Changes

Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով

Ավելացվել է 127 271 բայտ, 18:24, 26 Նոյեմբերի 2016
Մի քանի ժամանակ ամպամած եղանակի պատճառով տաղտկալի հապաղումից հետս մարտի 14-ին ուրախությամբ դուրս եկանք Կինգ Ջորջի ծոցիկից և ուղևորվեցինք դեպի Կիլինգ կղզին։ Հրաժե՜շտ, Ավստրալիա։ Դու մի բարձրացող երեխա ես և անկասկած մի օր կիշխես հարավում որպես մի մեծ իշխանուհի, բայց դու չափից ավելի մեծ և փառասեր ես խանդաղատանքի համար, բայց ոչ այնքան մեծ, որպեսզի մեծարելի լինես։ Թողնում եմ ափերդ առանց տխրության կամ ափսոսանքի։
 
 
==ՔՍԱՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԻԼԻՆԳ ԿՂԶԻՆ։ ԿՈՐԱԼԱՅԻՆ ՖՈՐՄԱՑԻԱՆԵՐ==
 
<FONT SIZE="-2">Կիլինգ կղզին.— Յուրահատուկ պեյզաժ.— Աղքատ բուսականություն.— Սերմերի փոխադրումը.— Թռչուններ և միջատներ.— Մակընթացության և տեղատվության ազդեցությունն աղբյուրների վրա.— Մեռած կորալներից առաջացած դաշտեր.— Քարեր՝ ծառերի արմատներով տեղափոխված.— Մեծ խեչափառ.— Խայթող կորալներ.— Կորալներով սնվող ձկներ.— Կորալային ֆորմացիա.— Լագունային կղզիներ կամ ատոլներ.— Այն խորությունը, որի վրա ռիֆ կազմող կորալները կարող են ապրել.— Ընդարձակ տարածություններ՝ միջցրված կորալային կղզիներով.— Կղզիների հիմքերի նստելը.— Բարիեր ռիֆեր.— Առափնյա ռիֆեր.— Առափնյա ռիֆերի փոխարկումը բարիեր ռիֆերի և ատոլների.— Մակարդակի փոփոխության ապացույցներ.— Անցքեր բարիերային ռիֆերում.— ֊Մալդիվիայի ատոլները, նրանց յուրահատուկ կառուցվածքը.— Մեռած և ջրում սուզված ռիֆեր.— Նստելու և բարձրանալու տարածությունը.— Հրաբուխների բաշխումը.— Դանդաղ, բայց ընդարձակ չափով նստելը։</FONT>
 
'''Ապրիլի 1.'''— Հորիզոնի վրա երևացին Կիլինգ կամ Կոկոսյան կղզիները՝ Հնդկական օվկիանոսում զետեղված և մոտ վեց հարյուր մղոն Սումատրայի ափից հեռու։ Այս խումբը կորալային ֆորմացիայի լագունային կղզիներից (կամ ատոլներ) մեկն է, նման Ցածրադիր արշիպելագի կղզիներին, որոնց մոտից մենք անցանք։ Երբ նավը կանալի մուտքումս էր, մր. Լիսկը, մի անգլիացի նորաբնակ, իր նավակով եկավ մեզ դիմավորելու։ Այս վայրի բնակիչների պատմությունն ամենասահմանափակ խոսքերով հետևյալն է։ Մոտ իննը տարի առաջ մր. Հերը, մի անարժան մարդ, Արևելյան Հնդկական Արշիպելագից բերում է մալայեցի ստրուկներ, որոնք այժմ, ներառյալ և երեխաները, թվով հարյուրից ավելի են։ Կարճ ժամանակից հետո կապիտան Ռոսը, որն առաջուց այցելած է եղել այս կղզիներն իր առևտրական նավով, ժամանում է Անգլիայից, բերելով իր հետ իր ընտանիքը և սետլմենտի համար ապրանքներ, նրա հետ գալիս է մր. Հիսկը, որը նրա նավում նավապետի օգնական է լինում։ Մալայեցի ստրուկները շուտով փախչում են այն կղզուց, որտեղ հաստատվել էր մր. Հերը, և միանում են կապիտան Ռոսի խմբին։ Այնուհետև մր. Հերն ստիպված վերջնականապես թողնում է այդ երկիրը։ Մալայեցիներն այժմ համարվում են ազատ և իսկապես ազատ են, ինչ չափով որ այդ վերաբերում է նրանց նկատմամբ եղած անհատական վերաբերմունքին, բայց այլ բազմաթիվ խնդիրներում նրանք նկատվում են որպես ստրուկներ։ Նրանց դժգոհ վիճակից, կղզուց կղզի կրկնվող տեղափոխությունից, թերևս և մի փոքր հոռի ղեկավարությունից դրությունը շատ լավ չէ։ Կղզին չունի ընտանի չորքոտանիներ՝ բացառությամբ խոզի, և գլխավոր բուսական պրոդուկտը կոկոսյան ընկույզն է։ Վայրի ամբողջ բարգավաճումը կախված է այս ծառից. արտահանվող նյութերն են ընկույզից ստացված յուղը և ընկույզը, որ տանում են Սինգապուր և Մավրիկյան կղզին, որտեղ նրանք գործածվում ենք մանրելուց հետո, գլխավորապես կյուրի (համեմունք) պատրաստելու համար։ Խոզերը նույնպես, որոնք բեռնավորված են ճարպով, գրեթե ամբողջովին պահվում են կոկոսյան ընկույզով, ինչպես և բադերն ու հավերը։ Մինչև անգամ ցամաքային մի մեծ խեչափառ բնությունից օժտված է այս ամենաօգտակար պտուղը ջարդելու միջոցներով, և սնվում է նրանով։
 
Լագունային կղզու օղակաձև, ռիֆն իր երկարության մեծ մասի վրա շրջապատված է գծային կղզյակներով։ Հյուսիսային կամ հողմակոծ կողմում կա մի բացվածք, որի միջով նավերը կարող են անցնել ներսի խարսխակայանը։ Ներս մտնելիս տեսարանը շատ հետաքրքրական էր և բավականին գեղեցիկ, սակայն նրա գեղեցկությունն ամբողջովին կախված է շրջապատող գույների շողշողունությունից։ Լագունի ծանծաղ, վճիտ և խաղաղ ջուրը, որը մեծ մասամբ գտնվում է սպիտակ ավազե հատակի վրա, երբ լուսավորվում է վերտիկալ արևից, տալիս է ամենավառ կանաչ գույն։ Այս մի քանի մղոն լայնությամբ շողշողուն տարածությունը բոլոր կողմերով բաժանված է կամ ձյան սպիտակությունն ունեցող կոհակների գծով, որ առաջացնում են օվկիանոսի մութ և հառաչող ջրերը, կամ ցամաքի կանաչ շերտով՝ կոկոսյան ընկույզի ծառերի հորիզոնական գագաթներով պսակված, որոնք նկարվում են երկնքի կապույտ ֆոնի վրա։ Ինչպես որ մի սպիտակ ամպ այստեղ և այնտեղ մի դուրեկան կոնտրաստ է կազմում լազուր երկնքի հետ, այնպես էլ լագունում կենդանի կորալների զոլերը մթագնել էին զմրուխտականաչ ջուրը։
 
Հաջորդ առավոտ խարիսխ գցելուց հետո ես ափ դուրս եկա Դիրեքշըն կղզին։ Չոր ցամաքի այդ շերտը միայն մի քանի հարյուր կանգուն լայնություն ունի. լագունի կողմի վրա կա մի սպիտակ կրային ծովեզր, որից անդրադարձած լույսն այս հեղձուցիչ կլիմայում խիստ անտանելի էր, իսկ դրսի ափին մի պինդ, լայն և հարթ կորալային ժայռի վրա փշրվում են բաց ծովի ալիքները։ Բացառությամբ լագունի մերձակայքի, որտեղ կա մի քիչ ավազ, ցամաքն ամբողջովին կազմված է կորալի կլորացած բեկորներից։ Այսպիսի թույլ, չոր քարքարոտ հողում միայն միջարևադարձային գոտու կլիման կարող էր ուժեղ բուսականության առաջացնել։ Մի քանի կղզյակներում ոչինչ ավելի վայելուչ չէր կարող լինել, քան այն, որ մատղաշ, ինչպես և լրիվ աճած կոկոսյան ընկույզի ծառերը, առանց մեկը մյուսի սիմետրիային խանգարելու, կազմել էին մի խառն անտառ։ Սպիտակ ավազի փայլուն շերտը գեղեցիկ կերպով եզերել էր այս պատրանքի կղզիները։
 
Այժմ տալու եմ այս կղզիների բնական պատմության ուրվագիծը, որտեղ տեսակների սակավությունն առանձին հետաքրքրություն ունի։ Առաջին ակնարկից թվում է, թե ամբողջ անտառը կազմում են կոկոսյան ընկույզի ծառերը, սակայն կան հինգ կամ վեց այլ տեսակի ծառեր։ Սրանցից մեկը շատ է մեծանում ծավալով, բայց իր փայտի ծայր աստիճան փափուկ լինելու պատճառով պիտանի չէ. մի ուրիշը տալիս է հրաշալի ատաղձ նավաշինության համար։ Բացի ծառերից, մնացած բույսերը թվով չափազանց սահմանափակ են և կազմում են անպետք խոտեր։ Իմ կոլեկցիայում, որն իմ կարծիքով ընդգրկում է ամբողջ ֆլորան, կա քսան տեսակ, առանց հաշվելու մի մամուռ, մի քարաքոս և մի սունկ։ Այս թվին պետք է ավելացնել ևս երկու ծառ, որոնցից մեկը ծաղկած չէր, իսկ մյուսի մասին միայն լսել եմ։ Վերջինս իր տեսակի միակ ներկայացուցիչն է կղզում և աճում է ծովափի մոտ, որտեղ, անկասկած, ալիքները նետել են սերմի մի հատիկ։ Guilandina-ն նույնպես աճում է միայն կղզյակներից մեկի վրա։ Վերոհիշյալ ցուցակը չեմ մտցրել շաքարեղեգը, բանանը, մի շարք այլ կանաչեղեններ, մրգի ծառեր և ներմուծված հացաբույսերը։ Որովհետև կղզիներն ամբողջովին կազմված են կորալից և մի ժամանակ պետք է գոյություն ունեցած լինեն որպես սոսկ հեղեղվող ռիֆեր, ուստի նրանց բոլոր ցամաքային պրոդուկցիաները պետք է տեղափոխված լինեն այստեղ ծովի ալիքներով։ Դրա համապատասխան էլ florula-ն (փոքր ֆլորան) լքյալների ապաստարանի տեսք ունի։ Պրոֆ. Հենսլոն տեղեկացնում է ինձ, որ քսան տեսակից տասնիննը պատկանում են տարբեր ցեղերի և վերջիններս էլ ոչ պակաս քան տասնվեց ընտանիքի։<ref>Այս բույսերը նկարագրված են „Annals of Nat. Hist.”-ում, հատոր I, 1838, էջ 337։</ref>
 
Հոլմենի<ref>Holman’s „Travels”, IV, էջ 378։</ref> „Travels”-ում, մր. Ա. Ս. Կիտինգի հեղինակության վրա հիմնվելով, որն այո կղզիների վրա ապրել է տասներկու ամիս, նկարագրված են այն զանազան սերմերը և մարմինները, որոնք ջրի միջոցով բերվել են ափ։ «Սումատրայից և Ճավայից սերմեր և բույսեր կոհակների միջոցով քշվում բերվում են կղզիների այն կողմերի վրա, որոնք գտնվում են քամիների դիմաց։ Բերվածների մեջ գտնվել են՝ կիմիրին, Սումատրայի և Մալակա թերակղզու տեղական բույս. Բալցիի կոկոսյան ընկույզը, որը ճանաչվում է իր ձևով և ծավալով. դադասը, որը մալայեցիները տնկում են պղպեղի թփի հետ, վերջինս (պղպեղի թուփը) փաթաթվում է նրա բնին և հենվում է ցողունի փշերի վրա. օճառի ծառը, գյանագերչակը. սագո արմավի բներ և տարբեր տեսակի սերմեր, որոնք հայտնի են այս կղզիների վրա բնակեցրած մալայեցիներին։ Այս բոլորը, ինչպես ենթադրում են, քշվում են հյուսիս-արևմտյան մուսոնների (քամիներ) միջոցով դեպի Նոր Հոլանդիայի ափերը, իսկ այնտեղից հարավ-արևելյան պասատային քամիները նրանց բերում են այս կղզիները։ Բացի կարմիր և սպիտակ վիթխարի ծառերից և Նոր Հոլանդիայի կապույտ խեժի ծառից, գտնված է նաև մեծ քանակությամբ Յավայի տիկենի (Tectonia. grandis), բոլորովին առողջ վիճակում։ Բոլոր պինդ սերմերը, ինչպես, օրինակ, սողացողների սերմերը, պահում են իրենց ծլելու կարողությունը, մինչ փափուկ տեսակները, որոնցից է մանգոստանինը, ոչնչանում են ճանապարհին, Երբեմն ափ են բերվում ձկնորսական նավակներ, հավանորեն Յավայից»։ Այսպիսով հետաքրքրական փաստ է դառնում այն, թե որչափ բազմաթիվ են այն սերմերը, որոնք գալիս են զանազան երկրներից, և քամին նրանց ցրում է լայն օվկիանոսի վրա։ Պրոֆ. Հենսլոն ասում է ինձ, որ, իր կարծիքով, գրեթե բոլոր այն բույսերը, որ ես բերել եմ այս կղզիներից, Արևելյան Հնդկաստանի արշիպելագի ծովեզրյա տեսակներ են։ Սակայն քամու և հոսանքի ուղղությունից հազիվ թե հնարավոր թվա այն, որ նրանք կարող են այստեղ գալ ուղիղ գծով։ Եթե, ինչպես նշում է մեծ հավանականությամբ մր. Կիտինգը, նրանք նախ տարվեին դեպի Նոր Հոլանդիայի ափերը և այնտեղից ետ քշվեին այդ երկրի պրոդուկցիաների հետ միասին, ապա ծլելուց առաջ այս սերմերը պետք է ճանապարհորդած լինեն 1800-ից մինչև 2400 մղոն։
 
Շամիսոն<ref>„Kotzebue’s First Voyage”, vol. III, p. 155.</ref>, նկարագրելով Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում գտնվող Ռադակի արշիպելագը, նշում է, որ «Ծովն այս կղզիներն է բերում բազմաթիվ ծառերի սերմերը և պտուղները, որոնց մեծ մասը դեռ չեն աճել այստեղ։ Այս սերմերի մեծ մասը թվում է թե չեն կորցրել աճելու կարողությունը»։ Ասում են նաև, որ արմավները և բամբուկները այրեցյալ գոտու մի անկյունից, և եղևնու բները հյուսիսից բերվում են այս կղզիները. այս եղևնիները պետք է որ եկած լինեն ահռելի հեռավորությունից։ Այս փաստերը չափազանց հետաքրքրական են։ Չի կարելի կասկածել, որ եթե ցամաքային թռչուններ լինեին և առաջին անգամ ափ նետված սերմերը կուլ տային, և կորալի թույլ խոշոր քարակույտերի փոխարեն ավելի հարմար հող լիներ, ապա ժամանակի ընթացքում լագունային կղզիներից աժենաանջատներն անգամ շատ ավելի առատ ֆլորա կունենային, քան այն, որ կա այժմ։
 
Ցամաքային կենդանիների ցուցակն ավելի աղքատ է, քան բույսերինը։ Կղզյակներից մի քանիսը բնակեցված են առնետներով, որոնք եկել են Մավրիկիայից մի նավով, որը խորտակվել է այս կղզիների մոտերքում։ Մր. Ուռթըրհաուզն այս մկները նույնացնում է անգլիական տեսակի հետ, բայց նրանք ավելի փոքր են և ավելի պայծառ գույն ունեն։ Իսկական ցամաքային թռչուններ չկան, որովհետև կա մի աքար և մի շամբահավ (Rallus Phillippenis), որոնք թեև ամբողջովին ապրում են չոր խոտերով, բայց պատկանում են բարձրասրունների կարգին։ Ասում են, որ այս կարգի թռչուններ տարածված են Խաղաղ օվկիանոսի մի քանի փոքր և ցածր կղզիների վրա։ Ասենսիոն կղզում (Համբարձման կղզի), որտեղ չկա ցամաքային թռչուն, մի կատար (Porphyrio simplex) են խփում լեռան գագաթի մոտ, և ակներևաբար այդ մի մենավոր թափառաշրջիկ է եղել։ Տրիստան դ’Ակունյայում, որտեղ, համաձայն Կարմիչելի, կա միայն երկու ցամաքային թռչուն, պատահում է մի օրի (ծովային բադ)։ Այս փաստերի վրա հիմնվելով, ես կարծում եմ, որ բարձրասրունները, անհաշիվ թաղանթավոտ տեսակներից հետո, սովորաբար փոքր անջատ կղզիների առաջին կոլոնիստներն են։ Ես կարող եմ ավելացնել, որ հեռու բաց ծովում իմ նկատած բոլոր թռչունները, բացառությամբ օվկիանոսային տեսակների, միշտ պատկանել են այս կարգին, ուստի և նրանք բնականորեն պետք է լինեին ցամաքի որևէ հեռավոր կետի ամենանախնական կոլոնիստները։
 
Սողուններից ես տեսա միայն մի փոքրիկ մողես։ Ես նեղություն կրեցի հավաքելու միջատների բոլոր տեսակները։ Բացի սարդերից, որոնք բազմաթիվ են, կային տասներեք տեսակ<ref>Այդ տասներեք տեսակները պատկանում են հետևյալ կարգերին.— Coleoptera-յից մի փոքրիկ էլատեր (ցայտակ, մի լվիճ, որը հանկարծ ցատկում է, երբ գտնվում է կռնակի վրա ընկած դիրքում). Orthopiera-յից՝ մի ծղրիդ և մի ուտիճ (Blatta). Hemiptera-յից՝ մի տեսակ, Homoptera-յից՝ երկու. Neuroptera-յից՝ մի Chrysopa (ոսկիակն). Hymenoptera-յից՝ երկու մրջյուն. Lepidoptera nocturna-յից՝ երկու գիշերային թիթեռ (Diophaea և Pterophorus ?). Diptera-յից՝ երկու տեսակ։</ref> միջատ։ Սրանցից միայն մեկ տեսակ բզեզ կար։ Մի տեսակի փոքրիկ մրջյուններ վխտում էին հազարներով կորալային ապառաժների չոր և փխրուն կույտերի տակ, և այդ միակ իսկական միջատն էր, որ գտնվում էր առատ քանակությամբ։ Թեև ցամաքի արտադրանքներն այսպես սակավ են, բայց եթե նայենք շրջապատող ծովի ջրերին, օրգանական էակներ ի թիվն իսկապես անսահման է։
 
Շամիսոն նկարագրել է<ref>„Kotzebue’s First Voyage”, vol. III, p. 222.</ref> Ռադակի արշիպելագի լագունային կղզու բնական պատմությունը, և հետաքրքրական է, թե որչափ խիստ նման են այդ կղզիների բնակիչները և թվով, և տեսակով՝ Կիլինգ կղզիների բնակիչներին։ Այնտեղ կան մի մողես և երկու բարձրասրուն, այն է՝ մի աքար և մի ծովային կտցար։ Բույսերից կա տասնինը տեսակ՝ ներառյալ մի պտեր և սրանցից մի քանիսը նույնն են, ինչ որ աճում են այստեղ՝ Կիլինգ կղզիներում, թեև այս կետերն իրարից չափազանց հեռու են և գտնվում են տարբեր օվկիանոսներում։
 
Ցամաքի երկար երիզները, որ կազմում են այս գծանման կղզիները, բարձրացել են միայն այնքանը որ կոհակները կարող են նրանց վրա կորալի բեկորներ նետել և քամին կարող է կրային ավազ կիտել։ Կորալային հարթ, պինդ և լայն ժայռը դրսի կողմում խորտակում է ալիքների ուժգնությունը, այլապես մի օրում ալիքները կքշեին կտանեին այս կղզյակները և նրանց բոլոր պրոդուկցիաները։ Կարծեք թե այստեղ օվկիանոսը և ցամաքը պայքարում են տիրապետության համար, թեև ցամաքն այստեղ իր ոտի տեղն արել է, բայց ջրի իրավաբնակիչները մտածում են, որ իրենց պահանջն առնվազն հավասարապես ճիշտ է։ Յուրաքանչյուր մասում մարդ հանդիպում է մեկից ավելի տեսակների պատկանող<ref>Այս խեչափառներից մի քանիսի մեծ ճանկերը շատ լավ են հարմարեցված, այնպես որ երբ այդ ճանկերը ետ է քաշում, նրանք խեցու համար դառնում են փոքրիկ խուփ։ Այդ խուփը գրեթե նույնքան կատարյալ է, որքան փափկամորթին պատկանող փեղկը։ Ինձ հավատացնում էին, ինչպես ցույց են տվել և իմ դիտումները, որ որոշ տեսակի մենակյաց խեչափառներ միշտ օգտագործում են որոշ տեսակի խեցիներ։</ref> մենակյաց խեչափառի, որոնք իրենց կռնակին տանում են մոտակա ծովափից գողացած խեցիներ։ Գլխավերևում բազմաթիվ խոլահավեր, պելիկաններ և ծովային ծիծեռնակներ հանգստանում են ծառերի վրա, իսկ անտառն իր բազմաթիվ բներով և ապականված մթնոլորտով ագռավանոցի տպավորություն էր թողնում։ Խոլահավերը, իրենց կոշտ բներին նստած, աչքները հառում են մեկի վրա ապուշ, բայց բարկացկոտ եղանակով։ Ապուշիկները, ինչպես ցույց է տալիս նրանց անունը, տխմար փոքրիկ արարածներ են։ Բայց կա և մի թովիչ թռչուն. այդ մի փոքրիկ, ձյան չափ սպիտակ ծովային ծիծեռնակ է, որը հանդարտորեն սուրում է որոշ հեռավորության վրա, մարդու գլխից մի քանի ոտնաչափ վերևից, որի մեծ սև աչքը ուշադրությամբ զննում է մարդու արտահայտությունը։ Կարծեք թե այդ թեթև և նուրբ մարմնի մեջ թաքնված է մի թափառող մոգական ոգի։
 
'''Կիրակի, ապրիլի 3.'''— Ճաշից հետո կապիտան Ֆից Ռոյի հետ գնացի սետլմենտը (բնակավայր), որը գտնվում էր մի քանի մղոն հեռավորության վրա, կոկոսյան ընկույզի բարձր, խիտ ծառերով ծածկված մի կղզյակի ծայրին։ Կապիտան Ռոսը և մր. Լիսկն ապրում են մարագանման մի մեծ տան մեջ, որի երկու ծայրերն էլ բաց են՝ հյուսված կեղևից պատրաստած խսիրներով երիզված։ Մալայեցիների տները դասավորված են լագունի ափի երկայնությամբ։ Վայրն ամբողջությամբ ամայի տեսք ուներ, որովհետև չկային այնպիսի պարտեզներ, որոնք մշակման և հոգատարության նշաններ ցույց տային։ Տեղացիները հավաքված են Արևելյան Հնդկական արշիպելագի տարբեր կղզիներից, բայց բոլորն էլ խոսում են միևնույն լեզուն. այստեղ մենք տեսանք Բոռնեոյի, Ցելերեսի, Յավայի և Սումատրայի բնակիչներին։ Գույնով սրանք նման են տաիտցիներին, որոնցից շատ չեն տարբերվում և դիմագծերով։ Սակայն կանանցից մի քանիսն ավելի շուտ մոտիկ են չինական տիպին։ Ես սիրում էի նրանց և՛ ընդհանուր արտահայտությունները, և՛ ձայնի հնչյունը։ Նրանք աղքատ էին երևում, և նրանց տները զուրկ էին կահկարասիից, բայց ակներև էր, որ նկատի ունենալով նրանց փոքրիկ երեխաների չաղլիկությունը, կոկոսյան ընկույզը և ծովակրիան վատ սնունդ չեն կազմում։
 
Այս կղզու վրա գտնվում են ջրհորներ, որոնցից նավերը ջուր են վերցնում։ Առաջին հայացքից պակաս նշանակալից չի թվում, որ թարմ ջուրը կանոնավորապես մակընթանում և տեղատվում է ծովի մակընթացության և տեղատվության հետ միասին, և մինչև անգամ ենթադրել են, որ ավազն ունի աղը ծովի ջրից ֆիլտրելու կարողություն, Այս տեղատվող ջրհորները տարածված են Վեստ-Ինդիայի ցածր կղզիներից մի քանիսի վրա։ Սեղմված ավազի կամ ծակոտկեն կորալային ապառաժի մեջ սպունգի նման ներծծվում է աղի ջուրը, բայց անձրևը, որը թափվում է մակերեսին, պետք է որ սուզվի մինչև շրջապատող ծովի մակարդակը և կուտակվի այնտեղ տեղակալելով հավասար քանակի աղի ջրի։ Ինչպես որ սպունգանման կորալային զանգվածի ստորին մասերի ջուրը բարձրանում և իջնում է մակընթացության և տեղատվության հետ միասին, նույնը տեղի է ունենում նաև մակերեսին մոտիկ ջրի հետ, և այս մաքուր կմնա, եթե զանգվածը բավարար չափով կոմպակտ լինի և թույլ չտա մեխանիկական խառնուրդի. բայց որտեղ որ ցամաքը կազմված է կորալային մեծ փխրուն կույտերից, բաց անջրպետներով, հոր փորելիս ջուրը, ինչպես ես տեսել եմ, աղի է լինում։
 
Ճաշից հետո մենք մնացինք մի հետաքրքրական կիսասնոտիապաշտական տեսարան դիտելու, որ ներկայացնելու էին մալայեցի կանայք։ Պատմուճան հագցրած մի մեծ փայտի գդալ, որը տարել էին մի մեռած մարդու գերեզմանը, պետք է ներշնչվեր լուսնի լրման ժամանակ և պարեր ու ցատկռտեր այս ու այն կողմ։ Առանձին պատրաստությունները տեսնելուց հետո գդալը, որը բռնել էին երկու կին, կուչ եկավ և շրջապատող երեխաների ու կանանց երգի ուղեկցությամբ սկսեց պարել։ Այս մի վերին աստիճանի տխմար տեսարան էր, բայց մր. Լիսկը հավատացնում էր, որ մալայեցիներից շատերը հավատում էին նրա գերբնական շարժումներին։ Պարը չսկսվեց մինչև լուսնի բարձրանալը, և արժեր սպասել նրա պայծառ գունդը տեսնելու, որն այնքա՜ն խաղաղ շողում էր կոկոսյան ընկույզի ծառերի ճյուղերի միջից, երբ նրանք օրորվում էին երեկոյան զեփյուռից։ Այս տեսարաններն արևադարձային երկրներում ըստինքյան այնքան քնքույշ են, որ նրանք գրեթե հավասարվում են հայրենիքում եղած ավելի թանկագին տեսարաններին, որոնց հետ կապված ենք մտքի լավագույն զգացմունքներով։
 
Հաջորդ օրը ևս զբաղված էի այս կղզիների չափազանց հետաքրքրական, բայց պարզ կառուցվածքը և ծագումն ուսումնասիրելով։ Ջուրը լինելով անսովոր աստիճանի խաղաղ, ես անցնում էի մեռած կորալներից կազմված ժայռի ծանծաղ եզրի վրայով, մինչև կենդանի կորալների պատնեշները, որոնց վրա փշրվում է բաց ծովի կոհակը։ Մի քանի հեղեղանցքերում և խոռոչներում կային գեղեցիկ կանաչ և այլ գույնի ձկներ, և բազմաթիվ զոոֆիտներ սքանչելի էին իրենց ձևերով և նրբերանգներով։ Ներելի է, եթե մեկը հոգեզմայլվի օրգանական էակների այն անսահման թվով, որոնցով արևադարձների ծովերը, անչափ շռայլ կյանքով, վխտում են, բայց պետք է խոստովանեմ, որ, իմ կարծիքով, այն բնագետները, որոնք գեղեցիկ բառերով նկարագրել են ստորջրյա քարայրները, հազար ու մի գեղեցկություններով զարդարված, անձնատուր են եղել լեզվի շռայլության։
 
'''Ապրիլի 6.'''— Ես ընկերացա կապիտան Ֆից Ռոյին՝ լագունի ծայրին գտնվող մի կղզի գնալու համար. կանալը ծայր աստիճան ոլորապտույտ էր և ոլորվելով անցնում էր քնքշորեն ճյուղավորված կորալների դաշտերի միջով։ Մենք տեսանք մի քանի ծովային կրիա, և երկու նավակ զբաղված էին կրիաներ բռնելով։ Ջուրն այնքան վճիտ էր և ծանծաղ, որ թեև սկզբում կրիան արագ սուզվում և կորչում է տեսողությունից, բայց նավակով կամ առագաստանավակով հետապնդողները ոչ երկար հալածումից հետո կանգնում են նրա գլխին։ Որսորդներից մեկը աղեղացռկում պատրաստ կանգնած, ուժեղ նետվում է ջրի միջով կրիայի կռնակը, ապա երկու ձեռքով կառչում նքա կռնակի պատյանին. կրիան նրան տանում է այնքան, մինչև ուժասպառ է լինում, որից հետո նրան դնում են նավի մեջ, հետաքրքրական էր տեսնել, թե ինչպես երկու նավակները շուռ էին գալիս այս ու այն կողմ, իսկ մարդիկ, գլուխներն առաջ, նետվում էին ջուրը՝ ջանալով բռնել իրենց որսը։ Կապիտան Մորսրին տեղեկացնում է ինձ, որ Չագոսի արշիպելագում, որը գտնվում է այս միևնույն օվկիանոսում, տեղացիները մի սոսկալի պրոցեսով հանում են կենդանի կրիայի պատյանը։ «Նրան ծածկում են այրվող ածուխով, որից արտաքին պատյանը դառնում է դեպի վեր, այնուհետև այն հեռացնում են դանակով և մինչև սառչելը տափակացնում են այն՝ երկու տախտակների միջև դնելով։ Այս բարբարոսական պրոցեսից հետո կենդանին նորից գցում են ջուրը, որտեղ որոշ ժամանակից հետո կազմվում է նոր պատյան. սակայն այդ չափազանց բարակ լինելով՝ պիտանի չէ, և կենդանին միշտ երևում է նվաղկուն ու հիվանդ։
 
Երբ ժամանեցինք լագունի ծայրը, խաչաձևեցինք մի նեղ կղզյակ, որտեղ տեսանք մի մեծ կոհակ քամու կողմի ափի վրա փշրվելիս։ Չգիտեմ, թե ինչու այդ լագունային կղզիների արտաքին ափերն իմ մտքում առաջացնում են վեհաշուք տպավորություն։ Նրանց բարիերանման ծովափերում, կանաչ թփուտների և բարձր կոկոսյան ընկույզի ծառերի երիզում, մեռած կորալային ժայռի պինդ, հարթ զանգվածում, որ այս ու այն կողմ սփռված է փխրուն մեծ բեկորներով, և ամեն կողմ վազող և մոլեգնորեն փշրվող կոհակների սահմանում, կա մի պարզություն։ Օվկիանոսն իր ջրերը թափելով լայն ռիֆի վրա, թվում է, թե նա վերջինիս համար անհաղթելի, ամենակարող թշնամի է. մինչ մենք տեսնում ենք, որ այդ ուժին դիմադրում են ռիֆերը և մինչև անգամ հաղթում այնպիսի միջոցներով, որ առաջին հայացքից շատ թույլ և անզոր են երևում։ Օվկիանոսը չէ, որ խնայում է կորալային ժայռին, մեծ բեկորները, ռիֆի վրա ցրված և ծովեզրին կիտված, որտեղից դուրս են թռչում կոկոսյան ընկույզի բարձր ծառերը, պարզ խոսում են ալիքների անողոք ուժի մասին։ Եվ ոչ էլ դադարի պերիոդ է տրվում։ Ծովի երկար ուռուցքները, որ առաջացնում են մեղմ, բայց անընդհատ գործող պասատային քամիներից, առաջանում են այնպիսի ալիքներ, որոնք ուժով գրեթե հավասարվում են բարեխառն գոտում ուժեղ քամիներից առաջացած ալիքներին, և սրանք երբեք չեն դադարեցնում իրենց ցասումը։ Անկարելի է տեսնել այս ալիքներն՝ առանց համոզված կերպով զգալու, որ որևէ կղզի, մինչև անգամ այնպիսի կարծր ապառից կազմված, ինչպես պորֆիրը, գրանիտը կամ կվարցն է, վերջիվերջո տեղի կտար և կոչնչանար այսպիսի մի անդիմադրելի ուժի հարվածներից։ Մինչդեռ այս ցածր, աննշան կղզյակները կանգուն են և հաղթական, որովհետև այստեղ մի այլ ուժ, որպես մի անտագոնիստ, մասնակցում է պայքարին։ Օրգանական ուժերը մեկ առ մեկ անջատում են փրփրացող ալիքների կալցիում կարբոնատի ատոմները և, միացնելով նրանց, կազմում սիմետրիկ ստրուկտուրա։ Թող փոթորիկը մաշեցնի նրա հազարավոր ահռելի բեկորները. իսկ ի՞նչ կասեիք այն գործի մասին, որ կատարում են բյուրավոր ճարտարապետներ գիշեր և ցերեկ, ամիս առ ամիս։ Այսպիսով, մենք տեսնում ենք, որ մի պոլիպի փափուկ և ժելատինային մարմինը կենսական օրենքի միջոցով նվաճում է օվկիանոսի ալիքների այն մեծ մեխանիկական ուժը, որին չէին կարոզ հաջող կերպով դիմադրել ոչ մարդու արվեստը և ոչ էլ բնության անկենդան կառուցումները։
 
Նավը վերադարձանք ուշ երեկոյան, որովհետև երկար ժամանակ սպասեցինք լագունում, զբաղված լինելով կորալային դաշտերի և մի չամայի հսկա պատյանների ուսումնասիրությամբ, որի մեջ եթե մի մարդ իր ձեռքը դներ, այլևս ետ քաշել չէր կարողանա, մինչև որ չսպանեին կենդանուն։ Ես շատ էի զարմացել՝ գտնելով լագունի ծայրի մոտ մի լայն տարածություն, զգալիորեն ավելի քան մեկ քառակուսի մղոն ծածկված անտառի նման նուրբ ճյուղավորված կորալներով, որոնք թեև կանգուն, բոլորն էլ մեռած էին և փտած։ Սկզբում ես բոլորովին չէի կարողանում հասկանալ սրա պատճառը. հետագայում մտածեցի, որ այս արդյունք է հետևյալ տարօրինակ պարագաների միավորման։ Նախ պետք է նշել, որ կորալները չեն կարող ապրել, եթե մինչև անգամ կարճ ժամանակով մնան օդի մեջ արեգակի ճառագայթների տակ. այնպես որ նրանց աճման սահմանը դեպի վեր՝ որոշվում է տեղատվության ամենացածր սահմանով։ Մի քանի հին քարտեզներից երևում է, որ քամուն ուղղված երկար կղզին առաջ լայն կանաչներով բաժանված է եղել մի քանի կղզյակների, այս փաստը երևում է նաև ծառերից, որոնք այս մասում երիտասարդ են։ Ռիֆի հին պայմաններում մի ուժեղ քամի, ավելի շատ քանակությամբ ջուր նետելով բարիերի վրայով, պետք է որ բարձրացներ լագունի մակարդակը։ Այժմ այդ կատարվում է ճիշտ հակառակ ձևով, որովհետև լագունի ջուրը ոչ միայն չի շատանում դրսի հոսանքներից, այլ հենց լագունի ջուրն է դուրս քշվում քամու ուժով։ Այստեղից էլ նկատվում է, որ լագունի ծայրում մակընթացությունն ուժեղ քամու ժամանակ այնքան չի բարձրանում, որքան խաղաղ ժամանակ։ Մակարդակի այս տարբերությունը, թեև անկասկած շատ փոքր, իմ կարծիքով եղել է այս կորալների մահվան պատճառը, որոնք արտաքին ռիֆերի հին և ավելի նպաստավոր պայմաններում արդեն հասել էին դեպի վեր աճելու հնարավոր ամենաբարձր սահմանը։
 
Կիլինգից մի քանի մղոն հյուսիս կա մի այլ փոքրիկ ատոլ, որի լագունը գրեթե լցված է կորալային տղմով։ Կապիտան Ռոսն արտաքին ափին գտնված կոնգլոմերատի մեջ ներփակված գտավ գրինշտեյնի (կանաչ քար) լավ կլորացած մի բեկոր, որը մարդու ձեռքից մեծ էր։ Նա և նրա հետ եղող մարդիկ այնքան զարմացել էին այս բանի վրա, որ վերցրել էին այն ու բերել հետները և պահել որպես հետաքրքրական բան։ Իսկապես, չափազանց հանելուկային է այս մի հատիկ քարի գտնվելը այնպիսի մի տեղում, որտեղ նյութի յուրաքանչյուր մաս կրային է։ Հազիվ թե երբևէ այդ կղզին առաջուց մարդիկ այցելած լենեին, և ոչ էլ հավանական է, որ այնտեղ նավ կարող էր խորտակված լինել։ Ավելի լավ բացատրություն չլինելու պատճառով ես եկա այն եզրակացության, որ այդ քարն այստեղ պետք է եկած լինի մի մեծ ծառի արմատների մեջ խճճվելով, սակայն երբ նկատի էի ունենում ամենամոտիկ ցամաքի և այս կղզիների միջև եղած մեծ հեռավորությունը, քարն այս ձևով խճճված լինելու. անհավանականությունը, ծառի քշվելը ծովը և լողալն այնքան հեռու, ապա ապահով ցամաքի հասնելը և վերջապես քարի այնպես թաղված լինելը, որ հնարավոր եղավ հեշտությամբ հայտնաբերել, դժվարանում էի պատկերացնել տրանսպորտի այդքան անհավանական միջոց։ Ուստի շատ հետաքրքրական էին Շամիսոյի, այդ հռչակավոր բնագետի, որն ուղեկցել էր Կոցեբուին, դիտողություններն այն մասին, որ Խաղաղ օվկիանոսի մեջտեղի լագունային կղզիների մի խմբի — Ռադակ արշիպելագի — բնակիչներն իրենց գործիքները սրելու համար ձեռք էին բերում քարեր՝ վերջիններս փնտրելով ծովեզրը նետված ծառերի արմատների մեջ։ Ակներև է, որ այս շատ անգամ է պատահել, որովհետև օրենքներ էին սահմանվել, որ այդպիսի քարերը պատկանում են առաջնորդին, և սահմանված էն եղել պատիժներ նրանց համար, ովքեր փորձում են գողանալ այդ քարերը։ Երբ նկատի ենք առնում այս փոքրիկ կղզիների առանձնացած դիրքը մի ընդարձակ օվկիանոսի մեջտեղում, նրանց մեծ հեռավորությունը որևէ ցամաքից, բացառությամբ կորալային կազմության կղզիների, մի հանգամանք, որի ապացույցը տեսնում ենք տեղացիների մոտ, որոնք, թեև խիզախ ծովագնացներ, մեծ արժեք են տալիս որևէ տեսակի քարի,<ref>Տեղացիներից մի քանիսը, որոնց Կոցեբուն տարել էր Կամչատկա, քարեր էին հավաքում իրենց երկիրը տանելու համար։</ref> և բաց ծովի հոսանքների դանդաղությունը, ապա այս ձևով փոխադրված խճերի գոյությունը զարմանալի է թվում։ Այս ձևով կարող են քարեր տարվել շատ հաճախ, իսկ եթե այն կղզին, որի ափն են դուրս գալիս սրանք, բացի կորալից կազմված է նաև այլ նյութից, հազիվ թե այս քարերն ուշադրության արժանանան, համենայն դեպս նրանց ծագման վերաբերյալ ոչ մի ենթադրություն չէր առաջանա։ Դեռ ավելին, այս միջոցը երկար ժամանակ կարող է չհայտնաբերվել, որովհետև ծառերը, մասնավորապես քարերով ծանրաբեռնվածները, հավանաբար լողում են ջրի մակերեսի տակով։ Հրո Երկրի կանալներում ծովեզր է նետվում մեծ քանակությամբ ծփացող ատաղձ, բայց խիստ հազվադեպ է պատահում, որ ծառը լողա ջրի երեսով։ Այս փաստը գուցե կարողանա լույս սփռել այն մի հատիկ քարերի վրա, անկյունավոր կամ կլոր, որոնք երբեմն գտնվում են թաղված սեդիմենտային մանր զանգվածների մեջ։
 
Մի այլ օր ես այցելեցի Ուեստ Այլետը (արևմտյան կղզյակ), որի վրա բուսականությունը ավելի փարթամ էր, քան որևէ այլ կղզու վրա։ Կոկոսյան ընկույզի ծառերը սովորաբար աճում են իրարից անջատ, բայց այստեղ երիտասարդ ծառերը բարգավաճում էին իրենց բարձր ծնողների տակին և իրենց երկար ու կորացած ճղատերևներով կազմել էին ամենաստվերոտ պատսպարաններ։ Միայն նրանք, ովքեր փորձել են, գիտեն, թե որչափ բերկրալի է նստել այդպիսի ստվերի տակ և խմել կոկոսյան ընկույզի հաճելի զով հեղուկը։ Այս կղզում կա մի մեծ ծոցանման տարածություն, բաղկացած ամենամանր սպիտակ ավազից. նա բոլորովին հարթ է և միայն մակընթացության ժամանակ ծածկվում է ջրով. այս մեծ ծոցից փոքրիկ երկար խորշեր թափանցում են շրջապատի անտառները։ Տարօրինակ և գեղեցիկ տեսարան էր ներկայացնում այդ կիսա-սպիտակ, փողփողուն ավազը շրջապատված կոկոսյան ընկույզի ծառերով, որոնք տարածում են իրենց բարձր և ծածանվող բները ծովի եզերքներին։
 
Առաջուց ես ակնարկել եմ մի խեչափառ, որն ապրում է կոկոսյան ընկույզներով, նա շատ տարածված է ցամաքի բոլոր մասերում և հրեշային ծավալ է ունենում։ Նա խիստ մոտիկ է կամ նույնատիպ Birgos latro-յին։ Սրունքների առջևի զույգը վերջանում է շատ ուժեղ և ծանր աքցաններով, իսկ հետևի զույգին հարմարեցված են ուրիշ աքցաններ, թեև ավելի թույլ և շատ ավելի նեղ։ Սկզբում այնպես է թվում, թե բոլորովին հնարավոր չէ, որ խեչափառը կարողանա բաց անել մի պինդ կոկոսյան ընկույզ՝ կեղևով ծածկված, բայց մր. Լիսկն ինձ վստահացնում էր, որ նա մի քանի անգամ տեսել է այդ գործողության լրիվ կատարումը։ Խեչափառը նախ պատառոտում է կեղևը թել առ թել, և միշտ սկսում է այն ծալքից, որի տակ գտնվում են երեք աչքածակերը, երբ այդ վերջանում է, սկսում է իր ծանր ճանկերով մրճահարել աչքածակերից մեկը մինչև որ մի բացվածք առաջանա։ Ապա շուռ տալով իր մարմինը՝ հետևի զույգ նեղ աքցանների օգնությամբ դուրս է բերում սպիտակ ալբումինային նյութը։ Ես կարծում եմ, որ այս՝ բնազդի վերաբերյալ մինչ այժմ իմ լսած դեպքերից, ինչպես և կառուցվածքի հարմարեցման տեսակետից, ամենահետաքրքրական է, որ գոյություն ունի երկու, բնության սխեմայում իրարից առերևույթ այնպես հեռու առարկաների միջև, ինչպես խեչափառը և կոկոսյան ընկույզի ծառն են։ Բերզոսն իր սովորություններով ցերեկային կենդանի է, բայց առում են, որ նա ամեն գիշեր այցելում է ծովը. անկասկած այդ անում է խռիկները թրջելու նպատակով։ Փոքրիկ բիրդոսները նույնպես ձվից դուրս են գալիս ծովափին և որոշ ժամանակ ապրում են այնտեղ։ Այս խեչափառները բնակվում են խորը բներում, որ նրանք փորում են ծառերի արմատների տակ և որտեղ նրանք կուտակում են զարմանալի քանակությամբ կոկոսյան ընկույզի կեղևի թելիկներ, որոնց վրա հանգստանում են այնպես, ինչպես մի անկողնի վրա։ Մալայեցիները երբեմն օգտվում են այս հանգամանքից և հավաքում այս թելային մասսան՝ պարան գործելու համար։ Այս խեչափառները շատ լավ են ուտելու համար, մանավանդ որ մեծերի պոչերի տակ մեծ քանակությամբ ճարպ կա, որը հալելիս երբեմն կարող է քառորդ շիշ լցնել վճիտ յուղով։ Մի շարք հեղինակներ նշել են, որ բիրգոսն ընկույզ գողանալու նպատակով սողում է կոկոսյան ծառերն ի վեր. ես շատ եմ կասկածում այս բանի հնարավորության վրա, բայց Pandanus<ref>Տես „Proceedings of Zoological Society”, 1832, p. 17.</ref> ծառի համար այդ շատ ավելի հեշտ բան կլիներ։ Մր. Լիսկն ինձ ասում էր, որ այս կղզիների վրա բիրգոսն ապրում է միայն այն ընկույզներով, որոնք ընկնում են գետին։
 
Կապիտան Մորսբին ինձ տեղեկացնում է, որ այս խեչափառն ապրում է Չագոս և Սեյշել արշիպելագներում, բայց ոչ հարևան՝ Մալդիվայի արշիպելագում։ Առաջ այս խեչափառը վխտում էր Մավրիկիայում, բայց այժմ այնտեղ գտնվում են փոքրերը միայն, այն էլ քիչ քանակությամբ։ Ասում են<ref>Tyerman and Bennett, „Voyage” etc., vol. II, p. 33.</ref>, որ Խաղաղ օվկիանոսում Ընկերության կղզիներից հյուսիս, մի առանձին կորալային կղզու վրա ապրում է այս տեսակը, կամ խիստ մոտիկ սովորություններով մի այլ տեսակ։ Որպեսզի ցույց տամ առջևի զույգ աքցանների զարմանալի ուժը, ես կարող եմ հիշատակել մի դեպք. կապիտան Մորսբին փակում է սրանցից մեկին թիթեղյա ամուր արկղում, որը ժամանակին լցված է եղել սուխարիով. կափարիչը կապում է մետաղաթելով, բայց խեչափառը շուռ է տալիս թիթեղի ծայրերը և փախչում։ Ծայրերը շուռ տալիս նա ուղղակի թիթեղի պատից բաց է անում բազմաթիվ փոքրիկ ծակեր։
 
Ես բավականին զարմացել էի, երբ պարզվեց, որ միլեպորա (Millepora) ցեղի կորալների երկու տեսակ (M. complanata և alcicornis) ունեն խայթելու կարողություն։ Քարոտ ճյուղերը կամ սկուտեղները, երբ նոր են դուրս բերում ջրից, խորտուբորտ են և տղմոտ չեն, թեև ունեն ուժեղ և անդուրեկան հոտ։ Խայթելու հատկությունը, թվում է թե, տարբեր նմուշների մոտ տարբեր է։ Երբ այդ կորալից մի կտոր սեղմում կամ շփում էինք մեր թևի կամ երեսի մաշկի նուրբ տեղերին, սովորաբար առաջանում էր թեթև խայթելու զգացողություն, որն զգացվում էր մեկ վայրկյան ընդմիջումից հետո և տևում էր մի քանի րոպե միայն։ Սակայն մի օր երեսս այս ճյուղերից մեկին սոսկ դիպցնելիս վայրկենապես ցավ զգացվեց, այդ ցավը մեծացավ, ինչպես սովորաբար, մի քանի վայրկյանից հետո և սուր վիճակում մնաց մի քանի րոպե, այնուհետև զգալի էր կես ժամ։ Այդ զգացողությունը նույնչափ ուժեղ էր, որչափ եղինջինը, բայց շատ ավելի նման էր ֆիզալիայի, կամ պորտուգալական մարտանավի (Physalia) պատճառած զգացողությանը։ Թևի նուրբ մորթու վրա առաջանում էին փոքրիկ կարմիր բծեր, որոնք այնպես էին երևում, որ կարծեք թե ջրալից պալարներ էին կազմելու, բայց ոչինչ չեղավ։ Միլեպորաների նման հատկության մասին հիշատակում է մր. Կոան, և ես լսել եմ Վեստ Ինդիայի խայթող կորալների մասին։ Թվում է, թե շատ ծովային կենդանիներ ունեն խայթելու այս կարողությունը, բացի պորտուգալական մարտանավից (Physalia), բազմաթիվ ծովամայրերից և Aplysia-ից (Կանաչ Հրվանդանի կղզիների ծովային խխունջը), '''Աստրոլաբ''' նավի ճանապարհորդության մեջ նշված է, որ մի ակտինիա (Actitlia) կամ ծովային անեմոն, ինչպես և մի ճկուն կորալին, Sertularia-յին մոտիկ, ունեն հարձակվելու կամ պաշտպանվելու այս միջոցը։ Ասում են, որ Արևելյան Հնդկաստանի ծովում գտնվում է մի խայթող ջրիմուռ։
 
[[Պատկեր:Beagle_pic_38.png|500px|frameless|thumb|center]]
 
Scarus սեռի երկու տեսակ ձկներ, որոնք տարածված են այստեղ, բացառապես սնվում են կորալով. երկուսն էլ գունավորված են շքեղ կապտավուն-կանաչ գույնով, մեկն անփոփոխ ապրում է լագունում, իսկ մյուսն արտաքին կոհակների մեջ։ Մր. Լիսկն ինձ հավատացնում էր, որ ինքը շատ անգամ տեսել է ամբողջ վտառներ (ձկների խումբ) իրենց ուժեղ ոսկրյա ծնոտներով կորալային ճյուղերի գագաթներին արածելիս։ Ես բաց արի մի քանիսի աղիքը և գտա նրանց լցված՝ դեղնավուն կրային-ավազային տղմով։ Տղմոտ, զզվանք առաջացնող հոլոթուրիան (Holuthuritie — մոտիկ մեր ծովաստղին), որին անչափ մոլի են չինացի որկրամոլները, նույնպես մեծ չափով սնվում է կորալներով, ինչպես ինձ տեղեկացնում է դր. Ալլանը, և նրանց մարմնի ոսկրային ապարատը, թվում է թե, լավ է հարմարեցված այս տեսակի սննդի համար։ Այս հոլոթուրիաները, ձկները, բազմաթիվ որջաբնակ խեցիները և ծովահարս որդերը, որոնք ծակում են մեռած կորալի յուրաքանչյուր կտոր, անկասկած պետք է որ շատ զորավոր գործոններ լինեն այն սպիտակ մանր տիղմը առաջացնելու գործում, որն ընկած է լագունի հատակին և եզրերին։ Սակայն պրոֆեսոր Էրենբերգը գտել է, որ այդ տղմի մի մասը, որը խոնավ վիճակում բոլորովին նման է մանրած կավճի, մասամբ կազմված է սիլիցիումային վահանով օժտված ինֆուզորիաներից։
 
'''Ապրիլի 12.'''— Առավոտյան դուրս եկանք լագունից և ուղևորվեցինք Իլ դե Ֆրանս։ Ուրախ եմ, որ այցելեցինք այս կղզիները. այսպիսի ֆորմացիաներն անպայման բարձր են դասվում աշխարհի զարմանալի առարկաների մեջ։ Օվկիանոսի խորությունը չափելիս ափից միայն 2200 յարդ (2080 մետր) հեռավորության վրա, կապիտան Ֆից Ռոյը թողեց 7200 ոտնաչափ երկարության խորաչափը, բայց հատակ չգտավ. սրանից էլ պետք է եզրակացնել, որ այս կղզին կազմում է մի չափազանց բարձր ստորջրյա լեռ, որի կողերն ավելի դիք են, քան ամենագահավեժ հրաբխի կոնի կողերը։ Գոգավոր սկավառակի ձևի փոս ընկած գագաթը (լագունը) ունի մոտ տասը մղոն լայնություն, և ապառի այս մեծ կույտում յուրաքանչյուր առանձին ատոմ<ref>Իհարկե ես բացառում եմ այն քիչ հողը, որ նավերով բերել են այստեղ Մալակայից և Յավայից, ինչպես և պեմզայի մի քանի փոքր բեկորներ, որ քշել բերել են այստեղ ալիքները։ Բացի այդ, պետք է բացառել նաև գրինշտեյնի (կանաչ քար) մի կտորը հյուսիսային կղզում։</ref> ամենափոքր մասնիկից մինչև ամենամեծ բեկորը, որը սակայն բազմաթիվ այլ լագունային կղզիների հետ համեմատած փոքր է, կրում է օրգանական դասավորման ենթակա լինելու կնիքը։ Զարմանում ենք, երբ ճանապարհորդները պատմում են պիրամիդների և այլ մեծ ավերակների վիթխարի ծավալների մասին, բայց ո՜րչափ աննշան են սրանցից ամենամեծերը, երբ համեմատվում են այս ապառաժե լեռների հետ, որոնք կուտակված են զանազան մանր և նուրբ կենդանիներից։ Այս մի հրաշք է, որն սկզբում չի ապշեցնում մարմնի աչքը, այլ, խորհրդածելուց հետո, ապշեցնում է մտքի աչքը։
 
Այժմ ես տալու եմ մի շատ համառոտ տեղեկագիր կորալային ռիֆերի երեք մեծ դասերի, այն է՝ ատոլների, բարիերների և առափնյա ռիֆերի մասին, և բացատրելու եմ իմ տեսակետները<ref>Այս տեսակետների մասին նախ կարդացվել է 1837 թվականի մայիսին, Երկրաբանական ընկերության առջև, և այնուհետև այդ մշակվել է մի առանձին հատորում „Structure and Distribution of Coral Reefs”.<ref> նրանց կազմվելու վերաբերյալ։ Գրեթե յուրաքանչյուր ճանապարհորդ, որն անցել է Խաղաղ օվկիանոսը, արտահայտել է իր անսահման զարմանքը լագունային կղզիների կամ, ինչպես ես ապագայում անվանելու եմ նրանց հնդկական անունով, ատոլների մասին, և փորձել է տալ մի բացատրություն։ Մինչև անգամ դեռ 1605 թվին Պիրար-ղը-Լավալը բացագանչում է. „C’est une merveille de voir chacun de ces atollons, environné d’un grand banc de pierre tout autour, n’y ayant point d’artifice humain”<ref>Այս ատոլներից յուրաքանչյուրն ինքնին ներկայացնում է հրաշալի տեսարան, բոլոր կողմերից շրջապատված լինելով մեծ քարե պատերով, որտեղ չկա մարդկային արվեստի և ոչ մի բան։</ref> Մի սոսկ ուրվագիծ կարող է տալ միայն շատ աղոտ գաղափար ատոլի եզակի տեսքի մասին. նա չափազանց փոքր ծավալ ունի և, միացնելով իր նեղ կղզյակները, օղակ է կազմել։ Չի կարելի առանց տեսնելու պատկերացնել օվկիանոսի անհունությունը, կոհակների ուժգնությունը, ցամաքի ցածրությանը ե լագունի վառ-կանաչ ջրի ողորկությանը հակադրված։
 
[[Պատկեր:Beagle_pic_39.png|500px|frameless|thumb|center]]
 
Հին ճանապարհորդները ենթադրում էին, որ կորալ կառուցող կենդանիները բնազդաբար կառուցում են իրենց մեծ օղակները, որպեսզի պաշտպանություն գտնեն ներքին մասերում. բայց այս շատ է հեռու ճշմարտությունից. որովհետև այն մասսիվ տեսակները, որոնք աճում են արտաքին ափերին և որոնցից կախված է ռիֆի անմիջական գոյությունը, չեն կարող ապրել լագունի ներսում (որտեղ լավ աճում են այլ քնքույշ ճյուղավորվող տեսակներ)։ Դեռ ավելին, ըստ այս տեսակետի՝ որոշ ցեղերի և ընտանիքների տեսակներ, ենթադրվում է, որ միանում են մի ընդհանուր նպատակի համար, իսկ այսպիսի կոմբինացիայի ոչ մի օրինակ չի կարելի գտնել ամբողջ բնության մեջ։ Այն տեսությունը, որն ընդունված է ընդհանուր առմամբ, այն է, որ ատոլները հիմնված են ստորջրյա կրատերների (խառնարան) վրա, բայց երբ նկատի ենք ունենում այս վերջիններից մի քանիսի ձևը և ծավալը, թիվը, մոտիկությունը, և մյուսների հարաբերական դիրքը, այս տեսակետն ընդունելի լինել չի կարող. այսպես, Սուագիվայի ատոլը մի կողմով ունի քառասունչորս աշխարհագրական մղոն տրամագիծ և մի այլ կողմով՝ երեսունչորս. Ռիմսկու ատոլը՝ հիսունչորս և քսան, և ունի մի տարօրինակ մանվածոտ եզր. Բոուի ատոլը երեսուն մղոն երկարություն ունի և միջին հաշվով միայն վեց մղոն լայնություն. Մենշիկովի ատոլը բաղկացած է երեք ատոլներից՝ իրար միացած կամ կապված։ Այս տեսությունն ավելի ևս անկիրառելի է Հնդկական օվկիանոսի հյուսիսային մալդիվիական ատոլների համար (որոնցից մեկն ունի ութսունութ մղոն երկարություն և տասից-քսան մղոն լայնություն), որովհետև վերջիններս սովորական ատոլների նման շրջապատված չեն նեղ ռիֆերով, այլ՝ անհաշիվ անջատ փոքրիկ ատոլներով. ուրիշ փոքր ատոլներ բարձրանում են կենտրոնական լագունանման մեծ տարածություններից։ Մի երրորդ և ավելի լավ տեսություն առաջադրել է Շամիսոն, որը կարծում էր, թե որովհետև կորալներն ավելի եռանդուն աճում են բաց ծովում, ինչպես այդ անկասկած այդպես է, ընդհանուր հիմքից ավելի շուտ կաճեին արտաքին եզրերը, քան որևէ այլ մաս, և օղակի կամ բաժակի ձևի կառուցումը պետք է վերագրել այս հանգամանքին։ Բայց մենք շատով կտեսնենք, որ այս, ինչպես և կրատերային թեորիայում մի շատ կարևոր նկատառում անտեսված է, այն է, թե ինչի՞ վրա են հիմնել իրենց մասսիվ կառուցվածքներն այդ ռիֆ կառուցող կորալները, որոնք չեն կարող ապրել մեծ խորության վրա։
 
Կապիտան Ֆից Ռոյը բազմաթիվ խորաչափումներ կատարեց Կիլինգ ատոլի արտաքին գահավեժ կողի վրա, և պարզվեց, որ հինգ գրկաչափ խորության վրա խորաչափի արճճի հատակին պատրաստած ճարպը միշտ դուրս էր գալիս կենդանի կորալների նշաններով միասին, բայց այնքան կատարյալ մաքուր, որ, կարծեք թե, այն գցված էր դալար կանաչի կարպետի վրա. որքան խորությունը մեծանում էր, հետքերն այնքան ավելի սակավանում էին, բայց ավազի կպչող հատիկներն ավելի ու ավելի շատանում էին, մինչև վերջապես պարզ եղավ, որ հատակը կազմված է ավազի հարթ շերտից. կանաչածածկ դաշտերի անալոգիայով կանաչի շեղջերը հետզհետե նոսրացան, մինչև որ հողը դարձավ այնպես անբերրի, որ նրա վրա ոչինչ ծլել չէր կարող։ Այս դիտողություններից ելնելով, որոնք հաստատված են բազմաթիվ այլ դիտողություններով, կարելի է ապահով կերպով հետևցնել, որ ամենամեծ խորությունը, որի վրա կորալները կարող են ռիֆեր կառուցել, գտնվում է քսան և երեսուն գրկաչափ խորությունների միջև։ Այժմ Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում կան ընդարձակ տարածություններ, որտեղ յուրաքանչյուր կղզի կորալային կազմություն ունի և բարձրացած է միայն մինչև այն բարձրություն, որի վրա ալիքները կարող են նետել բեկորներ և քամիները՝ դիզել ավազ։ Այսպես, ատոլների Ռադակի խումբն անկանոն քառանկյունի է, 520 մղոն երկարությամբ և 240 մղոն լայնությամբ, Ցածրադիր արշիպելագն էլիպտիկ ձև ունի՝ երկար առանցքը չլինելով 840 մղոն, իսկ կարճը 420. կան այլ փոքր խմբեր և առանձին ցածր կղզիներ այս երկու արշիպելագների միջև, որոնք բոլորը միասին կազմում են օվկիանոսի մի նեղ ու երկար տարածություն, որը 4000 մղոնից երկար է, և որտեղ ոչ մի կղզու բարձրություն վերևում սահմանված բարձրությունից չի անցնում։ Այնուհետև, Հնդկական օվկիանոսում կա օվկիանոսի մի տարածություն՝ 1500 մղոն երկարությամբ, որը ներառում է երեք արշիպելագ, որտեղ բոլոր կղզիները ցածր են և ունեն կորալային կաոուցվածք։ Ելնելով այն փաստից, որ ռիֆ կազմող կորաքները չեն ապրում մեծ խորության վրա, ապա պարզ և որոշակի կարելի է ասել, որ այս ամբողջ ընդարձակ տարածությունների վրա, որտեղ որ այժմ կա մի ատոլ, պետք է նախապես գոյություն ունեցած լինի մի հիմք՝ մակերեսից քսանից-երեսուն գրկաչափ խորությամբ։ Վերին աստիճանի անհավանական է լայն, բարձր, առանձնացած, գահավեժ կողերով, խմբերով և շարքերով հարյուրավոր փարսախ երկարությամբ դասավորված, նստեցված շերտերով սեդիմենտային թմբերի գոյացումը Խաղաղ և Հնդկական օվկիանոսների կենտրոնական և ամենախորը մասերում, որոնք որևէ մայր ցամաքից անչափ հեռավորության վրա են գտնվում, և որտեղ ջուրը կատարյալ վճիտ է։ Հավասարապես անհավանական է, որ բարձրացնող ուռերն այդ անսահման տարածության վրա բարձրացնեին ժայռոտ անհաշիվ թմբեր՝ մինչև ծովի մակերեսից քսանից-երեսուն գրկաչափ կամ 120-ից-180 ոտնաչափ խորության վրա, որովհետև կարո՞ղ ենք ամբողջ երկրագնդի մակերեսին գտնել մի լեռնաշղթա, մինչև անգամ մի քանի հարյուր մղոն երկարությամբ, որի բազմաթիվ գագաթները լինեն այնպիսի բարձրության, որ իրարից տարբերվեն միայն մի քանի ոտնաչափով և ոչ մի գագաթ ավելի բարձր չլինի։ Եթե, ուրեմն, այն հիմքերը, որտեղից դուրս եկան ատոլ կազմող կորալները, չեն կազմվել սեդիմենտներից, և եթե նրանք չեն բարձրացել օվկիանոսի խորությունից վեր մինչև պահանջված մակարդակը, ապա անհրաժեշտաբար պետք է որ նրանք (այդ հիմքերը) իջնեին ներքև, և այս առաջարկը լուծում է ամբողջ կնճռոտ խնդիրը։ Որովհետև ինչպես որ լեռ լեռան հետևից և կղզի կղզու հետևից հետզհետե սուզվում էին ջրի տակ, ապա հաջորդաբար պետք է որ հիմքեր առաջանային կորալների աճման համար։<ref>Նշանակալից է այն, որ մր. Լայելը մինչև անգամ իր „Principles of Geology”-ի առաջին հրատարակության մեջ հիշատակում է, որ Խաղաղ օվկիանոսում իջեցումները գերազանցում են բարձրացումներին, նկատի ունենալով, որ այնտեղ ցամաքի մակերեսը համեմատած գործող ագենտների, այն է՝ կորալների աճման և հրաբխային գործունեության հետ, շատ փոքր է։</ref> Այստեղ հնարավոր չէ բոլոր անհրաժեշտ մանրամասնությունների մեջ մտնել, բայց ես այնուամենայնիվ թույլ եմ տալիս ինձ կասկած հայտնելու, թե կարող է մի ուրիշը այլ կերպ բացատրել, թե ինչպես կարող է պատահել, որ բազմաթիվ կղզիներ ցրվեն ամենուրեք անհուն տարածությունների վրա, որտեղ բոլոր կղզիներն էլ լինեն միևնույն ձևով ցածր, բոլորն էլ կառուցված կորալներից, որոնք բացարձակապես պահանջում են մի հիմք՝ մակերեսից որոշ սահմանված խորության վրա։
 
Նախքան բացատրելը, թե ինչպես են ատոլ կազմող ռիֆերն ստանում իրենց յուրահատուկ կառուցվածքը, դառնանք երկրորդ դասին, այն է՝ բարիեր ռիֆերին։ Արանք տարածված են լինում կամ ուղիղ գծերով որևէ մայր ցամաքի ափերի կամ մի մեծ կղզու դիմաց, կամ շրջապատում են փոքր կղզիները. երկու, դեպքում էլ սրանք բաժանված են լինում ցամաքից մի լայն և խորը ջրային կանալով, նման ատոլի ներսում գտնվող լագունի։ Զարմանալի է, թե որչափ քիչ ուշադրություն են դարձրել օղակող բարիեր-ռիֆերին, բայց նրանք իսկապես հրաշալի կառուցվածքներ են։ Օրինակ, Խաղաղ օվկիանոսում Բոլաբոլա կղզին շրջապատող բարիերում, որը երևում է կենտրոնական մի գագաթից, ռիֆի ամբողջ գիծը փոխարկվել է ցամաքի, բայց սովորաբար մեծ ալիքների ձյան չափ սպիտակ մի գիծ, որը երբեմն հատվում է այս ու այն կողմ գտնվող առանձին ցածր կղզյակներով՝ կոկոսյան ընկույզի ծառերով ծածկված, օվկիանոսի հառաչող ջրերը, բաժանում է լագուն-կանալի բաց կանաչ տարածությունից։ Եվ այս կանալի խաղաղ ջրերը սովորաբար լվանում են ցածր ալուվիումային հողի մի շերտ, բեռնավորված տրոպիկների ամենագեղեցիկ պրոդուկցիաներով, որն ընկած է վայրագ, գահավեժ կենտրոնական լեռների ստորոտին։
 
[[Պատկեր:Beagle_pic_40.png|500px|frameless|thumb|center]]
 
Շրջապատող բարիերային միֆերը լինում են ամեն մեծության, երեքից մինչև ոչ պակաս քան քառասունչորս մղոն տրամագծով, և մեկը, որը եզերում է Նոր Կալեդոնիայի մի կողմը և շրջապատում երկու ծայրերն էլ, 400 մղոն երկարություն ունի։ Յուրաքանչյուր ռիֆ ներփակում է տարբեր բարձրության մեկ-երկու կամ մի քանի ժայռոտ կղզի, և մի դեպքում մինչև անգամ տասներկու աոանձին կղզիներ։ Ռիֆը ներփակված ցամաքից լինում է ավելի կամ պակաս հեռավորության վրա. Ընկերության արշիպելագում այդ հեռավորությունը սովորաբար մեկից մինչև երեք կամ չորս մղոն է, բայց Հոգոլեու ռիֆը ներփակված ցամաքից հեռու է քսան մղոն հարավային կողմում և տասնչորս՝ հակառակ կամ հյուսիսային կողմում։ Լագունային կանալում խորությունը նույնպես շատ տարբեր է. որպես միջին՝ կարելի է ընդունել տասից-երեսուն գրկաչափ, բայց Վանիկորոյում կան տարածություններ, որոնք ունեն ոչ պակաս քան հիսունվեց գրկաչափ կամ 336 ոտնաչափ խորություն։ Ներքին կողմից ռիֆը կամ մեղմ թեքությամբ իջնում է լագունային կանալի մեջ, կամ վերջանում ուղղաձիգ պատի ձևով, երբեմն ջրի տակ ունենալով երկուսից-երեք հարյուր ոտնաչափ բարձրություն. արտաքին կողմից ռիֆն, ատոլի նման, բարձրանում է ծայր աստիճան դիք՝ օվկիանոսի խորը խորխորատներից. ի՞նչը կարող է լինել ավելի եզակի, քան այս կառուցվածքները։ Մենք տեսնում ենք մի կղզի, որը կարելի է համեմատել մի դղյակի հետ՝ մի բարձր ստորջրյա լեռան կատարին զետեղված, կորայային ապառաժի մեծ պատով պաշտպանված, միշտ դիք արտաքնապես և երբեմն էլ ներքնապես, լայն հարթ գագաթով, այստեղ և այնտեղ բացված նեղ դարպասներով, որոնց միջից ամենամեծ նավերը կարող են մտնել շրջապատված լայն խրամը։
 
Որպես իսկական կորալային ռիֆեր, բարիերի և ատոլի միջև ամենափոքրիկ տարբերություն անգամ չկա ոչ ընդհանուր ծավալում, ոչ ուրվագծում, ոչ խմբավորման մեջ և ոչ էլ կառուցվածքի ամենաչնչին մանրամասնության մեջ։ Աշխարհագրագետ Բալրին լավ է նկատել, որ շրջափակված կղզին մի ատոլ է, որի լագունի միջից բարձրանում է բարձր ցամաք. հեռացրո՛ւ նրա միջից ցամաքը, և կմնա մի կատարյալ ատոլ։
 
Բայց ի՞նչն է ստիպել այդ ռիֆերին իրենց ներփակված կղզիներից այդքան մեծ հեռավորության վրա գտնվելու։ Չի կարելի պատճառաբանել, թե կորալները չեն աճի ցամաքին խիստ մոտիկ, որովհետև լագունային կանալի ափերը, եթե շրջապատված չեն ալուվիալ հողով, հաճախ եզերվում են կենդանի կորալներով, և մենք շուտով կտեսնենք, որ կա մի ամբողջ դաս, որին ես անվանել եմ առափնյա ռիֆ, նկատի ունենալով նրանց սերտ կպած լինելը և՛ մայր ցամաքների, և՛ կղզիների եզրերին։ Այնուհետև, ինչի՞ վրա են հիմնել իրենց օղակող կառուցվածքն այս ռիֆ-կառուցող կորալները, որոնք չեն կարող ապրել մեծ խորության վրա։ Այս մի մեծ, ակներև դժվարություն է, նման ատոլների խնդրում եղած դժվարության, որի մասին ընդհանուր կերպով խոսվել է։ Այդ ավելի պարդ ըմբռնելի կլինի, եթե աչքի անցկացնենք հետևյալ կտրվածքները, որոնք իրական են, և ներկայացնում են հյուսիսային և հարավային գծերով՝ Վանիկորո, Գամբիե և Մաուրուա կղզիների կտրվածքներն իրենց բարիեր ռիֆերի հետ միասին, և նրանք դրված են և՛ ուղղաձիգ, և՛ հորիզոնական դիրքով, միևնույն մասշտաբով (մղոնը մեկ քառորդ մատնաչափ) արտահայտելով։
 
[[Պատկեր:Beagle_pic_41.png|500px|frameless|thumb|center]]
 
Պետք է նկատել նաև, որ այս կղզիներում կամ այլ բազմաթիվ շրջափակված կղզիներում, կտրվածքը կարելի էր վերցնել որևէ ուղղությամբ, և ընդհանուր տեսքը կլիներ նույնը։ Այժմ մտքում ունենալով այն, որ ռիֆ-կառուցող կորալները չեն կարող ապրել ավելի քան քսան կամ երեսուն գրկաչափ խորության վրա, և որ մասշտաբն այնքան փոքր է, որ աջ կողմում գտնվող տրամալարը ցույց է տալիս 200 գրկաչափ խորություն, ապա ինչի՞ վրա են հիմնված այս բարիեր-ռիֆերը։ Արդյոք պե՞տք է ենթադրենք, որ յուրաքանչյուր կղզի շրջապատված է օձիքաձև ընդծովյա վիմուտքով կամ ժայռագոտիով, կամ սեդիմենտի մեծ թմբով, որը գահավեժ վերջանում է այնտեղ, որտեղ վերջանում է ռիֆը։ Եթե ծովն առաջուց խորը մաշելով մտել է ցամաքի մեջ, նախքան նրանց պաշտպանվելը ռիֆերով, թողնելով այսպիսով մի ծանծաղ վիմուտք ջրի տակ՝ նրանց շրջապատում, ապա ներկայիս ափերն անփոփոխ շրջապատված կլինեին մեծ անդունդներով, բայց այդ հազիվ թե այդպես լիներ։ Բացի այդ, այդ տեսությունն ամենևին չի բացատրում, թե ինչո՛ւ պետք է կորալները պատի նման վեր թռչեին, վիմուտքի ամենադրսի եզրից, հաճախ թողնելով ներսում ջրի մի լայն տարածություն, որտեղ չափազանց խոր լինելու պատճառով կորալներ աճել չեն կարող։ Այս կղզիների ամբողջ շրջապատով սեդիմենտի լայն թմբի կուտակումը, որը սովորաբար ամենից լայն է լինում այնտեղ, որտեղ ներփակված կղզիներն ամենից փոքր են, խիստ անհավանական է, երբ նկատի ենք ունենում նրանց բացված դիրքն օվկիանոսի կենտրոնական ամենախորը մասերում։ Ինչ վերաբերում է Նոր Կալեդոնիայի բարիեր-ռիֆին, որը տարածվում է կղզու հյուսիսային կետից հարյուր հիսուն մղոն այն կողմ, միևնույն ուղիղ գծով, որով նա նայում է արևմտյան ափին, հազիվ թե հնարավոր լինի հավատալ, որ սեդիմենտի թումբը կարող էր ուղիղ գծով նստած լինել մի բարձր կղզու դիմաց և բավականին հեռու, նրա վերջավորությունից այն կողմ, բաց ծովում։ Վերջապես եթե նայենք միևնույն բարձրության և նույնօրինակ երկրաբանական կառուցվածքի, բայց կորալային ռիֆերով չշրջապատված օվկիանոսային այլ կղզիների, ապա ոչ մի տեղ չենք գտնի այնպիսի չնչին շրջապատող խորություն, որը լինի երեսուն գրկաչափ, բացառությամբ անմիջական ափերի խորության, որովհետև սովորաբար այն ցամաքը, որը գահավեժ բարձրանում է ջրից դուրս, անկախ այն բանից, թե շրջապատված է ռիֆի օղակով թե ոչ, գահավեժ սուզվում է ջրի տակ։ Ես նորից եմ կրկնում, ուրեմն, ինչի՞ վրա են հիմնված այս բարիեր-ռիֆերը։ Ինչո՞ւ նրանք իրենց լայն և խորը խրամանման կանալներով այդքան հեռու են կանգնած ներփակված ցամաքից։ Շուտով պիտի տեսնենք, թե որչափ հեշտությամբ են անհետանալու այս դժվարությունները։
 
Այժմ մենք գալիս ենք երրորդ դասին, այն է՝ առափնյա ռիֆերին, որոնց մասին երկար խոսել չի պահանջվում։ Որտեղ ցամաքը գահավեժ թեքվում է ջրի տակ, այնտեղ այս ռիֆերը միայն մի քանի յարդ լայնություն ունեն, կազմելով ափերի շուրջը մի սոսկ ժապավեն կամ երիզ, որտեղ ցամաքը փոքր թեքությամբ է իջնում ջրի տակ, ռիֆը տարածվում է ավելի հեռու, երբեմն ցամաքից մինչև մի մղոն հեռու, բայց այս դեպքերում խորաչափերը ռիֆից դուրս միշտ ցույց են տալիս, որ ցամաքը ջրի տակ փոքր թեքություն ունի։ Փաստորեն ռիֆերը տարածվում են միայն ցամաքից մինչև այն հեռավորությունը, որտեղ որևէ հիմք 20-ից-30 գրկաչափից ավելի խորը չէ։ Այսպիսով չկա մի էական տարբերություն նրա և բարիեր կամ ատոլ կազմող ռիֆի միջև, սակայն նա սովորաբար նվազ լայնության է լինում, հետևաբար և նրա վրա ավելի փոքր թվով կղզյակներ են գոյացել։ Շնորհիվ այն բանի, որ կորալներն ավելի եռանդուն աճում են դրսի կողմում, և որ դեպի ներս նստող սեդիմենտները նրանց համար վատառողջ ազդեցություն ունեն, ուստի ռիֆի համեմատաբար դրսի ծայրն ամենաբարձր մասն է լինում, և նրա ու ցամաքի միջև սովորաբար կա մի ծանծաղ ավազուտ կանալ՝ մի քանի ոտնաչափ խորությամբ, տեղ որ սեդիմենտի թմբերը կուտակվել են մակերեսին մոտիկ, ինչպես Վեստ Ինդիայի որոշ մասերում,այնտեղ նրանք երբեմն եզերվում են կորալներով, ուստի և որոշ կողմերով նման են լագունային կղզիների կամ ատոլների, այնպես, ինչպես առափնյա ռիֆերը, որոնք շրջապատում են փոքր թեքություն ունեցող կղզիները, որոշ չափով նման են բարիեր-ռիֆերին։
 
Կորալային ռիֆերի կազմվելու վերաբերյալ ոչ մի տեսություն չի կարելի համարել բավարար, եթե նկատի չեն առնվում երեք մեծ դասերը։ Մենք տեսանք, որ մենք ստիպված ենք ընդունելու այն ընդարձակ տարածության իջեցումը, որոնց վրա ցրված են ցածր կղզիները, որոնցից ոչ մեկն այնքան բարձր չէ, որ քամին և ալիքները չկարողանան նրանց վրա նյութեր նետել, և որ նրանք կառուցված են կենդանիներից, որոնք պահանջում են հիմք, և որ այդ հիմքը պետք է լինի ոչ մեծ խորության վրա։ Վերցնենք մի կղզի, որը շրջապատված է առափնյա ռիֆերով, որոնք կառուցվածքի բացատրության տեսակետից դժվարություն չեն հարուցում, և թող այս կղզին իր ռիֆով, որը գծանկարում ցույց է տրված անընդհատ գծով, դանդաղորեն սուզվի։ Այժմ, երբ կղզին սուզվում է ներքև՝ լինի այդ միանգամից մի քանի ոտնաչափ, թե այնքան դանդաղ, որ բոլորովին անըմբռնելի է, միևնույնն է, մենք կորալների աճման համար նպաստավոր մեզ հայտնի պայմաններից կարող ենք հետևցնել, որ կենդանի զանգվածները, որոնք թրջվում են կոհակներից՝ ռիֆի եզրին, շուտով նորից կբարձրանան մակերեսը։ Սակայն ջուրը հետզհետե կալեկոծի ափը, կղզին ավելի կցածրանա ու կփոքրանա, և ռիֆի ներքին շրթի ու ծովափի միջև եղած տարածությունը համեմատաբար կլայնանա։ Ռիֆի մի հատվածը և կղզին այս վիճակում, մի քանի հարյուր ոտնաչափ սուզվելուց հետո, ներկայացված է կետավոր գծերով (ենթադրում ենք, որ կորալային կղզյակները կազմվել են ռիֆի վրա, և լագունի կանալում խարիսխ է գցել մի նավ)։ Այս կանալն ավելի կամ պակաս չափով խորը պիտի լինի, նայած սուզման չափին, նրա մեջ կուտակված սեդիմենտի քանակին և նուրբ ճյուղերով կորալների աճմանը, որոնք ապրում են այնտեղ։ Կտրվածքն այս վիճակում , ամեն կողմով կհիշեցնի այն կղզու առաջացումը և դիրքը, որը շրջափակված է օղակաձև առաջավոր ռիֆով. և իսկապես, այդ մի իրական կարվածք է (մասշտաբը 0,388 մատնաչափ՝ մեկ մղոնի փոխարեն) Խաղաղ օվկիանոսում, Բոլաբոլա կղզու։ Այժմ միանգամից կարող ենք տեսնել, թե ինչո՛ւ շրջափակող բարիեր ռիֆերն այնքան հեռու են կանգնած այն ափերից, որոնց դիմացը գտնվում են իրենք։ Մենք տեսնում ենք նաև, որ եթե նոր ռիֆի արտաքին ծայրից մի ուղղահայաց գիծ տարվի ներքև դեպի պինդ ապառի հիմքը, որի վրա կառուցված է սկզբնական առափնյա ռիֆը, ապա ստացվում է մի ուղղաձիգ գիծ, որը նույնքան ոտնաչափով կգերազանցի այն աննշան խորությունից, որի վրա կարող են ապրել գործարար կորալները, որքան ոտնաչափով որ իջեցումն է տեղի ունեցել. այդ փոքրիկ ճարտարապետները ցամաքի ընկղմվելու հետ հավասարապես կառուցել են իրենց մասսիվ պատն այնպիսի մի բազայի վրա, որ կազմված է այլ կորալներից և նրանց ամրացած բեկորներից։ Այսպիսով այս գլխի դժվարությունը, որն այնքան մեծ է երևում, վերանում է։
 
[[Պատկեր:Beagle_pic_42.png|500px|frameless|thumb|center]]
 
Եթե մի կղզու փոխարեն վերցնեինք մի մայր ցամաքի ծովափը՝ ռիֆերով եզերված, և պատկերացնեինք, որ նա իջած է, արդյունքն ակներևաբար կլիներ մի մեծ ուղիղ բարիեր՝ նման Ավստրալիայի կամ Նոր Կալեդոնիայի բարիերի՝ ցամաքից մի լայն և խորը նեղուցով բաժանված։
 
Վերցնենք մեր նոր շրջափակող բարիեր-ռիֆը, որի կտրվածքն այժմ ներկայացված է հարթ գծերով, և որը, ինչպես ասել եմ, իրական կտրվածք է Բոլարոլա կղզու միջով։ Ընդունենք, որ այդ կտրվածքն իջնում է։ Երբ բարիեր ռիֆը դանդաղորեն սուզվում է, կորալները կշարունակեն եռանդուն աճել դեպի վեր, բայց որովհետև կղզին սուզվում է, ջուրը մատնաչափ առ մատնաչափ կնվաճի ափը — մի մեծ ռիֆում անջատ լեռներ նախ կկազմեն առանձին կղզիներ, և վերջապես կանհետանա վերջին և ամենաբարձր գագաթը։ Այն պահին, երբ տեղի է ունենում այս, կազմվում է մի կատարյալ ատոլ։ Ես ասել եմ, որ եթե հեռացնենք շրջափակող բարիեր-ռիֆի ներսի բարձր ցամաքը, կմնա ատոլ, և ցամաքը հեռացված կլինի։ Այժմ մենք կարող ենք հասկանալ, թե ի՛նչպես է լինում, որ ատոլները, բարձրանալով շրջափակող բարիեր ռիֆերի միջից, նմանվում են նրանց իրենց ընդհանուր ծավալով, ձևով, իրար մոտ խմբավորվելու և առանձին կամ կրկնակի գծերով դասավորվելու եղանակով, որովհետև նրանց կարելի է անվանել կոշտ ուրվագծով սուզված կղզիների քարտեզներ, որոնց վրա կանգնած են իրենք։ Հետագայում կտեսնենք, թե ինչու Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում ատոլները գլխավոր ուրվագծերով ձգվում են զուգահեռ բարձր կղզիների և այս օվկիանոսների մեծ ծովափերի նկատմամբ։ Այսպիսով ես հիմք ունեմ հաստատելու, որ իմ տեսությունը կորալները դեպի վեր աճելու մասին,<ref>Ինձ մեծ բավականություն է պատճառել գտնել հետևյալ տողերը մի պամֆլետում, որ գրել է մր. Կոուտուն — մեկն այն բնագետներից, որոնք մասնակցել են Միացյալ Նահանգների անտարկտիկական մեծ էքսպեդիցիային. «Անհատապես քննած լինելով բազմաթիվ կորալական կղզիներ և ապրած լինելով ութ ամիս հրաբխային ծագում ունեցող կղզիներում, որոնք ամբողջովին կամ մասամբ շրջապատված են ռիֆերով, ինձ կթույլատրվի ասել, որ իմ սեփական դիտումներն ինձ ստիպել են համոզվելու մր. Դարվինի տեսության ճշտության խնդրում»։ Սակայն այս էքսպեդիցիայի բնագետները կորալային ֆորմացիաների վերաբերյալ մի քանի կետերում տարբեր կարծիք ունեն։</ref> որ տեղի է ունեցել ցամաքը ջրի տակ իջնելու ժամանակամիջոցում, բացատրում է կաոուցվածքի բոլոր գլխավոր գծերն այդ զարմանալի ատոլների, որ երկար ժամանակ գրգռել են ծովային ճանապարհորդների ուշադրությունը, ինչպես և կառուցվածքը ոչ նվազ զարմանալի բարիեր ռիֆերի, լինեն դրանք փոքր կղզիներ շրջապատողներ, լինեն հարյուրավոր մղոններով մայր ցամաքի ափերով տարածվողներ։
 
[[Պատկեր:Beagle_pic_43.png|500px|frameless|thumb|center]]
 
Ինձ կարող են հարցնել, թե արդյոք ես կարող եմ ներկայացնել որևէ ազդակի ապացույց բարիեր-ռիֆերի կամ ատոլների իջեցման վերաբերյալ, բայց պետք է նկատի ունենալ, թե որչափ դժվար պետք է լինի շարժում հայտնաբերելը, որի հետևանքով ցամաքի իջնող մասը թաքնվում է ջրի տակ։ Սակայն Կիլինգ ատոլում լագունի բոլոր կողմերում ես նկատեցի ծերացած կոկոսյան ընկույզի ծառեր, որոնց տակը դատարկված էր և ընկնում էին, և մի տեղում՝ հիմքի սյուները մի հյուղակի, որն ըստ տեղացիների հայտարարությունների՝ յոթը տարի առաջ կանգնած է եղել մակընթացության սահմանից վերև, այժմ ամեն օր հեղեղվում էր յուրաքանչյուր մակընթացությունից. հարցուփորձ անելիս պարզվեց, որ վերջին տասը տարվա ընթացքում այստեղ երեք երկրաշարժ է զգացվել, որոնցից մեկը եղել է ուժեղ։ Վանիկորոյում լագունային կանալը նշանակալի չախով խորն է, հազիվ թե որևէ ալուվիալ հող կուտակված լինի ներփակված բարձր լեռների ստորոտին, և զգալիորեն փոքր թվով կղզյակներ են կազմվել պատանման բարիեր-ռիֆերի վրա կիտված բեկորներից և ավազից. այս և նման մի քանի այլ փաստեր ինձ այն եզրակացության են բերել, որ այս կղզին վերջերս պետք է իջած լինի, և ռիֆն՝ աճած դեպի վեր. այստեղ նույնպես հաճախ պատահում են երկրաշարժեր, այն էլ շատ ուժգին։ Մյուս կողմից՝ Ընկերության արշիպելագում, որտեղ լագունային կանալները գրեթե փակված են, որտեղ կուտակված է շատ ցածը ալուվիտլ ցամաք, և որտեղ որոշ դեպքերում կազմվել են երկար կղզյակներ բարիեր-ռիֆերի վրա,— փաստեր, որոնք ցույց են տալիս, որ կղզիները չեն իջել շատ ուշ ժամանակներում,— զգացվում են միայն շատ հազվադեպ թույլ ցնցումներ։ Այս կորալային ֆորմացիաներում, որտեղ ցամաքը և ջուրը կարծեք թե պայքարի մեջ են մտել տիրապետության համար, պետք է որ միշտ դժվար լինի որոշել մակընթացության և տեղատվության և դանդաղ իջեցման առաջացրած փոփոխության էֆեկտների տարբերությունը. որ այս ռիֆերից և ատոլներից շատերը ենթակա են որոշ փոփոխության — այդ ճիշտ է։ Մի քանի ատոլների վրա կղզյակները, թվում է թե, թվով աճել են մի վերջին պերիոդի ընթացքում. այլ ատոլների վրա նրանք մասամբ կամ ամբողջովին քշվել տարվել են։ Մալդիվա արշիպելագի մի քանի մասերի բնակիչները գիտեն մի քանի կղզյակների առաջացման տարեթիվը, այլ մասերում կորալները բարգավաճում են ջրով հեղեղվող այնպիսի ռիֆերի վրա, որտեղ գերեզմանների համար վարված փոսերը վկայում են հին ժամանակներում բնակելի ցամաքի գոյության մասին։ Դժվար է հավատալ, որ բաց օվկիանոսի մակընթացության և տեղատվության հոսանքներում հաճախակի փոփոխություններ են տեղի ունենում. մինչդեռ ըստ բնիկների պատմածի՝ մի քանի ատոլների վրա երկրաշարժների և այլ ատոլների վրա նկատված մեծ հերձվածքների հետքերում կան պարզ ապացույցներ փոփոխությունն երի և խանգարումների, որոնք պրոգրեսի մեջ են ստորերկրյա գոտիներում։
 
Մեր տեսությունից հետևում է, որ միայն առափնյա ռիֆերի, այն է՝ ափերին խիստ մոտիկ ռիֆերի առկայությունը, ցույց է տալիս, որ այդ ափերը նկատելի չափով իջած լինել չեն կարող, ուստի և նրանք իրենց կորալների աճումից հետո կամ պետք է կայուն մնացած լինեն կամ վեր բարձրացած։ Այժմ զարմանալի է, թե ինչպես ընդհանուր կերպով կարելի է վեր բարձրացած օրգանական մնացորդների առկայության վրա հիմնվելով ցույց տալ առափնյա ռիֆերով եզրապատված կղզիների վեր բարձրանալու փաստը, և այս որոշ չափով անուղղակի ապացույց է հօգուտ մեր տեսության։ Այս փաստն ինձ առանձնապես ուշագրավ էր, երբ, ի զարմանս, ես գտա, որ մ մ. Կոայի և Գեմարի տված նկարագրությունները կիրառելի էին ոչ թե ընդհանրապես ռիֆերին, ինչպես ակնարկում էին նրանք, այլ միայն առափնյա ռիֆերի դասին. սակայն իմ զարմանքը դադարեց, երբ հետագայում ևս գտա, որ տարօրինակ դիպվածով բոլոր այն կղզիները, որ այցելել էին այս նշանավոր բնագետները, համաձայն նրանց անձնական հայտարարությունների, պետք է բարձրացած լինեն երկրաբանական վերջին էպոխայի ընթացքում։
 
Նստեցման տեսությամբ ոչ միայն կարելի է բացատրել բարիեր-ռիֆերի և ատոլների կառուցվածքի հոյակապ ձևը և նրանց նմանությունը մեկի մյուսին՝ ձևով, ծավալով և այլ հատկանիշներով, մի տեսություն, որը մենք անկախ կերպով ստիպված ենք ընդունել հարցին ենթակա անմիջական շրջանակներում, կորալների համար պահանջվող խորության վերաբերյալ հիմք գտնելու անհրաժեշտությունից դրդված,— այլ կարելի է այսպիսով պարզ կերպով բացատրել նաև բազմաթիվ մանրամասնություններ՝ նրանց կառուցվածքի, ինչպես և բացառություն կազմող դեպքերի վերաբերյալ։ Ես տալու եմ միայն մի քանի օրինակներ, Բարիեր–ռիֆերում, վաղուց զարմանալիորեն նկատված է, որ ռիֆերի միջով անցնող անցքերը գտնվում են ներփակված ցամաքի հովիտների ճիշտ դիմացը, մինչև անգամ այն դեպքերում՝ երբ ռիֆը ցամաքից բաժանված է լագուլնային կանալով, որը այնքան լայն է և ավելի խորը, քան ինքը իրական անցքը, որ հազիվ թե հնարավոր լինի ընդունել, որ ներքև բերված չնչին քանակությամբ ջուրը կամ սեդիմենտը կարող է վնասել ռիֆի վրայի կորալներին։ Այժմ եզերող դասի յուրաքանչյուր ռիֆ ամենափոքր առվակի դիմաց խզվում է մի նեղ անցքով, մինչև անգամ եթե տարվա մեծ մասում չոր է, որովհետև տիղմը, ավազը կամ մանրախիճը, որ երբեմն հեղեղվում են ներքև, սպանում են այն կորալները, որոնց վրա նստում են։ Հետևաբար, երբ այս ձևով եզերված կղզին իջնում է, ապա թեև նեղ անցքերի մեծ մասը հավանորեն փակվում է դեպի դուրս և դեպի վեր աճող կորալներից, սակայն եթե կան չփակվող անցքեր և մի քանիսը պետք է որ միշտ բաց մնան սեդիմենտի և անմաքուր ջրի միջոցով, որը հոսում է լագունային նեղուցից դուրս, ապա դրանք կլինեն այն անցքերը, որոնք գտնվում են այն հովիտների բարձր մասերի դիմաց, որոնց բերանին ճեղքվել է սկզբնական բազային առափնյա ռիֆը։
 
Մենք հեշտությամբ տեսնում ենք, թե ինչպես մի կղզի, որը միայն մի կողմով ճակատ է կազմել բարիեր-ռիֆով, կամ մի կողմով մեկ կամ երկու ծայրերը շրջափակվել են այդ նույն ռիֆերով, կարող էր երկարատև իջեցումից հետո կամ փոխարկվել մի առանձին պատանման ռիֆի կամ ատոլի, որի միջից դուրս է ցցված մի մեծ ուղիղ գագաթ, կամ էլ վերջապես երկու կամ երեք ատոլների, որոնք իրար են միացած ուղիղ ռիֆերով, որոնցից բոլորի համար էլ կարող են պատահել բացառություն կազմող դեպքեր։ Որովհետև ռիֆ կառուցող կորալները սնունդ են պահանջում, և իրենք էլ որս են հանդիսանում այլ կենդանիների համար, սպանվում են ռեդիմենտից, չեն կարող կպչել թույլ հատակին և հեշտությամբ տարվում են ներքև՝ դեպի մի խորություն, որտեղից չեն կարող նորից վեր թռչել, ուստի չպետք է զարմանալ, որ և՛ ատոլների, և՛ բարիերների ռիֆերը որոշ մասերում անկատար են։ Նոր Կալեդոնիայի մեծ բարիերն այսպիսով անկատար է և շատ մասերում խորտուբորտ. այստեղից էլ երկար իջեցումից հետո այս մեծ ռիֆը չէր առաջացնի մի մեծ ատոլ չորս հարյուր մղոն երկարությամբ, այլ կառաջացներ մի շղթա կամ ատոլների արշիպելագ. գրեթե միևնույն տարածությամբ, ինչ ոք Մալդիվայի արշիպելագն է։ Բացի այդ, եթե մի ատոլ մի անգամ խզվում է հակադիր կողմերով, ապա ամենայն հավանականությամբ այդ խզվածքների միջով ուղիղ կանցնեն օվկիանոսային և՛ մակընթացության և՛ տեղատվության հոսանքներ, որի հետևանքով վերին աստիճանի անհավանական է, որ կորալները, մասնավորապես անընդհատ իջեցման ընթացքում, երբևէ ի վիճակի կլինեին ճեղքվածքի ծայրերը նորից միացնելու, իսկ եթե չէին կարող միացնել, ամբողջը դեպի ներքև սուզվելիս մի ատոլը կբաժանվեր երկու կամ ավելի ատոլների։ Մալդիվայի արշիպելագում կան առանձին ատոլներ, որոնք դիրքով այնպես են հարաբերում իրար և այնպես են բաժանված իրարից կանալներով (որոնք կամ անխորաչափելի են, կամ շատ խորը, Ռոս և Էրի ատոլների միջև գտնվող կանալի խորությունը 150 գրկաչափ է, իսկ հյուսիսային և հարավային Նիլանդուի միջև եղածը՝ 200), որ անկարելի է նրանց դիտել քարտեզի վրա՝ առանց հավատալու, որ մի ժամանակ նրանք ավելի մոտիկ հարաբերություն են ունեցել։ Եվ այս միևնույն արշիպելագում Մահլոս-Մահդու ատոլը մի երկճյուղավոր կանալով 100—132 գրկաչափ խորությամբ այնպես է բաժանված, որ հազիվ թե հնարավոր լինի ասել, թե արդյոք պետք է նրան ուղղակի երեք անջատ ատոլ անվանել, թե մի մեծ ատոլ՝ դեռ վերջնականապես չբաժանված։
 
Ես ավելի շատ մանրամասնությունների մեջ չեմ մտնի, բայց պետք է նշեմ, որ հյուսիսային Մալդիվայի ատոլների հետաքրքրական ստրուկտուրան (նկատի ունենալով ծովի ազատ մուտքը նրանց խորտուբորտ եզրերից) պարզ բացատրվում է՝ կորալների՝ դեպի վեր և դեպի դուրս աճելը, որոնք սկզբում հիմնվել են և՛ փոքրիկ անջատ ռիֆերի վրա իրենց լագուններում, որոնք պատահում են հասարակ ատոլներում, և՛ գծային առափնյա ռիֆի խորտուբորտ մասերի վրա, որը (ռիֆը) եզերում է սովորական ձևի յուրաքանչյուր ատոլ։ Եռ չեմ կարող մեկ էլ չանդրադառնալ այս կոմպլեքս ստրուկտուրաների եզակիության վրա, մի մեծ ավազուտ և սովորաբար գոգավոր սկավառակ բարձրանում է գահավեժ անհատակ օվկիանոսից, կենտրոնական տարածություններում փոքրիկ կետերով զարդարված և ծայրերում սիմետրիկ կերպով եզերված կորալային ապառաժի ձվաձև բասեյններով, որոնք հազիվ են հասնում ծովի մակերեսը, երբեմն ծածկված բուսականությամբ, և յուրաքանչյուրը պարունակում է վճիտ ջրի մի լիճ։
 
Եվս մի այլ պարզաբանում, որովհետև պատահում է. որ երկու հարևան արշիպելագներից մեկում աճում զարգանում են կորալներ, մյուսում՝ ոչ, և որովհետև վերևում թված բազմաթիվ պայմաններ պետք է որ ազդեն նրանց գոյության վրա, ապա արդյոք հավանական չէ՞ր լինի, որ փոփոխությունների ընթացքում, որոնց ենթարկվում են երկիրը, օդը և ջուրը, ռիֆ-կազմող կորալները մի որոշ կետում կամ տարածության վրա մշտնջենապես կենդանի մնային։ Եվ որովհետև համաձայն մեր տեսության տարածությունները, ներառյալ ատոլները և բարիեր-ռիֆերը, իջնում են, ապա պետք է որ մենք պատահականորեն գտնեինք ռիֆեր և՛ մեռած, և սուզված վիճակում։ Բոլոր ռիֆերում, շնորհիվ այն բանի, որ սեդիմենտները լվացվում հեռանում են լագունից կամ լագունային կանալից դեպի այն ուղղությունը, որը ենթակա է քամուն,ապա այդ կողմն ամենից քիչ է նպաստավոր կորալների երկարատև և եռանդուն աճման համար, այստեղից էլ ռիֆի մեռած մասերը հաճախ պատահում են քամու հակառակ կողմի վրա, և սրանք, թեև դեռ պահում են իրենց առանձին պատանման ձևը, բայց մի քանի դեպքերում արդեն մի քանի գրկաչափ սուզված են ջրի տակ։ Չագոսի արշիպելագը մի քանի պատճառներով, հավանորեն իջեցումը չափազանց արագ կատարվելու հետևանքով, այժմ, ինչպես երևում է, շատ ավելի քիչ է նպաստավոր ռիֆերի աճման համար, քան առաջ. ատոլի առվափնյա մասը, իննը մղոն երկարությամբ, մեռած է և սուզված, մի երկրորդի միայն մի քանի փոքր կետերն են կենդանի, որոնք բարձրանում են մակերեսին, մի երրորդ և չորրորդ ատոլ ամբողջովին մեռած և սուզված ենք մի հինգերորդը ներկայացնում է մի սոսկ ավերակ, որի կառուցվածքը գրեթե անհետանում է։ Նշանակալի է այն, որ այս բոլոր դեպքերում մեռած ռիֆերը կամ ռիֆի մասերն ընկած են գրեթե միևնույն խորության վրա, այն է՝ մակերեսից վեց կամ ութ գրկաչափ խորության վրա, կարծեք թե նրանք ներքև են տարվել միօրինակ շարժումից։ Այս «կիսախեղդ ատոլներից» մեկը, ինչպես անվանում է կապիտան Մորսբին (որին ես պարտական եմ ինձ հաղորդած անգնահատելի բազմաթիվ տեղեկությունների համար), շատ ընդարձակ ծավալ ունի, այն է՝ մի ծայրից մյուսը իննսուն ծովային մղոն, իսկ լայնքը՝ յոթանասուն, և շատ կողմերով գերազանցապես հետաքրքրական է։ Որովհետև համաձայն մեր տեսության նոր ատոլներ սովորաբար կկազմվեն իջեցման յուրաքանչյուր նոր տարածության վրա, երկու լուրջ առարկություն կարող էր առաջանալ, այն է, որ ատոլներն անսահմանորեն պետք է աճեն թվով, և երկրորդ, որ իջեցման հին տարածություններում յուրաքանչյուր անջատ ատոլ պետք է անսահմանորեն աճի հաստությամբ, եթե նրանց պատահական ոչնչացման ապացույցները մեջտեղ չգան։ Այսպիսով մենք հետևեցինք կորալային ժայռի այս մեծ օղակների պատմությանը, նրանց սկզբնական ծագումից, նորմալ փոփոխությունից և նրանց գոյության ընթացքում երբեմն առաջ եկող պատահարներից մինչև նրանց մահը և վերջնական անհետացումը։
 
'''Կորալային ֆորմացիաների''' մասին իմ աշխատության մեջ ես տվել եմ մի քարտեզ, որի մեջ բոլոր ատոլները ներկել եմ մութ-կապույտ գույնով, բարիեր-ռիֆերը՝ բաց-կապույտ, և առափնյա ռիֆերը՝ կարմիր։ Այս վերջին ռիֆերը կազմվել են այն ժամանակ, երբ ցամաքը կայուն է եղել, կամ, ինչպես երևում է վեր բարձրացված օրգանական մնացորդների հաճախակի առկայությունից, երբ դանդաղորեն բարձրանալիս է եղել. մյուս կողմից՝ ատոլները և բարիեր-ռիֆերն աճել են ուղղակի հակառակ շարժման ժամանակամիջոցում, այն է, իջեցման ընթացքում —- մի շարժում, որը պետք է տեղի ունեցած լինի չափազանց դանդաղ, բայց մեծ չափերով, քանի որ օվկիանոսի լայն տարածություններում ցրված ատոլները հետզհետե ծածկել են բոլոր լեռնային գագաթները։ Այժմ այս քարտեզում մենք տեսնում ենք, որ այն ռիֆերն են բաց և մուգ-կապույտ գույներով երանգավորված, որոնք առաջացել են շարժման միևնույն կարգով, որպես ընդհանուր կանոն բացահայտորեն կանգնած են իրար մոտիկ։ Մենք նորից տեսնում ենք, որ երկու կապույտ երանգներով տարածությունները շատ ընդարձակ են, և որ նրանք ընկած են կարմրաներկ ափի լայնատարած գծերից անջատ. այս երկու պարագաներն էլ բնականորեն կարելի էր հետևցնել ռիֆերի տեսության բնույթից, որը ղեկավարվելու էր երկրի շարժման բնույթով։ Ուշադրության արժանի է այն, որ ավելի քան մեկ դեպքում, որտեղ առանձին կարմիր և կապույտ շրջագծերը մոտենում են իրար, ես կարող եմ ցույց տալ, որ մակարդակի ճոճում է տեղի ունեցել, որովհետև նման դեպքերում կարմիր կամ առափնյա շրջանակները կազմված են ատոլներից, որոնք, համաձայն մեր տեսության, սկզբում կազմվել են իջեցման ժամանակ, բայց հետագայում բարձրացել են, և մյուս կողմից՝ բաց-կապույտ կամ ռիֆերով շրջափակված կղզիները կազմված են կորալային ժայռից, որը պետք է բարձրացված լինի մինչև իր այժմյան բարձրությունը նախքան այդ իջեցումը տեղի ունենալը, որի ժամանակ բարիեր-ռիֆերն աճել են դեպի վեր։
 
Շատ հեղինակներ զարմանքով նկատել են, որ թեև ատոլներն օվկիանոսային ընդարձակ ամբողջ տարածության վրա ամենատարածված կորալային կառուցվածքներն են, բայց որոշ ծովերում նրանք ամբողջովին բացակայում են, ինչպես, օրինակ, Վեստ Ինդիայում։ Այժմ մենք կարող ենք անմիջապես տեսնել դրա պատճառը, որովհետև այնտեղ, որտեղ իջեցում տեղի չի ունեցել, ատոլներ առաջանալ չեն կարող, և ինչ վերաբերում է Վեստ Ինդիային և Արևելյան Հնդկաստանի մի քանի մասերին, հայտնի է, որ այս տարածությունները վերջին պերիոդում բարձրանում են։ Մեծ մակերեսները գունավորված կարմիր և կապույտ, երկարավուն ձև ունեն, և երկու գույների միջև, կա հերթով հաղորդող մի աստիճան, կարծեք մեկի բարձրացումը հավասարակշռում է մյուսի իջեցումը։ Նկատի առնելով վերջին բարձրացման ապացույցները և՛ առափնյա ռիֆերով եզրապատված ափերի և՛ այն ափերի (օրինակ՝ Հարավային Ամերիկայում), որտեղ չկան ռիֆեր, գալիս ենք այն եզրակացության, որ մեծ կոնտինենտները (մայը ցամաք) մեծ մասամբ բարձրացող տարածություններ են, իսկ կորալային ռիֆերի բնույթից դատելով՝ կասենք, որ մեծ օվկիանոսների կենտրոնական մասերը սուզվող տարածություններ են։ Արևելյան Հնդկաստանի արշիպելագը, ամենախորտուբորտ ցամաքն աշխարհում, մեծ մասամբ բարձրացող տարածություն է, բայց շրջապատված և, հավանորեն, ավելի քան մեկ ուղղությամբ, կտրված է իջեցման նեղ տարածություններով։
 
Ես նշանակել եմ մուգ-կարմիր բծերով այս նույն քարտեզի սահմաններում գտնվող բոլոր հանրածանոթ ակտիվ հրաբուխները։ Վերին աստիճանի ուշագրավ է նրանց ամբողջովին բացակայությունն իջնող յուրաքանչյուր մեծ տարածության վրա, որը ներկված է բաց կամ մուգ-կապույա գույնով, նվազ զարմանալի չէ և հրաբխային գլխավոր շղթաների համընկնումը կարմիր գույնով ներկված մասերի հետ, որոնք, ինչպես մենք եզրակացնում ենք, կամ երկար ժամանակ մնացել են կայուն կամ ավելի հաճախ բարձրացել են վերջին ժամանակներում։ Թեև մուգ-կարմիր բծերից մի քանիսը տարածված են կապույտ գույնով ներկված առանձին օղակներից ոչ մեծ հեռավորության վրա, բայց ոչ մի ակտիվ հրաբուխ չկա որևէ արշիպելագից կամ մինչև անգամ ատոլների փոքր խմբերից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա։ Ուստի ուշագրավ է դառնում այն փաստը, որ Բարեկամական արշիպելագում, որը բաղկացած է մի խումբ ատոլներից՝ վեր բարձրացած և այնուհետև մասամբ մաշված, երկու կամ թերևս ավելի հրաբուխներ պատմականորեն հայտնի են որպես գործող հրաբուխներ։ Մյուս կողմից՝ թեև Խաղաղ օվկիանոսում այն կղզիների մեծ մասը, որոնք շրջափակված են բարիեր-ռիֆերով, հրաբխային ծագում ունեն, և հաճախ պարզ նշմարելի են նրանց կրատերների մնացորդները, բայց որոնցից ոչ մեկը հայտնի չէ, թե երբևէ ժայթքել է։ Ուստի այսպիսի դեպքերում, թվում է թե, տվյալ վայրում հրաբուխները գործում են կամ հանգում, ըստ այդ վայրի բարձրացնող կամ իջեցնող շարժումների։ Այնուամենայնիվ կարելի էր բերել փաստեր՝ ապացուցելու, թե որտեղ որ կան գործող հրաբուխներ, այնտեղ սովորական են վեր բարձրացված օրգանական մնացորդները, բայց մինչև որ հնարավոր կլիներ ցույց տալ, որ իջնող տարածություններում հրաբուխները եղել են ոչ գործող կամ բոլորովին հրաբուխներ չեն եղել, նրանց տարածումը երկրի մակերեսի բարձրացման կամ իջեցման հետ կապելու եզրակացությունը կլիներ վտանգավոր, որչափ էլ հավանական լիներ այն։ Բայց այժմ, կարծում եմ, որ մենք կարող ենք ազատ կերպով ընդունել այս եզրակացությունը։
 
Մի վերջնական ակնարկ ևս գցելով քարտեզի վրա և հիշելով այն հայտարարությունները, որ արվել են վեր բարձրացված օրգանական էակների վերաբերյալ, մեծ զարմանք ենք զգում այն տարածությունների ընդարձակության նկատմամբ, որոնք ենթարկվել են մակարդակի դեպի վեր կամ ներքև կատարվող փոփոխության, երկրաբանական ոչ հեռավոր մի պերիոդում։ Նաև թվում է, թե բարձրացման և իջեցման շարժումները հետևում են գրեթե նույն օրենքներին։ Ատոլներով բռնված ամբողջ տարածություններում, որտեղ չկա լեռնային ոչ մի գագաթ՝ պետք է որ սուզումը վիթխարի չափերի հասած լինի։ Բացի այդ, անընդհատ թե պարբերական սուզումը, որի ինտերվալները բավականին երկար պետք է լինեն, որպեսզի կորալներն իրենց կենդանի ապարանքը նորից բերեն հասցնեն մակերեսին, անհրաժեշտաբար պետք է շատ դանդաղ տեղի ունեցած լինի։ Այս եզրակացությունը հավանորեն ամենակարևորն է, որն առաջանում է կորալային ֆորմացիաների ուսումնասիրությունից,— այլապես ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ ճանապարհով մենք կարող ենք հանգել նման եզրակացության։ Եվ ոչ էլ կարող եմ անտեսել բարձր կղզիներով մի նախկին ընդարձակ արշիպելագի գոյության հավանականությունը, որտեղ այժմ միայն կորալային ժայռի օղակները հազիվ խանգարում են ծովի մակարդակի միօրինակությունը։ Դրանով մասամբ հնարավոր կլիներ բացատրել այլ բարձր կղզիների կենդանի էակների բաշխումը,— կղզիներ, որոնք այժմ գտնվում են իրարից անչափ հեռու մեծ օվկիանոսների մեջտեղում։ Ռիֆ-կառուցող կորալները, հիրավի, կառուցել և պահպանել են մակարդակի ստորերկրյա ճոճումների զարմանալի հուշարձաններ. յուրաքանչյուր բարիեր-ռիֆում մենք տեսնում ենք մի ապացույց այն բանի, որ ցամաքն այդ մասում իջել է, և յուրաքանչյուր ատոլում՝ մի կոթող այժմ կորած կղզու վրա։ Այսպիսով մենք, նման այն երկրաբանին, որն ապրել է իր տասը հազար տարիները և արձանագրել է անցնող փոփոխությունները, կարող ենք որոշ չափով խորը թափանցել այն մեծ սիստեմի մեջ, որով երկրագնդի մակերեսը կոտրտվել է և ցամաքն ու ջուրը փոխանակել են իրենց տեղերը։
Վստահելի
1396
edits