Changes

Ճանապարհորդություն «Շլացուցիչ» նավով

Ավելացվել է 16 846 բայտ, 17:24, 1 Օգոստոսի 2016
/* Գլուխ II։ «Դրակոնի բարեփոխումները» */
=== Գլուխ II։ «Դրակոնի բարեփոխումները» ===
 
Մի քանի րոպե հետո Ջոն, տակավին զայրացած, ճաշասենյակ մտավ։ Սեղանի մոտ նա համառորեն լռում էր, թեև հայրը, մայրը և Բեսսին աշխույժ զրույց էին սկսել։ Կատաղի հայացքը հառած պնակին՝ Ջոն մտածում էր․ «Ահա թե ինչպիսի՜ն ենք։ Հեկեկում ենք, արցունք թափում, իսկ մի րոպե հետո ժպտում ենք ու ծիծաղում։ Չէ՛, մենք այդպիսի բաներ չենք հասկանում։ Հավատացած եղեք, որ մենք թեկուզ և ինչ֊որ բանից արցունքներ թափելու լինենք, մի քանի օր կախաղան բարձրացվածի պես ման կգանք։ Բոլոր աղջիկներն էլ ձև են թափում․ դա նրանց սովորությունն է։ Նրանք չեն զգում թեկուզ հարյուրերորդ մասը այն բանի, ինչի մասին խոսում են լաց լինելիս։ Իհարկե, չե՛ն զգում։ Երևի նրանք այդքան հաճախ տզզում են այն պատճառով, որ դա իրենց դուր է գալիս։ Նրանք սիրում են տանջել մարդկանց, հատկապես մեզ՝ տղաներիս։ Դրա համար էլ խառնվում են մեր գործերին»։
 
Տարված խորիմաստ մտքերով, նա միաժամանակ ուտում էր մեծ ախորժակով, ըստ արժանվույն գնահատելով բոլոր ճաշատեսակները, քանի որ, համաձայնվեք, Քլիֆ֊հաուզից մերձքաղաքյա ամբողջ զբոսայգու միջով մինչև Արևմտյան արվարձանը հեծանվով արշավելուց հետո չի կարելի լավ ախորժակ չունենալ։
 
Հայրը մերթ ընդ մերթ խեթ֊խեթ նայում էր տղային։ Ջոն այդ բանը չէր նկատում, բայց Բեսսին շատ լավ էր տեսնում։ Միստր Բրոնսոնը միջին տարիքի, ամեն ինչով տեղը տեղին մի մարդ էր, մի քիչ, իսկապես, ծանրավուն, բայց ոչ շատ գեր։ Նա եռանդուն, կոշտ դեմք ուներ, քառակուսի ծնոտ և սուր դիմագծեր, բայց ուրախ աչքերը փայլում էին մեղմորեն, իսկ բերանի մոտի կնճիռները ոչ թե դաժանություն, այլ ավելի շուտ հումորի արտահայտություն ունեին։
 
Հոր և որդու զարմանալի նմանությունը ուղղակի աչքի էր զարնում։ Երկուսն էլ լայն ճակատ և դուրս ցցված ծնոտ ունեին, իսկ աչքերը, չնայած տարիքների տարբերությանը, նման էին իրար, ինչպես միևնույն պատիճից հանված երկու զույգ սիսեռի հատիկներ։
 
— Գործերդ ինչպե՞ս են, Ջո,— հարցրեց միստր Բրոնսոնը, երբ արդեն ճաշել վերջացրել էին։
 
Սեղանը արդեն հավաքել էին և բոլորը պատրաստվում էին վեր կենալ։
 
— Չգիտեմ,— անտարբեր պատասխանեց Ջոն և հետո ավելացրեց.— Վաղվանից քննությունները սկսվում են, այն ժամանակ կերևա։
 
— Իսկ հիմա ո՞ւր ես գնում,— հարցրեց մայրը, երբ նա ուղղվեց դեպի դռները։
 
Նա բարձրահասակ, բարեկազմ կին էր և, Բեսսիի պես շագանակագույն մազեր ուներ ու նրա նման էլ մեղմ շարժուձև։
 
— Իմ սենյակն եմ գնում,— պատասխանեց Ջոն։— Պարապելո՛ւ,— լրացրեց նա։
 
Մայրը մեղմիկ շոյեց նրա մազերը, կռացավ և համբուրեց։ Միստր Բրոնսոնը գոհունակ ժպտաց նրա հետևից, և Ջոն աստիճաններով վերևի հարկ վազեց մի հաստատուն որոշմամբ՝ մինչև կոկորդը թաղվել գրքերի մեջ և ինչ էլ ուզում է լինի, հանձնել վաղվա քննությունը։
 
Մտնելով իր սենյակը, նա փակեց դուռը, նստեց գրասեղանի մոտ և մի հայացք գցեց սեղանին դրված դասադրքերին։
 
Ջոն որոշեց սկսել պատմությունից, քանի որ քննությունները սկսվելու էին այդ առարկայով։ Նա բացեց գրքի ծալված թերթը և սկսեց կարդալ։
 
— «Շուտով, Դրակոնի բարեփոխումները մտցնելուց հետո, Աթենքի և Մեգարայի միջև պատերազմ սկսվեց Սալամին կղզու համար։ Երկու քաղաքներն էլ ուզում էին իրենց իրավունքներր հաստատել այդ կղզու վրա»։
 
Դե, սա մտքում պահելը դժվար չէ։ Բայց ի՞նչ էին իրենցից ներկայացնում Դրակոնի այդ բարեփոխումները։ Դրանք պետք է կրկնել։
 
Նա նորից թաղվեց գրքի մեջ, աչքերը սահեցնելով արդեն անցած էջերի վրայով, բայց հենց այդ ժամանակ էլ նրա գրքից շեղված հայացքը ընկավ բեյսբոլի պարագաներին՝ մետաղյա ցանցաձև դիմակին ու ձեռնոցներին, որոնք դրված էին աթոռի վրա։
 
«Մենք ոչ մի դեպքում անցյալ շաբաթ խաղը տանուլ չէինք տա, եթե Ֆրեդը չվրիպեր։ Նա շատ բերանբաց տղա է, ճիշտ է, նրա համար ոչինչ չարժե իրար հետևից բռնել հարյուրավոր դժվար գնդակներ, բայց վճռական պահին ինչ-որ դատարկ բանից միշտ էլ շփոթվում է։ Հարկավոր էր նրան դաշտում պահել, և դարպասի մոտ կանգնեցնել Ջոնսին։ Միայն թե Ջոնսը չափից դուրս տաքանում է։ Նա ուզածդ գնդակը կորսա, ինչքան էլ որ դժվար լինի, բայց երբեք չես կարող գլխի ընկնել, թե հետո ինչ պիտի անի գնդակը»։
 
Ջոն ցնցվեց և հանկարծ սթափվեց։
 
— Խոսք չկա, այսպես պատմությունը լավ կսովորես։— Նա նորից խորասուզվեց գրքի մեջ։
 
— «Դրակոնի բարեփոխումները մտցնելուց հետո...»։
 
Երեք անգամ կարդալով նույն նախադասությունը, նա վերջապես հիշեց, որ Դրակոնի բարեփոխումների մասին դեռ ոչ մի բան չի կարդացել։
 
Դուռը թակեցին։ Նա սկսեց արագ-արագ թերթել գիրքը, ուշադրություն չդարձնելով դռան թակոցին։
 
Թակոցը համառորեն կրկնվեց, և դռան հետևից լսվեց Բեսսիի քնքուշ ձայնը.
 
— Ջո՛, սիրելիս։
 
— Ի՞նչ ես ուզում,— հարցրեց նա և չսպասելով պատասխանին, ավելացրեց.— Չի՛ կարելի, ես զբաղված եմ։
 
— Եկա իմանամ, չե՞մ կարող արդյոք օգնել քեզ,— ասաց նա։— Ես արդեն բոլոր դասերս պատրաստել եմ և մտածում եմ...
 
— Դե՛, պարզ է, դու արդեն բոլորր պատրաստել ես,— փնթփնթաց նա։— Դու միշտ էլ ամեն ինչ հասցնում ես։
 
Ջոն երկու ձեռքերով բռնեց գլուխը, որպեսզի աչքերը այլևս գրքից չկտի։ Բեյսբոլի այդ դիմակը նրան հանգիստ չէր տալիս։ Ինչքան շատ էր նա աշխատում թափանցել պատմության մեջ, այնքան համառորեն նրա գլխում պտտվում էին աթոռին դրված դիմակը և այն խաղերի մասին եղած հիշողությունները, որոնց մասնակցել էր։
 
— Չէ՛, գործը այդպես առաջ չի գնա։
 
Նա շուռ տվեց բաց դասագիրքը, դրեց սեղանին և մոտեցավ աթոռին։ Վերցնելով դիմակը և ձեռնոցները, դրանք այնպիսի ուժով շպրտեց մահճակալի տակ, որ դիմակը կպավ պատին ու ետ ցատկեց։
 
— «Շուտով, Դրակոնի բարեփոխումները մտցնելուց հետո, Աթենքի և Մեգարայի միջև պատերազմ սկսվեց...»։
 
«Դիմակը ետ թռավ,— մտածեց Ջոն։— Հետաքրքիր է, շա՞տ հեռու թռավ։ Գուցե երևո՞ւմ է։ Ոչ, ինքը չի՛ նայի։ Ի՞նչ գործ ունի դրա հետ։ Դա հո պատմություն չէ։ Բայց էլի՜...»։
 
Ջոն գլուխը բարձրացրեց և աչքն ընկավ դիմակին, որը կիսով չափ դուրս էր եկել մահճակալի տակից։ Այդպես թողնել չի կարելի։ Քանի դեռ այդ դիմակը ցցված է աչքերի առջև, ինքը չի կարող պարապել։
 
Նա վեր կացավ, դիմակը հանեց մահճակալի տակից, հանդիսավոր կերպով անցավ ամբողջ սենյակով, մոտեցավ պատի պահարանին, խցկեց այնտեղ և դռները փակեց։ Դիմակի հետ գործը վերջացրեց։ Հիմա կարելի է պարապել։
 
Նա նորից գիրքը ձեռքն առավ։
 
— «Շուտով, Դրակոնի բարեփոխումները մտցնելուց հետո, Աթենքի և Մեգարայի միջև պատերազմ սկսվեց Սալամին կղզու համար։ Երկու քաղաքներն էլ ուզում էին իրենց իրավունքները հաստատել այդ կղզու վրա...»։
 
Այս բոլորը շա՜տ լավ, եթե միայն իմանար, թե ինչ էին իրենցից ներկայացնում Դրակոնի բարեփոխումները։
 
Վերջալույսի թույլ ցոլքերը սենյակ ընկան։ Որտեղի՞ց են այդ ցոլքերը։ Ջոն լուսամուտից դուրս նայեց։ Մայր մտնող արևի երկար ու շեղ ճառագայթները ընկել էին թեթև ամպերին, որոնք փայլփլում էին պուրպուրե տաք գույներով։ Կարմրավուն արտացոլումը փռվել էր երկրին։
 
Ջոն հայացքը ամպերից սահեցրեց ցած, դեպի ծովածոցը։ Մթնշաղի հետ միասին դադարել էր ծովից փչող քամին, և Փոյնթ ամրոցից ոչ հեռու մի ինչ֊որ ուշացած ձկնորսական նավակ հանդարտ նավահանգիստ էր մտնում, օգտվելով քամու վերջին շնչից։ Մի փոքր հեռու, բուքսիրային նավը, ծխի քուլաներ արձակելով, ծով էր դուրս բերում եռակայմ մի շխունա։ Ջոյի հայացքը ընկավ հեռվում երևացող Մարինի ափին։ Ափագիծը արդեն չէր երևում իջնող խավարում, և երկար ստվերները սողում էին վերջալույսի մեջ դեռևս պարզ երևացող Թամալփես լեռան բարձունքն ի վեր։
 
Օ՜, ինչ լավ կլիներ, եթե ինքը՝ Ջո Բրոնսոնը, լողար այդ ձկնորսական նավակով, հաջող որսից հետո։ Կամ էլ այդ շխունայով, որը ուղիղ գնում էր դեպի մայր մտնող արևը՝ ինչ֊որ անհայտ հեռուներ։ Ահա սա է կյանքը, սա՛ է գործը։ Մի բան պետք է լինել այս աշխարհում։ Իսկ ինքը փակվել է խեղդուկ սենյակում և գլուխը լցնում է պատմություններով այն մարդկանց մասին, որոնք երկրի երեսից անհետացել են իր ծննդից հազար տարի առաջ։
 
Ջոն թափով պոկվեց լուսամուտից, կարծես դուրս պրծավ ինչ֊որ կպչուն ձեռքերից, որոնք բռնել էին նրան, վճռական քայլերով աթոռն ու գիրքը տարավ սենյակի ամենահեռավոր անկյունը և նստեց՝ մեջքով դեպի լուսամուտը։
 
Բայց մի րոպե հետո (այդպես թվաց նրան) նա քաղցր երազանքներով տարված նորից հայտնվեց լուսամուտի մոտ։ Ինքն էլ չիմացավ, թե դա ինչպես եղավ։ Վերջին բանը, որ հիշում էր, մի ենթավերնագիր էր. «Դրակոնի բարեփոխումները և նրա սահմանադրությունը», որը նա, վերջապես, գտավ ինչ֊որ տեղ, դասագրքի աջ էջում, իսկ հետո, երևի լուսնոտի նման, որ թափառում է քնի մեջ և այդ բոլորը չի հիշում, մոտեցավ լուսամուտին։ Հայտնի չէ, թե նա ինչքան ժամանակ կանգնած մնաց այդտեղ։ Ձկնորսական նավակը, որը նա սկզբում նկատել էր Փոյնթ ամրոցի մոտ, հիմա արդեն հասել էր Մեյգասի նավաշինարաններին։ Այդ բանից կարելի էր եզրակացնել, որ մի ժամ անցած կլիներ։ Արևը վաղուց արդեն մայր էր մտել. շքեղ աղջամուղջը ընկել էր օվկիանոսի վրա, և Թամալփեսի գագաթներին սկսել էին փայլել առաջին դժգույն աստղերը։
 
Ջոն հոգոց հանեց, շուռ եկավ և արդեն ուզում էր գնալ դեպի իր անկյունը, երբ հանկարծ լսեց մի երկար, ականջ ծակող սուլոց։ Դա Ֆրեդն էր։ Ջոն նորից հոգոց հանեց։ Սուլոցը կրկնվեց։ Հետո նրան միացավ մի ուրիշ սուլոց։ Դա էլ Չարլին էր, նրանք սպասում էին անկյունում։ Երջանի՜կ տղաներ։
 
Չէ՛, այսօր նրանք շա՜տ պիտի սպասեն։ Երկուսը միասին սուլեցին։ Ջոն ծանր հոգոց հանեց և սկսեց աթոռի վրա անհանգիստ շարժումներ անել։ Ո՛չ, նրանք այսօր շա՜տ պիտի սպասեն, Ջոն համառորեն կրկնում էր ինքն իրեն, սակայն, այնուամենայնիվ, ելավ տեղից։ Ոչ մի դեպքում չի գնա, մինչև որ վերջապես չիմանա, թե ի՞նչ բան են Դրակոնի բարեփոխումները։ Բայց հենց նույն այն ուժը, որը նրան քաշում էր դեպի լուսամուտը, հիմա էլ ստիպեց մոտենալ սեղանին, պատմության դասագիրքը դնել մյուս բոլոր դասագրքերի վրա, դուռը բացել և նախասենյակ գնալ։ Ջոն ինքն էլ չհասկացավ, թե ինչպես արեց այդ ամենը։ Նա փորձեց վերադառնալ, բայց անմիջապես մտածեց, որ կարող է շատ կարճ ժամանակով դուրս գալ տնից և հետո ոչ մի բան չի խանգարի նրան վերադառնալ ու վերջացնել իր գործը։ Միայն մի քանի րոպե, մտքում խոսք էր տալիս նա, իջնելով սանդուղքով։ Ջոն ավելի ու ավելի արագացրեց քայլերը և, վերջապես, երկու աստիճաններից ցատկեց երրորդի վրա։ Հապշտապ դնելով կեպին՝ նա գլխապատառ դուրս թռավ կողքի դռնից։ Եվ մինչ վազելով կհասներ անկյունին, Դրակոնի բոլոր բարեփոխումները հենց իրեն՝ Դրակոնի հետ միասին, անհետացան ինչ֊որ հեռավոր անցյալում, վաղվա քննություններն էլ նույնպես ետ քաշվեցին դեպի ինչ֊որ հեռավոր, մշուշապատ ապագան։
=== Գլուխ III։ Կարմրահերը, Թխահերը և Շիկահերը ===
Վստահելի
1318
edits