Changes
'''Ապրիլի 12.'''— Առավոտյան դուրս եկանք լագունից և ուղևորվեցինք Իլ դե Ֆրանս։ Ուրախ եմ, որ այցելեցինք այս կղզիները. այսպիսի ֆորմացիաներն անպայման բարձր են դասվում աշխարհի զարմանալի առարկաների մեջ։ Օվկիանոսի խորությունը չափելիս ափից միայն 2200 յարդ (2080 մետր) հեռավորության վրա, կապիտան Ֆից Ռոյը թողեց 7200 ոտնաչափ երկարության խորաչափը, բայց հատակ չգտավ. սրանից էլ պետք է եզրակացնել, որ այս կղզին կազմում է մի չափազանց բարձր ստորջրյա լեռ, որի կողերն ավելի դիք են, քան ամենագահավեժ հրաբխի կոնի կողերը։ Գոգավոր սկավառակի ձևի փոս ընկած գագաթը (լագունը) ունի մոտ տասը մղոն լայնություն, և ապառի այս մեծ կույտում յուրաքանչյուր առանձին ատոմ<ref>Իհարկե ես բացառում եմ այն քիչ հողը, որ նավերով բերել են այստեղ Մալակայից և Յավայից, ինչպես և պեմզայի մի քանի փոքր բեկորներ, որ քշել բերել են այստեղ ալիքները։ Բացի այդ, պետք է բացառել նաև գրինշտեյնի (կանաչ քար) մի կտորը հյուսիսային կղզում։</ref> ամենափոքր մասնիկից մինչև ամենամեծ բեկորը, որը սակայն բազմաթիվ այլ լագունային կղզիների հետ համեմատած փոքր է, կրում է օրգանական դասավորման ենթակա լինելու կնիքը։ Զարմանում ենք, երբ ճանապարհորդները պատմում են պիրամիդների և այլ մեծ ավերակների վիթխարի ծավալների մասին, բայց ո՜րչափ աննշան են սրանցից ամենամեծերը, երբ համեմատվում են այս ապառաժե լեռների հետ, որոնք կուտակված են զանազան մանր և նուրբ կենդանիներից։ Այս մի հրաշք է, որն սկզբում չի ապշեցնում մարմնի աչքը, այլ, խորհրդածելուց հետո, ապշեցնում է մտքի աչքը։
Այժմ ես տալու եմ մի շատ համառոտ տեղեկագիր կորալային ռիֆերի երեք մեծ դասերի, այն է՝ ատոլների, բարիերների և առափնյա ռիֆերի մասին, և բացատրելու եմ իմ տեսակետները<ref>Այս տեսակետների մասին նախ կարդացվել է 1837 թվականի մայիսին, Երկրաբանական ընկերության առջև, և այնուհետև այդ մշակվել է մի առանձին հատորում „Structure and Distribution of Coral Reefs”.</ref> նրանց կազմվելու վերաբերյալ։ Գրեթե յուրաքանչյուր ճանապարհորդ, որն անցել է Խաղաղ օվկիանոսը, արտահայտել է իր անսահման զարմանքը լագունային կղզիների կամ, ինչպես ես ապագայում անվանելու եմ նրանց հնդկական անունով, ատոլների մասին, և փորձել է տալ մի բացատրություն։ Մինչև անգամ դեռ 1605 թվին Պիրար-ղըդը-Լավալը բացագանչում է. „C’est une merveille de voir chacun de ces atollons, environné d’un grand banc de pierre tout autour, n’y ayant point d’artifice humain”<ref>Այս ատոլներից յուրաքանչյուրն ինքնին ներկայացնում է հրաշալի տեսարան, բոլոր կողմերից շրջապատված լինելով մեծ քարե պատերով, որտեղ չկա մարդկային արվեստի և ոչ մի բան։</ref> Մի սոսկ ուրվագիծ կարող է տալ միայն շատ աղոտ գաղափար ատոլի եզակի տեսքի մասին. նա չափազանց փոքր ծավալ ունի և, միացնելով իր նեղ կղզյակները, օղակ է կազմել։ Չի կարելի առանց տեսնելու պատկերացնել օվկիանոսի անհունությունը, կոհակների ուժգնությունը, ցամաքի ցածրությանը ե լագունի վառ-կանաչ ջրի ողորկությանը հակադրված։
[[Պատկեր:Beagle_pic_39.png|500px|frameless|thumb|center]]