Changes

Աստվածային կատակերգություն

Ավելացվել է 9374 բայտ, 05:53, 5 Հուլիսի 2016
/* Երգ քսանիններորդ */
===Երգ քսանութերորդ===
===Երգ քսանիններորդ===
 
<poem>
Երբ Լատոնի երկու որդիք ակնաթով,
Մեկը Խոյին, մյուսը Կշռին միացած,
Կապվում են նույն հորիզոնի գոտիով,
 
Այն պահից, երբ զուգակշիռ են նրանք,
Մինչև պահն այն, երբ կիսագունդն փոխելով,
Դուրս են գալիս այդ գոտիից երփներանգ,
 
Այնքան ատեն Բեատրիչեն մնաց լուռ,
Ժպտուն դեմքով նայելով այն վառ Կետին,
Որ ինձ այնպես շլացրել էր անլուր։
 
Ապա ասաց. «Ես քեզ կտամ պատասխան,
Զի հարցերըդ ճշտիվ կարդում եմ այնտեղ,
Որտեղ որոշ երևում է ամեն բան։
 
Ոչ իր բարու աճման համար ապարդյուն,
Այլ որպեսզի, նոր ցոլքերով շողալով,
Կարողանա ասել «ունեմ գոյություն»,
 
Հավերժ Սերը, ժամանակից առաջ դեռ,
Հավերժության մեջ ինքնակամ ստեղծեց
Սիրով զեղուն գոյեր իրեն առընթեր։
 
Առաջ էլ նա անգործունյա չէր կեցած,
Զի ոչ առաջ, ոչ էլ հետո կար այնժամ,
Երբ ջրերի վրա շրջում էր Աստված։
 
Ուժն ու նյութը և միացումը նրանց
Աստվածային մտքից ելան միասին,
Զերթ երեք նետ մի աղեղից արձակված։
 
Ինչպես սաթում, ապակում կամ բյուրեղում
Լույս է շողում, ընդ որում մուտքը լույսի
Եվ շողալը լոկ մի վայրկյան է տևում,
 
Այսպես արդյունքն արարչության անվախճան
Վայրկենապես եղավ լրիվ, ավարտուն,
Չունենալով հաջորդական աստիճան։
 
Գոյացությանց հետ ստեղծվեց և նրանց
Կարգն ու սարքը, տիեզերքի գագաթին
Զետեղվեցին էակները գերազանց։
 
Նախանյութը դրվեց, ցածըր ոլորտում,
Իսկ միջինում՝ երկինքները, որոնց մեջ
Ուժն ու նյութը միասնություն են կազմում,
 
Թեև գրեց Հերոնիմը երանյալ,
Թե հրեշտակներն ստեղծվել են շատ ու շատ
Դարեր առաջ, քան աշխարհը, մնացյալ,
 
Բայց այս մասին ճշմարտությունն ամենայն
Բացատրել են գրիչները Սուրբ Գրքի.
Դա կիմանաս, եթե ուշով կարդաս այն։
 
Մարդու միտքն էլ անկարող է ընդունել,
Որ շարժիչներն երկար մնան անզբաղ
Եվ դերն իրենց չկարենան կատարել։
 
Արդ իմացիր, թե ո՛ւր և ե՛րբ, և ինչպե՛ս
Ստեղծվեցին հրեշտակները. այսպիսով
Սպառվեցին երեք հարցերն հուզող քեզ։
 
Մինչև քսան այնքան արագ չեն հաշվում,
Ինչքան արագ մի մասը այն հրեշտակաց
Գահավիժեց երկնից երկրի անդնդում։
 
Իսկ մյուս մասը մնաց տեղում, Տիրոջ քով,
Եվ սկսեց պտույտը վառ Կետի շուրջ,
Որ դու դիտում էիր այնքան հաճույքով։
 
Պատճառն անկման գոռոզությանը եղավ
Անիծյալի, որին ճնշված դու տեսար
Ծանրության տակ տիեզերքի բազմախավ։
 
Իսկ նրանք, որ դու տեսնում ես անխափան,
Համեստ եղան ճանաչելու, որ իրենք
Ձեռակերտն են աստվածային բարության։
 
Դրա համար նրանց հայացքը աճեց
Լույս-շնորհով, արժանիքով սեփական,
Եվ արդ լի են նրանք կամքով ձեռներնց։
 
Եվ դու պետք է հաստատապես իմանաս,
Որ շնորհը արժանիքից է բխում,
Արժանիքն էլ՝ սիրուց հավետ կամ նվազ։
 
Արդ եթե դու միտքըս լավ ես հասկացել,
Հրեշտակային համակարգի մասին այս
Դա կարող ես շատ այլ բաներ մակածել։
 
Բայց քանի որ մարդիկ երկրում պնդում են,
Թե բնությանն հրեշտակների այնպես է,
Որ նրանք միտք, հիշողության, կամք ունեն,
 
Կավելացնեմ, որպեսզի քեզ պարզ լինի
Ճշմարտությանը, որ թյուրում են երկրում,
Շփոթելով մի բանը հետն այլ բանի։
 
Այն պահից, երբ էակերն այս նախածին
Երանացան հայեցությամբ Աստածո,
Այնուհետև անդուլ նրան նայեցին։
 
Եվ քանի որ զմայլանքով նայելու
Նրանց տենչը չի ընդհատվում ոչնչով,
Նրանք կարիք չունեն անցածն հիշելու։
 
Քեզ մոտ շատեր ցնորքներ են բարբաջում,
Ոմանք դրանց հավատալով, ոմանք՝ ոչ,
Բայց վերջիններն ավելի են մեղանչում։
 
Դուք աշխարհում չեք ընթանում նույն ճամփում
Ճշմարտության, այն աստիճան տարվում եք
Հնարամիտ երևալու մարմաջով։
 
Եվ դեռ սրան հանդուրժում են երկնքում
Նվազ ցասմամբ, քան երբ Գիրքը Սրբազան
Զանց եք առնում կամ թյուրաբար եք մեկնած
 
Չեք մտածում, թե նրա ցանքը որքան
Արյուն արժեց, և թե որքան է սիրվում
Նա, ով խոնարհ սրտով հարում է նրան։
 
Ցույցի համար շատեր ճգնում են հայտնել
Նոր կարծիքներ և քարոզում բեմերից,
Ավետարանն էլ ստիպում է լռել։
 
Ասում են, թե լուսինն իբր ետ դարձավ
Քրիստոսի խաչելության ժամանակ
Եվ արևի-երկրի միջև կանգ առավ.
 
Բայց դա սուտ է, զի մթնեց լույսը ինքնին,
Եվ խավարումն երկրում եղավ ընդհանուր
Իսպանացուն, հրեային ու հնդիկին։
 
Ֆլորենցիայում Լապոներ ու Պինդոներ
Չկան այնքան, որքան նրա բեմերից
Քարոզում են այդօրինակ հեքիաթներ։
 
Եվ ոչխարներն ետ են դառնում արոտից
Հովով սնված, տգիտությանը սակայն
Չի ազատում նրանց մեղքի արատից։
 
Իր սաներին Քրիստոս պատվեր չտվեց,
«Գնացեք ու քարոզեցեք փուչ բաներ»,
Այլ ճշմարիտ ուսմունք նրանց ավանդեց։
 
Հռչակեցին նրանք ուսմունքն, այդ միակ,
Երբ հավատի համար կռվի հանեցին
Ավետարանն իբրև վահան ու նիզակ։
 
Արդ քարոզ են կարդում տափակ խոսքերով.
Եվ բավ է, որ ունկնդիրը ծիծաղի,
Որ քարոզիչն ուռի, փքվի վեղարով։
 
Բայց վեղարում կա այնպիսի մի թռչուն,
Որ ամբոխը եթե տեսնի՝ կիմանա,
Թե իզուր է ինքն սպսաում թողություն։
 
Հիմարությունն այնքան աճել է երկրում,
Որ ամբոխը առանց փաստի հավաստի
Ամեն խոստման հեշտ է հավատ ընծայում։
 
Սուրբ Անտոնի խոզն ապրում է դրանով,
Ապրում են և վատթարները խոզերից,
Վճարելով կեղծ ու պատիր դրամով։
 
Բայց քանի որ շատ շեղվեցինք նյութից մենք,
Վերադառնանք նախորդ հարցին շոշափված,
Եվ մեր խոսքը ժամանակի հետ կարճենք։
 
Սրանք թվով այնքան շատ են, անհաշիվ,
Որ մարդկային միտքն ու խոսքը չեն կարող
Պատկերացնել որոշակի ու ճշտիվ։
 
Թե ուշ դնես Դանիելի հայտնության,
Կտեսնես, որ բյուրերի մեջ իր հիշած
Անհնար է ճշտել թիվը բազմության։
 
Լույսն Աոաջին, որը բաշխվում է նրանց,
Նրանք այնքան բազմակերպ են ընկալում,
Որքան թիվը բազմապատիկ է յուրյանց։
 
Եվ զի սերը տեսությունից է բխում,
Ապա սիրո չափն առավել կամ նվազ
Տեսանելու նրանց չափից է կախվում։
 
Արդ նկատիր Հավերժի ուժը անհաս,
Որ ստեղծեց այդքան բազում հայելի,
Որոնց մեջ նա բեկբեկվում է մաս առ մաս,
 
Բայց ինք մնում միաձույլ ու անհեղլի»։
</poem>
 
===Երգ երեսուներորդ===
===Երգ երեսունմեկերորդ===
Վստահելի
1318
edits