Changes
/* Մաս առաջին */
==Մաս առաջին==
Պատանուն Սանտյագո էին կոչում։ Արդեն սկսել էր մթնել, երբ նա իր ոչխարները քշեց դեպի լքված եկեղեցին, որի գմբեթը վաղուց էր նստել ու դարձել ավերակ, իսկ այնտեղ, ուր մի ժամանակ խորանն էր, աճել էր մի հսկա ժանտախոտ։
Այստեղ էլ որոշեց գիշերել Սանտյագոն։ Ոչխարներին խարխլված դռնով ներս քշեց և տախտակի կտորներով ծածկեց դուռը, որպեսզի ոչխարները դուրս չգան։ Տարածքում գայլեր չկային, բայց մի անգամ գիշերը ոչխարներից մեկը փախել էր և նա ստիպված էր եղել ամբողջ օրը վատնել մոլորված կենդանուն գտնելու համար։
Սանտյագոն հատակին փռեց թիկնոցը, գլխի տակ դրեց գիրքը, որը վերջերս էր կարդացել վերջացրել և պառկեց։ Իսկ քնելուց առաջ մտածեց. եթե ավելի հաստ գիրք վերցրած լիներ՝ երկար կկարդացվեր և որպես բարձ ավելի հարմարավետ կլիներ։ Նա զարթնեց, երբ դեռևս մութ էր, և նրա գլխավերևում, կիսավեր ծածկի ճեղքերից փայլում էին աստղերը։
«Էլի կքնեի»,— մտածեց Սանտյագոն։
Տեսավ նույն երազը, ինչ նախորդ շաբաթ և արթնացավ, կրկին չհասցնելով տեսնել մինչև վերջ։
Նա վեր կացավ, մի կում գինի խմեց։ Առավ մահակը և սկսեց հրել քնած ոչխարներին։ Սակայն նրանց մեծ մասը զարթնել էր հենց այն վայրկյանին, երբ նա բացել էր աչքերը, կարծես ինչ-որ խորհրդավոր կապ կար նրա և ոչխարների միջև, որոնց հետ արդեն երկու տարի տեղից տեղ էր թափառում կերակուրի և ջրի որոնումներով։ «Այնպես են վարժվել, որ յուրացրել են իմ բոլոր սովորույթները,— փնթփնթաց նա,— նույնիսկ իմ օրակարգը գիտեն»։
Այդ մասին մի քիչ մտածելուց հետո հասկացավ, որ գուցե ամեն ինչ հակառակն է՝ այդ ինքն է նրանց սովորույթները յուրացրել և վարժվել ապրել ոչխարային օրակարգով։
Սակայն մի քանի ոչխար չէին շտապում վեր կենալ, որքան էլ Սանտյագոն անունները մեկ առ մեկ տալով՝ մահակի ծայրով հրում էր նրանց։ Ընդհանրապես համոզված էր, որ ոչխարները փայլուն հասկանում են այն ամենը, ինչ ինքն ասում է նրանց, և այդ պատճառով էլ երբեմն գրքերից ոչխարների համար բարձրաձայն կարդում էր իրեն դուր եկած մասերը, կամ պատմում էր, թե ինչպես միայնակ է հովիվը, որքան քիչ ուրախություն կա նրա կյանքում, կամ ոչխարներին էր փոխանցում այն նորությունները, որոնք լսել էր իր անցած քաղաքներում ու գյուղերում։
Բայց պատանին վերջին ժամանակները խոսում էր միայն մի բանի մասին. քաղաքում ապրող վաճառականի աղջկա մասին, որի մոտ պետք է գնար չորս օր անց։ Պատանին նրան մի անգամ էր տեսել՝ անցյալ տարի։ Մահուդի և բրդի վաճառական կրպակատերը սիրում էր, որ ոչխարները խուզեն հենց իր աչքի առաջ, առանց խաբկանքի։ Բարեկամներից մեկը Սանտյագոյին ցույց էր տվել այդ կրպակի տեղը, ինքը իր ոչխարներին քշել էր այնտեղ։
«Ուզում եմ բուրդ ծախել»,— այն ժամանակ ասել էր կրպակատիրոջը։
Կրպակի մոտ հերթ էր, և տերը հովվին խնդրեց սպասել մինչև ճաշ։ Սանտյագոն համաձայնեց, նստեց մայթին և մախաղից հանեց գիրքը։
— Ա՜յ քեզ բան, չգիտեի, որ հովիվները գիրք են կարդում,— հանկարծ կողքին լսվեց մի կանացի ճայն։
Գլուխը բարձրացնելով՝ նա տեսավ մի աղջկա՝ տեսքից մի իսկական անդալուզուհի. վարսերը՝ երկար, սև, հարթ, իսկ աչքերը այնպիսին, ինչպիսին մի ժամանակ Իսպանիան նվաճած մավրերի աչքերն էին։
— Չեն կարդում, քանի որ ոչխարներն ավելի շատ բան են սովորեցնում, քան գրքերը,— պատասխանեց Սանտյագոն։
Այսպես խոսքը խոսք բերեց ու նրանք զրույցի բռնվեցին, և զրույցը տևեց ավելի քան երկու ժամ։ Աղջիկը պատմեց, որ կրպակատիրոջ դուստրն է, որ կյանքը ձանձրալի է, և անցնող օրերը ջրի երկու կաթիլի պես նման են իրար։ Իսկ Սանտյագոն նրան պատմեց Անդալուզիայի դաշտերի մասին, պատմեց, ինչ լսել ու տեսել էր ճանապարհին հանդիպած մեծ քաղաքներում։ Նա ուրախ էր զրուցակից ունենալու համար, ոչխարների հետ ամեն բան չես խոսի։
— Իսկ կարդալ որտե՞ղ ես սովորել,— հարցրեց աղջիկը։
— Որտեղ բոլորը՝ այնտեղ էլ ես,— պատասխանեց տղան,— դպրոցում։
— Իսկ գրագետ լինելով ինչո՞ւ ես հովվություն անում։
Պատասխանելու փոխարեն Սանտյագոն ուրիշ բանից խոսեց. վստահ էր, որ, միևնույն է, աղջիկն իրեն չի հասկանա։ Նա աղջկան պատմեց իր թափառումների մասին, և վերջինիս մավրիտանական աչքերը մերթ չռվում, մերթ կկոցվում էին զարմանքից։
Ժամանակը հոսում էր աննկատ, և Սանտյագոն ուզում էր այդ օրը երբեք չավարտվի, որպեսզի կրպակատիրոջը պաշարեն գնորդները և խուզին սպասելը տևի երեք օր։ Նախկինում երբեք այդպիսի բան չէր զգացել, ինչ այդ րոպեներին, նա ուզում էր այդտեղ մնալ ընդմիշտ։ Այդ սևահեր աղջկա հետ օրերը ջրի երկու կաթիլի պես նման չէին լինի իրար։
Բայց այդ պահին կրպակից դուրս ելավ նրա հայրը և հոտից չորս ոչխար ընտրեց խուզի համար։ Հետո վճարեց որքան հարկն է ու ասաց.
— Արի մի տարի հետո։
Եվ ահա մինչև նշանակված ժամկետը մնացել էր ընդամենը չորս օր։ Պատանին ցնծում էր առաջիկա հանդիպման համար և միաժամանակ՝ տագնապում, իսկ եթե հանկարծ աղջիկն իրեն մոռացած լինի՞։ Չէ՞ որ շատ հովիվներ են իրենց ոչխարը տանում նրանց բնակավայրով։
— Թող մոռանա,— ասաց նա իր ոչխարներին,— մե՞ծ բան։ Ուրիշ քաղաքներում աղջիկ կգտնենք։
Բայց սրտի խորքում գիտեր, որ իրականում սրտատրոփ սպասում է այդ մեծ հանդիպմանը։ Ե՛վ հովիվների, և՛ նավաստիների, և՛ շրջիկ առևտրականների համար կա մի նվիրական քաղաք, որտեղ ապրում է նա, որի համար կարելի է զոհաբերել աշխարհեաշխարհ ազատ թափառելու հրճվանքը։
Օրն սկսել էր լուսանալ, և Սանտյագոն ոչխարները քշեց այն ուղղությամբ, որտեղից բարձրանում էր արևը։
«Ոչխարների համար հեշտ է,— մտածեց նա,— որոշելու բան չունեն։ Գուցե այդ պատճառով էլ ինձ են սեղմվում»։
Նրանց ընդհանրապես ոչինչ պետք չէ՝ միայն թե ջուր լինի և դեմները՝ խոտ։ Իսկ քանի դեռ Անդալուզիայի ամենալավ արոտավայրերի տեղն ինքը գիտի, ոչխարները նրա բարեկամները կլինեն։ Թեկուզ օրերն իրարից չտարբերվեն, թեկուզ ժամանակը արևածագից մինչև մայրամուտ ձգվի անվերջ, թեկուզ իրենց կարճ կյանքի ընթացքում ոչ մի գիրք կարդացած չլինեն և չիմանան մարդկանց լեզուն, որով նրանք քաղաքներում և գյուղերում իրար են փոխանցում նորությունները։ Միայն թե խոտ ու ջուր լինի՝ նրանք երջանիկ կլինեն։ Իսկ դրա դիմաց նրանք շռայլորեն մարդուն են տալիս իրենց բուրդը, իրենց ընկերակցությունը և, ժամանակ առ ժամանակ, իրենց միսը։
«Եթե ես մի հրեշ դառնայի և նրանց սպանեի մեկը մյուսի ետևից, նրանք այդ բանը գլխի կընկնեին միայն այն ժամանակ, երբ ես ոչնչացրած կլինեի հոտի կեսից ավելին,— մտածեց Սանտյագոն։— Նրանք ինձ ավելի շատ են վստահում, քան սեփական բնազդին և միայն այն պատճառով, որ ես նրանց քշում եմ այնտեղ, որտեղ կերակուր կա»։ Նա ինքն էլ էր զարմացել, թե այսօր ինչ մտքեր են լցվում գլուխը։ Գուցե եկեղեցին, իր ներսում աճած ժանտախոտով, լի էր չարագուշակ ուժերով։ Սկզբում նրանք ստիպեցին, որ տեսնի այն երազը, որն արդեն մեկ անգամ տեսել էր, իսկ հիմա, ահա, չարությամբ են լցրել իր հավատարիմ ուղեկիցների նկատմամբ։ Նա կում արեց ընթրիքից մնացած գինուց և պինդ կոճկեց թիկնոցը։ Գիտեր, որ ընդամենը մի քանի ժամ հետո, երբ արևը զենիթին հասնի, այնպիսի շոգ է սկսվելու, որ անհնար կլինի ոչխարը քշել տափաստանով։ Այդ ժամին ամբողջ Իսպանիան քնում է։ Տապն հանդարտվում է միայն երեկոյան դեմ, իսկ մինչ այդ ստիպված է լինելու ուսերին գցած քարշ տալ ծանր թիկնոցը։ Բայց ի՜նչ կարող ես անել, հենց դա՛ է փրկում լուսաբացին տիրող ցրտից։
«Պետք է պատրաստ լինել եղանակի բոլոր անակնկալներին»,— մտածեց Սանտյագոն՝ թիկնոցի նկատմամբ խանդաղատանքով, որ այդքան ծանր էր ու տաք։ Իսկ ընդհանրապես նա էլ իր առաքելությունն ունի, ինչպես Սանտյագոն՝ իր։
Իր կյանքի առաքելությունը ճամփորդությունն է, և Անդալուզիայի դաշտերով ու սարահարթերով երկու տարվա թափառումների ընթացքում ինքը եղել է նրա բոլոր քաղաքներում և բնակավայրերում։ Սանտյագոն մտադիր էր մահուդագործի աղջկան այս անգամ բացատրել, թե ինչպես է եղել, որ հասարակ հովիվը գրագետ է։
Իսկ հարցն այն է, որ մինչև տասնվեցը լրանալը ինքը սովորել էր ճեմարանում։ Ծնողները երազում էին, որ նա հոգևորական դառնա, դառնա հասարակ գեղջկական ընտանիքի պարծանքը։ Նրանք դժվար էին ապրում, աշխատում էին լոկ սնվելու համար՝ ոչխարների նման։
Ճեմարանում Սանտյագոն սովորեց լատիներեն, իսպաներեն և աստվածաբանություն։ Սակայն մանկուց մեջը հասունացող աշխարհընկալման ձգտումը հաղթեց Աստծո ճանաչման կամ մարդկային մեղքերի մանրամասն իմացության ցանկությանը։ Եվ մի անգամ, համարձակություն հավաքելով, ծնողներին ասաց, որ չի ուզում հոգևորական լինել, ուզում է ճանապարհորդել։
—Տղա՛ս,— ի պատասխան ասաց հայրը,— մեր գյուղում ով ասես եղել է։ Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ այստեղ են գալիս ինչ֊որ նոր բան իմանալու, բայց գնում են՝ մնալով այնպիսին, ինչպիսին եղել են։ Նրանք սար են բարձրանում, որ տեսնեն ամրոցը և կարծում են, թե անցյալը լավ է ներկայից։ Նրանք շեկ մազեր ունեն կամ մուգ գույնի մաշկ, բայց ոչնչով չեն տարբերվում մեր համագյուղացիներից։
— Բայց չէ՞ որ ես չգիտեմ, թե ինչ ամրոցներ կան այն երկրներում, որտեղից նրանք են գալիս,— հակաճառեց Սանտյագոն։
— Երբ այդ մարդիկ տեսնում են մեր հողն ու մեր կանանց, ասում են, թե կուզենային իրենց ամբողջ կյանքն ապրել այստեղ,— շարունակեց հայրը։
— Իսկ ես ուզում եմ ուրիշ հողեր տեսնել, տեսնել ուրիշ կանայք։ Չէ՞ որ այդ մարդկանցից ոչ մեկը չի մնում մեզ մոտ։
— Ճամփորդության համար մեծ փողեր են պետք։ Իսկ մերոնցից մի տեղ չեն նստում միայն հովիվները։
— Ի՜նչ արած, ուրեմն հոտաղ կդառնամ,— ասաց Սանտյագոն։
Հայրը ոչինչ չասաց, իսկ առավոտյան նրան մի քսակ տվեց, մեջը՝ իսպանական երեք հին ոսկի.
— Մի անգամ դաշտում եմ գտել։ Քո անունից եկեղեցուն պիտի տայի որպես նվիրատվություն։ Քեզ համար ոչխար գնիր և գնա թափառելու աշխարհեաշխարհ, մինչև համոզվես, որ մեր ամրոցը ամենագլխավորն է, իսկ մեր կանանցից սիրուն կին չկա ոչ մի տեղ։
Եվ երբ նա օրհնեց որդուն, սա նրա աչքերում կարդաց ճամփորդելու նույն անզուսպ կարոտը։ Մի կարոտ, որը դեռ կենդանի էր, չնայած տասնամյակներ շարունակ փորձել էր թաղել հաց ու ջուր վաստակելու, մշտական կտուր ունենալու հոգսերի տակ։
==Մաս երկրորդ==