Changes
/* Գլուխ հինգերորդ․ Ռոհիրիմների արշավանքը */
====Գլուխ հինգերորդ․ Ռոհիրիմների արշավանքը====
Մութ էր։ Մերին, վերմակի մեջ փաթաթված, պառկած էր գետնին, և զարմանում էր, թե այդ ինչպես են խավարի մեջ թաքնված ծառերը սոսափում անքամի ու հեղձուկ օդում։Նա բարձրացրեց գլուխը՝ և կրկին լսեց այդ տարօրինակ ձայնը, որը նման էր լեռնալանջերին ու անտառապատ բլուրներում տարածվող հեռավոր թմբուկների հարվածների։ Դրանց բաբախյունը հանկարծակի կտրվում էր, իսկ հետո նորից սկսվում ինչ-որ այլ տեղում, մեկ մոտիկ, մեկ հեռու։ Հետաքրքիր է, ժամապահները լսու՞մ են այն։ Նա չէր կարող տեսնել, բայց գիտեր, որ իրեն շրջապատում են Ռոհիրիմների ջոկատները։ Նա զգում էր ձիերի հոտը խավարում և լսում, թե ինչպես են նրանք փոխում ոտքերը՝ սմբակներով թեթև հարվածելով փշատերև գորգով ծածկված հողին։ Թեոդենի զորքը ճամբար էր խփել Էյլենախի՝ փարոսային լեռան մոտակայքի սոճու անտառում․ լեռը վեր էր խոյանում Դրուադան կոչվող անտառի երկար ալիքների միջից, որտեղով անցնում էր Արևելյան Անորիենի գլխավոր ուղին։ Թեև Մերին շատ հոգնած էր, սակայն չէր կարողանում քնել։ Նա ընթանում էր արդեն չորս օր շարունակ, և անդադար խտացող խավարը ճնշում էր նրա սիրտը։ Նա սկսել էր զարմանալ, թե ինչու էր իրեն այդպես կոտորելով ցանկանում գնալ, երբ ոչ միայն կարելի էր մնալ, այլև այդպես էր հրամայված։ Հետաքրքիր է, ծեր թագավորը գիտի՞ իր անհնազանդության մասին, և եթե գիտի՝ շա՞տ է արդյոք բարկացած։ Բայց, երևի, հազիվ թե։ Երևում է Դեռնհելմի և Էլֆհելմի միջև՝ էորեդի հրամանատարի, որի շարքերում իրենք ընթանում էին, ինչ-որ համաձայնություն կար։ Նա և նրա բոլոր մարդիկ անտեսում էին Մերիին և ձևացնում, թե չեն լսում, երբ նա խոսում էր։ Նա կարծես ևս մեկ պարկ լիներ, որ կրում էր Դեռհելմը։ Իսկ Դեռնհելմը խորասուզվել էր ինքն իր մեջ և ամբողջ ժամանակ ոչ ոքի հետ չէր խոսում։ Մերին իրեն պստլիկ, լքված ու միայնակ էր զգում։ Իսկ ժամանակն անհանգիստ էր, օդում զգացվում էր վտանգը՝ ճանապարհը վտանգավոր էր դառնում։ Մինաս Թիրիթի քաղաքային հողերը շրջապատող արտաքին պարսպին հասնելուն մեկ օրվա ճանապարհ էր մնում։ Հետախույզներ էին առաջ ուղարկվել։ Մի քանիսը չէին վերադարձել։ Մյուսները, շտապ վերադառնալով, հայտնում էին, որ առջևում ճանապարհը փակել են։ Թշնամու զորքը ճամբար էր խփել Ամոն Դինից երեք մղոն արևմուտք, և որոշ ջոկատներ արդեն գալիս էին ճանապարհով․ գտնվում էին զորքից երեք լիգից էլ պակաս հեռավորության վրա։ Իսկ օրքերը թափառում են ճանապարհի մերձակա անտառներում ու բլուրներում։ Թագավորն ու Էոմերը գիշերային խոհրդակցություն էին վարում։ Մերին ուզում էր ինչ-որ մեկի հետ խոսել, և հիշեց Փիփինի մասին, բայց դա միայն ավելացրեց նրա անհանգստությունը։ Խեղճ Փիփին, մեն-մենակ պաշարված քարե մեծ քաղաքում փակված։ Մերին կցանկանար բարձրահասակ հեծյալ լիներ, ինչպես Էոմերը, որ կարողանար փչել եղջերափողը կամ նման մի բան ու քառատրոփ սլանար նրան օգնության։ Նա նստեց՝ ականջ դնելով թմբուկներին, որոնք կրկին հարվածում էին, բայց արդեն մոտիկ։ Շուտով ցածր ձայներ լսեց և տեսավ ծառերի մեջ շարժվող լապտերների կիսածածկված լույսը։ Մոտակայքում մարդիկ սկսեցին անորոշ շարժվել խավարի մեջ։ Բարձրահասակ մեկի ուրվագիծը կախվեց հոբիթի գլխին ու սայթաաքեց նրա վրայով՝ անիծելով ծառերի արմատները։ Մերին ճանաչեց Էլֆհելմի ձայնը։ — Ես ծառի արմատ չեմ, պարոն, և ոչ էլ ուղեպարկ,— ասաց նա։ — Այլ ընդամենը կապտուկներով ծածկված հոբիթ։ Նվազագույնը որ կարող ես անել փոխհատուցելու համար, ասելն է ինձ, թե ինչ է կատարվում։ — Ի՞նչ կարող է կատարվել այս անիծյալ խավարում,— փնթփնթաաց Էլֆհելմը։ — Տիրակալը կարգադրել է պատրաստ լինել․ շարժվելու հրամանը կարող է հնչել րոպե առ րոպե։ — Ուրեմն, թշնամին գալի՞ս է,— անհանգստացած հարցրեց Մերին։ — Էս նրա՞նց թմբուկներն են։ Ես էլ արդեն մտածում էի, թե ականջիս է թվում, բացի ինձանից ոչ ոք դրանց ուշադրություն չէր դարձնում։ — Ոչ, ոչ,— ասաց Էլֆհելմը,— թշնամին ճանապարհով է գալիս, ոչ թե բլուրներով։ Դու լսում ես Վոսերին, անտառային վայրի մարդկանց՝ այդպես են նրան հաղորդակցվում հեռավորության վրա։ Ասում են, նրանք դեռևս ապրում են Դրուադան անտառում։ նրանք ժամանակին այդտեղ բնակվող հինավուրց ցեղի մնացորդներն են, սակավաթիվ են, ապրում են թաքնված, վայրի են և զգույշ, ինչպես գազանները։ Նրանք չեն խառնվում Գոնդորի կամ Ռոհանի պատերազմներին, բայց հիմա անհանգստացած են այս խավարով և օրքերի գալուստով․ վախենում են, որ Սև Տարիները կվերադառնան, ինչը արդեն բավական հավանական է թվում։ Շնորհակալ լինենք, որ մեզ չեն որսում․ ասում են, նրանք թունավորված նետեր են օգտագործում, և անտառում այդ գործում նրանց հետ համեմատվելն անիմաստ է։ Նրանք իրենց ծառայությունն են առաջարկել Թեոդենին, և հիմա նրանց առաջնորդներից մեկին ուղեկցում են թագավորի մոտ։ Ահա, նայիր, լապտերները տեսնու՞մ ես։ Այդքանը․ ավելին չգիտեմ։ Իսկ հիմա ես պետք է զբաղվեմ տիրակալի հրամանով։ Պատրաստվիր, պատվարժան ուղեպարկ։ Եվ նա անհետացավ խավարում։ Մերիին դուր չեկան վայրի մարդկանց և նրանց թունավոր նետերի մասին խոսակցությունները, նա առանց այդ էլ մահու չափ վախեցած էր։ Սպասումն անտանելի էր։ Նա շատ էր ուզում իմանալ, թե ինչ է լինելու, ուստի վեր կացավ և զգուշորեն գնաց վերջին լապտերի հետևից՝ նախքան այն կանհետանար ծառերի արանքում։ Շուտով նա դուրս եկավ բաց տարածք, որտեղ, բարձր ծառի տակ, թագավորի համար մի ոչ մեծ վրան էր խփած։ Վերևից ծածկված մեծ լապտեր էր կախված ճյուղից և դալուկ լույսի շրջան էր գցում գետնին։ Այնտեղ նստած էին Թեոդենն ու Էոմերը, իսկ նրանց առջև նստած էր տարօրինակ, գետնահար, բայց պնդակազմ մի մարդ, հնացած քարի պես ծռված և ասես մամուռով պատված՝ նրա սակավ մազերը, փաթաթված կզակին, չոր մամուռ էին հիշեցնում։ Նա կարճ ոտքեր ուներ, հաստ, մկանուտ ձեռքեր, և միայն գոտկատեղն էր ծածկված խոտե կարճ փեշով։ Մերիին թվաց, որ ինչ-որ տեղ արդեն տեսել է նրան, և հանկարծ հիշեց Դունհորոուի փուքելներին։ Կարծես դրանցից մեկը կենդանացած լիներ կամ, հնարավոր է, նա շառավիղն էր անթիվ-անհամար տարիներ առաջ ապրած մարդկանց, որոնց պատկերել էին մոռացված վարպետները։ Երբ Մերին սողալով մոտենում էր, երեքն էլ լուռ էին, բայց հետո վայրի մարդը սկսեց խոսել, ասես պատասխանելով ինչ-որ հարցի։ Նրա ձայնը ցածր էր և կոկորդային, բայց Մերին զարմանքով հասկացավ, որ նա խոսում է ընդհանուր լեզվով, թեև կմկմում էր ու խոսքի մեջ չհղկված բառեր օգտագործում։ — Ոչ, հեծյալների հայր, մենք չենք կռվողներ, մենք՝ որսորդներ։ Սպանել գորգուններ անտառում՝ ատել օրքերին։ Դու էլ չսիրել գորգունին։ Մենք ձեզ օգնել, ինչով կարող ենք։ Վայրի մարդիկ ունի մեծ ականջներ ու մեծ աչքեր, գիտեն բոլոր ճամփաներ։ Վայրի ժողովուրդ շատ-շատ վաղուց ապրել այստեղ, նախքան քար-տուների շինելը, նախքան բարձր մարդիկ դուրս կգային Մեծ Ջրի հետևից։ — Բայց մեզ մարտում է օգնություն պետք,— ասաց Էոմերը։ — Ինչո՞վ եք դու և քո ժողովուրդը օգնելու մեզ։ — Լուրեր բերել,— ասաց վայրի մարդը։ — Մենք նայենք բլուրներից ու տեսնենք ամեն ինչ, բարձրանանք մեծ սարը ու նայում ենք ներքև։ Քար-քաղաքը փակ է։ Դրսում կրակն այրվում է, հիմա նույնպես ներսում։ Դուք կուզե՞ք այնտեղ գալ։ Ուրեմն պետք է արագ լինեք։ Բայց գորգուններ ու հեռվի մարդիկ,— նա թափահարեց կարճ, ծուռ ձեռքը դեպի արևելք,— նստած լինել ձիու ճանապարհին։ Շատ-շատ, հեծյալներից շատ։ — Որտեղի՞ց գիտես այդ,— հարցրեց Էոմերը։ Ծերունու հարթ դեմքն ու մութ աչքերը ոչինչ չէին արտահայտում, բայց ձայնը մռայլ ու դժգոհ հնչեց։ — Վայրի մարդիկ՝ վայրի, ազատ, բայց ոչ երեխա,— պատասխանեց նա։ — Ես մեծ առաջնորդ Գհան-Բուրի-Գհան։ Ես հաշվում եմ շատ բան․ աստղեր երկնքում, տերևներ ծառին, մարդիկ խավարում։ Ձեր մարդիկ քսան անգամ քսան են տասը և հինգ անգամ։ Նրանք ավելի շատ։ Երկար կռիվ, և ո՞վ կհաղթի։ Եվ քար-քաղաքի շուրջը էլի շատ քայլում են։ — Ավա՜ղ, նա ճիշտ է խոսում,— ասաց Թեոդենը։ — Մեր հետախույզներն ասում են, որ նրանք խրամատներ են փորել ու ցցեր տնկել ճանապարհի վրա։ Մենք չենք կարող սրբել նրանց հանկարծակի հարվածով։ — Եվ այնուհանդերձ, մենք պետք է շատ շտապենք,— ասաց Էոմերը։ — Մունդբուրգը կրակի մեջ է։ — Թող Գհան-Բուրի-Գհան վերջացնի,— ասաց վայրի մարդը։ — Նա մի ճամփա չէ, որ գիտի։ Նա ձեզ կտանի ճամփով, որտեղ չկա փոսեր, չկա գորգուն, միայն վայրի մարդ ու գազան։ Շատ ճամփաներ սարքվել, երբ քար-տուների մարդիկ ուժեղ էին։ նրանք կտրում էին բլուրներ, ինչպես որսորդ գազանի միս։ Վայրի մարդիկ մտածում, որ նրանք քարից ուտելիք էին ուտում։ Նրանք Դրուադանով մեծ սայլերով գնացին Ռիմմոն։ Էլ չեն գալիս։ Ճանապարհը մոռացված, բայց ոչ վայրի մարդիկ։ Բլուրի վրայով ու բլուրից այն կողմ այն դեռ պառկած խոտի ու ծառի տակ, այնտեղ, Ռիմմոնից այն կողմ, ներքև դեպի Դինը ու միանում ձիու ճամփին։ Վայրի մարդիկ ցույց տան ճամփան։ Այդ ժամանակ դու սպանես գորգունին ու պայծառ երկաթով քշես վատ մութը, և վայրի մարդիկ վերադառնան վայրի անտառ քնելու։ Էոմերն ու թագավորը խոսեցին իրենց լեզվով։ Վերջապես Թեոդենը դիմեց վայրի մարդուն։ — Մենք ընդունում ենք քո առաջարկը,— ասաց նա։ — Ճիշտ է, այդպես գործելով մենք թիկունքում ենք թողնում թշնամու մեծաթիվ ուժեր, բայց դա արդեն նշանակություն չունի։ Եթե Քարե քաղաքն ընկնի, մենք էլ չենք վերադառնա։ Եթե կանգուն մնա՝ արդեն օրքերի հրոսակները կտրված կլինեն։ Եթե հավատարիմ լինես, Գհան-Բուրի-Գհան, մենք քեզ առատ կպարգևատրենք, և դուք կունենաք Ռոհանի բարեկամությունը հավիտյան։ — Մեռածները չեն բարեկամանալ ողջ մարդկանց հետ ու չեն տալ նրանց նվերներ,— ասաց վայրի մարդը։ — Բայց եթե ապրես Մութից հետո, վայրի մարդկանց մենակ թող անտառում ու էլ չորսաք նրանց գազանների նման։ Գհան-Բուրի-Գհանը ձեզ չի տանի ծուղակ։ Նա ինքը տանի հեծյալների հորը, և եթե վատ տանի, դուք նրան սպանեք։ — Թո՛ղ այդպես լինի,— ասաց Թեոդենը։ — Որքա՞ն ժամանակ կպահանջվի թշնամու կողքով անցնելու և ճանապարհ վերադառնալու համար,— հարցրեց Էոմերը։ — Մենք պետք է ոտքով գնանք, եթե դու ես մեզ առաջնորդում, իսկ ճանապարհը, համոզված եմ, նեղ է։ — Վայրի մարդիկ արագ գնան ոտքով,— ասաց Գհանը։ — Ահա այնտեղ, Քարասայլերի հովտում, լայն ճանապարհ չորս ձիու համար,— նա ձեռքը թափ տվեց դեպի հարավ,— բայց նեղ սկզբից ու վերջում։ Այստեղից վայրի մարդը հասնի Դինին առավոտից մինչև կեսօր։ — Ուրեմն առջևից գնացողները ամենաքիչը յոթ ժամից այնտեղ կլինեն,— ասաց Էոմերը։ — Բայց ամբողջ զորքը՝ տասը ժամից։ Կարող են և անկանխատեսելի արգելքներ լինել, եթե զորքը շատ երկար ձգվի, ու երբ դուրս գանք բլուրներից, պետք կլինի նորից դասավորվել։ Հիմա ժամը քանի՞սն է։ — Ով գիտի,— արձագանքեց Թեոդենը։ — Մութը հիմա անդադար է։ — Հիմա մութ է, բաց ոչ գիշեր,— առարկեց Գհանը։ — Երբ արևը գա, մենք զգում ենք, եթե նույնիսկ չերևա։ Նա արդեն բարձանա արևելյան լեռներից։ Երկնքի դաշտերում օր է կսկսվի։ — Այդ դեպքում պետք է ճանապարհ ընկնենք որքան հնարավոր է արագ,— ասաց Էոմերը։ — Բայց նույնիսկ այդ դեպքում հույս չկա, որ այսօր Գոնդորին օգնության կհասնենք։ Մերին այլևս ոչինչ չլսեց, ծածուկ հետ դարձավ ու վազեց իրերը հավաքելու։ Ուրեմն, սա կռվից առաջ վերջին հանգիստն է։ Նա առանձնպես հույս չէր տածում, որ ճակատամարտից հետո շատերը ողջ կմնան։ Բայց մտածեց Փիփինի մասին, այրվող Մինաս Թիրիթի մասին և հաղթահարեց սեփական վախը։ Այդ օրն ամեն ինչ հանդարտ անցավ․ ոչ մի ձայն, ոչ մի դարանակալած թշնամի նրանց չհանդիպեց։ Վայրի մարդիկ հսկում էին զորքը բոլոր կողմերից, որպեսզի ոչ մի օրք կամ թափառող լրտես բլուրների վրա շարժում չնկատեն։ Պաշարված քաղաքին մոտենալուն զուգընթաց մութը գնալով խտանում էր, և երկար շարքերով ընթացող հեծյալներն ու ձիերը թվում էին անորոշ ստվերների գիծ։ Յուրաքանչյուր ջոկատ առաջնորդում էր մեկական անտառային մարդ, իսկ Գհանը գնում էր թագավորի հետ։ Սկիզբը սպասվածից դանդաղ էր, որովհետև հեծյալները ստիպված էին իջնել և սանձերից բռնած առաջնորդել իրենց ձիերին խիտ բուսականությամբ ծածկված բլուրներով՝ փնտրելով արահետներ դեպի Քարասայլերի թաքնված հովիտը։ Երեկոյան մոտ առաջապահ էորեդը հասավ լայն գորշ թավուտներին, որոնք ձգվում էին Ամոն Դինի արևելյան կողմով՝ թաքցնելով Նարդոլից Ամոն Դին ձգվող բաց տարածությունը։ Հենց այդտեղով էլ գնում էր մոռացված շրջանցիկ ճանապարհը՝ վերադառնալով ու միանալով Քաղաքից Անորիեն ձգվող գլխավոր ուղուն։ Բայց այժմ, արդեն շատ մարդկային սերունդեր, ծառերն էին տիրում այդ ճանապարհին, և այն անհետացել էր, թաղվել անհաշիվ տարիների տերևների տակ։ Սակայն այդ թավուտները հուսալիորեն ծածկում էին հեծյալներին ավելորդ աչքերից, նախքան նրանք կմտնեին բաց ճակատամարտի մեջ։ Իսկ դրանցից այն կողմ փռված էր Անդուինի հարթավայրը և գլխավոր ուղին՝ արևելքից ու հարավից շրջապատված մերկ ու քարքարոտ լանջերով, որոնք, մեկը մյուսի վրա հենվելով բարձրանում էին ու բարձրանում, դառնալով հենարան և ուսեր վիթխարի Մինդոլուինի համար։ Առաջնային ջոկատը կանգ առավ սպասելու, մինչև ամբողջ զորքը դուրս գա Քարասայլերի հովտի բերանից ու հավաքվի մոխրագույն ծառերի տակ։ Այնտեղ էլ ճամբար խփեցին։ Թագավորը հրամանատարներին կանչեց խորհրդի։ Էոմերը հետախույզներ ուղարկեց ճանապարհը լրտեսելու, բայց ծեր Գհանը գլուխն օրորեց։ — Լավ չէ ուղարկել հեծյալներ,— ասաց նա։ — Վայրի մարդիկ արդեն տեսնել ամեն բան, ինչ կարող է տեսնել վատ օդի մեջ։ Նրանք շուտով գալ ու պատմել ինձ այստեղ։ Հայտնվեցին հրամանատարները․ հետո ծառերի հետևից հայտնվեցին այլ փուքելանմաններ, այնքան նման ծեր Գհանին, որ Մերին դժվարությամբ էր տարբերում մեկին մյուսից։ Նրանք խոսում էին Գհանի հետ իրենց տարօրինակ կոկորդային լեզվով։ Վերջապես Գհանը շրջվեց դեպի թագավորը։ — Վայրի մարդիկ շատ խոսել,— ասաց նա։ — Առաջինը՝ զգույշ լինեք։ Դինից այն կողմ առաջվա պես շատ թշնամիներ, մի ժամ ման գալ հասնել այնտեղ,— նա ձեռքը պարզեց արևմուտք, սար-փարոսի սև գագաթի ուղղությամբ։ — Բայց այստեղից մինչև Քար-ժողովուրդի նոր պատեր ոչ ոք չերևալ։ Շատ-շատ են այնտեղ զբաղված։ Պատերն էլ կանգնած չեն լինել, գորգուններ տապալել դրանք երկիր որոտով ու սև երկաթի մահակով։ Նրանք ուշադիր չլինել ու շուրջը չնայել։ Մտածել, որ իրենց ընկերներ հսկում են ճանապարհներ։ — Նրա կոկորդում ինչ-որ բան քլթքլթաց՝ հավանաբար ծիծաղում էր։ — Լավ լուրեր են,— բացականչեց Էոմերը։ — Նույնիսկ այս խավարում կրկին հույս է բռնկվում։ Թշնամու հնարանքները երբեմն մեր օգտին էլ են ծառայում։ Անիծյալ խավարը մեզ համար քողարիչ ծածկոց եղավ։ Իսկ օրքերը, երևում է, այնքան են շտապում Գոնդորը քանդել ու քարը քարին չթողնել, որ մոռացել են թիկունքի մասին, ինչից ես ամենաշատն էի վախենում։ Նրանք կարող էին երկար ժամանակ պահել մեզ արտաքին պատերի մոտ։ Բայց հիմա, երևում է, էլ կասկած չկա, որ կճեղքենք։ — Եվս մեկ անգամ շնորհակալ եմ քեզ, Գհան-Բուրի-Գհան, անտառի մարդ,— ասաց Թեոդենը։ — Հաջողություն լավ լուրի ու լավ ծառայության համար։ — Սպանիր գուրգուններ, սպանիր օրքեր, ոչ մի բառեր պետք չեն վայրի մարդկանց,— պատասխանեց Գհանը։ — Քշիր չար օդ ու մութը պայծառ երկաթով։ Դրա համար ենք հեռուներից այստեղ եկել,— ասաց թագավորը։ — Եվ կփորձենք նրանց քշել։ Կստացվի, թե ոչ, կերևա վաղը։ Գհան-Բուրի-Գհանը նստեց ու խորդուբորդ ճակատը քսեց գետնին ի նշան հրաժեշտի։ Հետո վեր կացավ և արդեն ուզում էր հեռանալ, բայց հանկարծ կանգ առավ, նայեց վերև ու աղմուկով օդը ներս քաշեց, կարծես հոտոտում էր անտառային գազանի պես։ Նրա աչքերը փայլեցին։ — Քամին է փոխվում,— ճչաց նա, և այդ խոսքերով էլ նա և մյուս վայրենիները մի ակնթարթում չքացան խավարում։ Այևս ոչ մի ռոհանցի նրանց չտեսավ, միայն քիչ անց հեռվում նորից թույլ հարվածեցին թմբուկները։ Բայց և այնպես ոչ մի ռոհանցու սրտում ահ չկար, որ վայրի մարդիկ կարող են անհավատարիմ լինել, թեև թվում էին նրանք տարօրինակ ու անհաճո։ — Առաջնորդության կարիք այլևս չունենք,— ասաց Էլֆհելմը։ — Խաղաղ օրերին մերոնցից շատերն են Մունդբուրգ եկել։ Մեկը ես։ Երբ դուրս գանք ուղի, այն կթեքվի հարավ, և առջևում դեռ յոթ լիգ ճանապարհ կլինի, մինչև քաղաքային պարսպին հասնելը։ Ճանապարհի եզրերն առաջ խոտածածկ էին, գոնդորցի պատվիրակներն այդ հատվածում մեծ արագությամբ էին արշավում։ Այնպես որ կարող ենք ընթանալ արագ և առանց ավելորդ աղմուկի։ — Մեզ դաժան ճակատամարտ է սպասում, հետևաբար հարկավոր կլինի հավաքել մեր ամբողջ ուժը,— ավելացրեց Էոմերը։ — Ես խորհուրդ եմ տալիս հիմա հանգստանալ և ճանապարհ ընկնել գիշերը, ուստի ժամանակն այնպես հաշվարկենք, որ լուսաբացի առաջին շողերի հետ թշնամուն հարվածենք, եթե, իհարկե, արևը կարողանա թափանցել այս խավարի միջով։ Իսկ եթե ոչ, ապա՝ թագավորի ազդանշանով։ Թագավորը հավանություն տվեց նրա խորհրդին, և հրամանատարները հեռացան։ Բայց շուտով Էլֆհելմը վերադարձավ։ — Հետախույզները մոխրագույն անտառից այն կողմ կարևոր ոչինչ չեն գտել։ Միայն երկու մեռած ձիավոր՝ իրենց ձիերի հետ։ — Ե՞վ,— հարցրեց Էոմերը,— ի՞նչ է դա նշանակում։ — Կարծում եմ, դրանք գոնդորցի պատվիրակներն են։ Նրանցից մեկը, հավանաբար, Հիրգոնն է։ Ամեն դեպքում նրա ձեռքը դեռ սեղմում էր կարմիր նետը, բայց գլուխը կտրված էր։ Եվ մի բան էլ․ նշաններից երևում էր, որ նրանք արևմուտք են փախչելուց եղել, երբ ընկել են։ Երևի տեսել են, որ թշնամին արդեն պաշարել է ամրոցը ու շրջել են ձիերին։ Դա եղել է երկու գիշեր առաջ, եթե պատվիրակները փոխել են իրենց ձիերին պահակակետերում, ինչպես անում են սովորաբար։ — Ավա՜ղ,— ասաց Թեոդենը,— ուրեմն Դենեթորը ոչինչ չգիտի մեր արշավի մասին և հիմա հուսահատվել է մեզ սպասելով։ — Երբ շտապում ես, ուշացումը լավ չէ, բայց լավ է ուշ, քան երբեք,— արձագանքեց Էոմերը։ — Ինձ թվում է այս հին ասացվածքը երբեք այսքան տեղին չի եղել՝ մարդկանց խոսել սովորելուց ի վեր։ Գիշեր էր։ Ճանապարհի երկու կողմերով անձայն շարժվում էր Ռոհանի զորքը։ Շուտով Մինդոլուինի փեշերով անցնող ճանապարհը թեքվեց հարավ։ Հեռվում և գրեթե ուղիղ առջևում սև երնքի տակ կարմիր հրացոլք էր երևում, որի ֆոնին սև ուրվագծվում էին վիթխարի լեռան լանջերը։ Նրանք մոտենում էին Պելլենորյան պատին, բայց օրը դեռ չէր սկսվել։ Թագավորը գնում էր առաջին շարքերում, շրջապատված իր թիկնապահներով։ Նրանց հետևում էր Էլֆհելմի էորեդը, և Մերին նկատեց, որ Դեռնհելմը մթության քողի տակ անշեղորեն առաջ է շարժվում, մինչև որ վերջապես հայտնվեց թագավորական թիկնազորի հետևում։ Հանկարծ առաջապահ ջոկատը կանգ առավ։ Մերին առջևում ցածր ձայներ լսեց։ Վերադարձել էին հեծյալները, ովքեր առաջացել էին գրեթե մինչև պատը։ Նրանք մոտեցան թագավորին։ — Այնտեղ մեծ հրդեհներ են, տիրակալ,— ասաց նրանցից մեկը։ — Ամբողջ քաղաքը կրակի մեջ է, և դաշտում վխտում են թշնամիները։ Բայց բոլորը, կարծես թե, տարված են գրոհով։ Ինչքան որ կարողացանք տեսնել, արտաքին պատին քչերն են մնացել և անուշադիր են՝ զբաղված են ավերածություններով։ — Հիշու՞մ ես վայրենու խոսքերը, տիրակալ,— խոսեց մյուսը։ — Ես Վիդֆարան եմ, խաղաղ օրերին ապրում էի բարձրադիր արոտավայրերում, ու նույնպես կարողանում եմ օդից լուրեր քաղել։ Քամին փոխվում է, արդեն փչում է հարավից, և ես նրա մեջ ծովի հոտ եմ առնում, թեև շատ թույլ։ Առավոտյան եղանակը կփոխվի։ Երբ անցնենք պատը, այս գաղջի գլխին առավոտ կգա։ — Եթե դու ճիշտ ես ասում, Վիդֆարա, ուրեմն թող ճակատագիրը պաշտպանի քեզ այսօր ու հետագա շատ տարիներ,— ասաց Թեոդենը։ Նա շրջվեց դեպի իր թիկնապահները և գոչեց պարզ, հնչեղ ձայնով այնպես, որ նույնիսկ առաջին շարքի ռազմիկները լսեցին։ — Ժամը եկե՛լ է, Մարկի՛ հեծյալներ, Էորլի՛ որդիներ։ Ձեր առջև կրակի ծով է ու թշնամիներ, իսկ ձեր տները մնացել են հեռու հետևում։ Այնուամենայնիվ, թեև դուք կռվելու եք օտար դաշտում, այն փառքը, որ կհավաքեք, ձերն է հավիտյան։ Կատարե՛ք ձեր երդումները հանուն ձե՛ր տիրակալի, ձե՛ր հայրենիքի և հանուն բարեկամական միության։ Ռազմիկները նիզակներով խփեցին վահաններին։ — Էոմե՛ր, որդիս, դու կգլխավորես առաջին էորեդը,— շարունակեց Թեոդենը։ — Կարշավես թագավորական զինադրոշի հետևից՝ կենտրոնում։ Էլֆհելմ, երբ անցնենք պատը, դու կշարժվես աջ կողմով։ Եվ Գրիմբոլդը կպահի ձախ կողմը։ Թող մյուսները հետևեն այս երեքին իրենց սեփական հայեցողությամբ։ Առաջինը հարվածեք թշնամու ամենախիտ կուտակումներին։ Այլ պլաններ առայժմ չենք կարող կազմել, քանի որ չգիտենք, թե ինչ իրավիճակ է դաշտում։ Իսկ հիմա առա՛ջ, և մի՛ վախեցեք խավարից։ Առաջապահ Էորեդը սլացավ առաջ այնքան արագ, որքան մթության մեջ հնարավոր էր, քանզի, չնայած Վիդֆարայի կանխագուշակմանը, լույսը դեռ չէր բացվում։ Մերին ընթանում էր Դեռնհելմի հետևում՝ մի ձեռքով նրանից բռնված, մյուսով աշխատելով թուրը պատյանից հանել։ Միայն հիմա նա դառնորեն գիտակցեց թագավորի խոսքերի ճշմարտացիությունը․ ''Եվ ի՞նչ պետք է անես դու այդ ճակատամարտում, պատվարժան Մերիադոկ''։ — «Միայն մի բան,— մտածեց նա․— խանգարել հեծյալին և, լավագույն դեպքում, հույս ունենալ մնալ թամբին ու չջարդվել ձիերի սմբակների տակ»։ Արտաքին պատերին հասնելուն մնացել էր մեկ լիգից էլ պակաս, և շուտով նրանք հասան դրանց, Մերիի համար՝ չափից դուրս շուտով։ Լսվեցին վայրի աղաղակներ, զենքերի շաչյուն, և կրկին ամեն ինչ լռեց։ Պատերի մոտ իրոք քիչ օրքեր կային․ նրանց անակնկալի բերեցին ու արագ կոտորեցին։ Ռամմասի հյուսիսային ավերված դարպասի մոտ թագավորը նորից կանգ առավ։ Առաջին էորեդը շրջապատեց նրան թիկունքից և երկու կողմերից։ Դեռնհելմը թագավորից չէր հեռանում, թեև Էլֆհելմի ռազմիկներն ընթանում էին աջ կողմով։ Գրիմբոլդի մարդիկ թեքվեցին ձախ ու սլացան արևելք, դեպի պատի մեջ բացված լայն փլուզվածքը։ Մերին առաջ նայեց Դեռնհելմի թիկունքից։ Հեռվում, միգուցե տասը մղոն կամ ավելի, մեծ հրեհ էր մոլեգնում, բայց դրա և զորքի միջև նաև կրակե գծեր էին երևում, հսկայական կիսաշրջանով, որոնցից ամենամոտը մոտ մեկ լիգ էր հեռու։ Նա այլև ոչինչ չկարողացավ զանազանել մութ դաշտում և դեռ չէր զգում ոչ քամու փոփոխությունը կամ չփոփոխությունը, ո՛չ էլ հույս ուներ, որ լույսը կբացվի։ Այսպես Ռոհանի զորքը անաղմուկ առաջ շարժվեց Գոնդորի դաշտերով, դանդաղ, բայց կայուն թափ հավաքելով, ինչպես ալիքը փլուզված ամբարտակի միջով, որ մինչ այդ թվում էր այդքան հուսալի։ Իսկ Սև Զորավարն ամբողջությամբ կլանված էր ընկնող քաղաքով, և ոչ մի նախազգուշացնող լուր չէր ստացել, որ իր պլաններում թերություն կա։ Որոշ ժամանակից հետո թագավորն իր զորքը շրջեց քիչ արևելք, որպեսզի շրջանցի այրվող խրամուղիները։ Անցան առանց դիմադրության հանդիպելու, բայց Թեոդենը դեռ ազդանշան չէր տալիս։ Վերջապես նա կրկին կանգ առավ։ Քաղաքն այժմ մոտ էր։ Այրման հոտով հագեցած օդում տարածվել էր մահվան ստվերը։ Ձիերն անհանգստության նշաններ ցույց տվեցին։ Սակայն թագավորն անշարժ նստած էր Սպիտակբաշի վրա և նայում էր Մինաս Թիրիթի հոգևարքին, ասես հանկարծակի համակված տխրությամբ կամ վախով։ Թվում էր, նա կքվել է տարիքի ծանրության տակ։ Մերին իրեն այնպես էր զգում, ասես սարսափի ու կասկածի մեծ ծանրություն իջած լիներ ուսերին։ Նրա սիրտը դանդաղ բաբախում էր։ Ժաամանակն ինքնին կարծես կանգնել էր անորոշությունից։ Նրանք ուշացե՛լ են, իսկ ուշանալն ավելի վատ էր, քան երբեքը։ Միգուցե Թեոդենը չդիմանա, շրջի ծերացած գլուխն ու թաքնվի բլուրներու՞մ։ Հանկարծ Մերին զգաց այդ և շատ հստակ․ ինչ-որ բան փոխվեց։ Քամին փչեց ուղիղ դեմքին։ Լույս տարածվեց։ Հեռու՜ հարավում աղոտ երևացին պատառոտվող ամպերի գորշ ուրվագծերը․ դրանց հետևում սկսվում էր առավոտը։ Բայց հենց այդ պահին բռնկում տեղի ունեցավ, ասես կայծակ դուրս ժայթքեց քաղաքի տակից։ Կուրացուցիչ բռնկումը մի ակնթարթ լուսավորեց սև ու սպիտակ Քաղաքը, վերին աշտարակը փայլատակեց ասեղի պես։ Իսկ հետո, երբ խավարը կրկին փակվեց, հզոր թնդյուն գլորվեց դաշտերի վրայով։ Լսելով այդ, թագավորը հանկարծ ուղղվեց։ Նա կրկին թվում էր բարձրահասակ ու հպարտ, և բարձրանալով ասպանդակների վրա, այնպես կանչեց բարձր ու հստակ ձայնով, ասես կանչողը մահկանացու չլիներ․ <poem>Առա՜ջ, առա՜ջ, Թեոդենի հեծյալներ,Սպասում են ձեզ կրակ, արյուն ու սխրանքներ,Թող նիզակները ջարդվեն, ճեղքվեն վահանները,Եվ կարմիր կտրեն թրերը մինչև լույսը բացվելը։Առա՛ջ, առա՛ջ, դեպի Գո՛նդոր արշավեք։</poem> Այսպես կանչելով նա հափշակեց մեծ եղջերափողը Գութլաֆի՝ իր դրոշակակրի ձեռքից և այնպես փչեց, որ փողը երկու մասի բաժանվեց։ Անմիջապես, ահեղ երաժշտությամբ, ասես փոթորիկ դաշտերում և ամպրոպ լեռներում, պատասխանեցին ռոհանյան զորքի բոլոր եղջերափողերը։ — Առա՜ջ, առա՛ջ դեպի Գոնդոր։ Թագավորն ինչ-որ բան ճչաց Սպիտակբաշին, և ձին սուրաց։ Նրա թիկունքում քամուց ծածանվում էր զինադրոշը՝ սպիտակ ձին կանաչ դաշտում, որից նա շուտով բավական առաջ անցավ։ Հետևից սլանում էին նրա թիկնապահները, բայց նա միշտ նրանցից առաջ էր։ Գրեթե կողքով կրնկակոխ թռչում էր Էոմերը՝ սաղավարտի ճերմակ ձիու մազափունջը քամուն տված։ Առաջնային էորեդը մռնչում էր դեպի ծովափ սլացող փրփրադեզ ալիքի պես, բայց Թեոդենին ոչ ոք չէր կարողանում անցնել։ Նա խելահեղ տեսք ուներ, հնարավոր է, նրա երակներում եռում էր նախնիների ռազմատենչ կատաղությունը, և սուրող Սպիտակբաշի վրա նա կարծես հնամենի աստված լիներ, ինչպես Մեծն Օրոմեն Վալարների ճակտամարտում, երբ աշխարհը դեռ երիտասարդ էր։ Նրա ոսկե վահանը փայլատակեց արևի պես, և կանաչ խոտն ասես բռնկվեց ճերմակ ձիու ոտքերի տակ։ Քանզի բացվում էր առավոտը, առավոտը, որը իր հետ ծովային քամի էր բերում, և ցրվում էր խավարը, և Մորդորի զորքերը ոռնում էին, և սարսափն էր պատել նրանց, և փախչում էին նրանք ու մեռնում, և զայրույթի սմբակներն էին անցնում նրանց վրայով։ Եվ այդ ժամանակ Ռոհանի զորքը երգեց, երգում էին ու ջարդում թշնամուն, որովհետև նրանց համակել էր ռազմի ուրախությունը, և նրանց երգի ահեղ ու գեղեցիկ ձայնը հասնում էր նույնիսկ պաշարվածների ականջներին։ ====Գլուխ վեցերորդ․ Ճակատամարտը Պելլենորի դաշտերում==== Բայց հարձակումը Գոնդորի վրա օրք առաջնորդ չէր գլխավորում, և ոչ էլ ինչ-որ պատահական ավազակ։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]