Changes

Ճանապարհորդություն «Շլացուցիչ» նավով

Ավելացվել է 29 982 բայտ, 17:57, 3 Օգոստոսի 2016
/* Գլուխ III։ Կարմրահերը, Թխահերը և Շիկահերը */
=== Գլուխ III։ Կարմրահերը, Թխահերը և Շիկահերը ===
 
— Ի՞նչ եք ուզում անել,— հարցրեց Ջոն Ֆրեդին ու Չարլիին։
 
— Օդապարուկներ պիտի բաց թողնենք,— պատասխանեց Չարլին։— Շուտ, գլուխներս գնաց սպասելով։
 
Երեքը միասին գնացին դեպի այն կողմը, որտեղ բլրակը վերջանում էր թեք զառիթափով և որտեղից, ինչպես ափի մեջ, երևում էր ամբողջ Յունիոն-սթրիթը, որը ցածում տարածվում էր հեռու, շա՜տ հեռու։ Այդ թաղամասը նրանք Տարտարոս էին անվանում և այդ բանը նրան շատ էր սազում։ Իսկ իրենց անվանում էին Լեռնցիներ։
 
Եթե Լեռնցիները Տարտարոս էին իջնում, ապա այդ քայլը նրանք շատ համարձակ էին համարում։
 
Գիտության բոլոր կանոններով օդապարուկ բաց թողնելը երեք քաջարի Լեռնցիների սիրած զբաղմունքն էր։ Նրանց համար դժվար բան չէր մինչև ամպերը հասցնել միանգամից վեց կամ ութ օդապարուկ, որոնցից կապված թելի երկարությունը մի ամբողջ մղոն կլիներ։ Սակայն նրանք հաճախ ստիպված էին լինում լրացնել իրենց օդապարուկների պաշարը, որովհետև, երբ պատահում էր՝ կտրվում էր թելը կամ մի որևէ օդապարուկ պոկվում ու կախվում էր, իր հետևից տանելով մյուսներին, կամ էլ երբ քամին անսպասելի կերպով հանդարտվում էր, նրանց օդապարուկները Տարտարոս էին ընկնում, և դրանք այնտեղից ոչ մի կերպ դուրս բերել չէր կարելի. այնտեղ, ներքևում, ապրում էին պատանի ծովահեններն ու ավազակները, որոնք պատկանում էին հենց նույն այն ցեղին, որը աչքի էր ընկնում սեփականության իրավունքի յուրահատուկ ըմբռնմամբ։
 
Ամեն անգամ Լեռնցիների բաց թողած մի որևէ օդապարուկի կործանումից հետո, մյուս օրը, կարելի էր տեսնել, թե ինչպես հենց այդ նույն օդապարուկը ծածանվում էր Տարտարոսի բնակիչներից մեկի տան կտուրին ամրացված թելից։ Եվ Տարտարոսի բնակիչները, որոնք աղքատ մարդիկ էին և զրկված էին գիտության օրենքներով օդապարուկ բաց թողնելու հնարավորությունից, սկսեցին մեծ առաջադիմություն ցույց տալ դրանք ղեկավարելու արվեստում այն օրվանից, երբ այդ գործով սկսեցին զբաղվել նրանց հարևան Լեռնցիները։
 
Լեռնցիների այս զբաղմունքը քիչ օգուտ չէր տալիս նաև մի ծեր ու հաշմանդամ նավաստու, որը օդային հոսանքների ու առագաստների մասին իր ունեցած գիտելիքների շնորհիվ մեծ վարպետությամբ հիասքանչ օդապարուկներ էր պատրաստում։ Նա ապրում էր մի խարխուլ տնակում, ճիշտ ծովափին, որտեղից իր խամրած, ծերունական աչքերով կարող էր հետևել մակընթացությանն ու տեղատվությանը, եկող ու գնացող նավերին, հիշելով անցած օրերը, երբ ինքն էլ լողում էր նավով։
 
Նրա տնակին հասնելու համար պետք էր անպայման Տարտարոս իջնել, ուր և ուղղվեցին մեր երեք քաջերը։ Նրանք ցերեկով հաճախ էին գնում նրա մոտ օդապարուկ առնելու, բայց այսօր առաջին անգամ սիրտ արեցին գնալ երեկոյան, այդպիսի ուղևորությունը համարելով շատ համարձակ (և ոչ առանց հիմքի)։
 
Տարտարոսը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քաղաքի աղքատների մի անձուկ արվարձան, ուր ապաստան էր գտել շատ խայտաբղետ, բազմացեղ մի բնակչություն, որր ապրում էր աղքատության մեջ՝ աստված գիտի, թե ինչով, և վխտում էր անանցանելի կեղտի մեջ։ Դեռ այնքան էլ ուշ չէր, երբ տղաները անցան այդ արվարձանով իրենց մատակարար-հաշմանդամի մոտ գնալու համար։ Նրանց ոչ մի անախորժություն էլ չպատահեց։ Քայլում էին և ուշադրություն չէին դարձնում ո՛չ հանդիպող փողոցային տղաների զայրացնող կեցվածքների, ոչ էլ իրենց հասցեին ուղղված ծաղրական խոսքերի վրա։
 
Նախկին նավաստին պատրաստում էր այնպիսի օդապարուկներ, որոնք ոչ միայն հիանալի թռչում էին, այլև ծալովի էին՝ հետները տանելու համար։
 
Տղաները բավականին շատ օդապարուկներ առան։ Նրանք իրենց առածը խնամքով ծալեցին, ապա փաթեթները թելով ամուր կապեցին։ Հետո, դրանք դնելով թևերի տակ, բռնեցին վերադարձի ճանապարհը։
 
— Զգուշացեք այստեղի տղաներից,— ճանապարհ դնելիս ասաց ծեր նավաստին,— աչքներդ չորս արեք. երեկոյան նրանք շատ են թափառում փողոցներում։
 
— Մենք չենք վախենում,— պատասխանեց Չարլին։— Թե որ պետք լինի, կարող ենք պաշտպանվել։
 
Մեր ճամփորդները, որոնք սովոր էին քաղաքի վերին թաղի լայն ու խաղաղ փողոցներին, շշմել էին ու շփոթվել այդ անձուկ ու գարշահոտ մարդկային մրջնանոցից։ Նրանց թվում էր, թե առաջ են շարժվում ինչ-որ խիտ ու ահռելի մացառուտներով։ Նրանք նեղ փողոցների լաբիրինթոսում գնում էին իրար կողքի, ուս֊ուսի, կարծես պաշտպանելով մեկը մյուսին, խույս տալով իրենց համար օտար ու վայրի այդ միջավայրից։ Հաճախ նրանց կպչում էին երեխաները, որոնք վխտում էին ամենուր և ոտքի տակ էին ընկնում։ Դռների մոտ նստած գլխաբաց, գզգզված մազերով կանայք իրար ձայն էին տալիս, կամ էլ այս ու այն կողմ էին գնում՝ ձեռքներին իրենց խղճուկ գնումները։ Օդը հագեցած էր ձկան և մգլած կանաչեղենի ծանր հոտով։ Մարմնեղ տղամարդիկ, մի քիչ կորացած, ծանրումեծ քայլվածքով, անցնում էին նրանց մոտից։ Այս ամբողջ իրարանցման և հրմշտոցի մեջ զգույշ անցնում էին պատառոտուն շորերով թուլակազմ աղջիկները, փրփրուն գարեջրի դույլերը ձեռքներին, լսվում էին բազմալեզու խոսակցության ձայներ, սուր ճիչեր, հայհոյանք։ Այս արվարձանը դժժում էր մի հսկայական մարդկային մեղվանոցի նման, ինչպիսին և էր իրականում։
 
— Թո՛ւհ։ Հարկավոր է շուտ դուրս պրծնել այստեղից,— ասաց Ֆրեդը։
 
Նա ասաց շշուկով. Ջոն ու Չարլին միայն գլխով արեցին։ Նրանք խոսելու տրամադրություն չունեին։ Քայլերն արագացրին, ինչքան որ թույլ էր տալիս ամբոխը, իրենց զգալով այն ճանապարհորդների դրության մեջ, որ մոլորվել էին վտանգավոր ու վայրի տեղերում։
 
Եվ իսկապես, ամեն ինչ նրանց շուրջը թշնամանք էր արտահայտում։ Երևի թաղամասի բնակիչներին զայրացնում էր այս մաքուր հագնված տղաների ներկայությունը, որոնք քաղաքի արիստոկրատական մասից էին։ Հաճախ նրանց զայրացնում էին փոքրիկ տղաները, որոնք կեղծ քաջությամբ սեպերը բաց էին անում, բայց պատրաստ էին ամենափոքր ծեծկռտոցի դեպքում փախուստի դիմելու։ Իսկ ուրիշները աղմկելով գնում էին նրանց հետևից ավելի ու ավելի համարձակություն ստանալով այն բանից, որ խումբը մեծանում էր։
 
— Դրանց հետ գլուխ մի՛ դրեք, խնդրում եմ,— համոզում էր Ջոն ընկերներին։— Ուշադրություն մի՛ դարձրեք։ Շուտով այստեղից դուրս կպրծնենք։
 
— Ո՜նց չէ,— խուլ ձայնով փնթփնթաց Ֆրեդը։— Հապա մի այստեղ նայիր... Չէ՛, մենք կորանք...
 
Խաչմերուկում, ուր նրանք քիչ անց հասան, կանգնած էին գրեթե հասակակից չորս թե հինգ տղաներ։ Խմբի վրա ընկնում էր փողոցային լապտերի լույսը։ Տղաներից մեկի գլխարկի տակից դուրս էին ցցվել աղյուսակարմրավուն գանգուրները։ Երևի դա Կարմրահեր Սիմփսոնն էր, այն հռչակավոր խմբի պետը, որն արդեն մի քանի անգամ ներխուժել էր իրենց Լեռը և խուճապի մատնել պատանի ջենթլմեններին, որոնք անմիջապես ցրվել էին իրենց տները այն ժամանակ, երբ նրանց վախեցած մայրիկներն ու հայրիկները նետվել էին դեպի հեռախոսները, ոստիկանատուն զանգահարելու համար։
 
Լեռնցիներին կրնկակոխ հետևող փոքրիկ տղաները այդ խումբը տեսնելուն պես, արանքը ճղեցին (ինքնին քիչ հանգստացնող մի հանգամանք). բայց մեր տղաները շարունակեցին քաջաբար առաջ գնալ։
 
Շիկահերը անջատվեց իր խմբից և փակեց նրանց ճանապարհը։ Տղաները փորձեցին անցնել, բայց նա մեկնեց ձեռքերը և կանգնեցրեց նրանց։
 
— Ի՞նչ եք թրև գալիս,— բարկացած ասաց նա։— Ի՞նչ եք կորցրել այստեղ։
 
— Մենք տուն ենք գնում,— հանգիստ պատասխանեց Ֆրեդը։
 
Կարմրահերը աչքերը հառեց Ջոյին։
 
— Իսկ այդ ի՞նչ է թևիդ տակ,— հարցրեց նա։
 
Ջոն զսպեց իրեն և ձայն չհանեց։
 
— Գնա՛նք,— նա քաշեց Ֆրեդի ձեռքից, աշխատելով անցնել Կարմրահերի կողքից։
 
Բայց սա բռունցքով անսպասելի հարվածեց Ջոյի դեմքին և խլեց օդապարուկների կապոցը։
 
Ջոն կատաղի մի ճիչով նետվեց իրեն վիրավորողի վրա, մոռանալով ամեն մի զգուշություն։
 
Պետը երբեք չէր սպասում, որ իր վրա կհարձակվեն սեփական հողում։ Նա ետ քաշվեց և կապոցը ամուր բռնած, չգիտեր ինչ աներ՝ տուրուդմբոցի մեջ մտներ, թե ավարի հետ միասին ծլկեր։ Կապոցին տիրանալու ցանկությունը հաղթեց, և նա, ոտքերում ինչքան ուժ ուներ, նետվեց դեպի նեղ փողոցը։
 
Ջոն լավ էր հասկանում, որ գտնվում է թշնամական բանակատեղիի հենց սրտում, բայց սեփականության կորուստը և վիրավորված արժանապւատվությունը ստիպեցին, որ նետվի թշնամու հետևից։
 
Ֆրեդը և Չարլին վազեցին Ջոյի հետևից, որ արդեն բավական հեռացել էր ընկերներից, իսկ նրանց հետևեցին և մյուսները, վազելու ժամանակ ինչ֊որ սուլոցներ արձակելով. երևի ամբողջ խումբը հավաքելու համար ազդանշան էին տալիս։ Շուտով բոլոր կողմերից սկսեցին լսվել պատասխան սուլոցներ, և արդեն մոտ երկու տասնյակ սև կերպարանքներ հասան Ֆրեդին ու Չարլիին, որոնք ինչքան ուժ ունեին, վազում էին, աշխատելով աչքից բաց չթողնել իրենց արագավազ ընկերոջը։
 
Կարմրահեր Սիմփսոնը վազում էր դեպի պարապուտի կողմը, հույս ունենալով մի այնպիսի տեղ խցկվել, որ այդ տեղերին անծանոթ մարդը հետքը կորցնի. թող դա լինի ցանկապատի փրկարար ինչ֊որ անցք, որևէ ծածկ, ցածր տանիք, միջանցուկ բակ կամ մութ նրբանցք։
 
Բայց Ջոն հասցրեց ժամանակին հասնել Կարմրահերին։ Նրանք ճանկեցին իրար և թրմփալով գետնին, մեկը մյոււսից կառչած, սկսեցին գլորվել ցեխի մեջ։ Երբ Ֆրեդն ու Ջարլին և նրանց հետևից սլացող խումբը հասան, հակառակորդները արդեն ոտքի վրա էին և զայրացած իրար էին նայում։
 
— Ի՞նչ ես ուզում,— ասաց Կարմրահերը սպառնալի ձայնով։— Ի՞նչ,ես ուզում, հը՛...
 
— Տո՛ւր իմ օդապարուկները,— պատասխանեց Ջոն։
 
Բայց Սիմփսոնը ինքն էլ օդապարուկների սիրահար էր։ Եվ երբ իմացավ, որ կապոցի մեջ օդապարուկներ են, շատ ուրախացավ։
 
— Այդ դեպքում արի կռվենք։ Ով որ հաղթի, թող նա էլ օդապարուկները վերցնի,— հայտարարեց նա։
 
— Ինչո՞ւ կռվենք...— տաքացավ Ջոն։— Օդապարուկները իմն են և վե՛րջ։
 
Նրա զայրույթը ցույց էր տալիս, որ ոչ մի պատկերացում չունի սեփականության այն իրավունքի մասին, որը յուրացրել է տեղական բնակչությունը։
 
Տղաների խումբը, որ գայլի ոհմակի նման շրջապատել էր իրենց պետին, ոռնաց ու մլավեց։
 
— Ինչո՞ւ կռվենք...— կրկնեց Ջոն։
 
— Որովհետև ես այդպես եմ ուզում,— պատասխանեց Սիմփսոնը։— Իսկ ես ինչ որ ուզում եմ, դա օրենք է։ Հասկացա՞ր։
 
Բայց Ջոն չհասկացավ։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է Կարմրահեր Սիմփսոնի ցանկությունը օրենք լինել Սան֊Ֆրանցիսկոյում կամ էլ այդ քաղաքի որևէ մասում։ Նրա մեջ խիստ վիրավորված էր պատվի ու ազնվության զգացումը, և նրան նորից պատեց կռվելու կիրքը։
 
— Դու հիմա ետ կտաս իմ օդապարուկները, լսո՞ւմ ես,— ահեղ ձայնով ասաց նա, ձեռքը մեկնելով կապոցին։
 
Բայց Սիմփսոնը կապոցը թաքցրեց թիկունքի հետևը։
 
— Իսկ դու գիտե՞ս, թե ով եմ,— հարցրեց նա։— Ես Կարմրահեր Սիմփսոնն եմ և ոչ ոքի թույլ չեմ տա ինձ հետ այդ ձևով խոսել։
 
— Դե ձեռ քաշիր դրանից,— շշնջաց Չարլին իր ընկերոջ ականջին։— Մի քանի օդապարուկի համար ի՞նչ ես տաքանում։ Թքիր դրանց վրա։ Գնանք այստեղից։
 
— Դրանք իմ օդապարուկներն են,— դանդաղ ասաց Ջոն, համառորեն հակելով գլուխը։— Դրանք իմ օդապարուկներն են, և ես ետ կստանամ։
 
— Հո չես կարող կռվել այս ամբողջ ոհմակի դեմ,— մեջ ընկավ Ֆրեդը,— թեկուզ և դու նրան հաղթես, միևնույն է՝ սրանք կթափվեն քեզ վրա։
 
Ստահակների խումբը հետևելով այն բանակցություններին, որ տարվում էր շշուկով, կարծեց թե Ջոն վախենում է, և նորից ամբողջ ձայնով ոռնաց։
 
— Վախեցա՜վ, վախեցա՜վ,— ճչացին ու ճղճղացին այդ ջահել ավազակները։— Էլ ո՜նց, չէ որ նա դաստիարակված է։ Վախենում է փչացնե՜լ կոստյումը... Էն ժամանակ մայրիկը ի՞նչ կասի...
 
— Բերաննե՛րդ,— հրամայեց պետը, և խումբը լռեց։
 
— Օդապարուկները ետ չե՞ս տալու,— վճռական ձայնով հարցրեց Ջոն։
 
— Իսկ դու համաձա՞յն չես կռվելու,— Սիմփսոնը հարցին հարցով պատասխանեց։
 
— Համաձա՛յն եմ,— ասաց Ջոն։
 
— Կռի՜վ։ Կռի՜վ,— նորից ոռնաց խումբը։
 
— Իսկ ես դատավոր կլինեմ,— հետևից թավ ձայնով ասաց ինչ֊որ մեկը,— միայն թե կռվեք ազնվորեն, օրենքով։
 
Բոլորը շըջվեցին և նայեցին այն մարդուն, որը աննկատելի մոտեցել էր տղաների խմբին։
 
Անկյունում վառվող էլեկտրական լապտերի լույսի տակ նրանք տեսան բանվորական հագուստով մի առողջ, լայնաթիկունք երիտասարդի։ Նա կոպիտ կոշիկներ էր հագել։ Նեղ, սև գոտին պահում էր նրա լայն շալվարը. գլխին դրել էր սև, յուղոտ գլխարկ։ Դեմքը ծածկված էր ածխափոշով, իսկ կապույտ, հասարակ կտորից կարված վերնաշապկի բաց օձիքից երևում էին ամուր պարանոցը և մկանուտ կուրծքը։
 
— Իսկ դու ո՞վ ես,— զայրացած հարցրեց Սիմփսոնը՝ դժգոհ կողմնակի միջամտությունից։
 
— Քո գործր չէ,— կտրեց անծանոթը։— Բայց եթե դու անպայման ուզում ես իմանալ, ես չինական նավի հնոցապանն եմ և կրկնում եմ, ձեր դատավորը կլինեմ և կհետևեմ, որ դուք ազնվորեն կռվեք։ Դա ի՛մ գործն է։ Իսկ ձեր գործը կռվելն է, այն էլ ազնիվ։ Դե, սկսեք և չմտածեք գործը մինչև առավոտ հասցնել։
 
Հնոցապանի հայտնվելը սիրտ տվեց երեք ընկերներին, բայց Սիմփսոնին ու նրա խմբին դուր չեկավ։
 
Իր խմբի տղաների հետ արագ խորհրդակցելուց հետո Սիմփսոնը կապոցը տվեց ընկերներից մեկին և առաջ եկավ։
 
— Մո՛տ արի,— ձայն տվեց նա, մի կողմ նետելով բաճկոնը։
 
Ջոն իր բաճկոնը տվեց Ֆրեդին և մոտեցավ Կարմրահերին։ Երկուսն էլ բարձրացրին բռունցքները և կանգնեցին դեմ֊դիմաց։ Սիմփսոնը կայծակի արագությամբ մի ուժեղ հարված տվեց և ճարպիկ շարժումով խուսափեց պատասխան հարվածից։ Ջոն անմիջապես գնահատեց հակառակորդի վարպետությունը, բայց այս հանգամանքը միայն ավելի գրգռեց և նրա մեջ արթնացրեց ամեն գնով հաղթելու վճռականությունը։
 
Հնոցապանի ներկայության շնորհիվ խումբը սահմանափակվեց միայն Կարմրահերին ոգևորելու համար ճիչեր արձակելով և Ջոյին ծաղրելով։ Հակառակորդները պտտվում էին, հարձակվում, ետ թռչում և հերթով ուժեղ հարվածներ էին հասցնում իրար։ Նրանք իրենց պահում էին բոլորովին տարբեր ձևով։ Ջոն կանգնած էր ուղիղ, գլուխը բարձր պահած և ոտքերը լայն չռած՝ ամուր հենվել էր գետնին։ Իսկ Սիմփսոնը կծկվել էր այնպես, որ գլուխը ամբողջովին թաղվել էր ուսերի մեջ։ Նա հոլի նման պտտվում էր, թռչկոտում և մեջտեղ բերում բազմաթիվ անսպասելի օյիններ՝ զարմացնելով Ջոյին։
 
Կռիվը տևեց քառորդ ժամ։ Երկուսն էլ ծանր էին շնչում բայց Ջոն ավելի քիչ էր հոգնել, քան Սիմփսոնը։ Սիմփսոնի վրա, երևի, ազդում էին ծխելու, վատ սննդի և կյանքի անառողջ պայմանները, նա շնչում էր ծանր, դժվարությամբ։ Թեև սկզբում, իր վարպետության շնորհիվ, նա կարողացավ Ջոյին մի լավ դնգստել, բայց վերջում հոգնեց, և նրա հարվածները նկատելի կերպով թուլացան։ Հուսահատությունից նա սկսեց դիմել այնպիսի միջոցների, որոնք ոչ կարելի էր ազնիվ համարել, ոչ էլ վայելուչ կոչել։ Նա մի արագ հարված հասցրեց և անմիջապես էլ տապալվեց հակառակորդի ոտքերի մոտ։ Ջոն պառկածին չհարվածեց. կանգ առավ և շունչը ետ բերեց։ Իսկ Կարմրահերը ոտքի թռավ և նորից հարվածեց։
 
Վերջապես Ջոն, որին այդ բանը շատ էր ձանձրացրել, որոշեց ուրիշ միջոցի դիմել։ Նա կարողացավ որսալ հարմար պահը և Կարմրահերի գլխին պատասխան հարված տվեց այն ժամանակ, երբ նա սկսեց ընկնել։ Սիմփսոնը տապալվեց գետնին այս անգամ հենց այն կողմը, ուր նրան ուղարկեց Ջոյի հարվածը։ Սիմփսոնը շրջվեց և փորձեց ոտքի կանգնել, բայց նրան հաջողվեց նստել միայն, դժվարությամբ շունչ առնելով՝ նա տնքաց։
 
Ընկերները սկսեցին նրան սիրտ տալ, և նա մի քանի անգամ էլ փորձեց ոտքի կանգնել, բայց զգաց, որ չի կարող կռիվը շարունակել։ Նա հարվածներից շշմել ու թուլացել էր։
 
— Հանձնվում եմ,— խռպոտած ասաց նա։— Ես պարտված եմ։
 
Խումբը, իր պետի պարտությունից ճնշված, պապանձվեց։
 
Ջոն մոտեցավ նրանց։
 
— Նեղություն քաշեք ինձ տալու այդ օդապարուկները,— ասաց նա, դառնալով այն տղային, որը բռնել էր կապոցը։
 
— Ո՜նց չէ,— մեջ ընկավ խմբի մի ուրիշ ներկայացուցիչ, կտրելով Ջոյի ճանապարհը։ Նրա մազերը նույնպես վառ շիկակարմիր էին։
 
— Նախ ստիպված կլինես ինձ հետ էլ կռվել։
 
— Ոչ մի կարիք էլ չեմ զգում,— կտրուկ ասաց Ջոն։— Ես եմ հաղթել և վե՛րջ։
 
— Ո՛չ, ո՛չ, չի վերջացել։ Ես Թխահեր Սիմփսոնն եմ, Կարմրահերի հարազատ եղբայրը։ Հասկանո՞ւմ ես։
 
Ջոյի միտքը հարստանում էր նորանոր տեղեկություններով Տարտարոսի բնակիչների սովորությունների մասին։
 
— Լա՛վ, կանգնի՛ր,— ասաց նա վճռական ձայնով, համբերությունից դուրս եկած այս տարօրինակ սովորությունների աղաղակող անարդարությունից...
 
Թխահերը, որը մի տարով փոքր էր մեծ եղբորից, անազնիվ հակառակորդ դուրս եկավ, և բարեհոգի հնոցապանը, որը պաշտպան էր կանգնել «օրենքներին», ստիպված եղավ մի քանի անգամ խառնվել գործին, մինչև որ, վերջ ի վերջո, Սիմփսոնների ցեղի երկրորդ ներկայացուցիչն էլ փռվեց ռազմադաշտում և իրեն պարտված ճանաչեց։
 
Այս անգամ էլ Ջոն մեկնեց ձեռքր օդապարուկները վերցնելու, համոզված, որ դրանք ետ կստանա։ Բայց ո՜նց չէ... կստանար։ Նրա և իր սեփական օդապարուկների միջև հայտնվեց նոր, դարձյալ շիկահեր մի հակառակորդ։ Դժվար չէր գլխի ընկնել, որ այդ տղան էլ էր պատկանում Սիմփսոնների նշանավոր ցեղին։ Նա կարծես իր մեծ եղբայրների վերջին հրատարակությունը լիներ, բայց կազմվածքով նրանցից թույլ էր։ Նրա դեմքր ծածկված էր պեպեններով, որոնք էլեկտրական լույսի տակ ավելի էին աչքի ընկնում։
 
— Չես ստանա քո օդապարուկները, մինչև որ ինձ հետ էլ չչափվես,— ճղճղաց նա բարակ ձայնով։— Ես Շիկահեր Սիմփսոնն եմ, և չես կարող քեզ մեր ընտանիքին հաղթող համարել, մինչև որ ինձ էլ չհաղթես։
 
Խմբին մի խելագար ուրախություն տիրեց, երբ Շիկահերը հանեց իր պատառոտուն բաճկոնը և պատրաստվեց կռվի.
 
— Պատրաստվի՛ր,— գռռաց նա, դառնալով Ջոյին։
 
Ջոյի բոլոր հոդերը ցավում էին, քթից արյուն էր կաթում, արնոտված շրթունքը ուռել էր, վերնաշապիկր ձվեն֊ծվեն էր եղել։ Դրա հետ միասին, նաև շատ հոգնել էր և հազիվ էր շունչը ետ բերում։
 
— Էլի Սիմփսոններ կա՞ն,— հարցրեց նա։— Տուն գնալուս ժամանակն է, իսկ եթե ձեր ընտանիքում դեռ շատ ժողովուրդ կա, ապա ձեզ հետ գործր մինչև լույս չի վերջանա։
 
— Ես ամենավերջինն եմ և ամենալավը,— պատասխանեց Շիկահերը։— Եթե ինձ էլ հաղթես, օդապարուկներդ ետ կստանաս։ Հավատացած եղիր։
 
Չնայած ցեղի կրտսեր ներկայացուցիչը չուներ իր ավագ եղբայրների ուժն ու հնարամտությունը, բայց, դրա փոխարեն, ուներ վայրի կատվի կպչունություն, որից պրծնելը Ջոյի համար շատ էր դժվար։ Երբեմն նրան թվում էր, թե այլևս չի դիմանա և կհաղթվի այդ փոքրիկ, բայց կատաղի մրրիկի թափից, բայց էլի չէր հանձնվում և ինչքան ուժ ուներ, դիմադրում էր։ Նրան ոգևորում էր այն միտքը, որ ինքը կռվում է սկզբունքի համար, իր նախորդների պես, որոնք նույնպես պայքարում էին դրա համար։ Նրան թվում էր, թե խաղաքարտ ի վրա է դրված Լեռան պատիվը, և որ ինքը, որպես Լեռան ներկայացուցիչ, պետք է կրծքով պաշտպանի այդ պատիվը։
 
Նա շարունակում էր դիմանալ և դիմադրել ճարպիկ, բայց անփորձ տղայի կայծակնային հարձակումներին այնքան ժամանակ, մինչև որ այդ վերջին Սիմփսոնն էլ ուժասպառ եդավ իր իսկ սեփական ապարդյուն ճիգերից և գետին գլորվեց, ընդունելով, որ Սիմփսոնների ընտանիքը առաջին անգամ պարտություն է կրում։
=== Գլուխ IV։ Հաղթողն ինքն է գերի ընկնում ===
Վստահելի
1318
edits