Changes

Դժվար է աստված լինել

Ավելացվել է 125 762 բայտ, 21:56, 3 Սեպտեմբերի 2013
/* Գլուխ յոթերորդ */
Կիրան նայում էր նրա հետևից, ու Ռումատան հաստատ գիտեր, թե աղջիկն ինչ է մտածում։ Կիրան մտածում է․ «Ես չգիտեմ, գուցե դու սատանա ես կամ աստծո որդի, կամ էլ անդրծովյան հեքիաթային երկրներից եկած մարդ, բայց եթե դու չվերադառնաս՝ ես կմեռնեմ»։ Եվ որովհետև աղջիկը չէր խոսում, Ռումատան անասելիորեն երախտապարտ էր նրան, քանզի իր համար էլ չափազանց դժվար էր գնալը, ասես զմրուխտյա արևաշող ափից գլխիվայր նետվում էր գարշահոտ ճահիճը։
 
 
==Գլուխ ութերորդդ==
 
 
Ռումատան Արկանարի եպիսկոսպոսի գրասենյակն էր գնում բակերով ու խուլ փողոցներով։ Նա գաղտագողի մտնում էր քաղաքացիների նեղլիկ բակերը, խճճվելով պարաններից կախված լվացքի մեջ, սողալով դուրս էր գալիս ցանկապատերի արանքում եղած անցքերով, ժանգոտ մեխերի վրա թողնելով իր շքեղ ժապավենների ու սոանյան թանկարժեք ժանյակների ծվենները, չորեքթաթ վազում էր կարտոֆիլի մարգերի միջով։ Այնուամենայնիվ, նրան չհաջովեց սպրդել սև զինվորների աչքից։ Դուրս գալով աղբանոց տանող ծուռումուռ, նեղ փողոցը, նա դեմ առ դեմ հայտնվեց երկու խոժոռ ու հարբած վանականների։
 
Ռումատան փորձեց շրջանցել նրանց, սակայն վանականները մերկացրին սրերն ու փակեցին նրա ճանապարհը։ Ռումատան ձեռքն առավ թրերը, և վանականները, տեսնելով այդ, երեք մատները մտցրին բերաններն ու սուլեցին՝օգնության կանչելով։ Ռումատան սկսեց հետ֊հետ գնալ դեպի այն անցքը, որտեղից հենց նոր դուրս էր եկել, բայց հանկարծ նրա դեմ դուրս թռավ աննշան դեմքով մի փոքրիկ ու ճարպիկ մարդ։ Դիպչելով Ռումատայի ուսին, նա վազելով մոտեցավ վանականներին ու ինչ֊որ բան ասաց, որից հետո նրանք, վեր քաշելով փարաջաները, վազեվազ փախան, անհտանալով տների հետևում։ Փոքրիկ մարդուկը, առանց շրջվելու, շտապեց նրանց հետևից։
 
Հասկանալի է, մտածեց Ռումատան։ Թիկնապահ լրտես է։ Ու նույնիսկ չի էլ թաքնվում։ Ամեն ինչ կանխատեսել էր Արկանարի եպիսկոպոսը։ Հետաքրքիր է, ինչի՞ց է նա ավելի շատ վախենում՝ ինձնի՞ց, թե ինձ համար։ Աչքերով ուղեկցելով լրտեսին, Ռումատան շրջվեց աղբանոցի կողմը։ Աղբանոցը գտնվում է նախկին Թագի պահպանության մինիստրության գրասենյակի հետևում, և պետք է, որ այստեղ պահակներ չլինեին։
 
Նրբանցքն ամայի էր։ Բայց արդեն կամացուկ ճռնչում էին պատուհանների փեղկերը, բացվում էին դռները, լաց էր լինում մի ծծկեր երեխա, և լսվում էր վախվորած շշնջյուն։ Փտաց ցանկապատի հետևից երևաց տանջված, սմքած ու մրի մեջ կորած դեմք։ Փոս ընկած աչքերը ահաբեկված նայում էին Ռումատային։
 
― Ներողամիտ եղեք, ազնվազարմ դոն, նորից ու նորից ներողամիտ եղեք։ Չի՞ասի ազնվազարմ դոնը, թե ինչ է կատարվում քաղաքում։ Ես դարբին Կիկուսն եմ՝ Կաղլիկ մականունով, պիտի դարբնոց գնամ, բայց վախենում եմ․․․
 
― Մի՛ գնա, ― խորհուրդ տվեց Ռումատան։ ― Վանականները հանաք չեն անում։ Թագավորն այլևս չկա։ Իշխում է դոն Ռեբան, Սուրբ Միաբանության եպիսկոպոսը։ Այնպես որ սուսուփուս նստի տեղդ։
 
Նրա ամեն մի բառից հետո դարբինը արագ֊արագ տմբտմբացնում էր գլուխը, ու նրա աչքերը լցվում էին անլուր հուսահատությամբ։
 
― Ուրեմն, միաբանությունը․․․ ― փնթփնթաց նա։ ― Վա՜յ, ժանտախտ․․․ Խնդրում եմ, ներեք, ազնվազարմ դոն։ Ուրեմն, միաբանությունը․․․ Դա հո գորշերը չեն, հը՞։
 
― Չէ, ― ասաց Ռումատան, հետաքրքրությամբ տնտղելով նրան։ ― Գորշերին ոնց որ կոտորել են։ Սրանք վանականներն են։
 
― Այ քեզ բա՜ն, ― ասաց դարբինը։ ― Ուրեմն, գորշերին էլ․․․ Համա միաբանություն է։ Գորշերին էլ են կոտորել, դա ոնց որ լավ է։ Բայց մեր մասին ի՞նչ կասեք, ազնվազարմ դոն։ Կհարմարվենք, հա՞։ Միաբանությանն էլ կհարմարվենք, հա՞։
 
― Ինչու՞ չէ, ― ասաց Ռումատան։ ― Միաբանությունն էլ պիտի ուտի ու խմի։ Նրան էլ կհարմարվենք։
 
Դարբինն աշխուժացավ։
 
― Ես էլ եմ կարծում, որ կհարմարվենք։ Ես կարծում եմ, կարևորը սա է․ ոչ ոքի մի՛ կպչի, ու քեզ էլ ոչ ոք չի կպչի, չէ՞։
 
Ռումատան գլուխն օրորեց․
 
― Դու ճիշտ չես, ― ասաց նա։ ― Ով չի կպչում, նրանց ավելի շատ են մորթում։
 
― Դա էլ է ճիշտ, ― հոգոց հանեց դարբինը։ ― Ախր ո՞ւր կորչես։ Տուն պահողը մենակ ես եմ, ութ երեխա իմ ձեռքն են նայում։ Վա՜խ, տեր աստված, գոնե իմ վարպետին մորթաց լինեն։ Նա գորշերի մոտ սպա էր դարձել։ Ի՞նչ եք կարծում, ազնվազարմ դոն, կարո՞ղ է նրան մորթած լինեն։ Ես հինգ ոսկի էի պարտք նրան։
 
― Չգիտեմ, ― ասաց Ռումատան։ ― Հնարավոր է, մորթած լինեն։ Դու, ավելի լավ է, այ սրա մասին մտածիր։ Դու մեն մենակ ես, բայց քեզ նմանները քաղաքում տասը հազար են․․․
 
― Հետո՞, ― ասաց դարբինը։
 
― Մնացածն էլ դու մտածիր, ― ջղայնացած ասաց Ռումատան ու ճանապարհը շարունակեց։
 
Ոնց չէ, կմտածի։ Դեռ վաղ է նրա համար մտածելը։ Իսկ թվում է, թե դրանից հեշտ բան չկա․ մուրճով զինված տասը հազարը ում ասես փոշի կդարձնեն։ Բայց դե նրանք դեռ չեն կատաղել։ Ամեն մեկն իր համար է վախենում, միայն աստված է բոլորի համար․․․
 
Հանկարծ թաղամասի ծայրում աճած շամբուկի թփերը շարժվեցին, և դրանց տակից սողալով դուրս եկավ Տամեոն։ Տեսնելով Ռումատային, նա ճչաց ուրախությունից, վեր թռավ ու, երերալով, քայլեց նրա կողմը, թափահարելով հողոտ ձեռքերը։
 
― Իմ ազնվազա՜րմ դոն, ― բացականչեց նա։ ― Շատ ուրախ եմ։ Տեսնում եմ, որ դուք էլ եք գրասենյակ գնում։
 
― Անշուշտ, իմ ազնվազարմ դոն, ― պատասխանեց Ռումատան, ճարպկորեն խույս տալով նրա գրկախառնությունից։
 
― Թույլ կտա՞ք միանալ ձեզ, ազնվազարմ դոն։
 
― Ինձ պատիվ կհամարեմ, ազնվազարմ դոն։
 
Նրանք գլուխ տվին իրար։ Ակնհայտ էր, որ դոն Տամեոն, ինչպես սկել էր խմել երեկվանից, այդպես էլ մինչև հիմա դադար չէր տվել։
 
Դեղին տաբատի լայն փողքերից նա հանեց նրբագեղ ապակե տափաշիշը։
 
― Չէի՞ք ցանկանա, ազնվազարմ դոն, ― հարգալից առաջարկեց նա։
 
― Վայելեցեք, ― ասաց Ռումատան։
 
― Ռոմ է, ― հայտարարեց դոն Տամեոն։ ― Իսկական ռոմ է մետրոպոլիայից։ Ես ոսկի եմ տվել սրա համար։
 
Նրանք իջան աղբանոց ու, ձեռքով քթները պահելով, քայլեցին կերակրի մնացորդների, շների դիակների ու գարշահոտ ջրափոսերի վրայով, որտեղ վխտում էին սպիտակ ճիճուները։ Առավոտվա օդը զրնգում էր բյուրավոր զմրուխտյա ճանճերի տզզոցից։
 
― Տարօրինակ բան է, ― ասաց դոն Տամեոն, փակելով տափաշշի բերանը, ― ես ոչ մի անգամ այստեղ չէի եղել։
 
Ռումատան լուռ էր։
 
― Դոն Ռեբան միշտ հիացրել է ինձ, ― ասաց դոն Տամեոն։ ― Ես համոզված էի, որ նա վերջի վերջո կտապալի ոչնչություն թագավորին։ ― Այս խոսքերն ասելիս նա ոտքը դրեց դեղնականաչ ջրափոսի մեջ ու, որպեսզի չրմփա, բռնեց Ռումատայի թևքը։ ― Այո, ― շարունակեց նա, երբ դուրս եկան ամուր հողի վրա։ ― Մենք՝ երիտասարդ ազնվականներս, միշտ կլինենք դոն Ռեբայի հետ։ Վերջապես վրա հասավ բաղձալի զիջողությունը։ Ինքներդ հապա դատեք, դոն Ռումատա, ես արդեն մի ժամ է քայլում եմ նրբանցքներով ու բանջարանոցներով, բայց ոչ մի գորշ գրոհայինի չեմ հանդիպել։ Մենք աշխարհի երեսից սրբեցինք գորշ աղտեղությունը, և հիմա որքա՜ն ազատ ու քաղցր ես շնչում վերածնված Արկանարում։ Գռեհիկ խանութպանների, այդ լկտի ստահակների ու ռամիկների փոխարեն փողոցները լցված են աստծո ծառաներով։ Ես տեսա, ազնվականներից ոմանք արդեն ազատ զբոսնում են իրենց տների առաջ։ Հիմա նրանք վախենալու բան չունեն, որ գոմաղբոտ գոգնոցով մի անտաշի մեկը ցեխ կշպրտի իրենց վրա կեղտոտ սայլի անիվներից։ Ու այլևս ստիպված չենք լինի ճանապարհ բացել երեկվա մսգործների և խանութպանների միջով։ Սուրբ միաբանության օրհնությամբ, որին ես մշտապես հարգել եմ ու, չեմ թաքցնի սիրել եմ, մենք աննխադեպ կբարգավաճենք, և ոչ մի ռամիկ չի հանդգնի աչքերը բարձրացնի ազնվականի վրա առանց հատուկ թույլտվության, որը կստորագրի մարզի տեսուչը։ Ես հիմա զեկուցագիր եմ տանում։
 
― Զզվելի հոտ է, ― գարշանքով ասաց Ռումատան։
 
― Այո։ Ահավոր հոտ է, ― համաձայնեց դոն Տամեոն, փակելով տափաշիշը։ ― Բայց որքա՜ն ազատ ես շնչում վերածնված Արկանարում։ Եվ գինու գներն էլ երկու անգամ իջել են․․․
 
Ճանապարհի վերջին դոն Տամեոն արդեն լրիվ դատարկեց տափաշիշը, շպրտեց ու անասելիորեն բորբոքվեց։ Նա երկու անգամ վայր ընկավ, ըստ որում երկրորդ անգամ ընկնելուց հետո հրաժարվեց մաքրել հագուստը, հայտարարելով, որ ինքը շատ է մեղավոր, ի բնե կեղտոտ է ու ցանկանում է այս տեսքով ներկայանալ մարդկանց։ Նա կրկին ու կրկին կոկորդը պատռելով արտասանեց իր զեկուցագիրը։ «Շա՜տ ուժեղ է ասված, ― բացականչեց նա։ ― Օրինակ, այս տեղը, լսեք, ազնվազարմ դոներ․ որպեսզի կեղտոտ ռամիկները․․․ Հը՞։ Ի՜նչ միտք է»։ Երբ նրանք հասան գրասենյակի հետնաբակը, նա ընկավ առաջին իսկ պատահած վանականի վրա ու, արցունքներ թափելով, սկսեց աղոթել մեղքերի թողության համար։ Նրա հոտից խեղդվող վանականը ամեն կերպ ուզում էր գլուխն ազատել և փորձում էր սուլելով օգնության կանչել, բայց դոն Տամեոն կպել էր նրա սքեմից, ու երկուսով գլորվեցին աղբակույտի վրա։ Ռումատան թողեց նրանց այդ վիճակում և, հեռանալով, դեռ երկար լսում էր բեկբեկուն խղճուկ սուլոցն ու Տամեոյի գոռոցը․ «Որպեսզի կեղտոտ Ռամիկները․․․ Օրհնությո՜ւն․․․ Ի սրտե․․․ Սեր եմ տածել, հասկանո՞ւմ ես, ռամկի մռութ»։
 
Մուտքի առջևի հրապարակում, քառակուսի Ուրախ Աշտարակի ստվերում, տեղավորվել էր սարսափազդու խիլապատ դագանակներով զինված հետիոտն վանականների ջոկատը։ Հանգուցյալներին հավաքել էին։ Առավոտյան քամին փոշու դեղին սյուներ էր բարձրացրել հրապարակում։ Աշտարակի կոնաձև լայն տանիքի տակ սովորականի պես կռնչում և գզվրտվում էին ագռավները, այնտեղ, դուրս ցցված հեծաններից, գլխիվայր կախում էին մարդկանց․․․ Աշտարակը մոտ երկու հարյուր տարի առաջ կառուցել էր հանգուցյալ թագավորի նախնին զուտ ռազմական նպատակներով։ Այն կանգնած էր եռահարկ ամուր հիմքի վրա, որտեղ մի ժամանակ պահում էին մթերքի պաշարները հնարավոր շրջապատման դեպքերի համար։ Հետո աշտարակը բանտ դարձրեցին։ Սակայն երկրաշարժից հետո ներսի բոլոր ծածկերը քանդվեցին, ու ստիպված եղան նկուղները դարձնել բանտ։ Ժամանակին Արկանարի թագուհիներից մեկը իր տիրակալին բողոքել էր, որ նկուղներում խոշտանգվողների աղեկտուր ճիչերը իրեն խանգարում են զվարճանալ։ Եվ օգոստոսափայլ ամուսինը կարգադրում է, որ զինվորական նվագախումբը առավոտից մինչև գիշեր նվագի աշտարակում։ Այդ ժամանակ էլ հենց աշտարակը ստացել էր իր այժմյան անունը։ Վաղուց արդեն աշտարակն իրենից ներկայացնում էր մի դատարկ քարե շենք, վաղուց արդեն քննչական խցերը փոխադրվել էին հիմքի ամենաներքևի հարկերում նոր սարքված սենյակները, և վաղուց արդեն ոչ մի նվագախումբ էլ չէր նվագում այնտեղ, իսկ քաղաքի բնակիչները շարունակում էին նրան անվանել Ուրախ Աշտարակ։
 
Սովորաբար Ուրախ Աշտարակի մոտակայքում մարդ չէր լինում։ Բայց այսօր այնտեղ մեծ աշխուժություն էր տիրում։ Դեպի աշտարակ էին բերում, գետնի վրայով քարշ էին տալիս պատռտված համազգեստներով գորշ գրոհայիններին, ցնցոտիներով թափառաշրջիկներին, կիսահագնված, վախից փշաքաղված բնակիչներին, սրտակեղեք ճչացող պոռնիկներին, խմբերով այստեղ էին բերում գիշերային բանակի քնձռոտներին, որոնք խոժոռ հայացքներով նայում էին իրենց շուրջը։ Եվ հենց նույն տեղում էլ ինչ֊որ գաղտնի ելքերից կեռերով հանում էին մեռածների դիակներն ու, լցնելով սայլերը, դուրս էին տանում քաղաքից։ Ազնվականների ու հարուստ քաղաքացիների երկար հերթի պոչը, որ դեռ ներս չէր մտել գրասենյակի բաց դռներից, ահաբեկված ու շփոթահար նայում էր այս սոսկալի իրարանցումին։
 
Գրասենյակ թողնում էին բոլորին, իսկ ոմանց էլ պահակների ուղեկցությամբ էին ներս բերում։ Ռումատան ներս խցկվեց։ Այնտեղ շնչելու օդ չկար, ինչպես աղբանոցում։ Լայն սեղանի մոտ ցուցակների կույտի դիմաց նստած էր դեղնամոխրագույն դեմքով մի մարդ՝ սագի փետուրը դրած ականջի հետևը։ Հերթական խնդրատուն՝ ազնվազարմ դոն Կեուն, գոռոզամտորեն ցցելով բեղերը, տվեց իր անունը։
 
― Գլխարկը հանեք, ― անգույն ձայնով ասաց չինովնիկը, հայացքը չկտրելով թղթերից։
 
― Կեու տոհմը արտոնություն ունի գլխարկ կրելու թագավորի իսկ ներկայությամբ, ― հպարտորեն հայտարարեց դոն Կեուն։
 
― Ոչ ոք արտոնություններ չունի միաբանության օրոք, ― նույն անգույն ձայնով ասաց չինովնիկը։
 
Դոն Կեուն փնչացրեց ու, կաս֊կարմիր կտրելով, հանեց գլխարկը։ Չինովնիկը երկար, դեղին եղունգը սահեցրեց ցուցակի վրայով։
 
― Դոն Կեու․․․ Դոն Կեու․․․ ― փնթփնթաց նա, ― դոն Կեու․․․ Թագավորական փողոց տասներկու տուն։
 
― Այո, զայրացքոտ ձայնով ասաց դոն Կեուն։
 
― Չորս հարյուր ութսունհինգ համար, եղբայր Տիբակ։
 
Եղբայր Տիբակը, որ, ծանրումեծ ու կարմրատակած, նստած էր հարևան սեղանի մոտ, շմչահեղձ լինելով թղթերի մեջ ինչ֊որ բան փնտրեց, ճաղատ գլխից սրբեց քրտինքն ու, տեղից վեր կենալով, միապաղաղ ձայնով կարդաց․
 
― «Չորս հարյուր ութսունհինգ համար, դոն Կեու, Թագավորական, տասներկու։ Նորին սրբազանության Արկանարի եպիսկոպոսի հասցեին անարգական խոսքեր ասելու համար, որ տեղի է ունեցել նախանցայլ տարվա պալատական պարահանդեսում, նշանակվում է՝ երեք դյուժին ճիպոտահարված մերկացրած փափուկ տեղերին և նորին սրբազանության կոշիկները համբուրել»։
 
Եղբայր Տիբակը նստեց։
 
― Գնացեք այս միջանցքով, ― ասաց անգույն ձայնով չինովնիկը, ― ճիպոտահարությունը՝ ձախ կողմում, կոշիկները՝ աջ։ Հաջորդը․․․
 
Ի մեծ զարմանք Ռումատայի, դոն Կեուն չբողոքեց։ Երևում է, նա արդեն շատ բան էր տեսել այս հերթում։ Նա միայն կռնչաց, արժանապատվությամբ սղալեց բեղերը և մտավ միջանցք։ Հաջորդը՝ ճարպակալումից դողդողացող վիթխարի դոն Պիֆան, արդեն կանգնած էր առանց գլխարկի։
 
― Դոն Պիֆա․․․ դոն Պիֆա․․․ ― կրկնեց չինովնիկը, մատը տանելով ցուցակի վրայով։ ― Կաթնավաճառների փողոց, տուն երկո՞ւ։
 
Դոն Պիֆան կոկորդային ձայն հանեց։
 
― Հինգ հարյուր չորս համար, եղբայր Տիբակ։
 
Եղբայր Տիբակը նորից թղթերն իրար խառնեց ու հետո ոտքի ելավ։
 
― Հինգ հարյուր չորս համար, դոն Պիֆա, Կաթնավաճառների փողոց, երկու․ ոչ մի բանով չի նկատվել, ուրեմն ոչ մի մեղք չունի նորին սրբազանության առաջ, մաքուր է։
 
― Դոն Պիֆա, ― ասաց չինովնիկը, ― ստացեք ազատման նշանը։ ― Նա կռացավ, բազկաթոռի կողքը դրված սնդուկից հանեց մի երկաթե ապարանջան ու տվեց ազնվազարմ Պիֆային։ ― Կկրեք ձախ ձեռքին, Սուրբ Միաբանության զինվորների առաջին իսկ պահանջի դեպքում ցույց կտաք։
 
Դոն Պիֆան դարձյալ կոկորդային ձայն արձակեց ու գնաց, տնտղելով ապարանջանը։ Չինովնիկն արդեն կարդում էր հաջորդ ազգանունը։ Ռումատան աչքի ածեց հերթը։ Այստեղ ծանոթ դեմքեր շատ կային։ Ոմանք հագնված էին սովորականի պես շքեղ, մյուսները դիտավորյալ խեղճացած էին, բայց բոլորն էլ հիմնավորապես ցեխոտ էին։ Հերթի մեջտեղից, այնպես բարձր, որ բոլորը լսեն, դոն Սերան վերջին հինգ րոպեյի ընթացքում արդեն երրորդ անգամ ավետում էր․ «Ինչ վատ բան է, որ նույնիսկ ազնվազարմ դոնը մի երկու ճիպոտ ստանա նորին սրբազանության անունից»։
 
Ռումատան սպասեց, մինչև հաջորդին ուղարկեցին միջանցք (դա հայտնի ձկնավաճառ էր, ոչ հիացական մտքերի համար նրան դատապարտեցին հինգ ճիպոտահարվածի, առանց համբուրելու), մարդկանց հրմշտելով մոտեցավ սեղանին և ձեռքը դրեց չինովնիկի առաջ թափված թղթերի վրա։
 
― Կներեք, ― ասաց նա։ ― Ես պետք է ստանամ բժիշկ Բուդախի ազատման հրամանը։ Ես դոն Ռումատան եմ։
 
Չինովնիկը գլուխը չբարձրացրեց։
 
― Դոն Ռումատա․․․ Դոն Ռումատա․․․ ― մռթմռթաց նա և, մի կողմ հրելով Ռումատայի ձեռքը, եղունգը տարավ ցուցակի վրայով։
 
― Ի՞նչ ես անում, պառավ թանաքաման, ― ասաց Ռումատան։ ― Ինձ պետք է ազատման հրամանը։
 
― Դոն Ռումատա․․․ դոն Ռումատա․․․ ― ըստ երևույթին անհնարին էր կանգնեցնել այդ ավտոմատը։ ― Կաթսայագործների փողոց, տուն ութ։ Տասնվեց համար, եղբայր Տիբակ։
 
Ռումատան լսում էր, որ իր թիկունքում բոլորը շունչները պահած իրենց են լսում։ Ճիշտն ասած, նա ինքն էլ էր հուզվում։ Քրտնած և կարմրած եղբայր Տիբակը վեր կացավ։
 
― Տասնվեց համար, դոն Ռումատա, Կաթսայագործների ութ, Միաբանությանը մատուցած հատուկ ծառայությունների համար արժանի է նորին սրբազանության շնորհակալությանը և կբարեհաճի ստանալ բժիշկ Բուդախի ազատման հրամանը, որով կարող է Բուդախի հետ վարվել իր հայեցողությամբ, տես՝ վեց֊տասնյոթ֊տասնմեկ էջը։
 
Չինովնիկը թղթի տակից իսկույն գտավ այդ էջը ու մեկնեց Ռումատային։
 
― Դեղին դուռը, երկրորդ հարկ, վեցերորդ սենյակ, միջանցքով ուղիղ, աջ ու ձախ, ― ասաց նա։ ― Հաջորդը․․․
 
Ռումատան աչքի անցկացրեց թուղթը։ Դա Բուդախի ազատման հրամանը չէր։ Դրանով նրան անցագիր էին տալու դեպի գրասենյակի հինգերորդ՝ հատուկ բաժինը, որտեղ պետք է ստանար գաղտնի գործերի քարտուղարության կարգադրությունը։
 
― Դու այս ի՞նչ ես տվել ինձ, տխմար, ― ասաց Ռումատան։ ― Հրամանն ո՞ւր է։
 
― Դեղին դուռը, երկրորդ հարկ, վեցերորդ սենյակ, միջանցքով ուղիղ, աջ և ձախ, ― կրկնեց չինովնիկը։
 
― Ես հարցնում եմ՝ ո՞ւր է հրամանը, ― գոռաց Ռումատան։
 
― Չգիտեմ․․․ չգիտեմ․․․ Հաջորդը։
 
Ռումատայի ականջի վերևում, ֆսֆսոց լսվեց, և տաք ու փափուկ մի բան ընկավ նրա մեջքին։ Նա մի կողմ գնաց։ Նորից սեղանին մոտեցավ դոն Պիֆան։
 
― Չի մտնում, ― լացակումած ասաց Պիֆան։
 
Չինովնիկը մռայլված նայեց նրան։
 
― Անո՞ւնը։ Կոչո՞ւմը, ― հարցրեց նա։
 
― Չի մտնում, ― նորից լացակումած ասաց Պիֆան, վեր տնկելով ապարանջանը, որի մեջ հազիվ էին մտնում երեք ճարպոտ մատները։
 
― Չի մտնում, չի մտնում․․․ ― մռթմռթաց չինովնիկն ու հանկարծ մոտ քաշեց հաստ մատյանը, որը դրված էր սեղանի աջ կողմում։ Մատյանը շատ չարագուշակ տեսք ուներ իր սև և յուղոտված կազմով։
 
Դոն Պիֆան սոսկումով նայում էր այդ մատյանին, հետո հանկարծ ցնցվեց ու, ոչ մի խոսք չասելով, նետվեց դեպի դուռը։ Հերթից ձայներ լսվեցին․ «Մի՛ զբաղեցրեք, շո՜ւտ վերջացրեք»։ Ռումատան նույնպես հեռացավ սեղանի մոտից։ Այ սա ճահիճ է, մտածեց նա։ Դեհ, ձեր հերն էլ անիծած․․․ Չինովնիկը սկսեց կարդալ օդում․ «Եթե ազատման սույն նշանը չի տեղավորվում ձախ դաստակի վրա կամ եթե ազատվածը չունի ձախ դաստակ որպես այդպիսին․․․» Ռումատան անցավ սեղանի մոտով, երկու ձեռքը մտցրեց սնդուկի մեջ ու, որքան կարող էր ապարանջան հանելով այնտեղից, թողեց, գնաց։
 
― Հե՜յ, հե՜յ, ― առանց հուզվելու գոռաց նրա հետևից չինովնիկը։ Հի՜մք։
 
― Հանուն աստծո, ― ամբարտավան տեսքով ասաց Ռումատան, նրան նայելով ուսի վրայից։
 
Չինովնիկը և եղբայր Տիբակը միասին վեր կացան ու, իրար հետ չներդաշնակելով, պատասխանեցին․ «Նրա անունով»։ Հերթը նախանձով ու հիացմունքով նայում էր Ռումատայի հետևից։
 
Ռումատան դուրս եկավ գրասենյակից ու դանդաղ քայլեց դեպի Ուրախ Աշտարակ, չխկչխկացնելով ձախ ձեռքի ապարանջանները։ Ապարանջանները ինը հատ էին և ձախ ձեռքի վրա տեղավորվեցին միայն հինգը։ Մյուս չորսը Ռումատան հագավ ձախ ձեռքին։ Արկանարի եպիսկոպոսը որոշել է ուժասպառ անել ինձ, մտածեց նա։ Չի ստացվի։ Ապարանջանները ամեն քայլափոխին զրնգում էին։ Ռումատան ձեռքում էր պահել գույնզգույն կնիքներով զարդարված հույժ կարևոր թուղթը։ Դիմացից եկող հետիոտն ու հեծյալ վանականները հապշտապ ճանապարհ էին տալիս Ռումատային։ Ամբոխի մեջ, պատկառելի հեռավորության վրա մերթ հայտնվում, մեկ անհետանում էր թիկնապահ լրտեսը։ Թրի կոթով խփելով դանդաղկոտներին, Ռումատան մոտեցավ դարպասին, ահարկու գոռաց գլուխը դուրս հանած պահակի վրա ու, անցնելով բակից, լպրծուն, չեչոտ աստիճաններով սկսեց իջնել ծխացող ջահերով լուսավորված կիսախավարը։ Այստեղից սկսվում էր նախկին թագի պահպանության մինիստրության սուրբ սրբոցը՝ թագավորական բանտը և քննչական խցերը։
 
Կամարակապ միջանցքներում յուրաքանչյուր տասը քայլի վրա պատին խփաց ժանգոտ մեխից կախված էր ժանտահոտ ճրագը։ Յուրաքանչյուր ճրագի ներքևում, քարայրի նմանվող որմնախորշում սևին էր տալիս ճաղապատ փոքրիկ պատուհանով դուռը։ Այդ դռները տանում էին դեպի բանտային խցերը, որոնք դրսի կողմից փակված էին երկաթե ծանր նիգերով։ Միջանցքներում շատ մարդ կար։ Իրար հրմշտում էին, վազում էին, գոռում, հրամայում։ Ճռնչում էին փակերն ու նիգերը, շրխկում էին դռները, ինչ֊որ մեկին ծեծում էին, ու նա աղեկտուր գոռում էր, ինչ֊որ մեկին քարշ էին տալիս, և նա դիմադրում էր, ինչ֊որ մեկին ուզում էին դուրս հանել խցից ու չէին կարողանում, ու նա սրտաճմլիկ գոռում էր․ «Ես չե՜մ, ե՛ս չե՜մ․․․», ու կառչում էր հարևաններից։ Միջանցքում հանդիպող վանականների դեմքերը գործնական էին դաժանության աստիճան։ Ամեն մեկը շտապում էր, ամեն մեկը պետական կարևորության գործ էր անում։ Աշխատելով հասկանալ ինչն ինչոց է, Ռումատան դանդաղ անցնում էր միջանցքներով, ավելի ու ավելի ներքև իջնելով։ Ներքևի հարկում ավելի խաղաղ էր։ Այստեղ, դատելով խոսակցություններից, քննություն էին հանձնում Հայրենասիրական դպրոցի շրջանավարտները։ Կաշվե գոգնոցներով կիսամերկ , լայնալանջ տղաները, խոշտանգման խցերի դռների մոտ խմբված, թերթում էին ճարպոտված ձեռնարկներն ու մերթ ընդ մերթ մոտենում էին ջրի տակառին, որից շղթայով կախված էր թասը։ Խցերից լսվում էին սարսափելի ճիչեր, հարվծների շրկխոց, փչում էր խանձված մսի հոտը։ Եվ խոսակցություններ, խոսակցություններ․․․
 
― Ոսկրաջարդիչը վերևում մի պտուտակ ունի, դա ջարդվել էր։ Ես ի՞նչ մեղք ունեմ։ Իսկ նա ինձ ծեծեց։ «Դմբոյի մեկը, ― ասում է, ― տխմար, հինգ հարված ստացիր փափուկ տեղերիդ ու նորից արի»։
 
― Գոնե իմանայինք, թե ով է ծեծողը, միգուցե մեր ուսանող տղերքից լինի։ Երևի պետք էր նախօրոք պայմանավորվեինք, հինգական գրոշ հավաքեինք ու ռեխը գցեինք․․․
 
― Եթե ճարպը շատ է, ատամը չարժե շատ տաքացնել, մեկ է՝ ճարպի մեջ կսառչի։ Դու ունելին վերցրու ու ճարպը կամաց պոկի․․․
 
― Ախր, տեր աստծո զանգապանները ոտքերի համար են։ Նահատակ կույսի ձեռնոցները պտուտակներ ունեն, դա հատուկ ձեռքերի համար է, հասկացա՞ր։
 
― Ծիծաղից մեռա՜, տղերք։ Ներս եմ մտնում ու ինչ տեսնում՝ ո՞վ է շղթաներով կապկպկված, Շեկ Ֆիկան՝ մեր փողոցի մսավաճառը, հարբած ժամանակ ինչքա՜ն է քաշել ականջներս։ Դե, ասում եմ, դիմացիր, հիմա քո հախից կգամ․․․
 
― Իսկ Պեկոր Պռոշին ոնց որ առավոտյան վանականները տարան, մինչև հիմա չի վերադարձել։ Քննության էլ չի եկել։
 
― Էհ, ես փոխանակ մսաղացը գործի դնեմ, ախմախավարի նիգով խփեցի ու մի կողը ջարդեցի։ Այստեղ հայր կինը վրա պրծավ, քունքերիս խփեց ու սապգով էնպես հասցրեց պոչուկիս, որ, եղբայրներիս ասեմ, աչքերս սևացան։ «Դու, ― ասաում է, ― ի՞նչ ես իմ ապրանքը փչացնում»։
 
Նայեք, նայեք, բարեկամներս, մտածում էր Ռումատան գլուխը դանդաղ շրջելով մի կողմից մյուսը։ Սա տեսություն չի։ Մարդկանցից ոչ մեկը դեռ այսպիսի բան չի տեսել․․․ Նայեք, լսեք, նկարահանեք․․․ և գնահատեք ու սիրեք, գրողը ձեզ տանի, ձեր ժամանակը, ու հարգեք նրանց հիշատակը, ովքեր անցել են այս ամենի միջով։ Ուշադիր նայեք այս մռութներին՝ ջահել, բութ, անտարբեր, ամեն տեսակ գազանության սովոր մռութներին, միայն թե քթներդ շուռ մի՛ տվեք, ձեր սեփական նախնիները ավելի լավը չէին․․․
 
Նրան նկատեցին։ Հազարումի բան տեսած տասնյակ զույգ աչքեր գամվեցին նրա վրա։
 
― Պահ, է՜ս դոնին նայեք․․․ Ոնց է գույնը գցել․․․
 
― Հա՜֊հա՜․․․ Երևում է, ազնվականները սովոր չեն․․․
 
― Ասում են, որ էդպիսի դեպքերում ջուր պետք է տալ, միայն թե շղթան կարճ է, չի հասնի․․․
 
― Էլ ոնց կլինի, խելքի կգան․․․
 
― Կուզենայի դրա նմանը ձեռքս ընկներ․․․ Դրանց ինչ֊որ բան հարցնում ես, պատասխանը տալիս են․․․
 
― Հեյ, տղերք, կամաց, թե չէ որ հասցրել է․․․ Տեսեք քանի օղակ ունի․․․ Համ էլ թուղթ։
 
― Ոնց է աչքերը մեզ վրա չռել․․․ Եղբայրներ, հեռու մնանք շառից․․․
 
Նրանք խմբով հեռացան իրենց կանգնած տեղից, մտան ստվերի մեջ և այնտեղից նայում էին իրենց զգուշավոր, սարդային աչքերով։ Դեհ, հերիք է, մտածեց Ռումատան։ Նա քիչ էր մնում բռնի կողքից անցնող վանականի փարաջայից, երբ հանկարծ տեսավ, ոչ թե պարապ դեսուդեն վազվզող, այլ տեղում գործով զբաղված երեք հոգու։ Նրանք փայտերով ծեծում էին դահճին, երևի, սրա անփութության համար։ Ռումատան մոտեցավ նրանց։
 
― Հանուն աստծո, ― կամաց ասաց նա, զընգացնելով ապարանջանները։
 
Վանականները փայտերն իջեցրին ու նրան նայեցին։
 
― Նրա անունով, ― ասաց ամենահաղթանդամը։
 
― Դեհ, հայրեր, ինձ տարեք միջանցքի վերակացուի մոտ, ― ասաց Ռումատան։
 
Վանականները իրար նայեցին։ Դահիճը, ճարպկորեն սողալով, փախավ ու թաքնվեց տակառի հետևում։
 
― Իսկ նա քո ինչի՞ն է պետք, ― հարցրեց հաղթանդամ վանականը։
 
Ռումատան լուռ թուղթը մոտեցրեց նրա դեմքին, մի քիչ պահեց, հետո ցած իջեցրեց։
 
― Հա՜, ― ասաց վանականը։ ― Դե այսօր հենց ես եմ միջանցքի վերակացուն։
 
― Հոյակապ է, ― ասաց Ռումատան ու թուղթը խողովակաձև ոլորեց։ ― Ես դոն Ռումատան եմ։ Նորին սրբազանությունը բժիշկ Բուդախին նվիրել է ինձ։ Գնա ու բեր նրան։
 
Վանականը ձեռքը մտցրեց վեղարի տակ ու աղմուկով քորեց գլուխը։
 
― Բուդա՞խ, ― մտահոգ ասաց նա։ ― Դա ո՞րն է, այդ Բուդախը։ Բռնաբարիչը, հա՞։
 
― Չէ, ― ասաց մյուս վանականը։ ― Բռնաբարիչը Ռուդախն է։ Հենց նրան էս գիշեր բաց թողեցին։ Հայր Կինը ինքը իր ձեռքով հանեց նրա շղթաներն ու դուրս տարավ։ Իսկ ես․․․
 
― Հիմարություններ ես դուրս տալիս, ― անհամբեր ասաց Ռումատան, թղթով խփելով իր ազդրին։ ― Բուդախը։ Թագավորին թունավորորղը։
 
― Հա․․․ա՜, ― ասաց վերակացուն։ ― Գիտեմ։ Բայց նա, երևի, արդեն ցցի վրա է․․․ Եղբայր Պակա, գնա տասներկուսը, տես ոնց է։ Ինչ է, դո՞ւ նրան պիտի տանես, ― շուռ եկավ նա Ռումատայի կողմը։
 
― Բնականաբար, ― ասաց Ռումատան։ ― Նա իմն է։
 
― Այդ դեպքում թուղթը բարեհաճիր ինձ տալ։ Թուղթը գործին պիտի կցվի։
 
Վերակացուն թուղթը շուռումուռ տվեց, նայեց կնիքներին, հետո հիացած ասաց․
 
― Համա թե գրում են մարդիկ։ Դու մի կողմ կանգնիր, դոն, սպասիր, մինչև մեր գործն անենք․․․ Էհ, ո՞ւր կորավ մի հոգավորը․․․
 
Վանականները սկսեցին չորս կողմը նայել, փնտրելով հանցավոր դահճին։ Ռումատան մի կողմ քաշվեց։ Դահճին դուրս հանեցին տակառի հետևից, նորից պառկեցրին հատակի վրա ու գործնականորեն , առանց ավելորդ դաժանության, շարունակեցին ծեծել։ Մի հինգ րոպե հետո միջանցքի մյուս ծայրից հայտնվեց տասներկու խուցը ուղարկված վանականը, հետևից քարշ տալով պարանով կապված, ճերմակ մազերով մի սևազգեստ ծերուկի։
 
― Ահա նա, ձեր Բուդախը, ― դեռ հեռվից ուրախ֊ուրախ բացականչեց վանականը։ ― Ոչ մի ցից էլ նրան չէին հանել, ողջ առողջ է ձեր Բուդախը։ Մի քիչ տկար է, բայց դե ոչինչ, երևի վաղուց է սոված․․․
 
Ռումատան գնաց նրանց ընդառաջ, պարանը խլեց վանականի ձեռքից և օղակը հանեց ծերունու վզից։
 
― Դո՞ւք եք Բուդախ Իրուկանցին, ― հարցրեց նա։
 
― Այո, ― պատասխանեց ծերունին, մռայլ նայելով նրան։
 
― Ես Ռումատան եմ, եկեք իմ հետևից ու աշխատեք հետ չմնալ։ ― Հետո Ռումատան դարձավ վանականներին։ ― Հանուն աստծո, ― ասաց նա։
 
Վերակացուն շտկեց մեջքը, փայտը իջեցրեց և հևալով պատասխանեց․ «Նրա անունով»։
 
Ռումատան նայեց Բուդախին ու տեսավ, որ ծերուկը կպել է պատին ու հազիվ է մնում ոտքի վրա։
 
― Ես վատ եմ զգում, ― ցավատանջ ժպտալով ասաց Բուդախը։ ― Ներեցեք ինձ, ազնվազարմ դոն։
 
Ռումատան բռնեց նրա թևից ու առաջ տարավ։ Երբ վանականները չքվեցին տեսադաշտից, նա կանգ առավ, սրվակից հանեց սպորամինի հաբը և մեկնեց Բուդախին։ Բուդախը հարցական նայեց նրան։
 
― Կուլ տվեք, ― ասաց Ռումատան։ ― Իսկույն ձեզ լավ կզգաք։
 
Բուդախը, դարձյալ հենվելով պատին, վերցրեց հաբը, տնտղեց, հոտ քաշեց, վեր բարձրացրեց փրչոտ հոնքերը, հետո զգուշորեն դրեց լեզվի վրա ու չպպացրեց․
 
― Կուլ տվեք, կուլ տվեք, ― ժպտալով ասաց Ռումատան։
 
Բուդախը կուլ տվեց։
 
― Հը՜մ․․․ հը՜մ․․․ ասաց նա։ ― Ես կարծում էի, որ դեղերի մասին ամեն ինչ գիտեմ։ ― Նա լռեց, ունկնդրելով իր զգացողություններին։ ― Հը՜մ, ― աաց նա։ ― Հետաքրքիր է։ Վարազի չորացած փայծա՞խ է։ Բայց չէ, փտահամ չունի։
 
― Գնանք, ― ասաց Ռումատան։
 
Նրանք անցան միջանցքով, բարձրացան աստիճաններով, դուրս եկան մի միջանցք ու դարձյալ բարձրացան աստիճաններով։ Հանկարծ Ռումատան մեխվածի պես կանգ առավ տեղում։ Ծանոթ բամբ գոռոցն արձագանքվեց բանտի կամարների տակ։ Բանտի ընդերքում ինչ֊որ տեղ, հրեշավոր անեծքներ տեղալով աստծու, սրբերի, դժողքի, Սուրբ Միաբանության, դոն Ռեբայի և շատ ու շատ այլ բաների վրա, ամբողջ ուժով գոռում էր Ռումատայի բարեկամ բարոն Պամպա դոն Բաու֊նո Սուռուգանո֊Գատտա֊Նո֊ Արկանարան։ Այնուամենայնիվ, բարոնն ընկավ սրանց ճանկը, ցավով մտածեց Ռումատան։ Ես բոլորովին մոռացել էի նրա մասին։ Բայց նա գոնե ինքը չպիտի մառանար ինձ․․․ Ռումատան հապշտապ երկու ապարանջան հանեց ձեռքից, հագցրեց բժիշկ Բուդախի լղար դաստակներին ու ասաց․
 
― Բարձրացեք վերև, բայց դարպասից դուրս չգաք։ Մի կողմ քաշվեք ու սպասեք ինձ։ Եթե ձեզ կպնեն, ապարանջանները ցույց տվեք ու ինչքան կարող եք ամբարտավան եղեք։
 
Բարոն Պամպան ոռնում էր, ինչպես բևեռային մառախուղի մեջ ընկած ատոմագնացը։ Թնդուն արձագանքը գլորվում էր կամարների տակ։ Միջանցքներում կանգնած մարդիկ կանգ էին առնում և, բերանները բաց, երկյուղածությամբ ականջ էին դնում։ Շատերն էլ թափահարում էին իրենց բութ մատը՝ քշելով սատանային։ Ռումատան ցած նետվեց երկու սանդուխքներով, ոտքի տակ գցելով դեմը ելած վանականներին, թրերի պատյաններով ճանապարհ բացեց շրջանավարտների բազմության միջով ու աքացի տալով բացեց այն խցի դուռը, որտեղից դուրս էր պրծնում գոռոցը։ Ջահերի վետվետուն լույսի տակ նա տեսավ իր բարեկամ Պամպային։ Հզոր բարոնը մերկ ու գլխիվայր խաչված էր պատից։ Նրա դեմքը սևացել էր արյան հոսքից։ Ծուռտիկ սեղանի մոտ, մատները ականջները խրած, նստել էր մի կորամեջք չինովնիկ, իսկ քրտնքից փայլող դահիճը, որն ինչ֊որ բանով նման էր ատամնաբույժի, երկաթե թասի միջից գործիքներ էր ջոկջկում։
 
Ռումատան իր հետևից ամուր փակեց դուռը և, մոտենալով դահճին, թրի կոթով խփեց նրա ծոծրակին։ Դահիճը շուռ եկավ, ձեռքերով բռնեց գլուխն ու նստեց թասի մեջ։ Ռումատան թուրը հանեց պատյանից ու կտոր կտոր արեց թղթերով ծածկված սեղանը, որի մոտ նստած էր չինովնիկը։ Ամեն ինչ կարգին էր։ Դահիճը նստած էր թասի մեջ ու զկռտում էր, իսկ չինովնիկը շատ ճարպկորեն չորեքթաթ փախավ մտավ անկյունը ու պառկեց այնտեղ։ Ռումատան մոտեցավ բարոնին, որն ուրախ հետաքրքրությամբ էր նայում վարից վեր, բռնեց բարոնի ոտքերը պահող շղթաները ու, երկու անգամ ուժգին քաշելով, դրանք դուրս քաշեց պատից։ Հետո բարոնը ոտքերը զգուշորեն դրեց հատակին, լռեց, քարացավ մի տարօրինակ դիրքով, ապա իրեն թափ տվեց ու ազատեց ձեռքերը։
 
― Կարո՞ղ եմ հավատալ, ― նորից որոտաց նա, շուռումուռ տալով արյունով լցված սպիտակուցները, ― որ դա դուք եք, իմ ազնիվ ընկեր։ Վերջապես ես գտա ձեզ։
 
― Այո, ես եմ, ― ասաց Ռումատան։ ― Գնանք այստեղից, բարեկամս, սա ձեր տեղը չէ։
 
― Գարեջո՜ւր, ― ասաց Բարոնը։ ― Այստեղ, կարծեմ, գարեջուր պիտի լիներ։ ― Նա քայլեց խցում, հետևից քարշ տալով կապանքների մնացորդները ու անընդհատ գոռգոռալով։ ― Մինչև կեսգիշեր վազվզում էի քաղաքում։ Գրո՜ղը տանի, ինձ ասացին, որ դուք ձերբակալված եք, ու ես ահագին ժողովուրդ կոտորեցի։ Ես համոզված էի, որ այս բանտում կգտնեմ ձեզ։ Եվ գտա։
 
Բարոնը մոտեցավ դահճին ու այնպես խփեց, որ նա իր թասի հետ բմբուլի պես վեր թռավ։ Թասի տակից մի տակառիկ երևաց։ Բարոնը բռունցքի հարվածով ճեղք բաց արեց տակառի տակ ու գլուխը տնկելով, տակառը մոտեցրեց բերանին։ Գարեջրի շիթը կլկլալով հոսեց նրա կոկորդը։ Ի՜նչ հոյակապ մարդ է, մտածեց Ռումատան, քնքշորեն նայելով բարոնին։ Թվում է, թե ցուլ է, անուղեղ ցուլ, բայց փնտրել է ինձ, ուզեցել է փրկել, երևի իմ հետևից է եկել այս բանտը, իր ոտքով․․․ Չէ, դեռ մարդիկ կան այս անիծյալ աշխարհում․․․
 
Բարոնը դատարկեց տակառիկը և շպրտեց այն անկյունը, որտեղ սարսափահար դողում էր չինովնիկը։ Անկյունից նվվոց լսվեց։
 
― Դե լավ, ― ասաց բարոնը, ձեռքի ափով սրբելով մորուքը։ ― Հիմա կարող եմ հետևել ձեզ։ Ոչի՞նչ, որ ես տկլոր եմ։
 
Ռումատան նայեց շուրջը, մոտեցավ դահճին ու թափ տվեց նրան՝ գոգնոցը հանելով վրայից։
 
― Առայժմ սա վերցրեք, ― ասաց նա։
 
― Դուք իրավացի եք, ― ասաց բարոնը, գոգնոցով փաթաթելով ազդրերը։ ― Անհարմար բան կլիներ, եթե տկլոր ներկայանայի բարոնուհուն․․․
 
Նրանք դուրս եկան խցից։ Ոչ ոք չհամարձակվեց փակել նրանց ճամփան, միջանցքը դատարկվում էր քսան քայլ հեռավորությունից․․․
 
― Ես դրանց բոլորին կսատկացնե՜մ, ― մռնչում էր բարոնը։ ― Նրանք գրավել են իմ դղյակը։ Ու ինչ֊որ հայր Արիմա են այնտեղ նստեցրել։ Չգիտեմ, թե նա ում հայրն է, բայց երդվում եմ ատծո անունով, որ նրա զավակները շուտով կորբանան։ Գրո՜ղը տանի, բարեկամս, դուք չե՞ք կարծում, որ այստեղ առաստաղները շատ ցածր են։ Ես գագաթս քերծել եմ․․․
 
Նրանք դուրս եկան աշտարակից։ Ռումատայի աչքին մի պահ երևաց ու նորից բազմության մեջ նորից անհետացավ թիկնապահ լրտեսը։ Ռումատան Բուդախին նշան արեց, որ հետևի իրենց։ Դարպասի մոտ խմբված ամբոխը հետ֊հետ գնաց, ասես թրատեցին նրան։ Լսվում էր, ինչպես է մեկը գոռում, թե պետական հանցագործ է փախել, իսկ մի ուրիշն էլ գոռում էր․ «Ահա նա, Մերկ Սատանան, էստորայի հռչակավոր դահիճը»։
 
Բարոնը դուրս եկավ հրապարակի մեջտեղն ու կանգնեց, աչքերը կկոցելով արևի լույսից։ Պետք էր շտապել։ Ռումատան արագ շուրջը նայեց։
 
― Իմ ձին այստեղ էր մնացել, ― ասաց Բարոնը։ ― Հե՜յ, ո՞վ կա այդտեղ։ Ձիս բերեք։
 
Ախոռում, որտեղ դոփդոփում էին Միաբանության հեծելազորի ձիերը, իրարանցում սկսվեց։
 
― Դա՛ չի, ― գոռաց բարոնը։ ― Այ էն մեկը, մոխրագույն աշխետը։
 
― Հանուն աստծո, ― ուշացած բացականչեց Ռումատան և գլխի վրայով հանեց աջ թրով սուսերակալը։
 
Կեղտոտ փարաջայով վանականը, դողդողալով բարոնին մոտեցրեց նրա ուզած ձին։
 
― Նրան մի բան տվեք, դոն Ռումատա, ― ասաց բարոնը, դժվարությամբ բարձրանալով թամբին։
 
― Կանգնի՛ր, կանգնի՛ր, ― գոռացին աշտարակի մոտից։
 
Թափահարելով դագանակները, հրապարակով նրանց կողմն էին վազում վանականները։ Ռումատան բարոնի ձեռքը խոթեց սուրը։
 
― Շտապե՛ք, բարոն, ― ասաց նա։
 
― Այո, ― ասաց Պամպան։ ― Պետք է շտապել։ Այդ Արիման կթալանի իմ մառանը։ Ես ձեզ սպասում եմ իմ տանը, վաղը կամ երկու օրից, բարեկամս։ Ի՞նչ հաղորդեմ տիկնոջս։
 
― Համբուրեք նրա ձեռքը, ― ասաց Ռումատան։ Վանականներն արդեն շատ էին մոտեցել։ ― Արա՛գ, բարոն, շտապեք․․․
 
― Բայց ձեզ վտանգ չի՞ սպառնում, ― անհանգստացավ բարոնը։
 
― Ո՛չ, գրողը տանի, ո՛չ։ Շտապեք։
 
Բարոնն ասպանդակեց ձին ու քառատրոփ սլացավ վանականների բազմության վրա։ Ինչ֊որ մեկն ընկավ ու գլորվեց, ինչ֊որ մեկը աղիողորմ ճչաց, փոշին վեր բարձրացավ, քարե սալարկի վրա թնդացին ձիու սմբակները, և բարոնն անհետացավ։ Ռումատան նայեց նեղլիկ փողոցին, որտեղ շշմած գլուխները թափ տալով, նստել էին գետին տապալվածները, երբ մի շողոքորթ ձայն նրա ականջին ասաց․
 
― Իմ ազնվազարմ դոն, իսկ ձեզ չի՞ թվում, որ դուք չափազանց շատ բան եք ձեզ թույլ տալիս։
 
Ռումատան շրջվեց։ Լարված ու սևեռուն նրա երեսին էր նայում դոն Ռեբան։
 
― Չափազանց շա՞տ, ― հարցը կրկնեց Ռումատան։ ― Ինձ անծանոթ է «չափազանց» բառը։ ― Հանկարծ նա հիշեց դոն Սերային։ ― Եվ ընդհանրապես ոչ մի պատճառ չեմ տեսնում, որ մի ազնվազարմ դոն չկարողանա օգնել փորձանքի մեջ ընկած մի ուրիշ դոնի։
 
Նրանց մոտով, տեգերն առաջ պարզած, սլացան հեծյալները, որ բռնեն բարոն Պամպային։ Դոն Ռեբայի դեմքի արտահայտությունը հանկարծ փոխվեց։
 
― Դե լավ, ― ասաց նա։ ― Չխոսենք այդ մասին․․․ Օ՜, ես այստեղ տեսնում եմ հռչակավոր բժիշկ Բուդախին․․․ Դուք հրաշալի տեսք ունեք, բժիշկ։ Ես ստիպված եմ վերստուգման ենթարկել իմ բանտը։ Պետական հանցագործները, որոնք նույնիսկ ազատ են արձակված, չպետք է դուրս գան բանտից, նրանց պետք է դուրս տանեն։
 
Բժիշկ Բուդախը, ասես կուրացած, շարժվեց նրա վրա։ Ռումատան արագ կանգնեց նրանց արանքում։
 
― Ի դեպ, դոն Ռեբա, ― ասաց նա, ― դուք ինչպե՞ս եք վերաբերվում հայր Արիմային։
 
― Հայր Արիմայի՞ն։ ― Դոն Ռեբան հոնքերը վեր քաշեց։ ― Սքանչելի զորական է։ Բարձր պաշտոն է գրավում եպիսկոպոսությունում։ Իսկ ի՞նչ է պատահել։
 
― Որպես ձերդ սրբազանության հավատարիմ ծառա, ― անսքող չարախնդությամբ ասաց Ռումատան խոնարհվելով, ― շտապում եմ ձեզ հայտնել, որ այդ կարևոր պաշտոնը դուք կարող եք թափուր համարել։
 
― Բայց ինչո՞ւ։
 
Ռումատան հայացքը գցեց նրբանցքին, որտեղ դեռ կանգնած էր դեղին փոշու սյունը։ Դոն Ռեբան նույնպես այդ կողմը նայեց։ Նրա դեմքին հայտնվեց մտահոգ արտահայտություն։
 
Օրը վաղուց արդեն կիսվել էր, երբ Կիրան ազնվազարմ դոնին ու նրա մեծագիտուն բարեկամին հրավիրեց սեղան նստելու։ Լողացած, մաքուր շորեր հագած, սափրված բժիշկ Բուդախը շատ պատկառելի տեսք ուներ։ Նրա շարժումներն անշտապ էին և արժանապատվությամբ լի, խելոք խաժ աչքերը նայում էին բարյացակամ և նույնիսկ ներողամտորեն։ Ամենից առաջ նա Ռումատայից ներողություն խնդրեց հրապարակում պոռթկալու համար։ «Բայց դուք պետք է ինձ հասկանաք, ― ասաց նա։ ― Դա մի սոսկալի մարդ է։ Նա դև է, որ լույս աշխարհ է եկել զուտ աստծու սխալի պատճառով։ Ես բժիշկ եմ, բայց չեմ ամաչում խոստովանել, որ հնարավորության դեպքում հաճույքով այն աշխարհը կուղարկեմ նրան։ Ես լսել էի, որ թագավորին թունավորել են։ (Ռումատան ուշադրությունն էլ ավելի լարեց)։ Այդ Ռեբան եկավ իմ խուցն ու պահանջեց, որ իր համար այնպիսի թույն սարքեմ, որը ներգործի մի քանի ժամվա ընթացքում։ Հասկանալի է, ես հրաժարվեցի։ Նա սպառնաց, որ ինձ խոշտանգումների կենթաեկի։ Ես ծիծաղեցի նրա երեսին։ Այդժամ այս սրիկան կանչեց իր դահիճներին, ու նրանք փողոցից բռնեցին տասը տարեկանից ոչ մեծ մի դյուժին տղաների ու աղջիկների։ Նա երեխաներին կանգնեցրեց իմ առաջ, բաց արեց դեղապարկն ու հայտարարեց, որ բոլոր դեղերը կփորձի այդ երեխաների վրա, մինչև որ կգտնի իր ուզածը․․․ Ահա թե ինչպես թունավորվեց թագավորը»։
 
Բուդախի շրթունքները սկսեցին դողալ, բայց նա տիրապետեց իրեն։ Ռումատան նրբանկատորեն դեմքը շրջել էր և գլխով էր անում։ Հասկանալի է, մտածում էր նա։ Ամեն ինչ հասկանալի է։ Իր մինիստրի ձեռքից թագավորը նույնիսկ վարունգ չէր վերցնի։ Ու սրիկան թագավորին էր հրամցրել ինչ֊որ ստահակի, որին խոստացել էր լեյբ֊հեքիմի կոչում տալ, եթե թագավորին բուժի։ Ու հասկանալի է, թե ինչու Ռեբան այդպես ուրախացավ, երբ թագավորի ննջարանում ես նրան մերկացրի։ Դժվար թե նա ավելի հարմար առիթ գտներ, որ թագավորին հրամցներ կեղծ Բուդախին։ Ամբողջ պատասխանատվությունն ընկնում էր Ռումատա Էստերացու՝ իրուկանյան լրտեսի և դավադրի վրա։ Մենք լակոտներ ենք, մտածեց Ռումատան։ Ւնստիտուտում պետք է հատուկ դասընթաց մտցնել՝ ֆեոդալական բանսարկուների դասընթաց։ Եվ առաջադիմությունը գնահատել ռեբաներով։ Ավելի լավ է՝ դեցիռեբաներով։ Ասենք, ո՜վ կհասնի նրան․․․
 
Ըստ երևույթին, բժիշկ Բուդախը շատ քաղցած էր։ Սակայն նա մեղմորեն, բայց վճռականորեն հրաժարվեց կենդանական կերից և իր ուշադրությանն արժանացրեց միայն սալաթներն ու մուրաբայով կարկանդակները։ Մի բաժակ էստորյանից հետո նրա աչքերը փայլատակեցին և այտերը թունդ կարմրեցին։ Ռումատան չէր կարողանում ուտել։ Նրա աչքերի առաջ ճարճատում էին բոսորագույն ջահերը, ամեն կողմից խանձված մսի հոտ էր փչում, և կոկորդում ասես բռունցքի չափ գունդ էր կանգնած։ Ուստի սպասելով, որ հյուրը կշտանա, նա կանգնել էր պատուհանի մոտ ու հարգալից, դանդաղ ու հանգիստ զրույց էր վարում, որ հյուրին չխանգարի կերակուրը ծամել։
Քաղաքն աստիճանաբար կենդանանում էր։ Փողոցներում մարդիկ էին հայտնվում, ձայները ավելի բարձր էին հնչում, լսվում էր մուրճերի շրխկոցը և փայտի ճռռոցը տների տանիքներից ու պատերից պոկում էին հեթանոսական կուռքերի պատկերները։ Հաստլիկ ու ճաղատ խանութպանը գարեջրի տակառով սայլակը կանգնեցրել էր հրապարակում և գարեջուր էր վաճառում՝ գավաթը երկու գրոշ։ Քաղաքի բնակիչները հարմարվում էին։ Դիմացի տան մուտքում, քիթը քչփորելով, լղար տանտիրուհու հետ խոսում էր վտիտ լրտես֊թիկնապահը։ Հետո պատուհանի տակով անցան մինչ երկու հարկի բարձրությամբ բեռնված սայլերը։ Ռումատան սկզբում չհասկացավ, թե դրանք ինչ սայլեր են, հետո տեսավ հաստ կտավի տակից կախված կապտած ու սևացած ձեռքերն ու ոտքերը, և իսկույն հեռացավ պատուհանի մոտից։
 
― Մարդու էությունը, ― դանդաղ ծամելով խոսում էր Բուդախը, ― ամեն ինչին հարմարվելու զարմանալի ունակությունն է։ Բնության մեջ չկա մի այնպիսի բան, որին մարդը չհարմարվեր։ Ոչ ձին, ոչ շունը, ոչ էլ կովը օժտված չեն այդպիսի հատկությամբ։ Հավանաբար, աստված մարդուն ստեղծելիս կռահում էր, թե ինչ տանջանքների է նրան դատապարտելու, և նրան ուժերի և համբեության վիթխարի պաշար է տվել։ Դժվար է ասել, դա լա՞վ է, թե վատ։ Եթե մարդը չունենար այդ համբերությունն ու դիմացկունությունը, բոլոր բարի մարդիկ վաղուց արդեն կործաված կլինեին, աշխարհի երեսին կմնային միայն չարերն ու սրիկաները։ Մյուս կողմից, դիմանալու ու համբերելու սովորությունը մարդկանց դարձնում է անլեզու անասուն, քանզի նա ոչնչով, բացի անատոմիայից, չի տարբերվում կենդանիներից և նույնիսկ իր անպաշտպանությամբ գերազանցում է նրան։ Եվ յուրաքանչյուր օրը չարի ու բռնության մի նոր արհավիրք է ծնում․․․
 
Ռումատան նայեց Կիրային։ Աղջիկը նստել էր Բուդախի դիմաց և, աչքերը նրանից չկտրելով, այտը բռունցքին հենած ուշադիր լսում էր։ Նրա աչքերը թախծոտ էին, երևում է, շատ էր խղճում մարդկանց։
 
― Հավանաբար, դուք իրավացի եք, հարգարժան Բուդախ, ― ասաց Ռումատան։ ― Բայց վերցնենք ինձ։ Ես մի հասարակ ազնվազարմ դոն եմ (Բուդախի բարձր ճակատը կնճռոտվեց, աչքերը զարմանքով և ուրախ կլորացան)։ Ես շատ եմ սիրում գիտուն մարդկանց։ Նրանք ոգու ազնվականությունն են։ Ու ինձ հայտնի չէ, թե ինչո՞ւ դուք՝ վեհ գիտելիքների միակ պահպաններդ ու միակ տերերդ, այդքան անհուսալիորեն պասիվ եք։ Ինչո՞ւ դուք հլու հնազանդ թույլ եք տալիս, որ արհամարեն ձեզ, բանտերը նետեն, այրեն խարույկների բոցերում։ Ինչո՞ւ դուք ձեր կյանքի իմաստը՝ գիտելիքների հայթայթումը, անջատում եք կյանքի գործնական պահանջներից՝ չարիքի դեմ պայքարելուց։
 
Բուդախն իրենից հեռացրեց դատարկ ափսեն, որի մեջ եղած կարկանդակներն արդեն կերել էր։
 
― Դուք շատ արտառոց հարցեր եք տալիս, դոն Ռումատա, ― ասաց նա։ Հետաքրքիր է, որ նույն այդ հարցերը ինձ տալիս էր ազնվազարմ դոն Գուգը՝ մեր հերցոգի անկողնապետը։ Դուք ծանո՞թ եք նրա հետ։ Ես այդպես էլ մտածում էի․․․ Չարի դեմ պայքար։ Բայց ի՞նչ բան է չարը։ Ամեն մեկը դա յուրովի կարող է հասկանալ։ Մեզ՝ գիտնականներիս համար, չարիքը տգիտությունն է, սակայն եկեղեցին սովորեցնում է, որ տգիտությունը բարիք է, և բոլոր չարիքները ծագում են գիտելիքներից։ Հողագործի համար չարիքը հարկերն են և երաշտը, իսկ հացավաճառի համար երաշտը բարիք է։ Ստրուկների համար չարիք է հարբած ու դաժան տերը, արհեստավորի համար՝ ագահ վաշխառուն։ Այդ ո՞րն է չարիքը, որի դեմ պայքարել է պետք, դոն Ռումատա։ Նա տխուր նայեց ունկնդիրներին։ Չարիքն անհնարին է ոչնչացնել։ Ոչ մի մարդ ընդունակ չէ աշխարհում պակասեցնել չարիքը։ Նա կարող է սոսկ ինչ֊որ չափով բարելավել իր սեփական ճակատագիրը, բայց միշտ ի հաշիվ մյուսների ճակատագրի վատթարացման։ Ու միշտ կլինեն թագավորներ՝ առավել կամ պակաս դաժան, բարոններ՝ առավել կամ պակաս բիրտ ու վայրենի, ու միշտ կլինեն տգետ մարդիկ, որոնք կհիանան իրենց հարստահարողներով և կատեն իրենց ազատարարներին։ Եվ այս ամենը սոսկ այն պատճառով, որ ստրուկը շատ ավելի լավ է հասկանում իր տիրոջը, նույնիսկ իր ամենաանգութ տիրոջը, քան իր ազատարարին, քանզի ամեն մի ստրուկ հրաշալի պատկերացնում է իրեն տիրոջ տեղում, բայց երբեք իրեն չի պատկերացնում անշահախնդիր ազատարարի տեղում։ Մարդն այսպիսին է, դոն Ռումատա, և այսպիսին է մեր աշխարհը։
 
― Աշխարհն անընդհատ փոխվում է, բժիշկ Բուդախ, ― ասաց Ռումատան։ ― Մենք հիշում ենք այնպիսի ժամանակներ, երբ թագավորներ չեն եղել։
 
― Աշխարհը չի կարող հավերժ փոխվել, ― առարկեց Բուդախը, ― քանզի ոչ մի բան հավերժ չէ, նույնիսկ փոփոխվելը․․․ Մենք չգիենք կատարելության օրենքները, սակայն վաղ թե ուշ հասնում ենք կատարելության։ Հապա նայեք, ինչպես է կառուցված մեր հասարակությունը։ Ինչպես է մեր աչքը շոյում այս հստակ, երկրաչափորեն ճիշտ համակարգը։ Ներքևում գյուղացիներն են ու արհեստավորները, նրանց վերևում՝ ազնվականները, հետո՝ հոգևորականները և, վերջապես, թագավորը։ Ինչպե՜ս է այս ամենը մտածված, և ինչպիսի՜ կայունություն, ինչպիսի՜ ներդաշնակ կարգուկանոն։ Էլ ի՞նչը պիտի փոխվի այս հղկված բյուրեղի մեջ, որ դուրս է եկել երկնային ոսկերչի ձեռքերից։ Բուրգերից ավելի հաստատուն կառույցներ չկան, կասի ձեզ իր գործը իմացող ամեն մի ճարտարապետ։ ― Բուդախը խրատական տեսքով բարձրացրեց մատը։ Պարկից թափվող ցորենը հավասար շերտով չի փռվում, այլ գոյացնում է, այսպես կոչված, կոնաձև բուրգ։
 
― Մի՞թե դուք լրջորեն համոզված եք, որ այս աշխարհը կատարյալ է, ― զարմացավ Ռումատան։ ― Դոն Ռեբայի հետ ձեր երեկվա հանդիպումից հետո, բանտից հետո․․․
 
― Իմ երիտասարդ բարեկամ, դե իհա՛րկե, անշո՛ւշտ։ Այս աշխարհում ինձ շատ բան դուր չի գալիս, շատ բան կուզեի փոխված տեսնել․․․ Բայց ի՞նչ արած։ Բարձրագույն ուժերի աչքում կատարելությունը այլ տեսք ունի, քան իմ։ Ի՞նչու պիտի ծառը բողոքի, որ ինքը չի կարող քայլել, թեև ուրախ կլիներ, եթե կարողանար փախչել անտառահատի կացնից։
 
― Իսկ եթե հնարավոր լիներ փոխել բարձրագույն նախանշումնե՞րը։
 
― Դրան ընդունակ են միայն բարձրագույն ուժերը․․․
 
― Բայց, այնուամենայնիվ, պատկերացրեք, որ դուք աստված եք․․․
 
Բուդախը ծիծաղեց։
 
― Եթե ես կարողանայի ինձ աստված պատկերաացնել, ապա կլինեի աստված։
 
― Դե իսկ եթե դուք հնարավորություն ունենայիք աստծուն խորհուրդ տալու․․․
 
― Դուք հարուստ երևակայություն ունեք, ― գոհունակությամբ ասաց Բուդախը։ ― Դա լավ է։ Դուք գրագե՞տ եք։ Սքանչելի՜ է։ Ես հաճույքով կպարապեի ձեզ հետ։
 
― Դուք ինձ ուրախացնում եք․․․ Բայց, այնուամենայնիվ, ի՞նչ խորհուրդ կտայիք ամենազորին։ Ձեր կարծիքով, ամենազորն ի՞նչ պիտի անի, որ դուք ասեք․ այ հիմա աշխարհը բարի ու լավ է․․․
 
Բուդախը խրախուսիչ ժպտալով, հետ ընկավ բազկաթոռի թիկնակին ու ձեռքերը դրեց փորին։ Կիրան կլանված նրան էր նայում։
 
― Դեհ, ասաց նա, ― խնդրեմ։ Ես ամենազորին կասեի․ «Արարիչ, ես չգիտեմ քո ծրագրերը, միգուցե դու չես էլ մտածում մարդկանց բարի ու երջանիկ դարձնել։ Ցանկացի՛ր դա։ Դա այնքա՛ն հեշտ բան է։ Մարդկանց տուր անհաշիվ հաց, միս ու գինի, տուր ապաստան ու հագուստ։ Թող վերանան կարիքն ու սովը, ու նաև այն ամենը, ինչ թշնամացնում է մարդկանց»։
 
― Եվ միայն այդքա՞նը, ― հարցրեց Ռումատան։
 
― Ձեզ սա քի՞չ է թվո՞ւմ։
 
Ռումատան տարուբերեց գլուխը։
 
― Աստված ձեզ կպատասխաներ․ «Դա օգուտ չի տա մարդկանց։ Քանզի ձեր աշխարհի ուժեղները թույլերից կխլեն այն, ինչ ես տվեցի նրանց, ու թույլերը առաջվա պես աղքատ կմնան»։
 
― Ես կխնդրեի պաշտպանել թույլերին։ «Խելքի բեր դաժան տիրակալներին», ― կասեի ես։
 
― Դաժանությունը ուժ է։ Կորցնելով իրենց դաժանությունը՝ տիրակալները կորցնում են նաև ուժը, և ուրիշ դաժաններ են փոխարինում նրանց։
 
Բուդախը դադարեց ժպտալ։
 
― Պատժիր դաժաններին, ― կտրուկ ասաց նա, ― որպեսզի ուժեղները չցանկանան դաժան լինել թույլերի նկատմամբ։
 
― Մարդը ծնվում է թույլ։ Նա դառնում է ուժեղ, երբ նրա շրջապատում իրենից ուժեղը չկա։ Երբ կպատժվեն դաժան ուժեղները, նրանց տեղը կգրավեն թույլերի մեջ եղած ուժեղները։ Նույնպես դաժանները։ Արդ հարկ կլինի պատժել բոլորին, իսկ ես դա չեմ ուզում։
 
― Դու ավելի լավ գիտես, ամենազոր։ Ուրեմն այնպես արա, որ մարդիկ ամեն ինչ ստանան ու իրար ձեռքից չխլեն քո տվածները։
 
― Դա էլ օգուտ չի տա մարդկանց, ― հառաչելով ասաց Ռումատան, ― քանզի երբ նրանք ամեն ինչ ձրի ստանան, առանց աշխատանքի, իմ ձեռքերից, ապա կմոռանան աշխատելը, կկորցնեն կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, կդառնան իմ ընտանի կենդանիները, որոնց ես ստիպված կլինեմ ընդմիշտ կերակրել ու հագցնել։
 
― Նրանց միանգամից մի՛ տուր ամեն ինչ, ― բորբոքված ասաց Բուդախը։ ― Քիչ֊քիչ տուր։ Աստիճանաբար։
 
― Աստիճանաբար մարդիկ իրենք էլ կվերցնեն այն ամենը, ինչ հասնում է իրենց։
 
Բուդախն ակամա ծիծաղեց։
 
― Այո, տեսնում եմ, որ դա այնքան էլ հեշտ բան չէ, ― ասաց նա։ Ես նախկինում բնավ չեմ մտածել այսպիսի բաների մասին․․․ Կարծեմ, մենք ամեն ինչ տնտղեցինք ու քննարկեցինք։ Ի դեպ, ― նա առաջ ընկավ, ― կա ևս մեկ հնարավորություն։ Այնպես արեք, որ մարդիկ ամենից շատ սիրեն աշխատանքն ու գիտելիքը, որ աշխատանք ու գիտելիքը դառնան նրանց կյանքի միակ իմաստն ու խորհուրդը։
 
Այո, մենք դա էլ էինք փորձել, մտածեց Ռումատաան։ Զանգվածային հիպնոինդուկցիա, պոզիտիվ վերաբարոյականացում։ Հիպնոճառագայթիչներ հասարակածային երեք արբանյակների վրա․․․
 
― Ես դա էլ կարող էի անել, ― ասաց նա։ ― Բայց արժե՞ արդյոք մարդկությանը զրկել պատմությունից։ Արժե՞ արդյոք մի մարդկությանը փոխել մի ուրիշ մարդկությամբ։ Արդյո՞ք դա նույն բանը չի լինի, եթե մարդկությունը ջնջենք աշխարհի երեսից և նրա տեղը նոր մարդկություն ստեղծենք։
 
Կնճռոտելով ճակատը՝ Բուդախը լուռ խորհում էր։ Ռումատան սպասում էր։ Պատուհանի տակ նորից վշտաբեկ ճռռացին սայլերը։ Բուդախը կամացուկ ասաց․
 
― Այդժամ, տեր աստված, ջնջիր մեզ աշխարհի երեսից և ստեղծիր նորը, ավելի կատարյալը․․․ կամ, ավելի լավ կլինի, թող մեզ ու թույլ տուր գնալ մեր ճանապարհով։
 
― Սիրտս լի է գութով, ― դանդաղ ասաց Ռումատան։ ― Ես չեմ կարող դա անել։
 
Ու այդժամ նա տեսավ Կիրայի աչքերը։ Կիրան նրան էր նայում սարսափով և հույսով։
 
 
==Գլուխ իններորդ==
 
 
Բուդախին պառկեցնելով, որ հանգստանա երկար ճանապարհից առաջ, Ռումատան գնաց իր աշխատասենյակը։ Սպորամինի ազդեցությունը վերջանում էր, նա նորից իրեն թույլ էր զգում ու ջարդված, նորից սկսեցին ցավել ծեծված տեղերն ու այտուցվեցին դաստակները։ Պետք է քնել, մտածեց նա, անպայման պետք է քնել։ Եվ պետք է կապվել դոն Կոնդորի հետ։ Հարկավոր է կապվել նրա պարեկային դիրիժաբլի հետ, թող հաղորդի Բազային։ Եվ հարկավոր է որոշել, թե ինչ պիտի անենք հիմա, ու կարո՞ղ ենք արդյոք որևէ բան անել, ու ի՞նչ կլինի, եթե այլևս ոչինչ չկարողանանք անել։
 
Աշխատասենյակում, սեղանի մոտ, բազկաթոռի վրա կծկված, ձեռքերը բարձր արմնկակալներին դրած, նստել էր մի սև վանական՝ վեղարը քաշած աչքերին։ Լա՜վ է, մտածեց Ռումատան։
 
― Դու ո՞վ ես, ― հոգնած հարցրեց նա։ ― Ո՞վ է քեզ ներս թողել։
 
― Բարի օր, ազնվազարմ դոն Ռումատա, ― ասաց վանականը, վեղարը դեմքից հետ տանելով։
 
Ռումատան օրորեց գլուխը։
 
― Լա՜վ է, ― ասաց նա։ ― Բարի օր, քաջարի Արատա։ Ինչո՞ւ եք դուք այստեղ։ Ի՞նչ է պատահել։
 
― Ինչ որ միշտ, ― ասաց Արատան։ ― Բանակը ցրվեց, բոլորը հողեր են բաժանում, ոչ ոք չի ուզում հարավ գնալ։ Հերցոգը հավաքում է չմորթվածներին, ու շուտով իմ տղերքին գլխիվայր կկախի Էստորյան ճանապարհի երկյանքով։ Ինչպես միշտ։
 
― Հականալի է, ― ասաց Ռումատան։
 
Նա փռվեց թախտի վրա, ձեռքերը դրեց գլխի տակ ու սկսեց Արատային նայել։ Քսան տարի առաջ, երբ Անտոնը մոդելներ էր սարքում և Վիլհելմ Տել էր խաղում, այս մարդուն անվանում էին Արատա Գեղեցիկ, և այն ժամանակ նա իրոք բոլորովին էլ այսպիսին չէր, ինչպիսին է հիմա։ Արատա Գեղեցիկի հոյակապ բարձր ճակատին չկար այս այլանդակ մանուշակագույն խարանը․ այն հայտնվեց սոանյան նավաշինարարների խռովությունից հետո, երբ երեք հազար տկլոր ստրուկ արհեստավորներ, որոնց սոանյան նավաշինարարներն էին քշել կայսրության բոլոր ծայրերից ու այնքան էին ծեծել, որ նրանք նույնիսկ կորցրել էին ինքնապաշտպանության բնազդը, մի մութ գիշերով դուրս պրծան նավահանգստից, սուրացին Սոանով մեկ, իրենց հետևից թողնելով դիակներ ու հրդեհներ, և ծայրամասում դեմ առան զրահներով զինված կայսերական հետևակին․․․
 
Եվ, իհարկե, ժամանակին Արատա Գողեցիկը երկու աչք ուներ։ Նրա աջ աչքը խոռոչից դուրս ընկավ բարոնի գավազանի դիպուկ հարվածից, երբ քսան հազարանոց գեղջկական բանակը, ամբողջ մետրոպոլիայով մեկ հետապնդելով բարոնների դրուժինաներին, բաց դաշտում հանդիպեց կայսեր հինգ հազարանոց գվարդիային, կայծակնային կերպով մասնատվեց, շրջապատվեց, ջախջախվեց ու տրորվեց մարտական ուխտերի փոշոտ պայտերի տակ․․․
 
Եվ, հավանաբար, Արատա Գեղեցիկը սոճու պես սլացիկ է եղել։ Սապատն ու նոր մականունը նա ձեռք բերեց այստեղից երկու ծով այն կողմ գտնվող Ուրանյան հերցոգությունում, Եղանների պատերազմի ժամանակ, երբ յոթամյա ժանտախտից ու երաշտից հետո չորս հարյուր հազար կենդանի կմախքներ եղաններով ու մանգաղներով կոտորեցին ազնվականներին ու պաշարեցին Ուրանի հերցոգի դղյակը, և հերցոգը, որի տկար ուղեղն ավելի էր տկարացել անասելի սարսափից, իր հպատակներին ներում պարգևեց, հինգ անգամ իջեցրեց ոգելիչ խմիչների գները և ազատություններ խոստացավ, ու Արատան արդեն տեսնելով, որ ամեն ինչ վերջացել է, աղաչում էր, պահանջում, անիծում չենթարկվել խաբեությանը, և ահա պարագլուխները, որոնք գտնում էին, որ լավից լավը չեն փնտրում, բռնեցին Արատային, ծեծեցին երկաթե ձողերով ու գցեցին աղբահորը, որ այնտեղ մեռնի․․․
 
Իսկ աջ դաստակի երկաթե օղակը կրում էր դեռ այն ժամանակ, երբ նրա անունը Արատա Գեղեցիկ էր։ Այդ օղակը շղթայով ամրացված էր ծովահենների թիանավի թիակին, և Արատան փշրեց շղթան, այս օղակով խփեց նավապետ Էգա Շողոքորթի քունքին, գրավեց նավը, իսկ հետո ծովահենների ամբողջ տորմիղը ու փորձեց ազատ հանրապետություն ստեղծել ջրի վրա։ Եվ այս ձեռնարկումն ունեցավ հարբած արյունահեղ վախճան, որովհետև այն ժամանակ Արատան երիտասարդ էր, չէր կարողանում ատել ու կարծում էր, թե սոսկ միայն ազատությունը բավական է, որ ստրուկը նմանվի աստծու․․․
 
Նա պրոֆեսիոնալ խռովարար էր, վրիժառու՝ աստծու ողորմությամբ, միջին դարերում բավականին հազվադեպ մի խառնվածք։ Պատմական էվոլյութիան երբեմն ծնում է այսպիսի գայլաձկների և նրանց բաց թողնում սոցիալական հորձանուտները, որպեսզի հատակի պլանկտոնը խժռող ճարպոտ ծածանները չննջեն․․․ Արատան այստեղ միակ մարդն էր, որի նկատմամբ Ռումատան ոչ ատելություն էր տածում, ոչ էլ խղճահարություն, և հինգ տարի արյան ու գարշահոտության մեջ ապրած երկրացու իր բորբ երազներում նա հաճախ էր իրեն տեսնում որպես Արատա, որն անցել էր Տիեզերքի բոլոր ղժոքներով և դրա դիմաց վաստակել էր մարդասպաններին սպանելու, դահիճներին խոշտանգելու և դավաճաններին դավաճանելու վեհ իրավունքը․․․
 
― Երբեմն ինձ թվում է, ― ասաց Արատան, ― որ մենք բոլորս անզոր ենք։ Ես խռովարարների հավերժական առաջնորդն եմ ու գիտեմ, որ իմ ողջ ուժը արտասովոր կենսունակության մեջ է։ Բայց այդ ուժը չի օգնում իմ անզորությանը։ Իմ հաղթանակները առեղծվածային կերպով շրջվում են պարտության։ Իմ մարտական ընկերները դառնում են ախոյաններ, ամենաքաջերը փախչում են, ամենահավատարիմները դավաճանում են կամ մահանում։ Եվ ես ոչինչ չունեմ, բացի իմ մերկ ձեռքերից, իսկ մերկ ձեռքերով չես հասնի ամրոցի պարիսպների հետևում նստած ոսկեզօծ կուռքերին․․․
 
― Ինչպե՞ս հայտնվեցիկ Արկանարում, ― հարցրեց Ռումատան։
 
― Վանականների նավով եմ եկել։
 
― Դուք խելագարվե՜լ եք։ Չէ՞ որ ձեզ ճանաչելը շատ հեշտ է․․․
 
― Միայն թե ոչ վանականների ամբոխի մեջ։ Միաբանության սպաների կեսը ինձ նման խեղվածներ են ու հաշմվածներ։ Հաշմանդամները հաճո են աստծուն։
 
Նա քմծիծաղեց՝ նայելով Ռումատայի դեմքին։
 
Եվ ի՞նչ եք մտադիր անել, ― հարցրեց Ռումատան, ներքև նայելով։
 
― Ինչ որ միշտ։ Ես գիտեմ ինչ բան է Սուրբ Միաբանությունը, մի տարի էլ չի անցնի, ու Արկանարի ժողովուրդը կացիններն առած դուրս կգա իր հյուղակներից, որ կռվի բռնվի փողոցներում։ Եվ ես կառաջնորդեմ խռովարարներին, որպեսզի կոտորեն նրանց, ում պետք է կոտորեն, և ոչ թե իրարու կամ անխտիր բոլորին։
 
― Ձեզ փող պետք չի՞, ― հարցրեց Ռումատան։
 
― Այո, ինչպես միշտ։ Եվ զենք․․․ ― Նա լռեց, ապա փոքր֊ինչ վեհերոտ ասաց․
 
― Դոն Ռումատա, հիշո՞ւմ եք, ինչպես էի վշտացել, երբ իմացա, թե ով եք դուք։ Ես ատում եմ տերտերներին, ու ինձ համար ցավալի էր, որ նրանց սին հեքիաթները ճիշտ դուրս եկան։ Բայց խեղճ խռովարարը պետք է օգուտ քաղի բոլոր հանգամանքներից։ Տերտերներն ասում են, որ աստվածները տիրում են կայծակներին․․․ Դոն Ռումատա, կայծակներն ինձ շա՛տ են պետք, որ տապալեմ ամրոցների պարիսպները․․․
 
Ռումատան խոր հոգոց հանեց։ Երբ Ռումատան հրաշքով փրկեց Արատային, փախցնելով նրան ուղղաթիռով, Արատան համառորեն բացատրություն պահանջեց։ Ռումատան փորձեց պատմել իր մասին։ Նա նույնիսկ գիշերային երկնքում ցույց տվեց արեգակը՝ պստլիկ, հազիվ նշմարվող աստղը։ Բայց խռովարարը միայն մի բան հասկացավ․ անիծյալ տերտերներն իրավացի են, «երկնային հաստատությունից» այն կողմ իրոք ապրում են աստվածներ՝ ամենակարող ու ամենաբարի աստվածներ։ Եվ այդ ժամանակից սկսած Ռումատայի հետ ամեն մի խոսակցություն նա մի բանի էր հանգեցնում․ աստված, քանի որ դու կաս, տուր ինձ քո ուժը, զորությունը, քանզի դա ամենալավ բանն է, որ դու կարող ես անել։
 
Եվ ամեն անգամ Ռումատան լռում էր, կամ խոսքը փոխում։
 
― Դոն Ռումատա, ― ասաց խռովարարը, դուք ինչո՞ւ չեք ուզում օգնել մեզ։
 
― Մի րոպե, ― ասաց Ռումատան։ ― Շատ կներեք, բայց ես ուզում եմ իմանալ, թե դուք ինչպե՞ս եք ներս մտել։
 
― Դա կարևոր չէ։ Ինձանից բացի ոչ ոք չգիտի այդ ճանապարհը։ Մի՛ շեղվեք, դոն Ռումատա։ Ինչո՞ւ չեք ուզում ձեր զորությունը տալ մեզ։
 
― Չխոսենք այդ մասին։
 
― Ոչ, պիտի խոսենք։ Ես ձեզ չեմ կանչել։ Երբեք և ոչ մեկին ես չեմ աղոթել։ Դուք ինքներդ եկաք ինձ մոտ։ Թե՞ դուք պարզապես ցանկացաք զվարճանալ։
 
Դժվար է աստված լինել, մտածեց Ռումատան։ Ու համբերատար ասաց․
 
― Դուք ինձ չեք հասկանա։ Քսան անգամ փորձել եմ ձեզ բացատրել, որ ես աստված չեմ, բայց դուք չեք հավատացել։ Ու չեք հասկանա, թե ինչու չեմ կարող օգնել զենքով․․․
 
― Դուք կայծակ ունե՞ք։
 
― Ես չեմ կարող ձեզ կայծակ տալ։
 
― Ես դա լսել եմ արդեն քսան անգամ, ― ասաց Արատան։ ― Հիմա ուզում եմ իմանալ ինչո՞ւ։
 
― Ես կրկնում եմ․ չեք հասկանա։
 
― Իսկ դուք փորձեք հասկացնել։
 
― Ի՞նչ եք ուզում անել կայծակներով։
 
― Ես փայտոջիլի պես կվառեմ բոլոր ոսկեզօծ սրիկաներին, նրանց ողջ անիծյալ ցեղը, մինչև տասներկուերորդ պորտը։ Գետնի երեսից կջջնջեմ նրանց ամրոցները։ Ես կվառեմ նրանց բանակներն ու բոլորին, ով կպաշտպանի կամ կաջակցի նրանց։ Կարող եք չանհանգաստանալ, ձեր կայծակները միայն բարի գործերի կծառայեն։ Եվ երբ աշխարհում կմնան միայն ազատագրված ստրուկները ու խաղաղություն կհաստատվի, ես կվերադարձնեմ ձեր կայծակներն ու էլ երբեք չեմ ուզի։
 
Արատան ծանր շնչելով, լռեց։ Նրա դեմքը մգացավ արյան հոսքից։ Երևի նա արդեն տեսնում էր բոցակեզ հերցոգություններն ու թագավորությունները, և ավերակների մեջ ընկած մոխրացած դիակները, և հաղթողների վիթխարի բանակները, որոնք խանդավառ գոռում էին՝ «Ազատությո՜ւն։ Ազզատությո՜ւն»։
 
― Ո՛չ, ― ասաց Ռումատան։ Ես ձեզ կայծակ չեմ տա։ Դա սխալ կլինի։ Ջանացեք հասկանալ ինձ, ես ավելի հեռուն եմ տեսնում, քան դուք․․․ (Արատան նրան լսում էր գլուխը կրծքին հակած): Ռումատան սեղմեց մատները։ ― Ես միայն մեկ փաստարկ կբերեմ։ Այն չնչին է գլխավորի համեմատությամբ, բայց դուք կհասկանաք։ Դուք կենսունակ եք, քաջարի Արատա, բայց և դուք էլ եք մահկանացու, ու եթե դուք զոհվեք, եթե կայծակներն ընկնեն ուրիշ ձեռքեր, որոնք մաքուր չեն լինի ձեր ձեռքերի պես, այդժամ ես նույնիսկ սարսափում եմ պատկերացնել, թե դա ինչ վախճան կունենա․․․
 
Երկար ժամանակ նրանք լուռ էին։ Հետո Ռումատան մառանից բերեց էստորյան գինի և ուտելիք ու դրեց հյուրի առաջ։ Արատան, առանց աչքերը բարձրացնելու, մի կտոր հաց կտրեց և գինի լցրեց բաժակը։ Ռումատան ցավագին երկվության մի տարօրինակ զգացում ուներ։ Նա գիտեր, որ իրավացի է, բայց այդ իրավացիությունը տարօրինակ կերպով ստորացնում էր նրան, և ոչ միայն նրան, այլ բոլոր նրանց, ով անկոչ եկել էր այս մոլորակը ու, անզոր խղճահարությամբ համակված, նրա կյանքի ահարկու եռքն էր դիտում անաչառ վարկածների և այստեղ խորթ բարոյականության նոսր բարձրունքներից։ Եվ առաջին անգամ Ռումատան մտածեց․ ոչ մի բան չի կարելի ձեռք բերել առանց կորցնելու․ մենք անսահմանորերն ուժեղ ենք Արատայից բարու մեր թագավորությունում և անսահմանորեն թույլ ենք Արատայից՝ նրա չարի թագավորությունում․․․
 
― Դուք չպետք է իջնեիք երկնքից, ― հանկարծ ասաց Արատան։ ― Վերադարձեք երկինք։ Դուք միայն վնաս եք տալիս մեզ։
 
― Դա ճիշտ չէ, ― մեղմորեն առարկեց Ռումատան։ ― Համենայն դեպս, մենք ոչ ոքի չենք վնասել։
 
― Ոչ, դուք վնասում եք։ Դուք անհիմն հույսեր եք ներշնչում․․․
 
― Ո՞ւմ։
 
― Ինձ։ Դուք թուլացրիք իմ կամքը, դոն Ռումատա։ Առաջ ես հույսս դնում էի միայն ինձ վրա, իսկ հիմա դուք այնպես արեցիք, որ ես թիկունքում զգում եմ ձեր ուժը։ Առաջ ես ամեն մի մարտը այնպես էի վարում, ասես դա իմ վերջին մարտն էր։ Իսկ հիմա զգում եմ, որ ինձ խնայում եմ ուրիշ մարտերի համար, որոնք կլինեն վճռական, որովհետև դուք կմասնակցեք դրանց․․․ Գնացեք այստեղից, դոն Ռումատա, վերադարձեք երկինք ու էլ երբեք մի՛ եկեք։ Կամ տվեք մեզ ձեր կայծակները, կամ գոնե ձեր երկաթե թռչունը, կամ էլ մերկացրեք ձեր սուսերն ու առաջնորդեք մեզ։
 
Արատան լռեց ու ձեռքը մեկնեց հացին։ Ռումատան նայում էր եղունգներից զրկված նրա մատներին։ Երկու տարի առաջ նրա եղունգները հատուկ գործիքով պոկել էր անձամբ ինքը՝ դոն Ռեբան։ Դու դեռ ամեն ինչ չգիտես, մտածեց Ռումատան։ Դու դեռ մխիթարում ես քեզ այն մտքով, որ միայն ինքդ ես դատապարտված պարտության։ Դու դեռ չգիտես, թե ինչքան անհույս է բուն քո գործը։ Դու դեռ չգիտես, որ թշնամին ավելի շատ ոչ թե քո զինվորներից դուրս է, այլ նրանց մեջ է։ Դու, երևի, դեռ կտապալես Միաբանությունը և գյուղացիական խռովության հորձանքը քեզ կնետի Արկանարի գահի վրա, դու հողին կհավասարեցնես ազնվականական ապարանքները, բարոններին կխեղդես նեղուցում, ու ընդվզած ժողովուրդը քեզ կպատվի ու կմեծարի որպես մեծ ազատարարի, ու դու կլինես բարի ու իմաստուն՝ միակ բարի ու իմաստուն մարդը քո թագավորությունում։ Եվ քո բարությամբ կսկսես հողեր բաժանել զինվորներիդ, իսկ քո զինակիցների ինչի՞ն է պետք հողն առանց ճորտերի։ Եվ անիվը կպտտվի հակառակ ուղղությամբ։ Եվ փառք պիտի տաս, եթե դու հասցնես մեռնել քո բնական մահով և չտեսնես նոր բարոնների ու կոմսերի հայտնությունը երեկվա քո հավատարիմ ռազմիկներից։ Այդպես արդեն եղել է, իմ քաջարի Արատա․ և՛ Երկրի վրա, և՛ քո մոլորակում։
 
Լռո՞ւմ եք, ― ասաց Արատան։ Նա ափսեն հեռացրեց իրենից և փարաջայի թևքով սեղանից մաքրեց հացի փշրանքները։ ― Ժամանկին ես մի ընկեր ունեի, ― ասաց նա։ ― Դուք երևի լսած կլինեք՝ Վագա Անիվը։ Մենք միասին սկսեցինք։ Հետո նա դարձավ ավազակ, գիշերային արքա։ Ես չներեցի նրա դավաճանությունը, ու նա դա գիտի։ Նա ինձ շատ էր օգնել հեռու մնալու վախից ու քծնանքից, բայդ այլևս չցանկացավ վերադառնալ։ Նա իր նպատակներ ուներ։ Երկու տարի առաջ նրա մարդիկ ինձ հանձնեցին դոն Ռեբայի ձեռքը․․․ Արատան նայեց իր մատներին, որ սեղմվեցին բռունցքի մեջ․ ― իսկ այսօր առավոտյան ես նրան բռնեցի Արկանարի նավահանգստում․․․ Մեր գործում չի կարելի ընկեր լինել կիսով չափ։ Կիսով չափ ընկերը միշտ կիսով չափ թշնամի է։ ― Նա վեր կացավ ու վեղարը քաշեց աչքերին։ Ոսկին նույն տեղո՞ւմ է, դոն Ռումատա։
 
― Այո, ― դանդաղ ասաց Ռումատան, ― նույն տեղում։
 
― Ուրեմն ես գնամ։ Շնորհակալ եմ, դոն Ռումատա։
 
Նա անաղմուկ անցավ աշխատասենյակով և անհետացավ դռան հետևում։ Ներքևում, միջանցքում, կամաց շրխկաց փականքը։
 
Մի նոր հոգս ավելացավ, ասաց Ռումատան։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս էր նա ներս մտել։
 
 
==Գլուխ տասներորդ==
 
 
Հարբած Որջում համեմատաբար մաքուր էր, հատակը խնամքով ավլած էր, սեղանը սպիտակել էր քերելուց, անկյունում դրված անտառային խոտերի խրձերը հաճելի բուրմունքով էին լցրել խրճիթը։ Հայր Կաբանին, սթափ ու խաղաղ, ծանրումեծ նստել էր անկյունում և մաքուր լվացված ձեռքերը դրել էր ծնկներին։ Սպասելով, որ Բուդախը քնի, նրանք խոսում էին դեսից դենից։ Ռումատայի կողքը նստած Բուդախը բարեհոգի ժպիտով լսում էր ազնվազարմ դոների դատարկախոսությունը և մերթ ընդ մերթ ուժեղ ցնցվում էր դանթելով ու հանկարծ վեր թռչելով։ Նրա նիհար այտերն այրվում էին ձիու դեղաչափերով խմած տետրալյումինալից, որն աննկատ խառնել էին նրա խմիչքին։ Ծերուկը շատ էր գրգռված և դժվարությամբ էր քնում։ Անհամբեր դոն Գուգը սեղանի տակ ծռում և ուղղում էր ուղտի պայտերը, չփոխելով դեմքի ուրախ և անբռնազբոս արտահայտությունը։ Ռումատան փշրում էր հացը և հոգնած հետաքրքրությամբ նայում էր, թե դոն Կոնդորը ինչպես է դանդաղորեն լցվում մաղձով։ Մեծ կնիքների պահապանը ջղայնանում էր, քանզի ուշանում էր Տասներկու առևտրականների կոնֆերանսի արտաարգ գիշերային նիստից, որը նվիրված էր Արկանարյան հեղաշրջմանը, և որտեղ ինքը պիտի նախագահեր։
 
― Իմ ազնվազարմ բարեկամնե՜ր, ― վերջապես զրնգուն ձայնով ասաց բժիշկ Բուդախը, վեր կացավ տեղից ու ընկավ Ռումատայի վրա։ Ռումատան հոգատարությամբ գրկեց նրան։
 
― Պարտա՞ստ է, ― հարցրեց դոն Կոնդորը։
 
― Մինչև առավոտ չի զարթնի, ― ասաց Ռումատան, գրկեց Բուդախին ու տարավ պառկեցրեց հայր Կաբանիի անկողնում։
 
Հայր Կաբանին նախանձով ասաց․
 
― Բժշկին, ուրեմն, կարելի է կոնծել, իսկ հայր Կաբանիին, ուրեմն, չի կարելի, վնաս է։ Լավ բան չի ստացվում։
 
― Ես քառորդ ժամ ունեմ, ― ասաց դոն Կոնդորը ռուսերեն։
 
― Ինձ հինգ րոպեն էլ է հերիք, ― պատասխանեց Ռումատան, հազիվ զսպելով զայրույթը։ ― Ու ես նախկինում այնքան շատ եմ ձեզ ասել այդ մասին, որ հիմա մեկ րոպեն էլ հերիք է։ Ֆեոդալականության բազիսային տեսության համաձայն, ― նա կատաղորեն նայեց դոն Կոնդորի աչքերին, ― քաղաքացիների այս ամենասովորական ընդվզումը բարոնների դեմ, ― նա հայացքը փոխադրեց դոն Գուգին, ― վերածվեց Սուրբ Միաբանության դեմ ուղղված պրովոկացիոն գործողության և հանգեցրեց այն բանին, որ Արկանարը դարձավ ֆեոդալական֊ֆաշիստական ագրեսիայի բազա։ Մենք այնտեղ գլուխ ենք կոտրում, ապարդյուն ճգնելով մեր արծիվ դոն Ռեբայի բարդ, հակասական ու առեղծվածային անձը Ռիշելիեի, Նեքերի, Տոկուգավա Հեյասի, Մոնկի հետ դասել նույն շարքում, իսկ նա դուրս եկավ տխմարի մեկը և մանր խուլիգան։ Նա դավաճանեց ու ծախեց բոլորին ու ամեն ինչ, խճճվեց սեփական որոգայթներում, մահու չափ վախեցավ ու իրեն փրկելու համար կապվեց Սուրբ Միաբանության հետ։
 
Կես տարի հետո նրան կմորթեն, իսկ Միաբանությունը կմնա։ Ես նույնիսկ վախենում եմ պատկերացնել, թե դա ինչ հետևանք կունենա Անդրնեղուցի, ինչպես նաև ամբողջ Կայսրության համար։ Համենայն դեպս, Կայսրության սահմաններում մեր կատարած քսանամյա աշխատանքը ջուրը թափվեց։ Սուրբ Միաբանության հետ ոտք չես մեկնի։ Հավանաբար, Բուդախը վերջին մարդն է, որին ես փրկում եմ։ Այլևս ոչ մեկին փրկել չի լինի։ Ես վերջացրի։
 
Դոն Գուգը վերջապես կոտրեց պայտը և երկու կեսերը շպրտեց անկյունը։
 
― Այո, աչքաթող արինք, ― ասաց նա։ ― Իսկ միգուցե դա այդքան էլ սարսափելի չէ՞, Անտոն։
 
Ռումատան լուռ նայեց նրան։
 
― Դու պիրի դոն Ռեբային վերցնեիր, ― հանկարծ ասաց դոն Կոնդորը։
 
― Այսինքն՝ ո՞նց «վերցնեի»։
 
Դոն Կոնդորի դեմքի վրա կարմիր բծեր հայտնվեցին։
 
― Ֆիզիկապես, ― կտրուկ ասաց նա։
 
Ռումատան նստեց։
 
― Այսինքն՝ սպանեի՞։
 
― Այո՛։ Այո՛։ Այո՛։ Սպանեի՛ր։ Առևանգեի՛ր։ Զնդան գցեի՛ր։ Գործե՛լ էր պետք։ Եվ ոչ թե խորհրդակցել երկու հիմարների հետ, որոնք բնավ չէին պատկերացնում, թե ինչ է կատարվում այնտեղ։
 
― Ես էլ ոչ մի բան չէի հասկանում։
 
― Դու, համենայն դեպս, զգում էիր։
 
Բոլորը լռեցին։
 
― Բարկանյան կոտորածի նման բա՞ն էր, ― ցածրաձայն հարցրեց դոն Կոնդորը, ոչ մեկին չնայելով։
 
― Այո, մոտավորապես, բայց ավելի կազմակերպված։
 
Դոն Կոնդորը շրթունքը կծեց։
 
― Հիմա արդեն ո՞ւշ է նրան վերացնելը, ― հարցրեց նա։
 
― Անիմաստ է, ― ասաց Ռումատան։ ― Նախ նրան առանց մեզ էլ կվերացնեն, և հետո դա ընդհանրապես պետք չէ։ Նա, համենայն դեպս, իմ ձեռքում է։
 
― Ինչպե՞ս։
 
― Նա վախենում է ինձանից։ Կռահում է, որ իմ թիկունքում ուժեր կան։ Նույնիսկ առաջարկեց համագործակցել։
 
― Այո՞, ― փնչացրեց դոն Կոնդորը։ ― Այդ դեպքում անիմաստ է։
 
Դոն Գուգը, թեթևակի կակազելով ասաց․
 
― Հը, այս ամենը լո՞ւրջ է, ընկերներ։
 
― Ի՞նչը հատկապես, ― հարցրեց դոն Կոնդորը։
 
― Դե այս ամենը․․․ Սպանելը, ֆիզիկապես վերացնելը․․․ Դուք հո չե՞ք ցնդել։
 
― Ազնվազարմ դոնը վիրավորվել է գարշապարից, ― ցածր ասաց Ռումատան։
 
Դոն Կոնդորը դանդաղ ու հատու ասաց․
 
― Արտակարգ հանգամանքներում գործում են միայն արտակարգ միջոցներ։
 
Դոն Գուգը, անխոս շարժելով շրթունքները, հայացքը մեկից փոխադրեց մյուսի վրա։
 
― Դ․․․ Դուք․․․ Դուք հասկանո՞ւմ եք, թե ուր եք գլորվել, ― խոսեց նա։ Դ․․․ դուք հասկանո՞ւմ եք, թե ուր եք գլորվել, հա՞։
 
― Հանգստացիր, խնդրեմ, ― ասաց դոն Կոնդորը։ ― Ոչինչ չի լինի։ Եվ առայժմ հերիք է։ Ի՞նչ պիտի անենք Միաբանության հետ։ Ես առաջարկում եմ Արկանարի մարզը բլոկադայի ենթարկել։ Ձեր կարծի՞քը, ընկերներ։ Ու, խնդրում եմ, արագ։ Ես ուշանում եմ։
 
― Ես դեռ ոչ մի կարծիք չունեմ, ― առարկեց Ռումատան։ ― Իսկ Պաշկան՝ առավել ևս։ Պետք է Բազայի հետ խորհրդակցել։ Պետք է ուսումնասիրել։ Իսկ մեկ շաբաթ հետո կհանդիպենք ու կորոշենք։
 
― Համաձայն եմ, ― ասաց դոն Կոնդորն ու վեր կացավ։ ― Գնացինք։
 
Ռումատան Բուդախին գցեց ուսին և դուրս եկավ խրճիթից։ Դոն Կոնդորը լապտերով լուսավորում էր նրա ճանապարհը։ Նրանք մոտեցան ուղղաթիռին, և Ռումատան Բուդախին դրեց հետևի նստատեղի վրա։ Դոն Կոնդորը, շրխկացնելով թուրը և փաթաթվելով թիկնոցի մեջ, նստեց վարորդի բազկաթոռին։
 
― Դուք ինձ տուն կհասցնե՞ք, ― հարցրեց Ռումատան։ ― Ես վերջապես ուզում եմ քնել։
 
― Կհասցնեմ, ― փնչացրեց դոն Կոնդորը։ ― Միայն թե արագացրեք, խնդրում եմ։
 
― Ես հիմա կգամ, ― ասաց Ռումատան և վազեց խրճիթի կողմը։
 
Դոն Գուգը դեռ նստած էր սեղանի մոտ և, դեմը նայելով, շփում էր կզակը։ Հայր Կաբանին կանգնել էր նրա կողքն ու ասում էր․
 
― Միշտ էլ այդպես է լինում, բարեկամս։ Չարչարվում ես, որ ինչքան կարելի է լավ լինի, բայց ավելի վատ է ստացվում․․․
 
Ռումատան վերցրեց իր թրերն ու սուսերակալները։
 
― Բարով մնաս, Պաշկա, ― ասաց նա։ ― Մի՛ տխրի, պարզապես բոլորս էլ հոգնած ենք ու գրգռված։
 
Դոն Գուգը գլուխն օրորեց։
 
― Տե՛ս, Անտոն, ― ասաց նա։ ― Տե՛ս, հա՜․․․ Քեռի Սաշայի մասին ես բան չեմ ասում, նա վաղուց է այստեղ, մենք չէ, որ պիտի նրան դասեր տանք։ Իսկ այ դու․․․
 
― Ես քնել եմ ուզում, հասկացա՞ր, ― ասաց Ռումատան։ ― Հայր Կաբանի, բարի եղեք, ձիերս վերցրեք ու տարեք բարոն Պամպային։ Այս երկու օրս կգամ նրա մոտ։
 
Դրսում կամացուկ դռռացին պտուտակները։ Ռումատան ձեռքը թափ տվեց և դուրս վազեց խրճիթից։ Ուղղաթիռի լապտերների լույսի տակ հսկայական ձարխոտերն ու ծառերի սպիտակ բները արտառոց ու զարզանդելի տպավորություն էին թողնում։ Ռումատան մագլցեց խցիկն ու դուռը շրխկոցով փակեց։
 
Ուղղաթիռի խցիկից օզոնի, օրգանական երեսպատվածքի ու օծանելիքի հոտ էր գալիս։ Դոն Կոնդորը վեր բարձրացրեց մեքենան և վստահորեն առաջ տարավ Արկանարյան ճանապարհի երկայնքով։ Ես հիմա այդպես չէի կարողանա, նախանձով մտածեց Ռումատան։ Հետևում խաղաղ ֆսսացնում էր քնած Բուդախը։
 
― Անտոն, ― ասաց դոն Կոնդորը, ― ես․․․ ը․․․ ը․․․ ը․․․ չեմ ուզում անտակտ լինել, ու չմտածես, որ ես․․․ ը․․․ ը․․․ ը․․․ միջամտում եմ քո անձնական գործերին։
 
― Ես ձեզ լսում եմ․ ― ասաց Ռումատան։ Նա իսկույն գլխի ընկավ, թե խոսքն ինչին է վերաբերվելու։
 
― Մենք բոլորս էլ հետախույզներ ենք, ― ասաց դոն Կոնդորը։ ― Եվ մեզ համար ամենաթանկ բանը պետք է լինի կամ հեռավոր Երկրում, կամ էլ մեր ներսում։ Որպեսզի այն չկարողանան մեզնից խլել, կամ էլ պատանդ վերցնել։
 
― Դուք Կիրայի՞ մասին եք ասում, ― հարցրեց Ռումատան։
 
― Այո, տղաս։ Եթե այն ամենը, ինչ ես լսել եմ դոն Ռեբայի մասին, ճիշտ է, ապա նրան բռի մեջ պահելը շատ դժվար և շատ վտանգավոր գործ է։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ուզում ասել։
 
― Այո, հասկանում եմ, ― ասաց Ռումատան։ ― Կաշխատեմ մի բան մտածել։
 
 
Նրանք, իրար ձեռք բռնած, պառկել էին խավարի մեջ։ Քաղաքում լուռ էր ու խաղաղ, միայն երբեմն մոտակայքում կատաղի վրնջում ու դոփդոփում էին ձիերը։ Ժամանակ առ ժամանակ Ռումատան ընկղմվում էր նիրհի մեջ և իսկույն էլ արթնանում էր այն բանից, որ Կիրան շունչը պահում էր․ քնի մեջ նա շատ ամուր էր սեղմում աղջկա ձեռքը։
 
― Շատ ես ուզում քնել, հա՞, ― շշնջալով ասաց Կիրան։ ― Քնիր։
 
― Չէ, չէ, պատմիր, ես լսում եմ։
 
― Դու անընդհատ քնում ես։
 
― Միևնույն է, լսում եմ։ Ճիշտ է, ես շատ եմ հոգնել, բայց է՛լ ավելի շատ քեզ եմ կարոտել։ Ու հիմա ափսոսում եմ քնել։ Դու պատմիր, ինձ համար դա շատ հետաքրքրիր է։
 
Աղջիկը երախտագիտությամբ քթով հպվեց նրա ուսին, համբուրեց այտը և նորից սկսեց պատմել, թե ինչպես երեկոյան կողմ եկավ հարևանի տղան, որին հայրն էր ուղարկել։ Հայրը հիվանդ պառկած է։ Նրան վռնդել են գրասենյակից ու որպես հրաժեշտ՝ փայտերով ծեծել։ Վերջին ժամանակները նա ընդհանրապես ոչինչ չի ուտում, միայն խմում է, լրիվ կապտել է, ձեռքերն ու ոտքերը դողդողում են։ Տղան նաև ասել է, որ հայտնվել է եղբայրը, ճիշտ է, վիրավոր է եղել, բայց շատ ուրախ ու հարբած, հագին էլ նոր համազգեստ։ Հորը փող է տվել, խմել է հետը և նորից սպառնացել, որ իրենք բոլորի սևը կտան։ Հիմա նա լեյտենանտ է ինչ֊որ հատուկ ջոկատում, հավատարմության երդում է տվել Միաբանությանը ու ինչ֊որ պաշտոն է ստացել։ Հայրը խնդրում էր, որ առայժմ Կիրան ոչ մի դեպքում տուն չգա։ Եղբայրը սպառնացել էր, որ քրոջ հախից կգա ազնվազարմ դոնի հետ կապվելու համար․․․
 
Այո, մտածում էր Ռումատան, իհարկե, Կիրան էլ տուն չի կարող գնա։ Այստեղ էլ ոչ մի դեպքում չի կարող մնալ։ Եթե հանկարծ նրան մի որևէ բան պատահի․․․ Ռումատան պատկերացրեց, որ նրան վատ բան է պատահել, ու ոտից֊գլուխ սարսռաց։
 
― Քնա՞ծ ես, ― հարցրեց Կիրան։
 
Նա սթափվեց ու ափը բացեց։
 
― Չ․․․ չէ․․․ է՞լ ինչ ես արել։
 
― Ես հավաքեցի, կարգի բերեցի քո սենյակները։ Այնուամենայնիվ շատ թափթփվածն ես։ Ես մի գիրք գտա, հայր Գուրի գրվածքը։ Այդ գիրքն այն մասին է, որ ազնիվ արքայազնը սիրում է մի գեղեցիկ, բայց վայրենի աղջկա, որն ապրում է լեռների մյուս կողմում։ Աղջիկը շատ է վայրենի ու մտածում է, որ արքայազնը աստված է, բայց և այնպես շատ է սիրում նրան։ Հետո նրանց բաժանեցին իրարից, ու աղջիկը վշտից մահացավ։
 
― Դա հրաշալի գիրք է, ― ասաց Ռումատան։
 
― Ես նույնիսկ լաց եղա։ Ինձ անընդհատ թվում էր, թե դա մեր մասին է։
 
― Այո, մեր մասին է։ Եվ ընդհանրապես բոլոր մարդկանց մասին, ովքեր սիրում են միմյանց։ Միայն թե մեզ ոչ ոք չի բաժանի։
 
Ամենից անվտանգը կլիներ Երկրի վրա, մտածում էր նա։ Բայց դու ինչպե՞ս կապրես այնտեղ առանց ինձ։ Ու ես ինչպե՞ս մենակ կմնամ այստեղ։ Կարելի էր Անկային խնդրել, որ ընկերություն անի քեզ հետ։ Բայց ես ինչպե՞ս կմնամ առանց քեզ։ Չէ, մենք միասին կթռչենք Երկիր։ Ինքս կվարեմ օդանավը, իսկ դու կնստես կողքս, ու ես ամեն ինչ կբացատրեմ քեզ։ Որ դու ոչ մի բանից չվախենաս։ Որ դու սիրես Երկիրը ու երբեք չափսոսաս, որ լքել ես քո սարսափելի հայրենիքը։ Որովհետև դա քո հանրենիքը չէ։ Որովհետև քո հայրենիքը մերժել է քեզ։ Որովհետև դու քո ժամանակից հազար տարի շուտ ես ծնվել։ Բարի, մաքուր, անձնազոհ ու անշահախնդիր․․․ Քեզ նմանները միշտ էլ ծնվել են մեր մոլորակների պատմության բոլոր արյունահեղ դարաշրջաններում․․․ Պարզ, մաքուր հոգիներ, որոնց խորթ է ատելությունը և դաժանությունը։ Զոհեր։ Անօգուտ զոհեր։ Շատ ավելի անօգուտ, քան Գուր Քերթողը կամ Գալիլեյը։ Որովհետև քեզ նմանները նույնիսկ մարտիկ չեն։ Մարտիկ դառնալու համար պետք է ատել կարողանալ, իսկ դուք հենց դա չեք կարող անել։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա․․․
 
․․․ Ռումատան նորից ննջեց ու իսկույն տեսավ Կիրային, որը, դեգրավիատորը գոտուն ամրացրած, կանգնել էր Խորհրդի տափակ կտուրին, իսկ ուրախ ու ծաղրասեր Անկան անհամբեր հրում էր նրան դեպի մեկուկես կիլոմետրանոց անդունդը։
 
― Ռումատա, ― ասաց Կիրան։ ― Ես վախենում եմ։
 
― Ինչի՞ց ես վախենում, փոքրիկս։
 
― Դու շարունակ լռում ես ու լռում։ Ե ս վախենում եմ․․․
 
Ռումատան գրկեց աղջկան։
 
― Լավ, ― ասաց նա։ ― Հիմա ես կխոսեմ, իսկ դու լսիր ինձ ուշադիր։
 
Հեռու֊հեռվում, սայվայից այն կողմ, կանգնած է մի անմատչելի ամրոց։ Այնտեղ ապրում է ուրախ ու բարի, զվարճասեր բարոն Պամպան, ամենաբարի բարոնը Արկանարում։ Նա մի շատ գեղեցիկ ու քնքուշ կին ունի, որը շատ է սիրում չհարբած Պամպային և տանել չի կարողանում հարբած Պամպային․․․
 
Նա լռեց ու ականջ դրեց։ Լսեց սմբակների դոփյուն փողոցում և բազում մարդկանց ձիերի աղմկոտ շունչը։ «Սա է հա՞» ― պատուհանի տակ գոռաց մի գռեհիկ ձայն։ ― Ոնց որ թե․․․»։ ― «Կանգնի՛ր»։ Աստիճանների վրա լսվեց դմփդմփոց, ու իսկույն էլ մի քանի բռունցքներ փլվեցին դռան վրա։ Կիրան ցնցվեց ու սեղմվեց Ռումատային։
 
― Սպասիր, փոքրիկս, ― ասաց նա, մի կողմ հրելով վերմակը։
 
― Դրանք իմ հետևից են եկել, ― շշնջաց Կիրան։ ― Ես այդպես էլ գիտեի։
 
Ռումատան դժվարությամբ ազատվեց Կիրայի ձեռքերից ու վազեց պատուհանի մոտ։ «Հանո՜ւն աստծո, ― ոռնում էին ներքևից։ ― Բա՛ց արա։ Կջարդենք, ավելի վատ կլինի»։ Ռումատան մի կողմ քաշեց վարագույրը, և սենյակ ներխուժեց ջահերի ծանոթ վետվետուն լույսը։ Ներքևում դոփդոփում էին բազմաթիվ հեծյալներ ՝ դժնի, սևազգեստ ու սրածայր սև վեղարներով մարդիկ։ Ռումատան մի քանի վայրկյան նայեց ներքև, հետո զննեց պատուհանի շրջանակը։ Շրջանակը շատ ամուր էր հագցված պատի մեջ։ Ինչ֊որ ծանր բանով խփում էին դռանը։ Ռումատան մթան մեջ շոշափելով գտավ սուրը ու կոթով խփեց ապակուն։ Բեկորները զրնգոցով ներքև թափվեցին։
 
― Հե՜յ, ― գոռաց նա։ ― Զզվե՞լ եք ապրելուց։
 
Դռան վրա տեղացող հարվածները դադարեցին։
 
― Դրանք էլ միշտ պիտի խառնե՜ն․․․ ― լսվեց ներքևից։ ― Պարոնը տանն է․․․
 
― Իսկ դա մեզ ի՞նչ պիտի խանգարի․․․
 
― Նրանով պիտի խանգարի, որ դոնն աշխարհում ամենաուժեղ սուսերամարտիկն է։
 
― Հապա ասում էին, որ նա մեկնել է ու մինչև առավոտ չի գա։
 
― Վախեցա՞ք։
 
― Չէ, չվախեցանք, բայց դե նրա հաշվով մեզ բան չեն հրամայել։ Հանկարծ չսպանվի․․․
 
― Կկապենք։ Ջարդուփշուր կանենք ու կկապենք։ Հե՜յ, ո՞վ կա աղեղնավորներից։
 
― Տես, որ նա մեզ ջարդուփշուր չանի․․․
 
― Ոչինչ էլ չի անի։ Բոլորն էլ գիտեն, որ նա ուխտ է արել ոչ ոքի չսպանել։
 
― Շանսատա՜կ կանեմ, ― գոռաց Ռումատան ահարկու ձայնով։
 
Կիրան կպավ նրա մեջքին։ Նա լսում էր աղջկա սրտի բաբախյունը։ Ներքևում խռպոտ հրամայեցին․ «Ջարդե՜ք, եղբայրներ։ Հանո՜ւն աստծո»։ Ռումատան շրջվեց ու նայեց Կիրայի դեմքին։ Աղջիկը նայում էր նրան, ինչպես քիչ առաջ՝ սարսափած ու հույսով։ Չոր աչքերում պար էին բռնել ջահերի հրեղեն ցոլքերը։
 
― Հը, ի՞նչ եղավ, փոքրիկս, ― քնքշորեն ասաց նա։ ― Վախեցա՞ր։ Մի՞թե այս խուժանից վախեցար։ Գնա հագնվիր։ Մենք այլևս այստեղ անելու բան չունենք․․․ ― Նա արագ֊արագ հագավ մետաղապլաստե շապիկը։ ― Հիմա ես նրանց կքշեմ, ու մենք կմեկնենք։ Կգնանք Պամպայի մոտ։
 
Կիրան կանգնել էր պատուհանի մոտ ու ներքև էր նայում։ Կարմիր ցոլքերը ոստոստում էին նրա դեմքին։ Ներքևից ճռնչոց ու տնքոց էր լսվում։ Խղճահարությունից ու քնքշանքից Ռումատայի սիրտը ճմլվեց։ Շանսատակ կանեմ, մտածեց նա։ Կռացավ, որ փնտրի երկրոդ սուրը, իսկ երբ շտկվեց, Կիրան արդեն կանգնած չէր պատունանի մոտ։ Նա դանդաղ սահում էր հատակին՝ կառչելով վարագույրից։
 
― Կիրա՜, ― ճչաց Ռումատան։
 
Նետերից մեկը խրվել էր Կիրայի կոկորդը, իսկ մյուսը կուրծքը։ Նա գրկեց աղջկան ու տարավ դրեց մահճակալին։ «Կիրա․․․», ― ձայն տվեց նա։ Աղջիկը հեծկլտաց ու ձգվեց․ ― «Կիրա․․․», ― ասաց նա։ Աղջիկը չպատասխանեց։ Նա մի քիչ կանգնած մնաց աղջկա գլխավերևում, հետո վերցրեց սրերն ու աստիճաններով դանդաղ իջավ միջանցք, սպասելով, թե երբ պիտի դուռը տեղահան լինի։
Ադմին, Վստահելի
1876
edits