Ճապոնացու բարքերը ուսումնասիրելիս, մարդ ամենից առաջ ձեռք պէտք է վերցնի եւրոպական չափից և մօտենայ նրանց առանց կանխակալ կարծիքների։
''անավարտ''Ճապոնական քաղաքակրթութիւնը զարգացել է բոլորովին առանձնակի եւ դրա համար նրանց կեանքի ու հայեացքների մէջ շատ բան մեզ բոլորովին խորթ է թւում եւ նոյն իսկ յաճախ վիրաւորում է մեր բորյականի կամ պատշաճի զգացումը։ Բայց նոյն բանը զգում է եւ ճապոնացին մեր վերաբերմամբ, հէնց որ մօտիկից է շփւում եւրոպացու կեանքին։ Նա էլ զարմանքով բացականչում է, որ բոլոր եւրոպացիք թարս են, անում են եւ ասում են ճիշտ հակառակը, ինչ֊որ Ճապոնում պատշաճ եւ բնական է համարւում։ Մեր ու ճապոնացու մէջ եղած տարբերութիւնը մանաւանդ շատ խիստ աչքի է ընկնում այսպէս ասւած՝ քաղաքավարական ձեւերի մէջ։ Ամենամեծ հաճօյախոսութիւնը, որ տղամարդը կարող է անել մի ճապոնուհու, հետեւեալ հարցն է․ «Քա՞նի տարեկան եք»։ Հագուստները հագնել եւ շտկել հակասեռ հիւրերի առաջ համարւում է բոլորովին comme ilfaut. մինչդեռ կօշիկով սենեակ մտնելը բացարձակ անկրթութեան ամենամեծ նշանն է։ Նրանց համար ամենեւին անպատշաճ չի համարւում, եթէ հիւրերից մէկը ճաշի ժամանակ վերցնէ ուտելիքից մի կտոր ու դնէ իր ահագին գրպանը, որ գտնւում է լայն թեւի ցածի մասում։ Հեշտ է երեւակայել, թե այս սովորութիւնը որքան ծնծաղելի դէպքերի առիթ է տալիս, մանաւանդ եթե իրար դէմ են գալիս ճապոնացին եւ անգլիացին, որ ինչպէս յայտնի է՝ մի մազ անգամ չի շեղւի երբէք իր սովորութիուններից եւ որ ընդունել անգամ կարող չէ, թե աշխարհի երեսին ուրիշ կերպ էլ կարելի է ապրել։ Ճապոնացու հայեացքով ուտելիքից վերցնելն ու միասին տանելը մի մասնաւոր պատիւ է համարւում տանտիկնոջ համար, քանի որ դա մի շատ պարզ ու շօշափելի ապացոյց է, թե հիւրը գոհ է մնացել նրա սեղանից։ Դա հերքի չէ․ տուն տանելու համար տանտիկինը ճաշից յետոյ դեռ տալիս է հիւրերին բարակ տաշեղներից շինած մի֊մի փոքրիկ արկղիկ, լիքը եփած բրինձով։ Ճաշի ժամանակ կերակուրները բերելու կարգն անգամ բոլորովին հակառակ է մերինին։ Քաղցրեղէնը բերում են ձկան, բանջարեղէնի եւ ապուրի հետ խառն։ Ամենից վերջը հրամցնում են հում ձուկ, նորից տուն տանելու համար։ Ինչպէս տեսնում էք Ճապոնում հիւր գնալը բաւական ձեռնտու բան է։ Ճապոնացիք չեն գործածում ոչ միս, ոչ կաթ եւ ոչ հաց։ Բայց եւրոպացու համար ծախում են։ Նրանց գլխավոր ուտելիքը բրինձն է, ձուկը, բանջարեղէնը եւ ձուն։ Ի դէպ՝ ձուն էլ շատ տարօրինակ է․ կճեպը այնքան փափուկ է, որ սեղմելիս ներս է ընկնում։ Ճապոնում կիրը քիչ է․ այդ պատճառով էլ ձուի կճեպը չի պնդանում։ Ճապոնացիք լողանալ շատ են սիրում։ Բաղանիսները ընդհանուր են․ տղամարդիկ եւ կանայք լողանում են միասին։ Շատ եւրոպացու համար դա մի նշան է համարւում բարքերի ծայրայեղ անկման, մինչդեռ իրանք՝ ճապոնացիք, այդտեղ վատ ոչինչ չեն տեսնում, դրա մասին չեն էլ մտածում եւ ընդհանրապէս լողանալու արարողութեան վերաբերւում են շատ լուրջ, իբրեւ մի սրբազան ծէսի։ Մերկ մարմնի տեսքին նրանք արդէն վարժւած են, եւ մեղքը եւրոպացուն է, եթէ նա չէ կարող ուղիղ աչքով մերկութեանը նայել։ Ամեն տուն ունի լողանալու յատկացրած իր տակառը, ուր ամեն օր մկրտւում է ամբողջ ընտանիքը․ միակ անյարմարութիւնն այն է, որ բոլորն էլ, մեծ ու փոքր, տէր ու հիւր, միեւնոյն ջրի մէջ են մտնում իրար ետեւից։ ⁂ Ճապոնացիք իրար վերաբերմամբ չափազանց քաղաքավարի են եւ սիրալիր։ Կասկած չկայ, որ աշխարհիս ամենաքաղաքավարի ժողովուրդն է դա, եւ այդ զգացումը նրանք մօր կաաթի հետ են ծծում։ Դեռ շատ մատաղ հասակից երեխային ներշնչում են, թե ի՞նչպես պէտք է իրան պահէ դէպի ծնողները, մեծերը, եւ ընդհանրապէս իր շրջապատողները։
== Դէպի Ունզէն ==