Changes
/* Գլուխ 10 */
Գնաց։
==Գլուխ 11==
Արդեն մթնում էր, երբ քահանան եկավ։ Ապուրը բերել էին, պնակները հավաքել, ու ես հիմա պառկած նայում էի մահճակալների շարքերին ու պատուհանից երևացող ծառերի կատարներին, որոնք թեթևակի օրորվում էին երեկոյան հովից։ Հովը ներս մտավ պատուհանից, ու ինչքան մոտենում էր գիշերը, այնքան զովանում էր եղանակը։ Ճանճերը կպել էին առաստաղին ու էլեկտրաքուղերից կախված լամպերին։ Լուսը վառում էին միայն այն ժամանակ, երբ նոր վիրավոր էին բերում կամ երբ ինչ֊որ բան էին անում պալատում։ Ես ինձ նորից փոքրիկ տղա զգացի, որովհետև աղջամուղջից հետո մութն էր իջել և այդ մթությունն էր իշխելու մինչև առավոտ։ Կարծես ընթրիքից հետո քեզ անկողին էին դնում։ Սանիտարն անցավ մահճակալների արանքով ու կանգ առավ։ Նրա հետ ինչ֊որ մեկն էլ կար։ Քահանան էր։ Կարճահասակ, թխադեմ, շփոթված, կանգնել էր իմ առաջ։
― Ինչպե՞ս եք, ― հարցրեց նա։
Ապա ինչ֊որ փաթեթներ դրեց հատակին, մահճակալի մոտ։
― Լավ եմ, հայր սուրբ։
Նստեց Ռինալդիի համար բերված աթոռին ու շփոթված դուրս նայեց պատուհանից։ Նկատեցի, որ հոգնած դեմք ուներ։
― Ես մի րոպեով եմ եկել, ― ասաց նա։ ― Ուշ է արդեն։
― Ուշ չէ։ Ի՞նչ կա մեզ մոտ։
Ժպտաց։
― Ինչպես միշտ, ձեռք են առնում ինձ։ ― Ձայնի մեջ էլ հոգնություն կար։ ― Փառք աստծո, բոլորն էլ լավ են։
― Շատ ուրախ եմ, որ դուք էլ լավ եք, ― ասաց նա։ ― Հուսով եմ, որ ցավեր չունեք։
Շատ հոգնած էր երևում, իսկ ես սովոր չէի նրան հոգնած տեսնել։
― Հիմա արդեն չի ցավում։
― Ճաշի ժամանակ միշտ զգում եմ ձեր բացակայությունը։
― Շատ եմ ուզում վերադառնալ։ Ինձ համար միշտ էլ հաճելի է եղել ձեզ հետ զրուցելը։
― Մի քանի փոքր բան եմ բերել ձեզ, ― ասաց նա ու փաթեթները վերցրեց գետնից։ ― Սա ցանց է մոծակների դեմ։ Սա վերմուտ է։ Սիրո՞ւմ եք վերմուտ։ Իսկ սրանք անգլիական թերթեր են։
― Բացեք, խնդրում եմ։
Նա ուրախացավ և սկսեց բացել փաթեթները։ Ես վերցրի մոծակների ցանցը։ Նա բարձրացրեց վերմուտի շիշը, որպեսզի ցույց տա ինձ, հետո դրեց հատակաին, մահճակալի դիմաց։ Կապոցի միջից անգլիական մի թերթ հանեցի ու այնպես պահեցի, որ պատուհանից գոնե մի թույլ լույս ընկներ վրան, ու մի կերպ կարողացա կարդալ վերնագիրը․ «Նյուս օվ ուորըդ»։
― Մյուսները պատկերազարդ են, ― ասաց նա։
― Մեծ հաճույքով կկարդամ։ Որտեղի՞ց եք ճարել։
― Մարդ եմ ուղարկել, որ բերեն Մեստրելից։ Էլի կուղարկեմ։
― Ինչ լավ արեցիք, որ եկաք, հայր սուրբ։ Վերմուտ կխմե՞ք։
― Շնորհակալություն։ Պահեք։ Դա ձեզ համար է։
― Ոչինչ, խմեք մի քիչ։
― Դե լավ։ Հաջորդ անգամ էլի կբերեմ։
Սանիտարը երկու բաժակ բերեց ու հանեց շշի խցանը։ Խցանը պոկոտվեց, և նա, ստիպված, մի մասը խոթեց շշի մեջ։ Նկատեցի, որ դա վշտացրեց քահանային, բայց և այնպես նա ասաց․
― Ոչինչ, ոչինչ։
― Ձեր կենացը, հայր սուրբ։
― Ձեր կենացը։
Հետո նա ձեռքում էր պահել բաժակը, ու մենք իրար էինք նայում։ Երբեմն փորձում էինք բարեկամական խոսակցություն սկսել, բայց այդ գիշեր ինչ֊որ չէր ստացվում։
― Ի՞նչ է պատահել, հայր սուրբ։ Շատ հոգնած եք երևում։
― Հոգնել եմ, բայց հոգնելու իրավունք չունեմ։
― Շոգից է։
― Ոչ։ Դեռ գարուն է, սիրտս է նեղվում։
― Զզվե՞լ եք պատերազմից։
― Ոչ, բայց ատում եմ պատերազմը։
― Ինձ համար էլ պատերազմում հաճելի ոչինչ չկա։
Նա շարժեց գլուխը ու դուրս նայեց պատուհանից։
― Բայց դա ձեզ չի խանգարում։ Դուք չեք տեսնում այն։ Ներեցեք։ Գիտեմ, որ վիրավորված եք։
― Դա պատահականություն էր։
― Միևնույն է, նույնիսկ վիրավորված վիճակում դուք այն չեք տեսնում։ Վստահ եմ։ Ես էլ չեմ տեսնում, բայց զզվում եմ մի քիչ։
― Մենք հենց այդ մասին էինք խոսում, երբ վիրավորվեցի։ Պասսինին էր խոսում։
Քահանան ցած դրեց բաժակը։ Ինչ֊որ ուրիշ բանի մասին էր մտածում։
― Ես հասկանում եմ նրանց, որովհետև ես էլ եմ նրանց նման, ― ասաց նա։
― Բայց դուք բոլորովին ուրիշ եք։
― Իսկ իրականում նման եմ։
― Սպաները ոչինչ չեն տեսնում։
― Ոչ բոլորը։ Կան նաև զգայուն սպաներ և նրանց համար ավելի ծանր է, քան՝ մեզ։
― Քիչ է նրանց թիվը։
― Խնդիրը ոչ կրթությունն է, ոչ էլ դրամը։ Այլ ինչ֊որ ուրիշ բան։ Եթե Պասսինիի նման մարդիկ նույնիսկ կրթություն և փող ունենային, միևնույն է, չէին ցանկանա սպա դառնալ։ Ես չէի ուզենա դառնալ։
― Բայց մեկ է, դուք արդեն սպա եք։ Ես էլ եմ սպա։
― Ոչ, մեկ չէ՝ դուք նույնիսկ իտալացի էլ չեք։ Օտար եք։ Բայց ավելի սպաներին եք մոտ, քան շարքայիններին։
― Ի՞նչն է տարբերությունը։
― Դժվարանում եմ ասել։ Կան մարդիկ, որոնք ուզում են կռվել։ Հատկապես այս երկրում։ Բայց կան նաև մարդիկ, որոնք կռվել չեն ուզում։
― Բայց առաջիններն ստիպում են։
― Այո։
― Ու ես փաստորեն օգնում եմ նրանց։
― Դուք օտար եք։ Եվ հայրենասեր։
― Իսկ նրանք, ովքեր չե՞ն ուզում կռվել։ Կարո՞ղ են պատերազմը խանգարել։
― Չգիտեմ։
Նորից պատուհանից դուրս նայեց։ Ես հետևում էի նրա դեմքին։
― Իսկ երբևէ կարողացե՞լ են խանգարել։
― Նրանք կազմակերպված չեն, դրա համար էլ ոչինչ չեն կարող խանգարել։ Իսկ երբ կազմակերպվում են, առաջնորդները դավաճանում են նրանց։
― Ուրեմն անհուսալի՞ է։
― Անհուսալի ոչինչ չկա։ Բայց երբեմն ես էլ եմ կորցնում հույսս։ Փորձում եմ միշտ հուսալ, բայց երբեմն չեմ կարողանում։
― Գուցե պատերազմը վերջանա մի օր։
― Հուսով եմ։
― Ի՞նչ եք անելու այն ժամանակ։
― Եթե հնարավոր լինի կվերադառնամ Աբրուցի։
Նրա թուխ դեմքը հանկարծ փայլեց երջանկությունից։
― Սիրո՞ւմ եք Աբրուցին։
― Այո։ Շատ եմ սիրում։
― Ուրեմն հենց այնտեղ էլ գնացեք։
― Դա մեծ երջանկություն կլիներ։ Եթե կարողանայի այնտեղ ապրել և աստծուն սիրել և ծառայել նրան․․․
― Եվ հարգանք վայելել, ― ասացի ես։
― Այո, հարգանք վայելել։ Իսկ ինչու ոչ։
― Իհարկե։ Եվ դուք կվայելե՛ք հարգանք։
― Դա կարևոր չէ։ Բայց այնտեղ, իմ հայրենիքում, բնական է համարվում աստծուն սիրելը։ Եվ ոչ թե կեղտոտ խաղ։
― Հասկանում եմ։
Նա ինձ նայեց ու ժպտաց։
― Հասկանում եք, բայց չեք սիրում աստծուն։
― Ոչ։
― Բնա՞վ չեք սիրում, ― հարցրեց նա։
― Գիշերները երբեմն վախենում եմ նրանից։
― Դուք պետք է սիրեք նրան։
― Ես քչերին եմ սիրում։
― Ոչ, ― ասաց նա։ ― Ճիշտ չեք։ Հիշո՞ւմ եք այն գիշերները, որոնց մասին պատմեցիք ինձ։ Դա սեր չէ։ Միայն կիրք է ու հեշտանք։ Երբ սիրում ես, ուզում ես ինչ֊որ բան անել հանուն սիրո։ Ուզում ես զոհել քեզ։ Ուզում ես ծառայել։
― Ես ոչ ոքի չեմ սիրում։
― Կսիրեք։ Գիտեմ, որ կսիրեք։ Եվ այն ժամանակ երջանիկ կլինեք։
― Լավ, ― ասացի ես։ ― Երբ հասկանամ, կասեմ ձեզ։
― Դա ուրիշ բան է։ Դուք այդ չեք հասկանա, մինչև որ չզգաք ձեր մաշկի վրա։
― Լավ, ― ասացի ես։ ― Երբ հասկանամ, կասեմ ձեզ։
― Երկար մնացի և շատ խոսեցի։
Նա անկեղծորեն անհանգստացել էր։
― Ոչ։ Մի գնացեք։ Իսկ սե՞րը կանանց հանդեպ։ Եթե իսկապես սիրեի որևէ կնոջ, նո՞ւյնը կլիներ։
― Չգիտեմ։ Ես ոչ մի կնոջ չեմ սիրել։
― Իսկ ձեդ մո՞րը։
― Այո, երևի սիրել եմ։
― Իսկ աստծուն մի՞շտ եք սիրել։
― Մանկությունից։
― Լավ, ― ասացի ես։ Չգիտեի ինչ ասել։ ― Դուք դեռ շատ երիտասարդ եք։
― Այո, երիտասարդ եմ, ― ասաց նա։ ― Բայց դուք ինձ հայր եք կոչում։
― Քաղաքավարություն է։
Նա ժպտաց։
― Արդեն իսկապես գնալու ժամանակն է, ― ասաց նա։ ― Որևէ բանի կարիք չունե՞ք, ― ակնկալությամբ հարցրեց նա։
― Ոչ։ Միայն խոսել ձեզ հետ։
― Ես ձեր կողմից կբարևեմ մերոնց։
― Շնորհակալություն նվերների համար։
― Չարժե։
― Նորից եկեք։
― Կգամ։ Ցտեսություն։ ― Նա թփթփացրեց ձեռքս։
― Գնաք բարով, ― ասացի ես բարբառով։
― Ciao, ― կրկնեց նա։
Սենյակում մութ էր, և սանիտարը, որ նստել էր մահճակալի ծայրին, վեր կացավ ու գնաց նրան ուղեկցելու։ Քահանան ինձ շատ էր դուր գալիս, ու երանի թե մի օր Աբրուցի վերադառնար։ Ճաշարանում նրա հոգին հանում էին, բայց նա համբերությամբ էր ամեն ինչ տանում, ու ես պատկերացնում էի, թե ինչպիսին էր նա իր հայրենիքում։ Պատմում էր, որ Կապրակոտտա քաղաքի ծայրին կարմրախայտով հարուստ մի գետ կա։ Գիշերներն արգելված էր ֆլեյտա նվագել։ Երիտասարդները սերենադ էին երգում, և միայն ֆլեյտան էր արգելված։ Հարցրի թե՝ ինչու։ Որովհետև աղջիկների համար վնասակար է գիշերները ֆլեյատայի նվագ լսել։ Գյուղացիները քեզ դոն են կոչում և հանդիպելիս գլխարկ հանում։ Նրա հայրն ամեն օր որսորդության էր գնում և գյուղացիների խրճիթներում էր ուտում։ Դա մեծ պատիվ էր նրանց համար։ Եթե օտարերկրացին ուզում էր որսորդությամբ զբաղվելու թույլտվություն ստանալ, պիտի տեղեկանք ներկայացներ, որ երբեք չի բանտարկվել։ Gran Sasso d' Italia-ում արջեր կային, բայց դա շատ հեռու էր։ Ակուիլան գեղեցիկ քաղաք էր։ Ամռան երեկոները զով էին, իսկ Աբրուցիի նման գարուն ամբողջ Իտալիայում չկա։ Բայց ամենից լավը աշունն էր, երբ կարելի էր որս անել շագանակակիների անտառում։ Այնտեղ հիանալի թռչուն էր լինում, որովհետև խաղողով էին սնվում նրանք։ Եվ նախաճաշ վերցնելու ոչ մի կարիք չկար, որովհետև գյուղացիների համար մեծ պատիվ էր, եթե խրճիթ մտնեիր և ուտեիր նրանց հետ։ Քիչ անց ես քնեցի։
<references />