատ նման է զրահակիր վահանին, Յոթերորդ՝ անհետացած ձիու մի տեսակ, որի վրա հետագայում նորից եմ կանգ առնելու։ Ութերորդ՝ մի ատամ, որը պատկանում է հաստամորթ (Pachydermatous) կենդանու, հավանորեն մակրաուխենիայի (Macrauchenia) սեռի ներկայացուցիչը, մի մեծ կենդանի՝ ուղտի վզի նման երկար վզով, որին հետագայում նույնպես կանդրադառնանք։ Վերջապես տոքսոդոնը (Toxodon), որը թերևս հայտնաբերված կենդանիներից ամենատարօրինակն է. իր մեծությամբ նա հավասար է փղին կամ մեդաթերիումին, բայց նրա ատամների կառուցվածքը, ինչպես նշում է մր. Օուենը, անվիճելիորեն ապացուցում է, որ նա կրծողների հետ պետք է ունենար մոտիկ ազգակցություն, մի կարգ, որն այժմ ներառում է փոքր չորքոտանիների մեծ մասը. շատ կողմերով նա մոտիկ է հաստամորթին (Pahydermata)։ Դատելով նրա աչքերի, ականջների և ռունգերի դիրքից՝ կարելի է ասել, որ նա հավանորեն եղել է ջրային կենդանի, ինչպես դյուգոնը և լամանթին, որոնց հետ ևս նա ուներ ընդհանուր կողմեր։ Ո՜րչափ զարմանալի կերպով տարբեր կարգերը, որոնք այժմ շատ լավ բաժանվում են իրարից, խառնված են իրար տոքսոդոնի կաոուցվածքի տարբեր կետերում։
 
[[Պատկեր:Beagle_pic_5.png|500px|frameless|thumb|center]]
Այս ինն մեծ չորքոտանիների մնացորդները և բազմաթիվ այլ առանձին ոսկրներ գտնվում էին ներփակված ծովեզրում, մոտ 200 քառակուսի յարդ տարածության մեջ։ Նշանակալի է այն, որ այսքան շատ տարբեր տեսակներ գտնվում են միասին. միաժամանակ այդ ապացուցում է, որ այս երկրի հին բնակիչներն իրենց տեսակներով որչափ բազմազան պետք է եղած լինեն։ Պունտա Ալտայից մոտ երեսուն մղոն հեռու, կարմրահողից կազմված մի քարափում ես գտա ոսկրների մի քանի կտորներ, որոնցից մի քանիսը բավականին մեծ էին։ Այդ ոսկրնեըի մեջ կային մի կրծող կենդանու ատամներ, որոնք իրենց մեծությամբ և ձևով շատ նման էին ջրախոզի ատամներին, որի սովորություններն արդեն նկարագրված են նախորդ գլուխներում. ուստի այս ևս հավանորեն ջրային կենդանի է եղել։ Այնտեղ կար նաև կտենոմիսի (Ctenomys) գլխի մի մասը։ Այս տեսակը թեև տարբերվում է տուկուտուկոյից, բայց ընդհանուր մոտիկ նմանություն ունի։ Այդ կարմիր հողը, որը նման է պամպասների հողին և որի մեջ ներփակված էին այս մնացորդները, ըստ պրիֆ. Էրենբերդի՝ պարունակում է ութ անուշ ջրի և մեկ աղի ջրի ինֆուզորային փոքրիկ կենդանիներ։ Այստեղից կարելի է եզրակացնեի որ այդ հավանորեն էստուարի նստվածք է։
Պունտա Ալտայի մնացորդները թաղված էին շերտավոր խճի և կարմրավուն կավի մեջ. դրանք նման են այն շերտերին, որ ծովն այժմ հավաքում է ծանծաղ ծովափերին։ Նրանց հետ գտնվում էին նաև քսաներեք տեսակի խեցիներ, որոնցից տասներեքն այժմվա խեցիներից են, իսկ չորսը շատ մոտիկ ժամանակակից ձևերին։ Մնացածներն անհետացա՞ծ տեսակներ են, թե՞ պատկանում են այնպիսի տեսակների, որոնք հայտնի չեն, այդ դեռ պարզ չէ, որովհետև այս ափերի խեցիները քիչ են ուսումնասիրված։ Այնուամենայնիվ քանի որ ներփակված ժամանակակից խեցիները թվով գրեթե նույն հարաբերությունն ունեն այժմ ծոցում ապրող խեցիների հետ, ուստի քիչ կասկած կարող է լինել այն ենթադրության մասին, որ այս կուտակումը պատկանում է երրորդային պերիոդի ամենավերջին ժամանակներին։ Դատելով սցելիդոթերիումի ոսկրներից, ներառյալ մինչև անգամ ծնկոսկրը, որոնք թաղված էին իրենց բնական հարաբերական դիրքով, և դատելով զրահակիրանման մեծ կենդանիների ոսկրային զրահներից, որոնք լավ պահպանված էին նրա սրունքներից մեկի ոսկրների հետ, կարող ենք վստահ ասել, որ այս մնացորդները թարմ են եղել և իրենց հոդակապերով միացած են եղել, երբ թաղվել են խճերի մեջ խեցիների հետ միասին։ Այստեղից էլ մենք ունենք լավ ապացույցներ այն բանի, որ վերևում թված հսկա չորքոտանիները, որոնք ավելի շատ են տարբերվում այժմ գոյություն ունեցողներից, քան Եվրոպայի ամենահին երրորդական չորքոտանիները, ապրել են այնպիսի ժամանակ, երբ ծովում ապրում էին իր այժմվա բնակիչների մեծ մասը, և մենք, այսպիսով, հաստատում ենք այն նշանավոր օրենքը, որ հաճախ պնդում է մր. Լայելը, այն է, որ կաթնասունների տեսակների երկարակեցությունն ընդհանուր առմամբ ետ է մնում Testacea-ի երկարակեցությունից։<ref>„Principles of Geotogy”, vol. IV, p. 40.</ref>
 
[[Պատկեր:Beagle_pic_6.png|500px|frameless|thumb|center]]
Megatheroidae կենդանիների, այն է՝ մեգաթերիումի, մեգալոնիքսի, սցելիդոթերիումի և միլոդոնի ոսկրների մեծությունն իսկապես հասնում է ապշեցուցիչ չափերի։ Այս կենդանիների կյանքի սովորությունները կատարյալ մի հանելուկ էին դարձել բնագետների համար, մինչև որ վերջին ժամանակները պրոֆեսոր Օուենը<ref>Այս տեսությունն առաջին անգամ արծարծվել է „Zoology of the Voyage of the Beagle”-ում և այնուհետև պրոֆեսոր Օուենի „Memoir on Mylodon robustus”-ում։</ref> շատ հանճարեղ կերպով լուծեց այդ խնդիրը։ Դրանց ատամներն իրենց կառուցվածքով ցույց են տալիս, որ այս կենդանիներն ապրել են բուսական սննդանյութերով, հավանորեն տերևներով և ծառերի փոքր ճյուղերով։ Նրանց ծանրաքաշ ձևերը և կորացած ուժեղ և մեծ ճանկերը թվում է թե այնքան քիչ են հարմարեցված տեղաշարժության համար, որ մի քանի հայտնի բնագետներ հավատացած են, որ համրուկների նման, որոնց շատ մոտիկ ագդակից են, սրանք իրենց գոյությունը պետք է պահպանած լինեին տերևներով՝ մագլցելով ծառերի վրա հետևի կողմը ներքև։ Դժվար է ենթադրել, որ մինչև անգամ նախաջրհեղեղյան ժամանակները կարող էին գոյություն ունենալ ծառեր, որոնց ճյուղերն այնքան ուժեղ լինեին, որ կարողանային իրենց վրա պահել փղի մեծության կենդանիներ։ Պրոֆեսոր Օուենը, շատ ավելի հավանականությամբ, կարծում է, որ սրանք ծառերի վրա բարձրանալու փոխարեն ջարդում, ցած, դեպի իրենց էին բերում ճյուղերը, քաշում, արմատահան էին անում փոքրերը և այսպիսով սնվում նրանց տերևներով։ Նրանց մարմնի վերջի մասի վիթխարի լայնությունը և ծանրությունը, որն առանց տեսնելու դժվար է երևակայել, այս տեսակետով դառնում է պիտանի և օգտակար և ոչ թե կենդանու համար մի ավելորդ ծանրություն է լինում, և նրանց արտաքուստ երևացող անճարակությունն էլ անհետանում է։ Իրենց մեծ պոչերով և ահռելի կրունկներով նրանք ամուր հաստատվում էին գետնի վրա, ինչպես մի եռոտանի, որից հետո կարող էին ազատ կերպով ի գործ դնել իրենց վերին աստիճանի ուժեղ թևերի և ճանկերի ամբողջ ուժը։ Այսպիսի մի ուժի դիմադրող ծառը պետք է որ իսկապես ունենար ուժեղ և խոր արմատներ։ Պետք է հիշել և այն, որ միլոդոնը զինված էր երկար և տարածվող լեզվով, ինչպես այդ տեսնում ենք ընձուղտի մոտ, որը բնության ամենագեղեցիկ նախատեսությամբ իր երկար վզի օգնությամբ հասնում է իր տերևասննդին։ Ըստ Բրյուսի՝ Հաբեշստանում, երբ փիղն իր կնճիթը չի կարողանում հասցնել ճյուղերին, սկսում է իր ժանիքներով խորն ակոսել ծառի բունը բոլոր կողմերից, մինչև որ բունն այնքան բարակում է, որ հեշտությամբ կոտրվում է։
 
[[Պատկեր:Beagle_pic_7.png|500px|frameless|thumb|center]]
Վերոհիշյալ բրածոները պարունակող շերտերը գտնվում են մակընթացության ժամանակի ջրի մակերեսից միայն տասնհինգից—քսան ոտնաչափ բարձրության վրա։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ ցամաքի բարձրացումը եղել է փոքր (կամ կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել իջեցման մի միջանկյալ պերիոդ, որի մասին ապացույցներ չունենք) սկսած այն ժամանակից, երբ այդ մեծ չորքոտանիները թափառում էին շրջակա հարթավայրերում. և այդ երկրի արտաքին տեսքն այն ժամանակ պետք է մոտավորապես այնպես եղած լինի, ինչպես այժմ է։ Շատերը բնականաբար կարող են հարցնել, թե այդ շրջանում այս երկիրն ի՞նչպիսի բուսականություն է ունեցել, արդյոք այն ժամանակ էլ այժմվա նման անբերրի՞ է եղել, թե ոչ։ Որովհետև նրանց հետ թաղված խեցիները նույնն են, ինչ որ այժմ ապրում են ծովածոցում, ուստի սկզբներում ես հակամետ էի կարծելու, որ այն ժամանակվա բուսականությունը պետք է նման լիներ ներկա բուսականությանը, բայց այս եզրակացությունը կարող է սխալ լինել, որովհետև այս նույն խեցիների մի մասն ապրում է փարթամ բուսականությամբ ծածկված Բրազիլիայի ափերին, և, բացի այդ, ընդհանրապես անիմաստ է ծովի բնակիչների հատկանիշների վրա հիմնվելով դատել ցամաքում ապրողների մասին։ Այնուամենայնիվ այդ բոլորը նկատի ունենալուց հետո չի կարելի ենթադրել, որ որովհետև Բահիա Բլանկայի հարթավայրերում ապրել են այդքան շատ չորքոտանիներ, ուրեմն սկզբներում այդ վայրերը ծածկված պետք է լինեն փարթամ բուսականությամբ. ես չեմ կասկածում, որ քիչ հարավ, Ռիո Նեգրոյի մոտ, անբերրի չոր երկիրն իր ցրված փշոտ ծառերով կարող է ունենալ իր բազմաթիվ մեծ չորքոտանիները։
Առաջ ընդհանուր կարծիքն այն է եղել, որ մեծ կենդանիների համար անհրաժեշտ է փարթամ բուսականություն, և այդ կարծիքն անցել է մի հեղինակից մյուսին. բայց ես երբեք չեմ վարանում ասելու, որ այս ամբողջովին կեղծ է, և այդ կարծիքն անզոր է դարձրել երկրաբանների դատողությունները աշխարհի հին պատմության վերաբերյալ մեծ նշանակություն ունեցող մի շարք խնդիրներում։ Հավանորեն այս վնասակար ենթադրությունն առաջանում է, նկատի ունենալով Հնդկաստանը և հնդկական կղզիները, որտեղ փղերի խմբերը, շքեղ անտառները և անթափանց ջունգլիները յուրաքանչյուրի մտքում միասնաբար են հանդես գալիս։ Սակայն եթե մենք դիմենք Հարավային Աֆրիկայում կատարված ճանապարհորդական որևէ աշխատության, գրեթե յուրաքանչյուր էջում մենք կհանդիպենք անապատային բնույթ ունեցող տեղերի նկարագրությունների կամ այնտեղ ապրող խոշոր կենդանիների մեծ թվերի։ Նույն բանն ապացուցում են և այն բազմաթիվ նկարները, որոնք ներկայացնում են Աֆրիկայի խորքերի զանազան մասերը։ Երբ »Բիգլ»-ը գտնվում էր Կապշտատում, ես մի քանի օրով մի էքսկուրսիա կատարեցի դեպի երկրի խորքերը, և այդ բավական էր, որ առաջուց ավելի մանրամասն կարդացածներս ինձ համար հասկանալի լինեին։
 
[[Պատկեր:Beagle_pic_8.png|500px|frameless|thumb|center]]
Դոկտոր Անդրյու Սմիթը, որը գլխավորելով իր հանդուգն խումբը, վերջին ժամանակներս հաջող կերպով անցել է Այծեղջյուրի արևադարձը, ինձ տեղեկացրել է, որ եթե Հարավային Աֆրիկան ամբողջությամբ նկատի ունենանք, ապա կասկած չի կարող լինել, որ նա մի անբերրի երկիր է։ Հարավային և հարավ-արևելյան ափերին կան բավականին գեղեցիկ անտառներ, բայց բացառությամբ այդ անտառների, ճանապարհորդը կարող է օրերով անցնել աղքատ և սակավ բուսականությամբ ծածկված բաց հարթավայրերով։ Դժվար է ճիշտ գաղափար կազմել այդտեղի համեմատական բերրիության աստիճանի մասին, բայց հանգիստ կարելի է ասել, որ տարվա որևէ ժամանակում Մեծ Բրիտանիայի բուսականությունը քանակապես Հարավային Աֆրիկայի ներքին մասերի համապատասխան տարածության բուսականության քանակությունից հավանորեն տասն անգամ գերազանցում է։ Այն փաստը, որ գոմեշի սայլերը կարող են ճանապարհորդել որևէ ուղղությամբ (բացառությամբ ծովափերի մոտերի) և նրանց ընթացքը երբեմն է ընդհատվում) այն էլ կես ժամով՝ թփուտները կտրատելու համար, գուցե ավելի որոշակի գաղափար տա այնտեղի բուսականության սակավության մասին։ Այժմ եթե մի ակնարկ ձգենք այս ընդարձակ հարթավայրերում ապրող կենդանիների վրա, կտեսնենք, որ նրանց թիվը չափազանց մեծ է, և այդ կենդանիները մարմնով էլ շատ մեծ են։ Այստեղ կարելի է թվել. փիղը, ռնգեղջյուրի երեք տեսակ, և հավանորեն, ըստ դր. Սմիթի, երկու այլ տեսակ ևս, հիպոպոտամը (գետաձի), ընձուղտը, քաֆիրական գոմեշը (Bos caffer), որն ունի լրիվ աճած ցուլի մեծություն, և որմզդական եղջերուն (որմզդեղն), որը համեմատաբար ավելի խոշոր է լինում, զեբրի երկու տեսակ, կուտգան, երկու եղջերվաձի և մի քանի տեսակ անտիլոպ, որոնք մարմնով մինչև անգամ ավելի մեծ են, քան այս վերջին կենդանիները։ Շատերը գուցե ենթադրում են, որ թեև տեսակները բազմաթիվ են, բայց յուրաքանչյուր տեսակին պատկանող անհատ կենդանիների թիվը քիչ է. բայց դոկտոր Սմիթի հետազոտություններն ինձ հնարավորություն են տալիս ասելու, որ իրական դրությունը բոլորովին այլ է։ Նա ինձ տեղեկացնում է, որ 24° լայնության վրա գոմեշի սայլերով ճանապարհորդելիս, առանց ճանապարհի աջ կամ ձախ ուղղություններով հեռուները թափառելու, նա տեսել է հարյուրից-հարյուրհիսուն ռնգեղջյուր, որոնք պատկանելիս են եղել երեք տեսակի. միևնույն օրը նա տեսել է ընձուղտի մի քանի երամակներ, որոնք բոլորը միասին թվով հարյուր հատ են եղել, թեև այդ օրը փիղ չի տեսել, բայց այդ շրջանում կան նաև փղեր։ Նախորդ երեկոյին գիշերելու համար նրանց կանգ առած վայրից յոթ-ութ կիլոմետր հեռավորության վրա նրա խումբը մի տեղ սպանել է ութը հիպոպոտամ (գետաձի) և տեսել ուրիշ շատերը։ Նույն գետում եղել են նաև կոկորդիլոսներ։ Իհարկե, շատ զարմանալի է տեսնել այդքան շատ և մեծ կենդանիներ խռնված մի տեղում, և բոլորին չի պատահի այդ, բայց և այնպես այս ապացուցում է, որ նրանք գոյություն ունեն մեծ թվերով։ Դոկտոր Սմիթն այդ օրվա անցած տարածությունը նկարագրում է որպես «նոսր կանաչով և մոտ չորս ոտնաչափ բարձրության թփուտներով ծածկված մի վայր. միմոզայի ծառերն էլ ավելի նոսր են»։ Նրանց սայլերը գրեթե շարժվելիս են եղել ուղիղ գծով՝ առանց հանդիպելու որևէ խոչընդոտի։
Պատագոնիայի հնդիկների մեջ, Մագելլանի նեղուցի ափերին, մենք հանդիպեցինք մի կիսահնդիկի, որը մի քանի տարի ապրել էր հնդիկների այդ տոհմի հետ, բայց ծնվել էր հյուսիսային պրովինցիաներում։ Ես նրան հարցրի, թե երբևէ նա լսե՞լ է ավեստրուզ պետիզեի (փոքր ջայլամ) մասին։ Նա պատասխանեց ասելով, որ «այս հարավային երկրներում ուրիշ տեսակի ջայլամներ չեն լինում»։ Նա պատմեց ինձ, որ պետիզեի բնում եղած ձվերի թիվն զգալիորեն ավելի փոքր է, քան սովորաբար լինում է մյուս տեսակի բնում. այդ թիվը միջին հաշվով տասնհնգից չի անցնում. նա պնդում էր, որ մի բնում եղած ձվերն ածում են մեկից ավելի էգ թռչուններ։ Սանտա Կրուսում մենք տեսանք այս թռչուններից մի քանի հատ։ Սրանք վերին աստիճանի զգուշ էին. կարծում եմ, որ սրանք կարող էին տեսնել մոտիկացող մարդուն այնպիսի հեռավորությունից, որտեղից մարդը չի կարող տեսնել և զանազանել նրանց։ Գետով բարձրանալիս այդ թռչուններից շատ քչերին հանդիպեցինք, բայց երբ առանց աղմուկի և արագ ետ դարձանք, հանդիպեցինք շատերին, որոնք լինում էին երկու-երկու, չորս-չորս կամ հինգ-հինգ։ Նկատվում էր, որ այս թռչունը լրիվ արագությամբ վազելիս սկզբից չէր տարածում իր թևերը, ինչպես անում են հյուսիսում գտնվող տեսակի ներկայացուցիչները։ Եզրակացնելով, կարող եմ ասել, որ ռեա ջայլամը (Strutlhio rhea) բնակվում է Լա Պլատայի շրջանում Ռիո Նեգրոյից քիչ հարավ՝ մինչև 41° լայնությունը, իսկ Struthio Darwinii տեսակը փոխարինում է նրան Հարավային Պատազոնիայում, Ռիո Նեգրոյի շրջակայքը լինելով չեզոք տերիտորիա։ Մր. Ա. դ’Օրբինին<ref>Ռիո Նեգրոյում եղած ժամանակ մեզ պատմում էին այս բնագետի անխոնջ աշխատանքի մասին։ Մր. Ալսիդ Դորբինին 1825-ից 1883 թվերի ընթացքում ճանապարհորդել է Հարավային Ամերիկայի մի քանի մեծ երկրները և կազմել է մի կոլեկցիա և այժմ հրատարակում է իր արդյունքներն այնպիսի հոյակապ ծավալով, որ նրան դնում է Ամերիկայում ճանապարհորդների ցուցակում երկրորդ տեղը, առաջինը լինելով Հումբոլտը։</ref> Ռիո Նեգրոյում եղած ժամանակ շատ է աշխատել այս տեսակից նմուշներ ձեռք բերել, բայց երբեք հաջողելու, բախտ չի ունեցել։ Դոբրիցհոֆերը<ref>„Account of the Abipones”, a. d. 1749,vol. I. (անգլիական թարգմանությունը), p. 314.</ref> դրանից դեռ շատ առաջ գիտեր, որ այդտեղ երկու տեսակի ջայլամ կա։ Նա ասում է. «Պետք է գիտենալ նույեպես, որ էմուներն իրենց մեծությամբ և սովորություններով այդ երկրի տարբեր մասերում տարբեր են. նրանք, որոնք ապրում են Բուենոս Այրեսի և Տուկումանի հարթավայրերում, ավելի մեծ են և ունեն սև, սպիտակ և գորշ փետուրներ. իսկ նրանք, որոնք ապրում են Մագելլանի նեղուցի մոտ, փոքր են և ավելի գեղեցիկ. նրանց սպիտակ փետուրները վերջանում են սև գույնով, իսկ սևերն էլ, ընդհակառակը, վերջանում են սպիտակով»։
 
[[Պատկեր:Beagle_pic_9.png|500px|frameless|thumb|center]]
Այստեղ շատ տարածված է նշանավոր տինոխոր փոքրիկ թռչունը (Tinochorus rumicivorus). իր սովորություններով և ընդհանուր տեսքով նա գրեթե հավասարապես բաժանում է երկու իրարից շատ տարբեր թռչունների՝ լորամարգու և կտցարի հատկանիշները։ Տինոխորի կարելի է հանդիպել ամբողջ Հարավային Ամերիկայի այն վայրերում, որտեղ գոյություն ունեն չոր, անբերրի հարթավայրեր, կամ բաց չոր արոտատեղեր։ Նա հաճախում է զույգերով կամ փոքրիկ երամներով ամենաամայի տեղերը, որտեղ հազիվ թե կարողանա գոյություն ունենալ մի այլ կենդանի էակ։ Երբ մեկը մոտենում է սրանց, նրանք այնպես են կուչ գալիս և թաքնվում, որ այնուհետև դժվար կլինի նրանց գետնից տարբերել։ Սննդանյութեր որոնելիս նրանք քայլում են դանդաղ, ոտքերն իրարից բավականին հեռացրած։ Նրանք թավալում են ճանապարհների փոշու մեջ և ավազուտ տեղերում և հաճախում որոշակի տեղեր, որտեղ նրանց կարելի է գտնել ամեն օր։ Կաքավների նման նրանք թռչում են երամներով։
Վստահելի
1396
edits