Changes
ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ
— Այսօր, չես գիտեր՝ հետդ ո՞ւր պիտի երթանք,— ըսավ Շիրին: — Ըսե թե՝ դուն գիտե՞ս. ես ալ մինչև երեկ չգիտեի։ Ադ տեղերեն հարյուր անգամ ալ չե՞մ անցեր, ո՞վ խելք կըներ։ Ծո, ելլեմ, նայիմ՝ ի՞նչ կա սա պառեխներուն ետին, ըսի։ Ի՞նչ տեսնեմ, ծառ մը, կաղնի մը, բարդիի պես երկնցեր է, քեզի սուտ, ինծի՝ իրավ, ամենեն քիչը՝ ութը բեռ փայտ կելլե վրայեն: Մեր լեռներն ալ ասանկ ծառ կա՞ եղեր: Կա եղեր, ըսելե: Դուն ըլլաս՝ կկենա՞ս։ Հայտի Շիրին, մարդու մի՝ մի՛ ըսեր, կացինդ սրե, կտրե, տուն կրելդ, վառելդ նայե։
Ճամբան բուռ ըլլալուն՝ կթնդար, կարծես ներքևը պարապության մը վրայեն կքալեին։ Առտու չէր դեռ, մութ էր, բայց երկինքը քիչ աստղ կար։ Քերվան Ղռանը Թեփթայի հավասարութենեն ալ անցեր էր։
Ճամբուն ճիշտ մեջտեղը կրիա մը կար, մեկեն կեցավ էշը։ Շիրին, որ հացին տոպրակը բացեր էր, պանիրը հացին մեջ կդներ, մատներուն մեջ կսեղմեր, պատառ կշիներ, կուտեր, հասկցավ, որ անոր համար էր։
— Ամա՛ն, չըլլա, որ երթաս… պեո՜… հիմա վրադ կցատկե, քեզ կուտե,— հեգնեց։ Հետո շեշտը փոխեց, իշուն ականջին մոտեցուց բերանը, խուլի մը ինչպես կպոռան, գոչեց,— տաշտի՜կ է, տաշտի՛կ, տաշտիկե՞ն ալ մարդ կվախնա:
Բայց էշը ականջները ցցեց, միշտ նույն կետին նայեցավ, ոտք չփոխեց, մինչև որ Շիրին վերցուց կրիան ճամբուն վրայեն, այն ատեն քալեց:
— Ի՞նչ պիտի ընենք աս քու վախկոտութեանդ, չեմ գիտեր, որ ըսեմ,— վերսկսավ Շիրին,— տաշաիկեն տաշտիկեն կվախնաս, հոսհոսիկեն, կվախնաս, ևեվիկեն կվախնաս, կովուրծուծեն կվախնաս, բզեզ մը թռի՝ գետին իջնա, թռի՝ գետնեն ելլե, կվախնաս։ Աս ի՞նչ անուշ է քու հոգիդ քեզի։ Աղվեսի պոչիկին ի՞նչ կելլե, խոտ մըն է, դուն անկե ալ կվախնաս։ Ո՞ր օրն էր, հա, ելած շաբաթ օրն էր, Պարան Հողքեն կերթայինք, հովը փչեց, վերեն աղվեսի չորցած պոչիկ մը առաջքդ ձգեց, անանկ ետ ցատկեցիր, որ, ես ալ ի՞նչ գիտնամ, ետևդ էի, կռնակիս վրա գետին պառկեցուցիր։ Մարդ իր ականջեն կվախնա՞։ Ամեն աստուծո օր աղբյուր տանելուս, նալերուդ ծալքերուն վրա կոխելով՝ կամաց-կամաց, կամաց-կամաց, սիրտդ նետելով-նետելով գուռին կմոտենաս, ջուրին մեջ ականջներդ որ տեսնես, ալ կլմննաս, լեղիդ կպատռի. ալ ո՞ւր ջուր պիտի խմես, առաջքդ ով կուզե ըլլա, կկոխես վրան, կփախիս։ Աս քու ականջներդ քեզի ի՞նչ կերևան՝ չեմ գիտեր։
Ձորերը պաղլեղի ճերմակություն մը առին։ Առտու եղավ։ Գետին ծռեցավ, տրեխին կապը թուլցեր էր, ամուրցուց, քալեց, հասնելու համար:
— Գնալիք տեղերնիս չըսի, — շարունակեց,— Քաջտանին լեռն է, սուրբ Գևորգն ալ ճիփ-ճիշտ դիմացը կիյնա: Ուխտին պատերը, գմբեթը, բռինչի ծառերը, ուխտավորներուն պարխանա, պարխանա նստած տեղերը, լուսաղբյուրը, անանկ աղվոր կերևան որ հոնկե: Քուրդ Բաշշոյին այծերուն գոմերն ալ կերևան, մինակ թե՝ անոնք քիչ մը շեղ կիյնան։ Ուրկե՞ ալ պիտի երթանք՝ ան ալ ըսեմ: Թեղը պիտի անցնինք, Քարնետածը չկա՞, ուր է՝ ուխտի գացողները վարեն գագաթը քար կնետեն, նոր հարսերը տղա՞ թե աղջիկ պիտի բերեն, գիտնալու համար՝ հոտկե ձորը պիտի իջնանք, անկե ալ լեռը պիտի ելլենք։ Մինակ վերի չորս պառեխներուն առաջքը գեշ է։ Գեշ ըսածս ալ՝ շատ դարվարի է։ Երեք չորս քայլ տեղ է եղածը, ամա, ոտքերնիս որ չկրնանք բռնել, սահելու որ ըլլանք, դարվար անանկ ձոր մը կա, որ կտորնիս անգամ չմնար։ Աղեկություն մը կա նը՝ հողը կակուղ է, ուր կոխես՝ ոտքդ կթաղվի։ Ես ալ աղեկ մը փորեցի, դուրցուցի։ Առաջ Աստված, բան մըն ալ չենք ըլլար. Սուրբ Գևորգին ալ խոշոր մոմ մը խոսք տվի, առաջքը պիտի վառեմ։ Սուրբ Գևորգը մեզ կպահե։
Շիտակ ճամբան իջան։ Շիրին ա՛լ չխոսեցավ, բերանը գոցեց։ Իշուն վրա ալ հավկիթ մը դնեիր չէր իյնար, այնչափ ուղիղ կքալեր։ Կամուրջը անցան։ Շիրին գետին միապաղաղ հոսող մակերեսին նայեցավ։
— Վախս ասօր է։ Ասօր փորձանք մը չհասած տուն որ դառնանք, ալ բան չենք ըլլար, աչքերնիս կպառկի։ Ո՜վ Սուրբ Գևորգ, դուն պահե մեզ, ով քաջահաղթ զորավար,— ըսավ Շիրին։
Քարնետածը եկան, ձորը իջան, լեռը սկսան ելլել։ Իրավ ալ հողերերը հողերը կակուղ էին, ուր կկոխեին՝ ոտքերնին կթաղվեր, ինչ որ՝ հաճելի կուգար իրենց։ Տակավ Սուրբ Գևորգին դարատափերը, բռնչենիները, քարե պատը, Լուսաղբյուրը երևցան։ Հոտկե պառեխներուն կողմը թեքվեցան, որոնք չորս հատ էին, մեկ կարգի վրա, զատ-զատ։ Գեշ տեղը եկան։ Շիրին Սուրբ Գևորգին դարձուց երեսը, երեք անգամ խաչակնքեց:
— Ով Սուրբ Գևորգ,— ըսավ,— վախու տեղը պիտի անցնինք, դուն մեզ պահե։
Իշուն ետևեն, համետին երկու կողմեն բռնեց: Զարհուրելի գահավեժը ճիշտ իրենց ոտքերուն հավասարությանն էր։ Չէին քալեր։ Մեկ-մեկ, մեկ-մեկ, ոտք կփոխեին։
- Ճամբան քեզի ծեծեցի: Մեկը իս ծեծեր։ Քեզի զարկած բիրս իմ վրաս կոտրտեր, - ըսավ Շիրին։ Արցունքներ սահեցան աչքերեն։
Նորեն պառեխները ելավ, թեև պետք չկար։ Սուրբ Գևորգին նայեցավ: Մանիշակի գույն մը կար մատուռին շուրջը, միջոցին մեջ։
- Այնչափ ալ հույս դրի վրադ, այնչափ ալ աղաչեցի,– ըսավ Շիրին։- Ա՞ս էր պահածդ։ Մոմ պիտի վառեմ քեզի, հա՞: Չեմ վառեր։ Ինչո՞ւ պիաի պիտի վառեմ։ Հոռոմ չե՞ս։ Քենե ալ բարիք կուգա։