Changes
/* Գլուխ երկրորդ */
Եվ ահա երազում տեսնում եք, որ մի փիղ հանկարծ նստեց ձեզ վրա և, որ հրաբուխ է ժայթքել ու շպրտել ձեզ ծովի հատակը, իսկ փիղը դեռ հանգիստ նստած է ձեր կրծքին։ Դուք արթնանում եք և համոզվում, որ իսկապես ինչ-որ սարսափելի բան է կատարվում։ Առաջին տպավորությունն այն է, որ աշխարհի վերջն է եկել, իսկ հետո մտածում եք՝ քանի որ դա անհնար է, ուրեմն գողեր ու ավազակներ են հարձակվել, կամ գուցե հրդեհ է սկսվել և ձեր կարծիքն արտահայտում եք սովորական եղանակով։ Սակայն ոչ ոք օգնության չի հասնում և թվում է, թե հազարավոր մարդիկ ձեզ ոտքերով տրորում են ու խեղդում։
Կարծես մեկ ուրիշին էլ է դժբախտություն պատահել։ Դուք լսում եք նրա աղիողորմ կանչերը ձեր անկողնու տակից։ Որոշելով, ինչ էլ լինի, կռվել մինչև վեռջին վերջին շունչը, դուք պայքարում եք խելագարի պես, աջ ու ձախ հարվածելով ոտքերով ու ձեռքերով և միաժամանակ վայնասուն բարձրացնելով։ Վերջապես ինչ-որ բան տեղի է տալիս, և դուք հայտնվում եք մաքուր օդում։ Երկու ոտնաչափ այն կողմ աղոտ նշմարում եք մի կիսահագնված սրիկայի,որը ուր որ է կսպանի ձեզ, և պատրաստվում եք կենաց մահու կռիվ մղել նրա հետ, երբ հանկարծ պարզվում է, որ դա Ջիմն է։
― Ախ, այդ դու՞ ես, ― ասում է նա, նույն պահին ճանաչելով ձեզ։