Changes

Ուսուցչուհու հիշատակարան

Ավելացվել է 60 986 բայտ, 13:46, 22 Դեկտեմբերի 2019
Ես այնպես էի տարվել զրույցով, որ մոռացել էի, թե մայրը ինձ հյուրասիրելու համար պատրաստություն է տեսնում։ Երբ նա ներս ու դուրս էր անում և լսեց իմ մեկնելու ցանկությունը․
 
 
 
― Ո՞ւր պիտի գնաս,― ասաց,― առանց նախաճաշի քեզ բաց չեմ թողնի, հետո, այդ բուքին ո՞ւր պիտի գնաս, սպասի, թող մի փոքր եղանակը հանդարտի։
 
Դրսում դեռ շարունակում էր ձյուն տեղալ։ Լուսամուտից երևում էր օդի մեջ դարձդարձիկ պտույտ եկող ձյան փաթիլների խելագար պարը։
 
Ժամը երկուսին Արմիկ մայրիկը ինձ ճանապարհ դրեց համբուրելով։
 
― Քանի Երևանում ես,― ասաց,― շուտ շուտ արի։
 
Արտակն ինձ ընկերացավ մինչև հյուրանոց։
 
 
====
 
Մինչև Երևանից մեկնելս ամեն օր այցելում էի Արմիկ մայրիկին, համաձայն իր պատվերի։
 
Այնպես էի սովորել այս տանը, որ Արտակի մոր հետ զրուցելիս ճռվողում էի փոքրիկ աղջկա նման, խոսելով ամեն մի թեկուզ անկարևոր նյութի շուրջ․ պատմում էի թե ինչ հետաքրքիր բան եմ տեսել Երևանում շրջելիս, պատմում էի ծանոթներիս մասին, որոնց այցելում էի, կամ պատահաբար հանդիպում փողոցում, պատմում էի, թե ուր եմ գնացել և կամ ինչպես եմ անցկացրել ժամանակս․․․
 
Արմիկ մայրիկը լսում էր ինձ հաճությամբ և ուրախությամբ։
 
Իրիկնադեմին, աշխատանքից հետո գալիս էր Արտակը և ուրախանում էր ինձ գտնելով մոր մոտ նստած հարազատի նման։
 
Բայց երբ ես Արտակի հետ առանձին էի մնում, շրթներս փակվում էին, և մի տեսակ լրջության քող էր իջնում վրաս։
 
Վերջին այցելությանս օրը, երբ մի պահ Արտակի հետ առանձին էի հյուրասենյակում ասացի, որ եկել եմ քեզ ու մայրիկին մնաս բարով ասելու․․․
 
Արտակը մի պահ անքթիթ նայեց ինձ, աջ ձեռս առավ իր երկու ափերի մեջ գգվեց ու ասաց․
 
― Երևանում լինես թե գյուղում, միշտ իմ հոգում պիտի լինես, և ես պիտի չդադարեմ իմ սիրելի Արաքսի մասին մտածելուց։
 
Ու իմ ձեռքը տարավ շրթներին․․․
 
Քիչ հետո, երբ Արմիկ մայրիկը մեզ հրավիրեց թեյի, Արտակն ինձ թևանցուկ առաջնորդեց մինչև ճաշասենյակ։
 
Ես շատ երջանիկ էի։
 
Արտակի ու Արմիկ մայրիկի մտերմությունը խելքահան էր արել ինձ և ես կորցրել էի իմ հաշիվները պարտքի ու ժամանակի մասին։
 
Եվ ահա ես, որ պետք է ամսի 8֊ին լինեի գյուղում, ինչպես պատվիրված էր ինձ, որպեսզի հաջորդ օրը մասնակցեի շրջանային մանկավարժական կոնֆերանսին, էջմիածին հասա մի օր ուշացումով և կոնֆերանսին մասնակցեցի նրա փակման վերջին րոպեներին միայն։
 
Հանցավորի պես մտա դահլիճ և ետևի շարքերում մի կերպ տեղ գրավեցի։ Բայց Անթառամ Մեսրոպյանը, որ բազմած էր նախագահության սեղանի առաջ, նկատեց ինձ, ժպտաց և գլուխն օրորեց հանդիմանաբար։
 
Ամբիոնից խոսում էր Փառանձեմ Արշակյանը։
 
Շատ ափսոսացի, որ իմ ընկերուհու ելույթը ինձ չհաջողվեց լրիվ լսել, բայց նրա վերջին մասի ունկնդրությունն էլ բավական եղավ, որ իմանամ թե կոնֆերանսում ժողկըրթբաժնի հասցեին քննադատական ելույթներ են եղել։
 
― Ընկեր Սուրենյանի զեկուցումն ուշադիր ունկնդողը,―ասաց հռետորը,― իսկույն կնկատեր, որ այն զարմանալի նման էր շրջանային կոնֆերանսներում նրա տված նախորդ զեկուցումներին։ Նույն գովքը սակավաթիվ երջանիկների և նույն հանդիմանությունները նույնպես սակավաթիվ դժբախտների հասցեին, հետո տոկոսներ, անվերջ անհատնում տոկոսներ․․․
 
Երևում է, որ զեկուցումը տոկոսներով հագեցնելը լավագույն միջոց է էական քիչ բան ասելով շատ բացեր ծածկելու։
 
Եվ ահա մենք լսեցինք մի զեկուցում տոկոսներով հագեցած։ Առաջադիմության տոկոս, մաղումների տոկոս, գերազանցի, լավի, միջակի տոկոս, աշակերտների բացակայության և ուսուցիչների էլ բաց թողած ժամերի տոկոս․․․ Եվ այս թվերը, որոնք զեկուցողը հրամցնում է մեզ, իրենց թվաբանական չորությամբ քիչ են մեզ տխրեցնում, հաճախ նույնիսկ ուրախացնում են, լինելով դրանք իբրև պերճախոս արտահայտիչը մեր նվաճումների։
 
Հետո մենք լսեցինք անուններ գովված ուսուցիչների, որոնք, ինչպես ասացին նախորդ հռետորներից ոմանք, հաճախ արժանի չեն հիշատակվելու որպես առաջավոր դեմքեր։ Նրանցից մի քանիսին ես ինքս անձամբ եմ ճանաչում և հաստատում եմ, որ նրանց օրինակելի մանկավարժներ ներկայացնելը առնվազն հանդգնություն է։
 
Քիչ առաջ բողոք եղավ մի ելույթ ունեցողի դեմ, երբ նա ակնարկեց խնամիական վերաբերմունքի մասին։ Ես չէի ուզենա այդ բառը գործածել, բայց դուք ուրիշ ինչ հարմար բառ կգտնեիք արդարացնելու համար գովքը որոշ թվով ուսուցիչ֊ուսուցչուհիների, որոնց մանկավարժական պատրաստականությունը ակներև կերպով թերի է և հաճախ այդպիսիները նույնիսկ համապատասխան կրթական ցենզ չունեն։
 
― Ինձանից առաջ ելույթ ունեցողները,― ասաց նա,― բացահայտեցին շատ թերություններ։ Ես չեմ անդրադառնում դրանց, որպեսզի խուսափեմ կրկնություններից, թեև նրանց մասին արժե երկար ու մանրամասն խոսել։ Բայց ես չեմ կարող չարտահայտվել աշխատանքի խիստ կարևոր մի բնագավառի մասին, որը լրիվ անտեսված է եղել բաժնի գործունեության մեջ տարիներ ի վեր։
 
Ժողկրթբաժվարի ընկեր Սուրենյանի գործունեության ամենախոցելի կողմը նրա մանկավարժական ղեկավարության բացակայությունն է։
 
Ուսումնական տարվա վերջին, հաճախ նաև սկզբին, ուսուցիչների նշանակումներ կատարելը ոմանց գործուղումներ տալը, ուրիշներին էլ աշխատանքից ազատելը, դասաբաշխումները հաստատելը, կենտրոնից ստացվող հրահանգները դպրոցներին հասցնելը, դասամատյանների կանոնավորությանը հսկելը, քննական և ստուգողական աշխատանքների բնագրերն ու հարցացուցակները դպրոցներին հասցնելը, երբեմն էլ դասալսումների գնալը, և այս բոլորից տոկոսներ հանելը, որ ցույց տրվի դպրոցների աստիճանական առաջադիմությունը, օգտակար և անհրաժեշտ աշխատանք է։ Բայց եկեք խոստովանենք, որ այդ բոլորն իրենց բովանդակությամբ, թող ներվի ինձ ասել, առավելապես տեխնիկական բնույթի աշխատանք են և ոչ գիտա֊մանկավարժական, այնինչ բաժնի համար էականը նրա մանկավարժական ղեկավարությունն է։ Անհրաժեշտ է ուսումնական գործի ղեկավարությունն այնպես կազմակերպել, որ ուսուցչի միտքը անդադար ուղղված լինի դեպի այնպիսի կարևոր խնդիրների, ինչպիսիք են, օրինակ դասի կազմակերպման հիմնական֊գիտական ուսումնասիրությունը, ծուլության պատճառների քննումը, աշակերտի, ինչպես նաև ուսուցչի ժամանակի և ռեժիմի կազմակերպումը և նման շատ ուրիշ հարցեր․․․
 
Դրա համար անհրաժեշտ է ուսուցչական շրջանային հավաքույթներում զեկուցումներ կազմակերպել և հիշածս հարցերի շուրջ առաջացնել գիտական հետաքրքրություն, լայն և ազատ դիսկուսիաների միջոցով։
 
Անհրաժեշտ է նաև, որ ժողկրթբաժինն ունենա մանկավարժական կաբինետ և գրադարան, բայց բաժինը երբեք չի մտածել այդ մասին։
 
Հետո չգիտես ինչու բաժինը պահում է հրահանգիչներ, որոնք հրահանգվելու կարիք ունեն, և երբեմն ծիծաղելի դրության մեջ են ընկնում փորձված և պատրաստված ուսուցիչներին դիտողություններ անելիս։
 
Այս երրորդ տարին է, որ բաժինը համարյա ոչինչ չի անում դպրոցների ուսումնաօժանդակ օբյեկտները հարստացնելու ուղղությամբ։
 
― Բյուջեի հարց է․․․ լսվեց մի ձայն նախագահության սեղանից։
 
― Մի չարաշահեք այդ բառը,― դարձավ Փառանձեմը իրեն ընդհատողներին։
 
Հետո դառնալով դեպի նախագահության սեղանը․
 
― Ոչ թե բյուջեի, այլ կազմակերպչական շնորհքի հարց է,― ասաց Փառանձեմը և հեռացավ ամբիոնից։
 
Դահլիճը թնդաց բուռն ծափահարությունից։
 
Սկսել է ուսումնական տարվա երկրորդ կեսը։ Դպրոցում ոչ մի փոփոխություն չկա, դասարանների քանակը, ինչպես նաև ուսուցիչների ժամերը պահպանվում են նույնությամբ, նույն ուսուցիչներն են և նույն աշակերտները։
 
Կոնֆերանսի օրից արդեն անցել է մի շաբաթ, բայց դեռ ուսուցիչները աշխուժորեն մեկնաբանում են Փառանձեմի և մյուս ելույթ ունեցողների արած քննադատական դիտողությունները։
 
Պարզվում է, որ ելույթ ունեցողներից մեկը նույնիսկ մեր ուսուցչուհիներից Քնարիկ Մարգարյանի անունն է տվել հիշատակելով նրան որպես համապատասխան կրթական վկայական չունեցողի, որին սակայն Սուրենյանը իր զեկուցման մեջ հարկ է համարել հիշատակել իբրև աչքի ընկնող դասվար։
 
Հիմա Քնարիկը, որ հայտնի էր կոլեկտիվում իր կռվարար բնավորությամբ, դարձել է լռակյաց, անհամարձակ ու ինքնամփոփ և չի մասնակցում կոլեկտիվում ծավալվող աշխույժ զրույցին։
 
Մի անգամ ես ուզեցի Փառանձեմ Արշակյանից իմանալ Մարգարյանի հանդեպ Սուրենյանի ցույց տված պաշտպանության գաղտնիքը։
 
― Մարգարյանը,― ասաց Փառանձեմը,― Աննա Ալեքսանդրովնայի քրոջ աղջիկն է, իսկ Սուրենյանը նրա խոնարհ ծառան։
 
Փառանձեմ Արշակյանը գիտե՞ր արդյոք այդ երկու ղեկավար անձնավրությունների մտերմության մասին և արդյո՞ք Սուրենյանի հովանավորությունը Քնարիկ Մարգարյանի նկատմամբ բացատրում էր նրանց երկուսի սիրային կապի ուժո՞վ, թե՞ պարզապես ուզեց շեշտել Աննա Ալեքսանդրովնայի դիրքի գերազանցությունը, որի հետևանքով ինքնուրույնությունից զուրկ մի մարդ, որպիսին Սուրենյանն էր, ինքնակամ ծառայության էր եկել կադրերի բաժնի վարիչին, Հ․․․֊Ի դպրոցի ուսուցչուհի նշանակելով Մարգարյանին կեղծ փաստաթղթերով։
 
Փառանձեմ Արշակյանը ծիծաղեց։ Այդ ինձ շատ խորհրդավոր թվաց, և ես չիմացա, թե իմ ընկերուհին իր ծիծաղով ինձ հուզող մտքերից որ մեկին էր դրականապես պատասխանում։
 
==II==
 
Գրական խմբակը դպրոցի բոլոր մյուս խմբակներից ամենից գործունյան է, ակտիվն ու կազմակերպվածը։ Ես ուրախությամբ, ինչու չէ, նաև հպարտությամբ նշում եմ իմ հիշատակարանում, որ իմ խմբակի գործունեությունը հատկապես նշվեց վերջին մանկավարժական խորհրդի արձանագրությունում որպես օրինակելի։
 
Խմբակում երկու շաբաթը մի անգամ պարապմունք է լինում, և աշակերտներից մեկը իմ հանձնարարությամբ կարդացած գրքի վերլուծումն է անում։
 
Վերլուծմանը պարտադիր կերպով մասնակցում են վաղօրոք նշանակված մեկ կամ երկու աշակերտ, որոնք հանդես են գալիս իրենց քննադատական դիտողություններով։
 
Տեսնելու բան է, թե հաճախ, ինչպիսի սուր վեճ է ծագում վիճող կողմերի միջև, թեև երբեմն, նույնիսկ միամիտ են լինում արտահայտվող մտքերն ու դատողությունները, բայց զգում եմ, որ աշխատանքն իզուր չի անցնում։ Խմբակի պարապմունքները համոզում են ինձ, որ իմ փոքրիկ բարեկամները հետզհետե ավելի լավ են ընկալում մեր հինավուրց լեզվի գանձերն ու գեղեցկությունը, և նրանց մեջ աստիճանաբար կազմավորվում է գրական ճաշակ։
 
Պարապմունքներին երբեմն մասնակցում են ոչ միայն խմբակի ոչ անդամ աշակերտները, այլ ուսուցիչները։ Երկու անգամ մանակցել է նույնիսկ մեր ծերունազարդ դիրեկտորը և իր գոհունակությունն է հայտնել պարապմունքի առթիվ։
 
Քննարկման պահերը ճշմարիտ խնդության ժամեր են ինձ համար։
 
==III==
 
Սովխոզի ճանապարհին բուքը խեղդում էր ինձ։ Հույս ունեի երթևեկող մեքենաներից օգտվել, բայց իմ բախտից նրանք չերևացին և ես ստիպված եղա հետիոտն գնալ սովխոզ։ Խոստացել էի աշակերտներիս գրքեր հայթայթել․ ուզեցի խոստումս հարգել։
 
Արուսյակը հանդիմանեց ինձ իմ անխոհեմության համար, որ անբարենպաստ եղանակով ճանապարհ էի ելել հետիոտն։
 
― Կյանքիցդ ձե՞ռ ես քաշել,― ասաց ինձ, և բավական երկար պահեց իր մոտ, խոստանալով վերադարձս ապահովել ակումբի մեքենայով։ Զրույցի ժամանակ, երբ նա ուզեց իմանալ թե ինչպես եմ անցկացրել արձակուրդային օրերը Երևանում, ես առանձին հաճույքով պատմեցի Արտակի մորը տված իմ այցելությունների մասին։
 
― Ի դեպ,― ասաց Արուսյակը,― կուզենայի իմանալ թե երբվանից է սկսել քո և Խորենյանի փոխադարձ հետաքրքրությունը, որովհետև,― շարունակեց ծիծաղելով,― արդեն զգում եմ, որ այդպիսին գոյություն ունի ձեր միջև։
 
― Հենց ուսանողական տարիներից։ Մենք սիրո ոչ մի խոստովանություն չէինք արել, բայց սիրում էինք իրար մեր սրտերի անխաբ վկայությամբ։
 
Ինստիտուտն ավարտելուց հետո մենք կորցրինք իրար։ Այդ ինձ ցավ էր պատճառում։ Եվ հանկարծ ես նրան հանդիպեցի զեկուցման օրը։ Գրասենյակում նա ինձ ջերմ խոսքեր ասաց, որպիսիք նա ինձ մինչ այդ չէր ասել և խնդրեց արձակուրդի օրերին Երևանում հանդիել իրեն։
 
Այդ օրը դու սպասո՞ւմ էիր նրան,― հարցրեց Արուսյակը։
 
― Ոչ,― օրեր առաջ, քո այն ակնարկը, որ ես ընդունեցի կատակ, թե զեկուցման համար իմ թեկնածությունը թելադրել է քեզ իմ նկատմամբ ոչ անտարբեր մի գեղեցկադեմ երիտասարդ, ինձ չէր կարող գլխի գցել, թե թելադրողը Արտակն է, որովհետև չգիտեի, որ դու նրան զեկուցումներ ես հանձնարարում և նման առիթներով նա լինում է սովխոզում։ Բայց հենց այդ օրը, վերադարձի ճանապարհին քո ակնարկը վերագրեցի մի այլ երիտասարդի, որի երկանիվ կառքը քիչ էր մնում հասներ ինձ գյուղի մոտ։
 
Անկեղծ ասած,― շարունակեցի,― ես ինձ շատ դժբախտ զգացի այն հետաքրքրույան համար, որ վերագրել էի ժողկրթբաժվար Սուրենյանին։ Լսելով մոտ տարածության վրա թավալվող նրա երկանիվի աղմուկն ու բոժոժների ճնկլտոցը, գրեթե փախուստ տվեցի, առաջին իսկ պատահած բաց դռնից ներս մտնելով։
 
Իմ այս խուճապահար պատմությունը լսելով Արուսյակը կուշտ ծիծաղեց։ Հետո ասաց, որ լավ ճանաչելով Սուրենյանին, երբեք չէր ցանկանա, որ նա հետարքրվեր ինձանով։
 
― Դու ո՜ւր, նա ուր,― ասաց,― անառակի մեկն է, դժբախտաբար քչերն են միայն նրան ճանաչում, ինչպես որ հարկն է։
 
Եվ որպեսզի ճանաչեմ շրջանի ուսումնական գործի անբաժան ղեկավարին, նա մի դեպք պատմեց նրա կյանքից։
 
― Մի դրվագ միայն,― ասաց,― միայն մի տխուր դրվագ, և դու կտեսնես նրան իր հոգու ամբողջ ապականությամբ։ Հինգ տարի առաջ այդ երիտասարդը ապրում էր Երևանում իմ բնակարանին կից վարձու մի սենյակում, աչքի էր ընկնում իր գեղեցկությամբ, մաքուր ու կոկիկ արտաքինով և կանանց շրջանում իր հաջողություններով։
 
Հանգուցյալ ամուսինս,― շարունակեց,― որ դասախոսում էր պետական համալսարանում, ճանաչում էր նրան և հաստատում, որ նա թողել է համալսարանը երկրորդ կուրսը չավարտած։
 
Մի օր էլ Սուրենյանը սկսեց ապրել մի սիրուն դեռատի աղջկա հետ, որին սակայն լքեց երկու թե երեք ամսից։
 
Այդ օրերին ամուսինս մահացավ և ես շրջապատով հետաքրքրվելու տրամադրություն չունեցա։ Հարևաններն ասում էին, որ ջահել աղջկա փոխարեն հիմա Սուրենյանին այցելում է մի գեղեցիկ երիտասարդ կին։
 
Արուսյակին լսելիս ես կծկվել էի, փոքրացել, մի բուռ դարձել։ Թիկունքս ի վար սողում էր սարսուռը օձի պես պաղ, շունչս բռնվել էր և աչքերս մշուշվել էին։
 
Իմ ընկերուհին չգիտեր, որ Սուրենյանի սիրային վեպի մասին խոսելիս նկարագրում էր իմ իսկ կյանքի ամենադժբախտ մի էջը, անգիտակցաբար մատը դնելով իմ սրտի դեռ բաց վերքի վրա։
 
Անտեղյակ իմ հոգեկան ալեկոծությանը, որ ես աշխատում էի զսպել գերագույն ճիգով, Արուսյակը շարունակեց․
 
― Մի քանի օր առաջ Էջմիածնում տեսա Խորենյանին, եկել էր ժողկրթբաժնի աշխատանքներով հետարքրվելու։ Ես առիթ ունեցա նրա հետ խոսելու այդ անառակի մասին, երբ նա դժգոհություն էր հայտնում Սուրենյանի աշխատանքից։
 
Օգտնվելով Խորենյանի մտերմությունից, հարկ համարեցի պատմել նրան Սուրենյանի սիրային կյանքի տգեղ վեպը։ Խորենյանը լսելով ինձ հուզվեց, հետո գաղտնիք հաղորդելու ձևով, ասաց, որ Էջմիածնի շրջկոմն ու լուսավորության մինիստրությունը քննելով նրա աշխատանքները եկել են այն համոզման, որ նա տվյալներ չունի իր աշխատանքը շարունակելու։
 
Վեր կացա, աչքերս սրբեցի, գրքերի կապոցը դրի թևիս տակ ու ասացի․
 
― Ինձ գյուղ հասցրու։
 
Երկու օր շարունակ մտատանջության մեջ եմ։ Եթե մի օր Արտակն ինձ հետ զրուցելիս խոսի Սուրենյանի անառակ կյանքի և նրա հետ կապված տխուր պատմության մասին, ես կուշաթափվեմ։ Բայց իմ կյանքի այդ տխուր դրվագը կարո՞ղ է ընդմիշտ թաքնված մնալ։ Դեռ ես ինձ պետք է բախտավոր համարեմ, որ այն մինչև այժմ ծածուկ է մնացել։
 
Սակայն եթե մի օր Արտակն իմանա որբուհու ով լինելը և այն, որ ես թաքցրել եմ իրենից, ապա այդ ստուգապես ողբերգական կլինի մեր հարաբերության համար։
 
Բայց եթե ես այն թաքցրի Արուսյակից, ապա չեմ ուզում և չեմ կարող ծածուկ պահել Արտակից։
 
Իմ սիրելին պետք է ճանաչի ինձ նույնիսկ իմ արատներով, և նա ամեն ինչ պետք է իմանա ինձանից, այլ ոչ ուրիշից։
 
Բայց ինչպե՞ս․․․
 
Այս է խնդիրը․․․
 
==IV==
 
Էջմիածնում, ուր գնացել էի գրքեր գնելու, գրախանութի դռան առաջ պատահեցի Հայկուշին։ Ընկերուհիս խնդրեց միասին գնալ քաղաքի №1 միջնակարգ դպրոցը, ներկա լինելու այնտեղ աշխարհագրության բաց դասին, որ սկսելու էր տասը րոպեից։
 
Դասի քննարկման ժամանակ անշուշտ օգտակար դիտողություններ պիտի չկարողանայի անել, քանի որ աշխարհագրության մասնագետ չէի, բայց եթե չէի կարող օգտակար լինել, գոնե կարող էի օգտվել քննարկման ժամանակ արվող դիտողություններից և օգտակար դատողություններից։
 
Այս միտքը ինձ խելոք թվաց և ես համաձայնվեցի ընկերանալ ընկերուհուս, գնալ ունկնդրելու աշխարհագրության բաց դասը որպես հյուր։
 
Դասատուն միջին տարիքի մի համակրելի անձնավորություն էր, բարձրահասակ մի տղամարդ, որին Հայկուշն ինձ ներկայացրել էր որպես մեկը քաղաքի հմուտ ուսուցիչներից։
 
Դասատվության հենց առաջին րոպեից ես նկատեցի, որ նա հիանալի տիրապետում է իր գործին։ Բաց դասի հանգամանքը նշող արտակարգ և առանձնահատուկ ոչինչ չկար դասարանում։ Ամեն ինչից երևում էր, որ դասատուն դասարան է մտել իր սովորական դասը պարապելու և իր աշխատանքը տանում է այնպես, ինչպես պիտի տաներ եթե չլինեին այնտեղ տասներկու մանկավարժներ, որոնք եկել էին ունկնդրելու իր դասը, կամ առանձին լիներ իր երեսունութ աշակերտների հետ։
 
Դասարանում կարգապահությունը կատարյալ էր։ Ասենք բազմաթիվ հյուրերի ներկայությամբ բնական է, որ աշակերտները զուսպ են լինում, բայց այս ժամին հյուրերի ներկայությունից ավելի դեպի առարկան աշակերտների ուշադրությունն ու հետաքրքրությունը կազմակերպելու վարպետությունն էր, որ մեծ դեր էր խաղում։
 
Դասի ընդունումն ու նոր նյութի հաղորդումը կազմակերպվեց հմտորեն։ Վերջում տեղի ունեցավ քննարկում։
 
Ըստ էության ելույթ ունեցող չորս ուսուցիչներից մեկը բավարար գնահատեց դասը, մյուսը՝ լավ, իսկ երկուսն էլ գտան, որ դասատվությունը ոչ մի առանձին բանով աչքի չընկավ, որ նույնիսկ չիմացան, թե բաց դաս են լսում։ Բաց դասի ժամանակ պատասխանող աշակերտները, ըստ նրանց, պետք է գերազանց կամ լավ գնահատական ստանային, այնինչ մի պատասխանող նույնիսկ վատ գնահատվեց։ Նրանց եզրակացությունն այն էր, որ դասը չհասավ իր նպատակին։
 
Ուսուցիչը հանգիստ լսում էր արտահայտվոնղերին և չէր հուզվում։ Վերջին երկու ուսուցիչների եզրակացությունն այն մասին, թե դասը չհասավ իր նպատակին, նույնպես չհուզեց նրան։ Նրա դեմքի վրա արգահատանք էի նկատում միայն։
 
Ես ուղղակի խղճում էի նրան։ Այս համակրելի մարդը, որի դասատվությունն ինձ վրա թողել էր լավագույն տպավորություն, արժանի էր ամեն քաջալերության։ Ահա թե ինչու չուզեցի լուռ մնալ և թույլտվություն խնդրեցի արտահայտվելու։
 
― Աշխարհագրության մասնագետ չեմ,― ասացի,― հետևաբար չեմ կարող մասնագիտական դիտողություններ անել դասի վերաբերյալ, թեև պիտի ասել, որ հինգերորդ դասարանի նյութն այնպիսին էր, որ առանձին հմտության կարիք չկար առարկայի վերաբերյալ բացեր նկատելու համար, եթե այդպիսիներ լինեին։
 
Ես ուզում եմ պատասխանել վերջում արտահայտվող երկու ընկերներին, որոնք բացասական գնահատական տվին դասին, գտնելով, որ այն նպատակին չհասավ։
 
Մեզանում բաց դասի կազմակերպումը դիտվում է որպես առանձնահատուկ բույթի ու բովանդակության դաս։ Գտնում են, որ այն պետք է սովորական դասից տարբեր ձևով տարվի, որ նրանում պիտի պահպանվեն որոշ ձևականություններ, որոնք պարտադիր և անհրաժեշտ չեն սովորական դասի ժամանակ, և այն պետք է ամեն ինչով լինի ցուցադրական, թե դասարանի կարգապահությամբ, թե պատասխանողների բարձր գնահատականներով, դասի կահավորումով, դասի ընդունման և նոր նյութի հաղորդման ձևերով և ուրիշ շատ բաներով, որոնք դժվար է հիշել։
 
Ահա այդպիսի պայմաններով կաշկանդված բաց դաս կազմակերպող, երբեմն նույնիսկ փորձված մանկավարժը կորցնում է իրեն և հաջողություն չի գտնում։
 
Իրենց կաշկանդող այս պայմանների դժվարություններից դուրս գալու համար հաճախ ուսուցիչները բաց դասի նախապատրաստվելիս դիմում են անթույլատրելի միջոցների։
 
Վաղօրոք ընտրում են պատասխանող աշակերտներ, պատրաստում են նրանց հարցերով ու պատասխաններով, և․․․ ապա ապահովված են բարձր գնահատակնները։ Այսպիսով և դասի ընդունումը, և նոր դասի հաղորդումը ներկաների վրա թողնում է հիանալի տպավորություն։
 
Ըստ էության արտահայտվող վերջին ընկերները ասացին, որ չիմացան թե բաց դաս լսեցին և հենց այդ փաստից էլ եզրակացրին, որ դասը չհասավ իր նպատակին։
 
Նրանց դիտողությունը այն մասին, թե չիմացան, որ բաց դաս լսեցին, ճիշտ է, իսկ եզրակացությունը՝ թե դասը չհասավ իր նպատակին՝ սխալ։
 
Դասի լավագույն կողմերից մեկն էլ հենց այն էր, որ նրանում առանձնահատուկ ոչինչ չկար, որպեսզի ասենք թե բաց դաս էր մեր լսածը։
 
Մեր լսածը դաս էր, սովորական կարգի դաս։ Նա բաց դաս էր, ոչ թե այն կազմակերպողի, այլ մեզ՝ ունկնդիրներիս համար։ Ուսուցիչը ոչինչ չի արել համոզելու համար մեզ թե իր տված բաց դաս է, բայց որպես պարտաճանաչ, բարեխիղճ և հմուտ ուսուցիչ ամեն բան արել է հաջորդ դաս տալու համար։
 
Ես այն տպավորությունն ունեմ, որ երբ ուսուցչին հանձնարարել են բաց դաս կազմակերպել նա մտածել է, դասի բացն ու փակը ո՞րն է, ես կմտնեմ դասարան դաս տալու, եկեք, լսեցեք, կընդունեք այն բա՞ց, թե փակ, այդ ձեր գործն է։
 
Հմուտ ու փորձված ուսուցչի համար բոլոր դասերն էլ բաց են։ Նրանք իրենց աշխատանքը դասավորելիս, ունկնդիրների վրա առանձին տպավորություն գործելու ճիգ չեն անում։ Նրանք հոգում են միայն հմտորեն կազմակերպելու դասը։
 
Ինձանից հետո արտահայտվող Հայկուշն ու դիրեկտորը պաշտպանեցին իմ տեսակետները, գտան, որ աշխարհագրության դասը օրինակելի էր և շատ ուսանելի մտքեր հայտնեցին դասի կազմակերպման հարցի վերաբերյալ։
 
Այսօր առավոտյան Երևանից վերադառնալով, դիրեկտոր ընկեր Վահանյանը հայտնեց, որ լուսավորության մինիստրության կադրերի բաժնի վարիչ Աննա Ալեքսանդրովնան ազատված է աշխատանքից։
 
Նրան ազատել են որպես բաժնի աշխատանքները չգլխավորողի։
 
Կոլեկտիվի անդամները լուրն ընդունեցին անտարբերությամբ, ես՝ նույնպես։
 
==V==
 
Դեպի Օշական, Մեսրոպ Մաշտոցի դամբարանը կազմակերպվող էքսկուրսիան վաղուց էի նախապատրաստել։ Վաղօրոք սովխոզի գրադարանից վերցրել էի մի քանի օրինակ Լեոյի «Սուրբ Մեսրոպ» աշխատությունը և հանձնել աշակերտներին, որպեսզի ընթերցեն։
 
Արտադասարանական պարապմունքներ էի անցկացրել հայ գրքի ու դպրության ստեղծող Մեսրոպ Մաշտոցի կյանքին ու գործունեությանը նվիրված, բացատրել էի հայ գրերի գյուտի նշանակությունը մեր ազգային անկախ գոյության պահպանման իմաստով և այդ առնչությամբ պատմական ամփոփ տեղեկություններ էի հաղորդել աշակերտներին հինգերորդ դարում մեր երկրի քաղաքական դրության մասին։
 
Աշակերտների հետաքրքրությունը բավարարելու համար ես պատմական Հայաստանի քարտեզի վրա ցույց տվեցի Մեսրոպի ծննդավայրը՝ Հացեկաց գյուղը, Արածանի գետի ճյուղերից մեկի՝ Մեղրագետի վրա։
 
Նրանց շատ հուզել էր շինական Վարդանի որդու՝ Մեսրոպի փառահեղ կյանքի պատմությունը։ Տեղյակ լինելով Մեսրոպի մեծագործությանը, անհամբեր էին ժամ առաջ տեսնելու այն պատմական դամբարանը, ուր դարեր առաջ մեր հայրերը ամփոփել էին նրա մարմինը։
 
Մարտի առաջին կիրակին էր։ Մեր բախտից օդը մեղմ էր, ու կապույտ երկնքում շողում էր պայծառ արևը։
 
Հետիոտն կտրեցինք անցանք գյուղից մինչև Էջմիածին ձգվող ճանապարհը։ Ուղևորությունն այնքան հետաքրքիր էր, որ ոչ հոգնություն զգացինք և ոչ ցուրտ։
 
Էջմիածնից մեքենան կես ժամից մեզ հասցրեց Օշական։
 
Գյուղում տեսնելու բան էր, թե աշակերտներն ինչպիսի անհամբերությամբ էին շտապում դեպի եկեղեցի, իրենց հանձնարարված գրքի ընթերցումից և իմ բացատրություններից իմանալով, որ եկեղեցու աջակողմում է գտնվում Մեսրոպի դամբարանը։
 
Ստորերկյա մատուռում գլխահակ կանգնած, աշակերտները լուռ ու երկյուղածությամբ երկար դիտեցին մարմարե անշուք դամբարանը, որի ներքև հանչարեղ Մաշտոցի նշխարացած ոսկորներն էին։
 
Մեր գրի ու դպրության ստեղծող անմահ Մեսրոպ Մաշտոցի հազար հինգ հարյուր տարվա գերեզմանն էր այն, որ մեր հայրերը իրենց կյանքի գնով անվթար էին պահել մեր երկրի վրայով անցնող բարբարոսային ավերումներից։
 
Նայում էի պատանիներին և զգում, որ այս անշուք դամբարանը ծածկող մարմարի սառը երակներից դեպի նրանց սրտերն է հոսում նվիրական մի սարսուռ, որ սակայն կրակի պես ջերմացնում է սիրով ու երախտագիտությամբ տոգորված նրանց մատաղ հոգիները։
 
Երբ մատուռից դուրս եկանք, պատանիների դեմքերը խոհուն տեսք էին ստացել։ Նկատել էի, որ նրանք Օշականի անմահ մեռյալի մեծագործության անջնջելի տպավորության տակ էին։
 
Մատուռի և Մաշտոցի անունը կրող գյուղի դպրոցի միջև ընկած տարածության վրա դիտեցինք հինգերորդ դարում Օշականի տեր հազարապետ Վահան Ամատունու հուշարձան֊գերեզմանը, որի մասին աշակերտները գիտեին «Սուրբ Մեսրոպի» ընթերցումից։
 
Վերադարձի ամբողջ ճանապարհին, Օշականից մինչև գյուղ, մենք ոգևորությամբ խոսում էինք շինական Վարդանի որդու՝ մեր գրի ու դպրության հիմնադիր, հայոց առաջին ուսուցիչ, անմահ Մաշտոցի մասին։
 
==VI==
 
Օրերն անցնում են օրերի ետևից, և ես շարունակում եմ աշխատել դպրոցում որպես ուսուցիչ, որպես դաստիարակ և ուսումնավար, միշտ աճող եռանդով ու նվիրվածությամբ։
 
Երեկոները իմ բնակարանի պատշգամբում կանգնած, դիտում եմ մեր դպրոցի գեղեցիկ շենքը և հրճվում այն մտքից, որ վաղը նորից այնտեղ եմ լինելու, ինձ սպասող աշակերտների հետ։
 
Աչքերս փակ տեսնում եմ նրանց, պայծառադեմ ու թխահեր այդ պատանիներին, որոնք մեր կյանքի պայծառ վաղը կառուցողներն են լինելու։
 
Երբ մտածում եմ ուսուցչական գործունեությանս կարճատև շրջանում պատահած անախորժությունների մասին, որոնց դիմադրեցի կոլեկտիվի ազնիվ պաշտպանությամբ, սիրտս լցվում է ուրախությամբ։
 
Ես ինձ բախտավոր եմ համարում, որ սկսեցի աշխատել մի այնպիսի համերաշխ կոլեկտիվում, ինչպիսին մերն է։
 
 
==VII==
 
Ինչպե՜ս արագ են անցնում օրերը․․․ Ահա արդեն գարուն է և վաղվանից սկսելու է դպրոցականների գերնանանային արձակուրդը։
 
Ըստ հրահանգի ուսուցիչները պարտավոր են մնալ իրենց տեղերում, չորրորդ քառորդի ուսումնական ծրագրերի վերադասավորման և հարակից այլ աշխատանքների կազմակերպման համար։
 
Անկեղծ ասած, այս հրահանգը մի քիչ ինձ ձեռնտու չէ, քանի որ ինձ զրկում է Երևան՝ իմ սիրելիներին, այցի գնալու հնարավորությունից։
 
Բայց պետք է ենթարկվել հրահանգին։
 
Ես ուրեմն մոռանում եմ, որ սումասվար եմ, և իմ պարտականությունները դպրոցում ավելին են, քան շարքային ուսուցչի պարտականությունները․․․
 
 
 
Ամբողջ օրը զբաղված եմ դպրոցում։ Աշխատում եմ թե լեզվի ու գրականության սեկցիայում, որին նախագահում է Փառանձեմ Արշակյանը և թե տարրական դասարանների դասվարների հետ։
 
Նիստերը հաջորդում են իրար։ Վերադասավորում ենք չորրորդ քառորդի ծրագրերը, կազմում օրացուցային պլան, կանխատեսելով ամեն մանրամասնություն, չմոռանալով էքսկուրսիաները, բաց դասերի ժամերը և գործնական այլ աշխատանքներ։
 
Բայց այս բոլորով հանդերձ ուշքս ու միտքս Երևանն է, այնտեղ ինձ սպասող իմ սիրելիները։
 
Այն միտքը, որ այս օրերին ես կարող էի Երևանում լինել, իմ սիրելիների մոտ, բայց մնում եմ գյուղում, ստեղծում է իմ մեջ աշխատանքի վերաբերմամբ մի տեսակ անտրամադիր վիճակ։
 
Զգում եմ, սակայն, ավելի ճիշտ գիտակցում եմ, որ ինձ մոտ այս անօրինակ հոգեվիճակը դատապարտելի է և այն պետք է հաղթահարվի։
 
Ինքնատիրապետումը, երբ մանավանդ այն թելադրվում է պարտականության գիտակցությամբ, բարոյական վսեմ արարք է։
 
Կարծում եմ ներքին պայքարում ես հաղթանակ եմ տարել, որովհետև այսօր արձակուրդի նախավերջին օրն է և ես ամեն օր էլ կանոնավոր կերպով մասնակցել եմ դպրոցի բոլոր աշխատանքներին։
 
Այսօր, սակայն, արձակուրդի վերջին օրը հոգեկան ներքին պայքարում ես պարտվեցի և ոչ ոք չիմացավ, որ ես պարտվեցի։
 
Սեկցիայի նիստում ես ընկել էի այպիսի խորը մտասևեռման մեջ, որ չկարողացա ինձ պարզ հաշիվ տալ, թե ընկերներս ինչի մասին էին խոսում, երբեմն բուռն կերպով առարկելով իրար։
 
Փառանձեմ Արշակյանը, որ նստել էր իմ դիմաց, նկատեց իմ անսովոր անտարբերությունը դեպի քննվող հարցերը և այդ վերագրելով իմ մարմնական տկարության, ինձ տուն ուղարկեց։
 
― Դու առողջ չես,― ասաց,― գնա տուն հանգստացիր։
 
==VIII==
 
Ուսումնական տարվա վերջին քառորդն է․․․
 
Շրջակա լեռների կատարները դեռ ծածկված են ձյունով, բայց դաշտավայրում գարուն է։ Դաշտերում ու այգիներում վաղուց սկսել է գյուղացիների աշխատանքը, և պարտեզներում բարդիներն ու ծիրանիները կանաչ սաղարթ են հագել։
 
Երեկոները հաճախ դուրս եմ գալիս ու քայլերս ուղղում դեպի սովխոզ, հարթ ու ծառազարդ ճանապարհով, որ ոլորապտույտ ձգվում է պարտեզների միջով։
 
Ինձ ողջունում են դաշտերից տուն դարձող գյուղի մշակները։ Հոգնած են, բայց ուրախ և բարեհամբույր ժպտում են ինձ։ Ես իրենց զավակների ուսուցիչն եմ և դաստիարակը, գյուղի «խոտոր վարժուհին» և նրանց արևոտ ժպիտը քաղցր է, ինչպես ծաղկի բույր և ինչպես խաղաղության ավետիս։
 
Հեքիաթային են գարնանային երեկոները Արարատյան դաշտավայրում, երբ արևը կախվում է ձյունոտ լեռների շրթունքին, և հորիզոնի վրա գորշագույն ամպերի կույտերը հրդեհվում են, երբ հետզհետե մթնող երկնքի դեմ բարդիների բարձրուղեշ կատարներն օրորվում են իրիկնային մեղմասույր քամուց։
 
Մութը, իջնելով երկնքի կապտալույս խորություններից․ ծածկում է հորիզոնները, և լսվում է քուն մտնող թռչունների մնջյունը, ինչպես իրիկնային սրտագրավ մեղեդի։
 
Երգով ու բույրով արբած վերադառնում եմ գյուղ։ Տան դռան առաջ ինձ դիմավորում է բարի տանտիրուհիս։ Ուշացել եմ, և նա տագնապած է սաստիկ․․․
 
Ես վառում եմ սենյակիս լույսը, նստում սեղանիս առաջ և բաց եմ անում գիրքը։
 
Վաղն առավոտ հենց առաջին ժամին ինձ բաց դաս է հանձնարարված։
 
Ես լի եմ եռանդով։ Երիտասարդական ավյունը հորդում է իմ մեջ և մի անբացատրելի քաղցր զգացում երջանիկ ու կենսախինդ տրամադրություն է ստեղծում մեջս։
 
Ապրելու և աշխատելու սերը երբեք այնպես չի հորդել իմ մեջ, ինչպես հիմա․․․
 
Գարո՞ւնն է ինձ հարբեցրել, աշխատանքի սե՞րն է խանդավառել, թե իմ սիրելիի ջերմ ողջյունը, որ Արուսյակը հաղորդեց ինձ, երբ Երևանից դարձին անցավ մեր գյուղով․․․
 
 
Այս ուսումնական տարում պլանով նախատեսված էքսկուրսիաներից վերջինը, դեպի Երևանի Մաշտոցի անվան պետական Մատենադարան, գիտությունների ակադեմիա և Պետհրատ, այսօր հաջողությամբ ավարտվեց։
 
Երեկոյան ժամը հինգին վերադարձանք Երևանից։ Էջմիածնում մեզ հանդիպեց Հայկուշը։
 
― Հենց այսօ՞ր էքսկուրսիայի պիտի տանեիր աշակերտներիդ,― ասաց․
 
― Ինչո՞ւ, ի՞նչ է եղել որ․․․
 
― Խորենյանը այսօր ինձ հետ օրվա բոլոր ժամերին եղավ ձեր դպրոցում, հետաքրքրվեց ուսումնական ծրագրերի կատարումով, ուսումնաօժանդակ օբյեկտների վիճակով, կոլեկտիվի համերաշխության հարցով, դասեր լսեց և շատ ափսոսեց, որ էքսկուրսիայի պատճառով չկարողացավ քո դասը լսել։
 
Էջմիածին վերադառնալիս շարունակ կրկնում էր․
 
― Հենց այսօ՞ր պիտի Արաքսը էքսկուրսիայի տաներ աշակերտներին։
 
Երբեմն ուզում եմ հավատալ, որ ես դժբախտ աղջիկ եմ․․․ Իսկապես հենց այսօ՞ր պիտի բացակաեի դպրոցից։
 
 
==IX==
 
Էջմիածնի շրջանային գործադիր կոմիտեն Գեղամ Սուրենյանին ազատել է աշխատանքից, բաժնի ղեկավարությունը ժամանակավորապես հանձնարարելով Հայկուշ Ավագյանին։ Այս լուրն ինձ ուրախացրեց։
 
Իրավ որ Էջմիածնի նման կուլտուրապես առաջադեմ և ուսումնական հարուստ տրադիցիաներ ունեցող շրջանի համար Սուրենյանը հարմար թեկնածու չէր։
 
Երեկ տարրական դասարանների երեխաներին արձակեցինք։ Այսօր նրանց աշխատանքների ցուցահանդեսի բացումն է։
 
Բարձր դասարանցիները նախապատրաստվում են տարեվերջի քննություններին։
 
Ուսուցիչները լծված են տենդագին աշխատանքի, անընդհատ կոնսուլտացիաներ աշակերտների հետ, լուսաբանում ծրագրի մութ ու անորոշ կետերի, կրկնություն ու վերամշակում հանգուցավոր հարցերի և քննությունների հետ կապված այլ գործեր կլանում են մեր ամբողջ ժամանակը։
 
Տասն օրից սկսում են քննությունները։ Այս տարի միջնակարգ կրթությամբ դպրոցն ավարտում են հիսունհինգ պատանիներ ու աղջիկներ։ Քննությունների ընթացքում մշտապես իմ դպրոցում լինելը պարտադիր է, այնպես որ եթե վաղը՝ շաբաթ օրը չօգտվեմ Երևան գնալու վերջին առիթից, այլևս մինչև արձակուրդ դժվար կլինի ինձ բացակայել գյուղից։
 
Ես կարոտել եմ սիրելիներիս և ցանկանում եմ տեսնել նրանց նախքան քննություններն սկսելը։
 
==X==
 
Դռան զանգը հնչեցրի։ Միջանցքում տղամարդու ոտնաձայն լսվեց։ Արտակը բացեց դուռը և ինձ տեսնելով բացականչեց։
 
― Ա՜, երբեք ավելի սիրելի այցելուի չէի կարող սպասել։
 
Եվ ինձ թևանցուկ առաջնորդեց հյուրասենյակ։
 
Մենակ էր տանը։ Այս հանգամանքը, խոստովանում եմ, ինձ մի փոքր հուզմունք պատճառեց, որ սակայն լի էր ուրախության զգացումով։
 
― Գարնանային արձակուրդին քեզ ինչքա՜ն եմ սպասել,― ասաց, վերցնելով ձեռքս իր զույգ ափերի մեջ։
 
Նստել էինք իրար մոտ։ Նայում էր ինձ անքթիթ ու ժպտում։
 
― Գարնանային արձակուրդին,― ասացի,― մեզ՝ ուսուցիչներիս չէր թույլատրվում բացակայել դպրոցից, պարտականություններ ունեինք կատարելու, մոռացե՞լ ես, որ դա լուսավորության մինիստրության հրահանգն էր։
 
Արտակը ծիծաղեց․
 
― Ես այդ ընդհանրապես չէի մոռացել,― ասաց,― բայց չգիտեմ ինչու, չէի մտածել, որ այդ հրահանգը կկաշկանդի քեզ և, հրահանգին հակառակ, ամեն օր էլ սպասում էի քեզ։
 
― Երկար սպասեցի,― շարունակեց նա,― և դու չեկար։ Քեզ տեսնելու ցանկությունս սակայն այնքան բուռն էր, որ մի օր ուզեցի ինքս այցելել քեզ, օգտվելով շրջանային դպրոցներն այցելելու իմ պարտականությունից։ Ես սրանից երկու շաբաթ առաջ․․․
 
― Երկար մեր դպրոցը և ինձ չգտար,― ընդհատեցի նրան, ծիծաղելով։ Բայց այդ օրը, շարունակեցի,― հավատա ինձ Արտակ, ես էլ դժբախտ էի եղել, չհանդիպելով քեզ ոչ ձեր փողոցում, որտեղից ես երկու անգամ անցա աշակերտներին ընկերացած և ոչ էլ մինիստրությունում, ուր ինձ ասացին, թե շրջան ես մեկնել։
 
― Գոնե հանդիպեիր մայրիկին։
 
― Իսկ ի՞նչ անեի աշակերտներին, որտե՞ղ թաքցնեի նրանց, չէ՞ որ «Հովիվ քաջ յուր դնե իվերա ոչխարաց յուրոց»։
 
Արտակը ծիծաղեց։
 
― Գիտե՞ս,― ասացի,― այդ փոփոխությունն անհրաժեշտ էր, որովհետև ձեր շրջանում ուսումնակրթական գործի ղեկավարությունը հանձնված էր․․․
 
― Մի անընդունակ մարդու,― ընդհատեցի նրան։
 
― Ինչպես նաև անբարեխիղճ ու անազնիվ,― ավելացրեց։
 
― Նա,― ասացի առանց անունը տալու,― Հայկուշի ասելով այժմ ծանր մեղադրանքի տակ է։
 
― Գիտեմ,― ասաց,― քննությունները շարունակվում են, և գուցե գործը հասնի դատական օրգաններին։
 
Հետո մեղմաձայն, բայց կրքով ավելացրեց։
 
― Հայտնի են դարձել այդ անառակի հանցավոր ու դատապարտելի շատ արարքներ․․․
 
Ցնցվեցի և բնազդաբար նրանից հեռանալու շարժում արեցի։ Ձեռքս դրեցի կրծքիս։ Սիրտս խփում էր մուրճի պես։ Ինձ թվաց, որ կուշաթափվեմ, եթե Արտակը սկսի խոսել նրա անմարդկային արարքի մասին։
 
Եվ նա սկսեց խոսել նրա անմարդկային արարքի մասին, առանց ուշ դարձնելու իմ խռովահույզ վիճակին։
 
― Եվ դա եղել է,― սկսեց նա,― մոտ հինգ տարի առաջ․․․
 
Զսպանակից մղվածի պես ոտքի ելա և ձեռքս դեպի իրեն պարզած՝
 
― Մի շարունակիր,― ընդհատեցի նրան գրեթե գոռալով,― ես գիտեմ, այո, այդ հինգ տարի առաջ էր, ես այդ չեմ մոռացել, ես այդ չպիտի մոռանամ, ես չեմ կարող այդ մոռանալ․․․
 
Ակներևաբար այդ րոպեին ինձ մեռելի պես դժգույն և ցնորվածի նման այլայլված էր տեսել․ ոտքի ելնելով մոտեցավ ինձ, բռնեց ձեռքս, համբուրեց, շոյեց վարսերս, քնքշաձայն ու գորովագին ասաց․
 
― Ի՞նչ եղավ քեզ դու ծանո՞թ էիր որբուհու ողբերգությանը, ճանաչո՞ւմ էիր նրան, որբուհուն․․․
 
― Նստեք,― ասացի, առանց նրա հարցին պատասխանելու և հենվեցի թևին, որ չընկնեմ։
 
― Դու ճանաչո՞ւմ էիր այդ թշվառին,― նորից դիմեց ինձ նույն անողոք հարցով։
 
Ես նրա հարցը նորից թողեցի անպատասխան, իբր հուզված լինելով չէի լսել այն։
 
― Դու ճանաչո՞ւմ ես այդ դժբախտին,― հարցրի ես Արտակին։
 
― Ոչ,― ասաց,― ես միայն լսել եմ նրա մասին։ Արուսյակն է պատմել։
 
― Կուզենայի՞ր ճանաչել։
 
― Այո, և կուզենայի իմանալ նրա կյանքի հետագա ուղին, փողոց շպրտվելուց հետո։
 
― Ես քեզ կծանոթացնեմ նրա հետ,― ասացի,― այդ իմ պարտքն է, պարտք, առանց որի հատուցման ես պիտի դժվարանամ շնչել այսուհետև։
 
Ես նրան չէի նայում, և չգիտեմ թե իմ նախաբանը ինչ ազդեցություն գործեց նրա վրա։ Հուզված էի իմ կյանքի տխուր մի էջը բաց անելու պարտքի ծանր գիտակցությամբ, իսկ նա ակներևաբար դժբախտ մի աղջկա կյանքի եղերական պատմությունն իմանալու ցավագին հետաքրքրությամբ։
 
― Լսիր,― ասացի,― հինգ տարի առաջ նա ընդամենը տասնութ տարեկան էր, հորից ու մորից զրկված, անփորձ մի աղջիկ էր և չէր հավատում, որ չար մարդիկ կան աշխարհում, ու նա դարձավ դյուրին որսը մի գարշելի որոգայթի։
 
Հետո նրան երկու ամսից փողոց նետեցին․․․
 
Դժբախտությունը զգաստացրեց նրան և նա բանվոր դարձավ ու գործարանից գտավ գիտության տաճարի ճանապարհը․․․
 
Եվ գիտության տաճարում, երբ նա արդեն ոչ միամիտ էր և ոչ տգետ, հանդիպեց մի թխահեր ու գեղահասակ երիտասարդի, որ գաղտնաբար ու սիրով նայում էր նրան և կանչում․
 
«Արմենյան Արաքս»։
 
Բանվոր աղջիկը թաքուն, բայց կրակոտ սիրով սիրեց այդ երիտասարդին, որ ցույց էր տվել իրեն թանկագին գանձերը մեր մեծասքանչ լեզվի, ավարտեց ինստիտուտն ու դարձավ․․․
 
Արտակն ընդոստ ոտքի ելավ և հուզումնահար․
 
― Հերրիք է,― ասաց,― ես արդեն ճանաչում եմ իմ անմեղ, իմ գոհար որբուհուն, իմ գեղանի Արաքսին․․․
 
Ու ինձ պինդ սեղմեց կրծքին։
 
Մեր շրթները առաջին անգամ իրար հանդիպեցին։
 
Ես լաց էի լինում ու երջանիկ էի։
 
 
==XI==
 
Կիրակի երեկոյան վերադարձա Երևանից։ Այսօր, երկուշաբթի գնացի դպրոց, ուր սովորական ուրախ աղմուկի փոխարեն հանդիսավոր լռություն էր։
 
Մանկավարժական խորհրդի նիստում զեկուցեցի ուսումնական տարում իմ կատարած ուսումնադաստիարակչական աշխատանքների մասին։
 
Երբեք այնպես անպատրաստ չէի գնացել զեկուցման։ Դժվարանում էի կենտրոնանալ, միտքս շարունակ թռչում էր դեպի Երևան, ուր Արտակն ու ես շաբաթ երեկո երկար ու ջերմ զրույց ունեցանք և որոշեցինք ամուսիններ դառնալ։
 
 
 
Երկու օր առաջ ավարտեցինք քննությունները։ Վաղը, հունիսի 25֊ին դպրոցի դռները փակ կլինեն։
 
Շաբաթ երեկոյան Արմիկ մայրիկի տանը ուրախություն է լինելու, որին մասնակցելու են մեր ողջ ուսուցչական կազմը, ինչպես նաև Փառանձեմ Արշակյանը, Հայկուշն ու Արուսյակը։
 
Հաջորդ օրը ես և Արտակը մեկնելու ենք դեպի հյուսիսի մեծ ոստանը, ուր տարվա այս եղանակին սպիտակ գիշերներ են։