Changes
:Համենայն դեպս․․․
==Գլուխ տասնվեցերորդ․ Գաղտնադռան տակ, ստորգետնյա զնդանում==
:Հետագայում հիշելով այդ օրերը, Հարրին երբեք այդպես էլ չի կարողանա հասկանալ, թե ինչպես իրեն հաջողվեց հանձնել փոխադրական քննաթյանները՝ ամեն րոպե սպասելով, որ ահա ուր որ է Վոլդեմորթը կներխուժի ցանկացած դռնից։ Մինչդեռ օրերն անցնում էին, և կասկած անգամ լինել չէր կարող, որ Խավիկը դեռ ողջ ու առողջ գռմռամ էր կողպված դռան ետևում։
:Անտանելի շոգ էր, հատկապես այն լսարանում, որտեղ սովորողները հանձնում էին գրավոր քննությունները։ Նրանց բոլորին նոր հատուկ գրչափետուրներ էին բաժանել, որոնք նախօրոք հմայված էին արտագրելու դեմ դյաթանքով։
:Տեսական առարկաներից բացի նրանք պետք է հանձնեին նաև գործնական քննություններ։ Պրոֆեսոր Ֆլիթվիքը սովորողներին մեկ առ մեկ ներս էր կանչում լսարան և ստուգում, թե կարող են, արդյոք, մի տռուզ արքայախնձորի՝ «սթեփ» պարեցնել սեղանի վրա։ Պրոֆեսոր Մըք Գոնագալի քննության ժամանակ մկնիկին պետք է ծխախոտատուփի կերպափոխեին։ Լրացուցիչ միավորներ էին տրվում ծխախոտատուփի գեղեցկության համար և միավորներ էին հանվում, եթե ծխախոտատուփը հանկարծ բեղիկներ էր ունենում։ Սառկեկը նրանց բոլորի նյարդերը կերավ՝ ծոծրակներին շնչելով, մինչ նրանք փորձում էին հիշել մոռացության հմայաթուրմի բաղադրատոմսը։
:Հարրին անում էր, ինչ կարող էր՝ ոչ մի ջանք չխնայելով քննությունների համար, փորձելով ուշադրություն չդարձնել ճակատն այրող ցավի վրա, որը նրանից անբաժան էր Արգելված անտառ կատարած գիշերային արշավից ի վեր։ Նեվիլը համոզված էր, որ Հարրին քննական նյարդային գերհոգնածության հիվանդագին վիճակում է գտնվում։ Սակայն Հարրին գիշերները չէր կարողանում քնել իր վերսկսված մղձավանջների պատճառով, մի տարբերությամբ, որ դրանք ավելի սարսափազդու էին քան երբևէ, որովհետև մղձավանջների մեջ ավելացել էր ևս մեկ գործող անձ՝ այն կնգուղավոր արարածը, որի բերանի անկյուններից երկնագույն արյուն էր կաթում։
:Գուցե պատճառն այն էր, որ մյուսները չէին տեսել այն, ինչ ինքն էր տեսել Անտառում, կամ որովհետեև մյուսների ճակատներին անդադար խարանվող սպիներ չկային, համենայն դեպս թվում էր, որ Հերմիոնան ու Ռոնը Հարրիի չափ անհանգստացած չէին Քարի համար։ Վոլդեմորթի վերադառնալու հնարավորությունը, անշուշտ, վախեցրել էր նրանց, սակայն նրանք մղձավանջներ չէին տեսնում և այնքան կլանված էին նախաքննական պարապմունքներով, որ ժամանակ էլ չունեին անհանգստանալու, թե Սառկեկի կամ ինչ-որ մեկ ուրիշի մտքում ինչ չարամիտ դավեր են նյութվում։
:Նրանց ամենավերջին քննությունը հրաշագործության պատմությունից էր։ Եվս մեկ ժամ հարց ու պատասխան՝ զառամյալ հրաշագործների մասին, ովքեր հայտնաբերել էին գրելու ժամանակ գույնը փոխող թանաքը կամ հայտնագործել՝ հմայաթուրմեր եփելու համար ինքնուրույն խառնվող կաթսաները, և նրանք ազատ կլինեն... Սի ամբողջ շաբաթ ետքննական արձակուրդներ՝ մինչև քննությունների արդյունքների ազդարարելն ու ուսումնական տարվա վերջին հանդիսավոր ընթրիքը։
:Երբ պրոֆեսոր Բինզի ուրվականը կարգադրեց, որ բոլորն իրենց գրչափետուրները ցած դնեն և ոլորեն ու հանձնեն մագաղաթները, Հարրին, մի պահ մոռանալով իր մտահոգությունները, միացավ մյուսների երջանիկ ու զվարթ բացականչություններին։
:— Օ՜հ, բայց ես ավելի դժվար էի պատկերացնում, ― ասաց Հերմիոնան, երբ ուսանողների զվարթ ամբոխի հետ նրանք դուրս թափվեցին արևով ողողված բակը, — նույնիսկ պետք էլ չէր սովորել 1637թ. Դարձվորների բարոյական կոդեքսն ու էլֆրիկ Փառամոլի ապստամբության մանրամասները։
:Հերմիոնան սովորություն ուներ ամեն քննությանից հետո քննարկել քննաթերթիկի բոլոր հարցերը, սակայն Ռոնը խնդրեց, որ նա քննությունների մասին այլևս ձայն չհանի, այլապես իր սիրտը կխառնի, և նրանք երեքով՝ անհոգ քայլելով, հասան լճափին ու փռվեցին խոտերի մեջ, մի մեծ ծառի տակ։ Ուիզլի երկվորյակներն ու Լի Ջորդանը քիչ հեռու զբաղված էին լճափի ծանծաղ ջրերում արևկող տաքացող մի հսկայական կաղամարի շոշափուկները խուտուտ տալով։
:—Ուուուխ... վե՜րջ կրկնություններին... վե՜րջ պարապմունքներին, — երանությամբ մեկնվելով խոտերի վրա, տքբաց Ռոնը, — Հարրի՞... Ի՞նչ ես նոթերդ կիտել, դեռ մի ամբողջ շաբաթ ունենք մինչև քննությունների արդյունքներն իմանալը։ Ի՞նչ կարիք կա նախօրոք անհանգստանալու վատ արդյունքների մասին։
:Հարրին ճակատն էր շփում։
:— Երնեկ իմանայի, թե սա ինչ է նշանակում, — բարկացած նետեց նա, — իմ սպին շարունակ այրվում է... Առաջ էլ է ցավել, սակայն ցավը երբեք այսքան հաճախ չի եղել ու այսպես երկար չի շարունակվել։
:— Գնա մադամ Պոմֆրիի մոտ, — առաջարկեց Հերմիոնան։
:— Ես հիվանդ չեմ, — ասաց Հարրին. — ենթադրում եմ, որ սա ինչ-որ նախազգուշացում է... Կարծես սպին ուզում է ինձ զգուշացնել, որ վտանգ է մոտենում...
:Ռոնին տեղից շարժելն անհնար էր՝ անչափ շոգ էր։
:— Հա՛րրի, հանգստացիր... Հերմիոնան ճիշտ է, որ Քարն ապահով է, բանի դեռ Դամբլդորը մեզ հետ է։
Ինչևէ, մենք այդպես էլ ոչ մի ապացույց չգտանք, որ Սառկեկը գիտի Խավիկի մոտով անվնաս անցնելու գադտնիքը։ Մի անգամ քիչ էր մնացել ոտքից զրկվեր ու հիմա դժվար թե նորից հապշտապ նման փորձեր անի։ Եվ ավելի շուտ Նեվիլը կմտնի Անգլիայի քվիդիչի հավաքական թիմի մեջ, քան Հագրիդը կդավաճանի Դամբլդորին։
:Հարրին, որպես համաձայնության նշան, գլխով արեց, սական նա չէր կարողանում ազատվել մի տհաճ զգացումից, ասես ինքը մոռացել էր ինչ-որ շատ կարևոր բան անել։ Երբ նա փորձեց բացատրել իր այդ զգացումը, Հերմրոնան ասաց.
:— Բան չկա, քննություններից է... Երեկ գիշեր արթնացա ու սկսեցի կրկնել իմ կերպարանափոխության կոնսպեկտները և արդեն գրեթե կեսին էի հասել, երբ հիշեցի, որ այդ քննությունը մենք վաղուց արդեն հանձնել ենք։
:Հարրին բացարձակապես համոզված էր, որ իր անհանգստության զգացումը որևէ առնչություն չունի քննությունների հետ։ Նա դիտում էր երկնքում թռչող մի բվի, որը կտուցի մեջ նամակ բռնած, թևերն անխոնջ թափահարում էր ամրոցի ուղղությամբ...
Հագրիդից բացի նա ուրիշ ոչ մեկից դեռ նամակ չէր ստացել... Հագրիդը երբեք չի դավաճանի Դամբլդորին... Հագրիդը ոչ մեկին չի ասի Խավիկի մոտով անվնաս անցնելու գաղտնիքը... Երբեք... Հագրիդը... Հագրիդը...
:Հարրին հանկարծ շեշտակի վեր ցատկեց ու կանգնեց տեղում։
:— Էդ ու՞ր ես գնում, — ալարկոտ հարցրեց Ռոնը։
:— Ես մի բան մտածեցի, — ասաց Հարրին, նա հանկարծ լրիվ գունատվել էր։ — Պետք է հենց հիմա գնալ Հագրիդի մոտ։
:― Ինչո՞ւ, — շնչասպառ հարցրեց Հերմիոնան, վազեվազ շտապելով Հարրիի ետևից։
:—Չե՞ք կարծում, որ ինչ-որ շատ տարօրինակ զուգադիպություններ են կատարվում Հագրիդի շուրջը, ասաց Հարրին, հաստատուն քայլերով բարձրանալով զառիվայր լանջի բարձր խոտերի միջով, ―տարօրինակ չէ՞, արդյոք, որ Հագրիղը երազում է վիշապ ունենալ, և հանկարծ ինչ-որ անծանոթ է հայտնվում, որի գրպանում պատահաբար վիշապի ձու կա... Շատ մարդ գիտե՞ք, որ գրպանում վիշապի ձու դրած ֆռֆռ շրջակայքում, մանավանդ որ դա արգելված է դյութերի օրենքով... Ինչ բախտ ուներ, որ հենց Հագրիդին հանդիպեց, չե՞ք կարծում... Ինչպես կարող էի մինչև հիմա դրա մասին չմտածել...
:— Ի՞նչ կա մտքիդ, — հարցրեց Ռոնը, սակայն Հարրին մարգագետնով սրընթաց քայլում էր դեպի Արգելված անտառի եզրը և չպատասխանեց։
:Հագրիդը նստած էր դրսում, բազկաթոռի մեջ, նրա շալվարի փեշերն ու վերնաշապիկի թևքերը վեր էին ոլորված և նա զբաղված էր մի մեծ թասի մեջ ոլոռ պճղելով։
:— Ող-ջույն, — ասաց նա ժպտալով, — քննությունները տվիք պրծա՞ք։ Ժամանակ ունե՞ք ինձ հետ մի բան խմելու։
:— Իհարկե, շնորհակալություն, — ասաց Ռոնը, սակայն Հարրին նրան ընդհատեց.
:— Ոչ, Հագրիդ, մենք շտապում ենք։ Ես քեզ մի բան պիտի հարցնեմ։ Հիշու՞մ ես այն գիշերը, երբ պանդոկում Նորբերթին շահեցիր։ Ի՞նչ տեսք ուներ այն անծանոթը, ում հետ դու պանդոկում թուղթ էիր խաղում։
:— Ի՞նչ իմանամ, — ասաց Հագրիդը անտարբեր, — նա իր կնգուղավոր թիկնոցը վրայից չհանեց։
:Հագրիդը նկատեց եռյակի ապշահար ղեմքերը և հոնքերը վեր բարձրացնելով ասաց։
:— Դա էնքան էլ անսովոր բան չէ «Վարազի գլուխ» պանդոկի համար... Հեյ-հոյ... ինչ տեսակ տարօրինակ կերպար ասես, որ չես տեսնի էնտեղ։ Մի մոռացեք, որ դա ճամփաբաժան գյուղամիջի պանդոկ է։ Ով ասես չի անցնում էնտեղով։ Կարող էր վիշապ ծախող մաքսանենգ լինել... Ի՞նչ կա որ... Ես նրա դեմքը էդպես էլ չտեսա, որովհետև նա կնգուղը գլխից չիջեցրեց։ Հարրին նստեց գետնին, ոլոռով լի թասի կողքին։
:—Ինչի՞ մասին էիք խոսում նրա հետ, Հագրիդ։ Խոսք գնա՞ց ընդհանրապես Հոգվորթսի մասին։
:— Չի բացառվում, — ասաց Հագրիդը, խոժոռվելով և փորջելով մտաբերել իր խոսակցությունը անծանոթի հետ, — նա հարցրեց, թե ես ինչ եմ անում, ես էլ ասացի, որ հանդավարների պահապանն եճ էստեղ... Քիչ ա ճիչ հարցրեց, թե ինչ տեսակի գազանների հետ եմ գործ անեցել կյանքում... դեհ, ես էլ պատմեցի, որ ամբողջ կյանքումս միշտ երազել եմ վիշապ ունենալ... իսկ հետո... ճիշտն ասած էնքան էլ լավ չեմ հիշում, որովհետև նա ինձ անդադար հյուրասիրում էր խմիչքով... Ըը՜մմ... Հա, հետո նա ասաց, որ ինքը վիշապի ձու ունի, և մենք կարող ենք դրա վրա թուղթ խաղալ, եթե ես ուզում եմ... բայց նա ասաց, որ մինչև չհամոզվի, որ ես գլուխ կհանեմ վիշապից, ձուն չի տա ինձ, որովհետև չի ուզում, որ վիշապն անփորձ մարդկանց ձեռքն ընկնի... Ես էլ նրան ասացի, որ Խավիկից հետո վիշապի հետ յոլա գնալը ինձ համար դժվար չի լինի...
:— Իսկ նա՞․.. իսկ նա հետաքրքրվե՞ց Խավիկով, — հացրեց Հարրին, փորձելով ձայնով չմատնել իր անհանգստությունը։
:— Բա ո՞նց... էդ քանի՞ հատ եռագլուխ շուն ես տեսել, նույնիսկ Հոգվորթսում... Դեհ, ես էլ ասացի, որ Խավիկն ուղղակի քնքուշ ճուտիկ է, եթե հետը յոլա գնալու ձեւն իմանաս՝ մի քիչ երաժշտություն ես նվագում նրա համար, ա նա մուշիկ-մուշիկ քնած է...
:Հագրիդը հանկարծ աչքերը սարսափահար չռեց։
:— Ես չպետք է էեգ ասեի դա, — շնչասպառ ասաց նա, — Մոռացե՛ք, ինչ ասացի... Հե՜յ... էդ ո՞ւր եք գնում։
:Հարրին, Ռոնը և Հերմիոնան ոչ մի խոսք չփոխանակեցին մինչև հասան շքամուտքի նախասրահը, որտեղ շատ զով էր ու խավար՝ արևով ողողված մարգագետնհց հետո։
:—Մենք պարտավոր ենք գնալ Դամբլդորի մոտ, ― ասաց Հարրին, — Հագրիդը փաստորեն պատմել է այդ անծանոթին, թե ինչպես կարելի է անցնել Խավիկի կողքով, և կնգուղով թիկնոցավոր անծանոթը, անկասկած կամ Սառկեկն է եղել, կամ Վոլդեմորթը... Ինչ խոսք, Հագրիդին խմացնելուց էլ հեշտ բա՞ն... Լավ ծիծաղել է երևի խեղճ Հագրիդի վրա... Միայն թե Դամբլդորը մեզ հավատա... Ֆիրենզը կհաստատի մեր խոսքերը, եթե Բեյնը նրան թույլ տա, իհարկե։ Որտե՞ղ է Դամբլդորի աշխատասենյակը։
:Նրանք շուրջները նայեցին, ասես՝ հուսալով, որ մի տեղ պետք է ճիշտ ուղղությունը մատնանշող մի ցուցանակ փակցված լինի։ Նրանցից ոչ մեկը երբեք չէր լսել, թե Դամբլդորը որտեղ է ապրում, նույնիսկ չէին էլ հիշում որևէ դեպք, երբ ուսանողներից մեկն ու մեկին կանչած լինեին նրա մոտ։
:— Մեզ պետք է միայն... — սկսեց Հարրին, սակայն մի ձայն հանկարծ ընդհատեց նրան՝ զրնգուն հնչելով սրահի մյուս կողմից։
:— Ի՞նչ եք անում այստեղ երեքով, ինչո՞ւ մաքու օդին չեք։
:Պրոֆեսոր Մըք Գոնագալն էր գալիս նրանց ուղղաթյամբ՝ բեռնված մի կույտ հաստափոր գրքերով։
:— Մենք ուզում ենք տեսնել պրոֆեսոր Դամբլդորին, — ասաց Հերմիոնան, բավականին համարձակ ձայնով, ինչպես թվաց Հարրիին ու Ռոնին։
:— Տեսնել պրոֆեսոր Դամբլդորի՞ն, — կրկնեց պրոֆեսոր Մըք Գոնագալը, ասես դա մի իսկապես շատ կասկածելի ցանկություն էր։ — Ինչո՞ւ․..
:Հարրին թուքը կուլ տվեց, հիմա ի՞նչ...
:— Դա գաղտնիք է, — ասաց նա, սակայն անմիջապես զղջաց, որ նման բան դուրս տվեց, որովհետև պրոֆեսոր Մըք Գոնագալի քթանցքներն ասես բռնկվեցին բոցաշունչ կրակով։
:―Պրոֆեսոր Դամբլդորը մեկնեց տասը րոպե առաջ, — ասաց նա սառցասղոց ձայնով, — նա մի շտապ բու ստացավ Հրաշագործության նախարարությունից և անմիջապես մեկնեց Լոնդոն։
:— Նա այստեդ չէ՞... — հուսահատ բացականչեց Հարրին, — տասը րոպե առա՞ջ է մեկնել...
:—Պրոֆեսոր Դամբլդորը մեծ հրաշագործ է, Փոթթեր, նրա խորհրդի կարիքը շատերն անեն։
:— Սակայն սա շատ կարևոր է։
:— Ուզում եք ասել, որ ձեր ասելիքն ավելի կարևոր է, քան Հրաշագործության նախարարությու՞նը, Փոթթեր։
— Պրոֆեսո՛ր, — զգուշությունը կողմ նետելով ասաց Հարրին, — խոսքը Փիլիսոփայական քարի մասին է։
:Պրոֆեսոր Մըք Գոնագալը ինչ ասես կսպասեր լսել, միայն ոչ դա։ Նրա գրկած գրքերը թրմփացին հատակին, սակայն նա չէր շտապում բարձրացնել դրանք։
:— Որտեղի՞ց գիտեք, — հազիվ լսելի ձայնով մրմնջաց նա։
:— Պրոֆեսոր, ես գիտեմ... ես կարծում եմ, որ գիտեմ, որ Սառ... որ ինչ-որ մեկն ուզում է գողանալ Քարը։ Ես պետք է անպատճառ խոսեմ պրոֆեսոր Դամբլդորի հետ։
:Պրոֆեսորը ոտքից գլուխ զննեց Հարրիին՝ զարմանքի ու կասկածամտության խառն արտահայտությամբ։
:— Պրոֆեսոր Դամբլդորը կվերադառնա վաղը, — ասաց նա վերջապես, — Ես չգիտեմ, թե որտեղից եք իմացել Քարի մասին, սակայն անհոգ եղեք, այն անհնար է գողանալ։ Քարը շատ լավ է պահպանվում։
:— Բայց պրոֆեսոր...
:— Փո՛թթեր, ես գիտեմ, ինչ եմ ասում, — կարճ կտրեց նա և առաջ թեքվելով, սկսեց հավաքել թափված գրքերը, — Ես խորհուրդ կտայի ձեզ բոլորիդ դուրս գնալ մաքուր օդի և վայելել այս արևոտ, հիանալի օրը։
:Սակայն նրանք դուրս չգնացին։
:—Այսօր է լինելու, — ասաց Հարրին՝ համոզվելով, որ պրոֆեսոր Մըք Գոնագալն արդեն այնքան է հեռացել, որ չի լսի իր ասածը։
:— Սառկեկն այսօր պիտի անցնի գաղտնադռնով։ Ինչ պետք էր իմանալ, նա արդեն գիտի, իսկ այսօր Դամբլդորն էլ հեռու կլինի նրան խանգարելու համար։ Նա ինքն է կազմակերպել այդ նամակը։ Գրազ կգամ, որ Հրաշագործության նախարարությունում այդ նամակի մասին ոչինչ չգիտեն։ Երբ Դամբլդորը տեղ հասնի, ա՛յ, թե իրարանցում կսկսվի, սակայն ինչ օգուտ։
:— Բայց մենք ի՞նչ կարող ենք անել։ Հերմիոնան խեղդված ձայնով հազաց։
:Հարրին ու Ռոնը կրունկների վրա շրջվեցին նրա կողմը։ Սառկեկը կանգնած էր նրանց կողքին։
:— Բարի օր, — ասաց նա շողոմաձայն։ Երեբն էլ անշարժ՝ աչքերը պլշեցին նրա վրա։
:— Չի կարելի նման հրաշալի օրը տանիքի տակ անցկացնել, — ասաց նա տարօրինակ, ծռված ժպիտով։
:— Սենք պատրաստվում էինք... — սկսեց Հարրին առանց գաղափար իսկ ունենալու, թե ինչ է պատրաստվում բստրել։
:— Ձեզ պետք է ավելի զգույշ լինել, — ասաց Սառկեկը, — մութ տեղերում հավաքվելով, կարող եք մարդկանց մոտ կասկած առաջացնել, որ ինչ-որ դավեր եք նյութում։ Իսկ Գրիֆինդորը չի կարող իրեն թույլ տալ նոր միավորներ կորցնել, այդպես չէ՞։
:Հարրին կարմրատակեց։ Նրանք շրջվեցին, որ դուրս գան բակ, սակայն Սառկեկը ձայն տվեց նրանց ետևից։
:— Զգուշացնու՛մ եմ ձեզ, Փո՛թթեր, ևս մեկ գիշերային զբոսանք, և ես անձամբ հոգ կտանեմ, որ ձեզ հեռացնեն դպրոցից։ Ձեզ հաճելի ժամանց մաքուր օդին։
:Նա քայլեց ուսուցչանոցի ուղղությամբ։ Դրսում, քարե աստիճանների վրա, Հարրին շրջվեց մյուս երկուսի կողմը։
:— Այսպես ուրեմն, ահա թե ինչ կանենք հիմա, — շշնջաց նա հաստատուն ձայնով, ― մեզնից մեկը պետք է աչքը պահի Սառկեկի վրա՝ սպասի ուսուցչանոցի դռան մոտ ու հետևի նրան, երբ նա դուրս գա այնտեղից։ Հերմիո՛նա, լավ կլինի, որ դու զբաղվես դրանով։
:— Բայց ինչո՞ւ ես։
:— Միթե՞ պարզ չէ, — ասաց Ռոնը, — դու կձևացնես, որ սպասում ես պրոֆեսոր Ֆլիթվիքին... — նա ձայնը բարակացրեց՝ փորձելով նմանակել :Հերմիոնայի առոգանությանը, — «Օհ, Պրոֆեսոր Ֆլիթվիք, ես այնքան անհանգստացած եմ, կարծես թե տասնչորսերորդ հարցի բ. կետին սխալ եմ պատասխանել...»
:—Օ՜ֆ, վերջացրո՛ւ, — ասաց Հերմիոնան, սակայն համաձայնեց գնալ Սառկեկին հետևելու։
:— Իսկ մենք կհսկենք երրորդ հարկի միջանցքում, — ասաց Հարրին Ռոնին, — գնացի՚նք։
:Սակայն նրա պլանի այդ մասը երկար չաշխատեց։ Հազիվ էին նրանք հասել Խավիկին աշխարհից բաժանող դռանը, երբ պրոֆեսոր Մըք Գոնագալը կրկին հայտնվեց և այս անգամ արդեն չզսպեց բարկությունը։
:— Այնպիսի տպավորության է ստեղծվում, որ դուք ձեզ ավելի անսասան եք համարում, քան Քարը պաշտպանող բոլոր հզոր հմայապատնեշներն են... Օ՜հ, ինչպիսի՜ զորեղ պաշտպանություն. Հարրի Փոթթեր և Ռոնայդ Ուիզլի՝ Հոգվորթսի փառապանծ առաջին դասարանցիներ... — փոթորկվեց նա, — Ես արդեն կուշտ եմ ձեր հիմարություններից։ Եթե հանկարծ լսեմ, որ ձեզնից մեկն ու մեկին կրկին տեսել են այս դռան մոտ, հիսու՛ն միավոր կհանեմ Գրիֆինդորի ընդհանուր հաշվից։ Այո՛, Ռոնալդ Ուիզլի, ի՛մ իսկ հարազատ միաբանությունից։
:Հարրին ու Ռոնը վերադարձան ընդհանուր սենյակ։ Հարրին հազիվ էր հասցրել ասել.
:― Գոնե Հերմիոնան հետևում է Սառկեկին, — երբ Չաղ Կոմսուհու դիմանկարը կրնկի վրա բացվեց, և Հերմիոնան մտավ ներս։
:— Ներեցեք ինձ, — հնգմնգաց նա, — Սառկեկը դուրս եկավ ու ինձ տեսնելով հարցրեց, թե ես ինչ եմ անում այնտեղ, ես էլ ասացի, որ սպասում եմ պրոֆեսոր Ֆլիթվիքին, և Սառկեկը գնաց նրան կանչելու, ինձ մնում էր միայն ծլկել այնտեղից։ Ես չգիտեմ, թե Սառկեկը հետո ուր գնաց։
:— Դեհ ի՞նչ... ուրեմն վերջ, ― ասաց Հարրին։ Մյուս երկուսը անթարթ նայեցին նրա երեսին։ Հարրին շատ գունատ էր, բայց աչքերը շողշողում էին տարօրինակ փայլով։
:— Այս գիշեր ես դուրս եմ գալու և պատրաստվում եմ առաջինը վերցնել Քարը։
:— Գժվե՜լ ես, — ասաց Ռոնը։
:—Չես կարող, — ասաց Հերմիոնան, — այն ամենից հետո ինչ ասացին Մըք Գոնագալն ու Սառկեկը, քեզ անպայման կհեռացնեն դպրոցից։
:— ՀԵՏՈ՞ ԻՆՉ, — գոռաց Հարրին։ — Մի՞թե չեք հասկանում... Եթե Սառկեկը Քարն իր ձեռքը գցի, ուրեմն Վոլդեմորթը կվերադառնա։ Չե՞ք լսել երբեք, թե ինչ էր կատարվում այն տարիներին, երբ նա փորձում էր իշխանության գալ։ Էլ ոչ մի Հոգվորթս նույնիսկ չի լինի, որ ինձ հեռացնեն այնտեղից։ Նա ուղղակի կոչնչացնի ամեն ինչ, քարը քարի վրա չի թողնի կամ նույնիսկ ավելի վատ, դպրոցը կվերածի սև մոգական արվեստների տաճարի։ Միավորներ կորցնելն արդեն ոչ մի նշանակության չունի։ Մի՞թե չեք հասկանում, որ նա ձեզ և ձեր ընտանիքներին հանգիստ չի թողնի, իսկ այդ դեպքում ու՞մ է պետք Գրիֆինդորի հաղթանակը Միաբանությունների գավաթի մրցույթում։ Եթե ես բռնվեմ մինչև Քարին հասնելը, ինձ կմնա ընդամենը վերադառնալ Դարզլիների մոտ ու սպասել, թե երբ է Վոլդեմորթը գալու իմ ետևից։ Այսինքն, միևնույն է, այսպես թե այնպես՝ կմեռնեմ, միայն մի քանի օր ավելի ուշ, որովհետեև ես երբեք չեմ անցնի Սև ուժերի կողմը։ Ես պիտի մտնեմ գաղտնադռնով հենց այս գիշեր, և ինչ էլ հիմա ասեք, չեք կարող կանգնեցնել ինձ։ Վոլդեմորթը սպանել է իմ ծնողներին, մոռացե՞լ եք...
:Հարրին աչքերը շողշողացրեց նրանց վրա։
:— Դու ճիշտ ես, Հարրի, — ասաց Հերմիոնան հազիվ լսելի ձայնով։
:— Ես կօգտագործեմ Անտեսանելիության թիկնոցը, — ասաց Հարրին, ― ուղղակի մեծ բախտավորություն է, որ կրկին ետ եմ ստացել այն։
:— Բայց արդյո՞ք բոլոր երեքս կտեղավորվենք դրա տակ, — ասաց Ռոնը։
:— Բոլոր երե՛քս...
:— Օ՜հ, իհարկե... մի՞թե կարծում էիր, որ թողնելու ենք քեզ մենակ գնաս։
:— Իհարկե ոչ, — խրոխտ ասաց Հերմիոնան, — Ինչպե՞ս ես պատկերացնում հասնել Քարին առանց մեր օգնության։ Ես հիմա լավ կանեմ գնամ քրքրելու իմ գրքերը, հնարավոր է մի բան գտնեմ, որ կարոդ է մեզ պետք գալ այս գիշեր...
:— Բայց եթե մենք հանկարծ բռնվենք, դուք երկուսդ նույնպես կհեռացվեք դպրոցից։
:— Չեմ կարծում, — հանդարտ ասաց Հերմիոնան, — Ֆլիթվիքն ինձ ասաց, որ հմայախոսքերի քննությունից ես հարյուր քսան միավոր եմ հավաքել։ Դժվար թե որևէ մեկն ուզենա ինձ՝ դպրոցից վռնդել, եթե մյուս քննություններս էլ նման արդյունքներով հանձնած լինեմ։
:Ընթրիթից հետո նրանք երեքով առանձնացան ընդհանուր սենյակում և նյարդային ու լարված սպասում էին մինչև բոլորը գնան քնելու։ Ոչ ոք նրանց չէր անհանգստացնում։ Ի վերջո, գրիֆինդորցիներից ոչ մեկը Հարրիին այլևս ասելիք չուներ։ Սակայն դա առաջին երեկոն էր, որ Հարրին ընդհանուր վերաբերմունքից վհատված չէր զգում իրեն։ Հերմիոնան արագ-արագ թերթում էր իր բոլոր գրառումները՝ հույս ունենալով գտնել այն հմայապատնեշների նկարագրությունները, որոնց այդ գիշեր իրենք կարող էին հանդիպել։ Հարրին ու Ռոնը գրեթե չէին խոսում։ Երկուսն էլ խորասուզված էին մտորումների մեջ։
:Կամաց-կամաց սենյակը դատարկվեց, բոլորը գնացին քնելու։ Երբ վերջապես Լի Ջորդանն էլ հորանջելով ու մկանները ձգրտելով դուրս եկավ ընդհանուր սենյակից, Ռոնը շրջվեց Հարրիի կողմն ու ասաց.
:— Լավ կանես գնաս անտեսանելիության թիկնոցի ետևից։
:Հարրին վազեց վեր՝ իրենց մութ ննջասենյակը։ Նա ճամպրուկից հանեց թիկնոցը, և այդ պահին նրա աչքն ընկավ սրինգի վրա, որը Հագրհդն էր իրեն նվիրել Սուրբ Ծննդյան տոնին։ Նա սրինգը դրեց գրպանը՝ Խավիկի վրա օգտագործելու համար, քանզի տրամադրություն չուներ նրա համար օրորոցային երգելու։ Հետո արագ ետ վազեց ընդհանուր սենյակը։
:— Մենք լավ կանենք թիկնոցն այստեղ հագնենք ու համոզվենք, որ այն լրիվ ծածկում է բոլոր երեքիս։ Պատկերացնու՞մ եք, եթե հանկարծ Ֆիլչը տեսնի մեզնից մեկն ու մեկի ոտքը միջանցքում թռչկոտելիս։
:— Այս ի՞նչ եք անում, — հնչեց մի ձայն և բազկաթոռներից մեկի ետևից հայտնվեց Նեվիլը, ձեռքի մեջ բռնած Թրեվոր դոդոշին, որը կարծես ազատության ևս մեկ հուսահատ ընդվզում էր ունեցել։
:— Ոչինչ, Նեվիլ, ոչինչ... — արագ ասաց Հարրին՝ շտապ թաքցնելով Անտեսանելիության թիկնոցը իր թիկունքում։
:Նեվիլը մի պահ նայեց նրանց մեղավոր դեմքերին։
:— Դուք նորից դուրս եք գնում, — ասաց նա։
:— Ոչ, ոչ, ո՜չ... — ասաց Հերմիոնան, — մենք ոչ մի տեղ էլ չենք գնում։ Իսկ դու լավ կանես գնաս քնելու, Նեվիլ։
:Հարրին նայեց դռան կողքին կանգնած մեծ փայտյա ժամացույցին։ Նրանք այլևս չէին կարող ժամանակ կորցնել, շատ հնարավոր է, որ այդ պահին Սառկեկն արդեն օրորոցային էր նվագում Խավիկի համար։
:— Դուք չեք կարող դարս գնալ, — խրոխտ ասաց Նեվիլը, — դուք նորից կբռնվեք, ու Գրիֆինդորն ավելի մեծ փորձանքի մեջ կընկնի։
:— Դու չես հասկանում, — ասաց Հարրին, — սա շատ կարեւոր է։
:Սակայն Նեվիլն ակնհայտորեն ուժերը կենտրոնացնում էր ինչ֊որ շատ հուսահատ մի քայլ անելու համար։
:― Ես թույլ չեմ տա ձեզ դուրս գնալ, ― ասաց նա՝ շտապելով դիրքավորվել Չաղ Կոմսուհու հիմանկարի առաջ։ ― Ես․․․ ես կկռվեմ ձեզ հետ, բայց թույլ չեմ տա, որ դուրս գաք։
:―Նեվի՜լ, ― որոտաց Ռոնը, ― հեռու գնա՛ անցումից եւ քեզ ապուշի պես մի պահիր։
:― Չհամարձակվե՛ս ինձ ապուշ անվանել, ― ասաց Նեվիլը, ― ես թույլ չե տա, որ դուք կրկին որեւէ կանոնակարգ խախտեք։ Դու չէի՞ր , որ սովորեցնում էիր ինձ դիմադրել մարդկանց։
:―Հա՜, բայց ոչ մեզ, ― համբերությունը կորցնելով կատաղած ասաց Ռոնը, ― Նե՛վիլ, դու չես հասկանում, թե ինչ ես ասում։
:Ռոնը մի քայլ առաջ գնաց, եւ Նեվիլը ձեռքից վայր գցեց Թրեվոր դոդոշին, որն օգտվելով առիթից անմիջապես ծլկեց տեսադաշտից։
:― Դե խփի՛ր․․․ Խփի՛ր ինձ, ես պատրաստ եմ, ― ասաց Նեվիլը՝ բռնցքամարտիկի խես բռունցքները սեղմած վեր բարձրացնելով։
:Հարրին շրջվեց դեպի Հերմիոնան։
:― Մի բան արա, ― ասաց նա հուսահատորեն։
:Հերմինոնան առաջ եկավ։
:― Նեվիլ, ― ասաց նա, ― ես շատ ու շատ ներողություն եմ խնդրում քեզնից։
:Նա բարձրացրեց իր կախարդական փայտիկը։
:―Պետրիֆիկուս տոտալո՛ւս, ― ասաց նա, փայտիկի ծայրն ուղղելով Նեվիլի վրա։
:Նեվիլի ձեռքերը վայրկենապես կպան նրա մարմնի կողքերին, իսկ ոտքերը՝ ձգվելով, մի ցատկով միացան իրար։ Ամբողջ մարմնով փայտացած, նա տեղում ճոճվեց ու գերանի պես, երեսնիվայր անօգնական փռվեց գետնին։
:Հերմիոնան նետվեց՝ Նեվիլին մեջքի վրա շուռ տալու։ Նեվիլի ծնոտները քարացել էին, կպել էին իրար, այնպես, որ նա նույնիսկ խոսել չէր կարող, եւ միայն աչքերն էին սարսափահար աջ ու ձախ պտտվում։
:― Այդ ի՞նչ արեցիր նրա հետ, ― շշնջաց Հարրին։
:― Ախ, դա ամբողջ մարմինը անդամալուծող չարդավանք էր, ― ասաց Հերմիոնան ողբաձայն, ― Նեվիլ, ներիր ինձ, խնդրում եմ։
:― Ներիր մեզ, Նեվիլ, բայց մենք ուրիշ ելք չունեինք, իսկ հիմա ժամանակ չունենք քեզ բացատրելու։
:― Ավելի ուշ ամեն ինչ կհասկանաս, Նեվիլ, ― ասաց Ռոնը, երբ նրանք երեքով գլուխների վրա գցեցին Անտեսանելիության թիկնոցն ու Նեվիլի վրայով անցնելով, դուրս եկան նկարի շրջանակի բացվածքով։
:Սակայն Նեվիլին անշարժացած հատակին թողնելը, կարծես այնքան էլ բարեգուշակ սկիզբ չէր նրանց նախաձեռնության համար։ Նման նյարդային վիճակում ամեն մի արձանի ստվեր Ֆիլչին էին նմանեցնում, քամու ամեն մի հեռավոր շունչ, ասես միջանցքով իրենց կողմը սլացող Փիվզը լիներ։
:Առաջին աստիճանահարթակի վրա նրանք նկատեցին Միսիզ Նորսիսին։
:― Օհ, եկեք մի լավ քացի տանք դրան, գոնե մեկ անգամ, ― շշնջաց Ռոնը Հարրիի ականջին, սակայն Հարրին հաստատակամորեն գլուխն օրորեց։ Մինչ նրանք զգուշորեն շրջանցում էին կատվին, Միսիզ Նորիսն իր լապտերանման աչքերը շրջեց նրանց կողմը, բայց տեղից չշարժվեց։
:Ճանապարհին նրանք ուրիշ ոչ մեկի չհանդիպեցին, մինչեւ հասան երրորդ հարկ տանող աստիճաններին։ Փիվզը միջանցքի մեջտեղումէ խորասուզված թուլացնում էր հատակի երկար գորգը, որպեսզի առավոտյան անցնողները սայթաքեն ու վայր ընկնեն։
:― Ո՞վ կա այդտեղ, ― հանկարծ ասաց նա, երբ եռյակը քայլ առ քայլ սկսեց մոտենալ նրան։ Փիվզը կծկվեց եւ նեղացրեց իր շեղ աչքերը՝ նայելով ուղիղ նրանց վրա, սակայն բնականաբար, ոչինչ չտեսավ։
:― Գիտեմ, որ այդտեղ ես, թեև չեմ կարող տեսնել քեզ։ Ո՞վ ես, ասա, ո՞ր ցեղից ես՝ վամպիրչո՞, թե ուր֊ վաչո՞, թե՞ շռշռան ուսանողչո... — ասաց նա իր ճղճղան ձայնով։
:Նա օդ բարձրացավ և սկսեց ճախրել միջանցքի մեջտեղում խեթ-խեթ նայելով նրանց կողմը։
:— Ֆիլչին պետք է կանչել... Հենց հիմա կկանչեմ... Ի՞նչ իմանաս, ո՛վ է անտեսանելի ֆռֆռում միջանցքներում...
:Հանկարծ Հարրիի գլխում մի միտք ծագեց։ Եվ ձայնը իջեցնելով, խռպոտ ու թավ կոկորդային առոգանությամբ, նա ասաց.
:— Փի՛վզ, Արյունարբու Բարոնը, անշուշտ, պատճառներ ունի անտեսանելի լինելու համար։
:Փիվզն անակնկալից քիչ մնաց վայր ընկներ։ Բայց ժամանակին ուշքի եկավ և ինքն իրեն օդի մեջ պահեց աստիճաններից մեկ ոտնաչափ բարձրության վրա։
:—Օյ֊օյ, ներողություն, ձերդ արյունարբության, պարոն Բարոն, սըր, — ասաց նա ստորաքարշ շողոքորթությամբ, — ա՜խ ինչպես սխալվեցի, օ՜խ ինչպես սխալվեցի... Ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ ինձ... Ես ձեզ չտե՜սա... Ա՜հ-հա֊հա-հա, անշուշտ, ինչպե՞ս կարող էի տեսնել, երբ դուք անտեսանելի եք... Ներեցեք ծերունի Փիվզին, սըր, ես կատա՜կ էի անում...
:— Ես այստեղ գործ ունեմ, Փիվզ, — նույն առոգանությամբ շարունակեց Հարրին, — հեռու կմնաս այստեղից այս գիշեր։
:— Անշուշտ... Իհարկե... Ահավասիկ... Խնդրեմ, խնդրեմ... Անպայման... Ի՜նչ խոսք, — շուտասելուկի պես թոթովեց Փիվզն ու կրկին բարձրացավ օդի մեջ, — Հուսով եմ ձեր գործը հաջողությամբ կպսակվի, պարոն Բարոն, սըր... Ես ձեզ չեմ խանգարի։
:Եվ նա անձայն ծլկեց։
:— Գերազա՛նց էր, Հարրի, — շշնջաց Ռոնը։ Մի քանի վայրկյան անց նրանք կանգնած էին երրորդ հարկի միջանցքում... և դուռն արդեն կիսաբաց էր։
:— Ահա խնդրեմ, ― հանգիստ ասաց Հարրին, Սառկեկն արդեն անցել է Խավիկի մոտով։
:Տեսնելով կիսաբաց դուռը, նրանք կարծես առաջին անգամ ընկալեցին, թե ինչ էր իրենց իրականում սպասում։ Թիկնոցի տակ Հարրին դիմեց մյուս երկուսին։
:— Եթե ուզենաք վերադառնալ, ես ձեզնից չեմ նեղանա, ― ասաց նա, ― Կարող եք թիկնոցը ձեզ հետ վերցնել, այն ինձ արդեն պետք չէ։
:— Էլ մի հիմարացի, — ասաց Ռոնը։
:— Մենք գալիս ենք քեզ հետ, — հաստատակամ ասաց Հերմիոնան։
:Հարրին դուռն առաջ հրեց։
:Դռան ճռռոցի հետ ցածր, սպառնալից գռմռոց հասավ նրանց ականջներին։ Թեև շունը ոչինչ չէր տեսնում, նրա բոլոր երեք թաց քթերը սկսեցին կատաղաբար օդը հոտոտել եռյակի ուղղությամբ։
:— Այն ի՞նչ է ընկած հատակին նրա թաթերի տակ, — շշնջաց Հերմիոնան։
:— Ոնց որ քնար լինի... Հաստատ Սառկեկն է թողել այստեղ։
:— Երևի շունը արթնանում է, հենց դադարում ես նվազել, — ասաց Հարրին, — դեհ, ինչ... սկսեցինք...
:Նա Հագրիդի սրինգը դրեց շարթերին ու փչեց։ Թեև դժվար թե սրինգից դուրս եկած ձայնը կարելի էր մեղեդի համարել, սակայն առաջին իսկ հնչյունից գազանի աչքերը սկսեցին փակվել։ Հարրին հազիվ հասցնում էր շնչել։ Կամաց-կամաց շան գռմռոցները դադարեցին, նա թաթերով դոփդոփեց տեղում ա նստեց, հետո գլուխները թաթերին հարմար տեղավորելով մուշ֊
մուշ քնեց։
:—Չդադարես նվագել, — զգուշացրեց Ռոնը Հարրիին, երբ նրանք սկսեցին դուրս գալ թիկնոցի տակից և ոտնամատների վրա շարժվեցին դեպի գաղտնադուռը։ Մոտենալով հսկա գլուխներին, նրանք զգացին շան տաք, փտահոտ շնչառությանը։
:Կարծես գաղտնադուռը փակված չէ և հեշտությամբ կբացվի, ասաց Ռոնը, շան մարմնի վրայով նայելով նրա թիկունքում, հատակի վրա գտնվող գաղտնադռանը, — Հերմիոնա, դու կգնա՞ս առաջինը։
:— Ոչ, ոչ ես։
:— Շատ լավ։
:Ռոնը ատամները ամուր իրար սեղմեց և զգուշորեն շրջանցեց շանը՝ քայլելով նրա թաթերի վրայով։ Նա առաջ թեքվեց ու վեր քաշեց գաղտնադռան օղից, որը մի կողմի վրա ընկավ ու երախի պես բացեց գաղտնադռան անցումը։
:— Ի՞նչ ես տեսնում, — անհանգիստ հարցրեց Հերմիոնան։
:— Ոչինչ, անտակ մթություն է, ոչ մի աստիճան էլ չկա, այսինքն իջնելու տեղ չկա... Պիտի պարզապես ներս թռնենք ու վայր ընկնենք։
:Հարրին, որը դեռ սրինգ էր նվագում, ձեռքը թափահարեց Ռոնի կողմը և մատնացույց արեց ինքն իրեն՝ հասկացնելով, որ ինքն առաջինը կգնա։
:— Ուզում ես առաջի՞նը գնալ։ Համոզվա՞ծ ես, — ասաց Ռոնը, — Չեմ պատկերացնում թե ի՞նչ խորություն կարող է ունենալ այս հորը։ :Սրինգը տուր Հերմիոնային, որ նա Խավիկին քնած պահի։
:Հարրին սրինգը փոխանցեց Հերմիոնային։ Այն մի քանի վայրկյանի ընթացքում, երբ սրինգի ձայնը դադարեց, շունը գռմռաց ու ցնցվեց, սակայն, երբ Հերմիոնան սկսեց նվագել, շունը նորից անմիջապես ընկղմվեց խոր քնի մեջ։
:Հարրին մագլցեց շան վրայով և մոտենալով գաղտնադռանը նայեց մութ հորանցքի մեջ։ Հատակի ոչ մի նշան չկար։
:Հարրին՝ մատների ծայրերով բացվածքի շրջանակից բռնած, կախվեց հորի մեջ, հետո նայեց վեր Ռոնին ու ասաց.
:—Եթե ինձ հետ որևէ բան պատահի կամ ես ձեզ ներքևից ձայն չտամ, որ այնտեղ ապահով է, իմ ետևից չգաք։ Ուղիղ կգնաք թռչնանոց ու Հեդվիգին կուղարկեք Դամբլդորի ետևից։ Եղա՞վ...
:— Եղավ, — ասաց Ռոնը։
:— Կհանդիպենք մեկ րոպեից... Հասով եմ...
:Եվ Հարրին ձեռքերը բաց թողեց։ Սառը, խոնավ օդը վնգալով կլանեց նրան, իսկ նա անկամից բացի ուրիշ ոչինչ չէր զգում... Վար, վար, վար և... ԹՐԸՄՓ... Սի տարօրինակ խեղդված թրմփոցով ու ճրճրթոցով Հարրին վայրէջք կատարեց ինչ-որ փափուկ բանի վրա։ Նա նստեց ու շոշափեց հատակը։ Աչքերը դեռ չէին սովորել շուրջը տիրող կիսախավարին։ Այնպիսի տպավորություն էր, ասես ինքը նստած էր ինչ-որ բույսի ճյուղերի ու տերևների վրա։
:— Ես լավ եմ... — բղավեց նա՝ վեր նայելով մեծ մետաղադրամի չափ լուսավոր շրջանակին, որը բացված գաղտնադռան հորանցքն էր։
:— Վայրէջքը փափուկ է, կարող եք ցատկել։
:Ռոնը անմիջապես թռավ հորանցքի մեջ և ոտքերն ու ձեռքերը տարածած թրմփաց Հարրիի կողքին։
:— Այս ի՞նչ է մեր տակ, — եղան նրա առաջին խոսքերը։
:—Չգիտեմ, ինչ-որ բույս է։ Ենթադրում եմ, որ անկումը թեթևացնելու համար է այստեղ փռված։ Հերմիոնա, ցած արի...
:Հեռավոր երաժշտության ձայնը դադարեց։ Շունը որոտաձայն հաչաց, սակայն Հերմիոնան արդեն ցած էր թռել։ Նա վայրէջք կատարեց Հարրիի մյուս կողքին։
:— Մենք երևի ինչ-որ տեղ ամրոցի տակ ենք, — ասաց նա։
:— Օհ, ինչ բախտավորություն, որ այս ճյուղերն ու տերևներն այստեղ փռված էին...
:— Բախտավորությու՞ն... — ճչաց Հերմիոնան, — ապա մի ձեզ վրա նայեք։
:Նա վեր ցատկեց նստած տեղից և ոտքերը հազիվ շարժելով ու պայքարելով փախավ դեպի դիմացի խոնավ պատը։ Տեղից պոկվելը շատ դժվար էր, որովհետև այն պահին, երբ նա վայրէջք էր կատարել, գետնին փռված բույսը սկսել էր իր երկար ճկուն, օձանման ցողուններով ոլոր-մոլոր փաթաթվել նրա կրունկների ու ոտքերի շուրջը ՝ անողոքաբար վերածվելով անհաղթահարելի կապանքների։ Ինչ վերաբերում էր Ռոնին ու Հարրրին, նրանց ոտքերն արդեն ամուր կապված էին ցողուններով, իսկ նրանք ոչինչ չէին էլ նկատել։
:Հերմիոնային հաջողվեց ավելի շուտ ազատվել, քան բույսը կհասցներ ամուր կառչել նրանից։ Հիմա նա շվարած կանգնած՝ սարսափով դիտում էր, թե ինչպես էին տղաները թպրտում, ապարդյուն փորձելով ազատվել ցողունների արագ-արագ աճող կապանքներից, սակայն ինչքան շատ էին նրանք ճիգեր գործադրում, այնքան ավելի արագ ու ամուր էին փաթաթվում ցողունները նրանց վերջավորությունների ու մարմինների շուրջը։
:— Մի՛ շարժվեք, — կարգադրեց նրանց Հերմիոնան, — ես գիտեմ, թե սա ինչ է, սա կոչվում է Սատանի ծուղակ։
:— Ի՜նչ լավ է, որ գիտենք, թե ինչպես է կոչվում սա... Անչափ ուրախ եմ... Բոլոր հարցերը լուծվեցին...— մրթմրթաց Ռոնը, վիզը ետ ձգելով, որ ազատվի պարանոցի շուրջն անողոքաբար փաթաթվող ցողունից։
:— Մի խանգարի՛ր, ես փորձո՛ւմ եմ հիշել, թե ինչպես են սրան սատկացնում, — ասաց Հերմիոնան։
:— Շտապի՛ր, ես արդեն հազիվ եմ շնչում, — տնքաց Հարրին՝ փորձելով կուրծքը վեր ցցելով թուլացնել իրանի շուրջը ձիգ փաթաթվող ճկուն կապանքները։
:— Սատանի ծուղակ... Սատանի ծուղակ... Ի՞նչ էր ասում պրոֆեսոր Սածիլը... Այն սիրում է մթություն ու խոնավություն...
:— Ուրեմն կրակ վառի՚ր, — արդեն խեղդվելով բղավեց Հարրին։
:— Հա, բայց... այստեղ փայտ չկա, — ձեռքերը հուսահատորեն կոտրելով ճչաց Հերմիոնան։
:— Ո՞ՆՑ ԹԵ՝ ՓԱՅՏ ՉԿԱ, ― ոռնաց Ոոնը, ― ԴՈԻ ՑՆԴԵ՞Լ ԵՍ... ՎԵՐՋԱՊԵԱ, ՎՀՈԻ՞Կ ԵՍ, ԹԵ՝ ՈՉ...
:— Աախ, — ուշքի եկավ Հերմիոնան և անմիջապես հանեց իր կախարդական փայտիկը, ինչ-որ բառեր մրմնջաց ու ձեռքը թափահարելով՝ փայտիկի ծայրից երկնագույն կրակի բոցեր ճայթեց բույսի վրա, ճիշտ այնպես, ինչպես հրդեհել էր Սառկեկի պարեգոտը քվիդիչի խաղի ժամանակ։ Իսկապես, մի քանի վայրկյանից տղաները զգացին, որ բույսի ցողունները թուլացան, և շոշափուկների նման առաձգական շիվերը խլրտալով ու կծկվելով ետ բաշվեցին լույսից ու ջերմությունից դեպի խոնավ ու մութ պատը։
:— Օօօյ... Բախտներս բերեց, որ դու ուշադիր ես լինում հերբոլոգիայի դասերին, Հերմիոնա, — ճակատից քրտինքը սրբելով ասաց Հարրին։ Նա ոտքի կանգնեց ու մոտեցավ խոնավ պատի մոտ կանգնած Հերմիոնային։
:— Հա՜... և բախտներս բերեց, որ նման իրավիճակներում Հարրին գլուխը չի կորցնում... — տնքաց Ռոնը, —Հը-հը... «փայտ չկա այստեղ»... մեկ էլ տեսար ընենց բան կասես, որ... Փայտ չկա, բա չէ՜...
:— Այս կողմը, — ասաց Հարրին մատնացույց անելով մի քարապատ միջանցք, որը փոսից դուրս տանող միակ ելքն էր։
:Իրենց քայլերից բացի, նրանք լսում էին միայն պատերից կաթկթացող ջրի ձայնը։ Միջանցքը զառիվայր ներքև էր իջնում, և Հարրին հիշեց Գրինգոթսի լաբիրինթոսը։ Սրտի տհաճ կծկումով նա հիշեց, որ դյութերի բանկի պահոցները երբեմն վիշապներ էին պահպանում։ Ի՞նչ կլինի, եթե իրենք հանկարծ մի վիշապի հանդիպեն, այն էլ արդեն հասուն ու հզոր անհատի։ Նորբերթը թեև երկու շաբաթական ձագուկ էր, բայց արդեն իսկ վտանգավոր ու անկառավարելի էր։
:— Ոչինչ չե՞ք լսում, — շշնջաց Ռոնը Հարրին ականջ դրեց։ Առջևից ինչ-որ միալար դժժոց ու ցածր խուլ գվվոց էր գալիս։
:— Գուցե ուրվական է, ի՞նչ եք կարծում։
:— Չգիտեմ... կարծես թևերի խփխփոց լինի։ Նրանք հասան միջանցքի ծայրին և քարապատ անցումի մթան միջից նրանց առջև միանգամից բացվեց մի պայծառ լուսավորված կլոր դահլիճ, որի պատերը հավասար հատվածների բաժանող հենասյուները վեր էին խոյանոււմ և բավականին մեծ բարձրության վրա աստղաձև կամարներով հատում առաստաղը։
:Առաստաղի տակ վխտում էին փոքրիկ, զարդերի պես փայլփլուն թռչնակների երամներ, որոնք իրենց թևիկներով քամի բարձրացնելով, բազմագույն ամպիկների պես գվվոցով գալարապտույտ թռչում էին առաստաղի տակ՝ տարբեր ուղղություններով։ Դահլիճի հակառակ կողմում մի հսկայական ծանր փայտյա դուռ կար։
:— Ի՞նչ ես կարծում, նրանք կհարձակվե՞ն մեզ վրա, եթե փորձենք կտրել անցնել դահլիճը, — բարձրաձայն մտորեց Ռոնը։
:— Շատ հավանական է, — ասաց Հարրին, — թեև նրանք գիշատիչ տեսք չունեն, բայց եթե բոլորը միասին հարձակվեն... Սակայն ընտրություն չունենք... Ես կվազեմ մինչև այն դուռը։
:Հարրին խոր շունչ քաշեց, գլուխը ծածկեց արմունկներով և սենյակով շեղաձիգ վազեց դեպի փայտյա դուռը։ Նա սպասում էր, որ սուր ճանկերն ու կտուցները ուր որ է պիտի մխրճվեն իր թիկունքի մեջ, սակայն ոչինչ չկատարվեց։ Հարրին ողջ ու առողջ հասավ դռանը և քաշեց արծաթյա բռնակը, բայց դուռը կողպված էր։
:Մյուս երկուսը եկան նրա ետևից։ Նրանք դուռը հրմշտեցին ու քաշքշեցին, սակայն կողպեքը չբացվեց, նույնիսկ երբ Հերմիոնան արեց իր «ալոհոմորա» դյութանքը։
:— Հիմա ի՞նչ... — ասաց Ռոնը
:— Այս ծտերը... չի կարող պատահել, որ սրանք հենց այնպես, գեղեցկության համար լինեն այստեղ, — ասաց Հերմիոնան։
:Նրանք մի պահ դիտեցին իրենց գլխավերևում անխոնջ պտտվող թոչուններին, որոնք խումբ֊խումբ և անկանոն այս ու այն կողմ էին թռչում առաստաղի տակ, մերթ ընդ մերթ փայլփլելով... Փայլփլելո՞վ...
:— Սրանք թռչուններ չեն... — Հանկարծ ասաց Հարրին, ― սրանք բանալիներ են։ Թևավոր բանալիներ, ապա մի ուշադիր նայեք։ Իսկ դա նշանակում է... — նա քննախույզ հայացքով զննեց ամբողջ սրահը, մինչ մյուս երկուսը աչքերը կկոցելով, նայում էին առաստաղի տակ սուրացող թևավոր բանալիներին։
:— Այ-յո՛... Այնտեղ նայեք՝ ցախավելներ են... Մենք պետք է բռնենք այս դռան բանալին։
:— Բայց այստեղ հարյուրավոր բանալիներ կան։ Ռոնը ուշադիր զննեց դռան կողպեքը։
:— Մեզ պետք է մի հին, մեծ, հնաոճ բանալի, և հավանաբար դռան բռնակի նման արծաթից ձուլված։
:Նրանցից ամեն մեկը մի ցախավել առավ ձեռքը և օդ բարձրացավ՝ առաստաղի տակ սուրալով բանալիների երամների ետևից։ Նրանք փորձում էին հասնել ու բռնել բանալիներից որևէ մեկին, սակայն հմայված բանալիներն այնքան արագ էին աջ ու ձախ թռչում, որ անհնար էր դրանցից մեկն ա մեկը բռնել։
:Սակայն մի՞թե իզուր էր Հարրին դարի ամենաերիտասարդ Որսորդը համարվում։ Նա իսկապես տաղանդ ուներ՝ անմիջապես նկատելու այն, ինչը մյուսները չեն տեսնում։ Սեկ րոպե ծիածանագույն փետուրների մեջ գալարապտույտ սուրալուց հետո, նա նկատեց մի մեծ արծաթյա բանալի, որի թևիկներից մեկը բավականին ծռմռված էր, կարծես այն արդեն բռնել ու կոպտորեն մտցրել էին կողպեքի անցքի մեջ։
:— Այն մեկը, — բղավեց նա մյուսներին, — այն մեծ բանալին, այնտե՛ղ... Ո՛չ, այնտե՛ղ, վառ երկնագույն թևիկներով... Մի թևի փետուրները լրիվ ծռմռված են։
:Ռոնը՝ արագություն հավաքելով, սուրաց Հարրիի մատնանշած ուղղությամբ, սակայն ընդհարվեց առաստաղին ու քիչ մնաց վայր ընկներ ցախավելրց։
:— Մենք պետք է բոլոր կողմերից կտրենք դրա ճանապարհը, — բղավեց Հարրին աչքը չկտրելով վիրավոր թևով բանալուց... Ռո՚ն, դա վրա կտաս վերևից... Հերմիոնա՛, դու մնա ներքևում ա կկտրես դրա ճանապարհը, եթե ներքև փախչի, իսկ ես կփորձեմ բռնել դրան, եղա՞վ... ՀԻՄԱ՛...
:Ռոնը սուզվեց, Հերմիոնան վեր սլացավ, բանալին, ասես զսպանակի պես վեր ու վար թռվռաց նրանց միջև, իսկ Հարրին սուրաց ուղիղ դեպի բանալին, որը սրընթաց նահանջեց դեպի պատը, և Հարրին ձեռքն առաջ մեկնելով, զզվելի ճզճզոցով բանալին գամեց պատի վրա։ Ռոնի ու Հերմիոնայի ուրախ բացականչությունները արձագանքեցին կամարակապ դահլիճի առաստաղի տակ։
:Նրանք արագ վայրէջք կատարեցին, և Հարրին վազեց դեպի դուռը, թպրտացող բանալին ձեռքի մեջ ամուր բռնած։ Նա բանալին մտցրեց կողպեքի մեջ և պտտեց... աշխատեց։ Այն պահին, երբ կողպեքը բացվեց, բանալին՝ կրկին ազատ զգալով իրեն, դուրս թռավ անցքից և ետ սլացավ դեպի վեր, այս անգամ իսկապես շատ ծեծված տեսքով, քանզի արդեն երկրորդ անգամն էր բռնվել ու օգտագործվել։
:— Պատրա՞՛ստ եք, — հարցրեց Հարրին մյուս երկուսին, ձեռքը դնելով դռան բռնակի վրա։ Նրանք գլխով արին, և Հարրին դուռը դեպի իրեն քաշեց։
:Հաջորդ դահլիճն այնքան մութ էր, որ առաջին պահին նրանք ոչինչ չտեսան։ Սակայն, երբ երեքն էլ մի քայլ արեցին դահլիճի մեջ, այն անմիջապես ողողվեց պայծառ լույսով՝ մի ապշեցուցիչ տեսարան բացելով նրանց առաջ։
:Նրանք կանգնած էին մի հսկայական շախմատի տախտակի եզրին, սև շախմատամարտիկների թիկունքում, որոնք բոլորը բարձրահասակ մարդուց ավելի բարձր էին և, ասես տաշված լինեին սև քարից։ Նրանց դիմաց, չորս շախմատավանդակ առաջ, կանգնած էին սպիտակ շախմատամարտիկները։ Հարրին, Ռոնն ու Հերմիոնան թեթևակի դող զգացին՝ սպիտակ շախմատամարտիկները դեմք չունեին։
:— Հիմա ի՞նչ ենք անելու, — շշնջաց Հարրին։
:— Մի՞թե պարզ չէ, — ասաց Ռոնը, — մենք պետէ է շախմատ խաղալով ճանապարհ բացենք մեզ համար այս ղահլիճի միջով։
:Սպիտակ շախմատամարտիկների թիկունքում մեկ այլ դուռ էր երևում։
:— Բայց ինչպե՞ս, ― տագնապով հարցրեց Հերմիոնան։
:— Ինձ թվում է մենք պետք է ինքներս շախմատամարտիկ դառնանք։
:Նա առաջ քայլեց՝ մոտենալով սև ձիուն և ձեռքը մեկնելով հպվեց սև քարին։ Քարն անմիջապես կենդանացավ։ Ձին սմբակով դոփեց տեղում, իսկ ձիու վրա նստած ասպետը սաղավարտով ծածկված գլուխը ցած թեքեց ու ասես նայեց Ռոնին։
:— Մենք պետք է ձեզ միանա՞նք դահլիճով անցնելու համար... — հարցրեց Ռոնը։
:Սև ասպետը գլխով արեց։ Ռոնը շրջվեց մյուս երկուսի կողմը։
:— Մտածել է պետք․.. — ասաց նա, — ... Երևի մենք պետք է փոխարինենք երեք սև շախմատամարտիկների...
:Հարրին ու Հերմիոնան լուռ դիտում էին, թե ինչպես էր Ռոնը մտածում։ Վերջապես, նա ասաց.
:— Ուրեմն նեղանալ կամ վիրավորվել չկա, բայց ձեզնից ոչ մեկը շախմատ լավ չի խաղում...
:— Մենք չենք նեղանա, — արագ ընդհատեց նրան Հարրին, — ուղղակի ասա, թե ինչ անենք։
:— Բարի... դու, Հարրի, կփոխարինես այս Փղին, իսկ դու, Հերմիոնա, գնա նրա կողքին կանգնած այն Նավակի տեղը։
:— Իսկ դո՞ւ...
:— Ես կլինեմ Ձի, — ասաց Ռոնը։
:Կարծես թե շախմատամարտիկները լսում էին, որովհետև այն պահին, երբ Ռոնը ավարտեց իր խոսքը մի ձի, մի փիղ և մի նավակ մեջքով շրջվեցին սպիտակների կողմը և դուրս քայլեցին շախմատային հարթակի վրայից՝ դատարկ թողնելով երեք շախմատավանդակ, որոնք էլ զբաղեցրին Ռոնը, Հարրին ու Հերմիոնան։
:— Շախմատի մեջ սպիտակները միշտ առաջինն են խաղում,.. — ասաց Ռոնը, սև զինվորների արանքով նայելով սպիտակ շախմատամարտիկներին։ — Այո, նայե՛ք...
:Մի սպիտակ զինվոր երկու վանդակ առաջ եկավ։
:Ռոնը սկսեց ղեկավարել սև շախմատամարտիկներին։ Նրանք լուո հնազանդվում էին նրա հրահանգներին և գնում, ուր որ Ռոնը նրանց ուղարկում էր։ Հարրիի ծնկները դողում էին։ Իսկ եթե իրենք տանո՞ւլ տան։
:— Հա՛րրի, շեղաձիգ գնա չորս վանդակ դեպի աջ։
:Առաջին զարհուրելի ցնցումը եղավ, երբ հակառակորդը վերցրեց նրանց մյուս ձիուն։ Սպիտակ թագուհին հուժկու հարվածով տապալեց նրան ու քարշ տվեց սպիտակների կողմը՝ շախմատի տախտակից դուրս հրելով, որտեղ և ձին ու ասպետը անշարժ մնացին փռված գետնի վրա։
:— Ստիպված էի նրան զոհել — կարծես ներողություն խնդրելով, ասաց Ռոնը, — հիմա ճանապարհը բացվեց, որպեսզի մենք վերցնենք այն սպիտակ փղին... Հերմրոնա՛, առաջ անցիր։
:Ամեն անգամ, երբ սևերից որևէ մեկը զոհվում էր, սպիտակները ողորմածություն չէին ցույց տալիս։ Շուտով պատի երկայնքով՝ անշարժացած սև շախմատամարտիկների մի ստվար կույտ գոյացավ։ Երկու անգամ Ռոնը միայն վերջին պահին նկատեց, որ Հարրիին ու Հերմիոնային վտանգ էր սպառնում։ Նա ինքը աջ ու ձախ էր նետվում տախտակի վրա՝ վերցնելով գրեթե նույնքան սպիտակ շախմատամարտիկների, ինչքան իրենք զոհել էին սևերից։
:— Վերջն արդեն մոտ է, — հանկարծ մրթմրթաց նա, — Թողեք մտածեմ... թողեք մտածեմ...
:Սպիտակ թագուհին իր դատարկ դեմքը շրջել էր նրա կողմը։
:— Այո, — ասաց նա հանգիստ, — դա միակ հնարավոր տարբերակն է... Ես պետք է զոհ գնամ...
:— Ո՜Չ, — ճչացին Հարրին ա Հերմիոնան։
:— Շախմատ է... — պարզ պատասխանեց Ռոնը, — այս խաղի իմաստը զոհողությունների մեջ է։ Ես հիմա մի քայլ առաջ կգնամ, և սպիտակ թագուհին ինձ կվերցնի, իսկ դու, Հարրի, հնարավորություն կունենաս շախ ու մատ անելու սպիտակ թագավորին։
:— Բայց...
:— Դու ուզու՞մ ես կանգնեցնել Սառկեկին, թե՝ ոչ։
:— Ռոն...
:— Եթե դու հիմա չշտապես, նա կվերցնի Փիլիսոփայական քարը։
:Առարկելու տեղ չկար։
:— Պատրա՞ստ եք, — բղավեց Ռոնը գունատ, բայց հաստատակամ հայացքով, — Ես գնացի... Տեսե՚ք, հանկարծ այստեղ երկար չմնաք հաղթելուց հետո։
:Ռոնը մի քայլ առաջ գնաց, և սպիտակ թագուհին՝ ցնցվելով կենդանացավ։ Նա իր քարե ձեռքով ուժեղ հարվածեց Ռոնի գլխին, և Ռոնը տապալվեց գետնին։ Հերմիոնան ճչաց, սակայն տեղից չշարժվեց։ Սպիտակ թագուհին Ռոնին քարշ տվեց շախմատի տախտակից դուրս։ Ռոնը կարծես ուշաթափվել էր։
:Դողալով Հարրին երեք քայլ արեց դեպի ձախ։
:Սպիտակ թագավորը հանեց իր թագը և նետեց Հարրիի ոտքերի տակ։ Նրանք հաղթեցին։ Սպիտակ շախմատամարտիկները խոնարհվեցին նրանց առաջ և մի կողմ քաշվեցին դեպի դուռը տանող ճանապարհից։ Վերջին անգամ հուսահատորեն նայելով Ռոնի վրա, Հարրին ու Հերմիոնան անցան հաջորդ դռնով ու վազեցին հաջորդ միջանցքով։
:— Իսկ եթե նա՞...
:— Նրա հետ ամեն ինչ լավ կլինի, — ասաց Հարրին փորձելով համոզել ինքն իրեն, — Ի՞նչ ես կարծում, հաջորդն ի՞նչ է լինելու։
:— Մենք անցանք Սածիլի հմայապատնեշով, դա Սատանի ծուղակն էր։ Բանալիները հավանաբար հմայել էր Ֆլիթվիքը։ Շախմատամարտիկներին կենդանացրել էր Մըք Գոնագալը... ուրեմն մնացին Քուիրելն ու Սառկեկը։
:Նրանք հասել էին հաջորդ դռանը։
:— Պատրա՞ստ ես... — շշնջաց Հարրին։
:— Դեհ, բաց արա դուռը։ Հարրին դուռը առաջ հրեց։ Մի զազրելի հոտ անմիջապես խփեց նրանց քթանցքներին՝ ստիպելով ինքնաբերաբար վեր բարձրացնել պարեգոտների փեշերը դեմքերը ծաեկելու համար։ Գարշահոտից արցունքոտված աչքերով նրանք տեսան դահլիճի մեջտեղում հասակով մեկ փռված մի հսկայական տրոլի, նույնիսկ ավելի մեծ ու զզվելի, քան այն մեկը, որին իրենք շլացրել էին Բոլոր սրբերի օրը։ Տրոլն արդեն փայտացել էր։ Նրա գլխին մի զարհուրելի խորաբաց արյունոտ վերք էր երևում։
:— Ի՞նչ լավ Է, որ ստիպված չենք սրա հետ գործ ունենալ, ― ասաց Հարրին զգուշությամբ անցնելով տրոլի աժդահա ոտքերից մեկի վրայով, — շտապենք այստեղից, թե չէ հիմա կխեղդվեմ։
:Նա դեպի իրեն քաշեց ու բացեց մյուս դուռը։ Երկուսն էլ անհամարձակ նայեցին ներս։ Սակայն սենյակում ոչ մի սարսափազդու բան չկար։ Սենյակի մեջտեղում կանգնած էր մի սեղան, որի վրա ուղիղ շարքով շարված էին տարբեր չափերի ու ձևերի յոթ շշեր։
:— Սառկեկի հմայապտնեշն է... Այստեղ ի՞նչ պիտի անենք։
:Նրանք դռնով ներս քայլեցին, և նույն վայրկյանին դռան բացվածքը բոցավառվեց վառ մորեգույն կրակի լեզուներով, որոնք մերթ ընդ մերթ բռնկվում էին մանուշակագույն բոցերով։ Գրեթե անմիջապես բոցավառվեց նաև սենյակի դիմացի պատից դուրս տանող դռան բացվածքը, բայց կրակի սև ու արծաթափայլ լեզուներով։ Նրանք ընկել էին ծուղակի մեջ։
:— Այստեղ նայի՛ր, — Հերմիոնան սեղանից վերցրեց մագաղաթի մի երկար կտոր, որն ընկած էր շշերի կողքին։ Հարրին նրա ուսի վրայով սկսեց կարդալ թղթի վրա գրված ուղերձը.
:Առջեւում փորձանքն է սպասում դարանած,
:Վերադարձն է քո փրկությունն անկասկած։
:Բայց երկուսը յոթից պատրաստ են օգնել,
:Թե գիտես՝ խմի՛ր, պետք չէ վարանել։
:Յոթնյակից մեկը՝ սեղանին շարված,
:Սեւաբող դռնով կտանի քեզ առաջ։
:Մյուս օգնականդ՝ շարքում թաքնված,
:Կարմրաբոց դռնով՝ կբացի վերադարձ։
:Մեզնից երկուսը՝ այս շարքում հրաշազոր,
:Զուլալ գինով են լցված՝ քղցր, բայց անզոր։
:Յոթից երեքը թույն են մահաբեր,
:Զոհին են սպասում՝ նենգ ու անհամբեր։
:Լավ մտածիր, ընտրություն արա ճիշտ,
:Ընտրիր՝ կամ այստեղ կմնաս դու ընդմիշտ։
:Կենաց ու մահու ընտրությանը օգնող,
:Չորս խորհուրդներ կտանք՝ քեզ հուշող։
:Առաջին․ ինչքան էլ խորամանկ լինի
:Թույնը՝ թաքնված մեր շարքի միջին,
:Նախ գտիր այն շիշը, որում կա գինի,
:Թունը ծվարած է նրա ձախ կողքին։
:Երկրորդ․ շարվեշար կանգնած են յոթ շշեր,
:Եզրերի շշերն են հակադիր տարբեր,
:Սակայն որ ծայրից էլ դու ընտրես,
:Առաջ չես գնա, դրանք չեն օգնի քեզ։
:Երրորդ․ ինչպես տեսնում ես պարզ ու հստակ
:Տարբեր են շշերի եւ ծավալ, եւ հասակ,
:Ոչ թզուկ շիշը, ոչ էլ մեծ հսկան
:Մահ չեն թաքցնում, նրա՛նք չեն մարդասպան։
:Չորրորդ․ աջից երրորդն ու երկրորդը՝ ձախից
:Երկվորյակ են համով՝ թե փորձես հանկարծ,
:Թեեւ տարբեր են արտաքին տեսքից, Շարքի հակադիր կողմերում կանգնած։
:Հերմիոնան մի խոր հոգոց հանեց, և Հարրին ապշեց՝ տեսնելով, որ նա ժպտում էր։ Ինչ-ինչ, բայց այդ պահին նա Հերմիոնայից ժպիտ չէր ապասի։
:― Գերազա՜նց է, ― ասաց Հերմիոնան, ― Սա մագիա չէ, սա տրամաբանություն է, զուտ տրամաբանական հանելուկ... Բազմաթիվ մեծ հրաշագործներ իրականում տրամաբանությունից բացարձակապես զուրկ են և եթե մեր տեղը լինեին ընդմիշտ կլռվեին կձնային այստեղ։
:― Իսկ մե՞նք... Մենք էլ ենք դատապարտված ընդմիշտ այստեղ մնալու։
:― Իհարկե ոչ։ Ամեն ինչ այստեղ է՝ այս թղթի վրա։ Յոթ շիշ. երեքը թույն են, երկուսը՝ գինի, մեկն անվնաս առաջ կտանի սև բոցերի միջով, մյուսը կօգնի ետ գնալ մորեգույն բոցերով։
:― Բայց ի՞նչ իմանանք, թե որն է պետք խմել։
:― Թող մի րոպե մտածեմ։
:Հերմիոնան մի քանի անգամ կարդաց ուղերձը։ Հետո նա ետ ու առաջ քայլեց շշերի շարքով՝ ինչ-որ բան մրմնջալով ու մատը հերթով ցցելով շշերի վրա։ Վերջապես նա ծափ տվեց։
:― Պատրաստ եմ, — ասաց նա, — ամենափոքր շիշը մեզ առաջ կտանի սև բոցերի միջով դեպի Քարը։
:Հարրին նայեց պստլիկ շշին։
:― Այստեղ կհերիքի միայն մեզնից մեկի համար, ― ասաց նա, ― հազիվ մի կում լինի մեջը։
:Նրանք նայեցին իրար։
:― Ո՞ր մեկն է տանում ետ՝ մորեգույն բոցերի միջով։
:Հերմիոնան մատնացույց արեց շարքի աջ եզրին կանգնած մի կլոր շիշ։
:― Դու կխմես դրանից, ― ասաց Հարրին, ― կվերադառնաս ու հոգ կտանես Ռոնի համար։ Թռչող բանալիների սրահից կվերցնեք ցախավելները։ Դրանք ձեզ կօգնեն դուրս թռչել հորանցքով ու անցնել Խավիկի կողքով։ Ուղիղ կգնաս թռչնանոց ա Հեդվիգին կաղարկես Դամբլդորի ետևից, նա ձեզ այստեղ է պետք։ Ես, թերևս, կկարողանամ մի որոշ ժաձանակ Սառկեկին պահել, սակայն, իսկապես, ես նրան հավասար մրցակից չեմ։
:― Բայց Հարրի, իսկ եթե Գիտես-թե-ովը նրա հետ լինի՞...
:— Դեհ, ինչ ասեմ... Մեկ անգամ արդեն բախտս բերել է, ― ասաց նա՝ մատնանշելով ճակատի սպին, ― գուցե այս անգամ էլ հաջողեմ...
:Հերմիոնայի շուրթերը դողդողացին, և նա հանկարծ առաջ նետվեց ու գրկեց Հարրրին։
:― Հերմիո՛նա...
:― Հա՛րրի, դու մեծ, մեծագույն հրաշագործ ես...
:― Դու ինձնից ավելի մեծ հրաշագործ ես, ― չափազանց շփոթված, ամոթխած ասաց Հարրին, երբ Հերմիոնան ետ քայլեց։
:― Ես..., ― ասաց Հեմիոնան, ― միայն գրքեր ու ջանասիրություն... Շատ ավելի կարևոր բաներ կան՝ հավատարմության, խիզախություն... :Ա՜խ, Հարրի... զգույշ կլինես...
:― Դու առաջինը խմիր, ― ասաց Հարրին, ― հաստատ համոզված ես չէ՞, թե որ շշում ինչ է...
:―Միանգամայն, ― Հերմիոնան մի երկար կում արեց աջ եզրի կլորավուն շշից և ցնցվեց։
:— Թույն հո չէ՞ր, — անհանգստացած հարցրեց Հարրին։
:— Ոչ, բայց սառայցի պես սառն էր։
:— Շտապի՛ր... Գնա՛, քանի դեռ ուժը չի կորցրել։
:— Հաջողություն քեզ... զգույշ կլինես...
:― ՇՏԱՊԻ՜Ր...
:Հերմիոնան շրջվեց և քայլեց մորեգույն բոցերի միջով։
:Հարրին խոր շունչ քաշեց և ձեռքը վերցրեց ամենափոքր շիշը։ Նա դեմքով շրջվեց դեպի սև բոցերի կողմը։
:— Ես գալիս եմ, — հաստատակաձ ասաց նա ու մի շնչով դատարկեց փոքր շիշը։
:Իսկապես, այնպիսի զգացողություն էր, ասես, հեղուկ սառույց ծորաց երակներով։ Նա շիշը ցած դրեց ու առաջ գնաց։ Հարրին քայլեց սև բոցերի միջով ու տեսավ, թե ինչպես կրակի արծաթափայլ լեզուները պարուրեցին իր մարմինը։ Մի պահ սև կրակից բացի նա ոչինչ չէր տեսնում, հետո նա հայտնվեց հաջորդ՝ վերջին սրահում։
:Այնտեղ արդեն ինչ-որ մեկը կար։ Սակայն դա Սառկեկը չէր, և ոչ էլ նույնիսկ Գիտես-թե֊ովն էր...