Changes
/* Գլուխ վեցերորդ */
=== Գլուխ վեցերորդ ===
Կոշիկն ու գուլպաները, որ Հակոբը թողել էր եռացող լճի մեջ ընկնելու տեղումհ ոչ մի կերպ չհաջողվեց գտնել։ Չորեքթաթ տալով, տղաները ուսումնասիրեցին լճափի բավական ընդարձակ մի հատված՝ նույնիսկ ավելի մեծ, քան հարկավոր էր, բայց անօգուտ՝ կորուստը գտնել չկարողացան։
Վերջապես, հոգնած Հակոբն առաջարկեց դադարեցնել որոնումները։
— Այսպես մենք նորից կսովածանանք,— ասաց նա,— ավելի լավ է ճանապարհը շարունակենք։
— Իսկ ոտքե՞րդ,— անհանգստացավ Արեգը։
— Մի կերպ կդիմանամ։
— Ինվչպե՞ս կդիմանաս,— չհամաձայնեց Լևոնը, որ մյուսներից ավելի լավ գիտեր, թե ինչ է նշանակում այրված ոտքերով քայլելը,— անհնար բան է։
— Իսկ գուցե իմ կոշիկբ կհագնե՞ս,— կիսաձայն ասաց Վազգենը,— ես գուլպայով կքայլեմ։ Եմ ոտքերն այրված չեն...
— Չէ, չէ,— չհամաձայնեց Հակոբը,— պետք չէ։
— Ինչպե՞ս պետք չէ,— զայրացավ Լևոնը,— նրան մի լսիր, Վազգեն, տուր կոշիկդ։
Հակոբը նորից վարձեց հրաժարվել։ Բայց ընկերները համոզեցին և նա ստիպված վերցրեց։ Եվ անմիջապ ես էլ պարզվեց, որ լրիվ ավելորդ էին և՛ ընկերների ջանքերը, և՛ իր հրաժարականները՝ կոշիկը փոքր էր։ Հակոբը բարձրացավ տեղից.
— Իզուր էլ անհանգստանում ենք,— ասաց նա,— ոչինչ չկա, գնանք։
— Սպասիր, Հակոբ,— կանգնեցրեց Լևոնը,— սպասիր։
— Ի՞նչ կա։
— Վերցրու։
Մթության մեջ, շոշափելով նա գտավ ընկերոջ ձեռքն ու ափի մեջ խցկեց ինչ֊որ փալասի կտոր.
— Վերցրու։
— Ի՞նչ է,— զարմացավ Հակոբը։
— Վերնաշապիկս է, փաթաթիր ոտքիդ։
— Պետք չէ, հագիր, կմրսես,— հրաժարվեց Հակոբը։
Բայց Լևոնը չզիջեց.
— Մրսել, չէ մի՜... եռունդա, ոնց որ բաղնիքում լինեմ, Փաթաթիր, փաթաթիր։
Էլի մի փոքր համառելուց հետո Հակոբը համաձայնեց։ Ինքն էլ էր համոզված, որ բոբիկ ոտքով երկար դիմանալ չի կարող։ Ծալծլեց վերնաշապիկը, փաթաթեց ոտքին, թևքերով ամուր կապեց և մեկ-երկու անգամ ոտքը քարերի վրա սահեցնելուց հետո բարձրացավ տեղից.
— Ամեն ինչ կարգին է, գնացինք։
Հիմա արդեն համառելու բան չկար։ Տղաները միմյանց հետևից չոքեցին ջրով լի քարե տաշտակի վրա, մի կուշտ խմեցին ու բռնեցին միմյանց ձեռք։
Առջևում Հակոբն էր, վերջում՝ Վազգենը։ Նախապես պայմանավորվել էին, որոշել՝ քայլելու էին դեպի աջ՝ առանց լճից հեռանալու։ Դա Հակոբի առաջարկն էր, որին ոչ ոք չէր առարկել։
Քայլելը դժվար էր։
Խումբը շարժվում էր չափից ավելի դանդաղ՝ կրիայի պես։ Հակոբը զգուշորեն շոշափում էր գետինը և ոտքի տակ ամուր կարծրությունն զգալուց հետո միայն փոխում էր քայլը։ Տասնհինգ-քսան քայլափոխը մեկ խումբը կանգ էր առնում։ Վազգենը, առանց Արեգի ձեռքը թողնելու, ձախ ոտքը տանում էր կողք՝ զգուշորեն սահեցնելով քարերի վրայով, մինչև լճի եռացող մակերեսին հասնելը։ Դա նույնպես արվում էր ապահովության համարի լճից չհեռանալու նպատակով։
— Լսիր, Հակոբ,— բավական ճանապարհ լուռ անցնելուց հետո ասաց Լևոնը,— մինչև ո՞ւր ենք այսպես քայլելու։
— Մինչև այստեղից դուրս գալը,— հանգիստ պատասխանեց Հակոբը։
— Ուրեմն դու հույս ունես, հա՞,— փսփսաց Վազգենը։
— Իհարկե։ Քարանձավ է, էլի, սարից հո մեծ չէ՞, իսկ մեր սարերը ինքդ էլ լավ գիտես...
Հակոբի հանգիստ ձայնն ու վստահ պատասխանը ոգևորեց բոլորին և ամենից առաջ հենց իրեն՝ Հակոբին։
Խումբը շարունակեց քայլել և այս անգամ կարծես ավելի արագ...
__* * *__
— Ի... անձրև՞ է։
Արեգի ձայնն էր։
— Ի՞նչ անձրև,— զարմացավ Լևոնը։
— Չգիտեմ։ Գլխիս ջուր կաթեց, հորս արև։
— Եռունդա,— չհավատաց Լևոնը։
— Թվացած կլինի,— միջամտեց Վազգենը,— անձրևը որտեղի՞ց էր գալու, քարե երկնքի՞ց։
— Չգիտեմ,— Արեգն ուսերը թոթվեց ու ստիպված համաձայնեց,— գուցե թվացել է։
— Իհարկե, թվացել է։
Հակոբը չխառնվեց խոսակցությանը։ Ջրի կաթիլները նրա գլխին նույնպես ընկել էին։ Սկզբում նա մտածել էր ընկերների պես։ Բայց առաջին կաթիլին հաջորդել էր երկրորդը, երրորդը և նա համոզվել էր, որ վերևից իսկապես ջուր է կաթում։ Իսկ Արեգի ասածը վերջակետ էր դրել կասկածի դեռևս գոյություն ունեցող փոքրիկ նշաններին։ Հակոբը նայեց վեր։ Գլխավերևում նույն մութն էր, ինչ կողքերին, առջևում ու ետևում՝ անհասկանալի, ամեն տեսակ անակնկալներով ու առեղծվածներով լի։
«Որտեղի՞ց կարող էր առաջանալ այս կաթոցքը»,— մտածում էր Հակոբը, երբ ետևից լսեց Լևոնի անհանգստացած ձայնը.
— Վա՜յ, իսկապես...
— Կաթո՞ւմ է,— անմիջապես հարցրեց Արեգը։
— Հա՛։
Խումբը կանգ առավ։
— Ի՞նչ կարող է լինել,— անհանգստացավ Վազգենը։ Նրա վրա դեռ ոչ մի կաթիլ չէր ընկել ու դրանից նա կարծես ավելի էր վախեցած, քան մյուսները։
— Գուցե իսկապե՞ս անձրև է։
— Քարե երկնքի՞ց,— Արեգի մտքին չհամաձայնեց Վազգենը։
— Իսկ մեր գլխավերևում գուցե իսկական երկի՞նք է,— շարունակեց Արեգը։
— Չէ մի, դատարկ բաներ ես ասում, իսկական երկինք... իսկ ո՞ւր է լույսը։
— Գուցե գիշեր է։
— Եռունդա, թող աստղեր լինեն։
— Ամպ ժամանակ ի՞նչ աստղեր։
— Չէ,— Արեգին ընդհատեց մինչ այդ լուռ Հակոբը,— անձրև չէ, բայց վախենալու բան, իհարկե, չկա։ Հիշո՞ւմ եք, բաղնիքում ջուրն ինչպես է առաստաղից կաթում։ Տարբերություն չկա, նույնն էլ այստեղ է։ Եռացած ջուրը լճից գոլորշիանում է, քարերի վրա սառում, դառնում կաթիլ ու թափվում ներքև՝ ինչպես բաղնիքում։
Հակոբի ասածը իրականությանը մոտ էր, բոլորին համոզեց։
Կաթիլքը գնալով ուժեղանում էր։ Բայց հիմա արդեն այն տղաներին վախեցնել չէր կարող սովորական ջուր է, գալիս է թող գա։
Բայց քիչ անց պարզվեց, որ կաթիլների առատությունն իր հետ բերում է մեկ ուրիշ անակնկալ, որի մասին տղաներից ոչ մեկը չէր կարող նույնիսկ մտածել։
Առաջինը դա հասկացավ Հակոբը, որովհետև գնում էր շարքի առաջից։
Քայլելու ընթացքում, աջ ձեռքով նա անընդհատ շոշափում էր մթությունր և քայլը փոխում միայն այն ժամանակ, երբ համոզվում էր, որ վտանգավոր ոչինչ չկա ոչ միայն ոտքերի տակ, այլև ձեռքի դիմաց։ Նույն գործողությունը անընդհատ կատարելուց ձեռքն արդեն հոգնել էր, ընդարմացել, բայց Հակոբի մտքով էլ չէր անցնում, որ կարելի է քայլել առանց այդ նախազգուշական շարժման։ Եվ ահա պարզվեց, որ տղայի զգուշությունը բոլորովին ավելորդ չէր։
Կաթիլքի ուժեղանալուց հետո անցել էր մի քանի րոպե՝ վեց կամ յոթ, երբ Հակոբի առաջ պարզած մատերը զգացին ջրոտ քարերի խոնավ կոշտությունը։ Դրանից Հակոբն այնքան էլ չվախեցավ։ Մտածեց, որ բավական է շարժվել փոքր-ինչ այն կողմ՝ աջ կամ ձախ և ամեն ինչ կհարթվի, պատը տեղի կտա, ձեռքն առաջվա պես կտատանվի դատարկ մթության մեջ։ Սակայն տղայի լավատեսությունը չարդարացավ. քարե պատը նրանց ճանապարհը վերջնականապես փակել էր։
Հակոբի անշարժանալն առաջինը նկատեց Լևոնը, որ գալիս էր անմիջապես նրա ետևից։
— Գնա, ինչո՞ւ կանգնեցիր,— ասաց նա ու սեղմեց Հակոբի ձեռքը։ Պատասխան չստացավ,— ուզում ես հանգստանա՞նք։
— Ճանապարհ չկա,— կիսաձայն ասաց Հակոբը։
— Ինչպե՞ս թե,— Լևոնը բարձրացրեց ձայնը,— ինչպե՞ս չկա,— նա թողեց Հակոբի ձեռքն ու կույրի պես խարխափելով նետվեց առաջ։
Տղաների ձայները խառնվեցին իրար։
Չորս զույգ ձեռքեր սկսեցին շարժվել քրտնած քարերի վրա՝ շոշափել պատի խոնավ կարծրությունը։ Բայց ժայռը կանգնած էր համառ ու անողոք։ Որոնումներն անցան ապարդյուն։
Ճանապարհը փակ էր։
Հուսահատությունը նորից համակեց քառյակին՝ այս էլ որերորդ անգամ։
Չորս տղաները հոգնած փռվեցին ջրակոլոլ քարերի վրա։
Կրիայի խաշած մսով ու գոլ ջրով կազդուրվելուց հետո առաջացած փրկության հույսը կրկին տեղի տվեց քարանձավում կորչելու մտքհն։
__* * *__
Տանջալից անորոշությունը ձգվեց բավական երկար և անսպասելիորեն ընդհատվեց Արեգի հարցական փսփսոցով.
— Տղերք, դուք բան նկատո՞ւմ եք։
Ոչ ոք չպատասխանեց։
Լռությունն Արեգին չբավարարեց և նա փսփսաց նորից, այս անգամ կոնկրետ հասցեով։
— Հակոբ,— ասաց,— դու ո՞ր կողմն ես նայում։
— Դեպի լիճ,— անտրամադիր խոսեց Հակոբը։
— Հակառակ ուղղությամբ նայիր,— խնդրեց Արեգը։
— Ի՞նչ կա,— ալարելով փնթփնթաց Հակոբը։
— Ինձ թվում է, որ այն կողմում լույս եմ տեսնում։
— Լո՞ւյս...
Բոլորը միանգամից շրջվեցին, նույնիսկ առանց հաշիվ տալու՝ դա պետք էր, թե ոչ։
Արեգը շարունակեց.
— Շատ թույլ է գիտե՞ք, հազիվ նկատելի։ Կամ գուցե թվում է...
Չորսն էլ պահեցին շունչները։ Լուռ ուսումնասիրում էին անձև ու անորոշ սևը։
— Չէ, թվացել է,— հոգոցի հետ թույլ֊թույլ արտաբերեց Լևոնը։
— Իսկ իմ կարծիքով Արեգը ճիշտ է,— չհամաձայնեց Հակոբը,— մութն այնտեղ իսկապես ավելի թափանցիկ է։
— Երևի...
Վազգենն էր։ Ցանկանում էր ինչ֊որ բան ասել, բայց անսպասելիորեն փոխեց որոշումն ու չասաց։
Իսկ Հակոբը նորից պնդեց իրենը և անմիջապես առաջարկեց շարժվել։
Առաջարկը չվիճարկեցին։ Նույնիսկ Լևոնը ծպտուն չհանեց։
Գնում էին, ինչպես մինչև պատին հասնելը՝ չորեքթաթ, ճանապարհն ստուգելով։ Հետո, երբ շոգը կամաց-կամաց սկսեց թուլանալ նրանք հասկացան, որ լճից հեռացել են և ձեռքերը պոկեցին գետնից, քայլեցին մարդավարի՝ միայն երկու ոտքով։
Իսկ մութը գնալով գունաթափվում էր, փոխվում կաթնագույնի։ Լույսի աղբույրը հայտնաբերել դեռ չէր հաջողվել, բայց չորսն էլ գիտեին, որ այդ աղբյուրը կա և վաղ թե ուշ կգտնեն այն։ Ուրախության ճիչերն ու աղմուկ-աղաղակը յուրաքանչյուր րոպեն մեկ թնդացնում էր օդը։ Այլևս ոչ մի կասկած՝ փրկությունն այստեղ է, մոտերքում ինչ֊որ տեղ և նրանք մոռացած ցավ ու հոգնածություն գնում էին դեպի փրկարար լույսը։
Առջևից քայլում էր Հակոբը։ Քայլում էր արագ, առանց շուրջը նայելու, առանց շրջապատին ուշադրություն դարձնելու։ Երբեմն կանգնում էր, բայց տառացիորեն վայրկյաններ՝ շունչը տեղը բերելու համար։ Եվ հենց անմիջապես լսվում էր ետևից եկողների դժգոհ ձայները.
— Էլի կանգնեց։
— Գնա, Հակոբ ջան, կանգնելու ժամանակը չէ։
— Գնա...
Լճից նրանք բավական հեռացել էին։ Եվ ճանապարհը մի քանի անգամ արդեն ոլորվել էր՝ արևկող արած օձի գալարներով, երբ երևաց լույսի աղբյուրը՝ միանգամից ու անսպասելի։ Անցան հերթական շրջադարձը և հայտնվեցին լույսով լցված շրջանակի դիմաց։
Մի պահ կանգ առան՝ ասես քարացան։
— Վերջապես,— շշնջաց Հակոբը։
— Փրկվեցինք։ Հորս արև, փրկվեցինք,— ճչաց Արեգն ու նետվեց առաջ։ Բարձրացավ քարե շրջանակի գոգը, նայեց ներքև ու առանց շրջվելու գոռաց։— Գետնից բարձր ենք, բայց այստեղ պարան կա...
— Պարա՞ն։
— Ի՞նչ պարան։
— Սովորական պարան։ Ճյուղերից հյուսած,— պատասխանեց Արեգն ու մինչև ընկերները կմոտենային, կտեսնեին, թե ինչ պարանի մասին է խոսքը, ճանկեց անցքի եզրից իջնող պարանն ու սահեց ներքև,— ցտեսություն։
Առաջինը, որ հանդիպեց քառյակը անտառ մտնելուն պես, խարույկի մնացորդներն էին։ Վազգենը հայտնաբերեց։ Անմիջապես խառնշտեց ու գոռաց.
— Խարույկը դեռ տաք է։
— Տա՞ք,— Հակոբը կաղալով մոտեցավ։
Տաքն, իհարկե տաք չէր, բայց մոխրի տակ իսկապես կրակ կար։ «Ո՞վ կլինի վառած»— մտածեց Հակոբն ու անմիջապես ձեռքը խփեց գլխին.
— Դդում...
— Ըհը,— ծիծաղեց Արեգը։
Հակոբն ուշադրություն չդարձրեց։ Շարունակեց.
— Ամեն ինչ պարզ է։ Այս խարույկն Արամենք են վառել ու պարանն էլ են նրանք կախել։
— Մեզ համար,— քրթմնջաց Լևոնը։
Հակոբը ծիծաղեց։
— Դդում,— ասաց ու ցույց տվեց իրենց անցքից վեր մթին տվող այրը։
Լևոնը գլխով արեց՝ հասկացա։
— Ուրեմն նրանք այնտե՞ղ են եղել,— հարցրեց Արեգը։
— Այո,— առանց տատանվելու պատասխանեց Հակոբը։
Հենց այդ պահին էլ լսվեց Վազգենի նոր բացականչությունը.
— Տղերք խորոված սունկ։
Լսեցին ու վազեցին։
Ասես պատվերով մնացել էր ուղիղ ութ հատ։ Վրա տված կերան։ Սառն էր ու համն էլ բավական կորցրած, բայց չորսին էլ թվաց, որ ավելի համեղ բան վերջին տարիներին իրենց չէր հանդիպել։
Կերան ու ճանապարհ ընկանհ Արամի եռյակի հետքերով։
__* * *__
Երկրորդ օրը երեկոյան էր...
Ուր֊որ է կմթներ և քառյակն արդեն գիշերելու տեղ էր փնտրում, երբ հանկարծ Վազգենն ասաց.
— Դուք ձայներ լսո՞ւմ եք։
— Ի՞նչ ձայն,— հարցրեց Լևոնը։
— Խոսակցության,— պատասխանեց Վազգենն ու մատը մեկնեց առաջ,— ինձ թվաց, որ այնտեղից է գալիս։
— Արամ ենք կլինեն,— գուշակեց Հակոբն ու քայլեց Վազգենի ցույց տված ուղղությամբ։
Ձայներ իսկապես լսվում էին, միայն թե դրանք Արամի ու նրա ընկերների ձայները չէին, ինչպես գուշակել էր Հակոբը։ Խոսողը Կարենն էր և Հակոբը դա հասկացավ առաջին իսկ բառերը լսելուն պես։
«— Սաքոն։ Մեր Սաքուլիկը, անդրավարտիքը փոխած ու ինքն իր տափակության վրա քրքջալիս...»— ասում էր Կարենը։
— Կարեն,— ամբողջ ուժով գռռաց Հակոբը։
Պատասխանը չուշացավ։
— Քիթս կկտրեմ, թե սա ցախլեղտակցի Հակոբի ձայնը չէր.— ասաց Կարենն ու ինքն էլ իր հերթին գոռաց,— Ցախլեղտակ։
Արեգն ու Վազգենը ուրախ ճիչեր արձակելով նետվեցին առաջ։ Հակոբը ցանկանում էր հետևել նրանց, բայց Լևոնը բռնեց թևը։
Հակոբը շրջվեց.
— Ի՞նչ ես ուզում։
Մի րոպե, Հակոբ ջան։
— Ի՞նչ կա։
— Մի բան եմ ուզում խնդրել։
Առջևում աղմուկ֊աղաղակ էր բարձրացել։
— Խնդրիր, շուտ արա,— շտապեց Հակոբը։
— Ես...
Լևոնը չշարունակեց։ Նա հուզված էր, մի տեսակ այլայլված. «Ի՞նչ կարող է պատահած լինել»,— մտածեց Հակոբը։
— Ասա, Լևոն ջան։
— Ես,— Լևոնը նորից հապաղեց,— ուրեմն, իշխանի գանձարանում ես մի մատանի էի վերցրել, ձեզանից գաղտնի։ Դե, գիտես էլի, ...դե, հասկանում ես էլի...
— Հասկանում եմ,— Հակոբը գլխով արեց,— գողացել էիր։
— Չէ, ի՞նչ գողանալ, վերցրել էի։
— Դե լավ, վերցրել էիր, հետո՞։
— Հիմա ուզում եմ, որ այս մատանին...
Լևոնը նորից հապաղեց։
— Տանենք-ծախե՞նք։
— Չէ, ուզում եմ տանք տղաներին։
— Նվեր, հա՞։
— Չէ, որ հանձնեն՝ ում պետքն է։
— Դե տար տուր, էլի,— Հակոբը փորձեց շարժվել, բայց Լևոնը կանգնեցրեց նրան։
— Ես ամաչում եմ, Հակոբ ջան, խնդրում եմ դու տուր։ Հակոբը մի պահ մտածեց ու համաձայնեց.
— Դե լավ, տուր։ Կասենք ապացույցի համար էինք վերցրել, որպեսզի ցույց տանք չհավատացողներին,— Հակոբը վերցրեց մատանին, բայց վազելով առաջ հանկարծ հասկացավ, որ Լևոնը կարող էր մատանին նաև չտալ, թաքցնել։ Հակոբը ինքնիրեն ժպտաց, հետո թփթփացրեց ընկերոջ ուսն ու վազելով ասաց.
— Ապրես։
=== Գլուխ յոթերորդ ===