Changes

Հնդկական ժողովրդական հեքիաթներ

Ավելացվել է 9482 բայտ, 11:12, 22 Հուլիսի 2016
Թագավորը շատ գոհ մնաց կրտսեր որդուց և վճռեց, որ իրենից հետո նա կդառնա Ուդև քաղաքի թագավոր։
 

== Փերիումը և Քեչբան ==
 
Փերիումը Քիթիգարի Թհաքոր արքայի մինուճար դուստրն էր։ Նա անչափ գեղեցիկ էր։ Նրա գեղեցկության համբավը տարածվել էր աշխարհով մեկ։ Բայց Փերիումը որքան գեղեցիկ, նույնքան էլ ամբարտավան ու գոռոզ էր։
 
Մի օր, երբ նա ընկերուհիների հետ խաղում էր պալատի այգում, աղջիկներից մեկն ասաց.
 
― Փերիում, լսել եմ, դու ամուսնանում ես Քեչբայի հետ։ Ճի՞շտ է։
 
Իսկ քեչբա գուջարաթցիների լեզվով նշանակում է կրիա։ Փերիումը մտածեց, թե Քեչբա անուն ունեցողը կրիայի նման կլինի։
 
― Քեչբա,— բարկացած ու զզվանքով գոչեց նա։― Հիմա՞ր ես, ինչ է։ Ո՞վ ասաց, թե ես կամուսնանամ այդպիսի գարշելի արարածի հետ։
 
Փերիումը հասկացավ, որ ընկերուհին ակնարկում է Ջունագարի արքայազնին։ Նրա անունը Համիր էր, իսկ Քեչբան մականունն էր։ Փերիումը համոզված էր, որ այդ Քեչբան շատ գարշելի պիտի լինի, թե չէ ինչու պիտի Քեչբա ասեին։
 
Փերիումի ընկերուհիները փորձեցին ուրիշ բաներ էլ ասել փեսացուի մասին, բայց նա չցանկացավ լսել։ Քեչբան քեչբա է, և այդպիսի անուն ունեցողը կրիայի նման էլ պիտի լինի։ Փերիումը հասկանում էր, որ ընկերուհիները կատակում են։ Բայց մի բան պարզ է. ինքը Քեչբայի հետ ամուսնացողը չէ։
 
― Նրա անունը չտաք,— ասաց նա։― Ես չեմ ուզում այդ անունը լսել այլևս։
 
Մի քանի օր անց մայրը կանչեց Փերիումին ու ասաց քնքշորեն.
 
― Սիրելի դստրիկս, պատրաստվիր, շուտով դու ամուսնանալու ես Քեչբայի հետ։
 
― Ո՛չ, ոչ, մայրիկ,— պատասխանեց Փերիումը։― Ես երբեք չեմ ամուսնանա նրա հետ։
 
― Բայց, սիրելիս, դու պարտավոր ես։ Մի՞թե չգիտես, որ ձեր ամուսնությունը տարիներ առաջ է որոշված։ Այլևս հրաժարվել չես կարող։
 
― Հետո ինչ։ Ես չեմ ուզում ամուսնանալ նրա հետ և վերջ։ խնդրում եմ, հայրիկին ասես, որ չստիպի ինձ։
 
― Բայց հասկացիր, անուշս,— ասաց մայրը,— մենք նրա ծնողների հետ պայման ենք կապել։
 
― Ուրեմն էլ ինչո՞ւ եք ինձ հարցնում,— լաց եղավ Փերիումը։
 
Ծնողները վախեցան իրենց մինուճարին դժբախտացնել։
 
Թհաքորը ստիպված եղավ սուրհանդակ ուղարկել Ջունագարի ռաջային՝ հայտնելու, որ իր դուստրը չի ցանկանում ամուսնանալ Քեչբայի հետ։
 
Ջունագարի ռաջան կատաղությունից փրփրեց։ Նա գաղտնի տեղեկություններ հավաքեց ու պարզեց, որ արքայադստեր մերժման միակ պատճառը իր որդու մականունն է։ Եվ որոշեց, ինչ գնով էլ լինի, հասնել նպատակին։ Նա համառ մարդ էր, ավելի համառ, քան Փերիումը։
 
― Ես այնպես կանեմ,— երդվեց նա,— որ այդ գոռոզ աղջիկն ամուսնանա որդուս հետ։
 
Ու անմիջապես էլ սկսեց հարսանիքի պատրաստություն տեսնել։
 
Մի քանի օր անց շքեղ զարդարված հարսանեկան թափորը դուրս եկավ քաղաքից ու ճանապարհ ընկավ դեպի Սորաթ՝ Քիթիգարի մայրաքաղաքը։ Թմբուկների ու շեփորների նվագակցությամբ նրանք մտան Սորաթ։ Մարդիկ, գործը թողած, դուրս էին վազում դիտելու հարսանքավորներին։ Այսպիսի հարսանիք դեռ ոչ ոք չէր տեսել։
 
Այդ ժամանակ Փերիումը ընկերուհիների հետ պալատի այգում զբոսնում էր։ Նա չգիտեր քաղաքում տիրող իրարանցման մասին։ հանկարծ մի աղջիկ վազելով եկավ ու ասաց.
 
― Փերիում, լսե՞լ ես նորությունը։
 
― Ոչ,— ասաց Փերիումը,— ինչ նորություն։
 
― Դու չուզեցիր ամուսնանալ Քեչբայի հետ, հայրը նրան ուրիշի հետ է ամուսնացնում։
 
― Ինձ ինչ,— պատասխանեց Փերիումը,— ինչ ուզում են, թող անեն։
 
― Դե, գոնե, գնանք նայենք,— ասացին աղջիկները։
 
Փերիումը համաձայնեց։ Վտանգն անցած էր, այլևս ստիպված չէր լինի ամուսնանալ այդ զզվանքի հետ, կարելի էր գնալ տեսնել։ Եվ ընկերուհիների հետ նա դուրս Եկավ պատշգամբ։
 
Հարսանեկան թափորն անցնում էր իենց պատշգամբի մոտով։ Զարդարված սպիտակ ձիու վրա նստած էր մի բարձրահասակ, սիրունատես երիտասարդ, այնպես շքեղ հագնված, որ բոլորը նրան էին նայում։
 
― Ի՜նչ գեղեցիկն է,— ասում էին այս ու այն կողմից։― Ոնց որ աստված լինի։
 
― Ո՞րն է Քեչբան,— հարցրեց Փերիումը։
 
― Ահա այն սպիտակ ձիավորը,— ասացին ընկերուհիները։
 
Փերիումը աչքերին չհավատաց։ «Նա Քեչբան լինել չի կարող,— ասաց Փերիումն ինքն իրեն,— բոլորովին էլ կրիայի նման չէ։ Նա զզվելի չէ։ Եվ իմ տեսած տղամարդկանցից ամենագեղեցիկն է»։
 
Փերիումը սաստիկ հուզված էր։ Նա փոշմանել էր իր արարքի համար և զղջում էր, որ վիրավորել էր այդ հրաշալի մարդուն։ Ինչպես ուղղել սխալը։ Նա որոշեց չուշացնել, անմիջապես գնալ և ամեն ինչ պատմել նրան։
 
Նա պատշգամբից իջավ ու վազեց փողոց։ Ժողովուրդը զարմացած նայում էր, թե հպարտ արքայադուստրը ինչպես է վազում։ Նրան ճանապարհ էին տալիս, իսկ նա վազում էր ու կանչում պրքայազնին։
 
― Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,— հարցրեց Քեչբան, երբ Փերիումը վերջապես հասավ նրան։
 
― Ես Փերիումն եմ, Քիթիգարի արքայադուստրը,— պատասխանեց նա։
 
― Ահա թե ինչ, ուրեմն դու ես Փերիումը։ Մի կողմ քաշվիր ճանապարհից, ձիերը կարող են տրորել քեզ։ Այսօր իմ հարսանիքն է, ես շտապում եմ։
 
― Հարսանիք։ Ո՞ւմ հետ։ Ինչպե՞ս թե։ Չէ՞ որ մենք նշանված ենք դեռ մանկուց։ Ես եմ քո հարսնացուն։
 
― Ո՛չ, դու հրաժարվել ես, չե՞ս հիշում,— ասաց Քեչբան քմծիծաղով։
 
― Ես սխալվել եմ,— գոչեց Փերիումը։― Ես մերժեցի, որովհետև կարծում էի... կարծում էի... — աղջիկը չկարողացավ շարունակել, նա լաց էր լինում։
 
― Ես գիտեմ, ինչու ես մերժել,— ասաց Քեչբան։― Իմ մականվան պատճառով։ Բայց ինչ կա դրա մեջ...
 
Նա հաճույք էր զգում Փերիումի հոգու հետ խաղալուց և ներքուստ ուրախանում, որ աղջիկը վերջապես ընդունել էր իր սխալը։
 
― Շատ, շատ բան կա,— հեկեկում էր Փերիումը։― Քեչբան մեծ, սև, գարշելի սողացող արարած է, մինչդեռ Համիրն ուրիշ է։ Հա֊միր, Հա-միր։ Ինչ քաղցր անուն է։— Արցունքները հոսում էին ու ողողում նրա այտերը։
 
Ջունագարի ռաջան ուշիուշով հետևում էր Փերիումի և որդու խոսակցությանը։ Նա գլխի ընկավ, որ կամակոր աղջկան լավ դաս է տվել, ու Փերիումը հիմա արդեն կամուսնանա Քեչբայի հետ։
 
Եվ հարսանեկան երջանիկ թափորը շարժվեց դեպի պալատ։ Ի՜նչ փառահեղ հարսանիք եղավ։ Ե՛վ Սորաթում, և՛ Ջունագարում մի քանի օր շարունակ քեֆ ու ուրախություն էր։
Վստահելի
1318
edits