Changes

Կրոնը բանականության դատաստանի առաջ

Ավելացվել է 26 886 բայտ, 06:11, 13 Հունիսի 2016
Այդքանը բավական կլինի։ Բացառությունների թվարկում չի պահանջվի։
 
 
==Ֆրանսիացիները և կոմանչիները==
 
(Մի գլուխ, որը մտցված չէ «Հետիոտն՝ Եվրոպայով» աշխատության ձեռագրի վերջնական տարբերակի մեջ)
 
 
Այժմ խոսենք դաժանության, վայրենության և կոտորածի նկատմամբ սիրո մասին։ Այս բոլոր հատկությունները չեն դադարում երկրի կիսաքաղաքակիրթ ժողովուրդներին, բայց միևնույն ժամանակ դրանք հազիվ թե կարելի է թերություններ անվանել։ Դրանք սոցիալական համակարգի բնական ծնունդն են և առանց դրանց այդ համակարգը կատարյալ չէր լինի։ Այս տեսակետից ֆրանսիացիների, կոմանչիների և բարոյական ու սոցիալական միևնույն մակարդակի վրա կանգնած մի քանի ուրիշ ժողովուրդների միջև դժվար է զգալի տարբերություններ հայտնաբերել։ Արդարությունը պահանջում է խոստովանել, որ մեր տեսակետից կոմանչիները, անկասկած, գերազանցում են ֆրանսիացիներին, այն է՝ նրանք միմյանց հետ չեն կռվում, մինչդեռ ֆրանսիացիներն անհիշելի ժամանակներից զվարճացել են միմյանց կոտորելով ու այրելով։ Աշխարհի բոլոր սրերից ֆրանսիական սուրն է ամենից ավելի ֆրանսիական արյուն թափել։ Չկա ավելի անողոք ատելություն, քան ֆրանսիացու ատելությունը իր եղբոր նկատմամբ։ Ոչ մի կրոն չի կատարել այնպիսի անլուր գազանություններ, ինչպիսին կատարել է ֆրանսիացիների հեզ ու խոնարհ կրոնը։ Ասենք, վերջին դիտողությունը տվյալ դեպքում ոչ բոլորովին է արդարացի, քանի որ կոմանչիները կրոն չունեն, հետևաբար չկա նաև իր եղբորը սպանելու պահանջ՝ նրան ճշմարիտ ուղու վրա կանգնեցնելու համար։
 
Թուրքերն էլ են երբեմն միմյանց հետ կռվել, ինչպես մյուս բարբարոս ժողովուրդները, բայց քաղաքացիական կռիվը իսկական կատարելության, կատաղության ու անհամեմատելի արդյունավետության հասավ միայն երկու հասարակական խառնակույտերի՝ ֆրանսիացիների և կիլկենյան կատուների<ref>Երկու կատու, որոնք կռվել են այնքան, մինչև որ նրանցից միայն պոչերն են մնացել։ ― Ծան․ ռուս․ թարգմ․։</ref> մոտ։
 
Չեմ կարծում, թե ֆրանսիացիներն ավելի դաժան են եղել, քան կոմանչիները։ Իմ կարծիքով, նրանք միայն ավելի հնարամիտ են եղել իրենց կիրառած եղանակների իմաստով։ Եթե սա հաջողվեր ապացուցել, նման փաստը կվկայեր, որ ֆրանսիացին կոմանչիից բարձր է կանգնած։ Ֆրանսիական ազնվականությունը հաստատել է մի քանի զարմանալի սովորություններ և մեկ հազարամյակի ընթացքում դրանք պահպանել է ժողովրդի խելամիտ հեզության շնորհիվ։ Այդ սովորություններին է վերաբերում հողը մարդուն վարձակալության տալու, իսկ հետո որսի ժամանակ նրա դաշտերում արշավելու և պատճառած վնասի համար չվճարելու իրավունքը։ Կամ էլ թե այդ նույն մարդուն արգելել, որ նա բերքը անտառային կենդանիներից պաշտպանելու համար իր դաշտը ցանկապատի, պատճառաբանելով, թե ցանկապատերը խանգարում են որսորդությանը։ Եվ այն իրավունքը, որ աղան կարող է աղավնիներ պահել ու չվճարել աղավնիների կերած ցորենի համար, ինչպես նաև պատժել ուզած չքավորին, որը սպանել է այդ թռչուններից թեկուզ մեկին։ Եվ այն իրավունքը, որ աղան կարող է ալրաղաց և փուռ պահել, ռամիկին հարկադրելով այնտեղ հացահատիկ աղալ և հաց թխել՝ կրկնակի վճարով։ Եվ այրիների ու որբերի ունեցվածքը զավթելու աղայի իրավունքը, եթե ընտանիքի գլխավորը մահացել է և կտակ չի թողել։ Եվ իր իրավասության տակ գտնվող հողի վաճառքից ստացված դրամի մեկ հինգերորդ մասը վերցնելու աղայի իրավունքը։ Բայց այս բոլորը մանր դաժանություններ են․ ամեն մի կիսաքաղաքակիրթ հասարակություն կկարողանար դրանք հնարել, իսկ հետո հանդուրժել։ Շատ ավելի դաժան են մի քանի ուրիշ օրենքներ։ Ինչպես, օրինակ, աղայի իրավունքը ամբողջ օրը աշխատած գյուղացուն ստիպելու, որ նա ողջ գիշեր նստի լճակի ափին և քշի գորտերին, որոնց կռկռոցը կարող է խանգարել աղայի քունը․ գյուղացու փորը ճեղքելու և այնտեղ իր ոտքերը տաքացնելու աղայի իրավունքը, եթե նա հոգնի ու մրսի որսի ժամանակ, և ամեն բան պսակող droit du seigneur<ref>Նկատի է առնվում այսպես կոչված «առաջին գիշերվա իրավունքը»։ ― Ծան․ ռուս․ թարգմ․։</ref> ― ը, դա անվանենք ֆրանսերեն, որպեսզի մեր մայրենի լեզուն չկեղտոտենք։ Կոմանչիները, թերևս, կկարողանային հորինել այս վերջին երեք իրավունքներից ավելի խիստ մի բան, բայց հազիվ թե շատ խիստ։ Սակայն ֆրանսիացիների հնարամտությունը չգերազանցված բարձրության հասավ հեղափոխության օրերին, երբ մերկացրած տղամարդկանց կապում էին մերկացրած կանանց և նետում գետը։ Այս բանը կոմանչիները երբեք չէին մտածի, այնպես որ այստեղ, անպայմանորեն, ֆրանսիացիներին է պատկանում առաջնության դափնին։ Քանի որ դա կատարվել է հազիվ մի հարյուր տարի առաջ, մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ ֆրանսիացիները դեռևս չեն կորցրել իրենց հնարամտությունը, իսկ հնարավոր է, որ նաև այն գործի դնելու հակումը։
 
Մի տեսակետից ֆրանսիացիները միանգամայն անհասանելի են։ Կոտորածի սիրով նրանք, իսկապես, օժտված են ի վերուստ։ Ոչ մի ժողովուրդ դրան չի տիրապետում այդպիսի հոմերական չափերով։ Մի քանի դարի ընթացքում ֆրանսիացիները կարողացան համարյա լիովին այն իրենց մենաշնորհը դարձնել։ Բարդուղիմեոսյան գիշերից դեռ շատ առաջ նրանք ճաշակել էին կոտորածի բերկրանքը և տարվել էին դրանով։ Սակայն Բարդուղիմեոսյան գիշերը այնքան մոնումենտալ է, որ նրա վիթխարի ստվերի մեջ բոլորովին կորչում են նրա բազմաթիվ նախորդները․ դրանք համարյա չենք նշմարում, բայց դրանք, այնուամենայնիվ, եղել են։ Եթե դրանցից մի քանիսը տեղի ունենային Անգլիայում, դրանք, ինչպես որ խավարումը, կհանգցնեին նրա պատմության արեգակը, բայց այստեղ, կոտորածի հայրենիքում, դրանք թվում են նույնքան բնական ու անհրաժեշտ, ինչպես ցանը բորոտի մաշկի վրա, և ճիշտ նույնքան էլ ուշադրություն են գրավում։
 
Բարդուղիմեոսյան գիշերը, անտարակույս, մի անզուգական գլուխգործոց է, որին հավասարը աշխարհը չգիտի։ Դրան մասնակցեցին երկրի ամենաականավոր մարդիկ, ներառյալ թագավորը և մայր թագուհին։ Այդ բանը պատահեց 1572 թվականին։ Պատճառը կրոնական ինչ֊որ թյուրիամցություններն էին։ Ֆրանսիացին, ամենից առաջ, բարեպաշտ է։ Եվ նրա համար քիչ է, որ ինքը բարեպաշտ լինի, նա պահանջում է, որ բարեպաշտ դառնա նաև իր մերձավորը, իսկ եթե վերջինս համառում է, նա սպանում է սրան և դրանով իսկ սրան բարեպաշտություն է պատվաստում։ Այո, եթե նրա մերձավորը հրաժարվում է սուրբ կյանք վարել, ֆրանսիացին վերցնում է կացինը ու կամակորին ճշմարիտ ուղու վրա կանգնեցնում։ Ֆրանսիացին պաշտում է հասարակությունը և չի ցանկանում երկնքում միայնակ մնալ, այդ պատճառով էլ նա վաղօրոք դրախտում իր համար ընկերակցություն է ապահովում։ Այն դարաշրջանում, որի մասին ես պատմում եմ, ոչ միայն մի մերձավորն էր սկսել ուրիշ կրոն դավանել, այլև ամբողջ ազգի ուղիղ կեսը։ Դա սարսափելի էր։ Կաթոլիկական կուսակցության առաջնորդները խորապես վշտացած էին մեղքի խոցը այդպես ցավալիորեն տարածվելու համար և սկսեցին խորհրդակցել, թե ինչպես ավելի լավ կլինի այն բուժել։ Մայր թագուհին, որի իմաստնությունն ու սրբությունն անթերի էին, խորհուրդ տվեց գործադրել սովորական ազգային դեղամիջոցը՝ կոտորածը։ Այդ դեղամիջոցը հավանության արժանացավ, և կոտորածը պատվիրվեց ճիշտ այնպես, ինչպես մենք խոհարարին ճաշ ենք պատվիրում։ Բարեպաշտական գործը որոշվեց սկսել օգոստոսյան օրերից մեկի կեսգիշերին, որի մասին ծանուցվեցին զանազան քաղաքների և գյուղերի բնակիչները։ Իսկական հավատի կողմնակիցները զենք էին պատրաստում, պահում էին գաղտնիքը և սպասում, միաժամանակ այցելելով ու իրենց մոտ ընդունելով իրենց մեղսագործ ու ոչինչ չկասկածող մերձավորներին, և թվում է, թե ոչ մի բան չէր նախագուշակում ճակատագրական գիշերվա մոտենալը։ Թագավորը սրտամոտ զրույցներ էր ունենում մեղսագործների գլխավորի հետ, և, եթե սա շրջահայաց մարդ էր, անշուշտ, ուշադրություն դարձրած կլիներ այն չախմախավոր հրացանի վրա, որով նորին մեծությունը, մի քանի օր անց, հրամայեց կրակել նրա վրա պալատի լուսամուտից։
 
Նշանակված ժամը հասավ, և տագնապի ազդանշանը խախտեց գիշերային լռությունը։ Արդարները կազմ ու պատրաստ էին, մեղավորները հանկարծակիի բերվեցին։ Տղամարդկանց ու կանանց սպանում էին նրանց ննջարաններում կամ նրանց տների աստիճանների վրա։ Երեխաների գանգերը փշրում էին պատերին զարնելով։ Բարեպաշտական գործը շարունակվեց երկու ցերեկ ու երեք գիշեր։ Սպանվածների դիակները փակեցին գետի հունը, փողոցները պատված էին դիակներով, օդը տոգորված է այն մարդկանց նեխող մարմինների գարշահոտությամբ, որոնց կործանեց նրանց սեփական անխելամտությունը․ չէ որ նրանք ֆրանսիացիներ էին, և եթե առաջինը կռահեին, իրենք կկազմակերպեին կոտորածը և դատաստան կտեսնեին իրենց կործանարարների հետ։ Այդ երկու֊երեք օրվա ընթացքում Ֆրանսիայում սպանվեց յոթանասուն հազար մարդ, և իսկական հավատը իր սխրանքից հետո այն աստիճան ամրապնդվեց, որ մյուս կողմը այլևս երբեք լրջորեն չէր սպառնում նրա տիրապետությանը։
 
Հասկանալի է, որ այդ ժամանակից ի վեր աշխարհը տեսել է ֆրանսիական շատ կոտորածներ։ Չափազանց երկարատև ու հաճելի կոտորած եղավ Տեռորը։ Մեր օրերում էլ մենք տեսել ենք այդպիսի շատ կոտորածներ։ Հիշատակենք միայն դեկտեմբերի 2֊ի կոտորածը և Կոմունայի օրերին, ֆրանս֊պրուսական պատերազմի վերջին տեղի ունեցած մի քանի կոտորածներ։ Սակայն դրանցից ոչ մեկով ֆրանսիացիներն այնպես չեն հպարտանում, ինչպես իրենց անզուգական Բարդուղիմեոսյան գիշերով։
 
Ֆրանսիական ազգային բնավորության ամենագրավիչ գիծը, որ ամենամեծ հույսն է ներշնչում քարոզչին, սքանչելի ու արտակարգ հեզությունն է։ Մենք ճագարներին հեզ արարածներ ենք համարում, բայց ճագարի հեզությունն ի՜նչ է ֆրանսիացու հեզության համեմատությամբ։ Կգտնվի՞, արդյոք, այնպիսի ճագար, որը թույլ տա, որ հազար տարի իրեն կեղեքեն, վիրավորեն, ոտնատակ տան, և ոչ մի անգամ չփորձի կծել իր բռնապետին։ Եվրոպայի քարտեզը ծածկված է քաջարի մանր համայնքներով, որոնք կրկին ու կրկին ապստամբում էին զորեղ կեղեկիչների դեմ և ձգտում արդարության։ Դժվար է դրանց անգամ սոսկ թվարկումը։ Վիհլեմ Թելեր և Ուոթ Թայլերներ առատորեն հանդիպում էին ամեն տեղ, բացի Ֆրանսիայից։ Սակայն անգամ Ֆրանսիան, վերջ ի վերջո, ապսատմաբեց, և բավարարված կվերադառնար իր ճագարանոցը, ստանալով մի ուժեղ ապտակ ու մի կոնֆետ, եթե միայն տխմար թագավորը գլխի ընկներ ու առաջարկեր այդպիսիք։ Բայց անհրաժեշտ բանը անհրաժեշտ ժամանակ կատարելը նրա ոճը չէր, այնպես որ նա հարմար առիթը ձեռքից բաց թողեց։ Այդ ժամանակ ազգը թոթափեց ճագարի մորթին և հագավ իր ազգային մյուս զգեստը՝ վագրի մորթին, իսկ երբ նրա դեմ ելան ամբողջ Եվրոպայի բանակները, նա ավելի հեռուն գնաց և ապացուցեց իր արիությունը, անտարակույս, զարմանալով, որ այդքան արիություն գտնվեց իր մեջ։ Մեծ զորավար Նապոլեոնը կատարելության հասցրեց ֆրանսիացիների ռազմական արվեստը, իսկ հետո, հարմար պահ ընտրելով, նորից ազգի վրա քաշեց նրա ճագարի մորթին, ոտքը դրեց նրա պարանոցին, և ազգը դրա համար փառաբանեց նրան։ Ճիշտ նույն ձևով վարվեց ֆրանսիացիների հետ Նապոլեոն III֊ը, մի բան, որը նրանց մեծագույն գոհունակություն պատճառեց։
 
Օտարերկրացիներն առհասարակ մեծ բարերարություն էին Ֆրանսիայի համար։ Ֆրանսիայի մեծ մարդիկ, իբրև կանոն, օտարերկրյա ծագում էին ունենում, մեր ժամանակները նույնպես բացառություն չեն, և նրանք բոլորը հիանալի գիտեին, թե ինչպես պետք է սիրաշահել միջին քաղաքացուն։ Միջին քաղաքացին պահանջում է «փառք»․ դա ամենագլխավորն է․ ավելի շատ փառք, ավելի շատ աղմուկ, ավելի շատ տեսարաններ, ավելի շատ հավասարություն ու եղբայրություն, ավելի շատ դիմակահանդեսներ ու ամեն տեսակ խաբուսիկ շքեղություն․ ավելի շատ անպարկեշտություն ու պարծենկոտություն, ավելի շատ համոզվածություն, որ աշխարհի աչքերն ուղղված են իրեն, որ նրա կինը նորաձևությունների օրենսդրուհին է, իսկ ինքը՝ աշխարհիկ սիրալիրության օրինակ, ավելի շատ հիշեցնում, որ իր լեզուն ամբողջ ազգերի պալատական լեզուն է, և որ Փարիզը մի արեգակ է, որի մայրամուտը աշխարհը կթաղի մտավոր խավարի մեջ․ ավելի շատ Vive la Ripubligue<ref>Կեցցե՛ հանրապետությունը (ֆր․)։</ref> այսօր, Vive le Roi<ref>Կեցցե՛ թագավորը (ֆր․)։</ref> վաղը, Vive la Commune<ref>Կեցցե կոմունան (ֆր․)։</ref> վաղը չէ մյուս օրը և Vive սատանան գիտի, թե ինչ՝ վաղը չէ մյուս օրը չէ, էն մյուս օրը․ ավելի շատ ազնիվ մենախոսություններ՝ ամրապնդված անարյուն մենամարտերով, նրա վիրավորված պատիվը վերականգնելու համար․ ավելի շատ բարեպաշտություն, անպարկեշտություն, կոտորած ու ողջույնի ճիչեր՝ ահա՛ թե ինչ է նա պահանջում կյանքից, որը պետք է ավարտվի պերճաշուք թաղումով՝ թափորը գլխավորող քահանայով ու լապտերով, դիակառքի նստիքին բազմած կեղծ գեներալ֊մայորով և թափորի հետևից գնացող սգո դատարկ կառքերի շարանով․ այդ ժամանակ նա, գոհ և ուրախ, վեր կսլանա մնացած հրեշտակների մոտ, որպեսզի նրանց պատմի իր ճոխ թաղման մասին։ Վեհության այս բոլոր մանրամասները թանկ չեն, և խելոք օտարերկրացիները, որոնք կառավարում էին Ֆրանսիան, առատորեն դրանք մատակարարում էին ազգին՝ իրենց համար մեծ օգուտով։
 
Ինչպես արդեն ասացի, ֆրանսիացիների հեզությունը նրանց ազգային բնավորության ամենահիանալի գիծն է, իսկ շուտով կդառնա նաև ամենաօգտակար գիծը, որովհետև դրա օգնությամբ մեր քարոզիչները նրանց ականջներից բռնած վեր կբարձրացնեն ճագարի նման։ Ֆրանսիացին կազմված է մանրագույն մանրախնդրությունից, ինչպիսին միայն կարելի է երևակայել, և մեծագույն վեհությունից։<ref>Երբ Դ'Էգիլյոնը կեսգիշերին անհնազանդ ֆրանսիական պառլամենտին հրաման ուղարկեց իր պարտականությունների կատարմանը վերադառնալու մասին, նրա 200 անդամներից 160֊ը քաջաբար ու կտրականապես հրաժարվեցին իրենց անկողիններից դուրս գալ։ Նրանցից յուրաքանչյուրը այդ հերոսական արարքը գործեց միայնակ ու հենվելով միմիայն իր արիության վրա, քանի որ նա չէր կարող հավատացած լինել, թե մնացած բոլորը կամ թեկուզ նրանցից ոմանք չեն սասանվի և կվարվեն նույն ձևով, ինչպես ինքը։ Համեմատության համար հիշեք, թե Ֆրանսիայում ամեն մի նոր կառավարական համակարգ ինչպիսի մանրախնդրությամբ է աշխատում ոչնչացնել ամեն մի պատմական հիշատակություն իրեն նախորդած համակարգի մասին՝ ընդհուպ մինչև փողոցների անունները։ Նապոլեոնը Վանդոմայն հուշասյան վրա կանգնեցրեց իր արձանը․ հետագա համակարգերն այն փոխարինեցին ուրիշ բանով․ իշխանության գլուխ անցնելով, Կոմունան առհասարակ ոչնչացրեց հուշասյունը, այժմ հանրապետությունը վերականգնել է հուշասյունը և այն պսակել քարե զարդարանքնեով, որն արտահայտում է չգիտեմ թե ինչ, երևի ֆրանսիական անկայունությունը։ ― Ծան․ հեղինակի</ref> Նրա մեջ թաքնված վագրը՝ կոտորածի գաղտնի, արյունարբու բնազդը, հնարավորություն է տալիս պատշաճ ճնշումից ու ջանադիր վարժեցումից հետո նրան դարձնել աշխարհում լավագույն զինվորը։ Ճագարի հեզությունը, որ դարերի ընթացքում նրա մեջ դաստիարակվել է անարդարություններն ու ամենածանր վիրավորանքները հնազանդորեն ընդունելու հետևանքով, նրան օգնում է անտրտունջ կրելու այդ վարժեցումները։ Վիթխարի փառամոլությունը նրա մեջ ձգտում է առաջացնում արվեստի, գիտության բնագավառում, քաղաքականության և գրականության մեջ գործելու այնպիսի հրաշքներ, որոնց մասին մտածել անգամ չէր կարող որևէ մեկ ուրիշը, իսկ տենդագին, բուռն երևակայությունը, անհանգիստ եռանդը և հաստատակամությունը նրան օգնում են հասնելու իր նպատակին։
 
Դեհ, եթե ես կարողացա ասել, ինչ ուզում էի, ուրեմն ինձ հաջողվեց ապացուցել, որ ֆրանսիացին որոշ տեսակետից գերազանցում է չինացուն, իսկ մյուս տեսակետներից հավասար է թուրքին ու դագոմեացուն և հազիվ թե որևէ բանում նկատելիորեն զիջում է կոմանչիին։ Ես լիահույս էի, թե դա ինձ կհաջողվի և, թվում է, որ հասա իմ նպատակին։ Ես հաստատ համոզված են, որ Ֆրանսիան իրավամբ արժանավոր տեղ է գրվաում երկրագնդի կիսաքաղաքակիրթ ժողովուրդների շարքում։
 
Ես շատ բան եմ ակնկալում Ֆրանսիայից և նրան ջերմորեն ցանկանում եմ շուտափույթ բարոյական ու մտավոր վերելք և լուսավորություն։ Սակայն ես հիանալի հասկանում եմ, որ այստեղի ամերիկյան գաղութի սահմանափակ ու կանոնավոր ջանքերը, որքան էլ դրանք եռանդուն, սուրբ և անշահախնդիր լինեն, բավարար չեն նրան այդչափ մեծ պարգևով բարերարություն անելու համար։ Ո՛չ, դրա համար կա միայն մեկ ուղի՝ ստեղծել ամերիկյան աշխարհիկ քարոզիչների հատկապես ուսուցանված մի ջոկատ՝ զինված նրանց պաշտպանելու պաշտոնական կոչումով, օժտված Պատվավոր լեգեոնի ժապավենով, որպեսզի նրանց դարձնեն պակաս նկատելի և պաշտպանեն նախանձից ու ավելորդ ուշադրությունից, և որ կառավարությունը նրանց վարձատրի հատուկ հարկից գոյացող միջոցներից։ Ուրեմն, բոլորս մի մարդու պես օգնության հասնենք ֆրանսիացուն, տոգորվենք անշահախնդիր սիրով դեպի այդ արհամարհված ու ստորացված օղակը, որ գտնվում է մարդու և կապկի միջև, բարձրացնենք նրան ու դարձնենք մեր եղբայրը։
 
Ադմին, Վստահելի
1876
edits