Changes
Ինքնասպանությունը միշտ էլ հասարակական երևույթ է համարվել։ Մինչդեռ մենք, ընդհակառակը, նախ այն քննում ենք որպես անհատական մտածողության արդյունք, որը հանճարեղ ստեղծագործությունների նման հասունանում է սրտի անմատչելի խորքերում։ Հաճախ ինքը՝ տվյալ անձնավորությունն էլ դա չի զգում և մի երեկո կրակում է գանգին կամ նետվում գետը։ Ինձ պատմեցին ինքնասպանություն գործած մի բնակկառավարչի մասին, որը հինգ տարի առաջ կորցրել էր դստերը և այդ օրվանից խիստ փոխվել, դժբախտության պատճառով «հյուծվել»։ Դժվար է ավելի ճշգրիտ բառ գտնելը։ Հենց որ մարդն սկսում է մտածել, միտքը նրան հյուծում է։ Սկզբում շրջապատը կարող է դա չնկատել էլ՝ որդն անհատի սրտում պետք է փնտրել։ Ամենակարևորը՝ հասկանալ այն մահացու խաղը, որը գոյության լույսից մղում է դեպի հանդերձյալ խավարը։
Ինքնասպանության շատ պատճառներ կան, ընդ որում ամենահայտնիներն ամենաբնորոշները չեն։ Շատ հազվադեպ են մտածելով ինքնասպանություն գործում (չնայած դա ևս բացառված չէ)։ Նման ճակատագրական քայլը գրեթե երբեք չի ենթարկվում մտքի վերահսկողությանը։ Թերթերը հաճախ են գրում «անձնական ողբերգության», «անբուժելի հիվանդության» մասին։ Այս բացատրություններն, անշուշտ, ընդունելի են։ Բայց դեռ պետք է ճշտել՝ նույն օրս հուսահատվածի բարեկամը հետն անտարբեր չի՞ խոսել, եթե այո, ուրեմն մեղավորը հենց նա է, որովհետև այդ մանրուքն էլ կարող է բավական լինել կուտակված հուսահատության ու հոգնության պոռթկան համարԱ։պոռթկման համար։
Սակայն, Եթե եթե դժվար է ճշգրիտ որսալ պահը, երբ միտքը հաշտվում է մահվան հետ, դիմում ճակատագրական քայլի, անհամեմատ հեշտ է փաստը կատարվելուց հետո եզրահանգումներ անելը։ Ինքնասպանությունը, ինչ-որ տեղ, ինչպես երաժշտական թատերախաղերում է պատահում, հավասարազոր է խոստովանության։ Վերջ տալ սեփական կյանքին, նշանակում է ընդունել, որ ապրելն անտանելի է ու անիմաստ։ Միայն թե մեր եզրահանգումներով շատ հեռու չգնանք, վերադառնանք առօրյա բառերին, այսինքն պարզապես նշենք, որ սեփական կյանքին վերջ տալը այլ կերպ կարելի է կոչել «չարժե ապրել»։ Իհարկե. ապրելը միշտ էլ դժվար է եղել։ Մենք կյանքի պարտադրած պայմաններին ենթարկվում ենք տարբեր պատճառներով, որոնցից առաջնայինը սովորությունն է։ Կամավոր մահը թելադրվում է, թեկուզ բնազդաբար, այդ սովորության ծիծաղելիության, գոյության հիմնավոր պատճառների բացակայության, մեր առօրյա վազվզոցի անհեթեթության և տառապանքի ավելորդության գիտակցումից։
Ո՞րն է ուրեմն այդ անբացատրելի զգացումը, որով միտքը մեզ զարթնեցնում է ապրելու համար այնքան անհրաժեշտ թմբիրից։ Աշխարհը, որքան էլ անհեթեթ մեկնաբանությունների թիրախ դառնա, հարազատ է մեզ։ Ընդհակառակը, մարդն իրեն օտար է գզում տիեզերքում. երբ անսպասելի զրկվում է պատրանքներից ու իմացության լույսից։ Ավելին, տիեզերքը վերածվում է անդարձ աքսորի, քանի որ տվյալ անձնավորությանը զրկում է կորցրած հայրենիքի հիշողություններից ու Ավետյաց երկրի հույսից։ Աբսուրդի զգացողությունն ինքնին հենց այդ մարդու և կյանքի, դերասանի ու դեկորի միջև եղած կապի խզումն է։