Changes
Այն տարիներին ես լոցման֊ձկանը այնպես էի հավատում, ինչպես հավատում էի «Միջերկրական ծովի համար նավագնացության հրահանգների՝ Հիդրոգիտական վարչության ուղղված հրատարակությանը» կամ «Բրաունի նավագնացության ալմանախի» աղյուսակներին։ Ենթարկվելով այդ հարուստների հմայքին, ես դարձա ապուշ ու դյուրահավատ, պոյնտեր շան պես, որը պատրաստ է գնալու որսորդական հրացան կրող յուրաքանչյուր մարդու հետեւից կամ կրկեսի վարժեցված խոզի նման, որը վերջապես գտել է մեկին, ով նրան սիրում է ու գնահատում հենց հանուն նրա։ Այն, որ յուրաքանչյուր օրը անհրաժեշտ է վերածել ֆիեստայի, ինձ հրաշալի հայտնագործություն թվաց։ Ես նույնիսկ բարձրաձայն մի հատված կարդացի վեպից, որի վրա աշխատում էի, իսկ դրանից ավելի ստորանալ չի կարող եւ ոչ մի գրող, եւ նրա համար՝ որպես գրողի դա առավել վտանգավոր է, քան ոտքերը դահուկներին չամրացրած վիճակում սառցադաշտով սահելը, երբ ձմռան ձյունը դեռեւս հաստ շերտով չի փակել բոլոր ճաքվածքները։
Երբ նրանք ասում էին․ «Դա հանճարեղ բան է, Եռնեստ։ Էռնեստ։ Իրոք հանճարեղ։ Դուք ուղղակի չեք հասկանում, թե դա ինչ է», ես բերկրանքով խաղացնում էի պոչս եւ սուզվում կյանքի՝ որպես անվերջ ֆիեստայի պատկերացման մեջ, հուսալով ափ հանել որեւէ գեղեցիկ փայտիկ, փոխանակ մտածեի՝ «այս շան թուլաներին վեպս դուր է գալիս․ ի՞նչն է նրա մեջ վատ»։ Ես հենց այդպես էլ կմտածեի, եթե ինձ պահեի որպես պրոֆեսիոնալ, բայց եթե ինձ պահեի որպես պրոֆեսիոնալ, ես երբեք վեպս նրանց չէի կարդա։
Բայց նախքան այդ հարուստների գալը, մեզ արդեն կպչել էին այլ հարուստներ, որոնք դիմել էին աշխարհի չափ հին մի միջոցի։ Այն կայանում է նրանում, որ երիտասարդ չամուսնացած կինը ժամանակավորապես դառնում է երիտասարդ ամուսնացած կնոջ լավագույն ընկերուհին, հյուր է գալիս մարդ ու կնոջը եւ հետո աննկատելիորեն, անմեղ ու անողոքաբար անում է ամեն ինչ, որպեսզի մարդուն ամուսնացնի իր հետ։ Երբ մարդը գրող է եւ զբաղված է դժվար գործով, այնպես որ նա գրեթե շարունակ զբաղված է եւ օրվա մեծ մասը չի կարող իր կնոջ համար լինել ո՛չ զրուցակից, ո՛չ ուղեկից, այդպիսի ընկերուհու հայտնվելը իր առավելություններն ունի, քանի դեռ չի պարզվել, թե դեպի ուր է տանում դա։ Երբ մարդը ավարտում է աշխատանքը, իր կողքին տեսնում է երկու գրավիչ կանանց։ Մեկը՝ անսովոր ու առեղծվածային, եւ եթե նրա բախտը չբանի, նա երկուսին էլ կսկսի սիրել։