Changes
{{անավարտ}}
<center>'''ՆԱԽԵՐԳ'''</center> == Նախերգ։ Սերինգապատամի գրոհը. 1799==
(''Նամակ տոհմական արխիվից'')
'''III'''
Այսպես էին մեր ճամբարում Լուսնաքարի ֆանտաստիկ պատմությունն անում։ Դա լուրջ տպավորություն չէր թողել մեզնից ոչ մեկի վրա, բացի իմ զարմիկից. հրաշալիքի նկատմամբ սերը նրան ստիպել էր հավատալ այդ առասելելին։ Սերինգապատամի վրա գրոհելուց առաջ, գիշերը նա շատ անմիտ ձևով նեղացավ ինձնից ու մյուսներից այն բանի համար, որ մենք հեքիաթ էինք համարել այդ պատմությունը։ Մի շատ հիմար վեճ ծագեց, և թշվառական Հեռնկաստլը էլ չհամբերեց։ Իրեն հատուկ պարծենկոտությամբ հայտարարեց, որ եթե անգլիական բանակը գրավի Սերինգապատամը, ապա մենք ալմաստը կտեսնենք իր մատին։ Այս ելույթն ընդունվեց բարձրաձայն հռհռոցով, և բանը դրանով էլ ավարտվեց, ինչպես կարծում էինք բոլորս։
Հիմա թույլ տվեք ինձ դառնալ գրոհի օրվան։
Ես ու իմ զարմիկը բաժանվեցինք գրոհի հենց սկզբում։ Ես նրան չտեսա, երբ մենք անցնում էինք գետը, նրան չտեսա, երբ անգլիական դրոշը կանգնեցրինք առաջին ճեղքման տեղում, նրան չտեսա, երբ անցանք խրամատը և, յուրաքանչյուր քայլը նվաճելով, մտանք քաղաք։ Միայն մթնշաղին, երբ քաղաքն արդեն մերն էր և գեներալ Բերդն ինքը սպանվածների կույտի տակ գտավ Տիպպոլի դիակը, ես հանդիպեցի Հեռնկաստլին։
Երկուսս էլ գործուղված էինք այն ջոկատը, որը գեներալի հրամանով ուղարկվել էր կասեցնելու մեր հաղթանակին հաջորդած կողոպուտն ու անկարգությունները։ Զինվորներն անձնատուր էին լինում ահավոր սանձարձակությունների և, որ ավելի վատ է, խուժել էին պալատի պահեստարանները, թալանել ոսկին ու թանկարժեք քարերը։ Ես իմ զարմիկին հանդիպեցի պահեստարանների առջևի բակում, ուր մենք եկել էինք մեր զինվորների մեջ կարգ ու կանոն հաստատելու համար։ Ես անմիջապես տեսա, որ կրակոտ Հեռնկաստլը ծայր աստիճան բորբոքված է ահավոր կոտորածից, որին մենք ստիպված էինք եղել մասնակցել։ Իմ կարծիքով՝ նա ընդունակ չէր կատարելու իր պարտականությունը։
Պահեստարաններում տիրում էր եռուզեռ ու շփոթ, բայց բռնություն դեռ չէի տեսել։ Զինվորներն իրենց խայտառակում էին շատ խաղաղ ձևով, եթե կարելի է այդպես արտահայտվել։ Բավական էր կողոպուտը թուլանար մի տեղում, երբ «Իսկ ո՞վ է գտել Լուսնաքարը» բացականչությունը ստիպում էր, որ այն բորբոքվեր մեկ ուրիշ տեղում։ Մինչ ես ապարդյուն փորձում էի կարգուկանոնը վերականգնել, բակի հակառակ ծայրում լսվեց մի ահավոր աղաղակ, և ես անմիջապես վազեցի այնտեղ՝ վախենալով որևէ նոր սանձարձակությունից։
Ես մոտեցա բաց դռանը և դեմ առա երկու մեռած հնդիկների մարմիններին, որ ընկած էին շեմին։ (Հագուստից ճանաչեցի, որ պալատական սպաներ էին։)
Վերստին լսված աղաղակն ինձ ստիպեց շտապել այն սրահը, որը, ինչպես պարզվեց, զինապալատն էր։ Երրորդ հնդիկը, մահացու վիրավոր, հոգեվարքի ջղաձգումնեբի մեջ թավալվում էր թիկունքով դեպի ինձ կանգնած մարդու ոտքերի առաջ։ Այս մարգը շրջվեց այն պահին, երբ ես ներս էի մտնում, և ես Ջոն Հեռնկաստլին տեսա մի ձեռքում՝ ջահ, մյուսում՝ արյունոտ դաշույն։ Երբ նա շրջվեց իմ կողմր՝ դաշույնի կոթի վրա ամրացված քարը փայլատակեց հուրհրատող կայծի պես։ Մեռնող հնդիկը բարձրացավ ծնկների վրա, մատնացույց արեց Հեռնկաստլի ձեռքի դաշույնը և, խռխռացնելով իր մայրենի լեզվով. «Լուսնաքարի անեծքը քեզ վրա ու քո սերունդների վրա»— անշնչացած ընկավ գետնին։
Նախքան ես կհասցնեի որևէ բան ասել՝ ետևիցս եկող զինվորները խուժեցին պալատ։ Իմ զարմիկը խելագարի պես նետվեց նրանց ընդառաջ։
— Ագատե՜ք սրահը,— գոռաց նա ինձ,— և պահակներ կարգեք դռան մոտ։
Երբ Հեռնկաստլը ջահով ու դաշույնով հարձակվեց զինվորների վրա, սրանք նահանջեցին։ Ես իմ ջոկատից երկու հավատարիմ մարդու պահակ կանգնեցրի դռան մոտ։ Գիշերվա մնացած բոլոր ժամերին իմ զարմիկին այլևս չհանդիպհցի։
Կողոպուտը վաղ առավոտյան դեռևս շարունակվում էր, և գեներալ Բերդը հրապարակորեն հայտարարեց, որ հանցանքի վայրում բռնված ամեն մի գող, ով էլ որ նա լինի, կկախվի։ Զինվորական ոստիկանապետի ներկայությունն ապացուցում էր, որ գեներալ Բերդը չի կատակում, և այդ հրամանը լսող բազմության մեջ ես դարձյալ հանդիպեցի Հեռնկաստլին։
Բարևելիս նա սովորականի նման ձեռքը մեկնեց ինձ։
Ես չկարողացա ձեռք տալ նրան։
— Նախ ինձ պատասխանեք,— ասացի ես,— ո՞վ սպանեց հնդիկին զինապալատում և ի՞նչ էին նշանակում նրա վերջին բառերը, երբ նա մատնացույց արեց ձեր ձեռքում գտնվող դաշույնը։
— Հնդիկը, կարծում եմ, մեռավ մահացու վերքից,— պատասխանեց Հեռնկաստլը։— Իսկ թե ինչ էին նշանակում նրա վերշին բառերը, ապա ես էլ գիտեմ այնքան, որքան և դուք։
Ես սևեռուն նայեցի նրան։ նախօրյակին նրան համակած կատաղությունը բոլորովին շիջել էր։ Որոշեցի արդարանալու հնարավորություն տալ նրան։
— Դուք ուրիշ ոչինչ չունե՞ք ինձ ասելու,— հարցրի ես։
Նա պատասխանեց.
— Ոչինչ։
Ես թիկունքով շրջվեցի դեպի նա, և այդ պահից մենք այլևս չենք խոսել իրար հետ։
'''IV'''
Խնդրում եմ հիշել, որ իմ զարմիկի մասին այստեղ գրվածը ամբողջությամբ (եթե միայն անհրաժեշտ չլինի այդ հանգամանքները հրապարակել) նախատեսվում է միայն մեր ընտանիքի անդամների համար։ Հեռնկաստլն այնպիսի բան չէր ասել, որը մեր գնդի հրամանատարին դիմելու առիթ տար ինձ։ Ալմաստի առնչությամբ իմ զարմիկին շարունակում են ձեռ առնել նրանք, ովքեր հիշում են նրա կրակոտ բռնկումը գրոհից առաջ, բայց նա լուռ է, հավանաբար, չմոռանալով այն հանգամանքները, որոնցում ես նրան տեսել եմ զինապալատում։ Լուրեր են պտտվում, թե նա մտադիր է ուրիշ գունդ փոխադրվել, հավանաբար նրա համար, որպեսզի ինձնից հեռու լինի։
Դա ճիշտ է, թե չէ, բայց ես նրա մեղադրողը դառնալ չեմ կարող մի շատ հիմնավոր պատճառով։ Եթե ես ամբողջ վերոշարադրյալը հրապարակեմ, ապա, ներքին համոզվածությունից բացի, ոչ մի ապացույց չեմ ունենա։ Ես ոչ միայն չեմ կարող ապացուցել, որ նա սպանել է դռան մոտ կանգնած երկու հնդիկներին, այլև չեմ էլ կարող պնդել, որ նա սպանել է երրորդին, շենքի ներսում, որովհետև ես իմ աչքով չեմ տեսել։
Ճիշտ է, ես լսել եմ մեռնող հնդիկի ասածները, բայց, եթե ինձ առարկեն, թե դրանք մահառաջի զառանցանքներ են եղել, ինչպե՞ս կարող եմ հերքել։ Թող թե այս, թե այն կողմի մեր ազգականներն իրենք կարծիք կազմեն ամբողջ վերը ասվածի մասին ու որոշեն՝ հիմնավո՞ր է, թե ոչ այն նողկանքը, որը ես հիմա էլ տածում եմ այդ մարդու նկատմամբ։
Թեև չեմ հավատում ալմաստի վերաբերյալ հնդկական ֆանտաստիկ առասպելին, բայց պետք է խոստովանեմ, որ ինքս էլ ազատ չեմ որոշ սնահավատությունից։ Համոզմունք է դա, թե խաբուսիկ ենթադրոլթյուն՝ միևնույն է, ես գտնում եմ, որ հանցագործությունն իր հետ բերում է պատիժ։ Ես ոչ միայն հավատացած եմ Հեռնկաստլի մեղավոր լինելու մեջ, այլև չեմ էլ կասկածում, որ նա կզղջա, եթե ալմաստը թողել է իր մոտ, և որ կզղջան նաև ուրիշները՝ վերցնելով այդ ալմաստը, եթե նա դա տա նրանց։
<center>'''ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ'''</center>
==Մասն առաջին։ Ալմաստի կորչելը. 1848==
''Դեպքեր, որ պատմել է Գաբրիել Բետտերեջը՝ լեդի Ջուլիա Վերինդերի ծառայապետը''
===Գլուխ I===