Changes
Մերոնք
,Այստեղ հայտնվեց Կատյան։ Բայց դա արդեն ուրիշ թեմա է...
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ==
Մի ժամանակ նա ընդհանրապես չկար։ Թեեւ չեմ կարողանում պատկերացնել դա։ Առհասարակ, կարելի՞ է պատկերացնել այն, ինչ չի եղել։ Հետո նրան տուն բերեցինք։ Վարդագույն, անսպասելիորեն թեթեւ ժանյակավոր փաթեթեում։
Ուշագրավ է՝ Կատյայի մանկությունը ավելի վատ եմ հիշում, քան իմը։
Հիշում եմ, լուրջ հիվանդ էր։ Եթե չեմ սխալվում՝ թոքերի բորբոքում էր։ Տարան հիվանդանոց։ Մորն ու տատին ներս չէին թողնում։ Վտանգավոր իրավիճակ էր։ Չգիտեինք ինչ անել։
Ի վերջո, գլխավոր բժիշկը կանչես մեզ։ Փնթի ու նույնիսկ խմած մարդ էր։ Ասաց․
― Ձեր մորն ու կնոջը մենակ չթողեք։ Նրանց կողքին եղեք․․․
― Ի՞նչ եք ուզում դրանով ասել․․․
― Հնարավոր ամեն բան կանենք, ― ասաց բժիշկը։
― Կնոջս ներս թողեք։
― Չի կարելի, ― ասաց նա։
Ահավոր օրեր էին։ Անցնում էի հեռախոսի մոտ։ Թվում էր, թե դժբախտության հիմնական մեղավորը այդ սեւ ապարատն էր։ Անըդհատ զանգում էին օտար, ուրախ մարդկիկ։ Մայրս հաճախ դուրս է գալիս աստիճանահարթակ՝ լացելու։
Մի անգամ աստիճաններով բարձրանալիս է լինում մորս հին ծանոթներից մեկը։ Դերասան Մերկուրեւը։ Ժամանակին միասին աշխատել էին։ Մայրս պատմում է մեր դարդերը։ Մերկուրեւը գրպանները փորփրում, երկու կոպեկանոց է գտնում։ Ավտոմատից զանգում է․
― Մերկուրեւն է խոսում։ Նորկային թույլ տվեք մտնել հիվանդանոց․․․
Անմիջապես թույլ տվեցին։ Իսկ հետո կնոջս էլ թույլատրեցին հերթապահել գիշերները։ Այնպես որ խորհրդային պետության դեմ պայքարելու միասկ զենքը անհեթեթությունն է․․․
Մի խոսքով, դուստրս մեծանում էր։ Գնում էր մանկապարտեզ։ Երբեմն ես էի տուն բերում։ Հիշում եմ սպիտակ փայտե նստարանը։ Եվ մանկական հագուստի կույտը․ մեծահասկաների հագուստի կտորներն այդքան շատ չեն․․․ Հիշում եմ փոքրիկ կոշիկի հետեւի ծալված մասը․․․
Հետո քայլում էինք փողոցով։ Հիշողությանս մեջ մնացել է ափումս փոքրիկ, շարժուն ափի զգացողությունը։ Անգամ ձեռնոցի միջից զգամ էր իր ջերմությունը։
Ինձ ապշեցնում էր իր անօգնականությունը։ Իր խոցելիությունը տրանսպորտի, քամու հանդեպ... Իր կախվածությունը իմ որոշումներից, գործողություններից, խոսքերից...
Մտածում էի դեռ քանի՞ տարի է այսպես շարունակվելու։ Ու ինքս ինձ պատասխանում՝ մինչև վերջ...
Հիշում եմ մի զրույց գնացքում։ Պատահական ուղեկիցս այսում էր.
«... Տղա էի ուզում։ Սկզբում տխրեցի։ Հետո տեսա, որ աղջիկն էլ ոչինչ։ Եթե տղա ունենայի՝ հանձնվելու էի։ Դատելու էի այսպես, ինքս կյանքում քիչ բանի եմ հասել։ Որդիս ավելիին կհասնի։ Ես կփոխանցեմ նրան իմ անհաջողությունների փորձը։ Նա կդառնա առնական ու նպատակամղված տղամարդ։ Ու ես կապրեմ որդուս մեջ։ Այսինքն՝ կմեռնեմ...
Դստեր դեպքում միանգամայն այլ է։ Ես նրան պետք եմ ու պետք եմ լինելու մինչև վերջ։ Նա թույլ չի տա, որ մոռանամ իրեն»...
Դուստրս մեծանում էր։ Արդեն երևում էր աթոռի հետևից։
Հիշում եմ, մանկապարտեզից վերադարձավ։ Առանց հանվելու, հարցրեց.
― Դու Բրեժնևին սիրո՞ւմ ես։
Մինչ այդ նրա դաստիարակությամբ չէի զբաղվել։ Ընկալում էի նրան որպես թանկարժեք անշունչ առարկա։ Եվ ահա՝ ինչ-որ բաներ պիտի ասեի, բացատրեի...
Ես ասացի.
― Սիրել կարելի է նրանց, ում լավ ճանաչում ես։ Օրինակ՝ մայրիկին, տատիկին։ Ծայրահեղ դեպքում՝ ինձ։ Բրեժնևին մենք չենք ճանաչում, թեև դիմանկարները հաճախ ենք տեսնում։ Հնարավոր է, որ լավ մարդ է։ Հնարավոր է՝ ոչ։ Ինչպե՞ս կարելի է սիրել անծանոթ մարդուն...
― Իսկ մեր դաստիարակները նրան սիրում են, ― ասաց դուստրս։
― Երևի ավելի լավ են ճանաչում։
― Ոչ, ― ասաց Կատյան։ ― Որովհետև նրանք դաստիարակներ են, իսկ դու ընդամենը սովորական հայրիկ...
Հետո սկսեց շատ արագ մեծանալ։ Դժվար հարցեր էր տալիս։ Թերևս հասկացել էր, որ ձախողակ եմ։ Երբեմն հարցնում էր.
― Ինչո՞ւ քո պատմվածքները չեն տպում։
― Չեն ուզում։
― Իսկ դու շան մասին պատմվածք գրիր։
Աղջկաս երեւի թվում էր, որ շան մասին հանճարեց կգրեմ։
Այդ ժամանակ հեքիաթ հորինեցի․
«Լինում է, չի լինում մի նկարիչ է լինում։ Կանչում է նրան թագավորն ու ասում․
― Ինձ համար մի նկար նկարիր։ Եթե հավանեմ, քաշովդ մեկ ոսկի կտամ։
― Իսկ ի՞նչ նկարեմ, ― հարցնում է նկարիչը։
― Ինչ ուզում ես, ― ասում է թագավորը, ― բացի գործ բզեզից։
― Մնացած ամեն ինչ կարելի՞ է, ― ապշում է նկարիչը։
― Իհարկե։ Ամեն ինչ, բացի գործ բզեզից։
Նկարիչը գնում է տուն։
Մեկ տարի է անցնում։ Երկու տարի։ Երեք տարի։ Թագավորն անհանգստանում է։ Հրամայում է գտնել ու իր մոտ բերել նկարչին։
― Ի՞նչ եղավ խոստացածդ նկարը, ― հարցնում է։
Նկարիչը լուռ խոնարհում է գլուխը։
― Պատասխանիր, ― հրամայում է թագավորը։
― Չեմ կարողանում նկարել։
― Ինչո՞ւ։
Երկար լռությունից հետո նկարիչն ասում է․
― Մտածում եմ միայն գորշ բզեզի մասին»․․․
― Հասկացա՞ր, թե ինչու պատմեցի։
― Այո։
― Ի՞նչ հասկացար։
― Երեւի նրան լավ չէր ճանաչում։
― Ո՞ւմ։
― Բզեզին։
Հետո մեր դուստրը դպրոցական դարձավ։ Բավական լավ էր սովորում։ Թեեւ վառ ունակություններ չէր դրսեւորում։
Սկզբում տխրեցի։ Իսկ հետո հանգստացա։ Տաղանդավոր մարդկանց կյանքը դժբախտությունների անվերջ շարան է․․․
Կատյայի կյանքն ընթանում էր առանց շոշափելի դրամաների։ Դպրոցում նրան չէին նեղացնում։ Ես նրա տարիքում շատ ավելի ամոթխած էի։ Նա, այնուամենայնիվ, ե՛ւ մայր ուներ, ե՛ւ հայր։ Դեռ՝ տատիկ ու շուն էլ։
Ինձ դուստրս լավ էր վերաբերում։ Մի քիչ կարեկցանք, մի քիչ քամահրանք։ (Ես, ախր, էլեկտրականությունից ոչինչ չէի հասկանում։ Նաև՝ քիչ էի վաստակում...)։
Լենինգրադի բոլոր դպրոցականների պես նա բավական զարգացած էր։ Գիտեր իշխանությունների հանդեպ վերաբերմունքիս մասին։ Եթե հեռուստատեսությամբ Բրեժնևի ելույթն էին հաղորդում, Կատյան ուշադրությամբ նայում էր ինձ...
Ինձ ասում էր.
― Ինչո՞ւ չես հագնվում։
Երևի ֆիզիկապես տհաճ էի իրեն։ Գուցե այդպես էլ պետք է լինի։ Երեխաներին բնորոշ է նման հակակրանքը։ (Ծնողներին՝ երբեք)։ Բնավորությունը սկսեց վատանալ։ Նրան կակտուս նվիրեցի։ Այսպիսի բանաստեղծություն գրեցի.
Որքան է մեր դստրիկը
Հիշեցնում այս ծաղիկը.
«Սիրեմ թե չսիրեմ,
Միևնույն է կծակեմ»...
Յոթանասունութ թվականին արտագաղթեցինք։ Նախ մեկնեցին կինս ու դուստրս։ Դա ապահարզան էր։ Թեև պաշտոնապես բաժանվել էինք դեռ մի քանի տարի առաջ։ Բաժանվել, բայց շարունակում էինք տանջել միմյանց։ Ու վերջը չէր երևում։
Կատյան նրա հետ մեկնեց։ Ու դա բնական էր։ Իսկ ես մնացի մորս ու Գլաշայի հետ։
Ես չէի ուզում մեկնել։ Ավելի ճիշտ՝ գիտեի, որ դեռ վաղ է։ Հարկավոր էր նախապատրաստել ձեռագրերս։ Սպառել ինչ-որ հնարավորություններ։ Կամ գուցե՝ հասնել վերջին կետին։ Այն շեմին, որից այն կողմ խելագարությունն է։
Ու մնացի։ Մայրս հետս մնաց։ Դա նույնպես բնական էր։
Կնոջս ու դստերս մեկնելուց հետո իրադարձությունները արագացված զարգացում ունեցան։ Ինչպես շնչակտուր վերջին էջերը գրող սկսնակ հեղինակի վեպում։
Ինձ ամեն տեղից վռնդել էին։ Զրկել էին վաստակելու վերջին հնարավորություններից։ Ավելի ու ավելի շատ էի խմում։
Հետո՝ անհասկալի ծեծերը միլիցիայամ։ (Դրանք մետաֆիզիկապես կընկալեի, եթե երկու անգամ կրկնված չլինեին։) Մեկ շաբաթ Կալյաևյան բանտում։ Եվ վերջապես՝ ՕՎԻՌ, մաքսատուն, վիեննական նրբերշիկ...
Չորրորդ տարին է ապրում եմ Ամերիկայում։ Կրկին միասին ենք։ Թեեւ պաշտոնապես դեռ բաժանված ենք։
Դստերս հետ հարաբերությունները նույնն են։ Ինչպես եւ նախկինում, զուրկ եմ այն ամենից, ինչն ընդունակ է նրան նվաճել։
Ամերիկյան երգիչ հազիվ թե դառնամ։ Կամ կինոդերասան։ Կամ թմրավաճառ։ Հազիվ թե այնքան հարստանամ, որ կարողանամ ապահովել նրա անհոգ կյանքը։
Բացի դրանից, մեքենա առաջվա պես չեմ վարում։ Ռոք երաժշտությամբ չեմ հետաքրքրվում։ Իսկ ամենակարեւորը՝ անգլերեն վատ եմ խոսում։
Վերջերս Կատյան ասաց․․․ Ավելի ճիշտ՝ արտաբերեց․․․ Չեմ կարողանում ճշգրիտ ձեւակերպել․․․ Մի խոսքով լսեցի․
― Քեզ, ահա, սկսել են տպագրել։ Իսկ ի՞նչ է փոխվել։
― Ոչինչ, ասացի, ― ոչինչ․․․
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ․ ՎԵՐՋԱԲԱՆ==
Ձեր առջև ընտանիքիս պատմությունն է։ Հուսով եմ՝ նման է բազմաթիվ այլ ընտանիքների պատմություններին։ Մնացել է ավելացնել սոսկ մի քանի բառ։ 1981 թվականի դեկտեմբերի 23-ին Նյու Յորքում ծնվեց որդիս։ Նա ամերիկացի է, Միացյալ Նահանգների քաղաքացի։ Անունը, պատկերացրեք, միստեր Նիկոլաս Դուոլի է։
Ահա թե ինչի հասավ իմ ընտանիքն ու մեր հայրենիքը։
[[Կատեգորիա:Արձակ]]