Changes
: ԽՍՀՄ֊ը այն չէ, ինչ մենք հույս ունեինք, որ կլիներ, ինչպիսին նա խոստացել էր լինել, ինչպիսին դեռ ջանում է երեւալ։ Նա ի դերեւս է արել մեր բոլորի հույսերը։ Եթե մենք չենք ուզում լիովին հրաժարվել այդ հույսերից, ապա պետք է փոխենք նրանց առարկան։
: Բայց քեզնից մենք երես չենք թեքի, փառապանծ ու ցավատանջ Ռուսաստան։ Եթե սկզբում դու մեզ օրինակ էիր ծառայում, հիմա, ավա՜ղ, ցույց ես տալիս, թե ինչ ճահիճների մեջ կարող է խրվել «հեղափոխությունը»։
==Հավելված==
===I — Ուղեկիցներ===
: Անչափ վախենալով, թե մենակ չեմ կարողանա գործը գլուխ բերել, հոգ էի տարել ինձ օգնական վերցնել հինգ ուղեկիցների։ Բայց նաեւ ցանկություն ունեի, որ նրանք եսւ օգտվեին այդ ճանապարհորդության արտակարգ բարեհաճություններից ու հաճույքներից։ Նրանք բոլորն էլ ինձ նման նախապես հիացած, զմայլված, խանդավառված ու դյութված էին ԽՍՀՄ֊ով, նրա խոստումնալից ապագայով եւ վարչակարգի ջերմեռանդ համախոհներն էին։ Սակայն նրանք շատ տարբեր էին ինձնից եւ՛ տարիքով (բոլորն էլ ինձնից շատ երիտասարդ էին), եւ՛ խառնվածքով, եւ՛ կրթությամբ ու միջավայրով։ Նրանք տարբերվում էին նաեւ միմյանցից, բայց, չնայած դրան, մենք հիանալի հասկանում էինք իրար։ Այո, ես մտածում էի, որ լավ տեսնելու ու լսելու համար վեց զույգ աչքն ու ականջը չափազանց շատ չէր լինի, եւ կունենայինք տարբեր մարդկանց կարծիքներն ու վերաբերմունքը։
: Այդ ուղեկիցներիս դուք արդեն գիտեք․ դրանք էին Ժեֆ Լաստը, Շիֆրենը, Էժեն Դաբին, Պիեռ Հերբերը, Լուիս Գիյուն։
: Նրանցից երկուսը վաղուց արդեն մտել էին կուսակցության մեջ եւ շատ գործունյա ու անձնվեր անդամներ էին։ Երկուսը խոսում էին ռուսերեն։ Բացի այդ, Ժեֆ Լաստը չորրորդ անգամ էր ԽՍՀՄ֊ում։ Պիեռ Հերբարը արդեն վեց ամսից ավելի ապրում էր Մոսկվայում։ Նա այնտեղ ղեկավարում էր քաղոզչական մի ամսագիր, որը լույս էր տեսնում միանգամից չորս լեզվով՝ «Միջազգային գրականությունը»֊ը․ դա նրան թույլ էր տալիս միշտ իրազեկ եւ տեղյակ լինել բոլոր մեքենայություններին։ Դրանից բացի, օժտված էր եզակի խորաթափանցությամբ։ Նա, հիրավի, շատ օգնեց ինձ իր տեղեկություններով, այսինքն՝ բացատրեց որոշ երեւույթներ, որոնք ես ինքս, անշուշտ, չէի հասկանա։ Բերեմ մի փոքրիկ օրինակ։
: Մոսկվա մեր ժամանելու հաջորդ օրը (Պիեռ Հերբարն ու ես ինքնաթիռով մեկնել էինք Փարիզից, ուր երեք օրով եկել էր Հերբարը, եւ այսպիսով, առաջ էինք անցել մեր մյուս ուղեկիցներից, որոնք տասը օր ուշ խորհրդային նավով պիտի ժամանեին Լենինգրադ) ինձ այցելեց Բուխարինը։ Այն ժամանակ նա դեռ հարգված էր։ Վերջին անգամ, երբ ներկայացել էր ինչ֊որ ժողովի, հասարակությունը նրան ընդունել էր բուռն ծափահարություններով։ Այնուհանդերձ, արդեն նկատվում էին անբարեհաճության որոշ ծածուկ նշաններ, եւ Պիեռ Հերբարն իր անսագրում նրա նշանակավոր հոդվածներից մեկը տպագրելու համար հանդիպել էր մեծ դիմադրության։ Այդ ամենը պետք էր իմանալ, իսկ ես իմացա միայն հետո։ Բուխարինը մենակ էր եկել, բայց դեռ չէր հասցրել մտնել «Մետրոպոլ» հյուրանոցում մեզ տրամադրված շքեղ համարի ընդունարանը, երբ հայտնվեց մի ինքնակոչ լրագրող եւ, խառնվելով մեր խոսակցությանը, թույլ չտվեց շարունակել։ Բուխարինն անմիջապես վեր կացավ, եւ քանի որ ես նրան ուղեկցեցի մինչեւ միջանցք, ասաց, որ հույս ունի նորից տեսնել ինձ։
: Ես նրան կրկին հանդիպեցի երեք օր հետո, Գորկու հուղարկավորության ժամանակ կամ, ավելի ճիշտ, դրա նախորդ օրը, երբ ժողովուրդը մի քանի ժամ շարունակ անցնում էր հոյակերտ եւ ծաղիկներով ծածկված դիակառքի առջեւով, որի վրա հանգչում էր Գորկու դեռ չհրկիզված դին։ Դրա հարեւանությամբ մի ավելի փոքր դահլիճում կանգնել էին մի շարք «պատասխանատուներ», այդ թվում եւ Դիմիտրովը, որին դեռ չէի ճանաչում եւ նոր էի պատրաստվում ողջունել։ Նրա մոտ կանգնած էր Բուխարինը եւ, հենց ես հեռացա Դիմիտրովից, նա բռնեց թեւս եւ թեքվեց դեպի ինձ․
: — Կարո՞ղ եմ մի ժամ հետո գալ Ձեզ մոտ՝ Մետրոպոլ։ Ուզում եմ խոսել Ձեզ հետ։
: Պիեռ Հերբարը, որն ուղեկցում էր ինձ, լսեց այդ եւ ասաց ցածրաձայն․
: — Գրազ կգամ, որ դա նրան չի հաջողվի։
: Եվ իսկապես, Կոլցովը, որը տեսել էր, թե Բուխարինն ինչպես էր մոտեցել ինձ, անմիջապես մի կողմ տարավ նրան։ Չգիտեմ, թե ինչ կարող էր ասած լինել, բայց Մոսկվայում իմ գտնվելու ընթացքում ես այլեւս չտեսա Բուխարինին։
: Առանց այդ փոքրիկ զգուշացման, ես կմնայի տարակուսանքի մեջ։ Պիտի այն վերագրեի նրա անտարբերությանն ու արհամարհանքին, մտածեի, որ, ի վերջո, երեւի Բուխարինն այնքան էլ չէր կամեցել ինձ տեսնել, բայց ոչ երբեք, որ չէր կարողացել։
: Լենինգրադից, ուր Պիեռ Հերբարն ու ես գնացել էինք դիմավորելու Գիյուին, Շիֆրենին, Լաստին ու Դաբիին, վերադարձել էինք Մոսկվա մեր հատուկ վագոնով։ Մի քանի օր անց նույն վագոնը մեզ տանում էր Օրջոնիկիձե, հետո, Կովկասով անցնելիս, երեք հարմարավետ մեքենաներ մեզ հասցրին Թիֆլիս։ Վրաստանի մայրաքաղաք ժամանեցինք երթուղով նախատեսվածից մի օր ուշ, այդ պատճառով վրացի բանաստեղծները, որոնք սիրալիրությամբ եկել էին մինչեւ իրենց երկրի լեռնային սահմանը ինձ դիմավորելու, ստիպված էին եղել քսանչորս ժամ սպասել։ Առիթից օգտվում եմ՝ ասելու, թե որքան զգացված են նրանց սիրալիր ընդունելությունից, գերազանց քաղաքավարությունից եւ հույժ բարեհաճ, հյուրընկալ վերաբերմունքից։ Եթե ինչ֊որ հրաշքով այս գիրքը հասնի նրանց, թող իմանան, որ ես, հակառակ այն ամենին, ինչ ասել են նրանց, խորապես երախտապարտ եմ։
===II===
: Թիֆլիսը, որից սկզբում շատ մեծ հիասթափություն էի ապրել, օրեցօր ավելի էր գրավում մեզ։ Այնտեղ մենք մնացինք երկու շաբաթ, իսկ հետո մեկնեցինք Կախեթ՝ զբոսանքի։ Այն հիասքանչ եւ անչափ հետաքրքիր վայր է բոլոր առումներով, բայց այնքան հարուստ տպավորություններով, որ Շիֆրենն ու Գիյուն, որոնք վարժված չէին ճանապարհորդության հոգնություններին, վերադարձին հայտարարեցին, որ արդեն բավական բան են տեսել ու զգացել եւ որ ուզում են վերադառնալ Ֆրանսիա։ Մենք ափսոսանքով բաժանվեցինք նրանցից, քանի որ նրանց ընկերակցությունը հրաշալի էր, բայց հետո հրճվեցինք, որ ստիպված չեէան տանել աճող շոգի պատճառած առավել մեծ հոգնածությունները։
: Սակայն մեր ճանապարհորդության այդ երկրորդ մասը շատ առումներով ամենաուսանելին էր։ Մեզ ավելի քիչ պարտավորված էինք զգում, ավելի ազատ էինք պատրանքներից եւ ուղղակի հաղորդակցության մեջ մտանք ժողովրդի հետ, ու միայն Թիֆլիսից հետո մեր աչքերն իսկապես բացվեցին։
: Արդեն քսան տարի է, ասում էին ոմանք, իսկ ոմանք էլ թե՝ հիսուն, որ այդքան բարձր ջերմաստիճան չէր եղել։ Բայց դա մեզ բոլորովին չէր ճնշում, եւ ոչ մի կերպ չէինք կարող կանխատեսել այն հիվանդությունը, որ երեք շաբաթ անց մեզնից պիտի խլեր Դաբիին։ Ես կամենում եմ վիճարկել, եւ մեծ վրդովմունքով, նրա հիվանդության վերաբերյալ մի շարք հորինվածքներ։ Քիչ անբարյացակամներն ասում էին, թե դա սխալ ախտորոշում էր։ Հնարավոր է, որ ԽՍՀՄ֊ում դա «քութեշ» են կոչում, եւ այդ անվան տակ հանդես են գալիս մի շարք ստրեպտոկոկային համանման վարակներ։ Դաբին չունեցավ այն սրտխառնոցները, որոնք, ըստ իս, բնորոշ են իսկական քութեշի սկզբնական շրջանին։ Փարիզ վերադառնալուց միառժամանակ անց ես մի բժշկական հանդեսում առիթ ունեցա տեսնելու հիվանդությունների վիճակագրական մի աղյուսակ եւ ապշեցի ԽՍՀՄ֊ում «քութեշի» հսկայական չափերից՝ ինչպես այլ երկրների, այնպես էլ ԽՍՀՄ֊ի այլ հիվանդությունների համեմատ։ Դա ինձ ենթադրել տվեց, որ ըստ երեւույթին ԽՍՀՄ֊ում այդ տերմինն ավելի լայն ու ընդգրկուն է, քան մեզ մոտ։ Բայց դրա հետ միասին (ինչը չի վերաբերում սխալ ախտորոշմանը, որը պատահում է եւ Փարիզում։ Ես դրա ցավալի օրինակների հետ բախվել էի Շառլ,Լուի Ֆիլիպի եւ Ժակ Ռիվիերի դեպքերում, որոնց սկզբում նշանակել էին հասարակ գրիպի բուժում եւ միայն շատ ուշ հայտնաբերել որովանային տիֆ) ես պնդում եմ, որ Դաբին շրջապատված էր ամենաանխոնջ եւ մշտական խնամքով Սեւաստոպոլի երեք լավագույն բժիշկների եւ ընկեր Բոլայի կողմից, որն այստեղ եւս ցուցաբերեց իձ անձնվիրությունը։
: Ես պիտի բողոքեմ մի համոզմունքի դեմ՝ այս անգամ կապված Դաբիի օրագրերի հետ։ Դրանք նրան պատկանող մյուս բոլոր թղթերի հետ ես ուղարկեցի նրա ընտանիքին միառժամանակ պահելուց հետո, իհարկե, թեեւ նրանց մեջ ոչ մի բան չկար, որ կարողանար անհանգստացնել գրաքննադատությանը։ Դաբին ծայրահեղ զգուշավոր էր։ Նա ինձ բազմիցս ասել էր, որ խոսելիս հույսը դնում է ինձ վրա, հույժ զգուշանալով, որ իրեն չներքաշեն այնպիսի խոսակցությունների մեջ, որոնք կարող էին խանգարել նրա հանգիստն ու աշխատանքը<ref>Ժեֆ Լաստն ու Պիեռ Հերբարը վերջերս հերթով ապրում էին նրա սենյակում, որոնց հետ նա առիթ ուներ շատ ավելի հաճախ ու մտերմիկ զրույցներ ունենալ, քան ինձ հետ։ Եվ հենց այդ պատճառով էլ նրանք բողոքեցին այն մեղադրանքի դեմ, որ ինձ ներկայացրել էր պարոն Պիեռ Սիզը (այն հետագայում շատ քաղաքավարի կերպով կրկնվել էր պարոն Ֆրիդմանի կողմից), որ իբր ես ապօրինաբար օգտագործել էի Դաբիի անունը՝ նրան ձոնելով իմ գիրքը «Ի հիշատակ այն ամենի, ինչ ես ապրել եւ մտածել էի նրա կողքին, նրա հետ»։ Հատված Պ․ Հերբարի մի հոդվածից․
: «Կկամենայի հայտնել պարոն Ֆրիդմանին, ի պատասխան նրա դիտողությանը՝ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից»֊ը Էժեն Դաբիին ձոնելու վերաբերյալ, մի խոսակցության բովանդակությունը, որը տեղի է ունեցել իմ ու նրա միջեւ Սեւաստոպոլում նրա մահից մի քանի օր առաջ։
: Նա չափազանց մտահոգված էր այն բանով, որ Ժիդը, Ֆրանսիա վերադառնալով, կհրապարակեր այն մտավախությունները, որոնցով ճանապարհորդության ընթացքում հաճախ կիսվել էր նրա հետ։ «Նա կկարողանա լսել տալ իր ձայնը,— ասում էր նա,— մարդիկ կհասկանան, որ նա խոսում է որպես ընկեր»։ Ինչպիսի կարծիք էլ որ մարդիկ ունենան այդ կարգի ձոների մասին, ոչ ոք չի կարող վիճարկել այն իրավունքը եւ նույնիսկ պարտականությունը, որ զգացել էր Ժիդը՝ մեր ընկերոջ անունը զուգորդելով ԽՍՀՄ֊ի մասին իր մտորումներին»։ (1937 թ․, հունվարի 29, «Vendredi»)։
: Եվ Ժեֆ Լաստի այս նամակը․
: «Իմ թանկագին Ֆրիդման,
: Ապշած եմ՝ Ձեր հոդվածում կարդալով հետեւյալ դիտողությունը․
: «Բայց արդյոք Դաբին, ավելի քան Ժիդը, չէ՞ր քննադատի ու լրացնի իր տպավորությունները (նա մտադիր էր երկարաձգել իր այցելությունը ԽՍՀՄ, խոսում էր այնտեղ վերադառնալու մասին)։ Ավելի լավ, քան Ժիդը, չէ՞ր ըմբռնի նրանց հոգեբանական արժեքի անկումը։ Կկամենա՞ր նա իր տպավորություններին (որոնց անբավարար լինելու մասին նա ինքն է ինձ ասել Սեւ ծովում մեր հանդիպման ժամանակ) տալ այդ հսկայական քաղաքական հնչողությունը եւ դեռ այդպիսի մի պահի։
: Այդ հարցերը կարող են տրվել եւ բավական է, որ տրվեն, եւ ես իրավունք չեմ ունենա լռության մատնել դրանք»։
: Դա, ըստ իս, այնքան էլ ճիշտ չէ։
: Արդեն Թիֆլիսում Դաբին սկսել էր բավական անհասկանալիորեն կորցնել իր հետաքրքրությունը ճանապարհորդության նկատմամբ։ Ես բազմաթիվ զրույցներ ունեցա նրա հետ, բայց երբեք նա ցանկություն չհայտնեց ավելի երկար մնալ ԽՍՀՄ֊ում կամ վերադառնալ այնտեղ։ Ընդհակառակը, Կիեւ այցելելիս նա համառորեն հակառակվում էր ճանապարհորդությունը երկարաձգելու մեր ծրագրին։ Ուզում էր անմիջապես վերադառնալ Մոսկվա, իսկ այնտեղից՝ ինքնաթիռով ուղիղ Փարիզ։ Բազմիցս ասել էր, որ ցանկանում է հանգիստ աշխատել իսպանական մի գյուղում՝ Գրեկոյի մասին իր գործը վերջացնելու համար։ ԽՍՀՄ֊ում շատ բան դուր չէր գալիս նրան, եւ մենք ցավով էինք հնդունում դա, բայց մեզնից յուրաքանչյուրի վերաբերմունքը տարբեր էր։ Դաբին այդ մասին հաճախ էր խոսում Ժիդի հետ, բայց քանի որ ինքը մարտական ոգի չուներ, խոսելիս հույսը դնում էր Ժիդի վրա։ Համարձակվում եմ ասել, որ Ժիդի գրած գիրքը հենց այն էր, ինչ Դաբին սպասում եւ պահանջում էր նրանից։
: Ժեֆ Լաստ»։</ref>։ Համարյա միայն այդ աշխատանքի մասին էր մտածում նա վերջին օրերին, այն վեպի, որի մասին ինձ շատ էր պատմել եւ որը նա մտադիր էր վերսկսել ու ամբողջությամբ վերափոխել․ հիմա, երբ ավելի լավ էր պատկերացնում, թե ինչպիսին կկամենար, որ լիներ, եւ կարծում եմ, որ նա համարյա ոչինչ չէր պահպանի այն հարյուր էջից, որ արդեն գրել էր իր մեկնելուց առաջ։
: — Կվերսկսեմ, հենց որ վերադառնամ,— անընդհատ ասում էր նա։
: Եվ այդ ներքին պահանջը նրան այնպես էր ճնշում, որ որոշել էր անմիջապես մենակ վերադառնալ, եթե մենք հարկադրված ուշանայինք, ինչպես խոսք էր եղել Օդեսայում, իսկ հետո Կիեւում, վերադարձի ճանապարհին։
: Դաբին բոլորիս նման վրդովված էր շատ բաներից, չնայած հիացմունքի արժանի բազմաթիվ երեւույթներին, այնուամենայնիվ, մեզ նման նա եւս հույս ուներ ԽՍՀՄ֊ում գտնել միայն վերջինները։ Անձամբ ելնելով ժողովրդի ծոցից եւ հոգով ու սրտով միեւնույն ժամանակ շատ քիչ էր օժտված մարտական ոգով՝ ավելի նման էր Սանչո Պանսային, քան Դոն Կիխոտին։ Նա իր իմաստության դասերն առել էր Մոնտեյնից եւ պնդում էր, որ կյանքն իր համար թանկ է ամեն իդեալից, որ ոչ մի իդեալ չարժի, որին զոհաբերես սեփական կյանքդ։ Նա շատ տագնապած էր թվում Իսպանիայի իրադարձություններից, նրա անհանգստությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ մտքով իսկ չէր անցնում, թե կարելի էր մի պահ կասկածեի տակ դնել կառավարականների կոմնակիցների հաղթանակը։ Նրան բավական չէր միայն ձգտել եւ հավատալ այդ հաղթանակին, նա մշտական պահանջ ուներ այն հաստատ համարելու։ Սակայն նա չէր խրախուսում Ժեֆ Լաստին, երբ սա կամենում էր մեկնել Իսպանիա եւ մտնել (որ, իհարկե, նա արեց ավելի ուշ) աշխարհազորայինների շարքերը։
: Մի երեկո Սեւաստոպոլում, այն օրվա նախօրյակին, որ մենք վերջին անգամ պիտի միասին անցկացնեինք․ նրան զայրացած տեսանք, նրան, որ սովորաբար այդքան հանդարտ էր։
: Ժեֆ Լաստն ընդամենն ասել էր, թե կգերադասեր, որ իր երեխաները մեռնեին, քան ընկնեին ֆաշիստական տիրապետության տակ։
: — Դա սոսկալի է, այն, ինչ ասում ես, գոռում էր Դաբին (առաջին անգամ էի լսում, որ նա այդպես բարձրացներ ձայնը), բռունցքով խփելով սեղանին, որի առջեւ մենք քիչ առաջ նախաճաշել էինք։
: — Դա հրեշավոր է, դու իրավունք չունես զոհաբերել ուրիշների կյանքը ինչ֊որ գաղափարի համար, նույնիսկ քոնն իրավունք չունես։ Կյանքն ամեն ինչից ավելի թանկ է։
: Նա ավելի երկար խոսեց՝ հանկարծակի դառնալով արտակարգ պերճախոս։ Ի դեպ, Ժեֆը՝ նույնպես, իսկ ես բավարարվում էի նրանց լսելով, հերթով համաձայնելով մեկի կամ մյուսի հետ՝ նայած թե ով էր խոսում, կամ, ավելի ճիշտ, առավել հիանում էի Ժեֆի կրքոտ խոսքով, իսկ ես համաձայնում էի Դաբիի ըմբոստ մտքի հետ։ Եվ մանավանդ մտածում էի, թե լավ էր, որ մարդկության մեջ կար եւ՛ մեկը, եւ՛ մյուսը, լավ էր, որ մեկը չափավորում էր մյուսին։
: Բայց եւ անմիջապես միջամտեցի, երբ Ժեճը, պատասխանելով Դաբիին, խոսք բացցե «վախկոտության» մասին, առակրելով, որ այդ բառը տեղին չէր եւ, որ եթե հաճախ մեծ քաջություն էր պետք կռվի գնալու համար, երբեմն էլ ոչ պակաս քաջություն է պետք նրանից հրաժարվելու համար։
: Այս գրելով, հանկարծ հիշում եմ Ժիոնոյին եւ նրա «Հնազանդության մերժումը»։ Դաբին շատ էր սիրում Ժիոնոյին եւ որոշ կողմերով նման էր նրան։ Երկուսն էլ մեծապես ունեին «ապուրի համի» զգացողությունը (միայն նրանք, ովքեր նույնպես ունեն այդ զգացոությունը, կհասկանան, թե դա ինչ է նշանակում<ref>Նրանք ստում են, նրանք բոլորը ստում են,— ասում էր մեզ X֊ը Թիֆլիսում խորհրդային ղեկավարների մասին․ նրան լսել կարող էինք միայն ես ու Հերբարը,— նրանք իրականության հետ կորցրել են ամեն կապ։ Նրանք բոլորը տեսաբաններ են՝ ամբողջովին կորած վերացարկումների մեջ,— նրա ձայնը դողում էր հուզմունքից։ Եվ վերջապես այն նախադասությունը, որին ես սկզբում ոչ մի ուշադրություն չէի դարձրել, որն ինձ ավելի ուշ հիշեցրեց Հերբարը, քանզի հրաշալի էր համարում այն եւ հաճախ էր մեջ բերում, «նրանք կորցրել են ապուրի համի զգացողությունը»։</ref>)։
: Մենք Վրաստանում հաճախ էինք խոսում Ժիոնոյի մասին, մտածելով, թե այդ վայրի ու բարեբեր երկիրը ճիշտ եւ ճիշտ ստեղվծած էր նրան դուր գալու համար․ մտածելով նաեւ, որ նա երբեմն֊երբեմն պետք է որ տառապած լիներ, այո՛, այն բոլոր տեղերում, ուր կորչում է «ապուրի համը»։
: Հարցն այն չէ, որ Դաբին կորցրել էր ճանապարհորդության նկատմամբ հետաքրքրությունը․ նա պարզապես ավելի քիչ էր օգտվում նրա ընձեռած հնարավորություններից, ավելի ու ավելի հաճախ էր քաշվում ինքն իր մեջ, ընթերցելով, գրելով կամ բանաստեղծական փորձեր<ref>«Առանձնության եւ լռության ինչպիսի ցանկություն եմ զգում իմ մեջ»,— գրում էր նա անձնական օրագրում, մահից մի քանի օր առաջ։</ref> անելով։ Նա կարդում էր «Մեռած հոգիների» թարգմանությունը, որ բերել էի ես, ու երբեմն ինձ ցույց էր տալիս մի հատված, որ գրավում էր իրեն։ Հատկապես Գոգոլի «Չորս նամակներից» մի քանի տող, որ տրված էր նրա պոեմի երկրորդ մասի սկզբում, եւ որը ես մեջ եմ բերել «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում, ու նաեւ այն մյուսները, որ ստիպում են մեզ կասկածել, թե արդյոք, ինչպես շատ հաճախ ասում են, իսկապե՞ս ոչինչ կամ համարյա ոչինչ չէր արվել ժողովրդի համար ցերերի օրոք․ համենայնդեպս ոչ այնպիսի բան, որով հնարավոր լիներ պարծենալ։
: «Մոտ հարյուր հիսուն տարի է անցել այն օրից, ինչ Պետրոս I կայսրը բաց արեց մեր աչքերը, մեզ հաղորդակցելով եվրոպական արվեստին, եւ մեզ ընձեռեց գործելու բոլոր միջոցները»։
: Այդ ժամանակից ի վեր կառավարությունը չի դադարել գործելուց․ այդ են վկայում կանոնադրությունների, հրամանագրերի, կարգադրությունների, ամբողջ հատորները, մի ողջ շարք շինություններ, հրատարակութչուններ, ամեն տեսակ դպրոցական, բարեգործական, մարդասիրական հաստատություններ, չհաշված նրանց, <i>որոնց նմանը չեք գտնի օտարերկրյա կառավարությունների հաստատությունների մեջ»։
: Եթե սա հերյուրանք է, ապա պարզ երեւում է, որ այսօր չի սկսվել։
===II — Մի ճանապարհորդական օրագրից===
: Մշտապես բարեհամբույր Կոլցովն ասես անկեղծությունների աղբյուր է դարձել։ Ես լավ գիտեմ, որ նա չի ասի այն, ինչ հարմար չի գտնում ինձ ասել, բայց նա ուզում է անել այնպես, որ ես ինձ շոյված զգամ նրա վստահությունից։ Մի տոնով, որն ասես նշանակում է՝ «ձեզնից թաքցնելու ոչինչ չունեմ», նա սկսում է․
: — Չեք կարող պատկերացնել, թե որքան տարօրինակորեն ամեն քայլափոխի նոր խնդիրներ են ծագում մեր առջեւ․ եւ մենք պետք է յուրաքանչյուրի համար նոր լուծումներ գտնենք։ Պատկերացրեք, որ հիմա լավագույն բանվորները՝ ստախանովականները, զանգվածաբար թողնում են գործարանները։
: — Ինչո՞վ եք բացատրում։
: —Օ՜հ, դա շատ պարզ է։ Նրանք այնքան բարձր աշխատավարձ են ստանում, որ ցանկության դեպքում իսկ չեն կարողանա այդքան ծախսել, քանզի շուկայում դեռ գնելու շատ քիչ բան կա։ Եվ դա էլ իր հերթին մտահոգության շատ լուրջ առարկա է մեզ համար։ Դրա շնորհիվ նրանք գումարներ են հավաքում, եւ երբ արդեն մի քանի հազար ռուբլու խնայողություն են ունենում, խմբով մեկնում են երջանիկ կյանք անցկացնելու մեր Ռիվիերայում։ Իսկ մենք չենք կարող նրանց ետ պահել։ Քանի որ նրանք լավագույն բանվորներն են, գիտեն, որ իրենց միշտ էլ ետ կվերցնեն։ Մեկ֊երկու ամիս հետո նրանք ետ են վերադառնում… Դե, երբ սպառվում են միջոցները։ Եվ մենք ստիպված ենք լինում նրանց կրկին ընդունել աշխատանքի։ Մենք չենք կարող առանց նրանց։
: — Դե երեւի ձեզ մեծ գլխացավանք է պատճախում։ Իսկ նրանք շա՞տ են։
: — Հազարներ։ Իմացեք նասւ, որ յուրաքանչյուր բանվոր վճարովի արձակուրդի իրավունք ունի։ Այդ արձակուրդը նրանց տրվում է հարմար ժամանակ եւ, բնականաբար, ոչ բոլորին միասին, որպեսզի գործարանների աշխատանքը դրանից չտուժի։ Բայց այստեղ ամեն ինչ այլ է։ Այստեղ նրանք են վճարում եւ, բնականաբար, արձակուրդ էլ վերցնում են ըստ իրենց հայեցողության, երբ կամենում են, եւ բոլորը միանգամից։
: Նա մեղմ ծիծաղում է։ Ես զսպում եմ ինձ, որ բարձր չարտասանեմ, բայց չեմ կարող չմտածել․ եթե այդ խնդիրն իսկապես լուրջ լիներ, նա այդպես չէր խոսի դրա մասին։ Բայց շուտով պարզվում է, որ դրանով ուզում է արժեքավորել Ստալինի մի ճարպիկ քայլը։ Չէ՞ որ նա է վճռել կրկին վերականգնել նորաձեւության հարցը, կրկին գործածության մեջ մտցնել կանացի արդուզարդի առակաները, հագուստները, զարդերը<ref>1936 թ․ դեկտեմբերի 31֊ի համարում «Պրավդան» հրատարակում է կոլտնեսականների նամակները հագուստի հարցերի վերաբերյալ։ Այնտեղ ասվում է․ «Մենք եւս կարող ենք շքեղ հագնվել, քանզի ճաշակ ունենք եւ հետեւում ենք նորաձեւությանը։ Ես անձամբ չեմ սիրում զանգակաձեւ կիսաշրջազգեստները եւ սավառնակ֊վերնաշապիկները։ Բայց մենք դրանք կրում ենք, քանի որ նոր նմուշներ չկան։ Մենք փող ունենք»։</ref>։
: — Դե՛, ընկերնե՛ր, խնամե՛ք ձեր տիկնանց, զարդարեք նրանց, ծախսեք նրանց համար։
: Այս վերջին ժամանակներս մեծ թվով նոր խանութներ են բացվում, եւ ԽՍՀՄ֊ում ինձ քիչ զարմանք չպատճառեց մանիկյուրի առատությունն ու բոլոր կողմերից (հիմնականում, հասկանալի է, հիասքանչ) հանդիպող կարմիր եղունգներով կանայք։
:***
: — Ամսական ինչքա՞ն եք ստանում,— հարցնում է ընկեր Հ֊ն X հյուրանոցի «Գեղեցկության սրահ» գրասենյակի հսկիչին։
: — Հարյուր հիսուն ռուբլի։
: — Բնակարան տալի՞ս են։
: — Ո՛չ, ոչ էլ սնունդ։ Սենյակի համար առնվազն քսան ռուբլի է պետք։
: — Նշանակում է՝ ձեզ մնում է հարյուր երեսուն ռուբլուց ավելի՞։ Իսկ սնունդը։
: — Օ՜հ, երկու հարյուր ռուբլուց քիչ հնարավոր չէ ծախսել դրա համար։
: — Բայց այդ դեպքում ի՞նչ եք անում։
: Տխուր ժպտալով․
: — Է՜հ, տիկին… մի կերպ հարմարվում ենք։
:***
: Ժեֆը Սեւաստոպոլում ընկերացավ մի ուսանողի հետ, որի մեջ ոչ մի արտակարգ բան չկար, բայց որը նրան հետաքրքրում էր հենց այն պատճառով, որ նման էր շատ ուրիշների։ Ժեֆը տեղեկացավ նրա ով լինելու մասին եւ պատմեց մեզ։
: X֊ը վարչակարգի ջերմ պաշտպաններից է, նա լի է հույսերով ու վստահությամբ։ Որպես առաջին կուրսի ուսանող ամսական վաթսուն ռուբլի թոշակ է ստանում։ Նա ուրիշ է՝ մտածելով, որ մյուս տարի կստանա յոթանասուն ռուբլի, իսկ երրորդ կուրսում՝ ութսուն ռուբլի։ Կարող էր ապրել ուսանողական հանրակացարանում, որտեղ հնարավոր է մեկ֊երկու ռուբլով ճաշել։ Բայց չի կամենում թողնել մորը՝ ոչ մի որակավորում չունեցող մի խոհարարուհու, որը ստանում է ամսական իննսուն ռուբլի։ Նրանք երկուսով ապրում են մի սենյակում, որի համար վճարում են ամսական տասը ռուբլի եւ ուտում են բացառապես սեւ հաց, այն էլ ոչ կուշտ (օրական չորս հարյուր գրամ)։ Բայց դա «լրիվ սնունդ» է, ասում է նա․ ոչ մի տրտունջ։ Նա դեռ հաճույքով ընկերուհուն էլ կբերեր այդ սենյակը, որտեղ արդեն երկուսով են։ Մայրն է հրավիրում այդ աղջկան եւ կուզենար, որ որդին ամուսնանար նրա հետ։ Բայց արհեստական վիժեցման դեմ ընդունված նոր օրենքը վախեցնում է նրան։
: — Մտածեք ինքներդ, մեզ համար արդեն իստ շատ դժվար է ապրել, իսկ եթե դեռ հարկ լինի պահել երեխայի… ա՜հ, գիտեմ, թե ինչ պիտի ասեք։ Բայց պահպանակներ հնարավոր չէ գտնել, կամ էլ նրանք այնքան անորակ են, որ չես կարող վստահել։ Իսկ զգուշությունների մասին մեր փոքրիկ սենյակում ավելորդ է խոսելը։
: Հետո կրկին հաղթահարում է լավատեսությունը, եւ նա ուրախ եզրակացնում է, որ իր այդչափ վատ սնունդով ավելի լավ է ձեռնպահ մնալ։
: Եթե հավատանք տեղացի մի բժշկի հավաստիացմանը, օնանիզմը ամենից շատ տարածված է ԽՍՀՄ֊ում։
:***
: Ուսումնասիրվում են նոր կառույցներ։ Ճարտարապետ X֊ն առաջարկում է բնակարանների նախագծեր։
: — Այս ի՞նչ տարածություն է։
: — Սպասուհու սենյակը։
: — Սպասուհո՞ւ, բայց ասում էիք, թե ԽՍՀՄ֊ում այլեւս սպասուհիներ չկան։
: Եվ քանի որ տեսականորեն ոչ մի սպասուհի էլ չկա, ապա դա հիանալի պատճառ է, որպեսզի նրան քնեցնեն միջանցքում, խոհանոցում կամ որեւէ այլ տեղ։
: Ինչպիսի խոստովանություն կլիներ նրա համար սենյակ նախագծելը։ Եթե, այնուհանդերձ, ԽՍՀՄ֊ում դեռ ծառաներ կան, ապա ավելի վատ նրանց համար։
: Մոսկվայում այն սպասուհիները, ովքեր իրենց ծառայություններն են առաջարկում ամսական հիսուն ռուբլով, համարյա բոլորն էլ աղքատ աղջիկներ են, որ գյուղից եկել են քաղաք՝ գործարանում կամ մի որեւէ այլ տեղ աշխատանք գտնելու հույսով։ Մինչ այդ նրանք տեղավորվում են այդպես, սպասելով, որը հերթ կանգնելու ձեւ է։ Իմ ընկեր X֊ի հարեւանի սպասուհին հղի է։ Հարեւանները նրան ընդունել են խղճահարությունից։ Այդ կինը քնում է մի այնպիսի անկյունում, ուր ոտքերը տարածելու տեղ չունի։ Ինչ վերաբերում է սննդին…
: Նա եկել էր գանգատվելու իմ ընկերների մոտ․
: — Գոնե տիկինը չգցի կերակրի մնացորդները։
: Նա դրանք վերցնում է աղբարկղից։
:***
: Աստված վկա, ես բոլորովին չեմ հավակնում պնդել, որ այդ պաշտոնական դատողությունները, ձեւավորված կարծիքի կաղապարները վերաբերում են յուրաքանչյուրին։ Որոշ անուններ, մասնավորապես Եսենինինը, արտասանվում են միայն ցածրաձայն, բայց արտասվում են, ավելի ճիշտ կլինի ասել, դեռ արտասանվում են, բայց ցածրաձայն։ Ես շատ վատ գիտեմ Եսենինի պոեզիան, բայց մի փոքրիկ դեպք, որ հիմա կպատմեմ, իմ մեջ նրան կարդալու մեծ ցանկություն առաջացրեց։ Եսենինն ինքնասպան է եղել, ինչպես Մայակովսկին։ Ասում են, թե դա սենտիմենտալ պատմություն է․ հնարավոր է։ Բայց մենք ազատ ենք ենթադրելու, որ այդ ինքնասպանությունն ունեցել է որեւէ այլ, առավել խոր պատճառ։
: Այսպես, մի երեկո Սոչիում, մի շքեղ ճաշկերույթից հետո, անկեղծություններն սկսել էին նորից աղբյուրի նման հոսել։ Գինիներն ու օղին օգնում էին դրան։ Հատկապես X֊ը խմել էր հարբեցողի նման ու սկսել էր քնարական զեղումներ անել։ Մեր ուղեկցողը փոքր ինչ անհանգստություն էր ցուցաբերում։ X֊ը կարող էր ավելորդ բաներ խոսել… Հենց նոր հայտարարել էր, թե Եսենինից բանաստեղծություն պիտի արտասաներ մեզ համար։ Ուղեկցողն անմիջապես մտավ խոսակցության մեջ․
: — Դուք լրիվ հարբած եք։ Չեք էլ հասկանում, թե ինչ եք ասում, լռե՛ք…
: Այդժամ X֊ը գիտակից եւ զուսպ, չնայած իր հարբած վիճակին, առժամանակ լռեց․ հետո օգտվելով դրանից՝ խնդրեց ուղեկցողին շնորհ անել ու գնալ՝ իր համար մի տուփ ծխախոտ բերելու։ Եվ հենց ուղեկցողը հեռացավ, X֊ը սկսեց արտասանել մի բանաստեղծություն, որը բերանից բերան էր անցնում այն պահից, ինչ մերժել էին այն հրատարակել։ Այդ բանաստեղծությունը Եսենինը գրել էր ի պատասխան մի սրբապիղթ հոդվածի։
: «Երբ դու ծառանում ես տերտերների դեմ,— ըստ էության ասում էր Եսենինը՝ դիմելով հոդվածի հեղինակին,— մենք խրախուսում ենք քեզ։ Քեզ հետ ենք, երբ ծաղրում ես երկինքն ու դժոխքը, Սուրբ Կույսին ու Տեր Աստծուն։ Բայց երբ խոսում ես Քրիստոսի մասին, զգույշ եղիր։ Մի՛ մոռանա, որ նա, ով իր կյանքը տվեց հանուն մարդկության, երկրի մեծերի հետ չէր, այլ շնորհազուրկների ու աղքաթների հետ եւ <i>Աստծո որդի</i> կոչվելով, իր մեծագույն փառքը գտնում էր, թույլ տալով, որ իրեն անվանեն <i>Մարդու որդի</i>։
: Միայն գինովությունից չէր, որ դողում էր նրա ձայնը, երբ նա արտասանում էր այս բանաստեղծությունը, եւ երբ վերջացրեց, աչքերը լցվեցին արցունքներով։ Մենք ողջ երեկոյի ընթացքում մի քանի փուչ խոսքեր էինք փոխանակել… Բայց ոչ․ այսպես ասելով՝ ես անարդար եմ X֊ի եւ նաեւ մեր նկատմամբ։ X֊ը մեզ աստիճանաբար ոգեշնչել էր, մենք զմայլվել էինք՝ լսելով Չինաստանում նրա անզուգական արկածների, գերության ու փախուստների պատությունը։ Չի կարելի ասել, թե նա գեղեցիկ էր, բայց դիմագծերում կար մի վայցի ոգի, նրա միաժամանակ խռպոտ ու ջերմ ձայնը, երբ արտասանում էր մեզ այդ բանաստեղծությունը, մի արտակարգ քաղցրություն էր ստացել, որը բոլորովին անհամատեղելի էր նրա քիչ առաջվա խոսքերի ցինիզմի ու կոպտության հետ։ Նրա մեջ ասես կային քնքշանքի թաքուն կտորներ, մի ողջ չբացահայտված գոտի, որն ինձ հանկարծ թվաց ամենաիսկականը, իսկ մնացած ամեն ինչ, ցինիզմն ու կոպտությունն իմ աչքին դարձան նրա հոգու ողջ լավագույնի մակերեսային պաշտպանական ծածկույթը։ Այդ անճիշտ տեսիլքը տեւեց միայն մի պահ։ Ուղեկցողը վերադարձավ, եւ խոսակցությունը կրկին մտավ նախկին աղմկոտ ու անիմաստ հունի մեջ։<ref>Ռուսերեն կարդացող իմ ընկերներից մի քանիսին խնդրեցի ինձ համար գտնել Եսենինի այդ բանաստեղծությունը, որն, անկասկած, շատ վատ եմ ներկայացնում․ նրանք չկարողացան գտնել․ ես ենթադրեցի, որ երեւի վերջին պաշտոնական հրատարակություններում այն տեղ չի գտել։ Դա կարելի էր ճշտել։ Բացի այդ, ինձ ասում են, որ Եսենինին վերագրվող մեծ թվով ապոկրիֆային կասկածելի գրվածքներ են շրջում։</ref>
<references/>