Changes

Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը

Ավելացվել է 66 259 բայտ, 11:47, 14 Հունիսի 2013
:Այնտեղ արդեն ինչ-որ մեկը կար։ Սակայն դա Սառկեկը չէր, և ոչ էլ նույնիսկ Գիտես-թե֊ովն էր...
 
==Գլուխ տասնյոթերորդ․ Երկու դեմք ունեցող մարդը==
 
:...Քուիրեյն էր։
:— Դու՜ք, — բացականչեց Հարրին։
:Քոփրելը ժպտաց։ Նրա դեմքը բոտրովին չէր ջղաձգվում։
:— Ես... — հանգիստ ասաց նա, — Ես էլ մտածում էի, արդյոք, կհանդիպե՛մ քեզ այստեղ, Փոթթեր։
:— Բայց ես կարծում էի... Սառկեկը...
:— Սեվե՞րուսը... ― Քուիրելը ծիծաղեց, սակայն դա նրա սովորական դողդոջուն, վախվորած ծիծաղը չէր, այլ սառը և սուր քրքիջ։ — Իսկապես, Սիվերուսի ոճը կարելի է յուրահատուկ համարել, նա իրոք հիշեցնում է սև մոգերի տեսակին։ Պարզապես մեծ հաջողություն էր, որ նա անդադար ոտքի տակ էր ընկնում և մարդաչափ չղջիկի վախեցնող կերպարանքով ուշադրությունը ինձնից շեղում իր վրա։ Նման չարադավ տեսքով մեկի կողքին էլ ով կկասկածեր խեղճ պ–պրոֆ֊ֆես֊սոր Քուիրելին։
 
:Հարրին աչքերին չէր հավատամ... Բայց ինչպե՞ս... Մի՞թե դա ճիշտ է... Ուղղակի անհավատալի է։
:— Բայց Սառկեկը փորձում էր սպանել ինձ...
:— Ո՛չ... Այդ ե՛ս էի փորձում սպանել քեզ։ Քո ընկերուհի օրիորդ Գրեյնջերը պատահաբար ինձ հրեց, վայր գցեց, երբ քվիդիչի խաղի ժամանակ շտապում էր հրդեհել Սառկեկի պարեգոտը։ Նա խախտեց իմ տեսողական կապը քեզ հետ։ Մի քանի վայրկյան էլ ուշանար, և ես քեզ ցախավելից վայր կգցեի։ Իսկ ես վաղուց արդեն վերջդ տված կլինեի, եթե Սառկեկը շարունակ հակաաղոթք կմրթմրթար՝ փորձելով փրկել քեզ։
 
:— Սառկեկը փորձում էր փրկե՛լ ինձ...
:— Իհարկե, — անտարբեր ձայնով ասաց Քուիրելը, — Քո կարծիքով այդ ինչու նա հանկարծ որոշեց դատավոր լինել քվիդիչի հաջորդ խաղում։ Նա ուզում էր անձամբ համոզվել, որ ես կրկին նման բան չեմ անի։ Ծիծաղելի չէ՞, արդյոք... Զուր ջանքեր... Միևնույն է, ես ոչինչ էլ չէի կարողանա անել Դամբլդորի ներկայությամբ։ Իսկ մյուս բոլոր ուսուցիչները մտածեցին, որ Սառկեկը նպատակ է դրել, որ Գրիֆինդորին չթողնի հաղթել մրցույթում։ Կան չէ՞ մարդիկ, որ կարողանում են իրենք իրենցից բոբո սարքել բոլորի աչքում... Սակայն ժամանակի ինչպիսի կորուստ... Խեղճ Սառկեկի բոլոր ջանքերն ապարդյուն անցան, որովհետև ես, միևնույն է, կսպանեմ քեզ այսօր, հենց հիմա...
 
:Քուիրելը մատները ճրթացրեց։ Օդից հանկարծ պարաններ հայտնվեցին և պիրկ փաթաթվեցին Հարրիր շուրջը։
:— Փոթթեր, դա չափազանց երկար քիթ ունես ապրելու համար։ Բոլոր սրբերի օրը չհասցրեցի նույնիսկ հասկանալ, թե ինչպես կարողացար՝ դպրոցում թոկից փախածների պես վազվզելով, տապալել իմ գերազանց պլանը, մինչդեռ ես երկար էի պատրաստվում տեսնելու, թե ինչն է պաշտպանում Քարը։
:— Ուրեմն դո՛ւք էիք տրոլին ներս թողել...
:— Անշուշտ, ես հատուկ տաղանդ ունեմ տրոլներին հնազանդեցնելու գործում, չգիտեի՞ր ինչ է... Երևի ուշադրություն դարձրիր, թե ինչ եմ արել այն մեկի հետ, որը պահպանում էր այստեղ գալու ճանապարհը։ Դժբախտաբար, մինչ բոլորը վազվզում էին դպրոցում՝ փնտրելով իմ դանդալոշիկին, Սառկեկը, որն արդեն սկսել էր կասկածել ինձ, ուղիղ գնաց երրորդ հարկի միջանցքը՝ կտրելով իմ ճանապարհը, և ոչ միայն տրոլին չհաջողվեց ձեզ ճխլտել, այդ եռագլուխ գազանը նույնիսկ չկարողացավ մի կարգին կծել-պոկել Սառկեկի ոտքը... Իսկ հիմա ձայնդ կտրի՛ր... էլ չխոսե՛ս ու տեղիցդ չշարժվե՛ս... Ինձ պետք է կենտրոնանալ այս հետաքրքիր հայելու վրա...
 
:Միայն այդ պահին Հարրին հասկացավ, թե ինչի առջև էր կանգնած Քուիրելը։ Դա Իրենքնազարե հայելին էր։
:— Այս հայելին Քարը գտնելու բանալին է, — ինքն իրեն մրթմրթում էր Քուիրելը՝ պտտվելով հայելու շրջանակի շուրջը, — Միայն Դամբլդորից կարելի էր նման ցնդած ֆոկուս սպասել... սակայն նա այս պահին Լոնդոնում է... իսկ երբ վերադառնա, ես արդեն շա՜տ հեռու կլինեմ, Հարրին մտածեց, որ միակ բանը, որ ինքն այդ պահին կարող է անել, դա շարունակ խոսելն է՝ շեղելով Քուիրելի ուշադրությունը Հայելու վրա կենտրոնանալուց։
:— Ես տեսա ձեզ ու Սառկեկին Անտառում... — դուրս տվեց նա՝ մտքին առաջին եկածը։
:— Այո... — անտարբեր ասաց Քուիրելը՝ պտտվելով հայելու շուրջն ա փորձելով տեսնել, թե դրա ետևում ինչ կար, — այդ ժամանակ նա արդեն գլխի էր ընկել իմ մասին և փորձում էր կռահել, թե ես ինչքան եմ առաջ գնացել։ Նա հենց սկզբից էր կասկածում ինձ։ Փորձում էր նույնիսկ վախեցնել., այդ ողորմելին... կարծես ես նրանից պիտի վախենայի ՝ մեջքիս Լորդ Վոլդեմորթի պես հովանավոր ունենալով...
 
:Քուիրելը դուրս եկավ հայելու ետևից և կանգնելով ուղիղ հայելու առջև, նայեց ինքն իր վրա։
:— Ես տեսնամ եմ Քարը... Տեսնում եմ, թե ինչպես եմ այն ընծայում իմ տիրոջը... բայց ո՞ւր է այն...
 
:Հարրին ձգեց մարմնի բոլոր մկանները՝ փորձելով թեթևացնել իրեն կաշկանդող կապանքները, սակայն դրանք մի մազաչափ անգամ տեղի չտվեցին։ Նա պետք է մի բան աներ, որպեսզի Քուիրելի ուշադրությունը շեղեր հայելուց։
:— Բայց Սառկեկն ինձ միշտ այնքան էր ատում...
:― Իսկ ինչու՞ «էր»... Հիմա էլ է ատում, ― ասաց Քուիրելը եւ կանգնեց նրա թիկունքում։ Հարրին շնչեց այն տարօրինակ հոտը, որը գալիս էր Քուիրելի գլխի փաթթոցից։ Նա աչքերը փակելով մի քայլ արեց հայելու առաջ և աչքերը կրկին բացեց։
 
:Հարրին տեսավ իր արտացոլումը, սկզբում գունատ և վախեցած։ Սակայն մի պահ անց արտացոլումը ժպտաց իրեն։ Հայելու միջի Հարրին ձեռքը տարավ շալվարի գրպանը և մի արնակարմիր գույնի քարի կտոր հանեց այնտեղից։ Հայելու միջի Հարրին աչքով արեց և քարը կրկին գրպանը գցեց, և միաժամանակ Հարրին զգաց, որ մի կոշտ բան ծանրացավ իր շալվարի գրպանում։ Ինչ-որ աներևակայելի հրաշքով Քարը հայտնվել էր իր մոտ։
 
:— Դե՛հ, — անհամբեր ասաց Քուիրելը, — ի՞նչ տեսար...
 
:Հարրին հավաքեց իր ամբողջ արիությունը և...
:— Ես տեսնում եմ ինձ՝ Դամբլդորի ձեռքը սեղմելիս, ― բստրեց նա, ― ես Գրիֆինդոր տան համար շահել եմ Միաբանաթյունների գավաթը։
 
:Քոփրելը կրկին ինչ-որ հայհոյանք մրթմրթաց։
:— Մի կողմ անցիր, — կոպտորեն ասաց նա, և Հարրին կողմ քայլեց՝ հստակորեն զգալով քարի ծանրությունը շալվարի գրպանում։ Ա՜խ, ինչ հարմար պահ էր կամացուկ ծլկելու համար։
:Բայց նա հինգ քայլ էլ չէր արել, երբ մի բարձր ձայն սկսեց խոսել՝ տարածվելով օդի մեջ, թեև Քուիրելի շրթունքները չէին շարժվում։
:— Նա ստում է... ստում է...
:— Փո՚թթեր, ե՛տ արի այստեղ, — բղավեց Քուիրելը,―ինձ ճի՛շտն ասա... Ի՞նչ տեսար հայելու մեջ։
 
:Անտեսանելի խոսողի ձայնը կրկին լսվեց։
:— Թող ես խոսեմ նրա հետ... դեմ առ դեմ...
:— Տե՛ր իմ, դուք դեռ բավականաչափ ուժ չունեք դրա համար։
:— Դրա համար ուժերս կբավարարեն... Հարրիին այնպիսի զգացողություն պատեց, ասես սատանի ծուղակի ցողունները կրկին գամել էին նրան կանգնած տեղում։ Սարսափից քարացած, նա դիտում էր, թե ինչպես Քուիրելը ձեռքերը տարավ դեպի իր գլխի չալման ու սկսեց քանդել փաթթոցը։ Ի՞նչ է կատարվում... Փաթթոցը մի կողմ ընկավ։ Առանց դրա Քուիրելի գլուխը անսովոր փոքր էր երևում։ Հետո նա սկսեց դանդաղ շրջվել կանգնած տեղում։
 
:Հարրին կճչար, եթե կոկորդից ձայն դուրս գար։ Այնտեղ, որտեղ պետք է լիներ Քուիրելի ծոծրակը՝ նրա գանգի ետնամասի վրա մի դեմք էր ցցված, մի այնպիսի այլանդակ և սարսափազդու դեմք, որի նմանը Հարրին երբեք կյանքում դեռ չէր տեսել։ Դեմքը կավիճի պես սպիտակ էր, արյունով լցված, ասես կրակ թափող նեղ աչքերով, և քթի փոխարեն օձի մռութի նման լայն ու շեղ մութ խոռոչներով։
 
:― Հարրի Փոթթեր... ― շշնջաց դեմքը։ Հարրին փորձեց մի քայլ ետ նահանջել, սակայն ոտքերը տեղից չշարժվեցին։
:― Տեսնու՞մ ես, թե ինչ եմ դարձել ես... ― ասաց դեմքը, ― ինձնից միայն ստվեր է մնացել, տեսիլք... Ձև ու պատկեր ստանում եմ միայն, երբ կիսում եմ որևէ մեկի հետ նրա մարմինը... Սակայն միշտ էլ եղել են այնպիսիք, որ պատրաստ են ինձ ներս թողնել իրենց սրտերի և ուղեղների մեջ... Միեղջյուրի արյունը ինձ ուժ տվեց անցած շաբաթների համար... Դու Անտառում տեսար, թե ինչպես էր հավատարիմ Քուիրելն ինձ համար միեղջյուրի արյուն խմում... և հենց որ ձեռքս գցեմ Կյանքի էլեքսիրը, կկարողանամ նոր մարմին ստեղծել ինձ համար... Իսկ հիմա... միգուցե ինձ տա՞ս այն Քարը, որը գտնվում է շալվարիդ գրպանում։
 
:Ուրեմն նա գիտեր։ Հարրին հանկարծ նորից սկսեց զգալ իր անզգայացած ոտքերը և ետ սայթաքեց։
 
:― Մի հիմարացի՛ր, ― մռնչաց դեմքը, ― փրկի՛ր կյանքդ ու միացի՛ր ինձ... այլապես կարժանանաս նայն անփառունակ ճակատագրին, ինչ ծնողներդ... Նրանք մահացան ինձնից ողորմածություն աղերսելով...
 
:― ՍՈ՛ւՏ ԵՍ ԱՍՈւՄ, ― հանկարծ ճչաց Հարրին։ Քուիրելը ետ-ետ էր քայլում որպեսզի Վոլդեմորթը կարողանար տեսնել նրան։ Ճիվաղի դեմքը ժպտում էր։
:― Ինչքան տպավորի՜չ է... — ֆշշացրեց նա, — Ես ճիշտ էլ գնահատել եմ խիզախությունը... Այո՛, տղաս, քո ծնողները խիզախ մարդիկ էին... Սկզբում ես սպանեցի հորդ, և նա մինչև իր վերջին շունչը խիզախորեն կռվում էր ինձ հետ... Սակայն մայրդ... նրա մահը բոլորովին անիմաստ էր, նա կարող էր և չմեռնել... Նա փորձում էր պաշտպանել քեզ... Դեհ, տո՛ւր ինձ այդ քարը, որպեսզի մորդ ինքնազոհությունը ապարդյուն չլինի։
:― ԵՐԲԵ՛Ք։
:Հարրին ցատկեց սևաբոց դռան կողմը, սակայն Վոլդեմորթը աղաղակեց.
:― ԲՌՆԻ՛Ր ԴՐԱՆ, ― և հաջորդ վայրկյանին Հարրին զգաց Քուիրեյի ձեռքն իր դաստակի վրա։ Անմիջապես ասեղների պես ծակող սուր ցավ անցավ Հարրիի սպիով։ Գլուխն այնպիսի ցավ համակեց, ասես գանգը ուր որ է Երկու կես էր լինելու։ Նա աղաղակեց ու սկսեց պայքարել ուժերի ներածին չափով՝ փորձելով ազատվել Քուիրելից, և, ի զարմանս իրեն, հաջորդ վայրկյանին Քուիրելը բաց թողեց նրա ձեռքը։ Գլխի ցավը նվազեց։ Հարրին խելագարի պես աչքերը չռած սկսեց շուրջը նայել, որ տեսնի, թե որտեղ է Քուիրելը, և տեսավ նրան քիչ հեռու՝ ցավից կծկված կանգնած, ապշահար հայացքը գամած ձեռքի ափին, որն ուղղակի աչքերի առաջ ուռում և ծածկվում էր կարմիր, թաց, պղպջացող վերքերով։
 
:― Բռնիր դրան... ԲՌՆԻ՛Ր ԴՐԱՆ... ― անդադար աղաղակում էր Վոլդեմորթը, և Քուիրելը տեղից ցատկեց դեպի Հարրին, առաջ հրելով վայր գցեց նրան ու ծնկներով գետնին գամելով, ձեռքերով բռնեց Հարրիի պարանոցը։ Հարրիի սպին այնպիսի ուժգնությամբ սկսեց ցավել որ գրեթե կուրացրեց նրան, սակայն մշուշի մեշ Հարրին տեսնում էր, որ Քուիրելի դեմքը նույնպես այլայլված է անտանելի ցավից։
:— Տեր իմ, ես չեմ կարողանում բռնել նրան... ձեռքերս... ձեռքերս...
 
:Եվ Քուիրելը ծնկներով Հարրիին գետնին գամած պահելով, բաց թողեց ձեռքերը նրա կոկորդից հուսահատ ու անօգնական նայելով իր ափերին։
 
:Հարրին տեսավ, որ նրա ափերը, ասես, մինչև միսը այրված լինելն, իսկ մաշկը՝ արյունոտ ա կոկված, կտոր-կտոր կախված էր մսից։
:— Ուրեմն սպանի՛ր նրան, հիմա՛ր... վերջ տաո՛ւր դրան... — ոռնում էր Վոլդեմորթը։
 
:Քուիրելը մի ձեռքը բարձրացրեց մահացու անեծք կատարելու համար, սակայն Հարրին բնազդաբար առաջ նետվեց և ափերով բռնեց Քուիրելի դեմքը։
:— ԱԱԱԱԸԸԸ՜ՂՂ...
 
:Քուիրելը ցած գլորվեց Հարրիի վրայից արյունոտված ու այլանդակված դեմքով, և Հարրին հասկացավ, որ Քուիրելը չի կարող իր մաշկին դիպչել առանց անտանելի ցավոտ վերքեր ստանալու։ Հարրիի միակ փրկությունը Քուիրելին այնքան ցավ պատճառելն էր, որ նա չհասցնի մահացու անեծք կատարել։
 
:Հարրին ոտքի ցատկից և առաջ նետվելով, երկու ձեռքով բռնեց Քուիրելի դաստակն ու ինչքան ուժ ուներ սեղմեց։ Քուիրելը ճչաց ու փորձեց Հարրիին ցած գցել կրկին... Հարրիի գլխի ցավը կուրացուցիչ էր, նա գրեթե ոչինչ չէր տեսնում և միայն լսում էր Քուիրելի անտանելի աղաղակներն ու Վոլդեմորթի ոռնոցը. «ՍՊԱՆԻ՛Ր ՆՐԱՆ, ՍՊԱՆԻ՛Ր ՆՐԱՆ, ՍՊԱՆԻ՛Ր ՆՐԱՆ»... և ուրիշ ձայներ, որոնք արձագանքում էին Հարրիի գլխում. «Հա՛րրի, Հա՛րրի»...
 
:Նա զգաց, ինչպես էր Քուիրելի ձեռքը ցնցվում իր ափի մեջ ու փորձում դուրս պրծնել... հետո ամեն ինչ կորավ ու նա հայտնվեց բացարձակ մթության մեջ՝ ընկնելով վար... վար... վար...
 
:Ինչ-որ ոսկյա բան էր փայլփլում նրա գլխավերևում; Բանբերն էր... Հարրին փորձեց բռնել այն, բայց ձեռքերը չափազանց ծանր էին։
:Նա թարթեց աչքերը։ Դա բոլորովին էլ Բանբերը չէր, դա ոսկյա շրջանակով ակնոց էր։ Ի՜նչ տարօրինակ է...
 
:Հարրին կրկին թարթեց։ Ալբուս Դամբլդորի ժպտացող դեմքը դուրս լողաց մշուշից՝ ուղիղ նրա գլխավերևում։
:― Բարի օր, Հարրի, ― ասաց Դամբլդորը։ Հարրին աչքերը պլշեց նրա վրա, հետո հանկարծ հիշեց.
:― Սըր, Քա՛րը... Դա Քուիրելն էր... Քարը նրա մոտ է... Շո՜ւտ...
:― Հանգստացիր, սիրելիս, հանգստացիր... Դու մի քիչ ետ ես մնացել իրադարձություններից, — ասաց Դամբլդորը, ― Քարը Քուիրելի մոտ չէ։
:― Իսկ ու՞մ մոտ է, սըր... Ես...
:― Հարրի, հանգստացիր խնդրում եմ, թե չէ մադամ Պոմֆրրն ինձ այստեղից դուրս կվռնդի։
 
:Հարրին թուքը կուլ տվեց ու նայեց շուրջը։ Ամենայն հավանականությամբ ինքը հիվանդանոցային աշտարակում էր գտնվում։ Նա պառկած էր մաքուր, հաճելի բուրող սավաններով անկողնու մեջ, իսկ մահճակալի կողքին մի սեղան էր դրված, որի վրա բլուրի պես կիտված էր քաղցրավենիքի մի ամբողջ խանութի պաշարների գրեթե կեսի չափ կոնֆետեղեն։
:― Ընկերներիդ ու երկրպագուներիդ կողմից է, ―ժպտալով ասաց Դամբլդորը։ ― Այն, ինչ տեղի է ունեցել զնդաններում քո և պրոֆեսոր Քուիրելի միջև, բացարձակ գաղտնիք է, և բնականաբար, ամբողջ դպրոցն արդեն գիտի դրա մասին։ Կարծում եմ, քեզ ուղարկված նվերների միջից մադամ Պոմֆրիի կողմից՝ սանիտարական նկատառումներով, ձերբակալված զուգարանակոնքի խուփը, ամենայն հավանականությամբ, քո մեծ բարեկամներ Ֆրեդ ու Ջորջ Ուիզլիների մտահղացումն էր։ Անկասկած, նրանց կարծիքով, դա պետք է քեզ շատ զվարճացներ։
 
:― Ինչքա՞ն ժամանակ եմ ես արդեն այստեղ։
:— Երեք օր։ Պարոն Ռոնալդ Ուիզլին և օրիորդ Հերմիոնա Գրեյնջերը շատ կուրախանան, երբ իմանան, որ վերջապես ուշքի ես եկել։ Նրանք երեք օր շարունակ անհանգստությունից իրենց տեղ չէին գտնում։
:― Բայց Քարը, սըր...
:― Տեսնում եմ, քեզ շեղելն անհնար է։ Ուրեմն Քարը, ասում ես... Պրոֆեսոր Քուիրելին չհաջողվեց Քարը խլել քեզնից։ Ես ճիշտ ժամանակին տեղ հասա նրան կանգնեցնելու համար։ Թեև պետք է խոստովանեմ, որ ինքդ մենակ էլ շատ լավ էիր նրա հախից գալիս։
 
:― Դուք եկա՞ք... Ձեզ հասա՞վ Հերմիոնայի ուղարկած բուն...
:― Մենք երևի ճանապարհին կորցրինք իրար, որովհետև Լոնդոն հասնելուս պես ես անմիջապես հասկացա, որ ինձ անհրաժեշտ է լինել այնտեղ, որտեղից հենց նոր եկել եմ։ Փառք աստծո, ժամանակին տեղ հասա, որ նրան հեռու վանեմ քեզնից։
:— Ուրեմն այդ դուք էիք...
:— Ես վախենում էի, որ ուշացել եմ։
:― Մի քիչ էլ... ու արդեն կուշանայիք։ Ես չէի կարողանա Քուիրելին ավելի երկար հեռու պահել Քարից։
:― Ինձ Քարը չէր անհանգստացնում, տղաս, այլ դու... Քո գործադրած ճիգերը գրեթե լրիվ ուժասպառ էին արել քեզ։ Մի սարսափելի պահ ես մտածեցի, թե, ավաղ, ուշացել եմ։ Իսկ ինչ վերաբերում է Քարին, այն արդեն չկա, ոչնչացված է։
:― Ոչնչացվա՞ծ է, ― ապշահար ասաց Հարրին, — բայց ձեր բարեկամ Նիքողայոս Ֆլամերը...
:— Օ՜հ, դու Նիքոլասի մասի՞ն էլ գիտես... — ասաց Դամբլդորը հրճվանքով, ― Դու, իսկապես, հզոր հետազոտական աշխատանք ես կատարել, ուղղակի հիացած եմ... Նիքողայոսն ու ես մի փոքր զրուցեցինք և եկանք եզրակացության, որ բոլորի համար լավ կլինի, եթե Քարը ոչնչացվի։
 
:— Բայց դա նշանակում է, որ նա ու նրա կինը կմահանան...
:— Նրանք բավականաչափ էլիքսիր դեռ ունեն իրենց գործերը կարգավորելու համար, իսկ հետո.... այո, անշուշտ, նրանք կմահանան։
 
:Դամբլդորը ժպտաց՝ տեսնելով Հարրիի դեմքին արտահայտված զարմանքը.
:— Քեզ պես երիտասարդի համար, բնականաբար, դա անհավանական է հնչում, սակայն Նիքողայոսի ու Փերենելի համար դա ավելի շուտ նման է մի երկար, երկար օրից հետո հանգիստ քուն մտնելուն։ Ի վերջո, լավ կազմակերպված մտքի համար մահը պարզապես հաջորդ հրապուրիչ արկածն է, ուրիշ ոչինչ։ Իմ կարծիքով Փիլիսոփայական քարն այնքան էլ մեծ հրաշքներ չի գործում։ Ասենք թե, տալիս է խելքից դուրս շատ փող ու անմահություն. այն, ինչն ամենայն հավանականությամբ կընտրեն մարդկանցից շատերը... Սակայն, ավաղ, մարդիկ սովորություն ունեն ընտրելու ճիշտ հենց այն, ինչն իրականում իրենց բոլորովին էլ պետք չէ։
 
:Հարրրն լուռ էր ու անգամ բառ չէր գտնում խոսելու համար։ Դամբլդորը թեթև հազաց ու հայացքը առաստաղին հառելով, ժպտաց։
:— Սըր, ― ասաց Հարրին, ― ես մտածում էի, նույնիսկ եթե Քարն արդեն չկա, բայց Վոլ... ուզում էի ասել Գիտեք-թե֊ովը...
:—Նրան Վոլդեմորթ անվանիր, Հարրի։ Երբեք մի վախեցիր ամեն ինչ իր անունով կոչելուց։ Անունների նկատմամբ տածած երկյուղը միայն ուժեղացնում է անունը կրողի նկատմամբ ունեցած վախը։
:— Լավ, սըր... Վոլդեմորթը կշարունակի այլ ճանապարհներ փնտրել վերադառնալու համար... Նրա հետ պայքարը չավարտվեց, չէ՞...
:— Ոչ, Հարրի, չավարտվեց։ Վոլդեմորթը դեռ ինչ-որ տեղ դեգերում է տեսիլքային, անէական վիճակում, հավանաբար փնտրելով մեկ ուրիշ զոհի՝ նրա մարմինը զավթելու և ի վերջո կործանելու համար... Քանի դեռ նա իրականում էապես կենդանի չէ, նրան սպանելն էլ անհնար է։ Վոլդեմորթը լքեց Քուիրելի մարմինը և վերջինիս թողեց, որ անօգնական մեռնի։ Նա հավասարապես դաժան ու անողոք է և՛ իր թշնամիների, և իր հավատարիմ ծառաների նկատմամբ։ Այդուհանդերձ, Հարրի, դու հետաձգեցիր նրա վերադարձը։ Թերևս հաջորդ անգամ էլ մեկ ուրիշը գտնվի՝ պատրաստ առճակատելու Վոլդեմորթին ու նորից խափանի նրա պլանները։ Եվ այսպես շարունակ կրկին ու կրկին հետաձգելով նրա վերադարձը, հնարավոր է երբեք էլ թույլ չտալ, որ նա հասնի իշխանության։
:Հարրին գլխով արեց, բայց այդ թեթև շարժումն իսկ անասելի ցավ պատճառեց նրան։ Հետո նա ասաց․
:— Սըր, ես մի քանի հարց ունեմ, որոնց պատասխանները շատ կուզենայի իմանալ, եթե իհարկե դուք կարող եք ինձ ասել... Ես կուզենայի իմանալ ճշմարտությանը մի քանի բաների մասին...
:— Ճշմարտությունը... — խոր շնչելով ասաց Դամբլդորը. — ճշմարտությունը իսկապես հզոր, բայց նաև վտանգավոր բան է, այդ իսկ պատճառով շատ զգուշորեն է պետք վարվել դրա հետ։ Ինչևէ, ես կպատասխանեմ քո հարցերին, եթե միայն շատ հիմնավոր պատճառներ չունենամ լռելու համար, ինչի դեպքում, պիտի խնդրեմ, որ ներես լռությունս, սակայն, անշուշտ, ոչ մի դեպքում քեզ չեմ ստի։
:—Լավ... Վոլդեմորթն ասաց, որ ինքը մորս սպանեց, միայն այն պատճառով, որ նա ուզում էր պաշտպանել ինձ։ Բայց ինչո՞ւ էր նա ուզում ինձ սպանել, չէ՞ որ ես ընդամենը մեկ տարեկան երեխա էի։
 
:Այս անգամ Դամբլդորը շատ խոր հոգոց հանեց։
:― Ավաղ, հենց առաջին իսկ հարցիդ չեմ կարող պատասխանել։ Ոչ այսօր... ոչ այժմ... Մի օր դու ինքդ կիմանաս այդ հարցի պատասխանը... Երբ ավելի կհասունանաս... Իսկ առայժմ ուղղակի մտքիցդ հանիր դա, Հարրի։ Գիտեմ, որ հիմա դու չես ուզում լսել, բայց երբ պատրաստ լինես, պատասխանը ինքդ կգտնես...
 
:Հարրին գիտեր, որ վիճելն անիմաստ է։
:― Բայց ինչու՞ Քուիրելը չէր կարողանում դիպչել ինձ։
:― Մայրդ մահացավ՝ փորձելով փրկել քեզ։ Մի բան Վոլդեմորթը երբեք չի կարողանա հասկանալ, և դա սերն է։ Նա չի հասկացել, որ քո նկատմամբ մորդ տածած սիրո նման մի հզոր զգացմունք նույնպես իր նշանն է թողնում՝ ոչ սպիի նման, ոչ տեսանելի ձևով... Այդպիսի ուժեղ ու համապարփակ սերը, նույնիսկ երբ այն անձը, որը մեզ սիրում էր, արդեն հեռացել է այս աշխարհից, պաշտպանիչ վահան է դառնում մեզ համար՝ մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Այդ վահանը քո մաշկի մեջ է։ Ահա թե ինչու Քուիրելը՝ ատելությամբ, ագահությամբ և փառասիրությամբ տոգորված, իր հոգին կիսած լինելով Վոլդեմորթի հետ, չէր կարողանում դիպչել քեզ։ Նրա համար տանջալից էր դիպչել մեկին, որի վրա այդքան հզոր մի նշան կա։
 
:Այդ պահին Դամբլդորը մեծ հետաքրքրությամբ սկսեց զննել մի ծիտիկի, որն անհոգ ծլվլում էր պատուհանի քարե ելուստի վրա, ինչը ժամանակ տվեց Հարրիին աչքերը չորացնել իր սավաններով։ Երբ Հարրին այնքան հանդարտվեց, որ վերականգնեց խոսելու ունակությունը, նա ասաց.
:― Իսկ Անտեսանելիության թիկնո՞ցը... Դուք չգիտե՞ք, թե ով էր ինձ ուղարկել այն։
:― Ա՛հ, հայրդ ինձ մոտ էր թողել այդ զարմանահրաշ իրը, ու ես մտածեցի, որ դու թիկնոցը շատ կհավանես, ― Դամբլդորի աչքերը չարաճճի փայլեցին, ― Օգտակար բան է... Հայրդ այստեղ եղած ժամանակ դրանից առավելապես օգտվում էր խոհանոցից ուտելիք թռցնելու համար...
:— Մի բան էլ կա...
:― Մի՛ ամաչիր...
:— Քուիրելն ասաց, որ Սառկեկը...
:― Պրոֆեսոր Սառկեկը, Հա՛րրի...
:— Օհ, այո... Քուիրելն ասաց, որ նա ինձ ատում է, որովհետև ժամանակին ատել է իմ հորը։ Դա ճի՞շտ է։
:― Դե՛հ, իրոք, կարելի է ասել, որ նրանք իրար չէին համակրում։ Գրեթե այնպես, ինչպես դու և Մալֆոյը։ Սակայն հայրդ մի բան արեց, որի համար Սառկեկը նրան երբեք չկարողացավ ներել։
:― Ի՞նչ։
:— Փրկեց նրա կյանքը։
:― Ի՞նչ։
:— Այո... — ասաց Դամբլդորը մտազբաղ, — Մի՞թե ծիծաղելի չէ, թե երբեմն ինչպես են ծավալվում մարդկային հարաբերությունները։ Պրոֆեսոր Սառկեկը չի կարող ներել՝ հայրիկիդ արած լավության դիմաց, պարտքի զգացումով ապրելու բեռը... Ես համոզված եմ, որ այս տարի նա այդքան ուժ և ջանք գործադրեց քեզ պաշտպանելու համար, որովհետև հավատացած էր, որ դա ինչ-որ չափով կարող է փարատել հայրիկիդ նկատմամբ իր ունեցած պարտքի զգացումը։ Նրա կարծիքով՝ քեզ պաշտպանելով, ինքը քվիտ է լինում հորդ հետ։ Իսկ դա նրան հնարավորություն կտա մինչև իր կյանքի վերջը հանգիստ խղճով շարունակել ատել հայրիկիդ հիշատակը...
:Հարրին փորձեց հասկանալ դա, սակայն գլուխը լարումից սկսեց թնդալ զարկերակի յուրաքանչյուր հարվածի հետ, և նա մտքերը մի կողմ վանեց։
:— Եվ, սըր, դեռ մի բան էլ կա.։.
:— Հենց մե՞կը...
:― Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Քարը հայելու միջից հանկարծ իմ գրպանում հայտնվեց։
:― Ա՜հ... Ուրախ եմ, որ այդ հարցը տվեցիր։ Դա իմ գերազանց գաղափարներից մեկն էր, և, մեր մեջ ասած, իսկապես հանճարեղ միտք էր։ Հասկանո՞ւմ ես, այդ ֆոկուսի իմաստն այն էր, որ միայն նա, ով ուզում է գտնել Քարը՝ գտնել, սակայն ոչ օգտագործելու համար, կկարողանար ստանալ այն, այլապես հայելու մեջ նայողը կտեսնի իրեն՝ ոսկի կամ կյանքի էլիքսիր սարքելիս։ Ուղեղս երբեմն նույնիսկ ինձ է զարմացնում,.. Դե՛հ, վերջ, բավական է հարցեր տաս... Ես առաջարկում եմ, որ սկսես ա՛յ, այս կոնֆետներից։ Ա՜հ... Բերթի Բոթի ամեն-համի-սիսեռահատիկներ... է՜հ, ջահել տարիներիս մի անգամ բախտս չբերեց ու մի այնպիսի սիսեռահատիկ գցեցի բերանս, որ թթված ստամոքսի որձկոցի համ ուներ, այդ ժամանակից ի վեր երբեք կրկին չեմ փորձել... բայց ա՛յ, այս բաց շագանակագույն սիսեռահատիկից հաստատ կաթով շոկոլադի համ պիտի գա, ի՞նչ ես կարծում...
 
:Նա ժպտաց ու ախորժաբեր գույնով սիսեռահատիկը գցեց բերանը, հետո քիչ մնաց խեղդվեր, ու ինքն իրեն հավաքելով ասաց.
:— Ավաղ, այս անգամ էլ ականջի խեժ էր։
:Մադամ Պոմֆրին ՝ ավագ հիվանդապահուհին, շատ բարի կին էր, բայց և անսասան խիստ։
:— Միայն հինգ րոպե... — աղերսում էր Հարրին։
:— Ոչ մի դեպքում։
:— Դուք պրոֆեսոր Դամբլդորին թողեցիր...
:— Իհարկե, ի՞նչ խոսք, բայց նա տնօրենն է... Ի՜նչ համեմատություն... Իսկ քեզ հիմա հանգիստ է հարկավոր։
:— Բա էլ ի՞նչ եմ անում... Ահա, խնդրեմ, պառկած հանգստանում եմ... Մադամ Պոմֆրի, խնդրո՜ւմ եմ...
:— Դեհ, լավ, — ասաց նա — բայց միայն հինգ րոպե։
 
:Եվ նա ներս թողեց Ռոնին ու Հերմիոնային։
:—Հա՜րրի...
 
:Հերմիոնան այնպիսի տեսք ուներ, ասես պատրաստ էր կրկին գրկել Հարրիին, բայց Հարրին ուրախ էր, որ նա զսպեց իր զգացմունքները, որովհետև իր գլուխը դեռ շատ էր ցավում։
:— Օ՜հ, Հարրի, մենք արդեն համոզված էինք, որ դու... Դամբլդորն այնքա՜ն էր անհանգստացած։
:—Ամբողջ դպրոցն է դրա մասին խոսում, — ասաց Ռոնը, — վերջապես պատմիր, թե իրականում ի՞նչ կատարվեց այնտեղ։
 
:Դա այն հազվագյուտ դեպքերից մեկն էր, երբ իրական պատմությունը նույնիսկ ավելի զարմանալի ու հուզիչ է լինում, քան ամենաանհավանական ասեկոսեներն ու լուրերը։ Հարրին նրանց ամեն ինչ պատմեց՝ Քուիրելի, Հայելու, Քարի, Վոլդեմորթի մասին, ամեն ինչ։ Ռոնը և Հերմիոնան շատ շնորհակալ ունկնդիրներ էին, նրանք շունչները պահած լսում էին և բացականչում բոլոր ճիշտ տեղերում, իսկ երբ Հարրին պատմեց նրանց, թե ինչ էր թաքցրած Քուիրելի փաթթոցի տակ, Հերմիոնան սարսափահար ճչաց։
:— Ուրեմն Քարն այլևս գոյություն չանի, — ասաց Ռոնը, վերջապես, — իսկ Ֆլամերը ուղղակի կմեռնի...
:— Ես էլ նույն բանն ասացի, բայց Դամբլդորն ասում է... ո՞նց ասաց... ըը՜մ, հա՛, «....լավ կազմակերպված մտքի համար մահը պարզատես հաջորդ հրապուրիչ արկածն է»։
:— Հ֊հա՜... ասում էի չէ... միշտ էլ ասել եմ, որ նա մի քիչ... տարած է, — ասաց Ռոնը, ասես, հիանալով իր հերոսի «տարած»–ության աստիճանի վրա։
:— Իսկ հիմա դուք պատմեք, թե ձեզ հետ ի՞նչ կատարվեց, — ասաց Հարրին։
:— Ես ողջ ու առողջ ետ անցա կրակի միջով, — ասաց Հերմիոնան, — հասա շախմատի սրահն ու սկսեցի Ռոնին ուշքի բերել, դա որոշ ժամանակ տևեց, հետո մենք երկուսով սլացանք դեպի թռչնանոց, որ Դամբլդորին լուր ուղարկենք, բայց նրան հանդիպեցինք նախասրահի դահլիճում։ Նա արդեն գիտեր և ուղղակի ասաց. «Հարրին գնացել է նրա ետևից, չէ՞» և նետվեց
երրորդ հարկ։
 
:— Ի՞նչ ես կարեում, մի՞թե նա ինքը չէր ուզում, որ դու անես դա, մի՞թե նա ինքը քեզ չհուշեց նման բաներ անելը... ― հարցրեց Ռոնը, ― էլ ի՞նչ կարող էր նշանակել հայրիկիդ անտեսանելիության թիկնոցը քեզ ուղարկելը և մնացածը...
:—Եթե նա իսկապես նման բան է արել, — պայթեց Հերմիոնան, — ես չեմ ամաչի ասել, որ դա անթույլատրելի է, ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ դու կարող էիր պարզապես զոհվել։
:— Ոչ, դա այդպես չէ, — մտազբաղ ասաց Հարրին, — Դամբլդորը շատ հետաքրքիր, ուղղակի զարմանալի մարդ է... Ես կարծում եմ, որ նա պարզապես ուզում էր ինձ մի հնարավորություն տալ։ Ես համոզված եմ, որ նա ընդհանրապես շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունենում այստեղ։ Ես նույնիսկ համոզված եմ, որ նա վաղուց արդեն գիտեր իրադարձությունների մոտավոր ընթացքը։ Նա շատ լավ էլ գիտեր, որ մենք, միևնույն է, փորձելու ենք անել դա, ինչքան էլ մեզ արգելեն։ Փաստորեն, մեզ կանգնեցնելու կամ արգելելու փոխարեն նա պարզապես սովորեցնում էր այն, ինչը կարող էր օգնել մեզ։ Չեմ կարծում, որ ես հայելին պատահաբար գտա ու պատահաբար իմացա, թե ինչպես է այն գործում։ Կարելի է ասել, նա գտնում էր, որ ես իրավունք ունեմ առճակատելու Վոլդեմորթի հետ, եթե ուզենամ, և գոնե փորձելու հաղթել նրան...
 
:— Էէ՜հ... Դամբլդոր եմ ասել, է ... — հպարտորեն ասաց Ռոնը, — Հարրի, դու պիտի մինչև վաղը լավանաս, որ գաս տարեվերջի հանդիսավոր ընթրիքին։ Բոլոր միավորներն իհարկե արդեն հաշվարկված են, և կրկին հաղթել է Սլիզերինը, անշուշտ։ Ա՜խ... Ո՜նց բաց թողեցիր քվիդհչի վերջին խաղը...
:Ռեյվենքլոցիները մեզ ուղղակի բմբլահան արին առանց քեզ... Բայց, ինչևէ... գոնե մի կուշտ համով-համով բաներ կուտենք...
 
 
 
:Այդ պահին մադամ Պոմֆրին միջամտեց։
:— Դուք, ի միջի այլոց, արդեն տասնհինգ րոպեից էլ ավելի եք մնացել այստեղ։ Դո՛ւրս բոլորդ, ― ասաց նա առարկություն չհանդարժող տոնով։
 
:Գիշերը հանգիստ քնելուց հետո Հարրին իրեն գրեթե լրիվ կազդուրված էր զգում։
:— Ես ուզում եմ գնալ տոնական ընթրիքին, — ասաց նա մադամ Պոմֆրիին, մինչ վերջինս սեղանի վրա դասավորում էր նրա կոնֆետային պաշարները,― կարելի է, չէ՞։
:— Պրոֆեսոր Դամբլդորն ասաց, որ քեզ պետք է թույլ տալ գնալ, — ասաց մադամ Պոմֆրին այնքան սրտնեղած, ասես իր կարծիքով պրոֆեսոր Դամբլդորը չէր պատկերացնում, թե ինչքան վտանգավոր բաներ են տոնական ընթրիքները, — իսկ քեզ մոտ այցելու է եկել։
:— Օ՜հ, ինչ լավ է։ Ո՞վ է եկել, — ասաց Հարրին։ Այդ պահին Հագրիդը դռնից կողքանց մտավ ներս։
 
:Ինչպես միշտ, որևէ սրահամ կամ շինության մեջ լինելիս, Հագրիդը պարզապես անհավանական և անթույլատրելի մեծ էր երևում։ Նա նստեց աթոռին՝ Հարրիի մահճակալի կողքին, մի հայացք գցեց Հարրիի վրա և աչքերից հսկայական արցունքներ ցայտելով, սկսեց ցնցվելով ու բարձրաձայն հեկեկալով լաց լինել։
:— Ե-հե-հե֊հես եմ մեղավորր... հի֊հի-հի֊մարս... էս ինչ փոր–ձա–հա–հա–հա՜նք բերի գլխիդ իմ էշի խել– քով... — ձեռքերով դեմքը ծածկելով շարունակում էր հեծկլտալ Հագրիդը, — Ե-հե-հես ասացի էդ նենգ ճի– վաղին, թե ոնց անցնի Խավիկի կողքով... Ե-հե-հես ասացի նրան... Բա որ դու մեռնեի՞ր... ը-հը֊հը-հը-հը... Եվ էդ ամենը վիշապի մի ձվի պատճառով... ը֊հը-հը– հը-հը... Վե՛րջ, էլ երբեք կյանքումս չեմ խմի... ը֊հը-հը– հը-հը... Ինձ պետք է վտարել... աքսորել է պետք ինձ նմանին, որ գնա ու ապրի մագլների հե–հե–հե՜տ...
 
:— Հա՛գրիդ... — վերջապես խոսք գտավ Հարրին։ Նա ուղղակի ցնցված էր՝ տեսնելով Հագրիդին այդպես հուսահատ վշտով ու զղջանքով համակված, մինչ հսկայական արցունքները գլոր-գլոր թափվում էին նրա կոշտ մորուքի վրայով, — ...Հա՛գրիդ, նա միևնույն է, այսպես թե այնպես, կիմանար։ Մի՛ մոռացիր, որ մենք Վոլդեմորթի մասին ենք խոսում, հերի՛ք տառապես։ Նա, միևնույն է, կիմանար, նույնիսկ եթե դու ոչինչ էլ չասեիր նրան։
:— Ախր, բա որ դու մեռնեի՞ր... ու էդ ճիվաղի անունը մի տուր։
:— ՎՐԼԴԵՄՈ՜ՐԹ, ― անխնա բղավեց Հարրին, և Հագրիդն այնպես ցնցվեց, որ անմիջապես դադարեց լաց լինել, — ես նրան դեմ առ դեմ հանդիպել եմ և միշտ նրան իր անունով եմ կոչելու, վե՛րջ... Հա՛գրիդ, դե՛հ, հանգստացի՛ր, այդպես մի՛ վհատվիր, ի վերջո Քարը մենք փրկեցինք, ու այն այլևս գոյության չունի, որ Վոլդեմորթը կարողանա օգտվել դրանից։ Հա՛գրիդ, շոկոլադե գորտ վերցրու, հյուրասիրվի՛ր, տե՛ս ինչքան շատ ունեմ...
 
:Հագրիդը ափի հակառակ կողմով քիթը սրբեց ու ասաց.
:— Հա, լավ հիշեցրիր... Ես քեզ համար մի նվեր եմ բերել։
:— Հո կզաքիսի մսով բրդուջներ չե՞ն, — շինծու անհանգստությամբ հարցրեց Հարրին, և Հագրիդը վերջապես թույլ ծիծաղեց։
:—Նե՜եյ...Դամբլդորն ինձ երեկ ազատ օր տվեց, որ սարքեմ։ Ճիշտ կաներ ինձ նմանին զնդանը գցեր, անշուշտ... ԷԷ՜հ, ես էլ սա պատրաստեցի...
 
:Հագրիդի տվածը մի գեղեցիկ կաշեկազմ գիրք էր։ Հարրին հետաքրքրված բաց արեց այն։ Գիրքը ծայրից ծայր լի էր դյութական լուսանկարներով։ Ամեն էջից ժպտալով ու ձեռքով անելով իրեն էին նայում... մայրիկն ու հայրիկը։
:― Բվեր ուղարկեցի մայրիկիդ ու հայրիկիդ բոլոր հին դպրոցական ընկերներին, որ լուսանկարներ հավաքեն, եթե ունեն... Գիտեի, որ դու ոչ մի հատ չունես... Ո՞նց է, հավանո՞ւմ ես...
 
:Հարրին չկարողացավ որևէ բառ ասել, բայց Հագրիդը նրան հասկացավ։
 
:Երեկոյան Հարրին մենակ իջավ հիվանդանոցային աշտարակից և ուղևորվեց դեպի Մեծ դահլիճ, ավարտական տոնական ընթրիքի համար։ Մադամ Պոմֆրին նրան բաց չթողեց մինչև մեկ անգամ ևս ոտքից գլուխ չզննեց ու չստուգեց նրա բոլոր կենսաբանական ցուցանիշները, այնպես որ, երբ նա մոտեցավ Մեծ դահլիճին, ամբողջ դպրոցն արդեն այնտեղ էր։ Մեծ դահլիճը զարդարված էր Սլիզերին տան գույներով՝ կանաչ ու արծաթագույն, ի նշանավորում Միաբանությունների Գավաթի մրցույթում Սլիզերինի տարած հաղթանակի, ընդ որում, արդեն յոթերորդ տարին անընդմեջ։ Ուսուցիչների սեղանի ետևի մեծ պատը առաստաղից մինչև հատակ ծածկված էր Սլիզերին տան՝ օձ պատկերող, հսկայական զինադրոշով։
 
:Երբ Հարրին ներս մտավ, հանկարծ մեկ վայրկյան լռություն տիրեց, և հետո բոլորը միասին սկսեցին բարձրաձայն խոսել։ Հասնելով Գրիֆինդորի սեղանին, նա տեղավորվեց Հերմիոնայի ու Ռոնի միջև մի ազատ աթոռի վրա և փորձեց ձևացնել, թե չի նկատում, որ դահլիճի բոլոր կողմերից մարդրկ տեղից վեր էին կենում իրեն նայելու համար։
 
:Բարեբախտաբար, մի քանի րոպե անց Դամբլդորն էլ եկավ, և ժխորը դադարեց։
:— Մի տարի էլ անցավ, — զվարթ ասաց Դամբլդորը։ ― Իսկ հիմա ես ստիպված եմ ձեր ջահել ականջները զբաղեցնել զառամյալ ծերանու ձանձրալի բարբաջանքով, մինչդեռ ձեր ջահել ատամները վաղուց արդեն պատրաստ են զբաղվելու ձեզ սպասող խնջույքի ընտիր հյուրասիրությամբ։ Ի՜նչ տարի էր... Հուսով եմ, որ բոլորիդ գլուխները գոնե քիչ ավելի լեցուն են գիտելիքներով, քան մեկ տարի առաջ... Ի միջի այլոց, մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբը դուք մի ամբողջ ամառ ունեք ձեր տրամադրության տակ՝ գլուխներդ կրկին բարեհաջող դատարկելա համար...
 
:Հիմա, ըստ ավանդույթի, ժամանակն է Միաբանությունների Գավաթը հանձնել տարեկան մրցույթում հաղթած միաբանությանը։ Տների միջև միավորները բաշխվել են հետևյալ կերպ.
 
:չորրորդ տեղ՝ Գրիֆինդոր միաբանություն, երեք հարյուր տասներկու միավոր.
:երրորդ տեղ՝ Հաֆըլփաֆ միաբանություն, երեք հարյուր հիսուներկու միավոր.
:երկրորդ տեղ՝ Ռեյվենքլո միաբանություն, չորս հարյուր քսանվեց միավոր և
:առաջին տեղ՝ Սլիզերին միաբանություն, չորս հարյուր յոթանասուն երկու միավոր։
 
:Ողջույնների ու հաղթական բացականչությունների մի փոթորիկ բարձրացավ Սլիզերին միաբանության սեղանից։ Հարրին տեսնում էր, թե ինչպես էր Դրաքո Մալֆոյն իր գավաթով հաղթական հարվածում սեղանին։ Տեսարանը պարզապես անտանելի էր։
:— Այո՛, այո՛, այո՛ Սլիզերինը, ― ասաց Դամբլդորը, — սակայն մենք պարտավոր ենք հաշվի առնել նաև վերջերս կատարված իրադարձությունները։
 
:Դահլիճն անմիջապես սսկվեց։ Սլիզերինցիների ժպիտները փոքր ինչ սառեցին։
:— Ըհ-հը՛մ... Ես այժմ պետք է մի քանի միավորներ բաշխեմ, որոնց մասին դեռ չի հայտարարվել... Ապա տեսնե՛նք... Ուրեմն այսպես... Այո՛... ― ասաց Դամբլդորը։
:— Առաջին, պարոն Ռո՛նալդ Ուի՛զլիին... — Ռոնի դեմքը միանգամից մանուշակագույն երանգ ստացավ, և նա անմիջապես նմանվեց արևի տակ երկար մնացած բազուկի ― ...լավագույն մարտավարությամբ իրականացված շախմատային խաղի համար, որի նմանը չի եղել Հոգվորթսում երկար տարիների ընթացքում, Գրիֆինդոր միաբանությանը շնորհում եմ... հիսու՛ն միավոր։
 
:Գրիֆինդորցիների ուրախության աղաղակներն այնպիսի հզորությամբ դեպի վեր ժայթքեցին, որ կախարդված առաստաղը, ասես ձայնի ալիքից դեպի վեր գոգավորվեց, ու առաստաղին սփռված միլիարդավոր աստղերը դողդողացին։
 
:Ընդհանուր աղմուկ-աղաղակի մեջ, համենայն դեպս, հստակ կարելի էր լսել Փերսիի ձայնը, որը մյուս ավագներին շտապում էր հայտնել.
:— Դա իմ եղբայրն է, գիտե՞ք... Իմ կրտսեր եղբայրը։ Պատկերացնու՞մ եք, կարողացել է հաղթել Մըք Գոնագալի հսկա շախմատամարտիկներին։
 
:Վերջապես կրկին լռություն տիրեց։
:— Երկրորդ, օրիորդ Հերմիո՛նա Գրե՛յնջերին... կրակի դեմ չընկրկելու և սառը տրամաբանությամբ վտանգը հաղթահարելու համար, Գրիֆինդոր միաբանությանը շնորհում եմ... հիսո՛ւն միավոր։
 
:Հերմիոնան գլուխը թաքցրեց արմունկների մեջ։ Հարրին համոզված էր, որ նա սկսեց արտասվել։ Սեղանի երկու կողմերից բոլոր գրիֆինդորցիները եկել ու խմբվել էին նրանց շուրջը՝ Գրիֆինդորը միանգամից հարյուր միավորով վեր բարձրացավ։
:— Երրորդ, պարոն Հա՛րրի Փո՛թթերին... — սկսեց Դամբլդորը և ամբողջ դահլիճում այնպիսի լռություն տիրեց, ասես ներկաներից ոչ մեկը նույնիսկ չէր էլ շնչում... — աննախադեպ սառնասրտության և անձնուրաց քաջության համար, Գրիֆինդոր միաբանությանը շնորհում եմ... վաթսո՛ւն միավոր։
 
:Աղմուկն ու գոռում-գոչյունը պարզապես խլացուցիչ էին։ Նրանք, ովքեր բղավելու հետ զուգահեռ ի վիճակի էին նաև գումարման զուտ թվաբանական գործողություն կատարել, արդեն գիտեին, որ Գրիֆինդորի ընդհանուր հաշիվը դարձավ չորս հարյուր յոթանասուն երկու միավոր, ճիշտ այնքան, ինչքան Սլիզերինինը։ Եթե միայն Դամբլդորը Հարրիին գոնե մեկ միավոր էլ ավելի տար, նրանք արդեն շահած կլինեին Միաբանությունների Գավաթը։
 
:Դամբլդորը ձեռքը վեր բարձրացրեց։ Դահլիճն աստիճանաբար լռեց։
:— Քաջությունը կարող է շատ բազմատեսակ լինել, ― ասաց Դամբլդորը ժպտալով, — մեծ քաջություն է պահանջվում թշնամիների հետ առճակատելու համար, ինչ խոսք, բայց ոչ պակաս քաջություն է պահանջվում նաև բարեկամներին դիմադրելու համար։ Այդ իսկ պատճառով ես տասը միավոր եմ շնորհում... Նե՛վիլ Լոնգբո՛թոմին։
 
:Ամրոցից դուրս կանգնած որևէ մեկը կմտածեր, որ ինչ-որ շատ մեծ պայթյուն տեղի ունեցավ Մեծ դահլիճում, այնքան բարձր էր Գրիֆինդորի սեղանից բարձրացած հռնդալից աղմուկը։ Հարրին, Հերմրոնան ու Ռոնը ոտքի կանգնեցին բարձրաձայն ողջունելու անակնկալից պապանձված և ուրվականի պես ճերմակած Նեվիլին, որն անհետացավ ամեն կողմից նրան գրկախառնվող մարդկանց խմբի մեջ։ Նեվիլը դեռ երբեք նույնիսկ մեկ միավոր էլ չէր շահել Գրիֆինդորի համար։ Հարրին՝ շարունակելով հաղթականորեն աղաղակել, բոթեց Ռոնին և գլխով ցույց տվեց Մալֆոյին, որը թերևս իր ամբողջ կյանքում երբեք այդքան ապշահար ու վհատված տեսք դեռ չէր ունեցել, կարծես հենց նոր ինչ-որ մեկը անդամալուծող չարադավք էր արել նրա վրա։
:—Իսկ դա նշանակում է, — ձայնը ծափահարությունների փոթորկից ավելի բարձրացնելով, շարունակեց Դամբլդորը, քանզի նույնիսկ Ռեյվենքլո և Հաֆըլփաֆի միաբանաթյուններն էին ուրախ-ուրախ ծափահարում՝ տոնելով Սլիզերինի վաղուց բաղձալի անկումը, —իսկ դա նշանակում է, որ դահլիճին նոր հարդարանք է պետք։
 
:Նա ծափ տվեց և մեկ ակնթարթում բոլոր կանաչ զինադրոշները դարձան ալ կարմիր, իսկ արծաթագույնը՝ ոսկեգույն, Սլիզերինի հսկա օձն անհետացավ և փոխարենը հայտնվեց Գրիֆինդորի հաղթական առյուծը։ Սառկեկը սեղմում էր պրոֆեսոր Մըք Գոնագալի ձեռքը՝ գերագույն ճիգերով շինծու ժպտալով։ Հարրիի ու Սառկեկի հայացքները հանդիպեցին, և Հարրին անմիջապես հասկացավ, որ Սառկեկի վերաբերմունքն իր նկատմամբ նույնիսկ մեկ միլիմետրով էլ չի փոխվել։ Սակայն դա Հարրրին բնավ չէր անհանգստացնում։ Թվում էր, որ կյանքը Հոգվորթսում հաջորդ տարի կշարունակվի սովորականի պես կամ առնվազն այնքան սովորական, ինչքան այն կարող է այդպիսին համարվել Հոգվորթսի համար։
 
:Դա Հարրիի կյանքում լավագույն երեկոն էր, նույնիսկ ավելի լավը, քան քվիդիչում հաղթելու օրը կամ Սուրբ Ծննդյան տոնը, կամ լեռնային տրոլներ նոքաութելը... նա իր ամբողջ կյանքում երբե՛ք, երբե՛ք չի մոռանա այդ երեկոն։
 
:Հարրին գրեթե մոռացել էր, որ իրենք դեռ պետք է քննությունների արդյունքների պատասխանները ստանան։ Ի մեծագույն զարմանս իրենց, Ռոնն ու Հարրին՝ երկուսն էլ, անցել էին բավականին լավ գնահատականներով, իսկ Հերմիոնան, անշուշտ, լավագույն առաջադիմությամբ՝ տարվա առաջին աշակերտն էր։ Նույնիսկ Նեվիլն էր անցել՝ բուսագիտության լավ գնահատականներով մի կերպ հավասարակշռելով հմայադեղերի դասից իր գրեթե զրոյական միավորները։
 
:Նրանք մեծ հույսեր էին տածում, որ Գոյլը, որը նույնքան դմբո էր, որքան և չարամիտ, չի հավաքի նվազագույն միավորները և դուրս կմնա, սակայն նա նույնպես անցել էր։ Իհարկե, դա տհաճ էր, սակայն, ինչպես Ռոնն էր սիրում ասել, հազար երանի մի տեղ չի լինի։
 
:Եվ հանկարծ, նրանց պահարանները դատարկվեցին, ճամպրուկները լցվեցին, Նեվիլի դոդոշը գտնվեց զուգարանի հեռավոր անկյունում թաքնված, բոլոր ուսանողներին պաշտոնական երկտողեր հանձնվեցին, որտեղ խիստ բառերով զգուշացվում էր, որ արգելվում է արձակուրդների ժամանակ հրաշագործելը «Ես դեռ հույսս չեմ կտրում, որ գոնե մեկ անգամ նրանք կմոռանան այս երկտողը մեզ հանձնել արձակուրդներից առաջ», ― տխուր ասաց Ֆրեդ Ուիզլին։ Հագրիդը եկավ նրանց փոքրիկ նավատորմի մոտ ուղեկցելու, որը ետ լողաց լճի մակերեսով դեպի Հոգվորթսի երկաթուղային կայարանը։ Բոլորը տեղավորվեցին Հոգվորթսի ճեպընթացում և ճանապարհվեցին դեպի մագլական աշխարհ։ Բնապատկերը հետզհետե ավելի ու ավելի կանաչ ու կոկիկ էր դառնում, անցնելով մագլական քաղաքների ու գյուղերի կողքով, իսկ ուղևորները զվարճախոսելով և ծիծաղելով, համտես անելով Բերթի Բոթի ամեն-համի-սիսեռահատիկներից, շուտով հանեցին իրենց դյութական պարեգոտներն ու հագան մագլական բաճկոններն ու վերարկուները և ժամանեցին Քինգզ Քրոս երկաթուղային կայարանի թիվ իննը և երեք քառորդ կառամատույցը։
 
:Բավականին երկար ժամանակ պահանջվեց մինչև նրանք բոլորը դուրս եկան կառամատույցից։ Մի ծեր, կնճռոտ դեմքով դյաթ-հսկիչ կանգնած էր տոմսերի արգելափակոցի մոտ՝ հետևելով, որ երկու կամ երեք հոգուց ավելի մեծ խմբերով միանգամից դուրս չգան անցումից, որպեսզի մագլների ուշադրությունը չգրավեն՝ բոլորը միասին աղյուսե պատից դարս թոնելով։
:— Այս ամառ դուք պետք է անպատճառ գաք մեզ մոտ, — ասաց Ռոնը, — դուք երկուսդ։ Ես ձեզ մի բու կուղարկեմ։
:— Շնորհակալ եմ, — ասաց Հարրին, — կարծում եմ ինձ իսկապես պետք կլինի մի լավ բանի սպասել, մինչև ամառվա վերջը Դարզլիներին դիմանալու համար։
 
:Մարդիկ հրաժեշտի վերջին խոսքերն էին ասում և նրանց ձեռքը սեղմում ՝ դեպի մագլական աշխարհ տանող վերջին դարպասների մոտ։ Շատերը անձամբ հրաժեշտ էին տալիս Հարրիին.
:― Առայժմ, Հա՛րրի։
:― Կտեսնվե՛նք, Փո՛թթեր։
:― Դեռ հանրահայտ ես, ― ժպտալով ասաց նրան Ռոնը։
:― Ոչ այնտեղ՝ ուր գնում եմ, կարող ես համոզված լինել, ― ասաց Հարրին։
 
:Նա, Ռոնը և Հերմիոնան միասին անցան անցուղիով։
:― Ահա՛ նա, մա՜մ... Տես, ահա նա...
 
:Ջիննի Ուիզլին էր, Ռոնի կրտսեր քույրը, սակայն նա բնավ Ռոնին չէր մատնացույց անում։
:― Հա՛րրի Փո՛թթերը, մա՜մ տե՛ս... Ես նրան տեսնում եմ։
:― Հանգիստ կաց, Ջիննի, մատով ցույց տալն անքաղաքավարի է։
 
:Տիկին Ուիզլին ժպտադեմ դիմավորեց նրանց բոլորին։
:― Զբաղված տարի էր, հա՞... ― ասաց նա։
:― Շա՜տ, ― ասաց Հարրին, ― շնորհակալություն հալվայի ու ջեմպրի համար, տիկին Ուիզլի։
:― Օ՜հ, չարժե, սիրելիս...
:― Պատրա՞ստ ես։
 
:Քեռի Վերնոնն էր, դեռ կարմրերես, դեռ բեղավոր, դեռ կատաղած Հարրիի համարձակության վրա, որ օրը ցերեկով ձեռքին վանդակով բու է տանում կայարանով՝ առանց քաշվելու օրինավոր, նորմալ մարդկանցից։ Նրա թիկունքում կանգնած էին՝ Հարրիի տեսքից իսկ արդեն սարսափահար, մորաքույր Պետունիան ու Դադլին։
:― Դուք Հարրիի ընտանի՞քն եք, ― հարցրեց տիկին Ուիզլին։ ― Կարելի է, թերևս, այդպես ասել, ― պատասխանեց քեռի Վերնոնր, ― արագացրու՛, տղա՛, մենք այսօր դեռ շատ անելիքներ ունենք, ― ասաց նա եւ առաջ անցավ։
 
:Հարրին մի քիչ ետ մնաց՝ Ռոնի ու Հերմիոնայի հետ հրաժեշտի վերջին խոսքերը փոխանակելու համար։
:― Ուրեմն ամառվա ընթացքում դեռ կտեսնվենք։
:― Քեզ բարի․․․ ըմ, արձակուրդներ, ― ասաց Հերմիոնան, անվստահ նայելով քեռի Վերնոնի ետեւից, ցնցված, որ կարող է որեւէ մեկն այդքան անբարեհամբույր լինել։
:― Օ՜հ, անշուշտ, ես համոզված եմ, որ արձակուրդները բարի են լինելու, ― եւ մյուս երկուսը զարմացան նրա աչքերի չարաճճի փայլի ու խորամանկ ժպիտի վրա։
:― Նրանք չգիտեն, որ մեզ չի թույլատրվում տանը հրաշագործե։ Ա՛յ, թե Դադլիի հախից կգա՜մ այս ամառ․․․