Changes
:Հետո բոլորը գնացին իրենց տները։ Եվ, իմ կարծիքով, թեեւ ես դրանում այնքան էլ համոզված չեմ, Ճստիկ Ռուն ստիպված եղավ տաք լոգանք ընդունել եւ անմիջապես պառկել քնելու։ Իսկ Թուխն այնքան հպարտ էր իր սխրանքով, որ հարկադրված էր հիմնավորապես լցնել փորը։
==ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ==
::::::Որտեղ Դնչիկը ամբողջությամբ շրջապատված է ջրով։
:Անձրեւը գալիս էր, գալիս ու գալիս։ Դնչիկը ասաց ինքը իրեն, որ երբեք իր ողջ կյանքում, իսկ նա չափազանց մեծ էր՝ գուցե երեք, իսկ գուցե նույնիսկ չորս տարեկան, որ երբեք միանգամից այսքան անձրեւ չի տեսել։ Իսկ անձրեւը գալիս էր, գալիս էր ու գալիս։ Առավոտից մինչեւ երեկը։ Օր֊օրի հետեւից։
: «Այ, եթե, — մտածում էր Դնչիկը, նայելով պատուհանից, — ես հյուր լինեի Թուխի կամ Քրիստոֆեր Ռոբինի, կամ թեկուզ Ճագարի մոտ, երբ անձրեւը սկսվեց, հիմա ինչքա՜ն ուրախ ժամանակ կանցկացնեի։ Թե չէ նստիր մեն֊մենակ ու մտածիր, թե երբ է անձրեւը կտրվելու»։
:Եվ նա պատկերացրեց, որ հյուր է Թուխի տանը եւ ասում է նրան․ «Դու երբեւիցե տեսե՞լ ես այսպիսի անձրեւ», իսկ Թուխը պատասխանում է․ «Նույնիսկ սարսափելի է մտածել»։ Կամ ինքը՝ Դնչիկը ասում է․ «Հետաքրքիր է, հո չի ողողել Քրիստոֆեր Ռոբինի տան ճանապարհը», իսկ Թուխը պատասխանում է․ «Իսկ խեղճ ծերուկ Ճագարը երեւի փախել է տնից»։
: Այսպիսի զրույցը, ինչ խոսք, մեծ բավականություն է։
: Եվ իսկապես, ումն է պետք այդպիսի ջրհեղեղը, եթե կողքիդ չկա մեկը, որի հետ կարողանաս խոսել։
: Իսկ որ շատ հետաքրքիր էր, ոչ մի կասկած չէր կարող լինել։ Փոքրիկ չորացած առվակները, որոնցով Դնչիկն այնքան հաճախ քայլում էր, դարձել էին առու․ առուները, որոնց մեջ նա երբեմն չփչփացնում էր շալվարը բարձրացրած, վերածվել էին գետակների․ իսկ գետակը, որի ափերին բարեկամներն ուրախ խաղեր էին կազմակերպում, դուրս էր եկել իր մահճից՝ հունից (այսպես են անվանում գետակի անկողինը), եւ այնքան լայն էր տարածվել, որ Դնչիկն սկսել էր անհանգստանալ՝ արդյոք չի հասնի եւ իր սեփական մահճին (այսինքն՝ իր անկողնուն)։
: «Այո մի քիչ սարսափելի է լինել Շատ Փոքրիկ Արարած՝ ամբողջովին շրջապատված ջրով, — ասաց նա ինքն իրեն։ — Քրիստոֆեր Ռոբինը եւ Թուխը կարող են փրկվել ծառը բարձրանալով, Կենգուն մեծ֊մեծ ցատկերով հեռու կսլանա եւ նույնիսկ կփրկվի, Ճագարը կարող է փրկվել, թաքնվելով գետնի տակ, Բուն կարող է թռչել, իսկ Իան կարող է փրկվել… ըըը… եթե սկսի բարձր գոռալ, մինչեւ որ գան ու փրկեն նրան։ Իսկ ես նստած եմ այստեղ, բոլոր կողմերից շրջապատված ջրով եւ բոլորովին֊բոլորովին ոչինչ չեմ կարող անել»։
: Անձրեւը շարունակում էր թափվել, եւ օրեցօր ջուրը քիչ֊քիչ բարձրանում էր, եւ ահա համարյա հասավ պատուհանին, իսկ Դնչիկը դեռ ոչինչ չէր արել։
: Եվ հանկարծ նա հիշեց մի պատմություն, որը նրան Քրիստոֆեր Ռոբինն էր պատմել, պատմություն անմարդաբնակ կղզի ընկած մարդու մասին, որն ինչ֊որ բան էր գրել թղթի կտորի վրա, դրել շշի մեջ, իսկ շիշը ծովը գցել․ եւ Դնչիկը մտածեց, որ եթե ինչ֊որ բան գրի թղթի կտորի վրա, դնի շշի մեջ, իսկ շիշը ջուրը գցի, ապպ գուցե ինչ֊որ մեկը գա ու իրեն փրկի։
: Նա տակնուվրա արեց ամբողջ տունը, ավելի ճիշտ, այն բոլորը, ինչ դեռ չոր էր մնացել, եւ, վերջապես, գտավ մի չոր մատիտ, չոր թղթի մի կտոր, չոր շիշ ու չոր խցան եւ թղթի մի երեսին գրեց․
: <b>Օգնեցե՛ք
: Դնչիկին (այդ ես եմ)</b>
: Իսկ մյուս երեսին գրեց․
: <b>Այդ ես եմ, Դնչիկը
: օգնեցե՜ք, փրկեցե՜ք</b>
: Հետո նա թուղթը շշի մեջ դրեց, որքան կարող էր ամուր փակեց բերանը, որքան կարող էր կախվեց պատուհանից, բայց այնքան, որ հանկարծ չընկնի, եւ որքան կարող էր շիշը շպրտեց հեռու։
: — Չլո՛մփ, — ասաց շիշը եւ օրորվեց ալիքների վրա։
: Դնչիկը հետեւում էր, թե ինչպես է շիշը լողում, մինչեւ որ նրա աչքերը սկսեցին ցավել, եւ նրան մեկ թվում էր, որ դա շիշ է, մեկ էլ թվում էր, որ պարզապես ալիքի ծփանք է, եւ, վերջապես, նա հասկացավ, որ այլեւս երբեք չի տեսնելու իր շիշը եւ, որ ինքն արել է այն ամենը, ինչ կարող էր անել իր փրկության համար։
: «Նշանակում է, հիմա արդեն մեկ ուրիշը պետք է ինչ֊որ բան անի։ Ես հույս ունեմ, որ նա այդ արագ կանի, որովհետեւ հակառակ դեպքում ես հարկադրված կլինեմ լողալ, իսկ ես լողալ չգիտեմ»։ Այստեղ նա շատ խորը հառաչեց ու ասաց․
: — Կուզենայի հիմա Թուխն այստեղ լիներ, երկուսով շատ ավելի ուրախ է։
: Երբ անձրեւը սկսվեց, Վինի֊Թուխը քնած էր։ Անձրեւը գալիս էր ու գալիս, իսկ նա քնում էր, ու քնում։ Նախորդ օրը նա շատ էր հոգնել։ Եթե հիշում եք, նա գտել էր Հյուսիսային Բեւեռը եւ այնքան էր հպարտանում դրանով, որ Քրիստոֆեր Ռոբինին հարցրեց, չկա՞ն արդյոք ուրիշ Բեւեռներ, որոնք գլխում թեփ ունեցող Արջը կարող է հայտնագործել։
: «Կա նաեւ Հարավային Բեւեռ, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — եւ, իմ կարծիքով, ինչ֊որ տեղ պետք է լինեն նաեւ Արեւելյան Բեւեռն ու Արեւմտյան Բեւեռը, թեեւ մարդիկ նրանց մասին, չգիտես ինչու, չեն սիրում խոսել»։
: Այդ լուրը չափազանց հուզեց Թուխին, եւ նա առաջարկեց առանց ժամանակ կորցնելու Արշավախումբ կազմակերպել դեպի Արեւելյան Բեւեռ։ Բայց Քրիստոֆեր Ռոբինը ինչ֊որ գործ ուներ Կենգուի հետ, այնպես որ Թուխը մենակ գնաց գտնելու Արեւելյան Բեւեռը։ Հայտնագործեց նա այդ Բեւեռը, թե ոչ, մոռացել եմ, բայց նա տուն վերադարձավ այնքան հոգնած, որ քնեց ընթրիկի ամենալավ պահին, սեղան նստելուց ընդամենը ինչ֊որ կես ժամ հետո։ Եվ ահա Թուխը քնել էր ու մտադիր էլ չէր արթնանալ։ Վերջապես նա երազ տեսավ, որ ինքը՝ Թուխը, Արեւելյան Բեւեռում է, եւ որ դա շատ ցուրտ Բեւեռ է, ամբողջովին ծածկված ամենասառը տեսակի ձյունով ու սառույցով։ Թուխը մեղվի փետակ գտավ եւ պառկեց քնելու, բայց փետակում հետեւի թաթերի համար տեղ չկար, ու ստիպված եղավ դրանք դրսում թողնել։ Եվ հանկարծ, որտեղից որտեղ եկան Արեւելյան Բեւեռում ապրող Վայրի Բոբոները եւ սկսեցին Թուխի թաթերի բուրդը պոկոտել, որպեսզի փափուկ բներ պատրաստեն իրենց ձագերի համար, եւ որքան բուրդը պակասում էր, ոտքերն այնքան շատ էին սառչում։ Եվ վերջապես Թուխը գոռալով արթնացավ ու տեսավ, որ նստած է աթոռին, իսկ ոտքերը ջրի մեջ են եւ չորս կողմը նույնպես ջուր է։
: Նա մոտեցավ դռանն ու դուրս նայեց…
: — Դրությունը լուրջ է, — ասաց Թուխը, — պետք է փրկվել։
: Նա գրկեց մեղրի ամենամեծ կճուճը եւ փրկվեց, բարձրանալով մի հաստ, շատ հաստ ճյուղի վրա, որը ջրից շատ բարձր էր։
: Հետո նա ցած իջավ ու այս անգամ փրկվեց մեկ այլ կճուճի հետ։
: Երբ բոլոր փրկարար գործողությունները ավարտվեցին, ճյուղի վրա նստած էր Թուխը եւ ոտքերն էր ճոճում, իսկ նրա կողքին շարված էին մեղրի տասը կճուճներ։
: Հաջորդ օրը ճյուղին նստած էր Թուխը եւ ոտքերն էր ճոճում, իսկ նրա կողքին շարված էին մեղրի չորս կճուճներ։
: Երրորդ օրը ճյուղին նստած էր Թուխը եւ ոտքերն էր ճոճում, իսկ նրա կողքին մեղրի միայն մի կճուճ կար։
: Չորրորդ օրը Թուխը նստած էր ճյուղի վրա բոլորովին մեն֊մենակ։
: Հենց այդ առավոտյան էլ Դնչիկի շիշը լողաց Թուխի մոտով։
: Կոկորդով մեկ «Մե՛ղր, մե՛ղր» գոռալով՝ Թուխը ջուրը նետվեց, հասավ շշին ու կրծքին սեղմած՝ քաջաբար վերադարձավ ծառի մոտ եւ կրկին մագլցեց ճյուղին։
: — Ափսո՛ս, ափսո՛ս, — ասաց Թուխը, շիշը բացելուց հետո, — իզուր թրջվեցի… Սա ի՞նչ բան է, այս թուղթն ի՞նչ գործ ունի շշի մեջ։
: Նա թուղթը հանեց ու պահեց աչքերի առաջ։
: — Սա Գուրություն է, — ասաց նա, — այո֊այո֊այո՛։ Եվ երեւի շատ կարեւոր, քանի որ ուղղված է ինձ։ Գուրություն ինձ համար, իսկ ես չեմ կարող իմանալ, թե ինչ է այնտեղ գրված։ Հարկավոր է գտնել Քրիստոֆեր Ռոբինին կամ Բուին, կամ էլ Դնչիկին, մի խոսքով, մեկնումեկին, որ կարողանում է կարդալ այս բոլոր բառերը, եւ նա ինձ կասի, թե ինչ է գրված այստեղ։ Ափսոս լողալ չգիտեմ, շա՛տ ափսոս։
: Եվ հանկարծ նրա գլխում մի միտք ծագեց, որը ես գլուխը թեփ լցրած Արջի համար շատ լավն են համարում։ Թուխը ասաց ինքն իրեն․
: «Եթե շիշը կարողանում է լողալ, ուրեմն, կճուճն էլ կլողա, իսկ եթե կճուճը լողաց, ես կարող եմ նստել նրա վրա, եթե իհարկե, դա լինի շատ մեծ կճուճ»։
: Նա վերցրեց ամենամեծ կճուճը եւ բերանը ամուր կապեց։
: — Բոլոր նավերը անուն ունեն, — ասաց նա, — ուրեմն, իմ նավը նույնպես անուն պետք է ունենա։ Իմ նավը կանվանեմ՝ <b>«Լողացող Արջ»</b>։
: Այս ասելով, նա իր նավը գցեց ջրի մեջ, իսկ ինքը թռավ վրան։
: Որոշ ժամանակ Թուխն ու <b>«Լողացող Արջը»</b> ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս, թե իրենցից ով պետք է վերեւում լինի, եւ ով ներքեւում։ Բայց ի վերջո համաձայնվեցին՝ <b>«Լողացող Արջը»</b> մնաց ներքեվում, իսկ նրան հեծած Թուխը աշխուժորեն թիավարում էր ոտքերով։
: Քրիստոֆեր Ռոբինն ապրում էր Անտառի ամենաբարձր մասում։ Անձրեւը թափվում էր, թափվում ու թափվում, բայց ջուրը չէր կարողանում մոտենալ նրա տանը։ Քրիստոֆեր Ռոբինը, թերեւս, հաճույքով կնայեր ներքեւում բացված այդ տեսարանին, բայց անձրեւն այնքան ուժեղ էր, որ նա գրեթե ամբողջ ժամանակ նստած էր տանը եւ մտածում էր ամենատարբեր բաների մասին։ Ամեն առավոտ նա դուրս էր գալիս (իհարկե անձրեւանոցով) եւ մի փայտիկ էր խրում այնտեղ, ուր հասել էր ջուրը, իսկ հաջորդ առավոտյան փայտիկն արդեն ծածկված էր լինում ջրով, այնպես որ նա ստիպված էր լինում նոր փայտիկ տնկել, իսկ տան ճանապարհը կարջանում էր ու կարճանում։ Հինգերորդ օրվա առավոտյան նա հասկացավ, որ կյանքում առաջին անգամ ապրում է իսկական կղզու վրա։ Դա, իհարկե, չափազանց հրաշալի բան էր։
: Հենց նույն առավոտյան էլ թռավ եկավ Բուն, իմանալու, թե ինչպես է ապրում իր բարեկամ Քրիստոֆեր Ռոբինը։
: — Լսիր, Բու, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — իսկական հրաշք է։ Ես ապրում եմ կղզու վրա։
: — Մթնոլորտային պայմաննարը վերջին օրերին իրոք ոչ անբարենպաստ էին, — ասաց Բուն։
: — Ի՞նչ, ի՞նչ։
: — Անձրեւ էր գալիս, — բացատրեց Բուն։
: — Այո, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — գալիս էր։
: — Վարարման մակարդակն աննախընթաց չափով բարձր է։
: — Ո՞վ։
: — Ասում եմ՝ չորս կողմը լիքը ջուր է, — բացատրեց Բուն։
: — Այո, — համաձայնեց Քրիստոֆեր Ռոբինը, — ջուրը շատ է։
: — Սակայն հեռանկարները բավականին նպաստավոր են։ Կանխատեսումները ցույց են տալիս…
: — Դու Թուխին տեսե՞լ ես։
: — Ոչ։ Կանխատեսումները…
: — Հույս ունեմ, որ նա ողջ եւ առողջ է, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ — Ես մի քիչ անհանգստանում եմ նրա համար։ Հետաքրքիր է, Դնչիկը նրա մո՞տ է, թե՞ ոչ։ Ի՞նչ ես կարծում, Բու, ամեն ինչ կարգի՞ն է։
: — Կարծում եմ, որ կարգին է։ Հասկանում ես, կանխատեսումները…
: — Գիտես ի՞նչ, Բու, գնա իմացիր, ինչ վիճակում են նրանք։ Թուխի գլխում թեփ է, մեկ էլ տեսար որեւէ հիմարություն արեց, իսկ ես նրան շատ եմ սիրում։ Հասկանո՞ւմ ես։
: — Շատ լավ, — ասաց Բուն։ — Ես ուղեւորվում եմ։ Իսկույնեւեթ կվերադառնամ։ — Եվ նա թռավ։
: Շատ դանցած վերադարձավ։
: — Թուխն այնտեղ չի, — ասաց նա։
: — Այնտեղ չի՞։
: — Եղել է։ Նա նստած է եղել ճյուղի վրա, ինը կճուճների հետ։ Բայց հիմա այլեւս այնտեղ չէ։
: — Թուխ, սիրելիս, — գոռաց Քրիստոֆեր Ռոբինը, որտե՞ղ ես դու։
: — Այստե՛ղ եմ, — նրա հետեւից պատասխանեց ինչ֊որ մեկի փնթփնթան ձայնը։
: — Թո՛ւխ։
: — Եվ նրանք իրաի գիրկ նետվեցին։
: — Ինչպե՞ս այստեղ ընկար, Թո՛ւխ, — հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը, երբ նորից կարողացավ խոսել։
: — Նավով, — հպարտ պատասխանեց Թուխը։ — Ես շշի միջոցով մի շատ կարեւոր Գուրություն ստացա, բայց քանի որ աչքիս մեջ ջուր էր թռել եւ չկարողացա կարդալ, իմ նավով բերեցի քեզ։
: Այս փքուն խոսքերից հետո նա գրությունը հանձնեց Քրիստոֆեր Ռոբինին։
: — Սա հո Դնչիկից է, — բացականչեց Քրիստոֆեր Ռոբինը, գրությունը կարդալուց հետո։
: — Իսկ Թուխի մասին այդտեղ ոչինչ չի՞ գրված, — Քրիստոֆեր Ռոբինի ուսի վրայից նայելով, հարցրեց Թուխը։
: Քրիստոֆեր Ռոբինը բարձրաձայն կարդաց գրությունը։
: — Իսկ ես կարծում էի Գուրությունը ինձ է ուղղված, — ասաց Թուխը փոքր֊ինչ ափսոսանքով։
: — Պետք է փրկել Դնչիկին։ Կարծում եի քեզ հետ կլինի, Թուխ։ Բու, դու նրան կարո՞ղ ես շալակել։
: — Չեմ կարծում, — երկար մտորումներից հետո պատասխանեց Բուն։ — Կասկածելի է, որ մեջքի մկանային համակարգկ ի վիճակի լինի…
: — Որ այդպես է, թռիր նրա մոտ ու ասա, որ օգնությունը մոտենում է, իսկ ես ու Թուխը մինչ այդ կմտածենք, թե ինչպես կարելի է նրան փրկել եւ հենց կարողացանք, կգանք։ Միայն թե, Բու, աստծու սիրուն, մի խոսիր, թռիր շուտ։
: Ու դեռեւս մտածելով այն մասին, ինչ ինքն էր ուզում ասել, Բուն թռավ։
: — Դե, Թուխ, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — որտե՞ղ է քո նավը։
: — Պետք է ասեմ, — ճանապարհին բացատրում էր Թուխը Քրիստոֆեր Ռոբինին, — որ դա այնքան էլ սովորական նավ չի։ Երբեմն դա նավ է, իսկ երբեմն էլ դժբախտ պատահարի պես մի բան։ Նայած թե…
: — Նայած թե ի՞նչ։
: — Նայած թե որտեղ եմ ես՝ վերեւում, թե ներքեւում։ Նրա վրա, թե նրա տակ։
: — Իսկ որտե՞ղ է։
: — Ահա, — ասաց Թուխը, մատնացույց անելով <b>«Լողացող Արջը»</b>։
: Այո, դա այն նավը չէր, որ Քրիստոֆեր Ռոբինը պատրաստվում էր տեսնել։
: Եվ որքան շատ էր նա նայում «Լողացող Արջին», այնքան ավելի շատ էր մտածում, թե ինչպիսի քաջ ու խելացի արջ է Վինի֊Թուխը, եւ որքան շատ էր նա այդ մասին մտածում, այնքան ավելի համեստորեն էր Թուխը գետնին նայում, փորձելով ցույց չտալ, որ դա ինքն է։
: — Սա շատ փոքր է երկուսիս համար, — տխուր ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
: — Երեքիս համար, Դնչիկին էլ հաշված։
: — Ուրեմն, շատ ավելի փոքր է։ Վինի֊Թո՛ւխ, ասա, ի՞նչ անենք։
: Եվ այստեղ այդ արջուկը՝ Վինի֊Թուխը, Դ․ Բ․ (Դնչիկի Բարեկամը), Ճ․ Ը․ (Ճագարի Ընկերեը), Բ․ Հ․ (Բեւեռը հայտնագործողը), Ի․ Մ․ եւ Պ․ Գ․ (Իա֊Իային Մխիթարողը եւ Պոչը Գտնողը), մի խոսքով, մեր Վինի֊Թուխը, մի այնպիսի իմաստուն բան ասաց, որ Քրիստոֆեր Ռոբինը կարողացավ միայն աչքերը չռել ու բացուխուփ անել բերանը, չհասկանալով, մի՞թե սա գլուխը թեփ լցրած այն նույն Արջն է, որին ինքը գիտե ու սիրում է այնքան վաղուց։
: — Մենք կնավակրենք քո հովանոցով, — ասաց Թուխը։
: — Ի՞նչ։
: — Մենք կնավարկենք քո հովանոցով, — ասաց Թուխը։
: — Ի՞նչ։
: — Մենք կնավարկենք քո հովանոցով, — ասաց Թուխը։
: — Թո՛ւխ։
: Այո, Քրիստոֆեր Ռոբինը հանկարծ հասկացավ, որ դա հնարավոր է։ Նա բացեց իր անձրեւանոցը եւ իջեցրեց ջրի վրա։ Անձրեւանոցը լողաց, բայց սաստիկ ճոճվում էր։ Թուխը նստեց նրա մեջ։ Նա արդեն ուզում էր ասել, որ ամեն ինջ կարգին է, երբ զգաց, որ ոչ ամենը, եւ կարճատեւ լոգանք ընդունելուց հետո, իր նոր նավը հետեւից քաշելով, ծանծաղուտով վերադարձավ Քրիստոֆեր Ռոբինի մոտ։ Այս անգամ նստեցին երկուսով եւ հովանոցն այլեւս չճոճվեց։
: — Այս նավը մենք կանվանենք «Թուխի Իմաստություն», — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
: Եվ «Թուխի Իմաստությունը» առագաստները բացած լողաց դեպի հարավ֊արեւելք, ժամանակ առ ժամանակ սահուն պտտվելով իր շուրջը։
: Պատկերացրեք, թե որքան ուրախացավ Դնչիկը, երբ վերջապես տեսավ նավը։ Տարիներ հետո էլ նա սիրում էր մտածել, որ շատ մեծ վտանգի մեջ էր այդ սարսափելի ջրհեղեղի ժամանակ, բայց միակ վտանգը իրեն սպառնում էր բանտարկության վերջին կես ժամում, երբ Բուն ճյուղին թառած, բարոյապես իրեն ոգեւորելու համար, մի երկար պատմություն էր սկսել իր Մորաքրոջ մասին, որը մի անգամ սխալմամբ սագի ձու էր ածել, եւ այդ պատմությունը ձգվում էր ու ձգվում (ճիշտ այս նախադասության նման), մինչեւ որ Դնչիկը, որ Բուին լսելու ամար նայում էր պատուհանից եւ, հույսը կորցրած, որ իրեն կփրկեն, սկսել էր նիրհել եւ, բնականաբար, կամաց֊կամաց ցած էր սահում, բայց, բարեբախտաբար, ճիշտ այն պահին, երբ արդեն միայն հետեւի կճղանկներից էր կախվել, Բուն բարձր գոռաց՝ ներկայացնելով Մորաքրոջ սարսափը, եւ նրա ճիչը, երբ նա (Մորաքույրը) տեսել էր, որ ձուն իսկապես սագի է, եւ Դնչիկն արթնացավ, հասցրեց իրեն ներս գցել ու ասել․ «Ա՜խ, ի՜նչ հետաքրքիր է։ Ի՜նչ ես ասում», մի խոսքով, դուք կարող եք պատկերացնել նրա ուրախությունը, երբ նա տեսավ «Թուխի Իմաստություն» նավը (Նավապետ — Ք․ Ռոբին, 1֊ին օգնական — Վ․֊Թուխ), որ գալիս էր փրկելու իրեն, իսկ Ք․ Ռոբինը եւ Վ․֊Թուխը իրենց հերթին…
: Բայց պատմությունն այստեղ փաստորեն ավարտվում է, իսկ ես այնպես եմ հոգնել վերջին նախադասությունից, որ նույնպես դեմ չէի լինի վերջացնել, բայց ոչ մի կերպ չեմ կարող չպատմել, թե ինչ եղավ հետո։
: Որովհետեւ հետո, երբ չորս կողմը չորացավ, եւ Անտառի բոլոր առվակները նորից փոքրիկ ու լավը դարձան, եւ խաղաղ ու քնկոտ ջրափոսերի ջուրը կարոտով վերհիշում էր այն սխրանքները, որ ինքն էր արել, Քրիստոֆեր Ռոբինը իր բարեկամ Վինի֊Թուխի պատվին եւ այն Փառավոր Գործի պատվին, որ նա՝ Վինի֊Թուխն էր արել, Հանդիսավոր Երեկո կազմակերպեց։
: Սքանչելի երեկո էր։ Անտառում մի երկար, շատ երկար սեղան էին բացել, եւ մի Նախագահական տեղում՝ սեղանի ծայրին, նստել էր Քրիստոֆեր Ռոբինը, իսկ մյուս Նախագահական տեղում՝ սեղանի մյուս ծայրին, նստել էի ինքը՝ Վինի֊Թուխը, իսկ մնացած տեղերում նստած էին Հյուրերը․ Դնչիկը, Ճագարը, Կենգուն եւ Ռուն, Բուն եւ Իան։ Իսկ շուրջը խոտերի վրա տեղավորվել էին Ճագարի Ազգականներն ու Ծանոթները՝ բոլոր տեսակների ու չափերի (սկսած նրանցից, որոնք պատահաբար երբեմն ոտքի տակ էին ընկնում, եւ վերջացրած նրանցով, որոնք երբեմն, նույնպես պատահաբար, ձեր աչքն էին ընկնում), եւ սպասում էին, որ Հյուրերից մեկնումեկը կխոսի իրենց հետ կամ ինչ֊որ բան վայր կգցի, կամ թեկուզ կհարցնի, թե ժամը քանիսն է։
: Եվ, իհարկե, բոլորն էլ փառավորապես հյուրասիրվեցին, իսկ Քրիստոֆեր Ռոբինը վերջում Գովասանական Ճառ ասաց նրա պատվին, ով Մեծ Գործ էր կատարել, եւ ասաց, որ նրա համար՝ այդ գործը կատարողի համար, Մեծ Նվեր է պատրաստել։
: Բայց քանի որ նա չասաց, թե ով է կատարել այդ Փառավոր Գործը, մտածելով, որ առանց այդ էլ բոլորը գիտեն, ապա Իա֊Իան այդ ամբողջ Հանդիսավոր Արարողությունը վերագրեց իրեն։ Իր սխալը խեղճ իշուկը հասկացավ միայն այն ժամանակ, երբ Նվերը (մեծ, շատ գեղեցիկ տուփը) հանձնվեց նրան, ով իսկապես կատարել էր այդ Գործը, այսինքն՝ Վինի֊Թուխին։
: Վինի֊Թուխն ընդունեց Նվերը եւ ասաց «շնորհակալություն», իսկ մնացածները խմբվել էին նրա շուրջը եւ իրար հերթ չտալով բացականչում էին․
: — Շուտ բաց արա՛։
: — Ի՞նչ կա մեջը։
: — Իսկ ես գիտեմ, թե մեջն ինչ կա՛։
: Իսկ երբ Վինի֊Թուխը բացեց տուփը (թեեւ նա շտապում էր, բայց չկտրեց ժապավենը, այլ արձակեց՝ մեկ էլ տեսար, մի օր պետք եկավ), բոլորը ախ քաշեցին, իսկ ինքը՝ Թուխը, ուրախությունից քիչ էր մնում գետին ընկներ։
: Որովհետեւ պարզվեց, որ դա գունավոր մատիտների սքանչելի տուփ է։
: Տուփի մեջ փոքրիկ Մեքենա կար մատիտները սրելու համար եւ Կարմիր Ռետին կար, որը շատ լավ ջնջում է այն բոլորը, ինչ դուք սխալ եք գրել, հետո Քանոն կար, եւ Կապույտ Մատիտներ, եւ Կարմիր Մատիտներ, եւ նույնիսկ Կանաչ ու Կարմրա֊Կապույտ Մատիտներ, ինչպիսիք մեծերի մոտ են լինում։
: Եվ այդ բոլորը Թուխինն էր։
: Իմ կարծիքով, նա միանգամայն արժանի էր դրան։
: Իսկ դուք ի՞նչ եք կարծում։