Changes

Աստվածային կատակերգություն

Ավելացվել է 9248 բայտ, 13:57, 5 Հուլիսի 2016
/* Երգ երեսունմեկերորդ */
===Երգ երեսուներորդ===
===Երգ երեսունմեկերորդ===
 
<poem>
Այսպես տեսքով բացված վարդի սպիտակ
Ինձ երևաց այն սուրբ փաղանգը, որին
Քրիստոս գնեց իր արյունով բովանդակ։
 
Մյուս փաղանգը, որ թռչելով երգում էր
Փառքը Նրա, ով տոգորում է իրեն
Սիրո խանդով ու բարությամբ գերիվեր,
 
Մեղուների պարսի պես, որ մեկ ծաղկանց
Մեջ է մտնում, մեկ դեպ փեթակն է թռչում,
Ուր մեղրի են փոխվում հյութերը քաղած,
 
Իջնում էր մեծ ու բազմաթերթ վարդի մեջ,
Ապա նորից բարձրանամ էր դեպ այնտեղ,
Ուր ապրում է հավետ իրենց Սերն անշեջ։
 
Նրանց դեմքերն հուրեր էին բոցավառ,
Թևերն՝ ոսկի, իսկ հանդերձանքը՝ ճերմակ,
Ավելի քան ձյունը թափված ամպն ի վար։
 
Երբ ծաղկանց մեջ էին իջնում ի հեռուստ,
Բերում էին խաղաղություն ու ավյուն,
Որ ստանում էին նրանք ի վերուստ։
 
Բայց հոծությունն անթվելի բազմության,
Որ թռչում էր միջև բարձանց ու ծաղկանց,
Արգելակ չէր նրանց պայծառ տեսության։
 
Աստվածային լույսը վառ ու մշտաշող
Թափանցում է տիեզերքի մեջ այնպես,
Որ ոչ մի բան այն խափանել չի կարող։
 
Երանելի հոգիները նոր ու հին,
Որոնցով է ւցված երկինքն այս խաղաղ,
Բոլորեքյան նայում էին նույն Կետին։
 
Ո՛վ երրյակ Լույս, դու որ շողում ես միակ
Մի աստղի մեջ, գոհացնելով բոլորին,
Նայիր ներքև մեր մրրիկին անպարփակ։
 
Եթե գալով բարբարոսներն հյուսիսից,
Որի վրա ամենայն օր Հելիկեն
Պտտվում է իր որդու հետ միասին,
 
Տեսան Հռոմն ու գործերն իր փառապանծ
Եվ զարմացան, զի կառույցները նրա
Գերազանցում էին ամեն շինությանց,
 
Ես, որ եկել էի երկրից առ երկինք,
Վաղանցիկից դեպի հավերժը անանց,
Ֆլորենցիայից դեպի արդար, ջինջ ազինք,
 
Որքան պիտի ապշահարված լինեի։
Զմայլության և ցնծության մեջ իմ այս
Լավ է, որ ես լուռ հայացքով դիտեի։
 
Ինչպես հաճախ ուխտավորը ուշադիր
Նայում է ներսն իր ուխտական տաճարի,
Որպեսզի հուսկ նկարագրի տեսածն իր,
 
Այսպես ես պիշ ու թարթափուն աչքերով,
Նայում էի մերթ դեպի վեր և մերթ վար,
Բազմաստիճան վարդին՝ պայծառ շողերով։
 
Այնտեղ տեսա դեմքեր սիրով ներշնչված,
Փառազարդված ժպիտներով զվարթուն,
Եվ շարժումներ վայելչությամբ օծանված։
 
Երբ իմ հայացքն ընդհանրապես ընդգրկեց
Կառուցվածքն ու ձևը համայն Դրախտի,
Բայց դեռ ոչ մի բանի վրա չկանգնեց,
 
Նորոգ տենչով դարձա դեպի տիրուհիս
Հարցընելու համար որոշ բաներ դեռ,
Որոնք վարանք էին տալիս մտքերիս։
 
Սակայն ահա իմ տիրուհու փոխարեն
Ես տեսա մի պատկառելի ծերունի,
Պարեգոտված մյուսների պես պերճորեն։
 
Նրա դեմքին և աչքերին բարեմույն
Երևում էր գորովալի մի ժպիտ,
Ինչպես միայն հորն է հատուկ քնքշագույն։
 
«Ո՞ւր գնաց նա»— իսկույն հարցրի երեցին։
Եվ նա. «Այստեղ Բեատրիչեն ինձ հղեց,
Որ գոհացնեմ փափագները քո վերջին։
 
Բարձունքից վար երրորդ շարքին նայելով,
Դու կտեսնես նրան բազմած այն գահին,
Ուր սահմանվեց նա ձիրքերով իր հոլով»։
 
Լուռ ու անխոս նայեցի վեր ու տեսա,
Որ նա գլխին ուներ պսակ լուսեղեն,
Կազմավորված ճաճանչներից հարակա։
 
Որոտ ծնող մթնոլորտից բարձրագույն
Մահկանացու աչքը այնքան հեռու չէ,
Թեկուզ սուզված լինի ծովում խորագույն,
 
Որքան աչքըս հեռու էր իմ տիրուհուց,
Բայց այդ բնավ չէր խանգարում ինձ տեսնել
Նրա ջինջ ու պայծառ պատկերն անմատույց։
 
«Ո՛վ տիրուհի, իմ հուսատուն անպատիր,
Դու որ արժան համարեցիր մինչև իսկ
Դժոխք իջնել իմ փրկության ի խնդիր,
 
Ես միմիայն քո բարությանն ու թափին
Պարտական եմ արժանիքն ու շնորհն այն,
Որով տեսա այնքան բաներ իմ ճամփին։
 
Գերությունից ազատության ինձ հասցրիր
Ուղիներով, միջոցներով այն բոլոր,
Որոնցում դու իշխանություն ունեիր։
 
Վեհանձնությունդ հավետ թող ինձ պահպանի,
Որպեսզի իմ հոգին, որ դու բուժեցիր,
Անջատվելիս մարմնից՝ արժան քեզ լինի»։
 
Աղոթեցի այսպես, և նա ժպտագին
Նայեց դեպ ինձ իր գահույքից հեռավոր,
Ապա դարձավ Հավերժաբուխ Ակունքին։
 
Եվ սուրբ ծերն ինձ. «Որպեսզի դա ավարտես
Քո այս ուղին, որի համար ես եկա,
Թելադրված քո տիրուհու հայցով հեզ,
 
Մի ակնարկ տուր դրախտային պարտեզին.
Դա տեսնելով քո հայացքը այժմեն իսկ
Կընտելացնես աստվածային շողյունին։
 
Եվ թագուհին երկնի, որի սերն արդեն
Այրում է ինձ, մեզ զորավիգ կլինի,
Զի ես նրա հավատարիմ Բեռնարդն եմ»։
 
Ինչպես նա, ով Խորվաթիայից է եկել՝
Տեսնելու մեր Վերոնիկան սրբազան,
Որի քաղցից անկարելի է հագել,
 
Եվ դիտելով այն՝ ասում է մտովին.
«Տեր իմ Հիսուս Քրիստոս, Աստված ճշմարիտ,
Մի՞թե եղավ քո կերպարանքն այսպիսին»։
 
Այսպես դիտում էի դեմքը կենդանի
Այն հոգու, որ, հայեցությամբ վերացած,
Երկրում ապրեց խաղաղությունը երկնի։
 
Նա ինձ ասաց այնժամ. «Որդի շնորհաց,
Այս երջանիկ կյանքը դու չես ճանաչի,
Եթե դեմքդ շարունակես պահել ցած։
 
Նայիր վերև՝ մինչև ոլորտն հեռակա,
Եվ կտեսնես գահին բազմած թագուհուն,
Որին է այս արքայությունն ենթակա»։
 
Ինչպես այգուն արևելյան ջինջ կողմում
Հորիզոնը վառ է լինում ավելի,
Քան այն կողմում, ուր արևն է մայր մտնում,
 
Այսպես երբ ես վեր նայեցի պիշ ու լուռ,
Տեսա մի կետ աստիճանին վերնագույն,
Ուր ավելի լուսալիր էր, քան այլուր։
 
Ինչպես երկնի հորիզոնի այն մասում,
Ուր սպասվում է ձիակառքն արևի,
Լույսն աճում է, իսկ կողքերին նվազում,
 
Այսպես ոսկե բոցը շողում էր պայծառ
Իր կենտրոնում, իսկ շրջակա մասերում
Հետզհետե լույսը դառնում էր ցանցառ։
 
Եվ հրեշտակներ անթիվ, բացված թևերով,
Տոնախմբում էին այնտեղ ու ճխում,
Ամեն մեկը ուրույն փայլով ու փառքով։
 
Մինչդեռ նրանք ցնծում էին ու երգում,
Գեղեցկուհին ժպտուն նայում էր նրանց
Եվ բոլորին երանությամբ համակում։
 
Թեկուզ լիներ լեզուս մտքիս համազոր,
Չէի փորձի նկարագրել բառերով
Չնչին մասն իսկ այդ թովչության անսովոր։
 
Երբ Բեռնարդը տեսավ, որ ես հիացքով
Նայում էի նրա դեմքին անձկալի,
Ինքն էլ հայեց նրան այնքան հաճույքով,
 
Որ բորբոքեց իմ զմայլանքն ավելի։
</poem>
===Երգ երեսուներկուերորդ===
Վստահելի
1318
edits