Changes
/* Գլուխ իներորդ. Շելոբի որջը */
==== Գլուխ իներորդ. Շելոբի որջը ====
[[Պատկեր:Shelob's lair.jpg|300px|thumb|right]]
Գուցե իսկապես ցերեկ էր, ինչպես հավատացնում էր Գոլլումը, բայց հոբիթների համար այն գրեթե ոչնչով չէր տարբերվում գիշերից. երևի միայն ծանր երկինքը գլխավերևում արդեն այնքան էլ անթափանց սև չէր թվում: Այժմ այն ավելի շատ ծխից հյուսված ցածր տանիք էր հիշեցնում: Համատարած խավարի փոխարեն, որը դեռ պահպանվում էր ճեղքերում ու ձորերում, Մութ Երկիրը պարուրված էր մոխրագույն, մառախլապատ մթնշաղով: Հոբիթները ձեռք ձեռքի տված քայլում էին Գոլլումի հետևից նեղ, երկար իջվածքի հատակով, որի երկու կողմերում, ցցված էին կոպիտ արձաններ հիշեցնող վիթխարի քարաբեկորներ ու սյուներ: Շուրջը խոր լռություն էր տիրում: Առջևում՝ մոտ մեկ մղոն հեռավորության վրա, երևում էր հսկայական ժայռի մոխրագույն կտրվածքը՝ ուղղաձիգ ու բարձր: Այն աստիճանաբար մոտենում էր, մեծանում, մինչև որ վերջապես սև պատի պես ծածկեց ամբողջ աշխարհը: Ժայռի ստորոտը թաղված էր խիտ ստվերի մեջ: Սեմը հոտոտեց օդը և կնճռոտեց դեմքը: