Changes
/* Գլուխ 16 */
― Տեսնո՞ւմ ես։ Գոհ ես։ Ես անում եմ այն, ինչ դու ես ուզում։
==Գլուխ 17==
Երբ վիրահատությունից հետո արթնացա, վերանալու զգացում չկար։ Այսպիսի դեպքերում չես վերանում։ Պարզապես շնչահեղձ ես լինում։ Դա նման չէ մահվան։ Դա գազից առաջացող շնչահեղձություն է, այնպես որ, ոչինչ չես զգում, իսկ հետո քեզ թվում է, թե սաստիկ հարբած ես եղել, բացառությամբ այն պահերի, երբ փսխում ես և միայն մաղձ է դուրս գալիս ու վիճակդ չի փոխվում։ Մահճակալի ծայրին ավազով լցված պարկեր տեսա, որոնք ձգում էին գիպսեկապից ցցված ձողերը։ Քիչ անց տեսա նաև միսս Գեյջին, ու նա հարցրեց։
― Ինչպե՞ս եք հիմա։
― Ավելի լավ, ― ասացի ես։
― Նա հրաշալի վիրահատեց ձեր ծունկը։
― Ինչքա՞ն տևեց։
― Երկու ու կես ժամ։
― Հիմար բաներ դուրս տվի՞։
― Ոչ մի բան։ Մի խոսեք։ Հանգիստ պառկեք։
Սիրտս խառնում էր։ Եվ ճիշտ էր ասում Կետրինը։ Ինձ համար միևնույն էր, թե ով է հերթապահում գիշերը։
Հիվանդանոցում, բացի ինձնից, երեք նոր հիվանդ կային։ Նրանցից մեկը ջորջիացի էր, աշխատում էր կարմիր խաչում, նիհարակազմ էր և դողերոցք ուներ։ Մյուսը Նյույորքցի հիանալի մի տղա էր, նա էլ էր նիհար, դողերոցք ու դեղնախտ ուներ։ Իսկ երրորդը հոյակապ տղա էր, որի խելքին փչել էր քանդել ավստրիական շրապնելի հեռացույց խողովակի փականը և հուշանվեր վերցնել։ Դա շրապնելաֆուգասային կոմբինացված ռումբ էր, որ ավստրիացիներն օգտագործում էին լեռներում։ Այդ ռումբը կրկնակի գործողության հեռացույց խողովակ ուներ։
Հիվանդապահուհիները շատ էին սիրում Կետրին Բարկլիին, որովհետև նա միշտ պատրաստ էր գիշերները հերթապահելու։ Դողերոցքով տառապողներն առանձնապես խնամքի կարիք չունեին, իսկ երրորդ հիվանդը, որ հանել էր պայթուցիչի փականը, մեր ընկերն էր և միայն խիստ անհրաժեշտության դեպքում էր զանգում գիշերները, և աշխատանքից ազատ ժամերին Կետրինը միշտ ինձ հետ էր լինում։ Ես շատ էի սիրում նրան, նա էլ՝ ինձ։ Ցերեկները քնում էի, իսկ եբր քնած չէինք, երկտող էինք գրում իրար և ուղարկում միսս Ֆերգյուսոնի միջոցով։ Ֆերգյուսոնը հիանալի աղջիկ էր։ Ես ոչինչ չգիտեի նրա մասին, գիտեի միայն, որ եղբայրներից մեկը հիսուներկուերորդ դիվիզիայում է, իսկ մյուսը՝ Միջագետքում, մեկ էլ այն, որ նա շատ էր կապված Կետրին Բարկլիին։
― Կգա՞ք մեր հարսանիքին, ― մի անգամ հարցրի նրան։
― Դուք երբեք չեք ամուսնանա։
― Կամուսնանանք։
― Ոչ, չեք ամուսնանա։
― Ինչո՞ւ։
― Կգժտվեք մինչև հարսանիքը։
― Մենք երբեք չենք գժտվել։
― Դեռ շատ ժամանակ կա։
― Մենք երբեք չենք գժտվի։
― Ուրեմն, կմեռնեք։ Կամ կգժտվեք, կամ կմեռնեք։ Միշտ այդպես է լինում։ Ոչ ոք չի ամուսնանում։
Ուզեցի բռնել նրա ձեռքը։
― Չդիպչեք ինձ, ― ասաց նա։ ― Ես չեմ արտասվի։ Գուցե ամեն ինչ լավ լինի ձեր կյանքում։ Բայց այնպես արեք, որ բան չպատահի նրան։ Եթե ձեր պատճառով նրան մի բան պատահի, ես կսպանեմ ձեզ։
― Ոչինչ չի պատահի։
― Դե, ուրեմն, իմացեք։ Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի ձեր կյանքում։ Հիմա երկուսդ էլ լավ եք զգում։
― Հիանալի ենք զգում։
― Դե, ուրեմն, մի գժտվեք։ Եվ այնպես արեք, որ բան չպատահի նրան։
― Մի անհանգստացեք։
― Լավ հիշեք։ Չեմ ուզում, որ մենակ մնա, պատերազմից ծնված երեխան ձեռքին։
― Դուք հիանալի աղջիկ եք, Ֆերջի։
― Ոչ մի հիանալի։ Մի քծնեք։ Ինչպե՞ս է ձեր ոտքը։
― Լավ է։
― Իսկ գլո՞ւխը։ ― Մատները դիպան գլխիս։ Եթե փայտացած ոտքիս կպչեին, երևի նույն զգացողությունն ունենայի։
― Ինձ երբեք չի անհանգստացնում։
― Այդպիսի ուռուցքից հետո շատ հեշտ էր ուղեղի խանգարում ստանալ։ Բնա՞վ չի անհանգստացնում։
― Բնավ։
― Երջանիկ մարդ եք։ Գրեցի՞ք երկտողը։ Հիմա իջնելու եմ։
― Վերցրեք, ― ասացի ես։
― Խնդրեցեք, որ ժամանակավորապես հրաժարվի հերթապահությունից։ Շատ է հոգնում։
― Լավ, կասեմ։ Ես էի ուզում հերթապահ լինել, բայց նա չի թողնում։ Մյուսներն ուրախությամբ են իրենց հերթը զիջում։ Թող հանգստանա մի քիչ։
― Լավ։
― Միսս Վան Քամփենն արդեն խոսում է, որ դուք մինչև կեսօր քնում եք։
― Այդպես էլ գիտեի։
― Լավ կլիներ պնդեիք, որ գոնե մի քանի գիշեր չհերթապահեր։
― Ես էլ եմ ուզում։
― Ոչինչ էլ չեք ուզում։ Բայց եթե կարողանաք համոզել, ես կհարգեմ ձեզ։
― Կհամոզեմ։
― Չեմ հավատում։
Նա երկտողը վերցրեց ու դուրս եկավ։ Սեղմեցի զանգի կոճակը, և քիչ անց մտավ միսս Գեյջը։
― Ի՞նչ է պատահել։
― Ուզում էի խոսել ձեզ հետ։ Չեք կարծո՞ւմ, որ միսս Բարկլիին գոնե մի քանի օր պետք է ազատել հերթապահությունից, որպեսզի մի քիչ հանգստանա։ Սարսափելի հոգնած տեսք ունի։ Ինչո՞ւ է այդքան երկար հերթապահում։
― Միսս Գեյջն ինձ նայեց։
― Ես ձեր բարեկամն եմ, ― ասաց նա։ ― Կարիք չկա ինձ հետ այդ ձևով խոսել։
― Ի՞նչ եք ուզում ասել։
― Հիմար մի ձևացեք։ Սա՞ էր ձեր ասելիքը։
― Վերմուտ ուզո՞ւմ եք։
― Մի քիչ կխմեմ։ Բայց հետո անմիջապես կգնամ։
Պահարանից հանեց շիշը և բաժակը դրեց սեղանին։
― Բաժակը դուք վերցրեք։ Ես շշից կխմեմ։
― Ձեր կենացը, ― ասաց միսս Գեյջը։
― Միս Քամփենն այդ ինչե՞ր է տարածում, թե ես իբր շատ ուշ եմ զարթնում։
― Փնթփնթում է, էլի, անընդհատ։ «Առանձնաշնորհյալ հիվանդ» է դրել ձեր անունը։
― Թող գրողի ծոցը կորչի։
― Չար կին չէ, ― ասաց միսս Գեյջը։ ― Պարզապես ծեր է և տարօրինակություններ ունի։ Դուք հենց սկզբից դուր չեկաք նրան։
― Ճիշտ է։
― Իսկ ինձ դուր եք գալիս։ Ու ես ձեր բարեկամն եմ։ Չմոռանաք այդ։
― Դուք չափազանց լավն եք։
― Մի սկսեք։ Գիտեմ ձեզ համար ով է լավը։ Բայց ես ձեր բարեկամն եմ։ Ինչպե՞ս է ոտքը։
― Հիանալի։
― Ես հիմա սառը հանքային ջուր կբերեմ ու կթրջեմ ձեր ոտքը։ Երևի քոր է գալիս գիպսի տակ։ Շոգ է այսօր։
― Դուք շատ լավն եք։
― Շա՞տ է քոր գալիս։
― Ոչ, ոչ։ Ամեն ինչ կարգին է։
― Պետք է պարկերն ուղղել։ ― Նա կռացավ։ ― Ես ձեր բարեկամն եմ։
― Գիտեմ։
― Ոչ, չգիտեք։ Բայց մի օր կիմանաք։
Կետրին Բարկլին երեք գիշեր չհերթապահեց, բայց հետո նորից եկավ։ Կարծես մեզնից յուրաքանչյուըը երկար ճամփորդության էր մեկնել և հիմա կրկին հանդիպել։
==Գլուխ 18==
Այդ ամառը մենք հիանալի անցկացրինք։ Երբ ինձ թույլ տվեցին ոտքի ելնել, մենք սկսեցինք հաճախ զբոսայգի գնալ։ Հիշում եմ կառքի դանդաղավազք ձին, կառապանի մեջքը, նրա լաքե ցիլինդրը, և կողքիս նստած Կետրին Բարկլիին։ Երբ մեր ձեռքերն իրար էին դիպչում, երբ ձեռքս թեկուզ թեթևակի դիպչում էր նրան, երկուսս էլ հուզվում էինք։ Ավելի ուշ, երբ արդեն կարողանում էի հենակներով քայլել, մենք Բիֆֆիի մոտ էինք գնում ճաշելու կամ Գրան֊Իտալիա և նստում դրսի սեղաններից մեկին, galleria-ում։ Մատուցողներն անընդհատ գնում֊գալիս էին, և փողոցում անցորդներ էին քայլում, և սփռոցով ծածկված սեղանների վրա լուսամփոփով մոմեր էին դրված, և շուտով մենք համոզվեցինք, որ մեզ ամենից ավելի դուր է գալիս Գրան֊Իտալիան, և ավագ մատուցող Ժորժը մեզ համար միշտ սեղան էր պահում։ Նա հրաշալի մատուցող էր, ու մինչ նստած նայում էինք անցորդներին, մթնաշաղի մեջ սուզվող galleria-ին և միմյանց, նա մեզ համար ճաշ էր պատվիրում։ Խմում էինք սեղանի սպիտակ կապրի, որ դրված էր սառույցով դույլի մեջ։ Բայց ասեմ, որ մենք ուրիշ շատ գինիներ էլ փորձեցինք՝ ֆրեզա, բարբերա և սպիտակ քաղցր գինիներ։ Պատերազմի պատճառով, ռեստորանում գինու հատուկ մատուցող չկար և երբ ես ֆրեզայի նման գինի էի խնդրում, Ժորժը շփոթված ժպտում էր։
― Կարելի՞ է պատկերացնել մի երկիր, որտեղ գինիները ելակի համ ունենան, ― մի անգամ ասաց նա։
― Իսկ դա ինչո՞վ է վատ, ― հարցրեց Կետրինը։ ― Ինձ նույնիսկ դուր է գալիս։
― Եթե ուզում եք, փորձեք, լեյդի, ― ասաց Ժորժը։ ― Բայց թույլ տվեք tenente-ի համար մի շիշ մարգո բերել։
― Ես էլ եմ ուզում փորձել, Ժորժ։
― Սըր, խորհուրդ չէի տա ձեզ։ Նույնիսկ ելակի համ էլ չունեն։
― Իսկ եթե հանկարծ ունենա՞ն, ― ասաց Կետրինը։ ― Ինչ լավ կլիներ։
― Կբերեմ, ― ասաց Ժորժը։ ― Ու երբ լեյդին բավարարվի, ետ կտանեմ։
Գինին վատն էր, Ժորժն իրավացի էր, ելակի համ էլ չէր գալիս։ Նորից անցանք կապրիի։ Մի երեկո ես դրամ չունեի, և Ժորժն ինձ հարյուր լիրա պարտք տվեց։
― Ոչինչ, ոչինչ, tenente, ― ասաց նա։ ― Ո՞ւմ չի պատահում։ Բոլորին էլ պատահում է։ Եթե դուք կամ լեյդին դրամի կարիք ունենաք, ես միշտ պատրաստ եմ։
Ճաշից հետո զբոսնում էինք galleria-ում, անցնում ուրիշ ռեստորանների և փեղկերը փակ խանութների կողքով ու կանգ առնում մի կրպակի առջև, որտեղ սենդվիչներ էին վաճառում։ Խոզապուխտի, հազարի և անձրևուկի մատնաչափ փոքրիկ սենդվիչներ։ Մենք գնում էինք մի քանի հատ, որպեսզի ուտենք գիշերը։ Հետո galleria-ի մուտքի մոտ, տաճարի դիմաց, բաց կառք էինք նստում և վերադառնում հիվանդանոց։ Դռնապանը դուրս էր գալիս շենքից և օգնում, որ հենակներով վեր բարձրանամ։ Վճարում էի կառապանին, ու մենք մտնում էինք վերելակ։ Կետրինը դուրս էր գալիս այն հարկում, որտեղ հիվանդապահուհիներն էին ապրում, իսկ ես շարունակում էի բարձրանալ, ապա հենակներով անցնում միջանցքով ու գնում իմ սենյակը։ Երբեմն հանվում էի ու անկողին մտնում, իսկ երբեմն նստում էի պատշգամբում և, ոտքս աթոռին դրած, հետևում տանիքների վրա թռչող ծիծեռնակներին և սպասում Կետրինին։ Երբ գալիս էր, ինձ թվում էր, թե երկարատև ճամփորդությունից էր վերադառնում, ու հենակներով նրա հետ միասին քայլում էի միջանցքում, տաշտեր տանում, կանգնում դռան մոտ կամ ներս մտնում, նայած, թե ով էր հիվանդը, ու երբ նա վերջացնում էր գործը, մենք նստում էինք իմ պատշգամբում։ Հետո ես անկողին էի մտնում, ու երբ բոլորն արդեն քնած էին, ու նա վստահ էր լինում, որ էլ ոչ ոք չի կանչի, գալիս էր ինձ մոտ։ Սիրում էի քանդել նրա մազերը, իսկ նա անշարժ նստում էր մահճակալին, երբեմն միայն հանկարծ արագ կռանում և համբուրում ինձ, և ես հանում էի նրա հերակալները, և սավանի վրա դնում, և մազերը քիչ֊քիչ ընկնում էին, և ես հետևում էի, թե ինչպես էր նա անշարժ նստած, և հետո վերջին երկու հերակալն էի հանում, և մազերը լրիվ էին թափվում, և նա իջեցնում էր գլուխը, և մազերը ծածկում էին երկուսիս, և այնպես էր թվում, որ կարծես վրանում լինեինք կամ ջրվեժի տակ։
Զարմանալի գեղեցիկ մազեր ուներ, և ես երբեմն պառկած նայում էի, թե ինչպես էր մազերը հյուսում բաց դռնից ընկնող լույսի տակ, և դրանք գիշերն էլ էին փայլփլում, ինչպես երբեմն ջուրն է փայլփլում լուսաբացից առաջ։ Նա հրաշալի դեմք ուներ, հրաշալի մարմին և հրաշալի ողորկ մաշկ։ Մենք պառկում էինք իրար կողքի, և ես մատների ծայրով շոյում էի նրա և այտերը և ճակատը, և աչքերի տակը, և կզակը, և ասում․ «դաշնամուրի ստեղների պես ողորկ են»։ Եվ նա շոյում էր կզակս և ասում․ «Հղկաքարի պես ողորկ է, բայց և շատ կոշտ, եթե դաշնամուրի ստեղներին քսես։
― Ծակո՞ւմ է։
― Ոչ սիրելիս։ Ուզում էի հոգուդ հետ խաղալ։
Գիշերները հրաշալի էին անցնում, ու եթե թեկուզ նույնիսկ դիպչում էինք միմյանց, արդե՛ն երջանիկ էինք։ Բացի ուրախության մեծ պահերից, մենք մեր սերն արտահայտում էինք նաև ուրիշ միջոցներով, ու երբ տարբեր սենյակներում էինք լինում, աշխատում էինք մեր մտքերը հեռավորությունից հաղորդել իրար։ Երբեմն դա կարծես հաջողվում էր։ Երևի այն պատճառով, որ երկուսս էլ նույն բանն էինք մտածում։
Ասում էինք, որ մենք ամուսնացել ենք հենց այն օրը, երբ նա հիվանդանոց եկավ, ու ամիսները հաշվում էինք մեր ամուսնության օրվանից։ Ես իսկապես ուզում էի ամուսնանալ, բայց Կետրինն ասում էր, որ այդ դեպքում նրան կստիպեն հեռանալ, և հենց որ փորձենք հաղթահարել ձևականությունները, կսկսեն հետևել նրան ու կբաժանեն մեզ։ Ուզած֊չուզած պետք է իտալական օրենքներին ենթարկվեինք, իսկ այդ ձևականություններն ուղղակի անտանելի էին։ Ես իսկապես ուզում էի ամուսնանալ, որովհետև երբ մտածում էի ապագա երեխայի մասին, այդ միտքը տանջում էր ինձ, բայց մենք ամուսնացած էինք համարում մեզ, դրա համար էլ շատ չէինք անհանգստանում, ինչ֊որ տեղ ես նույնիսկ ուրախ էի, որ իսկապես չենք ամուսնացել։ Հիշում եմ, թե ինչպես մի գիշեր խոսեցինք այդ մասին, ու Կետրինն ասաց․
― Բայց, սիրելիս, ինձ անմիջապես կուղարկեն այստեղից։
― Գուցե և չեն ուղարկի։
― Կուղարկեն։ Տուն կուղարկեն, և մինչև պատերազմի վերջը էլ չենք հանդիպի։
― Արձակուրդ կգամ։
― Արձակուրդի ժամանակ անհնար է Շոտլանդիա հասնել և վերադառնալ։ Եվ հետո ես քեզ չեմ թողնի։ Ինչի՞ համար հիմա ամուսնանանք։ Մենք առանց այդ էլ ամուսնացած ենք։ Չեմ էլ պատկերացնում սրանից ավելի ամուսնացած։
― Ես քեզ համար էի ուզում միայն։
― Ես չկամ։ Ես դու եմ։ Խնդրում եմ, առանձին «ես» չհնարես։
― Կարծում էի, որ աղջիկները միշտ էլ ամուսնանալ են ուզում։
― Ճիշտ է։ Բայց, սիրելիս, ես ամուսնացած եմ։ Քեզ հետ։ Մի՞թե լավ կին չեմ։
― Դու հրաշալի կին ես։
― Գիտես, սիրելիս, ամուսնության սպասելու մի փորձ արդեն ունեմ։
― Չեմ ուզում լսել այդ մասին։
― Դու լավ գիտես, որ ես միայն քեզ եմ սիրում։ Ինչ նշանակություն ունի, որ մեկ ուրիշն էլ է ինձ սիրել։
― Ունի։
― Նա մեռած է, իսկ դու ամեն ինչ ունես։ Էլ ինչո՞ւ ես խանդում։
― Թեկուզ։ Բայց չեմ ուզում այդ մասին լսել։
― Խեղճ տղա։ Ես գիտեմ, որ դու ամեն տեսակ աղջիկների հետ ես եղել, բայց դա ինձ չի հուզում։
― Իսկ չե՞նք կարող գաղտնի ամուսնանալ։ Իսկ եթե հանկարծ ինչ֊որ բան պատահի ինձ կամ, ասենք, երեխա ունենաս։
― Երկու տեսակ ամուսնություն կա միայն, եկեղեցական կամ քաղաքացիական։ Իսկ մենք առանց այդ էլ գաղտնի ենք ամուսնացած։ Սիրելիս, եթե ես կրոնամոլ լինեի, դա ինձ համար անշուշտ նշանակություն կունենար։ Բայց ես կրոնամոլ չեմ։
― Դու ինձ սուրբ Անտոնիո տվեցիր։
― Հետո՛ ինչ, ինձ էլ են տվել։ Բախտի համար։
― Ուրեմն, քեզ ոչինչ չի՞ անհանգստացնում։
― Միայն քեզնից բաժանվելը։ Դու իմ կրոնն ես։ Դու ամեն ինչ ես ինձ համար։
― Դե լավ։ Բայց հենց որ ուզես, ես կամուսնանամ քեզ հետ։
― Սիրելիս, այնպես մի խոսիր, որ կարծես ուզում ես ինձ օրինավոր կին դարձնել։ Ես միանգամայն օրինավոր եմ։ Ամոթալի ոչինչ չկա, եթե երջանիկ ես և քո երջանկությամբ հպարտ։ Մի՞թե դու երջանիկ չես։
― Բայց դու ինձ երբեք չես լքի և ուրիշի մոտ չես գնա, չէ՞։
― Ոչ, սիրելիս։ Ուրիշի համար երբեք չեմ թողնի քեզ։ Ինձ թվում է, թե սարսափելի բաներ են պատահելու մեզ։ Բայց պետք չէ այդ մասին մտածել։
― Չեմ էլ մտածում։ Բայց ես քեզ շատ եմ սիրում, իսկ դու արդեն սիրել ես ուրիշին։
― Իսկ ի՞նչ է եղել հետո։
― Մահացել է։
― Այո, եթե չմահանար, քեզ չէի հանդիպի։ Այնպես որ, չասես թե անհավատարիմ եմ։ Շատ թերություններ ունեմ, բայց և շատ հավատարիմ եմ։ Այ, կտեսնես, իմ հավատարմությունը ձանձրացնելու է քեզ։
― Շուտով ճակատ կվերադառնամ։
― Քանի այստեղ ես, եկ չմտածենք այդ մասին։ Հասկացիր, ես շատ երջանիկ եմ, և լավ է այստեղ, երկուսով։ Վաղուց է, ինչ երջանիկ չեմ եղել ու երբ քեզ հանդիպեցի, գրեթե ցնդած էի արդեն։ Երևի ցնդած էի։ Բայց հիմա մենք երջանիկ ենք և սիրում ենք միմյանց։ Արի երջանիկ լինենք։ Դու երջանիկ ես, այնպես չէ՞։ Գուցե այնպիսի բան եմ արել, որ քեզ դուր չի՞ եկել։ Ասա, ի՞նչ անեմ, որ քեզ դուր գա։ Ուզո՞ւմ ես, քանդեմ մազերս։ Ուզո՞ւմ ես։
― Այո։ Եվ պառկիր ինձ մոտ։
― Լավ։ Բայց նախ հիվանդների մոտ անցնեմ, հետո։