Changes
/* Մաթուսաղացի օրագիրը */
==Մաթուսաղացի Մաթուսաղայի օրագիրը==
::::::::::Առաջին հատված
Կեսօրին տեսա, թե ինչպես օրիորդ Ցիլան անցավ պալատիս գլխավոր դարպասների առջևով միայն մի ծառայի ուղեկցությամբ, որովհետև նրա ընտանիքը ո՛չ անվանի է և ո՛չ էլ հարուստ։ Նրա ապուապուպապ Ուցը շատ գիտուն մարդ է, բայց նրա ցեղը ոչ մի բանով փառաբանված չէ։ Նրանք կռապաշտներ են, աղոթում են Բաաղին, այդ պատճառով էլ օրենքը նրանց զրկում է որոշ իրավունքներից ու արտոնություններից։ Այս օրիորդը շատ գեղեցիկ է, նույնիսկ ավելի գեղեցիկ, քան մինչ այդ ինձ թվում էր։
Տասներորդ օր։ Այսօր ամբողջ քաղաքը դուրս էր թափվել փողոցները, պարիսպների վրա, տանիքներին և ամենուր, որտեղից երևում էր հեռուն, որպեսզի տեսներ իավալիտների նշանավոր ցեղի այստեղ եկած վայրենիներին, որոնք բնակվում են ոչ տներում, այլ վրաններում, և անօրեն հորդաներով թափառում են հեռավոր հյուսիս֊արևելքում՝ մեր երկրի ու Նոդ աշխարհի միջև ընկած մեծ անապատներում։ Նրանք թվով քսան հոգի են, մեծ ու փոքր զորապետներ՝ բազմաթիվ ծառաներով, բոլորն էլ բարբարոսական շքեղությամբ զարդարված երկսապատ ու միասապատ ուղտեր հեծած, եկել են, որպեսզի իրենց հնազանդությունը հայտնեն իմ հորը նրա հետ հաշտության պայմանագիր կնքեն։ Նրանք կստանան ապրանքներ, մանր֊մունր զարդեր, հողամշակման գործիքներ, իսկ փոխարենը խոստանում են ավազակություն չանել ճանպարհների վրա և ձեռք չտալ մեր քարավաններին ու մեր վաճառականներին։ Յուրաքանչյուր հիսուն֊վաթսուն տարին նրանք այդպիսի դեսպանություն են ուղարկում մեզ մոտ, իսկ հետո պայմանագիրը խախտում և նորից անկարգություններ են անում։ Բայց միշտ չէ, որ մեղքը նրանցն է լինում։ Նրանք խոստանում են ապրել իրենց հատկացված մարզերում և զբաղվել խաղաղ արհեստներով ու հողագործությամբ, բայց նրանց կառավարելու ուղարկվող գործակալներն ամեն կերպ նրանց խաբում ու կեղեքում են, տեղափոխում ուրիշ, ոչ այնքան լավ կացարաններ, իսկ արգավանդ հողերն ու հարուստ որսահանդակները նրանցից խլում են, դիմադրելու դեպքում էլ՝ գնդակահարում, ուստի և գիշերով ապստամբում են և սպանում բոլորին, ով ձեռքներն է ընկնում, որպեսզի վրեժ լուծեն գործակալների դավաճանության ու ամբարտավության համար։ Այդ ժամանակ մեր բանակներն արշավանքի են ելնում նրանց բնակավայրերն ամայացնելու համար, բայց այդ բանը նրանց չի հաջողվում։ Այսօր եկած դեսպանները շրջում էին քաղաքում, դիտում նրա հրաշալիքները, սակայն ո՛չ բացականչյություններով և ո՛չ էլ այլ կերպ չէին արտահայտում իրենց հիացմունքը։ Հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ շատ սիրալիր ճառեր ասացին, և խնջույքից հետո դեսպանները հետ ուղարկվեցին բազմաթիվ նվերներով, որ մեծ մասամբ հողամշակման գործիքներ էին, որոնցից նրանք զենք կկոփեն և կապստամբեն իրենց կեղեքողների դեմ։ Անբասիր քաջեր են նրանք, տեսքով վայրենի, դեմքով կատաղի։ Բայց նրանց ցեղը և այդպիսի մյուս ցեղերը ասես կողը խրված փուշ էին իմ հոր և նրա խորհրդի համար։ Նրանք աստված չունեն, իսկ եթե մենք բարեսրտությամբ նրանց մոտ քարոզիչ ենք ուղարկում, որպեսզի նրանց համոզի կանգնել ճշմարիտ ուղու վրա, քարոզչին հարգարժան կերպով լսում են, իսկ հետո՝ ուտում, և այս բանը խանգարում է, որ նրանց մեջ շողա հավատո լույսը։ ==Երկրորդ հատվածը Մաթուսաղայի օրագրից== Տասներորդ օր։ Շատ ժամանակ չի պահանջվում, որպեսզի խելքով չփայլող մարդիկ տարվեն մի որևէ նորույթով։ Երկու տարի էլ չի անցել այն ժամանակվանից, երբ կրկին հիշեցրին ինչ֊որ հնամենի գնդակախաղ, բայց արդեն գործածության մեջ են մտել խաղի կանոններից փոխառված բառեր, թեև, ճշմարիտն ասած, բանական և ավելի կարևոր գործերով զբաղված մարդկանց ականջները հոգնում են այդ անիմաստ շաղակրատանքից և անգթորեն ցավում։ Երբ մի մարդ իր մերձավորին խորամանկությամբ գերազանցում և նրա դժբախտությունից օգուտ է քաղում, խաժամուժը խաբվածի մասին ասում է, որ նրան «խփեցին», իսկ եթե մեկը հանկարծ ուշագրավ ու փառավոր մի գործ է կատարում, նրա մասին ասում են, որ նա «երեք դարպաս է տապալել»։ Եվ ահա, այս ամենանողկալի այլանդակությունները սանձարձակ լկտիությամբ ներխուժում են խոսքի բուն հիմքի մեջ և այլանդակում այն, ինչն առաջ ներդաշնակ էր ու գեղեցիկ։ Այսօր հորս հրամանով նրա պալատի մեծ բակում այդ մրցությունն անցկացվեց այնպես, ինչպես այն անցկացվում էր երեք հարյուր տարի առաջ։ Կարմիր հագած, կեռ մահակներով ինը մարդ ուժերն էին չափում կապույտ գուլպայավոր ուրիշ ինը մարդկանց հետ։ Այդ կապույտներից ոմանք կռացած կանգնած էին միմյանցից որոշ հեռավորության վրա և նրանցից յուրաքանչյուրը ձեռքերի ափերով հենվել էր ծնկներին և աչալուրջ առաջ էր նայում․ դրանց անվանում են «պաշտպաններ» և «դաշտայիններ», իսկ թե ինչու՝ աստված գիտի։ Ես այդ չգիտեմ և գիտենալ չեմ ուզում։ Մի կարմրոտանի կանգնել էր, գլխավերևում պտտեցնելով մահակը, որով ժամանակ առ ժամանակ հարվածում էր գետնին, հետո նորից սկսում էր պտտեցնել, իսկ նրա հետևում կանգնած կապտոտանին կռանում էր, շարունակ թքելով ափերի մեջ, և կոչվում էր «բռնող»։ Իսկ սրա ետևում կռանում էր նա, որին կոչում էին «մրցավար»։ Նա հագնված էր այնպես, ինչպես հիմա բոլորն են հագնվում, ու փայտի ծայրով ինչ֊որ բան է փորփրում, բայց, որքան ես կարողացա հասկանալ, առանց որևէ իմաստի։ Եվ նա ասաց․ «Ցածր գնդակ»։ Այնուհետև կապտոտանին գնդակը մեծ թափով նետեց ուղիղ դեպի մահակավորը, բայց նրան չդիպավ, որովհետև դիպուկ չէր նշանառել։ Այդ ժամանակ բոլոր նրանք, ովքեր կոչվում էին «պաշտպաններ» և «դաշտայիններ», թքեցին ափերի մեջ, կռացան ու նորից սկսեցին աչալուրջ նայել իրենց առջև։ Իսկ մահակավորը մի քանի անգամ թույլ տվեց, որ գնդակը նետեն իր վրա, բայց այնպես էր կռանում և ուղղվում, որ հարվածից խուսափում էր․ այնուամենայնիվ, մյուսները թքում էին ափերի մեջ, իսկ նա այդ միջոցին աշխատում էր մահկով հարվածել մրցավարին, սակայն իր ողբալի անշնորհքության պատճառով չէր կարողանում։ Բայց նրա ժամն էլ հասավ, և նա կարողացավ իրականացնել իր մտադրությունը՝ մահացու հարվածով մրցավարին գետին տապալել, ինչն ինձ մեծ գոհունակություն պատճառեց, թեև նա ինքն էլ փռվեց գետին՝ այս անգամ չկարողանալով խուսափել դնդակից, որը փշրեց նրա գանգը, ինչն ինձ մեծ ուրախություն ու գոհունակություն պատճառեց։ Որոշելով, որ սա արդեն վերջն է, ես հորիցս թույլտվություն խնդրեցի հեռանալու և հեռացա, թեև իմ կողքին կանգնածները մնացին տեսնելու, թե մյուսներն ինչպես են միմյանց խեղանդամելու։ Իսկ ես մի կուշտ դիտեցի այդ զվարճալիքը և այլևս չեմ գնա այն դիտելու, որովհետև հազվադեպ է հաջող հարված հասցվում․ և այդ պատճառով էլ այս խաղին պակասում է մոլեգնությունը։ Եվ, բացի այդ, այդտեղ էր Իևելը, որը ծաղրում էր ներկայիս խաղացողներին ու գովաբանում այն անպարտելի թիմերին, որոնց ինքը տեսել էր երեք հարյուր տարի առաջ և որոնց անդամները բոլորն էլ արդեն մահացել են ու փտել․ փառք աստծուն, որը միշտ բարին է կատարում։ Տասներկուերորդ օր։ Ահա արդեն քսան տարի սաստկացող այն լուրերը, թե մեր իշխանական ցեղի գլխավորը՝ երկրային տոհմերի հայր, ազնվագույն, օգոստոսափառ և հնագույն Ադամը (թող խաղաղությունը նրանից անպակաս լինի) կամք է արտահայտել այցելել իմ հորը՝ նրա գահանիստ քաղաքում, այժմ արդեն լուրեր չեն, այլ ճշմարտություն։ Արդեն մոտենում է դեսպանությունը, որը բերում է այդ լուրը։ Քաղաքում մեծ ցնծություն և ուրախություն է։ Հայրս իր առաջին նախարարին հրամայել է ամեն բան նախապատրաստել ինչպես հարկն է։ Տասներկուերորդ օր։ Այսօր եկան վստահված անձինք և լուր բերեցին, որ դեսպանությունը կանգ է առել Բալկա օազիսում՝ մեզանից հարավ տասնյոթ օրվա ճանապարհ։ Տասնչորսերորդ օր։ Քաղաքում չկա այլ խոսակցություն, քան մեծ նորությունների ու մեկ էլ դեսպանության մասին։ Արևածագին ճանապարհ ընկան հորս դեսպանորդները՝ շքեղ հագնված և ընծաներով, նրանք իրենց հետ տանում են և՛ ոսկի, և՛ թանկագին քարեր, և՛ քաղցրավենիքներ, և՛ պատվավոր հագուստներ։ Նրանք մեկնեցին փողփողացող դրոշներով ու զինվորական նվագով, և նրանց շողշողուն շարքերը իմ մոտով անցնում էին այնքան ժամանակ, մինչև որ ինձ հոգնեցրին նրանց թիվն ու աղմուկը։ Իսկ այն բազմությունը, որ աղմուկ֊աղաղակով գնում էր նրանց ետևից, և մեկ էլ տանիքներին հավաքված անբաններին ոչ մի մարդ ի վիճակի չէր հաշվելու։ Հիրավի, այսօր նշանավոր օր է։ Տասնհինգերորդ օր։ Եղա թանգարանում, որպեսզի տեսնեմ թզենու տերևներից և անմաշ տարօրինակ մորթիներից պատրաստված զգեստները, որ հին ժամանակներում մեր նախահայրերը հագել էին դրախտում։ Ինչպես նաև հրեղեն թուրը, որը եղել է հրեշտակի ձեռքում։ Այս օրերին քաղաքը առաջիկա իրադարձությունների կապակցությամբ խելահեղ վիճակում է և ասում են, թե թանգարան են թողնում միայն փոքրաթիվ հազարյակների այն բազմությունից, որն ամեն օր այնտեղ է ձգտում այդ մասունքները դիտելու։ Որպեսզի կարողանայի տեսնել, թե ինչպես են տեսնում հասարակ մարդիկ, և լսել, թե ինչպես են լսում հասարակ մարդիկ, և ազատ լինել իմ աստիճանին վայել տաղկտալի մեծարանքից, երբ ինքս եմ դառնում նայելու առարկա, ես թանգարան գնացի հասարակ մոհակի<ref>Մոհակ ― չթարգմանվող բառ է, նշանակում է մարդ, որը հասարակ արհեստավորից բարձր է․ այդքան նուրբ են եղել կաստայական տարբերությունները այն դարաշրջանում։ Ծան․ հրատարակչի։</ref> հագուստով, հետս ոչ մի ծառա չվերցնելով։ Թանգարանի ընդարձակ դահլիճներում անցուդարձ էին անում հարյուրավոր գիդեր, իսկ նրանցից յուրաքանչյուրի ետևից քայլում էին հարյուրավոր հետաքրքրասերներ, որոնց նրանք պատմում էին այդտեղ ժողովված բոլոր հրաշալիքների մասին։ Եվ ես նկատեցի, որ այդ գիդերը իրենց գանձերը ցույց են տալիս ոչ թե ինչպես պատահի, այլ խիստ կարգով, և որ նրանց խոսքը հին սովորությամբ քարացել է իբրև բառերի անփոփոխ հաջորդականություն, դարձել է միալար և զուրկ որևէ արտահայտչականությունից, ասես դա մեքենա է արտասանում։ Այն գիդը, որի ետևից ես քայլում էի, արդեն չորս հարյուր տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը, և այդ ամբողջ երկար ժամանակաընթացքում ամեն օր կրկնել էր միևնույն բառերը, այնպես որ նա այսօր իր լեզվի տերը չէր։ Հենց որ սկսում էր խոսել, միայն Աստված կարող էր նրան կանգենցնել, մինչև որ խոսքը ինքն իրեն չվերջանար։ Նրա տխմար ճամարտակությունը և փքուն ոճը մի ժամանակ գուցե և ներշնչող են եղել, բայց հիմա կարող են միայն ծաղրական քրքիջ կամ խղճահարության արցունքներ առաջացնել, այնքան որ նրանք տափակ ու անկենդան են դարձել։ Երեք անգամ ընդհատեցի այդ խղճուկ զառամյալ ավանակին, որպեսզի փորձեի նրան։ Եվ կատարվեց այն, ինչ ենթադրում էի՝ նա շփոթվում էր և ստիպված էր լինում ետ դառնալ ու նորից սկսել։ Այսպես, օրինակ, նա ասաց․ «Դիտեք սույն ահեղ զենքը՝ այն սարսափելի օրվա մռայլ մասունքը, որը դեռ բացարձակ վառվում է ագահ կրակի նման, որը Եդեմի մթին տարածությունների վրա բոսորագույն ցոլքեր են նետել․․․» Ես նրան ընդհատեցի և հարց տվեցի մի ազդու ցուցանմուշի մասին, որի վրա այսպիսի մակագրություն կար․ «Դրախտի դռան բանալու նմանակն ու պատկերը, որի բնօրինակը հանգչում է Կայենի գանձարանում, հեռավոր Ենովք քաղաքում»։ Դա խիստ շփոթեցրեց զառամյալ գիդին, նա փորձեց պատասխանել ինձ, բայց չկարողացավ, մեկ էլ փորձեց, դարձյալ չկարողացավ։ Իսկ հետո ուզեց հիշել այն տեղը, որի վրա ընդհատել էր իր ձանձրալի ճառը, բայց չկարողացավ, ու նորից ճռճռաց ամենասկզբից․ «Դիտեք սույն ահեղ զենքը՝ այն սարսափելի օրվա մասունքը, որը դեռ բոցարձակ վառվում է ագահ կրակի նման, որը Եդեմի մթին տարածությունների վրա բոսորագույն ցոլքեր է նետել․․․ Էլի երկու անգամ ես նրան ընդհատեցի, և ամեն անգամ նա վերադառնում էր իր անիծյալ «Դիտեք սույն ահեղ զենքը․․․» բառերին։ Բայց այս անգամ բազմության մեջ առաջացած ծիծաղից նա հասկացավ, որ ծուղակն է ընկել, և ցասումը համակեց նրան, ու նա հարձակվեց ինձ վրա, ասելով․ «Թեև ես անվանի մարդ չեմ, և բարձր պաշտոն չեմ զբաղեցնում, բայց վայել չէ, որ մոհակի մեկը, անքաղաքավարի մի պատանի ծաղրանքով վիրավորի իմ ծերությունը»։ Առաջին անգամ էի ես նախատինք լսում, և բարկացա, ու քիչ էր մնում ասեի․ «Ըստ օրենքի, նա, ով վիրավորում է թագավորական տան զարմին, մահվան է ենթակա»։ Բայց ժամանակին ինձ զսպեցի ու լռեցի, մտքումս որոշելով հարկ եղած ժամանակ խաչելություն տալ նրան՝ իր ամբողջ ընտանիքի հետ միասին։ Ես դեռ առիթ չէի ունեցել տեսնելու որևէ բան, նման այն հետաքրքրությանը, որով բազմությունը դիտում էր Թզենու տերևները։ Իսկ չէ որ դրանք ամենևին էլ տերևներ չեն, այլ միայն դրանց կխմաղքները, քանի որ փափկամասը ամբողջապես վաղուց փտել ու փոշիացել է, անվնաս են մնացել միայն երակները։ Կգտնվեն պարսավիչներ և կասեն, թե մեզանում միշտ էլ կլինեն իսկական դրախտային զգեստներ, քանի դեռ երկրի երեսից չեն վերացել թզենիներն ու գազանները, որպեսզի հնարավոր լինի նորոգել այդ սրբազան գանձերը։ Իսկ ես ոչինչ չեմ ասի, որովհետև այդպես ավելի խելամիտ կլինի։ Բայց ինձ համար դառն է հիշել, որ յոթ քաղաքներից յուրաքանչյուրում ցուցադրված է միակ իսկական ու չկեղծված Հրեղեն թուրը, որը մեր նախահայրերին վտարել է դրախտից։ Սա տարակուսանք է հարուցում։ Այդ միջոցին կողքիցս անցավ մի սքանչելի կռապաշտուհի ու կորավ բազմության մեջ։ Իսկ ես, երազներով ու անուրջներով տարված և կորցնելով հետաքրքրությունս ինձ շրջապատող հրաշալիքների նկատմամբ, գնացի տուն։ Քսաներորդ օր։ Երանի թե աստծու օգնությամբ շուտ գար այդ դեսպանությունը, որովհետև ժողովուրդն իսպառ գլուխը կորցրել է։ Ամբողջ քաղաքը զբաղված է այդ մեծ իրադարձության և դրա նախապատրաստության մասին խոսակցությամբ։ Սակայն դեռ շատ օրեր կանցնեն, նախքան այդ հույսերը կարդարանան։ Քսանյորթերորդ օր։ Կործանվի՛ Իսավալի սերունդը։ Չորանա՛ այն ձեռքը, որի համար քիչ էր ազնիվ երգեհոնի ու հմայիչ քնարի ստեղծումը։ Նա անհանգիստ սատանային փակեց արկղի մեջ, որպեսզի ամեն կարգի թափառաշրջիկներ, արկղի բռնակը պտտեցնելով, նրա միջից ճիչեր կորզեն, և դա անվանեն երաժշտություն։ Թեև դեռ հարյուր տարի էլ չի անցել այն ժամանակից, երբ երևան եկավ այդ նորույթը, բայց այն արդեն ժանտախտի նման տարածվել է ամենուրեք, և հիմա ամեն մի քաղաքում հեռու երկրներից եկած թափառաշրջիկները, իրենց բարեկամ կապիկի ենկերակցությամբ, պտտում են այդ սարսափելի արկղի բռնակը։ Դա դեռ տանելի կլիներ, եթե նրանք զանազան բաներ նվագեն, բայց դժբախտաբար այդ բոլոր արկղերը միայն մի երգ են նվագում՝ մի նոր երգ, որը մոդայիկ դարձավ մի երեսուն տարի առաջ, իսկ հիմա, թերևս, դուրս կգա մոդայից, խեղդվելով այն անհեթեթ հեղեի մեջ, որի մասին մարսողությունը խանգարված այդ բարեպաշտ տխմարները ժամանակ առ ժամանակ դատարկախոսում ու գուշակություններ են անում։ Ասում են, թե սպասվող տոնակատարությունները դեպի մեր քաղաքն են գրավել ավելի մեծ թվով արկղավոր թափառաշրջիկների, և որ դրանցից արդեն այստեղ եկել են առնավազն ութսուն հազար մարդ, և բոլորն անդադար պտտեցնում են միևնույն լալագին եղանակը՝ «Համբուրիր մայրիկիդ, Ագաթ»։ Ճշմարիտն ասած, ես այլևս չեմ կարողանում տանել այդ բանը, թեկուզև գետնի տակն անցներ այդ Ագաթը․ դա էլ ինձ համար քիչ կլիներ, որովհետև մեծ է իմ զայրույթն այն բանի համար, որ նա առհասարակ ծնվել է և մեր գլխին այդպիսի փորձանք բերել։ 747 թվականի վեցերորդ ամսի երկրորդ օրը։ Երեկ եկան հորս ուղարկած պատվիրակները, իսկ նրանց հետ՝ օգոստափառ դեսպանությունը։ Եվ հայրս նրանց հանդիսավորությամբ դիմավորեց քաղաքի դարպասի մոտ։ Թափորը չափազանց երկար էր, զգեստները՝ տարօրինակ, և այդ տեսարանը աչք էր շոյում։ Ամբողջ քաղաքը ցնծությունից խելագարվել էր։ Այդպիսի աղմուկ ու իրարանցում ես դեռ չէի տեսել։ Ամբողջ գիշեր ամեն մի տուն, ամեն մի փողոց ու բոլոր պալատները ողողված էին լույսերով, ռ ովքեր արևելյան հեռավոր սարերում էին եղել, ասում էին, թե իրենց թվում էր, որ առջևում ոչ թե քաղաք է փռված, այլ մի հարթավայր, ուր շաղ են տրված բազմանիստ թանկարժեք զարդեր, որոնք շողշողում և վետվետում էին, իրենց փայլով հմայելով մարդկանց։ Դեսպանը հաղորդեց իր բերած լուրը, ու այլևս տարակույս չէր մնում։ Ադամը կգա մեզ մոտ, և ժամկետն արդեն նշանակված է 787 թվականին կամ հաջորդ տարի։ Մունետիկներն այս մասին ազդարարեցին ժողովրդին, և ամբողջ քաղաքը աղմկալից ցնծում էր։ Հայրս հրամայեց սկսել նախապատրաստությունները այդքան նշանակալից իրադարձությունն ըստ պատշաճի տոնելու համար։ Իսկ այժմ կսկսվեն խաղերն ու այլ զվարճությունները՝ ի պատիվ դեսպանի, և հայրս հայտարարեց, որ երկու ամսով, քանի դեռ կշարունակվեն այդ տոնակատարությունները, ամեն մի աշխատանք դադարեցվում է։