Changes
/* Եվայի օրագիրը */
Ուրբաթ։ ― Երկուշաբթի, ուշ երեկոյան, ես նորից նրան տեսա մեկ րոպեով, միայն մեկ րոպեով։ Հույս ունեի, թե նա ինձ կգովի այն ջանասիրության համար, որով ես մեր կալվածքը կարգի էի բերում․ չէ որ աշխատում էի առանց ձեռքերս ծալելու և լավագույն մտադրություններով, բայց նա ոչ մի բանով չարտահայտեց իր հավանությունը, շուռ եկավ ու գնաց։ Ավելին, նա դժգոհ էր և ահա թե ինչու․ ես մեկ անգամ էլ փորձեցի նրան համոզել, որ ջրվեժը չլողա֊անցնի։ Բանն այն է, որ կրակը իմ մեջ արթնացրեց նոր, միանգամայն նոր զգացում, որը բացարձակապես նման չէր ո՛չ սիրո, ո՛չ տխրության, ո՛չ էլ որևէ ուրիշ բանի, որ արդեն առիթ էի ունեցել ճաշակելու։ Ինչ կարիք կար, որ ես այն ճաշակեի։ Դա դառնացնում է իմ կյանքը, ինձ խանգարում է երջանիկ լինել, ինձ հարկադրում է դողալ, սարսռել ու ցնցվել։ Բայց ինձ չհաջողվեց նրան համոզել, որովհետև նա դեռ երկյուղ չէր զգացել և, հետևաբար, ի վիճակի չէ ինձ հասկանալու։
==Ադամի օրագրից==
:::::::::::::::(Հատված)
Հավանաբար, ես չպետք է մոռանամ, որ Եվան դեռ շատ երիտասարդ է, ըստ էության, աղջնակ է և իր նկատմամբ ներողամտություն է պահանջում։ Նա անչափ հետաքրքրասեր է, ամեն ինչ նրան հետաքրքրում է, կյանքը նրա մեջ հորդում է աղբյուրի նման, և նրա աչքում աշխարհը հրաշք է, մի գաղտնիք, ուրախություն, երանություն․ երբ նա նոր ծաղիկ է տեսնում, ցնծությունից չի կարողանում ոչ մի բառ արտասանել, փաղաքշում է ծաղիկը, խաղում է դրա հետ, և՛ զբոսնում է, և՛ հոտ է քաշում, և ամենաքնքուշ անուններ է տալիս դրան։ Նա նաև գույների խելագար է․ դարչնագույն ժայռերը, դեղին ավազը, գորշ մամուռը, կանաչ տերևը, կապույտ երկինքը, մարջանավարդագույն արշալույսը, մանիշակագույն ստվերները կիրճերում, ամպերի ոսկեգույն կղզյակները վերջալույսի բոսորագույն օվկիանոսում, պատառոտված ամպերի մեջ լողացող գունատ լուսինը, անհուն տարածության մեջ առկայծող աստղերի ալմաստե ցրոնքը՝ այս ամենը, որքան ես կարող եմ դատել, նվազագույն գործնական արժեք անգամ չունի, բայց քանի որ դրանում կան գույներ և վեհություն, նրա համար այդքանը բավական է, նա ուղղակի գլուխը կորցնում է։ Եթե նա կարողանար այդպես ձեռուոտ չընկնել և թեկուզ երբեմն, գոնե երկու֊երեք րոպե հանգիստ մնալ, դա արտակարգ ուրախալի տեսարան կլիներ։ Այդ դեպքում, ինձ թվում է, հաճելի կլիներ նայել նրան, նույնիսկ հավատացած եմ, որ դա ինձ համար հաճելի կլիներ, որովհետև սկսում եմ նկատել, որ նա բացառիկ սիրունատես արարած է՝ ճկուն, բարեկազմ, նրբագեղ, չափված֊ձևված, ճարպիկ, արագաշարժ, նազելի․․․ Եվ մի անգամ, երբ նա մարմնաճերմակ ու արևով ողողված, կանգնած էր մեծ քարի վրա և, գլուխը ետ գցած, ձեռքով աչքերին հովանի արած հետևում էր երկնքում ճախրող թռչունին, ես հասկացա, որ նա գեղեցիկ է։
Երկուշաբթի, կեսօր։ ― Եթե ամբողջ մոլորակի վրա կա թեկուզ մեկ առարկա, որ նրան չի հետաքրքրում, ապա ես, համենայն դեպս, չեմ կարող դրա անունը տալ։ Որոշ կենդանիներ ինձ համար զուրկ են որևէ հետաքրքրությունից, իսկ նրա համար այդպիսիք գոյություն չունեն։ Նա խտրություն չի դնում, հավասարապես պաշտում է բոլորին, դրանց գանձ է համարում և ամեն մի նոր կենդանու դիմավորում է գրկաբաց։
Երբ հսկա բրոնտոզավրը մտավ մեր ճամբարը, Եվան այն կարծիքին էր, որ դա շատ արժեքավոր ձեռքբերում է, մինչդեռ ես դա ընկալեցի որպես աղետ։ Ահա մեր հայացքների լիակատար անհամապատասխանության հիանալի օրինակ։ Նա ուզում էր ընտելացնել բրոնտոզավրին, իսկ ես ուզում էի նրան նվիրել մեր հողամասը և փոխադրվել այլ տեղ։ Եվան հավատում է, որ բրոնտոզավրի հետ լավ վարվելու դեպքում կարելի է նրան վարժեցնել և դարձնել ընտանիքի սիրված շնիկի նման մի բան, իսկ ես ասացի, որ քսանմեկ ոտնաչափ բարձրություն և ութսունչորս ոտնաչափ երկարություն ունեցող ընտանի շնիկը տնային պայմաններում այնքան էլ հարմար չէ, քանզի այդ հսկան կարող է ամենալավ մտադրությամբ պատահաբար նստել մեր տան վրա և ճզմել ու բլիթ դարձնել այն․ չէ որ հեշտությամբ կարելի էր նկատել, թե այդ հրեշն ինչքան ցրված է, բավական է միայն տեսնել նրա աչքերի արտահայտությունը։
Բայց Եվան ուզում էր, ինչ գնով էլ լինի, հրեշ ունենալ և չցանկացավ նրանից բաժանվել։ Նա որոշեց, որ մենք կարող ենք կաթնաֆերմա կազմակերպել, և ինձ խնդրում էր իրեն օգնել կթելու կենդանուն։ Բայց ես հրաժարվեցի, քանի որ դա չափազանց վտանգավոր էր։ Նախ և առաջ այդ կենդանին միանգամայն անհամապատասխան սեռի էր, և, բացի այդ, մենք դեռ հենասանդուղք չունեինք։ Այդ ժամանակ նա մտածեց գազանին հեծած շրջագայել և դիտել մերձակայքը։ Գազանի պոչը երեսուն֊քառասուն ոտնաչափ երկարությամբ փռված էր գետնին, ինչպես գետնատարած ծառ, և Եվան որոշեց, որ կկարողանա պոչի վրայով բարձրանալ հրեշի մեջքին, բայց դա նրան չհաջողվեց։ Նա կարողացավ մագլցելով բարձրանալ միայն մինչև այնտեղ, որտեղ պոչը դարձավ չափից ավելի զառիվեր, և ցած գլորվեց, որովհետև պոչը լպրծուն էր, և եթե ես ժամանակին նրան չբռնեի, նա լուրջ վնասվածքներ կստանար։
Կարծում եք, թե դրանից հետո նա հանգստացա՞վ։ Ամենևին էլ ոչ։ Նա երբեք չի հանգստանում, մինչև բոլոր հնարավորությունները չի փորձում․ փորձով չստուգված տեսությունների հետ նա գործ չունի, դրանք նրան չեն բավարարում։ Պետք է խոստովանեմ, որ դա հիանալի հատկություն է, միանգամայն իմ սրտովն է․ ես զգում եմ, որ դրանով վարակվում եմ նրանից և որ լիովին կընկալեի այդ, եթե մենք ավելի շատ շփվեինք։ Ի դեպ, այդ հսկայի վերաբերյալ նա ուներ ևս մի մտադրություն․ կարծում էր, թե մեզ կհաջողվի ընտելացնել գազանին և հարկադրել բարեկամանալ մեզ հետ, և այն ժամանակ մենք կկարողանայինք նրան կանգնեցնել գետի լայնությամբ ու նրա վրայով քայլել ինչպես կամրջի վրայով։ Բայց պարզվեց, որ նա հիմա էլ արդեն բավականաչափ ընտելացած է, համենայն դեպս, Եվային լիովին է ընտելացած, և Եվան փորձեց կենսագործել իր գաղափարը, բայց դրանից ոչինչ չստացվեց․ հենց որ նրա հրեշին անհրաժեշտ դիրքով տեղավորում էր գետի լայնությամբ և ջրից դուրս գալիս, որպեսզի փորձեր իր նոր կամուրջը, գազանն էլ իսկույն ջրից դուր էր գալիս և կրնկակոխ նրա հետևից շարժվում, ինչպես ձեռնասուն մի սար, ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր կենդանիները։ Նրանք բոլորն էլ այդպես են վարվում։
Ուրբաթ։ ― Երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և այսօր՝ այս բոլոր օրերին ես չեմ տեսել նրան։ Դժվար է այսքան երկար ժամանակ միայնակ լինել, բայց, այնուամենայնիվ, ավելի լավ է լինել միայնակ, քան թե անկոչի դերում։
Սակայն ես չեմ կարող ապրել առանց ընկերության․ ինձ թվում է, որ ընկերությունը իմ տարերքն է, և ես ընկերություն եմ անում կենդանիների հետ։ Նրանք սքանչելի են, մեղմ, հաճելի բնավորություն և ամենաքաղաքավարի վարվեցողություն ունեն, երբեք մռայլ չեն լինում, երբեք ձեզ չեն հասկացնում, որ դուք անժամանակ եք ներկայացել, նրանք ձեզ ժպտում են և պոչ խաղացնում, եթե, իհարկե, պոչ ունեն, և միշտ պատրաստ են ուրախ խաղալու ձեզ հետ կամ մի փոքր էքսկուրսիա կատարելու, մի խոսքով, համաձայն են ամեն բանի, ինչ էլ որ նրանց առաջարկեք։ Ես կարծում եմ, որ նրանք իսկական ջենտլմեններ են։ Այս բոլոր օրերին մենք այնքան հիանալի ժամանակ էինք անցկացնում, և ես ոչ մի անգամ ինձ միայնակ չզգացի։ Միայնա՞կ։ Ոչ, օ՜, ոչ։ Չէ որ դրանց ամբողջ հոտեր կան շրջակայքում, երբեմն դրանք չորս֊հինգ ակր տարածություն են գրավում, ուղղակի անհնար է հաշվել, և երբ ժայռին կանգնած նայում ես շուրջդ, նայում մորթիների այդ ծովին, որ այնքա՜ն խայտաբղետ է, և՛ ուրախ, և՛ գեղեցիկ, իսկ այդ բոլոր բծերն ու շերտերը արևի տակ շողշողում են ինչպես ծածանք, կարող է թվալ, թե դա իսկապես ծով է, բայց ես հո գիտեմ, որ դա, այնուամենայնիվ, այդպես չէ։ Ժամանակ առ ժամանակ էլ հողմի նման թռչում գալիս են մտերմիկ թռչունների բազում երամներ, որոնց թևերի թափահարումից ասես փոթորիկ է բարձրանում, և երբ արեգակի ճառագայթները ճեղքում են այդ փետրավորների քաոսը, ձեր աչքի առջև փայլատակում են գույնզգույն կայծակներ, վառվում ու շողշողում են աշխարհի բոլոր գույները, և կարելի է երկա՜ր֊երկա՜ր նայել, հիանալ դրանով։
Մենք մեծ էքսկուրսիաներ էինք կատարում, և ես տեսա աշխարհի մի զգալի մասը․ ինձ նույնիսկ թվում է, թե ես տեսել եմ համարյա ամբողջ աշխարհը։ Այսպիսով, ես առաջին և առայժմ միակ ճանապարհորդն եմ երկրի երեսին։ Երբ մենք ճանապարհին ենք, դա հոյակապ տեսարան է, որը չունի իր հավասարը։ Հարմար տեղաշարժվելու համար ես սովորաբար գնում եմ վագր կամ ընձառյուծ հեծած, որովհետև նրանք փափուկ, կլորավուն մեջք ունեն, որին նստելը հաճելի է, և որովհետև դրանք շատ սիրունատես կենդանիներ են, բայց հեռավոր ճանապարհորդությունների ժամանակ կամ այն դեպքում, երբ ուզում եմ դիտել շրջակայքը, փիղ եմ հեծնում։ Փիղն իր կնճիթով ինձ նստեցնում է մեջքին, իսկ իջնել ես կարողանում եմ նաև առանց կողմնակի օգնության․ երբ մենք որոշում ենք դադար առնել, փիղը նստում է, և ես գետին եմ իջնում, այսպես ասած, ետնամասից։
Բոլոր թռչուններն ու բոլոր կենդանիները ընկերություն են անում միմյանց հետ, և նրանց միջև երբեք ոչ մի տարաձայնություն չի ծագում։ Նրանք բոլորը խոսել գիտեն և խոսում են ինձ հետ, բայց դա, հավանորեն, որևէ օտար լեզու է, որովհետև ես ոչ մի բառ չեմ հասկանում։ Սակայն նրանք հաճախ հասկանում են, երբ ես նրանց որևէ բան եմ ասում, ինձ հատկապես լավ են հասկանում շունն ու փիղը, և այդպիսի դեպքերում ես միշտ էլ խիստ ամաչում եմ․ չէ որ դա ցույց է տալիս, որ նրանք ինձանից խելոք են, և ես պետք է ընդունեմ նրանց գերազանցությունը։ Դա վիրավորական է, որովհետև ես ուզում եմ գլխավոր լինել և, այնուամենայնիվ, հուսով եմ, որ այդպիսին կլինեմ։
Ես արդեն բավական տարբեր բաներ գիտեմ և հիմա դարձել եմ կրթված, մի բան, որ առաջ իմ մասին ոչ մի կերպ չէր կարելի ասել։ Սկզբում կատարյալ տգետ էի։ Այն ժամանակ որքան էլ գլուխ էի ջարդում, ոչ մի կերպ չէի կարողանում հետևել, թե երբ է ջրվեժը սարն ի վեր ետ վազում․ դրա համար ես չունեի բավականաչափ ըմբռնություն, և ինձ համար շատ ցավալի էր, բայց հիմա հանգստացել եմ։ Ես հետևում ու համադրում էի, և հիմա գիտեմ, որ ջուրը երբեք սարն ի վեր չի վազում լույսով, այլ միայն այն ժամանակ, երբ մութ է։ Ես հասկացա, որ այդ բանն արվում է խավարում, որովհետև լիճը չի ցամաքում, իսկ չէ որ, եթե ջուրը գիշերը չվերադառնար իր տեղը, լիճը անպայման կցամաքեր։ Բոլորից լավը ամեն բան փորձով ստուգելն է․ այդ դեպքում իսկապես կարելի է գիտելիքներ ձեռք բերել, մինչդեռ ենթադրություններ անելով և մտահանգումներ կատարելով երբեք չես դառնա հարկ եղածին պես կրթված մարդ։
Որոշ բաներ հասկանալ անհնար է, բայց դուք այնքան ժամանակ չեք հասկանա, որ դրանք անճանաչելի են, քանի դեռ կփորձեք դրանք կռահել և զանազան ենթադրություններ անել․ ո՛չ, դուք պետք է զինվեք համբերությամբ և փորձեր կատարեք, մինչև հայտնագործեք, որ ոչ մի բան հայտնագործել չի կարելի։ Եվ չէ որ հենց այդ է հիանալի, այդ ժամանակ աշխարհը արտակարգ հետաքրքիր է դառնում։ Իսկ եթե հայտնագործելու բան չլիներ, կյանքը կդառնար տխուր։ Եվ, ի վերջո, երբ աշխատում ես հայտնագործել, բայց ոչինչ չես հայտնագործում, նույնպես հետաքրքիր է, գուցե նույնիսկ ավելի հետաքրքիր, քան այն, երբ աշխատում ես հայտնագործել և հայտնագործում ես։ Ջրվեժի գաղտնիքը մի իսկական գանձ էր, քանի դեռ ես այն չէի հայտնագործել, որից հետո ամբողջ հետաքրքրությունս կորավ, և ինձ ծանոթ դարձավ կորստի զգացումը։
Փորձերի միջոցով ես պարզեցի, որ ծառը, ինչպես նաև չոր տերևները, փետուրները և էլի մեծ քանակությամբ զանազան առարկաներ լողում են․ այստեղից, ընդհանրացում անելով, կարելի հանգել այն հետևության, որ ժայռը նույնպես պետք է լողա, բայց ստիպված եմ լոկ ընդունել դա, որովհետև փորձով այդ ապացուցելու ոչ մի հնարավորություն չկա․․․ առայժմ։ Իհարկե, դրա համար էլ ես մի եղանակ կգտնեմ, բայց այդ դեպքում ամբողջ հետաքրքրությունը կկորչի։ Այդ մասին մտածելիս տխրում եմ, չէ որ աստիճանաբար ամեն բան կհայտնագործեմ և այն ժամանակ հուզվելու առիթ չի լինի, իսկ ես հուզվել շատ եմ սիրում։ Անցյալ գիշեր ոչ մի կերպ չկարողացա քնել, շարունակ այդ մասին էի մտածում։
Առաջ չէի կարողանում հասկանալ, թե ինչի համար եմ լույս աշխարհ եկել, բայց հիմա ինձ թվում է, որ հասկացել եմ՝ նրա համար, որ բացահայտեմ հրաշքներով լի այս աշխարհի գաղտնիքները ու երջանիկ լինեմ և շնորհակալություն հայտնեմ Արարչին, որ նա այս աշխարհը ստեղծել է։ Կարծում եմ, դեռ շատ ու շատ գաղտնիքներ կան, որ պետք է իմանամ, և հուսով եմ, որ դա այդպես է․ ու եթե զգույշ գործեմ և չափից դուրս չշտապեմ, դրանք, իմ կարծիքով, պետք է բավական լինեն ոչ մեկ շաբաթվա համար․ հուսով եմ, որ այդպես է։ Եթե փետուրը վերև նետեք, այն կճախրի օդում և կանհետանա տեսադաշտից։ Իսկ եթե կավի կոշտուկը վերև նետեք, այդպիսի բան չի լինի։ Կոշտուկը ամեն անգամ գետին կընկնի։ Ես կրկին ու կրկին փորձել եմ և ամեն անգամ նույնն է ստացվում։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է այդպես։ Իհարկե, ես հասկանում եմ, որ իրականում այն չի ընկնում, բայց ինչու պետք է անպայման այդպես թվա։ Հավանաբար, դա տեսողական խաբկանք է։ Այսինքն ուզում եմ ասել, որ այդ երկու երևույթներից մեկը տեսողական խաբկանք է։ Իսկ թե հատկապես որը, չգիտեմ։ Գուցե փետուրի դեպքում, գուցե կավակոշտուկի դեպքում․ ես չեմ կարող ապացուցել ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը, ես կարող եմ միայն երկուսն էլ ցուցադրել, և պարզ կլինի, որ երկուսից մեկը խաբկանք է, իսկ թե հատկապես որը՝ յուրաքանչյուրը կարող է որոշել իր հայեցողությամբ։
Իմ դիտումներից գիտեմ, որ աստղերը հավերժական չեն։ Ես տեսել եմ, թե ինչպես որոշ աստղեր, ամենագեղեցիկները, հանկարծ սկսել են հալվել և երկնակամարի վրայով ցած գլորվել։ Բայց եթե մեկը կարող է հալվել, ուրեմն կարող են հալվել նաև բոլորը, իսկ եթե հալվել կարող են բոլորը, ուրեմն դրանք բոլորն էլ կարող են հալվել մեկ գիշերվա ընթացքում։ Եվ այդ դժբախտությունը երբևիցե տեղի կունենա, ես դա գիտեմ։ Եվ որոշել եմ ամեն գիշեր նստել ու նայել աստղերին այնքան ժամանակ, քանի դեռ կկարողանամ քունս հաղթահարել․ կաշխատեմ հիշողությանս մեջ տպավորել այդ ամբողջ շողշողացող տարածությունը, որպեսզի, երբ աստղերն անհետանան, կարողանամ երևակայությանս միջոցով վերադարձնել երկնքի սև գմբեթի վրա առկայծող այդ բյուրավոր կրակները և դրանց ստիպել, որ նորից շողշողան այնտեղ, երկատվելով իմ արցունքների վճիտ բյուրեղում։