Changes
/* Գործարք Սատանայի հետ */
Եվ նա անհետացավ, թողնելով ինձ մթության մեջ, ընդհատելով շնորհակալական խոսքս։ Ռադիումով լի թասը ես կգտնեմ երկնքում նրա ցոլքով։ Եվ շատ շուտով, երբ այդ հանճարեղ կինը Ֆրանսիայում պոլոնիումը անջատի վիսմուտից, ես իմ տրամադրության տակ կունենամ այդ անփոխարինելի նյութը։ Բաժնետոմսերը վաճառվում են։ Դիմել Մարկ Տվենին։
==Խորհրդավոր անծանոթը==
(Հատվածներ)
Գլխումս միտք ծագեց Սատանայի հետ զրուցելու նրա արարքների շուրջը, համոզելու դառնալ ավելի լավը, ավելի բարի։ Ես նրան հիշեցրի, թե ինչեր է արել և խնդրեցի այսուհետև այդքան թեթևամտորեն չվարվել և զուր տեղը մարդկանց կորստյան չմատնել։ Ես նրան չէի մեղադրում վատ մտադրությունների մեջ, միայն խնդրում էի, որ նախքան որևէ բան ձեռնարկելը, չշտապի ու խորհի՝ որևէ մեկը չի՞ տուժի, արդյոք, իր արարքից։ Չէ որ, եթե նա դադարի թեթևամտորեն ու վայրիվերո գործել, դժբախտություններն ավելի քիչ կլինեն։ Սատանան ամենևին չվիրավորվեց իմ ուղղամտությունից, բայց երևում էր, որ ես զարմացել եմ նրան ու քմծիծաղի առիթ տվել։ Նա ասաց․
― Ինչո՞ւ ես կարծում, թե առանց մտածելու եմ գործում։ Ես երբեք այդպես չեմ վարվում։ Դու ուզում ես, որ հապաղեմ ու մտածեմ, թե ինչի կհանգեցնի արարքս։ Ես դրա կարիքը չունեմ։ Միշտ ստույգ գիտեմ, թե այն ինչի կհանգեցնի։
― Իսկ ինչո՞ւ ես այդպես վարվում, Սատանա։
― Խնդրեմ, կպատասխանեմ, իսկ դու աշխատիր հասկանալ, եթե կարող ես։ Դու և քեզ նմանները ձեր տեսակի մեջ եզակի արարածներ եք։ Ամեն մի մարդ տառապանքի մեքենա է և ուրախության մեքենա։ Այդ երկու մեխանիզմները միավորված են համապատասխանությունների բարդ համակարգով և գործում են փոխադարձ կապի հիման վրա։ Հենց որ առաջին մեխանիզմը հաճույք է գրանցում, երկրորդն արդեն ցավ, դժբախտություն, դժբախտությունների մի ամբողջ շղթա է նախապատրաստում։ Իսկ այնտեղ, ուր այդպիսի հավասարակշռություն չկա, տառապանքն է գերակշռում։ Երջանկությունը երբեք չի գերակշռում։ Լինում են մարդիկ, որոնք այնպես են կառուցված, որ նրանց ամբողջ կյանքը ենթակա է տառապանքի մեխանիզմին։ Այդպիսի մարդը ծնված օրվանից մինչև մահ ամենևին երջանկություն չի ճաշակում։ Ամեն ինչ նրա համար տառապանքի աղբյուր է, նրա արած ամեն մի բան իրեն ցավ է պատճառում։ Դու, հավանաբար, հանդիպել ես նման մարդկանց։ Կյանքը նրանց համար կործանարար ընծա է։ Երբեմն վայելքի մեն֊միակ ժամի համար մարդը հատուցում է տարիների տառապանքով․ այդպես է նա կառուցված։ Մի՞թե դու չգիտես այդ։ Օրինակնե՞ր են պետք։ Հիմա ես կբերեմ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր գյուղի բնակիչներին, նրանք ինձ համար պարզապես գոյություն չունեն։ Դու, հավանաբար, դա նկատել ես։
Ես չէի ուզում կտրուկ լինել և ասացի, որ այո, այդպիսի տպավորություն է ստեղծվում իմ մեջ։
― Այսպես ուրեմն, կրկնում եմ՝ նրանք ինձ համար գոյություն չունեն։ Եվ դա միանգամայն բնական է։ Մեր միջև եղած տարբերությունը չափից ավելի մեծ է։ Սկսենք այն բանից, որ նրանք զուրկ են բանականությունից։
― Զուրկ են բանականությունի՞ց։
― Այո, բանականության նշույլից անգամ։ Երբևէ քեզ կծանոթացնեմ այն բանին, ինչը մարդը բանականություն է անվանում, մասնիկ առ մասնիկ կվերլուծեմ այդ քաոսը, և կտեսնես, որ իրավացի եմ։ Ես մարդկանց հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ, շփման ոչ մի կետ։ Նրանց ապրումները խղճուկ են ու դատարկ, այդպիսին են և նրանց լկտի հավակնությունները, նրանց փառասիրությունը։ Նրանց ամբողջ ցնորամիտ ու անհեթեթ կյանքը լոկ թեթև ծիծաղ է, հոգոց, մարող կրակ։ Եթե հաշվի չառնենք բարոյականության զգացումը, նրանք լիովին զուրկ են զգացմունքներից։ Հիմա քեզ միտքս օրինակով բացատրեմ։ Ահա կարմիր սարդը, այն գնդասեղի գնդիկից մեծ չէ։ Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է փիղը նրա հանդեպ հետաքրքրություն ունենալ, անհանգստանալ՝ երջանի՞կ է այդ սարդը, թե դժբախտ, հարո՞ւստ է, թե աղքատ, սիրո՞ւմ է հարսնացուն նրան, առո՞ղջ է նրա մայրիկը, նա հաջողություն վայելո՞ւմ է հասարակությունում, կհաղթի՞ իր թշնամիներին, ընկերները կօգնե՞ն նրան դժբապտությունների մեջ, կարդարանա՞ն կարիերա ունենալու նրա հույսերը, կառաջադիմի՞ քաղաքական ասպարեզում, նա իր վախճանը կգտնի՞ ընտանիքի գրկում, թե՞, միայնակ ու բոլորի կողմից արհամարհված, կմեռնի օտարության մեջ։ Փիղը երբեք չի կարողանա այդպիսի հետաքրքրություններով համակվել, նրա համար դրանք գոյություն չունեն, նա ի զորու չէ իրեն փոքրացնելու֊հասցնելու այդպիսի չնչին չափերի։ Մարդն ինձ համար նույնն է, ինչ որ կարմիր սարդը փղի համար։ Փիղը սարդի դեմ ոչինչ չունի, բայց դժվարությամբ է նրան նշամարում։ Ես մարդկանց դեմ ոչինչ չունեմ։ Փիղն անտարբեր է սարդի հանդեպ։ Ես անտարբեր եմ մարդկանց նկատմամբ։ Փիղը չի էլ ուզենա վնասել սարդին, ընդհակառակը, եթե սարդին նշմարի, գուցե և նույնիսկ ինչ֊որ բանում օգնի, անշուշտ՝ անցողակի և ի միջի այլոց։ Ես մարդկանց շատ անգամ եմ օգնել և երբեք չեմ ձգտել վնասելու նրանց։ Փիղը հարյուր տարի է ապրում, կարմիր սարդը՝ մեկ օր։ Նրանց ֆիզիկական ուժի, մտավոր օժտվածության և զգացմունքների վեհության միջև եղած տարբերությունը կարող է, թերևս, արտահայտվել միայն աստղաբաշխական թվերով։ Ավելացնեմ, որ այդ և մնացած բոլոր բաներում իմ և մարդկանց միջև եղած տարածությունը անչափելիորեն ավեի մեծ է փղին պստլիկ սարդից բաժանող տարածությունից։
Մարդու բանականությունն անճոռնի է։ Նա ձանձրույթով, ճիգ թափելով համադրում է տարրական փաստերը, որպեսզի դրանցից եզրակացություն անի, չասենք, թե դա ինչ եզրակացություն է։ Իմ բանականությունը արարո՜ւմ է։ Հապա մտածիր, թե դա ի՜նչ է նշանակում։ Իմ բանականությունն արարում է ակնթարթորեն, արարում է, ինչ ցանկանում է, արարում է ոչնչից։ Արարում է պինդ մարմին կամ հեղուկ, կամ գույն, ինչ ուզենամ, այն ամենը, ինչ կամենամ, արարում է դատարկությունից, այն բանից, ինչը կոչվում է մտքի շարժում։ Մարդը բոժոժ է հայտնագործում, ապա մեքենա է հորինում, որը դրանից մետաքսաթել է հյուսում, հետո մարդը զարդանկար է հղանում, հետո բազում շաբաթներ աշխատում է մետաքսաթելերով այն գործել կտորի վրա։ Ինձ բավական է այդ ամբողջը միանգամից պատկերացնել, և ահա գոբելենը առջևս է, ես ստեղծել եմ այն։
Ես մտքով պոեմ, երաժշտական ստեղծագործություն, շախմատի պարտիա եմ կյանքի կոչում, ի՜նչ ուզենաք, ահա, ես ստեղծել եմ դրանք։ Իմ բանականությունը անմահ էակի բանականություն է, նրա համար խոչընդոտներ չկան։ Հայացքս թափանցում է ամենուրեք, խավարի մեջ տեսնում եմ, ժայռն ինձ համար թափանցիկ է։ Ես կարիք չունեմ գիրքը թերթելու․ նրանում ամփոփված բովանդակությունը, յուրացնում եմ մի հայացքով, կազմի միջոցով, նույնիսկ միլիոն տարի անց ես այն անգիր կհիշեմ և կիմանամ, թե որ էջում ինչ է գրված։ Ես տեսնում եմ, թե ինչ է մտածում ամեն մի մարդ, թռչունը, ձուկը, միջատը․ բնության մեջ ինձ համար անիմանալի ոչինչ չկա։ Ես թափանցում եմ գիտնականի մտքերի մեջ և մի ակնթարթում յուրացնում եմ այն ամենը, ինչ նա կուտակել է վաթսուն տարվա ընթացքում։ Նա կարող է երբևէ այդ բանը մոռանալ և կմոռանա, բայց ես հավերժորեն կհիշեմ։
Հիմա կարդում եմ մտքերդ և տեսնում, որ հասկացել ես ինձ։ Իսկ հետո՞։ Ենթադրենք, թե որոշակի հանգամանքներում փղին հաջողվել է նկատել սարդին և նա սարդի նկատմամբ համակրանքով է լցվել։ Անշուշտ, փիղը չի կարող նրան սիրել, սիրել կարելի է սեփական ցեղի էակին, իրեն հավասարին։ Հրեշտակի սերը վսեմ է, աստվածային․ մարդու ուժից վեր բան է դա նույնիսկ հեռավոր ձևով պատկերացնել։ Հրեշտակը կարող է սիրել հրեշտակին։ Մարդը, որին սիրի հրեշտակը, մի ակնթարթում կմոխրանա։ Մենք սեր չենք տածում մարդկանց նկատմամբ, մենք մեծահոգաբար անտարբեր ենք նրանց հանդեպ, երբեմն նրանք մեր մեջ համակրանք են առաջացնում։ Դու ինձ դուր ես գալիս, ինձ դուր են գալիս քո բարեկամները․ ինձ դուր է գալիս հայր Պիտերը։ Հանուն ձեզ ես հովանավորում եմ ձեր գյուղի բնակիչներին։
Նա նկատեց, որ իր վերջին խոսքերը որպես ծաղր ընդունեցի, և որոշեց պարզաբանել։
― Ես ձեր գյուղի բնակիչներին բարիք եմ բերում, չնայած առաջին հայացքից կարող է թվալ, որ վնասում եմ նրանց։ Մարդիկ չեն կարողանում զանազանել, թե ինչն է իրենց օգուտ, ինչը՝ վնաս։ Նրանք դրանից գլուխ չեն հանում, որովհետև չգիտեն ապագան։ Այն, ինչ անում եմ ձեր գյուղի բնակիչների համար, առատ պտուղներ կտա․ այդ պտուղներից մի քանիսը ինքներդ կճաշակեք, մյուսները նախատեսված են գալիք սերունդների համար։ Ոչ ոք երբևէ չի իմանա, թե փոխել եմ այդ մարդկանց կյանքի ընթացքը, բայց դա այդպես է։ Մի խաղ կա, դու բազմիցս այն խաղացել ես քո ընկերների հետ։ Դուք աղյուսները դնում եք միմյանց կողքի։ Դուք հրում եք առաջին աղյուսը․ այն ընկնում է հաջորդի վրա ու տապալում այն, վերջինս գցում է ևս մի աղյուս և այլն և այլն, մինչև բոլորն ընկնում են գետնին։ Այդպես է կառուցված նաև մարդու կյանքը։ Մանուկ հասակում մարդը հրում է առաջին աղյուսը։ Հետագան գալիս է երկաթյա անխուսափելիությամբ։ Եթե դու կարդայիր ապագան, ինչպես ես, ինձ նման կտեսնեիր, այն ամենը, ինչ հետո է տեղի ունենալու։ Մարդկային կյանքի ընթացակարգը կանխորոշված է առաջին հրումով։ Ոչ մի հանկարծակի բան նրանում տեղի չի ունենա, որովհետև ամեն մի հետագա հրում կախված է նախորդից։ Նա, ում մատչելի է տեսնելու այդպիսի հնարավորությունը, գուշակում է մարդու կյանքի ամբողջ ընթացքը՝ օրորոցից մինչև գերեզման։
― Մի՞թե աստված չի ղեկավարում մարդու կյանքը։
― Ոչ, այն ի սկզբանե կանխորոշված է միջավայրով ու հանգամանքներով։ Մարդու առաջին արարքից բխում է երկրորդը և այդպես շարունակ։ Մի պահ պատկերացնենք, որ մեկի կյանքից դուրս է ընկել այդպիսի անխուսափելի, ամենաչնչին արարքներից մեկը։ Մարդը պետք է որոշակի օր, որոշակի ժամի, որոշակի րոպեի ու վայրկայնի (միգուցե նույնիսկ վայրկյանի մի մասի) գնար ջրհորից ջուր բերելու, բայց չի գնացել։ Այդ պահից սկսած նրա կյանքը արմատապես պիտի փոխվի։ Մինչև իր վախճանը նրա կյանքը կընթանա ոչ թե այն հունով, որ կանխորոշված էր առաջին արարքով, այլ ուրիշ հունով։ Եթե նա գնար ջրհորից ջուր բերելու, գուցե, դա նրան գահի հասցներ։ Չգնաց ջրհորի մոտ, և ահա նրան սպասում են դժբախտություններն ու աղքատությունը։ Օրինակ, Կոլումբոսը։ Եթե, ասենք, մանուկ հասակում նա կորցներ այն արարքների շղթայի մի պստլիկ, չնչին օղակը, որոնք սկսվել ու նախասահմանվել էին առաջին արարքով, նրա ամբողջ կյանքն այլ կերպ կդասավորվեր։ Նա իտալական մի գյուղում քահանա կդառնար, կմեռներ անհայտության մեջ, իսկ Ամերիկայի հայտնագործումը կուշանար ևս երկու հարյուր տարով։ Ես դա հաստատապես գիտեմ։ Եթե Կոլումբոսը չկատարեր իր համար նախատեսված միլիարդավոր արարքներից գեթ մեկը, նրա ճակատագիրը կփոխվեր։ Ես զննել եմ Կոլումբոսի կյանքի մեկ միլիարդ գծերը, և դրանցից միայն մեկում էր նշված Ամերիկայի հայտնագործումը։ Մարդիկ չեն հասկանում, որ իրենց ցանկացած արարքը՝ մեծ, թե փոքր, միատեսակ կարևոր է իրենց կյանքում։ Այն ճանճը բռնելը, որը մեզ նախանշված է բռնել, կարող է ձեր հետագա ճակատագրում ոչ պակաս էական լինել, քան ասենք․․․
― Քան թագավորություն նվաճե՞լը․․․
― Այո, հենց այդպես։ Անշուշտ, մարդը գործնականում ի զորու չէ հրաժարվելու այն արարքից, որը նախանշված է կատարել, դա երբեք չի լինում։ Երբ նրան թվում է, թե իբր, որոշում է ընդունում՝ այսպես վարվի, թե այնպես, այդ վարանումներն իրենց հերթին կազմում են միևնույն շղթայի օղակները, և վճիռը, որ մարդը կայացնելու է, նախօրոք պայմանավորված է։ Ավելին կասեմ, եթե նա նման մտադրություն ունենա, այդ մտադրությունն էլ միևնույն շղթայի օղակը կլինի․ դա անխուսափելիորեն նրա մեջ պետք է որ ծնվի որոշակի պահի, որպես այն որոշակի արարքների հետևանք, որոնք ծագում են դեռևս նրա մանուկ հասակից։
Ես ընկճվել էի այն պատկերով, որ իմ առջև ուրվագծեց Սատանան։
― Մարդը դատապարտված է ցմահ բանտարկության, ― տխուր ասացի ես, ― և չի կարող ազատություն ձեռք բերել։
― Այո, նա չի կարող ազատվել առաջին արարքի հետևանքներից, որ կատարել է մանուկ հասակում։ Բայց ես ի զորու եմ ազատագրելու նրան։
Հարցականորեն նայեցի Սատանային։
― Ես ձեր գյուղում արդեն մի քանի մարդու ճակատագիր փոխել եմ։
Անցավ մի քանի օր, և Սատանան նորից հայտնվեց։ Մենք միշտ նրան անհամբերությամբ էինք սպասում, նրա հետ կյանքն ուրախ էր անցնում։ Նա մեզ մոտեցավ անտառում, մեր առաջին հանդիպման տեղում։ Բոլոր երեխաների պես զվարճության կարոտ, մենք նրան խնդրեցինք որևէ բան ցույց տալ։
― Ինչ կա որ, ― ասաց նա։ ― Ես ձեզ ցույց կտամ մարդկային ցեղի պատմությունը, այն, ինչ դուք անվանում եք քաղաքակրթության աճ։ Ուզո՞ւմ եք։
Ասացինք, որ ուզում ենք։
Մտքի ակնթարթային շարժմամբ նա մեզ շրջապատող անտառը վերածեց Եդեմի։ Աբելը զոհասեղանի մոտ զոհ էր մատուցում։ Հայտնվեց Կայենը՝ դագանակը ձեռքին։ Նա անցավ մեր կողքով, հավանաբար, չնկատելով մեզ, և անպայման ոտքս կտրորեր, եթե ես այն ժամանակին ետ չքաշեի։ Նա սկսեց անհասկանալի լեզվով ինչ֊որ բան ասել եղբորը։ Նրա ձայնը ավելի ու ավելի հանդուգն ու սպառնալից էր դառնում։ Գիտենալով, թե ինչ է տեղի ունենալու, մենք շրջվեցինք, բայց լսեցինք ծանր հարվածներ, ապա ճիչեր ու տնքոցներ։ Լռություն տիրեց։ Երբ մենք նորից շրջվեցինք նրանց կողմը, մեռնող Աբելը պառկած էր արյան լճակի մեջ, իսկ Կայենը՝ ոխակալ ու անզղջական, կանգնել էր նրա մարմնի մոտ։
Տեսիլքը չքվեց, և դրանից հետո միմյանց հետևից ձգվեց մեզ անհայտ պատերազմների, սպանությունների ու մահապատիժների երկար շարանը։ Ապա տեսանք ջրհեղեղը։ Տապանն ընթանում էր փոթորկված ալիքների վրայով։ Անձրևի ու մշուշի միջով հորիզոնում երևում էին բարձրաբերձ լեռներ։ Սատանան ասաց․
― Քաղաքակրթության սկիզբն անհաջող եղավ։ Հիմա նոր հիմք կգրվի։
Տեսարանը փոխվեց։ Մենք տեսանք գինուց հարբած Նոյին։ Հետո Սատանան մեզ ցույց տվեց Սոդոմի ու Գոմորի անպատվությունը։ Ղովտի հետ կապված պատմությունը նա անվանեց «աշխարհում գոնե երկու կամ երեք օրինավոր մարդ գտնելու փորձ»։ Հետո մենք Ղովտին տեսանք դուստրերի հետ՝ քարանձավում։
Հետո սկսվեցին հին հուդայացիենրի պատերազմները։ Նրանք սպանում էին պարտվածներին ու ոչնչացնում նրանց անասունները։ Ողջ էին թողնում միայն ջահել աղջիկներին, որոնք դառնում էին հաղթողների ավարը։
Մենք տեսանք, թե ինչպես Հայելը սողոսկեց վրանից ներս ու սեպը մխրճեց քնած հյուրի քունքը։ Դա կատարվեց հենց մեր կողքին, վերքից ցայտեց արյունը, փոքրիկ կարմիր առվակով հոսեց մեր ոտքերի մոտ, և մենք, եթե ուզենայինք, կարող էինք մատով դիպչել արյանը։
Մեր աչքի առջևով անցան եգիպտացիների պատերազմները, հույների պատերազմները, հռոմեացիների պատերազմները, ամբողջ աշխարհը ողողված էր արյամբ։ Հռոմեացիները նենգաբար խաբեցին կարթագենցիներին, մենք տեսանք այդ խիզախ ժողովրդի բնաջնջումը։ Կեսարը ներխուժեց Բրիտանիա։ «Այնտեղ ապրող բարբարոսները նրան ոչ մի վնաս չէին տվել, բայց նա ուզում էր զավթել նրանց հողերն ու քաղաքակրթել նրանց այրիներին ու որբերին», ― բացատրեց Սատանան։
Երևան եկավ քրիստոնեությունը։ Գործողությունը տեղափոխվեց Եվրոպա, մենք տեսանք, թե ինչպես են հարյուրամյակներ շարունակ քրիստոնեությունն ու քաղաքակրթությունը քայլել ձեռք ձեռքի տված, ինչպես Սատանան ասաց, «իրենց հետևից թողնելով սով, ամայացում, մահ և առաջընթացի մյուս նշանները»։
Պատերազմներ, պատերազմներ, նորից պատերազմներ և կրկին պատերազմներ՝ ամբողջ Եվրոպայում, համայն աշխարհում։ Սատանայի խոսքերով ասած, դրանք տեղի էին ունենում հանուն մասնավոր դինաստիական շահերի, իսկ երբեմն էլ՝ որպեսզի ճնշվեր մյուսներից թույլ ժողովուրդը։ «Ոչ մի անգամ, ― ավելացրեց նա, ― նվաճողն ազնիվ նպատակով պատերազմ չի սկսել։ Այդպիսի պատերազմներ մարդկության պատմության մեջ չկան»։
― Ահա և մենք միասին տեսանք մարդկային ցեղի առաջընթացն ընդհուպ մինչև մեր օրերը, ― եզրափակեց Սատանան։ ― Ո՞վ կասի, թե այն արժանի չէ ամենայն զարմանքի։ Հիմա մենք հայացք կնետենք ապագա։
Նա մեզ ճակատամարտեր ցույց տվեց, որոնցում կիրառվում էին ռազմի է՛լ ավելի ահեղ զենքեր և որոնք, կործանած կյանքերի քանակով, է՛լ ավելի սարսափելի էին։
― Դուք կարող եք համոզվել, ― ասաց նա, ― որ իր զարգացման մեջ մարդկային ցեղը կանգ չի առնում։ Կայենը եղբորը սպանեց դագանակով։ Հին հուդայացիներն ապանում էին սրերով ու տեգերով։ Հույներն ու հռոմեացիները կիրառեցին զրահը և ստեղծեցին զորաշարն ու զորավարական արվեստը։ Քրիստոնյաները հորինեցին վառոդն ու հրազենը։ Երկու֊երեք հարյուրամյակ անց նրանք անհամեմատ կկատարելագործեն սպանելու իրենց մահաբեր զենքերը, և բովանդակ աշխարհն ստիպված կլինի ընդունել, որ առանց քրիստոնեական քաղաքակրթության պատերազմն ընդմիշտ կմնար որպես երեխայի չարաճճիություն։
Այստեղ Սատանան ամենաանզգա կերպով ծիծաղեց ու սկսեց ծանակել մարդկային ցեղը, թեկուզև հիանալի գիտեր, թե մեր ինքնասիրության համար ինչքան վիրավորական են իր խոսքերը։ Հրեշտակից բացի, ոչ ոք իրեն այդպես չէր պահի։ Հրեշտակների համար տառապանքները ոչինչ են, նրանք դրանց մասին լոկ լսել են։
Ե՛վ ես, և՛ Սեպին բազմիցս փորձել էինք զգուշությամբ ու նրբանկատորեն Սատանային բացատրել, թե ինչքան սխալ է մարդկության վերաբերյալ նրա հայեցակետը։ Սովորաբար նա լռում էր, և նրա լռությունը մենք համարում էին համաձայնության նշան։ Այնպես որ Սատանայի այս ճառը մեզ համար ուժեղ հարված էր։ Մեր հորդորները, հավանաբար, ոչ մի էական տպավորություն չէին թողել նրա վրա։ Մենք հիասթափված էինք ու դառնացած, ինչպես այն քարոզիչները, որոնց քարոզները զուր էին անցել։ Բայց մենք չարտահայտեցինք մեր զգացմունքները, հասկանալով, որ դրա ժամանակը դեռ չի եկել։
Սատանան ծիծաղում էր իր դաժան ծիծաղով, մինչև որ հոգնեց։ Հետո ասաց․
― Մի՞թե սա ակնառու նվաճում չէ։ Վերջին հինգ, թե վեց հազարամյակներում ծագել, ծաղկել ու համընդհանուր ճանաչման է արժանացել ոչ պակաս, քան հինգ կամ վեց քաղաքակրթություն։ Այդ ընթացքում նրանք անհետացել են թատերաբեմից, բայց ոչ մեկն այդպես էլ չկարողացավ մարդկանց սպանելու՝ իր վեհությանն արժանի պարզ ու խելացի միջոց հորինել։ Ո՞վ կհամարձակվի նրանց մեղադրել, թե քիչ են ջանացել։ Մարդկային ցեղի համար հենց ի սկզբանե սպանությունը ամենասիրելի զբաղմունքն է եղել, բայց միայն քրիստոնեական քաղաքակրթությունը քիչ թե շատ էական արդյունքի հասավ։ Կանցնի երկու֊երեք հարյուրամյակ, և ոչ ոք այլևս չի կարող ժխտել, որ քրիստոնյաներն ամենաբարձր որակավորում ունեցող մարդասպաններն են, և այնժամ կռապաշտներն ուսանելու կգնան քրիստոնյաների մոտ, կգնան, ոչ թե կրոնի, այլ նրանց զենքի հետևից։ Թուրքն ու չինացին նրանցից զենք կգնեն, որպեսզի կարողանան սպանել քարոզիչներին ու նորադարձ քրիստոնյաներին։
Այստեղ Սատանան նորից բացեց իր թատրոնը, և մեր աչքերի առջևով անցան բազմաթիվ երկրների ժողովուրդներ, մարդկության պատմության երկու թե երեք հարյուրամյակ ձգված մի վիթխարի շքերթ, մարդկային անհամար ամբոխներ, որոնք կատաղի մենամարտում բռնել էին միմյանց կոկորդից, խեղդվում էին արյան օվկիանոսում, շնչահեղձ էին լինում սև մուժում, որը լուսավորում էին լոկ փայլփլող դրոշներն ու հրանոթային կրակի բոսորագույն բոցկլտումները։ Թնդանոթների որոտն ու խոցված մարտիկների մահառաջի վայնասունը ոչ մի րոպե չէր դադարում։
― Ինչի՞ համար է այս բոլորը, ― հարցրեց Սատանան չարագույժ քրքջալով։ ― Բացարձակապես՝ ոչ մի բանի։ Ամեն անգամ մարդկությունը վերադառնում է մեկնակետին։ Արդեն մի ամբողջ միլիոն տարի դուք տրտմորեն բազմանում եք և տրտմորեն բնաջնջում մեկ֊մեկու։ Հանուն ինչի՞։ Ոչ մի իմաստուն հարցիս չի պատասխանի։ Ո՞վ է այդ ամենից օգուտ քաղում։ Միայն մի բուռ վերնախավը ու ինքնակոչ չնչին միապետները, որոնք արհամարհում են ձեզ և որոնք իրենց պղծված կհամարեն, եթե դուք դիպչեք իրենց, և հենց ձեր քթի առջև կփակեն իրենց տան դուռը, եթե դիմեք իրենց։ Նրանց համար դուք ստրուկների պես աշխատում եք, նրանց համար կռվում եք ու մեռնում (և դեռ ի լրումն հպարտանում եք, փոխանակ ձեզ խայտառակված զգաք)։ Այդ մարդկանց հենց գոյությունը հարված է ձեր արժանապատվությանը, թեպետև վախենում եք դա ընդունել։ Նրանք ավելին չեն, քան մուրացիկներ, որոնց դուք խղճահարությունից դրդված պահում եք, բայց այդ մուրացկանները ձեզ վրա նայում են այնպես, ինչպես բարերարները՝ խղճուկ աղքատների։ Նրանք ձեզ հետ խոսում են, ինչպես տերը ստրուկի հետ և ի պատասխան լսում տիրոջն ուղղված ստրուկի խոսք։ Դուք անընդհատ խոնարհվում եք նրանց առջև, թեև հոգու խորքում (եթե, իհարկե, դուք դեռ հոգի ունեք) դրա համար ատում եք ինքներդ ձեզ։ Առաջին մարդը երեսպաշտ էր ու վախկոտ, և երեսպաշտությունը ու վախկոտությունը փոխանցեց իր զավակներին։ Ահա այն թթխմորը, որի շնորհիվ աճեց ձեր քաղաքակրթությունը։ Ուրեմն խմենք, որպեսզի նա այսուհետև էլ ծաղկի։ Խմե՜նք, որպեսզի այն չհանգչի։ Խմե՜նք, որպեսզի․․․