Changes

Կրոնը բանականության դատաստանի առաջ

Ավելացվել է 14 758 բայտ, 13:02, 14 Հունիսի 2016
/* Երկիր հասցեագրված նամակ */
:::::::::::::::::Մատենավար հրեշտակ (կնիք)։
 
 
==Ռազմական աղոթք==
 
 
Դա մեծագույն հուզմունքի ու վերելքի ժամանակաշրջան էր։ Ամբողջ երկիրը մարտի էր նետվում․ պատերազմ էր, բոլորի և յուրաքանչյուրի կրծքի տակ հայրենասիրության սրբազան հուրն էր բորբոքվում․ թնդում էին թմբուկները, նվագում էին նվագախմբերը, կրակում էին խաղալիք ատրճանակները, հրթիռների խրձերը սուլոցով ու ճարճատյունով օդ էին թռչում․ ուր էլ որ նայեիր, հեռվում կորչող տանիքների ու պատշգամբների երկարությամբ արևի տակ շողշողում էր դրոշների փողփողուն անտառը, ուրախ և իրենց նոր համազգեստների մեջ անչափ գեղեցիկ երիտասարդ կամավորներն ամեն օր քայլավարժություններ էին կատարում լայն պողոտայում, իսկ նրանց հայրերը, մայրերը, քույրերն ու հարսնացուները երջանկությունից խզված ձայնով ճանապարհին ողջունում էին նրանց․ ամեն երեկո ժողովրդի հոծ զանգվածները շունչները պահած լսում էին որևէ հայրենասեր հռետորի, որի ճառը դիպչում էր նրանց հոգու ամենանվիրական լարերին, և շարունակ ընդհատում էին նրան բուռն ծափահարություններով, այն ժամանակ, երբ արցունքները հոսում էին նրանց այտերով, եկեղեցիներում քահանաները ժողովրդին համոզում էին հոգով ու հավատով ծառայել հայրենիքին ու այնպիսի եռանդով ու պերճախոսությամբ էին պատերազմի աստծուն աղերսում ի վերուստ օգնություն ուղարկել մեզ մեր արդար գործում, որ ունկնդիրների մեջ չէր գտնվի մեկը, որ արտասվելու աստիճան հուզված չլիներ։ Դա հիրավի փառավոր, զարմանալի ժամանակ էր, և այն սակավաթիվ թեթևամիտ մարդիկ, որոնք համարձակություն էին ունենում անխրախուսաբար արտահայտվել պատերազմի մասին և կասկածի տակ առնել դրա արդարացիությունը, իսկույն այնպիսի խիստ և զայրալից պատասխան էին ստանում, որ հանուն իրենց սեփական անվտանգության բարվոք էին համարում հեռանալ ժողովրդի աչքից ու լռել։
 
Հասավ կիրակին, հաջորդ օրը զորքերը պետք է ռազմաճակատ մեկնեին․ եկեղեցին առավոտից լեփ֊լեցուն էր, այդտեղ էին նաև կամավորները, որոնց երիտասարդ դեմքերը այրվում էին ռազմական սխրանքների կանխավայելումից, մտքով նրանք արդեն այնտեղ էին՝ ահա, նրանք հարձակվում են, համառորեն ավելի ու ավելի արագ և վճռականորեն, սրընթաց գրոհ, սրերի փայլատակում, թշնամին փախչում է, խուճապ, վառոդի ծուխ, կատաղի հետապնդում, կապիտուլյացիա։ Եվ ահա, նրանք նորից տանն են․ պատերազմից վերադարձել են որպես մարտերում կոփված փափագելի ու պաշտելի հերոսներ, ողողված հաղթանակի ոսկեհուռ փայլով։ Կամավորների կողքին նստել են նրանց հպարտ և երջանիկ հարազատները, առաջացնելով այն բարեկամների ու հարևանների նախանձը, որոնք չունեին եղբայրներ ու որդիներ, որոնց կարողանային ուղարկել կռվի դաշտ՝ հայրենիքի համար հաղթանակ նվաճելու կամ էլ թե ընկնելու քաջի մահով։ Ժամերգությունն իր կարգով գնում էր․ քահանան Հին կտակարանից կարդաց ռազմական գլուխը, այնուհետև՝ առաջին աղոթքը, որոտաց երգեհոնը, ցնցելով շենքը, աղոթողները միասնական ավյունով ոտքի կանգնեցին՝ բաբախող սրտերով ու փայլատակող աչքերով, և եկեղեցում հնչեց հուժկու կոչը․
 
<poem>
Տե՜ր իմ, որ ահեղատես երկրին ես նայում,
Շանթ ու կայծակը հնազանդ են քեզ։
</poem>
 
Այնուհետև հաջորդեց «երկարատև աղոթքը»։ Ոչ ոք չէր կարողանա հիշել մի որևէ բան, որը կրքոտությամբ ու զգացումների սրտահույզ ջերմությամբ և շարադրանքի գեղեցկությամբ դրան հավասար լիներ։ Նրանում ամենից ավելի խնդրում էին, որ մեր ամենաբարերար ու գթասիրտ հայրը պահպանի մեր քաջարի երիտասարդ զինվորներին, նրանց օգնական, հենարան ու աջակից լինի հանուն հայրենիքի նրանց սխրանքներում․ որ նա օրհնի նրանց և պահպանի ճակատամարտի օրը ու վտանգի ժամին, նրանց պահի իր աջի մեջ, նրանց ուժ ու հավատ ներշնչի և անպարտելի դարձնի արյունահեղ գոտեմարտում․ որ նա նրանց օգնի ջախջախել թշնամուն, նրանց, նրանց զենքին ու երկրին պարգևի հավերժական փառք ու պատիվ․․․
 
Այդ պահին եկեղեցի մտավ մի տարեց անծանոթ և անշտապ ու անաղմուկ քայլերով գլխավոր միջանցքով ուղղվեց դեպի բեմը։ Նրա աչքերը սևեռված էին քահանային, բարձր իրանը գրկել էր մինչև կրունկները հասնող հագուստը, իսկ սպիտակ մազերը փարթամորեն թափվել էին ուսերին, շրջանակելով կնճռապատ դեմքը, որ անբնականորեն, նույնիսկ մեռելայնորեն գունատ էր։ Բոլորը տարակուսանքով նրան էին նայում, իսկ նա, լուռ անցնելով նստարանների արանքով, բարձրացավ ամբիոն և սպասողաբար կանգնեց քահանայի կողքին։ Աչքերը փակած և չկռահելով անծանոթի ներկայությունը, քահանան շարունակում էր կարդալ իր հուզիչ աղոթքը և այն ավարտեց հետևյալ կրքոտ կոչով․ «Օրհնի՛ր մեր զորքին, հաղթանակ պարգևիր մեզ, մեր տեր աստված, մեր հայր և մեր երկրի ու զենքի պաշտպան»։
 
Անծանոթը ձեռքը դրեց նրա ուսին, մի կողմ քաշվելու նշան արեց, որ զարմացած քահանան չհապաղեց կատարել, և գրավեց նրա տեղը։ Մի քանի ակնթարթ նա խստադեմ զննում էր ցնցված ունկնդիրներին, և նրա աչքերը վառվում էին երևութական կրակով, ապա ցածր, խուլ ձայնով սկսեց․
 
― Ես գահի պատվիրակն եմ, որ ձեզ եմ բերել աստծու խոսքը։
 
Ծխականները կանգնած էին շանթահարվածի նման․ անծանոթը, եթե անգամ նկատեց նրանց վախը, ամենափոքր իսկ ուշադրություն չդարձրեց դրան։
 
― Ամենաբարձրյալը լսեց ծառայի՝ ձեր հովվի աղոթքը և պատրաստ է այն կատարելու, եթե ձեր ցանկությունը այդպիսին կլինի այն բանից հետո, երբ ես՝ նրա պատվիրակս, ձեզ պարզաբանեմ դրա իմաստը, ավելի ճիշտ, դրա լրիվ իմաստը։ Որովհետև, ինչպես որ ուրիշ շատ մարդկային աղոթքներում, դուք ինքներդ, առանց դրան կասկածելու, խնդրում եք չափից ավելի շատ բան, քան ձեզ թվում է, երբ աղոթում եք, եթե, իհարկե, վաղօրոք ամեն ինչ չեք մտածել։
 
Աստծու և ձեր ծառան աղոթք կարդաց։ Արդյո՞ք նա խորհել էր նախքան այն կարդալը։ Եվ արդյոք դա մե՞կ աղոթք է։ Ո՛չ, դրանք երկուսն են․ մեկն այն է, որ նա բարձրաձայն կարդաց, և մյուսը՝ որ չկարդաց։ Եվ երկուսն էլ հասան նրա՛ ականջին, ով լսում է բոլոր խնդրանքները՝ արտահայտվածները և չարտահայտվածները։ Խորհեք այս մասին և հիշեցեք։ Եթե սկսեք օրհնություն խնդրե ձեր գործերի ու արարքների համար, զգույշ եղեք, որովհետև այդ րոպեին դուք չկանխամտածված կերպով կարող եք անեծք հարուցել ձեր հարևանի նկատմամբ։ Եթե դուք աղոթում եք ի վերուստն անձրև ուղարկելու մասին, որովհետև այն հարկավոր է ձեր դաշտերին, ապա դրանով դուք գուցե աղոթում եք, որ աղետ լինի ձեր հարևանի համար, որի հողը խոնավության կարիք չունի և անձրևը միայն կփչացնի նրա բերքը։
 
Դուք լսեցիք ձեր ծառայի աղոթքը, դրա այն մասը, որ նա կարդաց բարձրաձայն։ Տերն ինձ ուղարկել է ձեզ մոտ, որպեսզի ես բառերի վերածեմ աղոթքի մյուս մասը, այն, ինչ քահանան և դուք բոլորդ սրտներիդ խորքում լուռ աղերսում էիք նրան։ Չհասկանալով ու չմտածելով, թե ինչ եք աղերսում։ Տա աստված, որ դա այդպես լիներ։ Դուք լսեցիք հետևյալ բառերը․ «Հաղթանակ պարգևի մեզ, մեր տեր աստված»։ Այդքանը բավական է։ Այն ամբողջ աղոթքը, որ դուք այստեղ բարձրաձայն կարդացիք, բովանադակվում է այս բազմանշանակալից բառերի մեջ։ Ճշգրտումներն ավելորդ են։ Աղոթելով հաղթանակի համար, դուք աղոթում էիք նաև ձեր կողմից չհիշատակված շատ հետևանքների համար, որոնք ուղեկցում են հաղթանակին, պետք է դրան ուղեկցեն, չեն կարող չուղեկցել։ Եվ ահա մեր երկնային հոր լսողությանը հասավ աղոթքի նաև բարձրաձայն չարտահայտված մասը։ Նա ինձ հրամայեց այն արտահայտել բառերով։ Արդ լսե՛ք։
 
Մեր տեր աստված, մեր երիտասարդ հայրենակիցները, մեր սրտի կուռքերը կռվի են գնում, նրանց հետ եղի՛ր։ Մտովի մենք նրանց հետ միասին թողնում ենք մեր հանգիստ ու տաքուկ թանկագին օջախները և գնում ենք ջախջախելու թշնամիներին։ Մեր տեր աստված, օգնիր մեզ, որ արկերով ծվեն֊ծվեն անենք նրան զինվորներին․ օգնիր մեզ, որ նրանց ծաղկուն դաշտերը ծածկենք նրանց հայրենասերների ոչնչացված դիակներով․ օգնիր մեզ, որ հրանոթների որոտը խլացնենք ցավից գալարվող նրանց վիրավորների վայնասունով․ օգնիր մեզ, որ կրակե մրրիկով գետնին հավասարեցնենք նրանց համեստ կացարանները․ օգնիր մեզ, որ անմխիթար վշտով քրքրենք նրանց այրիների սրտերը․ օգնիր մեզ, որ նրանց զրկենք բարեկամներից ու օթևանից, որպեսզի նրանք իրենց մանուկների հետ միասին թափառեն իրենց ամայացած երկրի ամուլ դաշտերում, թափառեն ցնցոտիների մեջ, տանջվելով սովից ու ծարավից, ամառը՝ արևից դաղված, ձմեռը՝ սառնասառույց քամուց դողալով, վերջնականապես հուսահատված, ապարդյուն խնդրելով քեզ իրենց առջև լայն բացել գերեզմանի դռները, որպեսզի այնտեղ կարողանան հանգիստ գտնել․ հանում մեզ, որ երկրպագում ենք քեզ, ո՜վ տեր, հողմացրիվ արա նրանց հույսերը, խորտակիր նրանց կյանքը, երկարացրու նրանց վշտալից թափառումները, ծանրացրու նրանց քայլը, արցունքներով թրջիր նրանց ճանապարհը, սպիտակ ձյունը կարմիր ներկիր նրանց վիրավոր ոտքերի արյամբ։ Սիրով ու հավատով մենք այս բանը աղերսում ենք նրանից, ով սիրո աղբյուրն է, ով հավատարիմ բարեկամ և հույս ապավեն է բոլոր տառապայլների համար, որոնք հնազանդ սրտով ու խոնարհ հոգով նրա օգնությունն են փնտրում։ Ամե՛ն։
 
(Մի փոքր լռելուց հետո։) Դուք աղոթել եք դրա համար․ եթե դուք հիմա էլ ցանկանում եք այդ բանը, ասացե՛ք։ Ամենաբարձրյալի պատվիրակը սպասում է։
 
Հետագայում շատերը պնդում էին, թե դա խելագարի մեկն է եղել, որովհետև նրա ճառը զուրկ էր որևէ իմաստից։
 
Ադմին, Վստահելի
1876
edits