Changes
Դեռահասը
,Սա ես հորինել եմ գիմնազիայի արդեն վեցերորդ դասարանում և, թեև շուտով, անշուշտ, համոզվեցի, որ հիմար եմ, այնուամենայնիվ, իսկույն չդադարեցրի հիմարությունս։ Հիշում եմ, որ ուսուցիչներից մեկը (ի դեպ նա հենց միակն էր) գտավ, որ ես «քաղաքացիական ու վրիժառու գաղափարով եմ առլեցուն»։ Իսկ ընդհանրապես ինձ համար ինչ-որ վիրավորական մտավախությամբ ընդունեցին իմ այդ հնարամտությունը։ Վերջապես, ընկերներիցս մեկը՝ մի շատ կծու տղա, որի հետ տարին ես ընդամենը մեկ անգամ էի խոսում, լուրջ տեսքով, բայց փոքր֊ինչ մի կողմ նայելով, ասաց ինձ.
― Այդ զգացմունքները ձեզ, իհարկե, պատիվ են բերում, և դուք, անշուշտ, պարծենալու բան ունեք, բայց ես, եթե ձեր տեղի տեղը լինեի, այնուամենայնիվ, այնքան էլ չէի հրճվի, որ ապօրինածին եմ... իսկ դուք կարծես օրվա հերոս լինեք։
Այդ օրվանից ես այլևս չէի պարծենում, որ ապօրինածին եմ։ Կրկնում եմ, որ շատ դժվար է ռուսերեն գրելը, ահա ամբողջ երեք էջ գրել եմ այն մասին, թե ինչպես եմ զայրացել ազգանվանս պատճառով, մինչդեռ ընթերցողն արդեն եզրակացրել է, որ ես հենց դրա համար էլ զայրանում եմ, որ իշխան չեմ, այլ ուղղակի՝ Դոլգոռուկի։ Նորից բացատրելն ու արդարանալը ստորացուցիչ կլիներ ինձ համար։