Changes
: Որոշեցինք որքան կարելի է վաղ վեր կենալ, որպեսզի մեկնենք, քանի դեռ խեղճ բեբին քնած է։ Բայց այդ չհաջողվեց։ Աղջիկը մեզ գտավ ճամպրուկները կրելու թեժ պահին։ Ցավալի էր նայել Ադամսներին։ Նրանք կեղծ ձայներով հավատացնում էին բեբիին, որ մի ժամից կվերադառնան։ Նեգրուհին լաց էր լինում։ Մենք մեզ համարում էինք ստորներ։
: Մեքենան սահեց Սենտրալ֊պարկ֊վեստի խոնավ ասֆալտով, արագաչափը սկսեց հաշվել մղոնները, մենք դուրս եկանք հեռավոր ուղևորության։
==Մասն երկրորդ — Արևելյան նահանգներով==
===Գլուխ տասներորդ — Ավտոմոբիլային ճանապարհի վրա===
: Նյու֊Յոր քի հպարտ աշտարակները մնացին հետևում։ «Իմպայրի» չժանգոտվող պողպատ հագած նիստերը աղոտ լույս էին սփռում հսկա քաղաքի վրա կախված վաղորդյան մշուշի մեջ։ Բարակ մառախուղը պարուրել էր «Ռադիո֊սիթիի», «Կրայսլերի», «Վուլվորդի» և ուրիշ անունավոր և անանուն երկրաքերծերը։ Այժմ մենք ընթանում էինք աշխույժ և անբարետես ծայրամասով։
: Գերանակապ ճանապարհով պղտոր ջուր էր վազում։ Վերերկրյա ուղու երկաթյա կանաչ կամուրջը փողոցը հատում էր հինգերորդ հարկերի բարձրության վրա։ Նյու֊Յորքի տաքարյուն մարդիկ ավտոմոբիլներով կտրիճաբար սլանում էին իրենց գործերով։ Առկայծում էր վարսավիրի շերտավոր պտուտանը, ապակյա պտտվող մի գլան՝ սպիտակ, կարմիր և կապույտ շերտերով։ Աղյուսաշեն կարմիր մի տան մեջ տապակած սանդվիչի առևտուր էր գնում։ Ասենք, այստեղ բոլոր տներն էլ աղյուսաշեն են և կարմիր։ Ի՞նչ կարող է այստեղ դուր գալ, ի՞նչ կարելի է սիրել այստեղ։
: Նյու֊Յորքը վախեցնող քաղաք է։ Միլիոնավոր մարդիկ այստեղ արիաբար պայքարում են իրենց կյանքի համար։ Այս քաղաքում չափից դուրս շատ փող կա։ Չափից դուրս շատ է ոմանց փողը և բոլորովին քիչ՝ ուրիշներինը։ Եվ դա ողբերգական լույս է սփռում այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում Նյու֊Յորքում։
: Մենք երկու ամսով հրաժեշտ տվինք այդ քաղաքին։
: Առաջին օրվա մարշրուտը պարզ էր։ 9֊րդ ֆեդերալ ճանապարհով գնում ենք Սկենեկտեդի, Պոուկիպսիի (այս բառը անգլերեն գրելու դեպքում պետք է ծախսել տասներկու տառ), Հուդզոնի և Նյու֊Յորքի նահանգի մայրաքաղաք Օլբանիի վրայով։
: Ուղևորության ռեժիմը ևս պարզ էր։ Մեր տրամադրության տակ կա վաթսուն օր և անհրաժեշտ է անցնել մոտավորապես տասը հազար մղոն։ Եթե օրական նույնիսկ երկու հարյուր հիսուն մղոն անելու լինենք, ապա այդ տարածությունը կանցնենք քառասուն օրում։ Տասնհինգ օր մենք հաշվեցինք դիտելու, ծանոթանալու, ուսումնասիրելու և նման բաների համար։ Ընդամենը հիսուն հինգ օր։ Հինգ օր մնում է պահեստում չնախատեսված հանգամանքների համար։ Այս ամենին հարկ է միայն ավելացնել, որ մղոնն իր մեջ պարունակում է մեկ ամբողջ և վեց տասներորդական կիլոմետր։
: Իրերով լի մեր ճամպրուկը դրված էր հետևի նստատեղի տակ գտնվող բագաժանոցում։ Այնտեղ կային շապիկներ, թաշկինակներ, և գլխավորապես հանձնարարական նամակներ մեր ուղևորության բովանդակ մարշրուտով մեկ։ Հասցեատերերը դարձյալ պրոֆեսորներ էին, թատերական գործիչներ, պոետներ, ինժեներներ, քաղաքական գործամոլներ, նահանգապետներ և սենատորներ։
: Մի խոսքով, հանձնարարական ապրանք շատ կար։
: Ժամանակն է արդեն կատարելու և մի առանձին գլուխ գրելու ամերիկյան ճանապարհների մասին։ Նրանք արժանի են դրան։ Գուցե և ավելին, մի ամբողջ ոգեշնչված գիրք։
: Մենք առաջին անգամը չէինք լինում ավտոմոբիլային ճանապարհում։ Այժմ մենք ընտելացել, վարժվել էինք ճանապարհին՝ այդ փայլուն կառուցվածքին, բայց առաջին տպավորությունն անմոռանալի էր։ Մենք ընթանում էինք տասնմեկ դյույմ հաստություն ունեցող երկաթբետոնե սպիտակ սալերի վրայով։ Այդ իդեալական հարթ մակերեսը փոքր֊ինչ խորդուբորդ էր և լպրծուն չդառնալու մեծ գործակից ուներ։ Անձրևը նրան սահուն չէր դարձնում։ Մենք սուրում էինք նրա վրայով այնպիսի թեթևությամբ և այնպես անաղմուկ, որով անձրևի կաթիլն է սահում֊անցնում ապակու վրայով։ Ճանապարհն ամբողջ երկարությամբ գծված էր սպիտակ հաստ շերտերով ։ Նրա վրայով երկու ուղղությամբ էլ կարող էին միանգամից երթևեկել չորս մեքենա։ Գործնականորեն այդ ճանապարհները, հին Հռոմի ճանապարհների նման կառուցված են մշտնջենական։
: Միսիս Ադամսը երբեմն աղիողորմ նայում էր մեզ, բայց մենք ձևացնում էինք, թե չենք հասկանում նրա հայացքները, թեև ամեն ինչ հասկանալի էր։ Միսիս Ադամսն ուզում էր գազն ավելացնել, բայց դիլերը մեքենան ծախելիս խորհուրդ տվեց առաջին մի քանի օրը գնալ ժամում քառասուն մղոնից ոչ արագ։ Այդ անհրաժեշտ է, որպեսզի չփչանա դեռ լավ չաշխատած մոտորը։ Միստեր Ադամսը նայեց արագաչափին և տեսնելով, որ բարակ, կարմիր սլաքն արդեն տարուբերվում է «50» թվի մոտերքը, իսկույն խառնվեց իրար։
: ― Նո՛, նո՛, Բեկկի։ It's impossible։ Դա անկարելի է։ Կառը դեռ կոշտ է, նրա հետ պետք է շատ֊շատ զգույշ վարվել։ Այնպես չէ՞ միստերներ։
: Մենք ոչինչ չէինք հասկանում, թե ինչպես պետք է վարվել ավտոմոբիլի հետ և միայն գլխով էինք անում, աչքներս չկտրելով ճանապարհի սպիտակ գծից։
: Օ՜, այդ ճանապարհը։ Երկու ամիս շարունակ վազում էր մեզ ընդառաջ ― բետոնե, ասֆալտե կամ հատիկավոր՝ շինված խճաքարից և ներծծված ծանր յուղով։
: Խելացնորություն է կարծել, թե ամերիկյան ֆեդերալ ճանապարհով կարելի է դանդաղ գնալ։ Սոսկ զգույշ լինելու ցանկությունը քիչ է։ Ձեր մեքենայի կողքով գնում են ևս հարյուրավոր մեքենաներ, հետևից հուպ են տալիս, ընդառաջ են գալիս տասնյակ հազարներ։ Եվ բոլորն էլ քշում են սրընթաց, դիվային պոռթկումով, ձեզ իրենց հետ տանելով։ Բովանդակ Ամերիկան սլանում է ինչ֊որ տեղ և, ըստ երևույթին, կանգառ արդեն չի լինի։ Պողպատե շներն ու թռչունները պսպղում են մեքենաների քթերին։
: Միլիոնավոր ավտոմոբիլների մեջ մենք էլ սուրացինք֊անցանք օվկիանոսից օվկիանոս, ինչպես մի ավազահատիկ, քշված բենզինի փոթորկով, որ բազում տարիներ մոլեգնում է Ամերիկայի վրա։
: Մեր մեքենան սլանում էր գազոլինի կայանների շարքի միջով, որոնցից յուրաքանչյուրում կար վեց, ութ և նույնիսկ տասը կարմիր ու դեղին կոլոնկաներ։ Դրանցից մեկի մոտ մենք կանգ առանք, բաքը լցնելու։
: Վայելչատես մի շենքից, որի ապակե մեծ ցուցափեղկում երևում էին ավտոմոբիլային ամեն տեսակ քսուկներ և փոշիներ, դուրս եկավ մի մարդ, զոլավոր գլխարկով և զոլավոր կոմբինեզոնով։ Արձակված շապիկը բացահայտում էր զոլավոր օձիքը և կաշվե սև թիթեռ֊փողկապը։ Դա մի տեսակ տեխնիկական շիկ է՝ կաշվե բանտիկներ կրելը։ Բաքի անցքի մեջ նա ռետինե թևք մտցրեց, և կոլոնկան սկսեց ավտոմատ կերպով հաշվել ավտոմոբիլի կլանած բենզինի գալոնները։ Դրա հետ միաժամանակ, կոլոնկայի հաշվիչի վրա թվեր էին դուրս ցատկում, որոնք ցույց են տալիս բենզինի արժեքը։ Յուրաքանչյուր նոր գալոնի հետ ապարատը մելոդիկ զանգ էր տալիս։ Զանգերը նույնպես տեխնիկական շիկ են։ Կարելի և առանց զանգերի։
: Այստեղ մենք լսեցինք «սերվիս» բառը, որ նշանակում է սպասարկում։
: Բաքը լցված է, կարելի է առաջ շարժվել։ Բայց զոլավոր գլխարկով և կաշվե փողկապով ջենտլմենը իր միսիան ավարտված չի համարում, թեև արեց այն, ինչ հարկավոր էր անել․ ծախեց մեզ տասնմեկ գալոնի բենզին, ճիշտ այնքան, որքան խնդրել էինք։ Սկսվեց ամերիկյան մեծ սերվիսը։
: Գազոլին կայանի մարդը (Նահանգներում բենզինին գազոլին են անվանում) բացում է մեքենայի կափարիչը և բաժանումներ ունեցող մետաղե քանոնով մոտորում ստուգում յուղի մակարդակը։ Եթե պետք է յուղ ավելացնել, նա իսկույն բերում է՝ պահածոյի գեղեցիկ տուփերով կամ լայնաբերան երկար շշերով։ Յուղի արժեքն, իհարկե, վճարվում է։
: Ապա ստուգում է օդի ճնշումը անվադողերում։ Մենք առաջին անվադողում պահում էինք երեսուն վեց անգլիական ֆունտ ճնշում, իսկ հետևի անվադողերում՝ երեսուն։ Ավելորդ օդը բաց կթողնեն, պակասի դեպքում՝ կավելացնեն։
: Այնուհտև զոլավոր ջենտլմենը ուշադրություն է դարձնում քամու ապակու վրա։ Նա սրբում է ապակին մաքուր և փափուկ փալասվ։ Եթե ապակին շատ է կեղտոտվել, այն սրբվում է հատուկ փոշիով։
: Այդ ամենը արվում է արագ, բայց առանց իրարանցման։ Այդ աշխատանքի ընթացքում, որը ոչ մի ցենտ չի նստում ուղևորի վրա, գազոլին կայանի մարդը ձեզ պատմում է ձեր մարշրուտի ճանապարհի և եղանակի մասին։
: Եվ այսպես, ամեն բան կարգին է, թվում է, թե ավտոմոբիլի սպասարկման բնագավառում այլևս անելիք չկա։ Բայց այստեղ սերվիսից փափկացած ճանապարհորդին սկսում է թվալ, թե մեքենայի աջակողմյան առջևի դուռն այնքան էլ լավ չի փակվում։ Զոլավոր ջենտլմենը բարյացակամ ժպտալով, հետևի գրպանից հանում է գործիքները և երկու րոպե անց, դուռը կարգին վիճակումն է։
: Բացի այդ, ճանապարհորդը ստանում է նահանգի հիանալի քարտեզը, որ տպագրել է ճանապարհորդին բենզին վաճառող որևէ նավթային ընկերություն։ Կան քարտեզներ «Ստանդարտ Օյլ», «Շելլ», «Սոկոնի», «Կոնոկո», «Էսսո», կամ «Էսսո֊լուբո»։ Դրանք բոլորը լավ տպաված են հիանալի թղթի վրա, շատ հեշտ կարդացվում են և բացարձակ ճշգրիտ և ամենավեջին տեղեկություններն են տալիս։ Չի կարող պատահել, որ ձեզ տան ճանապարհների անցյալ տարվա վիճակը պատկերող քարտեզ։ Բոլոր քարտեզները թարմ են, և եթե որևէ ճանապարհի վրա լուրջ նորոգում է գնում, ապա այդ էլ է ցույց տրված քարտեզում։ Նրա մյուս երեսին թվարկված են այն հյուրանոցներն ու տուրիստական տնակները, որտեղ կարելի է գիշերել։ Թվարկված են նույնիսկ ճանապարհին ընկած տեսարժան վայրերը։
: Ամբողջ սերվիսը գնված բենզինի ձրի հավելվածն է։ Նույն սերվիսը ցույց կտրվի նույնիսկ, եթե գնելու լինեք միայն երկու գալոն բենզին։ Այստեղ չգիտեն վերաբերմունքի մեջ խտրություն դնել։ Որևէ հնացած «շևրոլիկ» և հազար ինը հարյուր երեսունվեց թվականի ավտոմոբիլային սալոնի հրաշալիք՝ փայլատակող բազմահազար արժեքով «դյուզենբերգը» այստեղ կգտնեն միատեսակ, հավասար, հանգիստ և արագ սպասարկում։
: Հրաժեշտ տալիս գազոլինկայանի մարդն ասաց, որ ինքն անձամբ նոր մեքենան կքշեր ոչ թե ժամում քառասուն մղոն արագությամբ, այլ երեսուն, և ոչ միայն առաջին հինգ հարյուր մղոնը, այլ ամբողջ առաջին հազարը։ Փոխարենը մոտորը հետագայում կաշխատի իդեալական։ Դրանով միսիս Ադամսը բոլորովին ջարդված էր և տխուր ժպիտով պահպանում էր քսանյոթ֊քսանինը մղոն արագություն։
: Իսկ մենք՝ տղամարդիկս, զբաղվում էինք հաշվարկումներով։ Ի՛նչ հաճելի է գործարար լինել, երբ ոչ մի գործ չկա։ Մեր ազնիվ մկնագույն ֆորդը ցույց տվեց, որ յուրաքանչյուր տասնվեց մղոնին ծաղսում է մի գալոն բենզին։ Նյու֊Յորքի նահանգում բենզինի գալոնն արժե տասնվեց ցենտ։ Նշանակում է, տասնչորս գալոնով լիքը բակը՝ երկու դոլար քսանչորս ցենտ արժողությամբ, մեզ հնարավորություն էր տալիս անել երկու հարյուր քսանչորս մղոն։ Մղոնը մենք վերածում էինք կիլոմետրերի և դուրս էր գալիս, որ ավտոմոբիլային ճանապարհորդության արժեքը Նահանգներում անհամեմատ ցածր է, քան Եվրոպայում։
: Այդ մխիթարական թվաբանությունն օգնում էր տանելու այն վիրավորանքները, որ մեզ հասցնում էին մեզանից առաջ անցնող ավտոմոբիլները։ Ինչ֊որ վիրավորական բան կա, երբ ձեզանից առաջ են անցնում։ Իսկ Ամերիկայում առաջ անցնելու կիրքն անասելի ուժեղ է զարգացած և հանգեցնում է այն բանին, որ խիստ ավելանում է աղետների, վթարների և ճանապարհային այն պատահարների թիվը, որոնց Ամերիկայում «էքսիդենտ» անունն են տալիս։ Ամերիկացիներն արագ են քշում։ Տարեցտարի նրանք արագությունն ավելացնում են, ճանապարհները տարեցտարի բարելավվում են, իսկ ավտոմոբիլի մոտորները ուժեղանում։ Քշում են արագ, համարձակ և, ընդհանուր առմամբ, անզգույշ։ Համենայն դեպս, շներն Ամերիկայում ավելի լավ են հասկանում, թե ինչ բան է ավտոմոբիլային ճանապարհը, քան ավտոմոբիլ քշողները։ Ամերիկյան խելացի շները երբեք դուրս չեն վազում խճուղու վրա, լավատեսական հաչոցով չեն սլանում մեքենաների հետևից։ Նրանք գիտեն, թե դա ինչով կվերջանա։ Կճխլեն, և վերջ։ Մարդիկ այդ տեսակետից ավելի անհոգ են։
: Մենք կանգ առանք նախաճաշելու ճանապարհամերձ՝ «Ճաշիր և պարիր» ցուցանակով ռեստորանում։ Մենք մենակ էինք՝ մեջտեղում պարի հրապարակ ունեցող մեծ ու մութ սենյակում։
: Փոքրիկ թասերով մենք ուտում էինք դարչնագույն ապուր, վրայից՝ «կրեկերներ»՝ մանր, աղի պաքսիմատներ, որոնք իրենց անունն արդարացնում էին ատամների տակ անասելի խրթխրթոցով։ Երբ մենք սկսեցինք ուտել մեծ֊մեծ «թի֊ բոուն սթեյկներ» ― T տառի նման ոսկոր ունեցող սառեցրած մսից բիֆշտեքսներ, մի հին ֆորդով մոտեցավ ինքը՝ «Ճաշիր և պարիր» ռեստորան֊զվարճավայրի տերը։ Նա սկսեց մեքենայից դահլիճ քարշ տալ եգիպտացորենի չոր ցողունների խրձեր և նրանցով զարդարել սենյակը։ Այսօր երեկոյան հավաքվելու է շրջակայքի երիտասարդությունը, պարեր են լինելու։ Այդ ամենը շատ հաճելի, խաղաղ, նույնիսկ նահապետական տեսք ուներ։ Մինչդեռ մենք Նյու֊Յորքից հեռացել էինք ընդամենը հարյուր մղոնով։ Ընդամենը հարյուր մղոն այն կողմ գտնվում էր աշխարհի ամենաբազմաշառաչ բնակավայրը, իսկ այստեղ արդեն անդորրություն էր, գավառական հոգեպարար ֆլիրտ՝ պարերի ժամանակ, ինչ֊որ ցողուններ, նույնիսկ ծաղիկներ։
: Խաղաղ ռեստորանի հենց դռների մոտ փռված էր առաջնակարգ ճանապարհի անփայլ բետոնը։ Միսիս Ադամսի վերքը նորից զգացնել տվեց, երբ նա նստեց ղեկի մոտ։ Ժամում երեսուն մղոն և ոչ ավելի։
: Նույնիսկ անգլերեն լեզվին չտիրապետող օտարերկրացին էլ կարող է այստեղ հանգիստ սրտով ճանապարհ գնալ։ Նա, այստեղ, օտար երկրում, չի մոլորվի։ Այս ճանապարհներից գլուխ կհանի նույնիսկ երեխան, նույնիսկ խուլն ու համրը։ Ճանապարհները խնամքով համարակալված են, և համարներն այնքան հաճախ են պատահում, որ սխալվելն անհնարին է։ Երբեմն երկու ճանապարհներ ժամանակավորապես միանում են։ Այդ դեպքում ճանապարհամերձ սյան վրա տեղավորված են երկու համար։ Ֆեդերալ ճանապարհի համարը՝ վերևում, նահանգի ճանապարհի համարը՝ տակը։ Երբեմն իրար են միանում հինգ, յոթ, նույնիսկ տասը ճանապարհ։ Այդ դեպքում համարների քանակն աճում է և այն սյան հետ միասին, որի վրա նրանք փակցված են, և ցուցիչը նմանվում է հնդիկի հինավուրց տոտեմի։
: Ճանապարհներին բազում տարբերանշաններ կան։ Բայց մի հիանալի առանձնահատկություն―նրանց մեջ չկա ոչ մի ավելորդ նշան, որը շեղեր վարորդի ուշադրությունը։ Նշանները դրված են գետնից քիչ բարձր, աջ կողմում, որպեսզի վարորդը դրանք տեսնի առանց աչքը ճանապարհից հեռացնելու։ Նրանք երբեք պայմանական չեն լինում և ոչ մի վերծանման կարիք չեն զգում։ Ամերիկայում երբեք չես պատահի կարմիր քառակուսու մեջ՝ խորհրդավոր, կապույտ եռանկյան, մի նշան, որը հասկանալու համար ժամերով պետք է գլուխ տրաքացնել։
: Ճանապարհային նիշերի մեծամասնությունը պատված է հայելու կլոր ապակիներով, որոնք գիշերը անդրադարձնում են ավտոմոբիլային լապտերների լույսը։ Այդպիսով նշանն ինքնըստինքյան լույս է տալիս։ Դեղին ֆոնի վրա սև մակագրությունները ( դրանք ամենանկատելի գույներն են) նախազգուշացնում են․ «Դանդաղ», «Դպրոցական գոտի», «Կանգ առ», «Վտանգավոր է», «Նեղ կամուրջ», «Արագության սահմանը 30 մղոն»։ «Ճամփահատում» կամ՝ «Երեսուն ֆուտ անց, փոս կլինի»։ Եվ իրոք, ուղիղ երեսուն ֆուտից հետո, կլինի փոս։ Ասենք, նման մակագրությունն այնքան հազվադեպ է պատահում, որքան և ինքը՝ փոսը։
: Ճանապարհի խաչմերուկում կանգնած են փայտե հաստ սլաքներով սյուներ։ Սլաքների վրա քաղաքների անուններ են և մինչև այդ քաղաքները մնացած մղոնների քանակը։
: Աղմկելով և ոռնալով մեզ ընդառաջ են թռչում կաթով լի արծաթավուն ավտոցիստեռնները։ Նրանք կաթ են տանում Նյու֊Յորքի յոթ միլիոնանոց բնակչության համար։ Մարդ սրտաճաք է լինում, երբ առջևում երևում են փոթորկի արագությամբ մոտեցող կաթի հսկա մեքենաները։ Ցիստեռններն առանձնապես հոյակապ են գիշերները, երբ կարմիր ու կանաչ լապտերների շղթաներով եզրապատված, առանց կանգ առնելու թռչում են դեպի Նյու֊Յորք։ Յոթ միլիոն մարդ ուզում է կաթ խմել, և այն ժամանակին պետք է հասցվի։
: Ավելի վեհապանծ են երևում հատուկ կցասայլակներ ունեցող բեռնատար մեքենաները, որոնք միանգամից տեղափոխում են երեք կամ չորս նոր ավտոմոբիլներ։ Մոտավորապես հազար մղոն տարածության վրա բեռնատարներով կատարվող փոխադրումներն ավելի էժան են նստում, քան երկաթուղով։ Ու նորից մեզ վրա գրոհում է փոթորիկը, այս անգամ լաքի և նիկելի փայլով։ Մենք մի պահ փակում ենք աչքներս անտանելի փայլից և առաջ ենք շարժվում։
: Ճանապարհներն ամերիկայն կյանքի ամենանշանավոր երևույթներից մեկն է։ Հենց կյանքի և ոչ միայն տեխնիկայի։ Միացյալ նահանգներն ունեն հարյուր հազարավոր մղոն, այսպես կոչված, high woys―բարեկարգ ճանապարհներ, որոնցով ավտոբուսային կանոնավոր հաղորդակցություն է գնում։ Ավտոբուսները սլանում են չվացուցակով՝ վաթսուն մղոն արագությամբ, և նրանցով ուղևորվելը կրկնակի էժան է, քան երկաթուղով։
: Օրվա ուզածդ պահին, տարվա ուզածդ ժամանակ, ամենավատ եղանակին, Ամերիկայով մեկ կատաղորեն սլանում են մարդատար ավտոբուսներ։ Երբ գիշերը տեսնում ես անապատով թռչող ծանր ու ահեղ մեքենան, ակամայից հիշում ես բրետհարտյան փոստային դիլիժանսները, որոնք վարում էին հանդուգն կառապանները։
: Ավտոբուսը սուրում է մանրախիճ ուղիով։ Նա շուռ է տալիս խոշոր քարերը և մանրերը քշում իր հետ։ Ուշացում չի կարող լինել։ Որտեղ ենք մենք։ Նյու֊Մեքսիկո նահանգում։ Արագ, ավելի արագ։ Երիտասարդ վարորդը գազն ավելացնում է։ Կառլսբադ, Լորդսբուրգ, Լաս֊Կրուզես։ Մեքենան լցվում է աղմուկով ու քամով, որի մեջ իրենց բազկաթոռներում նիրհած ուղևորները լսում են ամերիկյան մայր ցամաքի մեծ մեղեդին։ Ամերիկան ընկած է ավտոմոբիլային մեծ ճանապարհի վրա։
: Երբ փակում ես աչքերդ և փորձում հիշողության մեջ հարություն տալ այն երկիրը, ուր անցկացրիր չորս ամիս, քեզ պատկերացնում ես ոչ թե Վաշինգտոնը իր պարտեզներով, սյունաշարերով և հուշարձանների լիակատար ժողովածուով, ոչ Նյու֊Յորքն իր երկնաքերծերով, իր աղքատությամբ և հարստությամբ, ոչ էլ Սան֊Ֆրանցիսկոն, իր գահավեժ փողոցներով և կախված կամուրջներով, ոչ լեռները, ոչ գործարանները, ոչ կենյոնները, այլ երկու ճանապարհների խաչաձևումը և գազոլինկայանը՝ լարերի ու ռեկլամային պլակատների ֆոնի վրա։
===Գլուխ տասնմեկերորդ — Փոքրիկ քաղաքը===
: Մենք կանգ առանք մի փոքրիկ քաղաքում և ճաշեցինք դեղատանը։
: Այստեղ հարկ է բացատրել, թե ինչ է ներկայացնում իրենից ամերիկյան փոքրիկ քաղաքը և ինչ դեղատուն է դա, որտեղ կարելի է ճաշել։ Այս պատմությունը կարելի է անվանել՝ «Դեղագործ առանց միստիկայի կամ ամերիկյան դեղատան Գաղտնիքը»։
: Երբ ամերիկյան խոշոր գործամոլները, դյուրին եկամուտի հետևից ընկնելով, իրենց ուշադրությունը դարձրին դեղատնային գործի վրա, ապա, նախ և առաջ, նրանց հետաքրքրեց, թե ինչով են զբաղվում դեղագործներն իրենց վաճառասեղանների հետևվում։
: Այդ ի՞նչ են նրանք դեմքները խոժոռած սանդակոթով փոշիացնում իրենց ճենապակյա հաստ թասերի մեջ։ Դեղորա՞յք։ Բայց որքան դեղորայք կա աշխարհում։ Հիսուն, հարյուր, ասենք թե հարյուր քսան, վերջապես։ Հարյուր քսան տաքություն իջեցնող, գրգռող կամ ցավ մեղմացնող դեղեր։ Էլ ինչու՞ դրանք պատրաստել դեղատներում տնայնագործական եղանակով։ Դրանք պետք է արտադրել մասսայական մասշտաբով, ֆաբրիկաներում։
: Որ դեղորայքը սկսեցին պատրաստել ֆաբրիկաներում, հիվանդի դրությունը դրանից չթեթևացավ, դեղերը չեժանացան։ Բայց դեղագործները կորցրին իրենց վաստակը։ Դեղատնային ֆաբրիկանտներն այն խլեցին նրանց ձեռքից։
: Իրենց եկամուտն ավելացնելու համար խաբված դեղագործներն սկսեցին վաճառել պաղպաղակ, զովացուցիչ ջրեր, մանր գալանտերեա, խաղալիքներ, ծխախոտ, խոհանոցային ամանեղեն, մի խոսքով, ամեն բանի ձեռք զարկեցին։
: Եվ ամերիկյան այժմյան դեղատունն իրենից ներկայացնում է մեծ բար՝ բարձր վաճառասեղանով և նրա առջևում դաշնամուրային պտտվող աթոռներով։ Վաճառասեղանի հետևում դեսուդեն են ընկնում կարմրահեր տղաներ և գլխներին թեք դրած պիլոտկաներով կամ մազերը մի քանի տարվա համար գանգրացրած, կոկետ աղջիկներ, որոնք նմանվում են հերթական, հենց նոր մոդա դարձաց կինոաստղերի։ Երբեմն նրանք նմանվում են Կեյ Ֆրենսիսին, երբեմն Գրետա Գարբոյին, առաջներում նրանք բոլորը փոքր֊ ինչ նմանվում էին Գլորիա Սվենսոնին։ Աղջիկները սերուցք են հարում, նիկելե ծորակներից բաց են թողնում սելտերյն ջրի աղմկոտ շիթը, հավ են տապակում և բաժակի մեջ զնգոցով գցում սառցի կտորներ։
: Ու թեպետ դեղատունը վաղուց ի վեր դարձել է խորտկարան, նրա տերն, այնուամենայնիվ, պարտավոր է դեղագործ լինել, որոշ չափով գիտական պաշար ունենալ, որը խստիվ անհրաժեշտ է սուրճ, պաղպաղակ, տապակած հաց և այլ դեղատնային ապրանքներ մատուցելիս։
: Այդ ուրախ ձեռնարկության ամենահեռավոր անկյունում տեղավորված է բանկաներով, տուփերով և սրվակներով լի ապակե մի պահարան։ Դեղատանը մի կես ժամ պետք է անցկացնել, այդ պահարանը վերջապես նկատելու համար։ Այնտեղ պահվում է դեղորայքը։
: Նյու֊Յորքում անվնաս է մնացել մի դեղատուն, ուր դեղագործն անձամբ դեղորայք է պատրաստում։ Օ՜, դա մի հիանալի հաստատուցյուն է՝ բժշկական գաղտնիքի լուսապսակով պատած։ Ի ապացույց այն բանի, որ այստեղ, իրոք, դեղորայքը ձեռքով են պատրաստում, դեղատան տերը պատուհանում ցուցադրել է հին ու դեղնած դեղատոմսերի մի կույտ։ Այդ ամենը միջնադարյան ալքիմիկի որջի տեսք ունի։ Նույնիսկ մտնելը սարսափելի է։ Այլ բան է սովորական դեղատունը։ Այնտեղ կարելի է ուտել, գնել գրպանի ժամացույց կամ զարթուցիչ, կաթսա կամ խաղալիք, կարելի է գնել կամ վարձով վերցնել մի որևէ գիրք։
: Մենք տխրությամբ աչքի անցկացրինք ճաշացուցակը։ Ճաշ համար 1, ճաշ համար 2, ճաշ համար 3, ճաշ համար 4։ Դիներ նաբր ուան, դիներ նաբր թու, դիներ նաբր թրի, դիներ նաբր ֆոր։ Համար չորս ճաշը կրկնակի թանկ արժե համար երկու ճաշից։ Բայց դա չի նշանակում, որ նա կրկնակի լավն է․ ոչ, պարզապես երկու անգամ ավելի է։ Եթե համար2֊ի «քանտրի սոսիջ» անվան տակ հրամցվող ճաշը բաղկացած է կտրատված երեք նրբերշիկներից, ապա համար 4 ճաշի մեջ «սոսիջ» կլինեն վեց հատ, համը նույնը կմնա։
: Ճաշից հետո մենք հետաքրքրվեցինք հոգևոր սնունդով, որից նույնպես վաճառում էին դեղատանը։ Այստեղ կային վայրենաբարո նախշած լուսանկարչական բացիկներ՝ տեղական հիշարժան վայրերի տեսարաններով շատ էժան երկու նկար՝ հինգ ցենտի դիմաց։ Սև նկարների հատն արժե հինգ ցենտ։ Ճիշտ էր նշանակված․ սև բացիկները հիանալի էին, իսկ գունավորները՝ անպետք բան։ Մենք աչքի անցկացրինք գրքերի դարակը։ Դրանք բոլորը վեպեր էին։ «Մեղավոր լինելը տղամարդու գործ է», «Մարած սիրո բոցը», «Առաջին գիշերը», «Ամուսնացածների ֆլիրտը»։
: ― Ո՛չ, ո՛չ, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― դուք չպետք է բարկանաք։ Դուք գտնվում եք ամերիկյան մի փոքրիկ քաղաքում։
: Շատ մարդկանց Ամերիկան պատկերանում է որպես երկնաքերծերի երկիր, ուր օր ու գիշեր լսվում է վերերկրյա և ստորերկրյա գնացքների շաչյուն, ավտոմոբիլների դժոխային ոռնոց և բորսայական մակլերների համատարած կատաղի ճիչը, որոնք դեսուդեն են ընկնում երկնաքերծերի արանքում, թափահարելով ամեն վայրկյան արժեքազրկվող բաժնեթղթերը։ Դա հաստատուն, վաղուցվա և սովորական պատկերացում է։
: Իհարկե, ամեն բան կա, և՛ երկնաքերծեր, և՛ վերերկրյա երկաթուղիներ, և արժեքազրկվող բաժնեթղթեր։ Բայց դա Նյու֊Յորքի և Չիկագոյի պատկանելիքն է։ Ասենք, այնտեղ էլ անգամ բորսայականները դեսուդեն չեն ընկնում մայթերի վրա, ոտնատակ անելով ամերիկյան քաղաքացիներին, այլ բնակչության համար աննկատելի դոփում են իրենց բորսաներում, այդ հսկա շենքերում՝ ամեն տեսակի տգեղ մեքենայություններ կատարելով։
: Նյու֊Յորքում երկնաքերծեր շատ կան։ Չիկագոյում՝ քիչ պակաս։ Իսկ մյուս մեծ քաղաքներում՝ բոլորովին քիչ․ երկուական, երեքական ամեն մի քաղաքին։ Այնտեղ նրանք վեր են խոյանում մի տեսակ միայնակ ջրմուղային աշտարակի կամ հրշեջ դիտանոցի նման։ Փոքր քաղաքներում երկնաքերծեր չկան։ Ամերիկան գերազանցապես միհարկանի և երկուհարկանի երկիր է։
: Ամերիկյան բնակչության մեծամասնությունը ապրում է փոքրիկ քաղաքներում, ուր բնակիչների թիվը հասնում է երեք, հինգ, տասը, տասնհինգ հազարի։
: Ո՞ր ճանապարհորդին հայտնի չէ հուզումնալից սպասումի առաջին անկրկնելի զգացումը, որը համակում է մարդու էությունը այն քաղաքը մտնելիս, ուր նա երբեք չի եղել։ Յուրաքանչյուր փողոց, յուրաաքանչյուր նրբանցք նորանոր գաղտնիքներ են բացում ճանապարհորդի ծարավ աչքերի առջև․ երեկոյան կողմ նրան սկսում է թվալ, թե ինքն արդեն հասցրել է սիրել այդ քաղաքը։ Փողոցի բազմության տեսքից, շենքերի ճարտարապետությունից, շուկայի հոտից, վերջապես միայն այդ քաղաքին հատուկ գույնից են գոյանում ճանապարհորդի առաջին, ամենաճիշտ տպավորությունները։ Նա կարող է մի տարի ապրել քաղաքում, ուսումնասիրել բոլոր անկյունները, բարեկամներ ձեռք բերել, ապա մոռանալ այդ բարեկամների ազգանունները, մոռանալ բարեխղճորեն ուսումնասիրված ամեն բան, բայց առաջին տպավորությունները երբեք չի մոռանա։
: Այդ բանը չի կարելի ասել ամերիկյան քաղաքների մասին։ Ամերիկայում, իհարկե, կան մի քանի քաղաքներ, որոնք ունեն իրենց անկրկնելի դեմքը․ Սան֊Ֆրանցիսկո, Նյու֊Յորք, Նյու֊Օռլեան կամ Սանտա֊Ֆե։ Նրանցով կարելի է հիանալ, նրանց կարելի է սիրել կամ ատել։ Համենայն դեպս նրանք ինչ֊որ զգացում հարուցում են։ Բայց մնացած գրեթե բոլոր քաղաքները իրար նման են, ինչպես Կանադայի հինգ երկվորյակները, որոնց նույնիսկ շփոթում է իրենց քնքուշ մայրիկը։ Այդ աղյուսի, ասֆալտի, ավտոմոբիլների և ռեկլամային պլակատների գունազրկված և դիմազրկված կուտակումը, ճանապարհորդի մեջ հարուցում է սոսկ վրդովմունք և հիասթափության զգացում։
: Եվ եթե ճանապարհորդն առաջին փոքրիկ քաղաքն է մտնում հուզումնալից սպասումի զգացումով, ապա երկրորդ քաղաքում այդ զգացումը նկատելիորեն սառչում է, երրորդում փոխարինվում զարմանքով, չորրորդում՝ հեգնական ժպիտով, իսկ հինգերորդում, տասնյոթերորդում, ութսունվեցերորդում և հարյուր հիսուներորդում վերածվում է անտարբերության, ասես ավտոմոբիլին ընդառաջ են գալիս ոչ թե անհայտ երկրի նոր, անծանոթ քաղաքներ, այլ սովորական երկաթուղային կայարաններ՝ պարտադիր զանքով, եռացրաց ջրով և կարմրագլխարկ հերթապահով։
: Քաղաքի միջով անցնում է գլխավոր փողոցը։ Այն անպայման կոչվում է կամ Մեյն֊սթրիթ (որը հենց նշանակում է Գլխավոր փողոց) կամ Սթեյթ֊սթրիթ (Նահանգի փողոց) կամ Բրոդվեյ։
: Յուրաքանչյուր փոքրիկ քաղաք ուզում է նման լինել Նյու֊Յորքին։ Կան Նյու֊Յորքներ երկու հազար մարդով, կան և հազար ութ հարյուր մարդով։ Մեզ հանդիպեց նույնիսկ ինը հարյուր բնակիչ ունեցող Նյու֊Յորք։ Եվ դա իսկական քաղաք էր։ Նրա բնակիչները զբոսնում էին Բրոդվեյով՝ քթերը երկինք տնկած։ Դեռ հայտնի չէ, թե ու՞մ Բրոդվեյն են նրանք գլխավորը համարում, իրե՞նցը թե՞ Նյու֊Յորքինը։
: Գլխավոր փողոցի տների ճարտարապետությունը աչքի համար գեղարվեստական հաճույք չի ներկայացնում։ Դա աղյուս է, ամենասրտաբաց աղյուս՝ երկհարկանի խորանարդներով կազմած։ Այստեղ մարդիկ փող են վաստակում և ոչ մի վերացական զարդարանքներ հարկավոր չեն։
: Քաղաքի այս ներքևի մասը կոչվում է «Բիզնես֊սենտեր» ― գործնական կենտրոն։ Այստեղ տեղավորված են առևտրական հաստատությունները, գրասենյակները, կինոն։ Մայթերն անմարդ են։ Դրանց փոխարեն սալարկները զբաղված են ավտոմոբիլներով։ Նրանք գրավում են ճանապարհաեզրի բոլոր ազատ տեղերը։ Նրանց արգելվում է կանգ առնել միայն հրշեջ ծորակների կամ շքամուտքերի դեմը, որի մասին վկայում է «No parking» «Կանգ չառնել» մակագրությունը։
: Դա երբեմն վերածվում է տանջալից զբաղմունքի, գտնել մի տեղ, որտեղ կարելի լինի կանգնեցնել մեքենան կամ, ինչպես Ամերիկայում ապրող ռուսներն են ասում «припарковаться»։ Մի երեկո մենք հայտնվեցինք Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Սան֊Դիեգո քաղաքում։ Մեքենան պետք էր որևէ տեղ կանգնեցնել, որպեսզի ճաշեինք։ Եվ մենք մի ամբողջ ժամ շրջում էինք քաղաքում, այրվելով մի որևէ տեղ կանգնելու ցանկությունից։ Քաղաքն այնպես լեցուն էր մեքենաներով, որ տեղ չգտնվեց ևս մեկ մեքենայի, ընդամենը մեկ մեքենայի համար։
: Ամերիկյան փոքրիկ քաղաքին բնորոշում են ոչ թե շենքերը, այլ ավտոմոբիլները, և այն ամենը, ինչ կապված է նրանց հետ ― բենզինի կալոնկաները, նորոգման կայանները, Ֆորդի կամ «Ջեներալ Մոտորսի» խանութները։ Այդ գծերը բացարձակապես հատուկ են ամերիկյան բոլոր քաղաքներին։ Կարելի է անցնել հազար մղոն, երկու հազար, երեք, կփոխվի բնությունը, կլիման․ ժամացույցդ ստիպված առաջ ես տանելու, բայց քաղաքը, ուր դուք կանգ եք առել գիշերելու, լինելու է նույնը, որ կանգնել է ձեր առջև երկու շաբաթ առաջ։ Նրանում նույնպես չեն լինի անցորդներ, նույն քանակությամբ, եթե ոչ ավելի ավտոմոբիլներ կլինեն ճանապարհաեզրերին կանգմած, դեղատների և գարաժների ցուցանակները հուրհրատելու են նույն նեոնով կամ արգոնով։ Գլխավոր փողոցն առաջվա պես կոչվելու է Բրոդվեյ, Մեյն֊սթրիթ կամ Սթեյթ֊Սթրիթ։ Գուցե միայն տները շինված լինեն ուրիշ նյութից։
: «Ռեզիդենշել֊պարտ» քաղաքի բնակելի մասը արդեն բոլորովին ամայի է։ Լռությունը խախտվում է միայն անցնող ավտոմոբիլների անվադողերի խշշոցով։ Տղամարդիկ աշխատում են իրենց «բիզնես֊սենտերում», տնային տնտեսուհիները զբաղված են տունը մաքրելով։ Միհարկանի կամ երկհարկանի տնակներում ֆշշում են փոշեծծիչները, տեղաշարժվում են կահ֊կարասիները, սրբվում են լուսանկարների ոսկե շրջանակները։ Աշխատանք շատ կա, տնակում վեց կամ յոթ սենյակ է։ Բավական է լինել մեկում, որպեսզի իմանալ, թե ինչպիսի կահույք կա դրված միլիոնավոր ուրիշ տնակներում, իմանալ նույնիսկ, թե ինչպես է դասավորված։ Սենյակների տեղադրման, կահույքի դասավորման մեջ, այդ ամեն բանում գոյություն ունի ապշեցուցիչ նմանություն։
: Բակերով տները, որտեղ անպայման կա փայտե թեթև, փականքից զուրկ գարաժ, երբեք իրարից բաժանված չեն լինում ցանկապատերով։ Ցեմենտի մի շերտ տան դռներից տանում է դրպի մայթ։ Թափված տերևների հաստ շերտ է պառկած գազոնների քառակուսիների վրա։ Մաքուր տնակները շողշողում են աշնանային արևի լույսի տակ։
: Երբեմն «ռեզիդենշել֊պարտ»֊ի այն մասը, ուր ապրում են ապահովված մարդիկ, շշմեցնող տպավորություն է գործում։ Այստեղ հարստության այնպիսի իդիլիա է, , որ թվում է, թե դա միայն հեքիաթում կարող է լինել։ Սպիտակ գոգնոցներով և չեպչիկավոր սևամորթ դայակները այստեղ ման են ածում փոքրիկ ջենտլմեններին։ Կապուտաշիկահեր աղջիկները գլորում են դեղին, թեթև օղակները։ Հիանալի «տուրինգ֊կառերը» կանգնած են հարուստ առանձնատների առջև։
: Իսկ այս բարձր աշխարհի կողքին, բոլորովին մոտիկ, տեղավորված է դաժան, երկաթե և աղյուսե «բիզնես֊սենտերը»՝ միշտ մի փոքր ահաբեկիչ ամերիկյան գործարար կենտրոնը, որտեղ բոլոր տները հիշեցնում են հրշեջասրահներ, և որտեղ փող են վաստակում հենց նոր նկարագրած իդիլիայի համար։ Այդ երկու մասերի միջև այնպիսի խիստ տարբերություն կա, որ սկզբում չես հավատում, թե իսկապես նրանք գտնվում են միևնույն քաղաքում։ Ավա՜ղ, նրանք միշտ միասին են։ Հենց նրա համար է գործարար կենտրոնը այդպես զարհուրելի, որովհետև նրա բոլոր ուժերը ծախսվում են հարուստ մարդկանց համար իդիլիա ստեղծելուն։ Եվ շատ բան կարելի է հասկանալ փոքրիկ քաղաքում լինելով։ Միևնույն է, թե որտեղ տեսնես այդ քաղաքը՝ Արևելքում, Արևմուտքում, թե Հարավում։ Դա միևնույն բանը կլինի։
: Մեքենան սլանում է ճանապարհով, երևում և անհետանում են փոքրիկ քաղաքները։ Ի՜նչ շքեղ անուններ։ Սիրակուզա, Պոմպեյ, Բատավիա, Վարշավա, Կալեդոնիա, Վատերլոո, Ժընև, Մոսկվա, հրաշալի փոքրիկ Մոսկվա, որտեղ դեղատնում մատուցում են համար երկու նախաճաշիկ, վրան թխկու հյութ լցրած տաք բլիթներ, որտեղ ճաշին պետք է ուտել թթու դրած քաղցր վարունգներ, որտեղ ցույց են տալիս բանդիտների կյանքից վերցրած կինոնկար ― իսկական ամերիկյան Մոսկվա։
: Կան մի քանի Փարիզներ, Լոնդոններ։ Կա Շանհայ, Խարբին և մի տասնյակ Պետերբուրգներ։ Մոսկվա կա Օհայո նահանգում, կան նաև երկու Մոսկվաներ երկու ուրիշ նահանգներում։ Պետերբուրգներից մեկը մի ամբողջ հարյուր հազար բնակիչ ունի։ Կան Օդեսաներ։ Դժբախտություն չէ, եթե Օդեսայի մոտ ոչ միայն սև ծով, այլև ընդհանրապես ոչ մի ծով չկա։ Այն գտնվում է Տեխաս նահանգում։ Այդ ո՞ր օդեսացին է նետվել այսքան հեռու։ Արդյոք գտե՞լ է այդտեղ իր երջանկությունը, այդ արդեն ոչ ոք չի կարող իմանալ։ Կա Նեապոլ և Ֆլորենցիա։ Նեապոլի մոտերքը Վեզուվի փոխարեն ծխում է պահածոյի գործարանի ծխնելույզը, իսկ Ֆլորենցիայում, հավանորեն, բոլորովին անիմաստ է խոսել որմնանկարների և նման պակաս հետքաքրքիր և հաստատուն եկամուտ չբերող առարկաների մասին։
: Բայց այդ բոլոր քաղաքներում կարելի է գտնել վերջին մոդելի ավտոմոբիլ, էլեկտրական սառցարան (նորապսակների երազանքը), տներում ծորակներից հոսում է տաք ու պաղ ջուր, իսկ եթե փոքրիկ քաղաքը ավելի լավն է և նրանում կա կարգին հյուրանոց, ապա ձեր համարում կլինի երեք տեսակի ջուր՝ տաք, պաղ և սառցաջուր։
: Քաղաքում կա մի քանի եկեղեցի ― մեթոդիստական, միաբանական, բապտիստական։ Անպայման կճարվի «Քրիստոնեական գիտության» եկեղեցու բազմասյուն շենք։ Բայց եթե դուք ոչ բապտիստ եք, ոչ մեթոդիստ և չեք հավատում «Քրիստոնեական գիտության» շառլատան աստծուն, ապա ձեզ մնում է գնալ «մուվինգ պիկչերս»՝ նայելու հիանալի նկարահանված, հիանալի հնչող և հիմարությամբ շշմեցնող մի կինոնկար։
: Յուրաքնչյուր փոքրիկ քաղաքում կան նախնական և միջնակարգ դպրոցների հիանալի շենքեր։ Նույնիսկ իբրև կանոն կարելի է ընդունել, որ փոքրիկ քաղաքի լավագույն շենքը անպայման դպրոցին է պատկանում։ Բայց դպրոցից հետո տղաները կինոյում նայում են գանգստերների արկածները, փողոցում գանգստեր են խաղում և անվերջ ատրճանակ և ձեռքի գնդացիր («մաշին գան») են կրակում, որոնք անասելի քանակությամբ պատրաստում են խաղալիքի գործարանները։
: Անելանելի է ավտոմոբիլա֊բենզինային տխրությունը փոքրիկ քաղաքներում։
: Ամերիկայի բունտարար գրողներից շատերը դուրս են եկել Միջին Արևմուտքի փոքրիկ քաղաքներից։ Դա ապստամբություն է միապաղաղության դեմ, մեռցնող և վերջ չունեցող դոլարավազքի դեմ։
: Քաղաքներից մի քանիսը հերոսական միջոցներ են ձեռք առնում, որպեսզի գեթ որևէ բանով տարբերվեն իրենց միատիպ եղբայրակիցներից։ Քաղաքամուտքի մոտ կախվում են ցուցանակներ։ Ճիշտ այնպես, ինչպես խանութի մուտքի վերևում, որպեսզի գնորդը իմանա, թե որտեղ ինչ են վաճառում։
: «Ռեդվիդ֊սիթի»։
: Եվ չափածո մակագրություն․ «Քլյայմատ բեստ հայ հավերնեմենտ «տեստ» ― «Լավագույն կլիման կառավարության բնորոշումով»։ Այստեղ առուտուր են անում կլիմայով։
: Կլիման այստեղ գուցե և լավն է, բայց կյանքը նույնն է ինչպես և հիանալի կլիմա չունեցող քաղաքներում։
: Գլխավոր փողոց․ մեծ ապակիների հետևում դրված են ավտոմոբիլներ, որոնք մոտեցող Նոր տարվա առթիվ փաթաթված են թափանցիկ թղթի մեջ և կապված են գունավոր ժապավեններով։ Ավելի փոքր ապակիների հետևում գիտուն դեղագործները նարինջի հյութ են քամում կամ ապուխտով ձվածեղ պատրաստում և բավանդակ քաղաքի միջով, ոչ հողաթմբի և ոչ էլ կամրջի վրայով, այլ պարզապես փողոցով, լրիվ թափով անցնում է ապրանքատար երկար գնացքը։ Ճոճվում է և ուժեղ զանգահարում շոգեքարշի զանգը։
: Փոքրիկ քաղաքը հենց սա է, որ կա, միևնույն է, լինի դա Փարիզ կամ Մոսկվա, կամ Կահիրե, կամ ամերիկյան անթիվ սպրինգֆիլդներից մեկը։
===Գլուխ տասներկուերորդ — Մեծ փոքրիկ քաղաքը===
: Ավտոմոբիլային ուղևորությունը Ամերիկայով նման է միապաղաղ և վեհատեսիլ օվկիանոսով ճամբորդելուն։ Երբ էլ դուրս գաս տախտակամած՝ առավոտյան, երեկոյան, փոթորկին, թե հանդարտ պահին, երկուշաբթի, թե հինգշաբթի, միշտ էլ շուրջդ ջուր կլինի, որը ոչ վերջ ունի, ոչ ծայր։ Երբ էլ նայելու լինես ավտոմոբիլի պատուհանից, միշտ էլ հիանալի հարթ ճանապարհ կլինի՝ գազոլին կայաններով, տուրիստական տնակներով և ճանապարհի երկու կողերին ռեկլամային պլակատներով։ Այդ ամենը արդեն տեսել ես երեկ և առաջին օրը և գիտես, որ նույն բանը տեսնելու ես վաղը և մյուս օրը։ Եվ Օհայո նահանգում ճաշն էլ է նույնը լինելու, ինչպիսին երեկ էր, երբ անցնում էինք Նյու֊Յորկ նահանգով։ Ճիշտ ինչպես շոգենավի վրա, ուր լայնության և երկարության փոփոխությունը նորություն չի մտցնում ճաշացուցակի և ուղևորների օրվա կարգ ու կանոնի մեջ։ Այս հետևողական միօրինակության մեջ է Միացյալ Նահանգների վիթխարի թափն ու անհաշիվ հարստությունը։ Նախաքան Ամերիկայի Արևելքի մասին խոսելը՝ թե դա լեռնոտ, անապատային, թե անտառապատ երկիր է, ուզում ես ասել ամենագլխավորը, ամենակարևորը, որ դա ավտոմոբիլային և էլեկտրականության երկիր է։
: Ուղևորությունը դեռ նոր է սկսվել, իսկ մենք արդեն հասցրել ենք խախտել միստեր Ադամսի մշակած կարգուկանոնի կարևորագույն կետը։
: ― Պարոնայք, ― ասում էր նա մեկնելուց առաջ։ ― Ամերիկյան ճանապարհներով ուղևորությունը լուրջ և վտանգավոր բան է։
: ― Բայց չէ՞ որ ամերիկյան ճանապարհները լավագույնն են աշխարհում, ― առարկում էինք մենք։
: ―Այո՛, այո՛, այո՛, պարոնայք, հենց այդ պատճառով էլ նրանք վտանգավոր են։ Նո՛, նո՛, մի՛ առարկեք ինձ։ Դուք պարզապես չեք ուզում հասկանալ ինձ։ Որքան լավն են ճանապարհները, այնքան մեծ արագությամբ են սլանում ավտոմոբիլները։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ, պարոնայք։ Դա շա՜տ, շա՜տ վտանգավոր է, պետք է որոշակի պայմանավորվել․ երեկոն վրա հասնելուն պես մենք գիշերելու տեղ ենք վերցնում։ Եվ վերջ։ Ֆինիշ։
: Մենք պայմանավորվեցինք հենց այդպես էլ վարվել։
: Բայց ահա գիշերը մեզ գտավ ճանապարհին, իսկ մենք ոչ միայն կանգ չառանք, ինչպես այդ պահանջում էր միստեր Ադամսը, այլ վառեցինք լապտերները և շարունակեցինք սլանալ Նյու֊Յորք երկարավուն նահանգով։
: Մենք մոտենում էինք էլեկտրական արդյունաբերության համաշխարհային կենտրոնին՝ Սկենեկտեդի քաղաքին։
: Ահավոր բան է երեկոյան ամերիկյան մեծ ճանապարհով սլանալը։ Աջ ու ձախ՝ խավար։ Բայց դեմքիդ կայծակի պես խփում են հանդիպակաց ավտոմոբիլների լուսարձակները։ Նրանք թռչում են մեկը մյուսի հետևից, լույսի փոքրիկ մրրիկներ, կատվի կարճ ու չոր ֆշշոցով։ Արագությունը նույն է, ինչ ցերեկը, բայց թվում է, թե կրկնակի աճել է։ Առջևում, երկար թեքության վրա, ձգվում է հանդիսավոր կրակների մի ամբողջ շարժական պողոտա, որոնց կողքին գրեթե կորչում են մեր առջևից վազող ավտոմոբիլների կարմիր լապտերները։ Մեքենայի հետևի լուսամուտի միջով շարունակ ներս է թափանցում մեզ հասնող ֆառերի անհամբեր լույսը։ Ոչ կանգնել կարելի է, ոչ արագությունը պակասեցնել։ Պետք է քշել առաջ ու առաջ։ Լույսի կուրացնող համաչափ բռնկումներից մարդ սկսում է ջղաձգորեն հորանջել։ Քնկոտ անտարբերությունը պատում է սիրտդ։ Անհասկանալի է արդեն, թե ու՞ր ես գնում և ինչի ես գնում։ Եվ միայն ուղեղիդ բուն խորքում, ինչ֊որ տեղ, նստել է ահավոր մի միտք․ հիմա լավատես ժպիտով մի ուրախ և հարբած ապուշ կմխրճվի մեր մեքենայի մեջ, և տեղի կունենա էքսիդենտ ― աղետ։
: Միստեր Ադամսը շուռումուռ էր գալիս տեղում, կնոջ կողքին, որն իսկական ամերիկյան վստահությամբ մտել էր գիշերային այդ վազքի տեմպի մեջ։
: ―Դե՛, Բեկկի, Բեկկի, ― փնթփնթում էր նա հաուսահատ։ ― what are you doing... Ի՞նչ ես անում, Lt"s impwssible!
: Միստեր Ադամսը շուռ եկավ դեպի մեզ։ Նրա ակնոցը տագնապալից բռնկվեց։
: ― Պարոնա՛յք, ― արտասանեց նա Մարգարեի ձայնով։ ― Դուք չեք հասկանում, թե ինչ բան է ավտոմոբիլային աղետը Ամերիկայում։
: Վերջի վերջո նա հասավ այն բանին, որ միսիս Ադամսը զգալիորեն պակասեցրեց արագությունը և հրաժարվեց բեռնատարներին հասնել֊անցնելու բավականությունից։ Ադամսը վարժեցրեց մեզ ավտոմոբիլային իսկական ճամփորդների վանական ռեժիմին, այն ճանապարհորդների, որոնք նպատակ են դրել ուսումնասիրել երկիրը և ոչ թե ոսկորները թողնել խնամքով փորված ճանապարհամերձ առվի մեջ։
: Շատ օրեր անց միայն, ուղևորության վերջում մենք գնահատեցինք նրա խորհուրդները։ Համաշխարհային պատերազմին մասնակցելու մեկուկես տարվա ընթացքում Ամերիկան կորցրեց հիսուն հազար սպանված մարդ։ Իսկ վերջին մեկուկես տարվա ընթացքում Ամերիկայի ճանապարհների վրա ավտոմոբիլային աղետների հետևանքով զոհվել են հիսունվեց հազար խաղաղ բնակիչներ։ Եվ Միացյալ Նահանգներում չկա մի այնպիսիս ուժ, որ կարողանար կանխել այդ մասսայական սպանությունը։
: Մինչև Սկենեկտեդի հասնելը, դեռ քսան մղոն կար, իսկ քաղաքն արդեն ցուցադրում էր իր էլեկտրական հզորությունը։ Ճանապարհի վերևում հայտնվեցին լապտերներ։ Սեխի նման երկարավուն այդ լապտերները ուժեղ և միաժամանակ չկուրացնող դեղին լույս էին տալիս։ Երևում էր, թե ինչպես նա փրփրում էր լապտերների մեջ, լույս չէր, այլ մի տարօրինակ լուսարձակ նյութ։
: Քաղաքը մոտենում էր աննկատելիորեն։ Դա ամերիկյան քաղաքների հատկությունն է, երբ նրանց մոտենում ես ավտոմոբիլով։ Մնում է նույն ճանապարհը, միայն ավելանում են ռեկլամներն ու գազոլին կայանները։ Ամերիկյան քաղաքներից մեկը գլխավոր փողոցի մուտքի առջև կախ էր տվել պլակատ․
: Ամենամեծ փոքրիկ քաղաքը
: Միացյալ Նահանգների
: Ամենամեծ փոքրիկ քաղաք․ այս բնորոշումը հիանալի սազում է Սկենեկտեդին, ասենք և ամերիկյան քաղաքների մեծամասնությանը, որոնք առաջացել են խոշոր գործարանների, հացի շտեմարանների կամ նավթի հանքավայրերի շրջակայքում։ Սա նույն փոքրիկ քաղաքն է իր «բիզնես֊սենտերով» և «ռեզիդենշել պարտով», իր Բրոդվեյով և Մեյն֊սթրիթով, միայն թե ավելի ընդարձակված երկարությամբ ու լայնությամբ։ Ընդհանուր առմամբ սա, իհարկե, մեծ քաղաք է։ Նրանում շատ ասֆալտ, աղյուս և էլեկտրական լամպ կա, միգուցե ավելի շատ, քան Հռոմում։ Եվ անշուշտ շատ ավելի քան Հռոմում՝ էլեկտրական սառնարաններ, լվացքի մեքենաներ, փոշեծծիչներ, վաննաներ ու ավտոմոբիլներ։ Բայց այդ քաղաքը հոգեպես անչափ փոքր է, և այդ իմաստով նա կարող էր ամբողջությամբ տեղավորվել մի նրբանցքում։
: Այդ քաղաքում, ուր առավելագույն հմտությամբ պատրաստում են աշխարհում երբեք գոյություն չունեցող ամենափոքր և ամենամեծ էլեկտրական մեքենաները, ձու հարող մեքենայից սկսած մինչև Կոլորադո գետի վրա Բուլդեր֊դամի հիդրոկայանի համար շինված էլեկտրական գեներատորները, տեղի էր ունեցել այսպիսի մի պատմություն։
: Մի ինժեներ սիրել է մյուս ինժեների կնոջը։ Բանը վերջանում է նրանով, որ կինը, բաժանվելով ամուսնուց, միացել է սիրած մարդու հետ։ Բովանդակ փոքրիկ մեծ քաղաքը գիտեր, որ դա իդեալական մաքուր սիրավեպ էր, որ կինը չի դավաճանել ամուսնուն, որ կինը համբերությամբ սպասում էր ապահարզանին։ Սկսնակ դատախազի պես բծախնդիր ամերիկյան աստվածն անգամ կշտամբանքի առիթ չէր գտնի։ Նորապսակներն ապրեցին նոր կյանքով, երջանիկ այն բանով, որ իրենց տառապանքները վերջացան։ Բայց իրականում նրանց տառապանքները նոր էին սկսվում։ Դադարեցին նրանց մոտ այցելելուց, դադարեցին հյուրընկալելուց։ Բոլորը երես դարձրին նրանցից։ Դա մի իսկական բոյկոտ էր և հատկապես սարսափելի էր նրանով, որ տեղի էր ունենում մեծ փոքրիկ քաղաքում, ուր հիմնական հոգևոր պահանջները եզրափակվում են այցելություններով և բրիջ կամ պոկեր խաղալու համար ծանոթներին տուն հրավիրելով։ Վերջի վերջո բոլոր այդ մարդիկ, որոնք երիտասարդ զույգին արտակսել էին իրենց շրջանից, ծայր աստիճան անտարբեր էին․ թքած այն բանի վրա, թե ով ում հետ է ապրում, բայց օրինավոր ամերիկացին չպետք է բաժանվի։ Անվայել բան է դա։ Հետևանքն եղավ այն, որ այն մարդը, որ իրեն թույլ էր տվել ուրիշի կնոջը սիրել և նրա հետ ամուսնանալ, տեղափոխվեց այլ քաղաք։ Դեռ լավ էր, որ այդ օրերին ճգնաժամ չկար և հեշտությամբ կարելի էր աշխատանք գտնել։
: Արդյունաբերական մեծ ձեռնարկության շուրջն աճած քաղաքի հասարակությունը, որն ամբողջովին կապված է նրա շահերով, ավելի ճիշտ, այդ ձեռնարկության տերերի շահերով, օժտված է ահավոր ուժով։ Պաշտոնապես մարդուն չեն վռնդում իր համոզմունքների համար։ Ամերիկայում նա ազատ է դավանելու ուզածդ տեսակետին։ Նա ազատ քաղաքացի է։ Սակայն թող փորձի նա եկեղեցի չգնալ, ընդ որում թող փորձի գովաբանել կոմունիզմը, և կստացվի այնպես, որ նա այլևս չի աշխատի մեծ փոքրիկ քաղաքում։ Նա անգամ չի էլ նկատի, թե այդ ինչպես պատահեց։ Մարդիկ, որոնք նրան կվռնդեն, այնքան էլ չեն հավատում աստծուն, բայց եկեղեցի գնում են։ Անվայելուչ բան է եկեղեցի չգնալը։ Ինչ վերաբերում է կոմունիզմին, ապա թող դրանով զբաղվեն կեղտոտ մեքսիկացիները, սլավոնները և նեգրերը։ Դա ամերիկյան գործ չէ։
: Սկենեկտեդիում մենք տեղավորվեցինք հյուրանոցում, ուր երեք տեսակի ջուր կար՝ տաք, պաղ և սառցաջուր և գնացինք քաղաք զբոսնելու։ Երեկոյան ժամը տասն էր ընդամենը, բայց անցորդներ գրեթե չկային։ Մայթերի եզրերին կանգնած էին մուգ ավտոմոբիլներ։ Հյուրանոցից ձախ փռված էր ամայի, խոտով պատած դաշտը։ Այստեղ բավական մութ էր։ Դաշտի հետևում, վեցհարկանի շենքի կտուրի վրա, դանդաղ շիկանում և դանդաղ մարում էին «Ջեներալ Էլեկտրիկ Կոմպանիի»֊ի «G. E.» ― զարդագիր սկզբնատառերը։ Այն նմանվում էր կայսերական վենզելի։ Բայց կայսրները բնավ այդպիսի հզորության տեր չեն եղել, ինչպես Ասիան և Աֆրիկան նվաճած, իրենց զինանշանը Հին ու Նոր աշխարհների վրա հաստատած էլեկտրական ջենտլմենները։ Քանզի էլեկտրականության հետ առնչվող գրեթե ամեն բան, վերջ ի վերջո, առնչվում է «Ջեներալ Էլեկտրիկի» հետ։
: Հյուրանոցի հետևում, գլխավոր խճուղու վերևում, փողփողում էին լույսի շերտեր։ Այնտեղ ավտոմոբիլային տենդոտ կյանք էր ընթանում։ Իսկ այստեղ, դաշտը շրջանցող բետոնե հոյակապ ճանապարհին մութ էր ու ամայի։ Այստեղ նույնիսկ մայթ չկար։ Ըստ երևույթին ճանապարհ կառուցողների համար անհավանական է թվացել, որ աշխարհում կարող են գտնվել մարդիկ, որոնք «Ջեներալ Էլեկտրիկի» վարչությանը կմոտենան ոտքով և ոչ թե ավտոմոբիլով։
: Վարչության դեմ֊դիմաց, կանգնած էր անիվավոր փոքրիկ ապակե մի կրպակ, որը կցված էր մի խարխուլ կիսաբեռնատարի։ Նրա մեջ նստել էր տարիքն առած բեղավոր մի մարդ։ Նա վաճառում էր «պապ֊կորն» ― խորոված, սպիտակ կոկոնիկների պես բացված եգիպտացորեն։ Վաճառասեղանի վրա երեք վառ ճանկերի պես վառվում էր բենզինի ջահը։ Մենք սկսեցինք գուշակել, թե ինչի՞ց են պատրաստում պապ֊կորնը։
: ― Ախր սա եգիպտացորեն է, անակնկալ կերպով ասաց վաճառղը ուկրաինա֊ռուսերեն լեզվով։ ― Բա ո՞նց չեք տեսնում, որ պարզապես եգիպտացորեն է։ Իսկ դուք որտեղի՞ եք եկել, որ ռսեվար եք խոսում։
: ― Մոսկվայից։
: ―Իսկ դուք չե՞ք փչում։
: ― Չենք փչում։
: Պապ֊կորն վաճառողը շատ հուզվեց և դուրս եկավ իր կրպակից։
: ― Դուք ի՞նչ է, սովետական իշխանության դելեգա՞տ եք, ― հարցրեց նա, ― թե միգուցե աշխատանքի եք եկել էս կողմերը։ Պրակտիկայի՞։
: Մենք բացատրեցինք, թե պարզապես ճանապարհորդում ենք։
: ― Էդպես, էդպես, ― ասաց նա, ― տեսնելու, թե մեզ մոտ, Յունայթեդ Սթեյթսում, ինչպես են գնում գործե՞րը։
: Մենք երկար կանգնել էինք ապակե կրպակի մոտ՝ պապ֊կորն կրծելով և լսելով վաճառողի պատմածը, որն առատորեն հագեցած էր անգլիական բառերով։
: Այդ մարդը երեսուն տարի սրանից առաջ Միացյալ Նահանգներ է եկել Վոլինսկի նահանգի մի փոքրիկ գյուղակից։ Այժմ այդ գյուղակը գտնվում է Լեհական տերիտորիայի վրա։ Սկզբում նա աշխատել է նահանգներում, ածուխ է փորել։ Հետո գնացել է ֆերմա՝ բատրակություն անելու։ Հետո բանվորներ են հավաքագրել Սկենեկտեդիի շոգեքարշի գործարանի համար, և նա գնացել է շոգեքարշի գործարան։
: ― Էդպես էլ կյանքս անցավ մեկ օրվա պես, ― ասաց նա տխրադեմ։
: Բայց ահա վեց տարի է արդեն, ինչ նա աշխատանք չունի․ ունեցած֊չունեցածը ծախեց։ Տնից դուրս արեցին։
: ― Էստեղ մի մենեջեր ունեմ, լեհ է։ Ես նրա հետ պապ֊կորն եմ ծախում։
: ― Եվ շա՞տ եք վաստակում։
: ― Չէ ջանըմ։ Դիների չի հերիքում։ Սոված եմ մնում։ Հագուստս ինքներդ եք տեսնում, ինչպիսին է։ Սթրիթ դուրս գալու հագնելիք չունեմ։
: ― Ինչու՞ ետ չեք վերադառնում Վոլին։
: ― Էնտեղ ավելի վատ է։ Մարդիկ գրում են՝ վերի բեդ։ Իսկ ձեզ մոտ ինչպե՞ս է, Ռուսաստանում, պատմեցեք։ Ձեր մասին էստեղ զանազան բաներ են ասում։ Ուղղակի չգիտեմ ում հավատամ, ում չհավատամ։
: Պարզվեց, որ անհիշատակելի ժամանակներում Ռուսաստանից մեկնած այդ մարդը ուշադիր հետևում է այն ամենին, ինչ կատարվում և գրվում է Սկենեկտեդիում իր նախկին հայրենիքի մասին։
: ― Էստեղ զանազան դասախոսներ են գալիս, ― ասաց նա, ― ելույթ են ունենում գայ֊սկուլում․ ոմանք սովետական իշխանության կողմ, ոմանք՝ դեմ։ Եվ ահա, ով վոր սովետական իշխանության կողմ է դուրս գալիս, նրա մասին անպայման վատ են գրում՝ վերի բեդ։ Այ, գնդապետ Կուպերը լավ էր խոսում սովետական իշխանության մասին, համա նրա մասին ասեցին, թե նա ծախվել է, թե երկու միլիոն է ստացել։ Միլիոնատեր ֆերմեր էր եկել, գովում էր սովխոզները։ Նրա համար, ասում են, հատուկ սովխոզ են շինել։ Վերջերս Սկենեկտեդիից մի վարժուհի էր գնացել Լենինգրադ, ապրել էր էնտեղ և հետո վերադարձավ ու գովում էր Ռուսաստանը։ Նրա վրա էլ շատ չարախոսեցին, թե նրա բոյը մնացել է այնտեղ, փեսացուն այսինքն։ Վարժուհին էլ սիրում է նրան ու չի ուզում սովետական իշխանության դեմ բան ասել։
: ― Իսկ դուք ինքներդ ի՞նչ եք կարծում։
: ― Ինչ եմ կարծու՞մ։ Բա ինձ հարցնողն ո՞վ է։ Մի բան գիտեմ, որ կորչում եմ էստեղ Սկենեկտեդիում։
: Նա նայեց աշխարհի էլեկտրական տիրակալների դանդաղորեն շիկացող զինանշանին և ավելացրեց․
: ― Մի գլուխ հենց մեքենաներ են շինել։ Ամեն ինչ մեքենաներով են անում։ Բանվոր մարդու օրը կտրվել է։
: ― Ի՞նչ եք կարծում, ինչ պետք է անել, որպեսզի բանվոր մարդը ավելի հեշտ ապրի։
: ― Ջարդել, ոտքի տակ տալ մեքենաները, ― հաստատ ու համոզված պատասխանեց խորոված եգիպտացորեն վաճառողը։
: Ամերիկայում մենք արդեն բազմիցս լսել էինք մեքենաները ոչնչացնելու մասին։ Դա կարող է անհավանական թվալ, բայց մի երկրում, որտեղ մեքենաշինությունը հասցված է կատարելության, որտեղ ժողովրդի հանճարը իրեն դրսևորել է հենց մեքենաներ հնարելու և արտադրելու գործում, մեքենաներ, որոնք լրիվ փոխարինում են և բազմապատիկ բարելավում մարդու աշխատանքը, հենց այդ երկրում կարելի է լսել ճառեր, որոնք կարող են անհավանական թվալ նույնիսկ գժանոցում։
: Նայելով վաճառողին, ակամայից հիշեցինք Նյու֊Յորքի Լեքսինգտոն ավենյուի սրճարանը, ուր ամեն օր գնում էինք նախաճաշելու։ Այնտեղ, մուտքի մոտ կանգնած էր սիրունիկ մի աղջիկ, նարնջագույն քաթանե գոգնոց կապած, գանգրացրած մազերով և քսված (հավանորեն նա ստիպված էր վեր կենալ առավոտյան ժամը վեցին, որպեսզի հասցնի մազերը գանգրացնել) և տալոններ էր բաժանում։ Իսկ վեցերորդ օրը մենք հենց այդտեղ տեսանք մետաղե մեքենա, որը ավտոմատ կատարում էր աղջկա աշխատանքը, ընդ որում ախորժալուր զանգ էր տալիս, մի բան, որ, իհարկե, անհնարին էր սպասել աղջկանից։ Հիշեցինք նաև Նյու֊Յորքում լսած նեգրի պատմությունը․ նեգրը ծառայելիս է եղել նավահանգստում որպես վերահսկիչ և հաշվելիս է եղել բամբակի հակերը։ Աշխատանքը նրա մեջ միտք է հղացրել հակեր հաշվել կարողացող մեքենայի մասին։ Նա հնարել է այդ մեքենան։ Տերերը հաճույքով օգտվել են գյուտից, իսկ նեգրին հեռացրել են։ Եվ նա մնացել է առանց աշխատանքի։ Հետևյալ օրը մենք եղանք «Ջեներալ Էլեկտրիկի» գործարաններում։ Մենք մասնագետ չենք, ուստի և չենք կարող գործարանները նկարագրել այնպես, ինչպես նրանք արժանի են։ Չենք ուզում գործի փոխարեն ընթերցողին հրամցնել միայն գեղարվեստական զարդաքանդակներ։ Մենք ինքներս հաճույքով կկարդայինք այդ գործարանների նկարագրությունը, որը արված լիներ սովետական որևէ ինժեներ֊էլեկտրիկի կողմից։ Բայց մենք այնտեղից տպավորություններ ստացանք տեխնիկական բարձր բանականության և հիանալի բարձր կազմակերպվածության մասին։
: Լաբորատորիայում մենք տեսանք աշխարհի մի քանի լավագույն ֆիզիկոսների, որոնք անպիջակ նստել էին աշխատանքի։ Նրանք ծառայության մեջ են «Ջեներալ Էլեկտրիկում»։ Ընկերությունն այնքան էլ շատ փող չի տալիս նրանց։ Ինչ վերաբերում է փորձեր և հետազոտություններ կատարելու միջոցներին, ապա դրանք ոչ մի բանով սահմանափակված չեն։ Եթե միլիոն է պետք, կտան միլիոն։ Դրանով է բացատրվում, որ Ընկերուցյանը հաջողվել է իր կողմը քաշել համաշխարհային լավագույն ֆիզիկոսներին։ Ամերիկայում ոչ մի համալսարան չի կարող տալ նրանց աշխատանքի այն ազատությունը, որից նրանք օգտվում են այստեղ, գործարանային լաբորատորիայում։
: Դրա փոխարեն այն բոլոր գյուտերը, որ անում են այդ իդեալիստները, դառնում են ընկերության լիակատար սեփականությունը։ Գիտնականներն առաջ են մղում գիտությունը, իսկ ընկերուցյունը փող է վաստակում։
: Ինժեներների հարմարավետ և գեղեցիկ ակումբում նախաճաշի պահին, ի մեծ զարմանս մեր, մի քանի ինժեներներ արտահայտեցին մտքեր, որոնք շատ հիշեցնում էին այն, ինչի մասին մեզ ասում էր պապ֊կորնի գործազուրկ վաճառողը։ Հասկանալի է, դրանք ասված են ոչ այնպես պրիմիտիվ ձևով, բայց էությունը մնում է նույնը։
: ― Չափից դուրս շատ մեքենաներ կան։ Չափից դուրս շատ տեխնիկա։ Մեքենաները մեղավոր են այն դժբախտությունների համար, որոնք թափվում են երկրի գլխին։
: Եվ այդ ասում էին մարդիկ, որոնք իրենք են արտադրում ամեն տեսակ հիանալի մեքենաներ։ Միգուցե նրանք կանխատեսել էին արդեն այն պահը, երբ մեքենան աշխատանքից կզրկի ոչ միայն բանվորներին, այլև իրենց՝ ինժեներներին։
: Նախաճաշի վերջում մեզ ծանոթացրին մի նիհար ու բարձրահասակ ալեհեր ջենտլմենի հետ, որի այտերի վրա խաղում էր պոմիդորի առողջ կարմրությունը։ Ջենտլմենը միստեր Ադամսի հին բարեկամը դուրս եկավ։ Փոքրահասակ, հաստլիկ Ադամսը և իր բարեկամը երկար թփթփացնում էին իրար մեջքի, ասես որոշել էին փոշին թափ տալ պիջակներից։
: ― Պարոնա՛յք, ― ասաց մեզ ուրախությունից փայլող Ադամսը, ― ես ձեզ հանձնարարում եմ միստեր Ռիպլիին։ Դուք կարող եք մեծ օգուտ քաղել այս միստերից, եթե ուզում եք իմանալ, թե ինչ բան է ամերիկյան էլեկտրական արթյունաբերությունը։ Նո՛, նո՛, դուք պետք է խնդրեք միստեր Ռիպլիին ցույց տալու իր էլեկտրական տնակը։
: Մենք խնդրեցինք։
: ― Լա՛վ, ― ասաց միստեր Ռիպլին, ― վերի ուելլ։ Ես ձեզ ցույց կտամ իմ էլեկտրական տնակը։
: Եվ միստեր Ռիպլին հրավիրեց մեզ՝ հետևել իրեն։
===Գլուխ տասներեքերորդ — Միստեր Ռիպլիի էլեկտրական տնակը===
: Միստեր Ռիպլին մոտեցրեց մեզ իր տնակի արտասանդուխքին և խնդրեց սեղմել էլեկտրական զանգի կոճակը։
: Սովորական զանգի փոխարեն լսվեցին մելոդիկ հնչյուններ, որոնք ասես դուրս էին գալիս երաժշտական արկղիկից։ Դուռն ինքնիրեն բացվեց, և մենք հայտնվեցինք նախասրահում։
: Միստեր Ռիպլին մոտեցավ պատից կախված արկղիկին, ընտել շարժումով բաց արեց փոքրիկ դռնակը և ցույց տվեց էլեկտրական մի ինչ֊որ մեքենա։
: ― Էլեկտրական զանգի հինգ տեսակ, ― ասաց նա ժպտալով։ ― Եթե մուտքի դռան մոտ զանգահարում է հյուրը, կատարվում է ահա այս մեղեդին, որը դուք արդեն լսեցիք։ Եթե կոճակը սեղմում եք սպասուհուն սենյակից կանչելու համար, հնչում է Կարմենի արիան։
: Միստեր Ռիպլին սեղմեց կոճակը, և ապարատն իրոք նվագեց «Սերն ասես թռչուն է, բայց ոչ երկրային․․․»։
: ― Նախաճաշի զանգը։ Իելյան համալսարանի մարշն է, իսկ ճաշի զանգը՝ անգլիական ծննդյան տոնի երգը։ Կա նաև տագնապի զանգ։ Ընդամենը հինգ տեսակի էլեկտրական զանգ։ Ցավոք, մեր ֆիրման դեռ չի հնարել մի այնպիսի ազդանշան, որը որոշեր, թե ինչպիսի հյուր է զանգահարում՝ տիրոջ համար հաճելի, թե՛ տհաճ։
: Ասելով այդ կատակը, միստեր Ռիպլին ծիծաղեց․
: ― Բայց այդ ամենը հենց այնպես, էլեկտրական կուրյոզ է։ Իսկ հիմա համեցեք իմ կաբինետը։
: Միստեր Ռիպլին իրենից ներկայացնում էր Ամերիկայում չափազանց տարածված կարմրադեմ և ալեհեր գործարար մարդու տիպ։ Նման տիպ դաստիարակվում է քառասուն կամ հիսուն տարիների մոտ, հաջողակ ամերիկացիներից՝ կարգին եկամտի, լավ ախորժակի և լավատեսության հսկա պաշարի հիման վրա։ Քառասուն տարվա մոտ, կարմրադեմ և ալեհեր ջենտլմենն այդպես էլ մնում է մինչև իր օրերի վերջը, և է՛լ ոչ մի կերպ հնարավոր չի լինում որոշել նրա տարիքը, հիսուն տարեկա՞ն է, թե վաթսունութ։
: Կաբինետում հայտնվելով, միստեր Ռիպլին իսկույն նստեց գրասեղանի և գրադարակի միջև դրված փափուկ բազակաթոռին և ոտքերը սեղանին դնելով, վառեց սիգարեթը։
: ― Այսպես եմ հանգստանում աշխատանքից հետո, ― նկատեց նա՝ բերանից ծուխ թողնելով։
: Նա ծխում էր դանդաղ, առանց ներս քաշելու, ցանկանալով որքան կարելի է շատ ծուխ բաց թողնել։
: ― Ծխելն այնքան վնաս չէ, ― հաղորդեց նա, ― որքան սենյակում կուտակված ծուխը շնչելը։ Այնպես չէ՞։ Ամենից վնասակարը՝ փչացած մթնոլորտն է։
: Այդ պահին մենք նկատեցինք, որ ծուխը ոչ միայն վեր չի բարձրանում, չի տարածվում սենյակում և ընդհանրապես քուլա֊քուլա չի լինում, ինչպես այդ ընդունված է, այլ բոլորի աչքերի առջև ձգվում է գրադարակի կողմի վրա և անհետանում գրքերի արանքում։ Նկատելով իր գործողությունների առաջացրած էֆեկտը, միստեր Ռիպլին սկսեց ավելի շատ ծուխ անել։ Ծուխը ամենակախարդական կերպով սողաց դեպի գրադարակը, մի պահ պատեց գրքի կողերը և անմիջապես չքացավ։ Սենյակում նույնիսկ ծխախոտի հոտ չմնաց։
: ― Գրքերի հետևում թաքցված է օդափոխման էլեկտրական սիստեմ, ― բացատրեց միստեր Ռիպլին։
: Նա մոտեցավ մի քանի սլաքներ ունեցող ապակե կլոր գործիքին և ասաց․
: ― Սենյակի ջերմությունը կանոնավորող էլեկտրական գործիք։ Դուք սիրում եք, որ գիշերը զով լինի, ասենք՝ տասներկու աստիճանի, իսկ առավոտվա ժամը յոթից ուզում եք, որ լինի տասնութ։ Կամ՝ ինչպես կամենաք։ Դուք սլաքը պտտում եք ահա այսպես, իսկ այն սլաքը այսպես՝ և կարող եք հանգիստ պառկել քնելու։ Ապարատը կկատարի բոլոր ձեր ցանկությունները։ Ձեզ մոտ տաք կլինի, եթե փողոցում ցուրտ է, և զով՝ եթե փողոցում շոգ է։ Դա կարվի ավտոմատ կերպով։ Դե, այս կաբինետում մնացած բաները մանրուք են։ Ահա այս լուսամփոփը հարմար լույս է գցում գրասեղանի վրա։ Եթե այն շուռ տաս, լամպը կլուսավորի առաստաղը, որը կանդրադարձնի լույսը ամբողջ սենյակով մեկ։ Այժմ սենյակը մեղմ լուսավորված է, իսկ լույսի աղբյուրը թաքցված է և աչք չի շլացնում։
: Ապա միստեր Ռիպլին անցավ ճաշարան։ Այստեղ զանազան էլեկտրական գործիքներ կային, որոնք թեև չէին զարմացնում իրենց նոր լինելով, բայց շինված էին հիանալի․ սրճաման, հաց տապակելու մեքենա, սուլող թեյաման և ամերիկյան ազգային ճաշ՝ ձվով խոզապուխտ պատրաստելու թավա։ Այդ ամենը ամենավերջին նմուշներն էին։ Բուֆետի վրա, ըստ երևույթին հակադրության համար, դրված էր հնօրյա մի սպիրտայրոց։ Ամերիկացիները սիրում են ակնառու կերպով ցուցադրել տեխնիկայի պատմությունը։ Ֆորդի մոտ, ժամանակակից գործարանի կողքին, կա մի թանգարան, որտեղ ցուցադրված են հնօրյա ավտոմոբիլներ և շոգեքարշեր։ «Ջեներալ Էլեկտրիկ» գործարանի բակում իբրև հուշարձան դրված է առաջին էլեկտրական մեքենաներից մեկը, իսկ կաբելի ցեխում, այն հաստոցի կողքին, որից անընդհատ հոսում է ավտոմատ կերպով արծաթավուն արճիճով պատվող ժամանակակից կաբելը, ցուցադրված է Էդիսոնի չուգունե անճոռնի խողովակի մեջ հագցված առաջին կաբելը։
: Բայց միստեր Ռիպլին գլխավոր հարվածն իր այցելուներին հասցրեց խոհանոցում։ Այստեղ դրված էր զարմանալի կերպով պայծառ, սերուցքի սպիտակության էլեկտրական պլիտա։
: ― Պլիտայի ներքևի մասում շինված է պահարան՝ ամանեղենի համար, ― ասաց միստեր Ռիպլին։ ― Այստեղ ափսեները միշտ տաք են մնում և ճաշից առաջ հարկ չկա հատկապես տաքացնել դրանք։ Դուք ուզում եք ճաշ եփել։ Սուպ և տապակած միս։ Պատրաստում եք միսն ու բանջարեղենը, լցնում կաթսայի մեջ, ջուր եք ավելացնում և դնում պլիտայի վրա։ Այնուհետև պատրաստում եք միսը, դնում ջեռուցված պահարանը։ Ապա պլիտայի աջ կողմից մոտեցնում եք հատուկ ապարատին և սլաքը փոխադրում «սուպի» վրա, իսկ մյուսը՝ «տապակածի»։ Դրանից հետո հանգիստ կարող եք գնալ աշխատանքի։ Ճաշը չի փչանա, եթե անգամ երեկոյան վերադառնաք։ Ճաշը հենց որ պատրաստվեց, ջեռուցումը ավտոմատ կերպով կպակասի։ Կպահվի միայն մի փոքր ջերմություն, որպեսզի ձեր գալուն ճաշը տաք լինի․․․ Իմ խոհանոցում երբեք ծխահոտ չի լինում, քանի որ պլիտայի վերևում էլեկտրական արտածծիչ է սարքած։
: Միստեր Ռիպլին գրպանից արագ հանեց մի կտոր թուղթ և վառեց։ Ծուխն ու մուրը իսկույն չքացան։
: ― Բայց ահա մեկ ուրիշ դժբախտություն։ Եփել թափելուց հետո մնում է շատ ոսկոր, կարտոֆիլի կճեպ և ուրիշ աղբ։
: Միստեր Ռիպլիի դեմքը տառապանք էր արտահայտում։ Բայց արդեն մեկ վարկյանից նրա դեմքին նորից շողաց լավատես ժպիտը։ Միստեր Ռիպլին մոտեցավ պլիտայի կողքին դրաված քառակուսի մետաղյա բաքին և վեր առավ կափարիչը։
: ― Այստեղ կարող եք գցել ամեն տեսակ մնացորդներ, ամեն տեսակ աղբ և կափարիչը նորից փակելով, միացնել հոսանքը։ Մի քանի րոպեից հետո բաքը կլինի դատարկ և մաքուր։ Մնացորդները փոշիանում են և գնում են կոյուղի։
: Միստեր Ռիպլին արագ վերցրեց կիրակնօրյա լրագիրը, որը հինգ ֆունտ էր կշռում, դժվարությամբ ճխլտեց և նետեց բաքի մեջ, լսվեց կարճատև չխչխկոց, և կարմրադեմ ջենտլմենը հանդիսավոր կերպով բաց արեց կափարիչը։ Բաքը դատարկ էր։
: Տասը րոպեի ընթացքում միստեր Ռիպլին ձեռնածուի ճարպկությամբ, էլեկտրականության օգնությամբ լուծեց ևս երկու խոհանոցային մեծագույն պրոբլեմ՝ մթերքների պահումը և կեղտոտ ամանեղենի լվանալը։
: Նա ցույց տվեց էլեկտրական սառնարանը, որը ոչ միայն սառյուց չէր պահանջում, այլ, ընդհակառակն, ինքն էր պատրաստում, լուսանկարչական վաննային նմանվող սպիտակ, հատուկ վաննայում՝ թափանցիկ քառակուսիների ձևով։ Սառնարանում բաժանմունքներ կային մսի, կաթի, ձկան, ձվի և մրգերի համար։
: Ապա մի բաքի վրայից էլ վերցվեց կափարիչը․ նրա մեջ կային բազում զանազան ձողիկներ, փայտիկներ և կեռիկներ։
: ― Այստեղ դուք դարսում եք կեղտոտ ամանեղենը․ գդալներ, ափսեներ, կաթսաներ։ Հետո փակում եք կափարիչը և հոսանքը միացնում։ Բոլոր կողմերից ամանեղենի վրա խփում են տաք ջրի հոսանքներ, և մի քանի րոպեից, այն մաքուր է։ Հիմա պետք է ամանեղենը սրբել։ Ա՜հ, ինչ դժվար և տհաճ գործ է ամանեղեն սրբելը։ Այնպես չե՞։ Բայց ո՛չ։ Լվացվելուց հետո ջրի հոսանքը ավտոմատիկ կերպով դադարում է, և նրա փոխարեն հատուկ անցքերից գալիս է տաք, չոր օդը։ Եվս մի քանի րոպե, և ձեր ամանեղենը, ջենտլմեններ, չոր է ու մաքուր։
: Միստեր Ռիպլին ի միջի այլոց ցույց տվեց ձու հարող էլեկտրական մեքենան և հրավիրեց մեզ բարձրանալու ննջարան։ Այստեղ նա արագ հանեց պիջակը և պառկեց մահճակալին։
: ― Պատկերացրեք, որ ես քնած եմ։
: Մենք մեր երևակայության մեջ հեշտությամբ պատկերացրինք խաղաղ մի պատկեր՝ «պապան քնած է» անունով։
: ― Բայց ահա առավոտ է։ Պետք է վեր կենալ։ Օ՜խ, օ՜խ, օ՜խ։
: Միստեր Ռիպլին տեղից բարձրացավ և բավականին բնական ձևով հորանջեց։
: ― Ուշադրություն դարձրեք այս լամպի վրա։ Ես միացնում եմ հոսանքը և մինչ ես ձգվելով և հորանջելով հանում եմ գիշերվա պիժաման, լամպը լուսավորում է իմ մարմինը։ Եվ սա հասարակ լամպ չէ։ Սա արհեստական արև է, որը մարդուն նորմալ թխություն է տալիս։ Իմ տրամադրության տակ կա տասը րոպե։ Ես վեր եմ կենում անկողնուց և մոտենում եմ ահա այս մարմնամարզական ապարատին։ Այստեղ ևս միացնում եմ երկրորդ կվարցի լամպը և, շարունակելով այրվել ու գրգանք վայելել արևի տակ, անցնում եմ մարմնամարզության։ Մարդիկ չեն սիրում առավոտները զբաղվել մարմնամարզությամբ։ Մեր ֆիրման հաշվի է առել այդ։ Ուստի դուք ստիպված չեք որևէ շարժում անել։ Դուք միայն փոկերով գոտևորում եք ձեզ և միացնում հոսանքը։ Ապարատն ամենայն բարեխղճությամբ մասաժում է ձեզ։ Սակայն բժիշկների ցուցումով հինգ րոպեից ավելի զբաղվել այդ գործով՝ վնասակար է։ Բայց մարդը, ջենտլմեններ, տակավին կատարելագործված մեքենա չէ։ Նա կարող է մոռանալ ժամացույցին նայելը և հոսանքն անջատելը։ Ապարատն այդ բանը թույլ չի տա։ Նա ինքը կդադարեցնի գործողությունը և այդ կանի ուղիղ հինգ րոպեից հետո։
: Մենք շատ անգամ էինք հանդիպել նման երևույթի ամերիկյան տեխնիկայում։ Այն կոչվում է «Ֆուլպրուֆ»․ պաշտպանվել հիմարից։ Բարձր տեխնիկան վախենում է մարդուց և չի հավատում նրա խելամտությանը։ Այնտեղ, ուր միայն այդ հնարավոր է, այն աշխատում է պահպանել իրեն մի շարք սխալներից, որոնք հատուկ են կենդանի էակին։ Դաժան, խարազանող անուն է հնարված․ ― պաշտպանվել հիմարից։ Աշխարհում մեծագույն Բոուլերդամ հիդրոկայանի շինարարության վրա մենք մի կռունկ տեսանք, որը խորունկ կիրճն էր իջեցնում բեռնված ամբողջական վագոններ։ Հեշտ է պատկերացնել այդ օպերացիաների ողջ բարդություն ու վտանգավորությունը։ Բավական է շփոթել այդ ապարատը կարգավորող կոճակները, որպեսզի տեղի ունենա աղետ։ Բայց ոչ մի սխալ չի կարող պատահել։ Կառավարման խցիկում, ուր նստած է մեքենավարը, միայն մի կոճակ կա։ Մեքենան ամեն ինչ ինքն է անում։ Նա հո երբեք աշխատանքի չի գա հարբած վիճակում, նա միշտ սառնարյուն է, նրա խելամտությունը ամեն տեսակ գովասանքից վեր է։
: Իսկ միստեր Ռիպլին շարունակում էր ցույց տալ իր տնակի նորանոր էլեկտրական հրաշքները։ Այստեղ կային և՛ էլեկտրական ածելի, և՛ վերջին կոնստրուկցիայի փոշեծծիչ, և՛ լվացքի մեքենա, և՛ հարդուկելու հատուկ մամլիչ, որը փոխարինում էր էլեկտրական հարթուկին, քսաներորդ դարի այդ անախրոնիզմին։ Երբ հարթ ու ողորկ սեղանի տակից դուրս քաշվեց էլեկտրական կարի մեքենան, մենք արդեն հոգնել էինք։ Եթե այդ պահին միստեր Ռիպլին դուրս բերեր մեզ բակ և տանը դիմելով ասեր՝ «կանգնիր, ո՜վ տնակ, մեչքդ արա Նյու֊Յորքին, իսկ ինձ՝ երեսդ» և տնակը հավի ոտների վրա կանգնած խրճիթի նման էլեկտրականության օգնությամբ կատարեր այդ խնդրանքը, մենք այնքան էլ չէինք զարմանա։ Ժամանակն է ասելու, թե ով է միստեր Ռիպլին։ Նա «Ջեներալ Էլեկտիկ Կոմպանի»֊ի պաբլիսիթի բաժնի վարիչն է։ Ռուսերեն թարգմանելու դեպքում «պաբլիսիթի» նշանակում է ռեկլամ։ Բայց սա շատ հասարակ բացատրություն է։ Պաբլիսիթին անհամեմատ ավելի լայն հասկացողություն է։ Նա, թերևս, պակաս դեր չի խաղում ամերիկյան կյանքում, քան ինքը՝ տեխնիկան։
: Մեզանում ամերիկյան պաբլիսիթիի մասին ստեղծվել է այնպիսի տպավորություն, թե այնտեղ կան կանչողների բարձրաձայն գոռոցներ, անթիվ ու անհամար պլակատներ, խաբեական միջոցներ, կրակի շողշողուն ցուցանակներ և նման բաներ։ Իհարկե, այդ բնույթի ռեկլամ ևս գոյություն ունի Ամերիկայում։ Սակայն սպառողին անընդհատ խլացնելու այդ եղանակը գործադրում են միայն ծխախոտի, ռետինե ծամոնի, ալկոհոլի կամ «Կոկա֊կոլա» զովացուցիչ ըմպելիքի գործարանատերերը։
: Միստեր Ռիպլիի տնակը դա ռեկլամային տնակ չէ։ Դա գիտական տնակ է։ Այստեղ ալեհեր ջենտլմենը օրեօր, ամսե֊ամիս հաշվում է, թե որքան կարժենա այս կամ այն էլեկտրական գործիքի շահագործումը։ Նրանցից յուրաքանչյուրի մոտ կախված է հաշվիչ։ Միստեր Ռիպլին նոր մեքենաների յուրատեսակ փորձարկում է կատարում, ստուգելու համար նրանց շահավետությունը։
: Հետո նա գիրք է գրում։ Նա գրող է։ Եվ այդ գրքում չկան հայրենասիրական ճիչեր, թե «Ջեներալ Էլեկտրիկի» արտադրանքն ավելի լավն է քան «Վեստինգհաուզ» ֆիրմայի արտադարանքը։ Ընդհակառակն, երբ մենք հարցրինք միստեր Ռիպլիին, թե արդյոք լա՞վն են «Վեստինգհաուզի» սառնարանները, նա պատասխանեց, թե շատ լավն են։ Իր գրքում միստեր Ռիպլին բացատրում է, թե որքան հարմար է կենցաղում էլեկտրականություն օգտագործելը և ստուգված թվերի միջոցով ապացուցում է, որ էլեկտրականությունն էժան է գազից, նավթից և ածուխից։ Նրա գրքում ճշգրիտ տեղեկություններ կան, թե էլեկտրական պլիտայի ծախսած էներգիան ինչքա՞ն է նստում մեկ օրում, մեկ շաբաթում և մեկ ամսում։ Վերջում նա տեղեկացնում է, որ ամբողջ էլեկտրական տնակի շահագործումը մի շաբաթում նստում է յոթ դոլար։ Նա հիանալի գիտե, որ դա սպառողին համոզելու ամենալավ միջոցն է։
: Ժամանակակից ամերիկյան տեխնիկան անհամեմատ բարձր է ամերիկյան սոցիալական կառուցվածքից։ Եվ այն ժամանակ, երբ տեխնիկան արտադրում է կյանքը թեթևացնող իդեալական առարկաներ, սոցիալական կառուցվածքը թույլ չի տալիս ամերիկացուն փող վաստակել այդ առարկաները գնելու համար։
: Մաս֊մաս վճարում․ ահա ամերիկյան առևտրի հիմքը։ Ամերիկացու տանը գտնվող բոլոր առարկաները գնված են մաս֊մաս վճարելու պայմանով․ պլիտան, որի վրա ճաշ է պատրաստում, կահույքը, որի վրա նստում է, փոշեծծիչը, որով նա հավաքում է սենյակը, նույնիսկ տունը, ուր նա ապրում է․ այդ ամենը ձեռք է բերված մաս֊մաս վճարելով։ Այդ ամենի համար տասնյակ տարիներ շարունակ փող պետք է վճարել։ Ըստ էության, ոչ տունը, ոչ կահույքը, ոչ մեքենայացված կենցաղի հրաշալի մանրուքները իրեն չեն պատկանում։ Օրենքը շատ խիստ է։ Հարյուր մուծումից կարող է մուծված լինել իննսունինը, և եթե հարյուրերորդին փողը չհերիքի, այդ դեպքում իրը կտանեն։ Ժողովրդի ճնշող մեծամասնության համար սեփականությունը ֆիկցիա է։ Ամեն ինչ, նույնիսկ մահճակալը, որի վրա քնում է շատ մեծ լավատեսը և սեփականության շատ թունդ ջատագովը, պատկանում է ոչ թե իրեն, այլ արդյունաբերական ընկերությանը կամ բանկին։ Բավական է, որ մարդ գործից զրկվի, հետևյալ օրը նա սկսում է պարզ հասկանալ, որ ինքը ոչ մի սեփականություն էլ չունի, նեգրի պես մի սովորական ստրուկ, միայն թե սպիտակ գույնի։
: Իսկ խուսափել գնումներ անելուց ոչ մի կերպ հնարավոր չէ։
: Տնակի դռների մոտ քաղաքավարությամբ հնչում է զանգը, և նախասրահում հայտնվում է բոլորովին անծանոթ մի այցելու։ Ամեն տեսակ ներածական խոսքերի վրա զուր ժամանակ չկորցնելով, այցելուն ասում է․
: ― Ես եկել եմ ձեր խոհանոցում էլեկտրական պլիտա գնելու։
: ― Բայց ես արդեն ունեմ գազի պլիտա, ― պատասխանում է զարմացած տանտերը, որի ունեցած փոքրիկ տան լվացքի մեքենայի և ստանդարտ կահույքի դիմաց վճարելու դեռ շատ տարիներ են մնում։
: ― Էլեկտրական պլիտան շատ ավելի լավն է և տնտեսող է։ Ասենք, ես ձեզ չեմ համոզի։ Հիմա կտեղադրեմ և մեկ ամսից հետո նորից կգամ։ Եթե չհավանեք՝ կտանեմ, թե հավանեք՝ պայմանները շատ թեթև են․ առաջին ամիսը քսանհինգ դոլար, իսկ հետո․․․
: Նա դնում է պլիտան։ Ամսվա ընթացքում տանտերը հասցնում է նկատել, որ պլիտան իսկապես հիանալի է։ Նա արդեն ընտելացել է պլիտային և չի կարող նրանից բաժանվել։ Նա ստորագրում է մի նոր պայմանագիր և սկսում է այնպես հարուստ զգալ իրեն, որպես մի Ռոկֆելլեր։
: Համաձայնեցեք, որ սա ավելի ներգործող է, քան լուսավոր ռեկլամը։
: Թվում էր, թե միջին, այլ կերպ ասած՝ աշխատանք ունեցող ամերիկացու կյանքում վրա է հասնելու մի պահ, երբ նա վճարում է իր բոլոր պարտքերը և իսկականից դառնում է սեփականատեր։ Բայց դա այնքան էլ հեշտ բան չէ։ Նրա ավտոմոբիլը հնացել է։ Ֆիրման առաջարկում է մի նոր՝ հիանալի մոդել։ Հին մեքենան ֆիրման վերցնում է հարյուր դոլարով, իսկ մնացած հինգ հարյուրի համար տրվում են հրաշալի արտոնյալ պայմաններ․ առաջին ամիսը՝ այսքան դոլար, իսկ հետո․․․
: Հետո երջանիկ սեփականատերը մի տեսակ աննկատելի կերպով կորցնում է աշխատանքը (Ամերիկայում դա կոչվում է կորցնել «ջաբը»), և նրա նոր ավտոմոբիլն իր երկու ազդանշաններով, էլեկտրական վառիչով և ռադիո ապարատով վերադարձվում է իսկական տիրոջը՝ բանկին, որը տարաժամկետ է տվել։ Ա՜յ քեզ դժբախտություն։ Ոչ թե ինչ֊որ քնձռոտ, այլ, իրոք, հիանալի ապրանքներ են վաճառվում։ Վերջին տարիների ընթացքում Ամերիկայում կատարելուցյան է հասել մասսայական սպառման առարկաների արտադրությունը։ Բա կարելի՞ է դիմանալ ու չգնել նոր փոշեծծիչ, թեև հինը լավն է և մի տասը տարի էլ կարող է աշխատել։
: Վերջերս Նյու֊Յորքում սկսել է գործադրվել ռեկլամի մի նոր եղանակ։
: Կյանք վայելած, եփված, ընկած֊ելած նյույորքցու բնակարանն է գալիս մի մարդ և ասում․
: ― Բարև՜ ձեզ, ես խոհարար եմ և ուզում եմ ձեզ և ձեր հյուրերի համար լավ սննդարար ճաշ պատրաստել իմ մթերքներով։
: Նյույորքցու դեմքին սատանայական ժպիտ նկատելով, եկվորը հապշտապ ավելացնում է․
: ― Դա ձեզ վրա ոչ մի ցենտ չի նստի։ Ես միայն երկու պայման եմ դնում․ առաջինը՝ ճաշը պետք է եփվի հետս բերած կաթսանների մեջ և, երկրորդ՝ ճաշին պետք է հրավիրվեն ոչ պակաս քան յոթ տիկնայք։
: Նշանակված օրը խոհարարը ներկայանում է իր կաթսաներով և պատրաստում է համեղ ճաշ։ Խրախճանքի վերջում նա հանդիսավոր կերպով հայտնվում է ճաշասենյակում, հարցնում է՝ գո՞հ են արդյոք հյուրերը ճաշից, և գրի է առնում ներկա եղող կանանց հասցեները։ Բոլորը հիացած են ճաշից։ Խոհարարը համեստորեն տեղեկացնում է, որ նման ճաշ կարող է պատրաստել ամեն մի տնտեսուհի, եթե միայն ցանկանա օգտվել հատուկ կաթսաներից։ Ողջ հասարակությունն անցնում է խոհանոց և սկսում զննել կաթսաները։ Կաթսաներից յուրաքանչյուրը, չգիտես ինչու, բաժանվում է երեք մասի։ Նրանք հատուկ տակ ունեն, որն, իբր, նպաստում է վիտամինների պահպանմանը։ Սակայն այս բանում սուտ քիչ կա։ Կաթսաները իրոք որ լավն են։ Գնման պայմաններն էլ շատ արտոնյալ են։ Հետևյալ օրը խոհարարը գնում է ըստ հասցեների, և գործարքներ է կատարում։ Հմայված տնային տնտեսուհիները գնում են կաթսաների լրիվ կոմպլեկտ։ Դարձյալ գործի է դրվում մաս֊մաս վճարումը։ Կաթսաներն իրոք հներից լավն են, բայց կյանքը չթեթևացավ, այլ ծանրացավ, որովհետև պարտքերն ավելացան։
: Ո՛չ։ Լուսառեկլամը և թերթի հայտարարությունը նախապատրաստական դասարանն է։
: Ամեն տարի Ամերիկայում շատ հետաքրքիր դեպք է տեղի ունենում։ Շինարարական ընկերությունը միանալով ճարտարապետների ընկերության և էլեկտրական ֆիրմայի հետ, տուն է կառուցում։ Դա միստեր Ռիպլիի տնակի նման մի բան է։ Միայն թե այնտեղ, էլեկտրական նորություններից բացի, մնացած բաներն էլ են նորություն․ և՛ ճարտարապետությունը, և՛ շինանյութերը, և՛ կահույքը, և՛ բակը։ Տունը կառուցելուց հետո առևտրի հիման վրա միավորված նորարարները համաժողովրդական կոնկուրս են հայտարարում այդ տունը նկարագրելու համար։ Լավ նկարագրության հեղինակը մրցանակ է ստանում հենց այն տունը, որն այնպես լավ նկարագրել է։ Այդ իրադրությունը մշտապես մեծ հետքրքրություն է առաջացնում։ Վերջին անգամ տունը ստացավ տասնվեց տարեկան չքավոր մի աղջիկ։ Լրագրերը հաճույքով տպագրեցին նրա կենսագրությունը և դիմանկարները։ Նրան «ջաբ» առաջարկեցին ինչ֊որ մի մեծ ընկերության ռեկլամի բաժնում։ Բայց բանն իհարկե աղջկա մեջ չէ։ Բանն այն է, որ նրա տարերային երջանկությամբ հրապուրվելով, ընթերցողները միաժամանակ հետաքրքրվում էին սեփական կյանքի կատարելագործման նախագծերով։ Երեկոները, ընտանիքի հայրերը մատիտը ձեռքներին և ակնոցը աչքներին հաշվում էին, որ հույժ արտոնյալ այդպիսի տան գնումն այնքան էլ սարսափելի բան չէ․ առաջին մուծումը այսքան դոլար է։ Իսկ հետո․․․
: Հեռանալով հյուրընկալ միստեր Ռիպլիի մոտից, մենք շնորհակալություն հայտնեցինք նրան և հրաժեշտի պահին ասացինք․
: ― Այ, դուք մեր պատճառով մի քանի ժամ կորցրիք։ Չէ՞ որ դուք գիտեք, որ մենք ոչ սառնարան կգնենք, ոչ էլ պլիտա։
: ― Բայց միգուցե դուք երբևէ գրեք իմ տնակի մասին, ― պատասխանեց ալեհեր, կարմրադեմ ջենտլմենը։ ― Լավ պաբլիսիթին երբեք չի կորչի։
===Գլուխ տասնչորսերորդ — Ամերիկային չի կարելի հանկարծակիի բերել===
: Երբ մենք երեսուն մղոն հեռացել էինք Սկենեկտեդիից, միսիս Ադամսը ամաուսնուն ասաց․
: ― Ցրտեց։ Գլխարկդ դիր։
: Միստեր Ադամսը որոշ ժամանակ շուռումուռ էր գալիս տեղում, բարձրանում և ձեռքով պրպտում էր իր տակը։ Հետո, փնչացնելով, կռացավ և սկսեց փնտրել ոտքերի տակ։ Վերջապես նա դարձավ մեզ։
: ― Պարոնայք, ― ասաց նա լացակումած ձայնով, ― փնտրեցեք, արդյոք ձեզ մոտ չի՞ գլխարկս։
: Գլխարկը չկար։
: Միսիս Ադամսը մեքենան քշեց մի կողմի վրա։ Դուրս եկանք մեքենայից և անցանք կազմակերպված որոնման․ զննեցինք բագաժանոցը, բացեցինք բոլոր ճամպրուկները։ Միստեր Ադամսը նույնիսկ տնտղեց գրպանները։ Գլխարկն անհետացել էր։
: ― Մինչդեռ, պարոնայք, ― նկատեց միստեր Ադամսը, ― հիմիկվա պես հիշում եմ, որ գլխարկ ունեի։
: ― Մի՞թե հիշում ես, ― հարցրեց կինը ժպտալով, որից միստեր Ադամսը դողաց։ ― Ի՜նչ հիանալի հիշողություն։
: ― Այո՛, այո՛, այո՛, միանգամայն անհասկանալի է, ― փնթփնթում էր միստեր Ադամսը, ― հիանալի գլխարկ էր․․․
: ― Դու քո գլխարկը մոռացել ես Սկենեկտեդիում, ― բացականչեց կինը։
: ― Նո՛, Բեկկի, Բեկկի։ Մի ասա այդպես․ մոռացե՜լ ես Սկենեկտեդիում։ Օ՜, նո՛։ Ցավալի է լսել, երբ ասում ես, թե գլխարկս մոռացել եմ Սկենեկտեդիում։ Չէ, լուրջ, չի կարելի այդպես պնդել։
: ― Այդ դեպքում որտե՞ղ է։
: ― Չէ, Բեկկի, լուրջ, ինչպե՞ս կարող եմ քեզ պատասխանել, թե որտեղ է։
: Նա հանեց թաշկինակը և սկսեց սրբել գլուխը։
: ― Ի՞նչ բան է սա, ― հարցրեց միսիս Ադամսը։
: ― Սա թաշկինակ է, Բեկկի։
: ― Դա թաշկինակ չէ, անձեռոցիկ է։ Մի այստեղ տուր։ Այդպես էլ կա։ Անձեռոցիկ՝ հյուրանոցի սկզբնատառերով։ Ինչպե՞ս է ընկել քո գրպանը։
: Միստեր Ադամսը տանջվում էր։ Նա կանգնել էր մեքենայի մոտ, վերարկուի օձիքը բարձրացրած և անհամբեր մեկ մի ոտի, մեկ մյուսի վրա էր հենվում։ Նրա սափրած գլխին անձրևի կաթիլներ էին ընկնում։
: Մենք սկսեցինք տաք֊տաք քննարկել ստեղծված իրադրությունը։
: Պարզվում է, որ վերջին անգամ գլխարկը տեսել են այսօր առավոտյան, հյուրանոցի ռեստորանում։ Այն դրված էր եղել աթոռին, միստեր Ադամսի կողքին։ Նախաճաշի ժամանակ մեծ վիճաբանություն էր գնում իտալո֊հաբեշական պատերազմի մասին։
: ― Անշուշտ, հենց այդ ժամանակ էլ թաշկինակի փոխարեն անձեռոցիկն ես խրել գրպանդ, ― իր ենթադրուցյունն արեց միսիս Ադամսը։
: ― Ա՜խ, Բեկկի, դու այդպես չպետք է խոսես, ― անձեռոցիկը խրել ես գրպանդ։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ, դաժանություն է քո կողմից այդպես խոսելը։
: ― Բա հիմա ի՞նչ անենք։ Վերադառնանք Սկենեկտեդի գլխարկի հետևի՞ց։
: ― Նո՛, պարոնայք, ― ասաց ցնցումից արդեն խելքի եկած միստեր Ադամսը, ― դա թեթևամիտ արարք կլինի, եթե վերադառնայինք Սկենեկտեդի։ Այո՛, այո՛, պարոնայք։ Արդյո՞ք արարքը բավականաչափ խելամիտ կլինի։ Իմ գլխարկը հազար ինը հարյուր երեսուն թվականին արժեր չորս դոլար։ Գումարած հազար ինը հարյուր երեսուներեք թվականի մաքրումը՝ հիսուն ցենտ։
: Միստեր Ադամսը հանեց մատիտն ու հուշատետրը և սկսեց կալկուլյացիա անել։
: ― Իմ գլխարկը, պարոնայք, իր ներկա վիճակում արժե մեկուկես դոլար, ո՛չ ավելի։ Մինչև Սկենեկտեդի և ետ, վաթսուն մղոն է։ Մեր կառը մի գալոն բենզինով անցնում է միջին թվով տասնվեց, նու, ասենք, տասնհինգ մղոն։ Ընդամենը պետք է ծախսենք չորս հատ տասնվեց ցենտանոց գալոն։ Ընդամենը՝ վաթսունչորս ցենտ։ Այժմ պետք է նկատի առնել ավտոմոբիլի ամորտիզացիան, յուղի և քսուկի ծախսերը։ Լուրջ։ Օ՜, նո՛։ Հիմարություն կլիներ գլխարկի համար վերադառնալ Սկենեկտեդի։
: Միսիս Ադամսը նոր առաջարկություն մտցրեց․ անձեռոցիկը ուղարկել փոստով և խնդրել հյուրանոցի ադմինիստրացիային ուղարկել գլխարկը՝ ցպահանջ, ասենք, Դետրոյթ, ուր լինելու ենք երկու օրից։
: Մինչ մենք նախաճաշում էինք, ոչ այն է Սպրինգֆիլդ, ոչ այն է Ժնև քաղաքի փոքրիկ սրճարանում, միստեր Ադամսը գնաց փոստատուն։ Շուտով նա վերադարձավ իր պարտքը կատարած մարդու անկախ ու հպարտ տեսքով։
: Մեր ուղևորության երրորդ օրն էր։ Նյու֊Յորքում անցկացրած մի ամիսը բազում տպավորություններ էր թողել, բայց որքան շատ մարդիկ ու իրեր էինք տեսնում, այնքան քիչ էինք հասկանում Ամերիկան։
: Մենք փորձում էինք ընդհանրացումներ անել։ Օրական տասն անգամ բացականչում էինք․
: ― Ամերիկացիները միամիտ են երեխայի պես։
: ― Ամերիկացիները հիանալի աշխատողներ են։
: ― Ամերիկացիները կեղծ բարեպաշտներ են։
: ― Ամերիկացիները մեծ աղգ են։
: ― Ամերիկացիները ժլատ են։
: ― Ամերիկացիները անխոհեմ առատաձեռն են։
: ― Ամերիկացիները արմատական են։
: ― Ամերիկացիները բութ են, պահպանողական, անհուսալի։
: ― Ամերիկայում երբեք հեղափոխություն չի լինի։
: ― Ամերիկայում հեղափոխություն կլինի մի քանի օրից հետո։
: Դա մի իսկական շիլափլավ էր, որից ուզում էինք որքան կարելի է շուտ ազատվել։ Եվ ահա կամաց֊կամաց սկսվեց այդ ազատագրումը։ Մեկը մյուսի հետևից մեր առջև բացվեցին ամերիկյան կյանքի տարբեր բնագավառները, որոնք մինչ այդ թաքնված էին Նյու֊Յորքի դղրդյունի մեջ։
: Մենք գիտեինք։ Շտապել պետք չէ։ Դեռ վաղ է ընդհանրացումներ անելը։ Նախ պետք է որքան կարելի է շատ տեսնել։
: Մենք սահում ենք երկրով, ինչպես հաստ ու գրավիչ վեպի գլուխներով, խեղդելով մեր մեջ անհամբեր ընթերցողի՝ վերջին էջը նայելու ցանկությունը։ Եվ մեզ համար պարզ դարձավ, գլխավորը, դա կարգն ու սիստեմն է։
: Միստեր Ռիպլիի էլեկտրական տնակում մենք հասկացանք, թե ինչ բան է պաբլիսիթին։ Անվանենք այն ռեկլամ։ Նա մեզ մի րոպե բաց չէր թողնում։ Կրնկակոխ հետևում էր։
: Պատահեց, որ հինգ րոպե շարունակ ճանապարհի կողքերին չհանդիպեցինք ոչ մի ռեկլամի։ Այնքան զարմանալի էր այդ, որ մեզանից մեկը բացականչեց․
: ― Ռեկլամները չքացել են։ Տեսեք, դաշտեր կան, գյուղ կա, բայց ռեկլամ չկա։
: Բայց նա խիստ պատժվեց ամերիկյան պաբլիսիթիի հզորությանը չհավատալու համար։ Նա իր ֆրազի դեռ վերջին խոսքերն էր ասում, իսկ շրջադարձից արդեն մեքենային ընդառաջ էր թռչում մեծ ու փոքր ռեկլամների բազմությունը։
: Ո՛չ, Ամերիկային չի կարելի հանկարծակիի բերել։
: Ռեկլամն այն աստիճանի է թափանցել ամերիկյան կյանքի մեջ, որ եթե մի զարմանալի առավոտ ամերիկացիները, արթնանալով, տեսնեն, որ ռեկլամը չքացել է, ապա նրանց մեծամասնությունը ամենահուսահատ դրության մեջ կընկներ։ Կդառնար անհայտ, թե՝
: Ի՞նչ տեսակի սիգարեթ ծխել։
: Ո՞ր խանութում գնել պատրաստի հագուստ։
: Ի՞նչ զովացուցիչ ջրով հագեցնել ծարավը․ «կոկա֊կոլայո՞վ», թե «Ջինջեր֊էյլեմով»։
: Ինչպիսի՞ վիսկի խմել՝ «Սպիտակ նժույգ», թե «Ջոննի Ուոկեր»։
: Ո՞ր բենզինը գնել՝ «Շելլ», թե «Ստանդարտ Օիլ»։
: Ո՞ր աստծուն հավատալ՝ բապտիստակա՞ն, թե պրեսվիտերական։
: Պարզապես անհնար կլիներ որոշել ―
: Արժե՞ արդյոք ռետին ծամել։
: Ո՞ր ֆիլմն է հիանալի, և որը պարզապես հանճարեղ։
: Հարկ կա՞ արդյոք կամավոր գնալ նավատորմ։
: Օգտակա՞ր, թե վնասակար է Կալիֆոռնիայի կլիման։
: Եվ ընդհանրապես առանց ռեկլամի սատանան գիտե, թե ինչ կստացվեր։ Կյանքն անասելի կբարդանար։ Քո յուրաքանչյուր կենաց քայլի համար ստիպված էիր լինելու ինքդ մտածել։
: Ո՛չ, ռեկլամով զգալիորեն հեշտ է։ Ամերիկացին ոչ մի բանի մասին մտածելու պետք չունի։ Նրա փոխարեն մտածում են առևտրական մեծ ընկերությունները։
: Զովաղուցիչ ջուր ընտրելիս այլևս գլուխ տրաքացնելու հարկ չկա։
: Դրինկ «Կոկա֊կոլա»։ Խմի՛ր «Կոկա֊կոլա»։
: «Կոկա֊կոլան» թարմացնում է չորացած կոկորդը։
: «Կոկա֊կոլան» օգուտ է բերում օրգանիզմին և հայրենիքին։
: Եվ, ընդհանրապես, «Կոկա֊կոլա» խմող մարդու համար կյանքը լավ կլինի։
: «Միջին ամերիկացին», չնայած նրա արտաքին ակտիվությանը, իրականում շատ պասսիվ բնավորության տեր մարդ է։ Նրան ամեն ինչ պատրաստի պետք է մատուցել, ինչպես երես առած ամուսնուն։ Ասացեք նրան՝ ո՛ր խմիչքն է լավ, և նա այդ կխմի։ Ասացեք նրան՝ ո՛ր քաղաքական կուսակցությունն է ձեռնտու, և նա կքվեարկի նրա օգտին։ Ասացեք նրան՝ ո՛ր աստվածն է «ավելի իսկական», և նա կհավատա նրան։ Միայն մի բան մի՛ արեք․ մի՛ ստիպեք նրան մտածել ոչ ծառայության ժամերին։ Այդ նա չի սիրում, և դրան չի ընտելացել։ Իսկ որպեսզի հավատա քո խոսքերին, պետք է որքան կարելի է հաճախ դրանք կրկնել։ Մինչև օրս դրա վրա է կառուցված ամերիկյան և՛ առևտրական, և՛ քաղաքական, և՛ ամեն տեսակի ռեկլամի զգալի մասը։
: Եվ ահա ռեկլամը հետամտում է ձեզ ամենուրեք․ տանը և հյուր եղած ժամանակ, փողոցում և ճանապարհին, տաքսիում, մետրոյում, գնացքում, ինքնաթիռում, բուժօգնության կառեթում ― ամենուր։
: Մենք դեռևս «Նորմանդիա» նավի վրա էինք, և բուքսիրները հենց նոր էին սկսել շոգենավը քաշել Նյու֊Յորքի նավահանգիստը, երբ երկու առարկա գրավեցին մեր ուշադրությունը։ Մեկը փոքր էր, կանաչավուն՝ Ազատության արձանը, իսկ մյուսը՝ հսկա և անպատկառ, հսսկայական մի վահան էր, որ պրոպագանդում էր «Չուինգամ Ռիգլի»՝ ռետինե ծամոն։ Այդ օրվանից պլակատի վրա նկարված կանաչ տափակ մռութիկը հսկա ձայնափողով հետևում էր մեզ բովանդակ Ամերիկայում, համոզելով, աղերսելով, հորդորելով, պահանջելով, որպեսզի մենք ծամենք «Ռիգլի» հոտավետ, աննման, առաջնակարգ ռետինը։
: Առաջին ամսին մենք մեզ պինդ էինք պահում։ «Կոկա֊կոլա» չէինք խմում։ Մենք դիմացանք գրեթե մինչև ուղևորության վերջը։ Եվս մի քանի օր, և մենք արդեն օվկիանոսումն էինք, վտանգից դուրս։ Բայց և այնպես ռեկլամն իր գործը տեսավ։ Մենք չդիմացանք և ճաշակեցինք այդ ըմպելիքը։ Կարող ենք միանգամայն անկեղծորեն ասել․ այո՛, «Կոկա֊կոլան», իրոք, թարմացնում է կոկորդը, գրգռում նյարդերը, բուժիչ է առողջությունը խախտած մարդու համար, մեղմացնում է հոգեկան տառապանքները և մարդուն դարձնում է հանճարեղ՝ Լև Տոլստոյի պես։ Հապա մի փորձեինք չասել այդ, եթե երեք ամիս շարունակ այդ բանը մեր գլուխն էին մտցնում ամե՛ն օր, ամե՛ն ժամ և ամե՛ն րոպե։
: Ավելի ահավոր, ավելի համառ և ճղճղան է սիգարեթների ռեկլամը։ «Չեստերֆիլդ», «Կեմել», «Լակի ստրայկ» և մյուս տեսակի ծխախոտները ռեկլամվում են այնպիսի մոլեգնությամբ, ինչպիսին գուցե կարելի է գտնել միայն դերվիշների պարերի մեջ կամ այժմ արդեն գոյություն չունեցող «շախսեյ֊վախսեյ» տոնին, երբ նրա մասնակիցներն ինքնամոռացության մեջ ընկած, դաշունահարում էին իրենք իրենց և արյան մեջ լողում ի փառս իրենց աստծու։ Ամերիկայի վրա ամբողջ գիշեր բոցկլտում էին հրե մակագրություններ, ամբողջ օրը աչք էին ծակում գույն֊գույն պլակատները․ «Ամենալավը աշխարհում։ Չորացրած սիգարեթներ։ Նրանք հաջողություն են բերում։ Ամենալավերը՝ արևային համակարգության մեջ»։
: Ճիշտն ասած, որքան ծավալուն է ռեկլամը, այնքան անպետք է այն ապրանքը, որին այն ծառայում է։ Միայն որևէ դատարկ բանի վաճառքը կարող է փոխհատուցել այդպիսի խելագար ռեկլամը։ Ամերիկացիների տները, նրանց ճանապարհները, դաշտերն ու ծառերը այլանդակված են հոգի հանող պլակատներով։ Գնորդը վճարում է նաև պլակատի համար։ Մեզ ասացին, որ հինգցենտանոց «Կոկա֊կոլայի» շիշը գործարանատիրոջ վրա նստում է մեկ ցենտ, իսկ ռեկլամի վրա ծախսվում է երեք ցենտ։ Թե ուր է գնում հինգերորդ ցենտը, այդ մասին գրելու հարկ չկա։ Դա բավական պարզ է։
: Տեխնիկայի և կոմֆորտի հիանալի և օգտակար առարկաների, որոնցով այնքան հարուստ է Ամերիկան, գործարանատերերը չեն կարող իրենց ապրանքը ռեկլամել այնպիսի մոլեգնությամբ, ինչպես ռեկլամում է ռետինե անհեթեթ ծամոնը կամ դեղատնային ուժեղ հոտ և բավական զզվելի համ ունեցող շագանակագույն վիսկին։
: Մի անգամ, երբ անցնում էինք ինչ֊որ մի փոքրիկ քաղաքով, փշալարի հետևում տեսանք մի գիպսե ձի, որը կանգնած էր կանաչ խոտերի մեջ, ծառերի արանքում։ Սկզբում կարծեցինք, թե դա հուշարձանն է անհայտ մի ձիու, որը հերոսաբար ընկել է նեգրերի ազատգրության համար մղվող Հյուսիսի և Հարավի կռվում։ Ավա՜ղ, ոչ։ Ներշնչված աչքերով այդ ձիուկը, լռելյայն հիշեցնում էր անցորդներին «Սպիտակ ձի» չգերազանցված վիսկիի գոյության մասին, որն ամրապնդում է հոգին, թարմացնում ուղեղը, գիտությամբ սնում պատանիներին և բերկրանք պատճառում ծերերին։ Սպառողն այդ հիրավի կախարդական ըմպելիքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող է գտնել «Սպիտակ» պանդոկում, որը տեղավորված էր հենց այստեղ՝ այգում։ Այստեղ նա կարող էր իմանալ, որ հինգ րոպեի ընթացքում այդ վիսկին կարելի է խմել հարբելու աստիճան, որ այն խմողի կինը երբեք չի դավաճանի իրեն, իսկ երեխաները բարեհաջող կմեծանան և նույնիսկ լավ «ջաբ» կգտնեն։
: Այդ բնույթի ռեկլամի առանձնահատկությունը կայանում է գրոտեսկային չափազանցությունների մեջ, որոնք նկատի ունեն ժպիտ առաջացնել գնորդի մոտ։ Կարևորն այն է, որ նա կարդա ռեկլամը։ Դա արդեն բավական է։ Ժամանակին այն կներգործի ինչպես արևելյան դանդաղ թույն։
: Ճանապարհին մի անգամ մենք տեսանք կրկեսային թափառաշրջիկ մի ֆուրգոն՝ ոսկեզօծ զարդարանքներով։ Նրա կողքին, ուղիղ ճանապարհի վրա, պարում էին երկու պինգվին և երեխաներին կոնֆետ էին բաժանում ծծնդյան տոնի առթիվ։ Տեսնելով մեր մեքենան, պինգվինները անվավոր չմուշկներով վազեցին նրա հետևից։ Մեզ էլ տվեցին երկարավուն կոնֆետներ, թեև մենք վաղուց էինք դուրս եկել մանկական հասակից։ Մենք հուզված առաջ անցանք, իսկ երբ սկսեցինք տնտղել նվերը, տեսանք, որ բանը ծննդյան տոնի մեջ չէ և ոչ էլ մանուկների նկատմամբ տածած սիրո։ Կոնֆետների վրա տպված էր բենզինավաճառ «Շելլ» ընկերության ռեկլամը։
: Ռեկլամը փոքր ինչ փչացնում է ուղևորությունը։ Ճանապարհորդը ուր էլ որ հայացքը նետելու լինի, անպայման դեմ կառնի որևէ խնդրանքի, պահանջի, ձանձրացնող հիշեցման։
: «Եթե ուզում եք, որ ձեր խոսքերին հավատան, որքան կարելի է հաճախ կրկնեցեք»։ Արևելյան փոքրիկ քաղաքում, որով մենք անցանք, Մեյն֊սթրիթի բոլոր հեռագրասյուներին փակցված էին բոլորովին միանման պլակատներ՝ կոնգրեսի ռեսպւբլիկական փոքրիկ թեկնածու միստեր Ջոզեֆ Ա․ Բոլդուինի դիմանկարով։
: Ռեկլամվում են ոչ միայն կոստյումները, թեկնածուները, խմիչքները կամ բենզինը։ Ռեկլամվում են ամբողջ քաղաքներ։ Ճանապարհին ցցված է վիթխարի մի պլակատ, որը քսան անգամ մեծ է ավտոմոբիլից։ Նյու֊Մեքսիկո նահանգի Կառլսբադ քաղաքը տեղեկացնում է իր մասին․
: «Մինչև Կառլսբադ 23 մղոն է։ Լավ ճանապարհ։ Նշանավոր հանքային աղբյուրներ։ (Ամերիկացին, հիրավի, կկարծի, թե սա հենց այն Կառսբադն է)։ Լավ եկեղեցիներ։ Թատրոններ (անշուշտ նկատի ունեն բանդիտական նկարներով երկու կինեմատոգրաֆները)։ Անվճար լողափ։ Շքեղ հյուրանոցներ։ Քշի՛ր դեպի Կառլսբադ»։
: Քաղաքը շահագրգռված է, որ ճանապարհորդը այնտեղ գնա։ Եթե նրան չհրապուրեն նույնիսկ նշանավոր աղբյուրները, ապա նա, անպայման, ճանապարհի համար մի քիչ գազոլին կգնի կամ կճաշի քաղաքում։ Եվ ահա մի քանի դոլար կգնա հօգուտ Կառլսբադի առևտրականների։ Այնուամենայնիվ, փոքրիկ օգուտ է։ Բայց միգուցե ճանապարհորդը այցելի Կառլսբադի լավ եկեղեցիներից մեկը։ Այդ դեպքում աստծուն էլ հաճելի կլինի։
: Եկեղեցու գործիչները ետ չեն մնում աշխարհականներից։ Ամերիկայում ամբողջ երեկո վառվում են նեոնի խողովակները, տեղեկացնելով ծխականներին հոգևոր և աշխարհիկ բնույթի զվարճալիքների մասին, որոնք նրանց համար պատրաստված են տաճարներում։ Մի եկեղեցին հրապուրում է դպրոցական երգչախմբով, մյուսը՝ հասարակագիտության ժամով։ Եվ դրան ավելացվում է ուղղակի նպարավաճառ խանութի բառարանից վերցրած ասացվածքը․ «Եկե՛ք։ Դուք բավարարված կլինեք մեր սպասարկումով»։
: Մենք արդեն ասացինք, որ «պաբլիսիթի» բառը շատ լայն իմաստ ունի։
: Դա ոչ միայն ուղղակի ռեկլամավորում է, այլև ամեն տեսակ հիշեցում ռեկլամավորվող ապրանքի կամ մարդու մասին ընդհանրապես։ Երբ, ասենք, պաբլիսիթի են անում որևէ դերասանի, ապա նույնիսկ թերթում տպած փոքրիկ հոդվածն այն մասին, որ նրան վերջերս հաջող վիրահատել են և նա ապաքինվելու ճանապարհին է գտնվում, նույնպես ռեկլամ է համարվում։ Մի ամերիկացի ձայնի մեջ նախանձի որոշ երանգով ասաց մեզ, որ տեր աստված հիանալի պաբլիսիթի ունի Միացյալ Նահանգներում։ Հիսուն հազար քահանաներ ամեն օր խոսում են նրա մասին։
: Կա նաև ռեկլամի ուրիշ ձև։ Որոշ չափով՝ գիտա֊լուսավորական։ Հանկարծ ճանապարհի երկարությամբ հայտնվում է մի քանի մղոնի վրա ձգված ռեկլամային պլակատների մի ամբողջ շարք։ Դա «վիկտորինայի» նման մի բան է։ Բոլորովին միանման դեղին աղյուսակներ՝ սև տառերով հարցեր են տալիս ուղևորներին։ Այնուհետև հարյուր մղոն անց, ինքներն էլ պատասխանում են հարցին։ Բերվում են ավետարանական տեքստեր, անեկդոտներ և աշխարհագրական կամ պատմական բնույթի զանազան տեղեկություններ։ Արդյունքն այն է լինում, որ ճիշտ հենց նույն դեղին աղյուսակի վրա, որից սրտնեղած ճանապորհորդը հույս ունի էլի մի քանի օգտակար տեղեկություններ քաղել, նա գտնում է ջերմորեն հանձնարարվող սափրվելու օճառի անունը և նողկանքավ զգում, որ այդ անունը պինդ նստել է հիշողության մեջ՝ ցմահ։
: Ուր էլ որ ամերիկացին նայում է՝ առաջ, ետ, աջ կամ ձախ, ամենուրեք տեսնում է հայտարարություններ։ Բայց աչքերը երկինք հառելու դեպքում էլ ռեկլամ է տեսնում։ Ինքնաթիռները կապույտ երկնքում խիզախորեն բառեր են գրում, որոնցով որևէ մեկի կամ որևէ բանի պաբլիսիթի են անում։
: Մեր մոխրագույն կառը առաջ ու առաջ էր ընթանում Նյու֊Յորք նահանգով։
: ― Կ՛աց, ― բղավեց հանկարծ միստեր Ադամսը։ ― Ո՛չ, ո՛չ։ Դուք այս պետք է տեսնեք և գրի առնեք ձեր հուշատետրերում։
: Մեքենան կանգ առավ։
: Մենք տեսանք բավականին մեծ, դեղին մի պլակատ, որը ներշնչված էր ոչ միայն առևտրական գաղափարներով։ Մի ինչ֊որ ամերիկացի փիլիսոփա, «Վայկին֊պրեսս» գործակալության օգնությամբ, ճանապարհի վրա ցցել էր այսպիսի մի ասացվածք՝ «Հեղափոխությունը դա կառավարման ձև է, որը հնարավոր է միայն արտասահմանում»։
: Միստեր Ադամսը հաճույք էր զգում։
: ― Ո՛չ, պարոնայք, ― ասում էր նա ուրախությունից գլխարկի մասին մոռացած։ ― Դուք պարզապես չեք հասկանում, թե ինչ բան է ռեկլամն Ամերիկայում։ Օ՜, նո։ Ամերիկացին սովոր է ռեկլամին հավատալ։ Այդ հասկանալ է պետք։ Բա՜ս։ Մեզանում հեղափոխությունը պարզապես անհնարին է։ Որպես անսխալ ճշմարտություն, այդ մասին է ձեզ ասում ճանապարհին «Վայկեն֊պրեսս» գործակալությունը։ Այո՛, այո՛, այո՛, պարոնայք։ Պետք չէ վիճել։ Գործակալությունը ստույգ գիտե։
: Այստեղ շատ յուրօրինակ է այն համարձակ պնդումը, թե հեղափոխությունը՝ դա «կառավարման ձև է»։ Ի դեպ, նման պլակատի հանդես գալու փաստն ինքնին ցույց է տալիս, որ կան մարդիկ, որոնց դեռ համոզել է պետք, որ, իբր, Ամերիկայում չի կարող հեղափոխություն լինել։
: ― Ո՛չ, պարոնայք, երբ դուք տեսնեք, կիրակնօրյա երեսուներկու էջանոց թերթի քսանհինգ էջը զբաղված ռեկլամով, մի կարծեք, թե այդ թերթը ոչ ոք չի կարդում։ Օ՜, նո։ Հիմարություն կլինի այդպես մտածել։ Չկա մի ռեկլամ, որն իր ընթերցողը չունենա։
: Երեկոյան կողմ մենք մոտոցանք Նիագարայի ջրվեժին։
: Ջրափոշիով ցողված մենք երկար նայում էինք ջրվեժին, որը երկնաքերծի բարձրունքից գահավեժ թափվում էր հազարավոր տոննաներով ջուր, որին դեռ չէին հաջողացրել լցնել շշերի մեջ և վաճառել իբրև ամենաթարմացնող, ամենաբուժիչ ըմպելիք, որը բարերար ներգործություն է ունենում վահանաձև գեղձերի վրա, օգնում է մատեմատիկայի ուսումնասիրմանը և նպաստում բորսայական հաջող գործարքներ կատարելուն։
: Միստեր Ադամսը ինչ֊որ բան էր բղավում, բայց ջրվեժի աղմուկը խլացնում էր ձայնը։
: Երեկոյան, երբ մեկնում էինք Նիագարա քաղաքից, միսիս Ադամսը մեքենան կանգնեցրեց Մայթի մոտ, որպեսզի հարցուփորձով իմանա Կլիվլենդի ճամփան․ Կլիվլենդն ընկած էր Դետրոյթ տանող մեր ուղու վրա։ Փողոցն ամայի էր, եթե հաշվելու չլինենք լապտերի տակ կանգնած երկու տարեց մարդու, արտաքուստ՝ բանվորների։ Միստեր Ադամսը դեռ նոր էր սկսել իջեցնել Ավտոմոբիլային դռնակի ապակին, երբ նրանք, իրար հրելով, նետվեցին դեպի մեքենան, իմանալու համար, թե մեզ ինչ է պետք։ Միստեր Ադամսը հարցրեց Կլիվլենդի ճամփան։ Նրանք սկսեցին խոսել երկուսով ու միաժամանակ, այնպես, որ ոչինչ հասկանալ չէր կարելի։ Բայց նրանցից մեկը վերջի֊վերջո իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը, դեն հրեց ընկերոջը և սկսեց մեզ բացատրել․
: ― Աստվա՜ծ իմ։ Կլիվլենդի ճամփան, ― ասում էր նա տաքացած։ ― Չէ՞ որ ես Կլիվլենդում են ծնվել։ Էդ էր պակաս, որ չիմանայի։ Ինձ վրա համարձակ կարող եք հույս դնել։ Ա՛յ,֊ա՛յ,֊ա՛յ։ Կլիվլենդի ճամփան։ Չէ՛, ձեր բախտն ուղղակի բանեց, որ ինձ հանդիպեցիք։
: Նա այնպես երջանիկ էր մեզ օգնելով, այնպես ոգևորությամբ էր բացատրում, թե որտեղ պետք է աջ թեքվել, որտեք՝ ձախ, որտեղ կարելի է էժան ընթրել, որ նրա ընկերը համարյա թե լաց էր լինում նախանձից և շարունակ փորձում էր խոսակցության մեջ ընկնել։ Բայց բնիկ Կլիվլենդցին նրան թույլ չէր տալիս ծպտուն հանել։ Նա թույլ չտվվեց ծպտուն հանել նույնիսկ միստեր Ադամսին։ Երբ մեկնում էինք, խիստ վշտացած էր։ Նա պատրաստ էր մեզ հետ գալ Կլիվլենդ, որպեսզի համոզված լիներ, որ ճամփան չենք կորցնի։
: Մեզ ճամփու դրին այնպիսի հուժկու «գուդ֊նայթ»֊ով, ասես մենք իրենց պատերազմ մեկնող ազգականները լինեինք։
===Գլուխ տասնհինգերորդ — Դիրբորն===
: Մեր կառը հանդիսավոր մուտք գործեց այն վայրը, ուր այն պատրաստվել էր հենց մի քանի ամիս առաջ, Դիրբորն քաղաքը՝ Ֆորդի ավտոմոբիլային արդյունաբերության կենտրոնը։ Աստվա՜ծ իմ։ Որքան ազնիվ մկնագույն կառեր տեսանք այնտեղ։ Նրանք կանգնած էին ճամփեզրերին, սպասելով իրենց տերերին կամ սլանում էին դիրբորնյան պարկի ամենալայն բետոնե ծառուղիով կամ բոլորովին նորերը, հենց նոր կոնվեյերից իջածները հանգստանում էին անցնող բեռնատարերի վրա։ Իսկ մենք կարծում էինք, թե մեր գնած ավտոմոբիլը միակ անկրկնելի գույնի ավտոմոբիլն էր։ Ճիշտ է, ճանապարհին արդեն շատ էինք հանդիպել մկնագույն ավտոմոբիլների, բայց մենք մխիթարում էինք մեզ, որ նրանք այդ գույնի ուրիշ երանգներն են կամ այնպիսի սլացիկ ձև չունեն, ինչպիսին մերը, նրանք այնքան էլ կաթիլաձև չեն։ Մենք շատ էինք գնահատում մեր լարովի մկան կաթիլաձևությունը։ Եվ հանկարծ մի այդպիսի՜ հարված։
: Եթե քաղաքները կարողանային իրենց համար եղանակ ընտրել, ինչպես մարդն է ընտրում գուլպային սազական փողկապ, ապա Դիրբորնը անպայման կընտրեր իր աղյուսաշեն երկհարկանի տներին սազական ամպամած եղանակ՝ դեղնագորշ անձրևաշերտերով։ Սարսափելի օր էր։ Սառը ջրափոշին տարածվում էր օդում, գրիպային զզվելի փայլով պատելով կտուրները, ավտոմոբիլի կողերը և Դիրբորնը Դետրոյթի հետ միացնող Միչիգան֊ավենյուի ցածլիկ շենքերը։ Անձրևի միջով պեծին էին տալիս դեղատների առավոտվանից լուսավորված ցուցանակները։
: ― Այսպիսի մի օր, ― ասաց միստեր Ադամսը, դեպի մեզ շուռ գալով, ― մի ջենտլմեն, ինչպես Դիկկենսն է պատմում, սովորականի պես ցիլինդրը դրեց գլխին և գնաց իր գրասենյակը։ Պետք է ձեզ ասեմ, որ այդ ջենտլմենի գործերը լավ էին գնում։ Նա ուներ կապուտաչ երեխաներ, գեղեցիկ կին և շատ փող էր վաստակում։ Դա երևում էր թեկուզ հենց նրանից, որ նա ցիլինդր էր կրում։
: Անգլիայում ո՛չ բոլորն են աշխատանքի գնում մետաքսյա շլյապայով։ Եվ հանկարծ, Թեմզայի վրայով կամուրջն անցնելիս, ջենտլմենը լռելյայն ցատկեց ջուրը և խեղդվեց։ Նո՜, նո՜, պարոնայք։ Դուք պետք է հասկանաք։ Եեջանիկ մարդը իր գրասենյակը գնալիս ճանապարհին նետվում է Թեմզան։ Ձեզ չի՞ թվում, որ Դիրբորնում ևս մարդ ուզում է ցիլինդր դնել։
: Փողոցը վերջացավ։ Էստակադայի բարձրությունից բացվում էր ինդուստրիալ խստաշունչ մի տեսարան։ Ղողանջում էին գործարանի ցեխերի միջև երթևեկող գնացքների ազդանշանային զանգերը։ Մի մեծ շոգենավ սուլելով, ջրանցքով գնում էր ուղիղ դեպի գործարանի մեջտեղը։ Մի խոսքով, այստեղ կար այն ամենը, ինչ տարբերում էր արդյունաբերական շրջանը մանկապարտեզից․ շատ ծուխ, գոլոշի, կճռտոց, շատ քիչ ժպիտ և ուրախալի թոթովանք։ Այստեղ մի տեսակ առանձնահատուկ լրջություն էր զգացվում, ինչպես պատերազմական գործողությունների թատերավայրում, ճակատամերձ շերտում։ Մոտերքում, մի ինչ֊որ տեղում, մարդիկ մասնակցում էին ինչ֊որ խիստ նշանակալից մի գործի ֊ ավտոմոբիլ էին շինում։
: Մինչ միստեր Ադամսը և միստեր Գրոզնին, որը ամենևին միստեր չէր, այլ ընկեր Գրոզնի, «Ավտոստրոյի» մեր ներկայացուցիչը Դիրբորնում, մեզ համար թույլտվություն էին ստանում գործարանը դիտելու համար, մենք կանգնել էինք ինֆորմացիոն բյուրոյի հոլլում և զննում էինք պարկետին դրված նոր թողարկվող ֆորդը։Դահլիճում այն ավելի մեծ էր երևում, քան փողոցում։ Անհավանական էր թվում, որ ֆորդի գործարանները յուրաքանչյուր օր յոթ հազար այդպիսի բարդ ու գեղեցիկ մեքենաներ են թողարկում։
: Թեև երեսունհինգ թվականի վերջն էր, Դիրբորնը և Դետրոյթը լեփ֊լեցուն էին երեսունվեց թվականի մոդելների ռեկլամային նմուշներով։ Ավտոմոբիլների նմուշները դրված էին հյուրանոցների նախասրահներում, , դիլերների խանութներում։ Նույնիսկ դեղատների և հրուշակարանների ցուցափեղկերում կարկանդակների, հոգնաների և սիգարատուփերի արանքներում պտտվում էին ֆայստոնյան հաստ անվադողեր հագցրած ավտոմսբիլների անիվները։ Միստեր Հենրի Ֆորդը գաղտնիք չէր սարքում իր արտադրությունից։ Նա այդ ցուցադրում էր, ուր միայն հնարավոր էր։ Բայց իր լաբորատորիայում դրված էր նվիրական մի առարկա՝ 1938 թվականի մոդելը, որի մասին ամենահակասական լուրեր էին պտտվում։ Իբր նրա մոտորը տեղավորված է հետևում, ռադիատոր, իբր, բոլորովին չկա, կուպեն, իբր, երկու անգամ մեծ է, և, ընդհանրապես, ավտոմոբիլային հազար ու մեկ գիշերներ։ Այդ ամենը առ ժամանակ ոչ ոք չի տեսնի, մանավանդ «Ջեներալ Մոտորսի» մարդիկ, որոնք Ֆորդից մի քանի մղոն հեռավորության վրա պատրաստում են, ֆորդովյան մակարդակի «շևրոլե» և «պլիմուտ» մեքենաներ։
: Թույլտվությունը շատ արագ ստացվեց։ Ադմինիստրացիան մեզ տրամադրեց հյուրերի «Լինկոլնը», որի մեջ նույնիսկ առջամորթուց ոտների ծածկոց կար, հավանորեն հեռավոր հյուսիսից եկած հյուրերի համար հնարավորին չափ մոտ և հարազատ իրադրություն ստեղծելու ցանկությունից։ «Լինկոլնի» հետ միասին առանձնացվեցին շոֆեր և գիդ։ Մենք մտանք գործարանային բակերը։
: Երկու կորպուսները միացնող ապակեպատ սրահում, ցերեկվա դեղնավուն լույսի տակ, դանդաղ լողում էին կոնվեյերի շխթաներից կախված ավտոմոբիլների մասերը։ Այդ դանդաղընթաց, համառ, անխափանելի շարժումը կարելի էր տեսնել ամեն տեղ։ Ամենուրեք՝ գլխավերևով, ուսերիդ բարձրությամբ կամ գրեթե հատակի մոտով, գնում էին ավտոմոբիլային մասեր․ թափքերի դրոշմատիպ կոդեր, ռադիատորներ, անիվներ, մոտորների ճախարակներ, ճամփորդում էին ավազակաղապարներ, որոնց մեջ դեռ լուսացայտում էր հեղուկ մետաղը, անցնում էին մետաղե խողովակներ, լապտերներ, կափարիչներ, ղեկի սյունիկներ՝ նրանցից դուրս ցցված ճոպաններով։ Նրանք մերթ վեր էին բարձրանում, մերթ իջնում, մերթ շուռ էին գալիս դեպի անկյունը։ Երբեմն նրանք դուրս էին գալիս թարմ օդ և շարժվում պատի երկարությամբ, կեռերի վրա օրորվելով, ինչպես ոչխարի մսեղիք։ Միլիոնավոր առարկաներ հոսում էին միաժամանակ։ Այդ տեսարանից մարդու շունչ էր կտրվում։
: Դա գործարան չէր։ Դա մի վստահ, փոքր֊ինչ դանդաղընթաց գետ էր, որ իր հոսանքն արագացնում էր գետաբերանին մոտենալիս։ Նա հոսում էր գիշեր֊ցերեկ, վատ եղանակին ու արևոտ օրերին։ Միլիոնավոր մասեր խնամքով տանում էր մի կետ, և այստեղ հրաշք էր տեղի ունենում, ձվից դուրս էր գալիս ավտոմոբիլը։
: Ֆորդի գլխավոր կոնվեյերի վրա մարդիկ աշխատում էին տենդագին արագությամբ։ Մեզ խիստ զարմացրեց կոնվեյերի վրա զբաղված մարդկանց մռայլ֊գրգռված տեսքը։ Աշխատանքն ամբողջովին կլանում էր նրանց, նույնիսկ գլուխ բարձրացնելու ժամանակ չունեին։ Բայց բանը միայն ֆիզիկական հոգնածության մեջ չէր։ Երևում էր, որ մարդիկ հոգեպես են ճնշված, որ կոնվեյերի մոտ նրանց համակում է ամենօրյա վեցժամյա խելացնորությունը, որից հետո տուն վերադառնալով, պետք է ամեն անգամ երկար բուժվել, ապաքինվել, որպեսզի հետևյալ օրը նորից ընկնես ժամանակավոր խելացնորության մեջ։
: Աշխատանքն այնպես է մասնատված, որ կոնվեյերի մարդիկ ոչինչ անել չգիտեն, նրանք պրոֆեսիա չունեն։ Բանվորներն այստեղ ոչ թե կառավարում են մեքենան, այլ սպասարկում են նրան։ Ուստի նրանց մոտ չի երևում այն սեփական արժանապատվությունը, որ ունեն ամերիկյան որակյալ բանվորները։ Ֆորդի բանվորը լավ աշխատավարձ է ստանում, բայց իրենից տեխնիկական արժեք չի ներկայացնում։ Ուզածդ րոպեին նրան կարող են վռնդել և վերցնել մեկ ուրիշին։ Եվ այդ ուրիշը քսաներկու րոպեի ընթացքում կսովորի ավտոմոբիլ շինել։ Ֆորդի մոտ աշխատանքը վաստակ տալիս է, բայց չի բարձրացնում որակավորումը և չի ապահովում ապագան։ Այդ իսկ պատճառով ամերիկացիները ջանում են չգնալ Ֆորդի մոտ, իսկ եթե գնում են, ապա որպես վարպետներ, ծառայողներ։ Ֆորդի մոտ աշխատում են մեքսիկացիներ, լեհեր, չեխեր, իտալացիներ, նեգրեր։
: Կոնվեյերը շարժվում է, և մեկը մյուսի հետևից իջնում են հիանալի և էժան մեքենաները, որոնք լայն դարպասներով դուրս են գալիս աշխարհ, ընդարձակ տափաստան, ազատություն։ Դրանք շինող մարդիկ մնում են բանտարկության մեջ։Դա տեխնիկայի հաղթանակի և մարդկային դժբախտությունների մի զարմանալի պատկեր է։
: Կոնվեյերով անցնում էին ամեն գույնի ավտոմոբիլներ․ սև, վաշինգտոնյան երկնագույն, կանաչ, թնդանոթային մետաղի գույնի (այդպես էլ պաշտոնապես կոչվում է) մեքենաներ, նույնիսկ, օ՜խ, օխ, ազնիվ մկնագույն։ Կար մի թափք՝ վառ նարնջագույն, ըստ երևույթին ապագա տաքսոմոտոր էր։
: Հավաքման աղմուկի և ավտոմատ պտուտակաբանիչների թխկթխկոցների մեջ կար մի մարդ, որ վեհապանծ անդորություն էր պահպանում։ Դա ներկարարն էր, որի պարտականությունն է բարակ վրձինով գունավոր խազ քաշել թափքի վրա։ Նա ոչ մի հարմարանք, նույնիսկ հենաձողիկ չուներ՝ ձեռքը պահելու համար։ Ձախ ձեռքից կախված էին զանազան ներկերի բանկաներ։ Նա չէր շտապում։ Նա նույնիսկ հասցնում էր խստապահանջ հայացք գցել իր աշխատանքի վրա։ Մկնագույն ավտոմոբիլի վրա նա կանաչ խազ քաշեց։ Նարնջագույն տաքսիի վրա կապույտ գիծ քաշեց։ Նա ազատ գեղանկարիչ էր, միակ մարդը Ֆորդի գործարանում, որը ոչ մի առնչություն չուներ տեխնիկայի հետ, ինչ֊որ մի տեսակ նյուրնբերգյան մայստերզինգեր, ներկարարական ցեխի ազատասեր մի վարպետ։ Հավանորեն, Ֆորդի լաբորատորիայում գտել էին, որ այդ միջնադարյան եղանակով խազ քաշելն ամենից ձեռնտու է։
: Զանգը հնչեց, կոնվեյերը կանգ առավ, և շենք մտան ավտոմոբիլային փոքրիկ գնացքներ՝ բանվորների նախաճաշիկով։ Բանվորները անլվա ձեռքերով մոտենում էին վագոնիկներին, գնում սանդվիչներ, պոմիդորի հյութ, նարինջ և նստում հատակին։
: ― Պարոնա՛յք, ասաց միստեր Ադամսը, հանկարծակի աշխուժանալով, ― դուք գիտե՞ք, թե ինչու միստեր Ֆորդի բանվորները նախաճաշում են ցեմենտե հատակին։ Դա շատ, շատ հետաքրքիր է, պարոնայք։ Միստեր Ֆորդի համար միևնույն է, թե ինչպես է նախաճաշելու իր բանվորը։ Նա գիտե, որ կոնվեյերը, միևնույն է, կստիպի նրան իր աշխատանքն անել, անկախ այն բանից, թե որտեղ է կերել՝ հատակին, սեղանին, կամ եթե նույնիսկ ամենևին բան չի կերել։ Ա՜յ, վերցրեք օրինակ, «Ջեներալ էլեկտրիկը»։ Հիմարություն կլիներ կարծել, պարոնայք, թե «Ջեներալ Էլեկտրիկի» ադմինիստրացիան ավելի շատ է սիրում բանվորներին, քան միստեր Ֆորդը։ Գուցե և պակաս է սիրում։ Մինչդեռ նրանք հիանալի ճաշարաններ ունեն բանվորների համար։ Բանն այն է, պարոնայք, որ նրանց մոտ աշխատում են որակյալ բանվորներ և նրանց հետ պետք է հաշվի նստել, նրանք կարող են գնալ ուրիշ գործարան։ Դա զուտ ամերիկյան գիծ է, պարոնայք։ Ո՛չ մի ավելորդ բան չանել։ Մի՛ տարակուսեք, որ միստեր Ֆորդը իրեն համարում է բանվորների բարեկամ։ Բայց նա ոչ մի ավելորդ կոպեկ չի ծախսի նրանց վրա։
: Մեզ առաջարկեցին նստել կոնվեյերից հենց նոր իջած մեքենան։ Յուրաքանչյուր մեքենա երկու֊երեք փորձնական պտույտ է կատարում գործարանային հատուկ ճանապարհով։ Դա մի տեսակ շատ վատ ճանապարհի նմուշ է։ Կարելի է շրջել բոլոր նահանգները և չգտնել այդպիսին։ Ընդհանրապես ճանապարհը այնքան էլ վատը չէր։ Մի քանի քաղաքավարի դարուփոս, մի փոքրիկ, նույնիսկ համակրելի ջրափոսիկ, և ուրիշ ոչինչ, ոչ մի սարսափելի բան։ Եվ մեր աչքի առաջ ոչ մի պրոֆեսիա չունեցող մարդկանց ձեռքերով շինված ավտոմոբիլը ցույց տվեց հիանալի հատկություններ։ Նա շեշտակի շրջադարձեր էր վերցնում ժամում երեսունհինգ մղոն արագությամբ, հիանալի պահպանում էր կայունությունը, երկրորդ արագության վրա ընթանում էր ժամում հինգ մղոնից ոչ արագ և այնպես փափուկ էր ցատկոտում, դարուփոսերի վրայով, ասես դրանք չէին էլ եղել։
: ― Այո՛, այո՛, այո՛, ― խնդությամբ ասում էր Ադամսը։ Միստեր Ֆորդը ավտոմոբիլ շինել գիտե՜։ Նո՛, նո՛, պարոնայք, օ, նո՜։ Դուք նույնիսկ չեք հասկանում, թե ինչ առաջադիմություն է տեղի ունեցել այս գործում։ Երեսունհինգ թվականի ֆորդը ավելի լավն է, քան քսանութ թվականի «կադիլլակը»։ Յոթ տարվա ընթացքում էժան կարգի մեքենան ավելի լավն է դարձել, քան բարձր կարգի մեքենան էր։ Ա՜յ, խնդրեմ։ Գրեցեք ձեր հուշատետրում, միստեր Իլֆ և միստեր Պետրով, եթե ուզում եք իմանալ, թե ինչ բան է Ամերիկան։
: Այստեղ ոչ միայն մասեր եմ հոսում, միանալով դառնում ավտոմոբիլ, ոչ միայն ավտոմոբիլներն էին դուրս հոսում գործարանային դարպասներից անընդհատ հերթով, այլ գործարանն ինքն էր անընդհատ փոխվում, կատարելագործվում ու լրացնում իր սարքավորումները։
: Ձուլարանում ընկեր Գրոզնին հանկարծ ոգևորված սկսեց հիացմունքով հայհոյել։ Նա միայն երկու շաբաթ չէր եղել այստեղ, և այդ ժամանակամիջոցում լուրջ ու կարևոր փոփոխություններ էին տեղի ունեցել։ Ընկեր Գրոզնին կանգնել էր ցեխի մեջտեղում, կրակի ցոլքերում լուսավորված նրա դեմքի վրա այնպիսի խանդավառություն էր ցոլում, որ այն լրիվ գնահատել և հասկանալ կարող էր միայն ճարտարապետը, իսկական ճարտարապետը և ոչ թե մարդկային սրտերի ճարտարապետը։
: Գորշ դեղնավուն ցերեկը արագ փոխարինվեց սևադեղին աղջամուղջով։ Երբ մենք թողնում էինք գործարանը, բակում արդեն կանգնած էր պատրաստի ավտոմոբիլների հսկայական մի քառանկյունակ, և նրանց մեջ, կենտրոնում՝ ինչ֊որ տեղ, նկատեցինք վառ նարնջագույն տաքսոմոտորը, որը քիչ առաջ բանում էր կոնվեյերով։
: Միչիգան֊ավենյուի վարսավիրանոցում, ուր մենք սափրվում էինք, վարպետներից մեկը սերբ էր, մյուսը՝ իսպանացի, երրորդը՝ սլովակ, իսկ չորրորդը՝ Երուսաղեմում ծնված մի հրեա։ Ճաշում էինք լեհական ռեստորանում, որտեղ մատուցում էր մի գերմանուհի։ Այն մարդը, որին փողոցում հարցրինք ճանապարհ, անգլերեն չգիտեր։ Դա մի հույն էր, որ վերջերս էր եկել այստեղ՝ դժոխքի խորխորատը, Պելոպոնեսյան թերակզուց։ Նա աքսորական փիլիսոփայի վշտահար, սև աչքեր ուներ։ Կինեմատոգրաֆում, մթության մեջ հանկարծ լսեցինք բարձրաձայն արտասանված նախադասություն․ «Մանյա՛, չէ՞ որ քեզ ասում էի, որ հարկ չկար այս պիկչերը գալ»։
: ― Ահա՛, ահա՛, պարոնայք, ― ասում էր Ադամսը, ― դուք գտնվում եք իսկական Ամերիկայում։
: Առավոտյան մենք գնացինք աշխարհով մեկ ցրված Ֆորդի բոլոր գործարանների դիրեկտոր միստեր Սորենսենի մոտ։
: Անցանք դահլիճով, որի պարկետած մաքուր հատակին դարսված էին ստանդարտ ավտոմոբիլի դետալներ, և վերարկուներով ու գլխարկներով առաջնորդվեցինք դիրեկտորի ապակեպատ առանձնասենյակը։ Այստեղ մի մեծ գրասեղան էր դրված, որի վրա ոչ մի թուղթ չկար, կար միայն հեռախոս և սեղանի օրացույց։
: Առանձնասենյակ մտավ բարձրահասակ, նիհար մի մարդ՝ մոխրագույն կոստյումով, ալեհեր, թարմ դեմքով ու թեթև ասպետի քայլվածքով։ Ձեռքին բռնած ուներ պլաստմասսայից շինված փոքրիկ, սև դետալ։ Դա միստեր Սորենսենն էր, ծագումով դանիացի, վառարանագործի զավակ, ինքն էլ մի ժամանակ վառարանագործ, իսկ հետո կաղապարագործ։
: Արդեն Ամերիկայից մեկնելուց առաջ էր, երբ վաշինգտոնյան մի թերթում կարդացինք փոքրիկ թղթակցություն, որտեղ թվարկված էին մի տասնյակ մարդկանց անուններ, որոնք ամենաբարձր ռոճիկն էին ստանում երկրում։ Միստեր Սորենսենը տասներորդ տեղումն էր։ Առաջին տեղը գրավում էր Մեյ Վեստը, կինոաստղ, գռեհիկ, ապաշնորհ ու հաստ մի կնիկ։ Երեսունհինգ թվականին նա ստացել էր չորս հարյուր հիսուն հազար դոլար։ Սորենսենը ստացել էր հարյուր տասներկու հազար դոլար։
: Նա իսկույն խոսք բացեց ձեռքին բռնած դետալի մասին։ Առաջներում այն շինվում էր պողպատից, այժմ շինել են պլաստմասսայից և հիմա փորձարկում են։
: ― Մենք շարունակ շարժման մեջ ենք գտնվում, ― ասաց միստեր Սորենսենը։ ― Դրանումն է ավտոմոբիլային արտադրության ողջ էությունը։ Ոչ մի րոպե կանգառ, այլապես մեզնից կանցնեն։ Հիմա մենք պետք է մտածենք, թե ինչ ենք անելու քառասուն թվականին։
: Նա դուրս եկավ սենյակից և վերադարձավ ձեռքին բռնած մի ձուլվածք։ Դա մոտորի բլոկ էր, որը պողպատից ձուլել էր անձամբ, դիրեկտորական իր ձեռքերով։
: ― Մենք դեռ երկար պետք է փորձենք, թե ինչ է ստացվել։ Բայց, հավանորեն, սա կմտնի մեր ավտոմոբիլի մեջ։
: Մենք շոշափեցինք այն բլոկը, որը մի քանի տարուց հետո մտնելու է մեքենայի մեխանիզմի մեջ։
: Միստեր Սորենսենը մեզ տարավ գույց տալու այն լուսանկարը, որտեղ նա նկարահանվել էր Գորկու գործարանի դիրեկտոր Դյակոնովի և Գրոզնու հետ։ Սրտաբաց ժպտալով, բոլոր երեքն էլ նայում էին ուղիղ ապարատին։
: Մենք կարողացանք խոսակցության մեջ մի նախադասություն խցկել այն մասին, որ ուզում ենք տեսակցել պարոն Ֆորդի հետ, և միստեր Սորենսենն ասաց, թե կաշխատի պարզել՝ հնարավոր է, թե ոչ։ Սակայն մենք համոզված չէինք, որ տեսակցություն, իրոք, կկայանա։ Բոլորը մեզ նախազգուշացնում էին, թե այդ շատ դժվար է, որ Ֆորդը ծեր է, զբաղված և դժվարությամբ է համաձայնում հանդիպումների։
===Գլուխ տասնվեցերորդ — Հենրի Ֆորդ===
: Առավոտյան զանգահարեցին միստեր Սորենսենի մոտից և ասացին, որ միստեր Ֆորդը կարող է մեզ ընդունել։
: Խնդրեցին անցնել միստեր Կամերոնի՝ Ֆորդի անձնական քարտուղարի մոտ։ Միստեր Կամերոնը տեղավորված էր կոնստրուկտորական բյուրոյի շենքում։
: ― Հիմա միստեր Ֆորդը այստեղ չէ, ― հաղորդեց նա, ― և ես ստույգ ասել չեմ կարող, թե երբ կարող եք տեսակցել նրա հետ։ Բայց չէ՞ որ միևնույն է՝ դիտում եք գործարանը և, հավանորեն, օրական տասն անգամ անցնում եք մեր «օֆիսի» կողքով։ Երբ անցնելու կլինեք, այցելեք ինձ․ միգուցե միստեր Ֆորդը այդ պահին այստեղ կլինի։
: Մենք արդեն գիտեինք, որ Ֆորդը առանձնասենյակ չունի, որ նա չի փակվում, դռները չի փակում ու նստում, այլ շարունակ ման է գալիս կոնստրուկտորական բյուրոյում։ Ուստի մենք բնավ չզարմացանք և, արջամորթով մեր ոտքերը ծածկելով, նորից գնացինք դիրբորնյան հրաշալիքները տեսնելու։
: Այդ օրը սկսեցինք մեքենաների թանգարանից։
: Թանգարանի շենքը միայն մեկ դահլիճ ունի՝ ութ հեկտար տարածությամբ։ Հատակը շինված է կաղնու պարկետից, որը պողպատի պես զրնգում է ոտքերի տակ։ Մետաղե սյուները պահում են առաստաղը։ Նրանք միաժամանակ կենտրոնական ջեռուցման ջերմատարներն են հանդիսանում։
: Թանգարանը դեռ պատրաստ չէ։ Բայց հիանալի ցուցանմուշներ այստեղ բերված են ամբողջ աշխարհից։ Այստեղ տասնյակ շոգեմեքենաներ կան՝ սկսած համարյա թե Ուատտի կաթսայից։ Բոլոր մեքենաները դրվում են հիմքերի վրա, այն հաշվով, որ թանգարանը բացելուց հետո կարողանան աշխատել՝ ակնառու ցուցադրելով հնօրյա տեխնիկան։ Նրանց մեջ կան արտասավոր շքեղության նմուշներ, անճոռնի, ծանր, և դրված կանաչ յուղաներկած կորնթոսյան չուգունե սյուների վրա։ Ավտոմոբիլային բաժինը վիթխարի է։ Ըստ երևույթին այստեղ հավաքված են ավտոմոբիլների բոլոր տիպերն ու մոդելները, որոնք երբևէ գոյություն են ունեցել աշխարհում։ Եվ չի կարելի ասել, թե երեսուն տարի սրանից առաջ գեղեցիկի հասկացողությունը խորթ է եղել ավտոմոբիլ շինողներին։ Իհարկե, գրեթե բոլոր այդ մեքենաները այժմ տարօրինակ են թվում մեր աչքին, բայց նրանցում կան շատ գեղեցիկ նմուշներ։ Նրանցում շատ կա կարմիր պղինձ, պսպղացող կանաչավուն արույր, հայելու ապակիներ, սաֆյան։ Մյուս կողմից, այդ ավտոմոբիլները ընդգծում են արդի ավտոմոբիլային տեխնիկայի վեհությունը, ցույց են տալիս, թե որչափ լավ են շինում ավտոմոբիլները հիմա, որքան էժան, հասարակ, ուժեղ, նրբագեղ են նրանք։
: Միգուցե Ֆորդն ինքն էլ դեռ չգիտե, թե ինչ տեսք կունենա իր թանգարանը։ Այստեղ ղեկավար սկզբունք չի զգացվում բաժինների կազմակերպման և ցուցանմուշների դասավորման գործում։ Ֆորդը շտապում է։ Շարունակ թանգարան են բերում նորանոր նմուշներ։ Այստեղ կան փայտե արորներ, տափաններ, փայտե ջուլհակահաստոցներ, կարի առաջին մեքենաները, առաջին գրամեքենաները, հին գրամաֆոններ, շոգեքարշեր և գնացքներ։
: Մաքուր պարկետի մեջ հագցրած ռելսերի վրա կանգնած է հնօրյա մի գնացք՝ տամբուրների վրա չուգունե ձևավոր ձողեր։ Վագոնների դրսի պատերը նախշված են վարդերով և տերևներով, իսկ պատուհանների տակ, մեդալիոնների մեջ, նկարված են գյուղական տեսարաններ։ Վագոնները կցված են պղնձյա լապտերներ, բռնատեղեր և զինանիշեր ունեցող արագաշարժ, փոքրիկ շոգեքարշին։ Հիսուն տարի սրանից առաջ ճիշտ այդպիսի մի գնացքում Էդիսոն ազգանունով մի տղա, ուղևորներին թերթ է վաճառել։ Ճիշտ այդպիսի մի գնացքում, նա կոնդուկտորից ականջին ստացել է պատմական ապտակը, որից զրկվել է լսողությունից։ Եվ հազար ինը հարյուր քսանյոթ թվականին, Էդիսոնի ութսունամյակի տոնակատարության օրերին, Դետրոյթի և Դիրբորնի միջև վերականգնել են հնօրյա երկաթուղային ճյուղը, և հենց նույն ծաղիկներով ու բնանկարներով գնացքը , որը մենք տեսանք թանգարանում, տարել է մեծ գյուտարարին։ Եվ ինչպես յոթանասունհինգ տարի աւաջ Էդիսոնը թերթ է վաճառել գնացքում նստած հյուրերին։ Չի եղել միայն տղային գնացքից նետած կոպիտ կոնդուկտորը։ Եվ երբ Էդիսոնին հարցնում էին, թե խլությունը չի՞ ազդել արդյոք իր աշխատանքին, նա պատասխանել է․
: ― Ամենևին։ Ես նույնիսկ ազատվեցի բազում հիմարություններ լսելու անհրաժեշտությունից, որոնցով այնքան առատաձեռն են մարդիկ։
: Ծիծաղելի գնացքը ծնգծնգացնելով, արագ շարժվում էր Դիրբորն։ Իսկ շուրջը, բովանդակ աշխարհում, բոցկլտում էր էլեկտրականությունը, զրնգում էին հեռախոսները, հնչում պատեֆոնի սկավառակնրը, էլեկտրական ալիքները գոտևորել էին աշխարհը։ Եվ այդ ամենին կյանքի էր կոչել զորավարի դեմքով խուլ ծերուկը, որը դանդաղաքայլ անցնում էր վագոնից վագոն և թերթ վաճառում։
: Հեռանալով թանգարանից, մենք նախասրահում տեսանք հատակին հագցված բետոնե մի սալաքար։ Նրա վրա երևում էին Էդիսոնի ոտքի հետքերը և նրա ինքնագիր ստորագրությունը։
: Մենք գնացինք Ֆորդի մյուս թանգարանը, այսպես կոչված, «գյուղը», Գրինֆիլդ֊վիլլեջ։ Գյուղը մեծ տերիտորիա էր զբաղեցնում, և այն դիտելու համար այցելուներին տրամադրում էին հինավուրց կառեթներ, դոլմեզներ և գծակառքեր։ Նստիքին բազմում էին մորթին դուրսը մուշտակ հագած և ցիլինդրավոր կառապաններ։ Նրանք շրխկացնում էին մտրակները։ Կառապաններին նույնքան տարօրինակ էր նայել, որքան և նրանց ձիերին։ Ավտոմոբիլներով մուտք գործել Գրինֆիլդ֊վիլլեջ, արգելված է։ Մենք նստեցինք կառեթ և շարժվեցինք մի ճանապարհով, որպիսին վաղուց չէինք տեսել։ Դա էլ հնամոդայիկ մի ճանապարհ էր, տասնինը դարի հիսունական թվականների մի հրաշալիք․ ցեխ, վրան մի թեթև մանրախիճ ցանած։ Նրանով մենք առաջ էինք շարժվում կալվածատիրական անշտապ, մանր վարգով։
: «Գյուղը», դա Ֆորդի ոչ վաղուցվա ձեռնարկումն է։ Դժվար է պատասխանել այն հարցին, թե ինչ բան է դա։ Նույնիսկ Ֆորդն ինքը, դժվար թե կարողանա ստույգ բացատրել, թե ինչին է հարկավոր եղել այն։ Միգուցե ցանկացել է հարություն տալ հին ժամանակներին, որին կարոտել է նա կամ, միգուցե, ընդհակառակն, ուզեցել է ընդգծել հին օրերի խեղճությունը՝ համեմատած ժամանակակից տեխնիկայի հրաշալիքների հետ։
: Մենլո պարկից թանգարանային գյուղն է ամբողջովին տեղափոխվել Էդիսոնի հին լաբորատորիան, հենց այն լաբորատորիան, ուր անհամար փորձեր էին կատարվում առաջին էլեկտրական լամպի բարակ մետաղալարը գտնելու համար, ուր առաջին անգամ վառվեց այդ լամպը, ուր առաջին անգամ խոսեց ֆոնոգրաֆը, ուր շատ բան տեղի ունեցավ առաջին անգամ։
: Ճռճռացող հատակներով և մրոտ պատերով փայտաշեն, խղճուկ տան մեջ ծնունդ է առել մեր ժամանակակից տեխնիկան։ Էդիսոնյան հանճարի ու տիտանական եռանդի հետքերը հիմա էլ են երևում։ Լաբորատորիայում այնքան մետաղյա և ապակյա անոթներ կային, այնքան բանկաներ ու երկարավիզ սրվակներ, որ մի ամբողջ շաբաթ պետք էր նրանց վրայի փոշին սրբելու համար։
: Լաբորատորիան մտնողներին դիմավորում էր վառվռուն սև աչքերով, գանգրահեր մի ծերուկ։ Գլխին դրած ուներ մետաքսե թասակ, որպիսիսն սովորաբար կրում են ակադեմիկոսները։ Նա եռանդով զբաղվեց մեզ հետ։ Դա Էդիսոնի աշխատակիցներից մեկն էր, կարծեմ միակ կենդանի մնացածը։
: Նա անմիջապես թափահարեց երկու ձեռքը և որքան ուժ ուներ բղավեց․
: ― Այն ամենը ինչ աշխարհն ստացել է Էդիսոնից, նրա ջահելությունը և ուժն են արել․ ծերության օրերի Էդիսոնը ոչինչ է երիտասարդ Էդիսոնի համեմատությամբ։ Գիտության առյուծն էր նա։
: Եվ ծերուկը ցույց տվեց մեզ Էդիսոնի լուսանկարների պատկերասրահը։ Որոշ նկարներում երիտասարդ գյուտարարը նման էր Բոնապարտին՝ գունատ ճակատին ընկած էր հպարտ մազափունջը։ Մյուսներում նմանվում էր ուսանող Չեխովին։ Ծերուկը շարունակում էր աշխուժորեն թափահարել ձեռքերը։ Մենք նույնիսկ մտորեցինք․ որտեղի՞ց ամերիկացուն այդպիսի խանդավառություն։ Բայց հենց տեղում պարզվեց, որ ծերուկը ֆրանսիացի է։
: Գիտնականը խոսելով իր մեծ ընկերոջ մասին, գնալով ավելի ու ավելի էր ոգևորվում։ Մենք ուշադիր ունկնդիրներ էինք, և դրա համար վարձահատույց եղանք։ Ծերուկը մեզ ցույց տվեց աշխարհում առաջին անգամ վառված լամպը։ Նա նույնիսկ դիմախաղով ներկայացրեց, թե այդ ինչպես է տեղի ունեցել, ինչպես են իրենք նստել լամպի շուրջը՝ սպասելով արդյունքին։ Բոլոր մետաղալարերը վառվում էին մի պահ և իսկույն փչանում։ Եվ, վերջապես, գտնվեց այն լարը, որն այրվեց և չհանգավ։ Նստեցին մի ժամ՝ լամպը վառվում էր։ Նստեցին անշարժ երկու ժամ՝ լամպը վառվում էր։ Նստեցին ամբողջ գիշեր։ Դա հաղթանակ էր։
: ― Գիտությունը Էդիսոնից պրծում չունի, ― գոչեծ ծերուկը։ ― Նույնիսկ ժամանակակից ռադիո֊լամպերը ծնվել են այս շիկացման էլեկտրալամպի լույսի հետ։
: Ծերուկը դողդոջուն, բայց ճարպիկ ձեռքերով էդիսոնյան առաջին լամպը հարմարեցրեց ռադիոընդունիչին և բռնեց մի քանի կայան։ Ուժեղացումը այնքան էլ մեծ չէր, բայց պարզորոշ էր։ Հետո ծեր գիտնականը վերցրեց անագաթղթի մի թերթ և դրեց ֆոնոգրաֆի՝ այդ առաջին մեքենայի մեջ, որը խոսել էր սկսել մարդկային ձայնով։ Մինչ այդ, մեքենաները կարող էին միայն գվվալ, կրճտալ կամ սուլել։ Ֆոնոգրաֆը գործի դրվեց, և ծերուկը ձայնափողի մեջ արտասանեց այն բառերը, որոնք իր ժամանակին, իր ներկայությամբ այդ ձայնափողի մեջ ասել էր Էդիսոնը։ Դրանք մանկական հին երգի խոսքեր էին Մերիի և գառնուկի մասին։ Երգը վերջանում էր ծիծաղով՝ հա՛֊հա՛֊հա՛։
: ― Հա՛֊հա՛֊հա՛, ― միանգամայն որոշակի արտասանեց ֆոնոգրաֆը։
: Մենք այնպիսի զգացում ունեցանք, ասես այդ ապարատը ծնվեց հենց նոր՝ մեր ներկայությամբ։
: ― Այդ գիշեր Էդիսոնն անմահացավ, ― գոչեց ծերուկը։
: Նրա աչքերին արցունքներ երևացին։ Եվ նա կրկնեց։
: ― Երիտասարդությունը Էդիսոնի ուժն էր։
: Իմանալով, որ մենք գրողներ ենք, ծերուկը հանկարծ լրջացավ։ Նա հանդիսավորությամբ նայեց մեզ և ասաց․
: ― Գրեցեք միայն այն, ինչ մտածում եք։ Ո՛չ Անգլիայի, ո՛չ Ֆրանսիայի, գրեցեք ամբողջ աշխարհի համար։
: Ծերուկը ոչ մի կերպ չէր ուզում, որ մենք գնայինք։ Նա խոսում էր Էդիսոնի մասին, հաբեշական պատերազմի մասին, նա նզովում էր Իտալիան, նզովում պատերազմը և փառաբանում գիտությունը։ Միստեր Ադամսը մի ժամ շարունակ զուր էր փորձում գոնե մի խոսք խցկել այդ մտքերի, կշռադատումների և բացականչությունների մրրիկի մեջ։ Այդ նրան չհաջողվեց։ Ֆրանսիացին թույլ չէր տալիս նրան բերան բացել։ Վերջապես սկսեցինք հրաժեշտ տալ, և այդ պահին երկու ծերուկները ցույց տվին, թե ինչպես պետք է այդ անել։ Նրանք խփում էին իրար՝ ձեռքերին, ուսերին ու մեջքին։
: ― Գուդ բայ, սըր, ― բղավում էր Ադամսը։
: ―Գու՛դ բայ, գու՛դ բայ, ― ճղում էր իրեն ծերուկը։
: ― Թենկ յու վերի, վերի մաչ, ― բղավում էր Ադամսը, սանդուղքով իջնելով։ ― Անչափ շնորհակալ եմ ձեզանից։
: ― Վե՛րի, վե՛րի, ― լսվում էր վերևից։
: ― Ո՛չ, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― դուք ոչինչ չեք հասկանում։ Ամերիկայում կան լավ մարդիկ։
: Եվ նա հանեց կարմիր, խոշոր վանդակներով ընտանեկան մեծ թաշկինակը և ակնոցը չհանելով, սրբեց աչքերը։
: Երբ անցնում էինք լաբորատորիայի մոտով, մեզ հաղորդեցին, որ միստեր Ֆորդը դեռ չկա։ Գնացինք առաջ, Դիրբորնից տասնհինգ մղոն հեռավորության վրա գտնվող Ֆորդի ֆառերի գործարանը։ Մեր երիտասարդ գիդը անսպասելի կերպով զրուցասեր դուրս եկավ և ամբողջ ճանապարհին մեզ զվարճացրեց։ Պարզվեց, որ Ֆորդի գործարանում կա սեփական գաղտնի ոստիկանություն։ Նա բաղկացած է հինգ հարյուր հոգուց և, ի միջի այլոց, այնտեղ ծառայում են Դետրոյթի ոստիկանության նախկին պետը և նշանավոր բռնցքամարտիկ Ջո Լուիսը։ Այդ գործունյա ջենտլմենների օգնությամբ Դիրբորնում կատարյալ խաղաղություն է տիրում։ Պրոֆմիութենական կազմակերպություն այստեղ գոյություն չունի։ Ընդհատակ է քշված։
: Մեր գնացած գործարանը առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում։ Դա սոսկ գործարան չէ, այլ ինչ֊որ տեխնիկական ու քաղաքական մի նոր գաղափարի մարմնացում։ Մենք արդեն շատ էինք լսել նրա մասին, քանի որ շատ առօրեական էր այն խոսակցությունների կապակցությամբ, որ Ամերիկայում տարվում էր մեքենաների դիկտատուրայի մասին և այն մասին, թե ինչպես կյանքը դարձնել երջանիկ, միաժամանակ պահպանելով կապիտալիզմը։
: Մեզ հետ խոսելիս միստեր Սորենսենը և միստեր Կամերոնը, որոնք երկուսով ներկայացնում են Հենրի Ֆորդի աջ ու ձախ ձեռքերը, ասացին, որ եթե նրանք ստիպված լինեին նորից կառուցել Ֆորդի ձեռնարկությունները, ոչ մի դեպքում չէին կառուցի գիգանտ֊գործարաններ։ Մի գործարանի փոխարեն նրանք կկառուցեին հարյուրավոր, իրարից որոշ հեռավորության վրա ընկած մանր, գաճաճ գործարանիկներ։
: Դիրբորնում մենք մի նոր լոզունգ լսեցինք․ «Գյուղական կյանք և քաղաքային վաստակ»։
: ― Պատկերացրեք, ― ասացին մեզ, ― անտառ, դաշտ, հանդարտ, նույնիսկ շատ փոքր մի գետակ։ Այստեղ կանգնած է մի պստիկ գործարան։ Շուրջը ապրում են ֆերմերներ։ Նրանք մշակում են իրենց հողամասերը և հենց նրանք էլ աշխատում են մեր գործարանում։ Հիանալի օդ, լավ տնակներ, կովեր, սագեր։ Եթե ճքնաժամ սկսվի, և մենք կրճատենք արտադրությունը, բանվորը սովից չի մեռնի, նա ունի հող, հաց, կաթ։ Դուք հո գիտեք, որ մենք բարերարներ չենք, մենք ուրիշ գործով ենք զբաղված, մենք շինում ենք լավ ու էժան ավտոմոբիլներ։ Եվ եթե գաճաճ գործարանները տեխնիկական մեծ էֆեկտ չտային, միստեր Հենրի Ֆորդը չէր դիմի այդ գաղափարին։ Բայց մենք ճշտորեն պարզել ենք, որ գաճաճ գործարաններում, որտեղ մեքենաների ու բանվորության հսկայական կուտակում չկա, աշխատանքի արտադրողականությունը շատ ավելի բարձր է, քան մեծ գործարանում։ Այդպիսով, բանվորն ապրում է գյուղական էժան և առողջ կյանքով, իսկ նրա վաստակը քաղաքային է։ Բացի այդ, մենք նրան ազատում ենք առևտրականների բռնակալությունից։ Մենք նկատել ենք, որ բավական է թեկուզ մի փոքր բարձրացնենք աշխատավարձը, որ Դիրբորնում անմիջապես հարաբերականորեն բարձրանան բոլոր գները։ Այդ չի լինի, եթե վերանա տասնյակ ու հարյուր հազարավոր բանվորների կուտակումը նույն տեղում։
: Այդ միտքը Ֆորդի գլխում ծագել է, ինչպես ինքը հետագայում ասաց մեզ, քսան տարի սրանից առաջ: Ինչպես ամերիկյան ամեն մի նախաձեռնություն, երկար ստուգում են, նախքան լայն մասշտաբով կիրառելը։ Այժմ արդեն կան մոտ քսան գաճաճ գործարաններ, և Ֆորդը տարեց֊տարի ավելացնում է դրանց թիվը։ Գործարանների միջև ընկած տասը, քսան, և նույնիսկ հիսուն մղոն տարածությունը չի հուզում Ֆորդին։ Ամերիկյան ճանապարհների իդեալական վիճակի դեպքում դա պրոբլեմ չէ։
: Եվ այսպես, ողջ գաղափարը հանգեցնում է ընդհանուր բարելավմանը։ Գյուղական կյանք, քաղաքային վաստակ, ճգնաժամը սարսափելի չէ, տեխնիկական կատարելագործության հասել են։ Միայն թե մեզ չասացին, որ այդ գաղափարի մեջ կա մեծ քաղաքականություն․ պրոլետարներին ոգով վերածել մանր սեփականատերերի և միաժամանակ ազատվել ինդուստրիալ կենտրոններում բանվորության վտանգավոր կուտակումներից։ Ի դեպ, Ֆորդի հատուկ ոստիկանության համար է՛լ անելիք չի լինի։ Գուցե կարելի է նրանց էլ, համենայն դեպս, մեկական կով տալ։ Թող մեծ նեգր Ջո Լուիսը հովվերգորեն կով կթի իր համար։ Թող Դետրոյթի ոստիկանության նախկին շեֆն էլ Օֆելիայի պես պսակ դնի գլխին և շրջի դաշտերում ու փնթփնթա․ «Աշխատանք չկա, տխուր է, ջենտլմեններ, տխու՜ր»։
: Ամերիկացիների խոսքը գործից չի տարբերվում։ Բլրակը բարձրանալով, տեսանք այն պատկերը, որ այնպես վառ նկարագրում էին մեզ համար։ Ֆառերի գործարանը կանգանած էր փոքրիկ գետակի ափին, ուր ամբարտակը ընդամենը յոթ ֆուտ ջրի անկում էր ստեղծում։ Բայց դա բավական էր երկու փոքր տուրբիններ շարժման մեջ դնելու համար։ Գործարանի շուրջը, իրոք, և՛ անտառ կար, և՛ ջրփոսիկ, երևում էին ֆերմաներ, լսվում էր ծուղրուղու, կչկչոց, շան հաչոց, մի խոսքով, բոլոր գյուղատնտեսական հնչույնները։
: Գործարանն իրենից մի փոքրիկ, գրեթե ամբողջովին ապակեպատ շենք էր ներկայացնում։ Այստեղ ամենաերևելին այն էր, որ այդ գործարանիկը, որտեղ ընդամեմը հինգ հարյուր մարդ էր աշխատում, պատրաստում է ֆառեր, մեքենայի հետևի լապտերիկներ և առաստաղի լուսամփոփներ՝ Ֆորդի բոլոր գործարանների համար։ Ֆեոդալական ծուղրուղուների և խոչկորային ճղճղոցների մեջ գործարանը մեկ ժամում պատրաաստում է հազար ֆառ, վեց հարյուր հետևի լապտերներ և հինգ հարյուր լուսամփոփ։ Բանվորների իննսունութ տոկոսը ֆերմերներ են, և նրանցից յուրաքանչյուրն ունի հինգից մինչև հիսուն ակր հողամաս։ Գործարանը աշխատում է երկհերթ, բայց եթե աշխատի լրիվ կարողությամբ, ապա մեկուկես անգամ ավելի արտադրանք կթողարկի։
: Ի՞նչ են անելու ոչ մի ակր չունեցող բանվորները․ նոր գաղափարը ոչինչ չի ասում, թեև հենց այդ մարդիկ են կազմում Միացյալ Նահանգների ողջ բանվոր դասակարգը։ Բայց եթե անգամ կասկածելիորեն բարիացած կապիտալիստներին հաջողվի ամերիկյան ողջ պրոլետարիատին նստեցնել հողի վրա, որն ինքնստինքյան հանդիսանում է բուրժուական նոր ուտոպիա, ապա այդ դեպքում էլ շահագործումը ոչ միայն չէր վերանա, այլ, իհարկե, կուժեղանար, ավելի նուրբ ձևեր ընդուելով։
: Չնայած գործարանի շուրջը փռված գյուղական բնապատկերին, փոքրիկ կոնվեյերների մոտ խիտ կանգնած բանվորները նույն մռայլ, գրգռված տեսքն ունեին, ինչպես Դիրբորնի մարդիկ։ Երբ հնչեց նախաճաշի զանգը, բանվորները, ինչպես Դիրբորնում, իսկույն նստեցին հատակին և սկսեցին արագ֊արագ ուտել իրենց սանդվիչները։
: ― Ասացեք, ― հարցրինք մենք մենեջերին, այսինքն՝ դիրեկտերին, որը մեզ հետ ման էր գալիս կոնվեյերի երկայնքով, ― գիտե՞ք արդյոք, թե քանի ֆառ են այսոր արտադրել։
: ― Մենեջերը մոտեցավ պատին, ուր մեխից կախված էին երկար ու նեղ թղթեր, հանեց վերևինը և կարդաց․
: ― Մինչև ցերեկվա ժամը տասներկուսը շինել են չորս հազար քսաներեք ֆառ, երկու հազար չորս հարյուր երեսունութ հետևի լապտեր, հազար ինը հարյուր իննսուն երկու առաստաղի լուսամփոփ։
: Մենք նայեցինք ժամացույցին։ Տասներկուսնանց էր քառորդ։
: ― Յուրաքնչյուր ժամ ես տեղեկուցյուն եմ ստանում արտադրանքի մասին, ― ավելացրեց մենեջերը և թուղթը կախեց մեխից։
: Մենք նորից մոտեցանք Ֆորդի օֆիսին։ Այս անգամ սրահում որոշ հապճեպության մեջ ընդառաջ եկավ միստեր Կամերոնը և հրավիրեց ներս։ Իր առանձնասենյակում միստեր Կամերոնը հայացքով հաշվեց մեզ և խնդրեց ևս մի աթոռ բերել։ Մենք նստել էինք վերարկուներով։ Այդ անհարմար էր, և երբ պատրաստվում էինք հանվել, սենյակի դռներում երևաց միստեր Հենրի Ֆորդը։ Նա հարցական նայեց հյուրերին և գլուխ տվեց։ Տեղի ունեցավ մի փոքրիկ իրարանցում՝ ձեռքսեղմումի ուղեկցումով, և այդ տեղաշարժի հետևանքով Ֆորդը հայտնվեց սենյակի այն անկյունում, որտեղ աթոռ չկար։ Միստեր Կամերոնը ամեն ինչ արագ կարգավորեց, և Ֆորդը, թեթև շարժումով ոտքը ոտքի վրա դնելով, նստեց աթոռին։ Դա մի լղար, գրեթե տափակ, փոքր֊ինչ կորացած ծերուկ էր, խելացի կնճռոտ դեմքով և արծաթյա մազերով։ Հագին ուներ մոխրագույն նոր կոստյում, սև կոշիկներ և կարմիր փողկապ։ Ֆորդն իր յոթանասուներեք տարիների համեմատ ջահել էր երևում, և միայն նրա մեծացած հոդերով սրճագույն ու զառամյալ ձեռքերն էին ցույց տալիս, թե որքան ծեր է։ Մեզ ասել էին, որ նա երեկոները երբեմն պարում է։
: Մենք իսկույն խոսք բացեցինք գաճաճ գործարանների մասին։
: ― Այո՛, ― ասաց միստեր Ֆորդը, ես տեսնում եմ փոքր գործարաններ, նույնիսկ պողպատաձուլարաններ ստեղծելու հնարավորությունը։ Բայց առայժմ ես չեմ հրաժարվում մեծ գործարաններից։
: Նա խոսում էր այն մասին, որ ապագայում երկիրը տեսնում է պատած փոքրիկ գործարաններով, տեսնում է բանվորներին ազատագրված առևտրականների ու ֆինանսիստների լծից։
: ― Ֆերմերը, ― շարունակեդ Ֆորդը, ― հաց է շինում, մենք շինում ենք ավտոմոբիլ, բայց մեր միջև կանգնած է Ուոլլ֊սթրիթը, կանգնած են բանկեր, որոնք ոչինչ չանելով հանդերձ, ցանկանում են իրենց բաժինն ունենալ մեր գործում։ ― Այդ պահին նա ձեռքը թափահարեց դեմքի առջև, ասես մոծակ էր քշում, և արտասանեց․ ― նրանք միայն մի բան անել գիտեն՝ ֆոկուսներ սարքել, ձեռնածություն անել փողերով։
: Ֆորդը սիրում էր խոսել Ուոլլ֊սթրիթի հանդեպ տածած իր ատելության մասին։ Նա հիանալի հասկանում է, որ բավական է Մորգանին տաս մի բաժնետոմս, որպեսզի նա բոլոր մնացածն էլ վերցնի։
: Խոսակցության ժամանակ Ֆորդը շարունակ շարժում էր ոտքերը։ Մերթ դեմ էր առնում գրասեղանին, մերթ մի ոտը դնում մյուսի վրա ու ձեռքով պահելով, մերթ նորից երկու ոտքը դնում հատակին և սկսում օրորվել։ Նա ուներ միմյանց մոտիկ դրված, ռամիկի ծակող աչքեր։ Եվ ընդհանրապես նման էր սրաքիթ ռուս գյուղացու, բնածին գյուտարարի, որն անսպասելի սափրել է մորուքը և հագել անգլիական կոստյում։
: Ֆորդը աշխատանքի է գալիս բոլորի հետ միասին և ամբողջ օրը գործարանում է անցկացնում։ Մինչև օրս նա ոչ մի գծանկար առանց իր ստորագրության բաց չի թողել։ Մենք արդեն ասել ենք, որ նա առանձնասենյակ չուներ։ Կամերոնը նրա մասին արտահայտվեց այսպես․
: ― Միստեր Ֆորդը պտույտ է գործում։
: Ֆորդի աշխատանքային մեթոդը վաղուց դուրս է եկել պարզապես ավտոմոբիլ կամ ուրիշ առարկաներ պատրաստելու սահմաններից։ Այդ սիստեմը մեծագույն չափով ազդել է աշխարհի կյանքի վրա։ Սակայն այն ժամանակ, երբ նրա և մյուս արթյունաբերողների գործողությունները Ամերիկան վերածել են մի երկրի, ուր ոչ ոք չգիտե, թե վաղը ինչ է տեղի ունենալու, նա համառորեն պնդում է շրջապատողներին․
: ― Դա ինձ չի վերաբերում։ Ես իմ խնդիրն ունեմ։ Ես ավտոմոբիլներ եմ շինում։
: Նորից տեղի ունեցավ իրարանցում՝ հրաժեշտի ձեռքսեղմումի ուղեկցումով, և Ամերիկայի ամենաուշագրավ, տեսարժան երևույթներից մեկի՝ Հենրի Ֆորդի դիտումն ավարտվեց։
===Գլուխ տասնյոթերորդ — Չիկագո ահավոր քաղաքը===
: Նյու֊Յորքից մեկնելուց անցել էր մի շաբաթ։ Մեզ մոտ հետզհետե ուղևորության սիստեմ էր մշակվել։ Քնում էինք կեմպերում կամ տուրիստհաուզներում, այսինքն՝ սովորական կենվորների տներում, որտեղ տանտերերը էժան գնով մաքուր սենյակներ էին վարձով տալիս՝ լայն ու հարմար անկողիններով, որոնց վրա անպայման կգտնես մի քանի հաստ ու բարակ բրդե, բամբակե և լաթերից կարած վերմակներ, հայելապատ կոմոդով, օրորվող աթոռով, պատի պահարանով, ասեղը վրան խրած սրտառուչ կոճով և գիշերային սեղանին դրված ավետարանով։
: Այդ տանտերերը՝ բանվորներ, մանր առևտրականներ և այրի կանայք, հաջողությամբ մրցում են հյուրանոցների հետ, առևտրական կաատաղության հասցնելով նրանց տերերին։
: Ճանապարհին մենք հաճախ ենք հանդիպել հյուրանոցների ռեկլամային պլակատների, որոնք բավական նյարդայնորեն կոչ են անում ճանապարհորդներին սթափվել և վերականգնել իրենց համակրանքը հյուրանոցների նկատմամբ։
: ԹՈՂ ՁԵՐ ՍԻՐՏԸ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԼՑՎՒ, ԵՐԲ ԱՐՏԱՍԱՆԵԼԻՍ ԼԻՆԵՔ ՁԵՐ ԻՋԵՎԱՆԱԾ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԱՆՈՒՆԸ։
: Դրանք քողարկված հարձակումներ էին անանուն տուրիստհաուզների և կեմպերի դեմ։
: ― Ո՛չ, ո՛չ, պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսը, երբ մթնշաղն իջնում էր և պետք էր մտածել գիշերելու մասին, ― ես լուրջ եմ հարցնում՝ ուզու՞մ եք, որ ձեր սիրտը լցվի հպարտությամբ։ Դա շատ հետաքրքիր է, երբ սիրտը լցվում էհպարտությամբ, իսկ քսակը համեմատականորեն դատարկվում է։
: Ո՛չ, մենք չենք ուզում, որ մեր սրտերը լցվեն հպարտությամբ։
: Եվ հենց որ մութն ընկնում էր, իսկ մեր մկնագույն կառը անցնում էր հերթական փոքրիկ քաղաքի, որևէ Սիրակուզայի կամ Վիեննայի «ռեզիդենշեն֊պարտով», մենք կանգ էինք առնում մի տնակի մոտ, որը քաղաքի մյուս տնակներից տարբերվում էր «Սենյակներ տուրիստների համար» պլակատով, մտնում ներս և աններդաշնակ խմբերգով արտասանում․
: «How do you do!» ― Բարև ձեզ։
: Անմիջապես լսվում էր պատասխանը․
: «How do you do!», ― և խոհանոցից հայտնվում էր տարեց մի կին՝ գոգնոցով, ձեռագործը ձեռքին։
: Այստեղ հանդես էր գալիս միստեր Ադամսը, որի հետաքրքրասիրությանը կարող էր նախանձել երեխան կամ դատական քննիչը։ Փոքրիկ, հաստլիկ, անհամբեր այս ու այն կողմ ընկնելով և թաշկինակով գլուխը սրբելով, նա խոսելու առիթով ուրախացած, տանտիրուհուց մեթոդիկորեն քամում էր քաղաքի բոլոր նորությունները։
: ― Շուռլի՜, ― բացականչում էր նա, իմանալով, որ քաղաքը երկու հազար բնակիչ ունի, որ երեկ վիճակախաղ է եղել, որ տեղի բժիշկը պատրաստվում է ամուսնանալ, որ վերջերս մանկական կաթվածի դեպք է տեղի ունեցել։ ― Շուռլի։ Իհարկե։
: Նա հարցուփորձ էր անում տանտիրուհուն, արդյոք վաղու՞ց է այրիացել, որտեղ են սովորում երեխաները, ինչ արժե միսը և քանի տարի է մնացել տան դիմաց բանկին փող մուծելու։
: Մենք վաղուց արդեն պառկել էինք երկրորդ հարկի մեր անկողիններում, իսկ ներքևում դեռ լսվում էր․
: ― Շու՛ռլի, շու՛ռլի։
: Հետո մեր ականջներին էր հասնում սանդուխքի փայտե աստիճանների ճռճռոցը։ Միստեր Ադամսը բարձրանում էր վեր և մի րոպե հետո կանգ առնում մեր սենյակի դռների առջև։ Նա խենթորեն խոսել էր ուզում։
: ― Միստերնե՛ր, ― հարցնում էր նա, ― քնա՞ծ եք։
: Եվ պատասխան չստանալով, անցնում էր իր սենյակը։
: Բայց առավոտյան ուղիղ ժամը յոթին, իրագործելով նավապետի և արշավախմբի պարագլխի իրավունքները, նա աղմուկով մտնում էր մեր սենյակը, թարմացած, սափրված, շալվարակալով, հոնքերին ջրի կաթիլներ, և բղավում․
: ― Վե՛ր կացեք, վե՛ր կացեք, վե՛ր կացեք։ Գուդ մոռնինգ, պարոնա՛յք։
: Ու սկսվում էր ուղևորության նոր օրը։
: Մենք խմում էինք պոմիդորի հյութ, հաստ գավաթներով սուրճ, ուտում «գեմ էնդ էգգ» (ձվածեղ մի կտոր խոզապուխտով) Մայն֊սթրիթի այդ ժամին անմարդ և քնակոլոլ փոքրիկ սրճարանում և նստում մեքենա։ Միստեր Ադամսը հենց այդ պահին էր սպասում։ Նա շուռ էր գալիս դեպի մեզ ու սկսում խոսել։ Եվ գրեթե ամբողջ օրն անընդհատ խոսում էր։ Նա, հավանորեն, համաձայնել էր մեզ հետ գալ հատկապես այն պատճառով, որ հանձին մեզ զգացել էր լավ ունկնդիրների և զրուցակիցների։
: Բայց ահա թե ինչն է սքանչելի, այն, որ նրան ոչ մի կերպ չէր կարելի շաղակրատ անվանել։ Նրա բոլոր ասածները հետաքրքիր էին և խելացի։ Ճանապարհորդության երկու ամսվա ընթացքում ոչ մի անգամ որևէ բան չէր կրկնում։ Ճշգրիտ գիտելիքներ ուներ կյանքի գրեթե բոլոր բնագավառներում։ Մասնագիտությամբ ինժեներ լինելով, նա վերջերս անցել էր հանգստի և ապրում էր փոքրիկ կապիտալով, որը տալիս էր ապրելու համեստ միջոցներ և անկախություն, որը նա շատ էր գնահատում և առանց որի, անշուշտ, չէր կարող ոչ մի րոպե ապրել։
: ― Պատահմամբ միայն կապիտալիստ չդարձս, ― մի առիթով ասաց մեզ միստեր Ադամսը։ ― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, միանգամայն լուրջ եմ ասում։ Ձեզ համար հետաքրքիր կլինի լսել այդ։ Ժամանակին ես երազում էի դառնալ հարուստ մարդ։ Շատ փող էի վաստակում և որոշեցի ապահովագրել ինձ այն հաշվով, որ հիսուն տարեկան հասակումս խոշոր գումարներ ստանամ ապահովագրական ընկերությունից։ Ապահովագրման այդպիսի ձև կա։ Հսկայական մուծումներ պետք էր անել, բայց ես արի այդ, որպեսզի օր֊ծերության հարուստ մարդ դառնամ։ Ընտրեցի աշխարհի երկու ամենապատվավոր ապահովագրական ընկերությունները․ Պետերբուրգի «Ռուսաստան» ընկերությունը և Մյունխենի գերմանական ազնվագույն ընկերությունը։ Պարոնայք։ Ես գտնում էի, որ եթե ողջ աշխարհը տակնուվրա էլ լինի, Գերմանիայում և Ռուսաստանում ոչինչ չի պատահի։ Այո՛, այո՛, այո՛, միստերներ, նրանց հաստատուն լինելը ոչ մի կասկած չէր հարուցում։ Բայց ահա ինը հարյուր տասնյոթ թվականին ձեզ մոտ տեղի ունեցավ հեղափոխություն և «Ռուսաստան» ապահովագրական ընկերությունը դադարեց գոյություն ունենալուց։ Այդ ժամանակ, ես իմ բոլոր հույսերը փոխադրեցի Գերմանիա։ Ինը հարյուր քսաներկու թվականին լրացավ իմ հիսուն տարին։ Ես պետք է ստանայի չորս հարյուր հազար մարկ։ Պարոնա՛յք, դա շատ մեծ, հսկայական փող է։ Եվ ես ինը հարյուր քսաներկու թվվականին Մյունխենի ապահովագրական ընկերությունից ստացա մի նամակ․ «Շատ հարգելի հեր Ադամս, մեր ընկերությունը շնորհավորում է ձեզ հիսուն տարեկան դառնալու առթիվ և կցում է չորս հարյուր հազար մարկայի չեկ»։ Դա աշխարհիս ազնվագույն ապահովագրական ընկերությունն էր։ Նո՛, նո՛, նո՛, պարոնայք, լսեցեք, սա շա՜տ֊շա՜տ հետաքրքիր է։ Այդ ամբողջ պրեմիայով ես կարող էի գնել միայն մի տուփ լուցկի, քանի որ Գերմանիայում այդ օրերին ինֆլյացիա էր և երկրով մեկ շրջանառության մեջ էին դրված միլիարդանոց արժետոմսեր։ Հավատացնում եմ ձեզ, միստերներ, կապիտալիզմը ամենաերերուն բանն է աշխարհիս երեսին։ Բայց ես երջանիկ եմ, ես ստացա լավագույն պրեմիան՝ ես կապիտալիստ չդարձա։
: Միստեր Ադամսը թեթևամիտ վերաբերմունք ուներ փողի նկատմամբ․ այդ վերաբերմունքի մեջ կար մի քիչ հումոր և շատ քիչ հարգանք։ Այդ իմաստով նա բոլորովին նման չէր ամերիկացու։ Իսկական ամերիկացին կարող է հումորով վերաբերվել աշխարհի ամեն բանին, բայց ոչ փողին։ Միստեր Ադամսը բազում լեզուներ գիտեր։ Ապրել էր Ճապոնիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հնդկաստանում, հիանալի ծանոթ էր Սովետական Միությանը։ Աշխատել էր Դնեպրոստրոյում, Ստալինգրադում, Չելյաբինսկում, և հին Ռուսաստանին ծանոթ լինելը թույլ էր տվել նրան հասկանալու սովետական երկիրն այնպես, ինչպես հազվադեպ է հաջողվում հասկանալ օտարերկրացիներին։ Նա կոշտ վագոններով շրջագայել էր ՍՍՌՄ֊ում , խոսք ու զրույցի բռնվել բանվորների ու կոլտնտեսականների հետ։ Տեսել էր երկիրը ոչ միայն այնպես, ինչպես բացվում էր հայացքի առջև, այլ այնպես, ինչպես եղել էր երեկ և ինչպես լինելու է վաղը։ Նա նրան տեսնում էր շարժման մեջ։ Եվ դրա համար ուսումնասիրում էր Մարքսին ու Լենինին, կարդում Ստալինի ճառերը և բաժանորդագրվում «Պրավդա»։
: Միստեր Ադամսը շատ ցրված մարդ էր, բայց դա գիտնականի ավանդական հեզ ցրվածություն չէր, այլ առողջ, հարցասեր մի մարդու բուռն ու ագրեսիվ ցրվածություն, նա տարվելով խոսակցությամբ կամ մի մտքով, այդ պահին մոռանում էր ողջ աշխարհը։
: Ուղևորությանը վերաբերող ամեն ինչի նկատմամբ միստեր Ադամսը անասելի զգույշ էր և խուսափողական։
: ― Այսօր երեկոյան կհասնենք Չիկագո, ― ասում էր միսիս Ադամսը։
: ― Նո՛, նո՛, նո՛, Բեկկի, մի ասա այդպես։ Գուցե հասնենք, գուցե և չհասնենք, ― պատասխանում էր նա։
: ― Թույլ տվեք, ― միջամտում էինք մենք, ― բայց մինչև Չիկագո մնացել է ընդամենը հարյուր մղոն, և եթե հաշվելու լինենք, որ ժամում միջին թվով անում ենք երեսուն մղոն․․․
: ― Այո՛, այո՛, այո՛, պարոնայք, քրթմնջում էր միստեր Ադամսը, ― օ՜, նո։ Դեռ ոչինչ հայտնի չէ։
: ― Այսինքն, ինչպե՞ս թե հայտնի չէ։ Հիմա ցերեկվա ժամը չորսն է, ժամում միջին թվով մենք անում ենք երեսուն մղոն։ Այդպիսով ժամը ութի մոտերքը կլինենք Չիկագոյում։
: ― Գուցե լինենք, գուցե և չլինենք։ Այո՛, այո՛, այո՛, պարոնա՛յք, լուրջ եմ ասում․․․ Ոչինչ հայտնի չէ։ Օ՜, նո։
: Սակայն ինչը մեզ կխանգարի ժամը ութի մոտերքը լինել Չիկագոյում։
: ― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, չի՛ կարելի այդպես խոսել։ Պարզապես հիմարություն կլիներ այդպես մտածելը։ Դուք այդ բանը չեք հասկանում։ Այո՛, այո՛, այո՛, պարոնայք։
: Բայց համաշխարհային քաղաքականության մասին խոսում էր համոզված և ոչ մի առարկություն լսել չէր ուզում։ Նա հայտարարում էր, օրինակ, որ պատերազմը լինելու է հինգ տարուց հետո։
: ― Ինչու՞ հատկապես հինգ տարուց հետո։ Ինչու՞ ոչ յոթ։
: ― Ո՛չ, ո՛չ, միստերներ, ուղիղ հինգ տարուց հետո։
: ― Բայց ինչու՞։
: ― Մի ասեք «ինչու»։ Ես գիտեմ։ Չէ՜, լուրջ, օ՜, նո։ Ես ձեզ ասում եմ՝ պատերազմը լինելու է հինգ տարուց հետո։
: Նա շատ էր բարկանում, երբ իրեն առարկում էին։
: ― Չէ, չխոսենք, ― բացականչեց նա։ ― Պարզապես հիմարություն է և ծիծաղելի է մտածել, որ պատերազմը հինգ տարուց հետո չի լինելու։
: ― Դե լավ, այսօր երեկոյան կհասնենք Չիկագո և այն ժամանակ լուրջ կխոսենք այդ մասին։
: ― Այո՛, այո՛, այո՛, պարոնայք։ Չի կարելի այդպես ասել․ այսօր երեկոյան կհասնենք Չիկագո։ Օ՜, նո։ Գուցե հասնենք, գուցե և չհասնենք։
: Չիկագոյից ոչ հեռու մեր արագաչափը ցույց տվեց առաջին հազար մղոնը։ Մենք բղավեցինք Ուռա։
: ― Ոռա՜, ուռա՜, ― բղավում էր միստեր Ադամսը, բազմոցի վրա հուզված վեր֊վեր թռչելով։ ― Ահա, ահա, միստերներ, հիմա ես կարող եմ միանգամայն ստույգ հաղորդել։ Մենք անցել ենք հազար մղոն։ Այո, այո, պարոնայք։ Ոչ թե «գուցե անցել ենք», այլ հաստատ անցել ենք։ Այսպես ավելի ստույգ կլինի։
: Յուրաքանչյուր հազար մղոնից հետո պետք էր փոխել մեքենայի յուղը և յուղել մասերը։
: Մենք կանգ էինք առնում «սերվիս֊ստեյշենի» մոտ, որը հարկ եղած պահին անպայման մեր կողքին էր գտնվում։ Մեր մեքենան բարձրացնում էին էլեկտրական հատուկ հաստոցի վրա, և մինչ զոլավոր գլխարկով վարպետը բաց կթողներ մուգ, կեղտոտված յուղը, կլցներ նորը, կստուգեր արգելակները և կյուղեր մասերը, միստեր Ադամսը իմանում էր, թե նա որքան է վաստակում, որտեղացի է ծագումով, և ինչպես են ապրում քաղաքի մարդիկ։ Յուրաքանչյուր նույնիսկ թռուցիկ ծանոթությունը մեծ հաճույք էր պատճառում միստեր Ադամսին։ Այդ մարդը ստեղծված էր մարդկանց հետ շփվելու, նրանց հետ բարեկամություն անելու համար։ Նա մի տեսակ հաճույք էր զգում, երբ խոսում էր մատուցողի, դեղագործի, անցորդի հետ, որից ճանապարհ էր հարցնում, վեց ամյա մի նեգր երեխայի, որին «սըր» էր անվանում, տուրիստ հաուզի տիրուհու կամ մեծ բանկի դիրեկտորի հետ։
: Նա կանգնել էր ձեռքերն ամառային վերարկուի գրպանը դրած և օձիքը բարձրացրած, անգլխարկ (ծանրոցը, չգիտես ինչու, դեռ չէր եկել Դետրոյթ), և ագահաբար այո՛, այո՛ էր ասում զրուցակցին։
: ― Շու՜ռլի։ Ես ձեզ լսում եմ, պարո՛ն։ Այդպես, այդպես։ Օ՜, նո։ Դա շատ, շա՜տ հետաքրքիր է։ Շու՛ռլի։
: Գիշերային Չիկագոն, որին մենք մոտեցանք քաղաքը Միչիգան լճից բաժանող լայնահուն առափնյա փողոցով, շշմեցուցիչ գեղեցիկ երևաց։ Աջում սևություն էր՝ հագեցած ափին խփվող ալիքների ծովային համաչափ աղմուկով։ Առափնյա փողոցով, գրեթր իրար դիպչելով, մի քանի շարքով սլանում էին ավտոմոբիլներ՝ ասֆալտը ողողելով ֆառերի ադամանդե լույսով։ Ձախում՝ մի քանի մղոնի վրա շարվել էին երկնաքերծերը։ Նրանց լուսացայտ պատուհանները նայում էին լճին։ Երկրաքերծերի վերին հարկերի կրակները միախառնվում էին աստղերի հետ։ Մոլեգնում էին էլեկտրական ռեկլամները։ Այստեղ ևս, ինչպես Նյու֊Յորքում, էլեկտրականությունը վարժեցված էր։ Այն փառաբանում էր նույն աստվածներին։ «Կոկա֊կոլա», վիսկի՝ «Ջոննի Ուոկեր», «Կեմել» սիգարեթները։ Կային և շաբաթվա ընթացքում ձանձրացած մանկիկներ․ մի լղար մանկիկ, որը նարնջի հյութ էր խմում, և նրա բարեբախտ հակոտնյան՝ գեր, բարետես մի մանկիկ, որը գնահատելով գործարանատերերի ջանքերը, նարնջահյութ է կլանում ձիու դոզաներով։
: Մենք մոտեցանք «Ստիվենս֊օթել» էլեկտրական սպիտակ ցուցանակ ունեցող երկնաքերծին։ Դատելով ռեկլամային ծանուցատետրերով, դա ամենամեծ հյուրանոցն էր աշխարհում՝ երեք հազար համարներով, հսկայական հոլլերով, խանութներով, ռեստորաններով, սրճարաններով, համերգային և պարահանդեսային դահլիճներով։ Մի խոսքով, հյուրանոցը նման էր օվկիանոսային շոգենավի, որի բովանդակ կոմֆորտը հարմարեցված է աշխարհից առժամանակ բոլորովին կտրված մարդկանց կարիքներին։ Միայն թե հյուրանոցը շատ ավելի մեծ էր։ Նրանում, հավանորեն, կարելի է ամբողջ կյանքն ապրել, ոչ մի անգամ փողոց դուրս չգալով, քանզի դրա կարիքը բոլորովին չէր լինի։ Գուցե միայն զբոսնելու՞։ Բայց զբոսնել կարելի է հյուրանոցի տափակ կտուրի վրա։ Այնտեղ նույնիսկ ավելի լավ է, քան փողոցում։ Ավտոմոբիլի տակ ընկնելու հնարավոր վտանգը չկա։
: Մենք դուրս ելանք առափնյա փողոց, որը կոչվում է Միչիգան֊ավենյու, մի քանի անգամ հաճույքով դիտեցինք այդ հիանալի պողոտան և նրան նայող երկնաքերծերի գլխավոր ճակատները, թեքվեցինք առափնյային ուղղահայաց առաջին փողոցը և հանկարծ կանգ առանք։
: ― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, պարոնայք, ― բղավեց Ադամսը, մեր զարմանքից հիացած։ ― Դուք չպետք է զարմանաք։ Օ՜, նո։ Սա Ամերիկա է։ Չէ լու՛րջ, հիմարություն կլիներ կարծել, որ Չիկագոյի մսի արքաները ձեզ համար սանատորիաներ կառուցեն այստեղ։
: Փողոցը նեղ էր, ոչ այնքան լուսավոր, ճնշող, տաղտկալի։ Նրան հատում էին արդեն բոլորովին նեղլիկ, խավար, գետաքարով սալարկած կեղտոտ նրբանցքներ, իսկական գետնախորշեր՝ տների սևացած, աղյուսե պատերով, հրշեջ սանդուխքներով և աղբարկղներով։
: Մենք գիտեինք, որ Չիկագոյում կան հետնախորշեր, որ այնտեղ չեն կարող հետնախորշեր չլինել։ Բայց որ նրանք գտնվում են քաղաքի բուն կենտրոնում, դա չափազանց անսպասելի էր։ Նման էր այն բանին, որ Միչիգան֊ավենյուն քաղաքի սոսկ դեկորացիան է և իսկական քաղաքը տեսնելու համար բավական է միայն այն բարձրացնել։
: Այդ առաջին տպավորությունն ընդհանրապես ճիշտ դուրս եկավ։ Մի քանի օր մենք թափառում էինք քաղաքում, հետզհետե ավելի ու ավելի ապշելով քաղաքը կազմող մասերի անիմաստ կուտակումից։ Նույնիսկ կապիտալիզմի տեսակետից, որն օրենքի աստիճանի է հասցնում երկրագնդի վրա հարստության և աղքատության միաժամանակ գոյությունը, Չիկագոն կարող է երևալ ծանր, անճոռնի, անհարմար քաղաք։ Դժվար թե աշխարհում որևէ տեղ դժոխքն ու դրախտը միահյուսված լինեն այնպես սերտորեն, ինչպես Չիկագոյում։ Միչիգան֊ավենյուի վրա, մարմարով և գրանիտով երեսպատված երկնաքերծերի կողքին կան կեղտոտ ու գարշահոտ զզվելի նրբանցքներ։ Քաղաքի կենտրոնում ցցված են գործարանային ծխնելույզներ և անցնում են գնացքներ՝ գոլոշու ու ծխի մեջ կորցնելով տները։ Մի քանի աղքատ փողոցներ այնպիսի տեսք ունեն, ասես երկրաշարժ է տեղի ունեցել․ կոտրտված ցանկապատներ, փայտե հյուղակների թեքված կտուրներ, ծուռ կախված լարեր, մետաղե ժանգոտ կտորտանքների, ջարդված ունիտազերի և կիսափտած ներբանների կույտեր, ցնցոտիներ հագած կեղտոտ երեխաներ։ Եվ անմիջապես, մի քանի քայլ հետո, հիանալի լայնահուն փողոց, կողքերին տնկած ծառեր, գեղեցիկ առանձնատներ՝ հայելու ապակիներով, կարմիր կղմինդրե կտուրներով, շքամուտքերի մոտ կանգնած «պակկարդներով» և «կադիլլակներով։ Վերջ ի վերջո դժողքի այս մոտիկ հարևանությունը դրախտի կյանքն էլ հաճելի չի դարձնում։ Եվ այս ամենը աշխարհի ամենահարուստ քաղաքներից մեկում, եթե ոչ ամենահարուստ։
: Փողոցով վազվզում են լրագրավաճառները ու բղավում։
: ― Ոստիկանի սպանությու՜ն։
: ― Հարձակում բանկի վրա՜։
: ― Խուզարկու Թոմասը տեղնուտեղն սպանել է «Պստլիկ» մականունով գանգստեր Ջեյմսին։
: ― «Հրեշտակ» մականունով գանգստեր Ֆիլիպսը սպանել է խուզարկու Պետերսոնին։
: ― Ռակետիրի ձերբակալություն։
: ― Կիդնապ՝ Միչիգան֊ավենյուի վրա։
: Այս քաղաքում կրակում են։ Զարմանալի կլիներ, եթե այստեղ չկրակեին, միլիոնատերերի երեխաներին չգողանային (հենց սա էլ կոչվում է «կիդնապ»), գաղտնի հասարակաց տներ չպահեին, չզբաղվեին ռակետով։ Ռակետը ամենահաստատ և եկամտաբեր պրոֆեսիան է, եթե միայն այն կարելի է պրոֆեսիա անվանել։ Գրեթե չկա մարդկային գործունեության մի բնագավառ, որին ռակետը չշոշափի։ Խանութ են մտնում բաց գույնի գլխարկներով թիկնեղ երիտասարդներ և խնդրում, որ խանութպանն ամեն ամիս կանոնավոր կերպով տուրք վճարի իրենց՝ բաց գույնի գլխարկավոր երիտասարդներին։ Այդ դեպքում նրանք կաշխատեն իջեցնել այն հարկը, որ խանութը վճարում է պետությանը։ Եթե խանութպանը չի համաձայնում, երիտասարդները հանում են ձեռքի գնդացիրները («մաշին֊գան») և սկսում են կրակել վաճառասեղանին։ Այդ ժամանակ խանութպանը համաձայնում է։ Դա կոչվում է ռակետ։ Ապա գալիս են ուրիշ երիտասարդներ և քաղաքավարի խնդրում, որ խանութպանը տուրք վճարի իրենց, որպեսզի փրկեն նրան առաջին երիտասարդներից։ Եվ նույնպես կրակում են վաճառասեղանին։ Սա նույնպես ռակետ է։ Դեղին պրոֆմիությունների աշխատողները փող են ստանում գործարանատերերից՝ գործադուլը վիժեցնելու համար։ Հենց նրանք էլ բանվորներից փող են ստանում, նրանց աշխատանքի մեջ տեղավորելու համար։ Սա էլ է ռակետ։ Դերասաններն իրենց վաստակի տասը տոկոսը վճարում են բանվորական ուժ վարձող ինչ֊որ գործակալների նույնիսկ այն դեպքում, երբ իրենք են ճարում աշխատանքը։ Սա էլ է ռակետ։ Ներքին հիվանդությունների բժիշկը լյարդի հիվանդություն ունեցողին կոնսուլտացիայի է ուղարկում ատամնաբույժի մոտ և նրանից ստանում է հոնորարի քառասուն տոկոսը։ Նույնպես ռակետ է։
: Լինում է և այսպես։ Սա մեզ պատմել է Չիկագոյի մի բժիշկ։
: ― Իլլինոյս քաղաքի կոնգրեսի ընտրությունների նախօրյակին, ― ասաց բժիշկը, ― ինձ մոտ, տուն եկավ մի մարդ, որին կյանքումս բնավ չէի տեսել։ Դա հանրապետական կուսակցության «պոլիտիշենն» էր։ «Պոլիտիշենը» գործամոլ է, մի մարդ, որի զբաղմունքը ստոր քաղաքականություն է։ Քաղաքականությունը վաստակ է նրա համար։ Ես ատում եմ այդ տիպի՝ հաստամռութ, կոպիտ, լկտի մարդկանց։ Նրանց բերանում անպայման թքոտ սիգար է ցցված, գլխարկը չափից դուրս թեք է դրված, ունի բութ աչքեր և հաստ մատին՝ կեղծ մատանի։ «Գուդ մոնինգ, դոկ», ― ասաց ինձ այդ մարդը։ ― Բարև ձեզ, բժիշկ։ Ու՞մ եք մտադիր քվեարկել»։ Ուզեցի մի հատ ռեխին հասցնել ու շպրտել փողոց։ Բայց մեր ուսերի լայնությունը չափելուց հետո հասկացա, որ եթե փողոց թռչող լինի, ապա ավելի շուտ ես եմ լինելու այդ թռչողը։ Ուստի համեստորեն ասացի, թե քվեարկելու եմ այն թեկնածուի օգտին, որն ինձ ավելի դուր կգա։ «Լավ, ― ասաց «պոլիտիշենը»։ ― Կարծեմ դուք աղջիկ ունեք և նա չորս տարի է, ինչ ուսուցչուհու տեղի է «սպասում»։ Ես պատասխանեցի, որ ունեմ և սպասում է։ «Ուրեմն, ահա թե ինչ, ― ասաց իմ անկոչ հյուրը, ― եթե դուք քվեարկեք մեր թեկնածուի օգտին, կաշխատենք ձեր աղջկան աշխատանքի տեղավորել։ Ընդ որում, ոչ մի հաստատ բան չենք խոստանում։ Բայց եթե քվեարկեք մեր հակառակորդի օգտին, ապա այս դեպքում հաստատ կարող եմ ասել․ ձեր աղջիկը երբեք աշխատանք չի ստանա, երբեք ուսուցչուհի չի դառնա։ Դրանով խոսակցությունը վերջացավ։ «Ցտեսություն բժիշկ, ― ասաց նա հրաժեշտի պահին։ Ընտրությունների օրը ես կանցնեմ ձեզ մոտ»։ Դե, իհարկե, ես շատ բարկացա, նույնիսկ տառապեցի, վրդովվեցի այդ անպատկառությունից։ Բայց ընտրությունների օրը նա իրոք ավտոմոբիլով եկավ իմ հետևից։ Դարձյալ իմ տան դռների մեջ խցկվեց նրա հաստ սիգարը։ «Գուդ մոնինգ, դոկ, ― ասաց նա։ ― Կարող եմ ձեզ տանել ընտրական կետը»։ Եվ գիտեք, ես նրա հետ գնացի։ Մտածում էի, վերջ ի վերջո միևնույն չէ՞, թե ով կընտրվի՝ դեմոկրատ, թե հանրապետական։ Իսկ դուստրս միգուցե աշխատանք կստանա։ Ես այս մասին դեռ ոչ ոքի չեմ պատմել, ձեզանից բացի․ ամաչում էի։ Բայց ահա, քաղաքական այդպիսի կյանքով միայն ես չեմ ապրում։ Ամենուրեք ռակետ է, ամենուրեք այս կամ այն ձևով ճնշում են գործադրում, և եթե ուզում ես իսկապես ազնիվ լինել, ապա պետք է դառնաս կոմունիստ։ Բայց դրա համար պետք է ամեն ինչ զոհաբերել։ Այդ դժվար է ինձ համար»։
: Չիկագոյի ռակետն ամենանշանավոր ռակետն է Ամերիկայում։ Չիկագոյում կար մի քաղաքագլուխ, Չերմակ ազգանունով։ Նա դուրս էր եկել բանվորական միջավայրից, եղել էր պրոֆմիությունների առաջնորդ և մեծ ժողովրդականություն էր վայելում։ Նա նույնիսկ բարեկամություն էր անում ներկայիս պրեզիդենտ Ռուզվելտի հետ։ Նրանք միմյանց նույնիսկ առաջին անունով էին կոչում, այսինքն՝ «դու»֊ով էին խոսում․ Նա Ռուզվելտին՝ Ֆրենկ, իսկ Ռուզվելտը նրան՝ Տոննի։ Բանվորները նրա մասին ասում էին՝ «Տոննին մեր մարդն է, բանվոր է․ սա արդեն մեզ չի խաբի»։ Թերթերը գրում էին պրեզիդենտի և հասարակ բանվորի սրտառուչ բարեկամության մասին (տեսնու՞մ եք երեխաներ, ուր կարող է հասնել մարդն Ամերիկայում իր կոշտուկավոր ձեռքերով)։ Սրանից երկու թե երեք տարի առաջ Չերմակին սպանեցին։ Նրանից հետո մնաց երեք միլիոն դոլար և հիսուն գաղտնի հասարակաց տներ, որոնց, պարզվում է, պահում էր աչքաբաց Տոննին։ Եվ այսպես, Չիկագոյի քաղաքագլուխը մի որոշ ժամանակ ռակետիր էր եղել։
: Այս փաստից բնավ չպետք է հետևեցնել, թե ամերիկյան քաղաքների բոլոր քաղաքագլուխները ռակետիրներ են։ Եվ արդեն բոլորովին չպետք է հետևեցնել, թե Միացյալ Նահանգների պրեզիդենտը բարեկամություն է անում անպիտան մարդկանց հետ։ Սա պարզապես հանգամանքների բացառիկ զուգորդում է, բայց Չերմակի հետ պատահած դեպքը հիանալի պատկերացում է տալիս, թե Չիկագոն ինչ է ներկայացնում իրենից Իլլինոյս նահանգում։
: Նյու֊Յորքյան առաջին երեկոն մեզ վրդովել էր իր աղքատությամբ և հարստությամբ։ Իսկ այստեղ, Չիկագոյում, մարդուն համակում է զայրյութի զգացմունք այն մարդկանց նկատմամբ, որոնք դոլարների հետևից ընկած, արգավանդ տափաստանում, ջրառատ Միչիգանի ափին, կառուցել են այս ահավոր քաղաքը։ Անհնարին է հաշտվել այն մտքի հետ, որ քաղաքը առաջացել է ոչ թե աղքատության, այլ հարստության, տեխնիկայի, երկրագործության և անասնապահության անսովոր զարգացման հետևանքով։ Հողը մարդուն տվել է այն ամենը, ինչ կարելի էր նրանից վերցնել։ Մարդն աշխատել է եռանդով և հմտությամբ, որով կարելի է միայն հիանալ։ Այնքան հաց է աճեցված, այնքան նավթ է հանված և այնքան մեքենա է կառուցված, որ այդ ամենը կհերիքեր երկրագնդի կեսը բավարարելու համար։ Բայց պտղառատ, պարարտացված հողի վրա, բանականության հակառակ, աճել է մի հսկա, այլանդակ, թունավոր սունկ՝ Չիկագո քաղաքը Իլլինոյս նահանգում։ Դա անհեթեթության մի տեսակ հաղթանակն է։ Այստեղ միանգամայն լրջորեն սկսում էս մտածել, որ տեխնիկան կապիտալիզմի ձեռքին՝ դանակ է խելագարի ձեռքին։
: Կարող են ասել, որ մենք չափից դուրս տպավորվող ենք, որ մենք տարվում ենք, որ Չիկագոյում կա հիանալի համալսարան, ֆիլհարմոնիա, ինչպես ասում են՝ աշխարհի լավագույն ջրմուղը, խելացի արմատական մտավորականություն, որ այստեղ եղել է համաշխարհային վիթխարի ցուցահանդես, որ Միչիգան֊ավենյուն աշխարհի գեղեցկագույն փողոցն է։ Դա ճիշտ է։ Այդ ամենը Չիկագոյում կա։ Բայց դա ավելի է ընդգծում աղքատությունը, շենքերի այլանդակությունը և ռակետիրների կամայականությունը։ Հիանալի համալսարանը չի սովորեցնում պատանիներին, թե ինչպես պայքարել աղքատության դեմ, արմատական մտավորականությունն անզոր է, ոստիկանությունը կրակում է ոչ այնքան բանդիտների, որքան հուսահատության դուռը հասած գործադուլավորների վրա, համաշխարհային ցուցահանդեսը երջանկացրեց միայն հյուրանոցատերերին, իսկ աշխարհում գեղեցկագույն Միչիգան֊ավենյուն շատ բան է կորցնում հետնախորշերի հետ ունեցած հարևանությունից։
: Չիկագոյում լավ մարդիկ որոշեցին մեզ զվարճացնել և տարան Չիկագոյի համալսարանի ուսանողական ակումբը՝ պարահանդեսի, որ կազմակերպել էին Ֆիլիպիններին անկախություն շնորհելու առթիվ։
: Ուսանողական պարահանդեսը լրջմիտ, ուրախ և ամեն տեսակետից հաճելի դուրս եկավ։ Մեծ դահլիճում պարում էին ֆիլիպինյան աղջիկներ՝ լայնաքիթ, սևաչյա գեղեցկուհիներ, պարկետի վրա սահում էին ճապոնացիներ, չինուհիներ, բազմության վերևում լողում էր երիտասարդ հնդիկի մետաքսյա, սպիտակ չալման։ Հնդիկը ֆրակով էր, սպիտակ կրծկալով, այրվող աչքերով վտիտ մի գայթակղեցնող։
: ― Հիանալի պարահանդես է, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, քթի տակ տարօրինակ ծիծաղելով։
: ― Չե՞ք հավանում։
: ― Ո՛չ, պարոնայք, չէ՞որ ասացի՝ շատ հիանալի պարահանդես է։
: Եվ հանկարծակի հարձակվեց հնդիկի վրա, տարավ նրան մի կողմ և սկսեց հարցուփորձ անել, թե ինչպես է ապրում հանրակացարանում, ամսական քանի՞ ռուպի է ուղարկում մայրիկը և ինչ գործունեության է նվիրվելու համալսարանն ավարտելուց հետո։ Հնդիկը քաղաքավարի պատասխանում էր հարցերին և անարտահայտելի մի թախիծով նայում պարող բազմությանը, որտեղից այդպես հանկարծակի պոկեցին նրան։
: Առաստաղից կախված էին ֆիլիպինյան և ամերիկյան դրոշներ, բեմի նվագախումբը ողողված էր մանիշակագույն լույսով, երաժիշտները վեր էին բռնում սաքսոֆոնները․ խաղաղ, լավ, ընտանեկան պարահանդես էր, առանց հարբածների, առանց նեղացածների, առանց սկանդալների։ Հաճելի էր գիտակցել, որ ներկա ես պատմական իրադարձության։ Այնուամենայնիվ ազատագրել էին ֆիլիպինցիներին, ազատություն էին տվել Ֆիլիպիններին։ Կարող էին և չտալ, բայց տվեցին։ Իրենք տվեցին։ Ազնիվ բան է դա։
: Հյուրանոց վերադառնալու ճամփին միստեր Ադամսը շարունակ փնթփնթում էր․
: ― Նո՜, լուրջ եմ ասում, պարոնայք։ Օ՜, նո։
: ― Ինչի՞ մասին է խոսքը։
: ― Ո՛չ, ո՛չ, պարոնայք, ես միշտ ուզում եմ հարցրած լինել, ինչու՞ հանկարծ անկախություն տվինք Ֆիլիպիններին։ Լուրջ, պարոնայք, մենք լավ մարդիկ ենք։ Ինքներս տվեցինք անկախություն, հապա մի լավ մտածեք։ Այո՛, այո՛, այո՛, մենք լավ մարդիկ ենք, բայց հանդուրժել չենք կարող, երբ հափռում են մեր քսակը։ Այդ գրողի տարած ֆիլիպինցիների արտադրած շաքարը շատ էժան է նստում և, իհարկե, ներմուծում են մեզ առանց մաքսի։ Չէ՞ որ նրանք մինչև օրս Միացյալ Նահանգներ էին։ Նրանց մոտ շաքարն այնքան էժան է, որ մեր շաքարարդյունաբերողները չէին կարող մրցակցել նրանց հետ։ Այժմ, երբ նրանք մեզանից ստացել են երկար սպասած անկախությունը, ստիպված են մաքս վճարել շաքարի համար, ինչպես մյուս օտարերկրյա վաճառականները։ Ի դեպ, մենք չենք կորցնում և Ֆիլիպինները, որովհետև բարի ֆիլիպինցիները համաձայնեցին մեզանից անկախությունն ընդունել, միայն այն պայմանով, որ մեր բանակը և ադմինիստրացիան իրենց մոտ մնան։ Դե, ասացեք, պարոնայք, մի՞թե մենք կարող ենք այդ բանում մերժել նրանց։ Ո՛չ, ճիշտ եմ ասում, պարոնայք, ես ուզում եմ, որ դուք ընդունեք մեր ազնվությունը։ Ե ս պահանջում եմ այդ։
===Գլուխ տասնութերորդ — Աշխարհի լավագույն երաժիշտները===
: Երեկոյան, ավտոմոբիլը թեթևամտորեն հյուրանոցի շքամուտքի մոտ թողնելով, գնացինք Կրեյսլերի համերգին։
: Հարուստ Ամերիկան տիրապետել է աշխարհի լավագույն երաժիշտներին։ Նյու֊Յորքում, «Կարնեգի֊հոլլում» մենք լսեցինք Ռախմանինովին և Ստակովսկուն։
: Ռախմանինովը, ինչպես ասաց մեզ ծանոթ մի կոմպոզիտոր, բեմ դուրս գալուց առաջ նստում է դերասանական սենյակում և անեկտոդներ է պատմում։ Բայց ահա հնչում է զանգը։ Ռախմանինովը վեր է կենում տեղից և դեմքին ռուս տարագրի մեծագույն թախծանք, գնում է բեմ։
: Բարձրահասակ, կորացած և նիհար, երկարավուն տխուր դեմքով, կարճ խուզվածքով, նա հնատարազ սև սերթուկի քղանցքները ետ տանելով նստեց դաշնամուրի առջև, ձեռքի մեծ դաստակով ուղղեց մանժետը և շուռ եկավ դեպի հասարակությունը։ Նրա հայացքն ասում էր․ «Այո, ես դժբախտ տարագիր եմ և ստիպված եմ նվագել ձեր առջև, ձեր արհամարելի դոլարների դիմաց։ Եվ իմ ամբողջ նվաստացման համար ես քիչ բան եմ խնդրում՝ լռություն»։ Նա նվագում էր։ Այնպիսի լռություն էր, ասես բոլոր հազար լսողները դահլիճում պառկել էին մեռած, նոր, մինչև օրս անհայտ երաժշտական գազով թունավորված։ Ռախմանինովը վերջացրեց։ Մենք սպասում էինք պոռթկումի։ Բայց պարտերում լսվեցին միայն նորմալ ծափահարություններ։ Մենք մեր ականջներին չէինք հավատում։ Զգացվում էր սառն անտարբերություն, ասես, հասարակությունը եկել էր ոչ թե լսելու հիանալի երաժշտություն, հիանալի կատարմամբ, այլ մի տխոուր, բայց անհրաժեշտ պարտք կատարելու։ Միայն վերնասրահից լսվում էին ինչ֊որ մի քանի խանդավառ ունկնդիրների աղաղակ։
: Բոլոր համերգները, որոնց մենք ներկա եղանք Ամերիկայում, այդպիսի տպավորություն գործեցին։ Ստոկովսկու ղեկավարած Ֆիլադելֆիայի նշանավոր նվագախմբի համերգին ներկա էր բովանդակ պերճաշուք Նյու֊Յորքը։ Հականալի չէ, թե ինչով է ղեկավարվում պերճաշուք Նյու֊Յորքը, բայց նա ամենևին ոչ բոլոր համերգներին է հաճախում։ Մսի և պղնձի արքաները, երկաթուղային թագուհիները, ռետինե ծամոնի արքայազունները և պարզապես դոլարի արքայադուստրերը՝ իրիկնազգեստներով, ֆրակներով և ադամանդներով գրավել էին բելետաժը։ Ըստ երևույթին, Ստակովսկին հասկացավ, որ միայն երաժշտությունը քիչ է այդ հասարակության համար, որ նրան պետք է արտաքին տեսք։ Եվ ականավոր դիրիժյորն իր համար էֆեկտավոր, գրեթե կրկեսային մի ելք հորինեց։ Նա հրաժարվեց ձողիկով նոտակալին ավանդաբար թխկթխկացնելուց։ Նրա մուտքից առաջ նվագախումբն արդեն լարել էր գործիքները և կատարյալ լռություն էր տիրում։ Նա դուրս եկավ կուլիսների հետևից, փոքր ինչ կորացած, Մեյերհոլդի նման, ոչ ոքի չնայելով, նախաբեմով արագ անցավ իր տեղը և անմիջապես թափով ձեռքերը թափահարեց։ Եվ նույն թափով էլ սկսեց «Մեյստերզինգերի» նախերգանքը։ Դա զուտ ամերիկյան տեմպ էր։ Ոչ մի վարկյան հապաղում։ Ժամանակը փող է։ Կատարումը անթերի էր։ Դահլիճում գրեթե ոչ մի հույզ չառաջացրեց։
: Մսի և պղնձի արքաները, երկաթուղային թագուհիները, ռետինե ծամոնի արքայազունները և դոլարների արքայադուստրերը այժմ հրապուրվում են Բախով, Բրամսով և Շոստակովիչով։ Ինչու՞ են նրանց միաժամանակ գրավել խոր և դժվարին Բախը, սառը Բրամսը և բուռն հեգնական Շոստակովիչը, նրանք, իհարկե, չգիտեն, չեն ցանկանում և չեն կարող իմանալ։ Մի տարուց հետո նրանք խենթորեն, հիմարանալու աստիճան («Ախ, դա մի այնպիսի ուժեղ, կլանող զգացմունք է») կհրապուրվեն միաժամանակ Մոցարտով, Չայկովսկիով և Պրոկոֆևով։
: Բուրժուազիան արվեստը հափշտակել է ժողովրդից։ Բայց նա չի ուզում պահել նույնիսկ այդ գողացած արվեստը։ Առանձին կատարողների Ամերիկայում գնում են և մեծ փող վճարում նրանց։ Ձանձրացող հարուստները հագեցել են Շալյապինով, Խեյֆեցով, Ռախմանինովով, Ստրավինսկիով, Ջիլի և Տոտտի դալ Մոնտեով։ Միլիոնատիրոջ համար այնքան էլ դժվար չէ տասը դոլար վճարել տոմսի համար։ Բայց ահա օպերան կամ սիմֆոնիկ նվագախումբը, հասկանու՞մ եք, չափից դուրս թանկ են։ Արվեստի այդ տեսակները դոտացիա են պահանջում։ Պետությունը դրա համար փող չի տալիս։ Մնում է ամերիկյան հռչակված բարեգործությունը։ Բարեգործներն ամբողջ Ամերիկայում պահում են միայն երեք օպերային թատրոն, և նրանցից միայն Նյու֊Յորքի «Մետրոպոլիտեն֊օպերան» է տարվա մեջ շուրջ երեք ամիս կանոնավոր աշխատում։ Երբ մենք ասում էինք, թե Մոսկվայում չորս օպերային թատրոն կա, որոնք աշխատում են կլոր տարին, երեք ամսվա ընդմիջումով, ամերիկացիները քաղաքավարի զարմանում էին, բայց հոգու խորքում չէին հավատում։
: Սրանից մի քանի տարի առաջ մեկենասները հրապարակական ապտակ ստացան մեծագույն դիրիժյոր Տոսկանինիից, որն այն ժամանակ ղեկավարում էր Նյու֊Յորքի ֆիլհարմոնիան։ Ֆիլհարմոնիայի գործերը վատ էին գնում։ Փող չկար։ Մեկենասները զբաղված էին իրենց բիզնեսով և բնավ չէին մտածում ինչ֊որ կլարնետների, թավջութակների, կոնտրաբասների մասին։ Վերջապես վրա հասավ մի պահ, երբ ֆիլհարմոնիան պետք է փակվեր։ Դա համընկավ Արթուրո Տոսկանինիի յաթանասունամյա հոբելյանին։ Եվ մեծ երաժիշտը ելքը գտավ։ Փողի համար նա չդիմեց մսի և պղնձի արքաներին։ Նա դիմեց ժողովրդին։ Ռադիոհամերգից հետո նա հանդես եկավ միկրոֆոնի առջև և խնդրեց յուրաքանչյուր ռադիոլսողին մեկական դոլար ուղարկել ի փոխանակումն այն լուսանկարի, որը Տոսկանինին կուղարկի իր ինքնագրով։ Եվ Տոսկանինին վարձահատույց եղավ իր երկարամյա, դժվարին կյանքի համար, ֆիլհարմոնիան ստացավ իրեն անհրաժեշտ միջոցները, ստացավ մարդկանցից, որոնք փող չունեին թատրոնի տոմս գնելու և կենդանի Տոսկանինիին տեսնելու համար։ Ասում են, այդ մարդկանց մեծամասնությունը իտալացի չքավոր տարագիրներն են եղել։
: Տոսկանինիի կյանքում եղել է փոքրիկ, բայց շատ հետաքրքիր մի դեպք։
: Երբ նա ծառայելիս է եղել Միլանի «La Skala» օպերայում, Իտալիայում կոնկուրս է հայտարարվել լավ օպերայի համար։ Տոսկանինին կոնկուրսի ժյուրիի անդամ էր։ Մի բավականին ապաշնորհ կոմպոզիտոր, նախքան իր ձեռագիրը ներկայացնելը, երկար ժամանակ պտտվում է ականավոր երաժիշտի շուրջը, քծնում և ամեն կերպ փաղաքշում նրան։ Նա խնդրում է, որ իր օպերան կարծիքի տան Տոսկանինիին։ Կարծիքը սպանիչ էր, և օպերան մերժեցին։ Անցավ տասը տարի, և ահա Նյու֊Յորքում ապաշնորհ կոմպոզիտորը նորից հանդիպում է Տոսկանինիին։
: ― Դե, մաեստրո, հիմա անցած բան է, ― ասում է նրան կոմպոզիտորը, ― բայց ես կուզենայի իմանալ, ինչու՞ այն ժամանակ մերժեցիք իմ օպերան։
: ― Ինձ դուր չեկավ, ― պատասխանեց Տոսկանինին։
: ― Իսկ ես հավատացած եմ, մաեստրո, որ դուք նույնիսկ չեք կարդացել։ Եթե կարդացած լինեիք, անպայման կհավանեիք։
: ― Հիմարություններ մի՛ ասեք, ― պատասխանեց Տոսկանինին, ― ես հիանալի հիշում եմ ձեր ձեռագիրը։ Ոչ մի բանի պետք չէ։ Դե, ի՞նչ բան է սա։
: Նա նստեց դաշնամուրի առջև և արագ֊արագ մի քանի մեներգ անգիր նվագեց այն վատ օպերայից , որ խոտանել էր տասը տարի առաջ։
: ― Ոչ, սա ոչ մի բանի պետք չէ, ― ասում էր նա նվագելով, ― ցած է ամեն տեսակի քննադատուցյունից։
: Եվ այսպես, երեկո էր, երբ մենք գնացինք Կրեյսլերի համերգին, ավտոմոբիլը թեթևամտորեն թողնելով հյուրանոցի շքամուտքի մոտ։ Լճից սառը քամի էր փչում։ Մենք հիմնավորապես մրսեցինք, թեև անցնելու էինք ընդամենը մի քանի տուն։ Շատ ուրախ էինք, որ հաջողեցրել էինք նախապես տոմս գնել։
: Ճեմասրահը բավականին ամայի էր։ Նույնիսկ կարծեցինք, թե ուշացել ենք, և որ համերգն արդեն սկսվել է։ Դահլիճում ևս քիչ մարդ կար, կեսից ոչ ավելի։
: «Բայց և այնպես Չիկագոյի ժողովուրդը սիրում է ուշանալ» ― որոշեցինք մենք։
: Բայց զուր էինք շտապում մեղադրել այդ քաղաքի տեղըտեղին, ճշտապահ մարդկանց։ Նրանք չէին ուշացել։ Նրանք պարզապես չէին եկել։ Համերգը սկսվեց և վերջացավ կիսով չափ դատարկ դահլիճում։
: Բեմի վրա կանգնել էր տարեց մի մարդ լայն այցեզգեստով, բավական մեծ փորով, որի վրա տարուբերվում էր բրելոկներով շղթան։ Նա կանգնել էր ոտքերը լայն դրած և ջութակը կզակով բարկությամբ սեղմած։ Դա Կրեյսլերն էր՝ աշխարհի առաջին ջութակահարը։ Ջութակը վտանգավոր գործիք է։ Նրանով չի կարելի ոչ վատ կամ պարզապես լավ նվագել, ինչպես դաշնամուրով։ Միջակ ջութակի նվագը սարսափելի է, իսկ լավը՝ միջակ և հազիվ տանելի։ Ջութակով պետք է նվագել հիանալի, միայն այդ դեպքում նվագը կարող է բավականություն պատճառել։ Կրեյսլերը նվագում էր առավելագույն ավարտվածությամբ։ Նվագում էր նուրբ, պոետիկ և խելացի։ Մոսկվայում նման համերգից հետո կեսժամյա օվացիա կլիներ։ Այն դադարեցնելու համար ստիպված կլինեին դաշնամուրը դուրս տանել և մարել բոլոր ջահերը։ Բայց այստեղ, ինչպես Նյու֊Յորքում, նվագը հիացմունք չառաջացրեց հասարակաության մեջ։
: Կրեյսլերին ծափահարում էին։ Բայց այդ ծափահարությունների մեջ չէր զգացվում երախտագիտություն։ Հասարակությունը կարծես ասում էր ջութակահարին՝ «Այո՛, դու ջութակ նվագել գիտես, դու քո արվեստը հասցրել ես կատարելության։ Բայց արվեստը վերջ ի վերջո այնքան էլ կարևոր բան չէ։ Արժե՞ արդյոք նրա պատճառով հուզվել»։ Կրեյսլերն, ըստ երևութին, որոշեց աշխուժացնել հասարակությանը։ Լավ է չաներ այդ։ Նա քանի գնում՝ ընտրում էր առավել տափակ պիեսներ, ինչ֊որ ողորմելի վալսիկներ ու բոստոնիկներ՝ ցածր ճաշակի երկեր։ Նա հասավ այն բանին, որ հասարակությունը վերջապես աշխուժացավ, «բիս» պահանջեց։ Դա ողորմություն խնդրող մեծ արտիստի նվաստացումն էր։
: Մենք դուրս եկանք Միչիգան֊ավենյու՝ ծանր զգացումով։
: ― Ահա՛, ահա՛, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― դուք չափից դուրս շատ բան եք պահանջում ամերիկացիներից։ Մի քանի տասնյակ տարի առաջ ինձ հետ մի պատմություն տեղի ունեցավ։ Այո՛, այո՛, պարոնայք, ձեզ համար հետաքրքիր կլինի այն լսել։ Նյու֊Յորքում, աշխարհում առաջին անգամ, կայացավ վագներյան «Պարսիֆալ» ներկայացումը։ Դուք հավանորեն գիտեք, որ «Պարսիֆալ»֊ը առաջին անգամ բեմադրվել է միայն Վագների մահվանից հետո և այդ եղել է Նյու֊Յորքում։ Ես, իհարկե, գնացի։ Պարոնայք։ Ես շատ եմ սիրում Վագներին։ Նստեցի յոթերորդ կարգում և սկսեցի լսել։ Կողքիս նստել էր մի հսկա շիկահեր ջենտլմեն։ Այո, այո, պարոնայք։ Ներկայացումը սկսվելուց հինգ րոպե անց, նկատեցի, որ շիկահեր ջենտլմենը քնել է։ Դրանում ոչ մի սարսափելի բան չկար, եթե նա քնած ժամանակ չընկներ իմ ուսին և բավականին անախորժ խռմփոց չարձակեր։ Ես արթնացրի նրան։ Նա զարթնեց, բայց մի րոպե հետո նորից քնեց։ Ընդ որում, նա գլուխը դրել էր իմ ուսին, ինչպես բարձի վրա։ Պարոնայք։ Ես չար մարդ չեմ, այո՛, այո՛, այո՛։ Բայց ես այդ բանը տանել չէի կարող։ Օ՜, նո։ Ես որքան ուժ ունեի արմունկով բոթեցի շիկահեր ջենտլմենի կողքը։ Նա զարթնեց և երկար նայում էր ինձ անմիտ հայացքով։ Հետո նրա դեմքը տառապանք արտահայտեց։ «Ներեցեք պարոն, ― ասաց նա, ― բայց ես շատ դժբախտ մարդ եմ, Սան֊Ֆրանցիսկոյից միայն երկու օրով եմ եկել Նյու֊Յորք, և բազում գործեր ունեմ։ Եվ Սան֊Ֆրանցիսկոյում է իմ գերմանուհի կինը։ Դուք գիտեք, պարոն, գերմանացիները խելագար մարդիկ են, նրանք գժվում են երաժշտության համար։ Կինս բացառություն չի կազմում։ Երբ մեկնում էի, նա ասաց․ «Ջեմս, խոսք տուր ինձ, որ կգնաս «Պարսիֆալի» առաջին ներկայացմանը։ Աստված իմ։ Ինչ երջանկություն է «Պարսիֆալի» առաջին ներկայացմանն ընկնելը։ Դե որ ես չեմ կարող, գոնե դու գնա։ Դու այդ պետք է անես ինձ համար։ Խոսք տուր ինձ»։ Ես նրան խոսք տվեցի, իսկ մենք՝ գործարար մարդիկս, մեր խոսքը կատարել գիտենք։ Եվ ահա, ես այստեղ եմ, պարոն»։ Ես նրան խորհուրդ տվեցի գնալ հյուրանոց, քանի որ իր խոստումը կատարել էր և նրան այլևս չի սպառնում անազնիվ մարդ դառնալու վտանգը։ Եվ նա իսկույն վազեց՝ ձեռքս ջերմորեն սեղմելով։ Այո՛, այո՛, այո՛, պարոնայք։ Ինձ դուր եկավ այդ շիկահեր ջենտլմենը։ Դուք շատ խիստ չպետք է դատեք ամերիկացիներին։ Նրանք ազնիվ մարդիկ են և արժանի խոր հարգանքի։
: Միստեր Ադամսի պատմությունը ունկնդրելով, մենք գնացինք դեպի հյուրանոց և այստեղ, ի մեծ սարսափ մեր, ավտոմոբիլը չգտանք։ Չկար մեր հրաշալի մկնագույն կառը։ Միսիս Ադամսը տնտղեց իր պայուսակը և այնտեղ չգտավ բանալին։ Տեղի էր ունեցել այն ամենաահավորը, որ կարող էր պատահել մեզ հետ ճանապարհին ― կորել էր ավտոմոբիլը բանալիով և ավտոմոբիլային պասպորտով։
: ― Ա՜խ, Բեկկի, Բեկկի, ― փնթփնթում էր միստեր Ադամսը հուսահատ։ ― Ես քեզ ասում էի, ասում էի․․․
: ― Ի՞նչ էիր դու ինձ ասում, ― հարցրեց միսիս Ադամսը։
: ― Օ՜, նո, Բեկկի։ What did you do? Ամեն ինչ կորավ։ Այո՛, այո՛, պարոնայք։ Ես ասում էի։ Պետք է զգույշ լինել։
: Մենք հիշեցինք, որ մեքենայում դրված էին ճանապարհի համար դասավորած ճամպրուկները, քանի որ որոշել էինք համերգից անմիջապես հետո մեկնել Չիկագոյից և ճանապարհին գիշերել որևէ փոքրիկ քաղաքում։
: Մենք քայլում էինք Միչիգան֊ավենյուով՝ վշտից տարուբերվելով։
: Նույնիսկ չէինք զգում սառցաշունչ քամին, որ ուռցնում էր մեր վերարկուները։
: Եվ հանկարծ, անսպասելիորեն, տեսանք կառը։ Այն կանգնած էր փողոցի մյուս կողմում։ Ձախակողմյան առջևի անիվը բարձրացել էր մայթի վրա, դռնակները բաց էին։ Ներսում լույս էր վառվում։ Եվ մեր մկնագույն գանձի ֆառերն անգամ շփոթված լույս էին տալիս։
: Մենք նետվեցինք դեպի մեքենան՝ ուրախության ճիչ արձակելով։ Որպիսի երջանկություն։ Ամեն ինչ տեղումն էր․ և՛ բանալին, և՛ փաստաթղթերը, և՛ բագաժը։ Ավտոմոբիլը զննելով զբաղված, չնկատեցինք, թե ինչպես մեզ էր մոտենում հսկա մի պոլիսմեն։
: ― Դու՞ք եք ավտոմոբիլի տերը, ― հարցրեց նա որոտալից ձայնով։
: ― Իես, սըր, ― վախեցած ծլվլաց միստեր Ադամսը։
: ― Ա֊ա֊ա՜, ― մռնչաց հսկան, վերից֊վար նայելով փոքր ու հաստլիկ Ադամին։ ― Իսկ դուք գիտե՞ք, գրողը ձեզ տանի, թե որտեղ պետք է կանգնեցնել մեքենան Չիկագո քաղաքում։
: ― Նո, միստեր օֆիսեր․․․ ― ստրկամտորեն պատասխանեց Ադամսը։
: ― Ես օֆիսեր չեմ, ― գոռաց ոստիկանը։ ― Ես ընդամենը պոլիսմեն եմ։ Ի՞նչ է, մի՞թե չգիտեք, որ ավտոմոբիլը չի կարելի հյուրանոցի առջև թողնել այնպիսի մայրուղու վրա, ինչպիսին Միչիգան֊ավենյուն է։ Սա ձեզ Նյու֊Յորք չէ։ Ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես պետք է մեքենա վարել Չիկագյում։
: Միստեր Ադամսին հավանորեն թվաց, թե «միստեր օֆիսերը» հիմա կսկսի իրեն խփել, և նա ձեռքերով ծածկեց գլուխը։
: ― Այո՛, այո՛, ― գոռգոռում էր ոստիկանը։ ― Սա ձեզ համար Նյու֊Յորք չէ, որ ձեր տաշտակը նետեք ամենագլխավոր փողոցի մեջտեղը։
: Նա, հավանորեն, ինչ֊որ հին հաշիվներ էր մաքրում Նյու֊Յորքի հետ։
: ― Գիտե՞ք արդյոք, որ ստիպված էի խցկվել ձեր քոսոտ մեքենան, քարշ տալ նրան այստեղ, իսկ հետո երկու ժամ հետևել, որպեսզի մեքենան չգողանան։
: ― Իես, միստեր օֆիսեր, ― թոթովեց Ադամսը։
: ― Ես օֆիսեր չեմ։
: ― Օ՛, օ՛, միստեր պոլիսմեն։ Ա՛յ եմ վերի, վերի սորի։ Ես շատ, շատ ցավում եմ։
: ― Ուել, ― ասաց պոլիսմենը մեղմանալով։ ― Սա ձեզ համար Չիկագո է, և ոչ թե Նյու֊Յորք։
: Մենք կարծում էինք, թե մեզ կտան «տիկետ» («տիկետ» ստացողը պարտավոր է ներկայանալ դատարան), որ մեզ անգթորեն կտուգանեն, նույնիսկ կնստեցնեն էլեկտրական աթոռի (ո՞վ գիտե դրանց, թե ինչ պտուղներ են): Բայց հսկան հանկարծ ծիծաղեց ահավոր բասով և ասաց․
: ― Դե, գնացեք։ Մյուս անգամ հիշեցեք, որ սա Չիկագո է, և ոչ թե Նյու֊Յորք։
: Մենք հապշտապ նստեցինք մեքենան։
: ― Գու՛դ բայ, ― բղավեց աշխուժացած ծերուկ Ադամսը, երբ մեքենան շարժվեց։ ― Գու՛դ բայ միստեր օֆիսեր։
: Ի պատասխան մենք լսեցինք միայն անորոշ մռնչյուն։