Changes

Մերոնք

Ավելացվել է 22 681 բայտ, 14:57, 3 Օգոստոսի 2013
Մտածեցի, թե այս կյանքում թարկարժեք ինչ եմ ունեցել։ Ու հասկացա, չորս կտոր ռաֆինադ, ճապոնական «Հայ լայթ» սիգարետներ, երկնագույն ֆուֆայկան ու այս խցանահանը...
 
 
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ==
 
Տարեցտարի նա ավելի էր նմանվում մարդու։ (Ընկերներիցդ ոչ բոլորի մասին կարող ես նույնը ասել)։ Նրա ներկայությամբ արդեն ամաչում եմ հանվել։
 
Իմ ընկեր Սեւոստյանովն ասում է․
 
― Նա ձեր ընտանիքի միակ նորմալ անդամն է․․․
 
Նրան ափիս մեջ եմ տուն բերել։ Տասներկու տարի առաջ էր։ Գլաշա անունով ֆոքստերիերի լակոտին։ Գույնը կեչու կեղեւ է հիշեցնում։ Քիթը՝ բռնցքամարտիկի փոքրիկ ձեռնքոց․․․
 
Կարճ ասած՝ Գլաշան հմայիչ էր։
 
Մինչեւ մի տարեկանը նորմալ, շարքային շուն էր։ Կծոտում էր մեր կոշիկները։ Ուտելիք էր մուրում։
 
Նրա դաստիարակությամբ գրեթե չէինք զբաղվում։ Կերակրում էինք ինչով պատահի։ Առավոտյան ու երեկոյան տասը րոպեով դուրս էինք տանում։
 
Ոչ մի «Թաթդ տուր», ոչ մի «Տաբու», ոչ մի «Ֆաս»։
 
Փոխարենը հետը զրուցում էինք։ Ես էլ, մայրս էլ, կինս էլ։ Իսկ հետո նաեւ դուստրս, երբ ինքը խոսել սովորեց․․․
 
Գլաշան տասներեք ամսական էր, երբ հայտնվեց ոմն Բոբրով։
 
Բանասիրականում միասին էինք սովորել։ Ինձ վռնդել էին, իսկ Լյոշան բարեհաջող ավարտել էր համալսարանը։
 
Միանգամայն առողջ ու նույնիսկ լկտի պատանի էր։ Սիրահետում էր աղջիկներին, կռիվներ էր սարքում, խմում էր։
 
Հետո ամուսնացավ։ Կնոջը անցնում էր Ֆիլի (անգլերեն նշանակում է զաբմիկ)։
 
Մեկ տարի աշխատեց «Ինտուրիստ»֊ում։
 
Հետո համակվեց հոռետեսությամբ։ Բոբրովը անտառապահ դարձավ Պոդպորոժյեյի շրջանում։ Բնակվեց անտառում, ինչպես Հենրի Տորոն։ Որսորդություն էր անում, սունկ պահածոյացնում, կառուցել ու լարված շահագործում էր օղի թորելու սարքը։ Երբեմն երեւում էր Լենինգրադում։ Մի օր մտավ ինձ մոտ։ Տեսավ շանն ու ասաց․
 
― Ախր սա որսի շուն է։ Իսկ դու պուդել ես դարձրել․․․ Տուր ինձ, տանեմ որսորդական տնտեսություն։ Մեկ֊երկու ամսից կվերադարձնեմ։
 
Մտածիցինք՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Թող շունը զարգացնի իր բնազդները...
 
Անցավ երկու ամիս, երեք, չորս... Բոբրովը չէր երեում։ Նամակ գրեցի։ Չպատասխանեց։
Մայրս անդադար կրկնում էր.
 
― Տխուր է առանց Գլաշայի։
 
Դուստրս մի քանի անգամ լաց եղավ։
 
Ի վերջո, կինս ասաց.
 
― Գնա շանը հետ բեր։
 
Հետս եկավ մեր բարեկամ Վալերի Գրուբինը։
 
Երեկոյան յոթին Պոդպորոժյեյում էինք։ Մինչև Ռովսկոյե կոչվող որսորդական տնտեսությունը երեսուն կիլոմետր էր։ Փոխադրամիջոց չկար։ Ճանապարհ էլ չկար, հարկավոր էր գնալ Ավիր գետի սառած հունով։
 
Չգիտեինք ինչ անենք։
 
Մի հարբեցող խորհուրդ տվեց.
 
― Երեք ռուբլով սահնակ վարձեք։
 
― Այդպես էլ արեցինք։ Երկու տղա համածայնեցին տեղ հասցնել։ Ամբողջ ճանապարհին լուռ էինք։ Ձին զգուշությամբ առաջ էր շարժվում սառույցի վրայով։ Տղաներին խոսեցնելու փորձերը ապարդյուն անցան։
 
Գրուբինը նրանցից մեկին հարցրեց.
 
― Հայրիկն ու մայրիկը կոլխոզո՞ւմ են աշխատում։
 
Տղան երկար լռեց։ Հետո բազմանշանակ ու մշուշոտ պատասխանեց.
 
― Է՛խ... Լողացին պղտոր ջրերը խորքերում...
 
Վերջապես ձին կանգ առավ։
 
― Այս բլրակի վրա էլ կլինի Ռովսկոյեն...
 
Վճարեցինք ու քայլեցինք բլրակն ի վեր։ Մթության միջից հեռվից լսվում էր.
 
― Դե-հա, անտեր, ո՞ւմ եմ ասում...
 
Արդեն բոլորովին մութ էր։ Ոչ լույս էր երևում շուրջը, ոչ ձայն լսվում։ Քայլեցինք գետի երկայնքով։ Հանկարծ Գրուբինն անհետացավ։
 
― Ո՞ւր ես։
 
Պատասխանը գետնի տակից եկավ.
 
― Այստեղ․․․ Ջրհորն ընկա։
 
Գնացի ձայնի ուղղությամբ։ Հասա մի քառակուսի սեւ անցքի։ Պառկեցի ձյան վրա ու զգուշությամբ ցած նայեցի։
 
Փոսի հատակում լույս էր առկայծում։ Գրուբինը սիգարետ էր վառում։
 
― Այստեղ խոնավ է, ― բողոքեց։
 
Հետ սողացի։ Մի երեք մետրանոց ծուռ ընտրեցի։ Մի քանի ժամի չափ կացնող քրքրեցի։ Ստացվեց ձողի պես մի բան։ Դուրս հանեցի ընկերոջս։
 
Գրուբինը շնորհակալություն հայտնեց ու ասաց․
 
― Լուցկին այստեղ թողեցի․․․
 
Ռովսկոյե հասանք արդեն առավոտյան։ Պարզվեց, լակոտները չորս կիլոմետր հեռու էինք իջեցրել մեզ․․․
 
Օ՜, Նեկրասովի գովերգած գեղջուկ երեխաներ։ Ինչպե՜ս եք փոխվել։ Այսօրվանից ու առհավետ կոչում եմ ձեզ կոլխոզի զավակներ․․․
 
Լյոշա Բոբրովը երկչոտ ժպիտը դեմքին կանգնած էր շեմին։ Նիհարած Գլաշան կլանչոցով դեպի ինձ վազեց։
 
― Սառե՞լ եք, ― հարցրեց Բոբրովը, ― Խմել ուզո՞ւմ եք․․․․
 
Որքան էլ չարացած լինի ռուս մարդը, խմել առաջարկիր՝ անմիջապես կբարիանա․․․
 
Սեղանի շուրջ Լյոշան պատմեց․
 
― Երկու անգամ եկել եմ Լենինգրադ։ Ուզում էի վերադարձնել Գլաշային՝ չկարողացա։ Կապվել եմ․․․
 
Իմացանք, որ Գլաշան մի քանի սխրանքներ է գործել։ Նախ՝ փրկել է խեղդվող շան լակոտի։ Դուրս է քաշել ջրափոսից։ Բացի դրանից՝ առաջինն է գտել արջի հետքը։ Եվ վերջապես՝ աղվես է խեղդել։
 
Ինձ համար տհաճ էր, որ Գլաշան կենդանի էակ է սպանել։ Բայց ինչ արած՝ բնազդ է․․․
 
Այստեղ հիշեցի մի հին պատմություն։ Ընկերոջս հետ ճաշում էինք «Բալթիկա» ռեստորանում։ Զրույցի բռնվեցինք մատուցողուհու հետ։ Կոնյակ հյուրասիրեցինք։ Զուտ ընկերական՝ առանց հետին մտքերի։ Իսկ նա շատ տարօրինակ պահեց իրեն։ Վաց ռուբլի ավելի հաշվեց։
 
Անկեղծ ասած, մի փոքր շփոթվեցի։ Բնականաբար, փողը չէի ափսոսում, վիրավորական էր պարզապես։ Իսկ ընկերս ասաց.
 
― Զարմանալու ի՞նչ կա։ Սոխակը որ կլկլացնում է, հո ուրախությունից չէ՞։ Այլ կերպ չի կարող... Սոխակը երգում է, մատուցողը գողանում է... Այլ կերպ պարզապես չի կարող... Բնույթն է այդպիսին, բնազդ է...
 
― Ծախիր շանը, ― ասաց Բոբրովը։
 
― Չես ամաչո՞ւմ։
 
― Ուրեմն նվիրիր։ Նրա համար այստեղ ավելի լավ է։
 
― Շան համար՝ գուցե։ Բա մե՞նք...
 
Մի քիչ էլ խմեցինք ու պառկեցինք քնելու։
 
Արթնացանք ճաշին։ Սենյակում չորս անծանոթ տղամարդ կար։
 
Լյոշան ինձ մի կողմ տարավ.
 
― Այս տղաները ՊԱԿ-ից են։ Վաղը եղջերուի որսի են գնալու։
 
― Եղջերուն ի՞նչ մեղք ունի, ― ասում եմ։ ― Մենք իրենց այլևս չե՞նք բավարարում։
 
― Նորմալ տղերք են, ― շշուկով ասաց Բոբրովը, ― աշխատանքից հետո շատ են փոխվում։
 
― Ո՞ր ուղղությամբ։
 
Օրգանները ներկայացնող տղաները կուռ տեսք ունեին։ Ինչ-որ ընդհանուր, տիպական բան կար։ Սերիական, ողորկ դեմք, կոկիկ սանրվածք, բրդե հագուստ։ Մեկը նստեց իմ կողքին։ Խոսքը հստակ էր ու հատու.
 
― Ձե՞ր շունն է... Լավ է... Անունն ի՞նչ է... Գլաֆի՞րա։ Կատակո՞ւմ եք։ Գնահատում եմ... Կտղուցը ե՞րբ է եղել։ Չգիտե՞ք։ Իսկ ո՞վ պիտի իմանա... Ականջները թարախակալո՞ւմ են։ Ո՞չ... Շատ լավ է...
 
― Եկեք ճաշելու, ― հրավիրեց Բոբրովը։
 
Ճաշեցինք անշտապ։ Օրգանի տղաները օղի հանեցին։ Զրույցը հաճախ նուրբ ու վտանգավոր բնույթ էր ստանում։
 
― Ազատությո՞ւն, ― ասում էր նրանցից մեկը։ ― Ռուս մարդուն ազատություն տվեցիր՝ առաջին հերթին զոքանչին կմորթի...
 
Հարցրի.
 
― Միշա Խեյֆիցին ինչո՞ւ նստեցրին։ Ուրիշներն արտասահմանում անգամ տպագրվում են։ Իսկ Խեյֆիցը իր գործը չի էլ հրատարակել։
 
― Եվ իզուր չի հրատարակել, ― պատասխանեց երկրորդը, ― Այդ դեպքում չէին նստեցնի։ Իսկ այսպես՝ ո՞ւմ է պետք ձեր Խեյֆիցը․․․
 
― Սախարովը միամիտ երեխայի պես է դատում, ― ասում էր երրորդը, ― նրա գաղափարները չբեր են։ Թվում է թե գրագետ են շարադրված, սակայն՝ մի մեծ վերապահությամբ։ Սախարովի առաջարկածը հնարավոր է միայն մի պայմանով։ Եթե ձերբակալվի Կենտկոմի քաղբյուրոն․․․
 
― Հարց չկա, ― ասաց Վալերի Գրուբինը։
 
― Մենք պետք է գնանք, ― ասացի, ― շնորհակալություն։
 
Հավաքեցինք իրերը։ Բոբրովը հրաժեշտ տվեց Գլաշային։ Նրա կինը՝ Ֆիլինը (իսկական անունը մոռացել եմ) նույնիսկ այձայն արտասվեց։
 
Արդեն շարժվում էինք։ Օրգանի տղաները կանգնած էին դռան մոտ։
 
― Ժամանակ ունենաք՝ եկեք մեզ մոտ, ― ասաց նրանցից մեկը, ― սքանչելի թանգարան ունենք։ Նեղ շրջանակի համար, իհարկե։ Բայց ես կդասավորեմ։ հասցեն, հեռախոսահամարը թողել եմ։
 
― Դուք էլ եկեք, ― ասացի։
 
― Միայն թե՝ օրդերով, ― ավելացրեց Գրունբինը։
 
Չեկիստը սեւեռուն նայեց ընկերոջս ու ասաց․
 
― Օրդերը խնդիր չէ․․․
 
Հրաժեշտ տվինք ու քայլեցինք գետի երկայնքով։ Գլաշան վազում էր առանց հետ նայելու։
 
― Հետաքրքիր է, ― ասում եմ, ― դրանք թանգարանում ի՞նչ կա։
 
― Սատանան գիտի, ― պատասխանեց Գրուբինը։ ― Երեւանի Բուխարինի եղունգները․․․․
 
Երկու տարուց տեղափոխվեցի Տալլին։ Գլաշային հետս տարա։ Շուտով նա հերթական սխրանքը գործեց։
 
Գործուղման էի մեկնել կղզիներ։ Այդ ընթացքում շանը ընկերներիս մոտ էի թողել։ Նրանց բնակարանում վառարան կար։ Մի օր վառում են վառարանը։ Ծխնելույզը ժամանակից շուտ են փակում։ Ամբողջ ընտանիքով պառկում֊քնում են։
 
Բնակարանը լսվում է հեղձուցիչ ծխով։ Բոլորն արդեն քնած են լինում։
 
Գլաշան, սակայն, արթնանում է ու գործում է շատ խելամիտ։
 
Մոտենում է տանտիրոջ մահճակալին ու քաշում վերմակը։ Տանտերը հողաթափը շպրտում է Գլաշայի վրա, նորից ծածկվում։ Գլաշան կրկին քաշում է վերմակը ու այս անգամ հաչում։
 
Վերջապես երկոտանիները հասկանում են, թե ինչ է կատարվում։ Բացում են դռները, դուրս վազում փողոց... Գլաշան երկար ժամանակ փսխում է։
 
Հաջորդ օրը նրա համար Կենտկոմի բուֆետից չորս հարյուր գրամ ֆիլե են բերում։ Եզակի դեպք էր։ Թերևս առաջին անգամ կուսակցական արտոնությունները հասնում են արժանավորին։
 
Տալլինում սկսեցի մտածել Գլաշայի ամուսնության մասին։ Զանգեցի ծանոթ կինոլոգի։ Մի քանի հասցե ու հեռախոս տվեց։
 
Շանս ազնվական ծագումը որոշակի բծախնդրություն էր պահանջում։ Ընտրեցի Ռեզո անունով որձի։ Վրացական անունը մարմնական զորություն ու զգացմունքների փոթորիկ էր խոստանում։ Առավել ևս, որ Ռեզոյի տիրուհին մեր հարևանությամբ գտնվող էստոնական թերթի խմբագրությունից էր՝ սիրունատես Անեչկա Պայուն։
 
Սիրո գործողությունը տեղի պիտի ունենար ձիարշավարանի հարևանությամբ ընկած ամայի տարածքում։
 
Ռեզոն հրաշալի տեսք ուներ։ Շիկամազ մկանոտ շուն էր՝ լկտի աչքերով։ Նյարդայնացած դողդողում էր ու կլանչում։
 
Անյան կարճ վերարկուով էր ու լաքե երկարաճիտ կոշիկներով։ Շանս անմիջապես սիրեց.
 
― Հրաշք է, ― բացականչեց նա, ավելացնելով սակայն. ― Շատ նիհար է...
 
Կարծես կասկած հայտնելով, թե նման հարսից հազիվ թե օգուտ լինի։
 
― Հիմա մոդայիկ է նիհար լինելը, ― ասացի։
 
Անյան իր կլորիկ հետույքի շարժումով վիճարկեց պնդումս։
 
Փոխանակեցինք փաստաթղթերը։ Գլաշայի տոհմածառը, կրկնում եմ, շատ ավելի պատկառելի էր, քան իմ ընկեր Վոլոդյա Տրուբեցկոյինը։ Ռեզոյի փաստաթղթերն էլ կարգին էին։
 
― Դե լավ, ― հոգոցով ասաց Անյան ու արձակեց շանը։ Ես էլ Գլաֆիրային բաց թողեցի։
 
Արևոտ ձմեռային օր էր։ Ձյան վրա ստվերները վարդագույն երանգ ունեին։ Ազատություն ստացած Ռեզոն գլուխը կորցրեց։
 
Հաչալով երեք մեծ շրջան կատարեց։ Գլաշան հազիվ նշմարվող հետաքրքրությամբ հետեւում էր։
 
Վազելուց հետո Ռեզոն թավալվեց ձյան մեջ։ Երեւի՝ կրքի բռնկումը մի փոքր սառեցնելու։ Կամ՝ ցուցադրելու, թե ինչ գնով է իրեն ետ պահում անխելամիտ արարքից։
 
Հետո իրեն թափ տվեց ու վազեց մեր ուղղությամբ։ Գլաշայի շուրջը։ Թվում էր, թե Ռեզոն մեր աչքի առաջ մեծանում է։ Ու ինչ֊որ բան է գռմռում ինքն իրեն։ Ինձ թվաց, թե լսեցի․
 
― Վայ, էս ի՜նչ աղջիկ է։ Չինար բոյով․․․ Լուսաբացի պես անարատ․․․ Ռեստորան կգնանք։ Խորոված կուտենք։ Խվանչկարա կխմենք․․․
 
Գլաշայի պոչիկը սեթեւեթ ցնցվեց։ Նա մի քայլ արեց դեպի Ռեզոն, դիպչելով վերջինիս ուսին։
 
Եվ այստեղ տեղի ունեցավ անսպասելին։ Ռեզոն կլանչելով փախավ։ Իսկ հետո հպվեց տիրուհու լաքած երկարաճիշտ կոշիկներին։
 
Գլաշան արհամարհանքով շրջվեց։
 
Ռեզոն դողդողում ու կլանչում էր։
 
― Դե, ի՞նչ եղավ քեզ։ Ի՞նչ եղավ, ― հանգստացնում էր նրան Անյան։ ― Քեզ տղամարդու պես պահիր։
 
Ռեզոն, սակայն, սոսկ դողում ու կլանչում էր։
 
Կրքոտ շարժուձեւով իմպոտենտ էր այդ սանձարձակ կացոն։ Այդ տեսակը բավական տարածված է հասուն տարիքի կովկասցիների շրջանում։
 
Անեչկան անհարմար էր զգում իր շան համար։ Անգամ ուզեց ինչ֊որ կերպ փոխհատուցել Ռեզոյի անհաջողությունը։ Հրաժեշտ տալիս շշնջաց․
 
― Կալյուն Մինսկ է գնալու՝ սեմինարի։ Ես քեզ կզանգեմ շաբաթվա վերջին։
 
Անյան, իրոք, զանգեց, սակայն անզուսպ Տատյանան ամենավերջին խոսքերով հայհոյեց նրան․․․
 
Երբ ինձ վռնդում էին խմբագրությունից, Անյան պատրաստակամություն էր հայտնել ֆելիետոն գրել էստոնական թերթի համար։ Արդեն վերնագիր էր հորինել՝ «Սեւ ակնոցով»։ Այն առումով, որ ես զրպարտիչ եմ ու ամեն լուսավոր բան սևացնող։
 
Կենտկոմի ծանոթ մի հրահանգչի բավական մեծ ջանքերի գնով հաջողվեց խոչընդոտել դրան։
 
Վերադառնանք, սակայն, շանս։ Երեք անգամ փորձեցի ամուսնացնել։ Երեք անգամն էլ անհաջող։
 
Երկրորդ փեսացուն մուժիկի պես ջլոտ էր ու ուժեղ։ Գավառական ֆիզկուլտուրայի ուսուցչի էր հիշեցնում։ Ինչ-որ բանով նման էր Արկադի Լվովին։
 
Որոշեց ժամանակ չվատնել սիրախաղի վրա։ Անմիջապես, ինչպես անում են, գործի անցնել։
 
Գլաշան մի լավ կծոտեց նրան։
 
Այդպես էլ հեռացավ ձեռնունայն։ Ուրախ ու բարդույթներից զերծ արարած էր...
 
Ինչո՞ւ Գլաշան մերժեց նրան...
 
Մի քիչ ռոմանտիկան, հավանաբար, բոլոր դեպքերում անհրաժեշտ է...
 
Երրորդ փեսացուն անդադար քորում էր իրեն։ Բացի այդ, հիվանդ միզապարկ ուներ։ Բուրդն էլ կեղտոտ էր ու տեղ-տեղ թափած։ Իսկ տոհմածառը, նայել էի՝ բացառիկ էր։ Ուրեմն այլասերման ծնունդ էր։ Ինչպես Վոլոդյա Տրաբեցկոյը։
 
Գլաշան նրան պարզապես բանի տեղ չդրեց։
 
Այդպես էլ կույս մնաց։ Հետո արդեն ուշ էր։ Ծանոթ կինոլոգը ասաց.
 
― Իսկ եթե չկարողանա ծննդաբերե՞լ... Մենք կարող ենք վտանգել մեր սեփական կայնքը։ Պարկեշտ մարդիկ ուրիշի կյանքը չեն վտանգում...
 
Հիմա Գլաֆիրան տասներկու տարեկան է։
 
Մենք ծանոթ ենք տասներկու տարի։
 
Տասներկու տարի մեր ընտանիքը ցնցում են պառակտումներն ու ամեն կարգի արհավիրքները։
 
Անվերջ կռվում ու բաժանվում էինք։ Ընտանիքն, ինչպես Այսում են, փլուզվում էր։ Եվ անգամ կողքից նոր ընտանիքներ էին գոյանում։ Միայն Գլաշան էր շարունակում մոտ ու հարազատ մնալ։ Եվ բոլորիս սիրում էր հավասարապես։
 
Հիմա Գլաշան քնած է ոտքերիս մոտ։ Երբեմն հազիվ լսելի տնքում է։ Գուցե երազում հայրենիքն է տեսնում։ Օրինակ, էժանագին ձկան պահածո։ Կամ Շչերբակովի նրբանցքի պուրակը․․․
 
Մի տխրիր, ամեն բան կկարգավորվի։
 
Ու ներիր, որ պոչ չունեմ։ (Սովետում ունեի, այն էլ՝ մի քանիսը)։ Ներիր, որ ունեմ կոշիկներ, ծխախոտ ու Ֆոլքների պատմվածքները։
 
Մնացած ամեն ինչով նման ենք իրար։ Հասուն տարիքի նյարդային օտարերկացիներ՝ բարդույթներով․․․ Միասին երշիկ ենք թռցնում սառնարանից․․․