Changes
/* Տեսարան տասներեքերորդ */
Հաղորդավար։ Բոլորին շնորհակալություն։ Մեր քննարկումը, գուցե ավելորդ զգացմունքային էր, բայց դա բացատրվում է անհանգստությամբ մեր քաղաքացիներից մեկի ճակատագրով։ Դե, իսկ վերջնական որոշումը, իհարկե, կընդունի դատարանը։ Հոգատար եղեք ձեր և ձեր յուրաինների հանդեպ։
==Երկրորդ գործողություն==
==Տեսարան առաջին==
Լարիսան և Սվետան երկուսով կանգնած են «Մեշալկինի զոհ» պլակատներով։
Լարիսա։ Եվ ի՞նչ օգուտ մեր այստեղ կանգնելուց։
Սվետա։ Օգուտը այն է, որ ուշադրություն ենք գրավում։ Մարդիկ մոտենում են, հարցեր տալիս, հետևություններ անում, ուրիշներին պատմում, տվիտներ են գրում, պոստեր և ինստագրամներ։ Ես նայել եմ անցյալ շաբաթ ամենահաճախ հիշատակվող մարդկանց ցուցակը, հայրիկը վեցերորդ տեղում է։
Հայտնվում է պաշտպանը։
Պաշտպանը (Լարիսային)։ Կարելի է ձեզ մի վայրկյանով։ (Մի կողմ է տանում Լարիսային։) Լսեք, ես ամենուրեք ձեզ եմ փնտրում, իսկ դուք կանգնած եք այստեղ այդ հիմար պլակատներով։ Ի՞նչ եք ուզում դրանով հասնել։
Լարիսա։ Ուզում եմ լայնածավալ ուշադրություն գրավել ամուսնուս գործին։
Պաշտպան։ Ինչո՞ւ։
Լարիսա։ Մի՞թե անհասկանալի է։ Եթե ես չեմ կարող արդարության հասնել դատարանում, ուրեմն ինձ այլևս ոչինչ չի մնում, քան օգնության համար դիմել ժողովրդին։
Պաշտպան։ Ժողովրդի՞ն։ (Ծիծաղում է։)
Լարիսա։ Ինչո՞ւ եք ծիծաղում։
Պաշտպան։ Հենց այնպես։ Մի բանաստեղծություն հիշեցի։ Ծառայիր ժողովրդին, դու ազնվական չես։ Ծառայիր, բայց նկատի առ․ Ժողովուրդը շատ գոհ է մնում, երբ նրան տալիս են թեյավճար։
Լարիսա։ Գռեհիկ բանաստեղծություն է։ Այդ դո՞ւք եք հնարել։
Պաշտպան։ Ոչ, ես չեմ հնարել, պոետ Արգոն անցյալ դարի կեսերին։
Լարիսա։ Հին ժամանակներում։ Երբ մարդիկ դեռ չէին հասկանում, որ ժողովուրդը՝ սուրբ հասկացություն է։
Պաշտպան։ Այն ժամանակ այդպես էլ կարծում էին։ Մինչև որ հասկացան, որ դա հիմարություն է։ Ժողովուրդը երբեք ոչինչ չի որոշել, չի որոշում և չի որոշելու։ Որպեսզի մեզ մոտ որևէ հարց լուծվի, պետք է ոչ թե ժողովրդի հետ հաշվի նստել, այլ գործել անհրաժեշտ մարդկանց միջոցով, սուսուփուս, ոչ մի դեպքում չցուցաբերելով ամբարտավանություն։ Եթե ձեզ ինչ֊որ բանում մեղադրում են, պետք է մեղքն ընդունել, մեղանչել, ներողություն խնդրել, քանի որ ինչպես ասվում է, սուրը չի կտրի մեղավոր գլուխը։ Հասկացեք, մեղադրողն ու դատավորը՝ նրանք էլ մարդ են, բայց նրանց վրա ճնշում է գործադրվում։ Խորհրդակցական սենյակում կա հեռախոս, և միայն նրա մեկ զանգից դատավորը ընկնում է խուճապի մեջ։ Ինքը դատավորը շատ բարի մարդ է։ Բայց նա պարտքի զգացում ունի, հասկանո՞ւմ եք։ Իսկ եթե պարտքը ինչ֊որ բան է պահանջում, նա ոչ մի կերպ չի կարող խուսափել կատարելուց, նա հայրենասեր է։
Լարիսա։ Եթե նա հայրենասեր է, ուրեմն իր զոհին պետք է ոչնչացնի՞։
Պաշտպան։ Բայց հիմա դատավորի համար բարդ իրավիճակ է ստեղծվել։ Հասկանում եք, ձեր ամուսնու միանգամայն շարքային գործը ինչ֊որ կերպ հայտնվել է մամուլում, Ինտերետում։ Լրագրողներն ու բլոգերներն այն վերցրել և ուռճացրել են։ Իրավապաշտպաններն ձեզանից ավելի վաղ դիմել են մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Տեղեկությունը ուռճացրեց օտար մամուլը, և մամուլի միջոցով հասավ Անգելա Մերկելին։
Լարիսա։ Մինչև Անգելա Մերկե՞լ։ Եվ ինչ արեց նա։
Պաշտպան։ Նա ոչինչ։ Բայց նրան ականջ դրեց պրեզիդենտ Օբաման և խոստացավ բարձրացնել Պոդոպլեկովի հարցը մոտակա գագաթնաժողովին և կալանավորել Ամերիկայում, զենք վաճառող ռուսներից որևէ մեկին։
Լարիսա։ Իսկ ի՞նչ է մտածում այդ մասին Մեշալկինը։
Պաշտպան։ Մեշալկինը։ Իսկ ինչու եք կարծում, որ նա ինչ֊որ բան է մտածում։
Լարիսա։ Բայց չէ՞ որ նա դատավոր է։
Պաշտպան։ Իհարկե։ Եթե նա ինչ֊որ բան մտածեր, հազիվ թե լիներ դատավոր։ Բայց այս իրավիճակում․․․ Նա, իհարկե, շատ զայրացած է, բայց մյուս կողմից, ցանկանում է խուսափել միջազգային սկանդալից և նույնիսկ պատրաստ է ազատել ձեր ամուսնուն։
Լարիսա։ Ուրեմն ինչո՞ւմն է բանը։ Թող ազատի։
Պաշտպան։ Ինչպե՞ս։
Լարիսա։ Շատ հասարակ։ Նա կասի՝ «ազատել», քարտուղարը գրի կառնի «ազատել», իսկ այն մեկը կբացի վանդակը և վերջ։
Պաշտպան։ Ինչքան միամիտն եք։ Ինչպե՞ս կարելի է ազատել մեկին, որը այդ մասին չի խնդրում։ Ոչ, պետք է որ նա ընդունի իր մեղքը, մեղանչի․․․ Ամեն ինչ շատ հասարակ է։
Լարիսա։ Դուք առաջ էլ պնդում էիք, որպեսզի Լյոնյան ընդունի մեղքը և մեղանչի։ Բայց այն ժամանակ դուք խոստանում էիք նրան ուրանի հանքեր։
Պաշտան։ Այդպես է, այդպես։ Բայց այն ժամանակ գործը դեռ չէր հասել Մերկելին ու Օբամային, իսկ այժմ իրավիճակը փոխվել է ձեր օգտին, բաց մի թողեք պահը։
Լարիսա։ Բայց եթե նա ընդունի մեղքը, մեղանչի, իսկ դուք նրան խաբեք։
Պաշտպան։ Ինչպե՞ս կարող եք այդպես մտածել։ Չէ որ ես ուղղափառ մարդ եմ։
Լարիսա։ Ուղղափառ՝ նշանակում է լա՞վ։
Պաշտխան։ Նշանակում է շատ լավ։
Լարիսա։ Իսկ կաթոլիկը։
Պաշտպան։ Կաթոլիկը ավելի վատն է։
Լարիսա։ Իսկ մահմեդակա՞նը, բուդդի՞ստը։
Պաշտպան։ Բոլորից վատը աթեիստներն են։ Ինչպե՞ս եք վերաբերվում իմ առաջարկին։
Լարիսա։ Ես կարող եմ խոսել Լյոնյայի հետ, բայց ոչինչ չեմ կարող խոստանալ։ Չէ որ նա այնքան հպարտ է, ճշմարտացի և անկոտրում։ Ոչ մի փոխզիջում խղճի հետ նրա համար ընդունելի չէ։
Պաշտպան։ Հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում, ինքս էլ այդպիսին եմ։ Բայց եթե ունենայի սիրող կին, նա ինձ հետ կարող էր ամեն ինչ անել։ Չէ որ դուք սիրում եք։ Ուրեմն փորձեք։ Կերակրեք նրան մի ինչ֊որ համով բանով, հիշեցրեք անչափահաս դստրիկի, փոքրիկ տղայի մասին, ձեր դժվարին նյութական դրության մասին։ Վերջապես կանացիավարի, ինքներդ գիտեք թե ինչպես, փաղաքշեք նրան։
Լարիսա։ Լավ, ես կզրուցեմ, կփաղաքշեմ, կմեղանչի, նրան ազատ կարձակեն, բայց ով կարող է երաշխավորել որ նրան նորից չեն բռնի, եթե նորից գնանք մի ինչ֊որ ոչ այնտեղ։
Պաշտպան (ցածրացնելով ձայնը)։ Երաշխիք չկա, բայց փախչելու հնարավորություն կլինի։ Հասկանալի՞ է։
Լարիսա։ Հասկանալի է։
Պաշտպան։ Դե ինչ, գնա՞նք։
Լարիսա (հոգոց հանելով)։ Նույնիսկ չգիտեմ։ (Դստերը։) Սվետկա։
Սվետա։ Այո, մայրիկ։
Լարիսա։ Ես որոշ ժամանակով գնում եմ, իսկ դու առայժմ կանգնիր, սպասիր ինձ։ Եթե քեզ վերցնեն ոստիկանները մի դիմադրիր։ Ձեռքերդ բարձրացրու, որպեսզի բոլորը տեսնեն, որ դու չես դիմադրում և ոստիկաններին չես ծեծում։ Թե չէ, գիտես, նրանք այնքա՜ն զգայուն են։ Հենց խփես սաղավարտին, նրա մոտ միանգամից առաջանում է հեմատոմա և ուղեղի ցնցում։
Պաշտպան։ Ինչո՞ւ եք երեխային ներքաշում մեծերի գործերի մեջ։
Լարիսա։ Դաստիարակում եմ քաղաքացի երեխայի մեջ։
(Լարիսան կախում է իր ստվարաթուղթը Սվետայի ստվարաթղթի վրա և գնում։)