Changes
— Տեսնենք,— ասացի ես։
==Փարիզն անվախճան է==
Երբ մեր ընտանիքի անդամների թիվը հավասարվեց երեքի, այլ ոչ թե պարզապես մնաց երկու, ցուրտն ու անձրեւները վերջ ի վերջո ձմռանը մեզ վռնդեցին Փարիզից։ Եթե դու մենակ ես, դրանց կարող ես սովորել եւ դրանք քեզ ոչնչով չեն խանգարի։ Ես միշտ կարող էի գրել սրճարանում եւ միայն café crème֊ով աշխատել ամբողջ առավոտը, մինչեւ մատուցողները կավլեին ու կհավաքեին սրճարանը եւ այն աստիճանաբար կտաքանար։ Իմ կինը կարող էր չջեռուցվող շենքում դաշնամուր նվագել եւ որպեսզի տաք լինի, մի քանի սվիտր հագնել ու տուն վերադառնալ՝ Բամբիին կերակրելու։ Բայց ձմռանը երեխային չէր կարելի սրճարան տանել, նույնիսկ այնպիսի երեխայի, որը երբեք չէր լացում, հետաքրքրվում էր շրջապատի բոլոր իրադարձություններով եւ երբեք չէր ձանձրանում։ Այն ժամանակ դեռեւս չկային այնպիսի մարդիկ, որոնց կարելի լիներ վարձել, որպեսզի հետեւեն երեխային եւ Բամբին իր ցանցապատ, բարձր մահճակալում պառկում էր Ֆ․ փիսիկ մականունով հավատարիմ մեծ կատվի ընկերակցությամբ։ Որոշ մարդիկ ասում էին, թե վտանգավոր է երեխային կատվի հետ մենակ թողնել։ Ամենանախապաշարված մարդիկ ասում էին, թե կատուն կարող է ցատկել երեխայի վրա եւ ծծել նրա կյանքը։ Մյուսներն ասում էին, թե կատուն կարող է պառկել երեխայի վրա եւ իր ծանրությամբ խեղդել նրան։ Ֆ․ փիսիկը պառկում էր Բամբիի կողքին, նրա ցանցապատ, բարձր մահճակալում, իր դեղին մեծ աչքերով սեւեռուն նայում դռանը եւ ոչ ոքի թույլ չէր տալիս մոտենալ նրան, երբ մենք տանը չէինք լինում, իսկ femme de ménage<ref>Աղախին (ֆրանս․)։</ref> Մարին որեւէ տեղ էր գնացած լինում։ Մենք կարիք չունեինք որեւէ մեկին հրավիրելու, որ նա նայեր Բամբիին։ Նրան Ֆ․ փիսիկն էր նայում։
Բայց երբ դու աղքատ ես,— իսկ մենք իրոք աղքատ էինք, երբ վերադարձել էինք Կանադայից, ես թողել էի լրագրությունը ու չէի կարողանում ոչ մի պատմվածք վաճառել,— ձմեռը Փարիզում, երեխայի հետ շատ դժվար է։ Երեք ամսական միստր Բամբին տասներկու օր լողարկել էր Հյուսիսային Ատլանտիկայով «Կյունարդ» ընկերության մի փոքրիկ նավով, որը Նյու֊Յորքից դուրս էր եկել հունվարին ու մտել Գալիֆաքս։ Ամբողջ ճանապարհորդության ընթացքում նա ոչ մի անգամ չէր լացել եւ ուրախ ծիծաղում էր, երբ մահճակալին, նրա շուրջը բարիկադ էինք բարձրացնում, որպեսզի փոթորկոտ եղանակներին նա վայր չընկներ։ Բայց մեր Փարիզը չափազանց սառն էր նրա համար։
Մենք մեկնեցինք Շրունս՝ Ավստրիայի Ֆորարլբերգի շրջանի բնակավայրերից մեկը։ Անցանք Շվեյցարիայով եւ ժամանեցինք Ֆելդկիրխ, որ գտնվում է Ավստրիայի սահմանում։ Գնացքը անցավ Լիխտենշտայնով եւ կանգ առավ Բլուդենցում, որտեղից իշխեն ձկնով հարուստ քարահուն գետի երկայնքով, անտառածածկ դաշտավայրով, գյուղակների մոտով ճանապարհ էր գնում դեպի Շրունս՝ արեւաողող այդ գյուղաքաղաքը, որը սղոցարաններ ունի, խանութներ, հյուրանոցներ, եւ «Տաուբե» կոչվող ձմեռային մի լավ պանդոկ, որտեղ մենք իջեւանեցինք։
«Տաուբե»֊ի համարները ընդարձակ էին ու հարմարավետ, մեծ վառարաններ ունեին, մեծ պատուհաններ ու մեծ մահճակալներ՝ լավ վերմակներով եւ բմբուլալից ներքնակներով։
Այնտեղ կերակրում էին հասարակ, բայց հիանալի, իսկ փայտե պանելներով երեսպատված ճաշարանում եւ բարում տաք էր ու հարմարավետ։ Լայն ու բաց հովիտը ողողված էր արեվով։ Պանսիոնը մեզ երեքիս համար արժեր օրական երկու դոլլար եւ քանի որ ավստրիական շիլլինգը ինֆլյացիայի պատճառով շարունակ անկում էր ապրում, ճաշն ու սենյակը մեզ ավելի ու ավելի էժան էին նստում։ Սակայն այստեղ այնպիսի սարսափելի ինֆլյացիա ու աղքատություն չկար, ինչպես Գերմանիայում։ Շիլլինգի արժեքը մեկ ընկնում էր, մեկ՝ բարձրանում, բայց վերջ ի վերջո, այնուամենայնիվ, ընկնում էր։
Շրունսում դահուկորդների համար վերելակներ չկային, չկար նաեւ ֆունիկուլյոր, բայց փայտահատների ու հովիվների բացած կածաններով կարելի էր բարձրանալ լեռները։ Վերելքի ժամանակ դահուկների տակ փոկի մորթ էին ամրացնում։ Լեռներում Ալպիական ակումբի խրճիթներ կային նրանց համար, ովքեր բարձրանում էին ամռանը։ Այնտեղ կարելի էր գիշերել, թողնելով օգտագործած վառելափայտի արժեքը։ Հաճախ կարող էիր քեզ հետ փայտ տանել, իսկ եթե բազմօրյա զբոսանքի ես գնում դեպի լեռնային սառցադաշտերը, հարկադրված ես վարձել որեւէ մեկին, որպեսզի օգնի՝ փայտն ու ուտելիքը տեղափոել եւ այնտեղ կայան կառուցել։ Բարձրա֊լեռնային խրճիթ֊կայաններից ամենանշանավորներն էին Լինդաուեր֊Հյուտեն, Մադլեներ֊Հաուսը եւ Վիսբադեներ֊Հյուտեն։
«Տաուբեի» ետեւում գտնվում էր փորձնական վայրէջքի նման մի ինչ֊որ բան, որով կարելի էր իջնել այգիներն ու դաշտերը, եւ մի զառիթափ էլ կար Չագունսի ետեւում, որ տանում էր հովտի մյուս կողմը։ Այնտեղ մի փոքրիկ, գեղեցիկ հյուրանոց կար, որի սրճարանի պատերը զարդարված էին եղջյուրների հիանալի հավաքածույով։ Հովտի հեռավոր ծայրում։ Հովտի հեռավոր ծայրում գտնվող փայտահատների գյուղակից՝ Չագունսից դենը վեր էր ձգվում մի հիանալի դահուկաուղի, որը հասցնում էր մինչեւ լեռնանցքը։ Այնտեղից Սիլվրետի վրայով կարելի էր իջնել Կլոստերսի շրջանը։
Շրունսը գերազանց վայր էր Բամբիի համար․ թխահեր, սիրունիկ դայակը նրան սահնակով զբոսանքի էր տանում արեւի տակ եւ նայում էր նրան, մինչեւ ես ու Հեդլին կհետազոտեինք նոր երկրամասն ու շրջակա գյուղերը։ Շրունսի բնակիչները շատ բարի էին մեր նկատմամբ։ Լեռնադահուկային սպորտի ռահվիրան՝ հերր Վալտեր Լենտը, որը մի ժամանակ Արլբերգյան մեծ դահուկորդ Հաննես Շնեյդերի մրցակիցն էր եւ դահուկային քսուքներ էր պատրաստում լեռնային վերելքների ու բոլոր ջերմաստիճանների համար, այժմ մտադիր էր լեռնադահուկային սպորտի դպրոց բացել, եւ մենք երկուսով գրվել էինք այնտեղ։ Վալտեր Լենտի սիստեմի էությունն այն էր, որ նա աշխատում էր, որքան կարելի է շուտ ավարտել փորձնական վայրէջքների պարապմունքները եւ սաներին ուղարկել իսկական լեռները։ Այն ժամանակ դահուկային սպորտը նման չէր ժամանակակից ձեւին, պարուրավոր բեկումները հազվագյուտ էին եւ ոչ ոք իրեն թույլ չէր տա կոտրել ոտքը։ Դահուկային պարեկներ չկային։ Ամեն մի վայրէջքից առաջ անհրաժեշտ էր հաղթահարել վերելքը։ Եվ դա այնպես էր ամրապնդում ոտքերը, որ վայրէջքի ժամանակ կարելի էր հույս դնել նրանց վրա։
Վալտեր Լենտը գտնում էր, որ դահուկային սպորտում ամենամեծ հաճույքն այն է, որ հասնես այնպիսի բարձր լեռան, որտեղ ոչ ոք չկա, չկան դահուկային կածաններ եւ ալպիական սառցադաշտերի ու լեռնանցքների վրայով Ալպիական ակումբի մի խրճիթ֊կայանից հասնես մյուսին։ Չի կարելի նաեւ օգտվել այնպիսի ամրակապերից, որոնց առկայության դեպքում ընկնելիս կարող ես ոտդ ջարդել․ դահուկը պետք է անմիջապես անջատվի ոտքիցդ։ Բայց Վալտեր Լենտը ամենից շատ սիրում էր սառցադաշտերից իջնել առանց ճոպանի, սակայն դրա համար անհրաժեշտ է սպասել գարնանը, երբ բոլոր ճեղքերը փակվում են բավականին ամուր։
Մենք Հեդլիի հետ դահուկավազքով տարվել էինք այն պահից ի վեր, հենց որ սպորտի այդ տեսակը առաջին անգամ փորձել էինք Շվեյցարիայում, այնուհետեւ Կորտինա֊դʼԱմպեցցոյում՝ Դոլոմիտյան Ալպերում, երբ պետք է ծնվեր Բամբին եւ միլանցի բժիշկը Հեդլիին թույլ էր տվել զբոսնել դահուկներով, պայմանով, եթե ես խոստանամ, որ նա վայր չի ընկնի։ Դրա համար պահանջվում էր շատ մանրակրկիտ կերպով ընտրել վայրէջք ու դահուկաուղի եւ շարունակ հետեւել իրեն, բայց նա շատ գեղեցիկ ու զարմանալի ուժեղ ոտքեր ուներ, հիանալի տիրապետում էր դահուկներին եւ ոչ մի անգամ վայր չընկավ։ Մենք բոլորս էլ գիտեինք, թե ձյունը ինչպիսին է եւ կարողանում էինք դահուկներով սղղալ խոր ու փափուկ ձյան վրայով։
Մեզ շատ էր դուր գալիս Ֆորարլբերգը եւ շատ էր դուր գալիս Շրունսը։ Մենք գնում էինք այնտեղ նոյեմբերի վերջերին եւ մնում գրեթե մինչեւ զատիկ։ Այնտեղ միշտ կարելի էր զբոսնել դահուկներով, թեպետ դահուկային կուրորտի համար Շրունսը շատ ցածրադիր էր․ նրա մատույցներում բավականաչափ ձյուն էր լինում միայն ամենաձյունաշատ ձմռանը։ Սակայն լեռներ մագլցելը հաճույք էր եւ այն օրերին ոչ ոք դրա պատճառով չէր տրտնջում։ Դու սահմանում էիր քեզ համար որոշակի թափ՝ քո հնարավորություններից զգալիորեն ցածր, այնպես որ վերելքը հեշտ էր լինում, սիրտդ զարկում էր համաչափ, եւ դու հպարտանում էիր, որ մեջքիդ ծանր ուղեպարկ ունես։ Վերելքը դեպի Մադլեներ֊Հաուս տեղ֊տեղ շատ կտրուկ էր ու ծանր։ Բայց երկրորդ անգամ արդեն հեշտ էր լինում, եւ ի վերջո դու հեշտությամբ բարձրանում էիր՝ մեջքիդ կրկնակի բեռ կրելով։
Մենք միշտ քաղցած էինք եւ յուրաքանչյուր ճաշ իրադարձություն էր։ Մենք խմում էինք մուգ կամ պարզ գարեջուր եւ մաճառ, իսկ հաճախ էլ՝ անցյալ տարվա գինի։ Ամենից լավ սպիտակ գինիներն էին։ Մենք խմում էինք նաեւ հովտում պատրաստված բալի թրմօղի եւ անզենյան շնապս, որ քաշում էին լեռնային օձասխտորից։ Մեկ֊մեկ ճաշին մատուցում էին տապակած ճագար՝ կարմիր գինում սոուսով կամ եղջերվի միս՝ շագանակի սոուսով։ Այդպիսի դեպքերում մենք սովորաբար խմում էինք կարմիր գինի, թեպետ այն սպիտակից թանկ էր, բայց ամենաթանկը՝ լիտրն արժեր քսան ցենտ։ Սովորական կարմիր գինին անհամեմատ էժան էր, եւ մենք մեզ հետ մի տակառիկ տարանք Մադլեներ֊Հաուս։
Մենք գրքերի պաշար ունեինք, որ Սիլվիա Բիչը մեզ թույլատրել էր ձմռան համար վերցնել մեզ հետ։ Մենք բնակիչների հետ կեգլի էինք խաղում պանդոկի ամառային այգին տանող նրբափողոցում։ Շաբաթական մեկ֊երկու անգամ պոքեր էինք խաղում պանդոկի ճաշարանում, փակոցափեղկերով փակելով բոլոր պատուհանները եւ կողպելով դռները։ Այն ժամանակ Ավստրիայում ազարտային խաղերը արգելված էին, եւ ես խաղում էի պանդոկատիրոջ՝ հերր Նելսոնի, լեռնադահուկային սպորտի դպրոցի դիրեկտոր հերր Լենտի, քաղաքի բանկիրի, դատախազի եւ ժանդարմերիայի կապիտանի հետ։ Խաղը լուրջ ընթացք էր ստանում, եւ նրանք բոլորն էլ լավ խաղացողներ էին, թեեւ հերր Լենտը չափազանց մեծ ռիսկով էր խաղում, որովհետեւ լեռնադահուկային սպորտի դպրոցը նրան ոչ մի եկամուտ չէր տալիս։ Երբ շրջագայություն կատարող երկու ժանդարմները կանգ էին առնում դռների մոտ, ժանդարմերիայի կապիտանը մատը մոտեցնում էր ականջին, եւ մենք լռում էինք այնքան ժամանակ, մինչեւ որ նրանք հեռանում էին։
Լուսադեմին, երբ դեռեւս շատ ցուրտ էր լինում, սպասուհին մտնում էր սենյակը, փակում պատուհանները եւ վառում հախճասալե մեծ վառարանը։ Սենյակը տաքանում էր, իսկ նախաճաշին մեզ սպասում էր թարմ թխած հաց կամ պահածոյացրած հրաշալի մրգերով հացի բոված կտորներ եւ մեծ գավաթներով սուրճ, թարմ հավկիթ ու եթե ուզում եք՝ ապխտած միս։ Իմ ոտքերի տակ քնում էր Շնաուտս շունը, որը սիրում էր ինձ հետ գնալ դահուկային զբոսանքի եւ թռնել ուսերիս, երբ սկսում էր վայրէջքը։ Նա բարեկամություն էր անում նաեւ միստր Բամբիի հետ եւ երբ դայակը նրան դուրս էր բերում զբոսանքի, վազում էր սահնակի կողքով։
Շրունսում ես հիանալի էի աշխատում։ Այդ գիտեմ նրանից, որ հենց այնտեղ եմ կատարել ամենադժվար աշխատանքն իմ կյանքում, երբ 1925—1926 թվականներին վեպի վերածեցի «Եվ ծագում է արեւի» առաջին տարբերակը, որ սեւագրել էի մեկուկես ամիս առաջ։ Ճիշտը չեմ հիշում, թե ինչ պատմվածքներ եմ գրել այնտեղ։ Միայն գիտեմ, որ դրանցից մի քանիսը լավ են ստացվել։
Ես հիշում եմ, թե մեր ոտքերի տակ ձյունը ինչպես էր ճրթճրթում, երբ ցրտաշունչ երեկոյան, դահուկներն ու փայտաձողերը ուսերիս, վերադառնում էինք տուն, նայում գյուղաքաղաքի ճրագներին, հետո հանկարծ սկսում տարբերել տները եւ հանդիպողները ասում էին՝ «Grüss Gott»<ref>Աստված պահի ձեզ (գերմ․)։</ref>։ «Վայնշտուբում» միշտ նստած էին լինում երիթավոր կոշիկ ու լեռնցու հագուստ հագած գյուղացիներ, օդում կախված էին լինում ծխախոտի ծխի քուլաներ, իսկ փայտե հատակը քերված էր լինում կոշկի երիթներից։ Երիտասարդներից շատերը ծառայում էին ավստրիական ալպիական գնդերում եւ նրանցից մեկը, որին Հանս էին անվանում,— նա սղոցարանում էր աշխատում,— նշանավոր որսորդ էր, եւ մենք բարեկամացանք, որովհետեւ մենք կռվել էինք իտալական նույն լեռներում։ Մենք գինի էինք խմում եւ խմբով երգում լեռնցիների երգեր։
Ես հիշում եմ այգիներով ու դաշտերով գյուղաքաղաքից վեր բարձրացող կածանները եւ տաք ագարակները՝ հսկայական վառարաններով ու ձյան վրա դարսած փայտակույտերով։ Կանայք խոհանոցում բուրդ էին զում եւ դրանից մանում գորշ ու սեկ կարժեր։ Ճախարակը աշխատեցնում էին ոտնակով եւ կարժերը չէին ներկում։ Սեւ կարժը ստանում էին սեւ ոչխարի բրդից։ Բուրդն այդ բնական էր, այն չէին ճարպոտում, եւ գլխարկները, սվիտրներն ու շարֆերը, որ դրանից գործում էր Հեդլին, ձյան մեջ երբեք չէին թրջվում։
Մի անգամ ծննդյան տոներին դպրոցի դիրեկտորի ղեկավարությամբ բեմադրվեց Հանս Սաքսի պիեսը։ Լավ պիես էր, եւ ես դրա մասին գրախոսական գրեցի տեղական թերթում, որը թարգմանեց պանդոկատերը։ Հաջորդ տարին գերմանական մի պաշտոնաթող ծովային սպա, ածիլված գլխով ու ամբողջ դեմքը սպիներով պատած մի մարդ, եկավ, որպեսզի դասախոսություն կարդա Յուտլանդյան ճակատամարտի մասին։ Նա ցույց տվեց երկու նավատորմների շարժումը արտացոլող դիապոզիտիվները, պատմեց Ջլիկոյի վախկոտության մասին, ցուցափայտի փոխարեն օգտագործում էր բիլիարդի զարկաձողիկը եւ հաճախ այնպես էր կատաղում, որ ձայնը կտրվում էր։ Դպրոցի դիրեկտորը վախենում էր, որ նա զարկաձողիկով կպատռի էկրանը։ Իսկ հետո ծովային նախկին սպան ոչ մի կերպ չէր կարողանում հանգստանալ եւ «Վայնշտուբում» բոլորը իրենց անհարմար էին զգում։ Նրա հետ խմում էին միայն դատախազն ու բանկիրը, եւ նրանք նստել էին առանձին սեղանի մոտ։ Հերր Լենտը, որը Հռենոսի ծնունդ էր, չցանկացավ գալ դասախոսությանը։ Այնտեղ նստած էին վիեննացի ամուսիններ, որոնք եկել էին դահուկներով զբոսնելու, բայց չէին ցանկացել բարձրանալ լեռները եւ հետո մեկնել էին Ցուրս, որտեղ, ինչպես լսեցի, մնացել էին ձյան փլվածքի տակ։ Ամուսինն ասաց, թե դասախոսը այն խոզերի թվին է պատկանում, որոնք արդեն կործանել են Գերմանիան եւ այն կրկին կկործանեն քսան տարի հետո։ Նրա կինը նրան ֆրանսերեն ասաց, որ լռի․ փոքրիկ բնակավայր է եւ հայտնի չէ, թե քեզ ով է լսում։
Այն տարի շատ մարդ զոհվեց ձյունափլվածքներից։ Առաջին նշանակալից աղետը տեղի ունեցավ լեռներից դենը՝ Լեխում, Արբերգում։ Մի խումբ գերմանացիներ որոշել էին ծննդյան տոներին դահուկներով զբոսնել հերր Լենտի հետ։ Այն տարի ձյունը ուշ էր եկել, եւ երբ տեղաց առաջին խոր ձյունը, լեռնալանջերը դեռեւս շիկացած էին արեւի ճառագայթներից։ Ձյունը խորն էր, փափուկ եւ ամենեւին չէր կպչում հողից։ Դահուկավազքի պայմանները շատ վտանգավոր էին եւ հերր Լենտը բեռլինցիներին հեռագրեց, որ նրանք չգան։ Բայց նրանք արձակուրդի մեջ էին, ոչինչ չէին հասկանում դահուկային սպորտից եւ չէին վախենում ձյունափլվածքներից։ Նրանք ժամանեցին Լեխ, բայց հերր Լենտը հրաժարվեց նրանց հետ գնալ։ Նրանցից մեկը նրան վախկոտ անվանեց, եւ նրանք ասացին, թե կգնան դահուկավազքի առանց նրա։ Ի վերջո նա նրանց առաջնորդեց դեպի ամենաանվտանգ լանջը, որպիսին միայն կարողացավ գտնել։ Նա ինքը իջավ, նրա հետեւից սկսեցին իջնել գերմանացիները, եւ սարալանջի ձյունը միանգամից փլվեց, մակընթաց ալիքի նման ծածկելով նրանց։ Տասներեք հոգու հանեցին ձյան տակից, բայց նրանցից ինը մեռած էին։ Լեռնադահուկային սպորտի դպրոցը մինչ այդ էլ հաջողակ չէր, իսկ դրանից հետո մենք մնացինք նրա թերեւս միակ աշակերտները։ Մենք սկսեցինք ջանասիրաբար ուսումնասիրել փլվածքները եւ սովորեցինք ինչպես տարբերել դրանք, ինչպես խուսափել դրանցից եւ ինչպես պահել մեզ՝ փլվածքի տակ ընկնելիս։ Այն տարվա իմ գրեթե բոլոր գործերը գրել եմ ձյունափլվածքների շրջանում։
Այդ ձմռան իմ ամենասարսափելի հուշը կապված էր մի մարդու հետ, որին փորել֊հանել էին փլվածքի տակից։ Նա, ինչպես մեզ սովորեցրել էին, պպզել էր եւ ձեռքերը ծալել գլխին, որպեսզի, երբ վերեւից ձյուն է թափվում, օդային տարածություն գոյանա։ Դա մեծ փլվածք էր, եւ բոլորին փորել֊հանելու համար շատ ժամանակ էր պահանջվում, իսկ այդ մարդուն վերջինն էին գտել։ Նա նոր էր մեռել եւ վիզը այնքան էր քերծվել, որ ջլերն ու ոսկորները երեւում էին։ Նա գլուխը շարունակ շրջել էր, եւ վիզը կոշտ ձյան հետ շփվելով, քերծվել էր։ Փլվածքը, ըստ երեւույթին, նոր եկած ձյան հետ մեկտեղ քշել֊բերել էր նաեւ հին, արդեն կարծրացած ձյունը։ Մենք այդպես էլ չկարողացանք որոշել՝ դիտավորյա՞լ էր այդպես արել, թե՞ խելագարված է եղել։ Սակայն տեղի քահանան, միեւնույն է հրաժարվեց նրան թաղել սուրբ հողում, որովհետեւ հայտնի չէր՝ նա կաթոլիկ է, թե ոչ։
Երբ մենք ապրում էինք Շրունսում, հաճախ էինք երկար զբոսանքներ կատարում հովտով դեպի վեր մինչեւ պանդոկ, որտեղ գիշերում էինք Մադլեներ֊Հաուս բարձրանալուց առաջ։ Դա մի գեղեցիկ, հինավուրց պանդոկ էր, եւ նրա այն սենյակի փայտե պատերը, որտեղ մենք ուտում ու խմում էինք, երկար տարիների ընթացքում ասես թե հղկվել֊ողորկվել էին։ Այդպես էին նաեւ սեղանն ու աթոռները։ Մենք մեծ մահճակալին, փետրալից վերմակի տակ քնում էինք միմյանց սեղմված, եւ պատուհանները բաց, աստղերը այնքա՜ն մոտ ու վառ էին լինում։ Առավոտյան, նախաճաշից հետո, մենք բաժանում էինք բեռը եւ մթության մեջ սկսում վերելքը, իսկ աստղերը այնքա՜ն մոտ էին լինում ու այնքան վառ, եւ մենք դահուկները տանում էինք մեր ուսերին։ Բեռնակիրների դահուկները կարճ էին, եւ նրանք տանում էին ամենածանր բեռը։ Մենք մեր միջեւ մրցում էինք, թե ով կտանի ամենածանր բեռը, բայց ոչ ոք չէր կարողանում չափվել բեռնակիրների՝ թիկնեղ ու լռակյաց այդ գյուղացիների հետ, որոնք միայն Մոնտաֆոնի բարբառով էին խոսում, բարձրանում էին բեռնակիր ձիերի անշտապ համառությամբ, իսկ վերեւում, ձյունածածկ սառցադաշտի եզրին, որտեղ կանգնած էր Ալպիական ակումբի խրճիթը, բեռը նետում էին նրա քարե պատի մոտ, պահանջում պայմանավորվածից ավելի վճարել եւ սակարկությունը ավարտելով, իրենց կարճ դահուկներով ներքեւ սլանում, ասես առասպելական թզուկներ լինեին։
Մենք բարեկամացել էինք մի դեռատի գերմանուհու հետ, որ մեզ հետ դահուկավազքի էր գալիս։ Նա լավ լեռնադահուկորդուհի էր, միջահասակ էր, գեղեցիկ կազմվածքով եւ վերցնում էր իմի չափ ծանր ուսապարկ, բայց կարող էր այն ինձնից ավելի երկար տանել։
— Այդ բեռնակիրները մեզ այնպես են նայում, ասես հաշվում են, թե ինչպես են ներքեւ տանելու մեր դիակները,— ասաց նա,— ես դեռեւս երբեք չեմ լսել, որ նրանք մի գին նշանակեն եւ վերելքից հետո ավելցուկ չպահանջեն։
Ձմեռը Շրունսում ես մորուք էի թողել արեւից պաշտպանվելու համար, որ լեռներում ձյունի մեջ վառում էր, եւ սափրվելու նեղություն չէի կրում։ Մի անգամ ուշ երեկոյան, գերանների փոխադրման համար բացված ճռիկով ինձ հետ միասին ներքեւ իջնելով, հերր Լենտն ասաց, թե Շրունսի մոտի ճանապարհներում հանդիպած գյուղացիները ինձ անվանում են Սեւ Քրիստոս։ Իսկ ոմանք էլ, երբ «Վայնշտուբե» են գալիս, ինձ անվանում են Բալի թրմօղի խմող Սեւ Քրիստոս։ Իսկ այն գյուղացիների համար, որոնք բնակվում են Մոնտաֆոնի հեռավոր վերին ծայրում, որտեղ մենք Մադլեներ֊Հաուս բարձրանալու համար բեռնակիրներ ենք վարձում, մենք բոլորս օտարերկրյա սատանաներ էինք, որոնք լեռներն են բարձրանում, երբ մարդկանց պետք չէ այնտեղ գնալ։ Մեր օգտին չէր խոսում նաեւ այն, որ մենք վերելքը սկսում էինք նախքան արեւածագը, որպեսզի ձյունափլվածքի վայրերը անցնենք ավելի շուտ, քան արեւը դրանք կդարձներ հատկապես վտանգավոր։ Դա միայն ապացուցում էր, որ մենք խորամանկ ենք, ինչպես բոլոր օտարերկրյա սատանաները։
Ես հիշում եմ սոճու անտառի հոտը, եւ անտառահատների խրճիներում՝ հաճարենու տերեւներով լցված ներքնակները, եւ անտառում, աղվեսի կամ նապաստակի հետքերով կատարված զբոսանքները։ Հիշում եմ, բարձր լեռներում, անտառների գոտուց վեր, ես այնքան ժամանակ գնացի աղվեսի հետքով, մինչեւ նկատեցի նրան եւ տեսա, թե նա ինչպես կանգ առավ բարձրացնելով առջեւի աջ ոտքը, հետո մի պահ քարացավ ու ցատկեց։ Հիշում եմ ճերմակությունն ու թեւերի թափահարումը լեռնային կաքավի, որ աղմուկով վեր թռավ ձյան միջից ու թաքնվեց ժայռի ետեւում։
Ես հիշում եմ ձյան բոլոր տեսքերը, որ քամին է ստեղծում, եւ այն բոլոր ծուղակները, որ նրանք թաքցրած պահում են դահուկորդների համար։ Եվ ձյունահողմերն եմ հիշում, որ բարձրացան, երբ մենք Ալպիական ակումբի խրճիթում նստած ստեղծում էինք անհայտ նոր աշխարհ, այնպես որ ստիպված եղանք ճանապարհը այնքան զգուշորեն բացել, ասես մինչ այդ մենք այդտեղ երբեք չենք եղել։ Բայց մենք իրոք առաջ այդտեղ երբեք չենք եղել, որովհետեւ շուրջ բոլորը ամեն ինչ նոր տեսք էր ստացել։ Ի վերջո, գարնան մոտերքին, վրա հասավ գլխավորը՝ վայրէջքը սառցադաշտով՝ ուղիղ ու հարթ, անվերջ ուղիղ, միայն թե ոտքերդ դիմանան, եւ մենք սլանում էինք կռացած, ոտքերի կոճերը իրար միացրած, այդ անվերջ անկման մեջ, ձյունափոշու անաղմուկ վշշոցի մեջ մեզ արագության ձեռքը հանձնած։ Դա ամեն տեսակի թռիչքից լավ էր, աշխարհում ամեն ինչից լավ, իսկ անհրաժեշտ կոփվածքը մենք ստացել էինք ծանր ուսապարկերով կատարված երկարատեւ վերելքների ժամանակ։ Մենք ո՛չ կարող էինք վերելք գնել, ո՛չ էլ տոմս վերցնել մինչեւ գագաթը։ Այդ նպատակի համար մենք աշխատել էինք ամբողջ ձմեռը եւ այն, ինչ մեզ սովորեցրել է ձմեռը, հնարավոր էր դարձրել հասնելու այդ նպատակին։
Երբ լեռներում մենք մեր վերջին տարին էինք անցկացնում, մեր կյանքի մեջ արդեն խորապես մտել էին նոր մարդիկ, եւ ամեն ինչ փոխվել էր։Ձյունափլվածքների ձմեռը մանկության երջանիկ ու անմեղ ձմեռ էր հաջորդ ձմռան, ուրախության դիմակի տակ՝ մղձավանջային ձմռան եւ նրան փոխարինած սպանիչ ամռան համեմատությամբ։ Դա այն տարին էր, երբ այնտեղ հայտնվեցին հարուստները։
Հարուստները միշտ ունեն իրենց լոցման֊ձուկը, որը նրանց համար հետախուզում է ճանապարհը․ նա հաճախ վատ է լսում, հաճախ վատ է տեսնում, բայց միշտ հոտոտում֊գտնում է հարմարվողներին ու չափազանց բարեկիրթներին։ Լոցման֊ձուկը այսպես է ասում․ «Դե, չգիտեմ։ Չէ, այնքան էլ չէ։ Բայց նրանք երկուսն էլ ինձ շատ են դուր գալիս։ Նրանք ինձ շատ են դուր գալիս։ Սատանան տանի, Հեմ, նրանք ինձ, ճիշտն ասած, դուր են գալիս։ Ես գիտեմ, թե դուք ինչ եք ակնարկում, բայց նրանք, ճիշտն ասած, ինձ դուր են գալիս եւ նրա մեջ ինչ֊որ հմայիչ բան կա։ (Նա տալիս է կնոջ անունը, հաճույքով արտասանելով այն)։ Դե, Հեմ, թողեք ձեր քմահաճույքները եւ մի՛ համառեք։ Նրանք, ճիշտն ասած, ինձ դուր են գալիս։ Ազնիվ խոսք, երկուսն էլ դուր են գալիս։ Նա ձեզ դուր կգա (նա տալիս է տղամարդու քաղցր֊մեղցր մականունը), երբ դուք նրա հետ մոտիկից ծանոթանաք։ Չէ, ճիշտը, նրանք երկուսն էլ ինձ դուր են գալիս»։
Իսկ հետո հայտնվում են հարուստները, եւ ամեն ինչ անդառնալիորեն փոխվում է։ Լոցման֊ձուկը, իհարկե չքանում է։ Այդ մարդը միշտ մեկնում է որեւէ տեղ կամ որեւէ տեղից վերադառնում է եւ ոչ մի տեղ երկար չի մնում։ Նա քաղաքականության մեջ կամ թատրոնում երեւում ու անհետանում է ճիշտ այնպես, ինչպես երեւում ու անհետանում է տարբեր երկրներում եւ մարդկանց կյանքում, քանի դեռ ջահել է։ Նրան հնարավոր չէ բռնել, եւ հարուստները նրան չեն որսում։ Նրան ոչ ոք չի որսում եւ բռնվում են միայն նրանք, ովքեր վստահել են նրան, ուստի կործանվում են։ Նա ունի շանորդու անփոխարինելի կոփվածք եւ մորմոքվում է փողի նկատմամբ տածած սիրով, որը երկար ժամանակ մնում է անպատասխան։ Վերջ ի վերջո նա ինքն էլ է հարստանում եւ յուրաքանչյուր ձեռք բերած դոլլարի հետ մեկտեղ, դոլլարի լայնքով մեկ շարժվում է դեպի աջ։
Այդ հարուստները նրան սիրել են եւ վստահել, որովհետեւ նա եղել է ամոթխած, զվարճալի, անորսալի, արդեն գործել է իր ասպարեզում, ինչպես նաեւ նրա համար, որ նա եղել է անսխալ հոտառությամբ օժտված լոցման֊ձուկ։
Երբ երկու հոգի սիրում են իրար, երբ նրանք երջանիկ են եւ ուրախ ու նրանցից մեկը կամ երկուսով միասին ինչ֊որ իրոք լավ բան են ստեղծում, նրանք մարդկանց այնպես ուժեղ են առինքնում, ինչպես գիշերը վառ փարոսն է հրապուրում չվող թռչուններին։ Եթե այդ երկու հոգին նույնքան կայուն լինեն, որքան փարոսը, ապա կջարդվեն միայն թռչունները։ Նրանք, ում երջանկությունն ու հաջող աշխատանքը գրավում են մարդկանց, սովորաբար անփորձ են լինում եւ միամիտ։ Նրանք չեն կարողանում դիմակայել ճնշմանը եւ չեն կարողանում հեռանալ ժամանակին։ Միշտ չէ, որ նրանք կարող են պաշտպանվել բարի, սիրալիր, հմայիչ, ազնիվ, զգայուն հարուստներից, որոնք այնքա՜ն շուտ են սեր նվաճում, որոնք զերծ են թերություններից եւ որոնք իրենց յուրաքանչյուր օրը վերածում են ֆիեստայի<ref>Ֆիեստա — տոն (իսպ․)։</ref> եւ կշտանալով հեռանում են, իրենց ետեւում թողնելով մեռյալ անապատ, ինչպիսին չեն թողել Աթիլլայի ձիերի սմբակները։
Հարուստները եկան լոցման֊ձկան առաջնորդությամբ։ Դեռեւս մեկ տարի առաջ նրանք երեւի չգային։ Այն ժամանակ նրանք վստահ չէին։ Ե՛վ աշխատանքն էր լավ գնում, ե՛ւ երջանկությունն էր շատ, նույնիսկ չափից ավելի, բայց վեպը դեռեւս գրված չէր, ուստի նրանք վստահ չէին։ Նրանք իրենց ժամանակն ու իրենց հմայքը ծախսում էին միայն ապահովաբար։ Այլ կերպ ինչպե՞ս կարելի է։ Պիկասոն ապահով խաղաթուղթ է․ եւ դա այդպես է եղել նույնիսկ նախքան նրանք կլսեին, թե ընդհանրապես գոյություն ունի գեղանկարչություն։ Նրանք վստահ էին նաեւ մի այլ նկարչի նկատմամբ։ Եվ էլի շատ ուրիշների։ Բայց այժմ արդեն նրանց մոտ վստահություն է երեւան եկել։ Լոցման֊ձուկը նրանց տեղեկացրել է, որ ճանապարհը բաց է, եւ ինքը եւս եկել է, որպեսզի մենք նրանց չդիմավորենք որպես օտարների եւ որպեսզի ես քմահաճույքներ չբանացնեմ։ Չէ որ լոցման֊ձուկը այն ժամանակ մեր բարեկամն է եղել։
Այն տարիներին ես լոցման֊ձկանը այնպես էի հավատում, ինչպես հավատում էի «Միջերկրական ծովի համար նավագնացության հրահանգների՝ Հիդրոգիտական վարչության ուղղված հրատարակությանը» կամ «Բրաունի նավագնացության ալմանախի» աղյուսակներին։ Ենթարկվելով այդ հարուստների հմայքին, ես դարձա ապուշ ու դյուրահավատ, պոյնտեր շան պես, որը պատրաստ է գնալու որսորդական հրացան կրող յուրաքանչյուր մարդու հետեւից կամ կրկեսի վարժեցված խոզի նման, որը վերջապես գտել է մեկին, ով նրան սիրում է ու գնահատում հենց հանուն նրա։ Այն, որ յուրաքանչյուր օրը անհրաժեշտ է վերածել ֆիեստայի, ինձ հրաշալի հայտնագործություն թվաց։ Ես նույնիսկ բարձրաձայն մի հատված կարդացի վեպից, որի վրա աշխատում էի, իսկ դրանից ավելի ստորանալ չի կարող եւ ոչ մի գրող, եւ նրա համար՝ որպես գրողի դա առավել վտանգավոր է, քան ոտքերը դահուկներին չամրացրած վիճակում սառցադաշտով սահելը, երբ ձմռան ձյունը դեռեւս հաստ շերտով չի փակել բոլոր ճաքվածքները։
Երբ նրանք ասում էին․ «Դա հանճարեղ բան է, Եռնեստ։ Իրոք հանճարեղ։ Դուք ուղղակի չեք հասկանում, թե դա ինչ է», ես բերկրանքով խաղացնում էի պոչս եւ սուզվում կյանքի՝ որպես անվերջ ֆիեստայի պատկերացման մեջ, հուսալով ափ հանել որեւէ գեղեցիկ փայտիկ, փոխանակ մտածեի՝ «այս շան թուլաներին վեպս դուր է գալիս․ ի՞նչն է նրա մեջ վատ»։ Ես հենց այդպես էլ կմտածեի, եթե ինձ պահեի որպես պրոֆեսիոնալ, բայց եթե ինձ պահեի որպես պրոֆեսիոնալ, ես երբեք վեպս նրանց չէի կարդա։
Բայց նախքան այդ հարուստների գալը, մեզ արդեն կպչել էին այլ հարուստներ, որոնք դիմել էին աշխարհի չափ հին մի միջոցի։ Այն կայանում է նրանում, որ երիտասարդ չամուսնացած կինը ժամանակավորապես դառնում է երիտասարդ ամուսնացած կնոջ լավագույն ընկերուհին, հյուր է գալիս մարդ ու կնոջը եւ հետո աննկատելիորեն, անմեղ ու անողոքաբար անում է ամեն ինչ, որպեսզի մարդուն ամուսնացնի իր հետ։ Երբ մարդը գրող է եւ զբաղված է դժվար գործով, այնպես որ նա գրեթե շարունակ զբաղված է եւ օրվա մեծ մասը չի կարող իր կնոջ համար լինել ո՛չ զրուցակից, ո՛չ ուղեկից, այդպիսի ընկերուհու հայտնվելը իր առավելություններն ունի, քանի դեռ չի պարզվել, թե դեպի ուր է տանում դա։ Երբ մարդը ավարտում է աշխատանքը, իր կողքին տեսնում է երկու գրավիչ կանանց։ Մեկը՝ անսովոր ու առեղծվածային, եւ եթե նրա բախտը չբանի, նա երկուսին էլ կսկսի սիրել։
Այն ժամանակ իրենց երկուսի ու իրենց երեխայի փոխարեն, նրանք դառնում են երեք։ Սկզբում դա կայտառացնում եւ ուրախացնում է, եւ այդպես շարունակվում է որոշ ժամանակ։ Ամենավատ բանը սկսվում է ամենաանմեղ բանից։ Եվ դու սկսում ես ապրել այսօրվա օրով, բավականություն ես ստանում նրանից, ինչ ունես եւ ոչ մի բանի մասին չես մտածում։ Դու կեղծում ես, եւ դա քեզ զզվանք է պատճառում, եւ դա քեզ կործանում է ու յուրաքանչյուր օր ավելի մեծ վտանգ է սպառնում, բայց դու սոսկ այսօրվա օրով ես ապրում, ինչպես պատերազմում։
Հրատարակիչների հետ կապված հարցը կարգավորելու համար ես հարկադրված էի հեռանալ Շրունսից, մեկնել Նյու֊Յորք։ Ես Նյու֊Յորքում ավարտեցի գործերս եւ երբ վերադարձա Փարիզ, պետք է նստեի Արեւելյան կայարանից Ավստրիա մեկնող առաջին իսկ գնացքը։ Բայց այն կինը, որին ես սիրահարված էի, այն ժամանակ գտնվում էր Փարիզում, եւ ես չնստեցի ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ եւ ո՛չ էլ երրորդ գնացքը։
Երբ կայարանում, գերանների կույտի մոտ գնացքը դանդաղեցրեց ընթացքը եւ ենց գծի մոտ ես կրկին տեսա կնոջս, մտածեցի, որ ավելի լավ է մեռնեմ, քան նրանից բացի սիրեմ որեւէ մեկին։ Նա ժպտում էր, եւ արեւը լուսավորել էր նրա՝ արեւից ու ձյունից վառված սիրելի դեմքն ու գեղեցիկ մարմինը եւ կարմիր ոսկի դարձրել նրա մազերը, իսկ նրա կողքին կանգնել էր միստր Բամբին՝ թմբլիկ, լուսավարս, սառնամանիքից կարմրած թշերով, Ֆորարլբերգի իսկական ծնունդ։
— Ախ, Տետի, —ասաց, երբ գրկել էի նրան,— դու վերադարձար եւ ամեն ինչ լավ է։ Ես քեզ սիրում եմ եւ առանց քեզ մենք շատ տխուր էինք։
Ես սիրում էի միայն նրան եւ ուրիշ ոչ ոքի։ Եվ քանի դեռ մենք երկուսով էինք, կյանքը կրկին հրաշք էր։ Ես լավ էի աշխատում, մենք հեռավոր զբոսանքների էինք դուրս գալիս, եւ ես մտածում էի, որ մենք կրկին անխոցելի ենք։ Եվ միայն երբ ուշ աշնանը մենք հեռացանք լեռներից ու վերադարձանք Փարիզ, այն մյուս բանը կրկին սկսվեց։
Այդպես ավարտվեց Փարիզում իմ կյանքի առաջին փուլը։ Փարիզը այլեւս երբեք այնպիսին չի դառնա, ինչպիսին էր առաջ, թեեւ նա միշտ մնում է որպես Փարիզ, եւ դու էլ փոխվել ես նրա հետ միասին։ Մենք այլեւս չգնացինք Ֆորարլբերգ, եւ հարուստներն էլ չգնացին։
Փարիզը անվախճան է, եւ յուրաքանչյուրը, ով այնտեղ ապրել է, նրան հիշում է յուրովի։ Մենք միշտ վերադառնում էինք այնտեղ, ինչ էլ դառած լինեինք եւ որքան էլ նա փոխված լիներ, որքան էլ հեշտ կամ դժվար լիներ այնտեղ ընկնելը։ Փարիզը արժե դրան, եւ դու միշտ լիուլի ստացել ես այն ամենի համար, ինչ տվել ես նրան։ Բայց Փարիզն այնպիսին էր այն հեռավոր օրերին, երբ մենք շա՜տ աղքատ էինք եւ շա՜տ երջանիկ։