Changes
/* Որոշ բաներ զղջալու մասին */
:::::::::::::::::::::::15 օգոստոսի 1906 թ․
==(Աղոթք քաղցրավենիքի համար)==
Ես սկսել եմ դպրոց հաճախել չորս ու կես տարեկանից։ Այն ժամանակներում Միսսուրիում հասարակական դպրոցներ չկային, բայց դրա փոխարեն կար երկու մասնավոր դպրոց, որտեղ սովորելու համար վերցնում էին շաբաթական քսանհինգ ցենտ, ու դա էլ փորձիր ստանալ։ Տիկին Գորը փոքրիկներին սովորեցնում էր գլխավոր փողոցի հարավային մասում գտնվող գերանակապ տնակում։ Պարոն Սեմ Կրոսը պարապում էր ավելի մեծ երեխաների հետ՝ բլրի վրա գտնվող տախտակապատ տան մեջ։ Ինձ տվեցին տիկին Գորի դպրոցը, և ես դեռ այժմ էլ, ավելի քան վաթսունհինգ տարի անց, շատ պարզ հիշում եմ իմ առաջին օրը գերանակապ տնակում, համենայն դեպս, այդ օրվա մի դեպք։ Ես ինչ֊որ բանում մեղանչել էի, և ինձ նախազգուշացրին, որ այլևս այդպիսի բան չանեմ և որ հաջորդ անգամ ինձ դրա համար կպատժեն։ Շատ շուտով նորից մեղանչեցի, և տիկին Գորը ինձ պատվիրեց մի բարակ ճիպոտ գտնել ու բերել իրեն։ Ես ուրախացա, որ նա հենց ինձ ընտրեց, որովհետև ենթադրում էի, թե մեկ ուրիշից շուտ կկարողանամ գտնել նման դեպքի համար հարմար ճիպոտը։
Փողոցի ցեխի մեջ գտա կաղնու հին տակառատախտակի կտոր՝ մի երկու մատնաչափ լայնությամբ, քառորդ մատնաչափ հաստությամբ և մի կողմից մի փոքր կոր։ Շուրջը նույն տեսակի շատ լավ, նոր ճղոնիկներ էին թափված, բայց ես վերցրի հենց այդ կտորը, թեև դա բոլորովին փտած էր։ Այն տարա տվեցի տիկին Գորին և մնացի նրա առջև կանգնած՝ հեզ ու խոնարհ դիրքով, որը, իմ կարծիքով, պետք է կարեկցանք և ներողամտություն առաջացներ, բայց այդպիսի բան չկատարվեց։ Նա նայեց ինձ, նայեց տակառատախտակի կտորին՝ միևնույն անտարբերությամբ, հետո կոչեց ինձ լրիվ անուն ազգանունովս՝ Սեմյուել Լենգհորն Կլեմենս (երևի ես դեռ ոչ մի անգամ չէի լսել, որ որևէ մեկը միանգամից միմյանց հետևից արտասաներ այդ բոլոր անունները), և ասաց, թե ինքն իմ փոխարեն ամաչում է։ Հետագայում իմացա, որ եթե ուսուցիչը աշակերտին անվանում է լրիվ անուն ազգանունով, դա ոչ մի լավ բան չի խոստանում։ Նա ասաց, թե կաշխատի ընտրել մեկ ուրիշ տղայի, որն ինձանից շատ է հասկանում ճիպոտներից, և ես մինչև այժմ դառնությամբ եմ հիշում, թե քանի֊քանի տղաների դեմքն ուրախությունից փայլեց այն հույսով, որ իրենց կընտրեն։ Ճիպոտ բերելու գնաց Ջիմ Դանլեպը, և երբ նա բերեց իր ընտրած ճիպոտը, համոզվեցի, որ նա այդ գործի գիտակն է։
Տիկին Գորը միջին տարիքի կին էր, ծնված Նոր Անգլիայում, և խստորեն պահպանում էր նրա բոլոր կանոններն ու սովորությունները։ Նա միշտ դասերն սկսում էր աղոթքով և Նոր կտակարանից մի գլխի ընթերցանությամբ․ այդ գլխի առթիվ նա տալիս էր համառոտ պարզաբանումներ։ Նման պարզաբանական զրույցներից մեկի ժամանակ նա կանգ առավ այսպիսի մի արտահայտության վրա․ «Խնդրեք, և ձեզ կտրվի», ասաց, որ եթե մարդ շատ է ուզում մի որևէ բան և ջերմեռանդորեն աղոթում է դրա համար, նրա աղոթքը, անտարակույս, կլսվի։
Երևի այն ժամանակ ես դա իմացա առաջին անգամ, որովհետև ինձ անչափ զարմացրին այդ հայտարարությունը և այն հաճելի հեռանկարները, որ իմ առջև բացվում էին։ Ես որոշեցի անհապաղ ստուգել։ Տիկին Գորի խոսքին հավատում էի և արդյունքի նկատմամբ ամենևին չէի տարակուսում։ Ես աղոթեցի և խնդրեցի քաղցրաբլիթ։ Հացավաճառի աղջիկը՝ Մարգարետ Կունիմենը, ամեն օր դպրոց էր բերում մի ամբողջ բոքոնի չափ խաղցրաբլիթ, առաջ դա թաքցնում էր մեզանից, իսկ հիմա, հենց որ ես աղոթեցի և աչքերս բարձրացրի վեր, բլիթն արդեն ձեռքիս էր, իսկ աղջիկն այդ ժամանակ ուրիշ կողմ էր նայում։ Կյանքումս երբեք այդպես չէի ուրախացել, որ իմ աղոթքը լսվել է, և անվերապահորեն հավատացի։ Ես շատ բանի կարիք էի զգացել, բայց մինչ այդ ոչինչ չէի կարողացել ստանալ, իսկ հիմա, իմանալով, թե դա ինչպես է արվում, մտադրվեցի ինձ հատուցել բոլոր զրկանքներիս համար և էլի ինչ֊որ մի բան խնդրել։
Բայց իմ այդ իղձը, ինչպես որ մեր բոլոր իղձերը, չկատարվեց։ Երկու թե երեք օր աղոթում էի, թվում է ոչ պակաս չափով, քան մեկ ուրիշը մեր քաղաքում, աղոթում էի շատ անկեղծորեն ու ջանասիրաբար, բայց դրանից ոչ մի բան չստացվեց։ Նույնիսկ ամենաջերմեռանդ աղոթքն ինձ չօգնեց բլիթը երկրորդ անգամ ձեռք գցել, և ես եկա այն եզրակացության, որ նա, ով հավատարիմ է իր բլիթին և աչքը դրանից չի հեռացնում, բնավ անհրաժեշտություն չունի իրեն ծանրաբեռնել աղոթքներով։
Իմ վարքագծի մեջ ինչ֊որ բան անհանգստացրել էր մայրիկիս․ նա ինձ մի կողմ տարավ ու մտահոգված սկսեց հարցուփորձ անել։ Ես չէի ուզում խոստովանել իմ մեջ կատարված փոփոխության մասին․ վախենում էի ցավ պատճառել նրա բարի սրտին, բայց, ի վերջո, արցունքներից խեղդվելով խոստովանեցի, որ դադարել եմ քրիստոնյա լինելուց։ Նա վշտահար հարցրեց․
― Ինչո՞ւ։
― Ես համոզվեցի, որ քրիստոնյա եմ միայն հանուն շահի, և չեմ կարող հաշտվել այդ մտքի հետ, այնքան որ դա ստոր է։
Նա սեղմեց ինձ կրծքին և սկսեց մխիթարել։ Նրա խոսքերից ես հասկացա, որ եթե նույն ոգով շարունակեմ, երբեք միայնակ չեմ մնա։
::::::::::::::::::::::::30 օգոստոսի 1906 թ․
:::::::::::::::::::::::::20 մարտի 1906 թ․
==(Պարոն Ռոկֆելլերը և Աստվածաշունչը)==
Ջոն Ռոկֆելլեր֊կրտսերի աստվածաբանական հետազոտություններն ամերիկյան կյանքի խոշորագույն զվարճալիքներն են։ Ամեն կիրակի երիտասարդ Ռոկֆելլերն իր դպրոցում մեկնաբանում է Աստվածաշնչի մի որևէ տեքստ։ Մյուս օրը «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը և թերթերը ամբողջ երկրին ազդարարում են այդ մասին, և ամբողջ երկիրը ծիծաղում է։ Ամբողջ երկիրը ծիծաղում է, բայց իր անխելամտության ու պարզունակության պատճառով չի կռահում, որ ինքն իր վրա է ծիծաղում։
Երիտասարդ Ռոկֆելլերը, հավանաբար, կլինի մի երեսունհինգ տարեկան։ Նա տգեղ է, համեստ, հումորի զգացումից զուրկ, անկեղծորեն բայրացակամ է և միջակություն է բոլոր տեսակետներից։ Եթե նա կարողանար հոր միլիոնների փոխարեն հասարակությանը ներկայացնել միայն իր համեստ մտավոր ընդունակությունները, Աստվածաշնչի նրա մեկնաբանությունն անհայտ կմնար։ Բայց նրա հայրն աշխարհի ամենահարուստ մարդն է համարվում, այդ պատճառով էլ նրա որդու աստվածաբանական թավալգլորումները հետաքրքիր ու բովանդակալից են համարվում։ Ենթադրում են, որ ավագ Ռոկֆելլերը միլիարդ դոլար արժե։ Հարկեր նա վճարում է երկու և կես միլիոնից։ Նա համոզված քրիստոնյա է, ինքնուս քրիստոնյա և արդեն երկար տարիներ Օհայոյի նահանգում Քլիվլենդի կիրակնօրյա դպրոցի խնամակալն է։ Շատ տարիներ նա ելույթ է ունենում իր ունկնդիրների առջև ու նրանց բացատրում, թե ինչպես են նրան բաժին հասել իր դոլարները։ Եվ այդ բոլոր տարիները ունկնդիրները նրան լսում են կախարդվածի նման և իրենց ակնածական երկրպագությունը կիսում աստծու ու պարոն Ռոկֆելլերի միջև՝ գերակշռությունը տալով վերջինիս։ Կիրակնօրյա դպրոցում անցկացված այդ զրույցները հեռագրով հաղորդվում են մեր երկրի բոլոր ծայրերը և ընթերցվում են ոչ պակաս հաճույքով, քան նրա որդու աստվածաբանական հետազոտությունները։
Ես արդեն ասացի, որ ամերիկացիները ծիծաղում են, լսելով, թե երիտասարդ Ռոկֆելլերն ինչպես է մեկնաբանում Աստվածաշունչը։ Մինչդեռ ամերիկացիները պետք է գիտենան, որ դա ճիշտ ու ճիշտ Աստվածաշնչի նույն այն մեկնաբանությունն է, որ ամեն կիրակի մեզ մատուցվում է եկեղեցական ամբիոնից և մատուցվել է մեր նախահայրերի շատ սերունդների։ Ապարդյուն կլիներ նրանում փնտրել գեթ մեկ նոր միտք (եթե առհասարակ թույլատրելի է խոսել մտքերի մասին, երբ խոսքը վերաբերում է աստվածաբանությանը)։ Երիտասարդ Ջոնի գործելակերպն ընդունված է բոլոր եկեղեցական ամբիոններում։ Եկեղեցին արդեն հարյուրամյակների ընթացքում զբաղված է անհրապույր փաստերից նրբագեղ բարոյախոսություն կորզելով։ Ռոկֆելլերի փաստարկները եկեղեցականների շատ վաղուց մաշած հագուստի լաթերն են։ Նրա բոլոր դատողությունները վարձույթով վերցված են եկեղեցու մամռակալած բեմիրերից, որոնց տարիքը հարյուրամյակներով է հաշվվում։
Երիտասարդ Ջոնը երբեք էլ Աստվածաշունչը լրջորեն չի ուսումնասիրել, նա այն ուսումնասիրել է մի նպատակով՝ դա հարմարեցնել այն դատողություններին, որ ինքը յուրացրել է երկրորդ անձնավորություններից, լսել է իր ուսուցիչներից։ Իրենց յուրօրինակությամբ ու թարմությամբ նրա քարոզները ոչնչով ավելի լավ կամ ավելի վատ չեն մյուս բոլոր աստվածաբանների քարոզներից, սկսած Հռոմի պապից ու հենց նրանով էլ վերջացրած։ Ամերիկացիները ծիծաղում են, լսելով երիտասարդ Ջոնի խորիմաստ ու անճաշակ դատողությունները աստվածաշնչյան Հովսեփի բնավորության ու արարքների մասին, բայց մի՞թե ամերիկացի քահանաները Հովսեփի արարքն ու բնավորությունը նույնքան անշնորհք ու անհեթեթ ձևով չեն մեկնաբանում։ Ամերիկացիների համար ժամանակն է հասկանալու, որ, երբ նրանք ծիծաղում են երիտասարդ Ջոնի վրա, իրենք իրենց վրա են ծիծաղում։ Նրանք պետք է հիշեն, որ երիտասարդ Ջոնը առաջինը չէ, որ գունազարդում է Հովսեփին։ Միևնույն վրձնով ու միևնույն ներկով, ասես ծաղրելու համար, Հովսեփին ներկապատում են արդեն դարեր շարունակ։
Ես երկար տարիներ ճանաչում եմ երիտասարդ Ռոկֆելլերին, գնահատում եմ նրան և այն կարծիքին եմ, որ նրա իսկական տեղը եկեղեցական ամբիոնն է։ Այդ դեպքում նրա մտքի փայլը լուսապսակ կստեղծեր նրա գլխավերևում, որ միանգամայն տեղին կլիներ։ Ասենք, վախենում եմ, նա ստիպված լինի ենթարկվել ճակատագրին և հետևել հորը, գլխավորելով վիթխարի «Ստանդարտ օյլ կորպորեյշենը»։
Երիտասարդ Ռոկֆելլերի առավել սքանչելի աստվածաբանական նվաճումների թվին է պատկանում երեք տարի առաջ նրա հաղորդած մեկնաբանությունը՝ միակ ճիշտ ու անսխալ մեկնաբանությունը այն խրատի առթիվ, որով Քրիստոսը դիմել էր հարստության բեռի տակ շնչահեղձ լինող և հարմար առիթի դեպքում հոգին փրկել ցանկացող երիտասարդին։ «Վաճառիր կալվածքդ և դրամը բաժանիր աղքատներին», ― ասել էր Քրիստոսը։ Երիտասարդ Ջոնը այդ տեքստը մեկնաբանել էր հետևյալ կերպ․
«Եթե որևէ բան խոչընդոտում է քո հոգու փրկության ճանապարհին, վերացրու այդ արգելքը ինչ գնով էլ լինի։ Եթե դա փող է՝ հրաժարվիր դրանից, այն բաժանիր աղքատներին։ Եթե դա գույք է, վաճառիր մինչև վերջին լաթը և ստացած գումարը բաժանիր աղքատներին։ Եթե դա զինվորական փառամոլություն է, թո՛ղ զինվորական ծառայությունը։ Եթե դա կիրքն է մարդու կամ իրի, կամ զբաղմունքի նկատմամբ, հրաժարվիր դրանցից, որպեսզի ամբողջապես նվիրվես քո հոգու փրկության գործին»։
Դժվար է ավելի պարզ արտահայտվել։ Ավագ Ռոկֆելլերի և երիտասարդ Ջոնի միլիոնները այնքան աննշան փաստ են նրանց կյանքում, որ, իհարկե, չեն կարող դիտվել որպես արգելք փրկության ճանապարհին։ Այսպիսով, Քրիստոսի խրատը նրանց հետ ոչ մի առնչություն չունի։ Նյու Յորքի թերթերից մեկը թղթակիցներ էր ուղարկել վեց թե յոթ քահանաների մոտ այդ մասին նրանց կարծիքը իմանալու համար։ Բացառությամբ մեկի, նրանք բոլորը ճիշտ էին համարել երիտասարդ Ռոկֆելլերի դատողությունը։ Ուղղակի չգիտեմ, թե մենք ինչ պետք է անեինք առանց քահանաների։ Համենայն դեպս, ավելի հեշտ կլիներ ապրել առանց արեգակի, առանց լուսնի։
Երեք տարի առաջ երիտասարդ Ջոնի հետ գնացի նրա կիրակնօրյա դպրոցը և այնտեղ ճառ արտասանեցի (ոչ աստվածաբանական թեմայով, դա վատ ճաշակի արտահայտություն կլիներ, իսկ ես լավ ճաշակը գերադասում եմ բարեպաշտությունից)։ Ինչպես պարզվեց, ամեն մեկը, ով ճառ է արտասանում այդ կիրակնօրյա դպրոցի ունկնդիրների առջև, դրանով իսկ դառնում է նրա հոգաբարձուներից մեկը։ Ես էլ արժանացա այդ կոչմանը։ Օրերս ծանուցում ստացա, որ վաղը չէ մյուս օրը երեկոյան նշանակված է հոգաբարձուների ժողով ու ինձ հրավիրում են ներկա լինելու ժողովին և ելույթ ունենալու այնտեղ։ Եթե ես զբաղված եմ, չե՞մ կամենա, արդյոք, մի նամակ գրել, որ կհրապարակվի ժողովում։
:::::::::::::::::::::::::«14 մարտի 1906 թ․
Պարոն Էդուարդ Մ․ Ֆուտին՝ ժողովի նախագահին։
Հարգելի բարեկամ ու գործընկերներ։
Ես անկեղծորեն կցանկանայի անձամբ ներկա լինել պարոն Ռոկֆելլերի՝ կիրակնօրյա դպրոցի հոգեբարձուների ժողովին (որոնց թվում եմ նաև ես՝ դպրոցին ցույց տված ծառայություններիս համար), բայց, մտածելով, որոշեցի մնալ տանը։ Ամբողջ հարցը Հովսեփն է։ Հովսեփի հարցը կարող է ծագել ամեն րոպե, և այն ժամանակ փորձանք կլինի, որովհետև ես և պարոն Ռոկֆելլերը այդ հարցի վերաբերյալ տարբեր կարծիքի ենք։ Ութ տարի սրանից առաջ ես ամենալուրջ և սպառիչ կարգով վերլուծեցի Հովսեփի պատմությունը։ Ծննդոց գրքի քառասունյոթերորդ գլխի լույսի ներքո և այդ թեմայով «Նորս ամերիկեն ռևյուում» տպագրեցի հատուկ հոդված, որը հետագայում մտավ իմ երկերի ժողովածուի XXII հատորի մեջ։ Ես հավատացած էի, որ Հովսեփի հարցը մեկընդմիշտ լուծել եմ, որ այդ թեման սպառված է, և հանգիստ ձեռնամուխ եղա ուրիշ գործերի։ Բայց ինչպիսին էր իմ դառն զարմանքը, երբ թերթերից իմացա, որ պարոն Ռոկֆելլերը որոշել է նորից զբաղվել Հովսեփով, ինչպես երևում է, անգամ չկասկածելով, որ նրանով զբաղվել բնավ հարկավոր չէ, քանի որ Հովսեփին վերաբերող բոլոր հարցերը ես արդեն վերջնականապես լուծել եմ։
Այն, ինչ պարոն Ռոկֆելլերն ասում է Հովսեփի մասին, վկայում է, որ նա Հովսեփից գլուխ չի հանում։ Այստեղից պարզ է, որ նա իմ հոդվածը չի կարդացել։ Դրանում տարակույս լինել չի կարող, քանի որ Հովսեփի նրա գնահատականը իմից տարբերվում է։ Նման որևէ բան չէր լինի, եթե նա կարդար իմ հոդվածը։ Նա Հովսեփին անմեղ գառ է համարում, դա մոլորություն է։ Հովսեփը եղել է․․․ ասենք կարդացեք իմ հոդվածը, և դուք կիմանաք, թե նա ով է եղել։
Հարյուրամյակների ընթացքում Հովսեփի հարցը մնացել է որպես առավել խճճված ու կնճռոտ հարցերից մեկը։ Բոլորի, միայն թե ո՛չ ինձ համար։ Որովհետև ես, ի տարբերություն մյուս աստվածաբանների, Հովսեփի մասին դատում եմ հաստատված փաստերի հիման վրա։ Մինչդեռ նրանք, եռանդագին ձգտելով վաղօրոք նշված նպատակին, գունազարդում են փաստերը։ Որոշ փաստեր նրանք լրիվ ներկածածկ են անում, իսկ դրանց փոխարեն նկարում են ուրիշ, ավելի հրապուրիչ բաներ, որ իրենց երևակայության պտուղն են։ Հովսեփի մասին նրանց խզբզանքները նման են բանկային հաշվետվությունների, որ բանկի վարչությունը հրապարակում է սնանկացման նախօրյակին, ճգնելով խաբել ստուգողներին։ Բանկիրները փորձում են թաքցնել պարտքերը և հաշվետվության մեջ մտցնում են գոյություն չունեցող ավանդներ։ Չկարծեք, թե հորինում եմ։ Ահա թե նախանցյալ կիրակի ինչ է հայտարարել մեծահամբավ գիտնական և բանիմաց դոկտոր Սիլվերմենը «Թայմսի» էջերում․
«Գյուղացիները, հողագործները և անասնապահները, որոնց կյանքը կախված է հողի պտուղներից, բոլորից ավելի տուժեցին անբերիությունից։ Որպեսզի նրանք սովամահ չլինեին, Հովսեփը քաղաքներ փոխադրեց Եգիպտոսի բոլոր գյուղական բնակիչներին՝ սահմանից մինչև սահման (Գիրք ծննդոց, քառասունյոթերորդ գլուխ) և նրանց սնունդ տվեց։ Քանի դեռ նրանք փող ունեին, նա վճարը վերցնում էր փողով, երբ նրանք արդեն փող չունեին, սկսեց գրավ վերցնել նրանց անասունը՝ ձիերը, ոչխարը, ավանակները, երբ դրանք էլ պակասեցին՝ նաև հողը։ Իսկ իշխանություններն իրենք էին կերակրում ոչխարի հոտերը, ձիերին և մյուս անասուններին, որոնք այլապես սովից կսատկեին։
Հետագայում հողը վերադարձվեց նախկին տերերին (որպես սեփականությո՞ւն)։ Նրանց սերմեր տվեցին դաշտերը ցանելու համար, նրանց տվեցին այնքան անասուն՝ ձիեր, ոչխարներ և այլն, որքան նրանց հարկավոր էր, և նրանցից որպես վճար պահանջեցին բերքի ու անասնաճի ընդամենը մեկ հինգերորդ մասը, որ նրանք պետք է տային պետությանը։
Հովսեփի գործողությունները ցույց էին տալիս, որ նա պետական գործիչ էր և մարդասեր անձնավորություն։ Այդ գործողությունները ուժեղ տպավորություն էին գործել փարավոնի ու նրա խորհրդականների վրա, և զարմանալի ոչինչ չկա, որ Հովսեփը նշանակվեց Եգիպտոսի փոխարքա։ Հովսեփը լիովին ջախջախեց վաշխառուներին ու սպեկուկյանտներին, որոնք դարեր ի վեր անբերիության տարիներին կողոպտում էին աղքատ ժողովրդին, մատնելով նրան մուրացկանության ու սովամահության։ Նա կարիքավորներից նրանց հողն ու անասունը վերցրել էր միայն որպես գրավ, իսկ հետո վերադարձրել (որպես սեփականությո՞ւն)։ Այն սննդի դիմաց, որ ինքը տալիս էր, նրանցից վերցնում էր միայն շուկայական միջին գինը։ Եթե իմաստուն Հովսեփը չհոգար հանրային պահեստներ կառուցելու մասին, մարդիկ կկորցնեին իրենց ունեցվածքը, ամբողջ երկիրը աղքատության կմատնվեր և հազարավոր ու հազարավոր մարդիկ կմահանային, ինչպես այդ արդեն մեկ անգամ չէ, որ պատահել էր անբերրիությունների ժամամանակ»։
Այսպիսին է դոկտոր Սիլվերմենի նրբագեղորեն կազմած, ոսկեզօծ եզրազարդմամբ բանկային հաշվետվությունը, որը նախատեսված է ստուգողների համար։
Իսկ ահա թե ինչ է ասված Աստվածաշնչում (ընդգծումը իմն է)։
«Եվ բոլոր երկրների մեջ հաց չկար, վասնզի սովը խիստ սաստկացավ, ու Եգիպտոսի երկիրը և Քանանա երկիրը սովին պատճառով նուզեցավ։
Եվ Յովսէփ պաշար ծախու առնողներին՝ Եգիպտոսի երկրին մեջ ու Քանանու երկրին մեջ գտնուած բոլոր ստակը ժողովեց, և Յովսէփ Փարաուոնի տունը տարավ ստակը։
Եվ երբ Եգիպտոսի երկրին ու Քանանա երկրին մեջ ստակ հատավ, բոլոր եգիպտացիները եկան Յովսէփի ու ըսին․ մեզի հաց տուր, քանզի ստակ չըլլալուն համար ինչո՞ւ մեռնինք քու առջևուդ։
Եվ Յովսէփ ըսավ․ ձեր անասունները բերէք, և եթե ստակ չկայ ձեր անասունների փոխարեն տամ ձեզի։
Եվ անոնք իրենց անասունները Յովսէփին բերին և Յովսէփ հաց տովա անոնց՝ ձիերու փոխարէն ու ոչխարներուն փոխարէն և արջարներուն փոխարէն ու էշերուն փոխարէն․ և այն տարին զանոնք հացով կերակրեց իրենց անասուններուն փոխարէն։
Եվ երբ լմնցավ այն տարին, հետևեալ տարին եկան անոր ու ըսին․ մեր տերոջմէն չենք պահեր, որ ստակը հատավ և մեր անասուններն ալ մեր տէրոջն եղան, ալ բան մը չմնաց մեր տէրոջը առջև, բայց մեր անձերը ու երկիրը։
Ինչո՞ւ համար քո աչքիդ առջև մեռնինք մենք ու մեր երկիրը, <b>մեզ ու մեր երկիրը</b> հացով ծախու առ, և մենք ու մեր եկրիրը Փարաունի ծառաներ ըլլանք, և սերմ տուր մեզի, որպէսզի ապրենք և չմեռնինք, և երկիրը ամայի չլլաց։
Եվ Յովսէփ բոլոր Եգիպտոսի երկիրը Փարավոնի համար ծախու առավ, քանզի Եգիպտացվոց վրայ սովին սաստիկ ըլլալուն համար անոնց ամէն մեկը իր արտը <b>ծախեց և երկիրը Փաrավոնի եղավ։</b>
Եվ Եգիպտոսի մեկ ծայրեն մինչև միուս ծայրը ժողովուրդը ստրկացրեց։
Միայն քուրեմրուն երկիրը ծախու չառավ, վասնզի քուրմերը Փարավոնէ կապհստի բաժին ունէին, ու կուտեէին իրենց բաժինը, զոր Փարավոն կու տար նանոց․ անոր համար և իրենց երկիրը չծախեցին։
Եվ Յովսէփ ըսավ ժողովրդին․ <b>ահա այսօր ծախու առի ձեզ ու ձեր երկիրը Փարավոնի համար․</b> արդ ձեզի սերմ կուտամ, ու սերմանեցէք երկիրը։
Եվ երկրի արդիունքին հինգէն մեկը Փարավոնի պիտի տաք ձեզի ու ձեր տանը մեջ եղողներուն ու ձեր աջաքներուն ուտելիք ըլլայ։
Եվ ըսին․ մեզ ապրեցուցիր թող մեր տէրոջը առջև շնորհք գտնենք, ու Փարավոնի ծառաներ ըլլանք։
Եվ Յովսեփ այս օրէնքը հաստատեց Եգիպտոսի երկրին մեջ մինչև այսօր, որ հինգէն մեկը Փարավոնի ըլլայ, բաց ի քուրմերուն երկրէն, որ Փարավոնի չեղավ»։
Ես այստեղ չեմ գտնում անգամ ամենափոքր հիշատակություն «գրավի» մասին։ Դա ամենազտարյուն նորույթ է, քանի որ խոսքը վերաբերում է Հովսեփի գործողություններին։ Հաճելի նորույթ, ես նույնիսկ կասեի՝ մխիթարական նորույթ։ Բայց ո՞ւր են դրա հիմքերը։ Ես անձամբ մազաչափ իսկ հիմք չեմ գտնում։ Որտե՞ղ է ասված, որ Հովսեփը այդ դժբախտ գյուղացիներին վարկ էր տալիս, գրավ վերցնելով նրանց հողերն ու անասունը։ Ես տեսնում եմ, որ նա զավթել էր նրանց ամբողջ հողը՝ մինչև վերջին ակրը՝, և ամբողջ անասունը՝ մինչև վերջին կճղակը։ Իսկ ինչի՞ց է երևում, որ Հովսեփը այդ տարաբախտ թշվառներին կերակրելու համար վերցնում էր «միայն շուկայական միջին գինը»։ Ես անձամբ գտնում եմ, որ նա նրանց կողոպտել է մինչև վերջին գրոշը, մինչև վերջին պատառ հողը, մինչև վերջին ոչխարը, իսկ հետո «շուկայական միջին գնով» ժողովրդից գնել է <b>նրա ազատությունն ու իրավունքները,</b> փոխարենը տալով հաց և ստրկության շղթաներ։ Ես հարցնում եմ ձեզ՝ առհասարակ գոյություն ունի՞ շուկայական միջին գին, կամ մի որևէ գին ոսկով, ադամանդով, թղթադրամով կամ պետական արժեթղթերով՝ մարդու ամենաթանկագին ունեցվածքի համար, այն ունեցվածքի, առանց որի նրա կյանքը զրկվում է ամեն մի իամստից, նրա ազատության համար։ Հովսեփը մեծահոգաբար վերաբերվեց հոգևորականության հետ․ ես դա չեմ կարող ժխտել։ Մեծահոգաբար ու քաղաքականորեն։ Հոգևորականությունն այդ բանը չի մոռացել։
Ո՛չ, շնորհակալ եմ ձեզանից, ամբողջ սրտով շնորհակալ եմ․․․ բայց զգում եմ, որ ավելի լավ է տանը մնամ, որովհետև ես նրբանկատ եմ, մարդասեր, բռնկվող և չեմ համբերի, եթե երիտասարդ պարոն Ռոկֆելլերը, որին ես շատ բարձր եմ գնահատաում, բարձրանա ամբիոն և սկսի գունազարդել Հովսեփին։ Ընդունեցեք իմ լավագույն ցանկությունները։
:::::::::::::::::::::::::Մարկ Տվեն
::::::::::::::::::Կիրակնօրյա դպրոցի հոգաբարձու»։