Ծերունի որսորդն իր թաղիքե գլխարկը վերցրեց, երկու անգամ ձեռքը քսեց գզգզված մազերին, ապա մորուքը սղալեց և նայեց գետնին, ասես պատասխանն այնտեղ էր որոնում։
― Այստեղ կարող է լինել միայն մեկ բացատրություն,― մրմնջաց նա վերջապես։― Մոխրագույն մուստանգն ամերիկական ձիուց ավելի արագավազ է, դա կասկածից դուրս է։ Եվ միստր Կաշիին մուստանգը դուր է եկել հենց դրա համար։ Այլապես ինչո՞ւ պիտի տար իր ձին, որի դի-մաց Տեխասում կարող էր չորս մուստանգ ստանալ, իսկ Մեքսիկայում՝ կրկնակի անգամ ավելի։ Ինձ թվում է, որ նա մոխրագույնը վերցրեց նրա արագավազության համար։ Բայց ինչո՞ւ․․․ Ա՜, այ թե ի՜նչ։ Կարծես արդեն գլխի եմ ընկնում։ Նրան հարկավոր է․․․ Հա՛-հա՛-հա՛ ․․․ այո հիմա հասկացա․․․ նրան հարկավոր է մի ձի, որը կհասնի այն անգլուխ ձիավորի ետևից։ Այո, դա հենց այն է, ինչ նրան հարկավոր է, պարզ է արևի լույսի պես։ Նա մի փորձ արեց ամերիկական ձիով, բայց դուրս եկավ, որ այդ ձին արագավազ չէ։ Այդ ես ինքս տեսա։ Հիմա նա հույս ունի, որ անգլուխի ետևից կհասնի այս մուստանգով, եթե միայն նրան հանդիպի։ Անպայման Կոլհաունը կգնա որոնումի։ Հիմա նա գնաց Կասա դել Կորվո․ երևի ուզում է մի բան ուտել։ Երկար չի մնա այնտեղ։ Շուտով մի մարդ նրան նորից կտեսնի այստեղ, պրերիայում, և այդ մարդը ոչ այլ ոք կլինի, քան Զեբուլոն Ստումպը․․․ Հապա՛, անասուն,― շարունակեց նա՝ դառնալով իր զամբի-կին,― դու կարծում էիր տո՞ւն կգնաս։― Սխալվել ես, սիրելիս։ Դու ստիպված պիտի լինես արածել այստեղ էլի մի երկու ժամ, գուցե և ամբողջ գիշերը։ Բայց, ոչինչ, պառավս։ Այստեղի խոտը վատը չէ, և դու ժամանակ կունենաս ինչպես հարկն է արածելու այն․․․ Դե, արածիր, մինչև որ կճաքես։
Այս ասելով Զեբը սանձը հանեց զամբիկի բերանից և գցեց թամբի գլուխը, որպեսզի այն ձիուն չխանգարի արածել։ Հետո ձին թողեց թավուտում, որտեղ քիչ առաջ ինքն էր թաքնված, և ճանապարհ ընկավ Կոլհաունի հետքերով։