Changes
/* Ադամի օրագրից */
Իմ դիտումներից գիտեմ, որ աստղերը հավերժական չեն։ Ես տեսել եմ, թե ինչպես որոշ աստղեր, ամենագեղեցիկները, հանկարծ սկսել են հալվել և երկնակամարի վրայով ցած գլորվել։ Բայց եթե մեկը կարող է հալվել, ուրեմն կարող են հալվել նաև բոլորը, իսկ եթե հալվել կարող են բոլորը, ուրեմն դրանք բոլորն էլ կարող են հալվել մեկ գիշերվա ընթացքում։ Եվ այդ դժբախտությունը երբևիցե տեղի կունենա, ես դա գիտեմ։ Եվ որոշել եմ ամեն գիշեր նստել ու նայել աստղերին այնքան ժամանակ, քանի դեռ կկարողանամ քունս հաղթահարել․ կաշխատեմ հիշողությանս մեջ տպավորել այդ ամբողջ շողշողացող տարածությունը, որպեսզի, երբ աստղերն անհետանան, կարողանամ երևակայությանս միջոցով վերադարձնել երկնքի սև գմբեթի վրա առկայծող այդ բյուրավոր կրակները և դրանց ստիպել, որ նորից շողշողան այնտեղ, երկատվելով իմ արցունքների վճիտ բյուրեղում։
==Մեղսագործությունից հետո==
Երբ հետ եմ նայում, ինձ թվում է, թե մեր այգին երազումս եմ տեսել։ Այն հիանալի էր, անհամեմատելիորեն հիանալի, զմայլելիորեն հիանալի, իսկ այժմ մեզ համար կորած է, ու այլևս երբեք ես այն չեմ տեսնի։
Այգին կորած է հավիտյան, բայց ես գտա Ադամին և գոհ եմ։ Նա ինձ սիրում է ինչպես կարող է, ես նրան սիրում եմ իմ կրքոտ խառնվածքի ամբողջ ավյունով, ինչպես որ, թվում է, վայել է իմ տարիքին ու սեռին։ Երբ ինձ հարց եմ տալիս, թե ինչու եմ նրան սիրում, ինձ համար պարզ է, որ ես այդ բանը չեմ հասկանում ու, ճիշտն ասած, առանձնապես չեմ էլ ձգտում հասկանալ․ այդպիսի սերը, իմ կարծիքով, ընդհանուր ոչինչ չունի ո՛չ դատողությունների, ո՛չ էլ վիճակագրության հետ, ինչպես որ սերը մյուս սողունների կամ կենդանիների նկատմամբ։ Այո, հավանաբար ամբողջ բանն էլ հենց այդ է։ Որոշ թռչունների սիրում եմ նրանց երգի համար, բայց Ադամին սիրում եմ ամենևին ոչ այն բանի համար, թե նա ինչպես է երգում, ո՛չ, դրա համար չէ։ Որքան շատ է նա երգում, այնքան քիչ դա ինձ դուր գալիս։ Այնուամենայնիվ, ես նրան խնդրում եմ երգել, որովհետև ուզում սիրել սովորել այն ամենը, ինչը նրան դուր է գալիս, և հավատացած եմ, որ կսովորեմ, չէ որ սկզբում բնավ չէի կարողանում տանել նրա երգերը, իսկ հիմա արդեն կարողանում եմ։ Նրա երգելուց կաթը թթվում է, բայց դա էլ նշանակություն չունի, մածունին էլ կարելի է ընտելանալ։
Ես նրան սիրում եմ ոչ իր խելամտության համար․ ո՛չ, դրա համար չէ։ Ինչպիսին էլ որ նա լինի՝ իր մեղքը չէ, չէ որ նա ինքը չի ստեղծել իրեն։ Նա այնպիսին է, ինչպես տերն է նրան ստեղծել, և դա ինձ լիովին բավարարում է։ Այստեղ հատուկ իմաստնություն է հանդես բերվել, ես դրանում միանգամայն հավատացած եմ։ Ժամանակի ընթացքում նրա մտավոր կարողությունները կզարգանան, թեև կարծում եմ, որ դա միանգամից չի կատարվի։ Շտապելու կարիք չկա։ Այդպես էլ նա բավականաչափ լավն է։
Ես նրան սիրում եմ ո՛չ այն բանի համար, որ նա քաղաքավարի է, հոգատար և զգայուն, ո՛չ այդ տեսակետից նա թերություններ ունի, բայց, չնայած դրանց, նա բավականաչափ լավն է և, բացի այդ, արդեն սկել է կամաց֊կամաց ուղղվել։
Ես նրան սիրում եմ ո՛չ այն բանի համար, որ նա աշխատասեր է, ո՛չ, դրա համար չէ։ Ինձ թվում է, որ նա այդ հատկությունն ունի, և ես չեմ հասկանում, թե ինչու է նրան հարկավոր դա ինձանից թաքցնել։ Ահա՛ միակ բանը, որ ինձ վշտացնում է։ Մնացած ամեն բանում նա հիմա ինձ հետ լիովին անկեղծ է։ Ես հավատացած եմ, որ բացի դրանից, նա ոչ մի բան ինձանից չի թաքցնում։ Ինձ վշտացնում է, որ նա անհրաժեշտ է համարում ինչ֊որ բան ինձանից ծածուկ պահել, և երբեմն երկար ժամանակ քնել չեմ կարողանում, շարունակ այդ մասին եմ մտածում։ Բայց ես ինձ կստիպեմ այդ մտքերը գլխիցս դուրս գցել․ չէ՞ որ, բացի դրանցից, ուրիշ ոչ մի բան չի մթագնում իմ երջանկությունը։
Ես նրան սիրում եմ ոչ այն բանի համար, որ նա շատ կրթված է, ո՛չ, դրա համար չէ։ Նա ինքնուս է և իսկապես անհամար զանազան բաներ գիտի, բայց միայն թե ոչ այնպես, ինչպես հարկն է։
Ես նրան սիրում եմ ոչ այն բանի համար, որ նա ասպետորեն ազնիվ է, ո՛չ, դրա համար չէ։ Նա ինձ մատնեց, բայց ես նրան չեմ մեղադրում, ինձ թվում է, որ դա նրա սեռի հատկությունն է, բայց չէ որ նա ինքը չի ստեղծել իր սեռը։ Իհարկե, ես ավելի շուտ կմեռնեի, բայց երբեք նրան չէի մատնի, սա էլ իմ սեռի առանձնահատկությունն է, և ես դա չեմ համարում իմ առավելությունը, քանի որ ես չեմ ստեղծել իմ սեռը։
Ուրեմն, ինչու եմ ես նրան սիրում։ Հավանաբար, պարզապես այն պատճառով, որ նա տղամարդ է։
Հոգու խորքում նա բարի է, և դրա համար եմ ես նրան սիրում, բայց եթե այդպես չլիներ, միևնույն է, ես նրան կսիրեի։ Եթե նա սկսեր ինձ նախատել և ծեծել, միևնույն է, ես կշարունակեի նրան սիրել։ Ես այդ գիտեմ։ Ինձ թվում է, բանը միայն այն է, որ իմ սեռն է այդպիսին։
Նա ուժեղ է և գեղեցիկ, և դրա համար եմ ես նրան սիրում, և՛ հիանում եմ, և՛ հպարտանում եմ եմ նրանով, բայց, միևնույն է, ես նրան կսիրեի, եթե նույնիսկ նա այդպիսին չլիներ։ Եթե նա արտաքինով լավն էլ չլիներ, միևնույն է, ես նրան կսիրեի, եթե նա խեղանդամ էլ լիներ, ես նրան կսիրեի, և՛ կաշխատեի նրա համար, և՛ նրա ստրուկը կլինեի, և՛ կաղոթեի նրա համար, և՛ արթուն կնստեի նրա մահճի մոտ՝ քանի դեռ ողջ եմ։
Այո, կարծում եմ, որ նրան սիրում եմ պարզապես այն պատճառով, որ նա իմն է, և այն պատճառով, որ նա տղամարդ է։ Ուրիշ պատճառ, ինձ թվում է, գոյություն չունի։ Ուստի և, հավանաբար, հենց սկզբից էլ ես ճիշտ էի վճռել՝ այդպիսի սերը ընդհանուր ոչինչ չունի ո՛չ դատողությունների, ո՛չ էլ վիճակագրության հետ։ Այն պարզապես գալիս է բացարձակապես հայտնի չէ թե որտեղից, և դա անհնար է բացատրել։ Ասենք, բացատրելու կարիք էլ չկա։
Այսպես եմ ես կարծում։ Բայց չէ որ ես սոսկ կին եմ, համարյա երեխա, ընդսմին առաջին կինը, որը փորձում է գլուխ հանել այդ հարցից, և շատ հավանական է, որ իմ անփորձության ու անգիտության պատճառով սխալ հետևության եմ հանգել։